Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն

10593_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով:
Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Շուրջ 9.1 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր և այլն:
2012 թ. ընկերությունն իրականացրել է շուրջ 657 մլն ՀՀ դրամին համարժեք վարդերի արտահանում (արտադրանքի 75 տոկոսը): 2013 թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է շուրջ 415.1 մլն ՀՀ դրամ, իսկ ներքին շուկայում իրացվել է 64.4 ՀՀ դրամին համարժեք արտադրանք: Ընկերությունում ներգրավված է շուրջ 70 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 128 հազար դրամ:

Օգոստոսի 4-ին «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дорогеԵրկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:

Նշենք, որ չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:

Հիշեցնենք, որ այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:

Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարքանակնկալներ. կվերականգնվիԳյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպովկբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով:

 

Կասյան փողոցում տեղակայված գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի օգոստսի 4-ին

տոնավաճառԿասյան փողոցի վերջնամասում տեղակայված գյուղամթերքի տոնավաճառը կվերաբացվի օգոստոսի 4-ին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով՝ նախնական կտեղադրվեն 150 տաղավարները, որոնց թիվը կավելանա ըստ անհրաժեշտության։ «Նախորդ տարի տոնավաճառը գործեց հուլիսից մինչ դեկտեմբերի վերջ։ Յուրաքանչյուր օր տոնավաճառ է այցելել 5-6 հազար մարդ, և ամեն օր սպառվել է մոտավորապես 50 տոննա գյուղմթերք։ Փորձը ցույց տվեց, որ օրեցօր ավելանում է այդ թիվը, հետևաբար այս տարի նախատեսում ենք ավելի շատ այցելուներ»,- ասաց Մակարյանը։ Նրա խոսքով՝ գյուղացիների կողմից արդեն կան անհրաժեշտ քանակի հայտեր։

Խոսելով «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գնտվող տոնավաճառի մասին՝ Մակարյանը նշեց, որ այս տարի ևս գյուղատնտեսական տոնավաճառը արդարացնում է բոլոր սպասելիքները։ «Քանի որ այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ակտիվությունն ավելի մեծ է»,- ավելացրեց փոխնախարարը։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 2011-ի օգոստոսի 21-ին առաջին անգամ կազմակերպեց Գյուղմթերքի տոնավաճառ մայրաքաղաքի Կասյան փողոցում, որտեղ առաջին անգամ գյուղացիներին հնարավորություն տրվեց առանց միջնորդի իրացնել իրենց մթերքը: Գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը բացվեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ` 2012 թվականի օգոստոսի 19-ին: 2012թ Երեւանում գործել են գյուղատնտեսական 3 տոնավաճառներ՝ «Մալիբու» սրճարանի մոտ, Կասյան փողոցում եւ Այրարատ կինոթատրոնի հարեւանությամբ: Կասյան փողոցում իրականացվել է 53, Այրարատ կինոթատրոնի մոտ 35, իսկ «Մալիբու» սրճարանի մոտ 10 տոնավաճառ: Տոնավաճառները կգործեն մինչեւ դեկտեմբեր՝ հանգստյան օրերին:

Նոր մանրամասներ. կաշառք վերցնելու և թմրանյութ փոխադրելու կասկածանքով կալանավորվել են ոստիկանն ու քաղաքացի Ա.Ա.-ն

ոստիկան2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն քրեական գործով պարզվել է, որ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը կաշառքի դիմաց Տ. Աղաջանյանին հանձնել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տ. Աղաջանյանի և քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնաժողովի՞, թե՞ ավագանու որոշում

«Բարև Երևան» դաշինքՍ.թ. հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գեւորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երեւան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւ՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ որեւէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով  պարզաբանել.

  1. «Ի՞նչ կարգավիճակ եւ ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,
  2. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջեւ,
  3. իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,
  4. ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները եւ ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,
  5. որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրեւ Երեւանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:

Իրականացվում են մայրաքաղաքի բուֆերային անտառաշերտի վերականգնման աշխատանքներ

001 (2)Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.  ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  ևս 30-ի տեղադրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վարդան Ղուկասյանի թողածն ու Գյումրիի կադաստրը` ի վնաս քաղաքապետարանի

Gyumri-qaxaqapetaran“Բնակիչներից լուրջ բողոքներ կան կադաստրի հետ կապված: Հուլիս ամսին պետք է պարտադիր կարգով մեզ ներկայացվի բազան` չի ներկայացվում: Ես հայտարարում եմ` հաջորդ ավագանու նիստին ուղերձ կանենք բոլոր պատկան ատյաններին, եթե այսպիսի շարունակություն ունեցավ:Մենք արդեն աշխատում ենք 7-րդ ամիսը և մի բան հասկացանք, որ քաղաքապետարանում չկա կոռուպցիա, վերացած է այդ հասկացությունը և դա պետք է հասկանան բոլոր ատյաններում: Չի կարելի բնակչին հինգ անգամ տանել կադաստր ու բերել: Դիմել ենք Երվանդ Զախարյանին, տարբեր դիստանցիաների, ասել ենք` ուշադրություն դարձրեք, չենք կարող այդ մարդկանց հետ աշխատել”, – ավագանու հեթրական նիստում վրդովվեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քանի որ կադաստրը համայնքապետարանին չի տրամադրում տվյալների վերջնական բազան, դա դժվարացնում է կառույցի աշխատանքը` հատկապես գույքահարկի հավաքագրման գործում: Քաղաքի հաշվեկշռում մինչ օրս գրանցված են այնպիսի կառույցներ, որոնք վաղուց գոյություն չունեն:

“Օրինակ Մայիսյանի կաթսայատունը մեր բալանսում է, բայց ֆիզիկապես չկա, այդպես է շատ-շատ կառույցների մասով: 39 կաթսայատուն օտարվել է, որից բյուջե մուտք է եղել 100 մլն-ից ավել գումար, որոշումները կան, բայց դրանք շարունակում են մեր հաշվեկշռում գտնվել: “Պիոներ պալատի” շենքն  օտարված է, բայց փաստաթղթային ձևակերպումը չկա”, – ասում է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Այդ իսկ պատճառով կազմվում է օտարված կառույցների ցանկ, որը հնարավորություն կտա դրանք հեռացնել քաղաքի հաշվեկշռից: Հ Ջիլավյանի խոսքով` համայնքապատկան մշակույթի կենտրոնների, մանկապարտեզների, մարզադպրոցների  89 տոկոսը սեփականաշնորհում չունի, և այժմ ընթանում է սեփականաշնորհման գործընթացը: Քաղաքում մոտ 700 կիսակառույց շինություն կա: Այս տվյալները վերջնական չեն և քաղաքապետարանին հաջողվել է նման արդյունք գրանցել համայնքապատկան գույքի գույքագրումից: Քաղաքապետարանը փորձում է փաստացի ֆիքսել այն, ինչ կա քաղաքում: Գյուքագրման գործընթացը դեռ շարունակվում է:

“Արագած մարզամշակութային կենտրոնը` բոլորիս հայտնի “Տեքստիլի ակումբը”, 99 տարի անվարձահատույց հատկացվել է քաղաքացու, և այդ ընթացքում համալիրը մաս-մաս սեփականաշնորհվել է: Այս պահին կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ քաղաքապետարանին մնացել է մուտքից աստիճաններով դահլիճ բարձրանալու հատվածը: Դեռևս այնքան բաներ կան, որ չեն պարզվել”, – հերթական բացահայտումներն է անում ֆինբաժնի պետը:

Իսկ քաղաքապետը լրացնում է. ““Կանգառ” խանութը ձևակերպված է որպես բնակարան, կամ կադաստրը, որտեղ մարդը նստած է` դա բնակարան է: Այսինքն, մեզ տրվող գույքահարկն այդպես քիչ է գալիս”:

Այս խնդրի կարգավորման համար քաղաքապետը պատրաստվում է ուղերձներով դիմել պատկան մարմիններին, որպեսզի այսուհետ առավել հեշտացվի ու կարգավորվի ոլորտի աշխատանքը:

Չար կախարդն օգնեց Ջոլիին գլխավորելու Forbes-ի ցուցակը

o_800211Անջելինա Ջոլին իր բոլոր տիտղոսներին ավելացրեց Forbes-ի վարկածով  Հոլիվուդի  ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակի առաջատարի դիրքը: Ցուցակը հրապարակվել է երկուշաբթի: Անցած տարվա հունիսից մինչև այս հունիս նա աշխատել է 33 մլն դոլար: Ընդ որում, դրա գրեթե կեսը (15 մլն դոլար) նրա հոնորարն է` “Մալեֆիսենթ” ֆիլմում չար կախարդի դերի համար, որը էկրանին կհայտնվի 2014-ի ամռանը:

Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոուրենսն է` 26 մլն դոլարով: Դրա վրա մեծապես ազդել է “Քաղցած խաղեր” վեպի էկրանավորումը, որը  կինովարձույթում 690 մլն դոլար է հավաքել: Բացի այդ,   Լոուրենսն այս տարի “Իմ ընկերը խանգարված է” ֆիլմում լավագույն կանացի դերի համար ստացել է “Օսկար”:

Եռյակն ամփոփում է “Աղջամուղջ” ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը: Անցած տարի նա էր գլխավորում այս ցուցակը, սակայն այս տարի նրա եկամուտները նվազել են  մեկ երրորդով ու հասել 22 մլն-ի: Վերջին շրջանում նա նախընտրում է ուշադրություն հատկացնել համեստ եկամտով անկախ նախագծերին` ինչպիսին է Ջեք Կերաուկի “Ճանապարհին” (8,7 մլն դոլար) վեպի էկրանավորումը:

«Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա»

մառլենՄոնրեալում ապրող հայ կինոռեժիսոր Մառլեն Էդոյանի  «Հողի կանչը»  վավերագրական ֆիլմն ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: Ֆիլմի նկարահանման համար Մառլենն այցելել  է Արցախի և Ջավախքի տարածքները, Հայաստանի գյուղերը՝ ծանոթանալով գյուղացիների առօրյային։ Շատ հաճելի էր, որ առիթ ունեցանք անձամբ զրուցելու Մ. Էդոյանի հետ:

– Մառլեն, ինչպե՞ս եք ձեզ զգում Երևանում:

Շատ ուրախ: Իհարկե, առաջին անգամ չեմ այստեղ, բայց անհամբեր սպասում էի, որ վերադառնամ Երևան:

–  Ձեր «Հողի կանչը»  ֆիլմն արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել Ֆրանսիայում: Ինչի՞ մասին է խոսքը:

– Ֆիլմը նկարագրում է հայ գյուղացու կյանքը, նրա առօրյան և կոչ անում շարունակել ապրել հայրենիքում: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի: Ոմանք հույսով լցված են, ոմանք` անհույս, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատել:

– Այնուամենայնիվ, ո՞րն է ֆիլմի գլխավոր միտքը:

– Արտագաղթն է: Վերջին շրջանում սկսել են դատարկվել հայկական գյուղերը, և ոչ միայն: Դա իսկապես ցավալի է: Քանի որ ֆիլմը գյուղերում եմ նկարահանել, ինձ միշտ մտահոգում էին այն հարցերը, թե ինչո՞ւ է գյուղերի բնակչության թիվը պակասում, ինչո՞ւ յուրաքանչյուր հայ, թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում, չպետք է կարողանա իր խնդիրները հենց իր երկրի ներսում լուծել, ազատ ստեղծագործել և հպարտանալ սեփական պատմությամբ:

-Ո՞րն է արտագաղթի հիմնական պատճառը:

– Պատճառները շատ են. աշխատատեղերի բացակայությունը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական ծանր վիճակը: Ինչո՞ւ պետք է լքես քո երկիրը և գնաս այլ տեղ ու զրոյից դժվարությամբ ստեղծես: Վստահեցնում եմ, որ ամեն տեղ էլ դժվար է, հետևաբար, ավելի լավ է քո երկրում դիմանալ: Իհարկե, շատ լավ հասկանում եմ հայրենիքը լքող մարդկանց, բայց նրանք միամտաբար են հեռանում՝ չճանաչելով աշխարհը:

– Ասում եք՝ հետ վերադառնալ հայրենիք և շարունակել ապրել այստեղ, բայց դուք պատրա՞ստ եք այդ քայլին:

– Այո, պատրաստ եմ գալ և բնակվել Հայաստանում, հատկապես Ջավախքում, քանի որ այն շատ սիրեցի:

– Ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռեժիսոր:

– Ուսանել եմ «Հեռուստատեսություն, ռադիո, բեմադրություն» բաժնում և միշտ էլ  աշխատել եմ այդ ասպարեզում: Սակայն վերջին 7-8 տարում որոշեցի աշխատել միայն վավերագրական ֆիլմերի վրա:

– Դժվա՞ր է վավերագրական ֆիլմեր նկարել:

– Այդքան բարդ չէ: Ժամանակին շատ եմ լուսանկարել, ինչն էլ նպաստեց իմ ապագա մասնագիտության կայացմանը:

– Իսկ խաղարկային ֆիլմեր նկարահանե՞լ եք:

– Այո, նույնիսկ խաղացել եմ այդ ֆիլմերում, բայց դա ինձ այնքան էլ չի հետաքրքրել: Եթե խաղարկային ֆիլմերում լավ սցենար չունես, դժվար թե կարողանաս լավ ֆիլմ նկարել:

– Պատրաստվո՞ւմ եք մասնակցել նաև հաջորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

– Ունեմ երկու ֆիլմ, որոնք պետք է նկարեմ: Ուղղակի ժամանակի հարց է: Հուսամ՝ մի քանի տարի անց կվերջացնեմ դրանք և կրկին կգամ Երևան: Երբ Ջավախքում էի, հստակ գիտեի, որ պետք է վերադառնամ: Անկասկած, հաջորդ վավերագրական ֆիլմը լինելու է Գանձայի և այդ գյուղի ժողովրդի մասին, իսկ երկրորդը հավանաբար կլինի Լիբանանում:

– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

– Փորձում եմ դրական տեսնել: Նախ` կառավարությունը պետք է քաղաքացիներին սատարի, իսկ քաղաքացիները՝ ճանաչեն աշխարհը: Եթե քո տանը քեզ լավ չես զգում, այլ տեղ հաստատ լավ չես զգա: Խնդիրը մեր մեջ է: Գիտեմ, որ կառավարությունը չի անում այն, ինչ պետք է անի, բայց մենք էլ ունենք մեր բաժին սխալը:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

 

Դատի են տվել Գյումրիի քաղաքապետարանին

008Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել և դատը շահել “Աջակից ընկերներ”-ին պատկանող գազալցակայանը, որը գտնվում է Երևանյան խճուղում: 4 մլն 780 հազար դրամ պետք է փոխանցենք այս ընկերությանը այն պարագայում, երբ լումա առ լումա գումար ենք հավաքագրում փոսային նորոգումներ անելու համար: Նեղսրտում է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նշյալ պարտքը գոյացել է Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք. քաղաքապետարանի մեքենաներին կայանը գազով է ապահովել, կան բոլոր փաստաթղթերը: “Մենք առաջարկեցինք ժամանակացույց կազմել և մաս-մաս վճարել, բայց դե մարդիկ դատի են տվել, ինչ անենք: Հետաքրքիր է նաև դատարանի տուգանքը` 138 հազար, այսինքն մեզանից գանձելու են մոտ 5 մլն 337 հազար: Ուղղակի պետք է համայնքի շահը վեր դասել ինչ-որ անձի շահից. Անձի, որ հուլիս ամսին (2012թ.) օգտագործել է գազ, 5մլն 300 հազարի այսօր կարող էինք փոսանորոգում կատարել Դուդկոյի փողոցում, որն ամոթալի վիճակում է: Չի կարելի, մի քիչ բարոյականություն է պետք”, – զայրանում է Սամվել Բալասանյանը:

“Ես երբեք 4 մլն 700 հազար պարտք չունեմ, եթե նայեք ես ինչ ընթացակարգով եմ աշխատել ու ինչ պարտքեր կուտակել` այսինքն, երբ պարտքը կուտակվում է` փոխանցում ենք, 1 մլն, 1 մլն 200 կամ 800 հազար: Դա ամիսների կուտակած պարտք է, որ իմ ժամանակ չի գոյացել: Երբ այսօր կազմակերպությունները ասֆալտապատման աշխատանքներ են կատարում` ես պարտք եմ մնում, խնդրում եմ անպայման անել` հաջորդ տարի եմ վճարելու, ոնց կարող է լումաներով հավաքած գումարը, երբ ես ափսոսում եմ բենզին լցնել, խնայում եմ, հանկարծ բերում ներկայացնում են, որ 4 մլն պետք է “Աջակից ընկերներին” փոխանցվի: Ամեն ինչ, ըստ փաստաթղթերի, օրինական է, ուղղակի մեր խնդիրն այն էր, որ ժամանակացույցով երեք տարում տայինք այդ գումարը”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ դատարանի վճիռը բողոքարկել չի պատրաստվում, քանի որ այդ ընթացքում ավելի շատ տուգանքներ են կուտակվելու և ցանկություն չունի ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել:
Քաղաքապետարանի դեմ, պարտքերի համար, դատական հայց էր ներկայացրել նաև “Գյումրեցի ընկերներ” կազմակերպությունը, որը, սակայն, քաղաքապետի փոխանցմամբ, կարծես, կասեցված է:

“Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով  մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ  քայլեր են ձեռնարկվելու մարզադպրոցի սահադաշտը սառցույցի շերտով ապահովելու  ուղղությամբ: Ըստ այդմ  նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակից գեներատորներ, որոնք և՛ էներգախնայող են, և՛ առավել արդյունավետ: Կանցկացվի նաև սառեցման համակարգի նոր խողովակաշար:

“Վերջին 20 տարիներին պարբերաբար փորձ արվել է պահպանել և թարմացնել գեղասահքի այս դպրոցը, սակայն առանց սառույցի որևէ քայլ չի կարող արդյունավետ լինել, ուստի այսօր քայլեր են  ձեռնարկվում նախ սառույցը վերականգնելու ուղղությամբ: Միայն ձմեռային պայմանները բավարար չեն գեղասահքի վիճակը բարելավելու համար,  մարզիկներին ամենօրյա պարապմունքներ են հարկավոր: Ի թիվս երևանցիների կողմից սպասված այլ նախաձեռնությունների, մարզադպրոցի վերականգնումը ևս Երևանի քաղաքապետարանի նվերը կլինի գեղասահքով բոլոր հետաքրքրվողներին”,- նշել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքի ամառային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից  31-ն անցկացվելիք “Երևանյան ամառ”ծրագրի շրջանակում: Միջոցառումներ են նախատեսված Կարապի լճին հարակից տարածքում,  Ջրաշխարհում, Կենդանաբանական այգում, ինչպես նաև վարչական շրջանների հրապարակներում և բակային տարածքներում: Հատուկ, երկարացված ժամանակացույցով կաշխատեն նաև երևանյան թանգարանները:

“Սովորաբար կարծիք կա, որ ամռանը Երևան քաղաքում պասիվ շրջան է, որովհետև շատերը մեկնում են հանգստի, սակայն պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ,  այդ թվում՝ սփյուռքահայեր են արտերկրից ժամանում: Ցավոք,  այդ շրջանում ոչ բոլոր մշակութային օջախներն են գործում: Հենց այդ բացը լրացնելուն են   միտված մեր ծրագրերը: Այս միջոցառումներին կմասնակցեն նաև մի շարք մասնավոր ընկերություններ, որոնք, իրավամբ, հետաքրքրված են Երևան քաղաքի մարզամշակութային կյանքով”, – ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նստացույցի մասնակիցները ներկայացնում են ոչ թե առաջարկներ, այլ պահանջներ

Երևանի քաղաքապետարանի դիմացԵրևանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցները շարունակում են պահանջել Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը։ Հիմնական նստացույցի մասնակիցները երեքն են, բայց օրվա ընթացքում նրանց են մոտենում տասնյակ ակտիվիստներ ու պարզապես անցորդենր՝ հայտնելու իրենց աջակցությունը։

Այսօր նստացույցի մասնակիցներից փորձեցինք ճշտել, թե մինչ օրս այրդյո՞ք հաջողվել է խոսել որևէ պաշտոնյայի հետ։ Ակտիվիստների փոխանցմամբ՝ առաջին օրը իրենց մոտեցել է մի պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ, բայց առաջարկել է ակտիվիստներին բարձրանալ քաղաքապետարան ու քննարկել իրենց տեսակետը, սակայն նստացույցի մասնակիցները ասել են, որ իրենք քննարկման կարիք չեն տեսնում, որովհետև ունեն ոչ թե առաջարկներ, այլ պահանջներ։ Դրանից հետո այլևս որևէ բանակցություն չի եղել։ Տղաներին մոտեցել է միայն Անահիտ Բախշյանը՝ այն էլ՝ ողջունելու նպատակով։

 

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

001 (1)Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։

Նախապես հերթագրված 12 քաղաքացիները վարչության պետին են դիմել բնակարանային տարաբնույթ հարցերով, որոնց տեղում տրվել են պատասխաններ, իսկ քաղաքապետարանի իրավասությունից դուրս դիմումներ ներկայացրած քաղաքացիներին համապատասխան ուղղորդումներ են տրվել՝ խնդրի կարգավորման նպատակով։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիպում են քաղաքացիների հետ ըստ սահմանված ժամանակացույցի, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սարհատ Պետրոսյանը Վլադիմիր Գասպարյանին նամակով կոչ է անում չկիրառել իրավախախտումը

ՀՀ  Ոստիկանապետ պրն. Վովա Գասպարյանին
ՀՀ քաղաքացի Սարհատ Պետրոսյանից

Սարհատ-ՊետրոսյանՀարգելի պարոն Գասպարյան,

Ինչպես գիտեք նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի բազմաթիվ բնակիչներ, սատարելով միմյանց, իրենց արդարացի դժգոհությունն էին հայտնում հասարակական տրանսպորտի թանկացման կապակցությամբ։ Դրա շրջանակում մի շարք վարորդներ իրենց յուրօրինակ մասնակցությունն ունեցան այս հանրային գործողությանը, անվճար տեղափոխելով մեր այն համաքաղաքացիներին, ովքեր անարդարացիորեն թանկացված տրանսպորտից չէին ցանկանում օգտվել։ Հուլիսի 25-ին ՀՀ Վարչապետի ելույթն ու Երևանի քաղաքապետարանի որոշման փոփոխությունը նույնպես ապացուցեց այդ հանրային ընդվզման արդարացի լինելը։
Ես, նույնպես, սատարելու համար մեր համաքաղաքացիների արդարացի պահանջներին իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով միացել էի մեր համաքաղաքացիներին, որի արդյունքում ս.թ. հուլիստի 23-ին ժամը 19-ից 20-ի միջակայքում երեք քաղաքացիների քաղվածքՖրանսիայի հրապարակից Կոմիտասի պողոտա տանելիս կանգնեցվել եմ 547 ՈՍ 01 պետամարանիշով ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի կողմից։ Հուլիսի 25-ին ծանուցվել եմ այն մասին, որ տուգանվել 10.000 դրամի չափով 038603030 կրծքանշանով ճանապարհային տեսուչի կողմից, բողոքարկման իրավունքով։

Հարգելի պարոն Գասպարյան,
Այս գրությամբ դիմում եմ Ձեզ տալ անհրաժեշտ հանձնարարական չկիրառելու համար նշված վարչական իրավախախտումը, քանի որ այն չի կատարվել դիտավորությամբ, այլ այն կատարվել է հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Սահամանադրության ամրագրված իրենց անքակտելի իրավունքների իրացման։

Առդիր ներկայացվում է վարչական իրավախախտման որոշման պատճենը։

Կանխավ շնորհակալություն։
Հարգանքով,
Սարհատ Պետրոսյան

29 հուլիս 2013թ., ք. Երևան

Եղեգնաձոր քաղաքում նշվել է զորամիավորման ստեղծման 16-րդ տարեդարձը

7 (1)Վայոց Ձորի  մարզի մարզկենտրոնում` հուլիսի 28-ին հանդիսավոր պայմաններում նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների բարձրաստիճան սպաներ և պետական այրեր:

Ողջունելով հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրերին` ԶՈւ 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ներկայացրեց զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները:

Նա մասնավորապես նշեց, որ զորամիավորման անձնակազմը մշտապես զգացել է մարզի ղեկավարության և բնակչության հոգատարությունը: Գեներալ-մայոր Մակարյանը նաև հավաստիացրեց, որ «զորամիավորման անձնակազմը անելու է առավելագույնը` մարտական պատրաստության առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու և հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործում»:

Իր և պաշտպանության նախարարության կողմից շնորհավորելով ներկաներին 4-րդ զորամիավորման կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս օրը եզակի է իր բնույթով, քանի որ նշվում է ոչ թե զորամիավորման զորամասերից մեկի պարիսպների ներսում, այլ մարզկենտրոնում, և դա պատահական չէ, քանի որ ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն: Նախարարը նաև հավելեց, որ զորամիավորման կազմավորման տարեդարձն առիթ է հետադարձ հայացք նետելով` իրավմամբ հպարտանալու 21 տարիների ընթացքում մեր բանակի անցած հաղթական ճանապարհով ու ձեռքբերումներով:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամիավորման մի շարք զինծառայողներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց զորահանդեսով, ապա ներկայացվեցին Հայկական բանակի սպառազինության մի շարք նմուշներ:

 

Պռոշյանի գյուղապետարանի 13 աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել

DSCN4769Պռոշյանի նախկին գյուղապետի օրոք գյուղապետարանում աշխատած 13 աշխատակիցներ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ չեն ցանկանում աշխատել։ Նրանք այսօր ներկայացրեցին իրենց հրաժարականները՝ հայտնելով, որ չեն կարողնում աշխատել անվստահության մթնոլորտում։ «Ես 7 տարի աշխատել եմ այստեղ հիանալի մթնոլորտում։ Ամեն ինչ փոխվեց նախկին գյուղապետի սպանությունից հետո։ Արդեն շուրջ 4 ամիս է անցել, բայց սպանության մեղավորները դեռ պատժված չեն։ Ես չեմ ցանկանում աշխատել մի գյուղապետի հետ, ում անունը սկզբում նշվում էր մեղադրյալների ցուցակում», – ասաց գյուղապետարանի առաջատար մասնագետ Հակոբ Մուրադյանը։ Նույնն են պնդում նաև մյուս 12 աշխատակիցները։

Ինքը՝ գյուղապետը, մեզ հայտնեց, որ իրեն որևէ մեկը տեղյակ չի պահել, որ պատրաստվում է հեռանալ։ «Ես եկել ու առաջարկել եմ աշխատել միասին, եթե իրենք չեն ցանկանում, դա իրենց գործն է ու ինձ չի մտահոգում», – ասաց Արթուր Մուրադյանը։

 

Օգոստոսին մայրաքաղաքում կանցկացվի << Երևանյան ամառ>> ծրագիրը

001Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է, դրանց միասնական տեսքի ապահովման նպատակով, ակտիվացնել աշխատանքները շինհրապարակները համապատասխան պաստառներով և անհրաժեշտ այլ պարագաներով կահավորելու ուղղությամբ:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված քաղաքաշինթյան և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերված ինքնակամ շինարարության 3 դեպքի մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իրականացվել են նաև 3 ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին անդրադառնալով՝ “Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ” ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ Իսակովի պողոտայում երթևեկությունն Էջմիածին-Երևան ուղղությամբ վերականգնվել է, առաջիկայում կբացվի նաև երկրորդ ուղղությունը: Ուլնեցի-Ռուբինյանց հատվածում էլ ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված է խիստ հսկողություն:
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ուղետարների վերանորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցների, ինչպես նաև մայրաքաղաքի մշակութային, կրթական, առողջապահական հիմնարկների հարակից փողոցների գծանշման աշխատանքներ: Ըստ այդմ, գծանշվել են 33 դպրոցների հարակից հատվածներ, տեղադրվել է 50 նոր, վերարանորոգվել 16 ճանապարհային նշան: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:
Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների և դրանց անցկացման վերաբերյալ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Նախորդ շաբաթ պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու համար կազմվել է 90 վարչական արձանագրություն:
Քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի “Երևանյան ամառ”միջոցառումների ծրագիրը: Մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա:
»Հաշվի առնելով, որ օգոսոտոս ամիսը Երևանում, մշակությային միջոցառումների տեսանկյունից, համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող “Երևանյան ամառ” ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապաական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին

1Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:

Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝  թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է.

  1. Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ
  2. Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար է նշմարվում (մերձակա շինության պարիսպը ևս նվազեցնում է արձանի տեսանելիությունը)
  3. Լուսավորության բացակայության պատճառով տարածքը «հարմար» վայր է դառնում «ռազբորկաների» համար, «գրավում է» հարբեցողների, ինչպես նաև այլ հոգեմետ մոլուցքների հակում ունեցող անձանց: Տարածքում կարելի է տեսնել բազմաթիվ կոտրված և չկոտրված շշեր, ապակիներ և այլն…
  1. Հուշարձանից մոտ 30 մետր հեռավորության վրա տեղադրված են աղբարկղեր, որոնք, կարծում ենք, նույնպես անհամատեղելի են հուշարձանի հետ

Մենք՝  Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներս, կիրակի՝ հուլիսի 28-ին, մաքրեցինք հուշարձանի տարածքը աղբից և կատարեցինք արձանի մասնակի մաքրում: Չկարողացանք այն ավարտին հասցնել որոշ աշխատանքային գործիքներ, նյութեր և լիազորություններ չունենալու պատճառով:

Պարոն քաղաքապետ.

Նկատի ունենալով Տրդատ Գ թագավորի կարևորագույն տեղն ու դերակատարությունը մեր ազգի պատմության մեջ

Հաշվի առնելով պատմական հուշարձանի կարևորությունը որպես քաղաքի այցեքարտ

Կարևորելով  ազգային արժեքների պահպանումը, որ փոխանցվում է մատաղ սերնդին նաև նման հուշարձաններով՝

Խնդրում ենք

Ձեր լիազորությունների շրջանակում տալ հանձնարարականներ

  • Արձանի և դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքների մասին (ներառյալ այնպիսի միջոցառումներ, որոնք արձանն ավելի տեսանելի կդարձնեն)
  • Աղբամանները բնակելի շենքերին մոտ մեկ այլ վայր տեղափոխելու մասին

Ինչպես նաև՝

  • Ժամանակակից լուսավորության միջոցներով ձեռնամուխ լինել արձանի տեսանելիության ապահովմանը նաև գիշերը՝ մթնելուց մինչև լուսաբաց.
  •  Հետևողական լինել ցանկալի բարեկարգ վիճակը մնայուն պահելու խնդրում

 Աբովյան քաղաքի Սբ. Ստեփանոս եկեղեցու երիտասարդներ

Երևանում բացվել է «Պատրաստված է Հայաստանում» խանութը

խանութԵրեւանում բացվել է թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշիկ, գուլպեղեն եւ այլն. այս մասին տեղեկանում ենք Banks.am կայքից:

Ինչպես հայտնում են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության լրատվական ծառայությունից, Տիգրան Մեծի 20 հասցեում («Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլ» հյուրանոցի հարեւանությամբ) գտնվող խանութում վաճառվում է «Տոսպ», «Լյուքս», «Լիդա», «Մելանտե» եւ «Արտսոքս» ընկերությունների արտադրանքը։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ խանութներ կբացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում։