Հաշմանդամություն ունեցող կինը բուժման վարկերը փակելու նպատակով ստիպված վաճառում է բնակարանը

Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում երկու անչափահասերեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որըհիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներըԹաթարյանների ընտանիքի ապրելակերպին ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելեցին նրանց: Ընտանիքիմայրը պատմեց, որ անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրու տարբերբանկերից վարկով գումարներ է վերցրել: Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրվածվաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրը պատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին:

«40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող…»

Պերճ ՄսռլըանՍիրիայի մանկական հագուստի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «Յուպիտերի» հիմնադիր, սիրիահայ Պերճ Մսրլյանն արդեն մեկ տարուց ավելի է` կնոջ ու երկու զավակների հետ Հայաստանում է:

Մանկական հագուստի արտադրության ոլորտում 20 տարիների ընթացքում իր ուժերով լուրջ հաջողությունների հասած 40-ամյա սիրիահայ գործարարը ցավով է պատմում, թե քանի արտադրամաս է լքված ու անտեր թողել ու հեռացել Սիրիայից: «Գործվածքի ֆաբրիկան առանձին էր, ջինսինը` առանձին, բամբակյա հագուստինը, բրդյա հագուստինը` առանձին, մեծածախ առևտրի կենտրոնը` առանձին»,- թվարկում է նա:

«Յուպիտերի» արտադրանքը սպառվում էր գրեթե ողջ արաբական աշխարհում:

Երբ Սիրիայում իրադրությունը լարվեց, բիզնեսն անմիջապես անկում ապրեց և ի վերջո կաթվածահար եղավ: Պերճ Մսրլյանը ստիպված էր կամաց-կամաց արտադրամասերը փակել: Արդեն 6-7 ամիս է` փակ են բոլորը, իսկ արտադրանքը բարձիթողի վիճակում է պահեստներում, և հայտնի էլ չէ` պահեստները թալանվա՞ծ են, թե՞ ոչ:

Գործարարը նշում է, որ Սիրիայում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ իրադարձություններն այդքան արագ կզարգանան: «Չես կարող համակերպվել, որ մեկ օրում այդ ամենը, այդ անունը, որ շուկայի համար ստեղծել ես, թողնես և գնաս ուրիշ տեղ` սկսելով մի բան, որը չգիտես` կհաջողվի՞, թե՞ ոչ»,- ասում է նա:

Հագուստի ոլորտում թրծված գործարարը, ուսումնասիրելով հայաստանյան շուկայի այդ ոլորտը, մեծ հիասթափություն է ապրում` հասկանալով, որ չի կարող նույն գործը դնել նաև այստեղ, քանի որ բարենպաստ պայմաններ չկան. «Զարմանքով իմացա, որ այստեղ ոչ մի հումք չկա այդ բիզնեսը սկսելու համար,- ասում է նա,- ամեն ինչ ներկրվում է դրսից, ինչը շատ թանկ է: Իսկ Սիրիայի առավելությունն այն էր, որ այնտեղ ամեն ինչի արտադրությունը կար, հումքի գերակշիռ մասը տեղում էր արտադրվում և շատ էժան էր»:

Նրա խոսքով` Սիրիայում մոտ 30 հազար հագուստի արտադրամաս կար, և այդ ոլորտը բավականին զարգացած էր:

Պերճ Մսրլյանը, սակայն, ուսումնասիրելով հայաստանյան շուկան, երկու ընկերների` Հմայակ Սանոսյանի և Վիգեն Փիլիպոսյանի հետ որոշում է սննդի բիզնեսով զբաղվել. «Քանի որ ես առայժմ ծանոթ չեմ հայաստանյան բիզնես միջավայրին, քաղաքին, օրենքներին, ընտրեցի այդ բիզնեսը` մտածելով, որ այն համենայն դեպս ավելի քիչ ռիսկային կլինի. սնունդը մարդիկ փորձում են, և եթե լավն է, որակով է, ապա օգտվում են»:

Այս ոլորտում էլ երիտասարդ գործարարը շատ արագ իր հմտությունները ցուցաբերեց: Ընդամենը երեք ամիս է անցել, սակայն Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող «Միսթեր Բարբիքյու» արագ սննդի կենտրոնը հասցրել է գրավել երևանցիների ուշադրությունը. «Առաջընթաց կա,- ասում է Պերճը,- օրեցօր հաճախորդների թիվն ավելանում է, մենք էլ մեր կողմից ենք բիզնեսը զարգացնում: Տեսնենք` մինչև ուր կարող ենք հասնել: Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, մանավանդ որ մենք այստեղ օտար ենք, չնայած որ սա մեր հայրենիքն է»:

Ինչպես Հայաստանում բիզնես սկսող բոլոր սիրիահայերը, այս դեպքում էլ գործարարները պհարկերից են նեղվում. «Շատ բարձր են, տարբերություն չկա` նոր ես բիզնես դնում, թե արդեն կայացած ես: Ամեն բիզնեսի պարագայում պետք է նորին որոշ ձևով օգնեն,- կարծում է Պերճ Մսրլյանը` նշելով, որ Սիրիայում, օրինակ, այդպես էր,-հատկապես արտադրության պարագայում. բաներ կային` երեք տարի, բաներ կային` հինգ տարի հարկ չէիր մուծում: Համաձայնություններ կային արաբական աշխարհի տարբեր երկների միջև առանց մաքսի առևտուր անելու, մի խոսքով` շատ առավելություններ կային»:

Գործարարի հույսերը քիչ են, իսկ ցանկությունը` մեծ, որ Սիրիայում իրավիճակը լավանա, և իրենք կարողանան վերականգնել կորցրածը: «Եթե հնարավոր չլինի վերականգնել, գոնե կարողանանք բիզնեսի փակման գործընթացը նորմալ կազմակերպել»,- ասում է նա:

Որպես գործարարի` հայաստանյան շուկայում ամենից շատ նրան զարմացրել են արտահանման չնչին տոկոսներն ու ներկրման հսկայական չափերը. գրեթե ամեն ինչ դրսից է բերվում, ինչը, ըստ նրա, երկրի տնտեսության ամենամեծ սխալներից մեկն է: «2-3 մլն ժողովուրդ ունեցող պետությունն իրավունք չունի աղքատ լինելու,- կարծում է սիրիահայ գործարարը,- տարածքներ կան, հողեր կան, սովետից մնացած բազմաթիվ գործարաններ, ո՞ւր են դրանք: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որ տնտեսությունը զարգանա, և մարդիկ չհեռանան»:

Կատակով նշում է, որ իրենցից մեծ ջանքեր չի պահանջվել, ոչ էլ արևելահայերենի չտիրապետելն է խանգարել, որպեսզի արագ նկատեն Հայաստանում երկու ծայրահեղ խավերի գոյությունը` չափազանց հարուստներ և չափազանց աղքատներ:

Եվ տեսնելով հայաստանյան իրողությունը` հատկապես արտագաղթը, նրանց էլ առաջին հերթին անհանգստացնում է իրենց երեխաների ապագան Հայաստանում մնալու դեպքում. «Մենք Սիրիայում ամեն ինչ ունեինք, չէինք զգում, որ օտար երկրում ենք, որևէ խնդիր չկար: Ընդհակառակը, եթե հայ ես, ուրեմն առավելություն ունես, ինչը երևի մեր պապերից է եկել:  Այնտեղ գիտեին` հայն ինչ անում է, լավ է անում, կամ չի անում: Դրա համար էլ մեզ մեծ հարգանքով էին վերաբերվում»:

Ինչ վերաբերում է նոր միջավայրին, նոր բարքերին, ապա Պերճ Մսրլյանը կարծում է, որ հարմարվողը պետք է իրենք լինեն, քանի որ իրենք են եկել Հայաստան: Որքան էլ դժվար լինի, նրանք ցանկանում են համակերպվել այն մտքի հետ, որ սիրիական պատերազմը ոչ թե վատ երազ էր, այլ իրողություն, որը խլեց իրենց բոլոր ձեռքբերումներն ու կայուն ապագայի հույսերը: Ուստի հաղթահարելով հոգեկան ճգնաժամը` պետք է առաջ գնալ. «Եթե պիտի աչքդ մնա ետև, որևէ քայլ անել չես կարող: Մյուս կողմից էլ 40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող: Մի խոսքով, մեր վիճակը հիմա շատ դժվար է: Բայց մեկ է, ուր էլ գնայինք, զրոյից էլ նվազով պիտի սկսեինք: Ես ընտրեցի Հայաստանը: Եթե ամեն ինչ լավ լինի, ապա այստեղ էլ կմնանք: Հիմա կարծես զրոյին մոտեցել ենք»,- ծիծաղում է նա:

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

թմրամիջոցՕգոստոսի 26-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված  Կարապետ Հ.-ին պատկանող տանն ու հարակից շինություններում. տան բակում գտնվող քարե շինության ներսից հայտնաբերվել է կանեփի 11 բույս`  7 կգ կշռով, ինչպես և 220 գ  կանեփանման կիսաչոր զանգված, կիսակառույց շինության հողածածկ հատակին հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ`  100 գ կանեփի բույսի կիսաչոր զանգվածով,  իսկ նույն շինությունում գտնվող արկղի միջից ՝ պոլիէթիլենային տոպրակ` օգտագործված և չօգտագորված ներարկիչներով, կենցաղային դանակ ու բամբակյա զանգված: Տան մուտքի դռանը կից ձախակողմյան պատի հետևի մասից հայտնաբերվել է  հողով լցված մետաղյա դույլ, իսկ հողի մեջ առկա էր  կանեփի  1  բույս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Երևան-Սևան ճանապարհին մեքենա է շրջվել

ավտովթար2Օգոստոսի 26-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Տոյոտա Ռավ-4»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է ճամփեզրի պատնեշին և շրջվել:
Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Գավառի կենտրոնական հրապարակում մեքենաներ են բախվել

ավտոպատահարՕգոստոսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գավառի կենտրոնական հրապարակում իրար են բախվել  «Մերսեդես Բենց»   և  «ՎԱԶ-21093»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21093»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել, մեկ մարդ հիվանդանոցում է

բախումՕգոստոսի 26-ին, ժամը  09.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-2121»   և  «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին

Վրաերթ (1)Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ավանում շենքի վերելակի մոտ նռնակ է հայտնաբերվել

նռնակՕգոստոսի 26-ին, ժամը 20.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի միջանցքի վերելակի ձախ հատվածում` խողովակաշարի մոտ, նռնականման իր կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  նռնակ`առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Շենգավիթ-1» վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներ մեղավոր ճանաչվեցին յուրացման եղանակով հափշտակություն կատարելու համար

դատարանԵրևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների  համար «Շենգավիթ-1»  վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու  եւ ղեկավարելու լիազորություններով, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Մաճկալյանի, Ա. Եղիազարյանի, Ս. Հարությունյանի, Կ. Պողոսյանի,  Կ. Պետրոսյանի եւ Ա. Նիկողոսյանի հետ եւ 2006-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:
Ըստ դատավճռի` Ա. Գրիգորյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչները պարզել են հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակների գումարները` Ա. Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
Վերոհիշյալ 7 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 11 466 701 դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4 153 740 դրամ, իսկ դատաքննության ընթացքում՝ 4.528.750 դրամ:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներ Ա.Գրիգորյանը, Է.Մաճկալյանը, Ա.Եղիազարյանը, Կ.Պողոսյանը, Ս.Հարությունյանը, Ա.Նիկողոսյանը և Կ.Պետրոսյանն իրենց մեղավոր են ճանաչել:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 06.08.2013թ. դատավճռով Ա. Գրիգորյանը  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատզրկման՝ 4 տարի 9 ամիս ժամկետով,
Ա. Եղիազարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,
Ս. Հարությունյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով,
Կ.Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել  ազատազրկման 4 տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և պատժաչափի չկրած մասը կրճատվել մեկ քառորդով։
Է. Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Բայցեւ նրա նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը եւ  ազատվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց:
Կ. Պողոսյանը , Ա.Նիկողոսյանը ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով։
Ա.Եղիազարյանի, Ա.Նիկողոսյանի, Կ.Պողոսյանի և Ս.Հարությունյանի նկատմամբ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը և նրանց ազատել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից  27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, ավազակային հարձակման,  կողոպուտի  և խուլիգանության` 1-ական,  խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1    դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՃՏՊ Ճամբարակ-Շորժա ճանապարհին, վարորդը մահացել է, 3 ուղևորները հիվանդանցում են

ավտովթարՕգոստոսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Շորժա ճանապարհի 7-րդ կմ-ին  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Ռուսլան Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից  տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օգոտսոսի 24-ին ոստիկանության ավտոմեքենայի մեջ արձանագրված միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ԶինդատախազությունՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժին 2013 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացի Ա.Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են եւ բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքի կապակցությամբ զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը՝ նշելով, որ Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում Ա.Կիվիրյանի եւ Վ.Վրթանեսյանի մարմնական վնասվածքների աստիճանն որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:

Հրդեհ Լեռնակերտ գյուղում

հրդեհՕգոստոսի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում  ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնակերտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 24 տան բակում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես և հարևանությամբ պահեստավորված անասնակերում:
Մեկնել էր 2 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը  18.02-ին և մարվել ժամը 19.03-ին:
Օգոստոսի 26-ին Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհից այրվել է   «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ամբողջությամբ,   վրան բարձած և հետնամասում պահեստավորված 120 հակ գարու ծղոտը, ինչպես  և հարևանությամբ պահեստավորված խոտի 80 հակ անասնակերը:
Հասցված նյութական վնասը կազմել է 418.000 դրամ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Նյութերով զբաղվում է Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Կապանում նոր ավագ դպրոց է կառուցվում

arm-6221-konferance2Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական  օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին  մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել  մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել  են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝  մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի  համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից  պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում  է պահանջում: “Մենք նոր ռազամավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները”,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև նախորդ  ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել  Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  հերթական  ուսումնական տարին մեկնարկում  է
է նոր ուսումնական պլաններով ու  դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված  ծրագրերով. “Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է  Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման  ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական: Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն  ունենան միասնական կարծիք”:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և  նյութատեխնիկական բազայի բարելավման՝  նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն  ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
“Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ  է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը  մշտական  գործընթաց է”,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին  գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու  ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը  աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: “Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված,  կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները  պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից”,- շեշետել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ  “Դպրոցական սնունդ” ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝  Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: “Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը  թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից”, – պարզաբանել է  նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել  շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց  է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում  և հաջորդ  սեպտեմբերիր 1-ին  կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՕգոստոսի 26-ին  ԱԻՆ-ում  ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մասնավորապես` Երևանի Գրիբոյեդով փողոցում այրվել է 500 քմ, Հրազդանի կիրճում՝ 1700 քմ, Դավթաշենի կամրջի տակ՝ 1000 քմ, Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ 450քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Նուբարաշեն-Խարբերդ ավտոճանապարհին՝ 205 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում՝ 1200 քմ, Նոր Գեղի գյուղի մոտակայքում՝ 200 քմ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 15 քմ, Վայոց ձորի մարզի Հեր-հեր գյուղի մոտակայքում՝ 4.5 հա, Եղեգնաձոր քաղաքում՝ 20քմ, Արարաատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 300քմ, Շահումյան գյուղում՝ 600 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Մեզ շարունակում են զգուշացնել` «No parking»

no-parking-round-sign2Վճարովի ավտոկայանատեղերի ներդրման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է, թե ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը մեկնարկել է հունիսից, նախատեսված է ավտոկայանատեղի ունենալ Երևանի բոլոր թույլատրելի փողոցներում, վարչական շրջաններում, և կոչ է արել վարորդներին չվճարել փողոցներում ավտոմեքենաների կայանման համար ապօրինի գումար գանձող «պարկովշչիկներին»:

Բարի ցանկություն ու մտադրություն կլիներ այս կոչ-ուղերձը Նավասարդյանի կողմից, եթե մի «չնչին մանրուք» հաշվի չառնեինք. բացի տարատեսակ վճարովի կայանատեղերից, Երևանում գոյություն ունեն նաև բազում ու տարատեսակ գրասենյակներ, «էլիտար օբյեկտներ», որոնց առջև կայանելն էլ երբեմն «չի թույլատրվում»: Բնականաբար, «չթույլատրողներն» այդ «էլիտար օֆիս»-ների «էլիտար» ղեկավարներն են, որոնք իրենց հաստատ լավ չեն զգա, երբ իրենց VIP օֆիսի կամ հիմնարկի կամ թեկուզ խանութի առջև կայանի ոչ ավելի, ոչ պակաս մի ինչ-որ «Ժիգուլի» կամ «Վիլիս»:

Շատերը Երևանում, հատկապես` կենտրոնում, բազմիցս առնչված կլինեն այս խնդրին, երբ ինչ-որ գործով պետք է մի տեղ մտնեն, բնականաբար, պետք է կայանեն մեքենան, և փողոցի եզրերը, մայթերն ու մեքենաները կայանելու բոլոր հնարավոր տեղերը զբաղված են լինում, ստիպված կանգնում են մի ինչ-որ էլիտար խանութի, գրասենյակի կամ օբյեկտի առջև: Նման դեպքերում տեղի աշխատողներն անմիջապես զգուշացնում են` մեքենան դուրս բերել այդ տարածքից, քանի որ  այդ տարածքները միայն «իրենց» մեքենաների կամ այցելուների համար են: Նման դեպքերում կա՛մ փողոցի այդ մասերում դրված են լինում «չկայանել»` «No parking» և այլ նման կարգի գրառումներով նշաններ, կա՛մ ինչ-որ մեկն այդտեղ «ստայանշչիկ» է աշխատում ու «խնդրում» այդ տարածքը չզբաղեցնել, կա՛մ ուղղակի կայանելուց հետո ինչ-որ մեկը վազելով հետևից «տեղեկացնում» է, որ այդ տեղն իրենցն է: Մինչև վերջերս, այսինքն` մինչև այն պահը, երբ Երևանի փողոցներում սկսեցին կարմիր գծանշումներով առանձնացնել վճարովի ավտոկայանատեղիները, նման «հատուկ կարգավիճակ» ունեցող տարածքները շատ քիչ էին: Հիմնականում պետական հիմնարկները, մեծ հիմնարկները, որոնք ունեին իրենց մասնավոր տարածքները, կահավորել են համապատասխան ձևով և այդ տարածքներում, բացի իրենց մեքենաներից` այլ մեքենաների կայանումը չեն թույլատրում: Մնացած բոլոր օֆիսների, խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և այլ օբյեկտների դիմացի մայթերն ու երթևեկելի փողոցները ոչ ոքի չէին պատկանում: Բայց ոչ ոք նաև չէր էլ հետևում, որ  որևէ գործարար փողոցի` իր օբյեկտի դիմացի հատվածը մասնավոր կայանատեղիի չվերածի:

Ուրեմն ինչ-որ մեկը  պետք է կո՞չ աներ քաղաքապետարանին, որպեսզի նման էլիտար շինություններին  հարող մայթերը կամ թեկուզ երթևեկելի ճանապարհի «օֆիսամերձ» հատվածները բռնազավթած ինքնագլուխներին պատժեին կամ գոնե բացատրեին, որ կարգն այդպես չէ, որ ճանապարհը, մայթը, փողոցը և առհասարակ հանրային տարածքները պատկանում են բոլորին: Բացատրեին, որ երբ իրենց շինությունների փողոցի «սեփականաշնորհված» հատվածում տեղադրում են «No parking» նշաններ, Սահմանադրություն են խախտում, ոտնահարում են քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք…»:

ՀՀ քաղաքացիները, բնականաբար, Հայաստանում են գտնվում օրինական հիմքերով: Հետևաբար նրանց, ինչպես նաև այլ երկրների` օրինական հիմքերով Հայաստանում գտնվող քաղաքացիներին կարող են արգելել այս կամ այն տարածքով անցնել, կանգնել, կայանել և այլն, եթե այդ «արգելված» տարածքը մեկ այլ մարդու կամ կազմակերպության սեփականությունն է կամ պետության կողմից հանձնված է նրա տնօրինմանը` համապատասխան կարգով:

Թվում էր, թե վճարովի ավտոկայանատեղերի ստեղծմամբ ու շահագործմամբ մեկընդմիշտ կփակվեր այս հարցը: Սակայն Երևանում դեռ կան այնպիսի փողոցներ ու տարածքներ, որոնք թեև պատկանում են հանրությանը` բոլորին, փողոցի այդ մասերի անկոչ «սեփականատերերը» դեռ շարունակում են չթույլատրել, որ այդտեղ մարդիկ չկայանեն իրենց ավտոմեքենաները:

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ խնդրո առարկա տարածքներն իրոք սեփականության կամ նման տնօրինման իրավունքով պատկանում են ինչ-որ մեկին, կարելի է պահանջել, որ հանրային տարածքի հետ շփոթվելու հնարավորություն ներկայացնող բոլոր նման կանգառներում համապատասխան նշաններ տեղադրվեին, որ այսինչ կանգառը պատկանում է այսինչ հիմնարկին: Այն պարզ նպատակով, որ սովորական քաղաքացիները, որոնք այդ նույն «Էլիտար» օբյեկտի տիրոջ հետ միասին հավասար են օրենքի առջև, իմանային, թե որտեղ իրենցից իրավունք ունեն պահանջելու չզբաղեցնել փողոցի համապատասխան հատվածը և որտեղ են ինքնագլուխ որոշել իրենցով անել փողոցի հատվածները: Որովհետև «մի քիչ սիրուն չի», երբ ամեն օր, օրվա տարբեր ժամերին ու ամենաբացահայտ կերպով որոշ մարդիկ խախտում են այլոց սահամանդրական իրավունքը: Առավել ևս, «սիրուն չի», երբ այլոց սահամանդրական իրավունքները խախտելուց հետո էլ պատասխան չեն տալիս, ու դեռ մի բան էլ քաղաքացին, որի իրավունքները խախտվում են, ինքն է «մեղավոր» լինում, որ մուտք է գործել նման ինքնագլուխների գրաված տարածքներ:

«Երբ մարդիկ արտագաղթում են, դա ևս սոցիալական բունտի տեսակ է». Անուշ Սեդրակյան

untitledԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց, որ հասարակական անհնազանդությունն անցել է սոցիալական բունտի էտապ, ինչը իրեն ոգևորում է: Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ի անդամ Մանվել Բադեյանը հակադարձեց` ասելով, որ, եթե քաղաքացիական գործընթացներն օրենքը չեն խախտում, ապա մարդկանց իրավունքն է այդ ձևով իրենց բողոքն արտահայտելը, բայց եթե դրանք դառնում են ապօրինի, ինքը դեմ է դրանց, քանի որ դեմ է ցանկացած ապօրինության:

«Ցանկացած մարդ կարող է դիմել սահմանադրական դատարան և պաշտպանել իր իրավունքները, ոչ թե բունտ անել», – ասաց Մանվել Բադեյանը: Սա ծիծաղ առաջացրեց Անուշ Սեդրակյանի մոտ, ով պարզապես փորձեց հիշեցնել, թե որքան չակերտներ կան մեր «անկախ դատական համակարգ» ասվածի մեջ: «Ի վերջո` բունտ ասվածը միայն արյունալի հեղափոխությունը չէ: Օրինակ` եթե մարդիկ արտագաղթում են, դա ևս սոցիալական բունտի տեսակ է», – հիշեցրեց Անուշ Սեդրակյանը:

Ազատամարտիկ. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88- ին, էլի լինի»

gurgen nazaryanԳուրգեն Նազարյանը Աֆղանստանում ծառայած ու կռված մարտունեցիներից առաջինն էր, որ 1988-ին անդամագրվեց  «Հայ դատ»  հասարակական քաղաքական ՀԿ-ին ու միացավ Ղարաբաղյան շարժմանը:

«Պատերազմ տեսել եմ 18 տարեկան հասակում, Աֆղանստանում: Երբ շարժումը սկսվեց, ասի` ո՞նց, ուրիշի հողի համար գնամ կռվեմ, իսկ իմ հողի համար զենք չվերցնե՞մ»,-  հիշում է շարժմանը միանալու իր  որոշման մասին:

Սկզբում Վարդենիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում մասնակցել է  սահմանների պաշտպանությանը, ապա Արցախի ազատագրման համար է պայքարել հինգերորդ  գումարտակի կազմում: Նազարյանը կռվել է հիմնականում Մարտակերտի տարածքում` մասնակցելով Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը: Հիշում է, որ սկզբնական շրջանում զենք անգամ չկար, թշնամու դեմ պայքարում էին որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով, բայց, չնայած դրան, «կռվել ենք ու մեր հողն  ազատագրել` առանց վախենալու և ընկճվելու»:

Իր մարտական ընկերների հետ հաճախ է  փոխանակել Աֆղանստանում ձեռք բերված ռազմական փորձը, իր խորհուրդներով օգնել նրանց հաղթահարել վախը:

«Պատերազմի ժամանակ, եթե տեսնում ես կողքինդ սրտով տղա է, պետք եղած ժամանակ կրակում է, կողքիդ է, քեզ  ակտիվ ես զգում, վախի զգացումը նահանջում է, իսկ եթե կողքիդ ընկերը թաքնված է, չի ուզում կրակել կամ հարձակման ժամանակ հետ է մնում, քեզ  էլ վստահ չես զգում, վախի մթնոլորտ է առաջանում»,- ասում է նա:

53-ամյա Նազարյանը պատերազմի մանրամասները հիշել չի ցանկանում, ասում է` չի սիրում նաև, երբ կողքիններն են պատերազմից պատմում. «Միշտ ասել եմ` մեկ Աստված գիտի, մեկ թուրքը, մեկ էլ մենք, թե ինչ է կատարվել: Եթե սիրում ես հայրենիքդ, նվիրված ես, հաստատ չես վախենում, սրտով կռվում ես, հատկապես որ կամավոր ես գնացել»:

Նազարյանը նաև այսպես է բացատրում, թե ինչու չի սիրում պատմել իր անցած ուղու մասին. « Հայրենասեր մարդը,  հետագայի մասին չմտածող կռվող տղեն կյանքում չի գա էստեղ ու գոռա, թե էս եմ արել, էն եմ արել: Ընենց տղերք են զոհվել, հազար ափսոս, ինձանից հազար անգամ լավ տղերք: Նայելով էն տղերքին, նրանց տված կռվին, էսօր ո՞նց կարամ մոռանամ  նրանց ու ասեմ` էս եմ արել, էն եմ արել: Ինչ արել եմ, իմ հող ու ջրի համար եմ արել»:

Հիշելով ազատամարտի  տարիները, երբ հայկական կողմը բավարար քանակությամբ զենք չուներ, ադրբեջանցիներին զիջում էր նաև մարդկային ռեսուրսներով, բայց միևնույն է, հաղթեց, Նազարյանն ասում է, որ գլխավոր գործոնը միասնականությունն էր. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88-ին, էլի լինի: Բոլորով մեկ բան էինք  ուզում. ժողովուրդը մեկ մարդու պես պահանջում էր անկախություն և հողերի ազատագրում, այդպես էլ եղավ»: Նրա խոսքով` հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբում բոլորն էին ուզում հայրենիքին մի բանով օգնել, պայքարել, անգամ վիճում էին մարտի գնալու համար (պատահում էր, որ պահանջված թվից ավելի մարդիկ էին ցանկանում մեկնել):

«Այն  ժամանակ հայրենասիրությունը բոլորի մեջ կար: Գուցե կային մարդիկ, որ վախենում, զենք չէին վերցնում, բայց հաստատ հայրենասեր էին:  Այսօր նույնը չեմ կարող ասել,- ասում է նա:- Մենք գիտեինք  մեր պատմությունը, թե ոնց են թուրքերը ջարդել հայերին, թասիբը մեր մեջ եռում էր, ուզում էինք վրեժ լուծել»:

Երբ պատերազմն ավարտվում է հայերիս հաղթանակով, Նազարյանը հայրական օջախ է վերադառնում, էլի ձեռքն է առնում բահն ու գերանդին ու շարունակում գյուղացիական աշխատանքով ապրուստ ստեղծել և դաստիարակել երեխաներին, որոնց թողել էր հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:

2008-2013 թթ. ղեկավարել է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի  Մարտունու տարածքային կառույցը, այս տարի, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարվել է պարտականություններից: Այժմ աշխատում է  էլեկտրացանցում:

Ասում է, որ երբեք որևէ մեկից որևէ բան չի պահանջել և չի պահանջելու. «Համարել եմ, որ հայրենիքն  իմ օջախն է, ելել եմ պաշտպանելու: Գնամ իմ ընտանիքի՞ց ինչ-որ բան պահանջեմ, չէ, ընտանիքը հարգում է, չի հարգում, ինքը գիտի, ինձնից հասանելիքը ես արել եմ: Կռվող տղեն երբեք հետ չի նայել, հետագայի մասին չի մտածել, նրան  պետք է եղել, որ հողն ազատագրի ու վրեժ լուծի թշնամուց, մնացածը թող հայրենիքը մտածի»:

Ասում է, որ ազատամարտիկի համար ամենակարևորը հարգված լինելն է, երբ կա հարգանք, էլ ուրիշ ոչինչ պետք չէ. «Չեմ ասում, որ պետությունը ազատամարտիկին պիտի ամեն ինչով ապահովի, ոչ, ուղղակի հարգանք է պետք: Ափսոսում եմ, որ երիտասարդ սերունդը, տեսնելով զոհվածների  և ազատամարտիկների ընտանիքների վիճակը, կարող է հիասթափվել էս հող ու ջրից, հայրենիքից: Հատկապես զոհվածների ընտանիքներին պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի»:

Ասում է, որ հիասթափության հիմնական պատճառն անարդարությունն է, այն, ինչ չկար 1988-ին, երբ բոլորը կողք կողքի նույն բանն էին պահանջում և նույն վիճակում էին:

Այսպես, օրինակ` Աֆղանստանում ծառայությունից հետո Նազարյանը տնամերձ հողատարածք է ստացել, որը և ընտանիքով մշակել է: Սակայն պատերազմից վերադառնալուց հետո պարզել է, որ հողն այլևս իրենը չէ. այն սխալմամբ են հատկացրել, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ անցներ: Փոխարենը իրեն այլ հողատարածք են հատկացրել, բայց արդեն վարձակալական հիմունքներով: Կիլոմետրերով հայրենի հող ազատագրած ազատամարտիկն ասում է, որ մեկ-երկու անգամ պահանջել է իրեն հատկացնել հասանելիք հողը, բայց ապարդյուն, ինքն էլ այլևս չի շարունակել պայքարը:

Չնայած այս ամենին, Նազարյանը կարծում է, որ ամեն մարդ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում: Նա երիտասարդներին կոչ է անում մնալ իրենց հայրենիքում, քանի որ ուր էլ գնան, միևնույն է, հողին այնպես ամուր չեն կարողանա կանգնել, ինչպես իրենց պապերի հայրենիքում:

 

Վարորդների երթ-հանրահավաքը հետաձգվել է. Բեգլարյանը գործադրել է քավոր-սանիկ դիվանագիտությունը

big_1a725948eԱվտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես կասեցվել է այսօր՝ օգոստոսի 26-ին նշանակված ավտոերթ-հանրահավաքը, որին պատրաստվում էին մասնակցել տաքսի ծառայության և երթուղային տրանստպորտի մոտ երկու հազար վարորդներ: Վերջիններս պահանջելու էին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, քանի որ, ըստ իրենց, նախարարությունը մատնված է անգործության, չունի ոլորտի վերաբերյալ հայեցակարգ, որի պատճառով էլ իրավիճակը ծայրահեղ բարդացել է:

Թե ինչու է ավտոերթ-հանրահավաքը հետաձգվել, Տիգրան Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գագիկ Բեգլարյանը օրեր առաջ դիմել է իր հարազատներից մեկին՝ ասելով, որ ինքը գտնվում է արտերկրում՝ արձակուրդի մեջ և իր վերադարձից հետո կհանդիպի Տիգրան Հովհանիսյանի հետ՝ քննարկելու տրանսպորտի ոլորտի խնդիրները:

Այսօր՝ ամսի 26-ին, Բեգլարյաննն արդեն աշխատանքի է վերադարձել: Սակայն առայժմ հանդիպումը չի կայացել:

archive2.ankakh.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Տիգրան Հովհաննիսյանի քավոր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջոցով է իր առաջարկը փոխանցել, ինչը Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Սակայն երևում է՝ միջնորդությունը շատ ազդեցիկ է եղել, որ Հովհաննիսյանը որոշել է կասեցնել հազարավոր վարորդների մասնակցությամբ երթը:

Այժմ սպասվում է Բեգլարյանի հետ կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Տիգրան Հովհաննիսյան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պահանջում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և Երևանի քաղաքապետարանից երթ-հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 26-ին:

 

 

 

 

 

 

 

Բիզնես-շահերի պաշտպան` Երևանի քաղաքապետարան…

վճարովի ավտոկայանատեղՎերջին երկու տարում Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի նախաձեռնությամբ մի շարք զարգացումներ եղան Երևանում, որոնք կասկածի տակ են առնում «քաղաքապետարան» ինստիտուտի գործունեության տրամաբանությունը, եթե չասենք` հակասում են:

Առաջին դեպքը Մաշտոցի պուրակն էր, որտեղ քաղաքապետարանը քաղաքացիների` հանրային տարածք հանդիսացող այգու հաշվին ուզում էր «լավություն անել» որոշ ձեռներեցների: Այս դեպքը, բարեբախտաբար, դրական ելք ունեցավ` շնորհիվ «Տարո՛ն ջան, սիրուն չի» թևավոր խոսք դարձած արտահայտության: Բայց քաղաքապետարանը կարծես չհաշտվեց պարտության մտքի հետ ու նախաձեռնեց մեկ այլ աղմկահարույց միջոցառում` հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը: Այս դեպքում էլ քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը հիմնված էր այն «փաստարկների» վրա, որ գծատերերը` գործարարները, «վնասով են աշխատում»: Ուզենք թե չուզենք, ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ստանձնում է մասնավոր հատվածի շահերի պաշտպանի դերը, չնայած բոլոր նորմալ մարդակենտրոն հասարակություն ունեցող և ժողովրդավարական չափանիշներով շարժվող երկրներում պետական կառույցները, առավել ևս` տեղական ինքնակառավարման մարմինները, աշխատում են հանրային շահերի պաշտպանության տրամաբանությամբ, ոչ թե մասնավոր ընկերությունների, անհատ ձեռներեցների շահույթ ստանալու նպատակների արդարացման մղումով…

 «Անկախը» բազմիցս է անդրադարձել տրանսպորտին, հատկապես հասարակական տրանսպորտին առնչվող խնդիրներին ու նշել, որ հանրային տրանսպորտը պետք է ծառայի հանրության տեղաշարժի` տեղափոխման նպատակներին, ու այս ոլորտում քաղաքապետարանը պետք է առաջնորդվի ոչ թե գծատերերի «վնասները» ծածկելու պարտավորությամբ, այլ հասարակական տրանսպորտով մարդկանց տեղաշարժը քաղաքակիրթ կազմակերպելու մղումով: Գոնե այդպիսի քաղաքակիրթ ծառայությունների մատուցման մթնոլորտ պետք է ստեղծի իր որոշումներով:

Իսկ եթե քաղաքապետարանի աշխատակիցները չգիտեն, թե դա ինչպես պետք է անել, ապա հեռու գնալու հարկ չկա, կարելի է կազմակերպել մեր պաշտոնյաների «ճանաչողական ուղևորությունը» հարևան Վրաստան ու պահանջել, որ վերադարձին նրանք շարադրություն գրեն «Վրաստանն իմ աչքերով» դպրոցական թեմայով: Հավանաբար այդ դեպքում կտեսնեն, որ քաղաքակիրթ երկիր կառուցել ցանկացող պետություններում առաջին հերթին մարդակենտրոն կառավարում է իրականացվում, մարդն է համարվում գերագույն արժեք, ու հանրային ծառայություններն  էլ մատուցվում են մարդկանց,  և ոչ հակառակը…

Երրորդ «դեպքը», որ դեռ «Մաշտոցի պուրակի» կամ «150-դրամանոց տրանսպորտի» հնչեղություն չի ստացել, մայրաքաղաքի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի հարցն է: Ինչպես գիտենք, Երևանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ի` N561-Ն որոշման համաձայն, Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում պետք է կազմակերպել ավտոկայանատեղեր:

Էլի «Հանրության քթերից` հանուն  մասնավորի գրպանի» մեխանիզմ

Մի խոսքով, ավտոկայանատեղիի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Բայց Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական  անձանց, որոնք գանձում են տուրք Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Այդ կայանատեղիների համար սահմանվեցին անհրաժեշտ կահավորանքի չափանիշները, թե ինչ տեխնիկական պարամետրեր պետք է ունենան, ու սկսվեցին կայանատեղիները «առանձնացվել»` կարմիր ներկով գծանշվել: Այս վճարովի ծառայության համար, բնականաբար, սահմանվեց նաև կայանման տուրքի չափը, վճարման ձևերը և այլն: Ըստ այդմ` ավտոկայանատեղիի կազմակերպիչը տուրքը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:

Երևանի ավագանու որոշման համաձայն` ավտոկայանատեղիի համար սահմանվել են հետևյալ դրույքաչափերը. մեկ ժամի համար` 100 դրամ, ընդ որում, կայանելու պահից մինչև 5 րոպե տուրք չի գանձվում, մեկ օրվա համար` 500 դրամ, – մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, ամսվա համար` 2000 դրամ և մեկ տարվա համար` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 12 000 դրամ: Ժամը 24:00-ից մինչև 9:00-նն էլ կայանելու դեպքում տուրք չի գանձվում:

Վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով և ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Ավտոկայանատեղիների կազմակերպման նոր գործընթացի համաձայն` տուրքը վճարվելու է անկանխիկ` Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն կայանատեղիներում առկա տեղեկատվական ցուցանակների վրա:  Տուրքը չվճարելու դեպքում կկազմվի հատուկ արձանագրություն և վարորդից կգանձվի 5000 դրամ տուգանք, իսկ 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում, ատոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի, որի դեպքում ևս նախատեսվում է տուգանք օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական տուրք չվճարելու և մեքենան հատուկ տարածքում պահպանելու համար:

Ինչո՞ւ քաղաքի կառավարումն էլ չհանձնենք մասնավոր հատվածին

Մի խոսքով, քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց,  և «պարզ դարձավ», որ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղիների կառավարումն ու սպասարկումը պետք է իրականացնի «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը:

Երևանի կենտրոնական փողոցներում ավտոկայանատեղիների կազմակերպումն առաջին հայացքից  քաղաքակիրթ է երևում: Համենայն դեպս, շատ քաղաքակիրթ երկրներում է նման փորձ կիրառվում: Բայց մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Օրինակ` վճարման ձևերից ու չափից երևում է, որ կայանման համար գանձվող գումարները չեն ուղղվելու քաղաքային բյուջե, դրանք տնօրինելու է մասնավոր ընկերությունը, որը, բնականաբար, շահույթ ստանալու նպատակով է առաջնորդվում: Իսկ քանի որ մեր քաղաքապետարանն արդեն հասցրել է մասնավոր հատվածի շահերի համար աննկուն պայքարողի համբավ ձեռք բերել, այս անգամ էլ սակագները սահմանելիս առաջնորդվել է հենց «Փարկինգ սիթի սերվիսի» շահերից: Որովհետև կայանման համար գանձվող գումարները, ըստ գանձման ձևի, ֆինանսական միջոցների միանվագ հավաքում են ենթադրում: Իսկ գումարների միանվագ հավաքումը բխում է ընկերության շահերից, քանի որ նվազեցնում է կայանատեղիների սպասարկման ծախսերը, այս դեպքում նվազում են վճարումների վերահսկողության համար կատարվող ծախսերը: Բացի այդ, վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպող ընկերությունը ծախսերը հոգալու է ոչ միայն հավաքվող գումարներից, այլև քաղաքային բյուջեից, և այդ միջոցները հատկացվելու են քաղաքապետարանի բյուջեի «համայնքների պահուստային ֆոնդից»:

Ստացվում է, որ հարկատուների վճարած հարկերի միջոցով կառուցված փողոցներում, որոնք նույնպես հանրային սեփականություն են, քաղաքապետարանի որոշմամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչը շահույթ հետապնդող գործունեություն է իրականացնելու, դեռ մի բան էլ նույն հարկատուների մուծած հարկերից ու տուրքերից նրան լրացուցիչ գումարներ են տալու, որ կարողանա վնասով չաշխատել:

Հենց սրա վրա քաղաքակիրթ երկրներում մի կուշտ կծիծաղեն: Որովհետև չեն հասկանա, թե ինչո՞ւ պետք է հենց քաղաքապետարանը չկազմակերպի վճարովի ավտոկայանատեղիները, ինչու պետք է դրանց համար մուծված գումարները հոսեն մասնավորի գրպանը, դեռ մի բան էլ քաղաքային բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացվեն մասնավորին` հանրային սեփականությունը շահույթ ստանալու նպատակով օգտագործելու համար: «Միջոցների բացակայության պատճառով»,- կփորձեն պարզաբանել պարոնայք չինովնիկները: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ քաղաքապետարանն էլ չդարձնենք օֆիս ու քաղաքի կառավարումն էլ չհանձնենք շահույթ հետապնդող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին…

Հուսանք, որ գոնե ապագայում Հայաստանն այնպիսի երկիր կդառնա, որտեղ պետական կառույցները կզբաղվեն ոչ թե մասնավոր հատվածի շահերի պաշտպանությամբ, այլ իրենց անմիջական պարտականություններով` հանրային շահերի գերապատվությամբ ու պաշտպանությամբ: