ՊՆ մասնագետները պարապմունքներ են անցկացնում բազեականների հետ

5 (3)«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչներն այս օրերի ընթացքում աշխատում են հավաքի մասնակիցների հետ։

Ավագ ենթասպա, ավագ բժշկուհի Զինաիդա Գրիգորյանը երիտասարդներին ուսուցանում է առաջին բուժօգնության կանոնները։ Տիկին Զինաիդան 20 տարվա զինվորական է, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտի տարիներին աշխատել է որպես վիրահատարանի բուժքույր, ամուսինը զոհվել է պատերազմում, թոռնիկն այժմ ծառայում է Արցախի պաշտպանության բանակում, ինչպես ինքն է հպարտությամբ ասում` հսկում է սահմանը։

7 (1)Նա ողջունում է նման հավաքները և հատկապես երիտասարդներին ռազմարվեստի ու առաջին բուժօգնության կանոններին ծանոթացնելը։ Զինաիդա Գրիգորյանը նկատումէ, որ հավաքի մասնակիցներից ոմանք որոշակի տեղեկություններ ունեն առաջին բուժօգնությունից. «Բոլորը հետաքրքրված են այս դասընթացներով։ Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, պետք է պատրաստ լինենք առաջին բուժօգնություն ցույց տալուն։ Ընդ որում, դա մեզ պետք է նաև առօրյա կյանքում»։

Երիտասարդներին ուսուցանվում են արյուն կորցնելու, կոտրվածքների դեպքում ինչպես վարվել հիվանդի հետ, ինչպես մշակել վերքերը և այլն։

Մայոր Նաիրի Մուրադյանն էլ հավաքի մասնակիցներին սովորեցնում է ձեռնամարտի պաշտպանական և հարձակողական հնարքներ։ Ասում է, որ երիտասարների սովորելու ցանկությունը ոգևորում է իրեն, առանձնացնում է նաև այն, որ այդ ձեռնամարտի հնարքներով աղջիկները նույնպես հետաքրքրված են։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Օգոստոսի 22-ին հավաքի շրջանակներում նախատեսված է հանդիպում տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների հետ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Տրվեց «Բազե-2014»-ի մեկնարկը (լուսանկարներ)

Բազե 2014

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Բազե 2014

Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ  կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և  ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։

DSC_0624DSC_0654DSC_0642

Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդ զինվորներին, ովքեր այս օրերին պահում են մեր երկրի սահմանները։ Կարեն Ավագյանը  նկատեց, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։ «Մենք փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ են անելով հավաքում։ Պայքարն այս ընթացքում թեժացել է։ Ավելի դժվարացել է հաղթանակը, քանի որ մասնակիցների շրջանում աստիճանաբար մեծանում է մրցունակ երիտասարդների թիվը»,- նշեց Կարեն Ավագյանը։

Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ հիմնադրամի համակարգողը նկատեց, որ քննադատությունն իրականում օգնում է, որպեսզի ավելի լավը դարձնեն հավաքը. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ «Բազեն» կայացած ծրագիր է, ինչի ապացույցն է այն, որ հավաքը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, երիտասարդները միշտ սպասում են այս հավաքին, ու մեծ պայքար է ընթանում մասնակցության համար։

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։

Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ։

 

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

DSC_9832Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին հակառակորդի հարձակման ժամանակ թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։

DSC_9846Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվեցին զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։

DSC_9855«Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվեց Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպեցին Արմենի ծնողների հետ, ծանոթացան նրա անձնական իրերին, լսեցին հուշեր Արմենի մասին։

Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։

DSC_9853Արեմենի մայրը նշում է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս անցկացրեց Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները

загруженноеOգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը,  կայուն տուրիզմը տեղական և ազգային  մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։

Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին

DSC_9787Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա և սխալ մատուցման դեպքում ազդել ապագա սերնդի վրա՝ բարդույթներ առաջացնելով աշակերտների մոտ։ «Այս դասընթացի միջոցով փորձում ենք նոր մեթոդներ մատուցել ուսուցիչներին, ովքեր դրանք լայնորեն կկիրառեն իրենց աշխատանքներում։ Կարևորագույն շեշտադրումը լինելու է այն, որ մենք վերջապես պետք է վերանանք զոհի բարդույթից։ Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասում է Սուրեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է, որ կա պայմանավորվածություն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հետ, և դասընթացի արդյունքում ուսուցիչների համար ստեղծվելու է Ցեղասպանության թեման դասավանդելու ուղեցույց։

Սուրեն Մանուկյանը նաև տեղեկացնում է, որ մյուս տարվանից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում կսկսի գործել առանձին հարկաբաժին, որտեղ հնարավորություն կստեղծվի աշակերտների համար անցկացնել պարապմունքներ։

Մարի Թութելյանը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆոռնիայի Հայ քույրերի վարժարանում, որն ունի 2-14 տարեկան մոտ 300 հայ աշակերտ։ Տիկին Թութելյանը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են Ցեղասպանությանկ։ Ցանկացած թեմայի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել ու կապել այդ մեծ ողբերգության հետ։ Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը։

Դավիթ Եղիազարյանը պատմություն է դասավանդում է Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում։ Նշում է, որ աշակերտների մոտ տարբեր զգացումներ կան Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ անհանգստություն, վրեժխնդրություն և այլն։ Պատմության ուսուցիչը նկատում է, որ դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է Ցեղասպանության թեման, սակայն ցանկալի է, որպեսզի մշտապես արտածրագրային միջոցառումներ իրականացվեն. «Ցեղասպանության թեման շատ նուրբ ու լայն է, և մասնագիտական նրբությունները շատերին հասու չեն, ուստի նման դասընթացները կարևոր են՝ ավելի լայն պատկերացում կազմելու համար»։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։ Քննարկվող թեմաների շարքում են՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն իրականացնում է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թիվը մեծացել է

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։

ԵԳԱԾ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել, առաջին քայլերը կատարել, փորձառություն ձեռք բերել գիտության ասպարեզում։ Կարեն Ավագյանը շեշտում է, որ այն պահանջները, որոնք 2-3 տարի առաջ դրվել են երիտասարդ գիտնականների կողմից, ժամանակի ընթացքում լուծվել են։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում պահանջները փոխվում են, և դրանք մշտապես ուշադրության ու քննարկման կենտրոնում են։ Հիմնադրամի համակարգողը նաև հույս հայտնեց, որ մեր երիտասարդ մասնագետները, հետագայում շահելով միջազգային դրամաշնորհներ, դրանք կիրականացնեն Հայաստանում՝ ի նպաստ մեր գիտության զարգացման, և իրենք էլ իրենց հերթին գիտական հետազոտական խմբերում, տարբեր ծրագրերում կընդգրկեն երիտասարդ գիտնականների։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն էլ, ամփոփելով 2014թ. 1-ին կիսամյակում ԵԳԱԾ աշխատանքերը, նշեց, որ միջազգային գիտաժողովներին մասնակցության համար յուրաքանչյուր ամիս 5-6 գիտնական ստացել է ֆինանսական աջակցություն։ Իրականացվում է Հայաստանում երիտասարդ գիտնականների գիտաժողով կամ գիտական դպրոց կազմակերպելու մրցույթը, և 10 կազմակերպություն ֆինանսավորում է ստացել, ընդ որում, մեծ մասը՝ միջազգային բնույթի։

Այս տարի, հաշվի առնելով շահառուների ցանկությունները, մեկնարկել է երիտասարդ գիտնականների համար գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման ֆինանսական աջակցության մրցույթը։ Արդյունքներն ամփոփվել են, և 13 երիտասարդ գիտնական յուրաքանչյուրը մոտ 1 միլիոն դրամի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել՝ գիտական սարք կամ նյութեր ձեռք բերելու համար։ Կառլեն Խաչատրյանը կարևորում է այս նախաձեռնությունը, քանի որ այդ սարքերն ու նյութերը ոչ միայն ընթացիկ տարում կօգտագործվեն հետազոտությունների իրականացման համար, այլև հետագայում կմնան լաբորատորիաներում և կնպաստեն գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ 2014թ. անցկացվել է նաև երիտասարդ գիտնականների գիտական աշխատանքների տպագրության մրցույթը։ Հուլիսին ավարտվել է հայտերի ընդունումը, այժմ հայտերի ուսումնասիրման փուլն է, և մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինեն այդ մրցույթի արդյունքները։

Կառլեն Խաչատրյանն ընդգծում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ամեն տարի դրամաշնորհներ տրամադրող ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) հետ, և երկու դրամաշնորհ հատկացնելու է նաև Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ցեղասպանագիտության և կենսաբանության ոլորտներում։ Այս դրամաշնորհի շրջանակներում մեկ տարով գիտական հետազոտություն իրականացնելու համար կհատկացվի 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Կառլեն Խաչատրյանը նկատում է նաև, որ ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ամեն ամիս կամ մրցույթից մրցույթ արձանագրվում է հայտերի ավելացում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ծրագրի արդյունավետությամբ և երիտասարդ գիտնականների շրջանում ծրագրի հեղինակության ու տեղեկացվածության բարձրացմամբ։

 

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով (լուսանկարներ)

ճանաչենք հերոսներին

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաև համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ:

ճանաչենք հերոսներին

 

 

ճանաչենք հերոսներինՐաֆֆի Գևորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարևոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել և որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլև նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գևորգյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։

ճանաչենք հերոսներին

Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գևորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարևորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը:

DSC_9726

Րաֆֆի Գևորգյանն անդրադարձավ նաև Արծվաշենի 11 հերոսներին և Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։

ճանաչենք հերոսներին

Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի և մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաև Արցախի ազատագրման գործում։

Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Բազեում» մասնակիցներն են մթնոլորտ ստեղծում՝ դառնալով իրավիճակի տերը

1 (8)Այս օրերին ընթանում են «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների ձևավորման աշխատանքները։ Ջոկատները հանդես են գալիս ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում։ Ինչպես տեղեկացրեց նարնջագույն ճակատի ղեկավար Էդուարդ Ավետիսյանը, հուլիսի 14-ին տեղի ունեցավ Արցախի ջոկատի անդամների ընտրությունը, իսկ հուլիսի 18-ին կազմավորվեց Արարատի ջոկատը։

3 (5)Արարատի մարզը հավաքի երգի մրցույթում ներկայացնելու է Արթուր Մխիթարյանը։ Արթուրը 23 տարեկան է։ Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։ Մասնակցել է մրցույթների (այդ թվում՝ միջազգային), արժանացել մրցանակների։ «Բազե» գալիս է՝ երգի մրցույթում հաղթելու և իր ջոկատին միավորներ բերելու համար։

8 (1)«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկավար Էմին Թորոսյանը նշում է, որ երիտասարդական այս հավաքն իր մշակութային և մարզական միջոցառումներով նպաստում է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի երիտասարդների շփմանը, նրանց միջև բարեկամական և գործընկերային փոխհարաբերությունների ստեղծմանն ու 7 օրերի ընթացքում հետաքրքրությամբ լցնում նրանց օրը։

9«Բազեում» մշակութային մրցույթներն են՝ երգ, պար, նորաձևություն, նկարչություն։ Հավաքի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է, որ 45 ջոկատները համապատասխան մրցույթների հիման վրա են ձևավորվել, և հենց մասնակիցներն են, որ ստեղծում են հավաքի մշակութային ու գեղագիտական մթնոլորտը։ «Հավաքում մասնակիցներն են այդ մթնոլորտի ստեղծողները՝ դառնալով իրավիճակի տերը։ Վաստակաշատ ժյուրիի անդամներն ամենօրյա աշխատանքով, շփումներով, խորհուրդներով լրացնում են երիտասարդների գիտելիքները, մասնագիտական բացն ու օգնում ավելի լավ հանդես գալ»,- ասում է Էմին Թորոսյանը։

7Հավաքում հաճախ են լինում դեպքեր, որ միմյանց հետ մրցում են տվյալ ոլորտում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները։ Ինչպե՞ս է համադրվում նրանց մասնակցությունը։ Էմին Թորոսյանը նշում է, որ հավաքում մասնակիցները չեն տարանջատվում ըստ իրենց պրոֆեսիոնալության մակարդակի։ Յուրաքանչյուր մրցույթ ունի չափման իր համակարգը, և երիտասարդները գնահատվում են ըստ այդ համակարգի։ «Թե հիմա որ ջոկատն իր համար ինչպիսի թիմ կձևավորի, ինչպիսի մասնակիցներ կներկայացնի՝ պրոֆեսիոնալների, թե սիրողների, մենք՝ որպես կազմակերպիչներ կամ ժյուրիի անդամներ, խնդիր չենք դնում։ Կներկայանան գերազանց, լավ կամ բավարար, կստանան համապատասխան գնահատական։ Խնդիրը մրցույթների ճիշտ իրականացումն է՝ երիտասարդների շփումը լավ ու բովանդակալի կազմակերպելու նպատակով»,- ասում է հավաքի գեղարվեստական ղեկավարը։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։ Կմասնակցի շուրջ 500 երիտասարդ։ Հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Արագածոտնի համայնքներում կկազմակերպվեն բակային ճամբարներ

4210-300x225Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը հուլիսի 20-ից օգոստոսի 10-ը մարզի 10 համայնքների (Աշտարակ, Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Կոշ, Բյուրական, Ագարակ) երեխաների և երիտասարդների համար կկազմակերպի բակային ճամբարներ։

Երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնն այսպիսով փորձում է վերականգնել բարի ավանդույթները` ամառային արձակուրդներին երիտասարդների ու դպրոցահասակների օրը նպատակային ու հետաքրքիր դարձնելու համար:

Ծրագիրն իրականացնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համայնքային ղեկավարության հետ։ Բակային ճամբարների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ սպորտլանդիաներ, մինի ֆուտբոլի, վոլեյբոլի մրցույթներ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը

101207Հուլիսի 11-12-ը «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր գրականություն։

Պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունների մասին, նկատեց, որ միանգամայն ուսանելի է Հոլոքոստի հիշողության պահպանման ու քարոզման բնագավառում առկա համաշխարհային փորձը։ Իսկ այն հուշում է, որ հասարակության հիշողության քաղաքականության մշակման գործում մեծ դեր ունեն այդ հիշողության պահպանմանն ուղղված թանգարանները։ Դրանք քարոզչության հզորագույն կենտրոններ են։ Նա նաև նկատեց, որ այսօր աշխարհում գործում է Հոլոքոստի 68, իսկ Հայոց ցեղասպանության 4-5 թանգարան։ Ըստ մասնագետի՝ թանգարաններն ամենօրյա քարոզչության միջոց են, և նպատակահարմար է, որպեսզի տարբեր երկրներում բացվեն հայոց մշակույթի ժառանգության թանգարաններ, որոնք կունենան նաև Ցեղասպանության բաղադրիչը։

10393779_900468963302806_3310967813769761060_nՀարություն Մարությանը նշեց, որ Ցեղասպանության հարցն էթնիկ ոլորտից պետք է տեղափոխել գաղափարախոսական ոլորտ՝ որպես երիտթուրքիզմի դրսևորում և պայքար դրա դեմ. «Արդեն քանի տասնամյակ է, որ հրեաները Հոլոքոստի պարագայում շեշտում են ոչ թե գերմանացիների (որպես էթնիկ միավոր), այլ ՍՍ-ի, նացիզմի, ֆաշիզմի, ռասիզմի և այլ համարժեք գաղափարախոսական հասկացությունների մեղավորությունը։ Անցյալում տեղ գտած հակամարտությանը չեն հաղորդում էթնիկ որակումներ, այլ դրանք դիտարկում են միայն որպես հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության գործունեության արդյունք»։

Պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման թեմայի շուրջ, նշեց, որ համաշխարհային մեդիա դաշտում պետք է ապահովվի Հայոց ցեղասպանության հարցի՝ մեզ համար ընդունելի և ձեռնտու տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայություն։ Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և հարթակները։ Ժողովրդագրական և ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը։ Նա նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման մեծ դաստիարակչական լիցք պետք է պարունակի։ Հայ ժողովուրդը կարողացավ սարսափելի ողբերգությունից վերապրել, և այդ փառապանծ հերոսությունը պետք է շեշտադրել ու միլիոնավոր անմեղ զոհերի նկատմամբ վիշտը զուգահեռել ազգի տոկունության ու պայքարելու վճռականության ապացույցներով։

Ամառային դպրոցի մասնակից, Սպիտակում լույս տեսնող «Լուսարձակ» շաբաթաթերթի խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանն օգտակար համարեց ծրագիրը։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները չպետք է սահմանափակվեն 100-րդ տարելիցի շրջանակներում, դրանք պետք է շարունակական լինեն։ Մշտապես պետք է վառ պահել թեման, հատկապես որ սերնդափոխություն է տեղի ունեցել. «Նախորդ հասարակարգի ժամանակ դաստիարակության մեջ ազգային տարրը բացակայել է, և հիմա մենք պետք է եկող սերունդների համար ստեղծենք այնպիսի դաշտ, որ վերջնականապես հասնենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանը»։

Դալար Շահնազարյանն Իրանի «Ալիք» օրաթերթի «Հայելի» կայքի երիտասարդական բաժնում է աշխատում։ Պարբերականում անդրադառնում են Ցեղասպանության թեմային, ունեն մշտական խորագիր, որտեղ ներկայացնում են հուշեր, հեղինակային նյութեր, նորություններ Ցեղասպանության վերաբերյալ։ Նշում է, որ ամառային դպրոցն իրեն սովորեցրեց թեմային մոտենալ տարբեր և բոլորովին նոր դիտանկյուններից։ Դալարն ընդգծում է նաև, որ Իրանի հայկական համայնքը մշտապես ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, 100-րդ տարելիցի կապակցությամբ էլ ստեղծվել է հանձնախումբ, կազմավորվել է երիտասարդական ենթահանձնախումբ, որն ամբողջ տարվա ընթացքում իրականացնելու է ծրագրեր։

«Ալիք» օրաթերթի երիտասարդական բաժնի լրագրող Նարե Սահակյանն էլ տեղեկացնում է, որ Թեհրանում գործում է իրանահայության, հայոց մշակույթի թանգարան, և երիտասարդները ծրագրել են թանգարանի բազմազգ այցելուներին ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը։ Մտադրություն ունեն իրենց հեջաբների վրա դաջել հայկական տարազի պատառիկներ, հույս ունեն, որ իշխանությունները չեն արգելի։

Հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված ամառային դպրոցը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

g_imageՀուլիսի 9-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված հայտերը։ Այս անվանակարգում ընդունվել է 14 հայտ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես Օհանյանը բավարար գնահատեց ներկայացված հայտերը։ Նա առանձնացրեց մարզային համայնքներում բնակիչների հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների՝ համայնքային կյանքի կառավարմանը, զարգացմանը ներգրավվելուն ուղղված ծրագրերը։

Հովհաննես Օհանյանը նկատեց, որ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերն անհրաժեշտ են։ «Մեզ պետք են ծրագրեր հատկապես հեռավոր, սահմանամերձ տարածքներում։ Պետք է կարողանանք խթանել զբաղվածությունն այդ շրջաններում, աշխատանքներ կատարենք գյուղերում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանման ուղղությամբ»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը։

 

Անկախ

Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը

DSC_9502Հուլիսի 2-ին և 4-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին ծխելու դեմ պայքարին, բնապահպանության ոլորտներին, վերարտադրողական առողջությանը վերաբերող, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը։

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ողջունելի համարեց այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում 2014թ. ավելացել են բնապահպանությանն ուղղված անվանակարգեր։ «Ներկայացված են արդիական թեմաներ՝ էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում, էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Այսօր մենք խնդիր ունենք հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելու, իսկ դա հնարավոր չէ առանց բնության հետ շփվելու։ Այս ծրագրերի հմնական մեխը դա է։ Մրցույթին ներկայացված ծրագրերն իրատեսական են, արդյունքները՝ չափելի»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, անդրադառնալով ծխելու դեմ պայքարին և վերարտադրողական առողջությանն առնչվող ծրագրերին, նշեց, որ ի տարբերություն ՀԵՀ-ի կողմից հայտարարված նախորդ մրցույթների՝ այդ ոլորտներում ներկայացված հայտերն այս անգամ այնքան էլ բարձր որակի չեն, թեև կան նաև այնպիսիք, որոնք հետաքրքիր լուծումներ են առաջարկում։ Ի դեպ, ներկայացված ծրագրերի որակից դժգոհեցին գրեթե բոլոր ոլորտների փորձագետները։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև հետագա մրցույթների հայտարարությունները ՀԿ-ներին առավել հասանելի դարձնելու հարցը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց այն հանգամանքը, որ որոշ ՀԿ-ներ մեկ այլ գրանտատուի կողմից ֆինանսավորված և ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացնում են տարբեր գերատեսչություններին՝ դրամաշնորհներ ստանալու համար։ Հիմնադրամի համակարգողը նշեց, որ պետք է խիստ լինել այդ ՀԿ-ների նկատմամբ և հետևողական՝ երևույթը կանխելու համար։ «Հասկանալի է, որ շարունակականությունն ապահովելու համար նույն ծրագիրը ներկայացնում են տարբեր կազմակերպությունների, սակայն այստեղ էլ պետք է ծրագրում նոր կոմպոնենտ դրվի՝ այն զարգացնելու համար։ Անընդունելի է, երբ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացվում է ևս մի քանի տեղ՝ դրամաշնորհի համար։ Նման հայտեր ֆինանսավորելով՝ չենք նպաստում ՀԿ դաշտի զարգացմանը։ Չեմ կարծում, թե մեր ՀԿ-ների մոտ կա գաղափարների պակաս, պարզապես պետք է ստիպել մարդկանց մտածել ու ավելի հետաքրքիր մտքեր ներկայացնել»,- նշեց Կարեն Ավագյանը։

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութի արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին՝ փորձագետների կարծիքներն ամբողջացնելուց հետո։

 

Անկախ

 

Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

unnamed (9)Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Աշակերտական խորհուրդները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ծրագրի շրջանակներում Երևանի 26 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների շուրջ 40 ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ճանաչողական այցի: Աշակերտները հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ, ում ներկայացրին աշակերտական խորհուրդներին հուզող հարցեր, ուրվագծվեցին աշակերտական խորհուրդներ-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին համագործակցության նոր եզրերի ձևավորման ուղիները: Աշակերտները նաև ծանոթացան Մայր Տաճարին, Մայր Տաճարի թանգարանին, Գանձատանը, այցելեցին Ռուբեն Սևակի անվան թանգարան:

Ծրագրի համակարգող Ելենա Փիլիպոսյանը, խոսելով ծրագրի իրականացման  նպատակի մասին, ասաց. «Ծրագրում ընդգրկված` ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների  նախագահներն ու փոխնախագահներն այն տարիքի աշակերտներ են, որոնք մեծ հեղինակություն են վայելում իրենց հասակակիցների շրջանում: Ուստի նրանց միջոցով աշակերտների շրջանում փորձում ենք տարածել քրիստոնեական դաստիարակության կարևորությունն ու համապատասխան գիտելիքներ: Հատկապես խնդիրը հրատապ է այն առումով, որ այսօր  տարբեր կառույցներ, հատկապես աղանդավորական, փորձում են ակտիվ ժամանցի կազմակերպման միջոցով ներազդել երիտասարդների վրա»:

Ելենա Փիլիպոսյանը փաստեց, որ դպրոցներում քրիստոնեական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ տարվում են, սակայն իրականացվող ծրագրի շրջանակներում կիրառվել է հասակակիցների շրջանում հեղինակություն վայելող աշակետների միջոցով քրիստոնեական դաստիարակությանն ուղղված  գիտելիքների տարածման մեթոդը, որը աչքի է ընկնում արդյունավետությամբ:

Թիվ 2 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Շահինյանը, կարևորելով նման ծրագրերը, նշեց. «Դպրոցում մենք գիտելիքներ ենք ստանում նեղ շրջանակներում `կոնկրետ  առարկաներով սահմանափակված, ուստի նման արտադասարանական միջոցառումները մեզ օգնում են զարգանալու և նոր գիտելիքներ կուտակելու հարցում»:

 


Հայտնի են լավագույն ուսանող-շախմատիստները

10152826_646771208710068_1911496029_nՕրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։ Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին։ Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։

Առաջինը տեղի են ունեցել շախմատի մրցումները։ Խաղերն անցկացվել են մարտի 26-28-ը շախմատի տանը։ Մասնակցել են տղաների 16 և աղջիկների 10 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, շախմատի տախտակի շուրջ ուժերը չափել է շուրջ 100 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ շախմատիսներ։

10156995_646771418710047_673659618_nՏղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Հայաստանի ամերիկյան համալսարանն էր, երկրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, երրորդում՝ Երևանի պետական համալսարանը։ Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդ մրցանակային տեղում՝ ճարտարապետաշինարարական համալսարանը։

Տղամարդկանց անհատական առաջնությունում առաջին տեղում է Արտավազդ Հայրապետյանը (ագրարային համալսարան), երկրորդում՝ Զոհրակ Ապրեսյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան), երրորդում՝ Հայկ Ազիզբեկյանը (ԵՊՀ)։ Աղջիկների մրցաշարում լավագույն շախմատիստուհի ճանաչվեց Նարե Առաքելյանը (ճարտարապետաշինարարական համալսարան), այնուհետև՝ Լուսինե Թորոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Լիլիթ Մաթևոսյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։

Շախմատի մրցաշարը կարևորվում է հատկապես այն տեսանկյունից, որ 2015թ. աշնանը Հայաստանում կանցկացվի շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնությունը։

10168349_646771338710055_1468882870_nՀայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի առաջարկությամբ այս տարվա բոլոր հաղթող ուսանող մարզիկները, որպես պարգև, եռօրյա հանգիստ կանցկացնեն Ծաղկաձորում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանում կանցկացվի Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը

HEHԱյս տարվա հունիսին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կանցկացնեն «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Կմասնակցի շուրջ 150 երիտասարդ՝ ԱՊՀ, Բալթյան տարածաշրջաններից և Վրաստանից։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համաժողովին դասախոսություններ կկարդան անվանի փորձագետներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր երկրներից։ Ծրագիրը ներառում է նաև կլոր սեղաններ, քննարկումներ՝ եվրասիական ինտեգրման հարցերի, երիտասարդական հիմնախնդիրների շուրջ։ Զուգահեռաբար կանցկացվեն մի շարք մրցույթներ, մասնավորապես՝ «Միսս Եվրասիա-2014», ինտելեկտուալ խաղեր և սպորտային մրցումներ։

Մինչ համաժողովի անցկացումը՝ ապրիլին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը կստորագրեն համագործակցության հուշագիր։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Տաք հագուստ՝ անօթևաններին

DSC_4042Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։

ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

DSC_4046Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի առաջարկով այսօր լուծվել է 13 անօթևանների հագուստի խնդիրը։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում կարիքավոր, հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է անվասայլակներ տրամադրել դրանց կարիքն ունեցող անձանց։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այդ հարցը։

Էդվարդն ու Վարդանը երախտապարտ էին հիվանդանոցի բուժանձնակազմին շաբաթներ շարունակ իրենց ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծանր պահերին իրենց միայնակ չթողնելու համար։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

ԵՊՀ 127 ուսանողների տրամադրվեց կրթաթոշակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամՄարտի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի:

Կրթաթոշակը տրամադրվել է անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին կուրսերի ուսանողներին, ովքեր նախապես ներկայացրել են փաստաթղթեր:

Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթին մասնակցել է մոտ 1500 ուսանող։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` ծրագրին դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամն այս տարի, բացի ՀՀ Կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակական է լինելու։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»,- ասել է վարչապետը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը նշեց, որ մեծ է նաև ուսանողական խորհրդի դերը, քանի որ կրթաթոշակի ծրագրին դիմած ԵՊՀ ուսանողներն իրենց հասարակական ակտիվությունը ցուցաբերել են հենց ուսանողական խորհրդում, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի աջակցությունը ԵՊՀ ուսանողներին առավել քան հեշտ լինի:

Ի դեպ, նշենք, որ 2011-2013 թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։

Անկախ

Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

ավագ դպրոցի աշակերտներՓետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։

Հատկանշական է, որ նման հանդիպման առաջարկը եղել էր հենց ավագ դպրոցների աշակերտների կողմից։ Գ. Էմինի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Հայարփի Կարեյանը նշում է, որ այսօր աղանդները փորձում են իրենց շարքերը համալրել երեխաներով, քանի որ վերջիններս խոցելի են, ու նրանց ավելի հեշտ է ներգրավել աղանդավորական խմբերում։ Հայարփին նշում է, որ ունի ընկերուհի, ով որոշ ժամանակ եղել է աղանդավորների կազմում, սակայն իր և ընկերների օգնությամբ դուրս է եկել կործանարար այդ կառույցից և այժմ հաճախում է Հայ Առաքելական Եկեղեցի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն աշակերտական խորհուրդների կողմից բարձրացված խնդիրն անվանեց խիստ կարևոր։ «Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները փոխել են իրենց մարտավարությունը, մարտավարության մեջ նաև՝ թիրախ խմբերը, և որքան էլ ցավալի է, այդ թիրախ խմբերում կան նաև աշակերտները։ Ես ուզում եմ խնդրել ձեզ այս թեման քննարկման առարկա դարձնել նաև ձեր աշակերտական խորհուրդներում։ Ոչ թե ճնշել կրոնական այլ հայացքներ ունեցող մարդուն, այլ բացատրել, խնդրել, հետ բերել նրան։ Դուք ինքներդ այնքան խորը պետք է հասկանաք մեզ, մեր ընտանիքը, երկիրը քայքայող այս չարիքը, որպեսի դառնաք մարդկանց ճիշտ ուղի ցույց տվող քարոզիչներ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հոգեբան Մարինա Սահակյանը նկատում է, որ աղանդավորները սովորաբար զբաղվում են մարդաորսությամբ՝ օգտագործելով բազմաթիվ մանիպուլյատիվ մեթոդներ։ Բնականաբար երեխաները, չունենալով կայուն դիրքորոշումներ, գիտակցված բարձր մակարդակ, կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու սպասելիքները դեռ կարծրացած չեն, ուստի նրանց խոցելիության մակարդակը բարձրանում է։ «Ցանկացած ինֆորմացիա զենք է լավ իմաստով։ Հաճախ աղանդավորները մարդուն կանգնեցնում, քարոզում են՝ կիրառելով հիպնոտիկ բազմաթիվ տեխնիկաներ, և հնարավոր է՝ երեխաներն ակամա ընկնեն նրանց հորձանքի մեջ։ Եթե երեխան տեղեկացված է, ապա կզգուշանա, կհրաժարվի լսել, մինչև դառնա չափահաս և որոշի իր անելիքը»,- նշում է հոգեբանը՝ շեշտելով, որ եթե մեծահասակն ընկնում է աղանդավորների հորձանուտը, այնտեղից դուրս գալու հավանականություն կա, սակայն եթե դեռահասն է հայտնվում, դուրս գալու հավանականությունը գրեթե զրո է։

Վարդան վարդապետ Նավասարդյանն էլ երեխայի դաստիարակության հարցում կարևորեց ծնողների դերը։ «Պետք է զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը, որպեսզի երեխան կարողանա ընտրություն կատարել։ Մարդն իր կենսագործունեության ընթացքում մշտապես բախվում է ընտրության խնդրին։ Շատ կարևոր է հոգևոր ներաշխարհում արժեքների ճանաչողությունը և զատորոշումը։ Մենք պետք է կարողանանք լույսը խավարից, չարը բարուց տարբերակել։ Եթե այս տարբերակումը մեր հոգևոր ներաշխարհում խաթարված ու խանգարված է, ուրեմն մենք վտանգված ենք»,- նշեց Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ շեշտելով, որ ծնողը չպետք է երեխային դուրս թողնի դաստիարակության միջավայրից, պետք է տա բազմաթիվ «ինչու»-ների պատասխանը, հակառակ դեպքում երեխայի մոտ կձևավորվի ագրեսիա։

Հոգեբանն ու հոգևորականը պատասխանեցին նաև աշակերտների հարցերին։ Ցուցադրվեցին նաև քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ ֆիլմեր, որոնք առավել պատկերավոր դարձրին դրանց վնասակար ազդեցությունը։

 

 Անկախ

«Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին

DSC_2157Հունվարի 31-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների, մարզական ֆեդերացիաների հետ ամփոփեց 2013թ. իրականացված աշխատանքները։ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը համագործակցել է մոտ 80 ՀԿ-ի, այլ կազմակերպությունների հետ։

Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ գործընկեր կառույցների հետ իրականացրել են միջոցառումներ՝ ընդդեմ թմրամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի՝ զերծ պահելով երեխաներին արատավոր սովորություններից, կազմակերպվել է դժվար դաստիարակվող երեխաների մարզական առօրյան, համատեղ այցելություններ են եղել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր՝ ոգեկոչելով Ցեղասպանության և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, իրականացվել են բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Գ. Հայրապետյանն ընդգծեց նաև, որ «Դինամո» մարզական ՀԿ-ն իր տարածքում ապահովում է սոցիալապես անապահով, դժվար դաստիարակվող երեխաների անվճար մարզումները՝ կոչ անելով այդ մասին տեղեկացնել շահագրգիռ մարմիններին։ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետը շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու ֆեդերացիաներին, քանի որ վերջիններս, փողոցից կտրելով երեխաներին, պատրաստում ապագա զինվորներ հայոց բանակի համար։

Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը պատվոգրեր հանձնեց մի շարք կազմակերպությունների, որոնց հետ սերտ համագործակցություն է գրանցվել 2013 թվականին։ Պարգևատրվածների թվում էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ սովորաբար Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է երիտասարդական ոլորտում մրցանակներ ու պարգևներ շնորհում, սակայն ուրախալի է նաև արժանանալ գնահատանքի։ «Իրականում մեր բոլորի գործը, նպատակն ու թիրախ խումբը մեկն է, աշխատանքի ձևերն են միայն տարբեր։ Մեր թիվ մեկ գործը պետք է լինի ապահովել պատանիների, երիտասարդների զբաղվածությունը, և այդ զբաղվածության մեջ արժևորել այն գաղափարները, որոնք մեր երկրին, մեր ժողովրդին բերել-հասցրել են 21-րդ դար»,- նշեց Կարեն Ավագյանը։

Պատվոգիր ստացավ նաև Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Նա նշեց, որ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ, տեղական և միջազգային առաջնություններ՝ «Ես եմ հայրենիքիս զինվորը» խորագրով։ Նպատակը մեկն է՝ երեխաներին հնարավորինս հեռու պահել մեր կյանքի արատավոր երևույթներից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Տեղի ունեցավՀայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն։ Մասնավորապես, ՙՎերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար դիմել է 1 հասարակական կազմակերպություն, ՙՎերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում՚ անվանակարգում՝ 2, ՙԳյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների  իրականացում՚ անվանակարգում՝ 1, ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում՝ 1, ՙԾխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում՚՝ անվանակարգում՝ 10, ՙԾխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում՚ անվանակարգում՝ 4 ՀԿ։ ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի առավել լիարժեք կիրառմանը նպաստող միջոցառումների կազմակերպում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար ոչ մի կազմակերպություն չի դիմել։

Մրցութային հանձնաժողովի անդամները ծանոթացան դրամաշնորհների համար ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր դրույթներին։ Առաջիկա օրերին նրանք կուսումնասիրեն փաթեթները, իսկ հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում կորոշվեն հաղթող կազմակերպությունները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն