Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևանում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   39.70C (1955թ)

·         Օդի նվազագույն ջերմաստիճան       11.90C (1946թ)

·         Օդի միջին օրական ջերմաստիճան  25.40C

 

Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

10534_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», – ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը կարևորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:
ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր::
Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում և պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

 

Աշխարհահռչակ գերմանացի ռեժիսորը` Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

MՖիլմն սկսվում է առաջին կադրից, այն ճանապարհ է բացում դեպի ֆիլմը, ուստի պետք չէ ուշանալ ֆիլմից. այսպիսի խորհուրդ տվեց այսօր աշխարհահռչակ գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա Ոսկե ծիրան 10-րդ  միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրերից է:

Ռեժիսորը պատմեց, որ ինքը աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով:

60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը:

«Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննդատա լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրով հանդիսատեսին կներկայացվի ֆոն Թրոթայի հաննա«Հաննա Արենդտ» ֆիլմը:  Այն հրեական ծագումով կին փիլիսոփայի մասին է, որը  1961-ի իր նյույորքյան տարագրությունից մեկնեց Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր էր դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանք, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների հանգեցրեց: Նա արժանացավ արհամարհանքի, զրպարտության, կորցրեց վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արենդտը մնաց իր հաստատուն կարծիքին`  փորձելով ամեն դեպքում հասկանալ, եթե նույնիսկ  դա  նշանակում էր «մտածել ցավ զգալու աստիճանի»:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

Արդեն 20 տարի է, ինչ մարտակերտցին ապրում է հաղթողի հոգեբանությամբ

մարտակերտ1992 թ. հուլիսի 4-ին ընկավ Լեռնային Ղարաբաղի վարչական վեց շրջաններից ամենամեծի` 1,7 հազ.  քկմ տարածք ունեցող Մարտակերտի շրջկենտրոնը, որի առավել խոշոր բնակավայրերն են Այգեստանը  (Չայլու), Հաթերքը, Թալիշը, Վանքը, Ներքին Հոռաթաղն ու Առաջաձորը: 59 գյուղական համայնք ունեցող շրջանը միանգամից չդատարկվեց, ինչպես Շահումյանը:

Ասում են, երբ Շահումյանի բնակչությունը մազապուրծ Հաթերք, Թալիշ, Տոնաշեն հասավ, այդ խուճապը նաև մարտակերտցիներին  պատեց: Երեք օր անց` հունիսի 16-ին, դատարկվեց  Մարտակերտի հյուսիսում, Թարթառի գետի ձախ ափին գտնվող Այգեստան գյուղը: Գյուղ,որ շրջկենտրոնից ընդամենը18 կմ էր հեռու: Իսկ այդ օրը Կուսապատի դպրոց տեղափոխվեց նաև Մարտակերտի շրջանային հիվանդանոցը, որը լիքն էր հիվանդներով: Դրանք հիմնականում զինվորներ էին, խաղաղ բնակիչներ, կին, երեխա, ծեր: Հունիսի վերջին հերթը հարևան Մարաղա, Լենինավան, Կարմիրավան գյուղերին հասավ:

Եթե 1987 թ. հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչության թիվը  45,3 հազար էր, ապա 1990 թ. հասել էր գրեթե 50 հազարի: Օրհասական այդ օրերին շատ մարտակերտցիներ  տուն վերադարձան, որպեսզի թև ու թիկունք լինեն հայրենի ոստանին, բայց, այն պահել,այնուամենայնիվ, չհաջողվեց:

Ստեփանակերտից  հյուսիս արևելք  62 կմ հեռավորությամբ, 9 հազար բնակիչ ունեցող շրջկենտրոնը ևս դատարկվեց: Լեփ-լեցուն տները մնացին չգիտես ում: Որքան էլ չցանկանանք այդ մասին խոսել, հիշողության հետ  հաշվի նստել չես կարող. Շահումյանի բռնազավթումից հետո, թշնամին ճեղքեց նաև Մարտակերտի սահմանները` Սարսանգի ջրամբար, Դրմբոն, և իջավ մինչև Չլդրան- Վաղուհաս գիծ:  Եթե մտաբերենք, որ Մարտակերտի արևելքի հարևանը Աղդամն էր, արևմուտքում` Քարվաճառը, իսկ հյուսիսում արդեն բռնազավթված Շահումյանը,  ապա շրջանի օրհասական վիճակն ավելի պատկերավոր կդառնա, թեև ինքնապաշտպանության ղեկավարը  և շարքային զինվորները քաջ գիտակցում էին, որ եթե թշնամու դեմը չառնեն, հաջորդ թիրախը Ասկերանն ու Ստեփանակերտն են լինելու:

Ճշմարիտ նվիրյալներին էլ` մեծ ու փոքր, գիշեր ու ցերեկ, մի միտք էր միայն տանջում` օր առաջ ազատագրված տեսնել Արցախ աշխարհը: Բայց այդ վերջն ասես ոչ միայն չէր երևում, այլև գնալով մշուշոտվում էր: Այստեղ է,որ ակամա հիշում ես «Իքս» կործանիչ ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Ալեքսանդր Թամանյանի միտքը.«Եթե մենք Սևան-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն ավելի վաղ ազատագրեինք, Մարտակերտն այս օրը չէր ընկնի: Քարվաճառի ազատագրումը շատ ուշացրինք…»:  Քարվաճառին գումարած Աղդամ, Միրբաշիր, Փափրավենդ:

Թշնամու ՄԻԳ և ՍՈՒ մարտական ինքնաթիռները, ուղղաթիռները, հեռահար հրետանին շարունակ ռմբակոծում էին շրջկենտրոնն ու շրջակա գյուղերը: Մարաղայի գլխով անցած իրադարձություններին ընթերցողն արդեն լավատեղյակ է: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո հրկիզեցին  Վաղուհաս գյուղը: Կարծես իրենց վրեժը լուծեցին հողից ու գերեզմանաքարերից:

Երբ 1992 թ. հուլիսի 4-ին ուժգին ռմբակոծության ենթարկվելուց հետո Կուսապատում տեղակայված հոսպիտալը Դրմբոն տեղափոխվեց, որտեղ տեղակայված էր նաև շտաբը, գնացողներն այդպես էլ չիմացան, որ իրենց հետևից գալիս  են նաև Մարտակերտի բնակիչները: Իսկ թշնամին քայլ առ քայլ առաջանում էր: Հայկական ջոկատները հազիվ էին հասցնում կասեցնել թշնամու առաջխաղացումը, մյուս մասը` ապահովում խաղաղ բնակչության դուրսբերումը: Ծեր ու մանուկ, թողած հայրենի օջախները, հոծ խմբերով, լաց ու կոծով փախչում էին գազան կտրած ոսոխից: Ասում են նաև, որ արցախյան պատերազի ամենաահեղ կռիվն ու ավերը Մարտակերտն է տեսել, զոհերն էլ այստեղ շատ են եղել:

Իզուր չեն ասում,որ պատմությունը կրկնվում է, քանզի այդ բնակավայրի բնակիչները պատմության հոլովույթում հաճախակի կատաղի մարտեր են մղել այլացեղ հրոսակների դեմ: Այդ իսկ պատճառով էլ  բնակավայրը Մարտակերտ է կոչվել, այսինքն` մարտերում բովված: Թեև պատմական ակունքներում նաև Աղդարա  է հիշատակվում, ասել է թե` Սպիտակ հովիտ:

Մարտակերտի մարտական գործողությունների ժամանակ թուրքին հաջողվել է մտնել,ավերել շրջանի բոլոր գյուղերը, բացառությամբ Խաչենի ձորակի 7 գյուղի, որոնց բնակիչները, ինչպես ասում են, միայն վառոդի հոտն են զգացել:

Ցավով պիտի  հիշել, որ երբեմնի հանրահայտ բնակավայրերի զգալի մասը նախկին ղեկավարների «ջանքերով» ոչ միայն 70 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացում չեն ապրել, այլև քայքայվել, դատարկվել են: Շրջանի գյուղերի զգալի մասը, հատկապես` լեռնային, զուրկ են եղել սոցիալ-կենցաղային տարրական պայմաններից, իսկ բոլոր գյուղերի ճանապարհներն անբարեկարգ էին: Մեջբերեմ Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար Սլավա Հովսեփյանի խոսքը. «Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մենք ճանապարհներ չունեինք, և մարդիկ փախչում էին արահետներով: Հիմնականում ներքին ճանապարհների բացակայության պատճառով էր, որ մարտական գործողությունների սկզբում գաղթի ճանապարհին խաղաղ բնակչությունից մեծ կորուստներ ունեցանք»:

Մարտակերտի նոր լուսաբացը սկսվեց 1993 թ. փետրվարի 5-ից, երբ հայ ազատամարտիկները, ազատագրելով Կիչան, Չլդրան գյուղերը, դուրս եկան Մարտակերտ- Քելբաջար մայրուղու Դրմբոն հատվածը: Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին արդեն ավերակ դարձած հայկական շեները. բացառությամբ մի քանի գյուղի:

Թեև այսօր Նոր Այգեստան, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան գյուղեր են կառուցվում, հինգ դուստրերի մայր, Այգեստանի դպրոցի ուսուցչուհի Աիդա Անտոնյանի համար այնքան էլ կարևոր չէ, թե իր հարազատ Այգեստանից այսօր ինչ է մնացել, կարևորը հավատն է, որ մի օր իրենք անպայման կվերադառնան իրենց հայրենի գյուղ, կրկին կհնչի դպրոցի զանգը, և հոգ չէ,որ  իր փոխարեն մի ջահել ուսուցչուհի երեխաներին կսովորեցնի մեսրոպյան այբուբենը:

Մարտակերտի համար մղվող 3-օրյա թեժ մարտերը հաղթանակով պսակվեցին: Ազատագրելով Մարտակերտին իշխող «Պուշկին և Վիշկին յալ» ռազմավարական բարձունքները` 1993 թ. հունիսի 27-ին հայ ազատամարտիկները Մարտակերտ մտան: Ի վերջո, քաղաքն ազատագրվեց մեկամյա գերությունից:  Իսկ առջևում Աղդամի ազատագրումն էր` 1993 թ. հուլիսի 23-ը:

Հունիսի 27-ը մարտակերտցիների համար խորհրդանշական էր: Ազատագրված Մարտակերտն արդեն 20 տարեկան է: Նրանց ուրախությունը կիսելու էր եկել նաև նախագահ Բակո Սահակյանը, որ մարտական պարգևներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների և խոստովանեց, որ «Արցախյան պատերազմում Մարտակերտն ամենատուժածն  է, ուստի պետության վերաբերմունքն էլ այդ շրջանի հանդեպ պիտի առանձնահատուկ լինի»: Խոստացավ ամեն ինչ անել, որ վաղն ավելի լավ լինի:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

գիշերԱյսօր  Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ռուսական  ֆիլմերի օրեր» ծրագիրը: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք պատահել են Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Սյուժետային դրվագները կապակցվում են գեր և նիհար մատուցողների պատմությամբ: Նրանք երկուսն էլ անհուսորեն սիրահարված են. մեկը` իր, մյուսը` ուրիշի կնոջը:

Նախագծի շրջանակներում կցուցադրվեն ևս հինգ ֆիլմեր` ստեղծված 2012-2013-ին:  Մասնավորապես`կցուցադրվեն  «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

արքայադստեր պատերազմըՎլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել:

«Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

«Արքայադստեր պատերազմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան` Մոսկվա կինոթատրոնում:

ինտիմ մասերՀուլիսի 12-ին կցուցադրվի «Ինտիմ մասեր» ֆիլմը: Այն միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է:  Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք` «ինտիմ մասերը»: Գլխավեր կերպարը` սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետևյալն է. ինչքա՞ն անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:

Ինչպես ֆիլմի ռեժիսոր Նատալյա Մերկուլովան ասում է, մեծ քաղաքի բնակիչների հոգեկան խնդիրների մասին պատմում են էրոտիկ ֆոնի վրա: Նրա խոսքով` Եվրոպայում ֆիլմը այնքան մեծ արձագանք չի ունեցել, ինչպես Ռուսաստանում և հետխորհրդային մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրոպայում այդ խնդիրների մասին վաղուց են խոսում, հետխորհրդային երկրներում դեռ նոր են սկսում և թեման այստեղ արդիական է:

մայորըՀուլիսի 10-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Յուրի Բիկովի «Մայորը» ֆիլմը:  Այն պատմում է ոստիկանության սպայի մասին: Նա  հիվանդանոց է գնում կնոջը տեսակցելու, որտեղ լույս աշխարհ է գալիս իրենց երեխան:  Երջանկությունից իրեն կորցրած` Սոբոլևը վարում է մեքենան չափից արագ, որի արդյունքում վրաերթի է ենթարկում մի տղայի: Տղան մահանում է, և մայորը ունի երկու ելք. գնալ բանտ, կամ թաքցնելով հանցանքը մնալ ազատության մեջ …

կողքիդ կլինեմՊավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ» ֆիլմը մի ռուս կնոջ մասին է, որը աշխատում է մոսկովյան մի ռեստորանում, վայելում է աշխատակիցների սերն ու հարգանքը: Իր կյանքում նա նաև ունի հատուկ մեկին` իր վեցամյա տղային` Միտիային: Փոքրիկ տղան նրա համար աշխարհի կենտրոնն է, նրա լավագույն ընկերը և մտերիմը: Նրաք ունեն հուզիչ, բարի, հոգատար և փոխադարձ աջակցությամբ լի հարաբերություններ: Հանկարծ Իննան ահավոր լուր է ստանում. անբուժելի հիվանդություն ունի: Հիմա ամենակարևոր բանը Միտիայի համար ապահով տեղ գտնելն է: Նրա` բարկությամբ, թուլությամբ և սառսափով խառնված ճանապարհորդությունը կտանի անսպասելի դեպքերի, որոնք կբացահայտեն նրա ուժը, ինքնատիրապետումը, և ամենավերջում` հույսը:

մարի«Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմն էլ դիմանկարների հավաքածու է` ներկայացնում է Մարի կանանց մասին 23 կարճ պատմություն: Այն կցուցադրվի հուլիսի 11-ին:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

3456

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների և նաև Բրազիլիայի Նախագահի վստահությունը՝ ևս մեկ աստիճանով բարձրացնելով երկկողմ հարաբերությունների մակարդակն ու ամրապնդելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերը:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը և ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը

աինՀուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռաբեկորը վնասել է 4 գերեզմանաքար և 2 գերեզմանի եզրաքար:

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը կալանավորվեց

ձերբակալելՈստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Ուկրաինայի Լվովի մարզի Կոմենկո-Բուգսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Օգսեն Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և նա կալանավորվել է:

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

ekexeciՊաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է: Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ: Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործում և կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երևանյան շունչը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսը կմասնակցի «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին

PaulsՊաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին: 

Ողջունելով քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երևանի և Ռիգայի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ: Հայտնի երգահանը նաև հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում էլ ավելի կսերտանան նաև երկու մայրաքաղաքների միջև առկա մշակութային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաև մշակույթի ոլորտում: Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին:

Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հետախուզվող՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վահե Պ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Թմրամիջոց իրացնողին հայտնաբերեցին հիվանդասենյակում

ԹմրամիջոցՀուլիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, որի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «Բուպրենորֆին B 8» թմրադեղի մեկ հաբ:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 1962 թ. ծնված Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ` թղթի մեջ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբլի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

ձերբակալելՈստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը` 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն:

 

Հրդեհներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՍիս գյուղում այրվել է տան տանիք

Հուլիսի 9-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի թիվ 20 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել՝ 05.55-ին: Այրվել է Ի. Հայրիբյանին պատկանող տան տանիքը՝ 40 քմ, մառանի տանիքը՝ 5քմ և ավտոտնակի տանիքը՝ 6 քմ:

Հրդեհ տրոլեյբուսում

Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է ցուցիչի վահականակը, ինչի հետևանքով կոտրվել է դիմապակին, որն ընկել է ուղևոր՝ 1981 թ. ծնված Շ. Կորչժկյանի ոտքին: Տուժածը հոսպիտալացվել է Մալաթիա բժշկական կենտրոն,  որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

«Ադրբեջանական պրոպոգանդայի վարձկանը կամ մոլդավուհի-մոջահեդը». Ստեփան Սաֆարյան

Ստեփան Սաֆարյան«Բարև Երևան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ պարզելու մոլդովացի Աուրելիա Գիրգորիույի անցած ուղին ու արկածները։ Նրա հոդվածն արդեն պատրաստ է։ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անոնսը. «Մոլդովացի ընկերներիցս մեկը այսօր ասաց, որ այսօր Աուրելիա Գիրգորիուն Քիշինեւում նորից պարզաբանումներ է ներկայացրել իր «տարընթերցված» զեկույցի վերաբերյալ: Նույն «արդարացումն» է՝ ինձ սխալ են հասկացել: Մի հետաքրքիր բան էլ. երբ խոսեցինք նրա բարձրացրած սկանդալի մասին, երբ պատմեցի Աուրելիայի՝ Հայաստանից «մեկնելու օպերացիայի» մասին, նա առավել քան համոզվեց, որ Աուրելիան ինքը չի գրել իր զեկույցը եւ ինչ-որ մեկը /ինչ-որ մի կենտրոնում/ գրել տվել են ձեռքը եւ նա էլ կարդացել է: Ես ծիծաղեցի, որովհետեւ արդեն ավարտել եմ 2 մասից բաղկացած յուրօրինակ հետաքննություն Աուրելիայի, մեղմ ասած, արկածների, վարքագծի, ելույթի ծագումնաբանության մասին, այդ թվում անդրադառնալով նրան, թե ինչու պետք է նա արդարանա իր արարքի համար:

Մոլդավացի ընկերներս խոստացել են էլի բաներ ճշտել, որոնք կարեւոր են հետաքննական այս շարքի համար»։

 

Ավտոպատահարներ

big_1373298476_IMG_9456 Կիևյան կամրջի մոտ. կա տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված համգամանքներում Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 01 ՕՏ 941 և «ԳԱԶել» մակնիշի 2211Տ պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչ հետևանքով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ավագյանին (ոտքի վնասվածքով) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները չեն տուժել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ մոտեցրել քարշակին:

Ավտոմեքենան շրջվել է ձորակը

Հուլիսի 9-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլ. ցանցի դիմաց ավտոմեքենան շրջվել է ձորակը և այրվում է. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Արծվի արձանի մոտակայքում, «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 LD 471 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի:

Ավտոմեքենայի վարորդ` 1991 թ. ծնված Ն. Հակոբյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

 Ռուբինյանց փողոցում

Հուլիսի 9-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է  «Իսուզու» մակնիշի AA020 պետհամարանիշով մոտոցիկլին և դիմել փախուստի, ինչի հետևանքով մոտոցիկլի վարորդ՝ 1983 թ. ծնված Դ. Դաուդը (Սիրիայի հանրապետության քաղաքացի) ստացել է ոտքի վնասվածք:

Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՀուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղինհարակից արտերում` 1 հա խոտածածկ տարածք և 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա ցորենի արտ, Երևանի Շահումյանի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ և Լեփսիուսի 6-րդ փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք և կուտակված աղբ (մոտ 4 խմ):

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Մանկապարտեզների հագեցվածությունը՝ անվերջանալի խնդիր

mankapartezi nkarՄանկապարտեզների խնդրին  մենք անցած տարի  անդրադարձել ենք և  ներկայացրել, թե ինչ սուղ և գերծանրաբեռնված պայմաններում են նրանք գործում: Քաղաքապետարանը խոստացել էր, որ մեկ տարի հետո գուցե հագեցվածությունը խմբակներում թեթևանա վարձակալված տարածքները վերադարձվելու պարագայում: Ինչպիսի՞ն է  իրավիճակն այսօր:

Ոչ վաղ անցյալում պետական մանկապարտեզները վճարովի էին, ամսական վարձավճարը հասնում էր մինչև 7 հազար դրամի: Այն ժամանակ էլ այդ հաստատությունների դռները միշտ չէին բաց ընդունելության համար, սակայն գոնե ինչ-որ չափով ավելի հեշտ էր տնօրինության սիրահոժարությանն արժանանալ` հայկական ավանդական տարբերակի համաձայն:

Պետությունը միայն երկար տարիներ անց որոշեց ամբողջ համակարգը բարեփոխել, և հանրակրթական դպրոցների օպտիմալացման գործընթացներից հետո հերթը մանկապարտեզներին հասավ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրի համաձայն` հանրապետության բոլոր  պետական մանկապարտեզները դարձան անվճար:

      Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ

Համակարգում տեղի ունեցած բարեփոխումներն առաջացրին առաջարկի ու պահանջարկի անհամամասնություն, մանկապարտեզների գերծանրաբեռնվածության  հետևանքով բազմաթիվ երեխաների ընդունելության հարցը մատնվեց անորոշության:

Մայրաքաղաքում այսօր գործում է մոտ 162  մանկապարտեզ, որոնք ընդհանուր առմամբ բավարարում են պահանջարկի չնչին մասը: Այս պահին հերթագրված  է շուրջ 11000 երեխա, որոնց ընդունելության հարցն անորոշ ժամանակով հետաձգված է: Խնդիրն այն է, որ ներկա պահին ընդունելության հետ կապված հանգամանքները հստակ կանոնակարգված չեն, և յուրաքանչյուր տնօրեն  ընդունելության հայտ ներկայացնող ծնողներին իր պարզաբանումն է տալիս:

Ըստ գործող օրենքի` երեխայի ծնողը պետք է վաղօրոք դիմում ներկայացնի հաստատության տնօրինությանը և հերթագրի երեխային, սակայն խմբակների գերբեռնվածության պատճառով շատ տնօրեններ  հավանական են համարում երեխայի ընդունելությունը սեպտեմբերից` նոր ուսումնական տարվանից ոչ շուտ:  Բայց օրենքը ենթադրում է երեխայի ընդունելությունը կազմակերպել ամեն ամսվա աշխատանքային առաջին երեք օրերի ընթացքում: Տնօրեններից շատերի պարզաբանմամբ` թափուր խմբակներ չկան, և հագեցվածությունը հնարավորություն չի տալիս նոր ընդունելություն կազմակերպել:

Այսինքն` պետությունն իր «ուսերին առավ» մի բարդ գործընթաց` առանց երկար մտածելու: Նախապես կարելի էր ըստ առկա վիճակագրության և երեխաների մոտավոր թվաքանակի պարզել, թե արդյոք  գոյություն ունեցող մանկապարտեզներն իրենց քանակով կկարողանա՞ն բավարարել առկա պահանջարկը: Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ:

   Բարդ է ընդունելությունը, երբ այլ լծակներ չկան

Նախ, ըստ սահմանված նորմերի` յուրաքանչյուր խմբում երեխաների թվաքանակը չպետք է գերազանցի 25-ը, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը հասնում է նույնիսկ 40-ի, երբ դժվար լուծելի է դառնում երեխաներին միաժամանակ նույն ծածկի տակ պահելու հարցը: Եթե նախկինում գոնե փոքրիկ «պարգևավճարի» միջոցով հնարավոր էր դառնում լուծել երեխային մանկապարտեզ ընդունելու հարցը, ապա այսօր նույնիսկ այդ պարագայում ոչինչ չի ստացվում:

Մի քաղաքացի` Նար Դոս փողոցի բնակիչ Մարիա Գ.-ն երկամյա որդուն մոտ մեկ տարի առաջ հերթագրել էր իր տարածքային՝ կենտրոնի մանկապարտեզներից մեկում`  հույս ունենալով, որ առաջիկա սեպտեմբեր ամսին իրեն անպայման կհիշեն ու կզանգահարեն: Սակայն տվյալ մակապարտեզից իրեն տեղեկացրին, որ իր երեխան դուրս է մնացել: Եվ դա պատճառաբանել են նրանով, որ երբ մանկապարտեզից զանգահարել են, իրենց տանը մարդ չի եղել, ուստի ստիպված են եղել այլ երեխայի ընդունել: Այս անհեթեթ պատճառը և փաստորեն  ծնողի իրավունքների ոտնահարման փաստի շուրջ որևէ գործընթաց չծավալվեց: Բնակչուհի Մարիա Գ.-ն այս կապակցությամբ նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հուսալով, որ առաջիկայում գոնե նրանց միջամտությամբ հնարավոր կլինի վերականգնել իր և իր մանկան իրավունքները: Սակայն նամակին առ այսօր պատասխան չի տրվել: Ինչպես երևում է, այս հարցում գործում է՝ «Ով տերով` նա զորով» վաղեմի ասացվածքը:

Երեխաների գերծանրաբեռնվածության պատճառով նույնիսկ որոշ մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցված է, ինչը, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում:

Կենտրոնի մանկապարտեզների տնօրեններից մի քանիսը զրույցի ընթացքում հայտնեցին, որ եթե իրենք բոլոր հերթագրված դիմումները բավարարեն, ապա իրենց մոտ նույնիսկ ասեղ գցելու տեղ չի գտնվի: «Ի՞նչ անեմ, հո իմ տանը չեմ տանի պահեմ, պիտի տեղ լինի, չէ՞»,- քմծիծաղով ասաց փոխտնօրեններից մեկը:

 Հուսանք, որ վերադարձված տարածքները կծառայեն իրենց նպատակին

Մինչև 2011թ. ապրիլի 1-ը մայրաքաղաքում մանկապարտեզ էր հաճախում   25 000 երեխա, իսկ անվճար դառնալուց  հետո այդ թիվը կտրուկ աճեց` հասնելով  28 370-ի:

Գերհագեցվածության հիմնական խնդիրն այն է, որ մանկապարտեզի հսկայական մասնաշենքեր և խմբասենյակներ տրված են անհատույց վարձակալման մինչև 2023 թ.: Ուստի պետությունն այս խնդրի կարգավորումը տեսնում է միայն այն պարագայում, երբ վարձակալված տարածքների ժամկետները լրանալուն պես պայմանագրերը  չերկարացվեն և վերադարձվեն: «Այդ տարածքները պետք է շահագործվեն մանկապարտեզների համար»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց  Գայանե Սողոմոնյանը՝ հավելելով, որ հաճախող երեխաների թիվը կմեծանար, եթե մինչ այս ժամանակահատվածը մանկապարտեզների տարածքները տրված չլինեին վարձակալության:

Անցած տարի Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունից մեզ վստահեցրին, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, և վարձակալության հանձնված շատ մասնաշենքեր պայմանագրի ավարտից հետո այս տարի ետ կվերադարձվեն:

Նա տեղեկացրեց, որ իսկապես արդեն 87 մանկապարտեզներում  շուրջ 50 տարածք է ազատվել, որոնցում  իրականացվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, տրվել է համպատասխան գույք, և նոր երեխաներ են ընդունվել:  Գայանե Սողոմոնյանը հիշեցրեց, որ  2010-2011 թթ. 21 մանկապարտեզներում կային վարձակալված տարածքներ, որոնք մի քանի վարձակալներ ունեին: Դրանք 1990-ական թթ.՝ վարձակալության են հանձնվել թաղապետարանների կողմից և այժմ բարեբախտաբար հետ են վերադարձվել: Այս պահին հերթագրված է 11 հազար երեխա, որոնց մի մասը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա: Իսկ գերծանրաբեռնվածությունն ամռան ամիսներին որոշակիորեն կթեթևանա դպրոց հաճախող երեխաների հաշվին:

Այսօր,  ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում մոտ  32 հազար երեխա` նախորդ տարվա 27 հազարի փոխարեն, ինչը հնարավոր է եղել լուծել նոր  տարածքների ձեռքբերման շնորհիվ:

Լ. Ն

 

 

 

՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

krauze

Մոսկվա կինոթատրոնում Անտոնի Կրաուզեի ՛՛Սև հինգշաբթի՛՛ ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Ֆիլմի հեղինակը Հայաստան չի ժամանել. նոր ֆիլմի վրա է աշխատում: Նրա ստեղծագործությունը ներկայացրեց Քշիշտոֆ Զանուսին, ով  Կրաուզեին ներկայացրեց որպես իր ուսանող և գործընկեր, ով պատմական անցքերը կարողացել է մեծ վարպետությամբ էկրանավորել:

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների, այդ թվում և Լեհաստանի դեսպանատան հետ`այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար:Կինոփառատոնում ներկայացված են  մի քանի լեհական ֆիլմեր`մեկը պայքարում է գլխավոր մրցանակի համար, երկուսը`միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում են ներկայացված:

Այսօր ներկայացված ֆիլմը 1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը:

Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները:

Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

 

Սպասվում է փոփոխական եղանակ

exanakՀանրապետության տարածքում`

Հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

 Երևանում՝

Հուլիսի 8-11-ին տեղումների հավանականությունը փոքր է: 12-13-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: