Սեյրան Օհանյանը ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզդիների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին

2ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծեց, նաև որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշեց, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրեց, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման փուլն ավարտված է

սոցապ«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներն այսօր ամփոփեց  ՀՀ Աշխատանքի և սոց. հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

Նա նախ ներկայացեց գործող և առաջարկվող օրենքների տարբերությունները։ Թեև դրանք երկուսն էլ   վերաբերում են դժվար իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքներին  կամ խմբերին, սահմանում են  հնարավոր օգնությունների տրամադրումը և բոլոր շահագրգիռ կողմերի պատասխանատվությունները, բայց առաջարկվող օրենքում կան մի շարք տարբերություններ։ Առաջին հերթին կիրառվում է մեկ պատուհանի սկզբունքը:

«Նախկինում անապահով ընտանիքներին կամ անձանց օգնություն տրամադրում էին բազմաթիվ  կազմակերպություններ և օգնության կարիք ունեցողը պետք է վազեր հազարավոր հասցեներով՝ ստանալու համար փնտրածը, այժմ մենք փորձում ենք միացնել այդ բոլոր կառույցները մեկ միասնական կազմակերպության մեջ։ Մարդը կդիմի մեկ կառույցի և այնտեղ էլ ցանցի միջոցով կստանա համակողմանի օգնություն», – ասում է Աստղիկ Մինասյանը։

Նոր օրենքը նաև փոփոխություններ կմտցնի «օգնություն»  հասկացության մեջ։ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանի մեկնաբանմամբ՝ արդեն վաղուց պետք է հասկանալ, որ աղքատությունը հաղթահարելու համար ոչ թե դրամական օգնություն է պետք տրամադրել, այլ հմտություններ մշակել մարդու համար, որ նա կարողանա ինքը վաստակել իրեն անհրաժեշտ գումարը։ Իհարկե,  փարոսային համակարգը և նպաստները շարունակելու են գործել, բայց ավելանալու են օգնության տրամադրման այլընտրանքային ձևեր ևս։

Մորը սպանած տղամարդուն ձերբակալել են

ձերբակալությունՀուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ կինը   Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ  Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ   հուլիսի 31-ին Վարդան Ստեփանյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդան Ստեփանյանը ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

ավտոպատահարՀուլիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում,   Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի «Խոռունդ ձոր» կոչվող դաշտում «ԳԱԶ-66» մակնիշի  ավտոմեքենա է  շրջվել, ինչի հետևանքով վարորդը և  3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Գազալիցքավորումից հետո մեքենան բռնկվել է, վարորդը այրվածքներով հիվանդանոցում է

այրվող-ավտոմեքենաՀուլիսի 31-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ և 3-րդ  աստիճանի այրվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում  «Միցուբիշի Պաջերո ԻՕ»  մակնիշի ավտոմեքենայի  գազալիցքավորումից հետո  ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է  այրվածքներ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից  31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 8 դեպքից` 5-ը, իսկ խարդախության  3  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում

4Հուլիսի 30-ին՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։

Հանդիսատեսով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տևած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի` «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ, և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի)։ Հուլիսի 27-ին՝ նվագախումբը կատարել է Վերդիի և Վագների ստեղծագործությունները (դիրիժոր՝ Մարկո Բոեմի), մենակատարներ՝ Միշելա Սբուրլատ (սոպրանո), Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Յունգ Կվանգ Լի (բարիտոն)։

Օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ), իսկ օգոստոսի 3-ին նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը», դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի, մենակատարներ՝ Նկոսազանա Դիմանդե (սոպրանո), Աննա Վիկտորովա (սոպրանո), Խաչատուր Բադալյան (տենոր), Եվգենի Ստավինսկի (բաս)։

Նշենք, որ 30-ամյա պատմություն ունեցող իտալական հեղինակավոր Musica Riva փառատոնն ամեն տարի իր տանիքի ներքո է համախմբում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի նշանավոր ներկայացուցիչների աշխարհի տարբեր ծայրերից։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Բերման է ենթարկվել Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ձերբակալելՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի  գծային բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1968 թ. ծնված  Սեյրան Ի.-ն, որը ս/թ հունիսի 5-ից  ոստիկանության  Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի  մեղադրանքով:

 

Վազգեն Մանուկյանն ընդունել է ակտիվիստների հրավերը. հանդիպումը` Մաշտոցի պուրակում

707779

Հանրային խորհրդի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որտեղ ասվում է.

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հարգելի՛ անդամներ:

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը:

Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:

Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ:

Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է:

Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել:

Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու  և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:

                                                                    Հանրային խորհրդի նախագահՎազգեն Մանուկյան

Արմեն Երիցյանը ներկայացրել է ԱԻ նոր փոխնախարարին

ԱԻՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Այսօր առավոտյան ԱԻ նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարարին.
– Շնորհավորում եմ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ու պիտի նշեմ, որ Դավիթ Կարապետյանին վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ, որ որպես միջազգային հարաբերություններում լավ փորձառություն ունեցող գործիչ` նա շատ օգտակար կլինի մեր նախարարությանը։

Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել ԱԻ նախարարությունում.
– Սա մեր հանրապետության ամենալուրջ հեղինակություն ունեցող կառույցներից է։ Նախարարությունը կայացել է մեծապես Ձեր` պարոն Երիցյան և Ձեր թիմի ջանքերի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նախարարությունն ավելի հզորանա ու ավելի արդյունավետ համագործակցություն ծավալի միջազգային հարաբերություններում։

Վերանորոգվում են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները

002 (1)Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ:

Շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են «Երևաննախագիծ»  ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երևանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը:

Ծրագիրը  շարունակական է  և վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են:

Նշենք, որ, ըստ էության, պատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը և համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երջանիկ կյանքի բանաձևը

ol3001375180170Դոկտոր  Թոդ Կաշդանը պնդում է, որ ինքը կարողացել է վերստեղծել մի բանաձև, որը կանխորոշում է ժամանակակից մարդու կյանքն իսկապես երջանիկ դարձնելու քայլերն ու գաղտնիքները:

Նրա խոսքով, երջանիկ լինելու համար մարդը պետք է.

1.անընդհատ շարժվի

2. հետաքրքրասեր ու իմաստասեր լինի

3.զբաղվի դուր եկած գործով

4.մտածի ուրիշ մարդկանց մասին, հաշվի նստի նրանց ցանկությունների ու պահանջմունքների հետ

5.կապ պահպանի ընտանիքի անդամների  ու ընկերների հետ, նրանց բավականաչափ ժամանակ հատկացնի (օրական առնվազն 2 անգամ)

6.հոգ տանի սեփական առողջության ու մարմնի գեղեցկության մասին:

Եթե մարդը հետևի նման խորհուրդներին, հավատացնում է դոկտորը, ապա նա անպայման գոհ կլինի իր կյանքից ու իրեն երջանիկ կհամարի:

 

 

Զինծառայող է մահացել

զինվորՀուլիսի 30-ին հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Գրքահավաք՝ Եղեգնաձորի քաղաքային գրադարանի համար

գիրքՀայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացնում է գրքահավաք: Հավաքված գրքերը կտրամադրվեն Եղեգնաձորի քաղաքային գրադարանին:

Գրադարանը կարիք ունի նոր և թարմ գրականության` դրանով իսկ բավարարելով ընթերցասերների պահանջները: Բոլոր երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն մասնակցել գրքահավաքին և նվիրաբերել գրականություն, կարող են գրքերը բերել հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 0281 2 54 42:

 

                                                                   Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեղայականով ներկայացել է ոստիկանություն

ոստիկանություն3Հուլիսի 30-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված  Նվեր Աբելյանը:
Նույն օրը, ժամը 12.45-ին, Ն. Աբելյանի մայրը  հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում որդու նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խ.-ն,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով  հարվածել է որդուն և պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ Աշոտ Խ.-ն նույն օրը, ժամը 12.35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նվեր Աբելյանը մահացել է:
Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական  գործ:
Աշոտ Խ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել

452.Signing of the agreement between the Government  of Armenia and the Government  of Germany 31.07.2013Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՀուլիսի 31-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Օշական – Աշտարակ ավտոճանապարհին այրվել է 1,5 հա խաղողի այգի, Արմավիրի մարզում` «Հռիփսիմե» եկեղեցու մոտ` 1,5 հա հնձած ցորենի արտ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի «Շմավոնի փոս» կոչվող տարածքի դաշտերում` 4000 քմ, Ֆանտան – Սևան ավտոճանապարհին` 3,5 հա խոտ:

Հրդեհները մեկուսացվել են, մարվել:

Փրկարարներն օգնել են վատառողջ բնակիչներին

փրկարարՀուլիսի 30-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 24 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները բացելով բնակարանի դուռը` ներսում հայտնաբերել են վատառողջ վիճակում գտնվող Դ. Խաչատրյանին:  Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նույն օրը, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 17 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը առողջական խնդիրներ ունի և չի կարողանում բացել դուռը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 1931 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին: Վերջինիս շտապօգնության աշխատակից­նե­րը տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

Նույն օրը, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Նոր նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 31/2 շենքի 18-րդ բնակարանի բնակչին (դիալիզով հիվանդ) հիվանդանոց տեղափոխելու համար հարկավոր է իջեցնել և մոտեցնել ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Դ. Համազասպյանին իջեցրել և մոտեցրել են ավտոմեքենային:

«Բարով եկաք». հայրենադարձներն օգնում են նորեկներին հաստատվել հայրենիքում

hayrenadardz-2Օրեր առաջ երևանյան սրճարաններից մեկը վերածվել էր յուրօրինակ հայկական «խառնարանի». հավաքվել էին հայեր աշխարհի տարբեր ծայրերից: Բոլորին միավորել էր մեկ գաղափար` հայրենադարձությունը, իսկ նրանցից շատերն արդեն գաղափարը կյանքի էին կոչել` վերադառնալով և հաստատվելով հայրենիքում:

Նախաձեռնությունը «Վերադարձ Հայաստան» (www.repatarmenia.org) հիմնադրամինն էր, որը պարբերաբար նման հանդիպումներ է անցկացնում` նպատակ ունենալով ներկայացնել արդեն հաստատված հայրենադարձների հաջողված փորձը, ամրապնդել նոր եկածների սոցիալական կապերը: Հանդիպումներին մասնակցում են նաև տեղացիներ, որոնք նույնպես ցանկանում են օգտակար լինել նորեկներին: Միջոցառման անվանումն էր` «Բարով եկաք» (Meet and greet):

«Վերադարձ Հայաստանի» համահիմնադիր Վարդան Մարաշլյանը, որը մոտ երեք տարի առաջ հայրենադարձվել է Ռուսաստանից, ասում է, որ գոյություն ունեն պոտենցիալ հայրենադարձներ, որոնցից շատերը գալիս են Հայաստան, այսպես ասած, մթնոլորտն ուսումնասիրելու, բայց, ցավոք, նրանց մատուցվում է միայն բացասականը, որի մեջ արդեն չեն նկատում այն դրական տեղաշարժերը, որ տեղի են ունենում Հայաստանում: Այդ մարդիկ այլևս չեն ուզում վերադառնալ հայրենիք:

«Վերադարձ Հայաստանի» հիմնական խնդիրն է քարոզել և ճիշտ ներկայացնել  հայրենադարձության գաղափարը` հիմնվելով անձնական օրինակների վրա, կրթական և մշակութային ծրագրեր իրականացնել մինչև հայրենադարձությունը, մարդկանց ներկայացնել առաջնահերթ բոլոր տեղեկությունները Հայաստանի մասին` առավել դյուրին դարձնելով հայրենադարձության գործընթացը և բոլոր փուլերում լինելով այդ մարդկանց կողքին:

Վարդան Մարաշլյանն ասում է, որ կարճ ժամակահատվածում իրենց հաջողվել է լուրջ աշխատանք կատարել: Նախ` հիմնադրամի շուրջ են համախմբվել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված շուրջ 600 հայրենադարձներ, որոնք սեփական փորձով օրինակ են դառնում մյուսների համար: «Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն մենք գիտենք տասը հոգի, որ տեղափոխվել են Հայաստան, և աշխարհագրությունը շատ հետաքրքիր է` Կանադա, Ամերիկա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Լիբանան, Իրան»,-թվարկում է նա:

«Բարով եկաք»-ին մասնակցում էին մի քանի տասնյակ սփյուռքահայեր, որոնք հերթով ներկայացնում էին, թե որտեղից են եկել, ինչով են զբաղվում և այլն: Օրինակ` Սամսոնը ծնվել է Հայաստանում, հետո մեկնել է Շվեդիա, երկար տարիներ ապրել այնտեղ, իսկ 2010-ին վերադարձել է Հայաստան և ներդրումային կազմակերպություն հիմնել: Արշակը նույնպես Հայաստանում է ծնվել, հետո տեղափոխվել Ֆրանսիա, ապրել Փարիզում, սակայն մեկ տարի առաջ վերադարձել է հայրենիք և ծրագրեր է իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անին հանրային առողջության մասնագետ է, Ամերիկայից է եկել, հետազոտություն է անցկացնում կանանց վերարտադրողական առողջության ոլորտում: Թամարը Կանադայից է, առայժմ կայուն աշխատանք չունի, անգլերեն է պարապում: Անահիտն էլ Լոնդոնից է վերադարձել հայրենիք, աշխատում է «Վերադարձ Հայաստանում»` օգնելով նորեկներին աշխատանք գտնելու հարցում:

Վարդան Մարաշլյանը շնորհակալություն է հայտնում բոլորին և ցանկանում, որ ամուր կապեր հաստատեն Հայաստանում. «Կարևորն այն է, որ հոսքն ավելանա, և պահպանելով որակը` ձեռք բերենք նաև քանակ,- ասաց նա` կատակով ավելացնելով,- և տա Աստված, որ դուք ավելի քիչ առիթ ունենաք շփվելու Հայաստանի տաքսու վարորդների հետ և ավելի շատ շփվեք մեզ պես մարդկանց հետ»:

Դիմելով մասնակիցներին` նա ասաց, որ «Վերադարձ Հայաստանի» մասին տեղեկատվությունը դրսում տարածելու ամենալավ միջոցը հենց նրանք են: «Մեզ պիտի ճանաչեն և դիմեն, և մենք պիտի կարողանանք ավելի շատ մարդկանց օգնել, որպեսզի Հայաստան վերադառնալու որոշում կայացնեն: Մեր հիմնական ուժը հենց դուք եք` հայրենադարձներդ»:

Վարդան Մարաշլյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու են Օձուն` ցանկացողներին հրավիրելով միանալ իրենց:

Հանդիպմանն ու ծանոթությանը զուգահեռ նման միջոցառումների ժամանակ ամեն անգամ մասնակիցներին ներկայացվում է նաև սոցիալական մի ծրագիր: Այդ օրը ներկայացվեց «One Armenian» միջոցների հայթայթման ծրագիրը, որով բարեգործական ծրագրեր են իրականացվում Հայաստանի գյուղերում ու տարբեր վայրերում: Ցանկացողները միանում են նախաձեռնությանը:

Միջոցառման մասնակիցների մեջ, սակայն, կային սիրիահայեր, որոնք պատերազմի պատճառով էին վերադարձել Հայաստան և առայժմ աշխատանք չունեին, անորոշության մեջ էին: Իսկ, օրինակ` 18-ամյա Սարգսի ընտանիքը մեկ տարի է արդեն` Հայաստանում է և մեկընդմիշտ հաստատվել է այստեղ: Սարգիսն ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, ծնողները բիզնեսով են զբաղվում, սեփական բնակարան ունեն:

Սիրիայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Մեղրիկը մինչև Սիրիայում իրավիճակի վատանալն էր եղել Հայաստանում ու Արցախում և շատ էր հավանել: Նրա երազանքն էր հայրենիք վերադառնալ: Սիրիայում սկիզբ առած դեպքերի պատճառով նրա ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ճիշտ է` դժվարությունները շատ էին, բայց արդեն հաստատվել են, սեփական փոքրիկ բիզնեսն ունեն: Մեղրիկն արդեն չի պատկերացնում իր կյանքը Հայաստանից դուրս: «Այլևս չեմ ուզում Սփյուռքի կոմպլեքսները ապրել, հոգնել եմ,- ասում է նա,- ես իմ մանկության ժամանակ շատ եմ տառապել: Մի օր ծնողներիս հարցրեցի, թե ինչու ենք մենք տանը հայերեն խոսում, դրսում` արաբերեն, մայրս ասաց` որովհետև մենք հայ ենք: Լավ, եթե հայ ենք, ինչո՞ւ Հայաստանում չենք,- զարմացա ես: Չեմ ուզեր, որ իմ երեխաներն էդ կոմպլեքսը ապրին: Թող իմ երեխաները լինեն սովորական հայ` սովորական հայրենիքին մեջ, թեկուզ և փողն ավելի քիչ լինի: Եվ թող ինձ չհամոզեն, որ դրսում կյանքն ավելի լավն է: Ես ինձ էստեղ ապահով եմ զգում: Առաջ ես կարող ա ծիծաղեի, երբ ինձ ասեին` հողի ուժը, իսկ հիմա շատ լավ եմ հասկանում այդ բառի նշանակությունը` իսկապես զգալով այդ հողի ուժը»:

ԱՄՆ հետախուզության զեկույցը. համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձը Թուրքիայից

harut-sasunyan6001327137345Վերջերս Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից:

Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագությունները» ճանաչելու և թուրքական գրավյալ «նահանգները» վերադարձնելու մասին:

Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական  ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. «Միացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագություններն ի վերջո  կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ «հայերը, գրեթե առանց բացառության, ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդեպ:

1944 թ. հուլիսի 31-ին թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցությունը (դաշնակ) պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ հուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցության տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից:

ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից ունենալու ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից»:

Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթե Թուրքիան,ինչպես դաշնակները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն [Ջեյմս] Մանդալյանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնա [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի  և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:

ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ, իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն վեցի վրա. «Հայրենիք» և «Ասպարեզ» (Դաշնակցական), դասակարգված որպես «աջակողմյան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (Ռամկավար) և «Երիտասարդ Հայաստան» (Հնչակյան), դասակարգված որպես «ազատական», և «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգված որպես «ձախակողմյան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլևս չեն  հրատարակվում:

Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» և «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և «Պայքար» թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում»:

ՌԾՎ-ի գնահատմամբ, 1943 թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդեպ, բայց մի քանիսը, թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ»:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր