«Ֆիլմերը պետք է արտացոլեն իրականությունը». Ամոս Գիտայ

gitaj.Իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայն ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆրանսիայում ստեղծել է յուրահատուկ գործեր, որոնցից 40-ը վավերագրական և խաղարկային ֆիլմեր են: Ռեժիսորն իր վավերագրական ֆիլմերից մեկի` «Դաշտային օրագրի» բացասական արձագանքի պատճառով 1983 թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ էլ ստեղծում է բազմաթիվ վավերագրական, պատմական և խաղարկային ֆիլմեր:

Ներկայացնում ենք Ամոս Գիտայի հետ «Անկախի» հարցազրույցն ամբողջությամբ:

– Ինչպե՞ս եք սկսել ձեր ռեժիսորական կարիերան:
– Շատ սովորական, վավերագրական ֆիլմերից, ինչը շատ մեծ գումարներ չէր պահանջում:

– Ո՞րն է Ձեր ֆիլմերի առանցքային թեման:
– Իսրայել-արաբական հակամարտությունը, կրոնը, գաղթը, պատմությունը, քաղաքական հարցերը: Կարևորում եմ ֆիլմի բովանդակությունը, հակասությունն ու բաց հասարակությունը: Ֆիլմը պետք է օգտագործենք այն ժամանակ, երբ այն կարտացոլի իրականությունը:

– Հայաստանում ցուցադրած «Ազատ գոտի» ֆիլմի հատկապես սկզբի մասում երկար ու դանդաղ կադրեր են օգտագործված: Բացի այդ, հաճախ գերակշռում են կանանց կերպարները: Ինչո՞ւ:
– Դրանում իմաստ կա: Միջին Արևելքում տղամարդկանց դերակատարությունը մեծ է, ինչի պատճառով էլ հակամարտությունները շատ են: Եթե ապավինեինք կանանց ողջամտությանը, խաղաղություն կտիրեր:

– Ուրեմն կողմ եք ֆեմինիզմին…
– Ոչ: Պարզապես տղամարդիկ հակված են ավելի շատ աշխարհն ու մարդկանց տարբերակելու երկու` սև ու սպիտակ, չար ու բարի բևեռների, մինչդեռ բոլորն էլ ունեն թե՛ վատ, թե՛ լավ կողմեր: Դրա համար, կարծում եմ, պետք է օգնության գան կանայք:

– Խոսեցիք հայերի ու հրեաների մասին: Ի՞նչն է նրանց նմանությունը:
– Երկուսն էլ ջարդեր են տեսել, հետևաբար, ինքնության պահպանման խնդիր ունեն:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցին:
– Այդ չափազանց կարևոր խնդիրը վերաբերում է մեր ապագային, առանց որի հնարավոր չէ առաջ ընթանալ: Չեմ հասկանում` ինչու թուրքերը չեն ճանաչում ցեղասպանությունը: Օրինակ` հրեաները գոյատևել են գաղափարին հավատալով, սակայն այսօր, ցավոք, գրեթե բոլորը հավատում են միայն փողի ուժին: Ինչ վերաբերում է կինոյին, ապա այն շատ հզոր միջոց է հիշողությունը պահպանելու, սոցիալ-քաղաքական հարցեր բարձրացնելու և լուծելու համար:

– Ստեղծագործելիս ի՞նչն է Ձեզ ամենից շատ ոգեշնչում:
– Համաշխարհային դասականները, տաղանդավոր մարդիկ և,իհարկե, կանայք (ծիծաղում է):

– «Անա Արաբիա» ֆիլմում, որը մեկ ամբողջական կադրից է բաղկացած, հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում քայլելով, անտարբերությամբ Յաֆֆայի բնակիչների պատմածներն է լսում: Դա թաքնված որևէ խորհուրդ, իմաստ ունի՞:
– Գլխավոր դերակատարուհու անտարբերությամբ փորձել եմ արտահայտել այն միտքը, որ անապահով համայնքում նկարահանելիս պարտադիր չէ` այդտեղի անդամ դառնաս: Այդ պատճառով նա չէր միաձուլվում տվյալ միջավայրին:

– Սակայն ֆիլմի վերջում դերասանուհուն հետաքրքրում են այդ պատմությունները, անգամ փորձում է բացահայտել իրականությունը:
– Այո: Ես ֆիլմի լեզվով ցանկացել եմ ասել, որ իսրայելցիների ու արաբների կապը չպետք է խաթարվի:

– Երբ հետ եք նայում Ձեր անցած մասնագիտական ճանապարհին, ի՞նչ եք զգում:
– Իրականում ինձ արհեստավարժ չեմ համարում և դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու:

– Չափազանց համեստ եք: Այսօր կինեմատոգրաֆիայում ի՞նչ է պակասում:
– Կինոդպրոցները մեծ թվով մասնագետներ են պատրաստում, մինչդեռ նրանց զգալի մասն ընդվզող և պայքարող չէ, ինչի պատճառով էլ շատ գլուխգործոցներ չեն ստեղծվում: Այսօր կինոյում գաղափարական սով է: Հուսամ` կգա կինոյի ծաղկուն և նոր մտքերի ժամանակաշրջան:

Ելենա Չոբանյան

Նախանձը համընդհանուր խնդիր է

shalՌուս ռեժիսոր Վլադիմիր Խարչենկոյի և պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի «Նախանձ» 22 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված էր 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» ծրագրում: Այն խորհրդածություն է Կայենի և Աբելի պատմության թեմայով: Ֆիլմի սյուժեն երկու ծեր մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ հիվանդանոցում են: Ներկայացնում ենք պրոդյուսեր Դիանա Շալաշնայայի հետ հարցազրույցը:

– «Նախանձը» շատ հետաքրքիր և մտածել ստիպող ֆիլմ էր:
– Շնորհակալ եմ, սակայն մի քիչ բարկացած եմ, քանի որ ֆիլմը կոնտրաստներով էր և պատկերների մեծ մասն այնպես չէին երևում, ինչպես պետք էր: Այն շատ մութ էր: Ուզում եմ իմանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է եղել դահլիճում…

– Ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը, ձեր կարծիքով:
– Այն դիմացինին չկամենալու, նախանձի մասին է: Դեպքերը սկսվում են հիվանդանոցում` մեկ սենյակում: Երկու հիվանդ մարդ պառկած են հիվանդանոցում, և նրանց մեջ նախանձ է առաջանում: Նրանցից մեկը գամված է անկողնում, չի կարողանում ինքնուրույն շարժվել, պառկած է պատուհանից հեռու պատի տակ, կանչի զանգի կողքին: Մյուսը կարողանում է քայլել, և նրա մահճակալը միակ պատուհանի մոտ է, որով կարողանում է տեսնել դրսի աշխարհը: Եվ առաջին տղամարդը սկսում է նախանձել երկրորդին: Երբ քայլել կարողացող հիվանդը հանկարծ շատ վատ է զգում և խնդրում է մյուսին բժիշկներին օգնության կանչել, առաջինը, որին մոտ է կանչի կոճակը, չի սեղմում, և երկրորդ տղամարդը մահանում է: Ֆիլմի վերջում անկողնուն գամված տղամարդուն տեղափոխում են պատուհանի մոտ: Նա դանդաղ բարձրանում է և վերջապես շունչ քաշում` գլուխը դուրս հանելով պատուհանից:

– Ի՞նչ է հիշեցնում ֆիլմը:
– Ֆիլմի սցենարն ինձ հիշեցնում է Օ՚ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Այսինքն` այդ երկու թեմաներն էլ հավերժական են:

– Իսկ ինչո՞ւ է ռեժիսորն ընտրել հենց ծեր մարդկանց կերպարը: Կարծում եք` երիտասարդների մեջ նախանձը չի՞ խոսում:
– Ոչ, պարզապես ծեր մարդիկ շատ են ցանկանում ապրել, շարունակել, ամեն գնով յուրաքանչյուր պահ վայելել և ոչ մի պահ բաց չթողնել: Ֆիլմի կերպարներն ապրում են մեկ հիվանդանոցի ընդամենը մեկ սենյակում և ոչինչ չունեն, բացի ապրելու ցանկությունից: Նախանձը մարդկության համընդհանուր դիլեմա է:

– Ի՞նչ ազդեցություն կարող է այս ֆիլմն ունենալ հանդիսատեսի վրա:
– Կարծում եմ` մարդիկ ֆիլմը կընկալեն տարբեր կերպ` ելնելով իրենց գաղափարներից, մտածելակերպից: Հետևաբար, դիտածից կարող են դաս քաղել, խորհել կամ ոչինչ էլ չսովորել:

 

 Ելենա Չոբանյան

Հայաստանի և Չինաստանի միջև նմանություններ կան

jia-zhangkeԱշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն անմոռանալի հետք թողեց Երևանի 11-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում` արժանանալով «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի:
1970 թ. Չինատանում ծնված Չժանկեին ֆիլմը սկսել է հետաքրքրել 90-ականներից, երբ դեռևս Շանհայի համալսարանի արվեստի ուսանող էր: Ռեժիսորը սկսեց ֆիլմեր նկարել 1998-ից, երբ Չինաստանը մեծ փոփոխությունների ժամանակահատվածում էր: 1994 թ. նա նկարահանել է «Մեկ օր Պեկինում», 1995-ին` «Գնում եմ տուն», 1997/98-ին` «Գրպանահատը» ֆիլմերը: Վերջինս հաջողություն ունեցավ Նանտի, Բեռլինի և Վանկուվերի փառատոներում: 2000 թ. նկարահանած «Բեմահարթակ» և «Անիմանալի հաճույքներ» ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի ու Կաննի կինոփառատոների մրցույթներում, իսկ 2006-ին «Նատյուրմորտը» Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի: 2001- 2013 թթ. Չժանկեն նկարահանել է «Շների պայմանը», «Աշխարհը», «Անօգուտը», «Մեր տասը տարիները», «24 քաղաք», «Սև նախաճաշ», «Կուզեի իմանալ», «Մեղքի հպում» ֆիլմերը: Վերջինս անցած տարի մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում «Լավագույն սցենար» անվանակարգում:
Ներկայացնում ենք «Անկախի հարցազրույցը» Ցզյա Չժանկեի հետ:

– Ձեր ֆիլմերում Չինաստանը հիմնականում նկարագրված է հուսահատ երանգներով, անդրադառնում եք չինական հասարակության, սոցիալական անհավասարության և այլ խնդիրներին: Ինչո՞ւ:
– Իմ ֆիլմերի առանցքային թեման այսօրվա Չինաստանի արագ փոփոխվող հասարակությունն է: Մեծ ուշադրություն եմ դարձնում փոփոխություններին և դրանց ազդեցությանը չինացի հասարակության վրա: 1970 թ. իմ հայրենիքը թևակոխել էր մշակութային հեղափոխությունը, այն միտված էր հասարակության մեջ անհետացնելու ավանդական, կապիտալիստական և մշակութային տարրերը: Չինաստանն աղքատ երկրից վերածվեց հարուստ երկրի, ինչը հանգեցրեց արժեքների փոփոխության: Ինձ համար ֆիլմում ամենից կարևորը գեղեցկությունն է, որն առկա է այն ժամանակ, երբ արտացոլում ես իրական աշխարհը: Սակայն հաճախ դժվար է վավերագրությամբ ճշմարիտ իրականությունն արտացոլել: Ինձ համար ամենակարևորը աշխարհը, մարդկանց հասկանալն ու հարգելն է:
– Առհասարակ մշակույթն ու ֆիլմերը կարող են փոխել աշխարհը, մարդկանց, թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Ձեզ դա որքանո՞վ է հաջողվում:
– Միայն մեկ ռեժիսորն իր արվեստով, աշխատանքով չի կարող մի ամբողջ հասարակություն և մտածելակերպ փոխել:
– Չինաստանի կինոհամակարգն իրո՞ք արգելում է որոշ ֆիլմերի ցուցադրությունը:
– Այո: Իմ հայրենիքում դեռ կա ցենզուրա ասվածը, և շատ ռեժիսորներ չեն կարողանում ամեն ինչ նկարահանել և ցույց տալ: Ավանդույթներն են զսպում դա: Բայց չինական ռեժիսորները միշտ ցանկացել են ազատվել այդ «զսպաշապիկից»: Հուսանք` մի օր դանդաղորեն կհասնենք այդ ազատությանը: Իրականում փոփոխությունների համար համբերություն է պետք: Հավատում եմ մշակույթի հզորությանը: Համենայն դեպս, այսօրվա Չինաստանն ավելի բաց է, քան առաջ:

– Ձեր ֆիլմերի մեծ մասի գլխավոր դերակատարը հենց ձեր կինն է` Չժաո Թաոն: Ուրա՞խ եք դրա համար:
– Այո, շնորհակալ եմ նրան: Բայց կարծում եմ` նա ուրիշների ֆիլմերում ավելի լավ է խաղում, քան իմ (ժպտում է):

– Ի՞նչ նմանություն կա Հայաստանի և Չինաստանի միջև:
– Ավանդույթներն ու դուդուկը, մելանխոլիկ երաժշտությունը: Շատ նմանություններ կան, բայց և տարբեր են: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայերի և հայկական մշակույթի հետ:

 

Ելենա Չոբանյան

Իմ նկարահանած ֆիլմերի առանցքը մարդն է. Հայաստանում է Ցզյա Չժանկեն

Ցզյա Չժանկե«Ֆիլմը կարևոր գործիք է, ֆիլմերի միջոցով հնարավոր է ցույց տալ մեր ունեցած փորձը, կյանքը, կիսել բոլորի հետ» , – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն, ով  Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար:

Ռեժիսորի միանգամից 7 ֆիլմ ցուցադրվել է փառատոնի շրջանակներում` «Հետահայաց ցուցադրություններ» խորագրի ներքո: Սա հնարավորություն տվեց հայ կինոսերներին ավելի լավ ճանաչել ժամանակի մեծագույն կինոստեղծողներից մեկը համարվող ռեժիսորի աշխատանքները:

Ցզյա Չժանկեն պատանեկության տարիներին նկարչություն է ուսանել, սակայն հետագայում տարվել  է խաղարկային կինոյով:  Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը` «Գրպանահատը» (1998), մեծ հաջողության հասավ Բեռլինի, Նանտի և Վանկուվերի փառատոներում: «Բմահարթակ» (2000) և «Անիմանալի հաճույքներ»   ֆիլմերը ներկայացվել են Վենետիկի և Կաննի կինոփառատոների պաշտոնական մրցույթում: 2003-ին Ցզյա Չժանկեն հիմնեց Xstream Pictures կինոընկերությունը, Չինաստանի երիտասարդ տաղանդավոր ռեժիսորներին աջակցելու համար: Նրա «Նատյուրմորտը» 2006-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե առյուծ»  մրցանակի:

«Շատ ուրախ եմ Հայաստան գալու համար: Ուրախ եմ, որ իմ 7 ֆիլմերը ցուցադրվեցին և ես առիթ ունեցա ներկայանալ հայ հանդիսատեսին: Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ Հայաստանին, մարդկանց բնությանը, հայկական մշակույթին և պատմությանը», – ասաց Ցզյա Չժանկեն:

Խոսելով չինական կինոյի վերջին շրջանի միտումներից` ռեժիսորն ասաց, որ միայն անցած տարի 800 ֆիլմ է նկարահանվել. «Վերջին տարիներին որոշ գործարարներ սկսել են ուշադրությունը բևեռել այս ոլորտի վրա, ներդրումներ են կատարում: Սա   հնարավորություն է տալիս շատ ֆիլմեր նկարահանել: Սակայն մյուս կողմից էլ դա վատ է, քանի որ բոլոր նրանք, ովքեր ֆինանսավորում են, ցանկանում են հոլիվուդյան արտադրանքներին նման լինեն ֆիլմերը. արդյունքում հոլիվուդյան ուղղվածություն չունեցող ֆիլմերը գնալով քչանում են»:

Ցզյա Չժանկեն իր ֆիլմերում հաճախ է բարձրացնում ընտանեկան թեմաները: Նա հիմնավորում է դա այն բանով, որ ընտանիքը չինական հասարակության բջիջն է, և, ցույց տալով այն փոփոխությունները, ինչ տեղի են ունենում ընտանիքներում, նույնն է,  թե ներկայացնել` ինչ փոփոխություններ են լինում հասարակության մեջ: Չինական տնտեսության զարգացումը իր ազդեցություն  է թողնում ընտանիքի վրա: Այդ կարևոր բջիջը  սկսել է փոխվել և քայքայվել. «Կարևոր է, թե այդ փոփոխություններին ինչպես են մարդիկ դիմակայում, ինչ ազդեցություն են թողնում դրանք նրանց վրա», – ասաց ռեժիսորը` ընդգծելով, որ իր նկարահանած բոլոր ֆիլմերի առանցքը մարդն է, բայց բոլոր այս մարդիկ կապված են հասարակությանը. «Չեմ ուզում կտրել մարդու և հասարակության կապը: Հատկապես հիմա, երբ Չինաստանում յուրաքանչյուր մարդու կյանքը տնտեսության զարգացման ազդեցությունն է կրում»:
 Անկախ

 

«Ոսկե ծիրան». «Կորիզ» ծրագրում այս տարի 2 հայկական ֆիլմ է ներկայացված

Կորիզ«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 11-րդ կինոփառատոնի ընթացքում այս տարի ևս  գործում է կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը` «Կորիզ» խորագրի ներքո: Անվանակարգում ներկայացված ֆիլմերի հեղինակները ներկայացնում են ինչպես Հայաստանը, այնպես էլ այլ երկրներ` Լեհաստան, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն:

Ծնունդով Դանիայից` Շարլոթ Շյոլերը ներկայացնում է «Բոլոր հնարավոր միջոցներով» ֆիլմը, որը տևում է 16 րոպե: Խաբվելու վախից տագնապած՝ դանիուհի Բաբեթը, որ Փարիզում բնակարան է փնտրում, ներքաշվում է մի անհեթեթ արկածի մեջ, որը նրան դրդում է Փարիզը բացահայտել անսպասելի տեսանկունից:

Ռեժիսորը խոստովանում է, որ սյուժեն անձնական փորձից է ծնունդ առել և միտված է բարձրացնելու մուսուլման կանանց հագուստի և փարաջաների նկատմամբ տարածված կարծրատիպերի խնդիրը.  «Մենք չպետք է անհանդուրժող լինենք սև հագուստներ հագած կանանց նկատմամբ: Գուցե այդ փակ հագուստի հետևում մի ազատ հոգի է թաքնված», – ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով Անկախի հարցին` Շարլոթ Շյոլերը նշեց, որ ֆիլմը նաև բոլոր այն անձանց մասին է, ովքեր հասկացված չեն հասարակության կողմից. «Այո, ֆիլմի հերոսուհին հասկացված չէ, սակայն փոխում է հասարակության ձևավորած կարծրատիպերը», – ասաց նա:

Հայաստանում է նաև Մաչեյ Մարչևսկին, ով նկարահանել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` ըստ «Վերելակ» ռադիոպիեսի: Ամբողջ պատմությունը տեղի է ունենում կանգ առած վերելակի մեջ: Երկու մարդ մնացել են ներսում: Նրանք զարմանալի խաղ են սկսում: Համատեղ կյանք են հորինում, մտացածին պատմություններ անում իրար առաջին ռոմանտիկ ու զվարճալի հանդիպման մասին և շարունակում մինչև ծանոթության դրամատիկ ավարտը: Ինչևէ, երևակայականը շուտով միահյուսվում է իրականում ապրածին: Նրանց անմեղ խաղը վերածվում է բուռն զգացմունքներով համակված դրամայի:

Մաչեյ Մարչևսկին նշեց, որ սա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է. դրանից առաջ նա 15 տարի դերասան է եղել: «Սա իմ առաջին ֆիլմն է, և նկարահանումների ընթացքում ես շատ բան սովորեցի թե´ մարդու հոգու, թե´ ռեժիսորական աշխատանքի վերաբերյալ»:

«Խաղեր» ֆիլմը այն  մասին է, թե ինչպես լավ բանը շատ արագ կարելի է վերածել վատի, թե ինչ ցավագին ու անողոք են այն խաղերը, որ խաղում ենք մեր կողքի մարդկանց հետ», – հավելեց Մաչեյ Մարչևսկին

 

Ծրագրում ներկայացված են նաև` «Ստվեր»(ռեժ. Նիկոլայ Հովհաննիսյան), «Ճանապարհ» (ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան), «Նախանձ» (ռեժ. Վլադիմիր Խարչենկո-Կուլիկովսկի) ֆիլմերը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ նշեց, որ այս տարի շատ մեծ դժվարությամբ են ֆիլմերն ընտրվել. «Այս տարի շատ հետաքրքիր բան է եղել՝ կապված հայկական ֆիլմերի հետ. բոլոր տարիներին մենք շատ դժվարությամբ էինք հայկական ֆիլմ ընդգրկում ծրագրում, բայց այս տարի շատ են: Համարձակորեն 2 հայկական ֆիլմ ենք ընդգրկել՝ առանց որևէ վերապահումների, իսկ եթե անցյալ տարիների չափանիշներով նայենք՝ 10 ֆիլմ կարող էինք ընդգրկել»:

Արամ Շահբազյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ անցած տարիների համեմատ` «Կորիզի» հանդիսատեսի թիվը նույնպես մեծացել է. «Այժմ և՛ առավոտյան ժամերին են շատ նայում, և՛ երեկոյան, այսինքն՝ «կորիզը» իր հաստատուն տեղը սկսել է ունենալ այս չորս տարիների ընթացքում»:
Անկախ

Ներգաղթյալները պարզապես վիճակագրական թվեր չեն. Մանո Խալիլի ֆիլմը` «Ոսկե ծիրանի» էկրաններին

Մանո Խալիլ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է քուրդ ռեժիսոր Մանո Խալիլի «Մեղվապահը» ֆիլմը:

Այն մի գեղեցիկ պատմություն է մեղվապահի մասին: Թուրք-քրդական պատերազմի թոհուբոհում նա կորցնում է ամեն ինչ՝ կնոջը, զավակներին, իր երկիրը և ավելի քան 500 մեղվի փեթակները՝ ապրուստի միջոցը: Նրան մնում է միայն իր սերն առ մեղուները և անխախտ հավատը մարդ անհատի նկատմամբ՝ անկախ ծագումից: Զրկանքներով լի երկարաձիգ ոդիսականից հետո մեղվապահը հայտնվում է Շվեյցարիայում և նոր կյանք սկսում մեղվապահության  հանդեպ տածած իր կրքի շնորհիվ:

«Սա մի մարդու մասին է, ով կորցրել է ամեն ինչ, բացի մարդկության, ընկերների և մեղուների հանդեպ տածած իր սիրուց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց իր ֆիլմը Մանո Խալիլը: Նա պատմեց, որ 4 տարի առաջ է իմացել այդ մեղվապահի կյանքի ողբերգության մասին և Շվեյցարիայի գողտրիկ անկյունում ապաստանած քրդի մասին պատմությունը նրան շատ ինքնատիպ և տաօրինակ էր թվացել.  «Երբ ես ասացի. որ ցանկանում եմ նրա մասին ֆիլմ նկարահանել, Իբրահիմը շատ ուրախացավ, որովհետև նա տեսել էր իմ ֆիլմերից մեկը»:

Ռեժիսորն ու մեղվապահը ժամանակի ընթացքում մտերմացել են և Խալիլի համար կարևոր էր ճիշտ կերպով հաղորդել այն գաղափարը, որ նա ցանկանում էր հաղորդել.    «Չեմ նկարահանել, որպեսզի հետո գնամ ինչ-որ փառատոնների մասնակցեմ:  Մեր միջև իսկապես մեծ ընկերություն ստեղծվեց, ես դեռ ժամանակ առ ժամանակ զանգում եմ Իբրահիմին; Նա ինքն էլ շատ էր ցանկանում, որ ֆիլմը լավ նկարահանվեր: Մի անգամ, երբ Իբրահիմը քնած էր, շատ հետաքրքիր պահ եղավ. նա խռռացնում էր, ես չէի ուզում դա նկարահանել, սակայն նա ասաց, որ պետք է դա էլ ներառել ֆիլմում, որպեսզի ամեն ինչ անկեղծ լինի»:

Մանո Խալիլը ընդգծեց, որ չի փորձել որևէ ազգային խնդիր բարձրացնել. «Քրդերը հայերի նման սփռված են ամբողջ աշխարհում: Փորձել եմ բարձրացնել ներգաղթյալների խնդիրը, ցույց տալ, որ նրանք պարզապես վիճակագրական թվեր չեն, այլ առաջին հերթին մարդ են; Այո´, գլխավոր կերպարը քուրդ է, սակայն իմ խնդիրը ազգային չէր: Նա մարդ է. ես հաշվի չեմ առել նրա ազգությունը կամ կրոնը: Ես ներկայացնում եմ նրա կյանքի ողբերգությունը: Իբրահիմը չի հայտնվել այլ երկրում, քանի որ ցանկացել է փող վաստակել, պարզապես այդպես են հանգամանքերը դասավորվել»:

Անկախ

«Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերն անդրադառնում են յուրահատուկ թեմաների

ոսկե ծիրան.վավերագրական«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրն այս տարի աչքի է ընկնում յուրահատուկ պատմություններով և թեմատիկ բազամազանությամբ:  Գերակշռում է ազգային թեման. Իսրայելի անկախության տոնին նվիրված արարողությունից մինչև Ռուսաստանի մասին օտարեկրացիների մոտ ստեղծված կաղապարները: Սակայն մեծ թեմաները կինոդիտողին են հաղորդվում մեկ կերպարի կամ զույգի կյանքի դրամայի միջոցով:

Ֆիլմերից մեկը Հեյլիկա Պիկկովի «Ձիթենյաց լեռան ծաղիկներ»  կինոնկարն է: Այն պատմում է 82-ամյա էստոնացի միանձնուհի մայր Քսենյայի մասին, ով ապրում է Երուսաղեմի կողքին, ռուսական ուղղափառ վանքում՝ Ձիթենյաց լեռան վրա: Միանձնուհիների աստճանակարգման մեջ այժմ նա հասել է վերջից երկրորդ աստիճանին: Մայր Քսենյան գնում է դեպի բացարձակ լռություն, մեծ սխիմա: Բայց մինչ այդ նա թույլտվություն է ստացել մի վերջին անգամ իր կյանքի պատմությունն անելու:

 

«Ինձ հաճախ են հարցնում` արդյոք սա ֆիլմ է կրոնի մասին: Ո´չ, սա ներքին կոնֆլիկտների մասին է, այն մի կնոջ մասին է, ով անցնում է երկրից երկրիր, 80 տարեկանում հայտնվում  մենաստաում, որտեղ պետք է շարունակի կյանքը: Սակայն մեկ հետաքրքիր փաստ կա` նա երեք անգամ ամուսնացած է լինում»,- ասաց ֆիլմի հեղինակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ իր համար կարևոր է, որ ֆիլմը ցուցադրվում է Հայաստանում:

Երևանում է նաև ներկայացված ֆիլմերից մյուսի` «Արարողություն» կինոնկարի հեղինակները` Ավի Վայսբլայը և Էլիրան Քնոլերը:  Ֆիլմը պատմում է 80-ամյա գնդապետ Դավիթ Ռոքնիի մասին, ով Իսրայելի անկախության օրվան նվիրված ազգային արարողության հրամանատարն է լինելու: Ինչպես վերջին 30 տարում, նա զբաղված է ավանդական ռազմական շքերթի համար անհրաժեշտ լարված վարժանքներով, տողանցի և քայլերթի մարզումներով, մի գործ, որն ուրիշ ոչ ոք գլուխ չի բերի: Բայց արարողությունից մեկ շաբաթ առաջ անսպասելի փորձանք է պատահում: Առաջին անգամ Ռոքնին հայտնվում է արարողության հետ կապված անսովոր իրավիճակում, որը կփոխի նրա կյանքը:

«Գնդապետի կերպարի միջով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է անցնում անկախության տոնը մարդու էության միջով», – այսպես է բնութագրում իր ֆիլմը Ավի Վայսբլայը: Ֆիլմի հեղինակները պատմեցին, որ, թեև թեման ռազմական ոլորտին է վերաբերում, սակայն ոչ մի խոչընդոտ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից չի եղել. «Ընդհակառակը. սկզբում նրանք էին մեզ օգնում: Մեր առջև բացված էին բոլոր դռները: Խոչընդոտներ եղան միայն այն ժամանակ, երբ նկարահանում էինք այն պահը, երբ խնդիր էր ծագել: Մեզ արգելեցին աշխատել պրոֆեսիոնալ տեսախցիկներով: Ստիպված էինք հեռախոսով և սիրողական սարքերով նկարահանել, մինչև զինվորականները հասկացան,  որ  նրանց դեմ ոչինչ չենք անում», – պատմեց Էլիրան Քնոլերը:

Այս տարի շատ հետաքրքիր աշխատանք է ներկայացրել Ռուսաստանը: Ֆիլմը, որի անունն է «Կինոգնացք. Ռուսական ձմեռ», նկարահանել է միանգամից 6 նկարահանող խումբ;

 «Կինոգնացքը» պատմում է այն մասին, թե ինչպես 2013-ի հունվարին 14 երկրներից եկած 21 կինեմատոգրաֆիստներից կազմված խումբը առաջին անգամ հավաքվեց Մոսկվայում: Հաջորդ օրը նրանք մեկնեցին ուղևորության՝ նկարահանելու ֆիլմեր, որոնք վեր կհանեին Ռուսաստանի մասին տարածված կարծրատիպերը: Հաջորդ ամսվա ընթացքում այս կինոնկարը նկարահանվեց և մոնտաժվեց: 

Էլվիրա Նևերա և Պյոտր Ռոսոլովսկին «Ոսկե ծիրանում»  ներկայացնում են «Դոմինոյի էֆեկտ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Աբխազիայում: Հեղինակները պատմեցին, որ նախապես ծրագրել էին նկարահանել ֆիլմ «պատերազմից բզկտված» երկրում տեղի ունեցող դոմինոյի առաջնության մասին: Սակայն նկարահանումների ընթացքում նրանք հանդիպեցին Աբխազիայի սպորտի նախարար Ռաֆայելին , ինչի  արդյունքում  սյուժեն ամբողջովին փոխվեց: «Սա սիրո պատմություն է, որն ունի սոցիալական և քաղաքական հենակետ», – նշեց Պյոտր Ռոսոլովսկին;

«Դոմինոյի էֆեկտ» ֆիլմը Ռաֆայելի և ռուս օպերային երգչուհի Նատաշայի սիրո պատմության մասին է: Ռաֆայելը հույս ունի, որ իր կազմակերպած դոմինոյի խորհրդավոր համաշխարհային առաջնությունը, վերջապես, աշխարհի ուշադրությունը կբևեռի  իր սիրելի հայրենիքի վրա և խենթի պես սիրահարված՝ չի նկատում, որ իր սիրասուն կինն օտարերկրուհի է: Հպարտ ռուս օպերային երգչուհի Նատաշան հրաժարվել է իր տնից ու ռուս դստեր խնամքից՝ նոր կյանք սկսելու համար: Բայց քանի որ նա  տեղացիների համակրանքը չի վայելում, իսկ Ռաֆայելի մարզական իրադարձությունը մռայլող խնդիրներ կան, նրանց պայծառ ապագան և նույնիսկ ազգային հպարտությունը սկսում են երերալ:

 Անկախ

Կինոն երկրորդական բան է ինձ համար. Հայաստանում է Օթար Իոսելիանին

Օթար Իոսելիանի  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի հյուրընկալել է հանրաճանաչ Օթար Իոսելիանուն: Վրացի ռեժիսորի 80-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակներում կցուցադրվեն «Տերևաթափ»,  «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը:

«Կինոն ինձ համար երկրորդական բան է. մի քանի անհրաժեշտ բաներից մեկը: Սակայն, ցավոք, ուրիշ բան չեմ կարողանում անել», – ասաց ռեժիսորը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել  ռեժիսորի մասնագիտությունը ընտրելու համար. «Ցանկանում էի երաժիշտ դառնալ, սակայն մի օր, երբ սենյակումս պարապում էի, հորեղբայրս ներս մտավ, նայեց ինձ ու ասաց. «Այդպես էլ ամբողջ կյանքումդ ուրիշների տեսքտե՞րն ես կարդալու»: Ես հասկացա նրա միտքը, որովհետև նա ճիշտ էր: Գուցե դա նրանից էր, որ ես Ռիխտեր չէի դառնալու: Հետո ընդունվեցի Մոսկվայի համալսարանի Մաթեմատիկայի բաժինը: Մի օր ռազմական հանձնաժողով եկավ ընտրելու լավագույն ուսանողներին. ես գիտեի նրանք զենք են ուզում պատրաստել, ռումբեր: Նրանք ուզում էին ինձ հետ անել այն, ինչ Սախարովի հետ արեցին: Եվ ես թողեցի մաթեմատիկան ու, ի վերջո, ընտրեցի ռեժիսուրան»:

Մոսկվայում Խորհրդային տարիներին այնքան էլ հեշտ չէր աշխատել այն ռեժիսորների համար, ովքեր ազատ միտք ունեին և չէին ուզում զբաղվել կուսակցության քարոզով: Սակայն լավ ֆիլմեր,  այնումենայնիվ, նկարահանվում էին, չնայած կառավարության Ճնշմանը և դրանք արգելվելու վտանգին:  Այդպիսի ճակատագրի արժանացան Օթար Իոսելիանու առաջին ֆիլմերը, այն նույն ֆիլմերը, որոնք այժմ այդ տարիներին ստեղծված լավագույն գործերի շարքում են դասվում: «Հակախորհրդային ֆիլմեր նկարահանելը, իհարկե, իր պատիժը կունենար, սակայն  «ոչ խորհրդային» ֆիլմեր ստեղծելը հնարավոր էր », –  նշեց ռեժիսորը:

Ներկայումս նա աշխատում է Ֆրանսիայում, սակայն ապրում է Թբիլիսիում:

Խոսելով Հայաստանի մասին` Օթար Իոսելիանին ասաց, որ չի կարող չնկատել, որ Երևանը պարզապես այլանդակվել է և այնպիսին չէ, ինչպես նախկինում. «Երևանը համեստ, բայց գեղեցիկ ճարտարապետություն ուներ այն ժամանակ:  Ես այստեղ եղել եմ մի քանի անգամ,  վկա եմ եղել այն բանին, թե ինչպես է կառուցվել ձեր կեղծ տաճարը` Գառնին: Դե, դա ավիրվել էր, բայց նորից կառուցեցին: Սակայն առաջին հերթին մարդիկ են փոխվել: Հիշում եմ` մի անգամ նստած էի շատրվանների մոտ և խմում էի. մի փոքր հեռու հայեր էին նստած, զրուցում էին: Հանկարծ նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ասաց. «Դուք արդեն կարծես թե շատ եք խմել: Եկե´ք միացեք մեզ, միասին շարունակենք: Ահա այդպիսին էին մարդիկ այն ժամանակ»:

Նա նշեց, որ նման փոփոխություններ տեսնում է նաև Վրաստանում: «Թբիլիսին հայկական քաղաք էր: Ես մեծացել եմ հայերի շրջապատում: Սակայն  եկավ ժամանակ, երբ նրանք հեռացան: Հայերը գնացին, մտավորականությունը գնաց: Քաղաքը դատարկվեց: Քայլում էինք փողոցում և ոչ ոք մեզ չէր ճանաչում: Բայց դա բնական է. երբ գնում ես այլ երկիր, պետք է պատրաստ լինես, որ հայրենիք գալով արդեն արտասահման ես հայտնաբերելու», – ասաց Օթար Իոսելիանին:

 

 Անկախ

«Աստղ» ֆիլմն ինձ փոխել է. ռեժիսոր Աննա Մելիքյան

Աննա Մելիքյան«Աստղ» ֆիլմն ինձ փոխել է։  Մենք անընդհատ ինչ-որ մեջբերումներ ենք կարդում ՝ «Կյանքը հիասքանչ է», «Դա մի ակնթարթ է,  և պետք է արժեքավոր բաները գնահատել »և այլն։ Մենք դրանք կարդում ենք և պարզապես անցնում։ Իսկ այս ֆիլմը ստիպեց իսկապես հասկանալ դա; Այդ հիմարիկ, տարօրինակ աղջիկը կրում է իր մեջ այդ միտքը։ Այն ասում է ՝ կյանքը հենց այս վայրկյանն է, և պետք է ապրել ուրախ, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ տեղի կունենա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմի ռուսաստանցի ռեժիսոր Աննա Մելիքյանը։

«Աստղը» պատմում է երեք տարբեր կերպարների մասին, ովքեր շաղկապված են խորհրդավոր ձևով՝ չհասկացված լինելուց տանջվող 15-ամյա դեռահասը, նրա գլամուրային և ամբարտավան խորթ մայրը և անտաղանդ, բայց լավատեսությամբ լի երիտասարդ դերասանուհին: Նրանց ճակատագրերը կանխորոշված չեն, իսկ  կյանքերը շատ փխրուն են:

Ռեժիսորը պատմեց, որ սկզբնական փուլում, երբ սկսում է նկարահանել ֆիլմերը, որևէ գաղափար հաղորդելու նպատակ չի դնում իր առջև. «Ուղղակի ծնվում է մի պատմություն, որը ցանկանում եմ ցույց տալ։ Որպես կանոն դրանք հիմնականում հիմարություններ են, և ինձ դուր է գալիս այդ տարօինակ գործընթացում, այն, որ դու կարծես թե հիմարություններ ես պատմում, սակայն երբ այդ ամենը միանում է, ինչ-որ մի բան է ստեղծվում, որը ստիպում է մարդկանց մտածել» ։

Աննա Մելիքյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ ժանրում են իր ֆիլմերը. «Ես երբեք չեմ կարողանում ստեղծել գործեր, որոնք կա՛մ կոմերցիոն, կա՛մ հեղինակային կլինեն. հեղինակային ֆիլմերի համար ես բավարար չափով խելացի չեմ, իսկ կոմերցիոն ֆիլմերի համար այնքան էլ ուրախ և հիմար չեմ։ Այդ պատճառով ես կարծես այդ երկուսի մեջտեղում եմ», – ասաց նա ՝ հավելելով, որ  «Ջրահարսից»  կինոնկարից հետո նրա ֆիլմերը սկսեցին բնորոշել որպես  արթմեյնսթրիմ, ինչը նրան դուր  է եկել ։

«Աստղ» ֆիլմը արժանացել է երկու մրցանակի Սոչիի «Կինոտավր» փառատոնի ժամանակ՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։

Անկախ

Թևանիկ. Ֆիլմ պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում

DSCN2163«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմերից մեկը Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն է: Ինչպես ֆիլմի ռեժիսորն է ասում, այն ֆիլմ է պատերազմկի մասին, որը խաղաղություն է քարոզում:

«Թևանիկը» եռապատում է, ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների  ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ֆիլմի առաջին`«Արամ, սոնետ» մասում ներկայացվում է Արամի ճակատագիրը, ում հայրը հայ է, մայրն ադրբեջանցի: Պատանին մեկ օրում, օդում կախված պատերազմի պատճառով, կորցնում է մորն ու կրտսեր եղբորը:

«Աստղիկ, էլեգիա» մասում արդեն ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը:  Մեկ օրում գեղեցկուհի Աստղիկը կորցնում է իր իդեալը, սերը և հարազատներին:

թևանիկ

Կադր «Թևանիկ» ֆիլմից

Երրոդ հատվածը, որ կոչվում է «Թևանիկ, ասք», նվիրված է 14-ամյա Թևանիկին, մի որբ տղայի, որը ակամայից դառնում է պատերազմական գործողությունների մասնակից: Սակայն վճռական պահին, երբ «Սպանիր  կամ սխանվիր» կարգախոսով պետք է առաջնորդվի, Թևանիկը տատանվում է`ինչպե՟ս կրակել թշնամուդ վրա, երբ նախ և առաջ տեսնում ես, որ նա մարդ է, ավելին, ջրվեժի տակ մերկ լողացող աղջիկ է: Եվ ահա այս վայրկյանական տատանումն է, որ վճռական է դառնում Թևանիկի կյանքում:

Ֆիլմի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: Պատերազմի ժամանակ ընդամենը 10 տարեկան երեխա է եղել:

թևանիկ2«Հայրս ու եղբայրս եղել են առաջին գծում, մայրս, քույրս ու ես նկուղում, մանկությունս ընթացել է գորշ գույների մեջ, նկուղային, մայրս  մոմի լույսի տակ  ինձ համար գիրք էր կարդում, որ չապրեմ այն, ինչ իրականում կատարվում էր: Ուստի ես ինձ իրավունք վերապահում եմ պատմելու Ղարաբաղի մասին»,- ասում է Ավետիսյանը: Մինչ այս նա հանդիսատեսին էր ներկայացրել «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որը ևս Արցախյան ազատամարտի մասին է:

«Անկախ»-ը ներկայացնում է հարցազրույց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

-Ջիվան, ֆիլմն արցախյան պատերազմի մասին է, բայց ո՟րն է առանցքային ասելիքը, ուղերձը հանդիսատեսին:

թևանիկ5-Ֆիլմի առանցքում մարդն է ընկած, շեշտը դրել ենք  մարդու ճակատագրի վրա, մարդ, որն ապրում է կյանքի, մահվան, սիրո, բաժանման եզրագծում,  մնացած իրադարձությունները և պատերազմը ծառայում են որպես ֆոն: Անկախ այն բանից, թե որքան հեռու ես առաջնագծից, միևնույնն է, կրում ես պատերազմի դաժան դրոշմը քո ճակատագրի վրա: Ֆիլմում արծարծված են նաև խնդիրներ, որոնք արդիական են նաև այսօր: Սա ֆիլմ է պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում:  Հիմնական ուղերձը խաղաղությունն է: Նաև այն, որ չպետք է լքել քո հայրենի բնակավայրը, սահմանները:

–Իսկ որքանո՟վ է հասկանալի ֆիլմը դիտողի, հանդիսատեսի համար:

-Փորձել եմ  ճշմարիտ պատմել պատմությունը, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչու ինձ պես հազարավոր մարդիկ ունեցել են գորշ մանկություն և մինչև  հիմա կրում ենք պատերազմի հետևանքը:  Մինչև հիմա, անկախ այն բանից, արթնանում եմ Փարիզում, թե Երևանում, ինչ սոցիալական դիրքում, միևնույն է, արթնանում եմ այն ամենով, ինչ զգացել և տեսել եմ: Մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսը կհասկանա, թե ինչ դժվար է եղել առաջին գծում, երբ դու գրեթե զինված չես, իսկ  հակառակորդդ և զինված է , և մեծաքանակ, իսկ դու միայն  մի բան գիտես, ինչպես ֆիլմի հերոսները, ելք չկա, նահանջի տեղ չկա:  Ամեն պատմություն վերցված է իրական դեպքից, այդ ամենը ես տեսել եմ ու փորձել վերարտադրել:

-Պատերազմի ժամանակ ինքներդ էլ երեխա եք եղել: Ձեր ապրածն ու զգացածը որքանո՟վ եք արտայատել ֆիլմում:

-Հոգի եմ դրել,  այդքանով արդեն իսկ արտահայտած է իմ ապրածը: Իմ հերոսները անկեղծ են, քանի որ հիմքում դրված է այն ամենը, ինչ ես ապրել եմ:

թևանիկ3-Իսկ ինչո՟ւ եք որոշել պատանիներին դարձնել ֆիլմի հերոսներ, նրանց միջոցով ասելիք փոխանցել:

-Որովհետև պատերազմում ամենախոցելի խավը պատանիներն են, կանայք: Տղամարդիկ էլ, ովքեր խրամատում են,  թիրախ են, բայց իրենք գիտակցում են իրենց ընտրությունը, իսկ երեխաները չեն գիտակցում:  Ի վերջո այդ հարցը միշտ տալիս ես, թե ինչու են կռվում այդ մարդիկ: Հետո երբ մեծանում ես, նոր հասկանում ես, թե զրկանքներդ ինչի համար են: Ես էլ փոքր ժամանակ չէի հասկանում:

-Շարունակելո՟ւ եք արցախյան ազատամարտի թեմայով ֆիլմեր նկարահանել: Ի՟նչ պլաններ կան առաջիկայի համար:

-Ինձ համար առաջին հերթին կարևոր է ազնիվ կինո նկարելը, երկրորդը`ուզում եմ, որ այդ ազնիվ կինոն պատմի Ղարաբաղի մասին: Պլանավորում ենք հաջորդ տարի, եթե պակասող ֆինանսավորումը հայթայթենք, սկսել «Վերջին բնակիչ» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սցենարը գրվում է Ծովինար Խաչատրյանի «Վերջին բնակիչ» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է 88-89-ի Ղարաբաղյան իրադարձությունների մասին: Ֆիլմի կապը նախորդների հետ միայն թեման է`Ղարաբաղը, իսկ պատմությունները չեն կրկնվում:

-Իսկ Հայաստանից բացի որտե՟ղ եք պլանավորում ֆիլմը ցուցադրել:

-Բանակցում ենք մի քանի դիստրիբյուտորների հետ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից: Պատկերը  հետևյալն է, 100-ից 99-ը մերժում են ֆիլմը թեմայի պատճառով: Պատճառաբանում են, որ  եթե ֆիլմը վերցնեն դիստրիբյուցիայի, հաջորդ առավոտյան ադրբեջանցիներն իրենց  գրասենյակի ապակիները կջարդեն:

Փորձում եմ քայլ առ քայլ ֆիլմը հասցնել գագաթնակետին: Գիտեմ, որ դա նույն բանն է, որ մակույկով դուրս  գաս մեծ ալիքների դեմ: Բայց չի բացառվում, որ կարող ես հաղթել, պարզապես պետք է կամք և համբերություն: Արցախում էլ այդպես էր, ասում էին ադրբեջանցիները  շատ են, զինված են, տարածքով մեծ են, մենք շանս չունենք, բայց մենք հաղթեցինք:

 

«Ես նա չեմ». Թուրք կինոգործիչների ակտիվ մասնակցությունը «Ոսկե Ծիրանին» շարունակվում է

Թայֆուն Փիրսելիմողլու «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերի շարքում է թուրք ռեժիսոր, սցենարիստ և գրող Թայֆուն Փիրսելիմողլուի «Ես նա չեմ» գործը։

Ֆիլմը պատմում է միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթի մասին, ով աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհի Այշեն հրավիրում է նրան իր տուն՝ ընթրիքի, նա գնում է, չնայած այն լուրերին, որ նրա ամուսինը՝ Նեջիփը, լուրջ հանցանքի պատճառով բանտում է: Ամուսնական լուսանկարում Նիհաթը նկատում է, որ Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է իրեն: Այս վտանգավոր հարաբերությունը Նիհաթի կյանքում տեղիք է տալիս շատ ավելի խոր փոփոխությունների, քան նա երբևէ կպատկերացներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի հեղինակը, խոսելով Թուրքիայում կինոյի ոլորտում տիրող իրավիճակի մասին, պատմեց, որ վերջին 10 տարվա ընթացքում այդ երկրում կինոարտադրությունը 10-50 տոկոսով զարգացում է ապրել. «Սակայն որակը այնքան լավ չէ, մեծացել է միայն արտադրվող ֆիլմերի քանակը: Տարեկան միայն 3-4 լավ ֆիլմ է արտադրվում է: Մշակույթի նախարարությունը փորձում է աջակցել և դրամաշնորհներ է տրամադրում, սակայն շատ  երիտասարդներ չեն օգտվում այդ հնարավորություններից»։

Անդրադառնալով իր ֆիլմերին՝ Փիրսելիմողլուն պատմեց, որ տարված է անհատականության փոփոխությունների թեմայով։ Այդ թեման նա արծարծում է ոչ միայն ֆիլմերում, այլև գրական ստեղծագործություններում։
Նա խոստովանեց, որ անձի փոփոխության հարցը սուր է դրված երկրում, քանի որ շատ ազգություններ, այդ թվում՝ հայերը, երկար ժամանակ ստիպված են եղել թաքցնել իրենց ինքնությունը։

Խոսելով այն մասին, թե ինչպես է գրականությունը ազդում ֆիլմերի վրա,  Թայֆուն Փիրսելիմողլուն նշեց, որ իր ստեղծագործությունների վրա ազդել են Ֆյոդոր Դոստոևսկին, Էդգար Ալան Պոն։ «Ճիշտ է, Ալան Պոյից և Հիչքոքից եմ ոգեշնչվել։ Սակայն  աշխատելու ընթացքում դրա մասին չէի մտածում: Կարևորը երևի թե հենց այդ է, որ ոգեշնչվում ես, բայց ինքդ դրա մասին տեղյակ չես լինում»։

Ռեժիսորն ընդգծեց, որ աշխատում է իր ֆիլմերում չօգտագործել իր պատմվածքները կամ վեպերը, սակայն իր նոր նախագծի սցենարի համար հիմք է հանդիսացել Փիրսելիմողլուի վերջին պատմվածքը։

 

Անկախ

Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես սենտիմենտալ խնդիր չէ. Ամոս Գիտայ

Ամոս Գիտայ«Երկար տարիներ  մտածել եմ Երևանը այցելելու մասին։ Համակարանք եմ տածում հայ ժողովրդի հանդեպ, որը մեծ տառապանք է ապրել և խնդիր ունի դա աշխարհին ցույց տալու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ և հրեա ժողովրդի ճակատագրերի ընդհանրության մասին, ասաց հանրահռչակ իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայը։

Ամոս Գիտայը ծնվել է 1950 թ, Հալֆայում (Իսրայել): Նա ճարտարապետություն էր ուսանում ՝ հետևելով իր հոր ուղուն, սակայն  արաբա-իսրայելական չորրորդ պատերազմն ընդհատեց նրա ուսումը: Ուղղաթիռով առաջադրանքներ կատարելիս  Super-8 տեսախցիկի օգտագործումն էր, որ Գիտային մղեց կինոռեժիսուրայով զբաղվելու: Այժմ Գիտայն արդեն հեղինակ է  մի քանի տասնյակ ֆիլմերի, որոնք համարվում են Իսրայելի կինեմատոգրաֆիայի լավագույն գործերը։

«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հետահայաց ցուցադրություններ ծրագրով կներկայացվեն Ամոս գիտայի  «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի» և «Ավետյաց երկիր»  ֆիլմերը։

Ռեժիսորը հաճախ է անդրադառնում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը ու, թեև հարցը քաղաքական է, նա չի գնում է, որ իր ֆիլմերում պարտադիր է պահպանել օբյեկտիվությունը։ «Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը տեսնելն է, թե ինչ տեղի է ունենում մեր շրջապատում: Սակայն կինոն ժուռնալիստիկա չէ, այն չպետք է միայն ինֆորատիվ լինի. պետք է արտահայտի ռեժիսորի վերաբերմունքը: Իսրայելի պատմությունն ամբողջացած չէ  և այդ խնդիրը արտահայտվում են իսրայելական կինոյում; Ֆիլմերում ես ներկայացնում եմ իմ անձնական մոտեցումը.  ես պաշտոնական խոսնակ չեմ, մյուս կողմից, եթե լրատվական հաղորդումներ նայենք, կտեսնենք, որ բոլորն էլ սուբյեկտիվ են։ Այն, ինչ անում եմ ես, հնարավորություն է տալիս  անկախ կարծիք ձևավորել», – ասաց նա:

Այնուհանդերձ կինոգործիչը նշում է. որ չի ատում այն մարդկանց, ովքեր իր կարծիքի հետ համաձայն չեն։ Եվ հակամարտության մասին ֆիլմեր նկարահանելիս նա հասկացել է, որ երկխոսություն պետք է ստեղծվի երկու կողմերի միջև, որի շնորհիվ ընդհանուր լուծում կտրվի հարցին. «Հակամարտության վերաբերյալ ֆիլմեր նկարահանելիս  ես հասկացել եմ՝ կողմերից ոչ մեկն էլ հրեշտակ չէ կամ սատանա. Երկու կողմերում էլ կան և՛ հրեշտակներ, և՛ սատանաներ»։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գիտայը՝ որպես նույն ճակատագիրն ունեցեղ ազգի ներկայացուցիչ, հայտարարեց, որ լիովին արդարացի է համարում հայերի պահանջը. «Երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ընդունում  Հայոց ցեղասպանությունը: Լիովին արդարացի եմ համարում հայերի պահանջը. սա պարզապես սենտիմենտալ խնդիր չէ անցյալի հետ կապված: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները՝ հնարավորություն կստեղծվի կանխել դրանք ապագայում»,- նշեց նա։

 

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Գիրքը» ֆիլմի պրեմիերային

7588

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերային: Ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսկու այդ ֆիլմը կայացել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր/երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում:

Նարեկացին ոգեշնչման աղբյուր էր մեզ համար. Վիտալի Մանսկի

Վիտալի Մանսկի1«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում հուլիսի 14-ին կներկայացվի Վիտալի Մանսկու «Գիրքը» վավերագրական կինոնկարը:

Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրումը:

Ֆիլմի ստեղծման և վերհանած խնդիրների վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրուցեցին ֆիլմի հեղինակը` Մանսկին, և պրոդյուսերը` Մեսրոպ քհն. Արամյանը:

«Ես նախանձում եմ ձեզ, քանի որ Մոսկվայում նման փառատոններ չկան կամ համարյա չկան»,- ասաց վավերագրողը` հավելելով իր համար դժվար է խոսել փառատոնի շրջանակներում ցուցադրվող իր ֆիլմից, փորձել բացատրել այն, քանի որ այն, ինչ նա ցանկանում էր ասել, արդեն էկրանին է: Նա պատմեց, որ «Գիրքը» արտադրության ընթացքում անվանում էինք պարզապես «Նարեկացի»: «Նարեկացին  և նրա «Մատյանը» ոգեշնչման աղբյուր էին մեզ համար, քանի որ նա բացարձակ հանճար է, որ երբևէ ապրել է Երկիր մոլորակի վրա:  Նա մի մեծություն է, որով պետք է և արդարացիորեն հպարտանում են հայերը»:

Տեր Մեսրոպը նշեց, որ, թեև ոգեշնչման աղբյուրը Նարեկացին է, սակայն ֆիլմը նրա մասին չէ. այն կյանքի իմաստի մասին է: «Մենք փորձել ենք, ժամանակակից մարդու կյանքը ներկայացնելով, բարձրացնել հարցեր, որոնց մասին կարևոր է մտածելը, և ի վերջո հանգել ենք այն գաղափարին, որ կա գրքում», -ասաց նա:

Այսօր տեղի կունենա ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Սրանից առաջ «Գիրքը»  ցուցադրվել է միայն Մոսկվայի կինոփառատոնի ընթացքում:

Անկախ

Կիմ Կի-դուկը նմանություններ է տեսնում Հայաստանի և Հարավային Կորեայի միջև և խոստանում իր առաջիկա ֆիլմը ներկայացնել Հայաստանում

կիմ կի-դուկ«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Պիետա» ֆիլմով կմեկնարկի ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հայ հանդիսատեսին կներկայացվեն  նաև «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն»,  «Հասցեն անհայտ է» , «Դատարկ տունը» և «Առափնյա պարեկ» ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ 2003-ից, երբ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում Կի-դուկը ստացավ FIPRECI մրցանակը, ցանկություն կար նրա ֆիլմերը նաև Հայաստանում ցուցադրել: Այս տարի նպատակը վերջապես իրագործվել է:

«Շատերը, որ քիչ բան գիտեն Կորեայի կյանքի, կենցաղի մասին, Կի-դուկի ֆիլմերով պատկերացում են կազմել այդ ամենի մասին: Հաճախ նրան մեղադրում են դաժանության մեջ, բայց այդ ամենի հետևում նրա փափուկ սիրտն է»,- ասաց Ստամբոլցյանը:

Կի-դուկը նշեց, որ մինչ Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, համացանցով է որոշ բաներ կարդացել: Այստեղ գտնվելու երկու օրերի ընթցաքում արդեն հասցրել է օրական երեք ժամ զբոսնել Երևանում, տեսնել Կասկադի գեղեցկությունը և շուկայի շուրջ առկա աղքատությունը և ընդհանրություններ գտնել Հայաստանի և Հարավային Կորեայի միջև:

Կի-դուկը երախտագիտություն հայտնեց հայ հանդիսատեսին իր ֆիլմերը դիտելու համար և խոստացավ ֆիլմը, որը կնկարահանի առաջիկայում, ներկայացնել նաև Հայաստանում:

Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թ., Հարավային Կորեայում: Դպրոց չի գնացել: Ինչպես ինքն է նշում, այն ժամանակ Կորեայում բնակչության 50 տոկոսը հնարավորություն ուներ դպրոց հաճախել, ինքն այդ հնարավորությունից զրկված մյուս կեսում է եղել: Փոքր հասակից ծանր աշխատանքով է գումար վաստակել: Սակայն դպրոց հաճախելու հնարավորություն չունենալու համար Կի-դուկը չի ափսոսում, ասում է, որ աշխատելով ավելի շատ բան է սովորել, քան կարող էր դպրոցում սովորել:

«Ես իմ ֆիլմերում ներկայացնում եմ իմ ապրածը, այն, ինչ կա կորեական իրականությունում: Դրա համար արժեր դպրոց չգնալ»,- ասում է կինոռեժիսորը:

1990-ին Կի-դուկը  վերջին կոպեկներով գնում է տոմս դեպի Փարիզ: Այստեղ 30 տարեկան հասակում նա առաջին անգամ ֆիլմ է դիտում`«Գառների լռությունը»: Ֆիլմը հիմնովին փոխում է հարավկորեացի երիտասարդի կյանքը: Նա 1990-92թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում, 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի  կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին:

«Երբ սկսեցի կինոռեժիսուրա սովորել, հասկացա, որ ամեն մեկն էլ կարող է ֆիլմ նկարել, զգացի կինոյի ազատությունը և այդ օրվանից սկսեցի սցենարներ գրել»,- ասում է նա:

Նա վերադառնում է Հարավային Կորեա և սկսում իր կարիերան սկսում որպես սցերանրիստ:  1995-ին Կորեայի կինոխորհրդի  կազմակերպած սցենարների մրցույթում նա շահել է  առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով:

Ֆիլմարտադրության ոլորտում 19 տարիների ընթացքում Կիմ Կի-դուկը 20 ֆիլմեր է հեղինակել, որոնք միջազգային տարբեր կիոփառատոններում մրցանակների են արժանացել:

Կի-դուկն ասում է, իր ուսուցիչը եղել է իր կյանքը, նա է իրեն ամեն ինչ սովորեցրել: Նշում է, որ որ իր ֆիլմերում ինքը լավն ու վատը չի առանձնացնում, չէ որ կյանքում  դրանք երկուսն էլ կան, նաև ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն:

Ասում է, որ ստեղծագործական գործունեոթւյան 19 տարիների ընթացքում ներքուստ փոփոխվել է, երել է ժամանակ, երբ չի վստահել մարդկանց և հակառակը, պատահել է, որ չի սիրել մարդ կոչվածին: Այժմ նրա մոտ այնպիսի փուլ է, երբ հավատացած է, որ մարդը հույսով է ապրում:

Իր ֆիլմերում Կի-դուկը հնարավորինս քիչ է օգտագործում երկխոսություններ («Վատ տղա», «Կղզի», «Դատար տունը», «Մեբիուս»), քանի որ խոսքով մարդը կարող է ստել. «Առանց խոսքի մարդը ավելի շատ բան կարող է արտահայտել, քան խոսքերով»:  Նա արծարծում է կորեական ազգային խնդիրները`միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ:  Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել:

Ժեստերի լեզվով ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» էկրաններին

DSC09770«Ոսկե ծիրան» Երևանյան կինոփառատոնն արդեն մեկնարկել է: Հուլիսի 15-ին հայ կինոսիրողներին կներկայացվի ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը:

Նախագիծը երկու տարի առաջ «Ոսկե ծիրանի» «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում դրամաշնորհ ստացավ այն զարգացնելու համար:  «Ցեղը»  արդեն մրցանակ է ստացել Կաննում «Քննադատների շաբաթ»  ծրագրում:

Ֆիլմը պատմում է խուլ ու համր Սերգեյի մասին, ով ընդունվում է մասնագիտացված գիշերօթիկ դպրոց: Այս նոր վայրում նա պետք է իր տեղը գտնի հանցագործությանն և մարմնավաճառությանը առնչվող դպրոցական ցանցի պաշտոնակարգության՝ ցեղի մեջ: Մասնակցելով մի քանի գողության ՝ նա մղվում էր վեր՝ դեպի կազմակերպությունը: Սակյան մի օրհանդիպում է շեֆի հարճերից մեկին՝ Աննային, և ակամայից խախտում ցեղի բոլոր չգրված կանոնները:

Երևանյան փառատոնում  ֆիլմը ներկայացնում է բելառուսցի դերասանուհի Յանա Նովիկովան է, ով Աննայի դերն է կատարել:  Երիտասարդ դերասանուհին, ում համար այս դերը առաջինն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեև Երևանում  առաջին անգամն է և շփոթված է , սակայն շնորհակալ է ջերմ ընդունելության համար;

«Հավատում եմ, որ մեր նկարահանած ֆիլմը լավն է;  Այն սիրո և ատելության մասին է:  Այն ցույց է տալիս, թե ինչպես են ապրում ժեստերի լեզվով: Լավ է, որ այն ամբողջովին  ժեստերի լեզվով է: Ֆիլմը սփոփանք է մեզ համար, քանի որ ցանկանում ենք, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես ենք մենք ապրում»,- նշեց դերասանուհին:

Նա նույնպես, սովորել է խուլ ու համրերի համար նախատեսված դպրոցում, սակայն չէր սիրում այդ հաստատությունը և մեծ երազանք ուներ դերասանուհի դառնալու:  Սլաբոշպիտսկու ֆիլմի շնորհիվ նա հնարավորություն ստացավ իր երազանքը իրականացնելու:  «Ցեղը» մնացած բոլոր դերասանները նույնպես խուլ և համր են: Յանան պատմեց, որ նկարահումների սկզբում սահմանափակ կարողությունները կաշկանդում էին դերասաններին. «Սկզբնական շրջանում շատ դժվար էր, կաշկանդվում էինք, նեղվում էին, բայց ժամանակի ընթացքում սովորեցինք»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Յանան, նշեց, որ մեծ սիրով կմասնակցի նման ֆիլմի ստեղծմանը Հայաստանում, եթե հրավեր ստանա:

«Ցեղը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային անվանակարգում:

Միրոսլավ Սլաբոշպիտսկին ծնվել է Կիևում: Աշխատել է  Դովժենկոյի անվան կինոստուդիայում և և Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմում»: Նրա երկրորդ ֆիլմը՝ «Ախտորոշումը» և ապա նաև  «Խլություն» կարճամետրաժ   աշխատանքը հավակնել են  Բեռլինալեի «Ոսկե արջի»: 2010-ին Ռոտերդամի կինոփառատոնի՝ Հյուբերտ Բալս հիմնադրամից դրամաշնորհ է ստացել  իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի « Ցեղի» համար: 2012-ին  Լոկառնոյի ԿՓ-ում  արժանացել է «Արծաթե ընձառյուծի»: 2013-ին նրա «Միջուկային թափոն» ֆիլմը  առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին: 2013-ից  Եվրոպական կինոկադեմիայի անդամ է:

 Անկախ

«Ոսկե Ծիրանի» շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ ֆորումը

 

Ոսկե Ծիրան-2014«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում այս տարի ևս կանցկացվի  «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծը:

Այն հիմնադրվել  է 2011 թվականի հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ  հարթակում: «Նման ծրագրերը, արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար: Վերջին տասնամյակում հեղինակավոր բոլոր փառատոնները ստեղծել են նման արտադրական հարթակներ, քանի որ մեծացել է փառատոնների՝  կինոարտադրությանը խթանելու դերը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե  Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17 –ին  տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության  երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությանը: Մասնակցության համար  ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգամցան  երեք դրամաշնորհների համար : «Այս տարի հայկական վեց ֆիլմ  է ներկայացվել,  վրացական` չորս: Կան ֆիլմեր Գերմանիայից, Ուկրաինայից, Շվեդիայից: Թեմաները տարբեր են:  Հայկական ֆիլմերից երկուսը վերաբերում են արցախյան հակամարտությանը», – տեղեկացրեց նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

Որպես դասավարներ հրավիրված են Eastern Europe German films-ի ներկայացուցիչ և  Saxonia Entertainment -ի Producer Documentaries ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդրա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի ֆրանսիացի պատվիրակ  Ջուլիեն Էզզանոն:

Ֆորումի ժյուրիի  կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր  Դան Բուրլաքը,  Ռուսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի խորագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:

Այս տարի նախագիծը կրկին կներկայացնի նաև ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը; Ծրագրում կներկայացվեն 17 ֆիլմ՝ ստեղծված Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին ուկրաինացի ռեժիսոր Վիկտորյա Տրոֆիմենկոյի «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» ֆիլմի ցուցադրությամբ:

 

Անկախ

«Ոսկե Ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը դեսպանությունների հետ

Ոսկե Ծիրան 2014«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ։ Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության և Իսրայելի Պետության դեսպանության աջակցությամբ։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որի շրջանակում ներկայացվելու է գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը՝ «Ջեքը», «Աշխարհների միջև», «Սիրո բիֆշտեքսներ»: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 16-ից:

«Այս կինոփառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Երևանում, Հայաստանում. այն ճանաչված է դրա սահմաններից դուրս։ Ժամանակակից կինոաշխարհում դա մեծ  ձեռքբերում է։ «Ոսկե Ծիրանի» շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է ձեռքբերել աշխարհում։ Ես շատ ուրախ եմ, որ գերմանացի ռեժիսորները հենց սկզբից մասնակցել են այս միջոցառմանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։

«Կինոյի միջոցով ամուր կապեր են հաստատվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- իր հերթին նշեց  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ընդգծելով, որ իր համար՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, մեծ ուրախություն է, որ փառատոնը այս տարի համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ։

Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչներ կմասնակցեն  երևանյան փառատոնին։ Մասնավորապես, դեսպանության աջակցությամբ  դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին և պրոդյուսեր Ռոն Դյենը հրավիրված են ներկայանալու փառատոնի միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր, և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար։ Մեր հանրապետություն կժամանեն միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոն , Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում։ Բացի այդ, ֆրանսիական արտադրության և համատեղ արտադրության 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում իրականացվելու է Հայաստան-Թուրքիա պլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի և անհատական, և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից: Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար դոլարի համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում են լինելու սցենարիտ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությունն այս տարի նշանավորվելու է հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» միցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նշեց, որ փառատոնը բավականին հեղինակություն ունի կինոաշխարհում և նա դրա մասին լսել էր մինչև Երևան ժամանելը. «Քշիշտոֆ Զանուսին Լեհաստանի ամենահայտնի կինոգործիչներից է, ով 70-80-ականներին պայքարել է խորհրդային կարգերի դեմ։ Նա կինոփառատոնի երկար տարիների բարեկամն է: Ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը», – ասաց խորհրդականը:

 

 Անկախ

Հայտնի է «Ոսկե Ծիրան 2014»-ի ֆիլմերի արտամրցութային ծրագիրը

ոսկե ծիրանԱյս տարի «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ  միջազգային կինոփառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ: Արտամրցութային բաժնում ներկայացված են արդեն ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «ֆիլմեր առանց սահմանների» ծրագրերը, ինչպես նաև` «Հայեր ` հայացք ներսից և դրսից» և այս տարի առաջին անգամ իրականացվող Սոցիալական փոփոխությունների կինո խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաիանական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագիրը:  Այս ծրագրերին ավելի մանրասմն անդրադարձան փառոտնի կազմակերպիչները: Կինոքննադատ Միաքայել Ստամբոլցյանը, մասնավորապես, նշեց, որ իրեն ամեն տարի փորձում են համեստ լինել, սակայն ամեն անգամ երբ խոսքը վերաբերում է արտամրցութային ծրագրին նրանք միշտ Հայաստան են բերում լավագույն ֆիլմերը և աշխատում են` դրանք լինեն որքաքն կարել է շատ:

 

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղություն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն»-ը , որի ռեժիսորը Նուրի Բոլգի Ջեյլանն է Թուրքիայից, Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր»: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակակած «Բարբարոս երկիր» և Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված  «Գիրքը» ֆիլմը:

 

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես ` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային կորեա) , Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոդելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ցզյա Չժան-կեն ներկայումս Չինաստանի լավագույն ռեժիսորն է, սակայն անհայտ է հայ կինոսերին: Այդ պատճառով մենք  նրանից միանգամից 7-8 ֆիլմ ենք ներկայացնելու», – նշեց Ստամբոլցյանը:

«Ոսկե Ծիրանը» « Փարաջանովյան թալեր» մրցանակով կպարգևատրի Կիմ Կի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի;

 

Ուկրաինական պոետիկ կինո ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինակիան կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը:

 

Ֆիլմեր առանց սահմանների արտամրցութային ծրագրում ավանդաբար կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Կներառվի շուրջ 16 ֆիլմ, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ:

 

Արդեն երրորդ տարին կիրականացվի «Հայեր` հայացք դրսից և ներսից ». կցուցարվի 18 ֆիլմ:

Կլինի հատուկ ծրագիր նվիրված գերմանական նոր կինոյին:

 

Լեհական կողմի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ կանցկացվի լեհական ֆիլմերի ցուցադրություն` Սոցիալական փոփոխությունների կինո նշանաբանի ներքո:

Անկախ

11-րդ «Ոսկե ծիրան»-ը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի կնվիրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին փառատոնի կազմակերպիչները: «Ե՛վ բացումը, և՛ փակումը լինելու է մեծ ռեժիսորի ֆիլմերով»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն

Հարություն Խաչատրյանը:

 

Տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև` կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա»  կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված  լուսանկարչական ցուցահանդես:

«Զբոսաշրջիկների մեծամասնությունը Հայաստան է գալիս հուլիսին, որ ֆիլմեր նայի, որովհետև Արցախ արդեն գնացել են, Գառնի, Գեղարդ նույնպես ու գալիս են Հայաստան, որ ֆիլմեր նայեն: Իսկ ընդհանրապես, նպատակ ունենք, որ հայկական կինոն դուրս գա և պատմի Հայաստանի մասին»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

 

Ըստ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի
փառատոնի ծրագրերը նույնն են՝ չորս մրցութային ծրագիր, ինչպես նաեւ արտամրցութայինները: Փառատոնը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարժամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Արտամրցութային ծրագրերը բազմազան են. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:

1500 հայտ է ներկայացվել՝ թվով 101 երկրներից. «Անգամ ամենաէկզոտիկ երկրներից են հայտեր ներկայացվել: Ամենաշատ ֆիլմեր եկել են Գերմանիայից` 141 ֆիլմ ու Ռուսաստանից, հետո հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Իրանը և Հայաստանը` 59»,- ասաց Ստամբոլցյանը:

Անկախ