«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Հունգարական ՍԴ ներկայացուցչի լռությունը սաֆարովյան գործի վերաբերյալ

Հունգարական ՍԴ ներկայացուցչի լռությունը սաֆարովյան գործի վերաբերյալ Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչինը Երևանում հրաժարվել է պատասխանել Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայ լրագրողների հարցերին: Նա հիմնավորել է, թե անցած տարի իր ղեկավարը հայաստանյան այցի ժամանակ հայտնել է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը: Սակայն լրագրողների դիտարկմանը, թե այդ ընթացքում բազմաթիվ հանգամանքներ են փոխվել, մասնավորապես գործը մտել է Եվրադատարան, տիկին Մեսչինը դարձյալ լռել է` հրաժարվելով որևէ մեկնաբանությունից: Նա ի թիվս այլ երկրների` մասնավորապես Չեխիայի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի սահմանադրական դատարանների ներկայացուցիչների, Երևանում է` մասնակցելու ՙՙՍահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում՚՚ խորագրով ,միջազգային ամառային դպրոցին: Այս ծրագրի նպատակն է` սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, այս հիմնախնդիրն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը: Սահմանադրական իրավունքի կենտրոնի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը նշել է, որ ուշագրավ է միջազգային դպրոցի անցկացումը հատկապես հուլիսի 5-ին` Սահմանադրության օրվան ընդառաջ և սահմանադրական բարեփոխումների քննարկումների համատեքստում:

Անկախ

Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԽ-նիստՀանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը:

Ինչպես տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքէջից, մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է այս հարցը:

ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը`

1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելո՞ւ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
5. Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների` Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, որը գործում է մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա և այլն):
6. Հարցեր` կապված տարածքային կառավարման մարմինների հետ:

ՀԽ անդամները քննարկել են նաև «կարմիր գծերի» հարցը: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի հարցերի շրջանակ հասարակական լայն քննարկումների համար: Ներկաները խնդրահարույց են համարել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը ներկաներից շատերը համարել են հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Հովիկ Մուսայելյանը:

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին առաջարկվել է ստուգել, թե ինչ նոր կառուցապատում է ընթանում Սարյան-Բաղրամյան խաչմերուկի այգում:

 

Անկախ

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները ՍԴ որոշման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

քառյակԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հանդես են եկել հայտարարությամբ` կապված «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են,

2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,

3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը  սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել  հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից`

Պահանջում ենք իշխանություններից.

1.դադարեցնել  Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը,

2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում

1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ,

3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

 

ՀՀ ԱԺ խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»

«Հայ Ազգային Կոնգրես»

«Ժառանգություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 

 

Անկախ

«Այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին». Լ. Գալստյանը ՍԴ որոշման մասին

Lilit-GalstyanՀամազգային հայ կրթական հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթների վերաբերյալ:

«Երեկ, երբ լրահոսում կարդացի-լսեցի՝ որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց, շատ- շատերի պես անասելի էր նաև իմ ուրախությունը։
Ուրախությունից էլ անդին էր զգացումս, <<ամեն ինչ կորած չէ>> շտապեցի եզրակացնել, մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, կան ինստիտուտներ, որոնք կարող են պետականության և, հատկապես, պետականության արժանապատվության գիտակցում ունենալ, պետականության համար ողնահարային գործառույթներն իրականացնել՝ իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռելիության սկզբունք ապահովել, այնուամենայնիվ, մեր քաղաքական իրականությունից մինչև վերջ օտարված չէ բարոյականությունը, այնուամենայնիվ, մարդն արժեք է ու նրա իրավունքները՝ թեև դժվար, ծանր ու հյուծիչ պայքարի գնով, հնարավոր է պաշտպանել, այնուամենայնիվ Հայաստանում կան պետական այրեր, որոնց համար մասնագիտական խիղճն ու ստորագրության գինը թանկ են ամեն տասակի կարճաժամկետ <<հեղինակությունից>>, երկիրը կործանող կեղծ հավատարմության գայթակղությունից։ Մտածումներս ու ոգևորությունս ավելի ամրապնդվեցին, երբ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ «Վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված բոլոր վճարումները»։ Անկեղծորեն գնահատեցի նաև ՀՀԿ ներկայացուցչի արտահայտությունը, որը Սահմանադրականի բակում, լրագրողների ու հանրության առջև գունատ ու քրտնած դեմքով խոստովանեց, որ սխալվել են….
Հնարավոր է, թեթևացած շունչ քացեշի ես, ուրախանալով այն երիտասարդների համար, որոնք քաղաքացու, արդարության, արժանապատվության ու իրավունքի պաշտպանության իրենց համոզումներում վճռական են, համոզված ու շարունակելու են ապրել Հայաստանում՝ այս հողի վրա տեսնելով իրենց վաղը։
Արդեն երեկոյան մի շարք պետական պաշտոնյաների մեկնաբանությունները տրամադրության խմբագրում ու աննահանջություն էին արտացոլում, իսկ «Շանթ» հեռուստաընկերության եթերից Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը ոչ միայն մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է, այլև քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»,- հենց այսպես էլ, առանց աչքերը թարթելու ասաց Ֆելիքս Թոխյանը, որն ընդամենը մեկ օր առաջ ժողովրդի աչքի ու ականջի համար հաճո, <<լավ տղու>> խիստ ժողովրդական <<արա ախպեր>>-ով սեփականության անձեռնմխելիության սահմանադրականությունն էր բացատրում ՀՀ սոցիալական ապահովության նախարարին, ԿԲ փոխնախագահին ու ԱԺ ներկայացուցչին ու ձեռքի հետ էլ <<փչացնում >> նրանց ու նրանց ներկայացրած ինստիտուտները։
Շտապել էի/էինք. պարզվեց, որ հնարավոր չէր, ու մեր ժամանակավոր էյֆորեան ընդամենը հերթական բարոյական հաղթանակ էր, գոլորշի. Սահմանադրական դատարանը կառավարության ու Ազգային Ժողովի հաշվին կարճընթաց PR արեց, վերջնախաղում առհասարակ վարկաբեկելով իրեն էլ, նրանց էլ…. ուրիշ ոչինչ…
Իսկ մենք, ինչպես հայտնի երգում է ասվում <<այնքան էինք սպասում հրաշքին, որ հավատացինք դրախտին>>։
Իսկ Հայաստանում ինչպես Հայաստանում. այո, օրենքը հակասահմանադրական է, բայց ևս 6 ամիս՝ մինչև սեպտեմբեր կգործի, երկրում կշարունակվի կուտակայինի հակասահմանադրական երթը։ Եվ արդյոք միայն կուտակայինի…»:

 

Անկախ

Սահմանադրական դատարանի որոշումը նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը. Հրայր Թովմասյան

թովմասյան հրայր«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլև մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար: Հ.Թովմասյանի դիտարկմամբ` որոշումն իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ պատճառաբանական մասում ներկայացված իրավական գնահատականներն և վերլուծությունները կառավարության համար հանդիսանալու են ուղղորդող քաղաքականություն:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում»,-նշել է նախարարը:
Նշվել է նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և կառավարությունը հնարավորություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:

Հանրային խորհուրդն անդրադարձել է Քեսաբի դեպքերին և ՍԴ որոշմանը

484_bՍ.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամուլի ծառայությունից, առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին:

Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու և ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Հանրային խորհրդի կողմից մշակված օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի, ինչպես նաև իրավաբանների մասնակցությամբ, որոնք գտնում են, որ մշտական գործող և լիարժեք մարմին ունենալու համար Հանրային խորհուրդը պետք է նախատեսվի ՀՀ Սահմանադրության մեջ (օրինակ` ինչպես դա արված է Ֆրանսիայում): Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրումից հետո միայն նպատակահարմար կլինի ընդունել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» լիարժեք օրենք:

Եվ քանի որ մոտ ժամանակներում նախատեսվում է ընդունել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ, Հանրային խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել Հանրային խորհրդի հիշատակումը վերը նշված փոփոխությունների մեջ ներառելու հարցը՝ առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը տեղափոխվում է քաղաքական դաշտից հանրային դաշտ:  Իսկ մինչ այդ պահպանել գործող Հանրային խորհուրդը, գործող ՀԽ կանոնադրության մեջ  ամրագրել որոշ դրույթներ, որոնք նախատեսվում են նաև քննարկվող օրենքի նախագծում: Դա թույլ կտա ինչպես փորձարկել այդ դրույթները, այնպես էլ՝ նորացնել Հանրային խորհրդի կազմը՝ ստեղծելով ՀԽ մի քանի նոր հանձնաժողովներ և կազմակերպելով դրանցում հանձնաժողովի նախագահի ընտրություններ, որոնք      կդառնան ՀԽ անդամներ:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և դրա հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերին: Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը) ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀԽ անդամները նաև նշել են, որ նմանատիպ դեպքերը միշտ տեղի են ունենում անսպասելիորեն, և ցավոք, մեր հասարակությունն ու պետական մարմինները լիարժեքորեն պատրաստ չեն լինում դրանց, իսկ նման դեպքերի չկրկնվելու երաշխիքներ գոյություն չունեն: Ուստի Հանրային խորհուրդը որոշել է մշակել պետական և հասարակական միջոցառումների ցանկ, ինչը հնարավորություն կտա առավել արագ արձագանքել նմանատիպ իրավիճակներին՝ դասեր քաղելով Քեսաբի դեպքերից:

Նիստի օրակարգի համաձայն՝ քննարկվել է նաև Հանրային խորհրդի կողմից վերջին շրջանում բարձրացված երեք կարևոր հարցերի ընթացքը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգին:

Քննարկելով պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ Հանրային խորհուրդը բարձր է գնահատել հասարակական այն պայքարը, որի արդյունքում այսօր մենք ականատես ենք լինում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը: Միաժամանակ հանրային խորհուրդը գտնում է, որ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ Հայաստանը կատարում է մի նոր կարևոր քայլ դեպի իրական իրավական պետության կայացում: Հանրային խորհուրդը շարունակելու է ուշադիր հետևել հետագա գործընթացներին և խնդրի վերջնական լուծմանը:

Հանրային խորհուրդը կարևորել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման նպատակով հանրության կուռ կարծիքի ձևավորումը, ինչպես նաև կոնցեսիոների և կառավարության պատրաստակամությունը՝ հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին: Նշվել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է համագործակցել կոնցեսիոների հետ շենքի պահպանման, ամրացման և հետագա շահագործման հարցերի շուրջ:

Հանրային քննարկումների և ՀԽ համառ ջանքերի արդյունքում ունեցած կարևոր հաջողություն է համարվել նաև Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների խնդրին պետական ամենաբարձր մակարդակով կարևորություն տալը և խնդրի լուծման նպատակով գործողությունների համալիր ծրագիր մշակելու կառավարության քայլը: Նշվել է, որ ՀՀ վարչապետն իր շնորհակալական խոսքն է հղել Հանրային խորհրդին այդ կարևորագույն հարցում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար, միաժամանակ ընդգծվել է, որ այդ հարցում դեռ անելիքները շատ են, և Հանրային խորհուրդը շարունակելու է հետևողական լինել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ:

 

Անկախ

Թուրքական դատարանը կարգադրել է հանել «Թվիթեր»-ի արգելափակումը

թվիթեր     Թուրքիայի Սահմանադրական դատարանը այսօր քննել է «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ ներկայացված դատական հայցը: Դատարանը արձանագրել է, որ կայքի արգելափակումը հակասում է օգտատերերի ազատության իրավունքին՝ որոշում կայացնելով հանել արգելափակումը: Որոշման կատարման կարգադրությունը ուղարկվել է համապատասխան մարմիններին:

Նշենք, որ «Թվիթեր»-ը Թուրքիայում արգելափակվեց մարտի 21-ին՝ առժանանալով քաղաքացիների և միջազգային հանրության սուր քննադատությանը:
Անկախ

ՙՙՄիշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ՚՚. պարզաբանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

հակոբ հակոբյանՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ դատաքննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ի պատասխան այդ օրենքում տարիքային խտրականության մասին դիմող կողմի պնդումներին, պարզաբանեց, թե օրենքը, որպես պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, նախատեսելով  միայն 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հիմք է ընդունում պետության կողմից կենսաթոշակային ապահովման փաստացի հնարավորությունը: Այս հանգամանքը նկատի ունենալով` ամրագրվել է տարիքային տարանջատման օբյեկտիվ չափանիշ՝ հիմնվելով իրական հնարավորության վրա: Միշտ էլ որևէ տարիքային շեմ սահմանելը կարող է խտրական թվալ:

ՙՙՄիշտ էլ կարելի է վիճարկել, թե, օրինակ, ինչո՞ւ անձը 63 տարեկանում է անցնում թոշակի, թե ինչու՞ է մինչև 18 տարեկանը համարվում երեխա, այլ ոչ 21-ը, ինչու՞ է դպրոցական տարիքը ներկայումս սկսվում վեց տարեկանից: Ինչո՞ւ է օրենքը սահմանում, որ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայության պարտականություն ունեն միայն 18 տարին բոլորածները, ոչ թե 17 տարեկան 364 օրականները՚՚,-նկատեց Հակոբ Հակոբյանը:

Հակափաստարկ բերելով դիմող կողմի պնդումներին` ԱԺ պատգամավորը նշեց, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը սահմանափակում է սեփականության տնօրինման իրավունքը:

ՙՙԱյն հանգամանքը, որ պետությունը, Սահմանադրության մակարդակով պարտավորություն է կրում ճանաչել և պաշտպանել անձանց սեփականության իրավունքը, որևէ կերպ չի ենթադրում, որ օրենքի մակարդակով չի կարող որոշակի ժամկետով սահմանափակվել անձանց սեփականություն հանդիսացող կոնկրետ բաղադրիչի օգտագործման և տնօրինման իրավունքը՚՚,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Անկախ

Տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը

դատարան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին:

ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի խնդիրը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի 5, 7, 13 հոդվածների վրա: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է, և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը:

Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ հարցին ի պատասխան դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր:

«Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ: Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառմանը, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Կիմ Բալայանը փորձեց ճշտել`համակարգի ներդրմանը կողմ է, բայց այս կարգով ներդրմանը դե՞մ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադրման այս ձևն ու չափն իրենց համար անընդունելի է:

ՙՙԱկնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚. Արծվիկ Մինասյանը ՙՙԴԵՄ եմ՚՚-ի անդամներին

սահմանադրական դատարանՍահմանադրական դատարանում ընթանում է ՙՙԿուտակային կենսաթոշակների՚՚ մասին վիճահարույց օրենքի՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հայցի քննումը:

Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքվել են ՙՙԴԵՄ եմ՚՚ նախաձեռնության անդամները և լուռ ակցիա են անցկացնում ընդդեմ օրենքի:

Նախաձեռնության անդամների խոսքով` իրենք իրենց բուն գործողությունների կատարմանը կանցնեն ժամը 13-ից հետո, իսկ թե ինչ գործողությունների մասին է խոսքը, առայժմ չեն բարձրաձայնում:

Ակցիայի մասնակիցների շարքում են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ երիտասարդներից մինչև տարեցներ: Նրանց ձեռքին ՙՙԴԵՄ եմ՚՚,ՙՙԺողովրդի կամքը վեր է նեղ խմբակային շահից՚՚ և այլ գրություններով պաստառներ են: Ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են:

Նշենք, որ ՙՙԴԵՄ եմ՚՚ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած լուռ ակցիայի մասնակիցները հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց` արդար որոշման ակնկալիքով:

ՙՙՄեր ակնկալիքը Սահմանադրական դատարանից անաչառությունն ու արդարադատությունն է: Լուռ ակցիայի անցկացմամբ մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանի ձեռքում գտնվող արդարադատության կշեռքի նժարները ևս հավասար են կանգնելու, այլապես, եթե արդարադատություն չկայացավ, խնդրի լուծումը և ուղին երկարելու է և կարող է բերել նաև հանրային ընդվզումների՚՚,- հայտարարեց նախաձեռնության ադամ Դավիթ Մանուկյանը:

Մինչ ակցիայի մասնակիցների հեռանալը Սահմանադրական դատարանի նիստն ընդմիջվեց, և ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՙՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան՝ ասաց. ՙՙԼավ կլինի, հաղթելու ենք, երկրում էլ հաստատվելու է սոցիալական արդարություն՚՚: Արծվիկ Մինասյանը հրաժարվեց գնահատական տալ Սահմանադրական դատարանի նիստի ընթացքին: ՙՙԹող մեր անհիմն փաստարկները հերքեն: Ակնհայտ է բոլորի համար, որ Սահմանադրական դատարանը խտրականություն է դնում՚՚,-ասաց պատգամավորը:

Անկախ

Սահմանադրական դատարանն սկսել է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին սկանդալային օրենքի քննարկումը,news.am

MHM86603 (1)Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը: Մի շարք արծվիկդրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը :

գագիկՀիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ կրում:

Դ!ԵՄ ԵՄ – Լուռ ակցիա Սահմանադրական դատարանի մոտ

դեմ եմՄարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա:

Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:

Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:

Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Իսպանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Կատալոնիայի սուվերենության իրավունքը

o_616887Իսպանիայի Սահմանադրական դատարանը մարտի 25-ին վճռեց, որ կատալոնյան  խորհրդարանի`  ինքնավար մարզի կարգավիճակի վերաբերյալ որոշումն անօրինական է: Խոսքը Կատալոնիան իրավաբանական ու քաղաքական սուբյեկտ ճանաչելու մասին է: Դատարանը հայտարարեց, որ դա հակասում է Իսպանիայի օրենքներին ու հենց Կատալոնիայի կանոնադրությանը:

Կատալոնիայի խորհրդարանի որոշումը, որի մասին գնում է , ընդունվել է 2013-ի հունվարի 23-ին: Մեկ ամիս անց, իսպանական կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը Սահմանադրական դատարանում: Ընդ որում , երկրի  նախարարների կաբինետը հայտարարել է, որ կատալոնյան խորհրդարանի որոշումը սկզբունքների հռչակագիր չէ պարզապես: Այն քաղաքական ու իրավաբանական հետևանքներ ունի, որոնք անհամատեղելի են երկրի սահմանադրության հետ, համոզված են նախարարները: Խոսքն առաջին հերթին այն հոդվածի մասին է, որով հռչակվում է, որ սուվերենության հարցերը որոշում է ողջ իսպանական  ժողովուրդը:

Անկախ

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչու են գործատուներից պահանջում կուտակային վճարները` չնայած ՍԴ որոշմանը

դավիթ սարգսյանՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը լրագողների՝ կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին:

-Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը  սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո  նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ  գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային  արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, և  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:

-Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչև մարտի 28-ի որոշումը…եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:

– Ես չեմ մեկնաբանում: Չեմ  ուզում  և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին նաև դուք եք խոսում,  բայց կա հետևյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող,  հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և  իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները:

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց դիմել դատարաններ, եթե աշխատավարձերից պահումներ են արվել

arm139005037526ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Անկախ»-ի հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր վճարները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ և դրան զուգահեռ իրականացվող համատարած պահումները քաղաքացիների աշխատավարձերից ի՞նչ հետանքներ կարող են ունենալ, և արդյոք քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանել իրենց իրավունքները դատարանում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը` մարտի 28-ը, պարտադիրը հանված է, բայց ցավոք սրտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկումների ժամանակ մի եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումներ են կատարում: Դրանք անպարտաճանաչներն են»,-ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով քաղաքացիներին դիմել դատարաններ, եթե առանց իրենց համաձայնության աշխատավարձերից փոխանցումներ են կատարվում կենսաթոշակային հիմնադրամներին:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս երևույթը լռելյայն չի անցնի, և շուտով դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով. «Մենք էլ շատ սկզբունքորեն կպաշտպանենք բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք կդիմեն դատարան»,-ավելացրեց նա:

Ողջունելով երեկ տեղի ունեցած «Դեմ եմ» շարժման բողոքի երթը` պատգամավորը մեկ անգամ ևս ընգծեց այն հանգամանքը, որ աննախադեպ է, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը կարողանում են հանդես գալ միասնական օրակարգով:

 

Անկախ

Արծվիկ Մինասյանը դիմել է ՍԴ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար


arm137872542394
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումը, որը ներկայացնում ենք ստորև.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Բարձր դատարան,
2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:
Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը՝ տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով, խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին, ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները, ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:
Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը: Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում:
Հուսով ենք` այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում,-:

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
31 հունվարի 2014 թվական

 

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Իլհամ Ալիևի հաղթանակը

Ադրբեջան,Իլհամ Ալիև,Սահմանադրական դատարանՀոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստում հաստատվել են հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց համաձայն իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54%-ը (3.126.113 մարդ): Ալիևը ղեկավարելու է առաջիկա 5 տարվա ընթացքում:

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Ջամիլ Հասանլին, ով ըստ պաշտոնական տվյալների` հավաքել է քվեների 5.53%-ը: Վերջինս խնդրել է իրեն խոսքի իրավունք տալ, սակայն մերժել են, որից հետո Հասանլին լքել է նիստի դահլիճը:

Ալիևը նախագահի պաշտոնում ընտրվել է 3-րդ անգամ: 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը հավաքել էր 76% ձայն, 2008թ.-ի ընտրություններում`88.73% ձայն:

Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ-ի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից սկսած: