Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդակիր է դարձել Instagram կայքում

kim-kardashianInstagram կայքում Քիմ Քարդաշյանի էջում տեղադրված լուսանկարը ռեկորդակիր է դարձել՝ հավանությունների քանակով առաջ անցնելով նախորդ ռեկորդակիր Ջասթին Բիբերից: Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան լուսանկարը տեղադրվել է երեք օր առաջ՝ այդ ընթացքում արժանանալով 1,93 միլիոն օգտատերերի հավանությանը:

Քիմը և նրա ռեպեր ամուսինն  այժմ վայելում են իրենց մեղրամիսը մայիսի 24-ին Ֆլորենցիայում ամուսնանալուց հետո: Կիրակի օրը նորապսակները մեկնել են Իռլանդիա:

Հինգշաբթի օրը Քարդաշյանը և Ուեսթը ժամանել են Չեխիայի հանրապետության մայրաքաղաք Պրահա:

ՄԱՅԻՍ-ՎԱՅԻՍ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Nyut 2 AՀոգևորականները լռում են, երիտասարդները՝ շարժվում ավանդույթի համաձայն

Հայ Առաքելական եկեղեցու հեգևորականը մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից: Մենք՝ հայերս, սովորություն ունենք ընդհանրացնել ամեն ինչ, ապրել ուրիշի դժվարություններով ու ուրախություններով:
Պատմությունն էլ այս հարցում իր պնդումներն ունի. վաղ անցյալում սիրահարները մայիսին չէին ամուսնանում: Ասում են` դա հաջորդել է Պահքի շրջանին և Սուրբ Զատկին. մարդկանց պահուստները դատարկ են եղել և հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել: Որքան էլ բազմազան և անհեթեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ հենց այս ամսին են ամենաքիչ թվով ամուսնություններ գրանցվում:

Փորձենք ամեն ինչ, այսպես ասած, ներսից ուսումնասիրել:

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ
Ամուսինների պարտականությունների մասին խոսում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղած նամակում. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով, կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն տիրոջը»: Նամակում Պողոս Առաքյալը Աստծուն և տղամարդուն միևնույն նժարի վրա է դնում, բայց, այնուամենայնիվ, կնոջն էլ չի անտեսում. «Եվ ինչպես որ եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ ու անարատ»:

Կինը, ճիշտ է, պետք է հնազանդվի տղամարդուն, բայց տղամարդու վրա առավել մեծ պարտականություն է դրված՝ անձը զոհել կնոջ համար: Այսօր իզուր չէ, որ մեր բանակում տղամարդիկ են ծառայում, որովհետև պարտավոր են պաշտպանել: Աստված ուժով է օժտել տղամարդուն, որ կարողանա պաշտպանել, և կինը զգա իրեն ապահով նրա ներկայությամբ: Մեր եկեղեցին, երբ տղամարդուն հարցնում է «տե՞ր ես» և կնոջը «հնազա՞նդ ես» , հենց այդ հարաբերությունն է հաստատում:
Արման սարկավագ Պալյանն ասում է, որ եթե ամուսինները ֆիզիոլոգիապես հավասար չեն, չեն կարող հոգեբանորեն հավասար լինել, անհնար բան է:

– Մի տղամարդ, որի ձեռքը կտրված է, շատ տարբեր ապրումներ ունի, քան այն մարդը, որ ամբողջապես առողջ է: Ուր մնաց կին արարածը, որի ֆիզիոլոգիան տարբեր է, մտածելակերպը` ևս: Նրանց մի նժարին դնել չես կարող, ամեն մեկն իր գործն ու դերն ունի: Ընտանիքում խնդիրներից չես խուսափի, և որպեսզի այն ամուր լինի, Աստված պատվիրեց տեր և հնազանդ լինել,- ասում է հոգևորականը:

«Երգ երգոց» գրքում նկարագրվում է փեսայի ու հարսի առաջին գիշերվա հանդիպումը: Այն դրված է Աստվածաշնչի կենտրոնում՝ խորհրդանշելով Աստծո և մարդու հանդիպումը:
– Ինչպես տղամարդն ու կինը նմանեցված են Քրիստոսին ու եկեղեցուն, այնպես էլ նրանց առաջին հանդիպումը Աստծո և մարդու համեմատությամբ է: Թե Աստված ինչպես է մեզ սպասում, այդ նույն զգացումներով պետք է ամուսինը սպասի իր կնոջը, և կինը կարոտի նրան: Գրքում հարսն ասում է. «Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով»: Փեսան պատասխանում է. «Քո ստինքներն ավելի լավ են գինուց և քո օծման յուղերի հոտը բոլոր խնկերից»,- պատմում է հոգևորականը:- Սա նախկինում թույլ էին տալիս կարդալ, երբ մարդ հասունանում էր: Սուրբ են այդ հարաբերությունները, ինչպես Աստծո և մարդու դեպքում: Այս սպասումը նաև ընտանիքն է ամրացնում. եթե ինչ-որ մեկը թերանա, մի կողմի կարոտը չի լինի, մյուսի սերը շատ կլինի, ու կծագեն ընտանեկան գժտություններ:

ԽՈՍՔԸ ՄԵԾԻՆՆ ԷՐ

– Եթե խոսում էր տան մեծ տղամարդը` բոլորը լռում էին, այսինքն՝ ավագության սկզբունքը, որ հատուկ է ավանդական հասարակությանը, հստակ գործում էր: Տարիքն առած կանանց խոսքը ևս հարգվում էր, բայց վճռական խոսքը տղամարդունն էր,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը:

Նա պատմում է, որ մեր հասարակությունն ավանդական հայրիշխանական էր, և կանայք, նույնիսկ` տարեցները, ոտքի էին կանգնում, երբ ներս էր մտնում տղամարդը, կամ եթե տղամարդն անցնում էր, նրան տեսնելիս ոտքի էին կանգնում: Դա հարգանքի, ակնածանքի դրսևորում էր:

– Սեղանապետն էլ անպայման տղամարդն էր, չէ՞,- հարցնում եմ:

– Գիտեք, սեղանը որոշակի մշակութային, սոցիալական տարածք է. սեղանի գլխին՝ ամենագլխավոր տեղում, նստում է ամենապատվավոր մարդը, այսինքն՝ տան տերը: Սեղանի շուրջ որոշակի սոցիալական շերտավորում կա. որքան մոտ են նստում սեղանի գլխին բազմած նահապետին, այնքան հարգված են, և որքան հեռանում են կենտրոնից, նստում դռան մոտ, այնքան նվազում է սոցիալական կարգավիճակը:
Հացկերույթի ժամանակ էլ որոշակի կարգ է գործել: Առաջինը սեղան նստել են տղամարդիկ, հետո նոր միայն կանայք, ընդ որում՝ նստել են առանձին՝ երեխաների հետ: Ամենակարևորը՝ հացկերույթը գլխավորել են տղամարդիկ, խոսքի, ելույթի, այսինքն՝ կենացի իրավունք ունեցել են միայն նրանք:

Ազգագրագետը նշում է նաև, որ հնում մարդիկ իրար չէին սիրահետում, սերն, այսպես ասած` գաղտնի էին պահում:

– Ավանդական հասարակությունում ամուսինները երբեք միմյանց նկատմամբ տածած սերը մյուսին ցույց չէին տալիս, սիրո ցույցերը չէին խրախուսվում, և որևէ մեկը դա իրեն թույլ չէր տալիս: Փաղաքշական բառեր էլ միմյանց չէին շռայլում, ինչպես՝ սիրելիս, իրար անունով էլ չէին դիմում: Դիմելաձևը տարբեր էր` այնինչի տղա, այսինքն՝ հոր անունն էին տալիս: Սրանք չգրված օրենքներ էին, որ սերնդեսերունդ փոխանցվում էին:

ԵՐԲ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Ղազարյանն ասում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դեռևս 1998-ից սահմանում է «ամուսնական պայմանագիր» հասկացությունը:

– Այսօր շատ երիտասարդներ կան, որոնք մտադիր են պայմանագրով կարգավորել իրենց ամուսնական հարաբերությունը: Դա նաև հստակեցնում է գույքային իրավունքները, եթե ամուսինները պայմանագիր չեն կնքում, ապա ինչ գույք, որ ձեռք են բերում համատեղ ամուսնության ընթացքում, համարվում է երկուսի համատեղ սեփականությունը, այսինքն՝ հավասարապես պատկանում է նրանց,- ասում է իրավաբանը,- իսկ մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը, համատեղության սկզբունքով չի կիսվում: Այս ամենը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

– Որո՞նք են ամուսնական պայմանագրերի ամենակարևոր կետերը,- հետաքրքրվեցինք:

– Մեզ մոտ ամուսնական պայմանագրերում սովորաբար շեշտը դրվում է գույքային հարցերի վրա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վեճի գլխավոր պատճառը գույքի իրավունքն է: Հետաքրքիր է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում պայմանագրում ներառում են նաև կենցաղային պարտավորություններ՝ ըստ պայմանագիրը կնքողների հայեցողության: Նման հարցեր նախապես կարող են պարզաբանել նաև հայ ամուսինները, սակայն հային հատուկ բնավորությամբ` այդքան չեն մանրամասնում,- նշում է իրավաբանը:

– Իսկ ամուսնալուծությո՞ւնը:

– Ամուսնությունը լուծվում է դատական կարգով, կամ եթե կողմերի միջև համաձայնություն կա, նաև ԶԱԳՍ-ը կարող է ամուսնալուծել: Բայց այս հարցի շուրջ մի քանի բացառություններ կան: Օրինակ՝ եթե կինը հղի է, առանց նրա համաձայնության ամուսինը իրավունք չունի ամուսնալուծության հայցով դիմել դատարան:
Ամուսնալուծությունից հետո հայրը որոշակի պարտականություններ է կրում, այդ թվում՝ ալիմենտի, որն ուժի մեջ է մինչև երեխայի չափահաս դառնալը: Բայց և այնպես, հայրը նաև իրավունքներ ունի: Եթե նախկին կինը փորձի թույլ չտալ, որ նա շփվի երեխայի հետ, նա դատական կարգով կարող է տեսակցության ժամեր սահմանել,- ասում է իրավաբանը:- Ամուսնությունը լուծել` չի նշանակում երեխայի հանդեպ իրավունքները կորցնել: Ամուսնալուծությունը միմիայն վերաբերում է ամուսիններին: Ընդ որում, այնպես չէ, որ երեխաները պետք է միայն մոր խնամքին մնան: Այս հարցում ծնողները հավասար իրավունքներ ունեն: Կարող են լինել հայրեր, որոնք երեխայի դաստիարակությամբ շատ ավելի լավ կզբաղվեն, կամ մայրեր, որոնք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի երեխաներին: Մեր դատական պրակտիկայում այդպիսի շատ դեպքեր կան. մայրն անբարո կյանք էր վարել, երեխային երեք թե չորս օր թողել, գնացել էր, և փոքրիկը բարուրի մեջ սովից մահացել էր: Երբ նրա նախկին ամուսինը ցուցմունք էր տալիս, պետք է տեսնեիք, թե ինչպես էր դողում: Այնպես որ, դատարանում նախապատվություն չի տրվում որևէ մեկին, և վճիռը կայացվում է` միմիայն երեխայի շահը հաշվի առնելով:

Այն հարցին էլ, թե դատարանը չի՞ հաշտեցնում զույգերին, նման պրակտիկա չկա՞, իրավաբանը պատասխանում է.

– Եթե հաշտեցման եզրեր լինում են, դատարանն ընտանիքը պահելու կողմնակից է: Օրինակ՝ մեր դատավորներից մեկը հաշտեցնելու մեծ փորձ ունի, ասես վարպետացել է այդ ոլորտում, կարողանում է համոզել, տարբեր մարդկանց կյանքից օրինակներ է բերում, որ չշտապեն, գնան ծանրութեթև անեն և գուցե մտափոխվեն: Եթե դատավորը տեսնում է, որ կողմերը կարող են հաշտվել, երեք ամսով ժամանակ է տալիս: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում զույգերը հանդարտվում են, բարկությունն անցնում է, ու կարողանում են ավելի սթափ մտածել, շատ դեպքերում` իսկապես հաշտվում են:

 

Դավաճանությունը հաշիվ չի

ol3001390989727Արևմտյան Եվրոպայի բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ հարցվածներից յուրաքանչյուր 12-երորդը դավաճանում է զուգընկերոջը արձակուրդի ժամանակ ու, շատերը դա անլուրջ են համարում, եթե դավաճանությունը կատարվել է  արտասահմանում:

Հարցվածների 39%-ը խոստովանել է, որ ամենաշատը դավաճանության է տրամադրում առողջարանային Իբիցա կղզին, որը հատկապես մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում:  Եվս 48%-ը իսպանական կղզին համարել է սիրահարներից  ամենաշատ բաժանությունների վայր: Ընդ որում,  հարցվածների 4%-ը խոստովանել է, որ  զուգընկերներից բաժանվել են այնտեղ համատեղ հանգստի ժամանակ:

Ռոմանտիկ ֆլիրտի համար ամենալավը Վենետիկն է ճանաչվել, իսկ մարդկային քաղաքակրթությունից հեռու վայր են համարել Բարբադոսը:

Երբ նրանց հարցրել են, թե արտասահմանում որտեղ կցանկանային հարսանիքը անել, ապա հարցվածների 6%-ը պատասխանել է` այնպիսի տեղ, որ ընկերները նախանձեն: Սակայն, հարսանիք անելու  իմաստով ամենասիրված վայր են  ճանաչվել Մալդիվյան կղզիները:

Անկախ

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բազմամիլիոնանոց հարսանիքը տեղի կունենա հունիսին Փարիզում

Քիմ,Քանիե, վերսալ Kim Kardashian -Kanye WestՔիմ Քարդաշյանը միշտ երազել է  հունիսին ամուսնանալու մասին, իսկ այժմ նրա ցանկությունը կարծես թե իրականանում է:

Աստղը պատրաստվում է իր հեքիաթային հարսանիքը կազմակերպել Ֆրանսիայում, որը կհեռարձակվի նաև շոույի ընթացքում, իսկ ինքը ոչ մի լումա չի ծախսի դրա վրա:

RadarOnline-ը հայտնում է, որ 33-ամյա Քիմը համոզել է տեսախցիկներից խուսափող իր փեսացու Քանյե Ուեսթին իրենց հարսանիքի օրը ներս թողնել տեսախցիկներին, քանի որ E! լրատվամիջոցը պատրաստվում է իր վրա վերցնել ծախսերի մեծ մասը:

E!-ի աշխատակիցները իրենց վրա կվերցնեն նաև հարսանիքի նավտանգության հարցերը:

Սա առաջին դեպքը չէ, որ ռեալիթի աստղը ֆինանսապես շահույթ է ստանում հարսանիքից: 2011թ-ի օգոստոսին Քրիս Համփրիսի և Քիմի հարսանեկան չորսժամյա արարողությունը երկու մասից բաղկացած Քիմ Քարդաշյանհատուկ թողարկմամբ հեռարձակվել էր E!-ով, որի համար զույգին վճարել էին 15 միլիոն դոլար:

Քիմը շատ է ցանկանում, որ իրենց հարսանիքը կազմակերպվի Վերսալի պալատում, որը հանդիսանում է Ֆրանսիայի բացարձակ միապետության խորհրդանիշը:

Այս ամսվա սկզբին Քիմը և 36-ամյա ռեպերը այցելել են պալատ և շրջել դրա ընդարձակ տարածքներով:

 

 

 

Անկախ

 

Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների

Խորեն և Գոռ Գևորգյաններ

Խորեն և Գոռ Գևորգյանները

 «Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված  տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս  ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից   «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:

–Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ–ն, ոչ թե Հայաստանը:

Խորեն Գևորգյան – 1991-ին անկարելի էր պահանջներին  համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ   ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:

– Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում  մասնագիտացաք:

Խորեն Գևորգյան – Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց  հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման  նկարահանումը:  Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն  ու գիտելիքները կիրառելով  գոհացնել պատվիրատուներին:

–  Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio»  ընկերությունը:

gor studio (4)Խորեն Գևորգյան – Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք  ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման  փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:

– Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:

Գոռ Գևորգյան – Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:

Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ  ստանալու մեծ ցանկությունը:

gor studio (2)Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:

–Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :

Գոռ Գևորգյան:  2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013»  մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:

–  Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:

Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև  այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:

–  Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:

gor studio (1)Գոռ Գևորգյան – Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:

–  Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:

Գոռ Գևորգյան – Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:

Հարցազրույցը վարեց Հայկուհի  ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Անկախ

 

Մոխրենեսում հինգ ամսում հինգ հարսանիք է եղել. արցախյան գյուղը ժողովրդագրական ցուցանիշները բարելավում է

հարսանիքՀադրութի շրջանի Մոխրենես համայնքում աննախադեպ իրադարձություններ են՝ հինգ ամսում` հինգ հարսանիքհաղորդում է yerkirmedia.am-ը:

Բայց անցնող տարում գյուղի ձեռքբերումները չեն սահմանափակվել միայն ժողովրդագրական ցուցանիշների բարելավմամբ: Մոխրենեսցու սպասելիքներն արդարացել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

– Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջո,  ի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

– Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

– XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

– Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

– Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

– Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

– Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding– Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

– Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

– Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

– Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

– Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

– Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

– Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

– Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

– Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

– Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

Մարտահրավեր ավանդականին

ol3001379586917 (1)Արքայազն Ֆելիքս Լյուքսեմբուրգցին ու նրա հարսնացուն` Քլեր Լադեմախերը որոշեցին հրաժարվել թագավորական ընտանիքի համար ավանդական հանդիսությունից ` ընտրելով համեստ քաղաքացիական պսակադրությունը:

29-ամյա արքայազնի ու նրա 28-ամյա ընտրյալի հարսանիքը տեղի ունեցավ ոչ թե Լյուքսեմբուրգում, այլ գերմանական Ֆրանկֆուրտում, որը նորաթուխ արքայադստեր հայրենի քաղաքն է: Բացի այդ, Քլերը որոշել է հրաժարվել նաև նման մակարդակի համար ավանդական հագուստից ու հյուրերին է ներկայացել կարճ սպիտակ զգեստով: Հանդիսությանը ներկա են եղել նորապսակների ծնողները, քույրերն ու եղբայրները:

Hartmut+Lademacher+Prince+Felix+Luxembourg+Oz8oqbHrqSXlԱվելի շքեղ հարսանիք տեղի կունենա Ֆրանսիայի հարավում, շաբաթ օրը, որտեղ 350 մարդ է հրավիրված: Այնտեղ նորաթուխ ամուսինները կպսակադրվեն «Sainte Marie-Madeleine de Saint-Maximin-la-Sainte-Baume»-ում:

Դրանից անմիջապես հետո Ֆելիքսն ու Քլերը կմեկնեն ամուսնական ճանապարհորդության, որը պետք է  նորաթուխ արքայադստեր համար իսկական անակնկալ դառնա:

Հարսանիք ուղիղ եթերում.Շվեդիայի թագի ժառանգորդուհին ամուսնանում է

o_784638Ստոկհոլմում ավարտվում են արքայադստեր հարսանիքի վերջին նախապատրաստությունները: Արքայադուստր Մադլենը, որը գահի 4-րդ թեկնածուն է, ամուսնանում է ամերիկացի բանկիր Քրիստոֆեր Օ’ Նիլի հետ: Հեռուստատեսությունը հարսանիքի հանդիսությունը  կհեռարձակի ուղիղ եթերում:

XXI դարում թագավորական ընտանիքի համար ուղիղ եթերում հարսանիքի ցուցադրությունը հանրայնության պարտադիր տուրք է: Արքայադուստր Մադլենն այնքան էլ չի սիրում հանրայնություն, սակայն այսօր առանձնահատուկ օր է նրա համար:

“Արքայադուստր Մադլենը փակ մարդ է, նա սովորական նորմալ աղջիկ է բոլորի նման: Իսկ այսօր նա հանրության ուշադրության կենտրոնում կհայտնվի”,աում են ստոկհոլմցիները:

Նրա փեսացուն կայացած բանկիր է: Ծագումով բրիտանացի է ,ունի Ամերիկայի քաղաքացիություն: Երիտասարդները ծանոթացել են  մի քանի տարի առաջ, Նյու Յորքում: Այնտեղ Մադլենն աշխատում էր բարեգործական հիմնադրամում: Ծանր ապրումներ ուներ շվեդ իրավաբանի հետ հարաբերությունների խզման պատճառով.այդ սիրավեպը 8 տարի տևեց: Այն ժամանակ անգամ նշանադրության մասին էր հայտարարվել, սակայն նրանք բաժանվեցին: Մադլենը մեկնեց ԱՄՆ, որպեսզի փոխի իրավիճակն ու խուսափի լրագրողներից: Շվեդական ԶԼՄ-ների հետ Մադլենի հարաբերությունները բարդ են. երբ նա 20 տարեկան էր, մամուլը անխնա քննարկում էր նրա հակումը երեկույթների հանդեպ, իսկ հետո մանրամասն քննարկում էր նրա սիրավեպերն ու բաժանումները:

Հիմա ամեն ինչ այլ է: Հանդիսությանը թագավորական ժամատանը ներկա կլինի 1200 հյուր, իսկ Դրոթինգհոլմ պալատում  կազմակերպված բանկետին կմասնակցի 500 մարդ: Խոհարարներն աշխատում են առանց ձեռքերը ծալելու, իսկ հարսանեկան տորթը պատրաստվելու է անմիջապես հանդիսության օրը:

Հանդիսությունից հետո, նորապսակները կվերադառնան Նյու-Յորք, մանհեթնյան իրենց բնակարան: Քրիստոֆերը թագավորական տիտղոսներից հրաժարվեց: Որոշեց շարունակել իր  առաջվա կենսակերպը: