Երևանում աստիճանաբար արդիականացվում են գովազդային կրիչները

գովազդային վահանակԵրևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց  գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։

2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երևանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։

“Գովազդային կազմակերպություններին տրամադրված թույլտվության ժամկետների լրանալուն պես՝ քաղաքապետարանը, համագործակցելով այդ ընկերությունների հետ, առաջարկեց փոխարինել կրիչները քաղաքում կիրառելի նմուշի կրիչներով, քանի որ դրանք պետք է ձուլվեն քաղաքի ճարտարապետությանը և գերիշխող չլինեն։  Գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաև բազմագործառութային կրիչներ”,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Գովազդային կրիչների արդիականացումը 2014թ. ևս շարունակվելու է Երևանի կենտրոնական հատվածներում, իսկ կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների տեղադրման գործող չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի կանոնակարգումը շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Եղանակի կանխատեսումն առաջիկա 5 օրերի համար

եղանակՀանրապետության տարածքում հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, եղանակ1մառախուղից` թույլ ձյուն:  Այս մասին Անկախին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:  Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

եղանակ2 Երևանում հունվարի 11-15-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կրպակ է այրվել

հրդեհՀունվարի 10-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 28 և 30 շենքերի միջանցիկ կամարում այրվում է կոշիկի վերանորոգման չգործող կրպակ (15 քմ) և 30 գմ մալուխ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07.19-ին, մարվել՝ 07.41-ին:

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն

փրկարարՀունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է Ք. Մ.-ն:

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին կատարված սպանությունը բացահայտվել է

ՀՀ-ոստիկանություն2Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 9-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին, նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառուներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաղրամյան-Արտամետ ճանապարհին մեքենան բախվել է հոտին

ապակիՀունվարի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան-Արտամետ ճանապարհի 5-րդ կմ-ին հարվածել է 1971 թ. ծնված Զադա Բ.-ին պատկանող ոչխարի հոտին:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

2013-ին Երևանի քաղաքապետարանի թեժ գծերին ստացվել է 30 հազարից ավելի զանգ

թեժ գիծՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել:

Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 30422 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում գրավոր ընթացք ստացած 7100 հեռախոսահամարներով բարձրացված հարցերը մեկօրյա ժամկետում կատարվել են:

Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  4160 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ են տրվել:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված  1789 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և  կարգավորվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ տարվա կտրվածքով ներկայացվող հարցերի գերակշիռ մասը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի:

Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարները շուրջօրյա հերթապահությամբ աշխատել են նաև տոնական օրերին և ստացված 267 հարցադրումներին օպերատիվ կերպով համապատասխան լուծումներ են տրվել:

 

 

 

«Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի». Հանրային խորհուրդ

Լևոն ԽեչոյանՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար:

Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին»:

Անկախ

Կինոն իր բաղադրատոմսն ունի. Արեն Մալաքյան

1417517_538108032948309_1050341107_o“Սյուժեն մի երիտասարդ տղայի մասին է, ով սիրո խոստովանություն է անում ճապոնական ֆիլմի ցուցադրության ժամանակ: Ֆիլմի թարգմանությունն հենց սիրո խոստովանություն էր, սակայն էկրանին երկու սամուրայներ էին”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում 2014 թվականի հունվարի 23-25 ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող”Նոր ալիք” առաջին միջազգային ուսանողական կինոփառատոնի մասին նշեց Երեւանի թատրոնի եւ կիոնյի պետական ինստիտուտի ուսանող Արեն Մալաքյանը:

Ռեժիսոր Արեն Մալաքյանը փառատոնին մասնակցելու է իր ”Սիրո խոստովանություն ճապոնական ոճով” ֆիլմով, որը նկարահանել է օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հետ: Ֆիլմը կոմեդիա է, թեթեւ իրադարձային կոմեդիա, սիրո խոստովանության ձեւ, որը սովորական չէ, սյուժեն գրավել է ռեժիսորին, իրավիճակը հետաքրքրել.

“Նկարահանումներն ընթացել են շատ լավ` Հ. Մալյան թատրոնում: Ժամանակն էր միայն սահմանափակ: Անցել եմ մրցութային փուլ, ինչը մեծ արժեք է, իսկ թե ինչ կլինի մրցույթից հետո, մնում է միայն սպասել”:

Ռեժիսորի խոսքով ցանկալի կլինի, որ ֆինանսավորում ստանան եւ մեկնեն Բուլղարիա, իր համար երիտասարդ կինոռեժիսորների հետ շփումն է կարեւոր, իսկ մրցույթն առիթ է միայն: Մրցանակն իրեն ոչինչ չի տա, մտքերի փոխանակումն է օգտակար, մանավանդ իրենց համար, ասում է՝ երիտասարդության վառ ներկայացուցիչներն ինքնամփոփ են.

“Մտածողության խնդիր կա, աշխարհի ընկալմամբ մտածողներ կան, սակայն շատ ինքնամփոփ են: Մեզ շփում է պետք, գրականություն ու ֆիլմեր, երկրից դուրս գնալ, ճանապարհորդել: Առաջնային խնդիրը ֆինանսն է, չկա ֆինանսավորում՝ դա է խնդիրը>>”:

Նրա խոսքով կինոարտադրության մեջ շարժ կա, սակայն դա չես կոչի ֆիլմարվեստ, դրանք անհատական գործեր են: Կինոն պետք է մտնի պետական լուրջ ֆինանսավորման տակ: Ուսանողներն այսօր նկարում են առանց գումարի, շարժ կա, շատ անհատներ աջակցում են երիտասարդներին.

“Թատերական համալսարանում երիտասարդներն ակտիվ են, չնայած համալսարանն ու կրթությունը կապ չունի, եթե ուզում ես կինո նկարահանել, ապա կանես, կինոյի նվիրյալը պետք է լինես, ամեն ինչ չի կարելի խառնել իրար ու կինո ստանալ, կինոն իր բաղադրատոմսն ունի, ամեն մեկի համար իր չափաբաժնով”:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

«Ես զգացի նրա միայնությունը». ավստրիահայ կինոռեժիսորի բացառիկ հուշերը Փարաջանովի մասին

6713Parajanov

Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանի հուշերը աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին:

«Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց նրա «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձևով և այդ պատճառով շատերի համար անհասկանալի էր: Ֆիլմի տեսարանները նման էին կտավների և կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային և խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը և մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա  անհասկանալի էր սահմանափակ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդունելի մանավանդ Հայաստանում, որովհետեւ հայերը միշտ  ծայրահեղական են եղել այն ամենի հանդեպ, ինչ վերաբերել է Մոսկվայից եկող հրամաններին:

 

«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունից հետո իմ գործընկերն ասաց, որ Փարաջանովը ձերբակալվել է: Պատճառները մեզ համար անհասկանալի էին, նա մեղադրվում էր համասեռամոլության, ԱՄՆ դոլարով և անտիկվարիատով առևտուր անելու և նման բաների մեջ: Արևմուտքում շատ էին գրում Փարաջանովի և նրա ճակատագրի մասին, նրա ֆիլմերը ցուցադրվում էին տարբեր հեռուստատեսություններով և բազմաթիվ մրցանակներ էին շահում կինոփառատոններում: Արտասահմանի, ինչպես նաև ՍՍՀՄ-ի իր գործընկերների ջանքերով Փարաջանովին ժամկետից շուտ ազատեցին բանտից, և նրան թույլ  տրվեց ապրել Թիֆլիսում: Փարաջանովին այցելում էին ֆիլմարվեստի հայտնի անհատականանություններ, ինչպիսիք էին Մաստրոյանին կամ Տարկովսկին: Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո Փարաջանովը իրավունք ստացավ նկարահանելու: Նրա «Աշուղ Քերիբ/Ղարիբ» ֆիլմը նկարահանվել է Թիֆլիսում, Վրաստանի պետական կինոստուդիայում:

 

Ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ` մտածում էի այն ժամանակ:

 

Երբ արևմուտքից մանիպուլացված Գորբաչովը սկսեց իր պերեստրոյկան, մուտքը Սովետական Միություն հեշտացավ, և 1988թ. աշնանը մի քանի ավստրիացի գործընկերների հետ կարողացա առաջին անգամ այցելել Հայրենիք: Այնուհետև հաճախ էի Թիֆլիսով ճամփորդում Հայաստան, քանի որ Վիեննայից ուղիղ թռիչք չկար Երեվան: Այդ ժամանակ Ավստրիական հեռուստատեսությունը ցուցադրում էր Փարաջանովի ֆիլմերը, և ես առաջարկեցի հեռուստատեսության իմ գործընկերներին Թիֆլիսում Փարաջանովից հարցազրույց վերցնել: Առաջարկն ընդունվեց, և 1989թ. գարնանը Հայասատան գնալիս Թիֆլիսում իմ ծանոթներից մեկը տարավ ինձ նրա մոտ:

Փարաջանով,ՓարաջանՅԱՆ,Արտեմ Օհանջանյան

Արտեմ Օհանջանյանը` Փարաջանովի հետ

Նա ինձ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես Վիեննայի նրա համերկրացին եմ և դրա հետ մեկտեղ նաև ֆիլմեր եմ նկարահանում ավստրիական հեռուստատեսության համար, նա ակնհայտորեն ուրախացավ: Ցավոք, Փարաջանովը հայերեն համարյա  չէր խոսում, և իմ ծանոթը ստիպված էր թարգմանել: Ես նրան ասեցի, որ իր ֆիլմերը ցուցադրվում են ավստրիական հեռուստատեսությամբ, և որ ես կուզենայի նրանից հեռուստատեսության համար հարցազրույց վերցնել: Նա համաձայնեց, բայց անմիջապես հարցրեց, թե արդյոք ընդհանրապես ծանո՞թ եմ իր ֆիլմերին: Իհարկե` պատասխանեցի ես: «Այդ դեպքում ես քեզ ցույց կտամ իմ վերջին ֆիլմը` «Աշիկ Քերիբը»»,- ասաց նա:

 

Հաջորդ օրը մենք միասին դիտեցինք նրա վերջին ֆիլմը կինոստուդիայում: Ֆիլմը շատ լավն էր, դե փարջանովյան էր: Երբ մենք հետո խոսում էինք ֆիլմի և ֆիլմերի մասին, ես նրան անմիջականորեն հարցրեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է մի ֆիլմ կնկարահանել Վիեննայում: «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել: Բացի այդ, ես շուտով սկսելու իմ իմ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Մնա այստեղ, եղիր իմ ասիստենտը, ի՞նչ ունես Վիեննայում,-ասաց նա,-ավելի մեծ մշակութային քաղաք քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»:

 

Ես, շնորհակալություն հայտնելով, մերժեցի: Փարջանովից հարցազրույց վերցրեցի Թիֆլիսի պանթեոնում, որտեղ հայտնի մարդիկ են թաղված: Նկարահանումների ժամանակ, ի զարմանս ինձ, նա ասաց, որ հետաքրքիր կլիներ ֆիլմ նկարահանել Մոցարտի և Սալիերիի մասին` ըստ Պուշկինի, և որ Վիեննան հիանալի կուլիսներ կծառայեր: Նաև ասաց, որ Ֆորմանի ֆիլմը, որտեղ Մոցարտը ծաղրածուի նման է ներկայացվում, իրեն ընդհանրապես դուր չի գալիս: Եվ ահա մի քանի օր անց մենք Վիեննայում Մոցարտի մասին ֆիլմ նկարահանելու պայմանագիր էինք ստորագրել:

 

Մի օր, երբ ես գնացել էի նրան այցի, եկավ «Աշուղ Քերիբի» գլխավոր դերակատարը` Յուրան: Նա մի շատ գեղեցիկ քուրդ էր, որն ապրում էր Փարաջանովից մի քանի տուն հեռու: Յուրայի մայրը` միջին տարիքի հմայիչ մի կին, Փարաջանովին հաճախ ուտելիք էր բերում: Փարաջանովը ապրում էր մենակ, քանի որ նրա գեղեցիկ ուկրաինուհի կինը որդու հետ ապրում էր Կիևում: Փարաջանովի մոտ ես ծանոթացա Թիֆլիսի և Երևանի շատ արվեստագետների և կինոգործիչների հետ, գրեթե ամեն երեկո նրանք այցելում էին նրան` իրենց հետ հաճախ բերելով ուտելիք և խմիչք: Փարաջանովը համարվում էր Վրաստանի արվեստագետների ոչ պաշտոնական նահապետը: Թեև նրա բնակարանը միշտ լի էր արվեստագետներով և ընկերներով, ես զգացի նրա միայնությունը, քանի որ նա ուներ ընտանիք, որը օտարացել էր իրենից: Այդպես էր նաև Վիլյամ Սարոյանը: Շրջապատված լինելով բազմաթիվ ծանոթներով և երկրպագուներով` նա միայնակ էր: Դա է հանճարների ճակատագիրը:

 

Իր ազատ ժամերին Փարաջանովը նկարում էր և կոլլաժներ պատրաստում, այնպես որ նրա բնակարանը լի էր նկարներով և կոլլաժներով: Մի օր նա ինձ հարցրեց, թե ես որդի ունե՞մ: Պատասխանեցի` այո:  Հարցրեց անունը: Ասացի` Ալբերտ: Նա վերցրեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ, հետևի մասում գրեց «Ալբերտի համար», ստորագրեց և ասաց. «Տուր սա որդուդ»: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլլաժներ նվիրում: Հետո նա նկարեց ինձ, և ես զարմացած նայեցի նկարին ու մտածեցի` սա ե՞ս եմ: Տարիներ անց նոր նկատեցի, որ նա ինչքան ճիշտ էր նկարել իմ դիմանկարը:

 

Նրա մոտ ես հանդիպեցի հայտնի հայ նկարիչ Ալբերտ Դիլբարյանին: Ես մեկնեցի Երևան և մի շաբաթ անց Վիեննա վերադարձիս նորից Թիֆլիսում էի: Գնացի Փարաջանովին այցի: Երբ նրա սենյակ մտա, այն սովորականի նման լիքն էր մարդկանցով: Նա  ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց. «Նայիր, այնտեղ իմ նոր աշխատանքներն են»: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք նա արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար` ֆիլմի հերոսների կեցվածքն և խարակտերները: Հանկարծ նա կանչեց ինձ և ասաց` նստի´ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Նա ինձ տվեց իր «Խոստովանության» սցենարը` ասելով` նայի´ր: Բացեցի սցենարը և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Ես թերթում էի սցենարը, երբ նա հանկարծ ասաց` տո´ւր գիրքն ինձ: Զարմացած մեկնեցի նրան գիրքը: Գրի´չ` ասաց նա: Ինչ որ մեկը գրիչ տվեց: Առաջին էջին գրեց. «Արտեմին Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը: Առաջին անգամ նա ստորագրեց Փարաջանյան և ոչ թե Փարաջանով: Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և դիտում էր ինձ: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել: Այդպիսին էր Փարաջանովը, որն անչափ ուրախանում էր, երբ կարողանում էր որևէ մեկին ուրախություն պատճառել: Երբ ուզում էի հրաժեշտ տալ, ասաց, թե ինչու ես Վիեննայից իրեր չեմ բերում: Ի՞նչ իրեր` հարցրի ես զարմացած: Միևնոււյն է, ես ամեն ինչ էլ կծախեմ, դու միայն բեր: Ես ծիծաղեցի և հրաժեշտ տվեցի նրան:

 

Փարաջանովն սկսեց իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները, բայց նկարահանումների երկրորդ օրն իրեն անսպասելիորեն այնքան վատ էր զգացել, որ այլևս չէր կարողացել շարունակել աշխատել: Նկարահանումներն ընդհատվել էին, և նրան տարել էին հիվանդանոց, ախտորոշումը` թոքերի քաղցկեղ: Նրան անմիջապես Մոսկվա էին տեղափոխել և այնտեղ վիրահատել, բայց արդեն ուշ էր: Նա վերադարձավ Թիֆլիս, բայց աշխատել այլևս չկարողացավ: Ամռանը ես նորից գնացի Թիֆլիս, այցելեցի նրան և իմացա նրա ցավալի ճակատագրի մասին: Թույլ և հոգնած` նա նստած իր կատակներն էր անում, բայց բոլորիս համար էլ պարզ էր, որ նրա օրերն արդեն հաշված են: Նույն տարվա աշնանը կնոջս հետ մեկնեցի Թիֆլիս նրան այցելելու: Սովորականի նման նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր ներքևի անցուդարձը: Երբ մեզ տեսավ, բացականչեց. «Արտեմն իր դստեր հետ  գալիս է: Արտեմն իր դստեր հետ է եկել»: Մի քանի նվեր ունեի նրա համար, և նա ուրախացավ երեխայի նման: Յուրան էլ եկավ: Փարաջանովը հարցրեց, թե ի՞նչ եմ բերել Յուրայի համար: Ես շփոթված պատասխանեցի` ոչինչ: «Դու գեղեցիկ սվիտր ունես հագիդ, տուր այն Յուրային»: Ես հանեցի սվիտրս և տվեցի Յուրային: «Հագի´ր,- ասաց Փարաջանովը, և Յուրան այն հագավ,- լավ է»:

Կինս հավանաբար շատ դուր եկավ Փարաջանովին, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց. «Վաղը կեսօրից առաջ եկեք ինձ մոտ»: Հաջորդ օրը, երբ թակեցինք նրա դուռը, նա քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը:  Հազիվ էինք մտել սենյակ, երբ նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակն  ու ասաց. «Մնացեք այստեղ»: Ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք այնտեղ կանգնած: Հետո վերդարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց. «Կանգնեք այստեղ»: Ինքը գնաց դեպի պատը և բացեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ:  Գիշերն էր այդ կոլլաժը պատրաստել: «Սա քոնն է»,-ասաց նա կնոջս և նկարի հետևում գրեց. «Նասրինին`  Փարաջանովից»:

Այդպիսին էր նա…

 

Փարաջանովն մի հետաքրքիր հին կարպետ ուներ, որն ուզում էր ինձ նվիրել: Ես հրաժարվեցի այն վերցնել, իսկ նա վիրավորված կնոջս հարցրեց` արդյոք այս կարպետը վատ՞ն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Փարաջանովն ասաց. «Տես, Նասրինը նույնպես հավանեց այս կարպետը»: Ասացի, որ այս կարպետը չեմ կարող դուրս տանել, մաքսատունը թույլ չի տա: « Ի՞նչ,-բացականչեց նա,-հիմա կգրեմ որ ես` Փարաջանովը, նվիրում եմ այս կարպետը Արտեմին: Ո՞ր մի հիմարն իրավունք կունենա քեզ անհանգստեցնել»: Նա վերցրեց իր մի նկարը և հետևում  գրեց, որ ինքը` Փարաաջանովը, նվիրում է այս կարպետն ինձ և ստորագեց: Այդ կարպետն այսօր իմ տանն է…

 

Երբ Փարաջանովին հրաժեշտ էինք տալիս, նա կնոջս ասաց. «Նասրին, հաջորդ անգամ, երբ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ: Կինս նրան էլ երբեք չտեսավ: Փարաջանովին ուղարկեցին Փարիզ, բայց իզուր, բժիշկներն այլևս ոչինչ չկարողացան անել: Նրան տարան Երևան: Նա այնքան վատ էր, որ գրեթե ոչ ոքի չէր ճանաչում: Մի երեկո նրան տարան Հայաստանի կիրառական արվեստի թանգարան: Երբ նրան թանգարան բերեցին, միայն մի քանի հոգու կարողացավ ճանաչել: Բոլորս լաց էինք լինում, Փարաջանովը նույնպես:

 

Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը իշխանություններից հասավ այն բանին, որ Երևանում Փարաջանովի տուն-թանգարան հիմնի: Փարաջանովի ցուցումով Զավենը նրա բոլոր աշխատանքները և կահույքի որոշ կտորներ Թիֆլիսից բերեց Երևան:

Վիեննա հասնելուց հետո ես կարդացի, որ հայ մեծ ռեժիսոր Փարաջանովը հուլիսին Երևանում մահացել է: Նրան հուղարկավորել էին Երևանի պանթեոնում:

Փարաջանովի տուն-թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է:

Մի անգամ Վիեննայում եվրոպական մի հեռուստաալիքով Փարջանովի մասին վավերագրական մի ֆիլմ տեսա: Ես բարկացած և հիասթափված էի: Ինչպե՞ս կարելի է Փարաջանովի մասին այդպիսի մակերեսային հաղորդում պատրաստել` իրար կցած սիրողական նկարահանումներ, իր ֆիլմերից հատվածներ, հարցազրույցներ և հետո` հիվանդ Փարաջանովին, որը հազիվ էր կարողանում խոսել: Եվ ես որոշեցի նրա մասին մի խաղարկային-վավերգրական-կենսագրական ֆիլմ նկարահանել: Իմ առաջարկն ընդունվեց Ավստրիական հեռուստատեսության կողմից, և 1999-ի վերջերին Երևանում և Թիֆլիսում հայ դերասանների և հայկական խմբի հետ   (օպերատորն Ալիկ Յավուրյանն էր),  նկարահանեցի Փարաջանովի մասին ֆիլմը: Այն պատրաստվեց հայերենով և գերմաներեն տիտրերով: 2001թ. Ավստրիական հեռուստատեսությունն այն ուղարկեց Չիկագո` ֆիլմերի և հեռուստատեսության միջազգային փառատոնին, որտեղ այն ստացավ «Silver –Screen» մրցանակը:

Տարիներ անց Երևանում Փարաջանովի ընկերներին և ծանոթներին հրավիրեցի իմ ֆիլմի ցուցադրությանը: Երբ ֆիլմն ավարտվեց, բոլորիս աչքերին արցունքներ կային:

Ես կատարել էի իմ պարտքը Փարաջանովի առաջ…»

Անկախ

 

 

 

Թե ինչպես Փարաջանովն առաջին անգամ ստորագրեց` ՓարաջանՅԱՆ

Փարաջանով,ՓարաջանՅԱՆ,Արտեմ ՕհանջանյանԵրբ այցելեցի վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանին («Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի մեղսակցությունն ամենամեծն է». Արտեմ Օհանջանյան) նրա երևանյան բնակարանում, առաջինն ինձ հետաքրքրեց պատին խնամքով փակցված լուսանկարը: Զարմացած հարցրի. «Փարաջանովի հե՞տ եք»: «Այո, այո, Փարաջանովն է»,- պատասխանեց նա: Բայց դեռ ավելի էի զարմանալու` լսելով նրա պատմությունն իր ու Փարաջանովի ընկերության մասին:

«Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը,- պատմում է Օհանջանյանը,- ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ, մտածում էի այն ժամանակ»:

Ավստրիական հեռուստատեսությունը, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, հետաքրքրված էր Փարաջանովով և ցուցադրում էր նրա ֆիլմերը: 1988 թ. աշնանը, երբ գորբաչովյան վերակառուցումից հետո Օհանջանյանն առաջին անգամ պետք է գար Հայաստան, հեռուստաընկերությանն առաջարկում է Թբիլիսիում Փարաջանովից հարցազրույց վերցնել:

«1989 թ. գարնանը Թիֆլիսում ծանոթներիցս մեկը տարավ ինձ Փարաջանովի մոտ,-հիշում է նա,- ինձ շատ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես իր վիեննացի հայրենակիցն եմ ու նաև ֆիլմեր եմ նկարահանում, ակնհայտորեն ուրախացավ»:

Օհանջանյանը Փարաջանովին առաջարկում է միասին ֆիլմ նկարահանել Վիեննայում: Սկզբում նա մերժում է. «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել»,-պատասխանում է Փարաջանովը և հայտնում, որ շուտով սկսելու է իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Փարաջանովն էլ իր հերթին է Օհանջանյանին առաջարկում մնալ Թբիլիսիում և դառնալ իր ասիստենտը: «Ի՞նչ ունես Վիեննայում,- ասում է Օհանջանյանին,- ավելի մեծ մշակութային քաղաք, քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»: Օհանջանյանը, շնորհակալություն հայտնելով, մերժում է:

Իսկ երբ Թբիլիսիի պանթեոնում Օհանջանյանն արդեն հարցազրույց էր վերցնում մեծանուն ռեժիսորից, Փարաջանովը հանկարծ ասում է, թե հետաքրքրված է Մոցարտի և Սալիերիի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարով,  և Վիեննան հիանալի  հետնաբեմ կծառայեր այդ ֆիլմի համար: «Մի քանի օրից մենք պայմանագիր ստորագրեցինք»,- ասում է Օհանջանյանը:

Ցավոք, այդ գաղափարն ու պայմանավորվածությունը թղթին են մնում, քանի որ Փարաջանովն իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումների երկրորդ օրն իսկ առողջական խնդիրներ է ունենում: Նկարահանումներն ընդհատվում են, և նրան տանում են հիվանդանոց` ախտորոշելով թոքերի քաղցկեղ, ապա տեղափոխում Մոսկվա ու վիրահատում. «Արդեն ուշ էր,- ասում է Օհանջանյանը,- նա վերադարձավ Թբիլիսի, բայց աշխատել այլևս չկարողացավ»:

Օհանջանյանը պատմում է, որ Փարաջանովի տունը միշտ լիքն էր Երևանի ու Թբիլիսիի արվեստագետներով, որոնք ամեն երեկո այցելում էին նրան` իրենց հետ հաճախ ուտելիք ու խմիչք տանելով: «Չնայած դրան, ես միշտ զգում էի նրա միայնությունը, քանի որ նա ընտանիք ուներ, որը օտարացել էր իրենից»,- ասում է նա:

Փարաջանովի հետ հանդիպումն ու մտերմությունը Օհանջանյանի ամենալուսավոր հիշողություններից են: Այսօր էլ փայփայում է Փարաջանովից ստացած նվերները, որոնք զարդարում են նրա վիեննական բնակարանը: Այդ նվերների պատմությունները նույնքան յուրօրինակ են, որքան ինքը` Փարաջանովը:

«Երբ նոր էինք ծանոթացել, նա ինձ հարցրեց, թե որդի ունե՞մ,- հիշում է Օհանջանյանը,-պատասխանեցի` այո:  Հարցրեց անունը, հետո վերցրեց մի «Մոնա Լիզա» կոլաժ, ետևի մասում գրեց` «Ալբերտի համար» ու ստորագրեց` ասելով, որ տամ որդուս: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլաժներ նվիրում»:

Մի «Մոնա Լիզա» կոլաժ էլ Փարաջանովը նվիրել է Օհանջանյանի կնոջը, երբ նրանք գնացել էին  Թբիլիսի` մեծանուն արվեստագետին այցի. «Սովորականի նման նա նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր փողոցի անցուդարձը: Կինս հավանաբար շատ դուր եկավ նրան, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց, որ վաղը կեսօրից առաջ իր մոտ գնանք,- հիշում է Օհանջանյանը:- Հաջորդ օրը գնացինք, Փարաջանովը քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը:  Երբ մտանք սենյակ, նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակ ու ասաց, որ մնանք այնտեղ, իսկ ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք կանգնած: Հետո վերադարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց` կանգնեք այստեղ, իսկ ինքը գնաց դեպի պատը, բացեց մի «Մոնա Լիզա» կոլաժ ու նվիրեց կնոջս. գիշերն էր պատրաստել: Երբ նրան հրաժեշտ էինք տալիս, կնոջս ասաց. «Նասրին, երբ հաջորդ անգամ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ, կինս նրան էլ չտեսավ»:

Փարաջանովից ստացած արժեքավոր նվերների շարքում է նաև մի հին կարպետ. «Երբ ուզում էր այդ կարպետն ինձ նվիրել, հրաժարվեցի,- պատմում է Օհանջանյանը,- նա վիրավորված կնոջս հարցրեց, թե այս կարպետը վա՞տն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Ստիպված ասացի, թե չեմ կարող կարպետը վերցնել, քանի որ մաքսատունը թույլ չի տա: Նա բացականչեց. «Հիմա ես կգրեմ, որ Փարաջանովը նվիրում է այս կարպետն Արտեմին, ո՞ր մի հիմարն իրավունք կունենա անհանգստացնելու քեզ»:

Բայց Օհանջանյանի համար փարաջանովյան մասունքներից ամենաարժեքավորն ու թանկը նրանից ստացած ֆիլմի սցենարն է. «Մի օր, երբ այցելեցի նրան, սենյակը սովորականի նման լիքն էր մարդկանցով,- պատմում է Օհանջանյանը,- նա ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց, որ դիտեմ իր նոր աշխատանքները: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար (նա միշտ նկարում էր իր ֆիլմերի հերոսներին` ըստ իրենց բնավորության ու վարքի): Հանկարծ կանչեց ինձ և ասաց` նստի՛ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Տվեց իր «Խոստովանություն» սցենարի գրքույկը` ասելով` նայի՛ր: Բացեցի և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Թերթում էի սցենարը, երբ հանկարծ ասաց` գիրքը տուր ինձ: Զարմացած նրան մեկնեցի: Հետո ասաց` գրի՛չ: Ինչ-որ մեկը գրիչ տվեց: Փարաջանովն առաջին էջը բացեց ու գրեց. «Արտեմին` Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը»:

Առաջին անգամ կյանքում Փարաջանովը ստորագրեց` Փարաջանյան: Օհանջանյանը չի մոռանում այդ պահը. «Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և ինձ էր նայում: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել»:

Այդ փոքրիկ, գեղեցիկ կազմով գիրք-սցենարը նույնպես Օհանջանյանի տանն էր: Զգուշությամբ բացեցի առաջին էջը, որտեղ Փարաջանովը ստորագրել էր Փարաջանյան. «յան»-ը մեծատառերով էր գրված…

Շարունակությունը`այստեղ:

Անկախ

«Գերհանճարը». եվրոպական մամուլը Փարաջանովի մասին

փարաջանով«Եթե մենք գերհանճար անվանեինք որևէ հայ արվեստագետի, հավանաբար շատերը, մանավանդ օտարները ազգային սնապարծներ պիտի համարեին մեզ: Սակայն բնութագրումը մերը չէ, այլ Փարիզի ազդեցիկ «Լը Ֆիգարո» օրաթերթինը, որը Սարգիս Փարաջանովին անվանում է գերհանճար` համարելով նրան  մեր ժամանակի ամենահանճարեղ բեմադրիչը»,- ասում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի):

Երբ 1973 թ. դեկտեմբերին Փարաջանովին Կիևում ձերբակալում են` մեղադրելով ապօրինի վաճառականության և միասեռականության մեջ, Եվրոպայում և Ամերիկայում մեծ ընդվզում է բարձրանում, կազմավորվում են Փարաջանովին ազատագրելու հատուկ կոմիտեներ, անցկացվում են բողոքի ցույցեր: Բողոքներից մեկն այնպիսի մեծ տարածում է գտնում, որ Փարաջանովին ազատ արձակելու պահանջի տակ ստորագրում են շուրջ 150 հայտնի բեմադրիչներ, գրողներ և արվեստագետներ, որոնց թվում են Ֆեդերկիո Ֆելինին, Լոուրենս Օլիվիեն, Ժան-Պոլ Սարտրը, Լուի Արագոնը և ուրիշներ:

Սակայն հակառակ այս միահամուռ բողոքին և այն հանգամանքին, որ 1975 թ. Խորհրդային Միությունը ներում է շնորհում իրական վտանգ չներկայացնող բանտարկյալներին, Փարաջանովը 4 տարի մնում է բանտում` իբրև իրական վտանգ ներկայացնող բանտարկյալ: Փարաջանովին ազատ են արձակում 1978 թ. ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ, սակայն թույլ չեն տալիս աշխատել ու ստեղծագործել:  Այդ տարիներին հարցազրույց տալով ֆրանսիական հայտնի «Լը Մոնդ» օրաթերթի թղթակցին` Փարաջանովը նշել է, որ իրեն անուղղակիորեն ենթարկել են տնային կալանքի, և իր կյանքը դարձել է ավելի անտանելի, քան բանտարկությունն ու մահը:

1985 թ. Մովսես Ծիրանին Լիբանանում հրատարակում է մի գիրք, որում  ներառում է նաև միջազգային ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները հայ մեծանուն կինոռեժիսորի արվեստին ու նրա բանտարկությանը: Նրա խոսքով, սակայն, «Նռան գույնը» ֆիլմի մասին արևմտյան մամուլը հաճախ անճիշտ, հապճեպ և երբեմն մակերեսային վերլուծություններ էր հրատարակում: «Արևմտյան արվեստաբանները, թեև ըմբռնում էին ու գնահատում Փարաջանյանի մեծությունը, սակայն փոխանակ խորանալու և թափանցելու ֆիլմի խորքերը, ընկնում էին հակախորհրդային քարոզչության ոլորապտույտի մեջ` պահանջելով Փարաջանյանի ազատ արձակումը` լուսանցքի վրա ձգելով բուն խնդիրը` Արվեստի ազատագրումը»,- ասում է Հերկելյանը:

Բայց ամեն դեպքում, ինչպես էլ որ գրեր, Փարաջանովի մասին եվրոպական մամուլն արտահայտում էր հիացմունք ու մեծարանք:

Երբ 1964 թ. նկարահանվում է կինոռեժիսորի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, դրա մասին գրում են աշխարհի գրեթե բոլոր թերթերը, արտահայտվում են լավագույն արվեստաբաններն ու տեսաբանները, պատրաստվում են հեռուստահաղորդումներ ու ռեպորտաժներ:

Միայն Փարիզում ֆիլմը 2 ամսից ավելի միաժամանակ ցուցադրվում է 3 կենտրոնական կինոթատրոններում առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա 1-ը: Ֆիլմն արժանանում է բազմաթիվ միջազգային մրցանակների:

Նկարիչ Միշել դը Սերվիլը Փարաջանովին ուղարկած իր նամակում նկարագրում է ֆիլմի հաղթարշավը Փարիզում. «Քննադատությունը ցնծում է, հասարակությունը ցնցված է, ամբողջ Փարիզը միայն այդ մասին է խոսում… Ամենադաժան քննադատները, որոնք երբեք ու ոչ ոքի չեն գովաբանել, ասես խոսքը մեկ են արել` «հանճարեղ է», «համաշխարհային կինոյի ամենահիանալի ֆիլմերից մեկն է»: Թերթերը հարցում են արել հյուրանոցատերերին, և նրանք մի մարդու պես հայտարարել են, որ հիմա հաճախորդների մեծ մասը գալիս է միայն նրա համար, որ դիտի «Հրեղեն նժույգները» (ֆիլմը Եվրոպայում ցուցադրվում էր այդ վերնագրով)»:

Խորհրդային Միության մեջ արգելված «Նռան գույնը» ֆիլմը Փարաջանովի մի քանի ընկերների շնորհիվ գաղտնի  հասնում է Փարիզ և թարգմանվելով ֆրանսերեն` ցուցադրվում Եվրոպայում` կրկին ցնցող տպավորություն թողնելով եվրոպական մշակութային հարթակներում:

«Դը սանդեյ թայմզ» թերթում` «Արվեստագետը` վտանգի տակ» վերնագրով հոդվածում, նշանավոր Հերբերտ Մարշալը գրում է. «Այն օրվանից, երբ Փարաջանովը պատրաստեց «Նռան գույնը», նրա բոլոր առաջարկներն ու փորձերը սկսեցին բախվել արգելքների և մերժումների… Նրա հայկական բնածին խանդավառությունն ու կիրքը պատճառ են դառնում մի շարք քննադատական շրջանակների հայտարարությունների` «նա անշուշտ հիմար է» կամ «նա մի տեսակ խենթ է». վտանգավոր բառեր, ահավասիկ, մի երկրի մեջ, որտեղ հոգեբուժությունը դարձել է ճնշման մեկ ուրիշ թաթ»:

Այնուհետև հոդվածագիրը գրում է, որ իրեն պատմել են  Փարաջանովի «հիմարությունները» փաստող նոպաներից մեկի մասին, թե ինչպես է նա ֆիլմի նկարահանման ժամանակ, ծխի անհրաժեշտություն զգալով և ձեռքի տակ ծուխ  արտադրող ռումբեր չունենալով, պատռել իր տաբատը և այրել:

1975-ին «Դեպի բանտ, Փարաջանով…» վերնագրով մի հոդված է լույս տեսնում «Փոլիթիք-էպտո» թերթում, որում հոդվածագիրը` Անտոնեն Լեհմը, գրում է, որ իրականում Փարաջանովը քաղաքական բանտարկյալ է: «Փարաջանովը բանտարկված է, քանի որ համակերպության տիրակալության մեջ հակահամակերպությունը ոճիր է… Փարաջանովը վտանգավոր մարդ է: Նա մերժում է ոչ միայն պատեհապաշտ ինքնաքննադատությունը, այլև մտածելու և զգալու է մղում իր հանդիսատեսին…»:

«Նռան գույնի» վերաբերյալ «Լոս Անջելես թայմզ»-ում նաև նման կարծիք է հնչել. «Շքեղ և ինքնատիպ ժապավեն, կնճռոտ, վիճելի և խորհրդանշական, որ հայկական մշակույթն է արտացոլում…»:

«Հրեղեն ձիերից» դեպի պայթած «նռները» վերնագրով հոդվածում է, որը լույս է տեսնում 1977-ին «Լը Մոնդ»-ում, հոդվածագիրը գրում է, որ գրաքննության կողմից կրճատվելուց հետո հրապարակ հանված այս երկար ժապավենը, դժբախտաբար, անծանոթ է խորհրդային հասարակությանը. «Պատկերների հանդգնությունը, ինչպես նաև տեխնիկայի նորությունը հաճելի չեն թվացել իշխանությանը, որը, չկարողանալով գնահատել նրա գեղեցկությունը, գործը համարել է ազգայնական, վնասակար և քանդիչ: Փարաջանովի «Հրեղեն ձիերի» մասին ամենատպավորիչ հոդվածներից մեկն էլ հրապարակել է ֆրանսիական «Հյումանիտե» օրաթերթը, որում նաև չափազանց բարձր գնահատական է տրվել հայ արվեստագետին. «Փարաջանովը մի կինոռեժիսոր է, որը նման չէ ոչ մեկին: Նա ոչ ոքի ժառանգը չէ, ոչ ոքի չի ընդօրինակում, չի պատկանում որևէ դպրոցի և չի դավանում արդեն տեսանելի որևէ ոճի: Հազվագյուտ, բացառիկ տաղանդ: Նրա ստեղծագործությունը նման է ադամանդի, որն իր մաքրությամբ ոգեշնչել է հանճարեղ ոսկերչին. ադամանդը շլացնում է իր բյուրավոր նիստերի զարմանահրաշ խաղով: Նրա ստեղծագործությունն ավելին է, քան ֆիլմը. դա սրբություն է… Տեղեկագրերի մի դիմեք, ո՛չ ազգագրությունը և ո՛չ էլ հոգեբանությունը ի վիճակի չեն ձեզ զգացնել տալու այդ ֆիլմի քնարականությունն ու մարդկային ջերմությունը»:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Ամանորին հայերս ընդամենը 3 կոկորդիլոս ենք կերել

Կիսաապխտած կոկորդիլոսը մեծ պահանջարկ ունի ՀայաստանումՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը  «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ ամանորին ընդառաջ ՀՀ սահմանային անցակետերով կոկորդիլոսների ներկրման նոր դեպք չի գրանցվել:   Այլ կերպ ասած` հայաստանցիներս, փաստորեն, բավարարվել ենք մինչ այդ ներկրված 3 կոկորդիլոսներով, և դրանց պահանջարկը հայաստանյան ճոխ սեղաններին այնքան էլ մեծ չի եղել:   Թեև, հիշեցնենք` նախապես հայտարարվում էր աննախադեպ մեծ պահանջարկի, լրացուցիչ պատվերների և ևս 12 կոկորդիլոս ներկրելու մտադրության մասին: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենան հունվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

խեչոյանՀոկտեմբերի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ և տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013թ.) և այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել և սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: 2014 թվականին կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:

«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն և այլ լեզուներով:

Որպես ազատամարտիկ առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան հերոսամարտին:

Լևոն Խեչոյանը գրողի, քաղաքացու, հայի ազնվագույն տեսակ էր, անմնացորդ` նվիրված գրականությանն ու հայրենիքին: Նա իր գրականությունը ստեղծում էր տքնանքով ու  տառապանքով, իր յուրաքանչյուր բառը քամելով Հայաստանի հողից, հայ մարդու հոգուց, ապավինելով արդարությանը, ճշմարտությանը, լույսին, սիրուն և արժանապատվությանը` այն գիտակցությամբ, որ գրականություն ստեղծելը դափնեպսակի հասնելու ձգտում չէ, և ավելի ազնիվ է ունենալ «քիչ հեղինակություն արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»: Եվ նա իր կյանքով ու ստեղծագործությամբ  իրավացիորեն վաստակեց իր տեղը ինչպես գրականության և մարդկանց սրտերում, այնպես էլ հավերժության մեջ:

Կառավարական հանձնաժողովից Անկախին տեղեկացնում են, որ մեծ քաղաքացու և գրողի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:

 

Դոլարը բարձրացավ

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսՀունվարի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.01 դրամ:

Անկախ

Արմեն Մազմանյան` երևանցի կարգին տղա, ազգի ցավով ապրող մարդ, ինքնատիպ մտածողությամբ արվեստագետ…

1544416_10202267243058287_55084901_n

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի կամ ինչպես նրան մտերիմներն են կոչել` Մազի անժամանակ մահը ցնցել է շատերին: Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից ոմանք արդեն ֆեյսբուքի միջոցով կիսել են իրենց վիշտը:

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Իմ սիրելի ուսուցիչ։((((…ՄԱՐԴ, ով միշտ Հպարտանում էր իր ուսանողներով և ապրում նրանց Հաջողություններով… Ազգանվեր, Ազգասեր, Ազգի ցավով ապրող՝ Մարդ, Հայր, Հայ։ Արմեն Մազմանյան. ողջ կյանքը պայքար էր, պայքարելով էլ գնաց… Լույս իջնի հոգուդ…:((»:

Սուրեն Սուրենյանցը գրել է. «1999-ի մայիսն էր, Մատենադարանի հարևանությամբ գտնվող մի բարում առաջին անգամ հանդիպեցի Արմեն Մազմանյանին:
Գինովցած էր, հախուռն շարժուձևով, բարձր ձայնով, աշխույժ աչքերով, փոքրամարմին այդ մարդը ինձ ինչ-որ բան էր պատմում:
Ծխի քուլան, կարծես թե, մեզ կտրել-մեկուսացրել էր արտաքին աշխարհից, ու Արմենն այնքան անմիջական էր խոսում՝ կարծես նույն պապի հարազատ թոռները լինեինք:
Մեկ-մեկ նրան ընդհատում էի՝ պարոն Մազմանյան դիմելով:
Վերջը չդիմացավ և կտրուկ ասաց. «Դե, Մազ ասա, էլի, այ տղա»:
Հետո մտերմացնաք, նրան հազար անգամ հանդիպեցի և հասկացա, որ այս խենթ տեսակի մեջ երկու ԵՍ-ի կռիվը հավերժ է՝ Մազմանյանը անհաշտ է Մազի, ռեկտորը՝ անկաշկանդ, ձեռագիր ունեցող մտավորականի, վերևներում ընկալվողը՝ էրևանցի կարգին տղու հետ:

Ինքն ինձ համար միշտ Մազ ու ուրույն տեսակ, ջիգյարով ընկեր ու էրևանցի կարգին տղա կմնա:

Ես կհիշեմ էն բարը, որը պատված էր ծխով, իր մեջ կռիվ տվող ու շրջապատի հետ յոլա չգնացող Մազին:

…Ու չեմ մասնակցի հրաժեշտ կոչվող արարողությանը, որովհետև Մազին հրաժեշտ տալ չեմ պատրաստվում…»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրել է. «Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով:

Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական դրսևորումներում:

Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում և մշակույթում ընդհանրապես։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին և իր շրջանավարտներին»։

Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան կապակցությամբ իր և Հանրային խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը.

«Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին 53 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Նա տառապում էր լյարդի ցեռոզ հիվանդությամբ:

Հիշեցնենք, որ նրա բուժումը արտերկրում իրականացնելու համար ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել:

Արմեն Մազմանյանը 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1981-88թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, ռեժիսոր, 1986-88թթ` պատանեկան թատրոնի ստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր: 1986-88թթ եղել է «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորը, 1987-89թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր-ստաժոր: 1988թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Գոյ» թատրոնը, 1991թ-ից` «Գոյակ» մշակութային զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995թ-ից` «Ազատ արվեստի ակումբ» և «Հայարտ» նախագիծը, 1996թ-ից` «Ազատ թատրոն» նախագիծը: 1998-2009թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, պրոֆեսոր: 1983թ-ից հանդես է եկել մի շարք ներկայացումներում` որպես բեմադրիչ և դերասան` Զեյթունցյանի «Հիրոսիմա», «Ոտքի, դատարանն է գալիս», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», Սթեյվիսի «Գալիլեյ», Ռադինսկու «Նեոնի և Սենեկայի թատրոնը», Ռիբակովի «Արբատի զավակները», Մոեմի «Լուսին և գրոշ», Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս», Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն: 1980թ. Բաքվի «Թատրոնի տեսություն» միջազգային կոնգրեսում արժանացել է 2-րդ մրցանակին, 1987թ. Ալմա-Աթիի թատրոն-ստուդիաների համամիութենական փառատոնին` 1-ին մրցանակին: Մասնակցել է բազմաթիվ այլ փառատոների Ռուսաստանում, Հարավսլավիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նկարահանվել է «Ընտրություն», «Տղամարդկային գործ», «Ճակատագիր», «Ես եմ» ֆիլմերում: Կազմակերպել և նախաձեռնել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, արվեստի երեկոներ, շնորհանդեսներ, շոու-ծրագրեր, ցուցահանդեսներ, հեռուստանախագծեր: Մասնակցել է արցախյան մարտերին և եղել է «Մուշ» զորամիավորման ջոկի հրամանատարը: 2000-02թթ եղել է «Ազատամարտի վետերանների միություն» կազմակերպության համանախագահը: Կազմակերպել է ՀՀ ԶՈւ ստեղծման 15, 17, 19 և 20-ամյակներին նվիրված տոնահանդեսներ: Արժանացել է «Գարեգին Նժդեհ» շքանշանի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, Մարտական ծառայության մեդալի:

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-20.00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։

Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց

դիլիջանի դպրոցՇարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց` 2014-2016թթ. համար: 2014 թ. սեպտեմբերին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ:

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը «UWC Dilijan միջազգային դպրոցում» եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:

«UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

Բոլոր ցանկացողները կարող են հայտադիմումը լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին: 2014թ. մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը:

Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին:

Ընդունելության հայտում աշակերտները հնարավորություն ունեն հերթականությամբ նշել UWC այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում են սովորել։

Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC համակարգում դասավանդվում է Միջազգային Բակալավրիատի (IB) դիպլոմա ծրագիրը, որն հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում:

«UWC Dilijan» միջազգային դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

UWC համակարգի տարբեր դպրոցներ առաջարկում են ուսման տարբեր պայմաններ: Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

Անկախ

“Հայաստան” տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր

"Հայաստան", տոնավաճառ,միջազգային փառատոն, երրորդ մրցանակակիրԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում “Հայաստան” տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ և Եվրոպայի տարբեր քաղաքներ:

Պուշկինի հրապարակում բացված “Հայաստան” տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ:  Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաև հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ: 

Փառատոնի պաշտոնական կայքէջի կազմակերպած հարցումներով “Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ” փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է “Հայաստան”տոնավաճառը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, շնորհակալություն հայտնելով հայկական տոնավաճառի կազմակերպիչներին մասնակցության և արձանագրած հաջողության համար, ընդգծել է, որ “Հայաստան” տոնավաճառն իսկապես առանձնահատուկ էր իր կոլորիտով:

Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է  հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին և երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են “Ժամանակակից Մոսկվա” և “Եվրոպայի քաղաքներ” տոնավաճառները:

Անկախ

ԱՄՆ-ում հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ձերբակալվածՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 846 հոդվածի 21-րդ մասի /թմրադեղերի ապօրինի պահելը` դրանք իրացնելու նպատակով/ մեղադրանքով: Այս մասին Անկախին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: