2014թ. մարտի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է՝
– սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
– «ՀՀ առողջապահության նախարարության «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցփաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման արտաբյուջետային հաշվի 2014թ. նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2014թ. պետբյուջեի և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխություններն ու լրացումները,
– ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրով այդ միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել: Տեղայնացման ենթակա կլինեն նաև սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ-բանջարեղենի, ձվի և ձվամթերքի, ինչպես նաև գարեջրի հիգիենային և անվտանգությանը, մակնշմանը և շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը և այլն:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրն հավանություն է տվել մինչև 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարությանն հանձնարարվել է մինչև ս.թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Կառավարության որոշմամբ Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն և ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձևը և ժամկետը:Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաև կկանոնակարգվի այդ գումարների ծրագրման և հավաքման գործընթացը: Ըստ որոշումներին կից տեղեկանքների դրանց ընդունմամբ իրավական այլ ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում՝ նույնպես, իսկ սահմանված դրույթներն համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒԱԶ 31519» մակնիշի տրանսպորտային երկու միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որն զբաղվում է քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական, կենցաղային ոլորտի բարելավմանն ուղղված գործունեությամբ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ
Այսօր կայացած նիստից մեկնարկից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ: Պարոն Թովմասյան, Ձեր կարծիքով որքան ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Պարոն վարչապետ, կարծում եմ 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու: Եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ևս մեկ ամիս: Այսինքն` 2-2,5 ամսվա ընթացքում կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր և համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1-2 խնդրով բավարարվենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Գաբրիելյանի հետ պատրաստեք որոշման նախագիծ, այդ թվում ներկայացրեք այն կազմակերպությունների ցանկը, որոնք ձեր կարծիքով ճիշտ կլինի ներգրավենք խմբի մեջ:
Հարկային մարմինն է վարում պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանը
Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից ընդունում պարտադիր կուտակային վճարների անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշիվ մուտքագրված և հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշիվ մուտքագրված գումարներից և ՀՀ պետբյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար և այլն: Վերը նշվածը կարող է կատարվել սույն որոշման ընդունմամբ:
2014թ. մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին: Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» և «պատրաստ չէ» արդյունքներով: Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի և ազդարարման համակարգի վիճակին: Մինչև օրս ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել: Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Գործադիրը հավանություն է տվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին
ՀՀ կառավարությունն իր ս.թ. մարտի 27-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին:
Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձևավորման համար: Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները:
Ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է: Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները և սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև հիմնական ռիսկերը: Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության անշեղ ավելացումն է։ Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝
որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ:
ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորության ստեղծմանը: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի՝ սեփական պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուրի մեջ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը: Կարևորելով և ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում և պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունները:
Նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով, որի համար ուսումնառության ժամկետ է սահմանված վեց ամիսը: Նկատի առնելով կրտսեր խմբի թափուր պաշտոնների արագ համալրման անհրաժեշտությունը, կառավարությունը մինչև 2016թ. հունվարի 1-ը ուսուցման ժամկետը կրճատել է երեք ամսով, որպեսզի սահմանված կարգով համալրվեն շուրջ 1500 հաստիքները:
Ատրճանակով շշի վրա նշան բռնած երիտասարդից զենքն առգրավել են
Մարտի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներից մեկը Մուսալեռ գյուղից Էջմիածին գնալիս, Մուսալեռ գյուղի հարակից այգում, նկատել է ատրճանակով պլաստմասե շշի վրա նշան բռնած մի երիտասարդի:
Պարզվել է, որ երիտասարդը 1985 թ. ծնված Կառլոս Ա.-ն է:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ստեփանավանում և Տաշիրում փամփուշտներ են հանձնել
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 08.30-ին, 1963 թ. ծնված Կարեն Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վահան Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 99 և 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Անսթափ կողոպտիչ` գովազդի պատրաստման տաղավարում
Մարտի 26-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նա մարտի 22-ի երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, անսթափ վիճակում այցելելով Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող գովազդի պատրաստման տաղավար, անհիմն վիճաբանել է սեփականատիրոջ հետ, քաշքշել նրան, այնուհետև բացահայտ հափշտակելով սեղանին դրված բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի քննչական բաժին:
Տնօրենը չարաշահել էր պաշտոնեական դիրքը, յուրացումներ կատարել և «վերադասին» կաշառք տվել. ոստիկանության հերթական բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում:
«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում: Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, սիրելի արվեստագետներ: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում և արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաև արժանի սերունդ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանին: Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:
«Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը:
Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների, անհայտ կորածների հարազատներին և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Մարտի 28-ին ընդառաջ` գործող իշխանությունները կանգնած են ընտրության առջև
Նախորդ 6 ամիսների ընթացքում, այսինքն` այն օրվանից, երբ կառավարությունը հայտարարեց, թե հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ու դրա հետևանքով սկիզբ առավ երիտասարդների բողոքի շարժումը, որը հետո ստացավ «Դեմ եմ պարտադիրին» անունը, իշխանություններն ու կառավարությունը տարբեր ձևերով ու մեթոդներով փորձեցին լուծել այդ խնդիրը, բայց բոլոր դեպքերում անսասան մնաց համակարգը ներդնելու նպատակը: Զուգահեռաբար արեցին քայլեր, որոնք ամենևին չէին առնչվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, բայց ժողովրդի տարբեր հանրույթների մեջ զայրույթ ու բողոք առաջացրին` սկսած գազային պայմանագրերից մինչև պետական խոշոր գույքի վաճառքը, արտաքին քաղաքական դիրքորոշումը և այլն:
Մի կողմից`ակնհայտ էր, որ պայքարը քաղաքական է, քանի որ տարվում է քաղաքական որոշման դեմ, մյուս կողմից` պետք էր գտնել այնպիսի լուծում, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանար շարժման շնորհիվ քաղաքական շահաբաժին ունենալ:
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները հայտարարեցին, որ շարժումը գտնվում է քաղաքական հարթությունում, սակայն քաղաքական չէ այնքանով, որքանով շարժման անդամները չեն ուզում այս պայքարի արդյունքում գալ իշխանության: Սա թերևս ամենաճիշտ դիրքորոշումն ու ձևն էր, որ ընտրեցին շարժման մասնակիցները և զերծ մնացին թե՛ քաղաքական շահարկումներից, թե՛ քաղաքական ուժերի կողմից ուղղորդվելու վտանգից:
«Մեր շարժումը համագործակցում է քաղաքական չորս խմբակցությունների հետ, նրանք խորհրդարանում ներկայացնում են մեր շահերը: Ուստի այս շարժումը չի կարող քաղաքականացվել, այն ի սկզբանե եղել է քաղաքացիական, այդպիսին էլ կմնա»,- նշում են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ վերջիվերջո հասկացան, որ չի հաջողվի «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը քաղաքական պիտակներ փակցնել, ուշագրավ նախադեպ գրանցվեց:
Մարտի 19-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ռեֆորմի վերաբերյալ հայտարարություն արեց և արձանագրեց, որ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: «Դա նշանակում է, որ մենք` որպես կառավարություն, պետք է շտկենք մեր գործունեությունը»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարությունը պետք է այնպես անի, որ իր գործունեությամբ բավարարի քաղաքացիական հասարակության պահանջները:
Անդրադառնալով «Դեմ եմ պարտադիրին» շարժմանը` Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրա անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք կառավարությանը դիմում են բազմաթիվ նամակներով, և դրանցում մտահոգություն կա երկրի ապագայի վերաբերյալ: Երիտասարդները նամակներում գրում են, որ սիրում են Հայաստանը և ամեն ինչ անում են հանուն դրա պայծառ ապագայի: «Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության «Դեմ եմ պարտադիրին» շարժման հետ: «Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» տարբերակն անընդունելի է: Մենք ընդունում ենք, որ օրենքները չեն կարող լինել առանց թերությունների, և հենց այդ թերություններն են մատնանշում մեր ընդդիմադիրները: Ճիշտ պատասխանը երկխոսելն է, և մենք հրավիրում ենք երկխոսության»,- ասաց Տ. Սարգսյանը:
Նա հավելեց, որ երկխոսությունը օգտակար կլինի թե՛ կառավարության, թե՛ շարժման համար: Վարչապետը հույս հայտնեց նաև, որ «Դեմ եմ»-ը կվերափոխվի ու կդառնա «Հանուն» շարժում, որը էական նշանակություն կունենա ՀՀ ապագայի զարգացման համար:
Ու երբ նման հայտարարություն արվում է շարժման ձևավորումից ու զարգացումից 6 ամիս հետո միայն, երբ անօգուտ էին այն արժեզրկելու, նրա վրա ուշադրություն չդարձնելու, քաղաքականացնելու ու մարելու տարաբնույթ փորձերը, երբ պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը վիճարկող ՍԴ քննությանն ընդամենը 9 օր, իսկ շարժման հրավիրած բազմամարդ հանրահավաքին 3 օր էր մնում, մտածելու տեղիք է տալիս` արդյոք կառավարությունն անկե՞ղծ է, և իրո՞ք ուզում է երկխոսել, թե՞ էլի դեկլարատիվ բնույթի հայտարարություն էր դա կամ ավելի «կառուցողական» երևալու փորձ: Այսինքն` հետքա՞յլ է անում իր անդրդվելի նպատակադրումից, թե՞, այնուամենայնիվ, պատրաստ է զիջումների գնալու:
Երբ լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեցին` եթե վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, որ անընդունելի է «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» սկզբունքը, ի՞նչ է զիջելու կառավարությունը, ու եթե երկխոսությունը սկսվելու է ու ոչինչ չի զիջվելու, ի՞նչ իմաստ ունի այդ երկխոսությունը: «Կառավարությունը, նախատեսված և իրականացվող քաղաքականության առումով իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում, որոնց շրջանակներում կարող են լինել տարբեր միտումներ»,- ասաց նախարարը: Փաստորեն, ոչինչ էլ չի նախատեսվում զիջել:
Ուստի սպասված էր «Դեմ եմ»-ի պատասխանը վարչապետ Տիգրան Սարգսյանի երկխոսելու առաջարկին, որով շարժման անդամները, ըստ էության, մերժեցին այն. «Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ` առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության` նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դեմ եմ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում: Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»:
Սրանից հետո հետո հետաքրքիր էր, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն մարտի 22-ին` Ազատության հրապարակում «Դեմ եմ պարտադիրին» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Բացի շարժման հաղթանակի վերաբերյալ վստահություն հայտնող բազմաթիվ ելույթներից, հանրահավաքի ժամանակ մեկ անգամ ևս ակնարկ հնչեց, թե ինչպես կարող են իշխանությունները լեզու գտնել հասարակության հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քաղաքացիները կունենան հաղթանակ, եթե կարողանան միավորվել: Նա ասաց, որ շարժումը չի գործում միմիայն «դեմ» տրամաբանությամբ, որովհետև շարժման բոլոր անդամները կողմ են ռեֆորմների` առանց պարտադիր բաղադրիչի: Այսինքն` կառավարությանը հուշեցին, թե որն է իրավիճակը փրկելու իրական ճանապարհը:
Այսպիսով, մարտի 28-ին ՍԴ-ում պարզ կլինի` իշխանությունները իրոք կկատարե՞ն հասարակության պատվերը, թե ինչպես ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր բաղադրիչից, սակայն, միևնույն է, իրենք ներդնելու են այդ համակարգը:
Ու եթե այդպես լինի, ապա հարց է առաջանում` ի՞նչ պետք է անի շարժումը: Այս հարցի պատասխանը շարժման ներկայացուցիչները տվել են հանրահավաքից մեկ օր առաջ` պատասխանելով լրագրողների հարցին: Եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, եթե սպառվեն ինստիտուցիոնալ պայքարի բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, նրանք անցնելու են ոչ ինստիտուցիոնալ պայքարի` քաղաքացիական անհնազանդության, որը կարող է ներառել բազմաթիվ մեխանիզմներ:
«Սկսելու ենք փողոցային պայքար, բայց ոչ այդ արտահայտության վուլգար իմաստով, բնականաբար, օրենքի շրջանակներում դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության գործնական քայլերի: Դրանց ձևերը շատ են, մենք կկարողանանք ինքնակազմակերպվել և ընդունել ճիշտ որոշումներ, թե որ գործողությունը երբ պետք է իրականացնենք»,- ասել են «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները: Նրանց խոսքով` քաղաքացիական անհնազանդության դերը չպետք է թերագնահատել, որովհետև այն հզոր գործիք է, մնում է ճիշտ կիրառել:
Այժմ իշխանությունները դժվարին ընտրության առջև են կանգնած: Մի կողմում` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու իրենց ձգտման նահանջն է: Իսկ դա կնշանակի, որ նախագահի` համակարգը ներդնելու հավաստիացումը չեղյալ է համարվում, ինչը դժվար սպասելի է, քանի որ գործող իշխանությունները երբեք չեն ընդունել իրենց սխալները: Մյուս կողմից` արդեն ոչ սահմանադրական պայքարի սպառնալիքն է, որն իրենց համար հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով, քանի որ «Դեմ եմ» շարժումն էլ իր հերթին է ապացուցել, որ վճռական է տրամադրված իր պահանջների հարցում և գնալով ոչ թե մարում, այլ ավելի է ուժգնանում:
Թե որ ուղին կընտրեն իշխանությունները, հստակ կլինի մարտի 28-ին` ՍԴ նիստից հետո:
Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:
Կատարվում են մաքրման աշխատանքներ:
Երթևեկությունը երկկողմանի բաց է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Ստեփանակերտում դատապարտել են 1920 թ. Շուշիում կազմակերպված մարտյան դեպքերը
Մարտի 21-ին Արցախի պետական համալսարանի ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության և Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել է 8 կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից 1920 թ. մարտի 23-ին Շուշի քաղաքում կազմակերպված ու իրականացված կոտորածների 94-րդ տարելիցին և դրա իրավաքաղաքական պատասխանատվության հարցերին:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Կլոր սեղանի նպատակը 1920 թ. Շուշի քաղաքում կազմակերպված կոտորածների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է, միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա սևեռելը և անհրաժեշտության դեպքում միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերով համապատասխան ատյաններ դիմելը, ցեղասպան երկրին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Շուշի քաղաքում կազմակերպված ողբերգության պատճառները վեր հանելը և ապագայում նման երևույթներ բացառելը:
Կլոր սեղանի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկական զտումների հետևանքով զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:
Միջոցառման վարող, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ավետիք Հարությունյանը նշեց, որ 1920 թ. մարտի 23-ի Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածին միջազգային իրավունքի լեզվով առանց վարանելու կարելի է տալ «ցեղասպանություն» ձևակերպումը և բնորոշել որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
«Կասկած չկա, որ Շուշիում արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը դարձել է Թուրքիայի վարած արևմտահայության բնաջնջման և իր պատմական բնօրրանից նրա բռնի տեղահանության քաղաքականության տրամաբանական շարունակությունը»,- ասաց Ավետիք Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս Ադրբեջանը` որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում այդ հանցագործության կազմակերպման ու իրագործման համար:
«Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ 1920 թ. Շուշի քաղաքի ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վկայում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության մասին` ավելացնելով, որ «այսօր, երբ այդ պետությունը խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, առավել օրախնդիր է դառնում այդ իրադարձությունները վերաիմաստավորելը և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելը: Մ. Հարությունյանը նշեց նաև, որ իրական տեղեկատվության ներկայացումը մեծ կարևորություն ունի Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու համատեքստում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը, ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Վահրամ Պողոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ-ի նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք:
Կլոր սեղանի մասնակիցները դիտել են «Կաճառ» գիտական կենտրոնի պատրաստած «Ահաբեկչություն» վավերագրական ֆիլմը, իսկ վերջում ընդունել հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ «կլոր սեղանի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի ոճրագործությունը և վստահ են, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց կլինեն»:
Ավետիք Հարությունյան
Օրացույցի այս օրը
Պատասխանատու հանքարդյունաբերություն՝ երկօրյա համաժողովին ծավալվեց բազմակողմանի քննարկում
Մարտի 25-26-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին ներկա գտնվեցին և քննարկում ծավալեցին Հայաստանում հանքարդյունաբերության հիմնահարցերով զբաղվող և մտահոգ տարբեր կողմեր՝ միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև ձևավորել փոխվստահության մթնոլորտ և ծավալել երկխոսություն: Մասնակիցների գնահատմամբ համաժողովը պատասխանատու հանքարդյունաբերության համակարգման ուղղությամբ կարևոր քայլ էր, որն ունի շարունակական երկխոսության, օրենսդրական դաշտի բարելավման և բնապահպանական ու սոցիալական հարցերի լուծման հեռանկար:
Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետները, ՀՀ Կառավարության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բնապահպանական ոլորտի փորձագետները իրենց գործընկերներին ներկայացրեցին մասնագիտական փորձառությունը և հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հնարավորությունները: Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի փորձագետները հանգամանորեն անդրադարձան իրենց երկրներում ընդերքի ռեսուրսների օգտագործման փորձին, օրենսդրական դաշտի կառավարման և բնապահպանական կայունության ապահովման մեխանիզմներին:
Քննարկումների ընթացքում ներկայացվեցին համալիր հարցեր՝ հանքարդյունաբերության տնտեսական, չափորոշիչների, օրենսդրական դաշտի կառավարման առաջնահերթությունները և չեզոքության դաշտում հետագա քննարկումներ զարգացնելու հեռանկարները:
Հանքարդյունաբերության և բնապահպանական հարցերով փորձագետները համաժողովի ամբիոնից հնչեցրին իրենց դիրքորոշումը վերհանված հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հանքարդյունաբերության ոլորտում ոչ միայն օրեսնդրական, այլև իրավունքների վրա հիմնված մոտեցումերի մշակումը:
Առաջարկներ հնչեցին սկսված համակողմանի քննարկումը շարունակել առավել նպատակաուղղված երկխոսության հարթակի ձևաչափով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հավասարակշռված և երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով:
Համաժողովը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:
«Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու»
«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով քեսապցիներին օգնելու հարցում համայն հայության գործուն մասնակցության կարևորությունը՝ Վահան Բադասյանը նշեց. «Մենք գնում ենք մեր բնիկ հայրենակիցներին պաշտպանելու: Նրանք, ովքեր ուզում են հայի և Հայաստանի արժանապատվությունը պաշտպանեն թող միանան իմ կոչին և իրենց մասնակցությունն ունենան այս սուրբ գործին»:
Մանրամասները՝ տեսնյութում.
«Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու»
