Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայում գտնվող իսրայելցի դիվանագետների ընտանիքներին կարգադրել է վերադառնալ Իսրայել: Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն`Ստամբուլում և Անկարայում տեղակայված Իսրայելի դեսպանատան և հյուպատոսարանի շենքերի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո իսրայելական իշխանությունները որոշել են Թուրքիայի հետ հարաբերությունները իջեցնել դիվանագիտական մակարդակից: Նախարար Լիբերմանը, նշելով, որ թուրքական անվտանգության ծառայությունը չի կարողացել կատարել դիվանագիտական առաքելություններին պաշտպանելու իր պարտականությունը, կարգադրել է բողոքի նոտա հղել թուրքական կառավարությանը:
Tag Archives: ցույց
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ցուցարարների հետ (լուսանկարներ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ:
Ցույցը կազմակերպվել է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։
Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ լուսանկարներում
Բաքվի կենտրոնում հակահայկական բողոքի ակցիա է կազմակերպվել
Ադրբեջանական “Ղարաբաղի ազատագրման” կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաքվի կենտրոնում գտնվող “Flame Towers” կառույցը, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, տեղեկացնում է “Ենի Մուսավաթ” թերթը:
Ակցիայի մասնակցշիցներն իրենց բողոքն են արտահայտել նիստին հայ պատգամավորների մասնակցության դեմ:
Ըստ ադրբեջանական թերթի` ոստիկանությունը ուժով ցրել է ցուցարարներին: Հաղորդվում է մեծ թվով ձերբակալվածների մասին: Ցուցարարների մնացած մասը շարժվել է Միլի մեջլիսի (խորհրդարան) ուղղությամբ:
Ներկայումս ակցիան շարունակվում է Ադրբեջանի խորհրդարանի դռների մոտ:
ԲԵՌԼԻՆ – ԱՆԿԱՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գերմանական Die Welt (Աշխարհ, 30.05.2014թ.), թերթը տեղեկացնում է, որ երկրի Արտաքին գործերի նախարարությունը մայիսի 28-ին դիմել է դիվանագիտական սուր քայլի`իր մոտ է հրավիրել Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլիողլուն: ԱԳՆ-ի քաղաքական դիրեկտոր Հանս-Դիթեր Լուկասը (Hans-Dieter Lucas, 51տարեկան) նրան զայրացած հայտնել է իր կառավարության վրդովմունքը`վերջերս Էրդողանի կողմից Գերմանիայի
Կանաչների կուսակցության համանախագահ`ծագումով Թուրքիայից Չեմ Օզդեմիրի (48 տ-ն) հասցեին հնչեցրած վիրավորանքների ու սպառնալիքների համար: Քրիստոնյա-դեմոկրատների փոխնախագահ Արմին Լաշերտի (Armin Laschet, 53 տ-ն) միջոցով քաղաքական Բեռլինն արդեն հայտարարել էր, որ «Օտար պետության ղեկավարի սպառնալիքը Բունդեսթագում ներկայացված կուսակցության ղեկավարի` Օզդեմիրի հասցեին, ով պաշտպանել է իր կանցլերի տեսակետը, հարված է բոլոր ժողովրդավար ստանդարտներին և Էրդողանի հարձակումը նրա վրա, միաժամանակ դիտվում է որպես հարձակում գերմանական պետության և ժողովրդավարության վրա»: էրդողանյան թեման մայիսյան տաք քննարկումների նյութ է դարձել նաև Գերմանիայի նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի և կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության գրասենյակներում: Երևույթի նախապատմությունն ու սրընթաց զարգացումները, արդեն 10 օրից ավելի է, ինչ իրենց են գամել քաղաքական և լրատվական Գերմանիայի խոսափողներն ու գրիչները և սերտորեն առնչվում են 2014թ. օգոստոսին Թուրքիայի նախագահական ընտրությունների և դրա առաջին թեկնածուի` սկանդալային Էրդողանի հետ:
2014-ի մայիսի 24-ը Գերմանիայի 2000-ամյա պատմական քաղաքում
Ոչ միայն գերմանական Արաքսը`1238,8 կմ երկարությամբ ձգվող Հռենոսն (գերմաներեն` Rhein, լատիներեն`Rhenus) էր այդ օրը ավանդաբար երկու մասի բաժանում բնակչությամբ չորրորդ գերմանական քաղաքին`մեկ միլիոնանոց բազմազգ Քյոլնին, այլև Թուրքիայի նախագահական աթոռի համար կատաղի պայքարող անհավասարակշիռ մի քաղաքական գործիչ, ում այցի նկատմամբ անցյալում այդպիսի ընդգրկուն բողոքի դրսևորում դեռ չէր արձանագրել քաղաքական և էթնիկ Գերմանիան: «Եվրոպայում թուրք ժողովրդավարների միությունը», որը, հիրավի, համարվում է Թուրքիայի իշխանության երկարացված ձեռքը Եվրոպայում, հիմնադրման 10-ամյա հոբելյանին մասնավոր այցով Քյոլն էր հրավիրել նախագահական ընտրությունների իր թեկնածուին: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումով, օրվա ընտրությունը շատ հանդուգն էր: Ներքին առումով` որովհետև Թուրքիայի ածխահորերում ցայսօր եղած ամենամեծ մարդկային ողբերգության` Սոմայի աղետի ու դրան հաջորդած 300-ից ավելի ածխահատների հողարկավորության սգո օրերին, երկրի վարչապետը սառնասրտորեն արտասահմանյան նախընտրական արշավի է մեկնում: Արտաքին առումով` քանզի այցի հաջորդ օրը`մայիսի 25-ին, Գերմանիայի բնակիչները միաժամանակ երեք` եվրոպական, նահանգային և ինտեգրացիոն կառույցների ընտրության էին գնալու: Ուստի պաղարյուն վարչապետին թե´ ներքին և թե´արտաքին աշխարհից համահունչ ապտակի արժանացրին: Գերմանիայի ալեվիների հարյուրհազարների հասնող համայնքը նախաձեռնեց այստեղ երբևէ Էրդողանի դեմ եղած ամենահզոր ցույցի կազմակերպումը: Երկրի ամենամեծ մուլտիֆուկցիոնալ դահլիճում` Քյոլնի Lanxess Arena-ում ելույթի եկած Էրդողանի դեմ բողոքին Քյոլն էին ժամանել ցուցարարներ տարբեր քաղաքներից, ինչպես նաև Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, ընդհանուր`400 ավտոբուս, քյոլնեցիների հետ միասին մոտ 65 հազար ցուցարար (ըստ կազմակերպիչների`100 հազար): Գերմանիայում հակաէրդողանյան ցույցերի շղթան արդեն ավանդույթի է վերածվում: Ցուցարարների բազմալեզու պաստառները`«Տաքսիմը ամենուր է», «Մենք ոչ´ենք ասում Էրդողանին», «Թայիբ Էրդողան=գայլ`գառան դիմակով», «Մարդասպան Էրդողան», «Ամենուր դիմադրություն Էրդողանին», «Կորչի դիկտատոր Էրդողանը», և այլն, վկայում են մասնակիցների վճռականության մասին: Ալեվիների հետ համերաշխ քայլարշավի էին ելել գերմանացիներ, այլախոհ թուրքեր, ասորիներ, քրդեր, դերսիմցիներ, եզդիներ, հույներ և հայեր: Հռենոսի մյուս կողմում` Քյոլնի արենայում, վարչապետի մոտ 18 հազար երկրպագուներ չպարզեցին ոչ մի քաղաքական պաստառ: Արենայի ուխտավորները միայն ծափահարում էին Գերմանիայի կանցլերին, քաղաքական գործիչներին ու ԶԼՄ-ներին անհարիր շանթահարող իրենց վարչապետին ու միաշունչ բղավում`«Ռեջեբ Թայիբ Էրդողան»:
Հայ Ակադեմիականների Միության մասնակցությունը հակաէրդողանյան մեծ ցույցին
Գերմանիայում հայկական կառույցներից մայիսի 24-ի ցույցին մասնակցեց Հայ Ակադեմիականների Միությանը (ՀԱՄ): Հայկական դրոշների հետ միության անդամները պարզել էին «Էրդողանն ահաբեկիչ է», «Արարա´տ, մենք քեզ հետ ենք» «Արարատը եղել և մնում է հայկական» պաստառները: Քյոլնի և առհասարակ հակաէրդողանյան ցույցերին մասնակցելու միության գաղափարական հենքը հետևյալն է.
- Էրդողանը Թուրքիայի խոսնակն ու խորհրդանիշն է արտասահմանում և նրա դեմ պայքարը, պայքար է ուրացող պետության դեմ, որին եվրոպական բեմերում ասում ենք` հիշու´մ ենք մեր պատմությունը, պահանջատե´ր ենք և դեռ լուծելու խնդիրներ ունենք Թուրքիայի հետ: Ամենուր պետք է այդ երկրի ղեկավարներին դիմավորենք բողոքի ու պահանջատիրության մեր մշտական ներկայությամբ
- Համերաշխ ենք թուրքական ներկա իշխանությունների դեմ Արևմտյան Հայաստանի դրացի հալածված ազգերի պայքարի հետ, քաղաքական դաշնակից ենք նրանց
- Գերմանական ժողովրդավար քաղաքական դաշտում ներկայություն ենք դառնում, փաստում ենք կազմակերպված առկայություն, գերմանացի և մյուս ժողովրդավար քաղաքական գործիչների մեջ բարեկամներ ենք ձեռք բերում, գործիչներ, որոնցից շատերն իրենք են հայերին փնտրում
Ի կատարումն այս ծրագրային դրույթների, ՀԱՄ-ի անդամները ակտիվ ներկայություն ապահովեցին մայիսի 24-ի Քյոլնի մեծ ցույցին:
Իսկ գերմանական արձագանքը, ինչպիսի՞ն էր այն:
Էրդողանի այցի, դրա նախորդ և հաջորդ օրերին, տեղի ունեցավ խոսափողերի և հեռուստաէկրանների իսկական փոխհրաձգություն, որին մասնակցեցին ավագ և կրտսեր սերնդի բազմաթիվ գործիչներ:
Նախ`Եվրոպառլամենտի պրեզիդենտի պաշտոնի համար մոտ 400 մլն. եվրոպացիների ձայները շահելու ելած թեկնածուները`գերմանացի Մարտին Շուլցը (Martin Schulz, 58 տ-ն, Սոցիալ-դեմոկրատական կուս.) և լյուքսենբուրգցի Ժան-Քլոդ Յունկերը (Jean-Claude Juncker, 59 տ-ն, Քրիստոնյա-սոցիալ-ժողովրդական կուս.) իրենց ընտրությանը և Էրդողանի այցին նախորդող շաբաթվա վերջին Համբուրգում կայացած հեռուստաբանավեճին հակառակ իրենց բազմաթիվ տարակարծիք մոտեցումներին, միաձայն հաստատեցին, որ «ներկա Թուրքիան, նրա ղեկավարությունը, տեղ չունեն Եվրոպական Միությունում, հասուն չեն դրա համար»: Այս ելույթները լուրջ ազդանշաններ էին հակաէրդողանյան մթնոլորտի թեժացման համար: Զգուշավոր, բայց վճռական էր նաև կանցլեր Անգելա Մերկելի (Angela Dorothea Merkel, 59 տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) ելույթը, որով աշխարհի ներկա թիվ մեկ կին գործիչը հույս էր հայտնում, որ «Էրդողանը գիտակցում է, թե այս անգամ որքան զգայուն է այցի օրը և որ նա ամենայն պատասխանատվությամբ ելույթ կունենա»: Հատկապես մտահոգիչ և խարազանող տոնով հանդես եկավ Քյոլնի քաղաքագլուխ Յուրգեն Ռոթերսը (Juergen Roters, 65 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ, 2009-ից Քյոլնի քաղաքագլուխ), ով հեռուստաէկրանից հայտնեց, որ «պատշաճ կլիներ, եթե Էրդողանը Գերմանիա գալու փոխարեն մնար իր երկրում և պարզեր Սոմայի աղետի խնդիրները… նրա այցը որոշակի սադրանք է»: Գերմանիայի չորս գլխավոր կուսակցությունների` Քրիստոնյա-դեմոկրատների, Սոցիալ-դեմոկրատների, Կանաչների և Ձախերի հայտնի շատ գործիչներ Էրդողանին Գերմանիա կատարելիք այցից հրաժարվելու խորհուրդներ և սուր գնահատականներ հնչեցրին: Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա (ՀՀՎ) մարզի, (Քյոլնը այս մարզի ամենամեծ քաղաքն է), աշխատանքի և ինտեգրացիայի նախարար Գունթրամ Շնայդերը (Guntram Schneider, 63տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) Էրդողանի այցը համարեց «հյուրընկալության իրավունքի չարաշահում», ձաղկող էին նաև մարզի Կանաչների նախագահ Սվեն Լեհմանի (Sven Lehmann, 35տ-ն) խոսքերը: Կարծր էին հատկապես բեռլինյան ձայները: Ըստ կառավարող Քրիստոնյա-դեմոկրատական միության փոխնախագահուհի Յուլիա Կլյոքների (Julia Kloeckner, 42 տ-ն)`«խելացի կլիներ, եթե նա չգար…Էրդողանը երբեք այսքան հեռու չէր եղել եվրոպական արժեքներից, որքան հիմա է…հուսով եմ, որ Թուրքիայից եկած շատ քաղաքացիներ նրան այստեղ ուղղակի կարհամարեն, որը հստակ դիրքորոշում կլինի նրա նկատմամբ»: Նույն օրերին Քրիստոնյա-սոցիալ. միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը (Andreas Scheuer, 40տ-ն) Բավարիայից հայտարարեց, որ «Էրդողանն իրավունք չունի իր ընտրապայքարի ճակատամարտերը Գերմանիա տեղափոխել»: Քրիստոնյա-դեմոկրատների ցուցակով Բունդեսթագ անցած առաջին մուսուլման պատգամավոր, Հունաստանից Գերմանիա տեղափոխված թուրք ընտանիքի դուստր Ջեմիլե Յուսուֆը (Cemile Giousouf, 36տ-ն) հայտնեց, որ «վստահ է, որ Սոմայի ողբերգությունից հետո, շատերը կարծում են, որ վարչապետը պետք է լինի այնտեղ, որտեղ նրա կարիքը կա, այն է`իր երկրում և աղետի վայրում, այլ ոչ թե մեկնի Գերմանիա` հոբելյանական տոնակատարության»: Ամենաաղմկահարույցն ու խոցելին, իհարկե, մայիսի 19-ին «Գերմանաիա» ռադիոկայանի լրագրող Յասպեր Բարենբերգի (Jasper Barenberg) հետ Չեմ Օզդեմիրի ունեցած հարցազրույցն էր, որտեղ Կանաչների համանախագահը ուղղակի ասում է. «Էրդողանը կորցրել է իրականությունը ճանաչելու կարողությունը և նրա նախագահ դառնալը Թուրքիայի համար անկում կնշանակի …» ապա ավելացնում`«մենք պետք է ծրագրեր մշակենք հետէրդողանյան Թուրքիայի համար, քանիզի Էրդողանը բևեռացնում, բաժան-բաժան է անում Թուրքիայի հասարակությունը և նույնն է անելու նաև Գերմանիայում թուրքական ծագմամբ քաղաքացիների հետ»:
Գանահարող նույն մթնոլորտն էր տիրում նաև 24-ի մեծ ցույցի ամբիոնում: Բազմաթիվ ալեվի գործիչների կողքին ելույթներ ունեցան Եվրոպառլամենտի պատգամավոր, Եվրոպայի Կանաչների կուս. համանախագահ Ռայնհարդ Բյուտիկոֆերը (Reinhard Buetikofer, 61 տ-ն), Բունդեսթագի պատգամավորներ` պրոֆ.դր. Հերիբերթ Հիրթեն (Prof. Dr. Heribert Hirte, 56տ-ն, Քրիստոնիա-դեմոկրատ) Ֆոլկեր Բեքը (Volker Beck, 54տ-ն, Կանաչներ), Սևիմ Դագդելենը (Sevim Dağdelen, 38տ-ն, Ձախեր), ՀՀՎ խորհրդարանից`Սերդար Յուկսելը (Serdar Yüksel, 41տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), Բերնհարդ ֆոն Գրյունբերգը (Bernhard von Grünberg, 68 տ-ն, Սոցիալ-դեմոկրատ), դանիական ծագումով Եվրոպառլամենտի թեկնածու Թինե Հյորդումը (Tine Hørdum, 31տ-ն, Սոցիալ-դեմոկրատ) և ուրիշներ: Օրվա բեմից բազմաթիվ հռետորներ Էրդողանից պահանջում էին նաև ճանաչել Հայոց ցեղասպանությանը:
Հակաէրդողանյան հարյուրավոր հոդվածներն ու քաղաքական գործիչների բուռն արձագանքներն արդյո՞ք միայն բարոյախառն ելույթներ էին և չունեին որևիցե դիվանագիտական հարվածի ուժ կամ նպատակ, թե՞ սա ուղղակի արդեն նշանակում է, որ գերմանացիները թուրք ղեկավարի համար միակողմանի թռիչքի տոմս են պատվիրել և առաջարկում են նրան եվրոպական քաղաքական օդանավակայանից Թուրքիա թռչել Մուամար Կադաֆիի, Հոսնի Մուբարաքի և Զին բեն Ալիի ինքնաթիռով:
Ի հեճուկս վերոհիշյալի, Անկարայի տիրակալը իր հյուսիսային հպատակներին հրամայեց ավելի վեր բարձրացնել սպիտակ աստղով կիսալուսինը և մեկ ու կես մլն. ընտրողների սրտերը նվաճելու բաղձանքով ժամանեց Գերմանիա: Թուրքիայի ԱԳ նախարար Դավիթօղլուի և իշխանամետ «Յենի Սաֆակ» թերթի կողմից գերմանացիներին ուղղված պատասխան կրակոցները բավարար չհամարելով, աներեր Էրդողանը արենայի բեմից նախ ամպահար արեց հյուրընկալ երկրի գործընկերներին, հետո, կարծես բոլոր քննադատողներին որպես հավաքական պատասխան` թուրքական հեռուստաէկրանից դիմեց Չեմ Օզդեմիրին. «այդ այսպես կոչված թուրքին այլևս չեմ ուզում տեսնել Թուրքիայում… Դու արդեն շատ հեռուն գնացիր քո արտահայտությունների մեջ… »:
Դատելով Էրդողանի և նրա էմիսարների համառ պահվածքից, հատկապես այստեղ մշտապես հնչեցրած նրանց ագրեսիվ ելույթներից, կարելի է եզրակացնել, որ Գերմանիա հաճախակի կատարվող նրանց այցերի չբարձրաձայնվող նպատակներից է թուրքական սփյուռքի ազգայնամոլության վերարտադրության ապահովումը, Գերմանիայում թուրք երիտասարդ սերնդի գաղափարապես թուրքական ազգայնամոլությունից և իսլամից հեռանալու հնարավորությունները նվազագույնի հասցնելու մարմանջը:
Հստակ է արդեն, որ Անկարայի ներկա պետական սփյուռքյան դոկտրինը ազգայնամոլությունն ու մարտնչող իսլամիզմն է, որը Բեռլինում արդեն գիտակցում են:
Իսկ Բոսֆորի ափի բնակիչը, 21-րդ դարի սկզբին, կարծես սկսում է նորից հիվանդանալ:
Ազատ Օրդուխանյան
Հայ Ակադեմիականների Միության նախագահ
2 հունիսի 2014թ, Բոխում, Գերմանիա
Բաքվում ոստիկանները ցրել են դպրոցականների ցույցը
Բաքվի ոստիկանությունը ցրել է Բաքվի մարդասիրական տեխնիկական լիցեյի աշակերտների կազմակերպած բողոքի ակցիան: Դպրոցականների ակցիայի պատճառը եղել է թեստային քննությունների ընթացքից դժգոհությունը, հաղորոդում է “Հագին” կայքը:
Դպրոցականները լքել են դասարանները, սկսել են վանկարկել “հրաժարական”՝ կոչ անելով իրենց տնօրենին հրաժարական տալ:
Իր հերթին, ուսումնական հաստատության տնօրենը, հասկանալով, որ չի կարողանում հանդարտեցնել բողոքող աշակերտներին մանկավարժների կազմի միջոցով, ոստիկանություն է կանչել, որն էլ ցրել է ցույցը:
Արդյունքում ձերբակալվել են մի քանի դպրոցականներ: Բողոքի ակցիային հիմնականում մասնակցել են 10-11-րդ դասարանի աշակերտներ: Դեպքի վայր են ժամանել կրթության նախարարության ներկայացուցիչները, ովքեր բանակցություններ են վարում տնօրեն Սանուբար Ալիևայի հետ:
Բողոքի ակցիա Ադրբեջանում՝ կանանց մասնակցությամբ
Ադրբեջանում “Ազերիգազ” արտադրական միության մի քանի կին աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց: Մոտ 50 կանայք լուծարված աշխատատեղերի դիմաց աշխատանք են պահանջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
“Ազերիգազ”-ի աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքից հեռացրել են շրջանային փրկարարական ծառայությունները վերացնելուց հետո: “Մեր շարքերում կան միայնակ մայրեր, նահատակների ընտանիքների ներկայացուցիչներ, կանայք, ում ամուսինները հաշմանդամ են: Իսկ հիմա, առանց նոր աշխատանք տրամադրելու, մեզ աշխատանքից հեռացրել են: Միայն այս ակցիան կազմակերպելով կարող ենք բացատրել մեր վիճակը”,-ընդգծել է աշխատակցուհին:
Նախագահի աշխատակազմում ընդունել են ցուցարարներին՝ լսելով նրանց խնդիրները: Նրանց խնդրել են նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակ գրել, որից հետո աշխատակազմի աշխատակիցները զանգահարել են “Ազերիգազ”-ի ղեկավար Աքփեր Հաջիևին, ով խոստացել է ընդունել և լսել միության աշխատակիցներին:
Սակայն Հաջիևը շուտով հրաժարվել է ընդունել “Ազերիգազ” ժամանած ցուցարարներին: Այդ իսկ պատճառով բախում է տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև: Ըստ լրատվական գործակալության՝ կանայք դաժան ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակիցներին և ներխուժել շենք:
“Ազերիգազ”-ի ղեկավարին շատ շտապ տարհանել են շենքից:
Ստեփանակերտում երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ Ջեյմս Ուորլիքի հայտարարության
Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով.
Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախի Հանրապետությունը/ ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:
Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:
Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:
Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:
Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:
Ստամբուլում ազատ են արձակվել մայիսի 1-ին բանտարկվածները
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Ստամբուլում ազատ են արձակվել մայիսի 1-ի ցույցերի ժամանակ ձերբակալված 173 մարդիկ: Ընդհանուր առմամբ Թուրքիայում կալանավորվել է 221 հոգի մայիսմեկյան երթերի և անկարգությունների մեջ ներքաշված լինելու մեղադրանքով: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 90 մարդ էր տուժել, այդ թվում 13 ոստիկան:
Թուրքիայում ձերբակալվել է մայիսմեկյան ցույցերի 142 մասնակից
Ստամբուլում և Անկարայում ձերբակալվել են մայիսմեկյան ցույցերի 142 մասնակիցներ, որոնք մեղադրվել են ոստիկանության նկատմամբ հրահրիչ քայլերի դիմելու մեջ: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ ոստիկանության և ցուցարարների հետ բախումների հետևանքով 90 մարդ է տուժել, այդ թվում՝ 13 ոստիկան: Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային օրվա տոնումը Թուրքիայում արգելված էր վերջին 32 տարիների ընթացքում: Սակայն իշխող ԱԶ կուսակցությունն այս տարվա ապրիլ ամսին հանեց մայիսմեկյան երթեր անցկացնելու արգելքը:
Ադրբեջանում Ջեյրանբաթան գյուղի բնակչները ցույց են կազմակերպել
Ադրբեջանում տեղի ժամանակով 19:00 Ջեյրանբաթան գյուղի բնակչները ցույց են կազմակերպել` ի նշան բողոքի փակելով Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհը:
Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, բողոքի ցույցի պատճառը Ջեյրանբաթանի բնակելի տարածքում ջրի բացակայությունն է. երու օր է`բնակիչները ջուր չունեն: Նրանք պահանջում են անմիջապես վերականգնել ջրամատակարարումը:
Ճանապարհը երկար ժամանակ փակ է եղել և խցանումների պատճառ հանդիսացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պահանջել է հեռանալ այդ ավտոճանապարհից, մինչդեռ բնակիչները պնդել են, որ դեպքի վայր գան “Ազերսու” (Ադրբեջանական ջուր) ընկերության աշխատակիցերները: Ի վերջո, ոստիկանները բացել են ավտոճանապարհը:
Ըստ կայքի` վերջերս ոչ միայն Ադրբեջանի շրջաններում, այլև մայրաքաղաքի բազմաթիվ կենտրոնական թաղամասերում ջրամատակարարումը հաճախ դադարեցվել է, ինչի պատճառով բազմաթից քաղաքացիներ բողոքել են:
Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին
Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի հայ երիտասարդության ասոցիացիան էին:
Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:
Շարունակությունը կարդացեք այստեղ`
Ցույց «Հայկական Ժամանակի» խմբագրության դիմաց (տեսանյութ).Armtimes.com
Այսօր կեսօրից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում էին` «Դհոլ, դհոլ, դհոլ»: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, եւս մի քանի հոգի ձեռքներին ունեին փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի էին:
Armtimes.com-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա ինքնաբուխ ակիցա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:Մեր այն հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասաց, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին ուղեկցում էր «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը:
Նմանատիպ ցույց է տեղի ունեցել նաև Առաջին լրատվականի խմբագրության դիմաց և կրկին նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը:
“Երկնքում մեզ հսկում է Հեյդար Ալիևը, իսկ երկրի վրա՝Իլհամ Ալիևը”. ցույց Ադրբեջանում
Մարտի 12-ին Ադրբեջանում վաճառականները բողոքի ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններից մեկի առջև: Ոստիկանության աշխատակիցները ցրել են ցուցարարներին: Վաճառականները ցույցի ժամանակ պարզել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարները: Լրագրողների հարցերին ցուցարարները պատասխանել են հետևյալ կերպ. “Երկնքում մեզ հսկում է Հեյդար Ալիևը, իսկ երկրի վրա՝Իլհամ Ալիևը”, հաղորդում է “Հագին” կայքը:
Մետրոպոլիտենի նոր ղեկավար Զաուր Հուսեյնովը հրամայել է գետնանցումներում քանդել առևտրի կետերը: Դրանց աշխատակիցներին զգուշացրել են առաջիկա քանդման մասին, որը կիրականացվի մինչև մարտի 31-ը: Սակայն այդ հանգամանքը զայրացրել է աշխատակիցներին, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի:
Ըստ “Ազադլըխ” կայքի՝ ոստիկանները ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 5 ցուցարար ձերբակալվել է:
15-ամյա Բերքին Էլվանին հիշում է նաև Ստամբուլի հայ համայնքը
Երեկ սկիզբ առած ստամբուլյան ցույցերին մասնակցել է նաև տեղի հայկական համայնքը: Հայազգի երիտասարդներից ձևավորված «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը Բերքինին հիշել է հայերեն գրություն թողնելով Իսթիքլալ պողոտայի շենքերից մեկի պատի վրա՝ «Պէրքին, քէզի պիտի չմորձնէնք»:
Բերքին Էլվանի հիշատակին նվիրված պաստառ կարելի է տեսնել նաև «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան շենքի պատին, որի վրա գրված է՝ «Երեխան և հացը սուրբ են: Քեզ չենք մոռանա Բերքին»:
Չնայած թուրքական ոստիկանությունը ամեն կերպ փորձում է կանխել Բերքին Էլվանի մահվան պատճառով գլխավորապես Ստամբուլի ու Անկարայի փողոցներ դուրս եկած ելույթները, այնուհանդերձ այսօր կրկին մեծ ամբոխ է հավաքվել Ստամբուլի Օքմեյդան կոչվող թաղամասում մասնակցելու 15-ամյա Բերքինի հոգեհանգստի արարողությանը:
Բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի առջև
Ադրբեջանում բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Վարորդները դժգոհ են վերջին ստուգումներից, որոնք իրենց հետևելու նպատակով իրականացնում են տրանսպորտի նախարարության և ՃՈ-ի աշխատակիցները, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
“Պետության կողմից տրամադրված տեխնիկական անձնագրերի համաձայն՝ թույլ է տրվում տեղափոխել 35-55 տոննա բեռ: Բայց երբ մենք տանում ենք 32 տոննան գերազանցող բեռ, մեզ տուգանում են 600-1400 մանաթով”,- բողոքում են ակցիայի մասնակիցները:
Նախագահի աշխատակազմում վարորդներին ընդունել են, այնուհետև ուղարկել են տրանսպորտի նախարարություն: Ըստ կայքի՝ տուգանքները պայմանավորված են բեռնված մեքենանաների՝ճանապարհները փչացնելու հանգամանքով:
Բաքվում օտարված տների բնակիչները կրկին ցույց են կազմակերպել
Բաքվում նախկին Սովետսկայա փողոցի և դրան հարող թաղամասերի բնակիչները կրկին բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով հարգել սեփականության իրենց իրավունքը: Ցույց անցկացնելու որոշում կայացվել է այն բանից հետո, ինչ իշխանությունները հրաժարվել են վճարել բնակիչների կողմից պահանջվող փոխհատուցումը, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Մի քանի հարյուր ցուցարար պահանջել են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Ոստիկանները փակել են մուտքի և ելքի ճանապարհը ու թույլ չեն տվել բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածություն է ծագել:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նման պահանջներով ցույց էր կազմակերպվել, որին մասնակցել էր 5 հազար բնակիչ :
ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ուկրայինայի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում երկրում տեղի ունեցող բռնությունների համար:
Վաշինգտոնն ուկրաինական կառավարությանը կոչ է արել Կիևի փողոցներից անհապաղ դուրս բերել ոստիկանական ուժերը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ՋոզեֆԲայդենն այս զգուշացումն արել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ: «Փոխնախագահը դատապարտել է Կիևում խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնությունները: Նա նախագահ Յանուկովիչին կոչ է արել անմիջապես հետ քաշել անվտանգության ուժերը: Փոխնախագահը հստակ նշել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Բաքվում ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակցին
“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի ղեկավարությունն անհանգստություն է հայտնել Բաքվում իր թղթակցին ծեծելու առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, փետրվարի 20-ին՝ ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում, ծեծել են “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի թղթակից Թափդըգ Ֆարհադօղլուին։
Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայությունն երեկ չափազանց դաժան է վարվել լրագրողների հետ, որոնք լուսաբանել են ուսանողների ակցիան։
Անվտանգության ծառայությունը համալսարանի դիմացից փորձել է ցրել ցուցարարներին և լրագրողներին։ Նախևառաջ նրանք փորձել են խոչընդոտել լրագրողներին ֆիքսել տեղի ունեցող իրադարձությունը, ուսանողներից հարցազրույց վերցնել:
Այդ ամենը ղեկավարել է համալսարանի անվտանգության ղեկավարը։ Նա անձամբ է կոտրել տեսախցիկները, բղավել և ծեծել լրագրողներին: Մինչդեռ ոստիկանությունը հանգիստ հետևել է տեղի ունեցող իրադարձություններին։ Ընդհանուր առմամբ, տուժել է տարբեր լրատվամիջոցների 20 ներկայացուցիչ։
Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը: Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:
Բաքվում հարյուրավոր ուսանողներ ցույց են կազմակերպել
Հարյուրավոր ուսանողներ փետրվարի 20-ին Բաքվի պետական համալսարանի շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք վանկարկել են. “Ուսանողները չպետք է վճարեն դասախոսների աշխատավարձերը”, “Մի՛ խախտեք օրենքը, մի՛ հորինեք կեղծ կանոններ”:
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, համալսարանի անվտանգության աշխատակիցները ուսանողների և լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել: Շատ ուսանողներ բռնի ուժով համալսարանի շենք են տարվել: Քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցը ագրեսիվ վերաբերմունք է դրսևորել նույնիսկ լրագրողների նկատմամբ:
Ուսանողներին հանգստացնելու համար նրանց է մոտեցել համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը, ում դիմավորել են սուլոցներով: Վերջինս խոստացել է վերանայել բողոքը:
Ոստիկանության աշխատակիցները ցրել են ցուցարարներին, սակայն ավելի ուշ ուսանողները հավաքվել են Գիտությունների ակադեմիայի բակում և հրաժարվել են ցրվել:
Համաձայն վերջին տվյալների՝համալսարանի ռեկտորը վաղը կհանդիպի ուսանողների հետ, ովքեր այսօր բողոքի ցույց են անցկացրել:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Այս տարվանից ուսանողները, ովքեր լուծարքներ կունենան, պետք է հավելյալ գումար վճարեն՝այլ խմբերում դասախոսություններին նորից մասնակցելու հնարավորություն ստանալու համար”: Դա նշանակում է, որ ուսանողները չեն կարողանա անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքը:
Դրանից անմիջապես հետո համալսարանի ուսանողները “Ֆեյսբուք”-ում ստեղծել են մի քանի խմբեր, որոնց միջոցով կոչ են արել իրենց համակուրսեցիներին ցույցի դուրս գալ:
Բաքվում երիտասարդները ցույցի են պատրաստվում
Ադրբեջանի “Ազգային միտք” կենտրոնը ցանկանում է այսօր`փետրվարի 19-ին, բողոքի ակցիա իրականացնել Բաքվի կենտրոնում, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
Բողոքի ակցիան տեղի է ունենալու այսօր` տեղի ժամանակով ժամը 14:00-ին: Ցուցարարները բողոքելու են ընդդիմադիր ռեփեր “Քաբուսի” համերգն արգելելու դեմ:
Այս կերպ ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների վրա:
Ընդդիմադիր երգիչ “Քաբուսը” ցանկացել էր համերգ տալ փետրվարի 16-ին “Վեթեն” կինոթատրոնի սրահում, սակայն ոստիկանությունն արգելել էր այն:





