«Ադրբեջանը չարաչար սխալվեց». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում անդրադառնում է սահմանային վերջին միջադեպերին, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, Թուրքիայի նախագահական ընտրություններին, Լևոն Հայրապետյանի հարցին, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներին:

– Պարոն Մանուկյան, հուլիսի վերջին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված աննախադեպ լարվածության վերաբերյալ այն ժամանակ հնարավորություն չունեցանք Ձեր կարծիքն իմանալու, քանի որ արձակուրդում էիք, բայց հետևել եք բոլոր իրադարձություններին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր Ադրբեջանի կողմից հրահրած գործողությունների նպատակը, և ինչի՞ հասան նրանք:

– Ադրբեջանի նպատակների մասին նախագահն իր հարցազրույցի մեջ բավականին հանգամանալի խոսել է, և ես համամիտ եմ նրա հետ. Ադրբեջանն ուներ և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներին վերաբերող, և՛ Հայաստանի դեմ ուղղված նպատակներ, սակայն Ադրբեջանը չարաչար սխալվեց:

Ցավալի դեպքեր եղան, մարդիկ զոհվեցին, սակայն այս ամենի մեջ 2 շատ կարևոր հանգամանք երևաց. առաջին` մեր բանակն իսկապես մարտունակ է և կարողանում է անել այն, ինչ միշտ կարողացել է՝ ի տարբերություն մեր հակառակորդի, երկրորդ՝ երևաց մի աննախադեպ միասնություն հասարակության մեջ: Բոլոր դժգոհությունները մի կողմ դրվեցին: Ճիշտ է, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չներեց, բայց կարճ ժամանակում բոլորը միավորվեցին հայրենիքի պաշտպանության շուրջ: Ինձ այդ օրերին շատ էին զանգում, անգամ այդ նորաստեղծ կամավորական ջոկատներից, ու շատ էի ափսոսում, որ Հայաստանում չեմ: Այդ ամենը շատ ոգևորիչ էր և ցույց տվեց, որ ապագայում նույնպես մեզ այդպես կդրսևորենք: Իհարկե, դա իշխանությունների համար նշան չպիտի դառնա, որ ինչ էլ անեն, մեկ է, հասարակությունը կհամախմբվի: Ոչ, այդպես չէ, կա եզր, որից հետո այդ համախմբումը կարող է դժվար լինել:

 

– Այսինքն` վերջին տարիների այն մտահոգությունը, որ ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտում, եթե պատերազմ կամ պատերազմի վտանգ լինի, մենք այլևս չենք կարող նախկինի պես համախմբվել, չափազանցվա՞ծ էր:

– Այդ մտահոգությունն ուներ հասարակության մի շերտ, իսկ ես երբեք նման մտահոգություն չեմ ունեցել: Բնականաբար, չէի ուզենա, որ պատերազմ լիներ, որովհետև պատերազմ նշանակում է զոհեր, բայց միաժամանակ, ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մենք կհաղթենք, եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ հրահրի:

Այստեղ մի շատ կարևոր բան էլ կա. այդ դեպքերը հետաձգեցին պատերազմը, որի մասին Ադրբեջանն անընդհատ հնչեցնում է իր ռազմատենչ հայտարարություններում: Ադրբեջանը, այնուամենայնիվ, երկու ճանապարհ ունի. կա՛մ պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Ղարաբաղն իրենը չէ և մտնի բանակցությունների մեջ փախստականների, սահմանների, տարածքների շտկման վերաբերյալ, կա՛մ փորձի պատերազմով Ղարաբաղը վերցնել: Բայց մեր այս վերջին հակահարվածը ցույց տվեց հայոց բանակի ուժը, ինչը թուլացրեց հակառակորդի ախորժակը: Այսինքն, եթե Ադրբեջանը նախատեսում էր պատերազմ, և սա փորձարկում էր, ապա նրանք հասկացան, որ պատերազմը պետք է հետաձգել:

– Կամ գուցե բացառե՞լ:

– Կա՛մ բացառել, կա՛մ հետաձգել: Իսկ մի բան, որ անընդհատ հետաձգվում է, հետո բացառվում է:

– Անդրադառնանք արտաքին աշխարհին: Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները և Ռուսաստանի հակադարձումներն ի՞նչ բացասական հետևանքներ կունենան Հայաստանի տնտեսության վրա: Մյուս կողմից` հնչում են տեսակետներ, որ դա կխթանի մեր ապրանքների արտահանումը և այլն:

– Իհարկե, եթե հնարավորություն է առաջանում ավելացնելու արտահանումը, ապա պետք է օգտվել, բայց ընդհանուր առմամբ այդ ամենի մեջ բացասականն այնքան մեծ է մեզ համար քաղաքական, տնտեսական, ազգային շահերի տեսանկյունից, որ մեզ պետք է` Ռուսաստանի և Արևմուտքի սուր առճակատումը չեզոքանա: Այդ սրացման ժամանակ, եթե կարճատև ժամանակում մի քանի լոլիկ ավելի վաճառես, հարց չի լուծվում: Այդ սրացումը շատ վտանգավոր և շատ վնասակար է Հայաստանի համար: Եթե մեր ձեռքում կա գոնե մի փոքր հնարավորություն նպաստելու, որ մեղմանան այդ հարաբերությունները, Հայաստանը դա պետք է օգտագործի: Մտածողությունը դա պետք է լինի և ոչ թե մի քանի լոլիկ ավելի վաճառելը:

– Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, երկրի ղեկավար ընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն էլ իր հերթին վարչապետի թեկնածու առաջադրեց Ահմեդ Դավութօղլուի թեկնածությունը: Այս վերադասավորումները տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:

– Անկեղծ ասած, ես նոր վերադասավորումներ չեմ տեսնում, որովհետև Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը թելադրվում էր Էրդողանի և Դավութօղլուի միջոցով: Պարզապես հիմա ավելի հստակեցվեցին նրանց կարգավիճակները, և ես կարծում եմ, որ դա նրանց ավելի մեծ հնարավորություն կտա մտածելու պրագմատիկ և ոչ թե պոպուլիստական՝ այս կամ այն շերտին դուր գալու համար: Այդ տեսակետից, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունները կարող են մտնել մի նոր փուլ, որն ավելի բարենպաստ է: Կարող է մի քիչ պարադոքսալ թվալ, որովհետև երկու գործիչներն էլ բավական կոշտ հայտարարություններ են արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց մինչ այս նրանք իրենց իշխանության ստատուսն ամրապնդելու խնդիր էին լուծում: Հիմա, երբ այդ ստատուսն ամրապնդված է, պետք է առաջնորդվեն Թուրքիայի շահերով: Այդ տեսանկյունից, կարծում եմ, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հետագա հարաբերությունների համար:

– Օրերս հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարցով Դուք անձամբ նամակ եք գրել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն: Ինչո՞ւ որոշեցիք դիմել հենց նրան և որևէ պատասխան ստացե՞լ եք:

– Արձակուրդ մեկնելուց առաջ ես Ժիրինովսկուն նամակ գրեցի, որի մեջ չեմ պնդում, թե մեր հայրենակիցը մեղավոր է կամ մեղավոր չէ, քանի որ դա իմ գործը չէ, այլ դատարանի գործն է, բայց մյուս կողմից նշել եմ, որ Լևոնը բավականին հիվանդ է, ու նրան բանտում կամ բանտի հիվանդանոցում պահելը մարդկային չէ: Իմ դիմումը Ժիրինովսկուն խափանման միջոցը փոխելուն էր վերաբերում:

Իսկ թե ինչու դիմեցի ժիրինովսկուն, ապա 2 պատճառով. նախ` նման դեպքերում պիտի դիմես մի մարդու, որն ազդեցություն ունի, իսկ նա ունի, երկրորդ՝ ես նրա հետ ունեմ բավականին լավ, անձնական հարաբերություններ ու գիտեմ, որ անկախ նրա կոնյունկտուրային հարաբերություններից՝ կապված Ադրբեջանի հետ, նա խորապես փոխկապակցված է տեսնում Հայաստանի և Ռուսաստանի շահը: Այդ տեսակետից ես բնական համարեցի նրան դիմելը: Նամակին դեռ արձագանք չկա, և ես մոտ ժամանակներս կզանգեմ նրան կամ նորից կգրեմ:

– Բացի այդ նամակից, որևէ այլ քայլ պատրաստվո՞ւմ եք իրականացնել՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

– Կարծում եմ, որ որոշակի մարդիկ պետք է կոորդինացնեն այդ քայլերը, չարժե, որ ամեն մեկն ինքնուրույն ինչ-որ քայլեր անի: Ես դեռ ներկա իրավիճակին ծանոթ չեմ, պետք է ծանոթանամ, ըստ այդմ, քայլեր կձեռնարկվեն:

– Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը հունիսի սկզբին ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջներն ու կառավարությանը ժամանակ տվեցին դրանք իրագործելու: Այսօր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ ոչ մի տեղաշարժ չկա, և իրենք պետք է պահանջեն ամբողջական իշխանափոխություն: Ի՞նչ եք կարծում, աշնանն այդ ուժերը նման համատեղ պահանջով հանդես կգա՞ն, և դա արդյունավե՞տ ճանապարհ է:

– Ընդդիմության այդ 12 կետերին, իհարկե, ծանոթ եմ, կան պահանջներ, որ համարում եմ թույլ, ավելի սուր կարելի էր դնել, կան պահանջներ, որոնք անիմաստ են, բայց կան նաև նորմալ առաջարկություններ, և եթե մարդիկ պայքարեն այդ առաջարկություններն անցկացնելու համար, դա կլինի ընդդիմության բնականոն ընթացքը: Ընդդիմությունը բարձրացնում է հարցեր և փորձում է դրանք լուծել ընդդիմադիր վիճակում: Եթե ժողովուրդը տեսնում է, որ այդ հարցերը լավ հարցեր են, բայց իշխանության միջոցով չեն լուծվում, որոշում է հետագայում ձայնը տալ ընդդիմությանը: Սա դեմոկրատական երկրի դասական համակարգն է: Սակայն այս վերջին տարիներին ես միշտ տեսնում եմ, որ ընդդիմության միակ նպատակը իշխանափոխությունն է, ինչին ես դեմ եմ: Այո, ցանկացած դեմոկրատական երկրում ժամանակ առ ժամանակ առաջանում է նման պահանջ, բայց հիմնականում ընդդիմության և իշխանության միջև պայքարը որոշակի հարցերի շուրջ է, և եթե հաջողվում է այդ հարցերը լուծել, ապա փառք և պատիվ ընդդիմությանը, իհարկե, այդ ժամանակ պետք է գնահատել նաև իշխանությանը: Իսկ եթե չի ստացվում այդ հարցերը լուծել, ապա դա հնարավորություն է տալիս ընդդիմությանը ընտրությունների ժամանակ, շեշտադրումը դրա վրա դնելով, ձայներ հավաքել և գալ իշխանության:

Մեզ մոտ 20 տարի է՝ խոսքը իշխանությունը փոխելու մասին է: Ես կարծում եմ, որ վերջին տարիների փորձը, երբ քաղաքացիական հասարակությունը որոշակի հարցեր էր բարձրացնում և դրանց մի մասը լուծվում էր, ավելի ճիշտ ճանապարհ է, քան անընդհատ պայքարը իշխանափոխության համար: Ընդդիմության կողմից բարձրացված հարցերի մեջ կան շատ բնական հարցեր, որոնք նաև Հանրային խորհուրդն է բարձրացնում, և պետք է փորձել դրանք համատեղ ուժերով լուծել՝ հօգուտ մեր պետության և ժողովրդի: Իշխանափոխության մասին խոսք միշտ բացվում է ընտրությունների ժամանակ: Հիմա երկրի առջև ծառացած հարցերը լուծելու ժամանակն է:

 

ՀՀԿ-ի մղձավանջը սկսվել է

մրցավազքՔաղաքական պայքարն արդեն դուրս է եկել միջկուսակցական մրցակցության տիրույթից ու մտել ներկուսակցական խաղերի ու ինտրիգների փուլ: Եթե նախկինում կարելի էր միայն ենթադրություններ անել` դատելով հատուկենտ երևակվող դրվագներից ու դեպքերից, ապա այժմ դրանք սովորական առօրյա են դարձել:

Որ իշխող ՀՀԿ-ն ներկուսակցական լուրջ խմորումների փուլում է, երևում է ամեն ինչից: Նախ` դա հստակ երևաց Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ու դրան հաջորդած ներիշխանական վերադասավորումների ընթացքում: Եթե համեմատաբար ավելի արագ կատարվեց նոր վարչապետի ընտրությունը, ապա հասարակությունը երկար ժամանակ ուշի ուշով հետևում էր, թե ինչպես է իշխանական բուրգը վերադասավորվում, ինչպես են վերաբաշխվում կառավարական պաշտոններն ու պորտֆելները, ովքեր և ինչպես են պաշտոններ ստանում: Ինտրիգը հատկապես սրվեց ԱԺ նախագահի, քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարի, նախարարների, քաղաքական ու հայեցողական մյուս կարևոր պաշտոններն ու դիրքերը բաժանելիս:

Այդ ժամանակ ՀՀԿ մի շարք անդամներ ասացին, որ կուսակցության ներսում լուրջ կադրային խնդիր կա: Նրանք, ովքեր իսկապես համապատասխանում են նախարարի պորտֆել կրելու չափանիշներին, փորձում են հրաժարվել, իսկ գործադիր պաշտոնների համար ՀՀԿ-ն պատրաստված թեկնածուներ շատ չունի: Սա, թերևս, ապացուցվեց այն ժամանակ, երբ կառավարությունը կազմավորվեց հիմնականում նախկին պաշտոնյաներից:
Առաջին շարժառիթը, որ ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների տեղիք տվեց, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահ ընտրվելն էր, ավելի ճիշտ` նշանակումը, քանի որ հանրապետական պատգամավորներին հրահանգվել էր քվեարկել Գալուստ Գրիգորիչի օգտին: Եվ ուշագրավ էր, որ նրա թեկնածությունը պաշտպանող հանրապետականները միայն մեկ արժանիք էին հիշում` փորձառությունը: Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ, ինչը ոչ միայն ընդդիմության սրտով չէր (ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը), այլև` հենց ՀՀԿ-ականների: Ընտրության օրը, ինչպես հիշում ենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության` տարաբնույթ սկանդալային պատմությունների հերոս Մհեր Սեդրակյանը չկարողացավ զսպել իր դժգոհությունը, ԱԺ նախագահ դառնալու հավակնություններն ու չիրականացած ցանկությունները: Մեզ հասած տեղեկություններով` Գրիգորիչի ԱԺ նախագահ դառնալու հանգամանքով ոգևորված չեն նաև երիտհանրապետականները: Մամուլը նույնիսկ ուշադրությամբ հետևեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դիմախաղին ու արձանագրեց, որ Գալուստ Սահակյանի յուրաքանչյուր սայթաքումին Շարմազանովը քմծիծաղով կամ ժպիտով է արձագանքում: Բայց դա շուտով հարթվեց:

ՀՀԿ շարքերի ամրության առումով հաջորդ «թեստը» թերևս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունն էր, որն ընթացավ դարձյալ հակասությունների ծիրով, թե ինչու խմբակցության ղեկավարի դիրքում ամենահարմար թեկնածուն համարվեց ընդամենը 3 տարի առաջ ՀՀԿ շարքերը համալրած Վահրամ Բաղդասարյանը: Հին հանրապետականներն այս որոշման դեմ գաղտնի, թե վախվորած, բայց, այնուամենայնիվ, բողոքեցին, սակայն նույն` վերևների ձեռքը սեղանին խփելու տարբերակով համակերպվեցին այդ մտքի հետ ևս:

Մինչև ե՞րբ կհաջողվի զսպել կուսակիցների ախորժակը

Որ հանրապետական կուսակցությունում խմորումները շարունակվում են, հստակ արտահայտվեց նաև հուլիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական զարգացումներից: Այստեղ բավականին ուշագրավ քաղաքական ինտրիգների շարան արձանագրվեց:
Առաջադրված 4 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական էին (ըստ ԿԸՀ տվյալների): Այդ երեք թեկնածուներից Վաչագան Ադունցին առաջադրել էր հենց ՀՀԿ-ն, և նա համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, մյուս երկու ՀՀԿ-ականները ինքնառաջադրված Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանն էին: Առաջինը Սյունիքի գործող մարզպետի ընկերն է, երկրորդը` անցյալ տարի Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը: Ընդ որում, այս երկու թեկնածուներն ընկերներ են ու հենց սկզբում հայտարարեցին, որ միևնույն ճակատն են ներկայացնում:
Ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները բարձրաձայնեցին նաև, որ Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, և վերջինս հենց այս թեկնածուի միջոցով փորձում է պահպանել իր դիրքերը Գորիսում, հետագայում նաև վերահաստատել դիրքերն ընդհանրապես Սյունիքում: Ու թեև Արա Բուդաղյանը ինքնաբացարկ ներկայացրեց և հայտարարեց, որ աջակցում է Տիգրան Կարապետյանին, հենց նույն օրը Տիգրան Կարապետյանն էլ, որ համարվում էր գորիսեցիների ճնշող մեծամասնության համակրանքն ու, ամենայն հավանականութամբ, վստահությունը վայելող թեկնածուն, անսպասելի ինքնաբացարկ ներկայացրեց` հայտարարելով, որ ստեղծված պայմաններում դա ամենաճիշտ որոշումն էր:
Իսկ ի՞նչ պայմաններ էին ստեղծված: Առաջին հայացքից` գուցե նախկին ու նոր մարզպետների մրցակցությունը. փաստորեն հաղթեց նախկին մարզպետը: Բայց ոչ: Սուրիկ Խաչատրյանը, ինչպես մեզ հայտնեցին լավատեղյակ անձինք, հաջողել էր ավելի շուտ կուսակցական վերնախավին ներկայացնել իր թեկնածուին և ընտրություններում իր թեկնածուի համար պաշտպանություն ապահովել: Եվ երբ մյուս երկու ՀՀԿ-ականներն ինքնառաջադրվեցին, ՀՀԿ-ն արդեն Գորիսում առաջադրված թեկնածու ուներ: Սկզբում գործերն այնքան էլ վատ չէին առաջ գնում, քանի դեռ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը չէին հայտարարել, որ Գորիսում, ճիշտ է, ՀՀԿ-ն առաջադրել է Ադունցի թեկնածությունը, բայց ՀՀԿ-ականները սատարում են իրենց:
Դա ճակատագրական սխալ էր, որ ՀՀԿ-ի վերևներում ընկալվեց որպես ՀՀԿ միասնականությանը սպառնացող վտանգ, քանի որ ինքնառաջադրված ՀՀԿ-ականները հայտարարում էին (և Գորիսից հասնող լուրերն էլ դա հաստատում էին),որ Գորիսի ՀՀԿ-ականները սատարում են ոչ թե Սուրիկ Խաչատրյանի առաջարկած ու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին, այլ ինքնառաջադրված կուսակցական ընկերոջը: Իսկ դա նշանակում էր, որ շարքային ՀՀԿ-ականները դուրս էին գալիս «ի վերուստ» եկած հրահանգների դեմ: Ակնհայտ էր, որ ընտրություններում հաղթելու էր Տիգրան Կարապետյանը: Սա, իր հերթին, նշանակում էր, որ ՀՀԿ-ն կպարտվեր ՀՀԿ-ականներին: Դա արդեն կարող էր վարակիչ լինել կուսակցության մյուս կառույցների համար, ինչի նախադրյալները կային: Նման դրսևորումն անկառավարելի կդարձներ կուսակցական ամբողջական օրգանիզմը: Եվ ՀՀԿ-ում հստակ որոշեցին` Տիգրան Կարապետյանը պետք է ինքնաբացարկ հայտնի: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր էր:
Մյուս ուշագրավ հանգամանքը վերաբերում է մայիսի 24-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարին: Համագումարի նախօրյակին, ինչպես մեզ պատմեց մեկ այլ երիտհհկական, պետք է ընդլայնվեր ՀՀԿ ԳՄ կազմը. այնտեղ պետք է հայտնվեին նոր անուններ: Այսպես, յուրաքանչյուր հեղինակավոր ՀՀԿ-ական առաջադրել է իր ուզած թեկնածությունները, որոնք պետք է դառնային ՀՀԿ ԳՄ անդամ` հետագայում կշիռ բերելով իրենց առաջադրած հեղինակավորին: Այդ անունների շարքում եղել են նաև անձինք, որոնք ՀՀԿ շարքերը համալրել են 1-2 տարի առաջ: Սա առաջացրել է ՀՀԿ հավատարիմ զինվորների` Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու նրանց «թևի» ներկայացուցիչների զայրույթը: Նրանք այս հարցի կապակցությամբ դիմել են Սերժ Սարգսյանին, որն էլ համաձայնել է քաղաքական մարտերի իր «կռվող» զինվորների նկատառումներին, ու վերջին պահին ՀՀԿ ԳՄ կազմը համալրողների ցուցակը վերախմբագրվել է: Սա էլ եղել է իրավիճակային լուծում` ակնհայտ արտահայտված դժգոհության ալիքը սկզբնավորման պահից իսկ կանխելու նկատառումներով:

Ըստ երևույթին, սեփական կուսակիցների` իշխանություն վայելելու ցանկությունները շատ երկար չի հաջողվի զսպել, եթե իրերն այսպիսի ընթացք ունենան:
Այս ամենը գալիս են հաստատելու նախկինում հրապարակված մեր այն դիտարկումները, որ ՀՀԿ-ն, արտաքին ճնշումը` ընդդիմության ազդեցությունը չեզոքացնելով, արդեն ներքին համախմբվածությունը կորցնելու և օրեցօր թուլանալու է: Դրանից բխող բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքներով:

 

Աբդուլահ Գյուլը հեռանու՞մ է քաղաքականությունից

Աբդուլլահ Գյուլ  Մինչ Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է նախագահ Գյուլի թեկնածության առաջադրման հարցը, վերջինս առաջ ընկավ բոլորից և այսօր հայտարարեց, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելու հավակնություններ չունի: Գյուլի այս անսպասելի հայտարարությունը ցնցել է բոլորին: «Ես ուզում եմ հայտնել, որ ներկայումս իմ քաղաքական ապագայի հետ կապված ոչ մի ծրագիր չունեմ»,-նշել է Գյուլը: Այսպիսով նա հստակ հասկացրել է, որ ԱԶԿ-ն նախագահի պաշտոնում տեսնում է միայն վարչապետ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ամենայն հավանականությամբ Գյուլն ու Էրդողանը պաշտոնների փոխանակում կկատարեն: Սակայն Գյուլի հայտարարությամբ գրեթե բացառվում է այս սցենարի իրականացումը: Էրդողանը իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի կարող անել, քանի դեռ այդ մասին չի խոսել Գյուլի հետ:

Անկախ

«Գագիկ Հարությունյանը պատմական շանս ունի` փրկելու Սերժ Սարգսյանին»

imagesՀայաստանում շրջում է իշխանափոխության ուրվականը: Այն հիստերիան, որ կա Հանրապետական կուսակցության մոտ, դրա ապացուցն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական հայկական միությունների ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը ողջունում է ընդդիմադիր քառյակին:

«Նրանք, ովքեր ուզում են նսեմացնել քառյակի գործունեությունը, գռեհիկ ձևով ծառայում են Բաղրամյան 26-ին: Խորհուրդ եմ տալիս քառյակին ուշադրություն չդարձնել դրանց ճռնչյունին»,- ասաց Արամ Հարությունյանը:

Բանախոսը կարծիքով` այս իշխանությունը սպառել է բոլոր ռեսուրսները, և որևէ հույս նրանց հետ կապել այլևս հնարավոր չէ:

«Կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է որպես բրոնե ժիլետ, բայց, երբ հարվածը շատ ուժեղ լինի, այդ բրոնե ժիլետն այլևս չի պահելու, ու Սերժ Սարգսյանն է կրելու հարվածի ուժգնությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Կառավարության հրաժարականին` Արամ Հարությունյանը նշեց, որ հրաժարականը կախված է քաղաքական ուժերց և ժողովրդից: Նա համոզված է, որ, եթե հարթակի վրա կանգնեն այն ուժերն ու ժողովուրդը, ովքեր իսկապես ուզում են կառավարության հրաժարականը, իշխանությունը մի շաբաթ էլ չի դիմանա:

«Սա Սերժ Սարգսյանի վերջին շանսն է` անցնցում իշխանափոխություն անելու, այդ դեպքում քաղաքական ուժերն ու ժողովուրդը ճանապարհ կբացեն Սերժ Սարգսյանին հանգիստ հեռանալու և ապահով ծերություն ունենալու»,- ասց նա:

Անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգին և երեկ Սահմանադրական դատարանում անցկացված դատական նիստին` Արամ Հարությունյանն ասաց, որ կուտակային համակարգը կարող է դառնալ հասարակության  համբերության կուտակման վերջին սահմանը: Հնարավոր է` ամեն ինչ սկսվի դրանից:

«Գագիկ Հարությունյանը պատմական շանս ունի` փրկելու Սերժ Սարգսյանին: Եթե անգամ ՍԴ-ն լավ որոշում ընդունի, քառյակը պետք է չբավարարվի դրանով և շարունակի իր պայքարը»,- ասաց Արամ Հարությունյանը:

 

Անկախ

«Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի

Արմեն Աղայան (1)«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է միացյալ հրապարակ ստեղծել և ապրիլի 9-ին բոլոր քաղաքական ուժերին և նախաձեռնություններին սպասում է միացյալ հրապարակում: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանի խոսքով` իրենց կուսակցությունն իրեն այդ դաշտում չի տեսնում:

««Հայազնը» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին իրեն չի տեսնում և չի տեսել նաև նախընտրական շրջանում և, ընդհանրապես, մենք նրան չենք տեսնում հարմար թեկնածուի դերում: Եթե նա միացյալ հրապարակն այն ժամանակ ձևավորեր, գուցե ավելի մեծ լիներ արդյունքը: Ակնհայտ է, որ հիմա նրա հնարավորությունները շատ քիչ են որևէ հարթակ ձևավորելու համար: Մենք ունենք հաթակի ձևավորման մեր սկզբունքները, և դեռևս որևէ քաղաքական ուժ այդ առումով առաջարկ չի արել: Անձերի շուրջ ձևավորվող որևէ հարթակի «Հայազնը» չի մասնակցելու կուլիսային քննարկումներում ձևավորվող ձևաչափերի` ևս: Եթե կլինի ինչ-որ ձևաչափ, որը կենթադրի կոլեգիալ ղեկավարություն ընտրական գործընթացի հիման վրա, «Հայազնը» մեծ սիրով կմասնակցի»,- ասաց Արմեն Աղայանը:

Ըստ բանախոսի` քաղաքականությունը միշտ էլ շոուի և պայքարի հանրագումար է եղել, անգամ ամենալուրջ պայքարող ուժերը ստիպված են երբեմն շոու անել` ցույց տալու համար իրենց ուժն ու ինքնուրույնությունը: Եթե դա արդյունավետ է, կարճ ժամանակ հետո կերևա: Սակայն մեր քաղաքական գործիչների մոտ անցյալից դասեր քաղելու դեֆիցիտ կա, նույն բանը պարբերաբար կրկնում են նույն անարդյունավետությամբ: Իսկ դրանց միշտ էլ ժողովուրդն արձագանքում է և օբյեկտիվորեն գնահատում այս կամ այն ուժի քաղաքական հեռանկարը:

«Պետք է հասկանալ, որ անձերի ժամանակն անցել է, իհարկե, կուռքեր դեռ կարող են ստեղծվել, պարբերաբար փորձ է արվում հին տեխնոլոգիաներով նոր կուռքեր ստեղծել, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի արդյունքներից հետո այլևս որևէ կուռք չի կարող ավելի լավ արդյունք ձևավորել, այդ ճանապարհը դատապարտված է: Այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն հերթական կուռքին մատուցել ժողովրդին, կստանան դրա պատասխանը` ընտրությունների ժամանակ ձայների ցածր տոկոսներով, հրապարակների սակավամարդությամբ և այլն»,- ասաց Արմեն Աղայանը:

Հարցին` արդյո՞ք չորս ուժերի համախմբման այս գործընթացի հետևում Ռոբերտ Քոչարյանին կանգնած չի տեսնում, Արմեն Աղայանը պատասխանեց. «Դժվար է չնկատել, որ այս գործընթացի մեջ կա նաև Ռոբերտ Քոչարյանը: Բայց մեկ այլ տեսնկյունից դիտարկելիս դա ուղղակի մահացու կլիներ Հայ ազգային կոնգրեսի համար: Մասնակցելով այդ գործընթացներին` նա պետք է երաշխիքներ ունենար, որ այդ ամենի արդյունքում գոնե Ռոբերտ Քոչարյանը չի հայտնվելու, որովհետև կա մարտի 1, կան ՀԱԿ-ի նախկին մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանին ուղղված: Այս առումով բավական բարդ խնդիր կա, չորս ուժերն այս փուլում ինչ-որ ձևով համաձայնության են եկել, այս փուլում չկա Ռոբերտ Քոչարյանը, բայց կան որոշակի ռեսուրսներ, որոնք գուցե նրա հետ կապված են»,- ասաց «Հայազնի» անդամը:

Վերջինս նշեց, որ իրենց համար նախկին և ներկա իշխանավորները մեկ ամբողջություն են, նույն հարթության մեջ են և’ Լևոն Տեր-Պետրոսյանը, և’ Ռոբերտ Քոչարյանը, և’ Սերժ Սարգսյանը, նրանց միջև գաղափարական կամ երկիրը կառավարելու օրինավորության հարցում որևէ տարբերություն չկա: Սա նույն փիլիսոփայությամբ իշխանությունն է: «Հայազնը» չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին վերադարձնելու որևէ նախագծի: Մենք դուրս ենք վերնախավի քաղաքական փիլիսոփայությունից:

Ինչպե՞ս փլուզել երկիրը ներսից

գնդապետ դանԳնդապետ Դանի նոթերը
Եթե մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե ուժեղ, անկախ և ամբողջական է, որը ձեր երկրի շահերի հակառակորդն է, և չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա լուծումը շատ հասարակ է։ Այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից պատերազմելով, այլ ներսից փլուզելով։
Ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն այս մարտավարության դեպքում հակառակորդի վնասը կլինի նույնքան մեծ, եթե ոչ ավելի մեծ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա օգտագործում եք այդ երկրի ժողովրդին։ Եվ այս դեպքում թե՛ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։
Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևոր ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցն իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպես պետք է հայտնաբերել և կենտրոնանալով հարձակվել այն ոլորտների վրա, որոնք այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնն են։
Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն տարրն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, որը և ձեր վերջնական նպատակին հասնելու կարևոր նախապայմանն է։
Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը ներսից փլուզելու մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպես ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյա-հոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական կարծիքը` կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։
Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը ներսից փլուզելու ճանապարով։ Դա նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։
Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ, հիմնականում` մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական գիտելիքն ու պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։
Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովորդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։
Օգտագործելով հանրային միջոցները, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ձեր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել լոյալություն ազգային՞ յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։
Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին հիմնական փաստեր մատուցելուց իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու- հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքներին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել հանո՛ւն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները։ Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները` անվանելով դա «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և` հատկապես երեխաների համար։
Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն
Ձեր փլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրաց բոլոր
մակարդակներում. որքան բարձր` այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով` հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից` փոխեք վստահությունն օրենսդրության նկատմամբ։ Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և որ ամենակարևորն է` հուսահատության զգացում։ Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավական բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումներով թուլացնել այդ երկրի բանակը։ Երկրի բանակի համար ավելացրեք ավելորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծեք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ և դրանով կարող եք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ արդյունավետության առումով։ Որևէ երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի։
Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն։ Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն։ Անցյալի ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ։
Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն։ Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն։ Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին: Եթե կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերն օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել։ Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում։
Տնտեսությունը դարձնել ծախսարար. ծախսել, ծախսել և ծախսել, հարկեր, հարկեր և հարկեր. սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։
Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ է։ Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։
– Առաջին` դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք կանոնակարգված օրենքներ ունեն, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։
– Երկրորդ` երկիրը պետք է դնել «պարտքի տակ» և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը` խափանել տնտեսության զարգացումը։
Եվ իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այդ գործընթացը պետք է ներկայացնեք այնպես, իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրա անկախությունը։ Ի վերջո, եթե բավարար չափով, անընդհատ բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից էլ ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կարող եք ֆինանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից կռացած երկիրը ենթարկվի փլուզման։
Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով մանիպուլյացիայի և խելացի ուղղորդումների` կարող եք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը` օգտագործելով իր իսկ քաղաքացիներին։
Այս ամենի ծաղրն այն է, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված զանգվածները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ուղևորության մասին։
Եվ դուք, «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան կոչնչացնենք նրան։
Հ. Գ.
Ժամանակ առ ժամանակ, ես վերանայում եմ անցյալում գրված իմ հոդվածները, որոշելու համար, թե իմ մեթոդների տեսանկյունից ներկայումս ինչ արդյունքներ կան։ Այս մեկը ես գրել եմ 2001 թ., միջազգային լրատվական իմ սյունակի համար։ Իմ հոդվածի ճշգրտության առումով դուք եղեք իմ դատավորը։ Ի՞նչ կարող եմ ասել 100-տոկոսանոց համոզվածությամբ։ Կարող եմ ասել, որ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում։
Ազատ թարգմանությունը Արթուր Արմինի

Անկախ

 

«Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է». Սերգեյ Մինասյան

սերգեյ մինասյանՈչ իշխանական չորս քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձում են սկսել մի գործընթաց` շատ լավ գիտակցելով, որ դա պարզապես գործընթաց է գործընթացի համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժի, հատկապես ընդդիմադիր, նպատակն է գալ իշխանության, և դրա միջոցներից է, օրինակ, իշխանության քննադատությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունից` ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով` այն, ինչ ուզում են անել չորս քաղաքական ուժերը Խորհրդարանի ներսում, տեսականորեն անհնար է, քանի որ ՀՀԿ-ն այս իրավիճակում, նույնիսկ առանց համախոհների` ի դեմս «Օրինաց երկրի», ունի միանձնյա մեծամասնություն խորհրդարանում: Հետևաբար, եթե  անգամ այդ նախաձեռնությունը գործողության փուլ մտնի, քաղաքական իմաստ չի ունենա:

«Հայաստանի քաղաքական զարգացման առումով շատ ավելի լավ կլիներ, որ չորս ուժերի այս նախաձեռնությունը տեղի ունենար ո’չ թե 2014-ի փետրվարին, այլ 2013-ի փետրվարին: Այդ դեպքում մենք կունենայինք ավելի իրական նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն, որն այսօր փորձում է որպես այլընտրանք  հանդես գալ, կհավակներ դառնալ այն երկրորդ քաղաքական բուրգը, որը հավակնում է լինել այս տարի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` նրանք, ովքեր պահանջում են քաղաքական-տնտեսական բարեփոխումներ, նպատակ ունեն ոչ թե կառավարության կամ նախագահի փոփոխության, այլ քաղաքական համակարգի:

«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձում են իշխանափոխություն անել խորհրդարանական քաղաքականության միջոցով: ԲՀԿ-ն, օրինակ, այն ուժն է, որն այլ կերպ մենք անվանում ենք կոնստրուկտիվ ընդդիմություն: Իհարկե, ԲՀԿ-ն դա անվանում է ոչ թե կոնստրուկտիվ, այլ ալտերնատիվ, բայց իրականում իմաստը նույնն է: Իսկ ահա ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իշխանափոխությունը տեսնում են ոչ խորհրդարանական քաղաքականությունից դուրս: Բայց, պետք է նկատել, որ այս պահին երկու տարբերակներն էլ չեն կարող աշխատել: Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությունը Սիրիայի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի հնարավորության կապակցությամբ

russian-embassy1Վաշինգտոնի կողմից ծրագրվող ռազմական գործողությունը Սիրիայի նկատմամբ, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում կլինի: Սիրիայում ուժի հնարավոր կիրառումը կհանգեցնի կործանարար հետևանքների թեʹ այդ երկրի, թեʹ տարածաշրջանային մասշտաբով, կակտիվանա արմատական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, անխուսափելի կլինի Սիրիայի ներսում և հարևան երկրներում մարդասիրական աղետի սաստկացումը:

ԱՄՆ-ի կոմից ռազմական ուժի հնարավոր օգտագործումը Դամասկոսի դեմ հիմնովին հակասում է ռուս-ամերիկյան համաձայնություններին Ժնևում Սիրաիյի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման  նախապատրաստման համար ջանքերի ակտիվացման վերաբերյալ:

Սիրիայի դեմ ամերիկացիների կողմից պատրաստվող ռազմական գործողության կապակցությամբ Ռուսաստանի գնահատականները տրված են ս.թ. օգոստոսի 31-ին Վլադիվոստոկում լրագրողների հարցերին ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի տված պատասխաններում և Ռուսաստանի ղեկավարի` Առաջին ալիքին և «Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությանը ս.թ. սեպտեմբերի 4-ին տված հարցազրույցում: