Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման ընթացքը

11119_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Անկախ

Դավիթ Հարությունյանը դատաիրավական բարեփոխումների նախագծում ծայրաստիճան վիճելի հարց է տեսնում

դավիթ-հարությունյանԱզգային ժողովում քննարկվում է «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը  տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով նախատեսված դատաիրավական բարեփոխումները: Սահմանվում են վճռաբեկ դատարան գործեր ընդունելու հիմքերը, գործերի բաշխման նոր, առավել արդյունավետ  համակարգ եւ այլն:

Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանն իր ելույթում անդրադրձավ նախագծի` իր կարծիքով ամենավիճահարույց կետին. այն, որ միևնույն անձը երեք անգամից ավելի չի կարող ընտրվել դատարանի դատավոր: «Այս հարցը սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունի,-կարծում է Հարությունյանը` վկայակոչելով սահմանադրական այն դրույթը, ըստ որի դատավորներին Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է և նրանց լիազորությունները դադարեցնում է Հանրապետության նախագահը,-արդյոք Ազգային ժողովը կարո՞ղ է այդ աստիճան մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Մենք այս հարցում ունենք տարակարծություն կառավարության հետ: Այս մասը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, և մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական պատասխանին: Սա ծայրաստիճան վիճելի հարց է»:

Միաժամանակ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ դա չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի: Սակայն մինչև երկրորդ ընթերցում այդ հարցին պետք է հստակ պատասխան տրվի:

Նա նաև անընդունելի է համարում օրինագծում առկա այն դրույթը, որ դատարանի նախագահը 25 տոկոս նվազ ծանրաբեռնվածություն պետք է ունենա, քան մյուս դատավորները: «Ի վերջո այդ ամենն ունի ֆինանսական արտահայտություն: Դատարանի նախագահն էլ դրա դիմաց ավելի բարձր աշխատավարձ է ստանում: Եվ բացի այդ, մենք այսօր չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»:

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին հետաքրքրում էր Դավիթ Հարությունյանի` որպես «ոլորտի լավագույն մասնագետի» անձնական կարծիքը այս օրենսդրական փոփոխության վերաբերյալ` արդյոք սա կնպաստի՞ դատական համակարգի անկախացմանը:

Դավիթ Հարությունյանը նախ ժպիտով իր անհամաձայնությունը հայտնեց իր հասցեին հնչած «ոլորտի լավագույն մասնագետ» ձևակերպանը, ապա անցնելով բուն թեմային` նախագիծը բնութագրեց որպես հակակոռուպցիոն նախագիծ: Միաժամանակ նա հայտնեց, որ բարեփոխումներ անելիս պետք է կարողանալ ճշգրիտ սահմանը զգալ: «Կարգավորումն անհրաժեշտ է, բայց ողջամտության սահմաններում: Գերկարգավորութմոը կարող է բերել կոլապսի»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախացմանը, ապա Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այդ համակարգն էլ հասարակության մի մասն է և տառապում է այն նույն հիվանդությամբ, ինչ ողջ հասարակությունը:

Խոսրով Հարությունյանն էլ բարձրարցրեց դատական պրակտիկայի վերլուծության հարցը, որն, ըստ նրա, պետք է հիմք դառնա դառնա իրավունքի ոլորտում քաղաքականության մշակման համար: «Ո՞ր կառույցը դա պետք է անի,-հարցրեց նա,-և ընդհանրապես մենք ունե՞նք նման վերլուծության կարիք»:

Դավիթ հարությունյանը կարևորեց բարձրացված հարցը և ասաց, որ ցավոք, այսօր մենք չունենք ինստիտուցիոնալ մի կառույց, որը հետևողականորեն վերլուծի դատարանի որոշումներն ու հանդես գա համապատասխան օրենսդրական փոփոխություններով:

«Պետք է ունենալ մի մարմին, որը պատասխանատու է այդ աշխատանքի համար: Կարծում եմ` այդ մարմինը պետք է լինի գործադիր իշխանությունը: Միգուցե նաև ճիշտ կլինի, եթե մենք առաջարկենք գործադիր իշխանությանը այս հարցում քայլեր ձեռնարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից պարզ դարձավ, որ նա այս նախագծից առանձնապես ոգևորված չէ: Ճիշտ է, փոփոխությունները որոշակի դրական տարրեր իրենց մեջ պարունակում են, սակայն նա համոզված է, որ դրանք արմատական հեղաշրջում չեն իրականացնի ոլորտում:

Նա նույնպես սահմանադրության կոպտագույն խախտում է համարում նախագծով դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ դրույթ սահմանելը: «Մեր կառավարությունը կարծես չի սիրում Սահմանադրությունը, ուզում է շրջանցել, ինչ որ ձևակերպումեր է գտնում `խուճուճ-մուճուճ: Առանց այն էլ ինքնուրույնությունները կորցրած դատավորներ են»:

Անդրադառնալով նախագծով սահմանված բարեփոխումներին` ՀԱԿ պատգամավորը թվարկեց ոլորտում առկա խոցելի տեղերը, որոնք ըստ նրա, շարունակելու են նույն ձևով պահպանվել. «Ի՞նչ ենք ուզում մենք այս օրենքով: Արդյոք քանդո՞ւմ ենք դատական բուրգը: Ցավոք, ոչ: Մեր արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատավորների անկախության գլխին: Խորհրդի անդամներ կան, որ 1996 թվականից այդ խորհրդի կազմում են: Բերեք փոխենք: Սրանք սպիտակ դատավորներ են: Երբևէ լսե՞լ եք, որ նրանցի որևէ մեկին կարգապահական տույժի ենթարկեն: Այս օրենքով վճռաբեկ դատարանի դատավորին ավելի մոնստր ենք դարձնում: Վճռաբեկ դատարանը չի աշխատում: Մենք մի դատարան ենք ստեղծել, որի քեֆն ինչ տալիս, անում է»,-սկսեց թվարկել Գագիկ Ջհանգիրյանը` կոչ անելով հարցին առավել լուրջ ու համակարգային մոտենալ:

 

Անկախ

Ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ստանա

)

Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում: Փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ և անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Ներկայացվող տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր և որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատևող ընտանիքի մասին է: Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեև աղետից հետո ամրացվել և բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:

Անկախ

Սիրիահայ գործարարի համար Հայաստանը դրախտ է, եթե թողնեն աշխատել

սիրիահայ-գործարար-2Ջորջ Շաքարյանը Հալեպի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկի հիմնադիրն է: Նրանց ոսկյա զարդերը Սիրիայում մեծ համբավ ունեին: Այդ գործով նա զբաղվել է 1989-90-ականներից մինչ 2011 թ. ամառը` այն օրերը, երբ Հալեպում հնչեցին առաջին կրակոցներն ու քաղաքը վերածվեց ռազմադաշտի:
«Հայրս եղած է լումայափոխ»,- պատմում է նա,- պապենական գործ էր, ես էլ էի սկզբում հորս հետ դրանով զբաղվում: Հետո առանձնացա և իմ անձնական գործատեղիս հիմնեցի»:
Լումայափոխ (այսինքն` տարադրամի փոխանակող) բառի վրա ակամա ժպտում եմ, մտածում եմ` գեղեցիկ բառ է, կարելի է օգտագործել:

Ջորջն իր կնոջ, երեքամյա աղջկա ու մեկամյա որդու հետ ընդամենը 7 ամիս առաջ է Սիրիայից եկել Հայաստան: Թե ինչպես են այդքան կարողացել դիմանալ, դժվար է պատկերացնել: Համենայն դեպս, նրանք հենց պատերազմի սկզբին հասցրել են զգալ դրա դառը պտուղները:

2011-ի օգոստոսի սկզբին, երբ Հալեպում իրադրությունը լարվեց, և այլևս հնարավոր չէր աշխատել, Ջորջի ոսկերչական արտադրամասը փակվում է: Ինքն էլ փակվում է տանը: «Վախենում էինք տնից դուրս գալ, օրվա մեջ` ընդամենը մի քանի ժամ: Ամեն օր 15-20 հրթիռ կընկներ, և այլևս դու և քո բախտդ, չգիտեիր` քո՞ գլխին կընկներ, թե՞ ուրիշի: Ամեն տեղ խառը վիճակ, կրակոցներ, հարձակումներ»:

Բայց պարզվում է` տանը մնալն էլ ապահով չէ: Նրանց բնակարանը հայկական «Նոր գյուղ» թաղամասում էր: 2011-ի սկզբին այդ թաղամասը հարձակման է ենթարկվում, և գրոհայինները թաղամասը գրավում են: Բնակիչները լքում են տները` չհասցնելով անգամ իրերը տեղափոխել: Ողջ ունեցվածքը թալանում են` թողնելով դատարկ պատերը: Ջորջն իր ընտանիքի հետ տեղափոխվում է կնոջ ծնողների տուն, որը համեմատաբար ապահով տեղ էր: Այսօր «Նոր գյուղը» կրկին սիրիական բանակի ձեռքում է, և բնակարանները օգտագործվում են իշխանական զորքերի կարիքների համար: Ճիշտ է, փաստաթղթերով այդ տունն իրենցն է, բայց պատերազմի ժամանակ ո՞վ կարող է ասել, թե հետո ի՞նչ կլինի:

Չնայած ծնվել ու մեծացել է Սիրիայում, խոստավանում է, որ հայրենիք տեղափոխվելու գաղափարը միշտ մտքում պտտվել է: Անգամ վերջին շրջանում, երբ տարեկան մեկ-երկու անգամ որպես տուրիստ գալիս էր Հայաստան, փորձում էր նաև հասկանալ, թե վերադառնալու դեպքում ինչով կարող է զբաղվել: «Ցավոք, ստիպված եղանք հարկադրաբար և անպատրաստ վիճակում գալ»:

Հայաստանում նրա համար սոցիալականից առավել դժվար էր հոգեբանական խնդիրների հաղթահարումը, որն էլ ավելի էին սրում տեղացիները` ասելով. «Ինչո՞ւ եկաք, ի՞նչ գործ ունեք այստեղ, թողեք գնացեք, այստեղ ապրելու տեղ չէ»:
«Հարատև կլսեմ այս բաները ամեն օր: Բայց իմ տպավորությամբ ամեն ինչ այդքան վատ չէ, որքան որ ներկայացվում է: Այո, խնդիրներ շատ-շատ կան, բայց երբեմն դրանք չափազանցվում են: Հայրենիքդ է` կծու ըլլա, անուշ ըլլա` քոնն է»,- ասում է Ջորջը:

IMG_3362Այնուամենայնիվ, նրան հաջողվում է հաղթահարել հոգեբանական խնդիրը և անցնել գործնական քայլերի: Մարտի 2-ին քաղաքի ամենաբանուկ հատվածում` Հյուսիսային պողոտայում, բացվում է իր և սիրիահայ գործընկերոջ`  Հարութ Խամայանի հիմնած արագ սննդի կետը` “Բատատան”` առաքման ծառայությամբ: Ճիշտ է, առայժմ միայն հսկայական ծախսեր ու ներդրումներ են արել, ու դեռ հույս էլ չունեն, որ մոտ ապագայում ծախսերը կփակեն, բայց Ջորջը լավ է տրամադրված և ամեն ինչ անելու է, որ բիզնեսը հաջողվի:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հիմնովին կտեղափոխվեմ ու ընդմիշտ կհաստատվեմ Հայաստանում: Եթե չկարողացա գլուխ հանել` ստիպված պիտի լինեմ շատերի պես հեռանալ»,- ասում է նա:

Ի դեպ, երբ սկսել են բիզնեսի համար տարածքներ փնտրել, վարձավճարներն ուղղակի ցնցել են նրան. «Խելքեն-միտքեն դուրս վարձքեր` 8 հազար դոլար, 10 հազար, 20 հազար, 30 հազար… Շանզ էլիզեյում էլ էս վարձքերը գոյություն չունեն»,- ծիծաղում է:
Նոր բիզնեսի համար արդեն մոտ 22 հազար դոլարի ներդրում է արել: Ամսական 2500 դոլար էլ տարածքի վարձավճարն է: Եթե այս ամենին գումարենք նաև Ջորջի` ամեն բան օրենքի շրջանակներում անելու սկզբունքը, արդեն ակնհայտ է, որ սիրիահայ գործարարին քարքարոտ ճանապարհ է սպասում: «Ես չեմ կարող օրենքը շրջանցել, թեկուզ ծանր է, ինչ է, պետք է օրինավոր աշխատեմ: Ամեն ինչ կատարյալ և օրինակելի պետք է ըլլա: Շատ լսած եմ, որ Հայաստանում դա այնքան էլ ընդունված չէ, ասում են` էդպես օգուտ չես ունենա, կվնասիս, գլուխդ կցավցնես և այլն…Այդ բոլորը աչքի առած եմ, բայց կքայլիմ իմ սկզբունքով: Տեսնենք, մինչև երբ կդիմանամ»:

սիրիահայ-գործարար-1Առայժմ հաճախորդների հիմնական մասը ծանոթ-բարեկամ սիրիահայերն են, որոնք գալիս են իրենց հայրենակցին շնորհավորելու և որևէ բան համտեսելու:
Ի դեպ, մինչ սննդի բիզնեսով զբաղվելը Ջորջը մտադիր է եղել իր մասնագիտության` ոսկերչության բնագավառում գործ ձեռնարկել, սակայն չորս կողմից ասել են, որ գործը մեռած է, իմաստ չունի: «Հետո, երբ հաշվարկեցի, որ եթե իմ բոլոր գործիքները, որոնք կշեռքով շատ ծանր են, հոս բերեմ, մոտ 25 հազար դոլար կնստի: Եթե գործն էլ լավ չի, ուրեմն անիմաստ էր այդ ծախսն անել»: Սակայն նա հույս ունի, որ մի օր այդ գործը վերագործարկելու է Հայաստանում:

Ջորջն ամբողջ սրտով ուզում է մնալ Հայաստանում, կապվել այս հողին, աշխատել ու ստեղծել: Ցավոք, ամեն բան իրենից կախված չէ, և ապագան էլ մշուշոտ է, հատկապես` երեխաների համար: Կողքից էլ առավոտից երեկո «հոս ձգե, գնա» ասողներն են:
«Ցուցամոլությունը հոս շատ զորավոր է,- նկատում է Ջորջը,- օրինակ, 18 տարեկան տղան «Լեքսուզ» ջիպ կվարե, որի գինը 100 հազար դոլար է: Լավ, որտեղի՞ց էդ գումարը: Ղեկը որոշ խումբ մարդկանց ձեռքին է, մնացած ժողովուրդը` խեղճ, իր հացի հետևեն: Եթե ժողովրդի համար նորմալ պայմաններ ստեղծեն, թողնեն աշխատել, սա դրախտ է, բոլորը հետ կվերադառնան, եկողն էլ չի երթա: Ասում են` անցյալ տարի Հայաստան 15-16 հազար սիրիահայ եկած է, իսկ հիմա թիվն իջած է 5-6 հազարի: Ո՞ւր գնացին, ինչո՞ւ գնացին: Ովքեր էլ որ կմնան, մի կերպ իրենց բազուկին կարողություններով կմնան… Ծնված օրից կլսեինք` հայրենիք, հայրենիք: Եկանք, բայց հայրենիքը մեզ չառավ իր ափի մեջ»:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

 

 

Venus Express-ը Վեներայի վրա ծիածան է լուսանկարել

b_44123dd8d6e1883ae12d62ab332767a3Մթնոլորտային երևույթը “Գլորիա” անվանումն է ստացել, այն ծիածանի նման խիտ  օղակների ձև ունի, որոնք շրջանակում  են վառ լույսի աղբյուրը:

Venus Express սարքը, որը  զբաղվում է Վեներայի ուսումնասիրմամբ, երկրային ծիածանի նմանվող  մթնոլորտային երևույթ է լուսանկարել : Աստղագետների կարծիքով, “Գլորիայի” առաջացման համար պետք է բոլոր կաթիլները, որոնցում բեկվում է արևի լույսը, նույն չափսն ու  գնդի ձև ունենան:

“Գլորիայի” գույների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Վեներայի մթնոլորտում ծծմբաթթվից բացի այլ քիմիական տարրեր էլ կան, որոնք մասնակցում են օպտիկական երևույթի առաջացմանը:

Լուսանկարը կատարվել է  այն պահին, երբ Venus Express-ը գտնվում էր Վեներայի ու Արևի արանքում: Գիտնականները նշում են, որ դա միակ դիրքն է, որտեղից նման մթնոլորտային երևույթներին կարելի է հետևել:

Venus Express  սարքը Վեներայի մոտ է արձակվել 2005-ին:

Անկախ

ԱԺ ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին վիճահարույց օրինագծի քվեարկությանը

arm138779401010Խորհրդարանը վավերացրեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ընդհանուր առմամբ իրենք դեմ չեն նախագծի կոնցեպցիային, սակայն քվեարկելու են ձեռնպահ այն պատճառով, որ հեռուստատեսային գովազդի շուկայում տիրում է մեկ մարդու մենաշնորհ` Միքայել Մինասյանի մենաշնորհը:

Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:

Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետև քվեարկության դրվեց «Գովազդի մասին» և «Հեռուստատեսութան և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի փաթեթը, որից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հեռուստաընկերություններում վերականգնել թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը որոշակի ժամերի (ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը արգելվում է՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի): Նախագծի հեղինակները կարծում են, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Սակայն այս փոփոխությանը երեկ խորհրդարանում դեմ արտահայտվեցինՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները:

Քսան րոպե ընդմիջումից հետո ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վիճահարույց օրինագիծն ընդունվեց, իսկ Աժ ոչ իշխանական ուժերը, ըստ Արծվիկ Մինասյանի, չեն մասնակցել քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ քվեարկածները ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն են:

 

Անկախ

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը “Արմինֆո” գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց.– Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու

իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Պատասխան. – Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը:

 

Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների

կանխարգելման գործում:

Անկախ

Հայաստանի և Սփյուռքի միջև փոփոխվող փոխհարաբերությունները

Հարութ ՍասունյանՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:

 

Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների  փնտրտուքին ու հեռանկարներին:

 

Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.

 

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:

 

Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:

 

Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից,  յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:

 

Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:

 

Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը: Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները,  որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ:

 

Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը:

 

Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս:

 

Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին: Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:

 

Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` «Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք»: Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին:

 

Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից:  Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից: Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

 

Երեխայի կյանքում ամենակարեւորը սերն է

երեխաԵրեխայի պատիժը դա սահմանափակումների աստիճան է, որը թույլ է տալիս կարգավորել երեխայի վարքը, վերահսկել նրա գործողությունները, զգուշացնել նրան, որ շուրջը վտանգ կա:

Ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ ձևավորվում են խիղճը և բարոյական վարքը, պատիժը այլ բնույթ է կրում. մենք պատժում ենք կոնկրետ արարքի համար, այն արարքի համար, որը երեխան անգիտակցաբար է արել, իմանալով, որ դա անել չի կարելի:

ՙՙՄինչև 1,5 տարեկան երեխաները չեն ընկալում ՙՙչի կարելի՚՚  արտահայտությունը: Այն երբեմն հնչում է անհամբերությունից և զայրույթից: Այնուհետև երեխան սկսում է կամակորել, զայրանալ, գոռգոռալ, բողոքել, հատուկ բաներ անել: Փոքրիկին հաճելի չէ, որ նրա յուրաքանչյուր գործողությունը ուղեկցվում է ՙՙչի կարելի՚՚ արտահայտությամբ՚՚,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց մանկավարժ Ամալյա Սարգսյանը:

Երբեմն ծնողը բարկացած վիճակում կարող է ուժգին հարված  հասցնել երեխային եւ համարել, որ դա լուծում է: Հետո ծնողները զղջում են կատարվածի համար, խոստանում են, որ նման բան էլ երբեք չի կրկնվի, սակայն որոշ ժամանակ անց հեշտությամբ մոռանում են խոստումները և անարժան պատիժները կրկնվում են:

Մանկավարժի համոզմամբ երեխային ոչ թե պետք է պատժել, այլ պետք է բացատրել, զինվել համբերությամբ և կրկնել նորից ու նորից այն, ինչ որ նա պետք է անի:

Կան տարիքային որոշակի ժամանակահատվածներ, երբ երեխան առավել համառ և կամակոր է, չի ընդունում ոչմի սահմանափակում, խոսքեր, և ընդհանրապես փոխում է իր վարքը: Նման անցումային ժամանակաշրջանում կամ տարիքային ճգնաժամի դեպքում, երեխայի վարքը փոխվում է դեպի վատը, ծնողները կորցնում են իրենց, ավելի նյարդային են դառնում, և համապատասխանաբար, ավելի հաճախ են պատժում:

Երեխայի կյանքում ամենակարեւորը սերն է, չափավոր ուշադրությունը, հոգատարությունն ու վստահությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ,

ՔոքոբելյանՎերջին օրերին որոշ քաղաքական շրջանականեր փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Նախ միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:

Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:

Եվ վերջապես, Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական  սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվել են անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:

Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավոր հետևանքների հետ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա և նաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական  քաղաքականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին, որն էլ  կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:

Մինչդեռ ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզում վտանգավոր ինքնամեկուսացումը:

Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքավող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբեությունները Եվրամիության հետ` արևելյան գործըներության և ասոցացման պայմանագրի շրջանաներում, որպես առաջադեմ, դեմոկրատական և զարգացած տնտեսական ինտեգրացիոն միավորի:

Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներ պնդում  են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն է ասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղված մոտեցում է:

Պետք է գիտակցել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրված, կայուն զարգացման հեռանկար ունեցող և կենսունակ Հայաստանի Հանրապետությունն է:

Դեռևս ուշ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կասեցնի Մաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով:

Անկախ

Ստորագրվեց ՙՙՀյուսիս-հարավ՚՚ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՚՚ երրորդ մասնաբաժինը

ֆիննախՄարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:

Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:

Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից`

  • Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու,
  • Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում,
  • Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,
  • Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Ստորագրվել է ՙՙՄիջբուհական համագործակցություն՚՚ ծրագրի մասին փոխըմբռնման հուշագիրը

պնՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 11-ին հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բուհերի ռեկտորներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական բուհերի կառուցողական համագործակցությունը բարձրագույն այլ կրթօջախների հետ և ընդգծել, որ ստեղծվել է մրցունակ ու միջազգային չափանիշներին համապատասխան ռազմակրթական համակարգ: «Հանդիսանալով ՀՀ կրթական համակարգի օրգանական կարևոր տարրերից մեկը, ռազմակրթական համակարգը ևս անցավ  կայացման ու զարգացման փուլեր, որի արդյունքում ձևավորվեց և սկսեց հայրենական արժեհամակարգով դաստիարակված սպայական կադրերի պատրաստման կայուն գործընթացը: Այն ճանապարհը, որ այլ պետությունների ռազմական  բուհերն  անցան 100 տարիների ընթացքում, մեր ռազմակրթական համակարգն անցավ շուրջ 10 տարվա ընթացքում և հասավ միջազգայնորեն մրցունակ աստիճանի: Դրա վկայությունն են, իհարկե, միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում մեր սպայական կազմի գարծողությունները, որոնք միջազգային համապատասխան կառույցների բնութագրմամբ մրցունակ են և շատ դեպքերում օրինակելի: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաև քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ և  ընթացք տալու  անհրաժեշտություն»,-նշել է Սեյրան Օհանյանը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ընդգծել է, որ պաշտպանության և կրթության նախարարությունների միջև համագործակցության մեծ փորձ է  կուտակվել, և  քաղաքացիական կրթության ոլորտում ձեռք բերված արդյունքները ռազմական կրթության և զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծվել:

Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են համատեղ  կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ իրենց առաջարկները: Այս համատեքստում կարևորվել  է Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը, նշվել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ:

Համատեղ խորհրդակցությունն ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև «Միջբուհական համագործակցություն» ծրագրի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ:

 Անկախ

 

ՙՙԲՀԿ-ՀԱԿ հանդիպման ընթացքում երկու ուժերը խոսել են քաղաքական ուժերի համախմբման մասին՚՚. Լևոն Զուրաբյան

Քիչ առաջ Երևանի Արարատ Կոնյակի–գինու–օղու կոմբինատում ավարտվեց ԱԺ ՙՙՀայ ազգային կոնգրես՚՚ և ՙՙԲարգավաճ Հայաստան՚՚ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։ ՀԱԿ-ից հանդիպմանը ներկա էին Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առջև ծառացած առաջնային խնդիրները:

safe_imageՙՙԵրկու ուժերն էլ խոսեցին կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի համախմբման մասին: Ինչ որոշում էլ որ ընդունվի, կլինի չորս քաղաքական ուժերի ֆորմատով, իսկ երկկողմանի հանդիպումները օժանդակող նշաակություն ունեն: Հանդիպման ժամանակ երկու ուժերն էլ արտահայտել են երկրի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ իրենց տեսակետները: Մեզ համար հիմա էլ միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Արդյունքում պետք է ձևավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը հաշվետու կլինի այդ նույն ժողովրդի առջև: Սրա մեջ ենք մենք տեսնում խնդիրների լուծումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ հանդիպումն արդյունավետ էր, քանի որ շատ կարևոր հարցերում երկու ուժերը եկել են համաձայնության: Այս հանդիպումը սկիզբ է դրել համագործակցության շատ արդյունավետ շարունակական զարգացման:

ՙՙԿառավարությանն անվստահություն հայտնելու հարցում չորս ուժերն էլ միակարծիք են: Հարցը որոշվելու է չորս ուժերի ֆորմատով: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը մենք տեսնում ենք որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա լուծել շատ ավելի կարևոր հարց` Սերժ Սարգսյանի իշխանության հեռացում և երկրում դեմոկրատական կարգերի հաստատում: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա մեր ծրագիրը որքանո՞վ կհամընկնի ԲՀԿ-ի լուծումների հետ, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, առաջիկա քայլերում մենք ունենք փոխըմբռնում՚՚,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Հարցին` հնարավո՞ր է, որ մոտ ապագայում տեղի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում ապագայում այդ հանդիպման համար:

Անկախ

Դոլարը`414.8 դրամ

դոլարՄարտի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 11250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ:

 Անկախ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Էդուարդ ՇարմազանովիՀարգելի խորհրդարան,

Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը.

Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն եւ անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:

Երրորդ, Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել:

Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի եւ հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար:

Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

 

Հարգելի գործընկերներ,

Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլեւ ինչպես իրավացիորեն նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, արդեն իսկ առաջանցիկ տեմպեր են արձանագրվել: Մաքսային միության գործընկերների գնահատմամբ` Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին:

 

Հարգելի խորհրդարան,

Մարտի 9-ին մի շարք մարզերում տեղի ունեցան համայնքային ընտրություններ, որտեղ Հանրապետականը հաղթեց 28 համայնքում, «Բարգավաճ Հայաստանը»՝ միայն 3,  ՀՅԴ-ն՝ 1 համայնքում: Հարցս ուղղում եմ ՀԱԿ-ի մեր գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»:

Շնորհակալություն ուշադրության համար:

Անկախ

Կառավարությունն անտեսում է նույնիսկ պատգամավորին ու չի պատասխանում. Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան,ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ մարտի յոթին Ֆինանասների նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության ոչ օրինաչափ գործողություններին. “Պետք է բոլորս հասկանանք, որ ՀՀ սահմանադրության համաձայն քաղաքացին իր դժգոհությունն արտահայտելու բոլոր իրավունքներն ունի”, – ասաց պատգամավորն ու անդրադարձավ պարտադիր կուտակային բաղադրիչին՝ մասնավորապես շեշտելով, որ ԿԲ-ին, մի քանի նախարարությունների գրավոր հարցում է ուղարկել Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, սակայն կառավարությունն անտեսում է նույնիսկ պատգամավորին ու չի պատասխանում. “Կառավարութունը տարբեր օղակների միջոցով պարտադրում է ֆոնդեր ըտրել և պահումներ կատարել, նա արդեն անտեսում է ԱԺ պատգամավորի գրավոր հարցը, փետրվարի յոթին նամակ եմ ուղղել կառավարությանը, ԿԲ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Արդարադատության ու Ֆինանսների նախարարություններին, ՊԵԿ-ին՝ առ այն, որ ՍԴ-ի որոշումից հետո այս մարմինները պետք է իրականացնեն էլեկտրոնային հաշվետվությունների ծրագրում այնպիսի փոփոխություններ, որպեսզի աշխատողները հնարավորությւոն ունենան իրենց կամքն արտահայտել, առ այսօր պաշտոնական պատասխան չկա: Լինելով ԱԺ պատգամավոր՝ հայտարարում եմ, որ այս ամենը ներկայացվելու է ՍԴ”:

—
Լարա Առաքելյան

Անկախ

«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»

պնՄարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, քանի որ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և ԵՊԲՀ փոխգործակցության շնորհիվ է հնարավոր միայն ապահովել ռազմական բժշկության ոլորտի հետագա զարգացումը, նպաստել զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների ակտիվացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցներում և ծավալված քննարկումներում բարձրաձայնվել են մի շարք հարցեր: Մասնավորապես`  առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային /առաջնային/ օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպական-կառուցվածքային հնարավորությունների կատարելագործման, զինված ուժերին մատակարարվող դեղամիջոցների որակական չափորոշիչների, դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերին:

 Անկախ

ՀՀՇ-ն առաջիկայում հանդես է գալու ՙՙԵվրոպական Ալյանս՚՚ նախաձեռնությամբ. Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր ԱրզումանյանՙՙՈւկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում: Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը: Ընդդեմ բաժանարար գծերի և աշխարհաքաղաքական շահերի հակադրության մշտապես հանդես եկող Հայաստանն իրականում դարձել է տարածաշրջանում ամենահոծ բաժանարար գծերից մեկի կրողը: Հայաստանը տարածաշրջանում ռուսական ռազմակայան ունեցող և Հավաքական անվտանգության կազմակերպությանն անդամակցող միակ պետությունն է: Գործող անվտանգության համակարգը, որին ավելի շատ պարտադրանքի, քան սեփական շահի սպասարկման թելադրանքով մաս է կազմում մեր երկիրը, ցանկացած պահի կարող է իրական սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար: Ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը մեր երկրի հանրային-քաղաքական օրակարգի առմենաառաջնային խնդիրն է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության պայմանների վերանայումը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորումը: Հավատարիմ մնալով Հարավային Կովկասն անվտանգության համակարգերի համագործակցության հարթակ դարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական և հետևողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետևանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը: 1988 թվականին սկիզբ առած համազգային Շարժման բացառիկ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ: Այս և մեր երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված ՚՚Եվրոպական Ալյանս՚՚ նախաձեռնությամբ՚՚, – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նման տեքստով հանդես եկավ ԱԺ ՙՙԺառանգություն՚՚ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

—
Լարա Առաքելյան

Անկախ

Բեկանվել է Խոսրովի անտառում որսագողության աղմկահարույց գործով դատավճիռը.Փաստինֆո

որսագող«Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության մեջ մեղադրվող  ամուսիններ Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռն այսօր բեկանվել է, և գործն ուղարկվել է  նույն դատարան՝  նոր քննության, հաղորդում է Փաստինֆոն:    Հիշյալ մարզային դատարանը 21.05.2013թ. դատավճռով Նորիկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմի նախնական համաձայնությամբ ապօրինի որսը), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և դատապարտել նրան ազատազրկում 2 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ` նույնքան ժամանակով որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Իսկ նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով` 2 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Դատավճռով քաղաքացիական հայցվոր` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000  ՀՀ դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի. Նորիկ Սարգսյանից և Մարինե Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 9.600.000 ՀՀ դրամ` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը՝ 28.000.000 ՀՀ դրամ գումարը, թողնվել է առանց քննության՝ այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:    Գործով մեղադրվում են ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը:   Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Սարգսյանը, օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների, 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս:    Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքով (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն):   Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս:    Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Ներսիսյանի բացահայտումները:   Նրանք «Խոսրովի անտառ» պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել:   Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով:   Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ