ԿԸՀ-ը որոշում է ընդունել

imagesԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն`  2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 6 անդամ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 42 անդամ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Գյումրեցի դյուցազնը վերադառնում է

Gevorg Davtyan (3)Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ էվերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը: Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:

“Արդեն 6 ամիս է մարզվում եմ, պատրաստվում եմ հուլիսին Հայաստանի գավաթի առաջնությանը, դրանից հետո` հոկտեմբերին, աշխարհի առաջնությանը, – archive2.ankakh.com-ին փոխանցեց ծանրորդը: – Բուժմանս համար երկար ժամանակ պահանջվեց: Սկզբում ճիշտ ուղու վրա չէինք, տարբեր տեղեր բուժման կուրսեր անցա, բայց անօգուտ, հետո, երբ գնացի Մոսկվա` պրոֆեսորի մոտ, առաջարկեց վիրահատոթյուն, ուրիշ ոչ մի բուժում: Վիրահատությունից մեկ ամիս հետո լրիվ վերականգնվել եմ”: Գևորգը Մոսկվայում վիրահատվել է հոկտեմբերին, և ինչպես ինքն է նշում` 1-1.5 ամիս անց լիարժեք մարզավճակում կլինի:
Գևորգն այժմ նախապատրաստվում է Հայաստանի գավաթին և նպատակադրվել` Գյումրի բերել աշխարհի չեմպոնի տիտղոսը:
“Կարևորը Հայաստանի գավաթում բարձր արդյունքով հաղթելն է. բայց հաղթել չի նշանակում քեզանից թույլ մարզիկին գերազանցել, այլ պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում քո բարձրացրած արդյունքները կրկնես”, – ասում է մարզիկը:
Արդեն երրորդ տարին է լրանում, երբ Գևորգը Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում միջազգային առաջնություններում հանդես չի եկել, և նշում է, որ շատ է կարոտել մրցահարթակն ու ծանրաձողը: Այս դադարի ընթացքում լուրեր տարածվեցին, թե Գևորգն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը նեղացած են հավաքականից ու ֆեդերացիայից: Մարզիկը դա բամբասանքներ որակեց. “Խոսակցություն եղավ, որ մեզ հավաքականից հանել են. այդ մասին էլի եմ ասել` հավաքականից ոչ ոք չի կարող հանել կամ հավաքական մտցնել, ով ուզում է լինի: Հավաքականի կազմ մտցնելը պաշտոն չէ, որ հանեն ու նշանակեն: Հավաքականի կազմ մտնում է այն մարզիկը, որը Հայաստանի առաջնությանը կգրավի առաջին տեղը. այսինքն, դա կախված է մարզիկից: Թույլ մարզիկին կարող են հավաքականի կա՞զմ մտցնել, չի լինի”:
Նույն ժամանակահատվածում շատերն էին նշում, թե Գևորգն այլևս հավաքական չի վերադառնա, քանի որ լավ առաջարկներ է ստացել այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու համար: “Այլ երկրից առաջարկներ միշտ եմ ստացել, ոչ թե Անթալիայում տեղի ունեցած առաջնությունում իմ անհաջողությունից հետո: Հիմա էլ կան առաջարկներ: Բայց չեմ համաձայնվում. ինձ թվում է` համաձայնելը սխալ է”, – ասում է մարզիկը, ու միևնույն ժամանակ փաստում, որ դրսում պայմանները շատ ավելի լավն են` թե’ ֆինանսական, թե’ մնացած բոլոր առումներով:
Լինել օլիմպիական խաղերի մեդալակիր, հետո ունենալ նման անհաջողություն, արդյոք հուսահատություն չի ապրել հարցին` Գևորգը նշեց. “Օլիմպիական խաղերից առաջ արդեն հուսահատված էի, որովհետև շատ լավ մարզավիճակում էի, բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ոտքի վնասվածք ստացա: Մինչև վերականգնվեցի` խաղերին մասնակցելու ժամանակը հասավ, և դա էր պատճառը, որ բավարարվեցի երրորդ տեղով: Ես օլիմպիական խաղերին գնացել էի հենց ոսկե մեդալի համար: Դրանից հետո մեջքիս վնասցվածքը, և, անշուշտ, հուսահատվել էի, դժվար էր այդ ապրումները հաղթահարել, բայց, փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է”:
Ասում են` ծանրորդը 25-27 տարեկանից հետո պետք է հրաժեշտ տա կարիերային, որին Գևորգը բնավ համաձայն չէ. “Տարիքը նշանակություն չունի: 15 տարի առաջվա մեր հավաքականի հիմնական կազմում էին Խաչատուր Քյափանակցյանը, և էլի շատերը, որ 30-ից բարձր տարիք են ունեցել: Քյափանակցյանը 34 տարեկանում աշխարհի ռեկորդ էր սահմանել: Մինչև 35-36 տարեկան շատ մարզիկներ են եղել, որ բարձր արդյունքներ են ցույց տվել”:
Որպես սպորտի մարդ, ով երկար տարիներ այս ոլոտում է, Գևորգ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել վերջին տարիների մեր ծանրամարտի հավաքականի անհաջողությունների պատճառները: “Առաջին հերթին պետք է ձգտում, աշխատասիրություն լինի, երևի դա է պակաս շատերի մեջ: Մասնագետներ են պետք, հոգեբանական կարիք էլ ունի թիմը: Հավաքականի ելույթներին միշտ հետևում եմ, վնասվածքներ են շատ տեղի ունենում: Օրինակ մեր Տիգրան Գ.Մարտիրոսյանը, արդեն երկրորդ անգամն է վնասվածքի պատճառով չմասնակցեց կարևոր մրցումների` օլիմպիական խաղերին ու այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Այսինքն, պետք է լուրջ բժիշկ, մեր թիմը սպորտային բժիշկ չունի: Մյուս երկրները զարմանում են, որ մենք սպորտային բժիշկ չունենք: Այնտեղ ամեն թիմում 3-4 հատ բժիշկ կա, մեզ մոտ` մեկն էլ չկա: Հոգեբան չկա: Այս բացերը լրացնում են գլխավոր մարզիչը, անձնական մարզիչները, որի` ծնողները: Օրինակ իմ կողքին միշտ կանգնած են եղել հայրս, եղբայրս, ովքեր ևս ծանրամարտով են զբաղվել, անձնական մարզիչս`Վահան Բիչախչյանը:
Հայկական ծանրամարտին մեծ կորուստ էին Աշոտ Մխիթարյանն ու Խաչատուր Քյափանակցյանը. այսօրվա անհաջողություններիում պատճառներից մեկը”:
Գևորգը մարզվել և շարունակում է մարզվել Գյումրիում, անձնական մարզիչն է Վահան Բիչախչյանը: Ծանրամարտում է 11 տարեկանից, և գրեթե 20 տարի հանդես է գալիս այս մարզաձևում: Սակայն դահլիճը, որտեղ մարզվում է Գևորգ Դավթյանը, ինչպես մարզիկն է ասում, ունի ոչ “նորմալ պայմաններ”, դա սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի անվան դպրոցն է. “Հաջորդ տարի հիմքից նոր դահլիճ է կատռուցվելու, որքան ես եմ տեղյակ”, – ավելացնում է ծանրորդը:
Նշենք, որ Գևորգ Դավթյան այն մարզիկներից է, ով ամեն տարի հաղթական դափնին ուսերին է վերադառնում հայրենի քաղաք:
Իր կարիերայում Գևորգը նվաճել է.
1997թ.` պատանիների Եվրոպայի երրորդ կարգի մրցանակ:
1998թ., 1999թ.` Եվրոպայի պատանիների չեմպիոն:
2001թ.` երիտասարդների աշխարհի չեմպիոն:
2003թ.` երիտասարդների աշխարհի 3-րդ կարգի մրցանակ,
2003թ.`մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն:
2006թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
2007թ.` աշխարհի փոխչեմպիոն:
2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր:
Առջևում 2013թ. աշխարհի չեմպիոնի մրցանակն է:

Տեղումները կշարունակվեն

big_1368347820_75666`Մայիսի 13-17-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`
Մայիսի 13-17-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

Alexander-Lukashenko-007

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը

Հայաստանում ծառեր են ընկնում

ծառեր են ընկնումՃանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մայիսի 11-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ծառն ընկել է ճանապարհի վրա և ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ծառն ընկել է գազատար խողովակի վրա

Մայիսի 11-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հարավ-արևելյան 11 փողոցում ծառն ընկել է էլ. լարերի և գազատար խողովակի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Մայիսի 11-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Հակոբյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԿԸՀ մի շարք հարցեր է քննարկել

downloadԱյսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Երևանի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ բանկերի կողմից տրամադրված նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և կուսակցությունների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

Նիստի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև քաղաքացի Նարինե Ղազարյանի, Բարև Երևան կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի, Երևանի ավագանու անդամի թեկնածուներ Դանիել Իոաննիսյանի և Արման Աբրահամյանի դիմումները:

 

 

 

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

323. Minister Nalbandian received OSCE PA Special Representative on South Caucasus 11.05.2013Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշեց, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել և ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր տարածաշրջանային այցելության նպատակները և Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրների։

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում

327.Event at the MFA of Greece dedicated to the economic relations between Armenia and Greece 11.05.2013Մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Մասնակիցների թվում էին Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամներ, հույն գործարարներ, Հունաստանի ԱԳՆ աշխատակիցներ, օտարեկրյա դիվանագետներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միհալոսը, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի նախագահ Պ. Չոլաքյանը:

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հայաստանում Հունաստանի դեսպանության` առեւտրատնտեսական կապերի պատասխանատու Կ. Դասկալոպուլոսը:

Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդմաները հույն գործարարներին ներկայացրեցին ՀՀ տնտեսության արդի վիճակը, արտահանման եւ ներկրման, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ֆրանսիա

Էդվարդ ՆալբանդյանՖրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։

Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։

Ճանաչիր Երևանը նաև հեծանիվների միջոցով

DSC_0060Մայիսի 11-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքին, որը կանցկացվի  մայիսի 26-ին։ Ասուլիսի բանախոսներն էին ծրագրի կազմակերպիչներ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը և «Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը: Ծրագիրը կյանքի է կոչվում «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ «Ճանաչիր Երևանն» ունի մի քանի նպատակ։ Նախ՝ կազմակերպիչները ցանկանում են ապացուցել, որ հեծանիվներով հնարավոր է անցնել Երևանի մի կետից մյուսը, և քաղաքի ռելիեֆը դրա հնարավորությունը տալիս է։ Այս նախաձեռնությունը կմեծացնի հետաքրքրությունը հեծանվային սպորտի նկատմամբ, բացի այդ, հեծանիվն ավելի շատ կօգտագործվի առօրյայում որպես փոխադրամիջոց։ Հեծանվավազքի հաջորդ կարևորագույն կոմպոնենտը երիտասարդության համախմբումն է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար կարևոր է ցանկացած նոր գաղափար, որն իր շուրջ կհամախմբի երիտասարդների։ Մենք փորձում ենք, պահպանելով ավանդական ծրագրերը, կյանքի կոչել նոր գաղափարներ, որոնք ավելի կընդլայնեն երիտասարդների հետաքրքրությունները»,- նշեց Արուսյակ Պողոսյանը:

Պատասխանելով ՀԵՀ-ի ծրագրերի մասին լրագրողների հարցին՝ Արուսյակ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես հանդես է գալիս բազմաբնույթ երիտասարդական նախաձեռնություններով։ Մասնավորապես առաջիկա ամենամեծ ծրագրերից է օգոստոսին մեկնարկելիք ավանդական «Բազե» հավաքը: Նա նաև առանձնացրեց արդեն երրորդ տարին կազմակերպվող կրթաթոշակի տրամադրման մրցույթը, որի շրջանակներում արդեն իսկ փոխհատուցվել է ավելի քան 2000 ուսանողի ուսման վարձ։ Այս տարի ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի են արժանացել նաև Հայաստանում ուսանող 111 սիրիահայ երիտասարդներ։

«Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը, անդրադառնալով «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթին, նշեց, որ հեծանվավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 300 երիտասարդ՝ հասարակական կազմակերպություններից, ուսանողական խորհուրդներից, երիտասարդական խմբերից։ Նրանք մրցույթին կմասնակցեն 5 հոգանոց թիմերով: Յուրաքանչյուր խումբ կանցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գևորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում

Shenorhali2«Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում կայացել է լիբանանահայ մտավորական, երաժշտագետ, կրթամշակութային գործիչ Գևորգ Գանտահարյանի հիշատակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էր Համազգայինի Լիբանանի շրջանային վարչությունը։

Սփյուռքահայ մտավորականին նվիրված հուշ երեկոյին խոսք  են ասել Համազգայինի անունից գրող Սարգիս Կիրակոսյանը, Համազգայինի Ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, Հունաստանից հատուկ Բեյրութ ժամանած հասարակական գործիչ և Գևորգ Գանտահարյանի աշակերտ Միհրան Քյուրդողլյանը և Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Նարեկ արքեպիսկոպոսը։ Գեղարվեստական հայտագրով հանդես են եկել Գևորգ Գանտահարյանի ղեկավարած «Շնորհալի» և «Գուսան» երգչախմբերը։

Բանախոսները ընդգծել են ազնիվ հայի, մանկավարժի, երաժշտագետի և հասարակական գործչի նկարագրային առաքինություններն ու հայ կյանքում  ներդրած այն վիթխարի վաստակը, որի  տակ արձանագրվել է Գևորգ Գանտահարյանի անունը։

«Ազդակ»

ՀՀ ԿԸՀ այսօր քննարկում է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիմում բողոքները

imagesՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 11` ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգը.

  • 1.    ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 2.    «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 3.           ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցողներ` Տ.Մուկուչյան, Ա.Սմբատյան 

 

  • 4.            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱՑ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. 

Զեկուցող` Ս.Հովհաննիսյան

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մահացել է Մարջ Սիմփսոնի նախատիպը

Պորտլենդում, 94 տարեկանում մահացել է Մարգարեթ Գրոունինգը, ամերիկացի պրոդյուսեր “Սիմփսոնները” մուլտեսրիալը ստեղծողի` Մեթ Գրոունինգի մայրը, ով Մարջ Սիմփսոնի նախատիպն է դարձել:

Մահախոսականում ասվում է, որ կինը ծնվել է 1919-ին, 1941-ին ավարտել Լինֆիլդի քոլեջն ու շուտով ամուսնացել իր համակուրսեցու հետ, ում նա ընտրել է այն պատճառով, որ երիտասարդին  ամենալավ էր հաջողվում իրեն ծիծաղեցնել: Նրանք 5 երեխա ունեցան` Պաթին, Մարկը, Մեթը, Լիզան, Մեգին: Ընտանիքի հայրը վախճանվեց 1996-ին:

pic_13681111141980-ականներին “Սիմփսոների” սցենարի վրա աշխատելիս Մեթ Գրոունինգն իր կատակերգության հերոսների համար փոխ է առել հարազատներից շատերի անունները: Այսպես, օրինակ, սերիալում հայտնվեցին Մարջ ու Հոմեր Սիմփսոն ամուսիններն ու նրանց դուստրերը` Լիզան, Նեգին և Մարջի քույրը` Պաթի անունով:

Մարգարեթ Գրոունինգը բազմիցս ասել է, որ իրեն երբեք Մարջ չեն կոչել ու “Սիմփսոնների” հեոսուհին էլ իրեն բոլորովին նման չէ, ու հավելել, որ այդ հերոսուհուն շատ է համակրում, քանի որ նա ընտանիքում հիմնական հաշտարարն է:

“Սիմփսոնններ” 1989-ից է ցուցադրվում ու ամենաերկար մուլտսերիալն է համարվում ամերիկյան հեռուստատեսությունում: Ներկայում թողարկվել է նաև “Սիմփսոնների” 24-րդ սեզոնը:

Նյույորքյան “Ազատության աշտարակը” պսակել են ծայրաձողով

i (1)Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում կանգնեցված կառույցի վրա 124 մետրանոց ծայրաձող է տեղադրվել:

Հիմա աշտարակի բարձրությունը 540 մ է: “Ազատության աշտարակն” ամենաբարձր շենքն է Արևմտյան կիսագնդում: Այն կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում:

Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է գենոցիդ իրականացնելու մեջ

iՊետության նախկին ղեկավարը դատապարվել է 80 տարվա ազատազրկման: Խոսե Էֆրայն Ռիոս Մոնտը մեղավոր է ճանաչվել մարդկության նկատմամբ գենոցիդ ու հանցագործություն կատարելում: Նրան մեղադրանք է առաջադրվել 1980-ականներին 1700 հնդկացիների սօանության գործով:Ինքը` Մոնտը մեղադրանքը չի ընդունում:

Քաղաքական գործիչն իշխանության է եկել 1982-ին` պետական հեղաշրջման շնորհիվ, սակայն մեկ տարուց նրան տապալեցին:

Պակիստանում նախագահական ընտրություններն ուղեկցվում են զոհերով

i (3)Առնվազն երկու պայթյուն է  եղել երկրի տարածքում: Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել  քվեարկության տեղամասի բացումից մի քանի ժամ առաջ,Ավամի Ազգային կուսակցության գրասենյակի մոտ, ևս մեկն էլ կատարվել է Փեշավարում: Դրանց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, 40-ը` մարմնական վնասվածքներ ստացել:

Իսկ երեկ Թալիբան շարժման ներկայացուցիչները կոչ են արել անտեսել, արհամարհել  ընտրությունները` սպառնալով մահապարտների գրոհներով:

Ավագանու ընտրություններն էլ ավատվեցին, իսկ հետո՞…

Երևանի ավագանու ընտրություններ,2013Ավարտվեցին նաև «ոչ քաղաքական» ևս մեկ ընտրություններ, ու քաղաքը, համաձայն պաշտոնական տվյալների, «ընտրեց» նոր ավագանի: Ու ի՞նչ ստացվեց. Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես թե այնպես որոշակի դերակատարում ունեցող քաղաքական ուժերից երեքը, որոնք մասնակցում էին Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարին` ՀՅԴ–ն, նորաստեղծ ՀԱԿԿ–ն ու ՕԵԿ–ը, տեղ չունեցան ավագանու կազմում: Ու երևանի ղեկավարումը հաջորդ 4 տարիներին իրականացնելու են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու «Բարև Երևան» դաշինքը:

 Հիմա քաղաքապետարանը «բաժանելու» հերթն է

Ամենևին էլ ցանկություն չունենք այս նյութում անդրադառնալ ո՛չ ընտրությունների ընթացքի, ո՛չ դրանց որակի ու ո՛չ էլ քաղաքական նշանակության կամ դրսևորումների վրա: Մի բան ակնհայտ է. թեկուզ ավագանու կազմ անցած ուժերը` ՀՀԿ-ն,  ԲՀԿ-ն, «Բարև Երևանը», հավաքել են, համապատասխանաբար, 55, 23  և 8 տոկոսից ավելի, բայց քանի որ ընտրապայքարից դուրս մնաց 4 ուժ, նրանց ստացած քվեների տոկոսները կբաշխվեն ավագանի անցած ուժերի միջև: Այսպիսով, Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն կունենա 41 կամ 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 մանդատ, իսկ «Բարև Երևանը»` 6 կամ 7 մանդատ: Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ իրական պատկեր: Ու հիմա հարց է առաջանում` Երևանի ավագանու կազմ ձգտող քաղաքական ուժերն ինչպե՞ս են  իրենց դրսևորելու ավագանու «կերակրատաշտի» վերաբաշխման հարցերը լուծելիս:

Դատելով պատկերից, պարզ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միանձնյա որոշելու, թե ինչպես են բաշխվելու ավագանու հաստիքացուցակները, քանի որ բացարձակ մեծամասնություն է կազմում: Իսկ բացարձակ մեծամասնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կառավարման գործերի հաստիքները բաշխվում են ավագանու քվեարկությամբ, ենթադրում է, որ ՀՀԿ-ն, առանց կողմնակի «աջակցության», կարող է իր ուզած որոշումներն ընդունել ու իր ուզած արդյունքները ստանալ:

Այս պայմաններում հարց է, թե ինչ են անելու իրենց համամասնական ցուցակները ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:

Եթե ՀՀԿ–ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չկազմեր, ասել է թե` չկարողանար միանձնյա քաղաքապետ «ընտրել» կամ նշանակել, պարզից էլ պարզ է, որ մյուս ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները թեժ պայքար կմղեին ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալների, թաղապետերի և այլ կարևոր պորտֆելների համար:

Որովհետև,  քանի որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ 2/3-ը,  այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների 70 տոկոսից ավելին, Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նշանակության պաշտոն:  Ուստի այն բավական «ցանկալի պատառ» էր, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի համար, ախորժալի էր նաև Արմեն Մարտիրոսյանի և այլոց համար: Բայց երբ այդ պաշտոնին ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» առաջատարները արդեն չեն կարող հավակնել, կարելի՞ է պատկերացնել մի սցենար, որ, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Գուրգեն Արսենյանը հրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից ու վերցնեն Երևանի ավագանու, թեկուզ փոխքաղաքապետի մանդատներ: Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ` ԲՀԿ ցուցակի առաջին երկու համարներն իրենց իրավունքները Երևանի ավագանիում կզիջեն, օրինակ, ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին: Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ իշխող ուժի մոտ շրջանառվել է նաև Մանուկյանին Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկի պաշտոնում նշանակելու մասին միտքը: Ու եթե քաղաքական աշնանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «օպերացիա ՕԵԿ» չխաղարկեն, այսինքն` ԲՀԿ-ն չդարձնեն ընդդիմություն, ինչի մասին խոսակցություններ նույնպես շրջանառվում են, ապա շատ հնարավոր է, որ Աբրահամ Մանուկյանին էլ տեսնենք Երևանի փոխքաղաքապետների շարքում: Այսինքն` պարզ է, որ Արսենյանն ու Օսկանյանն ԱԺ-ի իրենց մանդատները չեն թողնի ու գան Երևանի ավագանի` պայքարելու իրենց նախընտրական դրույթներն ի կատար ածելու համար:

«Բարև Երևանի» գործը դժվարացավ

Այս դեպքում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մասին նույնիսկ չենք էլ խոսում: Մեր տեղեկություններով` նրանց ցուցակի առաջատարները կվերցնեն  ավագանու մանդատները: Այս ուժը ցանկանում է Երևանի ավագանիում ստեղծել ուժեղ թիմ, ու այդ նպատակով ավագանի կգործուղի ցուցակի առաջատար համարների տակ հանգրվանած «Ժառանգության» ներկայացուցիչներին` գումարած նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին:

Ընտրություններից հետո էլ մանդատները վերցնելու մասին խոսեց նաև «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ եթե ինչ-որ ուժի կամ կուսակցության ժողովուրդը վստահության քվե է տվել, ապա այդ ուժը պետք է այդ վստահությունն արդարացնի…

Այսինքն` «Բարև Երևանը», ի տարբերություն ՀԱԿ-ի, որը նախկին ավագանու կազմում վայր դրեց իր մանդատները` հանդիսանալով ավագանու միակ ընդդիմադիր խմբակցությունը, կվերցնի այդ մանդատները: Առհասարակ, ճիշտ էլ կանի, որովհետև սխալ է, երբ մի ինչ-որ ուժ կամ ուժեր պայքարում են ինչ-որ արդյունքի համար, բայց ստանում են ավելի պակաս արդյուք, քան ակնկալում էին, ու հրաժարվում են իրենց այդ ձեռքբերումից: Ճիշտ է` Երևանի ավագանիում «Բարև Երևանը» որոշումների ընդունման վրա չի կարող ազդել: Չի կարող նույնիսկ ԲՀԿ-ի հետ միավորվելով: Բայց Երևանի ավագանիում մանդատ ունենալը լրացուցիչ գործիք է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար` թեկուզ այն որպես քաղաքական գաղափարներ առաջ քաշելու և ավագանին որպես հարթակ, ամբիոն օգտագործելու նկատառումներից ելնելով:

Այս առումով, ի տարբերություն ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում հանգրվանած թեկնածուների, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն ընտրելու անհրաժեշտություն էլ չունեն. նրանցից ոչ  ոք ներկայումս ավելի բարձր պաշտոնում չէ:

Մի խոսքով` քանի դեռ ԲՀԿ–ն հստակ դիրքորոշում չի հայտնել, թե քաղաքական դաշտի որ կողմում է դիրքավորվում, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Երևանի ավագանիում ամբողջ ընդդիմադիր հատվածի «շահերը» կներկայացնի «Բարև Երևանը»` 6 կամ 7 անդամներով: Ասել է թե` նրանց թեժ քառամյակ է սպասում…

  

 

Մյուսների համար տոն, մեզ համար` եռատոն

եռատոն-արցախՀայոց նոր և նորագույն շրջանի պատմության մեջ մայիսն իրավամբ համարվեց մեր հաղթանակների ամիսը: Վերջին հարյուր տարվա մեջ Հայաստանի երեք հանրապետություների  գծած պատմական ուղեգծում մայիսն առանձնանում է հայերիս գոյամարտի հաղթական հանգուցակետերով: Մեր հաղթանակների մայիսը թերևս սկսվում է մայիսի 8-9-ից: Այն արդեն 21 տարի է, ինչ կոչվում է նաև եռատոն:

 Երկրորդ աշխարհամարտը նաև հայերի պատերազմն էր

Եռատոնի «առաջին արարը» կապված է  ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի հետ Հայրենական մեծ պատերազմում, որում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ճիշտ է, Հայաստանում, բարեբախտաբար, ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան, քանի որ Խորհրդային Հայաստանը կոմունիստական ճամբարի երկիր էր և խորհրդային բանակում կռվող հարյուրհազարավոր հայեր իրենց  արյունն էին հեղում:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939 թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը կռվում էր: Բացի նրանցից, 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: Այսինքն` ամբողջ աշխարհում 1939-ից մղվող  Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության թիվը  600 հազար էր: Շուրջ 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Այս պատերազմում հայերն աչքի ընկան ոչ միայն մասնակցության մեծ թվով, այլև ռազմական տաղանդով և սխրանքներով: Հայերը պատերազմ ուղարկեցին 6 ազգային դիվիզիա: Իսկ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 106 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո, նրանցից 2-ը` Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել: 27 հայեր դարձել են «Փառքի» շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետներ:

Պատերազմի մասնակից 4 հայորդիներ դարձան մարշալներ` Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանցը) և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը: 160-ն արժանացան գեներալի կոչման, որոնցից 64-ը` հենց պատերազմի ժամանակ: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: ԽՍՀՄ-ը 1945 թ. մայիսի 9-ին գրավեց Բեռլինը` այդպիսով հաղթանակ տանելով ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ: Եվ 1945-ից սկսած մինչև փլուզումը` 1991 թ., ԽՍՀՄ-ում, իսկ 1991-ից հետո հետխորհրդային երկրներում մայիսի 9-ը նշվում է որպես հաղթանակի տոն: Այդ թվում և Հայաստանում:

Հենց մեր պապերի փառահեղ հաղթանակն էլ կրթեց նոր սերնդին, որը 1991 թվականին Արցախում պարզեց ազատության դրոշն ու դուրս գալով գոյամարտի` հաղթեց, վերահաստատեց հայերիս ապրելու իրավունքը արևի տակ ու մայիսյան հաղթանակն էլ մեր ազգի համար դարձրեց եռատոն:

Եռատոնի «երկրորդ արարը»

Արդեն 21 տարի է` 1992 թվականից, ինչ մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ կարևոր հաղթանակի` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:  Շուշիի ազատագրումը կարևոր էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ:

Կարագյավ գյուղից մինչև Քիրս մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությունն էր, հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդը` Շոշի, հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային (Լաչինի) ուղղությունն էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը (հարավարևմտյան), հրամանատար Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ամբողջ օպերացիան, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անունը,  ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը, սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:

Մերոնք հաղթանակած մտան Շուշի և Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերը ազատագրեցին նաև մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին) և մայիսի 18-ին, բացելով «Լաչինի մարդասիրական միջանցքը», հասան ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Շուշիի ազատագրումով ու միջանցքի բացումով պիտի որ  պատերազմը բեկվեր: Բայց դրան հաջորդեց հայկական զինուժի դիմակայությունը նույն տարվա ամառվա աննախադեպ ուժեղ գրոհներին, եղան ծանր պարտություններ, սակայն աշնանից սկսած` հակահարձակման ու լայնածավալ առաջխաղացման ոգին վերականգնվեց, արդյունքում ազատագրվեցին Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, ինչը, ի վերջո, ավարտվեց 1994-ի մայիսին զինադադարի կնքմամբ:

Հենց Շուշիի ազատագրումն էլ համալրեց մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա տոնական խորհուրդը, և այժմ այս օրը նշվում է ոչ միայն «միասնական հայրենիք» ԽՍՀՄ-ի տարած հաղթանակը Մեծ հայրենականում, այլև հենց բուն հայկական հողում հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական ու փառահեղ էջերից մեկը:

Ինչ վերաբերում է եռատոնի «երրորդ արարին», ապա պետք է նշել, որ 1992 թ. մայիսի 9-ը համարվում է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի օր: Ու դրա  շնորհիվ էլ առաջացել է «եռատոն» անվանումը:

Հաղթանակների ամիս մայիսը

եռատոնԵրբ փակում ես կորուստներով լեցուն ապրիլյան էջը (Եղեռն, «Կոլցո» օպերացիա, Մարաղա…)  և ակամա հայտնվում կորուստների ու հաղթանակների ճամփաբաժանում, չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Բայց երբ առաջ ես նայում ու զգում մայիսյան հաղթանակների` Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրման շունչը, գոտեպնդվում ես, թե  ինչքա՜ն պատմելու բան կա:

Էլ չեմ խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած դերի մասին: Բայց ինչո՞ւ չխոսել:

Տասնամյակներ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում, Մեծ հայրենականի հաղթանակի 60-ամյակին նվիրված շքերթի ժամանակ առաջին անգամ ողջ աշխարհի առջև հրապարակավ խոստովանեցին, որ հայ ժողովուրդն այդ պատերազմին տվեց ավելին, քան Ադրբեջանը, Վրաստանը և շատ այլ երկրներ:

Խոստովանությունը` խոստովանություն, բայց մենք էլ մեր հերթին պիտի խոստովանենք, որ արդեն դարավերջին, երբ դժվարին կացության մեջ մենք էինք հայտնվել, ռուսները ոչ թե մեր կողքին կանգնեցին, այլ ադրբեջանցու, և իրականացրին «Կոլցո» օպերացիան: Հայաթափվեց Շահումյանը:

Ինչևէ:  Շուշիի ազատագրումը ոչ միայն մայիսյան հաղթանակների դափնեպսակն է, այլև ողջ Արցախյան գոյամարտի, ու այդպիսին էլ կմնա, որովհետև Շուշին էր վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը:

Հին անունը Շոշ է եղել, որը նշանակում է բարձրություն: Քաղաք, որ անհիշելի ժամանակներից (VI-IX դդ.) հպարտորեն թիկնել է Քիրս լեռան (2750 մ) հյուսիսային փեշին  և շրջապատված է անդնդախոր ձորերով: Իսկ վաղ միջնադարում այն Շիկաքար է կոչվել:

Երբ  Ղարաբաղում սկսվում է հայերի ազգային-ազատագրական շարժումը, շատ նվիրյալների հետ Ավան անունով մի լոռեցի մշտական բնակություն է հաստատում Շոշ գյուղում: Հոգևորական գերդաստանի զավակը, մտահոգված ժողովրդի անվտանգությամբ, պաշտպանությամբ, 1720 թ. Շուշի քաղաքի արևելան մասում` Հնոտի կիրճի ձախափնյա ժայռին, նախաձեռնում է բերդ-ապարանքի կառուցումը, որն այսօր էլ Ավան հարյուրապետի անունով է կոչվում:

Քաղաքի մշակութային կյանքը հարուստ է եղել: Դեռևս 1820 թ. քաղաքում տպարան է գործել է: Լույս են տեսել 10-ից ավելի թերթեր ու ամսագրեր: Շուշիի Հակոբյան տպարանում է տպագրվում Լեոյի «Իմ օրագիրը», Րաֆֆու «Խենթը», Ֆիրդուսու «Շահնամեն»:

Բայց արի ու տես,որ նաև դառնություններով լեցուն է եղել քաղաքի կյանքը, քանզի պատերազմներն ու ազգամիջյան բախումներն անպակաս էին: Մարդիկ քանիցս շենացրել են քաղաքը, իսկ քոչվորներն ու ավարառուներն այն  ավերել են: Թե որքան փոթորիկներ են անցել նրա գլխով, վկան ավերված 5 եկեղեցիներն ու բզկտված հողն են, շիրիմները պսակող հայոց ինքնատիպ խաչքարերն ու նրանց մասին մինչ օրս պահպանվող պատմությունները : Իսկ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման շեմին ներխուժած թաթարների եռօրյա  ասպատակությունից հետո Շուշին անվանեցին Հայոց Պոմպեյ:

Շուշիին մի նոր աղետ էր սպասում արդեն  XX դարավերջին, ավելի ճիշտ այն արդեն չոքել էր նրա դռանը: Ոսոխը ոչ միայն կրկին Շուշին էր հայաթափել, այլև շրջանի մի շարք գյուղեր: Հրետակոծությամբ շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում նաև Ստեփանակերտը, որտեղ կյանքը նկուղ էր տեղափոխվել: Միայն հերոս Քարին տակի «հախից» այդպես էլ չկարողացավ գալ: Շուշիի քթի տակ (2 կմ հեռավորությամբ) գտնվող  գյուղի մեջ թշնամին իրեն սպառնացող վտանգ էր տեսնում: Եվ  այդ մտավախությունն իզուր չէր, քանի որ 1992 թ. հունվարի 26-ին թուրքը գյուղի մատույցներում 150 դիակ թողեց, բայց գյուղ այդպես էլ չմտավ: Շուշիի բարձունքից ադրբեջանցի հրոսակները շատ վայրագություններ են արել: Անգամ փորձել են այն ժայռը պայթեցնել, որի վրա իրենք էին շնթռած, միայն թե ինչ-որ կերպ գյուղի «հախից» գային, վկայությունը` ժայռի տակ փորված անցքերը: Հավի խելք ու միտք ունեցողները հավանաբար ուշ են գլխի ընկել, որ դրանով նաև իրենց գերեզմանն են փորում:

Շուշիի օպերացիան ծրագրված էր սկսել մայիսի 4-ին, սակայն առատ տեղացած ձյան պատճառով այն հետաձգվեց 8-ին: Մարտական գործողությունների քարտեզը պատրաստ էր դեռ ապրիլի կեսից: Արդեն մայիսի 7-ից շուրջ 80 ինքնապաշտպանական ջոկատներ ու դասակներ գրավում են իրենց դիրքերն ու սպասում «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը սկսելու հրամանին, որն էլ շատ չի ուշանում:

Շուշիի օպերացիայի իրադարձությունները հազարապատիկ են, մասնակիցներն էլ` ոչ պակաս: Եթե անսանք օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին. «Թեև Շուշիի օպերացիային իրականում 2500 զինվոր մասնակցեց, բայց ես ավելին կասեմ, որ այդ ազատագրմանը մասնակցեց նաև ողջ հայ ժողովուրդը, որի սրտի թրթիռը, սրտատրոփ սպասումը  մեր թիկունքում զգում էինք»:

Մահ ու ավեր սփռող, անառիկ ամրոց հիշեցնող քաղաքն ընկավ 27 ժամում: 1992 թ. մայիսի 9-ի առավոտյան արդեն հայոց եռագույնը փողփողաց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին, իսկ քաղաքն արդեն թուրքաթափ էր եղել: Եվ այդ փառահեղ հաղթանակը պատմության մեջ մտավ որպես ոգու հաղթանակ: Իսկ առջևում Լաչինի շրջանի ազատագրումն էր, որ հետո Քաշաթաղ վարչական շրջան պիտի դառնար` իր Բերձոր շրջկենտրոնով:

Ադրբեջանցիներն իրենց կրած պարտության պատճառը հրամանատարության դավաճանությունն էին համարում` մեղադրելով հատկապես Շուշիի զորամասի հրամանատար Էլբրուս Օրուջևին: Այդպես էլ գլխի չընկան կամ էլ խոստովանելու համարձակություն չունեցան, որ այդ խաղն իրենք տանուլ տվեցին դեռևս 1991 թ. դեկտեմբերին Կրկժանի, այնուհետև Մալիբեյլիի, Ղուշուլարի կրակակետերի լռեցմամբ, իսկ 1992 թ. հունվարին` Քարին Տակի հերոսամարտում և, վերջապես, Խոջալուի ազատագրմամբ:

Այսօր Շուշին ոչ միայն անկախ Արցախի համանուն շրջանի վարչական կենտրոնն է, այլև Արցախի թեմի առաջնորդանիստ քաղաքը, որը կամաց-կամաց բուժում է ինչպես 70-ամյա ավերի, կորստի, այնպես էլ պատերազմի վերքերը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դատական ո՞ր ակտերն են ենթակա հարկադիր կատարման

դատարանՀամաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է  դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

«Հարկադիր կատարման ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի,

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով,

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները,

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով,

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները,

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

Դատական ակտն ի կատար ածելու համար կիրառվում են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, մասնավորապես`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,

5) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,

6) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալուն, ապա այն տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ