Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը

Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցումբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:
10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ մեր այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Ինչպիսի՞ն է բնաիրային օգնության տրամադրման կարգը

մթերքԲնաիրային օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 958-Ն որոշմամբ սահմանված կարգով, որով սահմանվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար: Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:
Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Բնաիրային օգնության ծրագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
ա) ծրագրի անվանումը և նպատակները,
բ) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ),
գ) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները,
դ) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր),
ե) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն),
զ) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը),
է) հաճախորդների թիվը և տրամադրման հիմքը,
ը) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը:
Ծրագրի հաճախորդների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված քանակների մասին, ինչպես նաև բնաիրային օգնությունը չստացած հաճախորդների ցանկը:
Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար հաճախորդների ցանկը կազմվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` գործակալության պետի կողմից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը:
Պա տրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մենք չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ. Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան (1)ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի 

վերաբերյալ իր ելույթում պատասխանեց Կառավարության այն մեղադրանքին, 

թե ՀԱԿ–ը չի ցանկանում համագործակցել Կառավարության հետ և որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում: Այս մասին Արամ Մանուկյանի և, առհասարակ, ՀԱԿ խմբակցության կարծիքը հստակ է. ՛՛Մեր պատասխանը հետևյալն է, մենք քաղաքական թիմ ենք և մեր քաղաքական

թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առաջ կանգնած 

խնդիրները: Մենք չենք վստահում այն Կառավարությանը, որ նշանակվել է ոչ 

օրինակարգ իշխանության, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում համգործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ 

անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ, քանի որ   

 ՙՄարտի 1-ը դեռևս կա, Մարտի 1-ի  չպատժվածները դեռևս կան, գոյություն ունեն, և Հայաստանը լքում են մարտի մեկի տուժածները, քաղբանտարկյալները, Հայաստանը դատարկվում է: Դուք անընդհատ  արդարության, հանդուրժողականության մասին եք խոսում, իսկ իրականում դեպքերը կան և շատ կոնկրետ են, դուք ուղղակի  պաշտպանում եք որոշակի մարդկանց շահեր՛՛,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արամ Մանուկյանը:

Անկախ

Ընդդիմության մի մասն ասում է՝ մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ ՇարմազանովԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ այն քաղաքական ուժերին, որոնք հրաժարվում են համագործակցել կառավարության հետ: Նա գրեթե մեղադրեց ընդդիմությանը այդ քաղաքականության համար. ՛՛Մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր՝ Կառավարության ծրագիր, որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու: Բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ-ի գլխավոր քաղաքական ամբիոնն է, և պատգամավորների ու գործադիր նպատակն իրար վիրավորելը չպիտի լինի: Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է պլինտուզից ցածր մակարդակի մասին նրանց, ովքեր դրա մասին էին խոսում: Լավ ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել: Եթե ձեզ թվում է՝ նույն անհեթեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունն ու հարգանքը ավելանալու են, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ: Բարձր բառերով ժողովրդի մատից փուշ չեն հանում, և այսօր պետք է քննարկել քաղաքական շեշտադրումերով ծրագրի առաջնահերթությունները: Մենք ականջալուր ենք, ի տարբերություն ձեզ, ականջալուր ենք առողջ և ողջամիտ ծրագրերին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին: Ողջունում եմ այն ընդդիմադիրներին, ովքեր այստեղ կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր Կառավարության արձանագրած հաջողությունները: Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք՛՛, – ասաց Էդուարդ Շարմազանովը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ Կառավարության ծրագիրն իրատեսական է, այնտեղ անդրադարձ կա բոլոր ոլորոտներին:

՛՛Ես սպասում էի, որ այստեղ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, բայց մի մասն ասում է՝ ինչ ուզում եք արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, է մի համագործակցեք, մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին, ձեզ եք վատություն անում: Քաղաքական նման պահվածքը խոսում է փաստերի բացակայության մասին: Խոսում է, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ՛՛, – եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Անկախ

Հովիկ Աբրահամյանը Սինգապուրի վարչապետի օրինակով է սկսելու իր մերձավորներից

Աբրահամյան հովիկԱզգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք նպատակ են դրել հարկային դաշտը դուրս բերել ստվերից: Դիտարկմանը, որ նա հայտարարել է, թե սկսելու է իր մերձավորներից, Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. «Երբ Սինգապուրի վարչապետին հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից»։

Վարչապետը կրկնեց նաև իր այն միտքը, որ երբ պետական պաշտոնյան բիզնեսով զբաղվի, ապա պետք է հրաժարվի իր պաշտոնից, քանի որ դրանք անհամատեղելի են:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լուրերին և այն հարցին, թե պատրա՞ստ է ստուգել նրա ունեցվածքը, ասաց՝ այո:

«Վարչապետերի ակումբ»-ի մասին հարցին ի պատասխասն՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս պետք է մտածեն ձևաչափի մասին, իսկ գաղափարը նրա կարծիքով ճիշտ է, քանի որ կան նախկին վարչապետեր, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, և պետք է այդ ռեսուրսն արդյունավետ օգտագործել:

«Նաիրիտի» վերագործարկման հարցի վերաբերյալ նա ասաց, որ խնդիրը բավականին բարդ է, և պետք է այդ հարցով ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի և որոշում կկայացնի՝ հնարավո՞ր է արդյոք «Նաիրիտը»  վերագործարկել, թե ոչ։

Ինչ վերաբերում է նրա կողմից հայտարարված  պարտադիր, բայց ոչ պարտադրված արտահայտությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բացատրությունն օրենքի փաթեթում կլինի:

 

Անկախ

Պատգամավորի փեսան մեղադրվում է ոչ թե խուլիգանության, այլ՝ սպանության փորձի համար.Փաստինֆո

կրակոցներ ՎերնիսաժումՄայիսի 17-ին Վերնիսաժի մոտ 5 մարդկանց հրազենային վնասվածքներ պատճառելու գործով  ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի, նույն ինքը՝ «Յուվեցի Կարոյի» փեսային՝ Գոռ Առաքելյանին նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:
Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց նաև ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերի, ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այսպիսով՝ փաստորեն, նախաքննական մարմինը Գոռ Առաքելյանին մեղադրում է՝ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու համար: Քննիչը Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Առաջիկա օրերին`անձրև ու ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 3-5 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 22-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի  մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ·         Օդի առավելագույն ջերմաստիճան        33.60C (1970թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան             5.00C (1992թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       18.40C:

Մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ և Սևանա լիճ փակվել է մի մարդու քմահաճույքով

կանալ3Մարտունի քաղաքի բնակիչներն այս գարնանը տհաճ անակնկալի են դեմ առել. պարզվում է, որ մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ այսուհետ արգելված է: Սա սեփականատիրոջ որոշումն է, որը, ի թիվս այլ հողատարածքների, չգիտես ինչպես, գնել է նաև դեպի ազգային պարկ տանող ճանապարհը: Եվ որպեսզի իսկապես արգելի քաղաքացիների մուտքն ազգային պարկ իր տարածքով, նոր սեփականատերը ճանապարհին քարեր է լցրել և ջրանցք է փորել, ըստ բնակիչների` մոտ 5 մ լայնությամբ և 3 մ խորությամբ: Ջրանցքը բնակիչների գլխին կրկնակի պատուհաս է դարձել. ոչ միայն դեպի անտառ և լիճ տանող ճանապարհն է իսպառ փակվել, այլև հարևանությամբ բնակվող բնակիչների ջրհորներում և արտեզյան հորերում ջրի մակարդակն է իջել:

Մարտունի քաղաքի 250-ից ավել բնակիչներ հավաքվել ու նամակ են հղել քաղաքապետին` խնդրելով պարզել, թե որքանով է օրինական տարածքում նման ջրատար փորելը և օրենքի սահմաններո՞ւմ է արդյոք այդ հողերի վարձակալության պայմանագիրը:
«Հարգելի՛ պարոն Հարությունյան, Մարտունի քաղաքի 5-րդ և 6-րդ թաղամասերի բնակիչները տասնյակ տարիներ Մարտունու «Օդանավակայան» կոչվող տարածքից մինչև Պահածոների գործարան հասնող տարածքով ունեցել են բազմաթիվ մուտքեր դեպի անտառ և Սևանա լիճ։ Տարիների ընթացքում սեփականաշնորհվող և վարձակալվող տարածքներում աստիճանաբար փակվեցին մուտքերը դեպի անտառ։ Մենք բավարարվել ենք մնացած միակ ճանապարհով, որը երթևեկելի էր և՛ հետիոտնի, և՛ մեքենայի համար։ Այդ ճանապարհն օգտագործվում է ինչպես հանգստի, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով՝ անտառից խոտի և ցախի տեղափոխման համար: …Հավելենք նաև, որ կանալը փորելուց հետո շրջակա տարածքի ջրհորները ջրազրվել են, և վտանգվում է ամռանը մեր հողատարածքների ոռոգումը։ Արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ` հրդեհի, անտառի տվյալ հատված մեքենաների և մարդկանց մուտքն անհնար է»,- նշված է նամակում։

Բնակիչները պատրաստ են անգամ բողոքի ցույցի դուրս գալ: Նրանք սպասում են քաղաքապետարանի արձագանքին մինչ բողոքի ակցիաները սկսելը:

կանալ2«Անկախի» հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում. «Մարդն իր տարածքը չորացնելու համար կանալ է փորել, որի համար մեզանից թույլտվություն ստանալու կարիք չունի»:
Կարապետյանն ասում է, որ ճամփեզրի ու Սևան ազգային պարկի միջև ընկած արտադրական տարածքները խորհրդային միության փլուզումից հետո սեփականաշնորհվել են և բազմիցս վերավաճառվել: Դրա հետ քաղաքապետարանը որևէ կապ չունի: Իսկ արտադրական տարածքին հաջորդող հատվածում, ըստ Կարապետյանի, տվյալ սեփականատերը 99 տարով ազգային պարկից 25 հա վարձակալած հողատարածք ունի: 2010-ից հետո, երբ այդ հողերը համայնքային հաշվեկշռին են անցել, քաղաքապետարանը այդ հատվածից նույն սեփականատիրոջն ուղիղ վաճառքով 5 հա է վաճառել: «Ճանապարհի մասը, որքան գիտեմ, այդ 5 հեկտարի մեջ չի մտնում, բայց դա էլի իրենն է: Դեմն էլ իր սեփական շենքերն են արդեն, որի հետ քաղաքապետարանն ընդհանրապես կապ չունի»:

Կարապետյանը պնդում է, որ քարտեզով նշված տարածքում ճանապարհ չկա նախատեսված: կանալ«Բոլոր քարտեզներով ուսումնասիրություններ ենք կատարել, իրենցից բոլորից պահանջել ենք սեփականության վկայականները, Սովետական Միության ժամանակներից այդտեղ եղել է արտադրական տարածք և ճանապարհը, որը հիմա բնակիչները շեշտում են, եղել է արտադրական տարածքների համար»,- ասում է Կարապետյանը:
Սակայն անգամ այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է մի քանի արտադրական ընկերությունների` նախկին պանելի գործարանին, բետոնի գործարանին և կահույքի արտադրամասին սպասարկող տարածքը հայտնվել մեկ սեփականատիրոջ կադաստրային վկայականում` փաստի առաջ կանգնեցնելով նաև մյուս երկու արտադրամասերի սեփականատերերին:

Չնայած Կարապետյանի հավաստիացումներին, թե քարտեզով տվյալ հատվածում ճանապարհ նախատեսված չէ, բնակիչները հակառակն են պնդում:
«Նոր քարտեզով են նայում, որն իրենք են գծել, ինչ ուզեցել են, ներառել են, ինչը չէ` բաց են թողել: Թող 20 տարի առաջվա քարտեզները նայեն: Վստահաբար հին քարտեզներում ճանապարհ կա նախատեսված այս հատվածում»,- ասում են նրանք:

Կարապետյանը նշում է, որ քարտեզով դեպի լիճ տանող երկու ճանապարհ կա` Ներքին Գետաշենից դեպի Մարտունի` ավտոկայան չհասած տարածքով և Մարտունուց դեպի Վաղաշեն, այսպես կոչված` շրջկոպի տարածքով: Այս ճանապարհները, սակայն, հեռու են և ամենօրյա օգտագործման համար պիտանի չեն, քանի որ կրկնակի ու անգամ եռակի երկարացնում են բնակչի ճանապարհը դեպի անտառ:

Կարապետյանն ասում է, որ իրենք ցանկանում են օգնել բնակիչներին` հասկանալով նրանց դժգոհությունը: Այդ նպատակով չափագրումներ են իրականացրել` հուսալով, որ ինչ-որ բան չի համապատասխանի կադաստրային վկայականին, բայց ապարդյուն: Ներկա սեփականատերը քաղաքապետարանում հայտարարել է, որ դա իր սեփականությունն է, որի համար գումար է վճարել, ուստի չի պատրաստվում զիջել ու բնակիչներին ճանապարհ տալ:
«Նախկին սեփականատիրոջն ենք կանչել, բացատրել, որ սխալ վաճառք է իրականացրել»,- ասում է Կարապետյանը:

«Անկախը» փորձեց նաև պարզաբանում ստանալ Սևան ազգային պարկից:
«Քաղաքապետարանի տարածքում է դա, մեր տարածքում չէ: Եթե բնակիչները բողոք ունեն, թող քաղաքապետարանից քարտեզը վերցնեն, եթե քարտեզով ճանապարհ կա ուրեմն կբացվի: Բայց դա հաստատ մասնավոր մարդու տարածքով է անցնում դեպի ազգային պարկ»,- ասաց Սևան ազգային պարկի Վարդենիկի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով` եթե բնակիչներն արտադրական տարածքների սեփականատերերի հետ համաձայնության գան ճանապարհի առումով` Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չի լինի, ազատ կկարողանան մուտք գործել անտառ:

Իսկ կանալի օրինականության հարցը փորձեցինք պարզել բնապահպանության նախարարությունից: Այստեղից մեզ ուղղորդեցին Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, որտեղից պնդեցին, որ կանալներն իրենց իրավասությունից դուրս են և առաջարկեցին դիմել Ջրային տնտեսության պետական կոմիտե: Այստեղ էլ պատասխանեցին, որ իրենք միայն ոռոգման ջրի հարցով են զբաղվում, հետևաբար նշված կանալն իրենց իրավասությունից դուրս է և էլի ուղղորդեցին բնապահպանության նախարարություն: Այստեղ նորից պնդեցին, որ արտեզյան հորերի ու ջրհորների համար է ջրօգտագործման թույլտվություն հարկավոր, իսկ կանալի համար` ոչ, եթե անգամ դրա պատճառով առուներն ու ջրհորներն են ցամաքում: Նախարարությունից նշեցին, որ կանալով և դրա հետևանքներով պետք է զբաղվի համայնքապետարանը:

Հ.Գ.
«Անկախը» հետամուտ կլինի խնդրի հանգուցալուծմանը և առաջիկայում այլ հրապարակումներ ևս կներկայացնի այս թեմայով:

Սարդարապատի գյուղի բնակիչները արգելափակվել են Ջերմուկ քաղաքի մոտակա արոտավայրերում

ձյան  արգելափակումիՄայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքից մոտ 17կմ հեռավորությամբ գտնվող սարերի արոտավայրում և նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ

ՀՀ ԱԻՆ հակակարկտային 6 կայաններ Լոռու մարզի որոշ գյուղերում իրականացրել են 907 կրակոց

Հակակարկտային կայաններՄայիսի 19-ին, ժամը 12.55-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 6 կայաններ Լոռու մարզի Դսեղ, Կուրթան, Կողես, Հագվի, Օձուն,Վարդաբլուր գյուղերում իրականացրել են ընդհանուր 907 կրակոց:

Անկախ

Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը

ուսանողԱշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական խորհուրդներին. «Սա նշանակում է, որ պետության կողմից ավելի է կարևորվում աշակերտական խորհուրդների դերը, ինչն էլ ավելի պատասխանատու պետք է դարձնի աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքը»։ Նա խորհուրդ տվեց դպրոցականներին աշխատանքներ տանել մասսայական միջոցառումների իրականացման, աշակերտական կառույցների ակտիվության բարձրացման ուղղությամբ, ինչը դպրոցների միջև կապահովի մրցակցություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ նման հավաքների ընթացքում բավականին հետաքրքիր գաղափարներ են առաջարկվում աշակերտների կողմից։ «Աշակերտները ցանկանում են, ուսումնական պրոցեսից բացի, ունենալ նաև այլ զբաղվածություն։ Առաջին համաժողովից հետո հենց աշակերտների առաջարկով կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ինչը հետագայում կօգնի նրանց ընտրել այն մասնագիտությունը, որն ավելի հոգեհարազատ է, և որի շրջանակներում կկարողանան ավելի լավ ինքնադրսևորվել»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը նշում է, որ իրենց դպրոցում ուսուցիչներն ու տնօրինությունը կարևորում են աշակերտական խորհրդի դերը, և իրենց ցանկացած առաջարկ արժանանում է քննարկման։ Լիլիթը ներկայացրեց իրենց դպրոցի աշակերտական ինքնակառավարման մարմնի 2013-2014 ուսումնական տարվա գործունեությունը։ Նա մատնանշեց որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրենց կառույցի աշխատանքներին, մասնավորապես, խոսեց աշակերտների ծանրաբեռնվածության մասին, ինչը հաճախ խանգարում է երեխաներին լինել ավելի ակտիվ։

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ալեն Մարգարյանն էլ նշում է, որ իրենց կառույցը դպրոցի սաների համար մշտապես կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Ալենն իր զեկույցում առաջարկեց, որպեսզի ավագ դպրոցներն ավելի սերտացնեն համագործակցությունը միմյանց հետ, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու աշակերտական ինքնավարության մարմինների զարգացմանն ու կատարելագործմանը։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ամռանը մայրաքաղաքը հագեցած կլինի միջոցառումներով

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։

«Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։

Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական   դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ  ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։

Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։

««Երևանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երևանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց.  շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երևանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, և այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երևանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է և տեղին։ Այս տարի «Երևանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, և ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ և գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

«Երևանյան ամառ» ծրագրի երեք ամիսների ընթացքում Մանկական զբոսայգում շաբաթ և կիրակի օրերին ժամը 12։00-14։00-ն բացօթյա բազմաժանր համերգային, կրկեսային ծրագիր է նախատեսված։ Ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 11։00-17։00-ն մուտքը անվճար է լինելու Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Իսաբեկյան ցուցասրահներում։

Հունիս-օգոստոս ամիսներին Կարապի լճում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։30-ից 22։30-ը բացօթյա էկրանին հայկական ֆիլմերի ու համերգների ցուցադրում է լինելու։ Շառլ Ազնավուրի հրապարակում շաբաթ օրերին երեկոյան «Երևան» փողային նվագախումբն է ելույթ ունենալու։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս տարի «Երևանյան ամառ» ծրագրում բազմաթիվ են նաև մարզական միջոցառումները, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնն է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք մարզաձևերից։ Մարզական փառատոնն անցկացվելու է երկու՝ վարչական շրջանների ու քաղաքային փուլերով։

«Երևանյան ամառ» ծրագրի առավել մանրամասն բովանդակությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ մայիսի 25-ից թերթի կրպակներում տրամադրվող գրքույկներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կայքերից։

«Երևանյան ամառը» ներառում է նաև օգոստոսի 1-ից 15-ն անցկացվող առողջապահական ակցիա: Այդ ընթացքում երևանցիները կարող են անվճար բուժհետազոտություն անցնել սիրտ-անոթային, վահանաձև գեղձի հիվանդությունների գծով, ինչպես նաև ենթարկվել թանկարժեք՝ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությունների։

Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում, Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, ուր մուտքը երեխաների համար անվճար է լինելու։ Սահմանված ժամերին անվճար են լինելու նաև Մանկական այգու բոլոր և Հաղթանակի զբոսայգու 25 ատրակցիոնները։ Այդ այգիներում նաև տոնական-ժամանցային ծրագրերով համերգներ են լինելու երեկոյան: Հաղթանակի զբոսայգում 22։00-ին մեծ հրավառություն է սպասվում։  Կարապի լճի բացօթյա էկրանին  20։00-22։00-ը հայկական մուլտֆիլմեր են ցուցադրվելու։

Հունիսի 1-ից մեկնարելու է նաև  «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու տարեշրջանը։ Ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Ֆրանսիայի հրապարակից սկիզբ կառնի բազմալեզու երթուղին՝ երկհարկանի ավտոբուսներով, բովանդակությամբ թարմացված գիդ-ծրագրով։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ստեղ բազառ չի, արա՛». Փաշինյանը՝ Շմայսին

Նիկոլ ՓաշինյանՆոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ մասնավորապես դրա ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

«2011 թվականի նոյեմբերի ինին Սերժ Սարգսյանն ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը՝ նշելով, որ մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, և որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակրգից»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավորը:

Այս հայտարարությունից երկու տարուց մի քիչ ավելին է անցել, սակայն, ըստ Փաշինյանի, այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ անձանց քսանյակին, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը լավագույն եռյակի հավակնորդներ  են:

«Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ»,-սկսեց թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը Փաշինյանը:

Անցնելով Դավիթ Հարությունյանին՝ նա նշեց, որ վերջինս այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջին քսան տարիների ընթացքում եղել է ոչ թե պետական պաշտոնյա, այլ անշարժ գույքի գործակալ:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում. «Ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է: Որ ասում եք, կոռուպցիա, կոռուպցիա, ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի է՞: Հե՛սա կոռուպցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած իր հարցուպատասխանին, որտեղ Աբրահամյանն իրեն ասել էր, թե մի ընտանիք էլ չի կարող պահել, Փաշինյանն ասաց. «Ճիշտ է, երբ ես ընդհատակում ու բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Մարդ ձե՛ր նման պետք է ընտանիք պահի, որ հարազատաներն ու բարեկամները դառնան պատգամավոր միլպետ, գործարար ու միլիոնատերեր: Ձեր լավ պահած ընտանիքների հաշվին է, որ Հայաստանում 200 հազար ընտանիք էլ աղքատ է ու հացին կակա է ասում»:

Այստեղ արդեն հանրապետական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նյարդերը տեղի տվեցին կամ էլ նա ցանկացավ արջի ծառայություն մատուցել նորանշանակ վարչապետին և սկսեց տեղից գոռգոռալ ու հակադարձել Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանն էլ, հունից դուրս գալով, բղավեց. «Ստեղ բազառ չի, արա՛»:

Այնուհետև, անցնելով Հովիկ Աբրահամյանին, Փաշինյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել պոմիդոր աճեցնելով, քանի որ, ինչպես երևում է, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում:

Փաշինյանը չխնայեց նաև Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հետ իր հարցուպատասխանի ժամանակ միջամտել էր և իր հասցեին թույլ էր տվել «չարաճճիություն» արտահայտությունը: «Եթե դուք թոթովախոս եք և բառերը դժվարությամբ եք իրար կապում, ապա դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք Ազգային ժողովի հետ»:

«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»-արձագանքեց Գալուստ Սահակյանը:

 

Անկախ

Ոսկյա զարդերի գողը ազգականն էր

ոսկյա զարդերՄայիսի 20-ին, ժամը 18.35-ին, 1952 թ. ծնված Ժուլետա Դ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել: Բնակարանից ոսկեղեն էին գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ մարտից մինչև մայիսի 20-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում իր բնակարանից անհետացել են հարսի ոսկյա զարդերը` մոտ 450.000 դրամ արժողությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը, ժամը 21.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ժուլետա Դ.-ի ազգականին` 1996 թ. ծնված Նարեկ Դ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Վարչական բոլոր շրջաններում պարտադիր բարեկարգման աշխատանքները շարունակվում են

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում է ամենօրյա հսկողությունը տնտեսվարողների կողմից  հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ տարվա բոլոր եղանակներին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների պարտադիր կատարումը Երևանի ավագանու որոշման պահանջն է:

Ներկայում մայրաքաղաքում հաշվառված է հարակից ընդհանուր օգտագործման տարածք ունեցող ավելի քան 14 հազար օբյեկտ: Դրանց մի մասում հարակից տարածքները ենթակա են կանաչապատման, իսկ մնացածներն էլ, որոնք չունեն կանաչապատ տարածքներ, պետք է բարեկարգվեն:

Այն տնտեսվարողները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները կամ թերանում են դրանց կատարման մեջ, ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Նշենք նաև, որ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել ու գործում է Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգը, ուր մուտքագրված են հարակից տարածքների մշտապես թարմացվող լուսանկարները, տնտեսվարողների տրամադրած և նրանց կողմից ստորագրված սխեմաների, նախազգուշացման և արձանագրությունների թերթիկների լուսապատճենները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

0001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձևավորվի նաև Ղազախստանի մայրաքաղաքի հետ. «Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ Ղազախստանի այլ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Անշուշտ, շատ կարևոր է, որ արդեն իսկ համաձայնեցված է Երևանի և Աստանայի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում կկնքվի, ու երկուստեք փոխշահավետ գործակցության ծավալումը կդրվի գործնական հիմքերի վրա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի իսկապես կարճ ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքները ստորագրեն եղբայրացման մասին համաձայնագիրը. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

«Կառավարության այս ծրագրից ծրագրի հոտ է գալիս». Հրանտ Բագրատյան

հրանտ բագրատյանՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նոր կառավարության ծրագրի մասին իր ամփոփիչ ելույթում նախ քննադատեց նախորդ կառավարության գործունեությունը՝ նշելով, որ վեց տարի կորցրել ենք, ապա ավելացրեց, որ առաջին անգամ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել քսան տարի, և որ այս ծրագրից իսկապես ծրագրի հոտ է գալիս:

Հրանտ Բագրատյանին դուր է եկել կառավարության ծրագրում առկա այն դրույթը, որ սահմանին ԱԱՀ-ն դուրս չի գրվելու, Համահայկական ներդրումային հիմնադրամի և միջոցների գեներացման հետ կապված դրույթը, կոոպերացիայի ստեղծումը՝ չնայած որ նա դեմ է հողերի խոշորացմանը, փոխարենը՝ կողմ փոխկոոպերացիայի գաղափարին. «Օրինակ, պիտի կարտոֆիլ արտադրող գյուղում ստեղծենք նաև օսլա արտադրող ընկերություն: Դա կոչվում է փոխօգնության կոոպերացիա»,-բացատրեց նա: Բագրատյանը դրական է գնահատում նաև գյուղացիության ապահովագրության և գյուղմթերքների սուբսիդավորման հետ կապված դրույթները: Որպես թերություն  պատգամավորը համարում է այն, որ ծրագրում լուծված  չէ միկրո, փոքր և խոշոր բիզնեսների հարկերի խնդիրը, մինչդեռ, ըստ նրա, շատ հեշտությամբ կարելի է այս երեք ոլորտը ներդաշնակեցնել: Թերի է նաև նվազագույն աշխատավարձի հետ կապված խնդիրը: Պատգամավորը գտնում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 45 տոկոսը և պետք է հարկվի: Տարեկան հայտարարագրին վերաբերող դրույթում Բագրատյանն առաջարկում է մտցնել պարզեցված հարկ կամ կիրառել համատարած հայտարարագիր ամբողջ ժողովրդի համար: Թերություններից մեկն էլ, ըստ Բագրատյանի, պարտադիր կենսաթոշակային համակարգի չլուծված խնդիրն է. «Պետք է անկեղծ խոսենք, ի՞նչ եք անելու սա: Կան լուծումներ, բայց ստացվում է, որ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»:

Ոստիկանները պարզեցին իրողությունը

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Վարուժան Ա.-ն իր վարած «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Վարդանանց և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գայանե Ղ.-ին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Նախարարությունների առաջարկները խմբավորվել են մեկում` որպես կառավարության ծրագիր. Գագիկ Մակարյան

մակարյան«Կառավարության նոր ծրագիրը վատը չէ, սակայն ես այն համարում եմ անցումային, քանի որ կառավարությունն էլ է անցումային: Ես այս մասին վարչապետին էլ եմ ասել, քանի որ որոշ նախարարներ, որոնք նոր են նշանակվել,  վստահություն չեն վայելում, և կան որոշ նախարարներ, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ թույլ են տվել որոշ թերացումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  կառավարության նոր ծրագրին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ամեն մի նախարարություն տվել է իր առաջարկները և դրանք խմբավորվել են մեկում: Զարմանալի չէ, որ այս ծրագիրն այդքան արագ հավանության արժանացավ նախարարների կողմից: Ես կասեի նրանք հավանություն տվեցին առանձին գլուխների, ոչ թե ամբողջական ծրագրին:  Այդ փաստաթղթին ծանոթանալու համար ես 4 ժամ եմ տրամադրել և ես կարծում եմ, որ ոչ բոլոր նախարարներն են կարդացել այն»:

Ըստ ծրագրի` նվազագույն աշխատավարձը կլինի 65 հազար դրամ: Նպատակ է դրվել կրճատել աղքատությունը 10 տոկոսով:

«Այսպիսի հետաքրքիր կետ կա` չհիմնավորված հարստացման հարցը, կառավարությունը հետամուտ է լինելու չհիմնավորված ճանապարհով հարստացման խնդիրերին, այսինքն` փորձելու է հասկանալ, թե ով ինչպես է հարստացել»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Ծրագրում  նշվում է մաև Հայաստանի ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտության մասին: Հարևան երկրների հետ հարաբերությունների հարցում փոփոխություններ չկան: Այն մնացել է նախորդ ծրագրի նման:

Ըստ Մակարյանի` կարևոր է նաև մարդու իրավունքների բաժինը, որտեղ նշված է, թե պետք է նպաստել դատարանների անկախությանը, սակայն չի ասվում, թե ինչպես:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

ճանապարհային ոստիկանությունՄայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Տոյոտա» Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է բախվել վերգետնյա անցման բետոնե պատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 37 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 60-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կ/մ-ին  «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի քարի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ