Կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.99 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.99 դրամ:

Պատասխանատու ֆինանսավորումը` որպես սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական միջնորդության ավելացման երաշխիք

կբՀՀ կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  կազմակերպվել է «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի (BAFin), Համաշխարհային բանկի (WB), միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներ,  ֆինանսական համակարգի այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման մասնակիցները մեծապես կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները` շեշտելով վերջինիս դերը՝ որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման և ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր ու արդիական նախապայման:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական, ճշգրիտ, էական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման գործընթացներին:

«Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» խորագրով միջոցառումը իրականացվում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը:

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Տարածաշրջանը եռացող կաթսա է, իսկ Հայաստանը` այդ կաթսայի կափարիչը». քաղաքագետ

Levon-Shirinyan (1)Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում բավականին կարևոր ու բուռն զարգացումներ են նկատվում: Այդ ակտիվությունը, սակայն, բացի մեկ–երկու արտահայտությունից ու մտահոգությունից, չի վերածվում երկրի ներքաղաքական կյանքի աշխուժացման` քաղաքական բանավեճերի ու գործընթացների ուժգնացման: Թե ինչու է այդպես, փորձեցինք քննարկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:

– Պարո՛ն Շիրինյան,Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական ասպարեզներում լուրջ զարգացումների ու գործընթացների ենք ականատես լինում, սակայն Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես անտարբեր է և իրավիճակին համարժեք չի արձագանքում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Իշխանությունները ստեղծում են երկրի տեղաշարժի մի վիճակ, ու դրան ընդդիմացողներ էլ պետք է լինեն: Բայց մեծամասնության մեջ այս հարցի կապակցությամբ վեճ չկա. վեճն արտաքին է: Հիմա ներքին  քաղաքական կյանքն ավտորիտար ռեժիմի դասական օրինակ է դարձել, տնտեսությունը կիսակենդանի է կամ կիսամեռ, որի քաղաքական կյանքը բացարձակ մենիշխանական համակարգի է վերածվել` Հանրապետական կուսակցության բացարձակ գերիշխանությամբ, ընդդիմությունն էլ հոգնած, բեզարած է. այսպես ասեմ` ՀՀ ընդդիմության ղեկավարությունը, առանց բացառության, էրոզիայի է ենթարկվել. չկա նոր գաղափար, նոր ձգտում, և ամենակարևորը` ժողովրդի մեջ վստահությունը չկա: Դա էլ ստեղծում է մի տարտամ վիճակ: Ժողովուրդն էլ խիստ անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Որովհետև քանի տարի է` անընդհատ տեսնում է ինչ-որ հույս, իբր փոփոխության տեսլական, բայց հուսախաբ է լինում, և այդ վիճակը տարիների ընթացքում մարդկանց մեջ առաջացրել է անտարբերություն իր շուրջն ընթացող գործընթացների հանդեպ: Անշուշտ, դա վատ բան է, բայց այդպես է:

– Կխնդրեի ավելի մանրամասն ասել, թե դա ինչ վտանգներ է պարունակում:

– Երկիրը չի զարգանա: Ճիշտ է, թվում է թե կուսակցությունները շատ են, և թվով իրականում շատ են, ավանդական կուսակցություններ կան` հզոր լոզունգներով, բայց նրանք սնամեջ են դարձել: Կա մի ՀՀԿ կուսակցություն, որը տեր ու տնօրեն է բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում` թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքական կյանքում: Իսկ դա երկրի զարգացում թույլ չի տալիս: Ժողովրդի անտարբերությունը հետաքրքիր ցուցիչ է: Այդ անտարբերությունը գալիս է այդ վիճակից. ժողովուրդը չի տեսնում հույսի որևէ կետ և համակերպվում է իր վիճակին ու շարժվում առաջ: Եթե վերլուծենք, ապա չկա բանվոր դասակարգ. ամբողջությամբ լյումպենացած է այդ դասակարգը, գյուղացիությունը հազիվ քարշ է գալիս` իր  չարչարանքների մեջ տառապելով, հարկերի բեռը շալակին, մտավորականությունն էլ 20 տարի է, ինչ օրվա հացի հարց է լուծում, իսկ երիտասարդությունը տեսնում ենք` քաղաքական ինչ ակտիվություն ունի: Նման իրավիճակում ինչպե՞ս կարող է տեղաշարժ լինել:

– Իսկ ի՞նչ է պետք անել հիմա:

– Ավտորիտար ռեժիմը միայն մեզ մոտ չէ, բայց մեզ մոտ, քանի որ պատերազմական վիճակում ենք, դա սուր է արտահայտվում: Ավտորիտար ռեժիմը երկու հատկություն ունի. նրա քաղաքական ղեկավարը, հիմնական դերակատարը մեզ մոտ նախագահն է: Նա կարող է երկիրը տանել վերածննդի ուղիով, որովհետև ավտորիտար ռեժիմի մոբիլիզացիոն ռեսուրսը շատ մեծ է և դիմադրողները շատ քիչ կարող են լինել, կամ էլ կարող է նույն վիճակով շարունակել, ինչն այսօր մեզանում է կատարվում:

Դրա համար դասական իմաստով բոլոր երկրներն էլ, որոնք փորձել են զարգանալ, նման վիճակներում նման քայլեր արել են: Երկրի քաղաքական ղեկավարությունն արդիականացման` մոդեռնիզացիայի ծրագիր է մշակում, հրամցնում է հասարակությանը` անկախ այն հանգամանքից` օպոզիցիոն կուսակցությունները դա հասկանում են, թե ոչ, դա նրանց համար շահավետ է, թե ոչ: Որովհետև օպոզիցիան իր տաք վիճակին սովոր է. խորհրդարանում խոսում է, աշխատավարձը ստանում ու իր շարժիչի դերը չի կարողանում կատարել: Հիմա այս վիճակում նախագահը կարող է առաջարկել մի արդիականացման ծրագիր տնտեսության համար, երկրի քաղաքական կյանքի համար, հոգևոր-մշակութային ոլորտի ու սոցիալական բարեփոխումների համար և իր մոբիլիզացիոն ուժով երկիրը տանել զարգացման: Նման օրինակներն աշխարհում շատ-շատ են: Մի բարդություն կա. տվյալ պարագայում նախագահը պետք է իր շրջապատը հարմարեցնի այդ վիճակին, արդիականացնողների, համախոհների թիմ ստեղծի, որոնք երկիրը կտանեն վերափոխման: Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքական դեմքերը տասնյակ տարիներով չեն փոխվում: Բայց կարծում եմ, որ մի ժամանակ կգա, որ այդ իրավիճակին կհանգենք:

– Բայց Հայաստանում Ձեր նշած մոբիլիզացիոն ուժի դրսևորումներ  չեն նկատվում:

– Այո, դա քաղաքական ղեկավարության պատասխանատվությամբ է պայմանավորված: Այն երկրներում, որտեղ ընդդիմություն կա, այդ գործն օբյեկտիվորեն ընդդիմությունն է անում, իշխանությանը պարտադրում է քաղաքական կուրս: Հիմա մենք մեր ընդդիմությունը, որոշ մարդկանց բացառությամբ, կարող ենք համարել «նորին մեծություն նախագահի ընդդիմություն»: Ու այս պայմաններում նախագահը պետք է ստանձնի երկրի արդիականացման ու վերափոխման պարտավորությունը, ինչպես 1960-ական թվականներին Ֆրանսիայում Շառլ դը Գոլն արեց: Այդ ժամանակ Ֆրանսիան էլ խեղդվում էր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ճահճի մեջ: Ես կարծում եմ, որ նախագահի համար սա պետք է ընկալելի դառնա, և նա ինքնուրույն դա անի: Չինաստանի կոմկուսը դա պարբերաբար անում է: Այլապես այդ լճացումը կշարունակվի:

– Բայց Ձեր նշած մոդեռնիզացիայի  նախադրյալներն էլ չեն երևում:

– Սուբյեկտիվ գործոնի հարց է: Եթե նախագահը չի ուզում իր միջավայրը փոխել, ապա լճացումը կշարունակվի: Մեզ մոտ վատն այն է, որ ժողովրդի կրիտիկական զանգվածի հատվածն արդեն իրեն սպառել է: Հավանաբար, այս քանակի ժողովուրդն այլևս նախաձեռնության ընդունակ չէ: Սա ենթադրություն է, որովհետև կրիտիկական զանգվածը գոյանում է նույնիսկ առանց ընդդիմության ու տարերային բունտերի է հանգում: Կամ կա մեկ այլ տարբերակ, որը արտաքին գործոնի հետ է կապված, երբ, Աստված չանի, արտաքին ուժն է միջամտում և քաղաքականություն պարտադրում: Եթե մենք լինեինք այնպիսի երկիր, ինչպիսին Իսրայելն է, և ունենայինք այնպիսի բարեկամ, ինչպիսին ԱՄՆ-ն  է, կարելի էր նույնիսկ ենթադրել, որ այդ արտաքին գործոնը շատ լավ բան է երկրի ներքին կյանքը աշխուժացնելու համար: Բայց մենք այդ բարեկամը չունենք, և այդ միջամտությունները մեզ համար կարող են աղետաբեր լինել: Ուստի, այդ նորացողների խումբը` նախագահի գլխավորությամբ, պետք է երկիրը տեղից շարժի` ավտորիտար ռեժիմից անցում կատարելով դեպի ժողովրդավարություն, բայց ավելի շատ` դեպի կազմակերպված հասարակություն: Նախագահը պետք է իմանա, որ այսպիսի ուռճացած ապարատն ի վիճակի չէ երկիր կառավարելու, քանի որ շատ է ուռճացել ու ինքնաբավ դարձել` ինքն իրեն սպասարկող համակարգի վերածվելով, բարեկամ-հարազատներին աշխատանքի ընդունելով: Մեկ այլ ելք էլ եմ տեսնում. հանկարծ միջազգային ճգնաժամ չլինի, որը կարող է մեզ խփել, և հանկարծ խոշոր տերությունների կողմից արտաքին միջամտության ցանկություն չառաջանա, որը մեր պարագայում բացառված չէ, քանի որ մեր տարածաշրջանը եռացող կաթսա է, Իսկ մենք այդ եռացող կաթսայի կափարիչն ենք:

– Կափարի՞չն ենք, թե՞…

– Մարդիկ դրան չեն հավատում, բայց ի՞նչ է, չե՞ք տեսնում` Ռուսաստանը պատերազմ է մղում Հայաստանի համար, Եվրոպան կպել ու պոկ չի գալիս մեզնից: Եթե Հայաստանի արժեքն այդքան ցածր է, ապա ինչո՞ւ է նման կատաղի մրցակցություն ընթանում Հայաստանի շուրջ: Սա պետք է գիտակցեն: Սա պատմական շանս է: Այդպիսի դեպքեր եղել են նաև Թուրքիայում 1920 թ.: Այն ժամանակ Աթաթուրքը մաքրեց իր միջավայրը, ու երկիրը սկսեց ընթանալ իր ուզած ճանապարհով:

– Սովորաբար նման իրավիճակներում, երբ ընդդիմությունը թույլ է, հասարակությունը պասիվ է, իշխանություններն էլ փոփոխությունների նախաձեռնություն չեն դրսևորում, առաջանում են նոր, ավելի ծայրահեղ, ավելի հանդուգն քաղաքական շարժումներ, հոսանքներ, ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժեր, նոր լիդերներ և փորձում են շարժման մեջ դնել ճահճացած համակարգը. Հայաստանում այդպիսի սցենարի հավանականություն կա՞:

-Դա հնարավոր է, բայց մենք ժամանակ չունենք: Մեր երիտասարդությունը նկատելի բունտարար չէ: Պետք է բոլորս հստակ հասկանանք, որ երկիրը ժամանակ չունի: Ադրբեջանը նավթադոլարներով է հզորանում, Վրաստանի թևութիկունքը Եվրոպան ու ԱՄՆ-ն են, Թուրքիան աշխարհի 18 արագ զարգացող երկրներից մեկն է, ու իր առջև նպատակ է դրել առաջիկա 10-ամյակում մտնել տասնյակի մեջ: Պետք է մտածել, որ դա հնարավոր կարող է լինել: Իրանն էլ Արևմուտքի հետ խաղերի մեջ է, փորձում է մերձենալ ու յոթ մղոն առաջ կնետվի զարգացման ճանապարհին, եթե այդ մերձեցումը ստացվի: Այսինքն` այդ դեպքում մենք մնում ենք այս ճահիճի վիճակում:

– Այսինքն` այդ լոկոմոտիվային ուժի ի հայտ գալու համար հարմար պահը հասունացել է, բայց ժամանակ չկա՞:

– Ոչ, չի հասունացել: Երիտասարդությունը պետք է հասունանա, զարգանա: Որովհետև երկիր վերափոխելը սովորական բունտ, բողոքի ակցիաներ անել չէ: Քաղաքական հասունություն պետք է լինի: Դրա համար 5-10 տարի է պետք, մինչդեռ մենք չենք կարող այդքան սպասել: Բայց կրիտիկական զանգվածը, կարծում եմ, հասունացել է: Նախագահը պետք է վերջիվերջո իր խոսքն ասի: Կանի թե ոչ` ինքը գիտի, բայց պետք է անի: Դրա համար հասարակական պահանջ պետք է ներկայացվի, ու այստեղ շեղող հանգամանքներ չլինեն: Ասում ենք` քաղաքացիական հատվածն իր գործը կանի: Բայց քաղաքացիական հատվածը կռիվ է տալիս մեկ այս բնակարանի համար, մեկ այն խանութի դեմ, մեկ այն օլիգարխի դեմ: Այսինքն` նա ընդհանրապես ի վիճակի էլ չէ լուրջ փոփոխություններ անելու, ու միայն նախագահը կարող է այդ վերափոխումներն անել: Իսկ դրանից հետո նա հանգսիտ կարող է թոշակի գնալ` մնալով պատմության մեջ: Հիմա Հայաստանում շատ մեծ դիմադրություն չի լինի, քանի որ ժողովրդի դիմադրողականության ռեսուրսը, այսինքն` այն հատվածը, որ պետք է ընդվզի, առանձնապես մեծ չէ: Ու նախաձեռնող երիտասարդությունն այդ դեպքում կկպչի գործին:  Մի բան էլ. նախագահը պետք է անպայման գնա տնտեսությունը քաղաքականությունից անջատելու ճանապարհով:

Չեմ կարծում, թե նպաստել եմ, որ մեր քաղաքացին իրեն գոնե արժանապատիվ զգա. Զարուհի Փոստանջյան

Զարուհի-ՓոստանջյանՔիչ առաջ ԱԺ-ում Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին օրինագծի շուրջ ամփոփիչ ելույթներ ունեցան խմբակցությունների  ներկայացուցիչները: ՕԵԿ-ը կողմ է նախագծին: ԲՀԿ-ն դեռ կքննարկի: ՀԱԿ-ի դիրքորոշումը դեռ պարզ չէ, Դաշնակցությունն  առհասարակ ելույթ  չունեցավ, իսկ «Ժառանգություն»  խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր խոսքում շեշտեց, որ «Ժառանգությունը» կողմ կքվեարկի միայն այն դեպքում, եթե քաղաքական էլիտայի աշխատավարձերի հարցը դուրս հանվի այս նախագծից. «Ի՞նչ ենք մենք անում: Պատգամավորը պետք է կարգ ու կանոն հաստատի, բայց մեր գործունեության ընթացքում մարդիկ ավելի են  հիասթափվում, սա նշանակում է, որ լավ չենք աշխատում: Ես, մյուս պատգամավորները, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, մենք բոլորս  ձախողել ենք մեր գործը: Ամեն օր քաղաքացին չի զգացել, որ մենք բարոյական կերպար ենք, որ մենք իր իրավունքներն ենք պաշտանում:  Ամեն օր մեզանից միայն դժգոհում է, իսկ հիմա լսում է և գիտակցում, որ իր կյանքը չի բարելավվելու, իսկ մենք անբարոյական ենք: Այո, ես չեմ կարծում, թե նպաստել եմ, որ մեր քաղաքացին իրեն գոնե արժանապատիվ զգա», – ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ոստիկանները հայտնաբերեցին երթուղայինում գողություն կատարողին

ձերբակալելՀոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով:
Ոստիկանության ծառայողները պարզել են տուժողի անձը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 4-5, 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ`• Օդի առավելագույն ջերմաստիճան  26.70C (1922 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -4.20C (1945 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  11.50C

Նոյեմբերի 4-ից հանրապետության ավտոճանապարհներին նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ (Կոտայքի մարզ, Զովունի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
4. Հ-5 «Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Կոտայքի մարզ, Նոր Գեղի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Երբ ուսուցիչս հարցնի, թե ինչու չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում էես չեմ կարողանա պատասխանել նրա հարցին.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱյսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն բառերով տեղում մեխեց ողջ խորհրդարանը՝ ցույց տալով ընդունվող օրինագծերի ողջ

խեղկատակությունը.՛՛Սինվոլիկ է, որ Զբաղվածության և Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին երկու օրենքները
քննարկում ենք իրար հետևից: Գործազրկության նպաստը Հայաստանում 18000 դրամ է: Հակոբ Հակոբյանը, որ զեկուցող էր երկու օրենքների
դեպքում էլ, մի ճիշտ արտահայտություն արեց՝ անբարոյականություն է այդքան նպաստ առաջարկել գործազրուկներին: Եվ ինչպե՞ս լուծեցինք այդ
բարոյական թնջուկը, բռնեցինք և վերացրեցինք այդ նպաստը: Բառացիորեն ժամեր անց քննարկվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց
աշխատավարձերի բարձրացման հարցը: նրանք այն մարդիկ են, ովքեր խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, և միայն այդ
պատճառով է, որ Հայաստանի համար աղետալի է եղել իրենց պաշտոնավարման ժամանակը:
Այս օրենքով նախատեսվում է ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրացնել ընդամնենը 4,7 տոկոսով, այսինքն, մանկավարժների աշխատավարձի ու
գիտության և կրթության նախարարի աշխատավարձերի տարբերությունը կավելանա, և կստացվի, որ ուսուցիչը նախարարից պակաս է ստանում 5,3
անգամ: Եթե նկատի ունենանք կուտակային համակարգի մուտքը, ապա ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ չկա:
Այս օրենքով հաշմանդամների թոշակն էլ է ավելանալու: Նրանք ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավել թոշակ՝ 19000 դրամ:
Երեսուն տարի այս երկրի համար աշխատած մարդու թոշակը չի հերիքելու անգամ պարենի գնելու համար: Այս մարդիկ նրանք են, ովքեր
տարիներով սպասում են, թե երբ է քաղաքական էլիտան լուծում տալու իրենց խնդիրներին, իսկ վերջինը վերցնում ու որոշում է
բարձրացնել իր աշխատավարձը: Սա ցինիզմ է արտագաղթի, հուսահատության ու աղքատության ֆոնին: Ես շեշտում եմ, որ սա ցինիզմ է, և
նրանք, ովքեր խոսքերս կդիտարկեն պոպուլիստական, կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ինչի՞ համար պետք է բարձրանա նախագահի
աշխատավարձը. Եվրոպաներում ու Ռուսաստանում Հայաստանի վարկը ծաղրելո՞ւ համար: Ինչու՞ պիտի բարձրանա պետական այն պաշտոնյաների
աշխատավարձը, ովքեր համրի նման հետևել են, թե ինչպես են ոչնչացվում մեր մշակութային արժեքները: Ինչքա՞ն պետք է դեռ բարձրանա այդ թիվը,
որ նրանք բռնեն ծածկած շուկան քանդողի ձեռքից: Ցածր աշխատավա՞րձն էր հետ պահում անել դա:
Ինչու՞ պետք է բարձրանա պատգամավորի աշխատավարձը: Հիշատակեք մի դեպք երբ ռեալ դարմանել ենք երկրից փախչողի ցավը:
Չնեղանաք՝ պիտի ասեմ: Լավ է, որ մեր աշխատավարձերն այս օրենքով կառավարության թղթերը դակողի աշխատավարձի տոկոսով չի նախատեսվում
ավելացնել, ինչը շատ էլ լավ կլիներ, քանի որ մենք միայն դա ենք անում՝ ինչ բերում են, դակում ենք ու դարձնում օրենք՛՛, – ասաց Նիկոլ
Փաշինյանն ու հիշեց հայտնի խոսքը՝ Շուրա, իսկ որքա՞ն է Ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար, ապա ասաց, որ, փաստորեն, պատգամավորի
դեպքում երջանիկ լինելու համար 320000 դրամ էր պակասում: Այնուհետև անդրադարձավ արդեն մեկ անգամ եղած նման փորձին.
՛՛Հինգ տարի առաջ անկախ դատական համակարգ ունենալու համար բարձրացրեցինք դատական համակարգի աշխատողների աշխատավարձերը:
Եվ ի՞նչ՝ հիմա ունե՞նք անկախ դատարան՛՛:
Վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր խոսքերը պոպուլիստական չեն և դիմեց այդ որակումը տվող ընդդիմադիր պատգամավորներին.
՛՛Իմ համեստ պատկերացմամբ, ընդդիմություն լինելով, չեն գնում ու կողմ քվեարկում զինդատախազի, ով պարտակեց Տիգրան Խաչատրյանի գործը:
Ես չեմ կարող կողմ քվերակել այս օրինագծին և դրա համար ունեմ երեք հիմնավոր պատճառ: Առաջին. վաղը, եթե փողոցում հանդիպեմ երեսուն
տարվա իմ ուսուցչին, և նա ինձ հարցնի, թե ինչու՞ չի ստանում բավարար թոշակ, երբ իմ աշխատավարձը կրկնակի բարձրանում է, ես չեմ
կարողանա պատասխանել նրա հարցին: Պետական պաշտոնյանի աշխատավարձը չի կարող տոկոսային առումով ավել բարձրանալ, քան հաշմանդամի
ու ուսուցչի աշխատավարձը: Երկրորդ՝ չեմ կարող կողմ լինել, որ բարձրանա այն խմբի աշխատավարձը, ում 70 տոկոսը ներգրավված է
քաղաքական հետապնդումների ու ընտրությունները կեղծելու գործում: Եվ վերջապես՝ չեմ կարող կողմ քվերակել Սերժ Սարգսյանի, Տիգրան
Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը բարձրացնել նախատեսող օրինագծին, քանի որ դա կնշանակի, որ նրանք արժանի են դրան,
մինչդեռ իրականում նրանք արժանի են անհապաղ պաշտոնանկության լավագույն դեպքում՛՛:

 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՍ․թ․ հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին:

Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև 2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը.

Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներԶգուշացում զորիբալայաններին

Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.

Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն:

Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի եւ համազգային դատաստանի առջեւ:

 

Արցախյան ազատամարտի դաշտային հրամանատարներ

Վլադիմիր Աղասարյան` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Վահան Բադասյան` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր

Հենրիխ Հակոբյան` Ստեփանակերտի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի (լեգենդար Բեկոր Աշոտի գումարտակ) հրամանատար

Արթուր Սարգսյան` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ժիրայր Սէֆիլյան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ռոմելս Ֆաթյան` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

Տիգրան Սարգսյան,ԵԺԿ,Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթ, ԲրյուսելՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:

Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:

Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը

10794_am_2Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:
Պայմանագիրը ՀՀ վարչապետի ներկայությամբ ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Տիգրան Գևորգյանը և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:
Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության և մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:
Նշենք, որ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն:
Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Լուսանկարը` yerkir.am-ի

Լուսանկարը` yerkir.am-ի

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

– Տիկի’ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ…

– Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

-Տիկի’ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

– Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

– Ինչի՞ կարիք ունեք:

– Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

– Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

– Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

– Տիկի’ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց…

– Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

– Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

– Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

– Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

– Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 Շարունակությունը կարդացեք Yerkir.am-ում

Սամվել Ֆարմանյանը գործընկերներին հորդորում է երկնքից ներքև իջնել

սամվել-ֆարմանյանՊատգամավորները շարունակում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և դրան կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Քննարկման ժամանակ հետաքրքիր ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա նշեց, որ օրինագիծը պարունակում է մի շարք հակասություններ:

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանություն է ընկած նախագծի հիմքում: Եթե ընկած է քաղաքական տրամաբանություն, պետք է հասկանալ, թե ի վերջո ինչ խնդիր է լուծում այս օրինագծով: «Ցավոք, այդ հարցին պատասխան չհնչեց»,-ասաց Ֆարմանյանը:

Ըստ պատգամավորի՝ կա երեք տարբերակ. կա՛մ կառավարությունը դրանով փորձում է լուծել սոցիալական խնդիր, որովհետև պետական պաշտոնյաները աղքատ են, չեն կարողանում լուծել իրենց ընտանիքի խնդիրները, կա՛մ սրանով լուծվում է պետական կառավարման արդյունավետության խնդիր, ըստ որի անարդյունավետ աշխատանքը ցածր աշխատավարձի խնդիր է, և պետք է բարձր վճարվեն, որ անարդյունավետ աշխատեն: Երրորդ տարբերակն էլ այն է, որ պետական ոլորտը մասնավորի համեմատ լինի գրավիչ, որպեսզի մասնավոր հատվածում աշխատտող որակյալ մասնագետները գան պետական համակարգ:

Սակայն Ֆարմանյանը պետական աշխատողների անարդյունավետ աշխատանքի պատճառը բնավ էլ ցածր աշխատավարձը չի համարում, նա գտնում է, որ դրանք խորն են ու բազմաշերտ,  և լուծման ճանապարհին անհրաժեշտ են համալիր քայլեր: «Այս առումով վարձատրության բարձրացումը կլինի պետական միջոցների անարդյունավետ միջոց»,-կարծում է Ֆարմանյանը,-նաև միամտություն ու ինքնախաբեություն կլինի կարծել, որ կոռուպցիան անխախտ գործելաոճ դարձրած պաշտոնյային մեկ միլիոին աշխատավարձ վճարելով՝ դարձի կբերեն»:

Ֆարմանյանը հորդորում է երկնքից իջնել երկիր և ընդունել, որ աշխատավարձերի բարձրացումը կարող է և պետք  է լուծի բացառապես սոցիալական խնդիրներ:

«Անգամ, եթե կառավարության կարծիքով՝ օրենսդրական տեխնոլոգիան անխուսափելիորեն սահմանում է միասնական սանդղակի ամրագրում, երկրում առկա սոցիալական ֆոնին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն անընդունելի է և ոչ արդար»,-կարծում է նա:

Ֆարմանյանն առաջարկում է գոնե պատգամավորերի, մարզպետների, նախարարների վարձատրության նոր կարգը առկախել, ուժի մեջ չդնել, մինչև կգան ավելի լավ ժամանակներ:

«Ես համոզված եմ, որ բոլորդ էլ հոգու խորքում կիսում եք այս տեսակետը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

Այս վերջին մտքին ընդդիմացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Դուրս է գալիս՝ մեզ վրա ճնշում եք գործադրում, պարոն Ֆարմանյան,-ասաց Հովիկ Աբրահամյանը,-եթե հոգու խորքում էդպես են մտածում՝ թող արտահայտվեն: Ես օրինակ, էդպես չեմ մտածում»:

Ողջունում են «Հանրային հեռուստատեսության» նոր եթերային քաղաքականությունը

հանրային«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն արդեն երկու տարի է տարբեր ակցիաների ու միջոցառումների միջոցով բարձրացնում է լայն զանգվածների պահանջները հեռուստատեսության բացի կոմերցիոնից, նաև այլ տիպի գործառույթների իրականացման անհրաժեշոտության վերաբերյալ:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը ողջունում է «Հանրային հեռուստատեսության» նոր եթերաշրջանում ձևավորված եթերային քաղաքականությունը: Վերջապես «Հանրային հեռուստաընկերությունը» սկսում է իրականացնել իր «հանրային» ֆունկցիան և հեռուտաարտադրանք է մատուցում հասարակության տարբեր շրջանակների համար: Մասնավորապես, ծրագրեր են հայտնվել, որոնք բավարարում են հայկական հեռուստաեթերի կողմից վաղուց արհամարված՝ ինտելեկտուալ լսարանի համար: Խոսքը  «Հայադարան», «Արվեստանոց», «Հանրալսարան», «Արվեստակիներ», «Հայաստանի առեղծվածները» ծրագրերի մասին է:

Դրա հետ մեկտեղ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք միտված կլինեն լսարանի պոզիտիվ ինքնության ձևավորմանը: Պոզիտիվ ինքնության առկայության դեպքում անհատի սոցիալական դիրքորոշումները բավարարվածություն են արտահայտում տվյալ էթնիկ խմբին անդամակցելու հարցում, անհատը հպարտանում է էթնիկ խմբի հաջողություններով ու հաղաթանակներով: Նեգատիվ ինքնության ժամանակ հակառակն է՝ սեփական խմբի վերաբերյալ գերակշռում են բացասական սոցիալական դիրքորոշումները, որոնք առաջացնում են տվյալ էթնիկական խմբին անդամակցելուց հրաժարման և ամոթի զգացողություն:

Քանի որ վերջին տարիներին հայկական հեռուստեթերը միտված է նեգատիվ ինքության ձևավորմանը (իր բոլոր բացասական հետևանքներով), առաջարկում ենք ծրագրային քաղաքականության հիմքում ընդունել վերոնշյալ խնդիրների լուծմանը միտված գաղափարներ և ծրագրեր հիմնել:

Հարգանքներով՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնություն

 

 

Վլադիմիր Պուտինի հնարավոր պատասխանը Զորի Բալայանին

պուտին-բալայան«Անկախ»-ը նամակ է ստացել պատմաբան Վահե Սարգսյանից, որտեղ վերջինս ներկայացնում  է, թե ինչպիսին կորղ էր լինել ՌԴ նախագահ Պուտինի պատասխանը Զորի Բալայանի նամակին, եթե վերջինս որոշեր պատասխանել դրան:

Ենթադրյալ պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի Զորի Հայկի,

Ձեր նամակը թերթելով` ես յուրաքանչյուր էջում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտահայտել եք դուք` կապված թուրք-ադրբեջանական վտանգի հետ: Ձեր պատմությունն է երևի ստիպել նամակում արտահայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու ցեղասպանության պատմությունը: Գիտեք, Զորի Հայկի, ինձ այս ամենով հանդերձ` ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նույն Ձեր պատմությունը չի ստիպել Ձեզ` գոնե մասամբ փոխվելու: Էլի նույնն եք, ինչ կայիք, օրինակ, Իսրայել Օրու, Հովսեփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թե Ձեր համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թե Ձեր պատմությունը չապացուցեց, որ հայերիդ պետականությունը վերականգնվեց ոչ թե Օրու, Էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թ. հերոսամարտում ընկած հայ զինվորների արյան հենքի վրա: Կամ, 1991 թ. Արցախն անկախացավ ոչ թե նույն Ձեր կամ Սիլվա Կապուտիկյանի` Մ. Գորբաչովին ուղղված նամակների, այլ` շուրջ 7.000 ընկած հայ ազատամարտիկների շնորհիվ: Հասկացեք, Զորի Հայկի, նամակը կամ բողոքը զենքերի մեջ ամենաթույլն է, և մի մոռացեք, որ Դուք այլևս ունեք պետություն, իսկ մենք` ռուսներս, կայսերական շահեր: Չկասկածեք, որ մեր զինվորները մի օր անգամ չեն մնա Արաքսի ափին, եթե դա չբխի մեր կայսերական շահերից, և հակառակը` մնալու ենք այնտեղ, եթե անգամ Ձեր հայոց հողում բնակվեն 3 մլն սահակաշվիլիներ կամ բայդեններ: Որքան հասկացա` Դուք ռուսական պատմության դասերը լավ գիտեք, հիշու՞մ եք, թե 1722 թ. Պետրոս Մեծն ինչու կես ճամփից հետ վերադարձավ և չեկավ հայերիդ օգնելու, որովհետև կար դարձյալ կայսերական շահը, որից այն կողմ ոչինչ չկա մեր համար: Նույնկերպ մի օր հետ կգնանք Ախուրյանից ու Արաքսից, եթե մեր շահերն այլ տեղ որոնելու լինենք: Նույնկերպ հեռացանք Վանից, Էրզրումից, իսկ Կարս անառիկ ամրոցը պատմության մեջ վերցրել ու հանձնել ենք շուրջ 5-6 անգամ: Ասելս այն է` որ մենք մի օր կանք, մի օր` ոչ: Հայաստանում հավերժականը հայ ազգն է, որի շահերն այսօր համընկնում են ռուսների, վաղը կարող են համընկնել Չինաստանի, Մոնղոլիայի կամ Կամբոջայի շահերի հետ:

Զորի Հայկի, չեմ ուզում անդրադառնալ նամակի այն, ինձ համար ծիծաղաշարժ դրվագներին, որոնցում առաջարկում եք կարդալ մեր պատմությունը և տեսնել մեր հավերժական շահերն Անդրկովկասում: Դուք հիշատակում եք Գյուլիստանի պայմանագիրը: Գիտեք, Զորի Հայկի, իմ մոտ տպավորությունն այն է, որ Դուք չեք գիտակցում Արցախի առավելությունը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչված Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նկատմամբ: Եթե տարբերությունը չեք գիտակցել` ասեմ. Արցախը ներկայումս պաշտպանում է Արցախի Պաշտպանության Բանակը, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի, ուր տեղակայված են ռուսական զորքերը: Ես հիշեցնեմ, որ և’ պետականության կայացման, և’ միջազգային բանակցությունների թոհուբոհում Արցախի առավելությունն այս համատեքստում անքննելի է:

Դուք, Զորի Հակի, կանխագուշակում և զգուշացնում ենք ինձ, որ մի օր թուրք-ադրբեջանցիները կհզորանան, կկլանեն նաև մեր երկրի շատ մասեր, որից սարսափած` ես պիտի պաշտպանեմ ՀՀ-ն ու Արցախը: Հիանալի անգլիական մեթոդ` ուրիշի ձեռքով հանել կրակից շագանակներ: Մի պահ ենթադրենք` ես չգիտեի այդ ամենը և այժմ անցնում եմ գործի, սակայն այստեղ ինձ ապշեցնում եք դարձյալ դուք` հայերդ: Զորի Հայկի, Ձեզ չի հետաքրքրել, թե Դուք ինչու՞ եք հավատում միայն թրքա-ադրբեջանական կողմի հզորացմանը և լուսադեմից մինչ իրիկուն հաշվարկում, թե նրանք հզորանալով ինչեր կանեն: Զորի Հայկի, ինձ շատ հետաքրքիր է, ինչու՞ չեք հավատում Դուք Ձեր ազգի, Ձեր երկրի հզորացմանը: Մի՞թե 90-ականներին ամբողջ Ադրբեջանը ծնկի բերած և արդեն 20 տարի Արցախի անկախությունը կերտող արցախահայությունն ի վիճակի չէ ապագայում ևս տեր կանգնել նրան: Տպավորությունս այն է, որ հայերդ ավելի հրաշալի եք ապրել Ցարական Ռուսաստանի կազմում եղած ժամանակ, քան անկախության տարիներին և այժմ կարոտախտով եք հիշում ցարական երջանիկ տարիները:

Զորի Հայկի, ես լավ գիտեմ իմ գործը, իսկ Ռուսաստանին առաջնորդում են իր շահերը: Այ դուք` հայերդ, լավ չգիտեք ձեր գործը և փոխանակ հզորացնեք ձեր երկիրը, ազատագրված Արցախը, զբաղված եք օտար տերեր ման գալով: Ես ապշեցի. ուղիղ 10 տարի առաջ, երբ կազմալուծված 10 հազարանոց իրաքահայ համայնքից Ձեր հայրենակիցները եկան ոչ թե Արցախի ազատագրված ու բերրի տարածքներ, այլ՝ վերահաստատվեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնվեց 10 տարի անց, երբ 70 հազարանոց կազմալուծված սիրիահայ համայքից նույնպես մատների վրա հաշվվող հայեր եկան Արցախ: Զորի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն մի խոսք կա՝ հողը նրանն է, ով ապրում է այնտեղ, դուք՝ հայերդ, ավելի գերադասում եք ապրել Եվրոպայում, անգամ Ռուսաստանի տայգաներում, քան ձեր հրաշակերտ Արցախում: Այդ է նաև պատճառը, որ անգամ իմ “Հայրենակիցներ” ծրագրի իրագործումից հետո, որը շարունակում է Ձեր երկրից տանել տասնյակ հազարավոր մարդկանց, կրկին հայ գրողների շուրթերից չեն իջնում “Կեցցե Պուտինը” քծնախառն բառերը: Հիշեցնեմ նաև, որ Ձեր կողմից այդքան քննադատված նույն Ստալինը քառասունականներին իրականացրեց ներգաղթի լայնածավալ ծրագիր, որով Սովետական Հայստան եկան հազարավոր սփյուռքահայեր, մարդիկ, որոնց սերունդներն այսօր զանգվածորեն լքում են այդ նույն “երազի երկիր” Հայաստանը: Այսքանից հետո Դուք խոսում եք Նախիջևանի կամ Արևմտահայաստանի մասի՞ն, ծիծաղելի է:

Վերադառնալով մտքիս` նշեմ, որ ձեր ազգի մոտալուտ աղետը ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի հզորացումն է, այլ` ձեր երկրի հզորացման ցածր տեմպերը, Ձեր ժողովրդի` սեփական երկրի ապագայի հանդեպ հավատի բացակայությունն ու դրա բերումով երկրից հեռանալու փաստը: Ելնելով այս, ինչպես նաև` այն հանգամանքից, որ դուք ինձ մի քանի տասնյակ խորհուրդներ էիք տվել, ես ինձ իրավունք եմ վերապահում` խորհուրդ տալ ձեզ. մի նամակ էլ գրեք Ձեր ղեկավարությանը` հիշեցնելով վերջիններիս, որ իրենց ոչ մեկ չի խանգարում, և ոչ մի եվրոպա կամ ասոցացման համաձայնագիր պետք չէ, որպեսզի վերջիններս ստեղծեն իրավահավասար ու արդար երկիր, որտեղ ապրանքների եզակի ներկրողները չեն սահմանի իրենց ուզած գները, վերացնեն կոռուպցիան, մենաշնորհները, ստեղծեն արդար ու անկախ դատական համակարգ: Ահա այս պայմաններում, երբ կունենաք բարեկեցիկ երկիր, կունենաք արտագաղթի մասին մոռացած ժողովուրդ, կունենաք հզոր և պաշտպանված Արցախ, ձեզ` հայերիդ, էլ ոչ մի «Գյուլիստան» կամ «Թուրքմենչայ» պետք չէ:

Գիտեք, Զորի Հայկի, ես գնահատում եմ Ձեր մտավախությունները, գիտակցում նաև այն վտանգը, որը կախված է Ռուսաստանի գլխին, եթե թուրք-ադրբեջանցիները կլանեն Արցախը, ոչնչացնեն Հայաստանը և ձգվեն դեպի Ալթայ: Այդուհանդերձ` ես առայժմ չեմ ցանկանում զորքեր տեղակայել Արցախում: Սակայն եթե հայերդ շարունակեք դատարկել ՀՀ-ն ու Արցախը, և մի օր զգացվի Արցախի պաշտպանության պակաս, ես կմտածեմ այդ մասին: Այդ ժամանակ ֆիզիկապես կլինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրոշի առկայությունը շատ բան կփոխի Ձեր երկրում, Ձեր հոգիներում: Մտածե’ք այս մասին:

Զորի Հայկի, զբաղվեք ոչ թե մեռած ու Ձեր ազգի արժանապատվությունը ոտնահարող պայմանագրերի վերակենդանացմամբ, այլ` կենսատու հարցերով: Ձեր երկրի հզորացման հետ համատեղ, զբաղվեք, օրինակ, Վիլսոնի իրավարար վճռի կենսագործմամբ, Ջավախքի հիմնահարցի արծարծմամբ, որը ձեր ապահով ելքն է դեպի արտաքին աշխարհ և Վրաստանի միջոցով մեզ` ռուսներիս հետ կապի երաշխավորը:

Ի դեպ` նույն Ջավախքում ևս առկա է ձեր կողմից բարձրաձայնվող թուրք-ադրբեջանական վտանգը: Դուք դա նշել եք նաև Ձեր` “Հայոս-Քարթլոս. ավելին, քան լեգենդ է” գրքում: Ես կասեի ավելին. ձեր` հայերիդ, ՀՀ-ի ու Արցախի ապագայի իրական վտանգը Ջավախքի թրքացումն է: Ես որքան հասկացա Ձեր գրքից` Ջավախքում եղել եք 2007 թ.: Խորհուրդ կտամ` գնաք այժմ և տեսնեք, թե ինչեր են անում այնտեղ թուրքերն ու ադրբեջանցիները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում է ինձ: Հավատացած եմ` հավետ կմոռանայիք Գյուլիստանի պայմանագիրը և միանգամից իմ առաջ կհայտնվեր թարմ նամակ-խնդրանք, որպեսզի ես շուտափույթ կյանքի կոչեմ Ադրիանապոլսի պայմանագիրը, որով 1829 թ. ողջ Ջավախքը Թուրքիայից անցավ Ռուսաստանին: Կասկած չունեմ, որ այնտեղ կլինեին այսպիսի տողեր. «Հարգարժան Վ.Վլադիմիրովիչ. 1829 թ. Ադրիանապոլսում կնքվեց հավերժական ժամանակների համար մի պայմանագիր, որով Ջավախքում թուրքական դրոշը փոխարինվեց ռուսականով, այժմ այնտեղ, Թափարվան գետի ափին, կրկին ծածանվում է կիսալուսինը: Արդ, աղաչում եմ ձեզ, իրականացրեք կայսրերի կողմից Ձեզ լիազորված պարտավորությունները, կրկին փոխարինեք այն ռուսականով, առավել ևս, որ Ջավախքը Խորհրդային Վրաստանին է միացվել 1921 թ. Կովբյուրոյի որոշմամբ, Ստալինի անմիջական նախաձեռնությամբ: Դուք, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, պարտավոր եք միջամտել Ջավախքի հարցերին, քանի որ յուրաքանչյուր դժբախտ դեպք, որ կատարվում է այսօր Ջավախքի շուրջ, Ձեր իրավանախորդի գործողությունների արդյունք է»: Ուզում եմ զարմացնել Ձեզ, Զորի Հայկի, այդ պարագայում ես չէի քննադատի Ձեզ, քանի որ ջավախահայությունը չունի պետականություն և կարիք ունի օգնության, ինչպես ամեն մի ոչ տիտղոսային ազգ, իսկ այն պետության քաղաքականությունը, որի հավատարիմ քաղաքացին է նա, վարել է պրոթուրքական քաղաքականություն: Ավելին, երբ ես զորքերը դուրս բերեցի Ախալքալաքից, նրանց նախագահը խոստացավ` լիովին ապահովել ջավախահայության անվտանգությունը և զարգացումը, իսկ Վրաստանի բանակի ողջ կարտոֆիլը գնել Ջավախքից: Խաբեց: Ես մեղավոր եմ այդ ժողովրդի առաջ: Այ, եթե ապագայում հնարավոր լինի այցելել Ջավախք, ես կօգտագործեմ այն: Ես երազում եմ լինել Փարվանայի ափին, տեսնել նրա ափին գտնվող Փոկա գյուղը, որը, ինչպես ինձ պատմել են, շատ է նման իմ հայրենի Ս. Պետերբուրգին. գյուղի մեջտեղով, ինչպես Նևան, հոսում է Թափարվանը: Իմ սեղանին են Ղունկիանոս Երգիչ Կարնեցու, Ջիվանու, Դ. Դեմիրճյանի, Վ. Տերյանի գործերը` իմ շատ սիրելի Վ. Բրյուսովի թարգմանությամբ, հրատարակված 1916 թ.: Հետևաբար` ես շատ կուզենայի լինել այդ մեծերի ապրած վայրերում` Վարևանում, Կարծախում, Ախալքալաքում և Գանձայում: Երազում եմ տեսնել նաև հրաշագեղ Թմկաբերդը, որը ռուսներիս հարսը` Թամար թագուհին, որպես հայկական բերդ 1191 թ. ժառանգեց Զաքարյանների կրտսեր ճյուղի` Վահրամյանների տոհմի ներկայացուցիչ Սարգսին:

Զորի Հայկի, հայերիդ այժմ ոչ թե «Գյուլիստան» է պետք, այլ` կամք` հզորացնելու սեփական երկիրը: Իսկ իմ մտահոգության առարկան այժմ ոչ թե «Գյուլիստանն» է կամ Արցախը, այլ` «Ադրիանապոլիսն» ու Ջավախքը»:

Կանխավ ներողություն հայցող` Վ.Վ.Պուտին

ՌԴ Նախագահ

24 հոկտեմբերի, 2013 թ.

Մոսկվա, Կրեմլ

Վ.Վ.Պուտինի հնարավոր նամակը Զ.Հ.Բալայանին հայերենի վերածեց` Վահե Սարգսյանը

«Ժառանգություն»-ը ԱԺ նախագահի հաստատված կարգը համարում է ոտնձգություն իր դեմ

ժառանգությունՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը» եւ դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»:

Նշյալ փաստաթղթերով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման համար ընտրվել է մի կարգ, որը ԱԺ նախագահին է թողնում պատվիրակների ընտրությունը եւ չափանիշ է դարձնում ԱԺ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում պատգամավորների թվաքանակը: Նման կարգավորումը ստվերում է անգամ Դ’Հոնթի բանաձեւի թերությունները, քանի որ այդ բանաձեւը գոնե պահպանում էր օրգանական կապը ընտրողների կամարտահայտության հետ եւ քաղաքական ուժերին տրված (Հայաստանի պարագայում` ԿԸՀ-ի կողմից գրանցված) քվեները հաշվի էր առնում պաշտոններ բաշխելիս:

Հոկտեմբերի 23-ին հաստատված Կարգով եւ դրան հետեւած Կարգադրությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ներկայացվածությունից, ինչը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի, ինչպես նաեւ 1798 (2011) բանաձեւի, այդ կառույցի ազգային պատվիրակություններում պետք է ապահովված լինի արդար ներկայացվածություն և հարգվի բազմակարծության սկզբունքը: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլեւ բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում:

ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը եւ ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, եւ տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաեւ ոչ իշխանական կուսակցությունները:

«Ժառանգությունը» հոկտեմբերի 23-ի ԱԺ նախագահի կողմից հաստատված Կարգը եւ ընդունված Կարգադրությունը գնահատում է որպես «Ժառանգության» դեմ իրականացված ոտնձգություններ, խստիվ դատապարտում է դրանց գործադրումը եւ հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Նախագահը ստորագրել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: