Քոփի-փեսթ-ի դեմ պայքարի առաջին օրենսդրական քայլը. նախագիծն ընդունվեց միաձայն

AJ-nistՔիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն (114 կողմ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թևան Պողոսյանի և Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Մինչ նախագիծը քվեարկության դնելը, հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` հայտարարելով, որ իրենց խմբակցությունն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն նշեց, որ մինչև նախագծի վերջնական ընդունումը իրենք ներկայացնեն առաջարկներ, որպեսզի հնարավորինս նվազեն ռիսկերը, որպեսզի հետագայում այս օրենքը չօգտագործվի որպես մահակ` անցանկալի լրատվամիջոցների ձայնը կասեցնելու համար. «Չպետք է թույլ տալ, որ այս դատական համակարգը` իր այս մակարդակով, որոշի այս կամ այն լրատվամիջոցի բարեխղճության աստիճանը»,-ասաց նա:

Նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1 կետով կամրագրվի լրատվական նյութի օգտագործման պայմանների մասին, համաձայն որի `

1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:

3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել վնասի հատուցում, որը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը` 100.000-200.000 ՀՀ դրամ:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը ծագել է վերջերս` կապված բազմաթիվ լրատվական կայքերի առկայության և ազատորեն սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական և վերլուծական հոդվածները վերարտադրելու հնարավորության հետ:

 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՍեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վարդաշեն թաղամասի թիվ 3 փողոցի դիմաց այրվում է 2000 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ 700 քմ, Բագրևանդ թաղամասի թիվ 1 հասցեում՝ 600 քմ, Երազգավորս գյուղի սկզբնամասում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի խաղողի այգում՝ 700 քմ և 1500 քմ, Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում՝ 300 քմ, Աշտարակ քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի մոտակայքում՝ 2000 քմ, Կոտայք-Կապուտան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին՝ 3 հա, Թասիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 15 հա, Մաստարա գյուղի վերջնամասում՝ 1000 քմ, Գանձակ-Ծաղկաշեն գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին՝ 1,5 հա, Հրազդան քաղաքի թիվ 16 մանկապարտեզի մոտակայքում՝ 1500 քմ, Երևանի Աճառյան փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում՝ 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այսօր ֆուտբոլային խաղից առաջ որոշ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը

ՃՈՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` սեպտեմբերի 10-ին, ժամը 17.30-ից մինչև ժամը 22.00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը:
Այս մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից` պատճառված անհանգստության համար  հայցելով քաղաքացիների ներողամտությունը:

Բարեգործական միջոցառում Բուենոս Այրեսում

ԱգնՍեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունը բերեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։

Միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։

Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի «Զատիկ» և «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։

Քննարկվեցին բնակարանային շինարարության ընթացքի խնդիրները

IMGA0004Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռու մարզերում “Գլենդել հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացավ խորհրդակցություն:

Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակարանների եւ բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները: Կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը տեղեկացրեց, որ Գյումրիում նախատեսվող շինարարության դանդաղեցումը պայմանավորված է լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ “Մուշ-2” թաղամասի բնակարաններում գազի կաթսաների խնդրին` տեղեկացվեց, որ դրանց տեղադրման համար ձեռնարկվել են լրացուցիչ ապահովության միջոցներ: Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, խստորեն զգուշացրեց կաթսաների տեղադրման եւ շինարարական աշխատանքների արագացման առնչությամբ:

Միաժամանակ, նախարարը շեշտեց, որ շինարարության հետագա ընթացքին հետեւելու եւ շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտարկելու նպատակով այս շաբաթվանից սկսած, իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում “Գլենդել հիլզ” ընկերությունը աշխատանքներ է կատարում:

 

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

10673_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև, Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

ԼՂՀ-ի երկրորդ ճանապարհը և հեռանկարները

արցախՆերկայիս Արցախի Գորիս–Ստեփանակերտ մայրուղին այնքան էլ հարմարավետ չէ, այդ պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշեց ԼՂՀ–ի նոր`  երկրորդ  ճանապարհ կառուցել, որն ավելի կարճ կլինի, քան առաջին՝  հիմնական ճանապարհը: Հենց այդ մասին էլ որոշեցինք  զրուցել միջազգային հարաբերությունների վերլուծաբան և խորհրդատու Մարկ Դիզենի հետ:

–        Պրն. Դիզեն, ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջերս որոշեց կառուցել Հայաստան–Արցախ նոր՝  երկրորդ ճանապարհ:

– Նախ և առաջ պետք է սկսել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, որը ուղիղ կապ ունի մեր թեմայի հետ, քանի որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի հիմնահարցերից ամենակարևորը վերաբերում է ապագա ԼՂՀ-ի անվտանգությանը: Հայաստանի տեսանկյունից դա ևս կարևոր է և կապված է բուֆերային տարածքների հետ, որոնց ներգրավման գլխավոր պատճառը նախկին ԼՂ Ինքնավար Մարզի անվտանգության գոտու ստեղծումն է: Ուստի ապացուցված մարդասպանի ներման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, հասկացրեց հայաստանյան կողմին և միջազգային հանրությանը, որ հային սպանելը հերոսական արարք է: Եվ կարծում եմ, որ հայերը լուրջ ընդունեցին, քանի որ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծն իսկապես անհանգստացնող է: Դա է պատճառը, որ հայերը որոշեցին լինել ավելի ակտիվ և հեռատես՝ կառուցելով երկրորդ ճանապարհը, որպեսզի պաշտպանեն Արցախի անվտանգությունը:

– Ի՞նչ փոփոխություններ կարող է բերել այդ ճանապարհի կառուցումը:

– Նոր ճանապարհը կնպաստի ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը, հատկապես` Շահումյանի և Մարտակերտի տարածաշրջաններում: Կհեշտանա ապրանքների փոխադրումը ԼՂՀ և դրանից դուրս, որովհետև նոր ճանապարհը Երևանից Ստեփանակերտ կկրճատի ճանապարհորդության ժամանակը մոտ 3 ժամով: Առաջին ճանապարհի համեմատ, որն անցնում է Բերձորի միջով, երկրորդ՝ Վարդենիսից Մարտակերտ ճանապարհն ավելի վստահելի կլինի: Այն հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելու հանգամանքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականությունը: Երկրորդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապահով և ռազմավարական այլընտրանքային տրանսպորտային երթուղի ստեղծել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

–        Նշեցիք, որ կառուցվող ճանապարհը կնպաստի տնտեսական զարգացմանը: Դա ենթադրում է նաև սոցիալական զարգացո՞ւմ:

– Տնտեսական զարգացումը կհանգեցնի սոցիալական զարգացման: Ռազմական և անվտանգության ասպեկտները ևս կարևոր են, որպեսզի նպաստեն սոցիալական զարգացմանը, չէ՞ որ Արցախում ապրող երիտասարդ հայերի համար առաջին և ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես ապահովել ընտանիքն ու հարմարավետ կյանք ունենալ այնտեղ: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն անվտանգության նշանակություն կունենա՝ ապահովելով ԼՂՀ-ի քաղաքացիներին: Դրանից զատ, այն կնպաստի նաև զբոսաշրջությանը, քանի որ զբոսաշրջիկներն ի վիճակի կինեն ավելի արագ, հարմարավետ և հեշտ հասնել Հայաստանից Արցախ:

–        Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանն այդ ծրագրին:

– Երբ Ադրբեջանը լսում է Հայաստան-ԼՂՀ նոր տրանսպորտային ծրագրերի մասին, բողոքում է: Այս անգամ կարող ենք ևս սպասել բողոքի: Բայց քանի որ արդեն կա գործող մայրուղի՝ Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի արժանանա նմանօրինակ հարվածների, այնպես ինչպես ականատես եղանք Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում: Ի տարբերություն նոր օդանավակայանների, Ադրբեջանի լծակներն ավելի քիչ են, երբ խոսքը ԼՂՀ նոր ճանապարհների մասին է:

արցախ (1)–        Այն կհանգեցնի՞ պատերազմի կամ ներքին կոնֆլիկտի:

– Չեմ կարծում, որ այս ծրագիրը կհանգեցնի ռազմական հակամարտության: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, անշուշտ, հաստատել է նոր ճանապարհի կառուցման ծախսերն ու օգուտները, իսկ ծրագրին հետամուտ լինելու իր որոշումը արտացոլում է իր վստահությունը: Դա շատ կարևոր է նաև հայկական սփյուռքի համար, որպեսզի իմանա, որ իրենց ֆինանսական աջակցությունը կօգտագործվի վստահելի ծրագրերի իրականացման մեջ, իսկ նոր ծրագիրը այդ վստահության ապացույց կլինի:

–        Ո՞ր երկրները, հատկապես գերպետությունները կօգտվեն նոր ճանապարհի կառուցումից:

– Երկրորդ ճանապարհն առաջին հերթին նպաստավոր կլինի Արցախի համար, հետո՝ Հայաստանի: Սակայն գերտերությունների համար այն էական նշանակություն չի ունենա: Այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն առավել ակտիվ քայլեր են ձեռնարկում իրենց ապագան անվտանգ դարձնելու նպատակով, ինչն էլ ազդում է ԼՂՀ-ի հիմնահարցի առնչությամբ գերպետությունների քաղաքականության վրա: Դրանք Մինսկի խմբի համանախագահող խմբերն են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ, ինչպես նաև այլ տարածաշրջանային պետությունները՝ Իրանը, Թուրքիան և Եվրամիությունը: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հայերի նախաձեռնության խորհրդանիշն է, որպեսզի խրախուսի միջազգային հանրությանը ԼՂՀ-ին նայել այլ աչքերով:

– Ինչպիսի՞ն է Արցախի «նոր քարտեզը»:

– ԼՂՀ-ի հարավային տարածքը կարևոր է Իրանի հետ հարևանության տեսանկյունից: Օվկիանոս չունեցող երկրների համար միջազգային սահմաններն արժեքավոր են: Այդ տարածքը ԼՂՀ-ի համար ապագա կարևոր առևտրային ներուժ ունի: Կովկասցիները շատ լավ գիտեն, որ միջազգային հարաբերությունները փոփոխվում են, և ներկա իրավիճակը` կապված Իրանի հետ, ի վերջո կարող է փոխվել: Իսկ ԼՂՀ-ն գիտակցում է, որ ապագայում  այն փոքր սահմանը, որը կիսում է Իրանի հետ, շատ կարևոր նշանակություն ունի իր համար:

–        Նոր ճանապարհը կարո՞ղ է որոշ անձանց համար բիզնեսի նպատակ լինել:

– Բիզնեսի տեսանկյունից երկրորդ ճանապարհը նպաստավոր է ԼՂՀ-ի համար, սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ արդյոք որոշ անհատներ կօգտվե՞ն դրանից: Կարծում եմ՝ դա կախված է բիզնեսի տեսակից: Այսպես, օրինակ՝ նրանք, ովքեր Արցախում ներգրավված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության (օրինակ՝ Դրմբոն հանքը), փոքր արդյունաբերության և զբոսաշրջության մեջ, անպայման կօգտվեն:

Կարևոր է, որ Արցախը շարունակի պահպանել իր գեղեցիկ միջավայրը, բնությունը թե՛ այնտեղ ապրողների, թե՛ հյուրընկալվողների, զբոսաշրջիկների համար: Չէ՞ որ նա չի ցանկանա կորցնել զբոսաշրջիկներին: Ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, այնպես էլ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կայուն զարգացման դրական օրինակ կծառայի:

–        Ի՞նչ շրջահայաց քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը Ադրբեջանի և այլ երկրների հետ քաղաքականության առումով:

– Հայաստանը Արցախի հետ կապված կարող է դիմել երեք խելացի քայլի. առաջին`  շարունակի համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ԼՂՀ-ի հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ, քանի որ դեռ ժամանակ կա: Երկրորդ` անդադար աշխատի ԼՂՀ-Ադրբեջան սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, և երրորդ՝ պետք է նպաստի Մինսկի խմբում ԼՂՀ-ի մեծ դերին՝ քարոզելով Արցախի ներառումը որպես բանակցությունների պաշտոնական կողմի:

Եվ վերջում նշեմ, որ որքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ, այնքան ԼՂՀ-ի բուֆերային գոտիները Հայաստանի համար կարևոր են դառնում:

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

IMG_0423 copyՍ. թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Համաձայն ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. որոշման՝ ս.թ հոկտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ համատեղ անց են կացվելու «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Մարզումների նպատակն է.
1. Պետական կառավարման մարմիններին, առաջարկությունների նախապատրաստման հարցերով, փորձ հաղորդել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման համար:
2. Բարձրացնել պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում:
3. Կառավարման համակարգում ներդնել նոր արդյունավետ միջոցներ:

Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

476. Days of Armenian Art in Romania 09.09.2013Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։

Միջոցառումների շրջանակում Գեորգեն այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպեց քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկեց առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Գասպարյանը մասնակցեց նաեւ Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, ուր նա ներկայացրեց հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդեց միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու Ռումինիայի առեւտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:

Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին տեղի հայկական հնատիպ գրքերի եւ քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի եւ Ֆերենց Հորվաթի նկարների եւ ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվեց Գասպար Կալամարի հեղինակած «Հայաստանի խճանկար» ֆիլմը (2011թ.)։

Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ էին գրավում թեմատիկ հաղորդումները, որտեղ, մասնավորապես, ներկայացվեցին տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի եւ Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի եւ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաեւ լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարեւոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրեց պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:

Տեղեկանք: Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, ուր հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ եւ առեւտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առեւտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները եւ իրենց իսկ կառուցած շքեղ շենքերն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռեւս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ եւ հոգեւոր միություններ, որոնք,մասնավորապես,նրանց անխոնջ ղեկավարներ Աթիլլա Պուշկաշի, Լասլո Կուլչարի եւ մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգեւոր-մշակութային ավանդույթները:

Քննարկվել են ռազմակրթական ոլորտում համագործակցության հեռանկարները

IMG_0430Ս.թ. սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի և ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:

Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:

Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՉԺՀ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին:

«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է». Շարմազանովը` Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու հակասության մասին

Eduard-Sharmazanov423-e1343921052841Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ որևէ մեկին չպետք է զարմանք պատճառի այն, որ Հայստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա նա նկատեց, որ Հայստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք դրանից. «Ամեն ինչ շարունակական է, և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք  է շարունակենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում ենք, որ խնդրի վերջակետը դրված չէ, և ես դեմ եմ վերջակետեր դնելուն: Այսօր` 21-րդ դարում, ինտեգրացիոն գործընթացներն անընդհատ են և բխում են թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների շահերից»:

Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ եվրոպական կողմը կատեգորիկ մերժում կամ բացառում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը: «Իհարկե ոչ այն տեքստով և այն տեսքով, որ եղել է մինչ այս, բնականաբար այնտեղ որոշակի խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի հետ գործակցելու և երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել և իրականացնելու ենք: Այլևս անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական պետության փաստը»,-կարծում է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հնչեցրած կոշտ քննադատություններին, թե հարցը նախևառաջ Ազգային ժողովում պետք է քննարկվեր, Շարմազանովն ասաց, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք պետք է մանրամասն քննարկվեն Ազգային ժողովում, որտեղ կարող են ընդունվել կամ չընդունվել:

«Ուրբաթը չեկած, շաբաթից մի խոսեք»,-խորհուրդ տվեց Շարմազանովը` նշելով, որ քաղաքական ընդդիմությունն էլ խոսելու հնարավորություն կունենա,-ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, իսկ մենք ստացել ենք ձայն, որպեսզի իրականացնենք մեր քաղաքականությունը: Երբ որ Հայաստանի իշխանությունում կլինի քաղաքական ուժ, որը կասի, որ Մաքսային միություն չենք մտնում, որ ՕԴԿԲ-ից դուրս ենք գալիս և գնում ենք ՆԱՏՕ, էդ ժամանակ ինքը կորոշի: Իսկ մենք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ասել ենք, որ մեր արտաքին քաղականության առանցքային կետերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական-դաշնակցային հարբերությունների խորացումը»:

Անկախ-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով էին պայմանավորված «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարվող ջանքերը, Շարմազանովն ասաց. «Իսկ ո՞ վ է ասում, որ մենք չենք պատրաստվում  դա ստորագրել»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են պտրաստվում դa անել, եթե այն հակասություն է առաաջացնում Մաքսային միությանը միանալու դեպքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պետք է քննարկենք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»:

Իրավապաշտպան. Զինդատախազը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը

սաքունց-ալումյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների ընտանիքի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ պարզապես ապշած է ու կարծում  է, որ սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության հետ:

«Այն անձինք, որոնք պիտի դատապարտվեին Ավետիք Բուդաղյանի սպանության համար, ազատ արձակվեցին, իսկ քննիչը բարեհաճեց որոշումը տրամադրել ինձ շաբաթ երեկոյան, երբ բոլորն արդեն գիտեին այդ մասին: Երկու օր է, փորձում եմ հասկանալ  տրամաբանությունը: Այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության ու տրամաբանության հետ ու ավելի շատ բժշկական բնութագրման կարիք ունեն: Ամբողջ գործի մեջ դեպքը ներկայացվել է այնպես, իբր հարձակվողները Բուդաղյաններն են եղել, իսկ Խաչատրյանները պաշտպանվել են: Հաշվի չի առնվել, որ հայտնաբերված 13 պարկուճից 11-ն արձակված են եղել Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից»,-ասաց փաստաբանը:

Իսկ Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը ավելացրեց, որ  գործի նման ընթացքի առաջին մեղավորը զինդատախազն է. «Առաջին և գլխավոր հանցագործը Գևորգ Կոստանյանն է, ինքը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը: Սրա հետևանքները շատ վատ են լինելու»:

 

Լարա Առաքելյան

«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. 1 զոհ

ապակիՍեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 1994 թ. ծնված  Արկադի  Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ  երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ոստիկանության պատվիրակությունը Աստանա է մեկնել` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ խորհրդի նիստին

հունան պողոսյանՍեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թ. ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերող հարցեր:
Քննության առարկա կդառնա 2014-2018 թ. ԱՊՀ անդամ պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը:

Մեքենաների բախման հետևանքով երկու ուղևորները մահացել են

բախումՍեպտեմբերի 8-ին, ժամը 20.10-ին, «ԿամԱԶ-5511»  մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 1-ին կմ-ին  բախվել  է «ԳԱԶ-33023»  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝  «ԳԱԶ-31105»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-33023»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց, իսկ ուղևորները` 1981 թ. ծնված  Հարություն  Շաբոյանը   և Լյովա  Նավոյանը, տեղում մահացել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  կատարվում է քննություն:

Տան սեփականության իրավունքի համար վիճելիս բնակիչը հրկիզել է բնակարանը

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՍեպտեմբերի 8-ին, ժամը 02.10-ին,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:
Նույն օրը, ժամը 02.20-ին,  բաժին է ներկայացել  1944 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն և հայտնել, որ իր տունը հրկիզել է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջև առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է  տունը, ինչի հետևանքով տունը և ներսում եղած գույքն այրվել են մասամբ:
Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 ՀՓՋ 1 մարտական հաշվարկի ուժերով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Տոնաշենի 20-ամյա փառավոր ուղու հանգրվանը…

1315938790_leonid-azgaldian-13Օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի հյուսիսային դարպասը համարվող   Տոնաշենում մեծ տոն էր, որպիսին հնամենի գյուղը չէր տեսել 1993 թ. ազատագրումից ի վեր:

Մինչ 1989 թ. 160 բնակիչ և հազար ու մի խնդիր ունեցող գյուղն այսօր էլ ապրում է իր խնդիրներով և հոգսերով, որոնք նույնն են մնացել, միայն թե, ցավոք, բնակիչների թիվն է պակասել: Գյուղն ասես մարդաթափ է եղել: Անշուշտ, գյուղն  առանց հոգսի չի լինում, առավել ևս, եթե երկու անգամ թշնամու կողմից ոտնակոխ է արվել, բայց այսօր խնդիրների մասին չէ  որ  ուզում եմ խոսել, քանզի առիթը տոնական է:

Օրերս մեծ հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում զոհված և Արցախյան պատերազմում մարտիրոսացած տոնաշենցիների, ինչպես նաև գյուղի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակը  հավերժացնող  վեհաշուք  հուշակոթողը: Տոնաշենցիների ուրախությանը մասնակցելու էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարարը, հարևան գյուղերի բնակիչներ:

Ի դեպ, Թարթառի ձախափնյա գեղատեսիլ վայրում գտնվող այս  հնամենի գյուղի պատմությունը դարերի խորքից է գալիս: Այդ են վկայում գյուղի գերեզմանոցի հուշաքարերը: Իսկ ըստ ավանդության` գյուղը հիմնադրել է Վաչագան թագավորի տոհմակից Տոնին, որի պատվին էլ անվանակոչվել է: Գյուղի Ս. Գևորգ եկեղեցին մինչև 1930 թ. կանգուն է եղել, իսկ «Երեք մանկուք» եկեղեցին, որտեղ ծվարել են շատ շահումյանցիներ բռնագաղթի տարիներին, լավագույնն է  համարվել վերջին  500 տարում կառուցվածների մեջ:  Կոլտնտեսությունն էլ 1930 թ. է կազմավորվել, իսկ 1950 թ. միավորվել է Մադաղիսի, այնուհետև Այգեստանի (Չայլու) հետ:

OLYMPUS DIGITAL CAMERAԻնչպես կյանքն ապացուցեց, արցախյան շարժումն ամեն ինչից զատ նաև երկրի կենսունակության ստուգման լուրջ քննություն էր, որովհետև հոգևոր զարթոնքը, որն օծվեց ազգային-ազատագրական պայքարի մեռոնով, անմահացրեց մեր շատ սիրասուն զավակների կյանքը կրակի մեջ, հանուն Արցախի, որի համար ոտքի ելան հազարավորները: Ոմանց կենսագրությունը  պատմություն դարձավ, շատերինն էլ՝ քարե մատյան, հուշակոթող՝ դարեդար մնալու հավատամքով:

20-ամյա հաղթանակից հետո  առաջին անգամ իսկական տոն էր Տոնաշենում:  Արցախյան այս փոքրիկ հողակտորի համար իրենց կյանքն են նվիրաբերել շատ նվիրյալներ, այդ թվում նաև «Անկախության բանակի» լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, որպեսզի քայլենք գլուխներս բարձր,  հպարտ: «Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի: Թուրքը կկորցնի` ուրեմն թուրքը, հայը՝ ուրեմն հայը: Դրա համար Արցախում շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի  փոքր կտոր հողի հարց չէ: Սա Հայաստան է,   և վերջ»,- համոզված էր ազգի մտավորական զինվորականը: Նա առաջիններից էր, որ մարգարեաբար կանխատեսում էր, որ արթնացած շարժումը զինված պայքարի է վերածվելու: Սին երազներով ապրող մարդ չէր ամենևին, անգամ կանխազգում էր իր մոտալուտ մահը… 1992 թ. հունիսի 21-ին զարկվեց  Տոնաշենում, երբ այն թիկունք էր համարվում, ավելին՝ Շահումյանի, Այգեստանի բնակիչների առաջին հանգրվանը,  որտեղ թուրքի սմբակը դեռ չէր հասել: Իսկ թե ում արձակած գնդակը եկավ ու ազգի նվիրյալ զավակին դիպավ, մինչ օրս առեղծված է մնում…

Մեր ազատամարտիկների թափած արյան ամեն մի կաթիլն ըստ արժանվույն պիտի գնահատվի, արժևորվի, որպեսզի մեր հայրենիքն  արժանապատվորեն ժառանգություն թողնենք մեր սերունդներին, որոնք էլ իրենց հերթին պիտի դասեր քաղեն  կատարվածից՝ գիտակցելով, որ արցախյան այս փոքրիկ գյուղի ամեն մի հողակտորի վաղվա տերն ու տիրականն իրենք են: Իսկ հուշակոթողը դրա առհավատչյան է, որովհետև հետայսու այն հերոսների փառքն ու ոգին է թևածելու Տոնաշենում ու նրա բարձունքներում, որոնց շնորհիվ մենք ապրում ենք հպարտ ու արժանապատիվ:

Իսկ որպեսզի կարողանանք հավերժ պահել մեր Արցախ աշխարհը, փոքրիկ Տոնաշենը, ապա ամեն տոնաշենցի իր մեջ պիտի փնտրի  իր հողի համար ընկած տղաներին… Նրանց ներկայությունն այսուհետ հավերժական է: Ներկաներին այդ մասին է հիշեցրեց նաև  Արցախի ՊՆ նախարար Մովսես Հակոբյանը:

«Արցախյան գոյապայքարի ժամանակ, երբ բռնազավթված է եղել Հյուսիսային Արցախը, Մարտակերտի մեծ մասը, մենք այս տարածաշրջանում ունեցել ենք զինվորական ներկայացուցչություն՝ «Եղնիկներ» կոչված ջոկատը:  Եվ այս հուշարձանը արտացոլում է նաև այս տղաների սխրագործությունը: Այսօրվա բանակը պահապան է այս տարածաշրջանին, և մենք այս հուշարձանի կառուցմամբ փաստում ենք այն, որ եկել ենք մշտական ու հավերժական: Սա նաև հիմք պետք է հանդիսանա մեր հետագա խնդիրները կատարելու  համար»,- հավատացրեց նախարարը:

Կասկած չկա, որ այսուհետ հուշակոթողը ոչ միայն տոնաշենցիների, այլև հարևան բնակիչների ու զորամասի զինվորների համար սրբատեղի  է դառնալու:

Էլ ինչ տոն առանց պարգևների` պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ դրամական, Արցախի նախագահից, ՊՆ նախարարից և Արցախի ազատամարտիկների միության կողմից, որոնց արժանացան ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ  ազատամարտիկներ ու զինվորականներ: Իսկ բարերար Սերժիկ  Հայիրյանը Տոնաշենի պատվավոր քաղաքացի ընտրվեց…

Մեկնարկել է ԱԺ նոր նստաշրջանը (լուսանկարներ)

The first autumn session of the 5th convocation of the RA NA took placeԵրկարատև դադարից հետո ՀՀ օրհներգի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Նիստերի աշխատանքին ներկա է 102 պատգամավոր: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ.

Ուղևորները դուրս են թռել առանց վարորդի ընթացող մեքենայից

gazelՍեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված  Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142»  միկրոավտոբուսը կայանելով Երևան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ և ուղևորներ՝ 1974 թ. ծնված Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 2003 թ. ծնված Արամ Բ.-ն և 1955 թ. ծնված Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից և ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: