Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Երկու կենսագրությունների խաչմերուկներում. «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար»

գևարգյանցԵրկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Գրքի շապիկը գուցե այնքան էլ գրավիչ չէ, սակայն բովանդակությունն անկրկնելի է. մի քանի տող կարդացած անձը կարծես «ծուղակն է ընկնում» ու չի կարողանում դադար տալ, քանի դեռ գիրքը չի կարդացել-վերջացրել:
Հեղինակի մասնագիտությունը մեծապես ազդել է գրքի շարադրանքի վրա. սեղմ, բայց գրավիչ ու բովանդակալից: Երբ կարդում ես` թվում է, թե ֆիլմ ես դիտում, այնքան կենդանի, պատկերավոր է գրքի լեզուն:
Հենց գրքի յուրահատկության` շարադրանքի շնորհիվ մոռանում ես, որ Փարաջանովին տեսնում ես Գևորգյանցի աչքերով, զուգահեռաբար էլ ծանոթանում ես նաև Գևորգյանցի անցած ուղուն: Թվում է, թե դա քո կյանքի ճանապարհն է, Փարաջանովի երիտասարդ ընկերն էլ դու ես` ընթերցողդ:
«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, որի հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաև այն ժամանակների մասին է, նաև այն ժամանակվա մարդկանց մասին, նաև Փարաջանովի ժամանակի մասին»,- ընթերցողին իրազեկում է Գևորգյանցը` մինչ բուն պատմությանն անցնելը:
Գևորգյանցի հուշերից բացի, գրքում ներառված են նաև պատառիկներ Փարաջանովի անձնական նամակներից, ինչպես նաև աշխարհահռչակ գործիչների հուշերից:
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիր ու գրիր, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել»,- գրքի շնորհանդեսին, ըստ «Կինոաշխարհ» պարբերականի, ասել է Ռուբեն Գևորգյանցը` անդրադառնալով գիրքը գրելու դրդապատճառներին:
փարաջանովՄեկ այլ դրդապատճառի Գևորգյանցը նաև գրքում է անդրադարձել` կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի հայտարարությանը, թե Փարաջանովը հայ չէ և ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ, «պարզապես հայերը գողացել են Փարաջանովի ամբողջ արխիվը, նրան էլ տարել-թաղել են կագեբեական Արամ !աչատրյանի կողքին»: Գիրքը կարծես պատասխան է հակահայկական տրամադրվածություն ունեցող կինոռեժիսորին: Փարաջանովի տողերը` գրված իր մասին, լավագույն հերքումն են. «Ինձ համար Հայաստանն արվեստ է ու պատմություն, Հայաստանը իմ ընկերներն են, իմ բերկրանքը, մեր ստեղծագործական կորուստները….Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մեռնել Հայաստանում»:
Պատմությունը սկսվում է հեռավոր 1978-ի մի ձմեռային առավոտից, երբ Գևորգյանցն ու իր ընկերը րոպեներն էին հաշվում, թե երբ գնացքը կշարժվի դեպի Թբիլիսի, ուր կկարողանային տեսնել բանտից նոր ազատված Փարաջանովին:
Պատմության ընթացքը միագիծ չէ ժամանակային առումով: Ինչպե՞ս է մարդկային հիշողությունը, որ ժամանակից ժամանակ է թռչում, սկսում մի տեղից, հետո մի այլ բան հիշում, հետո երրորդը, ապա նորից վերադառնում առաջինին: Հենց այսպես էլ շարադրված է, բայց այդ ամենն այնքան բնական է, որ թվում է` այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ դու` ընթերցողդ ես այդ ամենը վերհիշում:
Գրքում տեսնում ենք Փարաջանով ընկերոջը, մարդուն, հանճարին, պարզապես քաղաքացուն` կյանքի տարբեր ոլորտներում ու դրսևորումներում:
«Հագնվում էր շատ պարզ ու հարմարավետ` վելվետե տաբատ, վար թողած մգագույն վերնաշապիկ` որպես կանոն, խոշոր վրադիր գրպաններով: Շրջում էր փողոցներով, ուր նրա համար ամեն ինչ հետաքրքիր էր (և ի՞նչն էր լինում հետևանքը): Օրինակ` ճաշի էր գալիս մեզ մոտ, իսկ 10-15 րոպե անց նրա այցելությունը վերածվում էր 60-100 հոգիանոց երթի: Կանգ էր առնում ամեն քարի, պատի, հուշարձանի մոտ, ինչ-որ բաներ էր մեկնաբանում, մատնացույց անում, կատակում: Եվ շուրջը հավաքվածները լսում էին նրան բերանները բաց: Հիմնականում նրանք պարզ մարդիկ էին` վարորդներ, բանվորներ, վարսավիրներ և այլն: Նրանք, որպես կանոն, ոչինչ չէին հասկանում, թե ինչեր է ասում (և ոչ այն պատճառով, որ խոսում էր ռուսերեն): Բայց մարդիկ գնում էին նրա հետևից, ասես մեսիա լիներ…»,- այսպես է Գևորգյանցը ներկայացնում, թե որքան սիրված ու ընդունված էր Փարաջանովը:
Այնպես է ստացվում, որ Գևորգյանցն առաջիններից է իմանում թե՛ Փարաջանովի ձերբակալության, թե՛ ազատ արձակման մասին: «70-ականներին քաղաքական մոտիվներով ձերբակալություններ էին լինում, բայց դրանք մեզ չէին վերաբերում, մեր հոգը չէին: Իսկ հիմա վերաբերում էր…»,- հիշում է նա:
Անդրադառնալով մեղադրանքին, որը մինչ օրս էլ շահարկումների թեմա է, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի համար հորինել էին կեղտոտ մեղադրանք` արվամոլություն, բռնաբարություն, նույնիսկ գտել էին մի տուժածի` երիտասարդի, որը երկու անգամ մարմնեղ էր Սերգեյ Իոսիֆովիչից: Եվ դրան բռնաբարել էր Փարաջանովը: Եվ մեկ էլ նրան մեղադրում էին պոռնոգրաֆիա տարածելու համար: Մոտը մի ինքնահոս գրիչ էին գտել, որպիսին այն ժամանակ ունեին նույնիսկ շատ դպրոցականներ: Թեքում ես գրիչը, և լողազգեստով աղջիկը մերկանում է: Ծիծաղելի է, չէ՞: Եվ տվեցին հինգ տարի»:
Հետագայում Գևորգյանցը հնարավորություն է ունեցել իր «Փարաջանով. վերջին կոլաժը» վավերաֆիլմի նկարահանման ժամանակ Փարաջանովի գործը վարած քննիչին հարցնել. «Պարոն Մաշկով, իսկ ձեզ խիղճը չի՞ տանջում»: Ապա եզրակացրել է. «Ես միամիտ հարց տվեցի խղճի մասին: Այդպիսի մարդկանց խիղճը երբեք չի տանջում»:
Վերջաբանում, ամփոփելով աշխատանքը, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի մասին կարելի է գրել ու գրել: Ճիշտ է, նրա հետ կապված պատմություններից շատերը հորինված են: Գրում, պատմում են մարդիկ, ովքեր թերևս կյանքում սոսկ մեկ անգամ են տեսել նրան, այն էլ` հեռվից: Բայց սա, երևի, վատ չէ: Նա լեգենդ է դարձել, քանզի եղել ու մնում է լեգենդ»:

ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանին՝ բիզնես միջավայրի բարելավման նպատակով

տիգրան սարգսյան,համաշխարհային բանկՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը: «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից և անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը և նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաև Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի և բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:
Այնուհտեև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և կարևորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը:

Անկախ

Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ

նկար ասուլիսիցԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:

Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:

Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:

«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:

«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:

«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:

 

Նախագահի ելույթը բացահայտ ճնշում է Սահմանադրական դատարանի վրա. «Դեմ եմ» նախաձեռնություն

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:

Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ  դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:

Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:

ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել. ՀայՌուսգազարդ

Վարդան ՀարությունյանՀայաստանում գազի կալորիականության վերաբերյալ այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել:

Նրա խոսքով` ԳՈՍՏ 5542-87 համաձայն՝ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը չի կարող 7600 Կկալ-ից ցածր լինել, սակայն այդ մինիմումը էապես գերազանցվում է:

Ընկերության գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանի խոսքով` ռուսական գազի միջին կալորիականությունը կազմում է 8278 Կկալ/ քմ, իրանական գազինը՝ 8009:

«Գազի որակի մասին ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Տասն  օրը մեկ ընկերությունը տեղեկություններ է հրապարակում հանրապետության մարզերում գազի միջին ջերմատվության վերաբերյալ»,- կլոր սեղանի ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Այն նկատառմանը, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, ամբողջությամբ պատկանելով «Գազպրոմին», ներկայացնում է Մոսկվայի շահերը և փոխկապակցված է Հայաստանի կառավարական պաշտոնյաների հետ, Վարդան Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ցանկանում եմ հայտարարել, որ քաղաքականությունում ո’չ ես կամ, ո’չ էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունը: Մենք կապված չենք երկրում գործող որևէ կուսակցության հետ ու միայն տեխնիկական խնդիր ենք կատարում՝ բնակչությանը գազ մատակարարելով»:

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի Նախագահին

44.Ambassador Hovhannissyan  presented his credentials to the President of Mexico 17.02.2014Փետրվարի 14-ին Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին ընդունեց երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Մեքսիկայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը Նախագահ Պենյա Նիետոն, գոհունակությամբ նշելով Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացման փաստը, հաջողություն մաղթեց դեսպան Հովհաննիսյանին և հույս հայտնեց, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-մեքսիկական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Մեքսիկայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Խոսե Անտոնիո Մեադե Կուրիբրենյաի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Խոհանոցային դանակով հարվածել է եղբորը

դանակահարելՓետրվարի 16-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք, ենթամաշկային հեմատոմա, դեմքի և դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Ռոման Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ եղբայրը դանակով հարվածել է իրեն:
Պարզվել է, որ Ռոման Մ.-ն ստացել է բուժօգնություն և գնացել:
Նույն օրը, ժամը, 01.25-ին, Երևանի Շարուրի փողոցի 28/2 շենքից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել Ռոման Մ.-ի եղբայրը` 1975 թ. ծնված Հարություն Մ.-ն, ով բացատրություն է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 23.30-ին, տանը, խոհանոցային դանակով հարվածել է եղբորը և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Կողոպուտ` սուպերմարկետից

կողոպուտՓետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Փորձելու նպատակով կոշիկներ է հագել և առանց վճարելու դուրս եկել խանութից

կոշիկի գողությունՓետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մտնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առևտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ, առանց վճարելու դուրս եկել խանութից և քիչ անց բռնվել խանութի հսկիչ-վաճառողի և այդ պահին նշված վայրով անցնող ոստիկանության ծառայողի կողմից:
Գրիգոր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Դոլարի գինը բորսայում` 412,25 դրամ

դոլարՓետրվարի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,980,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

«Պետք է այնպես անել, որ Հայաստանը պահանջված երկիր դառնա Մաքսային Միությունում». Վարդան Այվազյան

վարդան այվազյանՄաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում` շաքարն ու հացը չեն թանկանա: Փոխարենը, Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը որոշակի առավելություններ կունենա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Մոտ 70 տարի Հայաստանի ողջ ենթակառուցվածքն անուղղակիորեն կապված  է եղել Մաքսային միության անդամ երկրներին: Արտաքին տրանսֆերտների մոտ 80 %-ը գալիս է Ռուսաստանից: Հայաստանը պետք է Ռուսաստանին նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»,-ասաց Վարդան Այվազյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, պետք է ո’չ ռուսամետ լինել, ո’չ էլ եվրոպամետ, պետք է լինել հայամետ:

Վարդան Այվազյանի խոսքով` մի կարևոր հարց կա, որը պետք է լուծել միասնական քաղաքական ուժերով: Բանախոսի համոզմամբ` պետք է կազմակերպել ենթակառուցվածքների  ինտեգրացված տեղադրում Հայաստանում, և Հայաստանը պահանջված դարձնել Մաքսային Միությունում:

«Պետք է այնպես անել, որ Հայաստանը պահանջված երկիր դառնա Մաքսային Միության երկրների շրջանում: Եվ հետո, այնպես չէ, որ մենք Ռուսաստանին պետք չենք»,- ասաց Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ինտեգրման գործընթացների շրջանակներում` Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:

Մաքսային Միության ֆոնին անդրադառնալով նաև գազային պայմանագրին` Վարդան Այվազյանը նշեց, որ շուտով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է վերահսկի գազի ցանկացած լուման: Հանձնաժողովը պետք ուսումնասիրի, թե ինչո՞ւ սահմանին 190 ԱՄՆ դոլարով ստացվող գազը բնակչությանը հասնում է 393 ԱՄՆ դոլարով:

 

«Բուդաղյանների գործով քննիչին ուղղորդում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը». Ժաննա Ալեքսանյան

Ժաննա ԱլեքսանյանՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը մեծ ջանքեր գործադրեց ապացուցելու համար անապացուցելին: Որից հետո էլ ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը և, բնական է, որ նա «տեր է կանգնելու» այս գործին մինչև վերջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Նրա խոսքով` զավեշտալի է, որ Բուդաղյանների գործով քննիչն ինքն է որոշում գործի քննության նյութերը ներկայացնե՞լ դատարան, թե՞ ոչ: Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե քննիչներն ինչ դեր ունեն: Մասնավոր զրույցներում քննիչները շատ են բողոքում իրենց ստրկական վիճակից:

«Իսկ հիմա Գևորգ Կոստանյանի ուղղորդմամբ հայտնվել է մի քննիչ, ով թույլ չի տալիս բացահայտել հանցագործությունը: Բնական է, որ նման դեպքում նախկին մարզպետն էլ կընտրվի ԵԿՄ վարչության անդամ: Նրանք բոլորը մի թիմ են` Սերժ Սարգսյանի գլխավորոթյամբ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Նրա կարծիքով` Բուդաղյանների գործին տեղյակ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պարտավոր էր հադես գալ հայտարարություններով, ոչ թե ԵԿՄ համագումարի պարտադրող ելույթներով: Բնական է, որ քննիչին հովանավորում է նախագահը:

«Եթե արդար դատաքննություն լիներ, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեր առնվազն երեք հոգի` դեպքի հետ կապված և ևս մի քանի հոգի, ովքեր կոծկել են այս գոծը: Գործի նախաքննության ողջ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր փորձել են շեղել  նախաքննության ընթացքը»,- ասաց բանախոսը:

«Առաջին ատյանի դատարանը փոխարենը քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել». Հայկ Ալումյան

Հայկ Ալումյան Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս անդրադարձել է գործով նախաքննության հանգամանքներին` ներկայացնելով, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը, ինչ խախտումներով են կայացվել քննիչի որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Դիմելով դատարան և բողոքարկելով քննիչի որոշումները, մենք հույս ունեինք, որ դատարանը կիրականացնի արդար որոշում: Ճիշտ է, մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կլինեն դատարանի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, դիմեցինք դատարան: Դատարան դիմել ենք հոկտեմբեր ամսին և չորս ամիսների ընթացքում տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե խոսքը վեաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորչություններից են օգտվում: Մեր բողոքի քննությունը կասեցվեց: Դատարանը որոշեց, որ մեր բողոքը կքննի այն ժամանակ, երբ քննիչն ինքը ցանկություն կհայտնի դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ քննիչը նման ցանկություն արդեն մի քանի ամիս է չի հայտնում: Դատարանը փաստում է, որ բողոքի քննությունն անհնար է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու և փոխարեն քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ նյութերում կան այնպիսի տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում տեղեկացնել դատարանին, Բուդաղյանների հարազատներին և հասարակությանը: Դա ակնհայտ է, հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարի:

«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որ վերանայի Առաջին ատյանի դատարանի որոշումը: Իհարկե, նման որոշումները սովորաբար նախապես համաձայնեցված են լինում և’ Վերաքննիչ, և’ Վճռաբեկ դատարանի հետ: Մենք որոշեցինք անցնել բոլոր դատարաններով, որպեսզի հետագայում կարողանանք դիմել Եվրադատարան»,- ասաց փաստաբանը:

Հարցին` ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի ԵԿՄ վարչության անդամ դառնալու փաստը, Հայկ Ալումյանը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, և ինքը չի ցանկանում հարցի քաղաքական մասը մեկնաբանել, բայց, ըստ նրա, այդ հարցի մեջ կա նաև մի փոքր իրավաբանական բաղադրիչ: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևապես ոչ ոք չի կարող որոշել, թե ո՞վ կլինի այդ կազմակերպության վարչության անդամ կամ ղեկավար, բացի միության անդամներից: Իսկ թե միության անդամները ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնում, միգուցե անցած ուղին, անբասիր վարքը, նրանց ներքին խնդիրն է:

Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է

001 (3)Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է:  Եվ այս հարցում մենք ակնկալում ենք ոչ թե ձևական, այլ կոնկրետ և նպատակային քայլեր: Ինչպես մեզ, այնպես էլ բնակիչներին չի կարող գոհացնել այն, որ մատակարարվող ջրի ճնշումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ ընկերության տեսուչն է այցելում բնակարաններ: Վերանայեք ձեր աշխատաոճը և մի մոռացեք, որ հենց մեր բնակիչները, ովքեր նաև ձեր բաժանորդներն են, արդարացիորեն պահանջում են որակյալ ծառայության մատուցում, ինչն, ի դեպ, ձեր պայմանագրային պարտավորությունն է երևանցու առաջ: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել աշխատակազմի պատասխանատուներին ևս սերտորեն աշխատել համատիրությունների հետ և արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին:

Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին: Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից:  Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ և հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն. «Այգիների բարեկարգման աշխատանքների ավարտին մեր համաքաղաքացիները օր առաջ են սպասում: Մենք պետք է գործընթացն իրականացնենք այնպես, որպեսզի մեր բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերն  արդեն ամռանը իրենց հանգիստն անցկացնեն բարեկարգված զբոսայգիներում»,- ընդգծել է քաղաքապետն ու նաև հանձնարարել է պատասխանատուներին, «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում, բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է այս մասով ևս արագացնել ու սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված  ապօրինաշինության 4 դեպք: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման մասով:

Անդրադառնալով «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև սկսել գարնանային ծառատունկի և կանաչապատման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու այս տարի նախատեսվող  ծրագրերը:

Այնուհետ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկայացրել է 2013թ. ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության ամփոփ տվյալները:

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը,  ներկայացնելով 2013թ. վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ զգալիորեն աճել են քաղաքապետարանի կողմից  օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության որոշումների նախագծերի թիվը: Առաջընթաց է արձանագրվել նաև իրավական վարչարարության մյուս ոլորտներում: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 17-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26188142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 624 մլն դրամ, որից մրցակցային` 605 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 19 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 686 079 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9477 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9996 տոկոս:
Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Մահվան ելքով պատահար Շիրակի մարզի Փանիկ գյուղում

վրաերթՓետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսիններն սպանել են կանանց

դանակահարությունՓետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը` Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Արթուր Ս.-ի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Կատարվում է նախաքննություն:

 

Փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Գրիշա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դրամապանակի գողը մեկ այլ գողության համար բերման ենթարվածն էր

ձերբակալությունՓետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 12-ին մեկ այլ գողություն կատարելու համար ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Անդրանիկ Խ.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

21 ՃՏՊ, 1 զոհ, 20 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 28-ը, յուրացման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, ապօրինի ծառահատման` 2, խարդախության` 14, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 5, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: