20 տարի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվողը ձերբակալվել և տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)

հետախուզվողՍպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ համագործակցության արդյունքում` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով (կմ16-կմ22):

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց  են:

 

«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

Թամար-2Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Եվ քանի որ մեկ ամիս էր` ինչ Թամարն այստեղ էր, սպասեցի, որ մի քանի ամիս էլ անցնի, հետո հարցազրույց անցկացնեմ: Միգուցե միտքը փոխած լիներ…
Օրեր առաջ կրկին հանդիպեցի: Ոգևորությունն ավելի մեծ էր: Հարցին` արդյոք չի՞ զղջացել իր որոշման համար, ասաց. «Երբե՛ք: Շատ ուրախ եմ, որ եկել եմ: Ոչնչով եկա, ընդամենը երկու ճամպրուկով ու ասացի` սա իմ կյանքն է: Հիմա ունեմ աշխատանք, ընկերներ և ինձ շատ լավ եմ զգում: Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ եկել եմ»:
Ավելին, երբ ամանորյա տոները ծնողների խնդրանքով անցկացրել է նրանց հետ` Կանադայում, հազիվ է կարողացել երեք շաբաթ դիմանալ, օրերն է հաշվել, թե երբ է վերադառնալու Հայաստան:
Թամար Նաջարյանը ծնվել է Տորոնտոյի կենտրոնում, 24 տարեկան է: Ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ են գաղթել Կանադա, այնտեղ էլ ծանոթացել ու 1988-ին ամուսնացել են:
Թամարի խոսքով` ծնողները շատ հայասեր ու ավանդապաշտ մարդիկ են: Մայրը` Սյուզան Արթինյան-Նաջարյանը, վերջին տարիներին եղել է Տորոնտոյում Հայ օգնության ֆոնդի ատենապետուհին: Ասում է, որ մայրն իրեն ու եղբորը միշտ պահել է հայկական շրջանակի մեջ` հայ համայնքի հետ սերտ կապով:
Թամարը հաճախել է ՀՕՖ-ի ամենօրյա վարժարան, որը Տորոնտոյի երեք հայկական դպրոցներից մեկն է: Տորոնտոյի հայ համայնքը բավականին մեծ է, սակայն Թամարի խոսքով` հայ ծնողները գերադասում են իրենց զավակներին օտար դպրոցներ տանել: Տորոնտոյում երեք հայկական դպրոց է եղել, հիմա, ցավոք, մնացել է մեկը:
Վարժարանն ավարտելուց հետո, Թամարն ընդունվել է RYESON համալսարան, ուսումնասիրել է հոգեբանություն և երեխաների անվտանգության հարցերը: Ասում է, որ մանկուց սիրել է երեխաների հետ աշխատանքը և որոշել է ուսուցիչ դառնալ: Մի քանի տարի կամավորական աշխատանք կատարելով դպրոցում` ընդունվել UOIT համալսարան` ուսումը շարունակելու մանկավարժության բնագավառում:
Այդ տարիներին աշխատելով և՛ հայկական, և՛ կանադական դպրոցներում` հասկացել ու համոզվել է, որ հայկական դպրոցն անհամեմատ բարձր մակարդակում է: Ասում է, որ կանադական դպրոցներում ուսումնական ծրագիրը շատ թույլ է, տնային աշխատանք գրեթե չեն տալիս: Նախկինում այդպես չի եղել. ծնողներն են բողոքել, թե երեխաները ծանրաբեռնվում են, սթրես են տանում, ինչից հետո ուսումնական ծրագրերը բեռնաթափվել են: Փաստորեն, այսօր երեխաները մակերեսային կրթություն են ստանում դպրոցում: Իսկ եթե բախտները չի բերում և ուսուցիչը լավը չի լինում, ապա դա էլ չեն ստանում:
Ինչպե՞ս Թամարը որոշեց Հայաստան գալ: Առաջին անգամ հայրենիքում եղել էր 2001 թ., երբ ընդամենը 11 տարեկան էր: Ծնողներն էին բերել, որպեսզի ինքն ու եղբայրը Հայաստանը տեսնեն: Դրանից առաջ նրանց նաև Լիբանան էին տարել: «Սակայն Հայաստանն ու Լիբանանն ինձ համար լրիվ տարբեր աշխարհներ էին: Ես շատ սիրեցի Հայաստանը: Հայաստանը ձգող էր, քաշում էր»:
Երկրորդ անգամ նա հայրենիք է գալիս երկու տարի առաջ «Դեպի Հայք» ծրագրով: Այդ անգամ մոտ մեկ ամիս ապրում է Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էլ նրա մեջ վերջնականապես ամրապնդում է Հայաստան տեղափոխվելու գաղափարը: «Երևանը լավն է, գեղեցիկ է, սակայն նման է տարբեր երկրների քաղաքների: Բայց երբ գնում ես մարզեր, տեսնում մյուս քաղաքները, լրիվ ուրիշ բան է»,- հիացած պատմում է Թամարն իր տեսած քաղաքների ու գյուղերի մասին:
Tamar-1Դրանից հետո նա այլևս չէր ցանկանում վերադառնալ Կանադա, բայց ստիպված էր, քանի որ վերջին կուրսում էր, պետք է ուսումն ավարտել: «Գնացի, մի կերպ այդ մի տարին էլ դիմացա, չնայած նոյեմբերից արդեն ծնողներիս գլուխը տանում էի: Փետրվարին տոմս գնեցի ամառվա համար: Այդ մի քանի ամիսը սպասելն ամենաանտանելին էր: Հունիսին, երբ վկայականս տվեցին, ասացի` ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան»,- պատմում է նա ծիծաղով:
Գալիս է Երևան, բնակարան վարձում, մեկ ամիս անց նաև աշխատանք գտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում (USAID)` ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրում: Բացի այդ, ամերիկյան ամսագրի համար մասնագիտական հոդվածներ է գրում:
Ասում է, որ վաստակածը բավականացնում է և՛ բնակարանի վարձավճարի, և՛ մյուս ծախսերի համար, իսկ ծնողներից սկզբունքորեն ֆինանսական օգնություն չի ընդունում. «Արդեն այն տարիքում եմ, որ պետք է ինքնուրույն հոգամ իր կարիքները»,- ասում է նա:
Այժմ արդեն Թամարի ծնողներն են մտածում Հայաստան տեղափոխվելու մասին: Եթե առաջ այդ գաղափարն անորոշ էր, Թամարի գալուց հետո որոշակի է դարձել: Կարծում է` երկու տարվա ընթացքում ծնողներն ու եղբայրը կմիանան իրեն: «Մայրս երբեք չի մտածել, որ իր ողջ կյանքն անց է կացնելու Կանադայում: Նա ատում է էնտեղի ապազգայնությունը, այն, որ հայությունը կորչում է: Միայն Տորոնտոյում 30 000 հայ կա, որից եթե հազարին տարվա ընթացքում տեսնես` լավ է: Իմ Հայաստան գալու որոշման մեջ նաև մեծ դեր խաղաց այն, որ չէի ուզում ամուսնանալ, զավակ ունենալ այնտեղ և պայքարել, որ հայ մեծանա: Այստեղ զավակ կունենամ և կպայքարեմ, որ լավ մարդ մեծանա»:
Անցնում ենք Հայաստանի խնդիրներին: Այո, վարդագույն ակնոցն արդեն հանել է և տեսնում է երկրի գորշ գույները: Այն, ինչ կցանկանար առաջին հերթին փոխել հայրենիքում, մարդկանց մտածելակերպն է: «Մարդիկ կարծում են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն անի, բայց ոչ երբեք իրենք: Սա է պատճառը, որ Հայաստանում այսքան խնդիր կա: Բոլորը խոսում են կառավարության դեմ: Աշխարհում ուր էլ գնաս, բոլորը խոսում են կառավարության դեմ, չկա մի ազգ, որ իր կառավաարությունը կսիրե. Կանադայից սկսած: Բոլորը բողոքում են, որ կառավարությունն իրենցից գողանում է, բայց հենց իմանում են` Կանադայից եմ, առիթը բաց չեն թողնում ինձնից գողանալու: Եղբայր, մի՛ գանգատվիր, ինձանից էլ մի՛ գողնար»:
Բերում է տաքսու օրինակը, երբ վարորդը, տեսնելով սփյուռքահայ է, գումարն ավելի է ասում: Մանրուք է, բայց այդ մտածելակերպի վառ դրսևորում է:
Թամարն ակտիվ քաղաքացի է, երկրի ներքաղաքական զարգացումների հանդեպ խիստ զգայուն, ուստի անտարբեր չի նաև քաղաքացիական շարժումների հանդեպ: Վերջերս, օրինակ, մասնակցել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված մեծ բողոքի ակցիային, քանի որ ինքն էլ է դեմ դրա կիրառմանը: Այդուհանդերձ կարծում է, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես տանը: «Աշխարհի մեջ ուր էլ որ գնաս, դժվարություն կա: Միշտ դիմացի տունը, դիմացի մայթն ավելի մաքուր ու գեղեցիկ է երևում, բայց էդպես չի: Էստեղ կյանքը շատ ավելի պարզ է, օտար երկրներում հազար անգամ ավելի դժվար է, բազմաթիվ շերտեր կան, որ պիտի տեսնես, պիտի կարողանաս տակի «մանր գրությունները» կարդալ, ահռելի հարկեր պիտի վճարես կառավարությանը և այլն և այլն: Այնտեղ էլ են քեզ խաբում, քեզանից գողանում, պարզապես առանց զգալուդ և տեսնելուդ, այստեղ տեսնելովդ են գողանում: Տարբերությունն այդ է»:
Հայաստանում Թամարի համար ամենաարժեքավորը պարզ, անկեղծ մարդկային հարաբերություններն են, միմյանց նկատմամբ հոգատարությունը, որոնց պակասն օտարության մեջ միշտ կա, և որոնք նա զգում է միմիայն Հայրենիքում:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Վանաձոր քաղաքի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է (լրացված)

գազամատակարարումՓետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Ժամը 20.30-ի դրությամբ վերականգնվել է քաղաքի միայն մի հատվածի գազամատակարումը:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:

Անկախ

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները…

ճանապարհներՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 Անկախ

Գրողներ կան, ովքեր հայոց լեզվի ասպարեզում գիտելիք չունեն. Կինոգետ

զավեն բոյաջյան«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը այսօր Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք: Դրանցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ:

«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչված Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար ստացավ 100-հազար դրամ, մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր պատմվածքի թեման արտագաղթն է: Մրցույթը ստիպում է գրիչ վերցնել ու գրել` ներկայանալով հանրությանը.

«Պատմվածքը գրվել է հատուկ մրցույթի համար, այդ իմաստով նմանատիպ մրցույթները խթանում են ծույլ գրողներին ու հեղինակներին: «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքը մի մարդու մասին է, ով արտերկրից վերադառնում է Հայաստան հոր հուղարկավորությանը մասնակցելու համար եւ կարծես թե կրկին արտերկիր վերադառնալու իր ցանկությունը քիչ-քիչ մարում է, նա կապվում է Հայաստանի հետ: Թեման ակտուալ է»:

Թարգմանիչ, կինոգետ «Արձակ» մրցույթի ժյուրիի անդամ Զավեն Բոյաջյանն էլ համոզված է`ուսումնական հաստատության շրջանավարտները հաճախ չեն ունենում մայրենի լեզվի լիարժեք իմացություն ու թերանում են արտահայտվելիս կամ գրավոր խոսքում: Մարդը գրող դառնալուց առաջ պետք է աշխատի գոնե տարրական գրագիտությանն առնչվող օրենքներին տիրապետել.

«Ներկայացվել են հեղինակներ, ովքեր նորաշունչ են, ինքնատիպ եւ ասելիք ունեն: Կան գրողներ, ովքեր բավականաչափ գրական կուլտուրա եւ հայոց լեզվի ասպարեզում գիտելիք  չունեն, սակայն դա իրենց չի խանգարում ստեղծագործել ու գրամոլի պես ներկայանալ: Հետագա նմանատիպ մրցույթներին կուզենայի մասնակցեին գրական ձիրքով օժտված մարդիկ, իսկապես ծանր աշխատանք էր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ինչ երազներ են տեսնում մեր սիրելիները

ol3001391431378Մասնագետները վստահեցնում են, որ հաճախ զուգընկերները չեն կարողանում նույ ն անկողնում հանգիստ քնել, քանի որ տղամարդկանց ու կանանց միջև գոյություն ունեցող տարբերություններն անգամ  երազների վրա են տարածվում:

Կանադացի փորձագետները վստահեցնում են, որ տղամարդիկ հաճախ երազներում հրդեհ, ջրհեղեղ, ռազմական գործողություններ ու այլ  բնույթի մղձավանջներ են տեսնում: Իսկ ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնականում նրանց երազներում ամուսնական դավաճանություն է, վեճ, սուտ ու բամբասանք:

“Երազատեսության  նման քարտեզ” Մոնրեալի համալսարանի գիտնականները կարողացել են կազմել 300 կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքներով.մասնակիցներն ամեն առավոտ պետք է գրառեին իրենց երազները: Հետաքրքրական է, որ մղձավանջային երազները գերակշիռ մաս են կազմել, քան պարզապես լավ կամ վատ երազները: Կանայք իրենց մղձավանջներն ավելի մանրամասն են նկարագրել, քան տղամարդիկ: Փորձի տևողությունը 5  շաբաթ է եղել:

Անկախ

Ոսկրերն օգնեցին ստեղծելու պողպատի ամրությամբ հախճապակի

04012814.848184.5726Գերմանացի գիտնականները ստեղծել են գերամուր, չափազանց թեթև, մարդու ոսկրերի կառուցվածքով ու հատկություններով   կոմպոզիտային նյութ, որն ունակ է դիմանալու շատ բարձր ճնշման, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նյութում :

Վերջին տարկներին ֆիզիկոսները, քիմիկոսներն ու ինժեներներն ակտիվ քննարկում են կենդանի օրգանիզմների, բույսերի առանձին  կամ էլ ամբողջ օրգանների կառուցվածքը, փորձելով “էվոլյուցիայի հայտնագործությունը” կիրառել նոր տեխնոլոգիաների ու սարքերի ստեղծման նպատակով: Այսպես, ամերիկացի ֆիզիկոսները ստեղծել են բժշկական “իդեալական” ասեղներ ու ծեփուկներ` հիմք ընդունելով մակաբույծ որդերի ծծակների ու վայրի խոզուկների ասեղների կառուցվածքը:

Գերմանիայի Կառլեռուե քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտից Յենս Բաուերն ու նրա գործընկերները ստեղծել են գերամուր հախճապակի, ուսումնասիրելով ամրության ու խտության հարաբերակցությունը մի քանի արհեստական ու բնական նյութերի ամբողջության մեջ: Որպես օրենք, խտության թուլանալուն զուգընթաց նվազում էր նաև ճնշմանն ու բարձր մեխանիկական լարվածությանը դիմանալու հատկությունը: Սակայն, նույն օրինաչափությունը չէր դիտվում մի նյութի ` ողնաշարի ոսկրերի դեպքում: Փորձագետները ցույց տվեցին, որ մարդու ու մյուս կենդանիների ողնաշարը շատ ավելի ամուր է, քան դրանց խտությունն է ենթադրել տալիս: Հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են ողնաշարի ոսկրերի բաղադրությունն ու փորձել են “պատճենել” այն` կիրառելով հախճապակու հիմքով ու ալյումինի օքսիդից ստացված փոշուց կոմպոզիտային նյութ:

Ինչպես հեղինակներն են նշում, ոսկրերը կազմված են ամուր նյութի բազում նանոմասնիկներից, որոնք  իրար են “սոսնձված” կոլագենի ճկուն թելիկներով: Գիտնականները վստահ են, որ հատկապես դա է նման ամրություն հաղորդում ոսկրերին:

Համեմատելով այդ նյութի մեխանիկական հատկությունները, գիտնականներին հաջողվել է գտնել “ոսկրի” օպտիմալ կառուցվածքը, որը հիշեցնում է անկանոն մեղվահաց: Նման կոմպոզիտային նյութը միաժամանակ շատ թեթև է և ունակ դիմանալու 280 մեգապասկալ ճնշման, ինչը համեմատելի է լավ որակի պողպատի ամրության հետ:

Անկախ

Անկարայի ձեռագիրն ու Օջալանի ստորագրությունը

Շահան Գանտահարյան

Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:

Նախ, չի կարելի անտեսել այն երեւույթը, որ միեւնույն կուսակցության ղեկավարներից Բեսե Հոզաթը հայկական լոբբիին մեղադրել էր Թուրքիայի ուրվական պետություններից մեկը լինելու հանցանքի մեջ, որի հերքման ձեւով մեկնաբանվեց Օջալանի նամակը: Խառը ուղերձի տրամաբանության մեջ է տեղավորվում նամակի այն բաժինը, ուր քուրդ ղեկավարը հայ ժողովրդին համեստաբար առաջարկում էր, որ առանց ցեղապաշտ-ազգային թակարդների մեջ ներքաշվելու շարունակի իր պայքարը` հեռու մնալով «մեր ժողովուրդները տակավին դարեր շարունակ իրար թշնամացնել նպատակադրող միջազգային դրամատեր ուժերի եւ լոբբիների չարամտությունից»: Եւ եթե նամակի բովանդակության բնութագիրը ընդհանուր առմամբ խառը պատգամներով կարող է բնորոշվել, ապա այստեղ արդեն համարյա՜ միանշանակ է դառնում հայության պայքարը ապալոբբիստականացնելու կոչը:

Սա  ենթադրել է տալիս, որ Օջալանի նամակը ոչ թե անպայման հերքում է իր քաղաքական դիվանի անդամի ամբաստանությունը, այլ պարզապես փոխում է բուն ասելիքի ոճը:

Պարզ է, որ ըստ էության Օջալանը ցեղասպանությունը ճանաչելով հանդերձ, իր արգելարանից պիտի չխոսեր հատուցման կամ հիմնական առաջադրանքի` Արեւմտահայաստանի մասին: Առաջադրանքը, ի վերջո, հակադրամատիրական պայքարի համահունչ բառապաշարի լիարժեք օգտագործումով Անատոլիայի շրջանում տարբեր ազգերի խաղաղ գոյակցությունն է: Մնացյալը, վիշտ, ցավ, նույնիսկ Ցեղասպանություն` դատապարտանքի ոլորտներում մնալու հղացքային տեսություններ են, որոնք բնականաբար չպիտի հատեն Թուրքիայի մասնատմանն առաջնորդող ուղիների սահմանները:

Ակնկալել, որ «Արեւմտահայաստան» բառը որևէ ձևով պետք է տեղ գտներ Օջալանի նամակում, քաղաքականորեն իրատեսական չպիտի լիներ, մանավանդ որ Քուրդիստան բառն անգամ տեղ չի գտել այս գրության մեջ: Մի անգամ եւս ընդգծվում է, որ ընդհանուր առաջադրանքը Անատոլիայում հայերի, քրդերի, թուրքերի եւ այլազգիների խաղաղ համագոյակցությունն է:

Առաջադրանքային այս տեսությունը  հեռու չէ Անկարայի կիրառած քաղաքականությունից: Ցեղասպանություն բառը չպետք է ընթերցողին հեռացնի Անկարայի քաղաքականության տեսադաշտից: Հրանդ Դինքի սպանության դատապարտանքն ու նրա հիշատակի ոգեկոչումը եւս հեռու չեն Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից:

Այս նամակը Դինքի սպանության առիթով հրապարակելի էր: Նրա հրապարակման շուրջ երկշաբաթյա ուշացումը արագորեն մտածել է տալիս գրաքննության մասին: Թերեւս, խոսքը պետական կիսաարհեստավարժության մասին է: Իշխանությունները կարող էին ամեն ինչ բանաձեւել, հետո հրապարակել: Ուշացումը ինքնին, կարող է մեկնաբանվել իբրեւ արտոնություն տալու-չտալու խաղին ծառայեցվող երեւույթ, ստեղծելով այն խաբկանքը, որ որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո է միայն, որ նամակը հայտնվել է հանրության ուշադրությանը:

Արգելափակված Օջալանը պատանդի կարգավիճակում է` Անկարայի ցուցմունքներով հեռակառավարելու քրդական շարժումները: Անկարան փորձ է կատարում, նույն հանգամանքն օգտագործելով, ազդեցություն բանեցնել հայկական կողմի վրա: Անկարայի ձեռագրի տակ ստորագրել է Օջալանը: Թեկուզ Ցեղասպանության մասին խոսելով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

«Արձակ»-ի հատուկ մրցանակակիրները ստացան դրամական պարգեւներ

արձակ«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը այսօր Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

««Արձակ» պատմվածքի մրցույթն անցկացում է երրորդ անգամ. մրցույթի կարևոր թիրախը նոր անունների բացահայտումն է: Մրցանակակիրները գտան իրենց տերերին, մրցույթի նպատակն էր զարգացնել ժամանակակից գրականությունն ու հանրաճանաչ դարձնել գրողներին, հայտնաբերել նոր անուններ»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք: Դրանցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ: Մրցանակաբաշխության ժամանակ հայտատարվեցին 3 լավագույն պատմվածքները, որոնք «Անտարես» հրատարակչության կողմից պարգևատրվեցին դրամական մրցանակներով և դիպլոմներով: Նախատեսված էր նաև հատուկ մրցանակներ մրցույթի հովանավորների կողմից:

Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր և երկու հատուկ մրցանակային տեղեր: «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով եւ Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով: Նրանք ստացան 50-հազարական դրամներ, իսկ գլխավոր մրցանակին արժանացան Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար և Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար, ստանալով 100-հազարական դրամներ:

Մյուս կարևոր նպատակը, որ հետապնդում է մրցույթը, հայ գրականության նմուշների թարգմանությունն է և դրանք դրսի հրատարակչություններին ներկայացնելը: Հատկանշական է, որ արտասահմանյան մի շարք հրատարակչություններ արդեն իսկ մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հեղինակների գործերի հանդեպ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

 

Բեմը շնչավոր է. Դերասանուհի

1237011_517987318281224_1698081123_nՄարդկային հոգին, լինելով հավերժականի կրողը, հավերժություն է փնտրում ամենուրեք և ամեն ինչում. արվեստի անընդհատվող էության խորհուրդն ու գաղտնիքը պարփակված է հոգու հենց այս որակի մեջ, իսկ թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։ Թատրոնը  կարեւոր է, անասելի կարեւոր.

“Խաղալ որեւէ կերպար, լինել հերոսի դերում ստացվում է, միայն թե հետո ժամանակ ու հոգու հանգստություն է պետք ուժերը վերականգնելու համար: Երբ բեմում եմ դերասան եմ, երբ իջնում եմ բեմից, ես եմ` Մարգարիտան: Չնայած, որ չեմ ուզում իջնել, փակվում են վարագույրները, ես էլ ուզում եմ կրկին հետ բացել ու խոսել հանդիսատեսի հետ:  Վերջինիս ներկայությունը պարտավորեցնող է, մենք խաղում ենք լիարժեք, լինենք գլխավոր, թե երկրորդական դերում”,- այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում երիտասարդ դերասանների կարեւորության եւ դեպի թատրոնը հանդիսատեսի սիրո մասին նշեց Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարգարիտա Հունանյանը:

Դերասանի ճանապարհը քարքարոտ է, դժվար, հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ պետք է լինես հարվածների ու ծափահարությունների: Արվեստագետը չպետք է որոշի լավն է, թե… դատողը հանդիսատեսն է, ժյուրին ու մարդիկ.

1240522_517990044947618_678684391_n“Ինձ մոտ եղել են արցունքներ, կերպարի հետ անհամատեղելիություն, մտածմունքներ, բայց ամեն ինչ փորձել եմ հարթել ու համատեղել: Չունեմ իրավունք ասելու` իմ ասպարեզում լավն եմ, թե վատը, ունեմ իրավունք սովորելու ամեն ինչ: Պատրաստ եմ քննադատություններ ու գովասանքի խոսքեր լսել, պատրաստ եմ ամեն ինչի”:

Ինչ վերաբերում է դերասանի եւ ռեժիսորի մասնագիտական կապին, ըստ Մարգարիտայի ռեժիսորի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ նա իր դերասանին թողնում է լինել ինքնուրույն բեմում ու կերպարի մասին մտածել ավելի նեղ շրջանակում: Դերասանը պետք է խաղա մաքսիմալ անկեղծ: Արմեն Խանդիկյանի, Գրիգոր Խաչատրյանի եւ Հովհաննես Թեքգյոզյանի պահանջներն ու աշխատելաոճն իրեն հարազատ է ու ընդունելի: Կերպարը պետք է զգալ, սարքել հարազատ, գտնել բնավորության ընդհանուր գծեր ու հարմարվել: Անհրաժեշտ է շատ աշխատել, ամեն ինչ հաստատ կստացվի:

 

Դերասանուհուն մանկուց բեմը կանչել է, բեմում նա ինքնավստահ էր, համարձակ: Բեմում լինելու ցանկությունն էր մեծ, իսկ հարազատներից` հորաքույրը, երկու ձեռքով կողմ էր աղջնակի որոշմանը, դերասանուհի լինելը դժվար է, հետաքրքիր ու գունավոր: Մշակույթն ազգի հոգեւոր դիմագիծն է, որը ծնունդ է առնում նրա խառնվածքից ու ներաշխարհի արժեքներից: Մշակույթը նաեւ ազգի հոգեւոր զրահն է, առանց որի նրա եսն արդեն դառում է խոցելի:

Մշակութային վերելքից խոսելիս  դերասանուհին պնդեց, որ Հայաստանում այն անկում է ապրում, սերիալներ, անորակ երաժշտություն, մարդիկ իրենց մասնագիտությանն անհամապատասխան գործունեություն են ծավալում` դերասանը երգիչ է, պարուհին հաղորդավար, խառնվել են պաշտոններն ու մասնագիտությունները: Մենք` հայերս շատ ենք դիմում ծանոթ-բարեկամի աջակցությանը, դա սխալ է: Հանդիսատեսին պետք է խաբես, համոզես, որ դա դու չես, այլ հերոսդ, բայց ոչ այս կերպ, եթե լուրջ չվերաբերվես մասնագիտությանդ, ոչինչ չի ստացվի.

“Իմ կյանքի 99%-ն Է թատրոնը, մեծ փորձ, աշխատանք: Նա կարծես մարդ լինի, ով ցանկանում է ուշադրություն, սեր, հարգանք, նա պետք է առաջինը լինի դերասանի կյանքում: Այսօր շատերը չեն գնահատում թատրոնը, երբեւիցե չեն եղել դահլիճում, ու չեն լսել բացվող վարագույրի նուրբ ձայնը, բայց կա մարդկանց մի զանգված, ովքեր հաճախակի են այցելում, զգում են, հավատում ու սիրում բեմն ու դերասաններին: Պաշտոնը, կրթությունն ու կրոնական պատկանելությունը կապ չունի, եթե մարդը սիրում է լինել թատրոնում, նա կգա ու ժամանակ կգտնի, ամեն ինչ մեր իսկ ձեռքերում է”:

Դերասանուհու համոզմամբ ծափահարությունների ժամանակ յուրաքանչյուր դերասան կտրվում է աշխարհից, մարդիկ հավատում են ու շնորհակալություն հայտնում, իսկ դերասաններին մնում է միայն խոնարհվել.

“Ունենք հանճարեղ ներկայացումներ, սակայն վերնագրերի պատճառով մարդկանց մոտ ցանկություն չի առաջանում այցելելու ու վայելելու, թատրոնում կատարվող ամեն մի շշուկին ու քայլին պետք է հետեւել, ընկալել ու ապրել: Թատրոնում աշխատող յուրաքանչյուր ոք հանճարեղ է: Թատրոնը կրթում ու դաստիարակում է: Թատրոնին սեր է պետք` հանդիսատեսի սերը, բեմը շնչավոր է, երբ կասկածես, վարանես ու կեղծես` նա կզգա”:

Բեմում դերասանը պետք է ազատված լինի կոմպլեքսներից, մեզ հետ զրույցում երիտասարդ դերասանուհին նշեց, որ կուզենա խաղալ բացասական կերպար, լինի վատն ու քննադատվածը: Դրական խաղալ ավելի հեշտ է, իսկ վատն ու չարը մեծ փորձություն է: Խաղից հետո հուշումներն ու մասնագետների խորհուրդները անհրաժեշտ են դերասանին: Արվեստը դա հոգու ու մտքի միախառնումն է, ինչից ծնվում է հենց ինքը` արվեստը: Դրամատիկական թատրոնում դերասանուհին ընդգրկված է որպես օժանդակ կազմի անդամ, խաղացել է “Մեծապատիվ մուրացկանները” կատակերգությունում, “Չաո” եւ “Հիսուս Նազովրեցի” ներկայացումներում: Նկարահանվել է Հովհաննես Գալուստյանի “Կիսալուսնի ծովածոցը”, Հենրի Քոչարյանի”Փոքրիկ Զորավարը”, Արմեն Սիմոնյանի “Կյանքի պատուհան”, Արտյոմ Հարությունյանի “Խաղից դուրս”ֆիլմերում, ինչպես նաեւ աշխատել է “Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարում եւ խաղացել Ամանորյա տոնական ներկայացումներում: Ունի բազում առաջարկներ թե թատերական աշխարհից, թե գեղարվեստական ֆիլմերից, սակայն չցանկացավ չակերտները բացել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Թերթելով պատմության էջերը. Հայաստանի ներքին գործերի ստորաբաժանումները յուրատեսակ օրինակ դարձան նոր կազմավորվող զինված ուժերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկան -ազատամարտիկ

Անկախ

Գազի հարցով ԱԺ հանձնաժողովի ստեղծումը կբացահայտի՞ խորհրդավոր գաղտնիքը

Putin-Armenia_46_2.12.2013Խորհրդարանն այսօրվա նիստի աշխատանքն ավարտեց գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմամբ: Հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով` օրակարգում ընդգրկվելու է երկու կարևոր հարց, որոնցից մեկը վերաբերում է 300 միլիոն դոլար պարտքի կուտակմանը, մյուսը` գազի մեծածախ գնի ու բնակչությանը վաճառվող գնի միջև գոյություն ունեցող մեծ տարբերությանը:

Պատգամավորը ԱԺ ամբիոնից նախ ներկայացրեց երկարատև ամիսների ընթացքում իր կողմից արված բացահայտումներն ու առկա մտահոգությունները մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես նշելով, որ 2011 թվականից սկսած` հինգ անգամ տեղի է ունեցել գազի գնի թանկացում, սակայն հասարակությունն իմացել է ընդամենը երկուսի մասին: «Գաղտնի է պահվել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը, ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսը պարտքի դիմաց տալու մտադրությունը և այլն»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե տեղեկություններ ունի՞` այսօրվա դրությամբ պարտք կուտակվո՞ւմ է, թե ոչ: Մանուկյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չունի` միաժամանակ հիշեցնելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը ունենալու ենք 600 միլիոնի բեռ: Մանուկյանն ասաց, որ հայտնի չէ, թե խոսքն ինչ բեռի մասին է. «Սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր, ամենագաղտնի պայմաններում արված գործարնքն է: Պետք է բացահայտենք դա, ամոթ է ուղղակի»,-ասաց Մանուկյանը:

ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ հարցրեց, թե աշխարհի որևէ այլ երկրում նման պայմանագիր երբևէ կնքվե՞լ է, թե ոչ. «Այս պայմանագրով մեր Սահմանադրությունը դառնում է առ ոչինչ: Ես կոչ եմ անում մեր քաղաքական մեծամասնությանը` եկեք հասկանանք,  ինչ է կատարվում: Մենք կորցրել ենք մեր էներգետիկ սուվերենությունը»:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով միջազգային պրակտիկային, ասաց, որ սովորաբար նմանատի պայմանագրերը կնքվում են 5 տարով, և եթե դրական են լինում, երկարաձգում են. «Սա քաղաքական նվաստացման պայմանագիր  է, որից երեսուն տարի պետք է կախված լինենք: Եկե´ք մեզ և ձեզ համար բացահայտենք բոլոր գաղտնիքները»,-կոչ արեց նա քաղաքական մեծամասնությանը:

Նույն կոչով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոոր Վահան Բաբայանը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ սա ավելին է, քան հանձնաժողովը. «Մենք բառի բուն իմաստով փորձելու ենք փրկել հանրապետությունը»,-հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը փակում է Հայաստանի էներգետիկ զարգացումը:

Անդրադառնալով բնակիչներին վաճառվող գազի բարձր գներին` Բագրատյանը դրա հետ կապված երեք պատճառ նշեց. «Ամեն ընտրություններից առաջ գազաֆիկացնում են տարածքներ, որի անհրաժեշտությունը չկա, արդյունքում հանրապետությունը գազաֆիկացված է 95 տոկոսով, մինչդեռ գազ օգտագործում է բնակչության 65 տոկոսը»:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, գազապաստառների ծավալների ընդլայնումն է, երրորդը` ՀայռուսԳազարդի ներկայացուցչական ահռելի ու անիմաստ ծախսերը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովի կողմից ստացված լավագույն արդյունքը կլինեն այն  դասերը, թե ապագայում ինչպես պետք է բանակցել կամ ինչպես չպետք է բանակցել:

«Եկեք 2014-ը դարձնենք համագործակցության և կասկածների փարատման տարի` նպաստելով մեր երկրի զարգացմանը»,-հորդորեց Թևան Պողոսյանը` նշելով, որ պետք է ձեռք ձեռքի գնալ այս հարցի լուծմանը:

Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Երբ ձեզ պետք է, ասում եք` եկեք համագործակցենք,  բա մի քիչ առաջ, որ կռիվ էիք անում, ինչի՞ չէիք ձեռք ձեռքի տված համագործակցում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` կառավարությունը հայտնվել է ազնվության դեֆիցիտի մեջ և պետք է միահամուռ ջանքերով պայքարել դրա դեմ:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կողմ է հանձնաժողովի ստեծմանը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ 2014 և 2015 թվականներին աշխարհում փոխվելու է գազի գնի փիլիսոփայությունը, մինչդեռ Հայաստանը կախված է մնալու այդ պայմանագրից, որի տակ «ճկռելու են մեր թոռները»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` ստեղծվել է «շիլաշփոթ» իրավիճակ, որը կարող է կարգավորել ստեղծվելիք հանձնաժողովը:

Գազային համաձայնագրերը շտապեցին պաշտպանել հանրապետականներ Վարդան Այվազյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը: «Հեչ պետք է չի ստեղ կողմ և դեմ բաներ անենք: Մենք նույն նավի մեջ ենք: Նավը պետք է գա իր խաղաղ ափերին»,-ասաց Գեղամյանը:

Խոսրով Հարությունյանն էլ համոզված է, որ հանձնաժողովը կդառնա քաղաքական շահարկումների առարկա, և կկորչեն նաև այն բարի նպատակները, որ դրված էին հանձնաժողովի առջև. «Եկեք մտածենք մշակել առաջարկություն աուդիտ անցկացնելու վերաբերյալ, ստանանք դրա մասնագիտական արդյունքները և հետո դրանց քաղաքական գնահատականներ տանք: Իսկ մինչ այդ ես կասկածում եմ, որ հանձնաժողովը կարող է դրական արդյունք տալ: Եկեք լինենք ավելի օբյեկտիվ»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց. «ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ չեն նման քայլերի, ուղղակի դուք ձևաչափը ճիշտ չեք ընտրել: Նախ ինձ առաջարկեիք, խմբակցությունների ղեկավարներով նստեինք, քննարկեինք` արժե նման հանձնաժողով ստեղծել թե ոչ: Ես համոզված եմ, որ եթե կան ապօրինություններ, ապա պետք է բացահայտել, ճշտել և պատժել: Մենք այդ հարցին ապագայում անդրադառնալու ենք և իրականացնելու ենք մեր բոլորի ցանկությունը»:

Խմբակցություններն ամփոփիչ ելույթում իրենց վերջնական տեսակետը կհայտնեն վաղը:

 

Անկախ

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին արդեն մեղադրյալ է

Սպարտակ Ղուկասյանոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում  քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին   մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով,այդ մասին Անկախին հաղորդեցին ոստիկանությունից:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:  Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու աղմուկ բարձրացրել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները հայհոյել են Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»:

Ըստ Անկախի  տեղեկությունների  այս ամենը տեսագրել էին տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին,ի դեպ դրանք արդեն հայտնվել են համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել էր որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 31-ից փետրվարի 3-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, խարդախության` 10, սպանության փորձի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և խարդախության` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 4-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ