Նախանձը համընդհանուր խնդիր է

shalՌուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված էր 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում: Այն խորհրդածություն է Կայենի և Աբելի պատմության թեմայով: Ֆիլմի սյուժեն երկու ծեր մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ հիվանդանոցում են: Ներկայացնում ենք պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի հետ հարցազրույցը:

– «Նախանձը» շատ հետաքրքիր և մտածել ստիպող ֆիլմ էր:
– Շնորհակալ եմ, սակայն մի քիչ բարկացած եմ, քանի որ ֆիլմը կոնտրաստներով էր և պատկերների մեծ մասն այնպես չէին երևում, ինչպես պետք էր: Այն շատ մութ էր: Ուզում եմ իմանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է եղել դահլիճում…

– Ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը, ձեր կարծիքով:
– Այն դիմացինին չկամենալու, նախանձի մասին է: Դեպքերը սկսվում են հիվանդանոցում` մեկ սենյակում: Երկու հիվանդ մարդ պառկած են հիվանդանոցում, և նրանց մեջ նախանձ է առաջանում: Նրանցից մեկը գամված է անկողնում, չի կարողանում ինքնուրույն շարժվել, պառկած է պատուհանից հեռու պատի տակ, կանչի զանգի կողքին: Մյուսը կարողանում է քայլել, և նրա մահճակալը միակ պատուհանի մոտ է, որով կարողանում է տեսնել դրսի աշխարհը: Եվ առաջին տղամարդը սկսում է նախանձել երկրորդին: Երբ քայլել կարողացող հիվանդը հանկարծ շատ վատ է զգում և խնդրում է մյուսին բժիշկներին օգնության կանչել, առաջինը, որին մոտ է կանչի կոճակը, չի սեղմում, և երկրորդ տղամարդը մահանում է: Ֆիլմի վերջում անկողնուն գամված տղամարդուն տեղափոխում են պատուհանի մոտ: Նա դանդաղ բարձրանում է և վերջապես շունչ քաշում` գլուխը դուրս հանելով պատուհանից:

– Ի՞նչ է հիշեցնում ֆիլմը:
– Ֆիլմի սցենարն ինձ հիշեցնում է Օ՚ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Այսինքն` այդ երկու թեմաներն էլ հավերժական են:

– Իսկ ինչո՞ւ է ռեժիսորն ընտրել հենց ծեր մարդկանց կերպարը: Կարծում եք` երիտասարդների մեջ նախանձը չի՞ խոսում:
– Ոչ, պարզապես ծեր մարդիկ շատ են ցանկանում ապրել, շարունակել, ամեն գնով յուրաքանչյուր պահ վայելել և ոչ մի պահ բաց չթողնել: Ֆիլմի կերպարներն ապրում են մեկ հիվանդանոցի ընդամենը մեկ սենյակում և ոչինչ չունեն, բացի ապրելու ցանկությունից: Նախանձը մարդկության համընդհանուր դիլեմա է:

– Ի՞նչ ազդեցություն կարող է այս ֆիլմն ունենալ հանդիսատեսի վրա:
– Կարծում եմ` մարդիկ ֆիլմը կընկալեն տարբեր կերպ` ելնելով իրենց գաղափարներից, մտածելակերպից: Հետևաբար, դիտածից կարող են դաս քաղել, խորհել կամ ոչինչ էլ չսովորել:

 

 Ելենա Չոբանյան

«Ոսկե ծիրանի» թերությունները կամ արհեստական խոչընդոտներ «ծիրանասերների» համար

11Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում է հավաքում հայ և օտարերկրյա կինոսերներին, ոլորտի գործիչներին: Տարեցտարի նկատելի է, որ կինոփառատոնով հետաքրքրվող թե՛ մասնակիցների, հայտնի կինոգործիչների, թե՛ շարքային քաղաքացիների թիվն է ավելանում, կինոփառատոնը հետզհետե ավելի ու ավելի մարդաշատ է դառնում:

Այս հանգամանքը, իհարկե, ոգևորիչ է: Սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև կազմակերպչական խնդիրներ, որոնց լուծումը կինոփառատոնի ղեկավարությունը կարծես դեռ չունի:
Կինոփառատոնի մեկնարկից դեռ ամիսներ առաջ սկսվում է լրագրողների հավատարմագրումը: Կինոփառատոնից առաջ էլ լրագրողները ստանում են միջոցառումների ցանկը, որոնք բաց են լուսաբանման համար: Հրատարակվում է նաև կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը, որը կոչված է կողմնորոշելու շարքային քաղաքացուն:
Բայց արի ու տես, որ թե՛ լրագրողը, թե՛ շարքային քաղաքացին երբեմն տհաճ խնդրի առաջ են կանգնում ընդամենը կազմակերպչական թերացման հետևանքով: Պարզվում է, որ որոշ միջոցառումներ, ցուցադրություններ, չնայած ներառված են և՛ լրագրողների համար բաց միջոցառումների, և՛ ցուցադրությունների ցանկում, իրականում փակ են: Տհաճ է, երբ իր օրը պլանավորած ու կինոթատրոն հասած քաղաքացուն կամ խմբագրությունից միջոցառման վայր շնչակտուր հասած լրագրողին տեղեկացնում են, որ մուտքն արգելված է, քանի որ միջոցառումը նախատեսված է միայն բարձրաստիճան հրավիրյալների համար:
Մի՞թե այդ մասին ավելի վաղ հնարավոր չէ տեղեկացնել, պարտադի՞ր է, որ մարդ միջոցառման վայր հասնի, նոր տեղեկանա: Էլ ո՞րն է կազմակերպիչների բանուգործը, եթե ժամանակին ու պատշաճ կերպով այդ մասին չեն իրազեկում:
Ավելի ու ավելի արդիական դարձող հարց է, թե լրագրողի ինչին է պետք կինոփառատոնի համար նախապես հավատարմագրվելը` բազմաթիվ փաստաթղթեր լրացնելով և բեյջ ունենալը, եթե այն անպետք թղթի կտոր է: Ասուլիսները և նմանատիպ միջոցառումները լուսաբանելու համար լրագրողներին բեյջ պետք չէ, քանի որ ամեն ոք էլ կարող է սրահ մտնել: Այն պետք է ընդամենը կինոսրահ մուտք ունենալու և այնտեղ պլանավորված միջոցառումները լուսաբանելու ժամանակ: Բայց արի ու տես, որ այս դեպքում էլ բեյջն անզոր է. աշխատակիցները կա՛մ լրագրողներին ներս չեն թողնում, կա՛մ դժկամությամբ հայտարարում, որ վերջում ներս կթողնեն, եթե դահլիճում ազատ տեղեր մնան: Ստացվում է, որ կինոթատրոնի աշխատակիցը քեզ ողորմություն է անում` թույլ տալով աշխատանքդ կատարել:
Ընդ որում, մեկ անգամ չէ, որ կինոթատրոնի աշխատակիցները կշտամբանքով ու դժկամությամբ են լրագրողներին ներս թողել` պատճառաբանելով, թե ազատ տեղեր չկան: Բայց ներս մտնելիս տեսնում ես, որ դահլիճը կիսադատարկ է:
Այս պարագայում գուցե կինոփառատոնի ղեկավարությունը պետք է հստակեցնի իր քաղաքականությունը` նախապես և՛ լրագրողին, և՛ սովորական քաղաքացուն իրազեկելով, թե որ միջոցառմանը և ինչ պայմաններով կարող է մասնակցել:

Նյու Յորքի Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա հասույթը հատկացվել է զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքներին

filmՆյու Յորքում ընթացող Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա ցուցադրություններից ստացված հասույթը տրամադրվել է Սոմայի ածխահանքի պայթյունից տուժած հանքափորներին: Փառատոնի բացմանը ցուցադրվել է անցած տարի հեղինակավոր «Օսկար» ամենամյա կինոփառատոնին առաջադրված «Թիթեռնիկի երազը» («Kelebeğin rüyası») ֆիլմը: Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված 299 հանքափորների հիշատակը: Արդյունքում հավաքված 55 հազար դոլար գումարը կփոխանցվի զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքների օգնության հիմնադրամին: Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը: Սոմայի ողբերգության հետ կապված՝ նախատեսված պաշտոնական ընդունելությունը  տեղի չի ունենա:

Ապրիլի 18-ին կամփոփվեն «Սոսե» կինոփառատոնի արդյունքները

սոսե կինոփառատոնԵրևանում ավարտվում է «Սոսե» կինոփառատոնը: Փառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների և առհասարակ նրա դերակատարման մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են կինոփառատոնի կազմակերպիչները` Մարիամ Մինասյանը, Ռիտա Խալաթյանը և Սիմոն Սահակյանը:

Փառատոնիընթացքում ընտրվել են լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար և լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դերասանական աշխատանք նոմինացիաներում հաղթող աշխատանքները, իսկ օն-լայն քվեարկության արդյունքում, որը կավարտվի այսօր` ապրիլի 16-ին, կընտրվի հանրության համակրանքին արժանացած ֆիլմը։

Մարիամ Մինասյանը նշեց, որ այս տարի փառատոնին միջազգային ֆիլմեր ներկայացված չեն, մասնակից ֆիլմերն էլ միայն խաղարկային են:  «Ներկայացված են եղել շատ ֆիլմեր, բայց ընտրվել են  9 ֆիլմեր, որոնք հստակ համապատասխանում էին կինոփառատոնի բովանդակությանը և  ներկայացնում կնոջը: Ընտրված ֆիլմերի թվում են «Աշնան արև», «Մեկ ծուխ, մեկ մութ», «Մերկացած կին» և այլն»:

Ժյուրիի կազմում ընդգրկած են հայ կինոգործիչներ, որոնք գործում են հիմնականում արտերկրում. դրա պատճառն այն է, որ նրանք ավելի լավ են ծանոթ հայկական կինոյի ժամանակակից ոլորտին, և մյուս կողմից էլ, դա կնպաստի  տարբեր երկրներում գործող մասնագետների փորձի փոխանակմանը: Ժյուրիում ընդգրկված են ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտ Սևադան (ԱՄՆ), դերասանուհի Լաուրա Քյոսայանը  (Ռուսաստան ), և այլք: «Ընտրությունը հիմնավորված է նրանով, որ մեր հայրենակիցները շատ լավ տեղյակ են մեր կինոարտադրության  խնդիրներից և կարող են ճիշտ և հստակ գնահատել»:

Կազմակերպիչները նշեցին, որ այս տարի Մշակույթի նախարարություն չեն դիմել. «Նախ փորձեցինք ծնունդ տալ փառատոնին և հետո դիմել նման հովանավորության համար»:

‹‹ՍՈՍԵ›› կինոփառատոնի փակման արարողությունը և ներկայացված ֆիլմերի հանրային ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 18-ին Նաիրի կինոթատրոնում:

Կանցկացվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ

կինոփառատոնՍ/թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 5 մարզերում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ: 

Փառատոնների ընթացքում կցուցադրվեն միջազգային և տեղական վավերագրական ֆիլմեր ընտրված «Մեկ աշխարհ» և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոններ ֆիլմացանկից: Բոլոր ֆիլմերը հայերեն կրկնօրինակմաբ են և անդրադառնում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի և հարակից այլ թեմաների: 3-4 օր տևողությամբ փառատոնների ընթացքում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմին կհաջորդի ֆիլմում արծարծված թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրված փորձագետների և մասնագետների ներկայացությամբ:

«Մարզային փառատոններն արդեն երկրորդ անգամ են կազմակերպվում: Գարնանն անցացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, և ֆիլմին հաջորդող քննարկումների անցկացումը» – նշեց CAUCADOC ծրագրի պատասխանատու՝ Շարկա Զահրադնիկովան:

Հայաստանում մարզային փառատոնները կանցկացվեն հինգ մարզերում: Մասնավորապես Վայոց Ձորի մարզում՝ հոկտեմբերի 20-23-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Շիրակում՝ նոյեմբերի 8-10-ը, Լոռիում՝ նոյեմբերի 12-14-ը, Տավուշում՝ նոյեմբերի 15-17-ը:

Փառատոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել www.caucadoc.com վեբ կայքը:

Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնները նախաձեռնել է  չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ:   Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության,  Չեխական զարգացման գործակալության, Հենրիխ Բելի հիմնադրամի և Սևծովյան համագործակցության հիմնադրամի կողմից:

Առաջին “Ոսկե առյուծը” ստացել է “Սատանային ոչնչացնողը”

o_817705Վենետիկում հանձնել են հոբելյանական կինոփառատոնի առաջին մրցանակը: Կինեմատոգրաֆում ձեռքբերումների համար “Ոսկե առյուծի” է արժանացել ամերիկյան հայտնի ռեժիսոր ու սցենարիստ “Սատանային ոչնչացնողը” և “Ֆրանսիացի կապավորը” ֆիլմերի հեղինակ Ուիլյամ Ֆրիդկինը:

Նա համարվում է “Նոր Հոլիվուդ” անկախ կինոյի հիմնադիրներից մեկը: Պարգևատրման հանդիսությունից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Ֆրիդկինը ոչ միայն արվեստի մասին է խոսել, այլև քաղաքականության: Նա խոսել է Սիրիայի խնդրից ու նշել, որ ԱՄՆ-ը չի կարող համաշխարհային դահիճ լինել ու պատերազմով սպառնալ մյուս երկրներին:

Կինոն Վենետիկում.հոբելյանական փառատոն

o_816820Այսօր երեկոյան մեկնարկում է հոբելյանական, 70-երորդ Վենետիկյան կինոփառատոնը: Առաջին անգամ կինոդիտումը կսկսվի 3D  ձևաչափով ֆիլմի ` Ալֆոնսո Կուարոնի “Գրավիտացիայի” ցուցադրությամբ: Մեքսիկացի կինռեժիսորը, որն արդեն ունի “Ոսկե առյուծ” եռաչափ թրիլլերը նկարահանել է հատուկ էֆեկտներով, որոնք, ըստ փորձագետների, համեմատելի են “Ավատարի” հետ:

Վենետիկում հոբելյանական փառատոնը համըմկնում է զբոսաշրջության սեզոնի ավարտի հետ: Կինոփառատոնը տեղի է ունենում Վենետիկի կենտրոնից շոգենավով 20 րոպե  հեռավորության վրա գտնվող Լիդո կղզում:

Փառատոնի  ժյուրիի հիմնական կազմի նախագահն է  իտալական դասական Բերտոլուչչին:  Պարգևները, այդ թվում գլխավոր “Ոսկե առյուծը” կհանձնվի սեպտեմբերի 7-ին:

Հայաստանը` կինոաշխարհի մեկշաբաթյա կենտրոն. 10-րդ Ոսկե ծիրանի անակնկալները

կինոփառատոն10-րդ Ոսկե ծիրանը Հայաստանի վրա է կենտրոնացրել ողջ աշխարհի մշակութային հանրության ուշադրությունը: Այս տարի կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթի երեք` կարճամետրաժ, խաղարկային և վավերագրական անվանակարգերի համար ներկայացվել է 23 ֆիլմ: Միջազգային խաղարկային մրցույթին` 13, Վավերագրական ֆիլմերի մրցույթին` 11, Կորիզին` 47, Տարածաշրջանային ֆիլմերի միցույթին` 11 ֆիլմ:

Այս տարի Ոսկե ծիրանի հատուկ հյուրերի թվում են աշխարհահռչակ ռեժիսորներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստերլինգը, Փոլ Քորդին:

Մարգարեթե ֆոն Թրոթա. Դերասան եմ դարձել ռեժիսոր դառնալու համար

Գերմանացի կինոռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթան  համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար պարգևատրվեց «Փարաջանովյան թալերով»: Մրցանակը ռեժիսորին հանձնեց Ոսկե ծիրան կիոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնի ընթացքում  «Փարաջանովյան թալեր» մրցանակ կստանան նաև  Շառլ Ազնավուրը, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը:

Մարգարեթե ֆոն Թրոթան  նշեց,որ վերջերս նվեր է ստացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որը կարդալուց հետո մեծ ցանկություն է ունեցել տեսնել Հայաստանը:  Եվ զուգադիպությամբ այդ ժամանակ էլ Ոսկե ծիրանից հրավերք է ստացել Հայաստան այցելելու: «Երջանիկ եմ այստեղ լինելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը պատմեց, որ ինքն աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով: 60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը: «Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննադատ  լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

կադր Հաննա Արենդտ ֆիլմից

կադր «Հաննա Արենդտ» ֆիլմից

«Հաննա Արենդտ»-ը  հրեական ծագումով  գերմանացի կին փիլիսոփայի մասին է, որն ամուսնու հետ հազիվ է փրկվել համակենտրոնացման ճամբարից ու հաստատվել ԱՄՆ-ում:  1961-ի Հաննան Իսրայել է մեկնում`  «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանելու  Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր է դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ մտածելու ունակությունից զրկված բյուրոկրատ  մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի  հոդվածի պատճառով նրանից երես են թեքում ընկերները, տունը ողողվում է սպառնալից նամակներով, համալսարանում էլ պահանջում են, որ նա հեռանա և հրաժարվի իր դասաժամերից: Բայց այնուամենայնիվ Արենդտը չի փոխում իր կարծիքը` հայտարարելով, որ նորից լուսաբանելու դեպքում էլի նույնը կգրեր:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

«Սև հինգշաբթի»  ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների  հետ այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար: Արտամրցութային ծրագրով այս տարի  հանդիսատեսին կներկայացվեն լեհական, ռուսական և վրացական ֆիլմեր:

Անտոնի Կրաուզեի  «Սև հինգշաբթի»  ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Այն  1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը: Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները: Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

Լեհական ֆիլմերի ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև Մաչեյ Ադամեկի «Լուսանկարը» ֆիլմը:

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

Ոսկե ծիրանի ընթացքում արտամրցութային ծրագրով կներկայացվի 6 ռուսական  ֆիլմ`«Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» (Բորիս Խլեբնիկով), «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

Ուշագրավ է  Վլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը, որը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել: «Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

Ոսկե ծիրանը կամփոփվի հուլիսի 14-ին, երբ կհայտարարվեն հաղթողները և կցուցադրվեն մրցանակակիր ֆիլմերը:

Հ.Գ.

«Անկախ»-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում բաց չթողնել մի քանի մրցութային ֆիլմերի ցուցադրությունները` «Հողի կանչը» (Մառլեն Էդոյան), «Վ… այսինքն Վեռնոյ» (Արտո Փեհլիվանյան), «Սարոյանլենդ» (Լուսին դինք): Ֆիլմերը հայկական համայնապատկեր մրցույթին են ներկայացված` երկուսը` վավերագրական, երրորդը` խաղարկային անվանակարգերում:

Աշխարհահռչակ գերմանացի ռեժիսորը` Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

MՖիլմն սկսվում է առաջին կադրից, այն ճանապարհ է բացում դեպի ֆիլմը, ուստի պետք չէ ուշանալ ֆիլմից. այսպիսի խորհուրդ տվեց այսօր աշխարհահռչակ գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա Ոսկե ծիրան 10-րդ  միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրերից է:

Ռեժիսորը պատմեց, որ ինքը աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով:

60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը:

«Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննդատա լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրով հանդիսատեսին կներկայացվի ֆոն Թրոթայի հաննա«Հաննա Արենդտ» ֆիլմը:  Այն հրեական ծագումով կին փիլիսոփայի մասին է, որը  1961-ի իր նյույորքյան տարագրությունից մեկնեց Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր էր դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանք, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների հանգեցրեց: Նա արժանացավ արհամարհանքի, զրպարտության, կորցրեց վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արենդտը մնաց իր հաստատուն կարծիքին`  փորձելով ամեն դեպքում հասկանալ, եթե նույնիսկ  դա  նշանակում էր «մտածել ցավ զգալու աստիճանի»:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով

Photo 0016Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։

Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» և այլ ֆիլմեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ կինոփառատոնի նպատակը երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը նպաստելն է, նրանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելը։ «Մեր նպատակն այս ոլորտի զարգացումն է, և դրա լավագույն ճանապարհն առկա գործընթացների մեջ նոր սերնդի ներգրավումն է։ Ուրախալի է, որ կան երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներ, և մենք պետք է նրանց կողքին լինենք»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս փառատոնն ունենալու է շարունակական բնույթ։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

«Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս»,- ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:

Փառատոնի բացման արարողությանը տեղի ունեցավ «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։ «Միասին աշխարհում» ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ ՙԼավագույն ռեժիսոր՚, ՙԼավագույն օպերատորական աշխատանք՚, ՙԼավագույն ֆիլմ՚, ՙԼավագույն մտահղացում՚։

Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն