Էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով` սպառողական շուկայում սպասվում է հիպերգնաճ

The RA Public Services Regulatory Commission’s session took placeՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Էլեկտրաէներգիան 1 տարում թանկացավ շուրջ 40%-ով

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37%-ով: Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև` անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները:

Հանձնաժողովն այդպես որոշեց սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: Թերթերից մեկն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Փաստորեն, իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ:
Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին. Ըստ հիմնավորումների` ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Փաստորեն սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր` մի քանի տասնյակ միլիոն դոլար: ՀԷՑ-ի ֆինանսական ծանր վիճակի մասին խոստովանել է հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը: Ապրիլի 16-ին ՀԾԿՀ նիստին նա հայտնել է, որ թանկ էլէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս: Դրանից առաջ էլ ՀԷՑ-ը կուտակած պարտքեր ուներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» էլ օրերս հրապարակեց 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը` Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամի վնաս:

«Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած` ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլէներգիայի սակագինը:

Գինը, որ պետք է վճարեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով

Մինչ այդ` հունիսի 23-ին, մի շարք մտահոգ քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույցեր անցկացնել ՀԾԿՀ-ի շենքի առջև, որը բռնի ուժով ճնշվեց ոստիկանության կողմից: Իսկ հունիսի 24-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հայտարարություն տարածեցին, որում, մասնավորապես, նշում էին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է 40%-ով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները համոզիչ չեն և անընդունելի են: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները` մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը: 4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ` բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք. 1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: 2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ: 3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:
Հուլիսի 1-ին` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշում կայացնելուց առաջ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարճ ելույթ ունեցավ և անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հանրությունը մի բանի դեմ է, պետք է կանգ առնել, ասաց, որ յուրաքանչյուրը, առավել ևս` պետական պաշտոնյան պետք է իր գործը լավագույնս կատարի: Նազարյանը խնդրեց բոլոր հարցերն ու մեղադրանքներն իրենց չուղղել, քանի որ դրա համար կան պատկան մարմիններ:

«Իհարկե, աղքատություն կա, սոցիալական բեռ է ավելացնում այս թանկացումը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման կարող է հանգեցնել, բայց այս հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին: Ես առանց սպառնալու զգուշացնում եմ, որ եթե ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, կայունությունը կարող է խարխլվել: Այն ժամանակ ավելի շատ կտուժեք, քան սոցիալական բեռն է, որ առաջանալու է»,- ասաց Նազարյանը ու հավելեց, որ մեծ սիրով այս նիստը չէր հրավիրի, բայց ավելին անել չի կարող:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա արժե նշել, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը ոչ թե կարող է հանգեցնել թանկացման, ինչպես նշում էր Ռոբերտ Նազարյանը, այլ հաստատ հանգեցնելու է: Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրական գործընթացի կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Բերենք մի քանի օրինակներ: 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ այս վիճակագրական տվյալները ներկայացնելիս ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն՚ 8,5% գնաճից 2,5%-ը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ընդ որում, շեշտենք, եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` հացը, որը թխվում է էլեկտրական վառարանում, թանկանա այդ թվին համարժեք: Որովհետև, նախ թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` նույն փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի գոնե ջուրը պոմպերով մղելու առումով, և այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները դոմինոյի էֆեկտով հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի` ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Ու եթե հաշվի առնենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների ամսական ծախսերի մոտ 60-80%-ը կազմում են հենց սպառողական ծախսերը, ապա պարզ է, թե ինչ սոցիալական բեռի է վերածվելու այս թանկացումը ու էլ ավելի խորացնելու հասարակության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:

Եթե որոշել են, որ էլեկտրաէներգիան պետք է դառնա 43 դրամ, ուրեմն կդառնա

էլ.Դեռևս այս տարվա փետրվարին առաջին անգամ Yerkir.am կայքը գրեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամ է, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է: Մանրամասն նկարագրվեց հավելագրումների, պարգևավճարների, կորուստների ծածկադմփոցի մի հետաքրքիր մեխանիզմ: Քանի որ անցյալ տարեվերջին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, սպառողները սկսեցին խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալները փոքրացան: Հենց վիճակագրական ծառայության տվյալներով` էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել են 39 տոկոսով: Քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, ստացվել է, որ ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել: ՀԷՑ-ը սկզբում լուռ մնաց, բայց միառժամանակ անց ակնարկեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Խոստովանեց հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը, որ թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս:

Ստեղծված իրավիճակում, ինչպես նշվում էր տարբեր լրագրողների ու վերլուծաբանների կողմից, ՀԷՑ-ի համար հարցերը կլուծվեին, եթե ընկերությունը կարողանար հասնել հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուն:
Այս տարվա մայիսի սկզբին արդեն մամուլը գրեց, որ ՀԷՑ-ը պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ըստ շրջանառվող խոսակցությունների` սակագինը կարող էր գործող 38 դրամ/կվտ.ժամից հասցվել 45 դրամի: Դա նույնպես անարձագանք մնաց:
Մայիս ամսին Աժ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է և 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ` 1 ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Ապա հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին` թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Դրանից հետո, հունիսի 2-ին, ԱԺ-ին 2013 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը, թե ճի՞շտ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ, ինչին ի պատասխան Արա Սիմոնյանն ասաց. «Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է հանգեցնեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»:

Հիմա ՀԾԿՀ-ն ժողովրդի՞ կողմից է, թե՞ արջի

Հունիսի 4-ին արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշում էր, որ շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- նշվում էր ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունում:
Լրացուցիչ պարզաբանումներից պարզ դարձավ, մասնավորապես, որ ծախսերի մեծացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀԱԷԿ-ի չաշխատելը, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն էր ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ, բացի այդ, այլ ծախսեր կան և այլն: Ու սկսվեց…

Տնտեսագետները չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ծախսերի փոփոխությունը, ինչու պետք է դրանք ազգաբնակչությունը ծածկի: Անցած տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 25 տոկոսով: Այն ժամանակ այդ թանկացումը պայմանավորված էր գազի սակագնի թանկացմամբ, որից հայկական ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա են ստանում: Հիմա էլ էլեկտրաէներգիան պետք է թանկանա ևս մոտ 10 տոկոսով: Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մոտ 35 տոկոսով:
ՀԾԿՀ-ն փորձում է հիմնավորել, թե համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը, բայց չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը: Եվ ինչպես արդարացիորեն նշել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորից նույն պատճառաբանությամբ ասեն` 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, արդիականացման խնդիր կա, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջև է կանգնած: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Արժե հիշել, որ Հայաստանը, ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով:
Թե ինչ հետևանքներ կունենա այս թանկացումը, դժվար չէ ենթադրել: Հիշենք միայն մի «փոքրիկ» հանգամանք. յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշները, և արդեն քանիերորդ ամիսն է` ծառայության ներկայացուցիչնեը նշում են, որ գնաճի ցուցանիշների մեջ էական դեր ունեն անցած տարվա հուլիսի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը, հաշվել են տնտեսագետները, Հայաստանում կհանգեցնի մոտ 15 տոկոս գնաճի, քանի որ այն ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բայց ինչպես տեսնում ենք, ՀԷՑ-ը լուրջ է տրամադրված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, իսկ ՀԿԾՀ-ն կարծես մոռացել է, որ ՀՀ պետական մարմինների համար առաջնահերթ պետք է լինի Հայաստանի քաղաքացու շահը:

 

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա

էլեկտրաէներգիաՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, հանձնաժողովը տեղեկացնում է որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Հայտնում ենք նաև, որ նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ elensakagin2014@psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Երևան-Բերդ երթուղին սպասարկվում է նոր սակագնով

gazelԵրևան-Տավուշ, ավելի կոնկրետ Երևանից Բերդի տարածաշրջան և հակառակ ուղղությամբ երթուղու համար արդեն մեկ ամսից ավելի է, գործում է նոր սակագին: Ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ տաքսու վարորդներն ու <<Բերդ>> տաքսի ծառայության աշխատակիցը Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ ուղեվարձը թանկացել է 1000-ից 3000-ից դրամով: Եթե մինչև այժմ Երևանից Բերդ մեկ ուղևորի ուղեվարձն արժեր 3000 դրամ, ապա հիմա այն կազմում է 4000 դրամ, իսկ հեռավոր գյուղեր, օրինակ մինչև Մովսես, ուղեվարձը դարձել է 6000 դրամ, Այգեձոր, Չինարի՝ 7000 դրամ:

Ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները թանկացումը պայմանավորում են թե գազի սակագնի փոփոխությամբ և թե ընդհանրապես այլ ապրանքների գնաճային ցուցանիշներով: <<Դե ամեն ինչը թանկացել է, մեզ արդեն ձեռնտու չէր 3000 դրամով ուղևոր տեղափոխել, դրա համար գինը բարձրացրինք>>,-նշել են տավուշցի վարորդները:

Երևանի Կենտրոնական ավտոկայանից հայտնել են, որ իրենց մոտից դեպի Բերդ ավտոբուսային երթուղին արդեն երկու տարի է՝ չի գործում: Իսկ Հյուսիսային ավտոկայանից ամեն օր առավոտյան 9:30-ին մեկ <<Գազել>> մակնիշի երթուղային տաքսի սպասարկում է Երևան-Բերդ երթուղին, որի ուղեվարձն արժե 2000 դրամ: Հյուսիսային ավտոկայանի Տավուշի Բերդ քաղաքի կարգավար Համլետը (ազգանունը չցանկացավ հայտնել) նշեց, որ գիծը նորմալ աշխատում է, միայն երեկ մեքենա չի գնացել, քանի որ անսարք է եղել: Նա հերքեց տեղեկությունները, թե արդեն տասը օր է` Երևան-Բերդ երթուղին չի սպասարկվում:

 

Անկախ

Մսամթերքը Հայաստանում թանկացել է

մսամթերքԸստ պաշտոնական վիճակագրության, 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0.3 % գնաճ: Վերջինս պայմանավորվել է կաթնամթերթի ու մսամթերքի, ինչպես նաև հրուշակեղենի, ձկնեղենի, բանջարեղենի ու կարտոֆիլի 0,5-4 % գնաճով: Այս մասին գրում է PanARMENIAN.net-ը:

Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ, թռչնաբուծության ոլորտում նույնպես աճ է արձանագրվել: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար:

Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Նշենք, որ ոչխարի գլխաքանակի զգալի մասն արտահանվում է Իրան:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 7536 հազարով ավելի է:

Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում