Սպանություն կատարելու մեղադրանքով 1994 թվականից հետախուզվողը Հունաստանից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն

հետախուզվողՍպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա կատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Համագործակցելով Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Անկախ

«Դեմ եմ»-ի երթը` փետրվարի 6-ին

դեմ«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ փետրվարի 6-ին երթ է տեղի ունենալու: Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է:

Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:

Երթը տեղի է ունենալու հետրյալ կերպ՝

Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝
Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ

Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց:

Նվաճենք մեր իրավունքը»:

Անկախ

“Սիրիական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվում արտաքին ուժերի ներգրավվածության պատճառով” Արմեն Պետրոսյան

Ժնև-2Երկար սպասված “Ժնև-2” համաժողովն ավարտվեց: Թե՛ մասնակից կողմերի, թե՛ կազմակերպիչների հայտարարությունները բանակցությունների շարունակության վերաբերյալ վկայում են այն մասին, որ նրանց լավագույն ակնկալիքներն արդարացել են: Այն, որ մեկնարկեց շարունակական բանակցային գործընթաց,  “Ժնև-2”-ի կարևոր ձեռբերումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  “Ժնև-2”-ի արդյուքնները՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ բանակցությունների ընթացքում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչև վերջ մնացին սեփական դիրքորոշմանը և որևէ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: Սակայն, ըստ նրա, կան որոշակի հարցեր, որոնց շուրջ սիրիացի ժողովրդի ճակատագրով մտահոգ ցանկացած ուժ՝ լինի կառավարական, թե ընդդիմադիր, պարտավոր է համաձայնության գալ:

“Այսօր  սիրիացիները կանգնած են լուրջ հումանիստական ճգնաժամի առջև: Սա չարձանագրելն ուղղակի պարտություն է: Չարձանագրել այն, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն է՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունները, և սրա դեմ պայքարի միջոցների շուրջ չբանակցել, բանակցային գործընթացի մասնակից կողմերի համար լուրջ պարտություն է: Սիրիական ընդդիմությունը չընդառաջեց ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցչի առաջարկին, այն է՝ համաձայնության գալ հումանիտար ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հարցի շուրջ: Այս խնդիրները փաստում են, որ սիրիական ընդդիմությունը որոշ չափով զիջեց իր դիրքերը”,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը փաստում են, որ միայն Բաշար ալ Ասադի հեռացմամբ սիրիական ճգնաժամը չի կարգավորվի, հաջողություն չի ունենա նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ըստ արաբագետի՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դրական առաջընթաց դժվար է տեղի ունենում, քանի որ այստեղ արտաքին ուժեր կան ներգրավված: Բնականաբար, նրանք հենց այնպես չեն ներգրավվել, նրանցից յուրաքանչյուրն ունի այս հարցում իր շահը:

“Մինչ սիրիական հակամարտության կարգավորման հարցի բանակցային փուլ մտնելը նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր ռազմական ճանապարհով իր շահն առաջ տանել: Իսկ հիմա հարցը մտել է բանակցային փուլ, այն նույն խաղացողները դարձյալ շարունակելու են մնալ իրենց դիրքորոշմանը և այլ եղանակներով են փորձելու հասնել առավելագույն արդյունքի՝ դարձյալ իրենց շահը աջառ տանելով”,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Անկախ

 

Տնակային ավաններում հաճախակի կարելի է հանդիպել մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների

վահան թումասյանԳյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ սոցիալական ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքներում զգալի է ի ծնե հիվանդություններ ունեցող երեխաների թիվը:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ:

Ներկայացվող տեսանյութը մանկուց հաշմանդամ իննամյա իր տղայի հետ տնակում բնակվող միայնակ երիտասարդ մայր Քրիստինե Վարդանյանի ընտանիքին Շ/Թ Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատի» կամավորների և «Շիրակ Կենտրոնի» համատեղ ցուցաբերած աջակցության մասին է:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Անկախ

Զուրաբյանն ու Փաշինյանը թեժացրեցին Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկը

загруженное (3)ՀՀ պետական օրհներքի ներքո մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Գրանցված 113 պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սահմանային միջադեպի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը գործընկերներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Միքայել Մանուկյանին:

Մինչ օրակարգի հաստատումը Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեցին պատգամավորներ ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Զուրաբյանի հարցը վերաբերում էր Կասկադի ՀԷԿ-ի վաճառքին: Ըստ պատգամավորի՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված վաճառքը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով՝ շրջանցելով Ազգային ժողովը: «Մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին որևէ բան վաճառելու հետ, այլ մենք խնդիր ունենք օրենքը շրջանցելու հետ»:

Ըստ Զուրաբյանի՝ խախտվել է մասնավորեցման մասին ՀՀ օրենքը, քանի որ միայն շարժական գույքը կարող է առանց օրենքով սահմանված կարգի վաճառվել: «Ի՞նչ եք պատրաստ անել որպես ԱԺ նախագահ այս առթիվ»,-հարցրեց Զուրաբյանը՝ նշելով, որ դա ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլև Ազգային ժողովի հեղինակազրկում:

Հովիկ Աբրահամյանը նախ խորհուրդ տվեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ արժանապատվության հետ՝ նկատելով, որ դա արդեն որոշ պատգամավորների մոտ դառնում է ավանդույթ:

«Ես կանդրադառնամ այդ հարցին և կփորձեմ մասնագետների հետ ճշտել. եթե կա նման բան, որ կառավարությունն իր լիազորությունները խախտել է, մենք կանդրադառնանք դրան»,-ասաց նա:

ԱԺ նախագահին հարց ուներ նաև Նիկոլ Փաշինյանը, որը վերաբերում էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսին տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք պատգամավորը որակեց իբրև խուլիգանություն և փորձեց բուհ-ի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ինչու մինչ օրս խուլիգանները չեն պատժվել. «Այնպիսի տպավորություն էր, որ տնտեսագիտական համալսարանը ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, որը ղեկավարում է անձամբ ռեկտորը: Նա տվյալ դեպքում հանդես էր գալիս գլխավոր խուլիգանի դերում»,-ասաց Փաշինյանը:

Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած տեսակետների ու գնահատականների հետ՝ կոռեկտության կոչ անելով և նշելով, որ Փաշինյանի մոտ դարձել է սովորույթ մարդկանց մասին վիրավորանքով խոսելով իր վարկանիշը բարձրացնելը:

Այնուամենայնիվ, ԱԺ նախագահը՝ որպես բուհ-ի խորհրդի նախագահ, պատրաստակամություն հայտնեց ընթացք տալ հարցին, և եթե կան մեղավորներ, պատժել: «Սակայն, իմ կարծիքով, դրանք ավելի շատ շինծու գործողւթյուններ էին, որով փորձ էր արվում ստվեր գցել քաղաքապետի պաշտպանությանը»,-նկատեց խորհրդարանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Եթե նպատակը դա էր, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին, ոչ թե լրագրողներին…»:

 

Անկախ

Պարգևներ` ԿԳՆ աշխատակիցներին

պարգևներՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ  հետ համագործակցության շրջանակում:
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ “Գարեգին Նժդեհ” մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ “Վազգեն Սարգսյան ” մեդալով: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության “Ոսկե հուշամեդալի”, իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:

Անկախ

 

Զենք-զինամթերք` ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում

Զենք-զինամթերքՓետրվարի 1-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, 1956 թ. ծնված Մերուժան Ս.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՈւԶՌԳՄ» տեսակի նռնակի 6 պայթուցիչ, արծաթագույն շեղբով դանակ և զինամթերք մաքրելու հեղուկով լցված թիթեղյա տարա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:

Անկախ

Գիշերային ակումբի մոտ հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է

ձերբակալությունԻնչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, գիշերային ակումբի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել և դեմքի շրջանում վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հարություն Զ.-ին և դիմել փախուստի:
Փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմեն Հ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 3 չկրակված փամփուշտներով և կրակված փամփուշտի 2 պարկուճներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Հ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին հատնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Անկախ

Դեղատան կողոպուտը բացահայտվեց

կողոպուտՓետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակելով` 3 տուփ «Սոլպադին» դեղամիջոցի 24 դեղահաբ, 1 սրվակ «Լիդոկային», 1 սրվակ յոդի լուծույթ և մեկանգամյա օգտագործման 4 ներարկիչ, դիմել է փախուստի:
Հափշտակվածն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Լյուդմիլան միկրոավտոբուսում հեռախոս էր գողացել

գողությունԼեռնաձոր գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2013 թ. դեկտեմբերի 11-ին իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Փետրվարի 1-ին ոստիկանները պարզել են, որ հեռախոսը Կապան-Քաջարան երթուղու միկրոավտոբուսում գողացել է 1964 թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին,որ նախապատրաստվում են նյութեր:

 

Անկախ

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

ձյունՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ  փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի  դրությամբ,  Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի,  Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց   (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Անկախ

Որդին սպանել է հայտնի վավերագրող հորն ու դանակահարել մորը

ubit-brazilskiy-rezhisser-eduardu-koutinyu_1 (1)80-ամյա բրազիլացի հայտնի կինովավերագրող Էդուարդու Կոուտինյոյին դանակահարությամբ սպանել է որդին, ապա հարձակվել  մոր` 62-ամյա Մարիա դաս Դորես դե Օլիվեյրա Կոուտինյոյի վրա: Կինը փորին ու կրծքին ստացած դանակի  5 հարվածի հետևանքով հոսպիտալացվել է:

Դանակահարությունից հետո, հանցագործը` 41-ամյա Դենիելը, որը հոգեկան խանգարում ունի, գնացել է հարևանի մոտ ու հայտարարել, որ “հորն ազատել է”: Ըստ ամենայնի, Դանիելը փորձել է ինքնասպան լինել, քանի որ նրա մոտ ևս փորի շրջանում դանակի թեթև վնասվածք է հայտնաբերվել:

Էդուարդու Կոուտինյոն, որի ստեղծագործության մեջ շատ տեղ է հատկացվել աղքատների կյանքին, համարվում է Լատինական Ամերիկայի մեծագույն վավերագրող: Նրա ֆիլմերը ցուցադրվել են վարկանշային փառատոներում: Ստեղծագործության 40 տարում նա ավելի քան 20 ֆիլմ է նկարել, այդ թվում` “Վարպետների շենքը”,”20 տարի անց”:

Անկախ

Առաջիկա օրերին սառնամանիքը կշարունակվի,տեղումներ չեն սպասվում

եղանակը հայաստանումՀՀԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից  Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում`

Փետրվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին աստիճանաբար կնվազի 10-14, 6-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Անկախ

Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն է մահացել

b_781549Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին հայտնաբերել են  Նյու-Յորքի տանը:

Դերասանը հանրահայտ է դարձել երկրորդ պլանի դերերով, 2012-ին, “Վարպետը” ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար նա արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասան մրցանակին: 2006-ին նա “Օսկարով” է պարգևատրվել “Կապոտե” ֆիլմի գլխավոր դերի համար:

46-ամյա Հոֆմանը 3 երեխա ուներ: Նախնական տվյալներով, դերասանը մահացել է հերոինի չարաշահումից: Աղբյուրներից մեկի վկայությամբ, մահացած Հոֆմանի ձեռքում ներարկիչ է հայտնաբերվել:

Անկախ 

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

«Մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է». Նախախորհրդարան

186585Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթն Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենիքն ազատագրելու գործին» կոչով:

«Մեր երկիրը բռնազավթված է, մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է: Պետք է հեռացնել այս վարչախմբին ու հաստատել ժողովորդի իշխանությունը»,- ասում էին Նախախորհրդարանի անդամները` կոչ անելով գործել կազմակերպված և համախմբված, ստեղծել համազգային դիմադրության շարժում, միանալ և հզորանալ, պայքարել ապազգային ու ապօրինի քայլերի դեմ, ձևավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարան:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա երթերի նպատակը, իրենց ձևակերպմամբ, ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձևավորումն է: Նախախորհրդարանն առաջարկում է յուրային կառավարություն ձևավորել գործող կառավարությունից դուրս: «Հայաստանում յուրային կառավարությունը հնավարոր չէ ձևավորել համակարգի ներսում: Ներկայիս յուրային կառավարությունը պետական կառավարման համակարգը դարձրել է իր անձնական շահերին և օտարների շահերին ծառայող գործիք: Քանի որ կառավարման կենտրոնական առանցքը խորհրդարանն է, մենք առաջարկում ենք այդ համակարգից դուրս արտահայտել մեր ժողովրդի կամքը, ստեղծել ներկայացուցչական մարմին և ապագա հիմնադիր խորհրդարան: Արդյունքում կվերանա գործող վարչախումբը»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:

Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող վարչախումբը:

 

Անկախ

Պատուհանից տուն մտած գողը խոստովանել է հանցանքը

загруженное (2)Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:
Ոստիկանները նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Մուրադ Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով

imagesՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստանի սահմանային անցակետերով երկիր մուտք է գործել ընդհանուր առմամբ 2 476 350 մարդ (օտարերկրյա քաղաքացիները ներառյալ) 2012-ի 2 191 895-ի համեմատ, երկրից դուրս է եկել 2 507 538 մարդ 2012-ի 2 234 706-ի համեմատ: 2013-ին ելքի և մուտքի տարբերությունը 2012-ի համեմատ նվազել է 11 623-ով։

Արտագաղթի նվազման ծավալներն ավելի տեսանելի են ՀՀ փաստաթղթերով անձանց 2012-ի և 2013-ի սահմանահատումների ցուցանիշները համեմատելիս։ Ըստ այդ ցուցանիշների` 2013-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմել է 1 452 085 մարդ, մեկնածների թիվը՝ 1 494 086:

2013-ին ՀՀ փաստաթղթերով անձանց սահմանահատումների մոտ 50 տոկոսը ( 728 828 մուտք և  768 554 ելք) բաժին է ընկել Բագրատաշենի անցակետին: Նույն ժամանակահատվածում ցամաքային սահմանահատումների ծավալներով երկրորդ տեղում է Բավրայի անցակետը ( 155 079 մուտք և 168 080 ելք):

2014-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության 915 համայնքներում մշտական բնակչության թիվը կազմել է 3 017 400 մարդ, այդ թվում քաղաքային համայնքներում` 1 914 300 մարդ, գյուղական համայնքներում` 1 103 100 մարդ: 2013-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 026 900 մարդ, նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը նվազել է 9500–ով։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով։

 

Անկախ