Մայիսի 8-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հայանիստ գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում գազազած հովվաշանը հանգստացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը:
Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք:
Նոր Արեշում 5 քաղաքացիներ մնացել էին վերելակի մեջ
Գյումրիի 4 բնակիչներ Վրաստանում ավտովթարի են ենթարկվել
Մայիսի 8-ին, ժամը 09.15-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VT 295 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ Մ. Ա.-ը, Է. Հ.-ը, Ս. Շ.-ը և Ա. Ռ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասպինձա քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հարգանքի տուրք ազատամարտիկների հիշատակին
Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է դրել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: Այնուհետ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կառուցվածքային փոփոխությունների հետքերով
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Այսպիսով ստեղծվեց սուպերնախարարություն, ունեցանք սուպերնախարար, քանի որ ստացվում է` այս նոր պետական մարմինը և՛ հարկերն է գանձելու, և՛ որոշելու է, թե ինչպես բաշխել դրանք: Կառուցվածքային այս փոփոխությունը իշխանությունները հիմնավորում են որպես արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման հերթական քայլ:
ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում և նշում, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները չպետք է առանձին մարմիններ լինեն, այլ երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի և բյուջեի կատարողականի համար: «Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը:
Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում, իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը, մինչ ֆիննախի հետ միավորումը, մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ինչ միջոցով, ինչպես կկատարվեր, տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքերի, տարբերակում չկար: «Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը:
Գրեթե նույն տեսակետն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որ ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ` նշելով, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային և մաքսային մարմինների ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա նա պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես օպերատիվ տեղեկատվություն ունենա: Իսկ դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով: Ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք պետք է լինեն հաջորդ ֆինանսական տարում: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող և հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ և օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:
Բայց հակառակ կարծիքը, թե այս միացման արդյունքում Հայաստանում տնտեսության և ֆինանսների կառավարման խիստ աղճատված համակարգ է ստեղծվելու, առավել գերիշխող է հայկական վերլուծական ու լրատվական շրջանակներում:
Հարցն այն է, որ տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքների համաձայն` ֆինանսների նախարարության հիմնական գործառույթը պետական բյուջե մշակելն է, որի եկամտային մասը պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն: Ֆինանսների նախարարությունը նաև բյուջեի ծախսերի պատասխանատուն է: Եվ այս երկու կառույցների ներքին հակամարտությունն ու բանավեճը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, որի շնորհիվ կառավարումը դառնում է արդյունավետ: Նախկինում Հայաստանում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն առանձնացվեցին` ելնելով հենց այս նկատառումներից: Իսկ այժմ, երբ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն անցնում են միևնույն մարմնի` միևնույն անձի լիակատար վերահսկողության տակ, այդ հակակշիռների մեխանիզմը հիմնովին ջախջախվում է:
Հակակշիռների մեխանիզմ պետք չէ՞
Այս երկու մոտեցումներն էլ խիստ պայմանական են: Եթե նշվում է արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ապա պետք է հստակ նշվի, թե որքանով է անարդյունավետ եղել նախկին համակարգը կամ կառուցվածքը: Շատ կարճ ժամանակահատվածի համար սա կարող է նույնիսկ դրական արդյունքներ տալ: Կարելի է սպասել նույնիսկ, որ հարկային եկամուտները կավելանան: Բայց դա շատ կարճ կտևի, իսկ ավելի երկարատև հեռանկարում վատ, շատ վատ հետևանքներ է ունենալու` թեկուզ նույն արդյունավետության առումով, եթե մնացած բազմաթիվ հարցերը նշելու չլինենք:
Ավելին` մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը:
Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է տվյալ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ այդ միավորման շուրջ մտահոգություններ ունեն նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները, հիմնականում` արևմտյան երկրների:
Հակակշիռների մասին դիտարկումները, ի դեպ, անուղղակի ձևով հաստատում են հենց այս կառուցվածքային փոփոխության պաշտպանները: Նույն Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետև երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդ երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը: Սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»:
Ինչ վերաբերում է քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու «բուռն ցանկությանը», ապա հարկ է նշել, որ այս կարգի փոփոխությունները տեղի են ունենում` ելնելով զուտ քաղաքական կոնյունկտուրայից:
Հիմա ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր «զուգադիպությունների»: Դեռ ֆինանսների նախարար չդարձած` ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստում կառավարության հաստատմանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը և հավանություն «կորզեց», որը համարվում է հարկային վարչարարության ֆեոդալական ձև. քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին, երբ ստուգումներ իրականացվում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ հարկատուի առնչությամբ հարկային մարմիններում, դինամիկ վերահսկողության ու վերլուծության արդյունքում, կասկածներ են ի հայտ գալիս:
Հաջորդիվ կառավարությունը մտմտում է փոփոխել շրջանառության հարկին վերաբերող օրենսդրական բազան` շրջանառության հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 1 տոկոս, սակայն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար շրջանառության նախատեսված շեմը նույնպես սեղմել ու իջեցնել մինչև 30 մլն դրամ, այսինքն` մնացածն արդեն կանցնեն ավելի բարձր դրույքներով` այլ հարկատեսակով հարկման տիրույթ:
Մյուս ուշագրավ նախաձեռնությունն այս ոլորտում վերաբերում է փոստային կամ էլեկտրոնային գնման եղանակով ներմուծված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերին, ըստ որի` եթե նախկինում յուրաքանչյուր ոք իրավունք ուներ առանց մաքսազերծման տարեկան մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք բերել միջազգային էլեկտրոնային գնումների համակարգերով, ապա այժմ այդ շեմը փորձում են իջեցնել մինչև 50 հազար դրամ: Այս ամենով հանդերձ, եթե իշխանություններն ասում են, թե ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը բարենորոգիչ առաքելություն ունի, ապա մյուս կողմից քայլեր են անում, որոնք, համենայն դեպս, հակասում են այդ մոտեցմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ
Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ:
Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ:
Իմ խորին համոզմամբ՝ երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաև հոգեվիճակ, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, ում համար Հայրենիքը ամենաթանկ գաղափարն է: Եվ այսօր, նշելով Երկրապահի օրը, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, այլև հերթական անգամ պարտավորություն ստանձնում պահպանելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել նաև նրանց կյանքերի գնով: Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ,
այսօր նաև ձե՛ր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի՛ եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարումի: Վստա՛հ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Որո՞նք են ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները
Ծխախոտագործությունը կամ ծխախոտն այն հակասական երևույթներից է, որը մի կողմից իրենից նեկայացնում է որպես գործարարության ճյուղ` ապահովելով աշխատատեղերով, իսկ մյուս կողմից դրա օգտագործումն անկանխատեսելի բացասական հետևանքներ է առաջացնում քաղաքացիների մոտ: Այս առումով հատկապես խոցելի են անչափահասները, որոնց կողմից ծխախոտ իրացնելու արգելքը սահմանված է օրենքով:
Այսպես, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց,
2) 18 տարին չլրացած անձանց կողմից,
3) բաց տուփերով կամ հատով,
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է,
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում,
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի,
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով),
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը,
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը,
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները`
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում,
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածրի արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Ուշադրություն, ուշադրություն. խոսում է Բերդը…»
“Ուշադրություն, ուշադրություն. խոսում է Բերդը: Խոսափողի մոտ է Արմենուհի Փալանդուզյանը”:
Շամշադինի ռադիոլրատուն 1960-ականներից եթերում էր մինչև 2001 թվականը: Հիմնադիր-հաղորդավարը Սոնյա Ներսիսյանն էր: Նա 1995-ին մահացել է:
Դուստրը` Մելանյան, հիշում է.<<Վերջում ասում էր՝ հաղորդումը վարեց Սոնյա Ներսիսյանը: Կես ժամ էր եթերում, լուսաբանվում էր մեր տարածաշրջանի գյուղատնտեսական, մշակութային, կրթական իրադարձությունները>>:
1990-ականներին արդեն Բերդի ռադիոն արտակարգ ռեժիմով էր աշխատում: Ռադիոն եթերում էր ընդամենը 15 րոպե՝ 17:30-ից մինչև 17:45-ը: Արտակարգ դեպքերում, իհարկե, րոպեի սահմանափակման խնդիր չէր լինում:
Հայ-ադրբեջանական պատերազմական տարիներին Բերդի ռադիոհաղարդավարը Արմենուհի Փալանդուզյանն էր, լրագրողը` Մարուսյա Քոսակյանը: Նրանք երկուսով ապահովում էին տարածաշրջանի լրահոսը: <<Երբ սկսվում էր գնդակոծությունը Բերդի վրա, երբ կրակոցներ էին լսվում սահմանից, շփոթվում էի, հուզվում`չգիտեի` ինչ անեմ` շարունակեմ, թե ընդհատեմ հաղորդումը>>,-Անկախի հետ զրույցում նշեց նախկին ռադիոհաղորդավարուհի Արմենուհի Փալանդուզյանը:
Բերդի ռադիոն հատուկ թողարկմամբ եթեր էր մտնում, երբ գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ էին վիրավորվում, որոնց անհրաժեշտ էր լինում օգնություն, որևէ կարգի արյան դոնոր էր անհրաժեշտ լինում: Այդ մասին հաղորդվում էր նաև սահմանին վիրավորված զինվորներին օգնելու նպատակով: Ահա այդ հրատապ դեպքերում Բերդի փոստային օպերատորն արագ ընդհատում էր կենտրոնական ռադիոյի թողարկումը և խոսափողը տրամադրում տավուշցի հաղորդավարներին: <<Բանահյուսական նյութեր էի հավաքում, հիշում եմ, որ շատ գեղեցիկ հաղորդում էր ստացվել, Բերդում այդպես էին նրան կոչում` Անանց Կոստիի մասին: Նա շատ շնորհալի, տաղանդավոր մարդ էր, շատ լավ երգում էր, հեքիաթագիր էր, ասացող էր: Անգամ հանդիպել էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Այդ հաղորդումն է ինձ համար հիշարժան եղել>>,-նշեց Արմենուհի Փալանդուզյանը:
Արմենթելի մուտքի հետ զուգահեռ արդեն փոստային ծառայության աշխատակիցները` Բերդի ռադիոյի ձայները, լուծարվել են, և արդեն 13 տարի է` Բերդի ռադիոն լուռ է:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է:
Նոր վարչապետը ջանք չի խնայում, բայց «Դեմ եմ»-ը խայծը կուլ չի տալիս
Չնայած կառավարության` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալված լարվածությունը թուլացնելու ջանքերին՝ դրան ընդդիմացող զանգվածը, մասնավորապես` «Դեմ եմ» շարժումը, չի պատրաստվում դիրքերը զիջել: Ավելին, շարժման ակտիվիստներն այլևս չեն ցանկանում գնալ իշխանությունների հետ համագործակցության, քանի դեռ չեն կատարվել իրենց հիմնական պահանջները:
Ազգային ժողով ներկայացված նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը կասեցնել օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձանց ազատել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից, չի փարատում գլխավոր մտահոգությունը: Ի վերջո, այս օրենքի ընդունումից հետո աշխատողները պարտադիր վճարումներ կատարելո՞ւ են, թե՞ ոչ, կարո՞ղ է աշխատողը գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել: Հայտնի չէ նաև, թե նրանք, ովքեր արդեն այդ գումարները փոխանցել են, հետագայում այդ գումարները հետ ստանալո±ւ են, թե± ոչ, եթե սեպտեմբերի 30-ից հետո պարտադիր բաղադրիչը կասեցվի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանում հայտարարել է, որ այս նախագիծն ընդհանուր քննարկման դաշտ ստեղծելու առաջին քայլն է: Աժ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հավելել է, որ կառավարությունը նախատեսում է հնարավորինս շուտ ամբողջական օրենսդրական փաթեթը բերել Ազգային ժողով, որպեսզի հարցը վերջնականապես փակվի: «Հայ դատի և Արցախի հարցերից հետո, վերջին, ամենաշատ քննարկվող հարցը Հայաստանի Հանրապետությունում սա է: Էս հարցին մենք պետք է գոնե լուծում տանք, որովհետև սա մեզանից է կախված, ուրիշներից կախված չի»,- ասել է Հակոբյանը:
Այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է մշակել ամբողջական օրենսդրական փաթեթ՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Նախագծի լրամշակմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այլև հասարակական սեկտորին, մասնավորապես` «Դեմ եմ»-ի ակտիվիստներին: Վերջիններս, սակայն, չեն պատրաստվում մասնակցել այդ գործընթացին:
«Մենք հստակ պատասխանել ենք, որ նման հրավերները ֆիկտիվ են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել մարդկանց խաթարված իրավունքները, նրանցից ապօրինաբար գանձվել են գումարներ և ընտրվել ֆոնդեր՝ խախտելով սահմանադրական իրավունքները: Իսկ նոր օրենքի մշակմանը կարելի է մասնակցել, եթե հավատ ունես, որ կառավարությունն իսկապես փորձում է ժողովրդի շահերից բխող օրենք մշակել, ինչը փաստ չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են նրանք վերաբերվում մարդկանց սահմանադրական իրավունքները վերականգնելուն ուղղված մեր պահանջներին, որոնք պետք է ներառվեին 76-րդ հոդվածը կասեցնելու նախագծի մեջ»,-«Անկախի» հետ զրույցում ասաց շարժման ակտիվիստ Մանե Թանդիլյանը:
Եվ մինչ կառավարությունը փորձում է ընդհանուր լուծումներ գտնել օրենսդրական փաթեթի շուրջ, «Դեմ եմ»-ը չի թուլացնում զգոնությունը և մայիսի 8-ին պատրաստվում է դուրս գալ «Պահանջի երթի»՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր դեմ են «պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականացվող գրպանահատությանը»` միանալ իրենց:
«Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»,- նշված է «Դեմ եմ»-ի տարածած հայտարարության մեջ:
Մայիսի 5-ին շարժման ակտիվիստներն անցկացրեցին իրազեկման ակցիա՝ «Մենք դեմ ենք փուչիկ խոստումներին», «Պահանջի’ր, որ ձեռքերը հանեն քո գրպանից» և այլ բովանդակությամբ թռուցիկներ բաժանելով քաղաքացիներին:
Շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. Քանի դեռ այսօր խախտվում ու ոտնահարվում են մեր իրավունքները, մենք չենք կարող նոր օրենքի մշակման գործընթացի մասին մտածել»:
Ակտիվիստը հիշեցնում է իրենց հիմնական պահանջները.
1. Օր առաջ բոլոր գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ) պատշաճ կերպով ծանուցել կառավարության հստակ ու առանց ենթատեքստերի պաշտոնական դիրքորոշման մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, որոնք գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին:
2. Համապատասխան իրավական ակտով կասեցնել ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի դրույթների գործողությունը։
3. Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրա•րային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։
4. Ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, որոնք գրավոր ցանկություն են հայտնել մասնակցելու ներկայիս համակարգին, իսկ նրանց համար, ովքեր գրավոր կերպով այդ կամքը չեն հայտնել, դադարեցնել ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարչի ընտրությունն ու չեղարկել նրանց համար մինչ օրս ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի` ֆոնդերի ու ֆոնդերի կառավարիչների ավտոմատ եղանակով ընտրության ապօրինի գործողությունները։
5. Համապատասխան իրավական ակտով ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը։
«Եվ սա պահանջում ենք իրականացնել ոչ թե բառախաղով, այլ իրականում ու անհապաղ, ոչ թե մասամբ, այլ ամբողջովին, քանի որ սրանք ոչ միայն հանրային պահանջ են, այլև Սահմանադրական դատարանի որոշման պահանջ»,- հավելում է ակտիվիստը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նույնպես հրավիրել են մասնակցելու օրենսդրական փաթեթի լրամշակման աշխատանքներին, և իրենք անպայման իրենց առաջարկներն են ներկայացնելու: Գլխավոր սկզբունքը լինելու է այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի:
Իր հերթին այս ամենից փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել խորհրդարանական քառյակը, որի օրակարգը սպառվել էր վարչապետի հրաժարականի պահանջի տապալումից հետո: Պարտադիր կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունները «հրաշալի քառյակի» վերջին հնարավորությունն են համագործակցության ընդհանուր օրակարգ ձևավորելու համար, քանի որ, ինչպես երևում է, այլ հրաժարականների պահանջի շուրջ նրանք պատրաստ չեն համագործակցելու:
Իսկ մայիսի 12-ին խորհրդարանում նախատեսվում է անցկացնել արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի նաև կենսաթոշակայինի մասին նոր օրենքի նախագիծը:
Անի Գասպարյան
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Ազատություն” ռադիոկայանի հարցին
Հարց. Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:
Պատասխան. Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։
Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Դեսպան Ջեյմս Ուորլիքի ելույթը Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ
Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամ
Չորեքշաբթի, 7-ը մայիսի, ժամը 9:00
Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ինձ հետ միասին: Ձեզնից ոմանց ես ճանաչում եմ, դուք վերջին ութ ամիսների ընթացքում ինձ համար եղել եք խորհրդատու, գնահատական եք տվել հնչեցված գաղափարներին և ես առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ:
Թույլ տվեք սկսեմ նրանից, որ չեմ ցանկանում վերստին անդրադարձ կատարել հակամարտության պատմությանը: Մեր նպատակը պետք է լինի առաջընթացի պրագմատիկ ճանապարհ գտնելը, որը տևական լուծում կապահովի:
Թեպետ ես այսօր հանդես եմ գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, սակայն ես չեմ խոսում համանախագահների անունից: Ձեզ ուղղված իմ ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը, որով առաջնորդվում ենք խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելու մեր ներգրավվածության շրջանակում:
Իսկ խաղաղությունը հասանելի է: Կողմերն հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն: Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին:
Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:
Երկու տասնամյակ սակայն խաղաղությունն անորսալի է եղել: Բոլոր կողմերի միջև անվստահություն կա միմյանց նկատմամբ, և Հայաստանում ու Ադրբեջանում հասակ է առել երիտասարդների մի սերունդ, որոնք միմյանց հետ անմիջական շփման հնարավորությունից զրկված են եղել: Շատերն են նշում, որ ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ մի ժամական հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել են, ու տարաձայնությունները հարթելու համար զենք վերցնելու կարիք չի զգացվել:
Մի առիթով Չերչիլն ասել է. «խաղաղությունը բանակցում ես թշնամուդ հետ, ոչ թե բարեկամիդ հետ»: Ցանկացած բանակցության հաջողության գրավականն այն է, որ բոլոր կողմերը գան այն եզրահանգման, որ մի բան շահում են, իսկ հայերի ու ադրբեջանցիների պարագայում կասկածից վեր է, որ համաձայնությունը բարգավաճման մի նոր դարաշրջան կբացի ողջ տարածաշրջանում: Խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց, և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից:
Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից:
Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:
Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից:
Խաղաղության համաձայնագիրը՝ պատշաճ կերպով մշակված ու իրականացված, վերջ կդնի նաև սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների ողբերգական ու կայուն շարքին թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում: Թվերը դժվար է հստակ նշել, սակայն արդեն իսկ այս տարվա ընթացքում կրակագծում մեկ տասնյակից ավել մարդիկ զոհվել են, իսկ վիրավորվածների թիվը նույնիսկ ավելին է: Սա անընդունելի է:
Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի արդյունքում կրում են պետական բյուջեները. դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:
Հաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թեպետ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, սակայն պետք է նաև համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ու երերուն:
Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում, հուսահատություն Ադրբեջանում և վրդովմունք վերջինիս ներքին տեղահանվածների շրջանում. սա խաղաղության ու կայունության բաղադրատոմսը չէ, սա նաև բարգավաճման ուղին չէ:
Տարածաշրջանի մարդիկ արժանի են ավելի լավին:
…
Այս աշխատանքը ես սկսեցի անցյալ տարվա սեպտեմբերին՝ այցելելով տարածաշրջան և հանդիպում ունենալով երկու նախագահների ու նրանց արտգործնախարարների հետ Բաքվում և Երևանում: Ես նաև եղա Լեռնային Ղարաբաղում՝ միանալով դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմին, որն իրականացնում էր ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը շփման գծի երկայնքով՝ Աղդամի ու Գինդարխի ճանապարհների միջև ընկած հատվածում:
Ես թիմին միացա շփման գծի արևմտյան կողմում և առաջին անգամ ռազմաճակատի գիծը տեսա: Ես տեսա այն դժգույն իրականությունը, որ ծառացած է այս գծի երկու կողմերում գտնվող զինվորների առաջ, ովքեր ապրում և աշխատում են խրամատների ու դիրքերի ետևում և միմյանցից բաժանված են միայն փշալարերով ու ականապատ տարածքներով:
Կողմերն ապրում են դիպուկահարների կրակոցների ու ականների պայթելու վախն իրենց սրտերում: Նրանք մտահոգված են շփման գծին կամ հայ-ադրբեջանական միջազգային սահմանին «շատ մոտ» գտնվող քաղաքացիական բնակչության կյանքով, արոտավայրերի ու դաշտերի, գերեզմանների ու շենքերի հասանելիության հարցերով:
ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են երկու տասնամյակ՝ աչքերը պահելով այս փխրուն խաղաղության վրա, սակայն չունենք իրավասություն կամ ռեսուրսներ վերջ դնելու հաճախակի արձանագրվող դժբախտ դեպքերին, կամ էլ բացահայտելու պատասխանատուներին:
Կողմերն ամեն տարի հրադադարի խախտման մասին հազարավոր հաղորդումներ են ներկայացնում , սակայն մենք անկարող ենք գտնվել համաձայնության գալ որևէ միջոցի շուրջ, որը կնվազեցներ այդ դրսևորումները:
Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե-ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները:
Մայրաքաղաքներում ես առավել հուսադրող ուղերձներ եմ լսել: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթաց ունենալ: Երկուսն էլ համաձայն են, որ վերջին տարիների ընթացքում բանակցված փաստաթղթերը պարունակում են համաձայնության ընդհանուր գծերը:
Համանախագահներն անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընդունեցին նախագահներին: Դա 2012թ. հունվարից հետո նախագահների առաջին հանդիպումն էր, և նրանց առաջին դեմառդեմ հանդիպումը 2009թ. ի վեր: Նրանց խոսակցությունը, առաջընթացի ուղի գտնելու հանձնառության մասին հայտարարելը հուսադրող էր մեզ համար: Դրանից հետո մենք տասը տարբեր առիթներով հանդիպել ենք արտգործնախարարների հետ՝ մեկի կամ երկուսի հետ միասին, որպեսզի քննարկումը շարունակվի:
Այնուհանդերձ, հստակ է, որ միայն նախագահներն են, որ ի զորու են իրենց երկրների համար նման փոխակերպող հետևանքներ ունեցող համաձայնություն կնքել: Միացյալ Նահանգները երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է:
…
Երբ ես անցյալ տարի աշնանը առաջին անգամ ուղևորվեցի Բաքու և Երևան, ես փոխանցեցի Նախագահ Օբամայի գրավոր հավաստիքներն ու վերահաստումն առ այն, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը ` որպես Մինսկի խմբի համանախագահ և որպես երկու պետությունների սերտ գործընկեր: Փոխզիջումների շրջանակն այդ պահի դրությամբ արդեն իսկ հաստատված էր, և իմ ուղերձն այն էր, որ ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Թույլ տվեք ներկայացնել «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:
Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:
Այդ հիմքի վրա կառուցելով ՝ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:
…
Ժամանակն է, որ կողմերը հանձնառություն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Անիրատեսական է կարծել, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներն ինքնին բավական են տևական խաղաղություն հաստատելու համար:
Երբ այս բանակցությունները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ:
Երբ մենք լծվենք խաղաղության բանակցություններին, գործնական հարցերի ավելի լայն շրջանակ կարող ենք ներկայացնել, որոնցից կշահեն բոլոր կողմերը: Կձևավորվեն տնտեսական և կոմերցիոն խթաններ. կվերականգնվեն էներգետիկ, տրանսպորտային և հեռահաղորդակցության կապերը, կլինեն ուղևորություններ ու ժողովուրդների միջև շփումներ ապահովող ծրագրեր, որոնք կսկսեն հակակշիռ ապահովել ներկայումս գերակայող վտանգավորության աստիճանի հասնող միակողմանի պատմություններին:
Մինսկի խմբի համանախագահներին համախմբում է խնդրի խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ընդհանուր նպատակը: Մենք մտադիր ենք աշխատել Մինսկի խմբի շրջանակում՝ որպես հակամարտության կարգավորման հիմանական օղակ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Մենք նաև կոչ ենք անելու Միացյալ Նահանգներում և աշխարհի այլ երկրներում գտնվող սփյուռքի համայնքներին հանդես գալ խաղաղության հաստատման դիրքերից և օգնել վերջակետ դնելու այս հակամարտությանը:
Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի:
Տևական կարգավորման հարցում անբաժանելի ու ոչ պակաս կարևոր են ադրբեջանցիների ու հայերի միջև կապեր, շփումներ ապահովող ժողովրդական դիվանագիտության ջանքերը: Այս կարգի ծրագրերը կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղությանը և հաշտվել անցյալի ցավերի հետ: Ակնկալում ենք, որ կողմերը կօժանդակեն այն անձանց և կազմակերպություններին, որոնք պատրաստ են աշխատել ժողովրդական դիվանագիտության ու մարդկանց շփումներին ուղղված ծրագրերում:
Հուսով եմ, որ դուք կաշխատեք մեզ հետ տևական խաղաղության հարցն առաջ տանելու ուղղությամբ: Համանախագահների մանդատն է նպաստել բանակցություններին, սակայն մենք բոլորս պետք է աջակցենք ակտիվ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրոնական առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և բոլոր մյուսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տևական խաղաղություն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահությունը, հավատ ընծայելը և երկու երկրների ժողովուրդների մասնակցությունը:
Եկեք աշխատենք միասին, որպեսզի խաղաղության պահանջարկ ձևավորենք: Եկեք պահանջատեր լինենք այն օգուտներին, որ խաղաղ կարգավորումը կբերի տարածաշրջանի բոլոր մարդկանց համար:
Շնորհակալություն:
Դոլարի փոխարժեքը տատանվում է
Եվրոպայի ու Կովկասի հատման կետում են հայտնվել պատմաբանները
ԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:
Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն այսօր՝ քննարկումների ընթացքում, կգտնվեն, բայց հուսով եմ՝ դրանք վեր կհանվեն և լուծման ուղիներ կմատնանշեն: Թե դրանք ինչքանով կյանքի կկոչվեն, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց ուրախալի է, որ մեր հարևան գործընկերների հետ քննարկում ենք մեր տարածաշրջանային խնդիրները»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ սա 3-րդ գիտաժողովն է. առաջին երկուսն անցկացվել են Ֆրանսիայում (2010 թ-ին) և Վրաստանում (2013 թ-ին): Այս տարի գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության պետական կոմիտեն:
Տեղացի և արտերկրից ժամանած գիտնականներն իրենց զեկույցներում անդրադառնալու են պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ-վրացական, հայ-ֆրանսիական հարաբերություններին, ազգային ինքնության ընկալման հարցում ազգային էպոսների, կրոնների դերին, Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերություններին և այլն: «Արդի պայմաններում առկա մարտահրավերները պահանջում են, որ քննարկվեն և կոնկրետ բացատրություններ տրվեն այս հարցերին: Պատմական անցյալի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է եզրակացություններ անել»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նաև զեկույց էր ներկայացնում հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:
«Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում մարդիկ աստիճանաբար հեռանում են ազգային ինքնությունից: Ես իմ ֆրանսիացի ընկերներին ասում եմ՝ ինչո՞ւ եք ամաչում ձեր ինքնությունից: Բայց գլոբալացվող աշխարհում ինքնություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Իսկ, օրինակ, Հայաստանում ինքնության ընկալումն ավելի ամուր հիմքերի վրա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է ստիպում այդպես լինել, իսկ եվրոպացիներն իրենց հարևանների հետ խնդիրները լուծել են ու խաղաղ ժամանակներ են ապրում»,- կարծում է Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Ժերար Դեդեյանը:
Վրացի պատմաբաններն էլ հույս են հայտնում, որ այս գիտաժողովից հետո զուտ ընկերական հարաբերությունները կվերածվեն գործընկերայինի, ու կսկսվի հայ-վրացական գիտական լուրջ համագործակցություն:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը և Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: «Մեծապես կարևորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և դրսևորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար:
Իր հերթին, Բերնար Դը Ուխտը ևս կարևորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք ևս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Բերնար Դը Ուխտը նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում մայիսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ կդիտի ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները:
Մոսկվայում Հանրապետության Նախագահը կմասնակցի նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզային
Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի զարգացմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքում աստիճանաբար լուծում են ստանում երևանցիների համար տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող բազում խնդիրներ: Բնակիչների կողմից առավել քան սպասված էր նաև մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը, ինչը անհրաժեշտություն էր հատկապես բազմաբնակարանների վերջին հարկերում ապրող բնակիչների համար: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2014թ. նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023քմ թեք տանիք: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ բարեկարգվել է 1485 քմ հարթ և 3047 քմ թեք տանիք:
ՀՔԾ-ում մշակվել և հրատարակվել է «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ վերլուծական ձեռնարկը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայերենով և անգլերենով հրատարակել է վերլուծական ձեռնարկ` «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» վերտառությամբ:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը և Տիգրան Խաչիկյանը:
Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպմանը և իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:
Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:
– Ուղեցույցում արվել են նաև որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում,- ասում է Վահրամ Շահինյանը և շարունակելով` նշում,- և այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման և հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է:
Ձեռնարկի գիտական խմբագիրը լիահույս է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:
Ասենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:
«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման և իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև դատական-դատախազական աշխատողների, քրեական և քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:
Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը: Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:
Դրանց համաձայն` նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ: Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:
Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ 6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել: Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից 23000-ն արտահանվել է:
“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:
Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:
Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:
“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն: Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:
“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:
Հիվանդությունն անզոր է սիրո ուժի առջև
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:
«Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի վերացման համար: Բժիշկները նշում են, որ գուցե հարկ լինի, որպեսզի երեխան ևս մեկ ճառագայթման փուլ անցնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի բուժման այս ընթացքը»-ասում է Դավիթ Պողոսյանը` Լիզայի հայրը:
Մինչ օրս փոքրիկի բուժումը հնարավոր է եղել բազմաթիվ բարի մարդկանց, «Նվիրիր կյանք» և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամների աջակցությամբ: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է մեր բոլորիս միասնական աջակցությունը:
Լիզայի բուժման դրամահավաքին աջակցելու նպատակով երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են «Սիրո ուժը» համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:
Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացցոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ հանրաճանաչ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:
Մանան Գարուկյանը հիմնադրել է «Նոր կվինտետ» խումբը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ համերգների որպես մենակատար և որպես կամերային անսամբլի արտիստ: Դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և մասնակցել տարբեր փառատոնների ու համերգների:
Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղում նվիրաբերություն կատարել և իրենց լուման ունենալ փոքրիկի բուժման գործում: Հավաքված ողջ գումարը կուղղվի Լիզա Պողոսյանի բուժմանը:
Եթե ցանկանում եք բանկային փոխանցում կատարել, ստորև բերված են բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:
ՎՏԲ – Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Aրտերկրից փոխանցումների համար
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091512806:





