ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղարի արձագանքը ադրբեջանական սադրանքներին

արծրուն հովհաննիսյանՕգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա:

 

 

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քաղաքացիների բարձրացրած հարցերին անմիջապես համապատասխան ընթացք է տրվում

kolajՄայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները ամենատարբեր հարցերի շուրջ շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր:

Այսպես. Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514 – 187, 514-236 հեռախոսահամարներին, հուլիս ամսվա ամփոփ տվյալներով, ստացվել է

3113 հեռախոսազանգ, որից 720-ի վերաբերյալ մեկ աշխատանային օրվա կատարման ժամկետով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2393 զանգերի մասով քաղաքացիներին անմիջապես տրամադրվել է պահանջվող տեղեկավության վերաբերյալ խորհրդատվություն:

Վերը նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  396 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:

ԱԻՆ  ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում բարձրացված հարցերի վերաբերյալ ստացված զանգերի քանակը 259-ն է: Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թե՛, թե՛ կա՛մ, կա՛մ-ի փոխարեն

Շահան ԳանտահարյանԻրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության առիթով, ի շարս այլ նախագահների, Թեհրան էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այդ առիթով էլ կայացել է միջնախագահական ձեւաչափով հանդիպում։ Հետեւելով լրատվություններին՝ երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է, որի մասին վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի Թեհրան մեկնումը աւելի քան օրինաչափ էր։ Աւելի քան՝ նկատի ունենալով Թեհրան-Երեւան հարաբերությունները, մեր երկրի ցամաքային կիսաշրջափակված լինելը եւ իրանյան ելքի կաեւորությունը սահմանային ընդհանուր համապատկերի պարունակում։ Չմոռանանք վրացական սահմանի դյուրաբեկությունը, մենաշնորհային հանգամանքի օգտագործման միտման բազմակի դրեւորումները եւ անշուշտ ռուս-վրացական հարաբերությունների վայրիվերումների անմիջական ազդեցությունը։

Իրանյան ցամաքային ելքի կարեւորությունը այս բոլորի նկատառումներով պիտի դիտարկել։ Բայց խնդիրը միայն ելքին չի վերաբերվում իհարկե։ Համազգային առաջնային հիմնահարցի՝ արցախյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը։ Այստեղ իրանյան շահի գերակայումը բնականաբար պարտադիր է տեսնելը՝ գնահատական տալու համար իրանյան դիրքորոշման շարժառիթներին։ Իսլամական երկրների վեհաժողովներին իրատեսական չի լինի ակնկալել, որ Իրանի ներկայացուցիչներըը չմիանան Ադրբեջանի առաջ քաշած բանաձեւերի նախագծերին։ Միաժամանակ Թեհրանը եւս գիտակցում է, թե ինչու Երեւանը լուռ է մնում եւ չի արձագանքում, երբ հերթական անգամ պաշտոնական Թեհրանի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը առաջարկում է Իրանի միջնորդությունը արցախյան բանակցություններին։

Նման առաջարկություն բարձրաձայնվում է հակակշռելու համար Անկարայի նկրտումները պաշտոնապես միջամուխ լինելու արցախյան հարցում։ Տարածաշրջանում եւ հատկապես հարաւային Կովկասում Իրանը զսպիչ գործոնի դեր է վերցրել Թուրքիայի ազդեցության գոտու տարածման հարձակողական քաղաքականությունում։

Բայց սա դեռեւս միակ հանգամանքը չէ։ Իրանում ապրում է բազմամիլիոնանոց ծագումով ազերի համայնք։ Այս իրողությունը կարող է ապագայում շահարկվել ինչպես Ադրբեջանի, այնպես նաեւ Թուրքիայի կողմից Իրանում անջատողական շարժման ձեւաւորման աշխատանքներում։ Արցախն իր աշխարհագրական դիրքով իսկ արգելակում է Իրանի եւ Ադրբեջանի  ազգակիցների միաւորումը։ Արցախի գոյությունը իբրեւ հայկական տարածք, իբրեւ ինքնիշխան կամ թեկուզ ՀՀ-ին միացած տարածք բխում է հենց Իրանի շահերից։ Իսկ Իրանը մի քանի անգամ փաստել է արդեն, որ տարածաշրջանում հիմնարար ծրագրերի իրականացման գործընթացում նա անշրջանցելի գործոն է, որի հետ պետք է համաձայնեցնել վճռորորշ որեւէ հանգրվանի իրականացում։

Իրանի հետ մեր երկրի համագործակցության անհրաժեշտությունը վերակարևորվում է, երբ նկատի ունենանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման միտումները թե՛ զինվորական, թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական մակարդակներով։

Ահաւասաիկ նման պայմաններում է, որ Երեւանը փորձ է կատարում իր քաղաքական ժամացույցի սլաքները համադրել թե՛ Եվրամիության հետ ասոցացման, թե՛ ձեւաւորվելիք Եվրասիական կամ մաքսային միության հետ ռազմավարական համագործակցության տարողության ճշտմանը, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելուն եւ թե՛ իրանյան ելքը իբրեւ կարեւոր բաց պատուհանի ապահովման գործընթացների հետ։ Իսկ քաղաքական այս միտումներում հայտնաբար աշխատում է թե՛-թե՛-ի բանաձեւը կա՛մ-կա՛մ-ի փոխարեն։ Սրանք կարող են տալ փոխլրացուցիչ, հաւասարակշիռ կամ բազմակողմ դիւանագիտություն բնութագրերը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Կապանի բնակչությունը դժգոհ է Կապան քաղաքի ավագանու կայացրած որոշումից և “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի գործունեությունից

Armen Kristina 2

Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի»ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ինկայացրած որոշումը մասսայական դժգոհություն առաջացրեց կապանցիների շրջանում, որի արդյունքում ինքնաբուխ ստեղծվեց նախաձեռնող խումբ: Կապանի հասարակությանշրջանում բարձրացած բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որտեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մատուցածծառայություններից, հաճախակի տեղի ունեցեղ վթարներից,անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակբաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկխախտումներից եւ անընդունելի են համարում առանց հանրությանկարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը: “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն սպառել է վստահությունը կապանցիների շրջանում և հանրությունը չի վստահում, որ նույնիսկ միջազգային կառույցների կողմից ընկերությանը տրվելիք 6մլն. դոլլար վարկը արդյունավետ կօգտագործվի: Մենք համոզված ենք, որ Կապան համայնքը առավել արդյունավետ կսպասարկի ջրամատակարարման համակարգը և մեր նպատակն է այն հանձնել Կապանի քաղաքապետարանին:

 

Կից ներկայացնում ենք նախաձեռնող խմբի գործունեությունը նկարագրող տեսանյութը http://www.youtube.com/watch?v=sbPpr1M5dPk

 

Նախաձեռնող խումբ

Նախաձեռնող խմբի անդամ  “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան

Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործի քննությունը Կոտայքի մարզում այլևս չի իրականացվելու

Զինդատախազություն2013թ. հունիսի 17-ին Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանը ներկայացվել էր դիմում Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ: Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից, վերացվեց: Հուլիսի 11-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանը նոր դիմում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ: Հուլիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին` գործի նախաքննության կաատրումը մեկ այլ քննչական մարմնի հանձնարարելու համար:

Խորին շնորհակալոթյուն հայտնելով ՀՀ Գլխավոր դատախազությանը նախաքննության օրինականության վերահսկողության ապահովման համար` տուժող կողմը հուսով է, որ գոնե նոր քննչական մարմնի կողմից Մարո Գուոյանի կասկածելի մահվան դեպքը կքննվի պրոֆեսիոնալ, առանց կողմնապահության և օրենքի պահանջների կոպիտ խախտման:

 

Օգոստոսի 7-ը Ասորիների ցեղասպանության օրն է

g_image «Ցեղասպանություն ասվածի մեջ մտնում է ոչ միայն 1915 թ.-ի ցեղասպանությունը, այլև 1895-96թթ. Թուրքական արշավի ցեղասպանությունների շարքը, որն առայսօր շարունակվում է: 1968 թ.-ի Համաշխարհային ասորեական միության կողմից օգոստոսի 7-ը հռչակվել է որպես ասորիների ցեղասպանության օր: Առայսօր ասորիների ցեղասպնությունը չի դադարում, և մենք բոլորս համայն մարդկությանը պետք է տեղյակ պահենք իրականացվող ոճրագործությունների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասորիների ցեղասպանության եւ Ազգային փոքրամանսությունների դերը երկրի զարգացման գործում թեմայի շուրջ նշեց Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը:

 

Հայաստանի «Աթուր» ասորիների միության անդամ Ռազմիկ Խոսրոևի խոսքով ինչպես հայերը, այնպես էլ ասորիները շուտ են ընդունել քրիստոնեությունը: Շատ երկրներ ընդունում են այն և ամեն տեղ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիր, ունի մի բանաձև, որի իմաստը կայանում է նրանում, որ հայ, ասորական և հունական ցեղասպանությունները դիտվում են որպես մեկ միասնություն: Վերջերս Ավստրալիան ընդունեց ասորիների ցեղասպանութոյունը.

«Այդ երևույթը պետք է իրականանա, որպեսզի մենք ազատագրվենք անլիարժեքության սիմպտոմից, որը կա ազգային փոքրամասնությունների մեջ: Տա Աստված, որ հարյուրամյակին այնպիսի մի երեւույթ կատարվի, որ մարդկությունը սթափվի, այլ ոչ թե սահամանափակվենք միայն միջոցառումներով: Ինչպիսի պահանջ ունեն հայերը, այնպիսին էլ մենք ունենք: Մենք սպասում ենք անսպասելիին. Դա կարող է լինել օրինակ` Ամերիկայի պահանջը Թուրքիային վերադաձնել հայերի և ասորիների եկեղեցիները»:

Բանախոսի համոզմամբ ամբողջ աշխարհն ակնկալում է հայերից և ասորիներից այնպիսի մի բան, որը պետք է երևույթ դառնա աշխարհում, այլ ոչ թե մի երկու կինոնկար ցեղասպանության մասին.

«Թուրքիան մասնակցում է, սակայն ասորիները և հույները որպես պահանջատերեր չկան, այն պարագայում, երբ նրանք ունեն համապատասխան ցեղասպանագետներ: Հայաստանը ներկայացնում է ցեղասպանությունը, և ես կուզենայի, որ մոտալուտ հարյուրամյակին չանտեսվեն ասորիները: Ասորիները, հայերը և այլ ազգային փոքրամասնությունները Թուրքիայում համարակալված են, և դա կոպիտ սխալ է: Այժմ հայերը և ասորիները մոտենում են ցեղասպանության հարյուրամյակին, և նրանք մեծ անելիքներ ունեն: Ցեղասպանության հանձնաժողովներում չկա ոչ մի ազգային փոքրամասնություն»:

Օգոստոսի 7-ին Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկին հարող տարածքում տեղի կունենա Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որի ընթացքում տեղի է ունենալու պատարագ և հնարավոր կլինի լսել այն լեզուն, որով խոսել է Հիսուս Քրիստոսը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լևոն Օրբելի. «Գիտնական կամ դերասան կարելի է դառնալ, բայց բոլորն էլ պարտավոր են մարդ լինել»

օրբելիԼևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 7-ին, Ծաղկաձորում: Օրբելիների ընտանիքը Թիֆլիսից էր: Երբ ծնվեց ապագա անվանի կենսաբանը` Լևոն Օրբելին, նրա ծնողները հանգստանում էին Հայաստանում: Ապագա ակադեմիկոսի հայրը Թիֆլիսում հայտնի իրավաբան Աբգար Օրբելին էր, իսկ մայրը` իշխանուհի Վարվառա Արղությանը, ծագում էր Լոռու Սանահին գյուղի Արղության-Երկայնաբազուկների տոհմից, որի արմատները ձգվում են դարերի խորքը և հասնում մինչև Զաքարյան արքաներ:

Աբգար Օրբելին և իշխանուհի Վարվառա Արղությանն ամուսնացել են 1879 թ. փետրվարին: Քանի որ անվանի իրավաբանն աշխատանքի բնույթով անընդհատ գործուղումների մեջ էր` Նախիջևան, Երևան, Գանձակ, Քութայիսի, նրա հետ էր նաև նրա անբաժան ուղեկիցը և սիրելի կինը` Վարվառա Մովսեսովնան: Պատահեց այնպես, որ Աբգար Օրբելու և Վարվառա Արղությանի երեք տաղանդավոր զավակները, որոնք աչքի ընկան տարբեր բնագավառներում և համաշխարհային փառքի արժանացան, ծնվեցին տարբեր վայրերում:

Աբգար Օրբելին վաղաժամ կնքեց մահկանացուն: Նրա զավակները հեռացան հայրական տնից և հաստատվեցին Պետերբուրգում: Վարվառա Մովսեսովնան օր ծերության Թիֆլիսում երաժշտության դասեր էր տալիս և խնամում թաղի անապահով երեխաներին: Նրա համար իսկական երջանկություն էր, երբ տարվա մեջ գեթ մի անգամ` իր ծննդյան օրը, զավակները հավաքվում էին հայրական հարկի տակ և իսկական տոն պարգևում մորը:

Լևոն Օրբելին նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում, 1904 թ. ավարտել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան: Նա իր կյանքը կապեց հենց այդ ակադեմիայի հետ: Ակադեմիան ավարտելուց հետո Լ. Օրբելին աշխատանքի է անցնում տեղում` ընթացքում նաև ուսումնառելով և դասավանդելով եվրոպական խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում: Մասնավորապես, 1909-1911 թթ. աշխատել է Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում:

Պանծալի ուղի է անցել Լևոն Օրբելին` ղեկավարելով նաև Պ. Լեսգաֆտի անվան ֆիզիոլոգիայի լաբորատորիան, եղել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը, ապա` Ի. Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրենը, ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, փոխնախագահը: Նա 1956 թ. կազմավորել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Սենչովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

1935-ից նա ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս էր, 1943-ից` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1944-ից` ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս: ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ էր (1934), 1945 թ. արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Լևոն Օրբելին բժշկական ծառայության գեներալ-գնդապետ էր:

Նա եղել է աշխարհի տարբեր երկրների (այդ թվում` ԽՍՀՄ և Հայաստանի) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս: Այժմ էլ նրա անունով է կոչվում ՀՀ ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

Նրան են պատկանում աշխարհում կարևորագույն կիրառություն գտած վեգետատիվ նյարդային համակարգերի ուսումնասիրություններ, գլխուղեղի գործունեության հետ կապված շատ նոր բացահայտումներ:

Լևոն Օրբելին նաև հիմնարար հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների ոլորտներում` դրանք կապելով նաև ռազմական ոլորտի հետ: Նա է հիմնավորել ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը:

Լևոն Օրբելին իր գյուտերն ու աշխատություններն ամփոփել է «Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից» աշխատության մեջ:

Իր գործունեության ընթացքում Լևոն Օրբելին ամբողջ սերունդ կրթեց: Նրա աշակերտներն էին անվանի գիտնականներ Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը, Ա. Ալեքսանյանը և այլք:

Նա բազում կառավարական պարգևների և պետական մրցանակների է արժանացել: Բազմիցս պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Աշխատանքային  կարմիր դրոշի շքանշաններով, ունի Գիտությունների վաստակավոր գործչի կոչում:

Սակայն դժվարին էր նրա ուղին` փշերով ու տառապանքով լի: Ինչպես գրում է նա իր հուշերում, իր կյանքում պատահականությունները մեծ դեր են կատարել: Նման մի պատահականություն էր, երբ տակավին պատանի ուսանող` ունկնդրում է Իվան Պետրովիչ Պավլովի դասախոսությունը: Երկու օր անց աջակցության հարցով դիմում է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վարդանովին` խնդրելով միջամտել, որ իրեն վերցնեն Պավլովի լաբորատորիա: Այստեղ նա կարողացավ ոչ միայն հագուրդ տալ իր հետաքրքրասիրությանը, այլև իր մտահղացումները կյանքի կոչելու համար շատ ավելի գործնական հնարավորություններ ունեցավ:

1950-ական թթ. ոմանց հաջողվեց կեղծ մեղադրանքով Լևոն Օրբելուն մեկուսացնել գիտական աշխարհից: Նա հեռացվեց աշխատանքից: Շատերը երես թեքեցին նրանից:  Նախկին ընկերներն անգամ հասարակական վայրերում հանդիպելիս թեքում էին գլուխները, չճանաչելու տալիս: Միակ մխիթարողը եղբայրն էր` Հովսեփ Օրբելին, որին, սակայն, նույն ճակատագիրն էր սպասում: Այդ ժամանակաշրջանին է  վերաբերում նրա  թևավոր դարձած խոսքը. «Գիտնական կամ դերասան կարելի է դառնալ, բայց բոլորն էլ պարտավոր են մարդ լինել»: Միայն 1957 թ. Լևոն Օրբելին կարողացավ կրկին զբաղվել սիրելի գործով` գիտությամբ:

Նրա վերադարձը շուքով էր` իսկական հաղթահանդես: Լենինգրադում` ԽՍՀՄ ԳԱ դահլիճում հարյուրավոր գիտնականներ հավաքվեցին` նշելու Լևոն Օրբելու ծննդյան 75-ամյակը: Շքեղ միջոցառում էր: Արտասահմանյան կրթօջախներից, գիտական հաստատություններից տասնյակ նամակներ ու հեռագրեր կային` շնորհավորական խոսքեր մեծ հայորդու հասցեին և մեծարանք նրա վաստակին: Իսկ շնորհավորում էին շարքային քաղաքացիներից մինչև աշխարհահռչակ գիտնականներ` Էդրիան, Կատե Յա. Թեն, Ֆրից Բուխտալ, Հեյմանս, Պոլ Շոշար, Ա.Վ.Հիլ և այլք: Անգամ հեռագիր էր ստացվել Էդինբուրգ քաղաքի մի դեղատնից, ուր տարիներ առաջ պատահաբար այցելել էր Օրբելին:

Ականավոր գիտնականը մահացավ 1958 թ. դեկտեմբերի 9-ին, Լենինգրադում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ

3568~

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Վարչապետն ու ԿՏ նախարարը չեկան Գյումրի

IMG_0814Այսօր, օգոստոսի առաջին կիրակին, Հայաստանում և մի շարք երկրներում` Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիայում, Բոլղարիայում,  նշվում է որպես երկաթուղայինի օր: Հայաստանն ունի շուրջ 4000 երկաթուղային աշխատող, իսկ Գյումրիում կազմակերպված այսօրվա տոնին ներկա էին նաև վետերան երկաթուղայիններ:

Հայաստանի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականից, երբ Նիկոլայ 2-րդ ցարը ստորագրեց հրաման Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին: Շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվեց պետական գանձարանի միջոցներով, իսկ շինարարական աշխատանքները վերահսկեց ինժեներ-ճանապարհաշինարար Եվգենի Դմիտրովիչ Վուրցևը: 1899թ. փետվարին, առաջին գնացքը հաղթահարելով 180 կմ-անոց ճանապարհահատվածը, Թիֆլիսից ժամանեց Ալեքսանդրապոլ` Գյումրի, իսկ 1902թ. դեկտեմբերի 6-ին ժամանեց նաև Էրիվան` Երևան: Այդ ժամանակից ի վեր, Հայաստանի համար, որը գտնվում էր ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա և անմիջական ելք չուներ  դեպի ծով, երկաթուղային տրանսպորտն ունեցավ կարևոր ստրատեգիական նշանակություն` ապահովելով հուսալի տրանսպորտային կապ, նպաստելով հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Գյումրիի կայարանամերձ հրապարակում տոնական տրամադրություն էր, ստեղծվել էր Նիկոլայ ցարի ժամանակների աուրան, կային բազմաթիվ հյուրեր, երկաթուղայիններ, պաշտոնյաներ: Շոգեքարշով Երևանից Գյումրի ժամանեց նաև մայրաքաղաքի պատվիրակությունը:

“Գյումրի” կայարանում բացվեց Հայաստանի պատմության մեջ “Երկաթուղային տեխնիկայի” առաջին թանգարանը: Բացման պատիվը շնորհվեց ՌԴ դեսպան Իվան Դոլինկինին, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ելույթներով հանդես եկան և ոլորտի աշխատակիցներին պարգևատրեցին “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Դոլինկինը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Թեև նախապես հրապարակված ծրագրով նշված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ելույթները, սակայն վերջիններս ներկա չէին տոնին: Իսկ պաշտոնական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց տոնական երգ ու պարով:

Ի դեպ, այսօր` օգոստոսի 4-ին, Հայաստանում երկաթուղին փոխադրումները կատարում էր բացարձակապես անվճար:

Պետական նպաստի ի՞նչ տեսակներ կան

նպաստՆախ պետք է նշել, որ հիշյալ հարաբերությունը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածում նշված է պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ըստ որի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` հիշյալ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հարկ է նշել, որ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:

Օրենքի համաձայն` պետական նպաստների տեսակներն են՝

ա) ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը,

բ) երեխայի խնամքի նպաստը,

գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստը,

դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ:

Պետական նպաստը մերժվում է՝

ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Իսկ ինչ վերաբերում է պետական նպաստների վճարմանը, ապա դա իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

serj

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը:

Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Բալասանյանը տեսախցիկներ կտեղադրի Գյումրու այգիներում, և ոչ միայն

GyumriՇատ շուտով Գյումրիի այգիներում ու պուրակներում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք թույլ կտան վերահսկել այդ տարածքները:

“Շատ լավ է, որ մենք քաղաքում ունեցանք “հրեշտակների” խումբ, որոնք շրջում են փողոցներում, այգիներում: …Այսօր կանաչապատման խնդիր ունենք, կուզենայի, որ հաջորդ տարվա հետ կապված կանաչապատման ծրագիր ներկայացնեիք: Ես դժգոհ եմ կանաչապատման այսօրվա մեր կատարած գործառույթից, որովհետև մենք չունենք ոգոռման համակարգ: Բացի դա, եթե մեր զբոսայգիների հետ կապված կունենաք ծրագրեր՝ Գորկու այգու, Խաղաղության օղակի, պուրակների հետ կապված, որոնք վարձակալությամբ հիմա վերցված են, որոշները ավարտվել են և նոր ծրագրեր ենք ուզում իրականացնել: Մենք մեր զբոսայգիները էֆեկտիվ չենք օգտագործում, և հասարակությունը նման պահանջ ունի, որպեսզի իրենց երեխայի, թոռնիկի հետ պապիկը, տատիկը դուրս գա և կարողանա համապատասխան ժամանց ունենալ: Խաղաղության օղակի հետ կապված ներդրողներ են գալու Ամերիկայից, որպեսզի մեր երեխաները ունենան համապատասխան ժամանցի վայրեր, խաղահրապարակներ”, – ասում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Իսկ տեսախցիկների մասով նշում. “Ինձ Չինաստանում մի լավ ծրագիր առաջարկեցին, պարզապես մեծ գումարներ են անհրաժեշտ. լինի մի պլանշետ, որտեղ տեսնենք ամբողջ քաղաքը: Արդեն GPS-ներ ենք տեղադրել աղբատարների վրա, որպեսզի արագ չքշեն, ծախսը հասկանանք”, – ու տեսախցիկներով կարողանան տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում, որտեղ աղբ է կուտակված, որտեղ աղբարկղ է բացակայում և այլն:
Ի դեպ, Բալասանյանի ակնարկած Գորկու այգին, որը Գյումրիի կենտրոնական զբասայգին է, որը պատկանում է Ղուկասյան ընտանիքին:

Նոր ձևաչափ գործարար մարդկանց շփման համար

9Երևանում այս տարվա մայիսին ստեղծվեց Ֆրայդեյ Երևան (Fryday Yerevan) համայնքային կազմակերպությունը, որն առաջարկում է գործարար մարդկանց շփման շատ ազատ և ոչ ֆորմալ ձևաչափ: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ անգամ այս բարձր տեխնոլոգիաների դարում, երբ գոյություն ունեն բազմաթիվ առցանց հարթակներ, որտեղ կարելի է ձեռք բերել նոր ընկերներ, և նույնիսկ գործընկերներ, ոչինչ չի կարող փոխարինել անձնական շփմանը՝ նոր կապերի, իրական համագործակցության և վստահության ձևավորմանը համար:

Ֆրայդեյ ցանցը ստեղծվել է Ուկրաինայում Անդերս Օստլանդի և Գուստավ Հալթգրենի կողմից: Ֆրայդեյը միավորում է մասնագետների ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք եվրոպական մայրաքաղաքներում՝ Սոֆիա, Պրագա, Բուդապեշտ, Բուխարեստ:

Երևանում Ֆրայդեյը ներկայացնում են Զարա Օհանջանյանը, ով հանդիսանում է Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության փոխտնօրենը և Արմենուհի Բուրմանյանը` Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության ծրագրերի համակարգող:

Օգոստոսի մեկին տեղի ունեցավ հաշվով չորրորդ Ֆրայդեյը Երևանում, որին ներկա էին տեղական և միջազգային ընկերությունների միջին և բարձր օղակի մենեջերներ, մասնագետներ: Այս անգամ Ֆրայդեյը թեմատիկ էր և թեման ներկայացրեց Սամվել Բարեյանը, ով հանդիսանում է ֆինանսական ոլորտի բարձրակարգ մասնագետ:

Ֆրայդեյը ստեղծում է բոլոր պայմանները շփվելու և ծանոթանալու համար: Այս միջոցառումը, ինչպես և բոլոր նախորդներն ուներ հովանավորներ, որոնք սովորաբար պատրաստում են նվերներ հյուրերի համար: Գլխավոր հովանավորն էր Ռոստելեկոմ ընկերությունը, որը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար օպերատորներից մեկը: Ավելի մանրամասն տեղեկատվություն այս միջացառման և ընդհանրապես Ֆրայդեյ Երևանի մասին կարող եք գտնել Ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Ֆրայդեյի կայքում`

“Ավելի մաքուր Երևանն” այսօր Ծիծեռնակաբերդի տարածքում էր

001 (1)Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին` հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, երկրապահ կամավորականների և վետերանների միության հարյուրավոր անդամներ, նաև զինծառայողներ ու քաղաքապետարանի ենթակայության տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ են մասնակցել “Ավելի մաքուր Երևան” ծրագրի շրջանակում Ծիծեռնակաբերդի` շուրջ 110 հեկտար տարածքի մաքրման աշխատանքներին: Նկատելով տարածքում իրականացվող մաքրման աշխատանքները` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս հանպատրաստից որոշել էր մասնակցել Երևանն ավելի մաքուր դարձնելու աշխատանքներին:  Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկա: Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:  Ամփոփելով ծրագրի մեկնարկից մինչ օրս իրականացված աշխատանքների արդյունքները` Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակից բոլոր կառույցներին և կազմակերպություններին:

“”Ավելի մաքուր Երևան” ծրագիրը երևանցիներին ուղղված կոչ է` ընդհանուր օգտագործման այն տարածքները, որոնք ծառայում են բոլորին, ավելի մաքուր դարձնելու և ավելի մաքուր պահելու համար: Առաջիկայում նախատեսում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Հայորդաց տան հարակից, արդեն ծառապատ հատվածներում, նաև Արաբկիր վարչական շրջանի մանկական զբոսայգու և Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքներում: Այնուհետ աշխատանքներ կշարունակվեն մյուս վարչական շրջաններում”,-ասել է Կամո Արեյանը:
Նկատենք, որ մինչ օրս ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2500 կամավոր: “Ավելի մաքուր Երևան” ծրագրի շրջանակում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, Հաղթանակ զբոսայգու,”Կարմիր բլուր” հնավայրի, “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանի և “Փարոս”անտառպուրակի հարակից տարածքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետն այցելել է «Արզնի» առողջարան

10602_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին:

Կառավարության ղեկավարը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին: Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:
2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բուժական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժումը:
Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաև կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել և հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ:

Մայրաքաղաքում հեծանվային կանգառներ կտեղադրվեն

001Երևանում հեծանվային երթևեկության նկատմամբ աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքում հեծանվային կանգառների տեղադրման ուղղությամբ: Այդ նպատակով ձևավորվել է հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ:

Քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում ներկայացվել են հեծանվային կանգառների տեղադրման վայրերի վերաբերյալ նախնական առաջարկներ: Կանգառները հիմնականում հանգստի մարդաշատ գոտիների և բուհերի հարակից հատվածներում են նախատեսվում տեղադրել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն”Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների շարքում հեծանվային որոշ կանգառների բացման և շահագործման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու ուղղությամբ:
Նշվել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները ուղղված ինչպես քննակվող հարցին, այնպես էլ մայրաքաղաքում հեծանվային երթևեկության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Աշխատանքային խումբը քննարկել է նաև կանգառների անվտանգության ապահովման և մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման վերաբերյալ հարցեր: Ծրագրի իրականացման հարցում իրենց մասնակցությունը կունենան նաև ներդրողները:
Հեծանվային կանգառների ծրագրի կյանքի կոչումն իր նպաստը կբերի Երևանում հեծանվային երթևեկության մշակույթի զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

 

սերժ սարգսյան Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

 

«Ով դադարում է սովորել, նա դադարում է ապրել». Ուսանող

images (2)«Ճիշտ որոշում եք կայացրել դիմելով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակյալ կրթություն ձեռք բերելու համար»,-այսօր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կայացած բակալավրիատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրի շուրջ նշեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով այն ուսանողները, ովքեր դիմել են իրենց արտասովոր են` ոչ սովորական: Ռուսներին նրանք ներկայացնելու են հայկական մշակույթը, գիտությունն ու ոգին.
«Ռուսաց լեզուն կդառնա կարեւոր լեզու ձեզ համար, մեր համալսարանները գրկաբաց սպասում են ձեզ»:
Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական, Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի համոզմամբ Ռուսաստանի լավագույն համալսարանները հայ երիտասարդներին են սպասում: Նրանք կանեն ամեն ինչ, որ անթերի կրթություն ստանան երիտասարդները: Իսկ ուսանողներն իրենց հերթին կբացահայտեն ռուս եւ հայ երկրների բարեկամության գինը:
Ուսանող, ապագա ինժեներ Ներսես Սիմոնյանի պնդմամբ ով դադարում է սովորել, նա դադարում է ապրել: Կրթությունը կարեւոր է բոլորի համար:
Մեզ հետ զրույցում ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ մոտ 300 հայ ուսանողներ այս տարի կգնան Ռուսաստան սովորելու համար.
«Նրանք պարտավոր են բարձր պահել մեր երկրի անունը: Այնտեղ կլինեն դժվարություններ ուսանողների համար` նոր կյանք, նոր ընկերներ, սակայն արդյունքում կստանան բարձր կարգավիճակ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում չխոչընդոտել լրագրողների գործունեությունը

imagesՀուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։

Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքով՝  հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ եւ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլեւ՝ մարդկային տարրական էթիկան։

Այս կապակցությամբ կոչ ենք անում շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից եւ լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական եւ քաղաքակիրթ մեթոդներ։  Գնահատելով այս շարժման կարեւորությունը՝ գտնում ենք, որ նման հրապարակային միջոցառումներին ցանկացած լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը։

Մյուս կողմից՝ կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ներին եւ մասնավորապես՝ հեռուստաընկերություններին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս եւ քաղաքացիական այլ շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորեն՝ հաշվի առնելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ  (նախկինում՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ)

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ