«ՀԱԿ-ը մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է».Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին,  նշեց, որ չի կարելի ժողովրդի մի զանգվածին հավաքել հրապարակում  և հայտարարել, որ այդ զանգվածը իրենն է, հետո էլ հնարավոր հանրահավաքի մասին խոսելով՝ բարի ճանապարհ ասել:

«Ժողովրդին չի կարելի քաղաքական շահերի համար օգտագործել: ՀԱԿ հանրահավաքի ողջ գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գոհունակության մեսիջն էր` ուղղված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ընդդիմության միակ ուզածն իշխանությունն է: Իսկ իշխանության գալու համար ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, այլ ոչ թե միայն խոսի: Ընդդիմությունը միայն ու միայն նախագահի աթոռ է ուզում, բայց ոչ երբեք՝ գյուղապետի պաշտոն: Միայն հանրահավաքներ անելով` ուզում է իշխանության գալ:

«Մենք պետք է ակտիվանանք ներսից, ոչ թե ոգևորվենք մայդաններից կամ արաբական գարուններից: Ես ժողովրդի մեջ իշխանափոխության ցանկություն չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա: Քաղաքական այդ ուժը  ո՛չ ինչ-որ մեկի առջևում է, ո՛չ էլ հետևում: Ուղղակի նա իրեն այլընտրանք է հայտարարել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դրանից կորցնի իր քաղաքական իմիջը»:

Բժշկական կոնսիլիում կկազմակերպվի` քննարկելու Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը

Մամիկոն ԽոջոյանՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։  Այս մասին Անկախին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։

Ազգի համար հպարտություն է նման գիտնական ունենալը

գիտաժողովՓետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ), տեղի են ունեցել ծագումով Լեռնային Ղարաբաղից, հանրահայտ ռուս իրավաբան, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ։
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը՝ նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է։
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մեջ ծնվել է դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին, երբ խորությամբ սկսել է ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամայական կա։
Ա. Հարությունյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտելու ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է։ «Սա մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար»,- ասաց բանախոսը։ Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում՝ 16 մենագրություն։ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցևը և այլք։
Գիտական ընթերցումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀարությունյանՀասմիկ Խաչատրյանը և ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանը:
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի՝ Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը՝ դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին։
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է։ ԱԺ նախագահի խոսքով՝ միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ, որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում։ Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

 

 

Պահնորդական գործունեությունը` պետության կողմից մենաշնորհվելու վտանգի առաջ

ohranaՄինչև 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական և թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում` առանց օրենսդրական կարգավորման և չափորոշիչների: Չնայած դրան` այդ կազմակերպությունների ղեկավարները նշում են, որ իրենց մեծ մասն այդ ոլորտում է 1990-ականներից և լիովին կայացած կառույցներ են:

Այնուամենայնիվ, ոլորտն օրենսդրորեն կարգավորելն անհրաժեշտ էր, և 2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական և այլ մարմինների հետ համագործակցության կարգը և այլն:

Օրենքով արդեն այդ կազմակերպությունները պետք է համապատասխան լիցենզիա ստանան նման գործունեություն իրականացնելու համար: Սահմանվեց նաև թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Սահմանվեցին կրթական չափորոշիչներ և այլն:

Օրենքն ընդունվելուց հետո, սակայն, պարզ դարձավ, որ ոլորտում մի շարք բացեր գոյություն ունեն: Օրինակ` լիցենզավորված ուսումնական հաստատություններ չկան: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց զբաղվել այդ հարցով, և այժմ ուսումնական հաստատության լիեցենզիան տրամադրում է ԿԳ նախարարությունը:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ մեզ հետ զրույցում ասացին, որ ամենևին դեմ չեն ոլորտը կարգավորելուն, սակայն կան մի շարք հարցեր, որոնք իրենց լուրջ մտահոգության առաջ են կանգնեցրել: Նրանց կարծիքով` օրենքում, ինչպես նաև այս պահին Ազգային ժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ ոլորտն անբարենպաստ են դարձնում մասնավորների համար` փոխարենը շահեկան պայմաններ ստեղծելով ոստիկանության համանման գործառույթներ իրականացնող կառույցի համար:

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանի խոսքով` իրենց բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում է պահնորդի որակավորման տրամադրման բարդ ընթացակարգին. «Երբ պահնորդը որոշակի ժամկետով ուսուցում է անցնում համապատասխան ուսումնական հաստատությունում և ստանում վկայական, նա դեռևս չի կարող որպես պահնորդ աշխատել, քանի որ պետք է լրացուցիչ որակավորման ստուգում անցնի նաև ոստիկանությունում, որն էլ տևում է ամիսներ»:

պահնորդԲանն այն է, որ օրենքի 14-րդ հոդվածով պահնորդական կազմակերպությունը պարտավորվում է պահնորդին տրամադրել զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ: Բնականաբար, եթե օրենքով պարտադիր է զենքի և հատուկ միջոցների օգտագործումը, այդ անձինք պետք է նաև հատուկ որակավորման ստուգում անցնեն ոստիկանությունում: Սակայն մասնավոր կազմակերպությունները հիմնականում զբաղվում են ոչ թե թիկնապահական, այլ պահնորդական գործունեությամբ, այն էլ առանց զենքի և հատուկ միջոցների օգտագործման: Ինչպես ժողովրդական լեզվով պարզաբանում է կազմակերպություններից մեկի ղեկավարը. «Պահնորդները կուլտուրական պահակներ են»: Մասնավոր ընկերություններն առաջարկում են օրենքում սահմանել տարբերություններ, օրինակ` առանձնացնել պահնորդական գործունեության մի քանի տեսակ` զենքի կրումով և օգտագործումով, հատուկ միջոցների օգտագործման իրավունքով և առանց այդ միջոցների օգտագործման իրավունքի: Եվ ըստ այդմ էլ սահմանել որակավորման պահանջները:

«Մեր կարծիքով, զենք կրելը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ ըստ անհրաժեշտության»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- և ոստիկանությունում պետք է որակավորման ստուգում անցնեն միայն այն պահնորդները, որոնք զենք կրելու պարտավորություն ունեն, մնացածի դեպքում բավարար են նաև ուսուցումն ու վկայականը:

Սակայն մասնավոր ընկերություններին ամենից շատ անհանգստացնում է այս պահին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը, որին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, սակայն այն դեռևս չի քննարկվել Աժ լիագումար նիստերում:
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանությունը մինչև 2018 թվականը իրավունք ունի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնել մինչև ոլորտի վերջնական կարգավորումը: Մասնավորները կարծում են, որ այդ ընթացքում իրենք ուղղակի «կխեղդվեն». «Ոստիկանությունը, փաստորեն, մոնոպոլիզացնում է դաշտը, և մասնավորները հայտնվում են ոչ հավասար մրցակցային պայմաններում, որի հետևանքով դուրս կմղվեն շուկայից»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը:

Ստացվում է, որ շուկայում նույն գործունեությունն իրականացնող կառույցներից մեկը, այս դեպքում` պետականը, ստանձնում է նաև իր «մրցակցին» վերահսկելու, նրան որակավորում տալու կամ չտալու գործառույթ:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավարի խոսքով` պահպանության ծառայությունը ոստիկանությունում գործել է դեռևս 1952 թվականից. «Մոտ 50 տարի էդ մենաշնորհը կար,- ասում է նա,-երբ 1990-ականների կեսերից շուկան ազատականացվեց, մասնավոր ընկերություններն էլ հնարավորություն ունեցան մատուցելու ծառայություններ, և շուկայում ձևավորվեց որոշակի մրցակցություն: Մասնավորին շուկայում ավելի մեծ տեղ տվեցին` համարելով առավել բարձրորակ և բարեխիղճ ծառայություններ մատուցող, հատկապես որ շատ տնտեսվարողներ նման ծառայություններ ոստիկանական համակարգի աշխատողներից չէին ցանկանում ստանալ: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ոլորտում, բայց հիմա ստիպված ենք լինելու փակվել: Այսինքն` էս դաշտն էլ մտցրին մենաշնորհի մեջ»:

Նշենք, որ Հայաստանում գործում են պահնորդական գործունեությամբ զբաղվող շուրջ 21 մասնավոր կազմակերպություններ, որոնցում ներգրավված են 8-10 հազար աշխատակիցներ:
Օրենքի նախագծով ոստիկանությունը պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպություններին պարտադրելու է նաև կնքել պայմանագիր ոստիկանության հետ: «Ինչո՞ւ են մասնավոր ընկերություններին պարտադրում,-ասում են մասնավորները,- մենք անկախացանք, որ էդ պարտադիր երևույթից դուրս գանք: Պետք է լինի հավասար մրցակցություն, և տվյալ սուբյկետը ընտրի, թե ում հետ է ուզում պայմանագիր կնքել»:
Այս պահին ոստիկանությունն իրականացնում է 4150 տնտեսվարող սուբյեկտների պահպանություն, ինչը բավականին մեծ թիվ է: 2014 թ. պետական բյուջեով 6.7 տոկոսով ավելացել են նոր պայմանագրերը համապատասխան սուբյեկտների հետ: Ինչ վերաբերում է հատուկ պահպանության և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանմանը, ապա մասնավոր ընկերությունները բնական են համարում, որ դրանց պահպանումն իրականացնում է ոստիկանությունը. «Բայց այստեղ էլ կա խնդիր,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- ո՞ր օբյեկտներն է ոստիկանությունը համարում կարևորագույն կամ հատուկ նշանակության: Մենք առաջարկում ենք այդ օբյեկտները հաստատել ոչ թե տեսակով, այլ անվանական ցանկով: Մեր պետությունը շատ փոքր է, կարող են անվանական ցանկով հաստատել: Իսկ եթե տեսակով լինի, ոստիկանությունը կարող է ցանկացած հասարակական վայր համարել հասարակության համար թիրախային և վերցնել իր պահպանության տակ»:

անվտանգությունՀովհաննես Պետրոսյանը հայտնեց, որ մարտի 1-ին իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ, ներկայացրել իրենց մտահոգությունները, որոշակի հարցերի շուրջ անգամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց թե որքանով դրանք կիրականանան, դժվարանում է պատասխանել: Մեկ տասնյակ ընկերությունների ղեկավարներ հարցը բարձրացրել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ, որն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Անկախի» հետ զրույցում ասաց, որ դեռևս վերջնական գնահատականներ չի կարող տալ ոլորտը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, քանի դեռ իսկապես կան վիճահարույց մի շարք հարցեր. «Իմ պատկերացմամբ «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը դեռևս որոշակի բարելավման կարիք ունի` հատկապես հաշվի առնելով այն շահերի բախումը, որ առկա է երկու ոլորտներում` պետական և մասնավոր: Օրինակ` խնդիր է հատուկ պահպանության օբյեկտների և այդ հասկացությունների ոչ հստակ լինելը»:

Կորյուն Նահապետյանը քննարկման առարկա է համարում նաև մասնավոր ընկերությունների` պահնորդնական գործունեության մեջ կարգեր սահմանելու առաջարկը. «Այո, այսօրվա գործող օրենքում նման տարբերակում չկա: Կառավարության որոշմամբ էլ նման սահմանազատում չկա: Մենք պետք է միջազգային լավագույն փորձն ուսումնասիրենք և հասկանանք` իսկապես նման տարբերակումը հիմնավո՞ր է, թե ոչ»:

Ի դեպ, օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանության ռազմականացված ստորաբաժանման ձևավորում, որի աշխատակիցները ոստիկաններ չեն լինելու, այլ աշխատելու են աշխատանքային պայմանագրի հիման վրա: Մեր հարցին, թե արդյոք այդ աշխատակիցները որակավորման նույն բարդ ընթացակա՞րգն են անցնելու, ինչ մասնավորները, Նահապետյանն ասաց. «Ցավոք, օրենքի նախագծում դա չի երևում»:
Նահապետյանի խոսքով` իրենք պարբերաբար ոլորտի վերաբերյալ քննարկումներ են ունենում նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ և լսում նրանց տեսակետները: Բայց որպեսզի ոլորտը լիովին կարգավորվի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Նա հայտնեց, որ պատրաստվում են ոլորտը կարգավորող օրենսդրությունն ուղարկել նաև միջազգային փորձաքննության, ապա կազմակերպել ընդլայնված քննարկում շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որից հետո նոր հստակեցնել հնարավոր փոփոխությունները:
«Ես նպատակ եմ դրել, որ կարճ ժամանակահատվածում` առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում, բարենպաստ միջավայր ստեղծենք ոլորտի կայացման համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Այդ մի քանի տարիներն էլ հենց լրջորեն անհանգստացնում են մասնավորներին, որովհետև մտավախություն ունեն, որ մինչ այդ ոստիկանությունն արդեն ոլորտն «իրենով արած կլինի»:

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7, մաքսանենգության 3, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական, կողոպուտի և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանները նրա մոտ դանակ են հայտնաբերել

դանակ-290x225Մարտի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Գ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով:
Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը` 21.5 սմ, իսկ շեղբինը` 10 սմ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ (մարտի 5-ից 6-ը)

ավտոպատահարՄարտի 5-ին, ժամը 12.30-ին, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 20-ամյա ուղևորուհին վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 07.50-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 40/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ժամ առաջ Հակոբի Ինջիղուլյանի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի. Լարիսա Ալավերդյան

Լարիսա ԱլավերդյանՀայ զինգերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքն առաջինը չէ, երբ գերության մեջ հայտնված անձը ցանկանում է վերադառնալ ոչ թե իր երկիր, այլ գնալ երրորդ երկիր: Նման դեպքեր տեղի են ունեցել դեռ Խորհրդային տարիներից, երբ զինգերիները ցանկություն են հայտնել գնալ երրորդ երկիր, որովհետև համոզված են եղել, որ Խորհրդային միություն վերադառնալու դեպքում աքսորվելու են Սիբիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսի խոսքով՝ տարիների ընթացքում իրենց ունեցած փորձը ցույց է տվել, որ, եթե անձը ցանկություն է հայտնում գնալ երրորդ երկիր` լինի դա սեփական կամքով, թե ճնշումների ներքո, այդպես էլ լինում է, չնայած Ժնևյան կոնվենցիայի համաձայն` գերին պետք է վերադարձվի սեփական երկիր:

Հարցին` ինչո՞ւ է ուշանում Հակոբ Ինջիղուլյանի տեղափոխությունն  երրորդ երկիր, Մարդու իրավունքների առաջին պաշտպանը պատասխանեց. «Երբ ռազմագերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնում, այդ գործընթացը սկսվում է իրականացվել ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջոցով: Նախ պետք է դիմել որոշ երկրներ և պատասխան ստանալ: Ոչ մի երկիր առանձնակի ոգևորությամբ չի ընդունում այն զինգերուն, որը հրաժարվել է վերադառնալ իր երկիր: Դա երկարատև գործընթաց է: Օր առաջ, ժամ առաջ Հակոբի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի»:

Ալավերդյանը նաև նշեց, թե չի  կարծում, որ Ադրբեջանը Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի ուղղությամբ ինչ-որ քայլեր անի:

Դիակ` հրդեհված բնակարանի պատշգամբում

այրված դիակՄարտի 5-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքում հրդեհ է նկատվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի 10 շենքի թիվ 50 բնակարանի պատշգամբում, որտեղ հայտնաբերվել է 1935 թ. ծնված Շողակաթ Խաչատրյանի այրված դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«Մամիկոն Խոջոյանի դեպքի առնչությամբ դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան». Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյանՎերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վերադարձի համար պետք է փառք տալ Աստծուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը մինչև հիմա գտնվում է Իջևանի հիվանդանոցում: Զինգերիների, պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովն արդեն հոգացել է նրա բուժման ծախսերը:

«Մենք շուտով հանդիպելու ենք Մամիկոն Խոջոյանի հետ և անմիջապես սկսելու ենք աշխատանքները իրավական պաշտպանության ուղղությամբ: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Մեզ ադեն դիմել են շատ հմուտ փաստաբաններ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները: Փաստաբանների թվում է նաև Արտակ Զեյնալյանը, ում հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ գոնե այս դեպքը դառնա միջազգային հանրության համար քննարկման նյութ, որի արդյունքում կպարզվի Ադրբեջանի առաջադեմ հասարակության երեսը, հայկական կողմն էլ իր պարտականությունը իրականացված կհամարի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան պատերազմի ժամանակ իրենք ակտվորեն աշխատել են ադրբեջանական կազմակերպությունների հետ և բազմաթիվ գերիների են վերադարձրել: Մինչև անգամ երկու երեխայի վերադարձ պատերազմական շրջանում:

«Ցավոք, երբ եկավ Ալիև կրտսերը, գրեթե կտրեց համագործակցության հնարավորությունները, ներկայումս պաշտոնապես ոչ մի կապ չկա ադրբեջանական կազմակերպությունների հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ժնևյան 4-րդ կոնվենցիային՝ բանախոսը նշեց, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը ուղղակի կոշտ արգելք է դնում այնպիսի անձանց գերության վրա, որոնք ուղղակիորեն ընդգրկված չեն զինվորական կամ այլ բախումների մեջ: 4-րդ կոնվենցիան վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը:

«Միջազգային արգելքի համաձայն՝ չպետք է լինի ոտնձգություն խաղաղ բնակչի ո՛չ կյանքի, ո՛չ էլ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ: Արգելված է անգամ պատանդ վերցնելը»,- ասաց  Ալավերդյանը:

 

18-ամյա երիտասարդը խոստովանել է հանցանքը

ձերբակալությունՄարտի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1937 թ. ծնված Ռոմիկ Ա.-ի տնից գողացել են 335.000 դրամ և 25.000 ռուբլի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Ոստիկանությունից  Անկախին տեղեկացնում են, որ գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառները պարզվում են

այրվող ավտոմեքենաՄարտի 4-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարք թիվ 29 տան դիմաց կայանված, 1990 թ. ծնված Արկադի Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Շիրակի մարզի հրդեհային տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

16 անձ կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը

զենք-զինամթերքՄարտի 4-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 1942 թ. ծնված Ավետիք Մ.-ն կամավոր հանձնել «Շմայս» տիպի ինքնաձիգ` փամփուշտատուփով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 3 նռնակ և նռնակի պայթուցիչ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 1957 թ. ծնված Բագրատ Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1943 թ. ծնված Անուշիկ Մ.-ն կամավոր հանձնել է «CIFSAN» տիպի, 12 մմ տրամաչափի, հարթափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1967 թ. ծնված Սեդրակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի դատարկ 3 պահունակ, «ՌՊԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ձեռքի գնդացրի դատարկ պահունակ, 23 մմ տրամաչափի զենիթա-հրթիռային գնդացրի արկ, «ԲՄՊ» հետևակի մարտական մեքենայի գնդացրի արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 52 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնում 1961 թ. ծնված Խաչիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, հարթափող որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Անիի բաժնում 1964 թ. ծնված Անդրանիկ Ժ.-ն կամավոր հանձնել է «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, հակատանկային ական, 5.45 մմ տրամաչափի` 191, 7.62 մմ տրամաչափի 25 փամփուշտ` իր փամփշտակալով:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1965 թ. ծնված Շիրազ Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1975 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1981 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1957 թ. ծնված Սլավիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1963 թ. ծնված Խաչատուր Պ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 55 փամփուշտ, «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ, «ՈւԶՌԳՄ-583» տիպի նռնակի պայթուցիչ և «ՈւՊՄԴ-6» տիպի 2 պայթուցիչ:Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն:

Մարտի 4-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Ամասիայի բաժնում 1985 թ. ծնված Անդրանիկ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 36 փամփուշտ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 22.00-ին, 1968 թ. ծնված Արարատ Ս.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 79 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 11.30-ին, 1972 թ. ծնված Սոս Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, ձեռքի ինքնաշեն նռնակ և «ԱԿԱ-74» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 16.50-ին, 1972 թ. ծնված Սամվել Գ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի հրացան:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 4-ին, ժամը 18.35-ին,1974 թ. ծնված Ռաշիդ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 79, «ԴՇԿ» տիպի 3 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:

Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը թեև որոշել ենք ներկայացնել առանց մեկնաբանության, սակայն չենք կարող չհարցնել՝ լավ, մի՞թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպությունները չեն կարող կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքներին օգնության ձեռք մեկնել:

Վերջում ավելացնենք նաև, որ այս երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Իսկ ամուսինների մի մեծ երազանքն է ունենալ «Արև» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենան արգելափակվել էր փոսի մեջ

ավտոպատահարՄարտի 6-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարի (Մ-7) 4-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 18 UL 655 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ճանապարհահատվածին առաջացած փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Ստեփանավանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել

ինքնասպանությունՄարտի 5-ին, ժամը 22.11-ին քաղաքացին ահազանգել է, որ փորձում է ինքնասպան լինել իր տանը (Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց):

Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտալացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան,ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մարտի 8-ին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ հանրապետության տարածքում`
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևանի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     20.50C (2001 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -22.80C (1985 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝     3.80C

Ինչպե՞ս է կանոնակարգվում հերքման և պատասխանի իրավունքը ԶԼՄ-ներում

իրավունք«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:Հերքման պահանջը կարող է ներկայացվել 1-ամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:
Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:
Պատասխանը հրապարակվում է անվճար:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ

կարեն մկրտչյան2013թ.-ի  դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել:  Դաժան ծեծի հետևանքով նա  գամված  է անվասայլակին ու բուժում էր ստանում տան պայմաններում, սակայն  նրա վիճակն այժմ գնալով վատթարանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում եւ դրա համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը դերասանի ընտանիքը չունի:

Կարեն Մկրտչյանի մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 Հոդվածի 1-ին մասի  4 կետի համաձայն: Այս տեղեկությունները ստացված են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծված  ՙՙՕգնենք Կարեն Մկրտչյանին՚՚ խմբի ակտիվ մասնակից Աննա Սարգսյանի խոսքով ՙՙԺողովուրդ՚՚ օրաթերթի հետ զրույցում Կարենը պատմել էր տեղի ունեցածի մասին և ասել էր, որ ոչ մի թշնամի չունի ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիներ չի ունեցել։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերը, թատրոնից տուն վերադառնալիս ձայներ է  լսել ու անկախ իրենից շրջվել է: Նա գլխին ուժգին հարված է ստացել ու ուշագնաց եղած վիճակում մնացել միջանցքում: Նրա համոզմամբ  Կարենն ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրել, որ իր հետ այդպես վարվեին։

Աննան նշեց նաեւ, որ Մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենոլու ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին: Համերգին մասնակցելու  են հայկակակն էստրադայի համարյա բոլոր աստղերը: Դերասանի բուժման համար ստեղծվել են հատուկ հաշվեհամարներ UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903  քաքաքացիների փոխանցումների համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ