ԱԳ նախարարի տեղակալը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր

big_b8cc0b31a6782cb8253addc52b25e98a

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դրագանա Ռանկովիչի հետ` օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հարցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Փոխնախարար Հովակիմյանը կոչ է արել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը հարցի առնչությամբ գործադրել ավելի ակտիվ միջնորդական ջանքեր՝ կարեւորելով Բաքվում ԿԽՄԿ պատվիրակության հետ սերտ համագործակցությունը:

Իր հերթին տիկին Ռանկովիչը հայտնել է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության կողմից կազմակերպության մանդատի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քայլեր` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչների կողմից հայ զինվորին այցելելու թույլտվություն ստանալու նպատակով:

ՏԻՄ-երի տեղեկատվայնացման hայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ՏԿՆ-ում

3552_bՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» hայեցակարգի նախագծի քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանների եւ համայնքապետարանների, շահագրգիռ մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՏԿՆ 2013թ. միջոցառումների ծրագրով եւ ուղղված է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը:

Փաստաթուղթը պատրաստվել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի կողմից` «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ ղեկավար Գրիշա Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ նախագծում նկարագրված է Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման եւ համայնքներում տեղեկատվական հասարակության ձեւավորման hետ կապված ներկա իրավիճակը, ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները եւ վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձեւավորված առաջարկությունները: Ըստ հեղինակների` դրանք կօգնեն ուսումնասիրվող ոլորտում որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաեւ կարող են դրվել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

ՏԿՆ աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների եւ կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը ներկաներին տվյալներ ներկայացրեց համայնքներում տեղեկատվայնության ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Փաստաթղթի ներկայացումից հետո շահագրգիռ քննարկում ծավալվեց: Մասնակիցները հանդես եկան դիտարկումներով ու առաջարկություններով: Վերջնական լրամշակումից հետո նախագիծը ՏԿՆ կողմից կներկայացվի կառավարություն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Պատահարներ

ավտոպատահարՎրաերթի է ենթարկվել տարեց կին

Օգոստոսի 15-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա մի կին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ Զ. Սարկավագի փաղոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարո Մ.-ն, վարելով իրեն ամրակցված թիվ 47 երթուղու «Հունդաի» մակնիշի ավտոբուսը, Զ. Սարկավագի փողոցի թիվ 106/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Առատաշեն-Արմավիր ճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում,  Առատաշեն-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին  «Մերսեդես Ե-230»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արմավիր-Մեծամոր ճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Միջադեպ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում  ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 1988 թ. ծնված   Արայիկ Ս.-ին, 1988 թ. ծնված Բորիս Ս.-ին, 1988 թ. ծնված Կամո Գ.-ին, 1988 թ. ծնված Ռուբեն Գ.-ին և 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, վերջիններս, ալկոհոլ օգտագործած վիճակում,   նշված վայրում ճանապարհը փակելով` փորձել են կանգնեցնել 1952 թ. ծնված Աբով Հ.-ի  վարած «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի  ճանապարհը, որից հետո հարվածել են ավտոմեքենային, ծեծի ենթարկել վարորդին և տվել   հայհոյանքներ:
Աբով Հ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Դիլիջանում վրաերթի է ենթարկվել 5-ամյա երեխա
Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի  ճակատային շրջանի պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, որտեղ նրա ծնողները բանավոր հայտարարել են, որ երեխան  վնասվածքը ստացել է բարձրությունից անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 22.20-ին, բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ և  հայտարարել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի մոտ  երեխային վրաերթի է ենթարկել ինքը` իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:

Մոտոցիկլետը բախվել է երկաթգծի կամրջի հենասյան պատին

Օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «Հոնդա»  մակնիշի մոտոցիկլետ է  բախվել   երկաթգծի կամրջի հենասյան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այրվել է անասնագոմի տանիքն և պահեստավորված խոտը

Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Կապանի  բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.20-ին, հրդեհ է բռնկվել  Գոմարան գյուղում գտնվող մի անասնագոմում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.30-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքն ամբողջությամբ և պահեստավորված 250 հակ չոր  խոտը:
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է անասնագոմի տանիքում գտնվող էլեկտրական  լարերի կարճ միացումից առաջացած էլեկտրական աղեղից, ինչի հետևանքով պատճառվել է 1.110.000 դրամի նյութական վնաս:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից  16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1,  խարդախության`   21 և  խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու  3   դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

3593_bՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

3594_bՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:

 

Ընդվզումները չեն դադարելու. գնալով շատ երկրներ կներգրավվեն ՏԶՐՈՒԿՆԵՐԻՑ ազատվելու գործին

AdamyanԴերասան Աշոտ Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է.

“Վերջին տարիներին աշխարհով մեկ սկիզբ առան ժողովրդական ընդվզումներ…
Ամեն երկիր յուրովի է դա անում և դա հասկանալի է՝ զարգացման տարբեր աստիճաններ, մշակութային և կրոնալկան տարբերություններ…

Ու որքան էլ հաշվի առնենք տարբերությունները, միևնույն է, բոլոր շարժումները միավորվում են մի ընդհանուր դրդապատճառով՝ նոր աշխարհակարգի պահանջ…
,,Ոսկե միլիարդի,, ձևավորած համակարգերն այլևս ի զորու չեն կառավարել աշխարհի բոլոր բարիքներին տիրանալու իրենց անհագ ցանկությունները…

Իրենց իսկ կողմից ստեղծված ,,դրվածքները,, քայքայվում են ներսից… բայց նրանք պատրաստ են ՀԻՆԸ պահպանելու համար կատաղի պայքար մղել…
Մարդիկ դա ոչ միայն տեսնում են, այլև զգում սեփական կաշվի վրա…

Ընդվզումները չեն դադարելու… հակառակը, գնալով ավելի ու ավելի շատ երկրներ կներգրավվեն ՏԶՐՈՒԿՆԵՐԻՑ ազատվելու գործին”:

Հայազն Կուսակցության հայտարարությունը` ընթերցված հուլիսի 15-ին Ազատամարտիկների հանրահավաքում

Հայազն ԿուսակցությանՏևական ժամանակ է, ինչ դուք` Արցախյան պատերազմի մասնակիցներդ բողոքի շարժում եք ծավալել Ազատության հրապարակում:
Ի սկզբանե սոցիալական բնույթի պահանջներն այսօր արդեն համաժողովրդական են դարձել: Դա անխուսափելի էր, քանզի կամավորական ազատամարտիկին այնքան էլ վայել չէ որևէ մեկից ինչ-որ բան խնդրել, այն էլ ներկա իշխանությունից, այն էլ միայն իր համար: Կամավորականն ու զինվորը ինքը պետք է հոգա ընդհանուրի հոգսը, ինքը պետք է լինի երկրում խնդիր լուծողը: Իսկ մեր ազգի առջև ծառացած և հրատապ լուծման կարող խնդիրները անչափ շատ են կուտակվել:
Իշխող վարչախումբը, օլիգարխներով շրջապատված նախագահական պալատը, սնանկ կառավարությունը ունակ չեն դրանք լուծելու ոչ թե գիտելիքի կամ արհեստավարժության, այլ հայկականության ու սրտացավության պակասի պատճառով, օտարամոլության ու նյութապաշտության պատճառով, ազգային ներուժին չհավատալու պատճառով: Իսկ դուք՝ ազատամարտիկներդ, մեկ անգամ արդեն ապացուցել եք ձեր հավատը հայոց ներուժի հանդեպ ու հաղթել անհավասար կռվում: Այսօր էլ, եթե առիթ լինի, կհաղթենք: Սակայն թիկունքում նման իշխանություն ունենալով հաղթելը գրեթե անհնար է: Ժամ առաջ մենք պետք է ազատվենք սեփական ժողովրդին կեղեքող ու երկրից օտարող, ամեն ինչ զիջող, սրա նրա փեշի տակ ապահովություն փնտրող քաղաքական վերնախավից:
Միայն ազատամարտիկները չեն, որ այսօր սոցիալական անարդարության զոհ են: Ողջ ժողովուրդն է այդ վիճակում`ուսանող թե թոշակառու, աշխատող թե գործազուրկ, մտավորական թե մանր գործարար, արտագաղթող թե հայրենադարձվող: Բայց սոցիալական հարցերի լուծման բանալին պետականության ճգնաժամը հաղթահարելու մեջ է, երկրի քաղաքական ընթացքը կտրուկ փոխելու մեջ է, ազգային մեծ նպատակներ ու հեռահար ռազմավարություն ունենալու մեջ է, իսկ այս ամենն անհնար է առանց ազգային հեղափոխության: Ազգային հեղափոխությունն էլ անհնար է առանց պայքարին պատրաստ կամավորների, առանց Ազատամարտի փորձված վետերանների ու նրանցից օրինակ վերցնող, նրանց կողքին պայքարող երիտասարդ սերնդի:
Մենք հավատում ենք ազգային վերածննդին ու մեր հաղթանակին:
Մենք Ձեր կողքին ենք:

 

ՊՆ գնդապետը երթևեկության կանոնները խախտում է անգամ «գայի» տեսուչի ներկայությամբ

Mo5SiC7nOtIAoZNUP5aj_tnՃանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք միայն այս տարի տեղափոխվել են մեծ թվով գոլդ համարանիշներով արտասահմանյան մակնիշի բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց տերերն ու վարորդները հիմնականում եղել են պետական և ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Խախտումները հիմնականում լինում են վարորդների կողմից ամրագոտի չկապելու, արագության գերազանցման ու հեռախոսով խոսելու, որոշ դեպքերում էլ հանդիպակաց երթևեկելու հետ կապված:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով:

Բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երթևեկում ամրագոտին կապած`այն էլ, երբ նստած է լինում վարորդի կողքին, այլ ոչ թե ավտոմեքենայի ետևի նստատեղում:

shamshyan.com

Այս խեղճ չեկիստին չանդրադառնալու իրավունք չունեմ. Պարույր Հայրիկյան

Paruyr HayrikyanԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է.

«Այս խեղճ չեկիստին չանդրադառնալու իրաւունք չունեմ։ Խեղճ, որովհետեւ այդպէս էլ չհասկացաւ, որ չեկիստների ժամանակն անցել է, որ հայ ժողովուրդը Հայրիկեանի նախանշած հանրաքուէով 1991թ.-ին պատմութեան աղբանոց է ուղարկել իր նման ազգի դաւաճաններին։

ИА REGNUM » Новости » Экс-председатель КГБ Армении:…

Экс-председатель КГБ Армении: “Кому нужен этот Паруйр Айрикян?”
Паруйр Айрикян не представлял никакой опасности для государства в период своей так называемой диссидентской деятельности. Об этом корреспонденту ИА REGNUM заявил экс-председатель КГБ Армении генерал-майор Валерий Бадамянц, комментируя обвинения кандидата в президенты Армении Паруйра Айрикяна о том, что к покушению на него 31 января могут быть причастны сотрудники спецслужб бывшего СССР.

“Это какой-то маразм. Кому нужен этот Паруйр Айрикян? Это никчемная личность, которая демагогией и измышлениями пыталась приобрести какой-то имидж. Более того, он не представлял никакой ценности и для тех, кто в те годы боролся за независимость Нагорного Карабаха. Наоборот, своей не вполне адекватной болтовней он даже вредил этому движению”, – сказал генерал-майор Бадамянц. По его словам, Айрикяна просто выдворили из страны. “Его даже никто брать не хотел. Отправили в итоге в Эфиопию – в августе 1988 года”, – сказал экс-руководитель спецслужб бывшей Армянской ССР.

Լինելով ազգի ժառանգական դաւաճանականութեան բացառիկ նմուշ (Նրա հայր կագէբէ-ի գեներալ լեյտենանտ Բադամեանցի պաշտոնավարման ժամանակ են բռնադատուել ու Սիբիր քշուել եոթ հայրենասերները, Յակոբջանն ու նրա եոթ ընկերները, Յանուն հայրենիքի կազմակերպութեան 8 ղեկավարները, ԱՄԿ հիմնադիրները, ես ու չորս ընկերներս եւ այլն ) նա իմ վրայ արձակուած կրակոցներից խանդավառուած որոշել է ի ցոյց դնել իր չեկիստական էութեան նաեւ անմակարդակութիւնը։ Ասում է՝ Кому нужен этот Паруйр Айрикян? Ճիշտ ես, չեկիստ, այդ էր մնացել, որ պարզունակ կագէբէշնիկին ես պէտքական թուայի։ Յաջորդը՝ Это никчемная личность, которая демагогией и измышлениями пыталась приобрести какой-то имидж. Այդ դէպքում ինչու՞ էիք 17 տարուց աւելի բանտերում պահում կամ ինչու՞ էիք արտաքսում եւ վերջապէս, ինչու՞ էիք պաշտոնապէս՝ դատախազութեան ու Գերագոյն դատարանի մակարդակով ներողութիւն խնդրում ինձնից 1990 թ.-ին։ Շարունակութիւնը՝ Более того, он не представлял никакой ценности и для тех, кто в те годы боролся за независимость Нагорного Карабаха. Наоборот, своей не вполне адекватной болтовней он даже вредил этому движению”. Կասէի, թէ սա արդէն անիրազեկութիւն է, բայց կագէբէ-ի նոյնիսկ ամենաանմակարդակ պաշտոնեաները իրազեկուած էին, ուրեմն խօսք կարող է լինել սովորական բոլշեւիկեան սակաւամտութեան մասին։ Ինձ վերջին անգամ կալանաւորել են1988-ի մարտին եւ արտաքսել նոյն տարուա յուլիսին։ Մինչեւ 1991 թ. խօսւում էր միայն Արցախի միացման եւ ոչ երբեք անկախութեան մասին։ Հիմա կարծես աւելի քան ակնյայտ է, որ գործ ունենք իրապէս թեթեւամիտ չեկիստի «բոլտավնիայի» հետ։ Սա նաեւ մոռացել է, որ Հայրիկեանի արտաքսումից յետոյ ինքն անձամբ էր «սովերշեննո սեկրետնո» մակագրութեամբ տեղեկութիւններ փոխանցում Մոսկուայի դրածո իր ղեկավարիկներին, այն մասին թէ ինչով է զբաղուած արտասահմանում արտաքսուած Հայրիկեանը։ Ձեռքի հետ էլ հպարտանում էր սփիւռքի գործակալներով՝ որոնք դէմ էին Հայրիկեանի ծայրահեղական գաղափարներին՝ Հայաստանի անկախութեանը… “Его даже никто брать не хотел. Отправили в итоге в Эфиопию – в августе 1988 года”, – сказал экс-руководитель спецслужб бывшей Армянской ССР. Հայ ժողովրդի իրաւունքները բռնադատողների միջակ սպասաւորը իրեն հարց լուծող է երեւակայում։ Ինքն ո՞վ էր, որ Գորբաչովի, Ռեյգանի, Մնտերանի մակարդակով քննարուող խնդիրներում հարց լուծեր։ Պարզւում է այս խեղճին «զինուորիկի՝ պեշկայի» դեր էլ չեն վերապահել։ Ինձ ընդունելու պատրաստակամութիւն էին յ այտնել ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ բազմաթիւ այլ երկրներ։ Այդ ես էի չեկիստներին զրկել ինձ արտաքսելու հնարաւորութիւնից. որովհետեւ գիտեի, որ աշխարհի բոլոր երկրները այլ պետութեան քաղաքացու ապաստան, մանաւանդ քաղաքական ապաստան տրամադրում են միայն այդ քաղաքացու խնդրանքով։ Իսկ ես չէի խնդրում, եւ Բադամեանցի պետերը կորցրել էին գլուխները։ Եթովպիան պարզապէս այդ պահին այն երկիրն էր, որտեղ պատերազմի պայմաններում այնքան էլ բծախնդիր չէին բարեկամ ԽՍՀՄ-ից յատուկ ինքնաթիռով ժամանած պատուիրակութեան նկատմամբ։

Գիտե՞ք, ինչու է այս աստիճան թեթեւսոլիկացել այս չեկիստիկը. ..Ողորմելին կարծել է, թէ իմ վերջն եկել է, որ իրենց տղերքը աւարտին կհասցնեն իրենց սկսածը ու ինքը կարող է անպատիժ ու անպատասխան հերիւրանքներ տարածել։
Եւ վերջում, բրեժնեւացած Բադամեանցին եւ նրա զազրախօսութիւնների դաշտում յայտնուած մարդկանց յորդորում եմ պարզապէս դիտել ԽՍՀՄ ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՍԵԱԼԸ (22 րոպէ), ինչպէս նաեւ ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ եռամաս վաւերագրական շարժանկարները»:

Ո՞վ է ուզում հեռացնել հրապարակի եղևնիները

26 009Ինչպես տեղեկացրել էինք ankakh-com-ի ապրիլի 30-ի “Գյումրու հրապարակի եղևնիները կտեղաոխվե՞ն, թե՞…” հոդվածում, առաջ էր քաշվել Գյումրու Վարդանանց հրապարակի եղևնիների տեղափոխման հարցը: Գյումրու “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում: Մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք: Պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցակացվեց իրական հանրային քննարկում, որտեղ մարդիկ հայտնեցին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ և բերեցին դրանց հիմնավորումները: Մասնավորապես հնչեցին իրարամերժ կարծիքներ. ոմանք կողմ էին եղևնիների հեռացմանը, ոմանք` ոչ: Քննարկումը նախագահող փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը նշեց, որ եղևնիների տեղափոխման հարցն առաջ են քաշել ինչպես մի շարք քաղաքացիներ, այնպես էլ իրավաբանական կառույցներ` մատնանշելով “Հայէկոնոմբանկ”-ին: Սակայն հանրային քննարկմանը բանկից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում:

Ի դեպ, հրապարակն այս եղևնիներից ազատվելու համար քննարկումներ կատարվել են նաև նախկին քաղաքապետի օրորք` մի քանի անգամ:

Կազմակերպվել էր նաև առցանց հարցում` քաղաքապետարանի պաշտոնական կայքում, օգոստոսի 9-14-ը: Հարցը` “Համաձա՞յն եք արդյոք, որ հրապարակի եղևնիները փոխարինվեն այլ դեկորատիվ միջոցներով”, հավաքել էր գրեթե հավասար ձայներ. մասնացկել էր 1026 մարդ, որից կողմ էին քվեարկել 48.7%-ը, դեմ` 51.3%-ը:

Քաղաքապետարանը հանրային քննարկման համար հարցը ձևակերպվել է, ոչ թե կտրել ծառերը, այլ` տեղափոխել, որպեսզի բացվի հրապարակի տեսքը, երևան շենքերը:

“Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր ելույթում նշեց. “Որքան հիշում եմ վերջին 10 տարին` նման քննարկումներ եղել են: Կարծում եմ, քաղաքի համար այս պահին էական չէ անդրադառնալ հրապարակին: Հրապարակն արդեն նորմալ վիճակի բերված է և պետք է անցնենք քաղաքի ծայրամասերին, տնակային ավաններին, ահավոր վիճակ է: Եվ ծախսեր, քննարկումներ անենք այդ թաղամասերն ու փողոցները վերականգնելու համար”:

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը, սակայն, հակառակ կարծիքին էր. “Երբ հյուրեր են գալիս մեր հիմնարկ, անպայման բերում ենք հրապարակ և բոլորը միաբերան ասում են, որ եղևնիները նախ իրենք էդպիսի տեսք չունեն, երկրորդ` փակում են հրապարակի գեղեցկություն հանդիսացող երկու եկեղեցիները”:

Այս տեսակետըկիսում էր նաև քանդակագործ Արտուշ Պապոյանը. “Ես գտնում եմ, որ եղևնիները քաղաքի համար հարիր չեն: Ձեզ տուրիստի տեղ դրեք և պատկերացրեք, գալիս եք Գյումրի, ապրում հյուրանոցում, պատուհանը բացում և եղևնի եք տեսնում: Չի ասվում, թե եղևնին հանել տեղը ոչինչ չանել. կան բազմաթիվ դեկորատիվ ծառեր”:

Իսկ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյան, որ ապրում է եղևնիներին շատ մոտ` նկատեց. “Երևի դուք էդքան չեք նայում եղևնիներին, ինչքան ես: Իմ տան դրվածքն էնպիսին է, որ ես ինչքան դուրս եմ գալիս պատշգամբ` եղևնիներն եմ տեսնում: Ես սիրում եմ այդ եղևնիները, չեմ կարող ինչ-որ ձևով ասել, որ եղևնիները չպետք է լինեն: Եվ հետո, “Կումայրի” հյուրանոցի շենքը էդ ինչ մի ճարտարապետական կոթող է իր փոքր պատուհաններով, որ եղևնիները խանգարում են”:

Շիրակի թեմը ևս հայտնել էր, որ դեմ է եղևնիների հատմանը, իսկ եթե դրանք տեղափոխվելու են այլ տեղ, ապա` դրան կողմ են:

Բնապահպան Լևոն Մարտիրոսյանն էլ շատ պարզ ու հստակ նշեց. “Դրանք չի կարելի հատել: Անընդհատ խոսվում է ծառերի տեղափոխության  մասին. դա  տեխնիկապես անհնար է: Հնարավոր է տեղափոխել մինչև 10 տարեկան փշատերև ծառերը: Մեր ծառերը 40 տարեկան են. ասեմ նաև, որ եղևնիների միջին տարիքը 150-200 տարի է, դրանք ծեր ծառեր չեն և շատ էլ գեղեցիկ են: Յուրաքանչյուր ծառի համար պետք է բնի մոտից մոտավորապես 4×4 կամ 5×5 չափի կապլավան փորվի: Ձմռան սառնամանիքի ժամանակ մի քանի ցիստեռն ջուր է լցվում, թողնում են, որ ջուրը սառի: Ամբողջ արմատային համակարգը պետք է սառի ջրի մեջ, հետո կռունկով բարձրացնում են ծառերը, տեղափոխում հատոկ փորած կապլավան` հեռու տեղ: Ծառերը դրվում, հողով փակվում են, հետո ամռանը սառույցն աստիճանաբար հալվում է և եղևնին, կարծես թե, նոր տեղում սկսում է կպնել և աճել: Միակ  տեխնոլոգիան սա է: Այստեղ դա հնարավոր չէ անել, ծառերը շատ մեծ են: Իմաստ չունի էդքան փող ծախսել դրա վրա, դա չի կպնելու”:

Մյուս բնապահպանը` Գևորգ Պետրոսյանը, խնդրի էությունը բացահայտեց. “Եղևնիները հանելն այսօր ձեռնտու է ընդամենը երևի մի 2-3 բիզնեսմենի: Ինչու պետք է ողջ հասարակությունը զոհի իր ծառերը, որպեսզի մի երկու բիզնեսմեն կառուցեն իրենց շքեղ բանկերը կամ հյուրանոցները: Եթե արդեն կառուցված են, կառուցողը նախապես լավ գիտեր, որ այդտեղ կային ծառեր և դրանք աճելու բնավորություն ունեն: Մենք ունենք մի օրիգինալ երևույթ. “Հայէկոնոմբանկ”-ի շենքը, որն ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվությամբ / կառավարության որոշում է առնվազն պետ հանրապետական  նշանակության նման շինությունը փոփոխելու համար/, այսօր մենք չունենք նման որոշում, բայց իրականացվում են շենքի վերակառուցման աշխատանքներ: Եվ եղևնիները պարզապես խանգարում են, որ շենքին մոտենան տարբեր կարգի տեխնիկաներ և իրականացնել այդ աշխատանքները: Ի՞նչ է, ապօրինի մի շինարարության համար մեր եղևնիները պետք է զոհե՞նք: Եթե ասում ենք` հարիր չեն եղևնիները էս հրապարակին, մուրացկանությունը հարի՞ր է մեր հրապարակին. եկեք քաղաքի բոլոր մուրացկաններին գնդակահարենք”:

Նրան լրացնում է Լևոն Բարսեղյանը. “2007թ. Անկախության հրապարակի եղևնիները կտրելու ավագանու որոշման տակ դրված են էն ժամանակվա գլխավոր նկարիչ, գլխավոր ճարտարապետի և կոմունալ բաժնի աշխատողների ստորագրությունները, թե Անկախության հրապարակի ծառերը ծեր են. փաստաթղթում գրված է, ավագանու 8 անդամ ստորագրել է, ծառերը հիվանդ են, կատարները մեծ մասը կտրված են և խաթարում են ճարտարապետական տեսքը: 4 սուտ արգումենտ: Էդ որոշման տակն էլ գրած է` դրանց տեղը տնկել գնդաձև ակացիաներ: 6 տարի է անցել, ու՞ր են էդ ծառերը, չկան: Եթե որևէ մեկը գտնում է, որ ծառը խաթարում է իր շենքին, թող շենքը քանդի` 5 մետր ետ սարքի: Մի կպեք էդ ծառրին: Մեր քաղաքն այնպիսի պրոբլեմների մեջ է, ինչպիսիք չունի Հայաստանի որևէ բնակավայր` բնակչության 15%-ն անօթևան է, 48%-ն աղքատ է, փոշու պարունակությունը տասն անգամ գերացանզում է նորման, փողոցների 80%-ն ավերակ է: Հարկավոր է 60-80 մլրդ դրամ, որպեսզի փողոցները խելքի գան. մեր բյուջեն 3.2 մլրդ դրամ է, և էլի շատ խնդիրներ ունենք: Սա էդ հարցը չէ: Մոտ 50 կատեգորիայի խնդիր կարող ենք թվել, հենց լուծեցինք այդ հարցերը, նոր մտածենք էս մասին: Ես ու իմ պես մտածողներն ամեն ինչ անելու ենք էդ ծառերը պահպանելու համար”:

Գարիկ Հայրապետյան. «Տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է. շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման»

GARIKՔաղաքակիրթ երկրներին գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են տվյալ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Օրինաչափ է, երբ երեխաներն ուրախ են, իսկ ծերերը՝ ապահով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միջազգային զարգացման գործակալություն է, որը պաշտպանում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: Այս հիմնադրամը աշխարհի երկրներին օգնում է օգտագործելու բնակչության վերաբերյալ տվյալներն իրենց աղքատության կրճատման քաղաքականությունում և ծրագրերում, ինչպես նաև ապահովելու, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանան հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:

Ժողովրդագրության և ծնելիության թեմաներով զրուցեցինք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

 – Պրն Հայրապետյան, ժողովրդագրական ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

– Խորհրդային միության փլուզումից հետո ժողովրդագրության վիճակը Հայաստանում շատ նեգատիվ զարգացումներ ունեցավ: Եվ դա թերևս պայմանավորված էր մի շարք գործոններով: Օրինակ՝ դժվար տարիներին Հայաստանի բնակչության մի զգալի մասը հեռացավ, ձգտեց ավելի լավ կյանք գտնել արտասահմանում: Նրանցից շատերը մնացին այնտեղ, որտեղ հաստատվել էին: 80-90-ականներին Հայաստանն ունեցել է ամենաբարձր ծնելիությունը՝ տարեկան 80 հազար երեխա` երկու անգամ ավելի, քան ունենք այսօր:

90-ականների սկզբին այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ նվազեց, և 2000-ին ունեցանք 35 հազար ծնելիություն: Վերջին տասնամյակում այս թիվն ավելացավ մինչև 44 հազար: Մեծ միգրացիոն հոսքերի և ծնելիության անկման հետևանքով Հայաստանում սկսվեց ծերացման գործընթացը, և հիմա, ցավոք, մենք դասվում ենք ծերացող երկրների շարքը:

– Այսինքն՝ այսօր մահացությունը գերազանցո՞ւմ է ծնելիությանը:

– Ոչ՛, այսօր մենք դեռ ունենք դրական միտում, ունենք որոշակի աճ, որը պայմանավորված է ավելի շատ ծնունդների թվով: Վերջին 20-25 տարիներին կյանքի միջին տևողության աճ է արձանագրվել: Միջին վիճակագրությամբ` մարդկանց կյանքի տևողությունը 3 տարի և ավելի երկարել է: Չէ՞ որ վերջին տարիներին բժշկությունը բավական լուրջ հաջողություններ ունեցավ:

– Կարո՞ղ ենք բարելավել ժողովրդագրության վիճակը:

– Ժողովրդագրական գործընթացները բնական են: Ինչքանո՞վ կարող ենք նպաստել աճին և ինչքանով նվազեցնել անկումը: Այս խնդիրներն են, որ կառավարությունը կարող է կառավարել: Միգրացիան միշտ եղել է, կա ու կլինի. ինչպե՞ս կարելի է դա կառավարել: Միգրացիան նաև դրական  ազդեցություն ունի. օրինակ՝ օգնությունը, որ գալիս է Հայաստան մեր միգրանտ աշխատողներից: Բացասականն այն է, որ երկրից գնում են այն մարդիկ, որոնք ակտիվ վերարտադրողական տարիքում են, գնում են այն մարդիկ, որոնք  որոշակի կրթություն, որոշակի հմտություններ ունեն… Բնականաբար, դա բացասաբար է ազդում Հայաստանի ապագայի վրա: Կառավարությունն այսօր արդեն քայլեր է անում: Բայց չէի ասի,  թե լրիվ կկարգավորվի այս հարցը: Որոշ ուղղություններով ռազմավարական քայլեր արվում են, փորձում են մեղմել հետևանքները:

– Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը: Ծնելիության խթանման ի՞նչ ուղղություններ կառանձնացնեք:

– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծնելիության խթանումը բավականին երկար և շատ թանկ գործընթաց է: Աշխարհում դեռևս երկու երկիր է քիչ թե շատ հաջողություն արձանագրել` Ֆրանսիան և Շվեդիան են: Քանի որ շատ քննարկումների ժամանակ ասում են, որ Ֆրանսիայում շատ ներգաղթածներ կան և նրանց հաշվին է ավելանում ծնելիությունը, կփորձեմ բերել Շվեդիայի օրինակը: Շվեդիան ծախսում է իր ՀՆԱ-ի 3.5%-ն այն սոցիալական ծրագրերի վրա, որոնք խթանում են ծնելիությունը: Դա անում են վերջին 60 տարիներին, և արդյունքը նոր-նոր է երևում: Փորձը ցույց տվեց, որ իրականում ծնելիության բարձրացման թիրախավորումը, ծնելիության համար գումար տալը  գրեթե արդյունք չի տալիս:

Այս երկու երկրները որդեգրեցին ոչ թե ծնելիության աճի, այլ հավասարության քաղաքականությունը: Տղամարդիկ և կանայք հավասար հնարավորություններ ունեցան, ճկուն աշխատաժամեր մշակվեցին: Երբ կինը տեսավ, որ իր մայրանալը, երեխա ունենալը չի ազդում իր անձնական զարգացման վրա, իր կարիերայի վրա, սկսեց մտածել՝ ինչո՞ւ շատ երեխաներ չունենամ:

 – Ըստ Ձեզ, այս մոդելը կգործի՞ մեր երկրում:  Չէ՞ որ մենք, ամեն դեպքում, տղամարդու և կնոջ հավասարությունն անհանդուրժողությամբ կընդունենք:

– Այս մոդելն անմիջապես չի գործել նույն Շվեդիայում: Ժամանակի ընթացքում, կարծում եմ, այո՛, Հայաստանում էլ կգործի այս տարբերակը: Մենք 20 տարի առաջ դժվար թե մտածեինք, որ Հայաստանում, օրինակ,  կանայք էլ կարող են վարորդ լինել: Այսօր մեր միջին բիզնեսը գրեթե ամբողջությամբ ղեկավարում են կանայք. սա լուրջ ցուցանիշ է: Այս տրամաբանությամբ եմ ասում, բայց Հայաստանը ոչ մեկից ո՛չ պակաս է, ո՛չ ավելի. ժամանակ է պետք: Ուղղակի հարց է՝ ունե՞նք այդ ժամանակը:

Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների` 2100-ին Հայաստանի բնակչությունը 2 մլն է դառնալու: Աշխարհում ծնելիությունը անկում է ապրում:

 – Դուք «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություններ» թեմայով ուսումնասիրություն եք արել: Ի՞նչ եք պարզել:

– ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերջին 7-8 տարիների ընթացքում գործընկեր մարմինների     հետ միասին նախաձեռնեց այս գործը: Նպատակը մեկն էր՝ պետք էր օգտագործել հավաքված տվյալները հետագա քաղաքականություն մշակելու համար: Օրինակ՝ պետք է իմանալ` ինչքան երիտասարդ պետք է ունենաս 20 տարի հետո: Հետազոտությունների շրջանակը բավական լայն էր՝ սկսած միգրացիոն հետազոտությունից: Հետաքրքիր բան պարզվեց` նոր ֆենոմեն մեր հասարակության մեջ, որը զարգացել է վերջին  երկու տասնամյակի ընթացքում: Մեր ընտանիքները հիմնականում ուզում են ունենալ երկու սեռի երեխաներ: Բայց որոշ ընտանիքներ ավելի շատ ուզում են մի սեռի երեխա ունենալ: Պատկերացրեք` տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է: Շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման, որովհետև նոր լույս աշխարհ եկողը տղա երեխա չէ:

– Բայց սա նաև լուրջ բժշկական խնդիր է: Կարծեմ քիչ դեպքերում է հաջողվում հղիության արհեստական ընդհատում իրականացրած մորը նորից հղիանալ…

– Հղիության արհեստական ընդհատումը բացասական գործընթաց է: Վերջին 10 տարիների ընթացքում երեք անգամ տեղի է ունեցել ժողովրդագրական և առողջաբանական հետազոտություն, որը ճշգրտությամբ հետազոտում է վերարտադրողականության բլոկը: 2000-2010 թթ. մենք ունեցել ենք աբորտների թվի կտրուկ նվազում և զուգահեռ հակաբեղմնավորիչների օգտագործման տոկոսի բարձրացում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն առողջապահության նախարարության հետ համատեղ 2000-ից փորձեց հիմնել ընտանիքի պլանավորման «կաբինետներ», որտեղ անվճար տրվում էին հակաբեղմնավորիչներ, որպեսզի կանխվեն աբորտները: Աբորտը վնասակար է և՛ կնոջ առողջության համար, և՛ ծնելիության ունակության համար:

– Սեռավարակներն էլ են, չէ՞, բավական տարածված մեր երկրում:

– Այո՛, սեռավարակները ևս մեծ տարածում ունեն հանրապետությունում: Չնայած ոչ սեռավարակների տարածվածության չափի մոնիթորինգ չի արվել Հայաստանում, վստահելի տվյալներ չունենք այս առումով: Բայց կարող ենք ասել երկրորդական աղբյուրից, նույն մեր անպտղության հետազոտությունից, որ բավական տարածված է: Անպտղության պատճառ է նաև սեռավարակը: Բայց խոսքս չի վերաբերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին: Դրանց մասով հանրապետությունում բավական լուրջ աշխատանք է իրականացվել, և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը բավական ցածր է` ազգաբնակչության 1%-ից էլ պակաս է:

– Դա պաշտոնական տվյալներն են: Չկա՞ն մարդիկ, որոնք թաքցնում են, որ վարակվել են:

– Ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային պրակտիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խարան է: Դա է պատճառը, որ մարդիկ վախենում են ու չեն գնում ստուգվելու, թաքցնում են: Չեն հասկանում, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այն վարակիչ հիվանդությունը չէ, որից կարելի է վախենալ: Այս հիվանդությունը չի տարածվում օդակաթիլային, նույն պարագաներից օգտվելու եղանակով: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ իրական թիվը պաշտոնական գրանցված թվից 7-10 անգամ ավելի կարող է լինել: Բայց եթե անգամ Հայաստանում գրանցված թվից 10 անգամ էլ ավելի լինի, մեկ է, 1%-ը չի գերազանցի:

 Հ.Գ. «Անկախը»  ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է նաև բռնությունների շուրջ: Այս թեմայով հարցազրույցը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Վիլնյուսում կայացավ Ջիվան Գասպարյանի եւ Հասմիկ Գրիգորյանի համերգը

459.Concert in Vilnius 15.08.2013Օգոստոսի 14-ին Վիլնյուսի ազգային պատկերասրահի բակում Լիտվայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ համերգ՝ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի եւ Լիտվայի ականավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ:

Համերգի սկզբին կազմակերպվեց ընդունելություն, որին ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:

Նա, մասնավորապես նշեց, որ մշակութային դիվանագիտությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների մերձեցման ամենակարեւոր բաղադրիչներից է, իսկ օգոստոսի 14-ին համերգի անցկացումը համընկնում է պատմական կարեւորագույն իրադարձության հետ, երբ 1991թ. օգոստոսի 14-ին Լիտվան առաջինն աշխարհում ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իբրեւ հայ եւ լիտվացի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության, եւ փոխադարձ աջակցության վկայություն: Դեսպանի խոսքերով, անկախությունից ի վեր յուրաքանչյուր տարի նոր էջ է բացել վերընթաց զարգացում ապրող հայ-լիտվական միջպետական հարաբերություններում:

Միեւնույն ժամանակ դեսպանն առանձնացրեց 2013 թվականի կարեւորությունը ԵՄ Խորհրդում Լիտվայի եւ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության հանգամանքով, ինչը երկու երիտասարդ պետությունների համար մեծ պատիվ է, ինչպես նաեւ հսկայական պատասխանատվություն: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Լիտվայի նախագահությունը ԵՄ Խորհրդում կպսակվի հաջողությամբ, իսկ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեեւլյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովը կսկզբնավորի երկարաժամկետ եւ փոխշահավետ գործակցության նոր փուլ:

Երեկոյին ներկա շուրջ 1000 հյուրերի թվում էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական եւ լրագրողական շրջանակների, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգին հնչեցին հայկական, լիտվական եւ եվրոպական կատարումներ:

Ապօրինության հեղինակները պատժվել են

davtashen «Մեր քաղաքը»հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն երեկ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին: Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները»: Նախ նշենք, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։ Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Ավելին՝ երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձագարություն է կազմվել և նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի խոսքերով՝ ողջունելի է, որ հասարակական նախաձեռնությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես ծայրամասային շրջանների խնդիրները, սակայն վարչական շրջանի համապատասխան կառույցները տիրապետում են իրավիճակին, խնդիրների մասին ավելի վաղ են տեղեկանում ու միջոցներ ձեռնարկում դրանց լուծման համար, իսկ ապօրինություններ չեն արտոնվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ «Երևանի կենտրոնում քանդում են նոր ասֆալտը, իսկ ծայրամասերը խայտառակ վիճակում են», Ռ. Բաղդասարյանն արձագանքել է. «Նման կարծիք ունեցող բոլոր ցանկացողներին հրավիրում եմ Դավթաշեն։ Միասին կշրջենք Դավթաշենի գլխավոր, երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներով, որից հետո եզրակացություններ անելու իրավունքը կթողնեմ մեր հյուրերին»։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ

Մրցույթները չեն կայացել

Երևանի քաղաքապետարանՀայաստանի Հանրապետություն օրաթերթում և  զանգվածային լրատվության այլ  միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ: Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել: Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 մեկ երթուղիներ: Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող  ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՙԲազե՚, օր 4-րդ. հայտնի են միջճակատային մրցույթների առաջին հաղթողները,լուսանկարներ

 

6Օգոստոսի 15-ին ՙԲազե՚ երիտասարդական հավաքում հայտնի դարձան ֆուտբոլի, լողի, շախմատի, նկարչության միջճակատային մրցույթների հաղթողները։ Հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ տարեցտարի ավելանում է մարզված, ինտելեկտուալ և մշակութային պատրաստվածություն ունեցող երիտասարդների թիվը։ Նա նկատում է, որ հավաքի նախընտրական փուլերում բավականին բարդ է եղել մասնակիցների ընտրությունը, քանի որ շատ են ակտիվ ու պատրաստված երիտասարդները։ Հովհաննես Գաբրիելյանը գնահատում է այդ ակտիվությունը՝ նշելով, որ նախաձեռնող երիտասարդները մեր ապագան են։

Մարզամշակութային մրցույթներին զուգահեռ բազեականները հանդիպումներ են ունենում պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ այդ հանդիպումների ընթացքում երիտասարդներն անկաշկանդ մթնոլորտում բարձրացնում են իրենց հուզող հարցերը և կառավարության ներկայացուցիչներին ներկայացնում այն տրամադրություններն ու խնդիրները, որոնք կան երիտասարդության շրջանում։ Մասնավորապես այս օրերին հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ։ Իսկ վաղը բազեականները հյուրընկալելու են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

ՙԵրևան-1՚ ջոկատը ներկայացնող Գրիգորի Սահակյանը հավաքում մասնակցել է պարանի ձգման, բազկամարտի մրցույթներին և իր ջոկատի ընկերների հետ բավականին հաջողություններ ունի։ Մայրաքաղաքը ներկայացնող երիտասարդը նշում է, որ ՙԲազեն՚ երիտասարդությանը համախմբող ծրագրերից մեկն է, ինչը նաև իրենց ինքնադրսևորման, առաջին քայլերը կատարելու հանարավորություն է տալիս։

Երիտասարդների մշակութային ելույթներն ու սպորտային մրցույթները գնահատում են մարզական ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները և պրոֆեսիոնալ ժյուրին։ Մասնավորապես, երգի մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ժյուրիի կազմում են Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Երգչուհի Լեյլա Սարիբեկյանի գնահատմամբ՝ երգի մրցույթում շատ լավ, շնորհալի երգիչ-երգչուհիներ կան։ Լեյլա Սարիբեկյանը նշում է, որ առաջին հերթին գնահատում է հոգին, որ ներդնում են կատարողները ստեղծագործության մեջ։ ՙԻսկ եթե հոգու հետ միանում է նաև գեղեցիկ ձայնը, տեմբրը, ասելիքը, ապա կարող ենք ասել, որ մարդը ոչ թե պարզապես կատարում է, այլ երգում։ Ես կարևորում եմ ճաշակով երգի ընտրությունը՚,- ասում է Լեյլա Սարիբեկյանը։ Աննա Մայիլյանն էլ նկատում է, որ իր համար շատ կարևոր է կատարողի արտաքինի, ձայնի, երաժշտականության, երգի մեկնաբանման համադրումը։ ՙԲազե՚ հավաքում, ըստ երգչուհու, կան այդպիսի երիտասարդներ։

Հիշեցնենք, որ ՙԲազե՚ հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ ՀՀ-ից, Ջավախքից, Արցախից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ մրցում են մարզամշակութային, ինտելեկտուալ խաղերում։

 

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՕգոստոսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,550,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը

1 (1)Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

Դ.Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է,  որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ.Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ն ի գիտություն է ընդունել:

Հ.Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու

g_image-էՀ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյան

Հայրենիք վերադառնալու դեպքում գերեվարված զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. ՊՆ խոսնակ

g_image-էՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ՝ նշելով, որ նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը:

“Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու”,-հայտարարել է:

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում իր մտահոգությունն էր հայտնում Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ էր անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

“Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում:

Ավելին, տեղեկացնում ենք, որ «haqqin.az» կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը (www.haqqin.az/news/8462): Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը:

Դրա հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ:

Մասնավորապես, Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել:

Բացի այդ, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Ժնևյան երրորդ կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն Կոնվենցիայով…»:

ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովվեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010թթ. գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են: Նմանօրինակ հանցագործությունները պետք է դատապարտվեն և կանխարգելվեն բոլոր հնարավոր միջոցներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովն իր մտահոգությունն է արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ և կոչ է անում ԿԽՄԿ-ին ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

Կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենաայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան”:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք: Օգոստոսի 12-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում  Ինջիղուլյանը հարցազրույց էր տալիս ադրբեջանական ANS հեռուստաալիքին: