«Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք». Ռուբեն Հակոբյան

d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a-472x265ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահի կողմից արված հայտարարությունը բավականին լուրջ հայտարարություն էր, որտեղ, անկախ հայտարարության տոնից ու ցինիզմից, կար հստակ վերաբերմունք պետության նկատմամբ և ոչ հարգալից վերաբերմունք Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Չեմ զարմանա, եթե կարճ ժամական հետո Նազարբաևը հանդես գա և ասի, որ պետք է  այն տարածքը, որտեղ ես կամ, անցակետ լինի, և բացի այս պետությունների սահմաններից, որևէ այլ արտադրանք չմտնի Մաքսային միության տարածք: Նրա այդ քայլը արդարացված կլինի, քանի որ մենք մեզ կաշկանդել ենք»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց Նազարբաևի այն հայտարարությունը, որ միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և առանձին դեպքերում ներկայացնելու է այդ երկիրը:

Ռուբեն Հակոբյանը չի կասկածում նաև, որ վաղ թե ուշ Նազարբաևը հանդես կգա առաջարկով, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մտնեն այդ կառույցի մեջ:

«Մենք այս երեք-չորս տարիների արտաքին քաղաքական դեգերումներից հետո, անկախ մեզանից, հայտնվեցինք այնտեղ, որտեղ մեզ տարան-մտցրեցին: Մեզ ասում են՝ ինչ պիտի անենք, իսկ մենք առաց նախաձեռնության ենք ներկայանում: Ես այսօր գիտեմ, որ Ղազախստանը 800 բացառություններ է ներկայացրել, Ղրղստանը, Բելառուսը՝ 200-400 բացառություն, նաև գիտեմ, որ դրանք քաղաքական և տնտեսական որոշակի համակարգ են իրենցից ներկայացնում: Ես չգիտեմ՝ Հայաստանը ներկայացրե՞լ է, կամ թույլ տալի՞ս են, որ Հայաստանը ինչ որ պայմաններ ներկայացնի: Եթե մենք այստեղ փորձում ենք հեքիաթնր հորինել, ապա Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք, դուք իմացեք, որ այստեղ գործելու են բոլորովին այլ խաղի կանոններ»:

Ռուբեն Հակոբյանը հորդորեց իշխանությանը հարցը լրջորեն քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Դուք շատ ավելի խելոք եք, ավելի լավն եք, բայց հավատացեք՝ սա լուրջ քննարկման հարց է, որովհետև, եթե վաղը, մյուս օրը մենք կանգնենք փաստի առաջ, կարևոր չէ՝  դուք եք մեղավոր եղել, մենք, թե քաղաքացիական հասարակությունը: Սա  լրջագույն մարտահրավեր է, և այս մարտահրավերին դիմակայելու համար իշխանությանը պետք է իմաստություն ու խելք, որը, ցավոք, այսօր չունի»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին տեղեկացրեց, որ այսօր Հայաստանը բանակցում է բացառումների վերաբերյալ և ունի  900-1000 բացառումների ցուցակ:

 

Անկախ

Աստանայի խոսափողն ու ռուսական ուղերձները

նազարբաևԱստանայում  մայիսի 29-ին Եւրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի քննարկման պահին Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի հղած նամակի ընթերցումը  հիշեցնում է նախնական քննարկմանը նույն նախագահի` Հայաստանի Հանրապետության հավանական անդամակցության գծով արտահայտած վերապահությունը:

Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:

Կվերադառնանք ուղերձին եւ ղազախական կամուրջին: Նշենք միայն, որ բուռն բանավեճերի դուռ բացած այս խնդիրը  ունի դիտարժան մի քանի կետ:

Նախ այն, որ ՀՀ-ը միջպետական կամ միջազգային համաձայնագրերին կմիանա իր ճանաչված սահմաններով: Դրանցից գլխավորը եթե նկատի ունենանք` ՄԱԿ-ը, այս դեպքում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ՀՀ-ը դրան անդամակցել են իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Խնդիրը այն է, որ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը եւ տնտեսական միության անդամակցությունը հստակ տարբերություն ունեն: Այս դեպքում, մաքսային անցակետերի տեղադրման իրականությունն է, որ Բաքուն շահարկել է եւ Աստանայի միջոցով վերապահություն եւ պայմաններ է արծարծում:

Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության  է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից:

Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:

Չմոռանանք, որ Արցախը միջազգային ընտանիքին ներկայանում է որպես ինքնորոշված տարածք, հետևաբար այն չի կարող նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաս նկատվել: Տարբեր է անշուշտ իրողական բաժինը: Եւ այս բոլորի պատասխանը կլինի ՀՀ -ԼՂՀ առանց մաքսային կետի, ներկա անցակետային սահմանի դրվածքի պահպանումը:

Մտահոգիչը անշուշտ ռուսական գործոնի թույլտվությամբ կարդացվող նամակն է եւ նրա ներկայության արծարծվող նախապայմանային տրամադրությունները: Առանց Պուտինի համաձայնության ոչ մի Նազարբաեւ նման հանդիպումների ընթացքում նախապայմանային հռետորաբանություն չէր կարող օգտագործել:

Նազարբաեւը այստեղ ռուսական խոսափողի դեր է կատարել պարզապես: Ռուսական ուղերձը այլ տեղ եւս առարկայացավ, երբ զենքի նոր քանակի տրամադրում արձանագրվեց Մոսկվայից Բաքու: Ասացինք արդեն, որ ուղերձները հատում էին Բաքվի սահմանը: Նույն Նազարբաեւը, այս անգամ Թուրքիայում, մի քանի  օր առաջ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ վեհաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ապագայում կարող է  դառնալ Եւրասիական տնտեսական միության ընկերակցող անդամ:

Նազարբաեւ նաեւ ընդգծել է թուրքական խորհրդի եւ Եւրասիական տնտեսական միության միջեւ որեւէ տարակարծության բացակայությունը: «Եւրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան եւ այլ երկրներ կարող են ապագայում դառնալ նշյալ միության ընկերակցված անդամ»:

Մայիսի 25-ին Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռարձակված բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ներկա դրությամբ Թուրքիան չի կարող անդամակցել Եւրամիությանը: ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից անցքերի փակումը Անկարայի առաջ, Եւրասիական միության ճարտարապետներին  մղել է «էստի համեցեք» ասելու Թուրքիային:

Այս բոլորը իրենց հերթին: Ալիեւի նամակը, Նազարբաեւի խոսափողի դերը, ռուսական ուղերձը, հայկական լռությունը կամ Անկարային ուղղված հրավերը երկրորդական նշանակություն կունենան: Կարեւորը Հայաստանի Հանրապետության  եւ Արցախի միջեւ մաքսային կետի բացառումն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերէի գլխավոր խմբագիր

 

Ապագա գործընկերոջ «բարեկամական» ապտակը Հայաստանին

նազարբաևԱնցնող շաբաթ հայության ուշադրության կենտրոնում մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստն էր, մասնավորապես` դրա ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարություն-առաջարկը, այն է` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ ՀՀ-ն դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում: Սա բացատրվեց «իրենց մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում չգրգռելու» նկատառումով: Եվ դիմելով Սերժ Սարգսյանին` նա ասաց. «Դուք այդպես եք մտել ԱՀԿ, նախադեպը կա»: Ի լրումն` ավելորդ չհամարեց ընդգծել, որ ՄՄ նախագահները նման պահանջով նամակ են ստացել Ադրբեջանի նախագահից:

Ըստ էության` Նազարբաևի հայտարարությունը նշանակում է Հայաստանի անդամակցության նախապայման, և Ղազախստանի նախագահի նման կեցվածքը բնավ տարօրինակ չէ: Երբ այս տարվա սկզբներին քննարկվում էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու և դրա համար անհրաժեշտ «ճանապարհային քարտեզ» մշակելու հարցը, Ղազախստանի նախագահը հստակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցության վերաբերյալ հատուկ կարծիք ունի ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերի ճշգրտման կապակցությամբ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Նազարբաևի հայտարարությանը, նշեց, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ նման սահմանների հարց չի եղել, ՄԱԿ-ում Հայաստանի սահման չի ամրագրվել, ինչպես և ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասի դեպքում: Փաստորեն, Նազարբաևը բերեց մի փաստարկ, որը գոյություն չունի:

Որքան տհաճ, այնքան էլ ձևական հայտարարություն

Արժե ուշադրություն դարձնել, որ Նազարբաևի նախապայմանում չի խոսվում ամենակարևոր խնդրի` Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծին անցակետեր դնելու անհրաժեշտության մասին, ու հայտարարությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում: Հարցն այն է, որ Հայաստանի և Արցախի միասնականության հարց` դիվանագիտական առումով, ընդհանրապես գոյություն չունի: Արցախը, և դա բազմիցս հայտարարվել է նաև ՀՀ-ի կողմից, երբեք Հայաստանին չի պատկանել և չի պատկանում: Հետևաբար, խնդիրն այն ձևակերպմամբ, որով փորձում է մատուցել Նազարբաևը, ընդհանրապես գոյություն չունի:

Հայտարարությունից անմիջապես հետո բոլորը հույս էին հայտնում, որ ՀՀ նախագահն ըստ արժանվույն կպատասխանի Ղազախստանի նախագահի հայտարարությանը: Սակայն Սերժ Սարգսյանը Աստանայում ոչինչ չասաց: Եվ միայն Հայաստանում` Ծաղկաձորում, մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին, նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի կազմում այսօր: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Ինչ վերաբերում է օրերս լայնորեն քննարկվող այն տեսակետին, թե Նազարբաևի հայտարարությունը ենթադրել է տալիս, որ ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ կտեղադրվի, ապա դրան բավական հստակ է պատասխանել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հայաստանն արդեն 11 տարի է, ինչ ԱՀԿ-ին է անդամակցում, այս ընթացքում որևէ մեկը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեսե՞լ է»,- ասել է նա:- Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար հետ մի ընդհանուր տնտեսական տարածք են կազմում, ու այդ տարածքում մաքսակետեր չեն լինելու»:

Ղազախստանին, իր «բարեկամասիրության» համար, դեռ ոչ ոք չի սաստել

Բայց շատ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք, որը «հուշեց» ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը` նշելով, թե Նազարբաևը, իր իր խոսքում մեջբերելով Ադրբեջանի նախագահի նամակը, կասկածի տակ է դնում Եվրասիական տնտեսական միության ապագան. «Որովհետև Եվրասիական տնտեսական միությունն անվտանգության միջավայր է, և եթե այդ անվտանգության միջավայրում այդ միջավայրին ոչ մասնակից երկրի միջնորդությունը քաղաքական հայտարարություններ անելու հիմք է այդ անվտանգության միջավայրին մասնակից երկրի ղեկավարի համար, դա նշանակում է, որ այդ ղեկավարը դրանով կասկածի տակ է դնում միջավայրի ապագան»: Իրոք, Նազարբաևի հայտարարությունից պարզ է դառնում, որ Եվրասիական տնտեսական միությունում դրան ոչ մասնակից Ադրբեջանի տեսակետն ավելի շատ է հարգվում, քան մասնակից դառնալ փորձող Հայաստանի, ու հարց է առաջանում` ո՞րն է նման միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, չարժե՞, որ Հայաստանը վերանայի իր արտաքին քաղաքականությունը: Այս առումով էլ ԼՂՀ փոխվարչապետը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը, անկախ նրանից, թե որ անվտանգության միջավայրում է գործունեություն իրականացնում, պետք է միշտ հաշվի առնի այն հանգամանքը, որ ՀՀ-ն եղել և մնալու է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը:

Մեկ հարց, այնուամենայնիվ, մնում է առկախ Հայաստանի համար: Բացառված չէ նոր, արհեստական խոչընդոտների հարուցումը նույն Ղազախստանի կողմից: Որովհետև Նազարբաևն իր «ընկերոջը»` Ադրբեջանի նախագահ Ալիևին չնեղացնելու պատճառաբանությամբ արդեն բազմիցս Հայաստանի համար խնդիրներ է ստեղծել տարբեր հարթակներում` Իսլամական երկրների կոնֆերանսում, ՄԱԿ-ում, ամենուր: Բայց ամենացցուն օրինակները, թերևս, կապված են ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցի հետ: Նազարբաևին քանիցս հաջողվել է խանգարել Հայաստանի անդամակցելուն, և ոչ միայն, նաև ԵՏՄ-ի հիմնադիր անդամ դառնալուն, որով մեր ղազախ «բարեկամը» կասեցեց Հայաստանի` համահիմնադրի կարգավիճակից բխող շահաբաժիններից, քաղաքական առավելություններից, որոշումների վրա ազդելու հնարավորություններից օգտվելու շանսերը: Եվ Ղազախստանի կողմից նման «բարեկամական ժեստերը» ապագայում էլ բացառված չեն, առավել ևս, որ դրանց համար ոչ ոք նրան չի սաստում:

 

Ալիևը երախտագիտության խոսք է ասել Նազարբաևին

2Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում, հաղորդում է “Հագին” կայքը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղում կատարելով։

Ըստ տեղեկության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Իլհամ Ալիևն իր և ողջ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին՝  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում  Ադրբեջանի դիրքորոշմանը  սատարելու համար։ Այս հարցը քննարկվել է Աստանայում:

Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ կոչ էր արել Հայաստանին Եվրասիական միություն ընդունել  միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

«Իրականում Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել». Հրանտ Բագրատյան

Hrant-BAgratyan2

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասն այսօր տաքացած սույն հարցն էին քննարկում։ Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել։ ԼՂՀ-ն իզգոյ չէ։

Երբ ԱՀԿ-ում ՀՀ անդամակցության հարցն էր քննարկվում, միջազգային այդ կառույցն այսպիսի որոշում կայացրեց, քանի որ քաղաքական առումով աշխարհը ստեղծել է Մինսկի խումբ, որն էլ պիտի որոշի ԼՂՀ կարգավիճակը, ապա տնտեսական առումով որ երկրի միջոցով Արցախը առևտուր կանի, դա խնդիր չէ։ Նմանապես, ԼՂՀ-ն այսօր լիուլի օգտագործում է հայկական դրամը և ԱՄՀ-ն չի կարող դրան առարկել։ Ավելին, մենք ԱՄՀ-ից վարկեր ենք ստանում։ Նշեմ նաև, որ ինքս օժանդակել եմ ԼՂՀ տնտեսության մեջ ճանաչված տրանս-ազգային կորպորացիաների ներդրումներին։ Մեր հարևան պետությունը բողոքել է միջազգային ատյաններում, բայց մերժում է ստացել. ԼՂՀ տնտեսական ինքնուրույնությունը միանշանակ հարգվել է։ Այնպես որ, այս պահի դրությամբ (եթե այլ փաստաթուղթ չընդունվի) ԼՂՀ կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ապրանքների ու ծառայությունների վրա գրելով. «Արտադրված է Հայաստանում»։

 

Անկախ

Ստորագրահավաք` Նազարբաևի արձանն ապամոնտաժելու համար

i (2)Ակտիվիստների խումբը մտադիր է քաղաքային պրոֆուսումնարանի շենքից քանդել-հանել Ղազախստանի նախագահի բարձրաքանդակը:

Այն 2005-ին է տեղադրվել: Սկզբում կարմիր ներկ լցրեցին քանդակի վրա, իսկ հաջորդ օրը, դրա կողքին ցույց ու բարձրաքանդակը ապամոնտաժելու համար ստորագրահավաք կազմակերպվեց:

Ինչպես հաջողվել է լրագրողներին պարզել, ձեռնարկի հեղինակները մարքսիստ-լենինիստներն են, որոնք հանդես են գալիս Նազարբաևի դեմ` 2 տարվա վաղեմություն ունեցող Ժանաոզենի դեպքերի կապակցությամբ:

“Ուկրաինայում չպետք է Նազարբաևի արձան  լինի, այն ռեպրեսիաներից հետո, որ կատարվեցին 2 տարի առաջ.մարդիկ գնդակահարվեցին, բանտարկվեցին”:

Ի դեպ, այս ուսումնարանի պատին Նազարբաևի բարձրաքանդակը հայտնվել է միայն այն պատճառով, որ նա ինչ որ ժամանակ այստեղ է սովորել: