Ա. Աշոտյան. ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է  “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել: “Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանների միջև իրականցվող համագործակցային ծրագիրը, այդ շարքում հաջողվածներից է: Սակայն մենք ակնկալում ենք, որ մշակված ծրագիրը  պետք է կյանքի կոչվի և դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականությունը և ոչ թե սոսկ ՀԲ-ի վարկային ծրագրի հաշվետվությունը: Սա նոր բովանադկություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական կրթության որակի և չափանիշների, դասավանդման ժամանակակից  մեթոդաբանության ու գործիքների ներդրմանը Հայաստանի բուհերում”,- իր խոսքում նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հայ-ֆիննական համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: Նախարար Ա. Աշոտյանը նաև հատուկ շեշտել է, որ Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է  ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: “ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել:  Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել  համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին”,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր: Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Համաժողովի մասնակիցներին  ողջունել են նաև ՀԲ ներկակայացուցիչ Քրիստիան Այդեն և Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայյունեն: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ   համագործակցությունը շահեկան է եղել  ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի  համալսարանի համար: Եռամյա ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանում ներդրվել է   ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման  նոր մոդել:
Համաժողովի ընթացքում Օուլուի համալսարանի ռեկտոր Լ. Լայյունեն` կրթական արդյունավետ համագործակցության համար  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանին հանձնել է Օուլուի համալսարանի շքանաշան:

 

Աշոտյանը պարզաբանում է՝ նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել

arm138278271036Այսօր խորհրդարանում մի խումբ լրագրողներ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի ոչ վաղ անցյալում ասված խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ, սակայն դեռևս տեղում է:

Աշոտյանն ասաց, որ եթե անգամ այս կառավարությունը տեսականորեն հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը կրկին ձևավորվելու է նույն քաղաքական թիմից, որը շատ լավ գիտի, թե իր ներսում ունի՞ ավելի լավ կադրային ռեսուրս, թե ոչ: «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել, և եթե ուշադիր նայենք ծրագիրը, ապա կտեսնենք, որ կառավարության կողմից դրված նվազագույն շեմը 5 տոկոս է: Հետևաբար մենք դնում են ցանկություններ, գաղափարներ, որոնց հասնելու համար գործադրում են ջանքեր, իսկ եթե այդ ցուցանիշներին չենք հասնում, ապա դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ նաև դուք եք վստահում իր քաղաքական գործունեությանը և վերլուծականներին, ուստի երբ որ ինքը հարկ համարի նման տեսակի խնդիրներ բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի առաջին ատյանը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն»:

Իսկ քանի դեռ նման գործընթաց չկա, Աշոտյանը լրագրողներին խորհուրդ տվեց վայելել հայրենի կառավարության աշխատանքները, քաջալերել քննադատություններով և օգնել իրենց ավելի լավ աշխատել:

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք – Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներԻնչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունից,  դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի  ոլորանը,  Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան – Գորիս, Գավառ- Մարտունի,  Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները:

Սաստիկ բքի և տեսանելիության  բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան – Սիսիանի սահման  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

2014-ի պետբյուջեն հաստատվեց. վարչապետն՝ այս բյուջեի 3 առանձնահատկությունների մասին

tigran-sargsyan-government-program-parliament2014 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հաստատվեց: Պետբյուջեի նախագծին կողմ քվեարկեց պատգամավորներից 70-ը, դեմ՝ 40-ը, ձեռնպահ՝ մեկ հոգի:

Մինչ քվերակությունը ԱԺ ամբիոնից եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան՝ հայտարարելով, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառվել են պատգամավորների և խմբակցությունների մի շարք առաջարկություններ, իսկ տասնյակները դարձել քննարկման առարկա, որոնք մոտակա ամիսներին կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ առաջարկների 27 տոկոսն է մերժվել:

Այնուհետև վարչապետը ներկայացրեց 2014 թ. պետբյուջեի առանձնահատկությունները, որոնցից առաջինը բխում է Մաքսային միությանը միանալու գործընթացից, որն, ըստ Տիգրան Սարգսյանի, կարող է էական արդյունքներ ապահովել մեր տնտեսության զարգացման համար: Վարչապետն առանձնացրեց ՏՏ, դեղագործության, գինեգործության, կոնյակագործության ոլորտները, որտեղ, ըստ նրա, երկնիշ աճ է արձանագրվել:

Վարչապետը դրական գնահատեց Մաքսային  միությանն անդամակցելու դեպքում թեթև արդյունաբերության ոլորտում ձեռք բերվող հարաբերական առավելությունները: Նրա խոսքով՝ արդեն իսկ կոշկագործության և տեքստիլ արդյունաբերության ծրագրեր են մշակվել, և կառավարությունը հույս ունի, որ Հայաստանը կվերականգնի իր խորհրդային ժամանակների ցուցանիշները ՄՄ տարածքի սահմանում:

Պետբյուջեի հաջորդ առանձնահակությունը Տիգրան Սարգսյանը համարում է բիզնես միջավայրի բարելավումը: «Անցյալ տարի մենք արձանագրել ենք որոշակի առաջընթաց այդ ոլորտում, բայց դա մեզ չի բավարարում, և մենք այդ ոլորտում անելիքներ ունենք»,-նշեց վարչապետը՝  կարևորելով հարկայի-մաքսային, դատական ոլորտների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

Պետբյուջեի երրորդ առանձնահատյությունը նա համարեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որին, ըստ վարչապետի, Հայաստանը նախապատրաստվել է տասը տարի:

«Դրա վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, աշխարհի լավագույն փորձագետներ: Տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, երկու ընդլայնված նիստ ՀՀ նախագահի մոտ: Այս հայեցակարգը քննարկվել է նաև ԶԼՄ-ների մասնակցությամբ, ես անձամբ տասնյակ սեմինարներ եմ կազմակերպել ներկայացնելու այս համակարգի տրամաբանությունը»,-թվարկեց նա:

2009-10 թվականներին կառավարությունը, ընդառաջելով ընդդիմախոսների պահանջին, որոշելէ համակարգը ներդնել 2014-ին, որպեսզի և՛ մասնավոր հատվածը պատրաստվի, և՛ պետությունը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում բարդագույնն են: Նա գիտի նաև, որ սա մեր անկախության ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր ոլորտի: Սակայն միաժամանակ նա համոզված է, որ սա է ամենաճիշտ և արդար ճանապարհը, որն այսօր այլընտրանք չունի:

Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում կա 510 000 թոշակառու, և 2014 թ բետբյուջեով 240 միլիարդ դրամ է հատկացվել թոշակներին: «2014 թ. պետբյուջեով միջին թոշակը կավելանա 15 տոկոսով՝ 31 հազարից հասնելով 36 հազարի»-հայտարարեց վարչապետը՝ միաժամանակ նշելով, որ դա էլ բավարար չէ արժանապատիվ ծերությունն ապահովելու համար, եթե հաշվի առնենք, որ նվազագույն զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, առողջապահականը՝ 51 000 դրամ:

Այսօր Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգի հիմքում ընկած  սերունդների համերաշխության սկզբունքը, ըստ որի սոցիալական հարկերի շնորհիվ է ապահովվում մեր ծերացող բնակչության արժանավայել ծերությունը, արդյունավետ չէ: Կարող է արդյունավետ լինել, եթե շեշտակիորեն ավելացնեն սոցիալական հարկերը կամ Հայաստանում փոխվի կենսաթոշակի անցնելու տարիքը: Սակայն, ըստ վարչապետի, այդ խնդիրն ավելի շոշափելի և ցավոտ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք ծերացող հասարակություն:

«Մոտակա տասը տարիների ընթացքում շեշտակիորեն ավելանալու է թոշակառուների թիվը, և տարեցտարի ավելանալու է նաև սոցիալական բեռը պետբյուեջի վրա»,-ասաց Սարգսյանը,- ներկայիս մոդելը ենթադրում է, որ թոշակառուն կարող է ստանալ այնքան թոշակ, որքան պետությունը հնարավորություն ունի հարկել իր քաղաքացիներից:

Նրա խոսքով՝ 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկը համարվում է կենսաթոշակային ճգնաժամը, և այս խնդիրն առաջին հերթին ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչությունը ծերանալու միտում ունի:

Նա ընդգծեց, որ լրացուցիչ խթան ստեղծելու համար կառավարությունը հատկացրել է 20 միլիարդ դրամ, և պետությունն այդ վճարների 5 տոկոսն իր վրա է վերցրել՝ հայտարարելով, որ  այդ տարիների ընթացքում կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսական զարգացումը, քանի որ ստեղծվելու է երկար փողերի շուկա, առանց որի Հայաստանը չի կարող զարգացնել իր տնտեսությունը:

Վարչապետի խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է հաղթահարելու այն ծուղակը, որում մենք հայտնվել են նախկին կենսաթոշակային համակարգի պատճառով:

Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանը, ապա Տիգրան Սարգսյանը դա բնական է համարում, քանի որ ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծի փոփոխություն:

Վարչապետը կրկին որպես օրինակ բերեց ԱՊՊԱ-ն՝ հիշեցնելով, որ դա նույնպես սվիններով էր ընդունվում, բայց այսօր հասարակության 75 տոկոսը դրական է այն գնահատում: Նա համոզված է, որ նույն ճակատագրին էլ արժանանալու է կենսաթոշակային նոր համակարգը:

«Ստանձնելով քաղաքական այս պատասխանատվությունը՝ մենք համոզված ենք, որ օր առաջ այդ համակարգը պետք է ներդնել, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը»,-հայտարարեց նա:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ երեկ հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդների հետ, և հանդիպման ընթացքում երկուսուկես ժամ բանավիճել են՝ ավելի լավ հասկանալով, թե ինչ հարցեր են մտահոգում երիտասարդներին:

Այդ հանդիպումից վարչապետը գոհ է, քանի որ տեսնում է, թե ինչպես է օրեցօր Հայաստանում հասունանում քաղաքացիական հասարակությունը:

Ընդգծելով այն հանգամանքը, որ մարդիկ հնարավորություն են ունենալու վերահսել իրենց միջոցները՝ նա համոզված է, որ նրանք նաև պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես լինեն նաև կառավարության ուշադրության կենտրոնում, ինչն էլ կձևավորի որակապես նոր միջավայր և որակապես նոր քաղաքացի:

«Կառավարությունը նույնպես պետք է սովորի այդ միջավայրում աշխատել, որն այսօր Հայաստանում կա, և դա էլ լինելու է այն երաշխիքը, որ այս մոդելը հաջողություն է ունենալու»,-ամփոփեց Տիգրան Սագսյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետի ելույթից հետո հայտարարեց, որ նրա ասածները իրականության հետ քիչ առնչություն ունեն, իսկ քաղաքացիների բարձրացրած հարցերը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, իրենք կքննարկեն Սահմանադրական դատարանում: Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն կկասեցնի գործընթացը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետբյուջեի նախագծին դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց վարչապետի եզրափակիչ ելույթը լսելուց հետո, քանի որ նա հանգիստ տոնով ներկայացրեց վիճակագրություն, որը հաստատում է Հայաստանի ծանրագույն սոցիալական վիճակը և ոչ մի խոսք չասաց այն մասին, որ դրա մեջ նաև իրենց մեղավորությունը կա: Ինչ վերաբերում է վարչապետի ապագայի խոստումերին, ապա Փաշինյանը դրանց հավատում է այնքանով, որքանով որ կատարվել են նախկինում տրված խոստումները:

Պատգամավորը նաև հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ:

  Անկախ

 

Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

կառավարությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:
Իրականացվում է երկարատև սեյսմիկ մոնիթորինգ
ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ տարածքի երկրակեղևի տեղաշարժի մոնիթորինգ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ից ներմուծված երկրաֆիզիկական ցնցումների ընդունիչ սարքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2016թ. նոյեմբերի 28-ը: 2008 թվականին ներմուծված սարքը նախատեսված է երկրադինամիկական գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Հաշվի առնելով, որ երկրաֆիզիկական երևույթները դանդաղ են ընթանում, անհրաժեշտ է իրականացնել տևական դիտարկումներ, որոնց ընթացքում հավաքված տվյալներն օգտագործվում են սեյսմիկ վտանգի գնահատման համար:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Լրացում և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երեքում, կառավարությունը պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագրման գործառույթը վերապահել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավաստագրման և արտոնագրման գործակալությանը: Հարակից արտոնագրման ընթացակարգերը և համապատասխան վերահսկողությունը նույնպես կիրականացվեն ՀՀ ԱԻՆ-ի կողմից, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը և քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայություն մատուցելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը:
ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական կանոնակարգման ծրագրերը:
Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարված լրացումների նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից: Մասնավորապես հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին: (T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանվում է, որ պետական մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը: Որոշումը միտված է ՀՀ պետբյուջեից իրավաբանական անձանց հատկացված սուբսիդիաների արդյունավետ օգտագործմանը:
Գործադիրը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ գումարի վերադարձման կարգը, ինչը նախատեսված է օրենքով:
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:
Կառավարությունն ընդունել է մի շարք աշխատանքների պետական գնումներն անհետաձգելի համարելու որոշում, որը թելադրված է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշուներից մեկում` ավելացնելով առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երևան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը` Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով: Մինչև օրս ամբողջությամբ վճարվել է նախորդ որոշմամբ նախատեսված գումարը:
Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ:
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի N 7 տարածքը և համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ին:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը, որի համար հատկացվել է 10 մլն դրամ, պետք է իրականացվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով` կենտրոնացված ձևով:
Կառավարությունը որոշել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Էկո Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» հետ համատեղ հիմնադրել «Սիանս-Պո Արմենիա» հիմնադրամ:
Գործադիրը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ: Համաժողովը կազմակերպվում է Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կենտրոնի հետ համատեղ և նվիրված է անցումային ժամանակաշրջանի ռիսկի ապահովման համակարգի քննարկմանը:
Առողջապահության ոլորտում ներդրվում է տեսչական նոր համակարգ
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտ 67.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշված գումարը կտրամադրվի գործող երեք տեսչությունների միավորմամբ ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` մինչև տարեվերջ իր գործառույթներն անխափան իրականացնելու, ինչպես նաև վերակազմավորման և կառուցվածքային փոփոխության արդյունքում աշխատանքից դուրս մնացած անձանց վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարը վճարելու նպատակով: Տեսչությունների օպտիմալացման ծրագրով կմեծանա պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը:
Նիստում լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը թելադրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի ընդունմամբ, որի նպատական է տեսչական բարեփոխման իրականացմամբ նոր ռիսկի վրա հիմնված ստուգման ներդրումը: Հաստատվել են այդպիսի ստուգման ստուգաթերթերը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կենտրոնական ապարատում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը որոշել է փակել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի հակատուբերկուլոզային բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր: Որոշումը պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ: Նույնանման հիմնավորմամբ կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 62.5 մլն դրամ:

 

Կբարելավվի ներդրումային և գործարար միջավայրը
Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակը` ձևավորելով ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը. նա առաջարկում է արգելել գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ավելացումը, քանի որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել հատկապես երեխաների առողջության վրա: Դրական գնահատելով նախաձեռնությունը, կառավարությունը նշել է, որ հստակեցման կարիք ունի «ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացում» հասկացությունը:
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է պատվավոր կոչումների համար սահմանել ամենամսյա պատվովճար: Գործադիրը բացասական եզրակացություն է տվել օրենքի փոփոխությանը, քանի որ այն կառաջացնի բյուջետային լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը, համազգեստ կրելու ժամկետները:
Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքում գտնվող վանական համալիրը, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, «Ժողովրդական տուն» կառույցը անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն` սկզբնական նշանակությամբ օգտագործելու համար:
Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը (մշտական բնակությունը` ԱՄՆ):

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարԴեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Տրանսպարտեր»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին,   «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան  ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել  է «Լենդմարկ ZX 24»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում,   «ՈՒԱԶ-3151201» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը  և  3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 231-րդ կմ-ին բախվել է մերկասառույցի պատճառով ճանապարհը հորիզոնական փակած  «Վոլվո»  մակնիշի բեռնատարի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ 525»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան»   մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին է ընկել ձորը, ինչի  հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պատահար Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում

ավտոպատահարԴեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռաֆ», «Ռենո» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Պայթյուն հիմնարկության գրասենյակի նկուղային տարածքում

ԱվտովթարԴեկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Շիրվանզադեի փողոցի թիվ 33/19 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ ժամը 10.20-ի սահմաններում նշված հասցեում գտնվող հիմնարկության գրասենյակի նկուղային տարածք են մտել 2 աշխատակիցներ` որոշակի զննումներ կատարելու, և հանկարծակի տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով նրանք ստացել են գլխի մազերի խանձվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը

Փակ էՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին  հաղորդեցին, որ

դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան – Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ – Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս, Գավառ – Մարտունի ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 Անկախ

Աղքատության ճիրաններում

աղքատությունԱզգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) վերջերս հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ներկայացված է 2008-2012 թթ. Հայաստանի աղքատության պատկերը:

Ըստ այդմ` 2012 թ. Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմել է 32.4 տոկոս. այսինքն` Հայաստանի ազգաբնակչության ամեն երրորդ մարդը եղել է աղքատ: Նրանցից 13.5 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.8 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2012-ին աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատների թիվը` 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թիվը` մոտ 85 հազար մարդ:

Ընդ որում` 2008 թ. հետ համեմատած` աղքատության մակարդակն աստիճանաբար աճել է: Այսինքն` 2008 թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, ստորին ընդհանուր գիծ` 24 հազար  388 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 29 հազար 903 դրամը:

Այդ զեկույցի թվերը համեմատելիս պարզ է դառնում, որ սկսած 2008-ից` Հայաստանում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 2011 թ. (ըստ ԱՎԾ թվերի): Աղքատության մակարդակը 2008 թ. եղել է 27,6 տոկոս, այնինչ արդեն 2009 թ. կազմել է 34,1 տոկոս ու շարունակել է աճել` 2010 թ. հասնելով 35,8 տոկոսի: 2011-ին աղքատության մակարդակը նվազել է` կազմելով 35 տոկոս:

Աղքատության մակարդակի աճը ԱՎԾ-ում պայմանավորում են տնտեսության խորը` 14,1 տոկոսանոց անկմամբ:

2008 թ. նկատմամբ 2012 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը բարձրացել է ` 1.8 անգամ: Շատ աղքատների  թիվն այդ ընթացքում ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ընդհանուր աղքատության թիվը` 17.4 տոկոսով:

2008-ից հետո` մինչև 2011 թ., աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում աճել է  շուրջ 250 000 հոգով`  2011 թ. կազմելով մոտ 1.1 միլիոն մարդ: Իսկ 2012 թ., ինչպես նշում է ՀՀ ԱՎԾ-ն, աղքատների թվաքանակը նվազել է շուրջ 30 000-ով` կազմելով մոտ 980 000 մարդ: ԱՎԾ-ն այս երևույթը փորձում է պարզաբանել տնտեսական աճով:

2012 թ. աղքատության խորությունը գնահատվել է 5.6 տոկոս`  2008 թ. 5.1 տոկոսի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6 տոկոս`  2008-ի 1.4 տոկոսի համեմատ:

Ըստ ԱՎԾ զեկույցի` Հայաստանում աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվում 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամը և աղքատության վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամը: Այսինքն` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ` նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:

Ահա առաջ են գալիս մի շարք ուշագրավ հանգամանքներ: Նույն ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2012 թ., միջին ընթացիկ քաղաքային գներով, մեկ շնչի համար ամսական կտրվածքով, կազմել է 45 հազար 212,5 դրամ, որից միայն նվազագույն պարենային զամբյուղը` ամսական կտրվածքով, կազմել է 25 հազար 548 դրամ: Այսինքն` այն նվազագույն գումարը, որ պետք է մարդը ծախսի մեկ ամսում սնվելու համար` եղել է 25 հազար 548 դրամ, իսկ ընդհանուր նվազագույն ծախսերը` 45 հազար 212 դրամ: Եթե համեմատում ենք  նվազագույն սպառողական զամբյուղը` աղքատության վերին շեմի հետ, ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր. այսինքն` ըստ պաշտոնական մոտեցման, այն մարդը, որը ամսվա կտրվածքով ծախսում է, օրինակ, 37 հազար 50 դրամ կամ ունի այդքան եկամուտ, այլևս աղքատ չի համարվում: Ու հարց է ծագում` եթե նվազագույն ծախսերը 45 հազար են, ապա ամսական 37 հազար 44 դրամից մինչև 45 հազար դրամ ծախսող քաղաքացին աղքա՞տ է, թե՞ ոչ: ԱՎԾ-ն ասում է` ո՛չ: Բայց տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդն ի վիճակի չէ կատարելու իր համար նվազագույն հաշվարկված ծախսերը, ուրեմն աղքատ է: Համենայն դեպս, նորմալ երկրներում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկում են նաև հասկանալու համար, թե քանի մարդ ի վիճակի չէ այդ զամբյուղին համապատասխ ծախսեր կատարել, ու այդ մարդիկ համարվում են աղքատ:

Բայց դա էլ դեռ մի կողմ: Ըստ նույն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման` Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմում են 2 մլն 260 հազար 800 մարդ: Այիսնքն` այդքան մարդ աշխատունակ տարիքում է` դեռահասությունից մինչև կենսաթոշակային տարիք: Չնայած այդ ցուցանիշը 2010 թ. համեմատ էլի անկում է ապրել շուրջ 130 հազար հոգով, բայց նույնիսկ այդ պայմաններում այդ 2 մլն 260 հազար մարդուց միայն 1 մլն 418 հազար 300 հոգին են տնտեսապես ակտիվ, որից 1 մլն 172 հազարը  տնտեսությունում զբաղվածներն են, իսկ 2456 հազար 500 հոգին` գործազուրկները: Աշխատանքային ռեսուրսների մնացյալ հատվածի վերաբերյալ, բացի զբաղվածներից ու գործազուրկներից, մնացած 842 հազար մարդու մասին  տվյալներ չկան:

Այստեղ էլ բավականին ուշագրավ իրողություն Է արձանագրվում.  պաշտոնապես գործազուրկների թիվը մոտ 3-4 անգամ ավելի փոքր է, քան աղքատների թիվը: Այս դեպքում ստացվում է, որ մարդիկ աշխատում են, բնականաբար` դրա դիմաց ստանում որոշակի աշխատավարձ, եկամուտ և այլն, բայց միևնույն է, չեն կարողանում հաղթահարել աղքատությունը:  Սա դեռ միայն պաշտոնական թվերով: Իսկ իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե Հայաստանում այդ թվերի իրական մեծությունը որն է:

Բայց խնդիրը նույնիսկ սա էլ չէ, այլ այն, որ իրեն սոցիալական երկիր հռչակած ցանկացած պետություն, ինչպիսին  նաև Հայաստանն է, նման պատկերից, մեղմ ասած, պետք է ամաչի: Ու եթե մի որևէ նորմալ երկրում, նույնիսկ պաշտոնական թվերով, մարդիկ աշխատում են, սակայն չեն կարողանում հաղթահարել աղքատությունը, հիանալի առիթ, որ այդ երկրում որևէ մեկը գոնե կառավարության հրաժարականը պահանջի, այն դեպքում, երբ կառավարությունն ինքնուրույն հրաժարական չի տալիս:

Իսկ մեր կառավարությունը հրաժարական չի տալիս: Նույնիսկ ավելին` հաջորդ տարվա բյուջեի նախագիծ է ներկայացնում, որում մեծացնում է բյուջետային մուտքերի չափը, սակայն ոչ ստվերի կրճատման հաշվին: Դրա համար, ինչպես գիտենք, նշում են, թե մուտքերի ավելացումը նախատեսվում է ապահովել տնտեսական աճի միջոցով: Սակայն ի՞նչ տնտեսական աճի մասին կարող է խոսք լինել, եթե ընդամենը 3 միլիոնանոց (սա էլ խիստ վերապահումով,էլի պաշտոնական թվերով) շուկայի մեկ երրորդը աղքատ է:

 

 Գևորգ Ավչյան

Անկախ

 

Հաշմանդամ միայնակ տարեց կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

«Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակտարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ենհարևանները:

Ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրման ժամանակ մեր կազմակերպությունը առավելապեսուշադրության կենտրոնում է պահում վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: «Շիրակ կենտրոնի»աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին ԳյումրուՍավոյան փողոցին հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, պետության կողմից բնակարան ստանալուիրավունքից զրկված Ելենա Ալավերդյանին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

ձյան  արգելափակումիԴեկտեմբերի 12-ին, ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դեկտեմբերի 12-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյանի թիվ 2 գերեզմանոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և առանց վառելիքի:

Փրկարարները ավտոմեքենայի ուղևորներին տեղափոխել են մոտակա բնակավայր:

Դեկտեմբերի 12-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 10 ՍԼ 062 և «ՎԱԶ-0710» մակնիշի Լ 4832 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են նաև չդադարող ձյան պայմաններում

Ձյան մաքրման աշխատանքներԴեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ: Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները: Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ներգրավված աշխատակիցները: Ընդհանուր թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվել՝ առատ տեղումների հետևանքները հնարավորին արագ վերացնելու համար: Աշխատանքների համակարգումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի անմիջական վերահսկողության ներքո, ով տարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել է քաղաքապետին: Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ 640խ/մ ավազ։ Աշխատանքները շարունակվում են: Վաղ առավոտից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավվում են նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ո՞վքեր են համարվում շրջանառության հարկ վճարողներ

հարկ«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին) 4 հոդվածում թվարկվում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր հիշյալ օրենքի իմաստով համարվում են շրջանառության հարկ վճարողներ:

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում ստորև սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները:

Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները:

Օրենքի նույն հոդվածում նշված է նաև այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ: Դրանք են`

1) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով,

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները,

3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,

4) առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե`

ա. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

գ. առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

5) երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձինք, եթե նրանց ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը,

6) համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

Հարկ վճարողները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով:«Շրջանառության հարկի մասին» ՀՀօրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Գյումրեցիներն այսուհետ աղոթելո՞ւ են

գյումրի,ձմեռԱրդեն երեք օր է Գյումրու փողոցներն ու մայթերը բազում անհարմարություններ են պատճառում վարորդներին ու հետիոտներին. քաղաքը ձնից ու սառույցից չի մաքրվում, իսկ քաղաքապետին դա զայրացնում է:

Թեև ձմեռն ու ձյունն օրեր առաջ են հաստատվել Գյումրիում, սակայն արդեն քաղաքը կանգնած է մեծ խնդրի առաջ` ինչպես մաքրել: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը վստահեցնում է` իրենք աշխատում են գիշեր ու ցերեկ, ոտքի են հանել ամբողջ տեխնիկան ու աշխատուժը, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատանքներում շոշափելի արդյունքներ ունենալ:
IMG_1580“Հիմնական պատճառը ցածր ջերմաստիճանն է, որ ձյան, սառույցի շերտը շուտ չի հեռանում: Գիշերները ջերմաստիճանն իջնում է մինչև -20, իսկ ցերեկները -6-ից չի բարձրանում: Մասնագետների հետ խորհրդակցել եմ, և աղն ու ավազը հիմնականում սկսում են աշխատել, երբ ջերմաստիճանը -5-ից բարձր է` -3,-2: Իսկ դրանից ցածր պայմաններում աղի օգտակարությունը զրոյանում է”, – ասում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Այժմ փողոցներում նույնիսկ 3 անգամ ավազ է շաղ տրվում, իսկ խաչմերուկներում նաև աղ ցանվում, բայց սառույցից ազատվել չի լինում: Ձյան ու սառույցի տակ է նաև կենտրոնական հրապարակը, որն ամեն տարի մաքրվում էր առաջնային կերպով: “Ես մտավախություն ունեմ, որ ինչ պաշարել էինք, եթե հանկարծ եղանակն այս տեմպով շարունակվի, չի բավարարի և անհրաժեշտություն կլինի նոր քանակ ապահովել: Դրանում խնդիր չկա, իհարկե: Եթե նույնիսկ մեկ օր ջերմաստիճանը +1 լինի, հավատացած եղեք, որ մենք քաղաքը կմաքրենք և փողոցներն անմիջապես կբացվեն”, – վստահեցնում է պատասխանատուն:
Կոմունալ բաժնի սանմաքրման աշխատակիցներն այսօր բահերով ջարդում էին կանգառների սառցաշերտերը, քիչ թե շատ անցանելի են կենտրոնական հատվածների մայթերը. այստեղ էլ դեռ կուտակված են մնում սառցի քանդոցները. “Խնդիրն այն է, որ մենք չունենք ձյուն բարձող մեքենա, իսկ եղած մեքենաներն էլ հազիվ հասցնում են ավազ շաղ տալու աշխատանքները”, – ասում է Կ.Մանասյանը:
Իսկ որն է ելքը, ինչ անել հարցերի շուրջ կատակում` պետք է աղոթել, որ ջերմաստիճանի բարձրացում լինի:
Քաղաքի փողոցներն ամբողջությամբ անանցանելի են դառնում հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, երբ ցուրտը սաստկանում է. գյումրեցի վարորդներն անգամ հասցրել են անեկդոտ հորինել` “Ճանապարհային ոստիկանությունն ու Գյումրու քաղաքապետարանը հայտնում են, որ քաղաքի բոլոր ճանապարհները հեշտասահ են”:

Արամի փողոցի աղմկահարույց գործով «Գապբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման

 Արամի փողոց,բազմաբնակարան շենքԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող  ամբաստանյալ  Գագիկ Պապոյանին այսօր դատապարտեց 9 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն:   Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:    Դատավճռով ամբաստանյալից պետք է  բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը:   Նշենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր  ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման:    Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:   Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ՝ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:   Գործով որպես մեղադրյալ ներգրավված էր նաև Սիմոն Աղազարյանը, որի մասով գործի վարույթն առանձնացվել ու կասեցվել էր՝ Ս.Աղազարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:   Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի նա «ռիսկային, նյարդա-հուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:Լուսանկարը՝ Hetq.am-ի:

Անկախ

Առաջիկա օրերին ձյուն կգա

ձյուն, մերկասառույցՈւշադրություն,ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ին, 13-ին հանրապետությունում սպասվում է ձյուն,առանձին հատվածներում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք,ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.70C

Անկախ

Ի հայտ են գալիս նոր խաբվածներ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 18.30-ին, 1982 թ. ծնված Համբարձում Ս.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է Կարեն անունով երիտասարդին, որը օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով օգոստոսի 20-ին խաբեությամբ իրենից վերցրել է 50.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

***
Նույն օրը, ժամը 20.30-ին, համանման հարցով նշված գծային բաժին է հրավիրվել 1977 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հաղորդում է տվել, որ նույն Կարենը իրեն բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից վերցրել է 20.000 դրամ, իսկ մնացած 30.000 դրամը պայմանավորվել են հանձնել մեկ օր անց: