Կայան և Կայծոն բերդերի տեղադրման հարցի շուրջ

կայանԿայան և Կայծոն ամրոցների տեղադրման հարցը ժամանակին լուրջ տարակարծությունների և բանավեճերի տեղիք է տվել: Սակայն մինչ օրս գիտնականները միասնական եզրակացության չեն եկել, և հարցի կարևորությունը չի նվազել:

Տարակարծությունների պատճառները մի քանիսն են: Նախ` ամրոցներից ոչ մեկը մինչ այժմ բավարար պեղված չէ, որի պատճառով ուսումնասիրությունները սոսկ տեսական բնույթ ունեն, իսկ հայ և օտար պատմիչները ամրոցների մասին հաղորդել են անորոշ, երբեմն նաև հակասական և կցկտուր տվյալներ: Որևէ մեկը բերդերի տեղագրական ճշգրիտ նկարագրությունը չի տվել. պարզապես անդրադարձել են կողմնակիորեն:

Ուսումնասիրության համար լրացուցիչ բարդություն է առաջացնում նաև այն, որ խնդրո առարկա տարածաշրջանը` Լոռին, Սյունիքի, Տարոնի, Վասպուրականի նման չի ունեցել իր տոհմական պատմիչը: Եվ հարցը միայն ամրոցներով չի սահմանափակվում. գիտնականներից ոմանք վիճարկում են նաև Դեբեդ և Ձորագետ գետերի նույնացումը: Մասնավորապես, փորձ է արվում ապացուցելու, որ Դեբեդն ու միջնադարում հայտնի Ձորագետը տարբեր գետեր են:

Գիտնականների մի խումբ Կայանն ու Կայծոնը տեղադրում են Լոռիում` Դեբեդի հովտում. Կայծոնը` ներկայիս Շնող գյուղի տարածքում, Կայանը` Հաղբատի մոտ` Ակների սարահարթին կից բլրի ժայռոտ գագաթին:

Գիտնականների մյուս խումբը տուրք է տալիս պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մաթևոսյանի այն տեսակետին, թե Կայանն ու Կայծոնը գտնվում են ոչ թե Լոռիում, այլ Տավուշում` Իջևանի տարածաշրջանում, Աղստևի հովտում: Կայծոնը նույնացվում է ներկայիս Մանթաշի, Կայանը` Կզըլ-Կալայի (Աղջկաբերդ) հետ:

Ռ. Մաթևոսյանն իր աշխատություններում ոչ միայն զույգ ամրոցները տեղադրում է Աղստևի հովտում, այլև բացառում է Լոռու ձորում Կայան անունով բերդի գոյության որևէ հնարավորություն, և միջնադարյան պատմիչների հիշատակած Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում:

Հարցի մանրամասն քննությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ Կայան անունով բերդի` միայն Աղստևի հովտում գտնվելու վարկածը վիճարկելի է:

Ըստ իս` միջնադարում գոյություն ունեին Կայան անունով մի քանի ամրոցներ. մասնավորապես` Կայաններ կային և՛ Դեբեդաձորում, և՛ Աղստևի հովտում:

Ինչ վերաբերում է Կայծոնին, այն անկասկած գտնվում է Լոռիում` ներկայիս Շնող գյուղի Մեծ քարի գլուխ կոչվող թաղամասի տարածքում: Այն գրավում է ընդարձակ տարածություն և պատահական չէ, որ աղբյուրներում հաճախ հիշատակվել է որպես քաղաք: Կայծոնը հայտնի է նաև Ամանակ անունով, ինչպես նաև տեղական բարբառով` Գայձոն, Գիձեն, Գիջեն, Կիծեն անուններով:

Ռ. Մաթևոսյանը Կայծոնը տեղադրում է Աղստևի հովտում` նույնացնելով այն Մանթաշ բերդի հետ:

Սակայն, իր կարծիքը հիմնավորելու համար նա ոչ մի ստույգ փաստարկ չի բերում: Նա «Տաշիր-Ձորագետ» գրքում Կայծոնի տեղադրմանն անդրադառնում է կողմնակի` ամրոցի դիրքը որոշելիս առաջնորդվելով լոկ այն փաստով, որ Կայծոնը և Կայանը գտնվում են միմյանցից ոչ հեռու, և հնարավոր տարբերակներից, առանց լուրջ քննության, կանգ է առնում Մանթաշի վրա` անվանակոչելով նրան Կայծոն: Նա Կայծոնի Շնողում լինելը բացառում է սոսկ այն պատճառով, որ Աղստևի կայանը (Կզըլ-Կալա) Շնողից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, մինչդեռ պատմիչ Դավիթ Քոբայրեցու վկայությամբ` երկու ամրոցները նույն ձորի մեջ են` դեմ դիմաց: Դրանից Ռ. Մաթևոսյանը հետևություն է անում, որ Կայծոնը չի կարող լինել Շնողում, ու  այն ենթադրաբար նույնացնում է Մանթաշի հետ:

Ռ.Մաթևոսյանը ոչ միայն չի հիմնավորում Կայծոնի և Մանթաշի նույնացումը, այլև հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. Իջևանի շրջանում այսօր ոչ ոք Մանթաշին Կայծոն չի կոչում, մինչդեռ Շնողում և հարակից բնակավայրերում գյուղն այսօր էլ կոչում են միջնադարյան ամրոցի անունով:

Կայծոնի շինարարության ժամանակի և հեղինակի մասին ստույգ տվյալ չկա: Չի կարելի հիմք ընդունել Մխիթար Այրիվանեցու հաղորդումը, թե «… սա է որդին Հոլոմ Վասակայ` շինողին Բջնոյ, Կայենոյ եւ Կայծենոյ … »:

Նախ` Այրիվանեցին, լինելով ԺԴ դարի պատմիչ, չէր կարող առանց աղբյուրների օգնության որոշել ամրոցների կառուցողին: Բացի այդ, Այրիվանեցու բերած փաստարկները ճշմարտացի համարել չենք կարող այն պատճառով, որ Կայան ամրոցը 922 թ. դեպքերի առթիվ արդեն հայտնի էր, մինչդեռ Հոլոմ Վասակն այդ ժամանակ ծնված չէր:

Կայան բերդի առաջին հիշատակությունը Դրասխանակերտցունն է, որն այն հիշում է 922 թ. Սահակ Սևադայի ապստամբության կապակցությամբ:

Կայանի տեղադրման հարցում ճիշտ եզրակացության է եկել Թ. Հակոբյանը, որն ընդունում է Կայան անունով երկու ամրոցների գոյությունը: Նա Կայաններից մեկը տեղադրում է Լոռիում` Դեբեդաձորում, մյուսը` Աղստևի հովտում` նույնացնելով Կզըլ-Կալայի հետ:

Իրոք, բոլոր փաստերը վկայում են երկու Կայանների գոյության մասին, պարզապես պետք է զանազանել, թե պատմիչները տվյալ դեպքում ամրոցներից որը նկատի ունեն: Սակայն այս հարցը հատուկ քննություն է պահանջում:

Երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել: Նրանցից առաջինը` Հաղբատավանքի Կայանը, բազմիցս ենթարկվելով թշնամական հարձակումների` երկու անգամ մասնակի և հիմնովին ավերվել է (922 թ. և 1105 թ.)` երկար ժամանակ դուրս մնալով ուշադրությունից:

Այլ է Կայծոնի ճակատագիրը, որ համեմատաբար երկար գոյատևելով որպես ամրոց` մյուս Կայանի հետ պահպանեց իր նշանակությունն ու հզորությունը մինչև մոնղոլական արշավանքները: Մենք հակված ենք այն տեսակետին, որ Լոռվա Կայանը կառուցվել է ավելի վաղ, քան Աղստևինը: Հավանաբար ամրոցը հիմնադրել են Բագրատունիները 888-ից հետո, երբ Տաշիրը խլելով վրացիներից` Աշոտ I-ը այն միացրեց Հայաստանին:

Ռ. Մաթևոսյանը, չընդունելով Հաղբատաձորում Կայանի գոյությունը, բերում է մի շարք փաստարկներ, որոնք, սակայն, քննադատությանը չեն դիմանում: Նա ամրոցը Կայան չի անվանում, այլ` «ամրոց Հաղբատա Սբ. Նշանի»` մեջբերելով ամրոցի տարածքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վրայի արձանագրությունը:

Ըստ Ռ. Մաթևոսյանի` ամրոցը կառուցվել է 1233 թ. և անանուն լինելու պատճառով կոչվել է ամրոց Հաղբատա Սբ. Նշանի:

Չենք ցանկանում դիտավորություն տեսնել Ռ. Մաթևոսյանի կատարած մեջբերման մեջ, բայց արձանագրության մեջ ամենևին այդպես չի գրված և «ամրոց Հաղբատա սբ. Նշանի»-ն բերդի անունը չէ: Արձանագրության մեջ գրված է.

«Ի թւին Հայոց ՈՁԲ կամաւն Աստծոյ ես` տէր Յոհանէս, առաջնորդ Հաղբատա, քուերորդի մեծ պատրոնացն Զաքարէի եւ Իւանէի, ի ժամանակի, որ եհաս սասնումն աշխարհիս մերոյ անաւրեն խորեզմենցն, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս: Հրամանաւ քեռոյն իմո Իւանէի եւ որդոյն իւրոյ Աւագին, եւ Շահնշահի որդոյն Զաքարէի շինեցի զամրոցս եւ զեկեղեցիս Հաղբատա սուրբ Նշանիս բազում աշխատութեամբ …»:

Ինչպես տեսնում ենք արձանագրության մեջ գրված է «զամրոցս եւ զեկեղեցիս»: Այսինքն` «Հաղբատա սուրբ Նշանիս» ամրոցի անվանումը չէ, և խոսքը պարզապես ամրոցի և սուրբ Նշան եկեղեցու վերանորոգման մասին է: Բնական է` շինեցի բառը գործածված է վերանորոգել իմաստով: Ռ. Մաթևոսյանը անտեսել է արձանագրության և շաղկապը, որն էլ փոխել է իմաստը: Հեղինակը, մեջբերելով արձանագրության այն հատվածը, որ ամրոցը շինվել է որպես ապաստան Հաղբատավանքի միաբանության, նշում է, որ ամրոցը չի կարող Կայանը լինել, քանզի այն հայտնի է 922-ից, իսկ այդ ժամանակ Հաղբատավանքը կառուցված չէր:

Արձանագրության մեջ գրված է. «ի ժամանակի, որ եհաս սասանումն խորեզմցին, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս»:

Այսինքն` Խորեզմի շահ Ջալալ Էդ-Դինի արշավանքների ծանր հետևանքները հաշվի առնելով` «հրամանաւ քեռոյն իմո» եպիսկոպոսը վերականգնում է 1105 թ. ավերված ամրոցը: Ուրեմն 1105 թ. ավերված և ռազմավարական նշանակությունը կորցրած ամրոցը վերականգնվում է որպես ապաստան վանքի միաբանության:

Իր գրքում Ռ. Մաթևոսյանը փորձում է ապացուցել նաև, որ միջնադարում հայտնի Ձորագետը այժմյան Դեբեդը չէ: Նա Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում, որն ընդգրկում է Տավուշ գավառը: Հեղինակը չի բացառում, սակայն, միաժամանակ երկու Ձորագետի գոյությունը:

Ստեփանոս Օրբելյանը, խոսելով Բագրատունյաց պետության սահմանների մասին, գրում է. «Այն ժամանակ Բագրատունիները իշխում էին միայն Շիրակին և Այրարատին, մինչև Գեղարքունիք, Ուտիք, Կարին, մինչև Վասպուրականի սահմանը, Ձորագետ ու Գարդման»:

Ռ. Մաթևոսյանը չի ընդունում Դեբեդի և Ձորագետի նույնացումը` պատճառաբանելով, որ Դեբեդը փոքր գետ է, որպեսզի սահմանաբաժան համարվեր:

Նախ` պետությունների և իշխանությունների սահմանաբաժան կարող է համարվել ոչ միայն փոքր գետը, այլև բլուրը, սահմանաքարը, ձորակը, ապա, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ պատմիչը նկատի ունի Աղստևը, Դեբեդը հորդառատությամբ ու մեծությամբ ոչ միայն չի զիջում Աղստևին, այլև զգալիորեն գերազանցում է: Դեբեդի երկարությունը կազմում է 178 կմ, Աղստևինը` 133:

Պատմիչները Կայան և Կայծոն բերդերը, ինչպես նաև Հաղբատի և Սանահինի եկեղեցիները կապել են Ձորագետի, Սևորդիքի հետ:

Վարդան պատմիչը, խոսելով Հովհաննես-Սմբատ արքայի ստացած ժառանգության մասին, գրում է. «… զԿայեան, եւ զԿայծոն եւ զՏաւուշ գաւառն Սեւորդեաց…»: Նա ամրոցները տեղադրում է Սևորդիքում: Մի այլ տեղ Սևորդիքում են հիշատակվում Հաղբատն ու Սանահինը. «Եւ են ի վերայ Սաւորդեաց Ձորոյ գետին ի շինեալ հոյակապ եւ հռչակաւոր սուրբ ուխտ(ք)ն Հաղբատ եւ Սանահին, զոր շինեաց Խոսրովանուշ թագուհին` կինն Աշոտոյ Ողորմածին»:

Այսինքն` Հաղբատը, Սանահինը, Կայանը, Կայծոնը և Ձորագետը գտնվում են Սևորդիքում: Ապա նույնացվում են Տաշիր-Լոռի-Սևորդիք տեղանուները. «Տաշիր Լօռի է, ուր կան ուխտն Հաղբատ եւ Սանահին, ուր կայ տապանն սուրբ պատրիարգին Հայոց Հովհաննու Օձնեցոյն»:

Սևորդիքը Լոռիում է տեղադրում նաև Ստեփանոս Ասողիկը. «… Ճգնաւորականաց տեղիք Սեւորդեաց աշխարհին… որոնց երկոցունք տեղացն անուանք Հաղբատ եւ Սանահին…»:

Այս ու նմանօրինակ այլ փաստեր վկայում են, որ միջնադարում, Ձորագետի մասին խոսելով, պատմիչները նկատի են ունեցել այսօրվա Դեբեդը, և Ռ. Մաթևոսյանի փորձը` ժխտելու X դարում Ձորագետի գոյությունը Լոռիում, անհիմն է:

Այսպիսով, փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղբատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում: Դրանց հետ հիշատակվող Կայծոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներկայիս Շնող գյուղի տարածքում գտնվող ամրոցը, իսկ Ձորագետը նույն Դեբեդն է, որ հայտնի է եղել նաև Քուրդ-Վաճառ, Սևորդյաց գետ անուններով:

 

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ – ՍՄԲԱՏ Գ թուլակամ, անփառունակ գահակալը

դրոշՀայոց պատմությունը հարուստ է փառահեղ, հայրենանվեր գործիչներով: Ցավոք, հայոց պատմության մեջ ունեցել ենք նաև թուլամորթ ու անկամ, անփառունակ գործիչներ, որոնք պատասխանատու պահին, չկարողանալով վեր դասել հայրենյաց շահը անձնական հավակնություններից, ձախողվել են` դառնալով մեծ ողբերգության գլխավոր դերակատար:

Նման գործիչներից էր Բագրատունյաց Հայաստանի Հովհաննես-Սմբատ Գ թագավորը (1020-1041):

Հովհաննես-Սմբատը հորից` Գագիկ Ա Բագրատունուց (990-1020) ժառանգեց մեծ ու հզոր թագավորություն: Իր երկարատև գահակալման շրջանում Գագիկ Ա-ն կարողացավ նվաճումներով մեծացնել իր տերության սահմանները, ամրապնդել հայոց թագավորության դիրքերը: Գագիկ Ա-ն իր ժամանակի հզոր տիրակալներից էր և արտաքին քաղաքականության մեջ կարող էր անգամ արհամարհել Բյուզանդիայի շահերը: Նա կարողացավ Կովկասում իր գահերեցությամբ ստեղծել մի հզոր դաշնակցություն, որն ի զորու էր դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:

Ահա այսպիսի պետություն պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը:

Գագիկ Ա-ն երեք որդի ուներ` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը քիչ բան է հայտնի:

Ավագության իրավունքով հայոց գահը պետք է ժառանգեր Հովհաննես-Սմբատ Գ-ն: Սակայն, ինչպես պատմիչներն են նշում, Հովհաննես-Սմբատն ամենևին էլ արքայավայել կեցվածք չուներ: Նա հսկայամարմին էր, թանձրամորթ, թուլակամ ու ոչ պատերազմիկ: Հովհաննես-Սմբատը հմուտ էր միայն եկեղեցիական գրքերի ուսումնասիրման ու ընթերցանության մեջ: Չեր սիրում սուր գործածել և առհասարակ հմուտ չէր պատերազմի և երկիր կառավարելու գործում:

Նրա հակապատկերն էր կրտսեր եղբայրը` Աշոտը, որ ժամանակակիցների հավաստմամբ` քաջ էր ու պատերազմիկ, հմուտ մարտիկ էր, խոր ու սուր մտքի տեր անձնավորություն և չէր երկնչում երբևէ:

Ահա երկու եղբայրների միջև Գագիկ Ա-ի մահից հետո պայքար է ծավալվում հայոց գահին տիրելու համար: Պետք է նշել, որ երկփեղկված էր նաև հայոց ավագանին: Հայոց զինվորականությունը` ռազմատենչ Պահլավունի իշխանների հրամանատարությամբ, համակրում էր Աշոտ արքայազնին:

Հովհաննես-Սմբատի կողմնակիցն էին իշխանների մի մասը և հայ կղերականությունը` կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի (1019-1058) գլխավորությամբ:

Հայ կղերականությունը բավական ազդեցիկ էր Հայաստանում: Բանն այն է, որ հոգևորականությունը ցանկացած իշխանից պակաս հզոր չէր իր սոցիալական դիրքով ու ունեցվածքով: Հայ եկեղեցին ուներ անհամար հարստություն` կալվածքներ, ագարակներ, սեփական գյուղեր…

Հայ եկեղեցին նաև ողջ հայությունից տասնորդ էր գանձում և դարերի ընթացքում ժողովրդի հաշվին կուտակելով  մեծ հարստություն` մեծ ազդեցություն ու իշխանություն էր ձեռք բերել երկրում: Դրան գումարած` հայոց կաթողիկոսի ձեռքին էր երկրի դատական իշխանությունը, որը նրան տալիս էր նաև որոշ վարչական իրավասություններ և հիմք` միջամտելու երկրի ներքին և արտաքին գործերին:

Այս պայմաններում, բնականաբար, հայոց հոգևորականության համակրանքը պիտի Հովհաննես-Սմբատ թուլամորթ ու անկարող թագաժառանգի կողմը լիներ, քանզի նրա գահակալման դեպքում հայոց ռազմատենչ զինվորականությունը հետին պլան կմղվեր և կաթողիկոս Պետրոս Ա-ի դիրքերը հայոց արքունիքում էլ ավելի կամրանային:

Ինչևէ: Այս հակամարտությունները զինված բախման են հանգում և Հայաստանում քաղաքացիական պատերազմի տեղիք են տալիս: Պետք է նշել, որ եղբայրասպան այս պատերազմին պետական բանակը չի մասնակցել: Համենայն դեպս, դրա մասին հիշատակություններ չկան: Վասակ Պահլավունի սպարապետը, չնայած իր համակրանքին առ Աշոտ Բագրատունին, հետ է քաշում հայոց զորագնդերն այդ  կործանարար կռվից: Պետք է ենթադրել, որ ռազմական բախում եղել է երկու թագավորազուն եղբայրների անձնական զորագնդերի միջև:

Շուտով պատերազմը դուրս է գալիս Բագրատունյաց տիրույթների սահմաններից, քանզի Աշոտ Բագրատունին օգնական զորք է խնդրում Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուց, որը, ի դեպ, հայոց արքայազների հետ կապված էր խնամիական կապերով և ստանում է օգնական զորք:

Սենեքերիմ Արծրունին շահագրգռված էր Աշոտի հաղթանակով, քանզի նրան ևս ձեռնտու էր հայոց գահին տեսնել քաջ ու պատերազմիկ Աշոտին, քան թուլակամ Հովհաննես-Սմբատին: Վասպուրականի թագավորությունը մշտապես բյուզանդական և սելջուկյան սպառնալիքի տակ էր, և Սենեքերիմը հուսալի ու հզոր դաշնակցի կարիք ուներ:

Ամբողջ մեկ տարի արքայազուն եղբայրները ավերում են միմյանց կալվածքները: Ի վերջո, վճռական ճակատամարտում Աշոտ Բագրատունին հաղթում է: Հովհաննես-Սմբատի բանակը փախչում է` լքերով իր տիրոջը, որը գերվում է և հանձնվում եղբոր ողորմածությանը: Աշոտ արքայազնը անողոք է գտնվում եղբոր նկատմամբ. նրան հանձնելով Ապիրատ Պահլավունի իշխանին` կարգադրում է մահապատժի ենթարկել և փութալ Անի` կազմակերպելու այնտեղ Աշոտի հանդիսավոր ընդունելությունը:

Սակայն Ապիրատ իշխանը Աշոտի հրամանը կատարելու փոխարեն շտապում է Անի և այնտեղ ազատ է արձակում Հովհաննես-Սմբատին:

Հովհաննես-Սմբատը վերակազմավորում է իր բանակը, և կռիվը նոր թափ է ստանում:

Ի վերջո, գործին միջամտում են հայոց ավագանին, կաթողիկոսը և վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ն: Եվ պատերազմը դադարում է:

Անիում կողմերի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի` Հովհաննես-Սմբատ Գ-ն հռչակվում է թագավոր Անիի և շրջակա տարածքների վրա, իսկ Հայաստանի մնացյալ հատվածում թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041):

Պատմիչները չեն ավանդում, թե եղբայրներից ով է ժառանգում «շահնշահ հայոց և վրաց» տիտղոսը: Հավանաբար դա ժառանգել է Աշոտ Դ-ն, քանզի նա թագավոր էր «ի դրուց աշխարհի»` այսինքն` Անիից դուրս գտնվող աշխարհի վրա:

Պայմանագրի համաձայն` Աշոտ Դ-ն իրավունք չուներ երբևէ մուտք գործելու Անի մայրաքաղաք մինչ Հովհաննես-Սմբատ Գ-ի մահը:

Ինքը` Հովհաննես-Սմբատը, ժառանգ չուներ: Պատմիչ Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, Հովհաննես-Սմբատ Գ-ն որդի է ունեցել Երկաթ (հավանաբար` Աշոտ) անունով, որ մահացել է մանկահասակ տարիքում: Եվ եղբայրների միջև կնքված համաձայնագրի համաձայն` Հովհաննես-Սմբատ Գ-ի մահից հետո հայոց երկիրը պետք է վերամիավորվեր Աշոտ Դ-ի թագի ներքո:

Հավանաբար վաղաժամ է մահացել նաև Հովհաննես-Սմբատ Գ-ի կինը, քանզի հետագայում` 1032 թ. նա ամուսնացավ Բյուզանդիայի Ռոմանոս Գ Ագիրոս կայսեր եղբոր դստեր հետ, սակայն այդպես էլ ժառանգ չունեցավ:

Ահա այսպիսի տհաճ իրադարձություններով սկսեց Հովհաննես-Սմբատ Գ-ն իր անփառունակ թագավորությունը Հայաստանում:

Շուտով մեծ բանակով Արևելք է արշավում բյուզանդական հայազգի կայսր Վասիլ Բ Բուլղարասպանը: Սկսված վրաց-բյուզանդական պատերազմում ջախջախվում է վրացական բանակը: Հովհաննես-Սմբատ Գ-ն անխոհեմ է գտնվել և զինական աջակցություն է ցուցաբերել վրացիներին: Բյուզանդիայի կայսեր ցասումը կանխելու համար նա 1022 թ. Տրապիզոն` կայսեր մոտ արտակարգ լիազորություններով բանակցելու է ուղարկում իրենից ոչ պակաս անփառունակ գործչի` ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա-ին, որն աչքի էր ընկնում ոչ միայն իր հունասիրությամբ, այլև` արծաթասիրությամբ:

Գերազանցելով իր լիազորությունները` Պետրոս կաթողիկոսը Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Գ-ի անունից կտակ է գրում, որի համաձայն` հայոց արքայի մահից հետո հայոց թագավորությունը կտակվում էր Բյուզանդիային:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ կաթողիկոսը դավաճանում է հայրենիքը:

Կաթողիկոսի դավաճանությունը կոծկելու համար շուտով եկեղեցին հորինում և շրջանառության մեջ է դնում այն հեքիաթը, թե իբր, 1022 թ. հունվարի 6-ին` Ջրօրհնեքի օրը, կայսրն անձամբ է խնդրում կաթողիկոսին, որ վերջինս կատարի Ջրօրհնեքի ծեսը: Եվ երբ Պետրոս Ա դավաճանը խաչը ջուրն է գցում, իբր գետը սկսում է հոսել իր հոսանքին հակառակ: Այդ իսկ պատճառով Պետրոս Ա-ն պատմության մեջ մտավ Գետադարձ մականվամբ:

Ինչևէ, պատմությունը փաստում է, որ նման հեքիաթախառն առասպելները միշտ ծնվում են որևէ ծանր հանցանք քողարկելու համար: Իսկ հայոց կաթողիկոսի դավաճանությունն աններելի էր: Նրան չներեց անգամ Հովհաննես-Սմբատ Գ-ի պես թուլամորթ ու ապիկար գահակալը: Երբ կաթողիկոսը չորս տարի բյուզանդական Հայաստանում մնալուց հետո վերադարձավ հայրենիք` վայելելու իր դավաճանության արդյունքում ստացած Գետադարձ տիտղոսը` թագավորը նրան կարգալույծ անել տվեց, արգելափակեց Բջնիի ամրոցում` Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կալվածքում և նրա փոխարեն կաթողիկոս օծել տվեց Դիոսկորոս Սանահնեցուն:

Սակայն Պետրոս Ա Գետադարձի ազդեցությունը մեծ էր, և նրա հետևորդները չընդունեցին Դիոսկորոս կաթողիկոսին: Նրան շարունակ անարգում էին, անգամ եկեղեցում հարձակցեցին նրա վրա, պատռեցին նրա վեղարը: Դիոսկորոս Սանահնեցին, որ գիտնական էր, աստվածավախ ու բարոյական մարդ, ի վերջո, հրաժարվեց կաթողիկոսական գահից: Հայ եկեղեցին նրան այդպես էլ կաթողիկոսների անվանացանկում չներառեց: Պետրոս Գետադարձ դավաճանը 1045 թ. խաբեությամբ Գագիկ Բ արքային (1042-1045) ուղարկեց Բյուզանդիայի մայրաքաղաք` Կոստանդնուպոլիս և նրա հետևից` Անիի բանալիները` այն գրավելու հրավերով:

Հետագայում Հովհաննես-Սմբատը որևէ արժանահիշատակ գործ չկատարեց: Հայտնի է միայն, որ նա 1038 թ. նորոգել է Հռոմոսի վանքը և 1040 թ. զինական աջակցություն ցուցաբերել Լոռվա Տաշիր-Ձորագետի գահակալ Դավիթ Ա Անհողինին` (990-1048) Դվինի էմիրության դեմ պայքարում: Երբ Դվինի ամիրան հարձակվում է Լոռվա թագավորության վրա, Դավիթ Անհողինը սպառնալիքով օգնական զորք է պահանջում Հովհաննես-Սմբատից` ասելով, որ եթե նա մերժի, կմիանա Դվնո ամիրային և իր երկիրը կխավարեցնի: Ահաբեկված Հովհաննես-Սմբատ արքան 4000-անոց օգնական բանակ ուղարկեց Լոռվա թագավորին:

Հովհաննես-Սմբատ արքան թագավորեց 21 տարի և մահացավ 1041 թ.:

Պետք է նշել, որ հենց նրա գահակալման օրոք սկսվեց Բագրատունյաց թագավորության անկումը, որի հոգեվարքը արագացրին հենց դավաճան կաթողիկոսն ու թուլամորթ թագավորը:

 

ՀԵԹՈՒՄ Ա. Հմուտ դիվանագետ-թագավորը, որ ծնվեց որպես հասարակ իշխանազուն և մահացավ` որպես ճգնավոր….

հեթում (1)Հայոց պատմության երևելի գործիչներից է Կիլիկիայի հայոց թագավորության գահակալ  Հեթում Ա Հեթումյան արքան (1226-1270):

Պետք է նշել, որ Հեթում Ա-ն` որպես այդպիսին, երջանիկ գահակալ էր: Նա գահ բարձրացավ Կիլիկիայի հայոց թագավորության հզորության գագաթնակետին:

Առհասարակ Հեթումյանների տոհմը ծագումով Արցախից էր: Նրանք Կիլիկիայում են հաստատվել XII դարում և շնորհիվ իրենց ռազմատենչության` արագորեն ազդեցություն ձեռք բերել ու ամուր դիրքեր գրավել Կիլիկիայում: Ռուբինյանների իշխանապետության օրոք Հեթումյանները միշտ ընդդիմադիր էին` ձգտելով երկրում հասնել միահեծան իշխանության, սակայն հարկ եղած դեպքում նրանք Ռուբինյանների հետ միասին սուր էին ճոճում երկրի անկախությանը սպառնացող արտաքին վտանգի դեմ: Մինչ Հեթում Ա-ն, Հեթումյանների տոհմը շատ անվանի զորավարներ է տվել: Նրանցից ամենանշանավորը, որ հմուտ էր ոչ միայն պատերազմելու արվեստում, այլև լավ դիվանագետ էր, Լևոն Բ Մեծագործի (1187-1219) զորքերի հրամանատարն էր` Կոստանդին Գունդստաբլը:

Լևոն Բ-ն մահացավ` իր հզոր երկիրը կտակելով դստերը` Զապելին: Լևոնը երկու դուստր ուներ` Զապելը և Ալիսը: Ալիսն ամուսնացավ Կիպրոսի արքայազնի հետ: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր 2-ամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` 8-ամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի պայմանագիրը մնում է թղթի վրա:

Հետագայում Լևոնն իր դստերն ամուսնացրեց հարևան Անտիոքի դքսության երիտասարդ գահաժառանգ Ֆիլիպի հետ` նպատակ ունենալով այդ ճանապարհով իր ազդեցությանը ենթարկել Անտիոքը:

Զապելի խնամակալը հենց Կոստանդին Գունդստաբլն էր, որ հայոց իշխաններից ամենաազդեցիկն ու ամենահմուտն էր:

Լևոնի մահից հետո Ֆիլիպը, որ գահ էր բարձրացել Կիլիկիայում, սկսեց հակահայ պահվածք դրսևորել: Նա արհամարհում էր հայոց սովորույթները, Կիլիկիայի թագավորության շահերը ստորադասում էր Անտիոքի դքսության շահերին: Սա, բնականաբար, չէր կարող հանդուրժել հայոց ավագանին, և Կոստանդին պայլի գլխավորությամբ հավաքված ավագանու խորհուրդը 1225 թ. գահազուրկ է հռչակում Ֆիլիպին, որը բանտարկվում է և այնտեղ էլ կնքում մահկանացուն:

Կրկին բաց է մնում հայոց թափուր գահի հարցը: Եվ ահա, հայ իշխանների համաձայնությամբ, Կոստանդին պայլն իր 13-ամյա որդուն` Հեթումին, ամուսնացնում է մանկահասակ Զապել թագուհու հետ և 1226 թ. հունիսի 14-ին հռչակում Կիլիկյան Հայաստանի թագավոր: Սրանով հիմք է դրվում Հեթումյանների արքայատոհմին Կիլիկիայում: Փաստորեն Հեթումը, որ ծնվել էր սոսկ որպես իշխանազուն, դեռևս պատանի` ակամա դարձավ հզոր ու բարգավաճող պետության միապետ:

Մինչև Հեթումի չափահաս դառնալը, բնականաբար, երկիրը կառավարում էր հայրը` Կոստանդինը, որ կառավարման գործին միշտ մասնակից էր դարձնում իր թագակիր որդուն` ուսուցանում և հաղորդում կառավարման և ռազմական արվեստի հմտությունները:

հեթումԴա տվեց իր պտուղները, քանզի Հեթում Ա-ի կառավարման տարիներին Կիլիկիայի թագավորության դիրքերն ավելի ամրապնդվեցին: Նա արտաքին նվաճումների չգնաց, ինչպես Լևոն Բ-ն, սակայն հուսալիորեն պաշտպանեց իր երկրի անկախությունն ու անվտանգությունը: Հեթում Ա-ի օրոք Կիլիկիայի մշակութային, տնտեսական վերելքն ավելի ամրապնդվեց:

Սակայն Հեթումի գահակալման երկրորդ շրջանում սև ամպեր կուտակվեցին հայոց աշխարհի գլխին:

1206 թ. համամոնղոլական Ղուրուլթայը ցեղապետ Տիմուչինին հռչակեց համամոնղոլական խաքան, նա ընդունեց Չինգիզ խան անվանումը և անցավ արտաքին նվաճումների: Կարճ ժամանակում մոնղոլները կարողացան նվաճել ողջ արևելքը և շարժվել դեպի արևմուտք: 1236 թ. մոնղոլները գրավեցին Հայաստանի Անի մայրաքաղաքը` իրենց ենթարկելով Զաքարյանների իշխանապետությունը: Մոնղոլների հեռահար նպատակը Եգիպտոսի սուլթանության նվաճումն էր, և նրանք, իրենց ճանապարհին ավեր ու մահ սփռելով, արշավում են դեպի արևմուտք և կանգնում Կիլիկիայի դարպասների առաջ:

Կիլիկիայի թագավորությունը պետք է կենաց և մահու գոտեմարտ մղեր` մոնղոլական վտանգը վանելու համար:

Իրավիճակը շտկելու համար Հեթում արքան մոնղոլների Բաչու Նոյին զորավարի մոտ է ուղարկում իր եղբայր և զորահրամանատար Սմբատ Գունդստաբլին: Հայոց սպարապետը կարողանում է նախնական համաձայնություն ձեռք բերել մոնղոլների հետ, սակայն Բաչուն վերջնական խոսքը թողնում  է մոնղոլների խաքան Մանգու խանին:

1254 թ. Մանգու խանի հրավերով Հեթում արքան երկար ճամփորդություն է սկսում և նրան այցելում մայրաքաղաք Կարակորումում: Ճանապարհին նա Հայաստանում հանդիպում է հայոց ազդեցիկ իշխանների հետ և քննարկում նրանց հուզող  շատ հարցեր, որոնք հայոց թագավորը պետք է բարձրացներ Մանգու խանի մոտ:

Այստեղ կնքվում է հայ-մոնղոլական դաշինք, համաձայն որի` առանց հայոց արքայի թույլտվության, ոչ մի մոնղոլ զորական և պաշտոնյա իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիայի թագավորության տարածք: Կողմերը կնքում են նաև ռազմական փոխօգնության պայմանագիր: Հեթում Ա-ն չմոռացավ նաև պատմական հայրենիքը և միջնորդեց Մանգու խանին զեղչել Հայաստանից գանձվող հարկերի չափը: Համաձայն պայմանագրի` հայերը արտոնություն էին ստանում ազատ առևտուր անելու մոնղոլական ողջ կայսրության տարածքում:

Այս առթիվ անվանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է. «Նուէրներ ստանալով նրանից (Մանգու խանից), ըստ արժանւոյն մեծարուեց նրանից եւ յիսուն օր մնալով այնտեղ, Մանգու խանից ստացաւ հրովարտակ, որ ոչ ոք իրաւունք չունէր նեղութիւն տալ նրան եւ իր երկրին: Նա (Մանգու խանը) տուեց ազատութեան գիր (հարկերից ազատուելու) բոլոր վայրերի (հայկական) եկեղեցիներին»:

Այս դաշինքը երկուստեք ձեռնտու էր: Մոնղոլները, ի դեմս Կիլիկիայի թագավորության, տեսնում էին հուսալի և ամուր դաշնակցի ընդդեմ ընդհանուր թշնամու` Եգիպտոսի սուլթանության: Իսկ Հեթում Ա-ն, իր երկիրը զերծ պահելով մոնղոլական ասպատակություններից, միաժամանակ նրանց զորակցության շնորհիվ սաստեց իր անբարեհաճ հարևանների` Իկոնիայի սուլթանության, Հալեպի ամիրայության և Եգիպտոսի ոտնձգությունները: Միաժամանակ, Հեթում Ա-ն իր տերությանը կցեց նաև Գամիրքի մի շարք հարավային` սահմանամերձ շրջաններ և Ասորիքի հյուսիսային մասը` Հալեպ և Դամասկոս քաղաքներով:

Դաշինք կնքելով մոնղոլների հետ` Հեթումը պահպանեց բարիդրացիական կապերը Արևմուտքի, հատկապես` խաչակիր օրդենների հետ` հարկ եղած դեպքում համագործակցելով նաև նրանց հետ:

Այս դաշինքն առաջացրեց Եգիպտոսի սուլթանության զայրույթը, և 1266 թ. սուլթան Բեյբարսը մեծ բանակով ներխուժեց Կիլիկիա և ավերածություններ գործեց: Ճակատամարտի ժամանակ գերվեց Հեթումի ավագ որդին և գահաժառանգը` Լևոնը, որ հետագայում թագավորեց որպես Լևոն Գ արքա (1270-1289): Հեթում Ա-ն զիջումների գնով կարողացավ չեզոքացնել ահեղ ախոյանին և ազատել գերությունից որդուն: Այս հարվածը, սակայն, ծանր տարավ արքան, որ 1270 թ. հօգուտ որդու` Լևոնի հրաժարվեց գահից, Ակների վանք մտավ և եղբայր Մակար անունով  ճգնավոր դարձավ: Այնտեղ էլ, շատ չանցած` 1270 թ. հոկտեմբերի 28-ին,  կնքեց մահկանացուն:

Հեթում Ա-ն իր պետության մեջ և միջազգային առևտրին զարկ տալու նպատակով ոսկե, արծաթե և պղնձե դրամներ է հատել: Հեթում Ա-ի օրոք Կիլիկիայի թագավորությունն ընդլայնեց իր առևտրական կապերը Վենետիկի, Ջենովայի հանրապետությունների, հեռավոր եվրոպական թագավորությունների հետ, նրա կնքած պայմանագրի շնորհիվ, փաստորեն, մոնղոլական կայսրության ողջ տարածքում հայոց առևտուրը զարգանում էր առանց խոչընդոտների:

Կյուրիկե Բ

Կյուրիկե Բ-ի դրամը

Կյուրիկե Բ-ի դրամը

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ,  նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել էր երիցս ջախջախել իր թագավորությանը սպառնացող Գանձակի և Դվինի էմիրություններին, նվաճումներ կատարել Աղվանքում, Վիրքում, ընդարձակել իր պետության սահմանները: Դավիթը նաև նվաճել էր Թիֆլիսը և հարկատու դարձրել տեղի էմիրին, գրավել էր Կախեթը և այնտեղ գահ բարձրացրել կրտսեր որդուն` Գագիկին:

Հոր քաղաքականությունը շարունակեց նաև Կյուրիկե II-ը, ով պայքար էր մղում ոչ միայն իր հայրենական ժառանգությանը` Անիին տիրելու համար, այլև Անդրկովկասում առաջնության համար: Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ:

Կյուրիկե II-ի գահակիցն էր նրա եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս գահակալությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Փաստորեն, 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կովկասում առաջնության համար պայքար էր ծավալվել Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան և Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Վիրա-աբխազական թագավորությունը վերելք էր ապրում Բագարատ IV-ի (1027-1072) տիրապետության օրոք: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը բարեկամներ էին: Երկուսն էլ Բագրատունյաց տոհմից էին, ավելին` Կյուրիկե II-ի կինը` Շերիկը, Բագարատ IV-ի քույրն էր, ինչը, սակայն, չէր խանգարում, որ այս երկու պետությունները բախվեին:

Շուտով այս պայքարը նոր փուլ է թևափոխում Անդրկովկասում սելջուկ-թուրքերի ի հայտ գալու պատճառով:

1064 թ. սելջուկների առաջնորդ Ալփ-Ասլանը գրավում է Անին և շարժվում դեպի Անդրկովկաս: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը հպատակություն են հայտնում սելջուկներին` իրենց երկրները ավերածություններից փրկելու համար: Թուրք սուլթանն ընդունում է նրանց հպատակությունը և պահանջում, որ Կյուրիկե II-ն իրեն կնություն տա դստերը: Կյուրիկե II-ը մերժում է: Խնդիրը լուծելու համար Ալփ-Ասլանը դիմում է Բագարատ IV-ին, որի քրոջ աղջիկն էր Կյուրիկե II-ի դուստրը: Բագարատը հարցի շուրջ բանակցելու նպատակով Լոռի է ուղարկում իր ազդեցիկ իշխաններից Վարազ-Բակուր Գամրեկելուն: Կյուրիկեն մերժում է նաև Բագարատի պատգամավորին:

Սելջուկյան սուլթանին հաճոյանալու նպատակով Բագարատ IV-ը դավ է նյութում ազգակցի դեմ: Նա բանակցությունների է հրավիրում Կյուրիկեին և Քվեշի անտառում կալանավորում է նրան ու իր եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Այդ ժամանակ Բագարատ IV-ի հրամանով խաչափայտեր են կանգնեցնում Սամշուլդեի դեմ և Կյուրիկեին խաչ հանում, որպեսզի Սամշուլդեն պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի և քաղաքը հանձնի վրացիներին:

Դեպքերը նկարագրող Մատթեոս Ուռհայեցին և վրաց պատմիչները չեն նշում, թե հայոց արքան որքան է խաչափայտին մնացել գամված: Միայն նշվում է, որ դեպքին միջամտում են Կյուրիկեի իշխանները` Լոքի և Կաքավաբերդի տերերը: Արդյունքում Կյուրիկե II-ը որպես փրկագին զիջում է Սամշուլդեն, իսկ Սմբատը` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը:

Սակայն վրաց աղբյուրները հավաստում են, թե Բագարատը հայոց թագավորներին խաչափայտից իջեցրել է խղճահարությունից և մարդասիրությունից դրդված և որպես գլխագին վերցրել է միայն Սամշուլդեն:

Փոքր-ինչ այլ կերպ է նկարագրում դեպքը Ուռհայեցին: Եթե վրաց վարկածի համաձայն` Կյուրիկեն մերժում է սուլթանի` դստեր ձեռքը տալու առաջարկը, ապա ըստ Ուռհայեցու` Կյուրիկեն համաձայնվում է ի սկզբանե: Իսկ Բագարատ IV-ը Կյուրիկեին դավում է սոսկ Սամշուլդեն նրանից առնելու համար:

Բանակցությունների ընթացքից երևում է, որ Սամշուլդեի մոտ խաչափայտին է գամվել սոսկ Կյուրիկեն և ոչ նրա եղբայրը: Սա տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ, եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքերից և գահակից էին, ինչո՞ւ է Բագարատ IV-ը տարբեր մոտեցումներ ցուցաբերում նրանց նկատմամբ:

Հետաքրքիր է նաև վրաց մատյանի հիշեցումը, թե հայերը խաղաղություն խնդրեցին և տվին Սամշուլդեն:

«Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) իշխանը և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատը առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օբրեթը, Կոշկը և Վարազաքարը»: Ասվածից կարելի է ենթադրել, որ Լոքի և Կաքավաքարի իշխանների միջամտությունից հետո Կյուրիկեն համաձայնել էր տալ Սամշուլդեն, իսկ Սմբատը սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել էր վերոհիշյալ ամրոցները:

Հավանաբար այս երեք ամրոցները Սմբատի սեփականներն էին ու նրա` խաչափայտին չգամվելը ցույց է տալիս, որ Բագարատը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Ի վերջո, Բագարատը զիջում է բոլոր ամրոցներն ու իրեն է պահում միայն Սամշուլդեն:

Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ինչու Բագարատի և Կյուրիկյանների բանակցություններում չի արծարծվում Կյուրիկյան արքայադստեր խնդիրը, պետք է ենթադրել, ճշմարտացի է Ուռհայեցին, ըստ որի` սուլթանն անմիջապես դիմել է Կյուրիկեին և պահանջել նրա դստեր ձեռքը:

Եվ Կյուրիկեն ոչ միայն տվել է դստերը, այլև դաշինք է կնքել նրա հետ: Հավանաբար այդ պատճառով է, որ Բագարատը, օգտվելով սելջուկների` Անիում գտնվելու հանգամանքից, փորձել է հաշվեհարդար տեսնել Կյուրիկեի ու սելջուկների հետ: Վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բագարատն իր քույր Մարթային հետագայում ամուսնացրեց բյուզանդական կայսր Տուկիծի հետ, որ սելջուկների ոխերիմ թշնամին էր: Շատ չանցած` Բագարատը արշավեց Կախեթ, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը: Պատմիչն ուղղակի նշում է, որ Բագարատը արշավել է Կախեթը նվաճելու համար, բայց լսելով սելջուկների գալստյան մասին` վրացիները նահանջում են: Վրաց պատմիչը հավաստում է, որ Աղսարթանը ոչ միայն միացավ սելջուկներին, այլև հավատափոխ եղավ` պահպանելով իր իշխանությունը և ստանալով վրաց թագավորի հպատակների լքած բերդերը: Ապա Ալփ-Ասլանը արշավեց Բագարատի վրա: Նրան միացան Կախեթի արքան, Կյուրիկե II-ը, Տփղիսի էմիրը:

1064-ին Ալփ-Ասլանն անցնում է Արաքսը և Նախճավանի վրայով շարժվում Վրաստան` բանակի մյուս մասը հանձնելով Մելիքշահին:

Նա մտնում է Գուգարք, ապա Թռեղք, որտեղից մեկ օրում հասնում է Ղվելիս-Ղար: (Մեսխեթում է): Այստեղից սուլթանն անցնում է Կղարջք, մի խոշոր շրջան կատարելով Հյուսիսային Հայաստանով, մտնում է Տայք, ապա դարձյալ վերադառնում Թռեղք: Բագարատ IV-ը փախչում է Քարթլի:

1068 թ. Ալփ-Ասլանը հարձակվում է Բագարատ IV-ի տիրույթների վրա: Նրան են միանում Կյուրիկե II-ը, Աղսարթանը և Տփղիսի ամիրան: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս պատերազմում երկրորդական դեր չեն կատարել: Ըստ վրաց պատմիչի` հայերը «ներխուժեցին Քարթլի Զաճվիթի (Զվարի վանքի) կողմից, լուսաբացին ասպատակողներ արձակեցին, և սգով լցվեց ողջ Քարթլին»:

Նույն թվականին Բագարատ IV-ն Ատրպատականի և Առանի վրայով ներխուժեց Շաքի: Շաքին այդ ժամանակ գտնվում էր Կախեթի թագավոր, Կյուրիկյան Աղսարթանի իշխանության տակ:

Նույն ժամանակ Աղսարթանը Ալփ-Ասլանի ճնշումներին դիմանալու համար իսլամ ընդունեց, միացավ սելջուկներին և դաշնակցած Կյուրիկե II-ի և Տփղիսի ամիրայի հետ, հարձակման անցավ: Դաշնակիցները գրավեցին Տփղիսը: Բագարատը ստիպված էր հաշտություն խնդրել և Ալփ-Ասլանի մոտ ուղարկեց Լիպարիտ իշխանի որդի Իվանե Լիպարիտյանին:

Վրաստանը հարկատու է դառնում Ալփ-Ասլանին, իսկ վերջինս Տփղիսն ու Ռուսթավը հանձնում է Գանձակի Փատլուն ամիրային:

1069 թ. Բագարատը ջախջախում է Փատլուն ամիրային և գրավում է սելջուկների հետ դաշնակցած Կյուրիկեի  մի քանի տիրույթներ: «Էառ ի նմանէ զՏփղիս, եւ զԳագ, եւ զՔօզինն` զոր առեալ էին Պարսք ի Հայոց եւ Վրաց»:

Սրանից հետո, երբ կրկին ապստամբում է Իվանեն, Աղսարթանը չի միանում նրան, ավելին, միանալով Բագարատ IV-ին հաջորդած Գեորգի Բ արքային` Իվանեի որդի Լիպարիտից խլում է Լոծոբանը: Փաստորեն, Աղսարթանի գործուն աջակցությամբ Գեորգին կարողացավ ճնշել ապստամբներին:

Շուտով արևելք է արշավում սելջուկյան սուլթան Մելիքշահը (1072 – 1092): Նա ասպատակում է ողջ Քարթլին: Կյուրիկյան թագավորությունը հպատակվեց Մելիքշահին, իսկ Աղսարթանը դաշնակցեց Գեորգի II-ի հետ: Երբ Մելիքշահը հեռացավ Անդրկովկասից, զորք թողնելով Գանձակի էմիր Սարհանդի մոտ, որպեսզի վերջինս հպատակեցնի շրջակա երկրները, Գեորգին արշավեց նրա վրա և ջախջախեց:

1088 թ. Կյուրիկե II-ը Բարսեղ կաթողիկոսի հետ այցելում է սուլթան Մելիքշահին և հպատակություն է հայտնում նրան: Մինչ այդ սուլթանին հպատակություն էր հայտնել Գեորգի II-ը: Այրիվանեցին այդ մասին գրում է. «Թագաւորն Հայոց Կիւրիկէ եւ վրաց Դեմետրէ եւ կաթողիկոսն Հայոց տէր Բարսեղ գնացին առ Մելիք Շահ սուլտանն եւ դարձան պատուու»: Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն վերջին ապստամբության ժամանակ միացել էր Գեորգիին: Այլապես հարկ չէր լինի կրկին հպատակություն հայտնել սելջուկներին: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կյուրիկեն դարձյալ սելջուկների մոտ գնաց որպեսզի կանխի վրացիների հնարավոր դավադրությունն իր դեմ:

Կյուրիկե Բ հայտնի է նաև իր մշակութային գործունեությամբ: Նրա հովանավորչությամբ է Հաղբատում ընդօրինակվել ու նկարազարդվել Մուղնու ավետարանը: Բազում արձանագրություններ վկայում են, որ Լոռիում եկեղեցիներ է կառուցել և վերանորոգել:

Ձգտելով համահայկական իշխանության` նա նաև միջամտել է հայ եկեղեցու գործերին: 1067 թ. հայոց կաթողիկոս Գևորգ Բ Վկայասերը ուղևորվում է Բյուզանդիա և Եգիպտոս, ուստի իշխանների համաձայնությամբ իրեն փոխարինող է նշանակում Գևորգ Լոռեցուն: Սակայն Գևորգ Լոռեցին գործում է կամայականորեն և առաջացնում է իշխանների դժգոհությունը: Այդ պատճառով 1081 թ. Կյուրիկե II-ը հրավիրում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսին և Հաղբատում հայոց կաթողիկոս է օծել տալիս Բարսեղ Անեցուն:

Կյուրիկե II-ը մահացավ 1090 թ. ծեր հասակում` իր գահը ժառանգություն թողնելով երկու զավակներին` Դավիթ Բ-ին և Աբաս Ա-ին:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

defaultՖրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը

Դեռ միջնադարից` առանձին հայկական զորամասեր օտար բանակների կազմում բազում ճակատամարտերի են մասնակցել և փառավորել հայոց բազկի ուժը: Բյուզանդական կայսրության մեջ ամենամարտունակը համարվում էին Արմենիակների բանակաթեմի զորքերը, որոնք բացառապես հայերից էին կազմված: Հետագայում հայոց զինուժը տիրապետող էր Եգիպտոսում, մոնղոլներն իրենց նվաճումների ժամանակ պարբերաբար դիմում էին հայոց բանակի զինակցությանը: Եվրոպայում էլ փառաբանվել է հայոց բանակը: Բուլղարիայում հենց հայոց գնդերը արքայական գահ բարձրացրին Կամսարականների տոհմից քաջ Սամուել Կոմսաձագին: Վալախիայում և Մոլդովայում հայ քաջարի զորավարները հայկական գնդերով էին մասնակցում հակաթուրքական պայքարին: Անգամ Գրյունվալդի ճակատամարտում խաչակիր նվաճողների ջախջախմանը մասնակցեցին հայոց զորաջոկատներ:

nubar pasha21-1Այս շարքում, սակայն, առանձնահատուկ է Հայկական (Արևելյան) լեգեոնի դերակատարությունը ֆրանսիական բանակի կազմում: Առանձնահատուկ է, քանզի Հայկական լեգեոնը կազմավորվեց հենց Հայաստանի ազատագրման նպատակով և լիովին կանոնավոր բանակ էր:

Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դեմ պատերազմող Ֆրանսիան առանձնահատուկ շահեր էր հետապնդում Պաղեստինում և Կիլիկիայում: Հայությունը, ձգտելով ազատագրվել թուրքական լծից, ամեն կերպ աջակցում էր հակաթուրքական ուժերին: Թվում էր` Թուրքիան փլուզման եզրին է և հայության իղձերի իրականացումը մոտ է:

Հայրենիքի ազատագրման պայքարին նպաստելու նպատակով Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան 1916 թ. հոկտեմբերին Լոնդոնում հանդիպում է Ֆրանսիայի և Անգլիայի ղեկավարների` Ժորժ Պիկոյի և Մարկ Սայքսի հետ, որոնց առաջարկում է Անտանտի զորաբանակների մեջ ստեղծել առանձին հայկական զորամիավորումներ. պայմանով, որ նրանք պետք է կռվեն բացառապես պատմական Հայաստանի տարածքում: Առաջարկը հետաքրքրում է Ժորժ Պիկոյին, և նա Պողոս Նուբարի հետ երկարատև քննարկումից հետո գալիս է համաձայնության, այն է` ֆրանսիական բանակի կազմում կազմավորվում է հայկական զորամիավորում, որը պետք է պատերազմի բացառապես Թուրքիայի դեմ: Պատերազմի հաղթական ավարտից հետո Ֆրանսիան պարտավորվում է իր հովանու ներքո ինքնավարություն տալ հայկական Կիլիկիային, իսկ Հայկական լեգեոնը հետագայում պետք է կազմեր Կիլիկիայի հանրապետության բանակի կորիզը:

Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքները պիտի իրականացներ Եգիպտոսի Հայ ազգային միությունը` ֆրանսիացի գնդապետ Ռոմիոյի հսկողությամբ: Լեգեոնում կարող էին զինվորագրվել միայն հայեր և արաբներ, հրամանատարական կազմը պետք է համալրվեր ֆրանսիացիներից և թուրքական բանակում ծառայած հայ սպաներից:

Արդեն 1916 թ. նոյեմբերի  16-ին Ֆրանսիայի կառավարության հրամանագրով ստեղծվում է Հայկական լեգեոնը, որի  պաշտոնական անվանումը «Արևելյան լեգեոն» էր:

Հայկական լեգեոնի ստեղծումը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն եգիպտահայության և Կիլիկիայի հայության շրջանում, այլև հեռավոր սփյուռքում:

Ի դեմս Հայկական լեգեոնի` հայությունը տեսնում էր ապագա Կիլիկյան Հայաստանի բանակը, բացի այդ, սա եզակի գործնական քայլ էր հայության դաշնակիցների կողմից հայության իղձերն ի կատար ածելու ուղղությամբ:

Հազարավոր մարդիկ ցանկություն հայտնեցին զինվորագրվել լեգեոնին: Սակայն ընտրությունը խիստ էր անցկացվում: Հայության բոլոր ուժերը միահամուռ գործի անցան:

Շուտով արդեն համալրվեց առաջին վաշտը 600 մարտիկներով, հիմնականում` մուսալեռցիներով, թուքական բանակում ծառայած և գերված հայ զինվորականներով, եգիպտահայերով: Նրանում զինվորագրվեց նաև Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից Եսայի Յաղուբյանը:

1917 թ. ամռանը 1200 ամերիկահայ կամավորներ ձևավորեցին Հայկական լեգեոնի երկրորդ վաշտը:

1918 թ. լեգեոնում արդեն հաշվվում էր ավելի քան 5662 զինվորական, որոնցից արաբ էին 500-ը, մնացածը` հայեր: Լեգեոնի նախնական տեղակայման վայրը Կիպրոս կղզին էր, որտեղ հավաքագրվում էին զինվորները, հանդերձավորվում, պարենավորվում, զինվում, այստեղ էին անցկացվում դաշտային պարապմունքները:

1918 թ. մայիսին լեգեոնը տեղափոխվում է Պաղեստին, ուր Պաղեստինի ընդհանուր ճակատի հրամանատար Ալենբիի ղեկավարությամբ պետք է ստանար մարտական մկրտությունը:

1918 թ. սեպտեմբերին Պաղեստինում անգլո-ֆրանսիական ուժերն ընդհանուր ճակատով հարձակման անցան: Թեժ մարտեր էին ընթանում հատկապես իր անառիկությամբ աչքի ընկնող Արարա լեռան մատույցներում: Մինչ այդ անգլիական բանակի բազմաթիվ գրոհներ թուրքերը հաջողությամբ հետ էին մղել` օգտագործելով տեղանքի հարմարությունները:

Հայկական լեգեոնի առջև դրված էր հենց Արարայի բարձունքները գրավելու խնդիրը: Ի դեպ, չգիտես ինչու, այս դիրքերում պաշտպանվող թշնամին թվային առավելություն ուներ: Գրոհող 600 հայ զինվորների դեմ Արարայի բարձունքները պաշտպանում էր 1600 զինվորից բաղկացած զորաբանակ, որից 600-ը գերմանական բանակի զինվորներ էին: Այս զորաբանակը մինչ այդ հաջողությամբ հետ էր մղել անգլիական 3000-անոց զորաբանակի հարձակումը:

Արարայի բարձունքները շատ կարևոր էին ռազմաճակատի համար: Դրանք դուռ էին բացում դեպի Պաղեստին և գրավելով Արարան` կբեկվեր պատերազմի ընթացքը: Ահա այս դժվարին առաքելությունը պիտի իրագործեր հայկական լեգեոնը:

Սակայն ցասումը, վրեժի ծարավը հայ հերոսներին գրոհի տարավ: Տալով ընդամենը 23 զոհ և 76 վիրավոր` հայկական լեգեոնը գրավեց Արարայի բարձունքները: Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը չդիմացավ հայոց ցասման հարվածներին:

Արարայի հաղթանակը մեծ փառք բերեց Հայկական լեգեոնին: Նրան վերապահվեց Բեյրութի ազատագրման պատիվը, ինչը հայ մարտիկները պատվով ու ոգևորությամբ կատարեցին:

1918 թ. աշունը շատ առումներով բեկումնային եղավ պատերազմում: Հայկական լեգեոնը կենտրոնացավ Կիլիկիայի շուրջ` նպատակ ունենալով ներխուժել և ազատագրել Կիլիկիան: Մասնավորապես, հայկական զորաբանակի մի ստվար մասը կենտրոնանում է Ալեքսանդրեթի (Իսոսի) մատույցներում, մյուս մասը` Մերսինում:

1918 թ. դեկտեմբերի 17-ին եկավ բաղձալի պահը, և Հայկական լեգեոնը հարձակման անցնելով` մուտք գործեց Կիլիկիա: Մինչև 1919 թ. մայիսի վերջը Հայկական լեգեոնը համառ մարտերով, ստանալով ազգաբնակչության աջակցությունը, ազատագրեց Կիլիկիան թուրքերից: Թվում էր` հայության իղձերի իրականացումը շատ մոտ է: Կիլիկիա վերադարձան տասնյակհազարավոր հայեր: Կիլիկիո շեներն ու քաղաքները դարձյալ սկսեցին ծխալ, ծաղկել: Հայ քաղաքական ուժերը միասնաբար Կիլիկիո ինքնավարության ուղիներն էին քննարկում:

Փառքով ազատագրելով Կիլիկիան` Հայկական լեգեոնը ոչ միայն ջախջախեց ու քշեց թուրքական զորամիավորումները երկրից, այլև հայոց ջարդերի վրեժնառավ թուրքերից: Հայոց զենքի ցասումից ահաբեկված` շատ թուրքական բնակավայրեր դատարկվեցին: Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց:

Սակայն Ֆրանսիան իր առանձին ծրագրերն ուներ: Իր դաշնակիցներից (հիմնականում` Անգլիայից) առանձին ու թաքուն Ֆրանսիան հարաբերություններ սկսեց Թուրքիայի հետ. հաշտություն կնքեց Թուրքիայի հետ և պարտավորվեց ոչ միայն Կիլիկիան ծախել հայի դարավոր ոսոխին, այլև իր նահանջից առաջ զինաթափել Հայկական լեգեոնը` հայության վերջին պահապանն ու հույսը:

1920 թ. օգոստոսի 19-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես լուծարեց Հայկական լեգեոնը, իսկ 1921 թ. դեկտեմբերին ֆրանսիական հրամանատարությունը զինաթափեց այն: Զինաթափվեցին նաև պաշարված Հաճընին ու հայոց այլ բնակավայրներին օգնության փութացող զորամիավորումները: Ֆրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ. հայ ժողովուրդը նրան աստվածների դասը կարգեց

hayk-nahapetd5ac-202Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պարծենալ, թե գիտեն իրենց ակունքները: Հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են փաստել իրենց ինքնության օրը. հայը կարող է: Աշխարհի քիչ ժողովուրդներ կարող են պնդել, թե ումից են սերում` հայը կարող է:

Մենք Հայկի զարմն ենք:

Հայկ նահապետը հայության ինքնության հիմնադիրը եղավ: Նա ստեղծեց սրբազան հասարակություն, որ առաջնորդվում էր աստվածային օրենքներով:

Աստվածային և Աստվածամարդ Հայկը Արարչագործության երկրում Արմենական ցեղի առաջնորդն էր: Հայկը, ըստ Մովսես Խորենացու, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:

Նրա հակապատկերն էր Տիտանյան Բելը, որ համաշխարհային պատմագիտության մեջ հայտնի է նաև Նեբրովթ անունով: Թովմա Արծրունին այսպես է բնորոշում Բելին. «Որ յետ բազում ժամանակի ծախք պիտոյից ասացավ պատրաստել թագավորին ըստ անյաղթ բռնութեան և մեծութեան որովայնի կերակուր Բէլայ: Որպէս և Յոյնք երբեմն համբավեցին` Հերակղէս աստուած յիսուն կոյս ի միում գիշերի ապականէր. զծանականաց և զամօթալեաց իրս` քաջութեան ասել` ըստ այսմ զարմանալիք և Բաբելացվոցն Բէլայ ասացավ, երկոտասան արդու ալեր և քառասուն ոչխար ի միում գիշերի ուտել Բէլայ. վասն որոյ պարծանօք իմն խնդալից սրտիվ ասէ թագավորն Դանիէլի, դու ընդէր ոչ երկիր պագանես Բէլայ, եթե ոչ տեսանես որչափ ուտէ և ըմպէ»:

Իր ժողովրդին Հայկը կառավարում էր աստվածային օրենքներով, և  բոլորը երջանիկ էին: Սակայն Բաբելոնի երկրում Տիտանյան Բելը, իրեն հռչակելով աշխարհի տիրակալ, փորձում է նվաճել Աստվածային արարչագործական երկիրը: Հայկը, որ իր զարմով մասնակցում էր Բաբելոնյան աշտարակաշինությանը, հավաքելով իր տոհմը` խույս է տալիս Բելից և հաստատվում հայրենական տանը` Արարատի երկրում` Տարոնի Հարք գավառում: Այստեղ նա հիմնում է Հայկաշենն ու հաստատվում իր զարմով:

Տիտանյան Բելն իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանցով ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի վերջինս իրեն հնազանդվի և վերադառնա Բաբելոն: Պատգամավորների միջոցով հայտնում է նրան, որ նա անտեղի է հեռացել Բաբելոնից և այժմ ապրում է ցուրտ և սառնամանիք երկրում, լավ կլինի` մեղմացնի իր հպարտ բնավորությունը և վերադառնա Բաբելոն, ենթարկվի իրեն ու մշտական բնակություն հաստատի այնտեղ: Հայկը մեծ արհամարհանքով պատգամավորներին հետ է դարձնում Բաբելոն, ինչն իբր թե պատճառ է դառնում երկու հսկաների աշխարհացունց պատերազմին: Իրականում մեր նախահայր Հայկը միակն էր, որ ըմբոստացավ աշխարհակալ Բելին և հաստատեց իր զարմի անկախ ապրելու իրավունքը:

Hayk_defeats_Bel_-_Juliano_ZassoՀետապնդելով Հայկին` Տիտանյան Բելը մեծ բանակով արշավում է Հայաստան: Հայկին Բելի արշավանքի մասին տեղեկացնում է երկրի հարավային սահմաններում  կողմնապահ նշանակված թոռը` Կադմոսը:

Զորահավաք անելով` Հայկն իր բանակն առաջնորդում է Բելի դեմ և ոսոխին դիմավորում Հայոց ձորում:

Խորենացին նկարագրում է, թե մարտից առաջ Հայկն ինչպես է դասավորել իր բանակը: Նա զորքին կանգնեցնում է եռանկյունաձև: Զորաշարքի այս ձևը հնագույններից է համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ: Հետագայում` վաղ միջնադարում, մարտի ժամանակ զորքերի դասավորության այդ ձևը կիրառեցին ֆրանկները և մեծ հաջողությունների հասան:

Հայկի մարտավարությունը կապված էր մարտադաշտի տեղանքից և իր զորքերի սակավությունից: Հայկն իր բանակն այնպես է դասավորել, որ Բելը չկարողանա օգտվել թվական առավելությունից: Աջ թևի հրամանատար կարգեց ավագ որդուն` Արամանյակին, իսկ ձախ թևը վստահեց թոռանը` Կադմոսին:

Երբ մարտից առաջ Բելը հոխորտում է և սպառնալով իր զորքերի բազմությամբ` Հայկին հնազանդության կոչ անում, վերջինս պատասխանում է.

– Տիտանյա՛ ն Բել, նվազ է իմ զորախումբը, բայց աստվածների զորախումբ է: Եվ աստվածները «խաղաղություն» բառը սրի ծայրով են փորագրում…

Ոգևորված իր մեծաթիվ զորքերով` Բելը հախուռն հարձակման է անցնում: Ճակատամարտը թեժ էր: Երկու կողմից էլ մաքառում էին քաջեր: Ճակատամարտի բախտը վճռեց Հայկը: Մարտի թեժ պահին նա իր եռաթև նետով հեռվից նետահարեց և խոցեց Բելին: Նետը սուրալով ճեղքում է Բելի զրահն ու մարմինը, դուրս գալիս մարմնի հակառակ կողմից ու ցցվում գետնին: Հսկայամարմին Տիտանյան Բելի դին տապալվում է գետնին:

Ճակատամարտից հետո Հայկը պատվով թաղում է Բելին, նրա գերեզմանի վրա բլուր բարձրացնում, որպեսզի նրա օրինակը զգուշացում լինի հայոց բոլոր ոսոխներին:

Հետագայում ճակատամարտի վայրի մատույցներում Հայկը կառուցեց Հայկաբերդը:

Հայկի և Բելի մասին պատումը մեզ է ավանդվել ոչ միայն Մովսես Խորենացու շնորհիվ, որ օգտվել է Մար Աբաս Կատինայի աշխատությունից, այլև վրաց պատումից:

Վրաց ավանդույթն ասում է, որ Թորգոմն ութ որդի ուներ, նրանցից ավագը Հայոսն էր, ում էլ բաժին հասավ Թորգոմա տան մեծ մասը: Երկրորդ որդին ավագության կարգով վրացիների նախահայր Քարթլոսն էր, ապա` Բարդոսը, Մովական, Հերոսը, Լեկան, Կովկասը, Եգրոսը: Այս հսկայամարմին քաջերից յուրաքանչյուրին Թորգոմը մեծ երկիր էր ավանդել` պատգամելով միշտ միասնաբար հանդես գալ ոսոխի դեմ:

Շուտով բռնակալ Նեբրովթը (Բելը) հարձակվում է Թորգոմա տան վրա, որպեսզի ստրկացնի հսկաներին: Եղբայրները, Հայկի գլխավորությամբ, կռվի են ելնում: Վրաց պատմիչ Լեոնտի Մրովելին այսպես է ներկայացնում ճակատամարտի ընթացքը.

«Եվ երբ մոտեցավ Նեբրովթը Ատրպատական աշխարհին և կանգնեց այնտեղ, վաթսուն հսկա և նրանց հետ հզոր զորավարներ ուղարկեց թորգոմյաններին կարգի կանչելու համար: Հենց որ Նեբրովթի զորավարները մոտեցան, Հայկի յոթն հսկաները մեծ զորքով դիմավորեցին (նրանց), իսկ Հայկը հզորագույն զորքով կանգնեց հետևից` թիկունքում: Նրանց միջև տեղի ունեցավ սաստիկ պայքար, որ նմանվում էր օդի սաստկությանը, քանի որ նրանց ոտների փոշին նման էր կուտակված ամպերին, նրանց զրահի փայլատակումը` երկնքի կայծին, նրանց բերանի ձայնը` որոտման ձայնին, նրանց նետերի բազմությունն ու քարերի ձգումը` խիտ կարկուտին, և նրանց արյունահոսությունը` կարկուտի առվին: Շարունակվեց պայքարը նրանց միջև, և երկու կողմից էլ եղան անթիվ սպանվածներ:

Իսկ Հայկը  նույն հսկաների հետևիցն էր կանգնած, քաջալերում էր նրանց և մխիթարում ահարկու ձայնով, որ կայծակի ճայթյունին էր նման: Ապա թորգոմյանք հաղթահարեցին և կոտորեցին Նեբրովթյան հսկաներին և նրանց զորավարներին: Իսկ Թորգոմյան յոթն հսկաները` Քարթլոս, Բարդոս, Մովական, Հերոս, Լեկան, Կավկաս և Եգրոս, կենդանի մնալով և չվիրավորվելով, զորավիգ էին և փառաբանում էին աստծուն: Հենց որ Նեբրովթն այս լսեց, բարկացավ և արշավեց նրանց դեմ իր ամբողջ ուժով: Իսկ Հայկը Նեբրովթի չափ զորք չուներ. նա ամրացավ Մասիսի գերբուկներում: Նեբրովթը ցածից մոտեցավ, և նա ոտից մինչև գլուխ զինված էր երկաթով ու պղնձով: Նա ելավ մի սարի վրա` խոսելու Հայկի հետ և պահանջեց նրանից հնազանդություն, որպեսզի իր կամքով գա նրա մոտ: Իսկ Հայկը դիմեց հսկաներին. «Ամրացրեք թիկունքս, որ ես գնամ ընդդեմ Նեբրովթի»: Եվ նա գնաց և դեմ առ դեմ մոտեցավ Նեբրովթին, ձգեց նետը, որն անցնելով պղնձե տախտակով, խոցեց կուրծքը և դուրս եկավ քամակից: Ապա Նեբրովթն ընկավ, և նրա բանակը փախուստի դիմեց»:

Վրաց առասպելաբանության համաձայն` Թորգոմյան անվանի դյուցազունների շարքում, ինչպես ասվեց վերը, ամենամեծ հսկան էր Հայկը, «որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք, ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո, հասակով, ուժով և արիությամբ»: Այդ հսկաների կառավարիչը Հայկն էր: Նրանք «բոլորը մի լեզու ունեին` հայերենը» և իրենց ամբողջ կյանքի ընթացքում ապրում էին կողք կողքի` փոխադարձ սիրով, հաշտ ու համերաշխ:

Հայոց ձորի ճակատամարտը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին` հայոց սրբազան տոմարի Նավասարդ ամսվա 1-ին, որն էլ համարվեց հայոց տոմարի սկիզբը: Դրանից հետո հազարամյակներ շարունակ հայությունը նշել է Նավասարդը որպես Ամանոր: Այն իրավամբ, հայոց ինքնության արտահայտումն է և հայ գենի հաստատման խորհուրդն ունի իր մեջ: Ցավոք, հիմա այն ոչ միայն չի նշվում պետականորեն, այլև եկեղեցին աղավաղել է Նավասարդի խորհուրդն ու հանրությանը ներկայացնում է սոսկ որպես քրիստոնեական տոն: Դա քիչ էր, Հայկի ծագումը արհեստականորեն վերագրվում է Նոյի սերնդին. իբր` Հայկի հայր Թորգոմը Նոյի Հաբեթ որդու զավակն էր:

Հայկի անվամբ հայերը կոչել են Օրիոն համաստեղությունը: Հայոց սրբազան տոմարի օրանուններից շատերը նույնպես կոչված են Հայկի անվամբ:

Առհասարակ Հայկ նահապետից սաղմնավորվեց Հայկյան արքայատոհմը, որ մինչև մ.թ.ա. IV դարը թագավորեց Հայաստանում: Հայկի զարմերից սերվեցին շատ հայկական նախարարական, իշխանական տոհմեր` Վահևունիները, Մանդակունիները, Վարաժնունիները, Խորխոռունիները, Բզնունիները և այլք:

Հետագայում հայ ժողովուրդը Հայկ նահապետին աստվածների դասը կարգեց:

 

 

 

ԳԱԳԻԿ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

գագիկ ա

 Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:

Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ու Սմբատաշեն պարիսպների կառուցումը:

Գագիկ Բագրատունին, ենթադրաբար, Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ:

Սմբատ Բ-ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, որ արդեն Անիում էր հաստատվել:

Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր հարազատ քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց. սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Առաջինի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, որ ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Առաջինին` գրում է. «Ավաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ…»

Ինչևիցե, Գագիկ Առաջինը դավադրաբար սպանում է եղբորը և տիրանում հայոց գահին: Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում: Քանի որ Սմբատ Բ-ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Առաջինը (962-990) կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը, որ թագավորեց Լոռիում 990-1048 թթ.: Սա էլ պատճառ դարձավ Լոռվա թագավորության ապստամբության: Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը: Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մի արձանագրության մեջ Դավիթ Անհողինին կոչում է ինքնակալ արքա: Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը:

Գագիկ Առաջինի դեմ մեծ հուզումներ առաջացան նաև Անիում: Ժողովուրդն ըմբոստանում է: Անգամ լուրեր են շրջում, թե Սմբատ արքան չի մահացել, ողջ է: Ժողովրդական հուզումները հանդարտեցնելու համար Գագիկ Առաջինը կարգադրում է բացել Սմբատ Բ-ի շիրիմը և ի ցույց դնել ժողովրդին, որ բոլորը համոզվեն արքայի մահվան հարցում և հանդարտվեն: Սա ևս մեկ վկայություն է, որ Գագիկը պետական հեղաշրջմամբ է տիրացել հայոց գահին, քանզի կարգադրել էր անհապաղ թաղել Սմբատի դին և արագ թագադրվել էր` առանց պաշտոնական արարողակարգի:

Գահ բարձրանալով` Գագիկ Առաջինը նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի: Մատթեոս Ուռհայեցին Գագիկի բանակի մասին գրում է. «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

Կառավարման առաջին տարիներն անցկացրեց շարունակական պատերազմների մեջ: 992 թ. նա արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից: Ապա որոշ նվաճումներ  ունեցավ Վասպուրականում` իր թագավորությանը միացնելով Ծաղկոտն և Կոգովիտ գավառները, գրավեց նաև Վայոց ձորը, Բասենը: Մի խոսքով, Գագիկ Առաջինն Անիի թագավորության տարածքն ընդլայնեց հայկական մյուս թագավորությունների տարածքների հաշվին:

Շուտով` 998 թ. Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստանի վրա: Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեց Տայքի զորեղ տիրակալ Դավիթ Կյուրոպաղատի, վիրա-աբխազական թագավորության հետ և Ծումբի ճակատամարտում ջախջախեց թշնամուն: Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը:

1001 թ. Գագիկ Առաջինի դեմ ապստամբեց եղբորորդին` Լոռվա երիտասարդ թագավոր Դավիթ Ա Անհողինը, որն ուզում էր տիրանալ իր հայրական ժառանգությունը համարվող Անիին: Գագիկը մեծ զորքով շարժվեց Լոռի, սակայն երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո այդպես էլ չհանդիպեց Դավթի բանակին: Պատմիչներն առհասարակ մշուշոտ են ներկայացնում այս դեպքերը: Հավանաբար Դավիթն իր բանակով նույն միջոցին ներխուժել էր Շիրակ` Գագիկ Առաջինի տիրույթները: Ամեն դեպքում, գործը բախման չհասավ և կողմերը նստեցին բանակցությունների: Ցավոք, Շիրակավանի բանակցությունների մասին էլ շատ բան հայտնի չէ: Պարզ է մեկ բան. արդյունքում Գագիկ Առաջինը Լոռիում ձեռք բերեց Կայան և Կայծոն ամրոցները:

Արտաքին հարաբերություններում Գագիկ Առաջինն իրեն բավական ամուր էր զգում: Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ: Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը: Այդ նպատակով 1000 թ. Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ Բուլղարասպանը: Շատ հայ գահակալներ և իշխաններ ընդառաջ գնացին և դիմավորեցին Բյուզանդիայի կայսերը: Բայց Գագիկ Առաջինն իր պատվից վեր համարեց դա և արհամարհեց Վասիլին:

Գագիկ Առաջինի թագավորությունը բավական ընդարձակ էր և ուժեղ: Անիի թագավորությունը միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն ուներ:

Նրա օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը: Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկի թագավորության շրջանում: 1001 թ. նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթողիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ: Բացի Կաթողիկե տաճարից, նրա օրոք Անիում ու թագավորության տարածքում այլ շքեղաշուք աշխարհիկ ու հոգևոր շինություններ էլ կառուցվեցին:

Գագիկ Առաջինը մահացավ 1020 թ., ծեր հասակում: Նա երեք որդի թողեց` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Ավագության իրավունքով հայոց գահը պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը: Սակայն նա հսկայամարմին, բայց թուլակազմ մարդ էր, չէր սիրում զենք բռնել: Նրա հակապատկերն էր եղբայրը` Աշոտը, որ խիզախ էր ու քաջ:

Հայոց ավագանու մի մասը ցանկանում էր հայոց գահին տեսնել քաջ Աշոտին, իսկ մյուս մասը, որին ձեռնտու էր թագավորական իշխանության թուլացումը, Հովհաննես-Սմբատին:

Շուտով երկու եղբայրների միջև պատերազմ է սկսվում հոր թողած ժառանգությանը տիրանալու համար: Աշոտը հաղթող է դուրս գալիս, ճակատամարտի ժամանակ գերում ավագ եղբորը և հանձնում իր իշխաններից Ապիրատ Պահլավունուն` հրամայելով նրան մահվան դատապարտել: Սակայն Ապիրատ իշխանը Հովհաննես-Սմբատին հասցնում է Անի և ազատ է արձակում:

Պատերազմը եղբայրների միջև շարունակվում է, ի վերջո հայ իշխանների միջամտությամբ խաղաղություն է հաստատվում և պայմանագիր կնքվում: Համաձայն պայմանագրի` Անին իր շրջակայքով ժառանգում է Հովհաննես-Սմբատ Գ-ն (1020-1041), իսկ թագավորության մնացյալ հատվածի վրա թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041): Քանի որ Հովհաննես-Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո թագավորությունը պիտի ժառանգեր Աշոտը: Սակայն 1041 թ. գրեթե միաժամանակ մահանում են Հովհաննես-Սմբատ Գ-ն և նրա եղբայրը` Աշոտ Դ-ն: Մեկ տարի անց հայոց ավագանու աջակցությամբ գահ է բարձրանում Աշոտ Դ որդին` 18-ամյա Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքան:

Նրա օրոք ավելի է մեծանում բյուզանդական ճնշումը Հայաստանի վրա: Գագիկը Վահրամ Պահլավունի սպարապետի աջակցությամբ մի քանի անգամ ջարդում է բյուզանդական բանակները Անվո պարիսպների տակ: Բյուզանդիան, չկարողանալով զենքով ծնկի բերել Հայաստանը, դիմում է խարդախության:

Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի աջակցությամբ ու խորհրդով Գագիկ Երկրորդին հրավիրում է Կոստանդնուպոլիս և արգելափակում: Միայն այդ գնով Բյուզանդիան կարողացավ ծնկի բերել հայոց թագավորությունը, և արյան գնով ձեռք բերված անկախությունը հայոց կաթողիկոսը վաճառեց Բյուզանդական կայսրությանը:

 

 

 

Անկախության հանրաքվե

անկախություն1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1.         Ռումինիա – 11.11.1991

2.         Ռուսաստան – 16.12.1991

3.         Թուրքիա – 16.12.1991

4.         Մոնղոլիա – 20.12.1991

5.         Ուկրաինա – 21.12.1991

6.         Շվեյցարիա – 23.12.1991

7.         Կոստա-Ռիկա – 23.12.1991

8.         Բուլղարիա – 23.12.1991

9.         Ղազախստան – 23.12.1991

10.       Աֆղանստան – 24.12.1991

11.       Մեքսիկա – 25.12.1991

12.       Իսրայել – 25.12.1991

13.       Կանադա – 25.12.1991

14.       Կուբա – 25.12.1991

15.       Իրան – 25.12.1991

16.       Թունիս – 25.12.1991

17.       Պերու – 26.12.1991

18.       Թաիլանդ – 26.12.1991

19.       ԿԺԴՀ – 26.12.1991

20.       Հնդկաստան – 26.12.1991

21.       Բրազիլիա – 26.12.1991

22.       Ավստրալիա – 26.12.1991

23.       ԱՄՆ – 27.12.1991

24.       Եգիպտոս – 27.12.1991

25.       Չինաստան – 27.12.1991

26.       Ուրուգվայ – 27.12.1991

27.       Ալժիր – 27.12.1991

28.       Սլովենիա – 27.12.1991

29.       Վիետնամ – 27.12.1991

30.       Լեհաստան – 27.12.1991

31.       Հորդանան – 28.12.1991

32.       Ինդոնեզիա – 28.12.1991

33.       Ճապոնիա – 28.12.1991

34.       Բանգլադեշ – 28.12.1991

35.       Օման – 28.12.1991

36.       Կամբոջա – 29.12.1991

37.       Ֆինլանդիա – 30.12.1991

38.       Հարավային Կորեա – 30.12.1991

39.       Լիբանան – 30.12.1991

40.       Բելգիա – 31.12.ա1991

41.       Արգենտինա – 31.12.1991

42.       Դանիա – 31.12.1991

43.       Նիդեռլանդներ – 31.12.1991

44.       Հարավսլավիա – 31.12.1991

45.       Մարոկկո – 31.12.1991

46.       Գերմանիա – 31.12.1991

47.       Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ:

 

 

 

ԴԱՎԻԹ ԱՆՀՈՂԻՆ. հայ գահակալներից ամենաերկարակյացը

անհողին (1)Դավիթ Ա Անհողինը (990-1048) Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան արքայատոհմի երկրորդ գահակալն է: Նա պատմության մեջ չգնահատված տիրակալ է: Դրա պատճառները բազում են. գլխավորը թերևս այն է, որ Դավիթը ոչ թե Անվո հայոց կենտրոնական թագավորության, այլ Տաշիր-Ձորագետի գահակալն էր: Եվ քանի որ նա երիցս փորձ է արել տիրանալ Անվո գահին, պատմիչները նրան սև ու մռայլ գույներով են ներկայացրել:

Իրականում, Դավիթ Անհողինը XI դարի հանճարեղ գործիչներից էր և հմուտ զորահրամանատար:

Մինչ օրս պատմագրությունը միասնական տեսակետ չունի Լոռվա թագավորի Անհողին մականվան մասին: Ընդունված է «Անհողին» մականունը կապել 1001 թ. Դավթի` հայոց շահնշահ Գագիկ Առաջինի (990-1020) դեմ ապստամբությանն ու պարտությանը, որի  հետևանքով նա կորցրել է Կայան և Կայծոն բերդերը: Ըստ իս` սա թյուր տեսակետ է. նախ` երկու ամրոցի կորստյան պատճառով թագավորը Անհողին չէր կոչվի, ապա միանշանակ չէ նրա ապստամբության պարտությունը, և վերջապես, դեռևս 996 թ. Հաղբատի մի արձանագրության մեջ Դավիթը կոչվում է Անհողին և Ինքնակալ:

Ըստ իս` Դավիթ Ա-ն Անհողին է կոչվել հետևյալ պատճառով: Հայոց Աշոտ Գ Ողորմած (954-977) արքան երեք որդի ուներ` Սմբատ, Գագիկ, Գուրգեն: Սմբատ Բ Տիեզերակալը (977-990) հաջորդեց Աշոտ Գ-ին, իսկ Գուրգեն-Կյուրիկեն թագավորեց Լոռիում (962-990): Համարվում է, թե Գագիկը Աշոտ Գ-ի երկրորդ որդին էր: 990 թ. նա, սպանելով եղբորը` Սմբատ Բ-ին, տիրացավ Անվո գահին: Նույն թվականին մահացավ Գուրգենը: Կարծում եմ` Գուրգենը մեծ էր Գագիկից, և Սմբատ Բ-ից հետո, որ ժառանգ չուներ, Անին պետք է ժառանգեր հենց Գուրգեն-Կյուրիկեն, կամ նրա որդի Դավիթը: Եվ սակայն հորեղբոր` Գագիկի գահը դավադրաբար նվաճելու հետևանքով նա մնաց անհող… Ահա և Դավիթ Անհողինի` Գագիկ Ա-ի դեմ ապստամբության և հետագայում Անվո գահը գրավելու փորձերի պատճառը: Այս վարկածի օգտին է խոսում նաև Դավթի հոր` Գուրգեն-Կյուրիկե Ա-ի տապանագիրը Սանահինում. «Այս է տապան Գուրգեն Բագրատունու շահնշահի» արձանագրությամբ: Բնականաբար, Գուրգենն ինքն իր համար տապանաքար չէր կարող պատվիրել, դա արել է Դավիթը` դրանով իսկ հայտարարելով իր նկրտումների մասին:

Դավիթ Անհողինը Տաշիր-Ձորագետի թագավորության հզորագույն գահակալն է: Ինչպես վկայում են ժամանակակից պատմիչներ Վարդան Բարձրաբերդցին և Դավիթ Քոբայրեցին, իր երկարատև թագավորության ժամանակաշրջանում նա իր թագավորությունում կառուցել է 20 ամրոց և ոչ մի եկեղեցի… Ի թիվս այլ կառույցների, Դավիթը կառուցեց նաև Լոռէ բերդաքաղաքը, որը հետագայում դարձավ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը:

անհողինԴավիթը ամենաերկար գահակալած հայոց թագավորն է. իր տիրակալության 58-ամյա շրջանում նա բազում ճակատամարտեր շահեց: Ճիշտ է, պատմիչների հավաստմամբ, նրա գահակիցն էր եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս թագավորությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Հոր գահը ժառանգելով երիտասարդ հասակում` նա անմիջապես ձեռնամուխ եղավ իր օրինավոր ժառանգությանը տիրանալու գործին և իր թագավորությունն անկախ հռչակեց Անվո գահից: Դավիթը դաշինք կապեց Սյունիքի և Վանադի թագավորությունների հետ: Հետագայում այդ դաշինքն օգնեց Դավթին` ջախջախելու իր տիրույթները ներխուժած Աբուլ-Ասվարի զորքերին:

Նոր գահ բարձրացած Դավիթ Անհողինը ստիպված էր ճնշել Գագ ամրոցի տեր Դեմետրե իշխանի ապստամբությունը, որն անհնազանդություն էր հայտնել իր տիրոջը Գագիկ արքայի դրդմամբ:

1001 թ. Գագիկ Ա-ն մեծ բանակով ներխուժում է Լոռի: Նա իր զորքերով շուրջ երեք ամիս շրջեց Լոռու թագավորության տարածքում, բայց Դավթի զորքի հետ բախում չեղավ: Խույս տալով ահեղ հակառակորդի հետ բաց ճակատամարտից` Դավիթ Անհողինն իր զորքերով ներխուժեց Շիրակ և ավերեց Գագիկի տիրույթները: Դա ստիպեց Գագիկ Ա-ին կանգ առնել և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հայոց տիրակալի և Լոռվա գահակալի միջև բանակցությունները տեղի ունեցան Շիրակավանում: Ցավոք, բանակցությունների ընթացքի և արդյունքների մասին հայոց պատմիչները լռում են` հիշատակելով սոսկ այն, որ Դավիթը Գագիկ Ա-ին զիջել է Կայան և Կայծոն բերդերը:

Հարկ է նշել, որ այս ապստամբությունից հետո Լոռու թագավորության վրա տարածվեց Աղվանից կաթողիկոսության իրավասությունը: Միգուցե դա Շիրակավանի բանակցությունների ընթացքում Դավթի ձեռքբերումներից մեկն էր:

Ամեն դեպքում փաստերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած մասնակի զիջումներին` Դավիթն այս պատերազմում պարտվող չէր: Ապստամբությունից հետո էլ նա կրում էր ինքնակալ արքա տիտղոսը: Ավելին` Գագիկ Ա արքայի կազմակերպած զորահավաքներից և ոչ մեկին Լոռվա տիրակալը չմասնակցեց, ինչը վկայում է նրա ինքնակալության մասին:

1003 թ. Դավթի տիրույթների վրա հարձակվեց Գանձակի Փատլուն ամիրան: Դավիթը ոչ միայն ջարդեց ու հալածեց նրա զորքը, այլև նվաճումներ կատարեց Փատլունի տիրույթներում` մեծացնելով իր թագավորության սահմանները:

Նա իրեն այնքան ամուր ու զորեղ էր զգում, որ սատարեց Նիկեփորոս Ծռվիզի 1021 թ. ապստամբությանը` ընդդեմ բյուզանդական կայսր Վասիլ Բ Բուլղարասպանի:

Դավիթը հմուտ դիվանագետ էր: Նա իր որդիներին ու դուստրերին ամուսնացրեց ժամանակի ազդեցիկ գործիչների հետ: Այդ խնամիական կապերը հետագայում Դավիթը խնամքով օգտագործեց իր արտաքին քաղաքական ծրագրերում: Մասնավորապես, նա իր դստերը` Հրանուշին, ամուսնացրեց Սյունյաց արքայազնի հետ: Երկու թագավորությունների դաշինքը բավական ամուր էր. հետագայում Սյունյաց տունն առաջինն օգնության փութաց Դավիթ Անհողինին Դվինի էմիրության դեմ պայքարում: Դավթի որդին` ապագա թագավոր Կյուրիկե Երկրորդն (1048-1080), ամուսնացավ վիրա-աբխազական թագավոր Բագարատ Դ-ի քրոջ` Շերիկի հետ: Դավիթն ու Բագարատը դաշինք կապեցին և միմյանց միջև բաժանեցին իրենց ազդեցության գոտիները Կովկասում:

Ինքը` Դավիթը, ամուսնացած էր Կախեթի քորեպիսկոպոս Դավթի Զորակցել դստեր հետ: Հետագայում Կախեթի արքա Կվիրիկե Գ-ի մահից հետո Դավիթը գրավեց  Կախեթի թագավորությունն ու այնտեղ թագավոր կարգեց իր որդի Գագիկին:

Դեռևս 1020-ական թթ. Դավիթ Անհողինը նոր դաշինք ձևավորեց Կովկասում: Նա դաշնակցային հարաբերություններ ստեղծեց Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ի, Կախեթի թագավոր Կվիրիկե Գ-ի, Թիֆլիսի Ջաֆար ամիրայի հետ: Դաշնակիցները միասին դիմագրավեցին Գանձակի Փատլուն ամիրայի զորքերին և 1030 թ. ջախջախեցին նրա բանակը:

Կովկասում այդ տարիներին առաջնության համար պայքարում էին Դավիթ Անհողինը և Վիրա-աբխազական թագավորության գահակալ Բագարատ Դ-ն: Անիի թագավորությունը, որ արդեն անկման եզրին էր, այլևս դուրս էր պայքարից: Դավիթն այս պայքարում հաղթող դուրս եկավ, քանզի կարողացավ Կախեթի գահին նստեցնել իր որդուն` Գագիկին և իր պետությանը հպատակեցնել նաև Թիֆլիսի էմիրությունը: Դավիթն իր երբեմնի դաշնակցին և այսօրվա ախոյանին թուլացնելու համար աջակցեց նրա դեմ ապստամբած Լիպարիտ Լիպարիտյանին: Լիպարիտին զորական օգնություն ցուցաբերեց նաև Դավթի որդին` Կախեթի Գագիկ թագավորը:

1040 թ. մեծ բանակով Դավթի տիրույթների վրա հարձակվեց Դվնո Աբուլ-Ասվար ամիրան: Դավիթի զորքերի թվաքանակը քիչ էր նրան դիմագրավելու համար: Նրան օգնության փութաց հավատարիմ դաշնակիցը` Բաղք-Կապանի թագավորությունը: Դավիթը սպառնալիքով օգնական զորք կորզեց նաև Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքայից (1020-1041), վիրա-աբխազական թագավորությունից: Նա զորահավաք հայտարարեց իր թագավորության տարածքում, զենքի կոչեց նաև բնակչությանը: Պատմիչները հավաստում են, որ Դավիթը պատերազմին կրոնական երանգ հաղորդեց: Նա Լոռու բոլոր եկեղեցիներից ժողովեց հոգևորականներին և ճակատ ուղարկեց զորքի առջևից:

Ինչևէ, Դավիթը կարողացավ ջախջախել թշնամուն և նրա զորքերի մնացորդները հալածական անել իր երկրից: Հալածելով Դվնո ամիրային` Դավիթը հավանաբար նրան պարտադրել է նոր դաշինք ընդդեմ Անվո թագավորության: 1045 թ. դեպքերի կապակցությամբ պատմիչները գրում են. «Իսկ քաղաքացի գլխավորները, որ Անիում էին նստում, տեսնելով, որ Գագիկը արգելափակվեց Հունաստանում, երբեմն մտածեցին քաղաքը հանձնել Դավթին, երբեմն` Դվինեցուն, որովհետև սրա քույրը Դավթի կինն էր..»

Այստեղ շարադրանքը շատ խճճված է. դժվար թե զառամյալ տարիքում Դավիթն իրեն կին առներ: Սակայն այն, որ նրանց միջև խնամիական կապ կար, ակներև է: Ամեն դեպքում, 1045-ից հետո Անվո գահին հավակնում էին թե՛ Դվնո ամիրան, թե՛ Դավիթ Անհողինը: Ուսումնասիրողներից ոմանք պնդում են, թե Դավթի քույրը  Դվնո ամիրայի կինն էր:

1041 թ. մահանում է Անվո Հովհաննես-Սմբատ Գ արքան: Դավիթը կրկին փորձ է անում տիրանալու իր ժառանգությանը և բանակով հարձակվում է Անվո վրա: Սակայն անեցիները հակահարված են հասցնում, և Դավիթ Անհողինը մեծ ավարով ու գերիներով նահանջում է: Այնքան մեծ ավերումներ է գործել Դավիթը Շիրակում, որ այս արշավանքից հետո պատմիչները նրան կոչեցին «Դավիհ»: Ի դեպ, խոսելով այս դեպքերի մասին` Մատթեոս Ուռհայեցին Դավիթ Անհողինին  անվանում է Հովհաննես-Սմբատի ազգապետ: Սա ևս մեկ լրացուցիչ վկայություն է, որ Շիրակավանի բանակցություններում Դավիթը կարողացել էր պաշտպանել իր իրավունքները:

Դավիթը նույն փորձը կատարեց նաև 1045 թ., սակայն դարձյալ  ապարդյուն, և Անին` հայոց չքնաղ մայրաքաղաքը, բաժին հասավ նենգ բյուզանդացիներին:

1048 թ. իր մահկանացուն կնքեց զառամյալ թագավորը, որ հայ գահակալներից ամենաերկարակյացն էր` թագավորելով 58 տարի: Պատմությունը արդարացի չեղավ նրա հանդեպ, և պայքարով ու մաքառումով լի նրա կյանքն ու գործն այդպես էլ գնահատական չգտան:

 

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ. Հայ բոլշևիկյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԱլեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի  նրա սիրտն արդեն նվաճված էր:

Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային…

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Պատանեկության տարիներից սեր ունենալով գիտության հանդեպ` նա սովորեց քիմիա, ճարտարագիտություն, հետագայում նաև` գրականություն և փիլիսոփայություն:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և  կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»:  Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ   տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղբատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղբատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան)  այլք:

Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները:

Ստեփան Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում Շահումյանի ուսման ծախսերը: Մանթաշյանցի կրտսեր դուստրը սիրահարվել էր Շահումյանին: Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր…

1917 փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում տապալվեց ցարական կարգը, հսկայածավալ կայսրության ողջ տարածքում քաոս սկսվեց: Գավառներում տեղական իշխանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին կոլեգիալ մարմիններ: Մասնավորապես, 1917 թ. հոկտեմբերին Թիֆլիսում մենշևիկների, էսէռների, մուսավաթականների և դաշնակցականների համատեղ ջանքերով ստեղծվեց Հասարակական անվտանգության անդրկովկասյան կոմիտեն:

Սակայն այս մարմինը սոսկ ձևական բնույթ ունեցավ, և նրա իշխանությունը Անդրկովկասի վրա այդպես էլ չտարածվեց:

Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էին նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները:

Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: Գործկոմի կազմում ընտրվեցին նաև Պ. Ջափարիձեն, Ի. Ֆիոլետովը, Մ. Բասինը, Ս. էֆենդիևը, Ի. Վացեկը, ձախ էսեռ Մ. Վեզիրովը և ուրիշներ։ Իսկ 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար:

Առհասարակ, կոմունայի մեջ մեծ թիվ էին կազմում հայ բոլշևիկները: Հետագայում գնդակահարված 26 կոմիսարներից ութը ազգությամբ հայ էին:

Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարեց, որ պաշտպանում է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: Սակայն նույն ժամանակահատվածում Թիֆլիսում այլ զարգացումներ էին ընթանում: 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը: Նրա մեջ մտած հիմնական ուժերը, սակայն, տարբեր շահեր ու նպատակներ էին հետապնդում: Վրաց մենշևիկները, հույսը դնելով գերմանա-թուրքական աջակցության վրա, ձգտում էին Անդրկովկասի տարանջատմանը Ռուսաստանից: Դրան դեմ չէին նաև մուսավաթականները, որովհետև այդ միջոցով թուրքական զորքերը հնարավորություն կունենային ճեղքելու կազմալուծված Հայկական ճակատն ու արշավել Բաքու, որի արդյունքում մուսավաթականները այնտեղ կտապալեին Կոմունան և կվերցնեին իշխանությունը:

ՀՅԴ-ն դեմ էր Անդրկովկասի` Ռուսաստանից անջատվելուն: Դա առավել կմեկուսացներ հայությանը և նրան կթողներ անպաշտպան թուրքական ներխուժման դեմ: Այս առումով դաշնակցությունը սերտ համագործակցում էր Բաքվի կոմունայի և Ստեփան Շահումյանի հետ, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս հակաթուրքական միասնական ճակատ կազմելու առաջարկությամբ: Այդ ժամանակաշրջանում Ստեփան Շահումյանն անգամ առաջարկեց Անդրկովկասի վարչական բաժանման տարբերակ, ըստ որի` Անդրկովկասի հայաբնակ տարածքները պետք է մաս կազմեին Արևելյան Անդրկովկաս կոչվող երկրամասի` Երևան կենտրոնով: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, ըստ Շահումյանի, պետք է վճռվեր համաժողովրդական քվեարկությամբ: Առհասարակ, այդ շրջանում Շահումյանը հանդես էր գալիս ընդգծված հայանպաստ դիրքերից. նրան են պատկանում «բոլշևիկ լինելով հանդերձ` ես հայ եմ» արտահայտությունը:

1917 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որում նշվում էր արևմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ընդունվեց նաև Ստեփան Շահումյանի ջանքերով:

Իրերի բերումով 1918 թ. Շահումյանի հետ համագործակցության փորձ արեց նաև Արամ Մանուկյանը` հույս ունենալով նրա միջոցով ռուսական նահանջող զորքերը պահել ռազմաճակատի գծում: Սակայն Շահումյանն այլևս անզոր էր որևէ էական բան փոխելու:

Այսինքն` ՀՅԴ աջակցությունը Ստեփան Շահումյանին և Բաքվի կոմունային էական էր: Հետագայում Շահումյանն իր նամակներում գրեց. «Դաշնակցական կուսակցությունը մեզ պաշտպանում է ամեն բանում»: Իսկ նրա որդին` խորհրդային  գեներալ Սուրեն Շահումյանը, ավելի ուշ  գրել է. «Դաշնակները գնում էին բոլշևիկների հետ, որովհետև հայ բնակչության համար ավելի հուսալի էին համարում այդ դաշինքը: Չլիներ այդ դաշինքը, թուրքերը և ադրբեջանական մուսավաթականներն ավելի շատ հայեր կկոտորեին, կիրականացվեր նոր ցեղասպանություն»: Հետևաբար, անհիմն են խորհրդային պատմագիրների պնդումները, որոնք փորձում են Կոմունայի տապալման մեջ նաև ՀՅԴ-ի մեղքը որոնել:

Ինչևէ:  ՀՅԴ-ն անզոր էր մենակ դիմագրավելու դեպքերի զարգացմանը, և ի վերջո Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ հանրապետություն:

Ստեղծված իրադրությունը շտկելու և հակաթուրքական միասնական ճակատ կազմելու ծրագրով Ստ.Շահումյանը գնաց Թիֆլիս: Սակայն նրան գրկաբաց չընդունեցին: Մենշևիկները փորձեցին ձերբակալել Շահումյանին, սակայն  նա դաշնակցականների օգնությամբ խույս տվեց և ծպտյալ հեռացավ Բաքու:

Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1918 թ. մարտի 3-ը, երբ Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դավաճան պայմանագիրը, որով նա ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի վրա: Սա առիթ դարձավ, որ հայ քաղաքական ուժերը սթափվեին և այլևս հույսեր չկապեին Ռուսաստանի հետ:

Մարտի 2-ին մուսավաթականներն իրենց կազմած «վայրի դիվիզիայով» Բաքվում խռովություն են բարձրացնում: Բաքվի կոմունայի շահերը պաշտպանում և փաստորեն կոմունայի իշխանությունը փրկում են դարձյալ հայերը` գեներալ Հակոբ Բագրատունին, որ մինչ այդ Պետրոգրադի պարետն էր, և Հայոց ազգային խորհրդի զորամիավորումները` Հմայակ Սրվանձտյանի, Համազասպի, Սեբաստացի Մուրադի  հրամանատարությամբ:

Առհասարակ Բաքվի պաշտպանությունն իր վրա էր վերցրել ՀՅԴ-ն իր մարտունակ խմբերով: Այդ օրերին անգամ Հյուսիսային Կովկասի հայության շրջանում ՀՅԴ-ն զորահավաք էր հայտարարել` Բաքվի կոմունայի փրկության համար: Շահումյանը Ասքանազ Մռավյանին զորահավաքին աջակցելու հրաման էր տվել: Հետագայում Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրեց. «Մեզ վրա հենված` բոլշևիկները խորտակեցին Բաքվում Մուսավաթի ուժը 1918 թ. մարտին»:

Սակայն Ստ. Շահումյանը, վախենալով ՀՅԴ աճող հեղինակությունից, ապրիլի 13-ին հրաման է արձակում հայկական ազգային երկրորդ հետևակային գունդը ցրելու մասին: Նրա հրամանով պետք է գնդի հիման վրա կազմվեին Կարմիր բանակի ստորաբաժանումներ` բոլշևիկ հրամկազմով: Իսկ ապրիլի 15-ին նրա գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Շահումյանը խորհրդի կազմի մեջ դաշնակցականներին էական դերակատարությունից զրկում է, սակայն ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով հայության շահերին, իր մոտ 5000-անոց ռազմական ջոկատներն առաջնորդում է ճակատ` թուրքերի դեմ:

Խոսելով հայերի զինված ուժերի՝ Բաքվի կոմունայի պաշտպանությանը մասնակցելու մասին` այն ժամանակ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կորզանովը գրել է. «Հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ միայն սահմանափակվում էին Բաքվի մարզի պաշտպանությամբ, քանի որ Բաքուն

թուրք-թաթարների կողմից գրավվելու դեպքում հայկական խաղաղ ազգաբնակչությունը անխուսափելիորեն կոչնչացվեր: Բացի դրանից, թշնամական ուժերի մի մասի զբաղված լինելը Բաքվի ճակատում հեշտացնում էր Հայաստանի ռազմական ընդհանուր դրությունը»:

Սակայն դա չկարողացան գիտակցել անձամբ Շահումյանը և Բաքվի բոլշիկ պարագլուխները: Նրանց ապաշնորհ գործելաոճի  հետևանքով Բաքվի շուրջ թուրքերի օղակը գնալով սեղմվում է: Հուլիսին իրավիճակը ճգնաժամային է դառնում: Կոմունան այլևս անկարող էր պայքարել: ճակատում մնում են միայն հայկական զորամիավորումները: Եվ այս ճակատագրական պահին Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փախուստի է դիմում` թողնելով բնակչությանը թուրքական յաթաղանին: Շահումյանն իր հետ Բաքվից տանում է գանձարանը, զենք- զինամթերքը` քաղաքի պաշտպաններին թողնելով անհույս վիճակում: Հայկական զորամիավորումները պայքարում են մինչև արյան վերջին կաթիլը: Սեպտեմբերի 16-ին թուրքերը, մտնելով Բաքու, արյան նախճիր են սարքում, որին զոհ է գնում 30 հազար հայ:

Շուտով փախուստի դիմած Բաքվի կոմունան գերվում է: 1918 թ. սեպտեմբերի 20-ին Շահումյանին ու նրա զինակիցներին գնդակահարեցին:

ԲԱՍԿԵՐ.Ովքե՞ր են ծագումով

basque-spainԲասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում:

Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայն դեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել:

Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել. և դա սոսկ հայկական սնափառության դրսևորում չէ: Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թ. իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:

Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին: Առաջինն այդ մասին XIX դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Դոջսոնն անգամ Փարիզի հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Դոջսոնն իր  տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` «Էուսկերա» ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Դոջսոնը բերում էր հայերենի և բասկերենի ընդհանրական հիսուն բառ:

Հոդվածի մեջ, ճիշտ է, Դոջսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց:

Առհասարակ հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…

Սակայն Դոջսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին:

Միայն 1920-ականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, որ Վիեննայում ֆրանսերեն լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր աղմկահարույց աշխատությունը: Ինքը՝ Լասան, իր ուսումնասիրության նյութերը քաղել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման:

Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց այն տեսությունը,  որ հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, որ հաստատվել է Նավարայում: Նա Այթորն է, որ իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում մետաղագործության հիմքը դրել: Հետաքրքիր է, որ բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «նախնյաց հետք»: Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկերի ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ 300 բառ, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության հետին պլան մղվեց բասկերի վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների, հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, մեծատառեր չունի:

Գործին խառնվեցին նաև լեզվաբանները: Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայա-ից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… Այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Յոզեֆ Կարստը:

Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ հնարավոր է՝ առաջացել է բասկ էթնանունը:

Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է զտարյուն բասկ: Միգուցե դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ, ինչը տառացի համընկնում է արտահայտության բասկերեն իմաստի հետ:

Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր: Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերն իրենց մարդաբանական տեսակով արմենոիդ են:

Առհասարակ Կարստը, որ լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, կարծում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունը, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից, և Կարստն այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:

Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով: Մասնավորապես Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը:

Սա դեռ բոլորը չէ: Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել:

Ուսումնասիրողներն անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե Տարագոնան Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ:

ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը

բաբաջանյան«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

Հայոց ռազմարվեստի պատմության և հայ ռազմական ոգու կերտման գործում անուրանալի ավանդ ունի ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:

Ապագա մարշալը և «Ոսկե աստղի» ասպետը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում` Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում:

Խաչատուր Բաբաջանյանն իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: Նա գյուղի հովիվն էր և հաճախ էր Համազասպին, որ իր երրորդ զավակն էր, հետը սարեր տանում: Այստեղից է ծնվել ապագա զորահրամանատարի ու մարշալի մեծ սերը դեպի հայրենի բնությունը, դեպի իր գյուղը:

Շուտով պատանի Համազասպը ընդունվում է գյուղի ծխական դպրոցը: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թ. հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպն ընդունվում է հայկական դպրոց, սակայն դարձյալ չի ավարտում այն, քանզի մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ, ուր նա զբաղվում է հողագործությամբ:

Սակայն ուսման և ռազմական գործի տենչը չի մարում Համազասպի սրտում: Շուտով նրա առջև մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է: Տեսնելով երիտասարդի ձգտումը` նրան գործուղում են Երևան, և 1925 թ. ապագա մարշալն ընդունվում է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի և ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում: Ավարտելուց հետո նա ծառայության անցավ Կովկասյան չորրորդ հետևակային գնդում որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետև նա նոր նշանակում է ստանում և տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետևակային գնդի հրամանատարի տեղակալ:

1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը ստացավ իր մարտական մկրտությունը` մասնակցելով խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: Այստեղ ցուցաբերած անձնական քաջության և խիզախության համար Բաբաջանյանն արժանացավ խրախուսանքի:

Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվեց 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցեց Սմոլենսկի և Օրյոլի պաշտպանության մարտերին: Այս մարտերում նա աչքի ընկավ համառությամբ, անձնազոհությամբ: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում:

Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: Նա 1942 թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո Բաբաջանյանը շարունակեց ուսումը և 1948 թ. ավարտեց ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Պատերազմը տաղանդաշատ  զինվորականի համար լավ հարթակ էր, և նա արագ առաջխաղացում ապահովեց իր համար: 1942 թ. Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր և այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորած զորահրամանատարը կգրի. «… Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»:

1943 թ. Բաբաջանյանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944-ից Համազասպ Բաբաջանյանն Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր և կռվում էր Բելառուսական ռազմաճակատում:

Նա խորամանկությամբ և հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր ազդեցությունը և այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն:  Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր:

Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է. «1944 թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը, դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին…»:

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները և նա 1944 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ նա իսկապես խիզախ էր մարտում: 1944 թ. ամռանը մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց կոկորդից: Սակայն փոքր ինչ ապաքինվելով` դարձյալ մեկնեց ճակատային գիծ:

1945 թ. Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար:

1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ներխուժեց Հունգարիա և ճնշեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ:

1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր: Ապա դարձավ մարշալ Ռ. Մալինովսկու անվան Զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատար:

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում:

Համազասպ Բաբաջանյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում.  1962-1970 թթ. նա ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր:

Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:

Բաբաջանյանը նաև գրում էր: 1981 թ. ԽՍՀՄ Պետհրատը հրատարակեց նրա «Ծառայությունն այսպիսին է` հաղթել» հուշագրությունը, որը մի քանի տարի անց լույս տեսավ նաև հայերեն:

Խորհրդային հայրենիքը ըստ արժանվույն գնահատեց հայազգի զորահրամանատարի վաստակը: Նա արժանացել է Լենինի անվան 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների: Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը…

Աշոտ-Երկաթ-թագաւորի-խաչ-924-929-Անի«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:

Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:

Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:

Աշոտ  Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում`  Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Սաջյան Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները:

Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը: Նա գրավում, քարուքանդ էր անում հայոց շեները, բերդերը, քաղաքները:

Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի հավաստմամբ` երկրում սարսափելի քաոս և սով էր տիրում: Եվ այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը պետք է համախմբեր երկրի պառակտված ուժերը, թշնամուն դուրս շպրտեր Հայաստանից, միավորեր երկիրը, ճնշեր անհնազանդ իշխաններին, ժողովրդին դուրս բերեր ծանր վիճակից:

Դեռևս 908 թ., խզելով դաշինքը Սմբատ Ա արքայի հետ, Գագիկ Արծրունի իշխանը Վասպուրականում իրեն հռչակել էր հայոց թագավոր` փաստորեն հիմքը դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորության (908-1021): Յուսուֆն անմիջապես ճանաչեց Գագիկի թագավորությունը` ձգտելով նման կերպ պառակտել Հայաստանը: Սակայն Յուսուֆի հաշվարկները չարդարացան: Գագիկ Արծրունին, բավարարվելով Վասպուրականով, Բագրատունիների դեմ Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց:

Քիչ էին այս արհավիրքները, հյուսիսային լեռնական ցեղերը սկսեցին ասպատակել Հայաստանը` ավերելով նրա կենտրոնական գավառները և բնակչությանը գերեվարելով, քշելով ստրկության:

Երկրում կատարյալ քաոս էր, սով: Հովհաննես Դրասխանակերտցու պատմելով` սովն այնքան մեծ ավերածություններ գործեց, որ ամբողջ շեներ և քաղաքներ ամայացան: Ի հայտ եկան անգամ մարդակերության դեպքեր:

915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, շլանալով հայոց թագավոր դառնալու հեռանկարից, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ:

Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց:

Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում` իր թռուցիկ խմբերով անակնկալի բերելով և ջարդելով արաբական զորաբանակները: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Իր արշավանքներում նա ամենուր ստանում էր ժողովրդի աջակցությունը, որ պարտիզանական գնդերով օգնության էր հասնում արքային:

Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Սաջյան Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:

Սակայն դրանով Հայաստանի խնդիրները չավարտվեցին: Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Թվում էր` երկպառակություններն ավարտված են, սակայն շուտով իր հավակնություններով դարձյալ հանդես եկավ Աշոտ Շապուհյանը` փորձելով տիրանալ արքայապատկան հողերին: Գործին դարձյալ միջամտեց Հովհաննես Դրասխանակերտցին և հաշտեցրեց հարազատներին:

Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը:

Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը:

Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը: Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը:

921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցինև  իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Իր հերթին արաբներին իրենց երկրներից վտարեցին Գագիկ Արծրունի թագավորը, Սահակ և Սմբատ Սյունյաց իշխանները: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:

Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը, որ մտավախություն ուներ Հայաստանի և արաբական խալիֆայության մերձեցումից: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը, որն ամոթահար նահանջեց…

Առհասարակ Բյուզանդիան վերապահումով էր մոտենում հայոց անկախությանը: Ճիշտ է, բյուզանդական կայսրերը Հայաստանն ընկալում էին որպես անկախ պետություն, սակայն, թերևս բացառությամբ Վասիլ Ա կայսեր, հայոց արքաներին դիմում էին որպես իշխանների:

«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐՐԻԱՐԱՆ. հայոց խղճի դեսպանը…

Jose_Antonio_Gurriara«Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից… Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:

ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին շատ է խոսվել: Ոմանք ԱՍԱԼԱ-ն համարում են արդարության համար պայքարող կառույց, ոմանք` ահաբեկչական կազմակերպություն:

ԱՍԱԼԱ-ն իր պայքարի բովում շատ գործողություններ է կատարել, որոնց նպատակը հայության արդար դատի պաշտպանությունն է: Ցավոք, այդ գործողությունների  ընթացքում քիչ չեն եղել նաև անմեղ զոհերը: Նրանցից մեկի` իսպանացի լրագրող և հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուրրիարանի համար 1980 թ. դեկտեմբերի 29-ին ԱՍԱԼԱ-ի կազմակերպած Մադրիդի գործողությունը ճակատագրական եղավ… Այդ օրը ԱՍԱԼԱ-ն պայթյուններ իրականացրեց Մադրիդում տեղակայված ամերիկյան և շվեյցարական ավիաընկերությունների շինությունների տարածքում` պահանջելով այդ երկրներից ազատ արձակել իրենց բանտերում պահվող մարտիկներին:

Guriara2Մադրիդյան պայթյունը ցնցեց ողջ աշխարհը. ինքը` Գուրրիարանը, հետագայում ասաց, որ մինչ Մադրիդի գործողությունը, Հայաստանի մասին գիտեր միայն այն, որ կա նման մի փոքրիկ երկիր ԽՍՀՄ-ի կազմում:  Լինելով մադրիդյան գործողության տուժողներից մեկը` Գուրրիարանը ոչ միայն չարությամբ ու ատելությամբ չլցվեց ԱՍԱԼԱ-ի ու հայության հանդեպ, այլև դարձավ հայ ժողովրդի իսկական ու մեծ բարեկամը, հայության դեսպանը Իսպանիայում և աշխարհում, հայ դատի անխոնջ մարտիկը, որ արդեն ավելի քան 30 տարի պայքարում է հանուն հայության դատի պաշտպանության:

Հետագայում այդ մասին իր տված հարցազրույցներից մեկում նա ասաց. «Հայ ժողովրդի հանդեպ անարդարությունը շատ ավելի մեծ էր, քան ճակատագրի կողմից ինձ հասած հարվածն այդ օրը: Անգամ համեմատելու եզրեր չկան… Իմ տառապանքը ոչինչ է հարյուր հազարավոր այն հայերի ապրումների համեմատ, որոնց ջրասույզ արեցին Եփրատում, գնդակահարեցին, կախաղան բարձրացրին, քառատեցին, սովամահ արեցին… Հայերի ցեղասպանությունը ժամանակակից պատմության ամենաարյունարբու և ամենաահավոր իրադարձություններից է»:

Խոսե Անտոնիո Գուրրիարանը ծնվել է 1939 թ. հուլիսի 7-ին, իսպանական Օրենսեյ փոքրիկ քաղաքում: Պատանեկան տարիներից հրապուրվել է լրագրությամբ և իր գործունեության մեջ միշտ սկանդալային թեմաներ է շոշափել: Առհասարակ, լինելով բնավորությամբ անհաշտ, արդարադատ և մարտնչող` փորձել է միշտ քննարկել և գտնել երևույթի արմատները: Տարբեր տարիներին իր հրապարակումներում Գուրրիարանն անդրադարձել է այնպիսի անձանց,  ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Լինդոն Ջոնսոնը, Մարինա Օսվալդը, Սալվադոր Դալին, Ժակլին Քենեդին, Դիեգո Մարադոնան, Ժան-Պոլ Բելմոնդոն…

Նախատոնական այդ օրը Գուրրիարանը Մադրիդի կենտրոնական Գրան-Վիա պողոտայով քայլում էր դեպի կինոթատրոն, երբ որոտաց հայ վրիժառության առաջին պայթյունը Մադրիդում: Գուրրիարանը, որ «El Pueblo» թերթի գլխավոր խմբագիրն էր, շոկի մեջ էր. չորս կողմը դիակ և ծուխ: Իրեն չկորցնելով, լրագրողին հատուկ արագությամբ կողմնորոշվելով` նա շտապեց դեպի հեռախոսը, որպեսզի զանգի խմբագրություն և դեպքի վայր կանչի լուսանկարչին: Սակայն այդ ժամանակ որոտաց նաև երկրորդ պայթյունը, որից ծանր վիրավորվեց նաև Գուրրիարանը: Նա բեկորային վնասվածքներից զատ նաև ոտքի կոտրվածք ստացավ:

Հիվանդանոցում ուշքի գալուց հետո նրա առաջին հարցը խնամող կնոջը հետևյալն էր. «Ովքե՞ր են այդ մարդիկ»: Ապա սկսեց ուսումնասիրել հայության պատմությունը: Իր իսկ խոսքերով` «հետաքրքիր էր, թե ինչի՞ համար են պայքարում այս մարդիկ, և հանուն ինչի են օտար երկրում արյուն հեղում»: Երբ իմանում է հայերի մասին ճշմարտությունը` ցնցվում է և իր պարտքը համարում լինել այդ տառապյալ ժողովրդի կողքին: Դեռևս հիվանդանոցում` երկարատև բուժման ընթացքում, նրա հիվանդասենյակը լցվեց մոտ երկու հարյուր գրքով, որոնք պատմում էին հայության և Հայաստանի մասին:

Ստանալով բավական  տեղեկատվություն հայության պայքարի մասին` Խոսե Անտոնիոն որոշում է անձամբ քննել հայության գործը և հանդիպել ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ: Նա նամակ է գրում ԱՍԱԼԱ-ի գործիչներին, որոնք պատասխանում են, որ պատրաստակամ են հանդիպել լրագրողի հետ: Հանդիպումը կայացավ մեկուկես տարի անց` Լիբանանում, ուր ուղևորվեց Գուրրիարանը` շարունակելու իր հետազոտությունը:

Մեկ շաբաթվա սպասումը Բեյրութի հյուրանոցներից մեկում արդյունք տվեց: ԱՍԱԼԱ-ի մարտիկները Գուրրիարանին փակ աչքերով իրենց ուսումնական ճամբար տարան, ուր նա ականատես եղավ, թե ինչպես են երիտասարդ հայորդիները պատրաստվում պայքարի: Այնտեղ նա հանդիպեց նաև Մադրիդի գործողությունն իրականացնողներին` մի աղջկա և երկու երիտասարդի, որոնց հետ երկար շփվեց ու խոսեց: Ինչպես պատմում է հեղինակը, երբ սեղմեց դիմակավորված հերոսների ձեռքը, նրանք դողում էին… Խոսակցության ժամանակ ոչ ոք ներողություն չխնդրեց Խոսե Անտոնիոյից, միայն ֆրանսերեն խոսող աղջիկը դողդոջուն ձայնով ասաց. «Մենք անձամբ ձեր դեմ ոչինչ չունենք: Ցավոք, պատերազմների ժամանակ տուժում են նաև անմեղները»:

Տարիներ անց Խոսե Անտոնիոն իմացավ, որ երեք հերոսներն էլ` Արամը, Վահեն և Անահիտը  նահատակվել են հայրենիքի համար մղվող պայքարում… երկուսը` թուրքական օդանավակայանի պայթեցման գործողության ժամանակ, մեկը` Լիբանանում: Նա իր «Ռումբը» գիրքը նվիրեց նրանց հիշատակին:

Լիբանանում Խոսե Անտոնիոն հանդիպեց նաև Մոնթե Մելքոնյանին: Շատ երկար խոսեցին` քննարկելով հայերի խնդիրները և աշխարհի այլ ժողովուրդների ազատագրական պայքարները: Մոնթեն մեծ տպավորություն գործեց Խոսե Անտոնիոյի վրա: Հետագայում Խոսե Անտոնիոն ծանոթացավ և բարեկամացավ նաև Հրանտ Դինքի հետ: Նրանց ընկերությունը, ավաղ, երկար չտևեց: Բայց Գուրրիարանը երկար սգաց Դինքի մահը և աշխարհում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց ժամանակակից Թուրքիայում հայատյացության բարձրացող նոր ալիքի մասին:

Խոսե Անտոնիո Գուրրիարանը հեղինակ է հայության մասին երկու գրքի`  «Ռումբը» (1982) և «Հայերը. մոռացված ցեղասպանություն» (2008): Այս վերջին գիրքը ծնվեց հեղինակի 2007 թ. Հայաստան այցելությունից հետո: Գրքում հեղինակը խարազանում է ոչ միայն ցեղասպանություն իրականացնողներին, այլև այսօրվա անտարբեր աշխարհը: Մինչ Հայաստան այցելելը, նա աշխարհի տարբեր երկրներում այցելեց ցեղասպանություն վերապրածներին ու նրանց սերունդներին, փաստեր ու պատմություններ հավաքեց նրանց մասին…

Այս գրքերը ծնվեցին ԱՍԱԼԱ-ի պայթեցրած ռումբից և  հենց ռումբ դարձան Եվրոպայի անտարբեր հասարակության համար: Իր գրքերում, հայերի ողբերգական պատմությունից զատ, Գուրրիարանն անդրադարձել է նաև հայոց մշակույթին, կենցաղին, բարքերին: «Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից: Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ`«բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»

բագրատունյաց թագավորությունՎասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»

Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):

Նրա կյանքն անցավ պատերազմական թոհուբոհի և դիվանագիտական խարդավանքների մեջ: Ամեն դեպքում Աշոտ Ա Բագրատունին իր երկրի և ժողովրդի նվիրյալն  ու հերոսն էր:

Երիտասարդ տարիքում` 855 թ., նա ստանձնեց հայոց սպարապետությունը:

Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Նոր էր ավարտվել Բուղայի արշավանքը, երբ արաբ զորավարը 200-հազարանոց բանակով ավերակների կույտի վերածեց Հայաստանը: Հեռանալով Հայաստանից` Բուղան իր հետ պատանդ տարավ հայ ազդեցիկ իշխաններին: Մի խոսքով, երկիրն անտերության էր մատնված: Այս պայմաններում Աշոտ իշխանի ուսերին ծանր պարտավորություն էր դրված. համախմբել տեղի ուժերը, վերակազմավորել հայոց բանակը, վերացնել Բուղայի արշավանքների հետևանքները, երկիրը տնտեսապես հզորացնել և հիմքեր ստեղծել նրա անկախության հռչակման համար:

Երբ 859 թ. Հայաստանի ոստիկան նշանակվեց ծագումով հայ Ալի իբն Յահիա ալ-Արմանին, վերջինիս միջնորդությամբ արաբ խալիֆը 862 թ. Աշոտ Բագրատունին արաբ խալիֆայից ստացավ նաև Հայոց իշխանի կոչումը: Իրավական առումով նա դարձավ հայոց մեջ գահերեց իշխան` առաջինը Արմինիա փոխարքայության մեջ, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը… Մի խոսքով, նրա ձեռքին կենտրոնացավ Հայաստանի ռազմական, տնտեսական, վարչական իշխանությունը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Արաբ իբն !որդադբեհ պատմիչի հավաստմամբ` Աշոտ Բագրատունու իշխանության ժամանակաշրջանում Արմինիան նախկին 13 միլիոն դիրհեմի փոխարեն խալիֆայությանը վճարում էր ընդամենը 4 միլիոն դիրհեմ հարկ:

863 թ. Հայաստանի վրա մեծ զորքով հարձակվեց արաբական կայսիկների ցեղապետ Ջահապը: Սակայն Արշարունյաց գավառի Քառասունք կոչված վայրում հայոց բանակը` Աշոտ և Աբաս Բագրատունիների հրամանատարությամբ, սոսկալի ջարդ տվեց ոսոխին և վտարեց երկրից:

Ստանձնելով հայոց իշխանի պաշտոնավարումը` նա հայոց զորքերի սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը` Աբաս Բագրատունուն: Վերջինս ամրացրեց և մեծացրեց հայոց բանակի թվաքանակը` հասցնելով 40 հազար զինվորի:

Առհասարակ, արդեն VII դարից Բագրատունիներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունների մեծ մասը: Նրանք տիրացան պատմական ասպարեզից աստիճանաբար հեռացող Մամիկոնյանների և Կամսարականների կալվածքներին, Հայաստանի կենտրոնական գավառներում ձեռք բերեցին գերիշխող դիրք ու հեղինակություն: Նրանց հետ այդ իմաստով կարող էին մրցել միայն Սյունյաց և Արծրունյաց իշխանները, սակայն առաջինների տիրույթները սահմանափակվում էին Սյունիքով, իսկ երկրորդներինը` Վասպուրականով: Այս երեք հզոր իշխանական տները, միմյանց հետ մրցակցելով, ձեռք ձեռքի տված պայքարում էին Հայաստանն արաբական լծից ազատելու համար:

Աշոտ Բագրատունուն ժամանակակից Հովհաննես Դրասխանակերտցի  կաթողիկոս-պատմիչն ասում է. «Եվ այսպես հայոց բոլոր նախարարներից ամենապատվականը և առաջինը նա եղավ, և ամենքը դաշինք էին կապում նրա հետ՝ որպես իսկական թագավորազնի հետ։ Այլև բոլորի մտքում կար, որ եթե հարկավոր դեպքը վրա հասնի, որ նաև նրա տոհմը արժանի լինի թագավորական տոհմերի շարքը դասվելու, նրանց պետք է ընտրել այլ նախարարական տոհմերի միջից»։

Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի կարող ուժերին ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Արաբների գերիշխանությունը Հայաստանում լրիվ ձևական բնույթ ուներ այլևս: Այս գործում Աշոտ Բագրատունուն օգնում էին հայոց բոլոր ազդեցիկ նախարարական տները, հատկապես` Արծրունիներն ու Սյունիները:

Աշոտ Բագրատունու ազդեցությունն ու հեղինակությունը չափազանց մեծ էր նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շուտով Բյուզանդիայում գահ է բարձրանում ազգությամբ հայ Վասիլ Ա կայսրը (Բարսեղ): Վասիլը, լինելով աննշան տոհմի իշխան, իրեն վերագրեց Արշակունի ծագում: Քանի որ վաղ միջնադարում` Արշակունյաց թագավորության օրոք, Բագրատունիները Հայաստանում թագադիր ասպետներն էին, հայոց արքայի թագադրումը կատարվում էր հենց նրանց ձեռքով, Վասիլ Ա կայսրը պատգամավոր ուղարկեց Աշոտի մոտ` խնդրելով հին ավանդույթի համաձայն թագ ուղարկել իրեն:

Որքանով էր պետք Վասիլ Ա-ին  Արշակունի տոհմանունը` կարևոր չէ. էականն այն է, որ Աշոտ իշխանն իսկապես միջազգային մեծ հեղինակություն և ուժ ուներ, քանզի նրա հետ հաշվի էին նստում ժամանակի մեծ կայսրությունների տիրակալները: Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, որ նույնպես ազգությամբ հայ էր, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:

Միջազգային դիվանագիտության ասպարեզում Աշոտ Բագրատունին իր հեղինակությանը հասավ` խոհեմաբար օգտագործելով արաբա-բյուզանդական հակամարտությունը:

Նրա կարևորագույն վաստակը Հայաստանի միավորումն էր ընդհանուր գաղափարի` անկախության շուրջ: Նա Սյունյաց և Արծրունյաց իշխանական տներն իրեն կապեց խնամիական կապերով և դաշինքներով, ամրապնդեց հայոց բանակը:

860-ական թթ. Աշոտ Ա-ի թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձին Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թ., Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը, Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը, փոխարենն ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը:

Շուտով արաբները դավադրություն են ծրագրում Աշոտի և Հայաստանի դեմ: !ալիֆի կողմից Արմինիայի ոստիկան է նշանակվում Ահմեդ անունով մեկը: Սա գալիս է Հայաստան: Սահմանագլխին նրան դիմավորում են հայ իշխանները: Աշոտ իշխանը, հարկ չհամարելով անձամբ ներկայանալ ոստիկանին, ուղարկել էր իր կրտսեր եղբայր

Շապուհին: Ահմադը, տեսնելով հայերի հզորությունը, նամակ է ուղարկում Պարտավի ամիրա Եմենեկ Մուհամմադին` առաջարկելով, որ երբ ինքը հասնի Դվին, կեղծ պատերազմով առաջանա իր դեմ: Արաբների պլանի համաձայն` հայերին պետք է ծուղակը գցեին, բռնեին, բոլոր իշխաններին սպանեին: Սակայն քնած չէին Աշոտ Բագրատունին և Աբաս սպարապետը: Նրանք բոլոր ճանապարհներին նախապես հետախույզներ էին տեղադրել, որոնք էլ ձեռք են գցում Ահմադի նամակը Մուհամմադին: Աշոտ Ա-ի ցուցումով շուտով տարբեր պատրվակներով Ահմադին լքում են դիմավորելու եկած բոլոր հայ իշխանները: Երբ ոստիկանը հասնում է Դվին, Աշոտ Ա-ն  նվերներով գնում է նրա մոտ` միաժամանակ հրահանգելով սպարապետին զորքով մտնել քաղաք:

Երբ Աբաս սպարապետը մտնում է Ահմադ իբն !ալիդի մոտ ու նրան պարզում Մուհամմադին ուղղված նամակը, ամեն ինչ արդեն պարզ է լինում: Արաբ զորքը զինաթափվում է, իսկ Ահմադին նստեցնում են ջորուն և հետ ուղարկում Բաղդադ ասելով. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»: Այսպես անփառունակ վերջ է ունենում արաբների տիրապետությունը Հայաստանում:

Դեռևս 870-ական թթ. հայ իշխանները դիմել էին արաբ խալիֆին` պահանջելով Աշոտ Բագրատունուն ճանաչել հայոց թագավոր: Աշոտի թագավորությունը պատրաստ էր ճանաչել նաև Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թ. առաջինն է ճանաչում Աշոտ Ա-ին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ Ա կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը:

Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը:

Աշոտ Առաջինի մայրաքաղաքը Բագարան քաղաքն էր, այստեղ էլ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Առաջինին հանդիսավորությամբ օծեց հայոց թագավոր, որով հիմք դրվեց Բագրատունիների թագավորական հարստության (885-1045):

Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ Ա-ն ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թ. վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտ Ա-ն ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց:

Մեծ զորավարը և դիվանագետը վախճանվեց 890 թ.` զառամյալ հասակում` որդուն` Սմբատ Ա արքային (890-914) թողնելով ընդարձակ ու ծաղկուն երկիր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ Բ.հմուտ դիվանագետն ու տաղանդավոր մտածողը

Արտավազդ-արքան-գահավիժում-է-Ակոռիի-վիհըԱրտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:

Դեռևս Տիգրան Բ Մեծ արքայից արքայի (մ.թ.ա. 95-55) գահակալման վերջին տարիներին Արտավազդ Երկրորդը զառամյալ աշխարհակալի գահակիցն էր: Արտավազդը հայոց ահեղ տիրակալի ավագ որդին էր, թե ոչ, հայտնի չէ: Տիգրանն ուներ չորս որդի. նրանցից երեքը` Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերն ապստամբեցին հայոց արքայի դեմ, և ահեղ տիրակալը, հանուն պետականության, անխնա եղավ անգամ իր զավակների հանդեպ: Հորը և հայոց գահին անմնացորդ նվիրված մնաց միայն Արտավազդը, որն էլ ժառանգեց Տիգրանի ընդարձակ ու հզոր թագավորությունը:

Սակայն, ցավոք, նրա գահակալության ժամանակաշրջանը բարենպաստ չէր Հայաստանի համար: Արևմուտքից Հռոմը ձգտում էր առաջանալ դեպի արևելք` Հայաստանի վրայով դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, իսկ հարավ-արևելքում դարձյալ հզորացել էր Պարթևական թագավորությունը, որ փորձում էր իր սասանված հեղինակությունն ամրապնդել աշխարհում: Այս պայքարում շատ կարևոր էր հայոց հզոր թագավորության դիրքորոշումը, քանզի հենց Հայաստանի վերաբերմունքից էր կախված հռոմապարթևական հակամարտությունը:

Արտավազդի գահակալման նախնական շրջանում հայոց թագավորության համակրանքը Հռոմի կողմն էր: Նախ` մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակից երկիր,  երկրորդ` պարթևները շարունակ ոտնձգություններ էին կատարում Հայաստանի  նկատմամբ` փորձելով իրենց ազդեցությանը ենթարկել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքը և հայոց արքաներից խլել «արքայից արքա» տիտղոսը:

Մ.թ.ա. 60 թ. Հռոմում իշխանությունը միմյանց միջև բաժանեցին երեք զորավարներ` Գնեոս Պոմպեոս Մեծը, որին բաժին հասավ հանրապետության կենտրոնական նահանգները, Հուլիոս Կեսարը, որ իշխում էր Հռոմի  կայսրության եվրոպական նահանգներում, կենտրոնը` Գալլիան, Մարկոս Կրասոսը, որին բաժին հասավ Արևելքը և Պարթևստանի դեմ պատերազմ սկսելու իրավունքը: Մ.թ.ա. 54 թ. Արևելքը նվաճելու մոլուցքով արշավանք է սկսում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ արյան մեջ խեղդել էր Սպարտակի ապստամբությունը: Կրասոսը մեծ բանակով հաստատվում է Ասորիքում և պարթևաց թագավորության դեմ պատերազմելու նպատակով բոլոր դաշնակիցների զորահավաք է հայտարարում: Միաժամանակ լարված ու պատերազմական վիճակ էր պարթևների ու Հայաստանի միջև: Արտավազդ Բ Ասորիք է ժամանում 40 հազարանոց բանակով, 16 հազարը` այրուձի և 24 հազարը` հետևակ,  և հանդիպելով Կրասոսին` առաջարկում Պարթևստանի վրա արշավանքն իրականացնել Հայաստանից: Արտավազդ Բ իր առաջարկը ռազմավարական տեսանկյունից հիմնավորում էր, որ Հայաստանի լեռներում պարթևաց բանակը կզրկվեր իր հիմնական հարվածային ուժը` հեծելազորը օգտագործելու հնարավորությունից, իսկ Միջագետքում դժվար կլինի պայքարել պարթևաց հեծելազորի դեմ: Ըստ էության` այս քայլով Արտավազդ Բ ցանկանում էր նաև Հռոմի բանակով իր համար լուծել հայ-պարթևական անխուսափելի թվացող բախման խնդիրը: Կրասոսի համաձայնվելու դեպքում Արտավազդ Բ պատրաստակամություն է հայտնում ավելացնել հայկական զինուժի թվաքանակը պարթևական արշավանքի ժամանակ: Սակայն գոռոզ հռոմեացին չի լսում Արտավազդի խորհուրդն ու նախապատրաստվում է կարճ ճանապարհով`  Միջագետքի անապատներով ներխուժել Պարթևստան:

Հասկանալով Կրասոսի արշավանքի կործանարար լինելը` Արտավազդ Բ հրաժարվում է հայ-հռոմեական դաշինքից և անմիջապես դաշինք է կապում պարթևաց Որոդես Բ արքայի հետ: Հայ-պարթևական դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Արտավազդի քույրն ամուսնանում է պարթևական քաջ թագաժառանգ Բակուրի հետ:

Մինչ հայոց և պարթևաց արքաները Արտաշատում հարսանեկան խրախճանքի մեջ էին, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում դաշնակից բանակները պարթևաց Սուրեն զորավարի հրամանատարությամբ ջախջախում են հռոմեական բանակը: Հռոմեական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 20 հազար սպանված և 10 հազար գերյալ: Գերի ընկան նաև հռոմեական լեգեոնների դրոշները, որ մեծ անպատվություն էր Հռոմի համար: Հռոմն իր պատմության մեջ թերևս նման խայտառակ պարտություն կրել էր մ.թ.ա. 216 թ.` Կաննի ճակատամարտում: Երբ Արտաշատի թատրոնում Արտավազդ Բ և Որոդես արքաները դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս»: Դա մեծ ցնծությամբ է ընդունվում հանդիսականների կողմից: Նա գլխատված Կրասոսի գլուխը  շպրտում է արքաների ոտքերի տակ որպես նվեր…

Խառանի ճակատամարտից շատ չանցած` հայ-պարթևական միացյալ ուժերը պարթև թագաժառանգ Բակուրի և հայոց սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում են Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա և վտարում Արևելքից հռոմեացիներին: Դաշնակիցները, բնականաբար, կիսում են նվաճած տարածքները: Թվում է` Արտավազդ Երկրորդի տերության առջև բացվում է Տիգրան Բ Մեծի կայսրության տեսլականը…

Սակայն շատ չանցած` քաղաքական իրադրությունը Արևելքում փոխվում է: Դավադրության զոհ է դառնում Որոդես Բ արքան, իսկ արքայազն Բակուրը սպանվում է ճակատամարտում: Գահ բարձրացած Հրահատ Չորրորդը հակահայ քաղաքականություն է որդեգրում և դաշինք կապում Ատրպատականի թագավոր, մար Արտավազդի դեմ, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայ-պարթևական հարաբերությունները դարձյալ սրվում են:

Մ.թ.ա. 36 թ. Արևելքը նվաճելու մարմաջով այս անգամ արշավանք է սկսվում մեկ այլ գոռոզ հռոմեացի, եռապետ Մարկոս Անտոնիոսը: Արտավազդը Անտոնիոսին խոստանում է հայոց բանակից 11000-ոց զորաջոկատի զորակցությունը, ինչպես նաև խոստանում է ապահովել հռոմեական բանակի պարենավորումը: Սակայն Անտոնիոսը, դաս չառնելով Կրասոսի սխալից, դարձյալ չի լսում Արտավազդ Բ արքայի խորհուրդը: Արտավազդը, հետ քաշելով իր զորքը, պարթևահռոմեական այս պատերազմում բռնում է չեզոք դիրք: Անտոնիոսը, սկսելով արշավանքը, Արտավազդ Բ արքային սպառնում է պատժել արշավանքից հետո` նրա արած քայլը բնութագրելով որպես դավաճանություն: Անտոնիոսը մեծ բանակով Ատրպատականի վրայով արշավում է Պարթևստան: Սակայն այստեղ գոռոզ հռոմեացին մարտավարական սխալ է թույլ տալիս: Հռոմեական առաջապահ ուժերը կտրվում են բուն բանակից և ջախջախվում: Պարթևներին հաջողվում է գրավել նաև հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը: Մի խոսքով` հռոմեական բանակը գլխովին ջախջախվում է` տալով 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսը բանակի մնացորդներով հազիվ փախչում և ապաստանում է Հայաստանում` Արտավազդ Երկրորդի մոտ: Հայոց արքան, որի հարաբերություններն արդեն իսկ լարված էին Անտոնիոսի հետ, թերևս կատարում է ճակատագրական սխալ. փոխանակ ջախջախելու Անտոնիոսի բանակի մնացորդները և գլխատելու նրան` մեծահոգաբար ապաստան է տալիս նենգ հռոմեացուն:

Անտոնիոսը Հայաստանից նախ ուղևորվում է Եգիպտոս` իր սիրուհու` Կլեոպատրա թագուհու մոտ: Այստեղ նա ուշքի գալով պատճառներ և քավության նոխազ է հորինում իր պարտության համար: Առհասարակ Անտոնիոսը արևելյան արշավանքը սկսել էր առանց Սենատի համաձայնության, և Հռոմում նրա նկատմամբ դժգոհությունն աճում էր:

Շուտով նենգ հռոմեացին պաշտոնապես հայտարարեց, թե իր պարտության պատճառը հայոց Արտավազդ Բ արքայի դավաճանությունն է, և Հայաստանը որակեց որպես դավաճան ու թշնամի երկիր:

Որպեսզի ձեռք գցի հայոց արքային, Անտոնիոսը նրան հրավիրեց իր մոտ բանակցությունների: Բնականաբար, Արտավազդ Երկրորդը չգնաց: Ապա Անտոնիոսը առաջարկեց Արտավազդ Երկրորդին իր դստերը կնության տալ Անտոնիոսի և Կլեոպատրայի վեցամյա որդուն` Ալեքսանդրին: Արտավազդ Երկրորդը մերժեց նաև այս առաջարկը:

Ի վերջո մ.թ.ա. 34 թ. Անտոնիոսը մեծ բանակով հարձակվեց Հայաստանի վրա: Որպեսզի ազատի իր երկիրն ավերածություններից, Արտավազդ Բ, հավատալով նենգ հռոմեացու խոստումներին, գնաց նրա մոտ բանակցելու: Վերջինս ուղղակի շղթայեց  հայոց արքային: Նա շղթայված թագավորին ու նրա ընտանիքն ուղարկեց Ալեքսանդրիա` Կլեոպատրային նվեր: Վերջինս, զոհ մատուցելով իր աստվածներին, հրամայեց գլխատել Արտավազդին, իսկ նրա զավակներին հռոմեացիները տարան Հռոմ գերության:

Մինչ գլխատելը Ալեքսանդրիայում, զորահանդեսի ժամանակ, Անտոնիոսը շղթայված հայոց արքային առաջարկում է կյանքի դիմաց գլուխ խոնարհել Եգիպտոսի թագուհու առաջ, սակայն հռոմեացի պատմիչների հավաստմամբ` հայոց արքան իրեն արքայավայել ու գոռոզ է պահել ու գնացել կառափնարան: Անտոնիոսի վարմունքը հարուցել է անգամ հռոմեացիների զայրույթը. հռոմեացի պատմիչները նշում են նրա արարքի տմարդի լինելը և գովերգում հայոց արքայի ոգին. «Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը, Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Հետագայում Հռոմի Սենատն Անտոնիոսին ներկայացրած մեղադրանքների մեջ նշել է նաև Արտավազդի ձերբակալումն ու սպանությունը, որով Հայաստանը, փաստորեն, դարձավ Հռոմի թշնամի:

Արտավազդը, զորավար և դիվանագետ լինելուց զատ, նաև գիտնական էր: Համաձայն Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն մեզ չեն հասել:

Արտավազդ Բ ողբերգական մահից ընդամենը երեք տարի անց նրա որդին` Արտաշես Բ արքայից արքան (մ.թ.ա. 34-20) ազատագրեց Հայաստանն ու բնաջինջ արեց երկրում հաստատված հռոմեացիներին:

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ Բ.Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը

արտաշեսՆա հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը ատելի հռոմեացիների դեմ պայքարում:

Հայոց Արտաշեսյան թագավորական հարստության վերջին հզոր գահակալը Արտաշես Երկրորդ արքայից արքան էր (մ.թ.ա. 34-20): Մ.թ.ա. առաջին դարի 30-ական թվականներին Հայաստանում և Առաջավոր Ասիայում լարված քաղաքական իրադրություն էր:

Հռոմեական կայսրությունը, հաստատվելով Արևելքում, ձգտում էր իր տիրապետությունը հաստատել և իր ազդեցությունը տարածել Առաջավոր Ասիայի հզորագույն երկրների` Պարթևական թագավորության և Հայաստանի վրա:

Դեպի արևելք մեծ արշավանք կազմակերպեց հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ` դեռևս մ.թ.ա. 71 թ., աչքի էր ընկել Սպարտակի ապստամբությունը ճնշելով: Սակայն Կրասոսի արշավանքը ջախջախվեց հայ-պարթևական զինակցության արդյունքում` Խառանի ճակատամարտի ժամանակ: Ինքը` Կրասոսը, անփառունակ վախճան ունեցավ և գլխատվեց:

Սակայն Կրասոսի օրինակը դաս չեղավ Հռոմի արկածախնդիր մեկ այլ զորավարի` Մարկոս Անտոնիոսի համար: Նա, ցանկանալով տիրանալ Ալեքսանդր Մակեդոնացու փառքին և նվաճել Հնդկաստանը, հսկայական բանակով արշավեց Արևելք: Մարկոս Անտոնիոսի արկածախնդրությունը նույնպես վատ վախճան ունեցավ, և հռոմեական բանակը կործանվեց: Զորավարն իր կյանքը և զորքի մնացորդները փրկեց սոսկ հայոց Արտավազդ Բ արքայից արքայի ողորմածության շնորհիվ:

Սակայն նենգ հռոմեացին Հռոմի Սենատի առջև իր պարտությունը կոծկելու նպատակով արևելյան արշավանքի տապալման ողջ մեղքը բարդեց իր փրկչի` Արտավազդ Բ արքայի վրա: Հայ-հռոմեական հարաբերությունները վատացան, և Հայաստանը դարձյալ կանգնեց պատերազմական վտանգի առաջ:

Շուտով Անտոնիոսը խաբեությամբ ու խարդավանքով գերում է Արտավազդ Բ արքային ու նրա ընտանիքը, հայոց արքային գլխատել տալիս Եգիպտոսում, իսկ նրա զավակներին ուղարկում Հռոմ` որպես գերիներ: Անգամ հռոմեացի պատմիչները, որոնք հազվադեպ են իրենց աշխատություններում արդարադատ ու կշռադատված օտարի հանդեպ, Մարկոս Անտոնիոսի այդ վարմունքը համարում են քստմնելի: Նվաճելով Հայաստանը` հռոմեացիները թալանի ու ավերածությունների են մատնում հայոց երկիրը: Կողոպուտի են ենթարկվում հայոց շեները, քաղաքները, տաճարները: Հենց այս ժամանակահատվածում են հռոմեացիները Աստվածամայր Անահիտի գլխավոր սրբավայր Երիզա ավանի Անահտական տաճարից հափշտակել դիցուհու արձանն ու կտորների բաժանել, որի մի մասն այժմ պահպանվում է Լոնդոնում` Բրիտանական թանգարանում:

Հռոմեական գերությունից բարեբախտաբար փրկվում է հայոց գահաժառանգը` Արտավազդ Բ արքայի ավագ որդին` Արտաշեսը:

քարտեզԵրիտասարդ թագավորն իր պապի` Տիգրան Մեծի պես աննկուն կամքի և ռազմավարական տաղանդի տեր գործիչ էր:

Հոր գերեվարությունից ու սպանությունից հետո Արտաշես Երկրորդը, գահ բարձրանալով, չի հապաղում և դաշինք է առաջարկում Պարթևաց թագավորության գահակալ Հրահատ Դ-ին: Պարթևաց արքան լավ հասկանալով, որ Հայաստանի ու իր տերության շահերը համընկնում են, և Հռոմը  չի բավարարվի Հայաստանը նվաճելով, ընդունում է Արտաշեսի առաջարկը: Դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ: Արտաշես Բ-ն կնության է առնում Հրահատ Դ արքայի դստերը:

Որպեսզի վերադասավորի ուժերը` Արտաշես Բ-ն իր զորագնդով նախ անցնում է Պարթևստան` սպասելով ոսոխին հարված հասցնելու հարմար պահի:

Պահը չի ուշանում: Մ.թ.ա. 31 թ. Ակտիումի ծովամարտից հետո Մարկոս Անտոնիոսը պարտություն է կրում և սպանվում, իսկ Հռոմում միանձնյա կայսերական իշխանության է հասնում նրա թշնամին` Օկտավիանոս Օգոստոսը: Արտաշես Բ արքայից արքան Պարթևստանից  հայոց բանակով մտնում է Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության տարածք, պարտության մատնում մար Արտավազդ արքային, որը փախուստի է դիմում և ապաստանում Օգտավիանոս Օգոստոս կայսեր մոտ: Այս գործողությամբ, փաստորեն, Արտաշես Բ-ն Ատրպատականի տարածքը նվաճում է և կցում հայոց թագավորությանը: Ատրպատականը նվաճելուց հետո Արտաշես Բ-ն մտնում է Հայաստան, վճռական ճակատամարտում ջարդում հռոմեական զորագնդերը և իր իրավունքը վերահաստատում հայոց գահին: Նա հոր վրեժն առնելու համար հրամայում է սրակոտոր անել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին` թվով 30.000 հոգու: Դրանով հայոց արքան հաստատում է իր վճռականությունը` ատելի հռոմեացիների դեմ պայքարում:

Հաստատվելով հայրենական գահին` Արտաշես Բ-ն դեսպանություն ուղարկեց Հռոմ` Օկտավիանոս Օգոստոս կայսրից պահանջելով ազատ արձակել իր գերյալ եղբայրներին: Հռոմի պատասխանը, բնականաբար, մերժողական էր: Օկտավիանոս կայսրը հույս ուներ գերյալ թագաժառանգներին հռոմեական դաստիարակություն տալ և հետագայում հայոց գահին նրանց հաստատելով` Հայաստանն առնել իր ազդեցության ոլորտը:

Մի քանի տարում երկիրն ազատելով հռոմեական գերությունից` Արտաշես Բ արքայից արքան ամրացնում է իր իշխանությունն ու պատրաստվում անցնել արտաքին նվաճումների: Նա արծաթե և պղնձե դրամներ հատեց Արտաշատ մայրաքաղաքում` «Արքայից արքա», «Մեծ արքա» մակագրություններով:

Հռոմը վախենում էր հայ-պարթևական դաշինքից և ամեն կերպ խուսափում էր բաց պատերազմից: Սակայն հռոմեական նենգ դիվանագիտությունն անում էր իր սև գործը:

Հայաստանի արևմտյան` Հռոմի դրածո թագավորները Օկտավիանոսի դրդմամբ շարունակ դավեր են նյութում հայոց պետության դեմ: Հայաստանի հարաբերությունները լարված էին հատկապես Փոքր Հայքի հետ, որտեղ Օկտավիանոսը գահ էր բարձրացրել Արտաշես Բ-ի թշնամի, ազգությամբ մար Արտավազդին, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայոց պետության դեմ թշնամաբար էին տրամադրված նաև Հռոմի ազդեցության տակ գտնվող Պոնտական թագավորությունը, Գամիրքը, անգամ` Վիրքը:

Թշնամական օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է:  Այսուհանդերձ Օկտավիանոս կայսրը չի համարձակվում բացեիբաց պատերազմ հայտարարել Մեծ Հայքին: Հայոց հզորությունը բավարար էր թշնամուն հակահարված տալու համար:

Եվ հռոմեացիները դիմում են նենգության: Մ.թ.ա. 20 թ. կայսեր որդեգիր Գայոս Տիբերիոսը մեծ բանակով մտնում է Ասորիք: Պարթևաց արքան չի կարողանում դիմագրավել հռոմեացիներին, քանզի իր երկրում խառնակ վիճակ էր, և հաշտություն է կնքում Օկտավիանոսի հետ:

Հայաստանն ահեղ թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Սակայն աննկուն հայոց արքան չի վհատվում և պատրաստվում է պատերազմի: Այստեղ, սակայն, հերթական անգամ դեր է խաղում Հռոմի նենգ դիվանագիտությունը: Արտաշես Բ արքան զոհ է գնում Հռոմի կազմակերպած նենգ դավադրության և սպանվում է:

Արտաշես Բ-ի սպանությունից հետո Հռոմում իսկական ցնծություն էր: Կայսեր հրամանով անգամ արծաթե դրամներ են հատվում` «Հայաստանը նվաճված» մակագրությամբ: Իսկ հռոմեացի բանաստեղծներ Հորացիոսն ու Օվիդիոսը ներբողներ հյուսեցին հռոմեական «փառապանծ» հաղթանակի կապակցությամբ:

Արտաշես Բ-ի սպանությունը բարոյալքեց ու կազմալուծեց Հայաստանի պաշտպանությունը: Շուտով Տիբերիոսը որպես հայոց գահի թեկնածու առաջարկեց Արտավազդ Բ-ի մյուս որդուն` Արտաշես Բ արքայի եղբորը` Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20-8): Հայոց ավագանին ստիպված էր ընդունել Հռոմի առաջարկը, քանզի Արտաշես Բ-ն զավակներ չուներ: Տիգրան Գ-ն, լինելով գերության մեջ, հասակ էր առել և դաստիարակվել Հռոմում, և այս քայլով հռոմեացիները հույս ունեին գահի իրենց թեկնածուի միջոցով հպատակեցնել Հայաստանը: Սակայն Հռոմի հույսերն ի դերև ելան:

Գահ բարձրանալով` Տիգրան Գ-ն վարեց Հռոմից բոլորովին անկախ քաղաքականություն: Նա նույնպես իր թողարկած դրամների վրա դաջել է «արքայից արքա» տիտղոսը, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիրքերը և ազդեցությունը շատ հզոր էին և երկիրը պահպանել էր իր լիակատար անկախությունը: Սակայն մ.թ.ա. 8 թ. Տիգրան Գ սպանվեց Կովկասի լեռնականների դեմ մղվող մի պատերազմում, իսկ շատ չանցած` Հայաստանը դարձավ Հռոմեական կայսրության հպատակ ու հարկատու երկիր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ

Artashes_A1Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

Եվ առավոտը Նավասարդի,

Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

Ինչպես կարգն էր թագավորների... 

Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):

Արտաշես Առաջինը Երվանդունյաց արքայական տոհմից էր: Հայոց ավանդավեպը նշում  է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում:

Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր:

Մ.թ.ա. 200 թ. հզորացող Սելևկյան կայսրությունը կարողանում է ծնկի բերել Հայաստանը, և Երվանդ Դ արքան զրկվում է գահից կամ սպանվում: Ամեն դեպքում, Հայաստանը հայտնվում է Սելևկյան թագավորության հպատակի կարգավիճակում: Գուցե Հայաստանի նվաճմանը մասնակցել է նաև սելևկյան բանակում որպես զորավար ծառայող Արտաշեսը, որի պատճառով էլ հայոց ավանդույթը նրան է վերագրում Հայաստանի նվաճումն ու Երվանդ Դ արքայի սպանությունը:

Նվաճելով Հայաստանը` սելևկյան Անտիոքոս Գ Մեծ արքան երկրի կառավարիչ է նշանակում Արտաշեսին, իսկ Ծոփքում` Զարեհին, որ նույնպես Երվանդունիների արքայատոհմից էր:

Սելևկյան թագավորը, բնականաբար, վստահ էր, որ Արտաշեսն ու Զարեհը, որպես իր զորավարներ, հավատարիմ կծառայեն իր կայսրությանը: Սակայն նրա հաշվարկները սխալ էին:

Օրեցօր զորեղացող Հռոմեական կայսրությունն արտաքին նվաճումների էր ելել: Հռոմի վաղեմի նպատակն էր Ասիա աշխարհամաս դուրս գալ և նվաճել Փոքր Ասիա թերակղզին: Եվ երկու հզոր ախոյանների միջև բախումն անխուսափելի է դառնում: Մ.թ.ա. 190 թ. Մագնեսիայի ճակատամարտում հռոմեական բանակը ջախջախում է Անտիոքոս Գ-ի զորքերը: Այս ճակատամարտն իրավամբ պետք է համարել համաշխարհային պատմության բախտորոշ դրվագներից մեկը: Ճակատամարտի արդյունքում Արևելքում իրադրությունը կտրուկ փոխվում է, և հռոմեական քաղաքակրթությունը ներխուժում է Արևելք:

Նման առիթից չօգտվել չէր կարող Մեծ Հայքի կառավարիչ Արտաշես զորավարը, որ անմիջապես ապստամբում է Սելևկյան թագավորության դեմ, իրեն հռչակում Մեծ Հայքի թագավոր, իսկ Հայաստանը` անկախ պետություն: Արտաշեսի օրինակին հետևում է նաև Զարեհը, որ թագավորում է Ծոփքում: Միաժամանակ իրենց անկախությունը վերագտան նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները, որտեղ համապատասխանաբար թագավորում էին Միհրդատ և Պտղոմեոս Երվանդունիները:

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում:

Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը:

Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ կարգի գցելու իր գործերը հայրենիքում:

Անկախության հռչակումից անմիջապես հետո հայոց արքան ամբողջացրեց իր երկրի սահմանները. նա նվաճեց Հայաստանի ծայրագավառները, որոնք անթողության տարիներին անջատվել էին երկրից: Մի քանի տարվա մեջ Արտաշես Ա-ն կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները:  Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Նրա կիսատ գործը հետագայում ավարտին հասցրեց թոռը` Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55):

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «…Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը:

Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց երկրի նահանգների, գավառների սահմանները: Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց` համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը` ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով պունիկյան երկրորդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

Քերթողահայր Մովսես Խորենացին փաստում է. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով` քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը հենց Հաննիբալին է վերագրում Արտաշատ մայրաքաղաքի նախագծման պատիվը: Ըստ ավանդության` Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է հայոց դշխոյի` Սաթենիկի աչքի պատկերով: Մայրաքաղաքը շեն ու բարեկարգ էր և գտնվում էր Արարատյան դաշտի սրտում` Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում` ներկայիս Խոր վիրապի մատույցներում: Արտաշատն այնքան ամուր ու գեղեցիկ էր, որ հռոմեացի պատմիչները նրան անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Քաղաքում դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել, այն Արևելքի վաճառաշատ ու մարդաշատ քաղաքներից էր, այնտեղ էին տեղակայված հայոց արքունիքը, հայոց արքաների պալատները, պետական դրամահատարանը, Անահիտ աստվածամոր տաճարը… Արտաշատ մայրաքաղաքը հայոց մայրաքաղաքներից ամենահարատևն էր: Արտաշատը կարճատև դադարներով Հայաստանի մայրաքաղաք հանդիսացավ շուրջ յոթ հարյուրամյակ:

Բացի Արտաշատից, հայոց արքան իր երկրի տարբեր վայրերում մի շարք այլ քաղաքներ կառուցեց` իր հոր պատվին անվանելով Զարիշատ, Զարեհավան…

Միայն տասնամյակներ, անց քիչ թե շատ ուշքի եկած Սելևկյան պետությունը փորձ արեց դարձյալ ծնկի բերել Հայաստանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Հռոմի հարաբերությունները լարված են Հաննիբալի պատճառով, սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից:

Արտաշես Առաջինն իր արձանագրություններում կոչվել է Բարի` բարեպաշտ, որն արտացոլում է հայրենասեր ու զորեղ միապետի նվիրումն իր պետությանն ու ժողովրդին: Սակայն պատմությունը նրան տվեց նաև «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսները, որոնք նույնպես արտացոլում են Արտաշես Առաջինի` որպես հայոց թագավորի, կարգավիճակը:

Ժողովուրդը սիրելի թագավորի մասին բազում ավանդություններ է հյուսել: Նրանցից գեղեցկագույնը, ինչ խոսք, Արտաշեսի և Սաթենիկի մասին պատումն է: Արշավելով հյուսիս` Արտաշեսը ծնկի է բերում Կովկասյան լեռնականներին և ճակատամարտերից մեկի ժամանակ գերելով ալանաց չքնաղ արքայադստերը` Սաթենիկին, նրան կին է առնում:

Ճակատամարտի սկզբում Արտաշեսը նախ գերում է ալանաց արքայազնին: Եվ Սաթենիկ օրիորդը եղբորն ազատելու նպատակով դուրս է գալիս իր վրանից և կոչ ուղղում հայոց արքային.

Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին.

 Ե՛կ լսի՛ր ալանների գեղաչյա դստերս խոսքերին

 Եվ տուր պատանուն:

 Որովհետև օրենք չէ՝ որ քենի համար դյուցազունները

 Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն

 Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,

 Եվ երկու քաջ ազգերի մեջ

 Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:

 Եվ հայոց արքան հմայվում է Սաթենիկի գեղեցկությամբ ու քաջությամբ, սիրահարվում նրան:

Հեծավ արի Արտաշես արքան գեղեցեկ սև ձին,

Եվ հանելով ոսկեգօծ շիկափոկ պարանը,

 Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

 Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,

 Ձգեց մեջքը ալանաց օրիորդի,

 Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

 Արագ իր բանակը հասցնելով:

Հետաքրքիր ավանդապատում է պահպանվել նաև Արտաշես Առաջինի մահվան վերաբերյալ: Մ.թ.ա. 160 թ. Մարանդում, արդեն զառամյալ հասակում, հայոց արքան հիվանդանում է: Նա Աբեղյան տոհմի Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` տիրամորից առողջություն խնդրելու: Սակայն մինչ իշխանի վերադարձն արքան հոգին ավանդում է ասելով.

Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

 Եվ առավոտը Նավասարդի,

 Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

 Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

 Ինչպես կարգն էր թագավորների... 

Այնքան մեծ էր ժողովրդի վիշտը սիրելի գահակալի մահվան առթիվ, որ շատերը նրա մահվան մահճի մոտ ինքնասպան էին լինում վշտից: Տեսնելով դա` նրա որդին և գահերեցը` Արտավազդը, բողոքում է. «Դու մեռար և քեզ հետ տարար շատերին, ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ…»:

Այնքան մեծ էր հայոց Արտաշես Ա թագավորի հանդեպ ժողովրդական սերը, որ անգամ նրա մահից երկու դար անց հայոց գահին տիրացած օտարները ժողովրդի սիրտը շահելու համար իրենց անվանափոխեցին Արտաշես` հանձինս Զենոն-Արտաշես Գ (16-34) կամ Տրդատ Ա (66-88) թագավորների:

 

Վահե Անթանեսյան

Սարդարապատ

սարդարապատՄայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Շարունակությունը այստեղ

Բաշ-Ապարանի հերոսամարտը

բաշ ապարանԵթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում...

Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես` Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական գոյությունը:

Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ:

1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և  տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն:

Ապարանի գյուղերն արագ դատարկվում էին: Մինչ Դրոյի ժամանելը  որոշ աշխատանքներ էին կատարել Ապարանի գավառապետը` Սեդրակ Ջալալյանը և տեղի բնակիչներից Արսեն Տեր-Պողոսյանը: Նրանք շրջում էին գյուղեգյուղ և ժողովրդին ինքնապաշտպանության կոչեր անում, փորձում տեղի ուժերով կազմակերպել հայերի դիմադրությունը: Նրանք կազմեցին ինքնապաշտպանական խորհուրդ`  քահանա Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ: Ինքնապաշտպանական խորհուրդը ստեղծեց թռուցիկ խմբեր, փակեց բնակչության նահանջի ճանապարհը, զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց զորակոչ հայտարարեց և մայիսի 17-ին Ապարանի գավառում հայտարարեց պատերազմական իրավիճակ: Ինքնապաշտպանական խորհուրդը որոշեց թուրքական բանակին դիմակայելու համար ճակատի գիծ հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի մեջտեղն ընկած բլուրները: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրվեց և պաշտպանական գիծ մեկնեց մոտ 1500 զինյալ: Մի քանի օր անց զինված աշխարհազորայինների թվաքանակը հասավ 3500 մարդու: Սակայն վերապահությամբ կարելի է հայ աշխարհազորայիններին անվանել զինված: Ճակատի գիծը հսկում էր ընդամենը երկու գնդացիր, թնդանոթներ չկային, իսկ առկա հրացանները հնաոճ էին:

Ինչևէ, մայիսի 22-ին թուրքական առաջապահ զորքերը հասան հայկական դիրքեր և դիմադրության հանդիպեցին: Անակնկալի եկած թուրքերը նահանջեցին և սպասեցին հիմնական ուժերի մոտենալուն, որպեսզի անցնեն վճռական գրոհի:

Մայիսի 22-ի երեկոյան, Երևանի հայոց ազգային խորհրդի որոշմամբ, որպես Բաշ-Ապարանի ռազմաճակատի հրամանատար` իր մարտունակ գնդով Ապարան է ժամանում Դրոն` Դրաստամատ Կանայանը:

Մինչ Դրոն կծանոթանար ստեղծված իրադրությանը և մարտի մեջ կմտներ, թուրքերը կարողացան ճեղքել հայերի պաշտպանական դիրքերը և հայկական աշխարհազորը Արսեն Տեր-Պողոսյանի հրամանով նահանջեց պաշտպանական երկրորդ գիծ:

Սակայն շուտով հայկական աշխարհազորը ստվարացավ: Մի քանի հարյուր կամավորներ ժամանեցին Աշտարակի գյուղերից, և հայկական զինուժն ամուր դիրքավորվեց պաշտպանական երկրորդ գծում: Դրանից զատ, ճակատը համալրեցին փորձառու հայ կամավորները բուլանաղցի Մուրադի, Զեմլյակի, սասունցի Մանուկի, Քաչալ Ղազարի, Յապոնի, գառնեցի Մարտիրոսի հրամանատարությամբ:

Կռիվների երրորդ օրը Դրոյի խնդրանքով Արամ Մանուկյանը Սարդարապատի ճակատից Ապարան ուղարկեց նաև կանոնավոր զորագնդեր:  Մասնավորապես, արագ երթով Ապարան հասավ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը և փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը: Հայկական ուժերը համալրվեցին նաև հրանոթներով: Սարդարապատի ճակատից այստեղ տեղափոխվեցին կապիտաններ Կլիչի և Սակելյարիի մարտկոցները: Այսպիսով, հայկական կողմից ճակատային գծում դիրքավորվել էր մոտ 8000 մարտիկ: Հայկական ուժերին աջակցում էր նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Մայիսի 25-ը վճռական էր Բաշ-Ապարանի ճակատամարտի համար: Վեհիբ փաշայի հրամանով ողջ ճակատով թուրքական զորքերը հարձակման անցան: Թուրքական բանակը փորձեց Սարալանջ գյուղի մոտ շրջանցել հայկական դիրքերը և թիկունքից անակնկալ հարվածել մեր դիրքերին: Սակայն նրանք հայտնվեցին հայկական ուժերի լավ քողարկած ծուղակում և ջախջախվեցին: Գրավելով Սարալանջ գյուղի մատույցներում գերիշխող բլուրները` հայոց զորքը Քասախ գետի հովտում ջարդ տվեց ելուզակներին:

Սակայն Արագածի փեշերին դիրքավորված հայ աշխարհազորայինները թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ տեղի տվեցին: Թուրքերը ճեղքելով հայոց պաշտպանական դիրքերը` հայտնվեցին հայերի թիկունքում և առաջ շարժվեցին ավելի քան մեկ կիլոմետր: Վրա հասած գնդապետ Զալինյանի գունդն ու Գևորգ քահանայի գլխավորած աշխարհազորը շրջապատում են թուրքական բանակն ու խաչաձև կրակի տակ առնում: Ի վերջո, թուրքական այս գունդը գլխովին ոչնչանում է:

Շուտով թուրքական կանոնավոր բանակին օգնության են շտապում Ապարանի գավառում բնակվող թուրքերը: Սակայն Կարմիր վանքի մատույցներում նրանց դեմը փակում է աշխարհազորը, և թուրք բաշիբոզուկները, տասնյակ զոհեր տալով, նահանջում են: Պարտվելով կարմիր վանքի մատույցներում` թուրքերը նոր ճակատ են բացում Բուժական գյուղի ուղղությամբ: Սակայն հայ աշխարհազորը այստեղ ևս հերոսական դիմադրություն է ցուցաբերում թուրքերին և նահանջի մատնում նրանց: Այդ օրը թուրքական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 1000 զոհ: Հայոց զինուժը ձեռք բերեց հսկայական ռազմավար:

Մայիսի 26-ին թուրքական բանակը հայկական պաշտպանական գիծը ճեղքելու մի քանի անհաջող փորձ է անում, սակայն ապարդյուն: Ավելին` քանի որ Սարդարապատում արդեն բեկումնային իրավիճակ էր, Արամ Մանուկյանի հրամանով Սարդարապատից Բաշ-Ապարանի ճակատ են տեղափոխվում կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցն ու հրաձգային 5-րդ գունդը` գնդապետ Հովսեփյանի հրամանատարությամբ:

Դրա հետ մեկտեղ, խանդավառվելով հայոց զինուժի հաղթանակներից, ճակատի գիծը համալրեցին մինչ այժմ մարտից խույս տված շատ բնակիչներ, և հայոց զորքի թվաքանակը, էլ ավելի ստվարանալով, մոտեցավ 10000-ի: Մայիսի 27-ին թուրքական բանակն արդեն ռազմաճակատի որոշ հատվածներում նահանջել էր, իսկ հայոց գնդերը հարձակման էին անցնում գրեթե ողջ ճակատով:

Մայիսի 28-ին Դրոն հայոց գնդերին ընդհանուր հարձակման հրաման է տալիս: Ողջ ճակատով հայկական գնդերն ու աշխարհազորը գրոհելով թուրքերին հետ են շպրտում ելման դիրքերը: Գրոհն անկասելի էր, և թուրքական բանակն արյունաքամ փախուստի է դիմում մարտադաշտից:

Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը:

Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո  հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ