Ուղերձը տեղ է հասել

Շահան ԳանտահարյանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։

Նման հայտարարությանը հակազդելու առումով բաւական ուշացած համարվող հակադարձությունը ի վերջո երեւաց։

«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը», ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը խոսում է Հայաստանում տիրող խնդրահարույց մտայնության մասին»:

«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախ պէտք է ասել, որ հակադարձությունը ուշացած է։ Երեւանում գումարված իրաւաբանների ժողովի թվականը հուլիսի 5-ն է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 5 օր սպասել է իր հակազդեցությունը պաշտոնական կայքի վրա տեղադրելու։

Երկրորդ արագ նկատվող երեւույթը  հակազդեցության եղանակն է։ Նշենք, որ հակազդեցությունը ըստ ձեւի կատարված հատուկ հայտարարություն չէ։ Երկրորդ, արտգործնախարարի կողմից չէ, այլ նախարարության խոսնակի։ Երրորդ, նույնիսկ խոսնակը, ոչ թե տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով է խոսել այս մասին, այլ պատասխանել  մի լրագրողի հարցին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի թուրքերեն բաժինը լուրը տեղադրել էր շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին։ Անգլերեն բաժնում թարգմանությունը երևաց մեկ օր հետո։

Այսինքն, հուլիսի 5-ից մինչև հուլիսի 14-ը պաշտոնական Անկարան նախընտրել էր լուռ մնալ։ Թերեւս շարունակվեր լռությունը, եթե լրագրողը այդ մասին հարցում չաներ։ Այստեղ պետք չէ բացառել պատվեր-հարցման հաւանականությունը, հարցի մասին ուշացումով, երկրորդ մակարդակով եւ ոչ թե հատուկ, այլ իմիջիայլոց անդրադառնալու համար։

Գլխավոր դատախազի հայտարարությունում կար բաժին նաեւ հայ-թուրքական սահմանի վիճելի լինելու մասին «մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես նաեւ Ադրբեջանի հետ»։  Թուրք խոսնակը այս բաժինը ճիշտ էր ընկալել ու վերարտադրել, հավելելով, որ ըստ գլխավոր դատախազի, հայ-թուրքական սահմանը երբեք իրաւականորեն չի հաստատվել։

Թեկուզ ուշացած հակազդեցությամբ, թեկուզ, երկրորդ մակարդակով, թեկուզ պատահական հարցման պատասխանելով, այսուհանդերձ հստակ է, որ Հայաստանի պետական ուղերձը տեղ է հասել։ Այդ ուղերձը հայ-թուրքական ներկա սահմանի  չճանաչումն է, տարածքների պահանջն է եւ առհասարակ մեր պահանջատիրության անթերի իրաւականացման մեկնարկն է։ Պաշտոնական Անկարան հասկացել է  նաեւ, որ այս գլխավոր դատախազի անձնական համոզումը չէ։ Արտաքին գործերի նախարարության բանբերը նշում էր, որ գլխավոր դատախազը այս հայտարարությունը արել է հուլիսի 5-6-ին Երեւանում տեղի ունեցած հայ իրավաբանների համահայկական համաժողովին, որի բացումը կատարվել է նախագահ Սարգսյանի ողջույնի խոսքով։ Այո՜. ուղերձը հղվել է բարձրագույն մակարդակից եւ, իհարկե, տեղ է հասել։ Երեւանը վիճելի է նկատում հայ-թուրքական սահմանը եւ տարածքներ է պահանջում Թուրքիայից։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի ՀՀ տարածքները. Արա Պապյան

Ara-PapyanՀայաստանի Հանրապետությունը ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի ՀՀ տարածքները. Արա Պապյան
Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական ԶԼՄ-ներում տեղ գտնող մի քանի սխալ մենաբանությունների` կապված հայկական ահրցի լուծման հետ: Նա մասնավորապես գրել է. «Հասկանալի չէ` ինչու՞ են որոշ հայերը կրկնում թուրքական պրոպագանդան, թե հայերը Թուրքիայից հողեր են պահաջում: Նախ ոչ թե հայերը, այլ Հայաստանի Հանրապետությունն է պահանջում: Հետո` ՀՀ ոչ թե Թուրիքայից հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացնի Հայաստանի Հանրապետության տարածքները: Մի՞թե, երբ Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել հյուսիսային Կիպրոսից, նշանակում է, որ Եվրոմիությունը կամ Կիպրոսը «հողեր է պահանջում Թուրքիայից»: Իհարկե՝ ոչ: Նույնը Հայաստանի Հանրապետության պարագայում է: Տարբերությունն այն է, որ ՀՀ տարածքները Թուրքիան զավթել է 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, իսկ Կիպրոսինը 1974թ. հուլիսին: Իրավական առումով որևէ տարբերություն չկա»:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի այցը Հայաստան

4ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում 2013թ. հուլիսի 7-ից 13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցություն անցկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը՝ հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշել է, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունն ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում: Միջազգային խորհրդատվական խմբի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները` պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:  Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ: Նախարարն իր վստահությունն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր – 2020» տեսլականը:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

g_imageՊաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր.«Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվենԹուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

 

 

Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

133659E9-ED5A-4595-A549-C2C4F8D5F6C2_w640_r1_sՀուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հանդիպմանը շարունակվել է  քննարկումները ղարաբղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հետ

435. Armenian and Moldovan FM's meeting 13.07.2013Հուլիսի 12-ին Քիշնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:

Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:

Նախարարներ Նալբանդյանը և Գերմանը այցելել են նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել են Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Նախարար Գերմանը իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի  կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ

Raffi_Hovannisian_Meets_Stefan_FuleԵրեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:

Ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելուն

Free Democrats LogoՀաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում  «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ  ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից,  ՀՀ–ն նաև զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին:

Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։

Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։

Ազատ դեմոկրատները համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել  պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

«Ադրբեջանական պրոպոգանդայի վարձկանը կամ մոլդավուհի-մոջահեդը». Ստեփան Սաֆարյան

Ստեփան Սաֆարյան«Բարև Երևան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը սեփական հետաքննությունն է անցկացրել՝ պարզելու մոլդովացի Աուրելիա Գիրգորիույի անցած ուղին ու արկածները։ Նրա հոդվածն արդեն պատրաստ է։ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անոնսը. «Մոլդովացի ընկերներիցս մեկը այսօր ասաց, որ այսօր Աուրելիա Գիրգորիուն Քիշինեւում նորից պարզաբանումներ է ներկայացրել իր «տարընթերցված» զեկույցի վերաբերյալ: Նույն «արդարացումն» է՝ ինձ սխալ են հասկացել: Մի հետաքրքիր բան էլ. երբ խոսեցինք նրա բարձրացրած սկանդալի մասին, երբ պատմեցի Աուրելիայի՝ Հայաստանից «մեկնելու օպերացիայի» մասին, նա առավել քան համոզվեց, որ Աուրելիան ինքը չի գրել իր զեկույցը եւ ինչ-որ մեկը /ինչ-որ մի կենտրոնում/ գրել տվել են ձեռքը եւ նա էլ կարդացել է: Ես ծիծաղեցի, որովհետեւ արդեն ավարտել եմ 2 մասից բաղկացած յուրօրինակ հետաքննություն Աուրելիայի, մեղմ ասած, արկածների, վարքագծի, ելույթի ծագումնաբանության մասին, այդ թվում անդրադառնալով նրան, թե ինչու պետք է նա արդարանա իր արարքի համար:

Մոլդավացի ընկերներս խոստացել են էլի բաներ ճշտել, որոնք կարեւոր են հետաքննական այս շարքի համար»։

 

Իրավաբանների համաժողովն ու Հայաստանի Հանրապետության կորցրած տարածքների պահանջը

Շահան Գանտահարյան«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է եւ իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։

Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է  հետեւյալ կետերում.

Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:

Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:

Այստեղ այդ տարածքների ճշտման եւ սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարեւոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: Եւ, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե  Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:

Էականը ուրիշ բան է սակայն: Կարեւորը այն է, որ այլեւս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից եւ պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձեւերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետեւանքներու վերացումը:

Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելեւէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարեւորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երեւանի կողմից:

Գլխավոր դատախազը նաեւ այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:

Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երեւանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ Եւ պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների եւ տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլեւ ամբողջ պետությանը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Մենիշխանության հետևանքներն արդեն ի հայտ են գալիս

Երվանդ ԲոզոյանՀետաքրքիր երևույթներ են դիտարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե նայում ենք վերջին շրջանում ծայր առած ներիշխանական «ինտրիգներին»: Մասնավորապես` կառավարություն –Վերահսկիչ պալատ «փոխհրաձգությունը» իշխանության ներսում` ամենավերին օղակներում առկա հակասությունների մասին  է վկայում:

 Իշխանական մոնոլիտի առաջին ճաքերը երևացին 

Ըստ էության, քաղաքական տեսանկյունից Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությունը շատ չէր տարբերվում նախագահի` մոտ 9 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթից: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ խոշոր չափերի են հասնում ատկատները, օրինակ բերեց Վազգեն Խաչիկյանի ոլորտը և նշեց, որ այդ ամենը պետք է փոխել: Այլ կերպ ասած` Իշխան  Զաքարյանի հաշվետվությունն «ուրվագծվել» է դեռ 2012 թվականին: Իշխան Զաքարյանը ներկայացրեց  բյուջեի ծախսային մասը` բոլոր ուղղություններով, ինչն աղմուկ բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ  նա իր ելույթում որոշ կարծիք-գնահատականներ հնչեցրեց ու ասաց, որ բյուջեի մոտ 70 տոկոսը ռիսկային տիրույթում է: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ուստի դրանից հետո` կառավարության նիստի ժամանակ, համապատասխան քաղաքական հայտարարություններով հանդես եկավ նաև Վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ամեն անգամ, երբ քննարկվում է, թե բյուջեն ինչքան պետք է լինի, վեճ է առաջանում. դա հավերժ վեճ է գործարար շրջանակների ու պաշտոնյաների միջև: …Այդ վեճն այսօր արտահայտվում է այն լուռ հակամարտությամբ, որ ներկայացնում են Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ներկայացնում է այն շրջանակների շահերը, որոնք այսօր դժգոհ են տնտեսական քաղաքականությունից: Փոխարենը կառավարությունն արդյունավետ չի աշխատում, և իր ծախսերն այդ իմաստով, նպատակային չեն: Ու Իշխան Զաքարյանի հաշվետվությունը հենց առիթ դարձավ, որ այդ վեճը դառնա հրապարակային: Այդ հրապարակային վեճը շոկ առաջացրեց հասարակության մեջ, և նախագահն իր վերջին խորհրդակցության ժամանակ հնչեցրած խոսքում դե ֆակտո մեղադրեց այն շրջանակներին, որոնք այդ վեճը հրապարակայնացրեցին»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ներիշխանական հակասությունների պրոցեսը շատ ավելի շուտվանից կար, ես ուղղակի նշեցի, որ քանի որ այն ժամանակ կար քաղաքական իշխանություն, ընդդիմություն` այլընտրանք, ներիշխանական այդ պայքարը թաքնված էր: Այսինքն` նրանք  ամեն կերպ փորձում էին այդ հակասությունը հրապարակային չդարձնել: Այսինքն` ներկուլիսային` կաբինետային պայքար էր ընթանում: Բայց քանի որ ընտրություններն անցան, քաղաքական ուժերին  չհաջողվեց հաջողության հասնել, այդ  քաղաքական` ներիշխանական պայքարն արդեն բացահայտ է դառնում»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Քանի որ նախկինում կար քաղաքական ակտիվ պայքար` արտաքին ճնշում, այդ պայքարի պայմաններում իշխանության ներսում կար ներքին պայմանավորվածություն, որ իրենք իրենց շահերի բախումը փակ են պահում, հրապարակային չեն դարձնում: Հիմա, երբ այդ արտաքին ճնշումը` իշխանության համար մրցակցությունը չկա, ինչպես ներկայացրել ու նշել ենք բազմիցս, իշխանության լծակների` քաղաքական որոշումների կայացման համար պայքարը, բնականաբար, պետք է տեղափոխվեր ներիշխանական մակարդակ:

 Գիտության փորձն անտեսել  չի կարելի

Լեւոն ՇիրինյանԵրբ վերջին մեկ տարվա ընտրությունների արդյունքում, հետևելով իշխող քաղաքական ուժի վարքագծին, բոլորը նշում էին, որ դա լավ տեղ չի տանում, որ անընդդիմադիր քաղաքական գործընթացները հանգեցնում են սեփական քաղաքական մոնոլիտ կառույցի քանդման, հենց այսօրվա կառավարություն-ՎՊ-ԱԺ մակարդակում  ընթացող «փոխհրաձգության» մասին էին ասում:

«Այս ամենը տեղափոխվեց իշխանական վերին օղակներ` պալատներ, որ անթույլատրելի է, նույնիսկ իշխող կուսակցության հեռուն գնացող շահերի տեսանկյունից: Բայց քանի որ գիտենք` իշխող կուսակցություններն ավելի շատ շահերի խմբեր են, քան քաղաքական կառույցներ, առաջացավ մի վիճակ, երբ այն հակասությունները, որոնք պետք է լուծվեին և՛ խորհրդարանում, և՛ հրապարակում, և՛ իրար նկատմամբ կոնսենսուսով, տեղի չունեցավ, և ամբողջ  ինտրիգը տեղափոխվեց պալատներ: Երբ տապալվեց քաղաքական գործընթացը, երբ հետևողականորեն տապալվեց ընդդիմության չկազմակերպվածության պարագայում, և իշխանությունը չունեցավ ռեալ հակառակորդ, իր պատկերացմամբ «տիրեց», այդ խոցը տեղափոխվեց վերին` օլիգարխիկ շրջանակներ: Անթույլատրելի է մասնավոր սեփականության, մանավանդ մեզ մոտ առաջացած վիճակներում միակուսակցական մենատիրությունը, ինչը, ըստ էության, հաստատեց ՀՀԿ-ն: Սա ՀՀԿ-ի պյուռոսյան հաղթանակի արդյունքն է: Եվ նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական վիճակի արդյունքն է»,- ասաց քաղաքական գիտություների դոկտոր Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը խոսեց նաև Հայաստանում ձևավորված  ուրույն քաղաքական մշակույթի մասին, որը նա ինտրիգ է անվանում:: Ինտրիգ` ոչ թե օտարի դեմ, այլ սեփական շարքերում, սեփական խմբավորումների միջև: Եվ կարծում է, որ այս իրավիճակում նախագահը պետք է ռեֆորմների լայն ծրագիր հռչակի ու փորձի իրականացնել:

Այսուհանդերձ նշենք, որ եթե  նախագահը  դեռ կարողանում է գործընթացները, թեկուզ ներքին ինտրիգները վերահսկողության տակ պահել, ապա դա անում է արտաքին վտանգի սպառնալիքի ազդեցության տակ:

«Պետք է հաշվի առնել, որ քաղաքականության մեջ միշտ կան իռացիոնալն ու անհայտը… Իսկ ո՞վ ասաց, որ թվացյալ գերհզոր իշխանությունը վաղը չի կարող լինել անկայուն ու ոչ հզոր: Այնպես որ, սրանից իշխանությունը պետք է զգուշանա: Լավ կլինի, որ օգնեն կազմակերպել բազմակուսակցական համակարգ. սա է բնական մեխանիզմը»,- պարզաբանեց  Լևոն Շիրինյանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է արագ փոփոխության պայմաններում որոշում կայացնել, Հայաստանը կազմակերպված ձևով տանել դեպի արդիականացում: Որովհետև, քանի որ ներքևում շարժում չկա, ինտրիգն անընդհատ թափառելու է վերևում:

 

Վերահսկիչ պալատն անդրադարձել է նախարարների ասուլիսներին

իշխան-զաքարյան1ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին, 2012 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից վերահսկված կառույցի ղեկավարների, ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության կապակցությամբ արված մամուլի ասուլիսների արդյունքների վերաբերյալ, որոշ լրատվամիջոցներով կարծիք է հնչել, որ վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ:
Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է.
2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ` Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):
Իսկ ինչ վերաբերվում է մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` “բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թալանվում և լափվում է” հայտարարությանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշվետվությունում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am)»:

ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին

Sharmazanovi handipumԱզգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի հետագա զարգացմանն ու խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով  ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի  հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահը  հավաստիացրեց, որ եվրաինտեգրումը եղել և մնում է մեր երկրի  առաջնահերթություններից մեկը: Նա հույս հայտնեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, իսկ վերջերս նաև այդ կառույցում նախագահությունն ստանձնած երկիր, կաջակցի Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Էդուարդ Շարմազանովը դեսպանին ծանոթացրեց նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված Հայաստանի վարած քաղաքականությանը. մասնավորապես նա խոսեց ԼՂ հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերի և Հայաստանը շրջափակելու թուրքական  քաղաքականության անթույլատրելիության մասին:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը, բարձր գնահատելով Հայաստանի վարած տարածաշրջանային կայունության ու հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը, նշեց, որ Լիտվայի իշխանությունները աջակցում են հիմնախնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու Հայաստանի ջանքերին: Նա ողջունեց նաև եվրաինտեգրման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի հետևողականությունը և հավաստիացրեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու Հայաստանին այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները հաղթահարելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Արցախյան հիմնահարցը և Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում

N. KarapetyanԱրդեն շուրջ մեկուկես ամիս է, ինչ  Հայաստանը ստանձնել է եվրոպական
ամենահին և հեղինակավոր կառույցներից մեկի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը՝  հունիսի 24-ին, ԵԽԽՎ լիագումար
նիստին Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և ԵԽ
գործունեության մասին զեկույցով հանդես եկավ մեր արտգործնախարարը, որը
հանդիսանում է ԵԽ Նախարարների կոմիտեի կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանի ելույթին և դրան հաջորդած հարցուպատասխանի մասին
լրատվամիջոցներում տարբեր արձագանքներ եղան, որոնցից որոշներում փորձ էր
արվում քննադատել թե Հայաստանի նախագահության գործունեությունը, թե
Հայաստանի արտգործնախարարի ելույթն ու հարցերի պատասխանները:

Մասնավորապես դժգոհություն կար՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախարար
Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարել իր ելույթի
ընթացքում: Առկա էր նաև այն մտայնությունը, որ Հայաստանը արդյունավետ չի
օգտագործում իր այս հնարավորությունը ի շահ Արցախյան հարցի: Այս
համատեքստում հայ քաղաքական գործիչներից  մեկը զուգահեռներ անցկացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի նախագահության հետ, որ ամեն կերպ ձգտում է օգտագործել իրեն ընձեռնված լծակները՝ Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի
օրակարգ բերելու համար: Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու՞
է Հայաստանի արտգործնախարարը հապաղում օգտագործել այդ «ոսկե
հնարավորությունը»:

Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին հորդորները հենց Ադրբեջանի ցանկությունն է, և արժե նաև հիշել, որ այս թեմայի հետ կապված հարցեր ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանին ուղղում էին հենց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները: Նաև պետք չէ մոռանալ, որ նախկինում հենց Ադրբեջանն է բազմիցս փորձել հարցը տեղափոխել այլ կազմակերպությունների օրակարգ: ԵԽԽՎ-ում թուրք Մեվլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում էր հենց, որ փորձ արվեց վերակենդանացնել ղարաբաղյան հարցով զբաղվող ենթահանձնաժողովը, երևի մեր դժգոհողները մոռացել են, թե ինչ հսկայական ջանքեր պահանջվեցին այդ
կառույցի հնարավոր գործունեությունը կասեցնելու համար:

Այժմ անդրադառնանք նաև այն հարցին, թե  ԵԽ հայկական նախագահության
առաջնահերթությունները  ի՞նչ առնչություն կարող են ունենալ
արցախա-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման համար: Ըստ էության, այժմ թե Հայաստանի, թե Արցախի, թե միջազգային հանրության համար ավելի քան պարզ է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը Ադրբեջանում տիրող հայատյացության և ռասիզմի մթնոլորտն է: Ուստի խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունն իր գնահատականը տա այդ երկրում պետական մասշտաբով իրականացվող այլատյացության քարոզչությանը:

Ստեղծված պայմաններում հայկական դիվանագիտությունը պարզապես պարտավոր էր ընձեռնված միջազգային բարձր հարթակն օգտագործել այդ հանցավոր քաղաքականությանը համապատասխան միջազգային որակում տալու, նման երևույթների դեմ ԵԽ նման կառույցի հնարավորություններն օգտագործելու
համար: Ուստի պատահական չէ, որ հայկական նախագահության կարևոր
գերակայությոըններից մեկը այլատյացության և ռասիզմի դեմ պայքարն է:
Մասնավորապես, հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել «Ոչ
ատելության քարոզչությանը»  խորագրով համաեվրոպական երիտասարդական
նախաձեռնությունը: Այս ծրագիրն արդեն գործում է ԵԽ անդամ 34
պետություններում: Հայկական նախագահության կարևոր նպատակներից մեկն է
լինելու այս նախաձեռնության արդյունքում ձևավորված հասարակական կարծիքը
վերածել գործուն քաղաքականության:

Վերոհիշյալը միայն մի մասն է այն քայլերի, որ Հայաստանի Հանրապետությունը
իրագործելու է իր նախագահության վեց ամիսների ընթացքում, ուստի այն
անհիմն քննադատությունները,  թե հայկական դիվանագիտությունը արդյունավետ
չի օգտագործում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեր խորին
համոզմամբ, տեղին չեն: Պարզապես միշտ չէ, որ լուրջ և ծավալուն
դիվանագիտական աշխատանքը տեսանելի է լինում հասարակության համար:

 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյան

 

Ներկայիս Ռուսաստանն ավելի անբարոյական է, քան 1920-ականների բոլշևիկյանը. Արա Պապյան

Ara Papyan«Մոդուս Վիվենդի»  կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մոսկվա-Բաքու աղմկահարույց  ռազմական համագործակցությանը, գրել է. «Ռուսական զենքի վերջին խմբաքանակիվաճառքն Ադրբեջանին վերջնականապես բացեց շատ հայերի աչքերը՝ պարզվեց, որ ներկայիս Ռուսաստանն ավելիանբարոյական է, քան 1920-ականների բոլշևիկյանը: Եթե բոլշևիկները զենքը թուրքերին էին տալիս հանուն ինչ-որգաղափարի, թեկուզև սին, ապա ներկայումս ռուսները դա անում են նաղդ փողի համար»:

ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարեւորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

Sharmazanov-KefaloyannisՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:

Երկուստեք կարեւորվել է «Նոր ժողովրդավարություն» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունների խորացումը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:

Կողմերն անդրադարձել են նաեւ այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը եւ ռասիզմի դրսևորումները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

417. Minister Nalbandian met with the OSCE Minsk group co-chairs 29.06.2013Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:

ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրև մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների և տարրերի հիման վրա:

 

 

Կարծում եմ` Հայրիկյանի խոսքերը զուտ հուզական են. Հայկ Բաբուխանյան

DSCN4248ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով  արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին, անդրադարձավ Պարույր Հայրիկյանի առավոտյան արած այն հայտարարությանը, թե ռուսական ԱԱԾ-ն ֆինանսավորում է յուրաքանչյուր նոր ծնված հայի սպանությունը:

«Մարդը ռուսական բանտերում է եղել, կարծում եմ` նրա խոսքերը զուտ հուզական են: Չեմ կարծում, թե Պարույր Հայրիկյանի այդ ասածը կարող է ինչ-որ քաղաքական քայլեր խառնել», – ասաց Հայկ Բաբուխանյանը:

Հայասատնի համար առաջնային նպատակ պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը. Պարույր Հայրիկյան

DSCN4240Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայ ժողովրդին սպառնացող լուրջ վտանգներին անդրադարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Խոսելով Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու վերջին աղմկահարույց դեպքի մասին` ԱԻՄ առաջնորդը վստահեցրեց, որ դա դավաճանություն էր դաշնակից երկրի կողմից, և այս պարագայում Հայասատնի համար առաջնային նպատակ պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցումը:

Պարույր Հայրիկյանը կրկին հղում արեց իր դեմ կազմակերպված մահափորձին` հետքերը կրկին տանելով դեպի ռուսական «ԿԳԲ» (ԱԱԾ): ԱԻՄ առաջնորդը նաև կարծիք հայտնեց, որ այդ երկիրը ֆինանսավորում է յուրաքանչյուր նոր ծնված հայի սպանությունը :

Ռուսաստանին կոշտ դիրքորոշում հայտնող չի լինի

հայ-ռուսականԱրդեն մեկ շաբաթ է անցել, ինչ Հայաստանում  և առհասարակ աշխարհում իմացան ռուս–ադրբեջանական ռազմատեխնիկական առևտրի մասին: Այդ տեղեկատվությունը Հայաստանում հասարակական դժգոհություն առաջացրեց, սակայն պաշտոնական` պետական մակարդակով…

Հայկական կողմից պաշտոնական դիրքորոշում արտահայտող չեղավ 

Փոխարենը ռուսական վերլուծական շրջանակները շարունակում են այդ գործարքի վերաբերյալ  մեկնաբանություններ ներկայացնել, թե միևնույն է, եթե ռուսները չվաճառեին այդ զենքը, ուրիշներն էին վաճառելու,  մի բան, կրկնում են նաև որոշ հայ վերլուծաբաններ: Սակայն այս թեզը բնավ տրամաբանությանը չի ենթարկվում: Դա նույնն է, թե մեր բարեկամներից ինչ-որ մեկը մեր նկատմամբ ինչ-որ մի վատ գործողություն անի, օրինակ` խփի մեզ կամ մեր տնից գողություն անի ու հետո էլ ասի` եթե ինքը չաներ, միևնույն է, ուրիշ մեկն էր անելու: Այդպես չեն վարվում դաշնակիցները: Առավել ևս մեզ նման դաշնակցի նկատմամբ, որ բավականին հավատարիմ ենք եղել Ռուսաստանին և այդ իսկ պատճառով` կորուստներ  ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության դաշտում:

«Ինչպե՞ս կընկալեր Ռուսաստանը, եթե օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր դաշնակից երկրներից որևէ մեկը զենք վաճառեր ֆաշիստական Գերմանիային` ասելով, թե միևնույն է` Գերմանիան ուրիշից կառնի: Հիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան Գերմանիային հումք էր վաճառում, և Ռուսաստանը դա չներեց: Երբ պատերազմից հետո Թուրքիայի դեմ ուզում էին ռազմական գործողություններ սկսել, պատճառաբանված էր հենց դրանով, որ չի պահել չեզոքությունը: Հիմա մեր դաշնակիցը մեր դեմ հստակ գործողություններ է կատարում, որոնք դատապարտելի են»,-  ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, նախկին դեսպան Արա Պապյանը:

Կամ ինչպե՞ս կընկալվեր Ռուսաստանում, եթե մի օր զարթնեին ու իմանային, որ Հայաստանում, բացի ռուսական 102-րդ ռազմաբազայից, որոշել ենք տեղակայել նաև, օրինակ, ՆԱՏՕ-ի ռազմաբազա` պատճառաբանելով, թե եթե մենք նման ռազմաբազա մեր երկրում տեղակայելու հնարավորություն չտայինք ՆԱՏՕ-ի ուժերին, միևնույն է` նրանք այդ բազան կտեղակայեին Թուրքիայում կամ Վրաստանում… Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանին առանց որևէ վարձավճարի է թույլատրում տեղակայել ռուսական ռազմաբազան` այն ընկալելով որպես սեփական անվտանգության գրավական: Եվ ինչպես նշեց Արա Պապյանը, քանի՜ երկիր կերազեր մեր երկրում ռազմաբազա ունենալ, նույնիսկ դրա համար բավականին լուրջ գումարներ վճարել մեզ, որով էլ կկարողանայինք նաև զենք գնել շուկայական գներով:

Ara Papyan «Առաջին` հստակ պաշտոնական դիրքորոշում պետք է արտահայտվի զենքի այս խմբաքանակի մասին, որ սա մեզ համար անընդունելի է և վայել չէ դաշնակիցներին: Երկրորդ` Հայաստանը պետք է հետևողականորեն զարգացնի այլընտրանքները` տնտեսական, քաղաքական և այլն»,- ասաց Արա Պապյանը:

Պաշտոնական տեսակետ մեր երկրի բարձրագույն, նույնիսկ միջին օղակի ղեկավարության կողմից չի հնչել: Միակ պետական պաշտոնյան, որ այս հարցի կապակցությամբ որևէ տեսակետ է հայտնել, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն է. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար, իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»,- նշել էր Հովհաննիսյանը:

Սա, իհարկե, խիստ մասնագիտական, ռազմական բնագավառի խնդիր է, քանի որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության այդպիսի մեծ խմբաքանակ տրամադրելուց հետո հարց է առաջանում, թե այժմ Անդրկովկասում ուժերի ինչպիսի՛ հարաբերակցություն է ստեղծվել:

 Կարևորը ուժերի հարաբերակցությունը չէ, այլ դաշնակցի վերաբերմունքը

«Ուժերի հարաբերակցության փոփոխության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե մենք մատչելի գներով ռուսական արտադրության ժամանակակից զենք ձեռք բերելու հնարավորություն չունենայինք: Իհարկե, եթե չլիներ այն ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը, որն այսօր առկա է Ռուսաստանի հետ, ապա այդ սպառազինությունների մատակարարումն իսկապես ուժերի հավասարակշռությունը կխախտեր ի վնաս մեզ: Ես չեմ կարող մանրամասներին տրվել և ասել, թե մենք ինչ և ինչ քանակով ենք ձեռք բերել,  բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմը մեզ գերազանցի: Սպառազինությունների մատակարարման մասին խոսելիս պետք է մի բան հաշվի առնել: Այստեղ վտանգը, ըստ էության, այն չէ, թե Ադրբեջանը մեր նկատմամբ գերազանցություն ձեռք կբերի. այդ առումով վտանգ չկա: Խնդիրն այն է, թե ինչու ռուսական կողմը գնաց նման քայլի` ի հաշիվ իր ստրատեգիական դաշնակցի շահերի»,- ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` նշելով, որ սա, իհարկե, լուրջ խնդիր է, և այս առումով մենք մտահոգվելու տեղ ունենք զուտ այն առումով, որ չպետք է թույլ տանք, նաև ապագայում, որ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները կառուցվեն ի հաշիվ մեր կենսական շահերի:

jamalyan.jpgԴրա համար, ըստ ռազմական փորձագետի, շատ կարևոր է, որ մեր ռուս գործընկերներն առաջին հերթին խորապես ընկալեն ու հասկանան, որ անցել են այն ժամանակները, երբ հայաստանյան հասարակությունն անվերապահ ռուսական կողմնորոշում ուներ, երբ հայ-ռուսական դաշինքն անայլընտրանք էր ընկալվում մեզանում: «Մենք հիմա, հատկապես մեր երիտասարդության շրջանում, պարբերաբար հայ-ռուսական դաշնակցային  հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք ենք ունենում: Եվ մեր ռուս գործընկերները պետք է հստակ իմանան, որ նման  յուրաքանչյուր քայլ Հայաստանում հակառուսական դիրքորոշումների խթան է դառնում: Իսկ նման դիրքորոշումների տարածումը Հայաստանում հենց իր` Ռուսաստանի շահերից չի բխում»,- նշեց Դ. Ջամալյանը:

Մեզ այդպես էլ չէր հաջողվել ՌԴ դեսպանատնից այս գործարքի մասին որևէ տեսակետ ստանալ: Սակայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը նամակ է ուղարկել ՌԴ դեսպանատուն` ճշտելու զենքի վաճառքին վերաբերող որոշ տեղեկություններ ու պարզելու ռուսական կողմի տեսակետը: Սակայն դեսպանատնից պատասխանել են. «Չի կարելի դիվանագիտական ներկայացուցչությունից նման պատասխան պահանջել, ու նաև դա Հայաստանում ՌԴ դեսպանության կոմպետենտության մեջ չի մտնում»: Դեսպանատնից նաև «խորհուրդ են տվել» դիմել մեր արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանը:

Զարմանալի է դեսպանատան պատասխանի առաջին մասը: Դեսպանատունը` դեսպանությունը, պետության քաղաքական ներկայացուցչությունն է այլ պետության մեջ: Եվ դեսպանը կոչվում է արտակարգ և լիազոր դեսպան, քանի որ նա ունի արտակարգ լիազորություններ:  Ուրեմն ո՞վ, եթե ոչ դեսպանատունը պետք է նման հարցերի պատասխան տա: «Վստահաբար պետք է դեսպանատունը պատասխան տա, քանի որ դա պետական մակարդակի մատակարարում է: Դա չի եղել մի ինչ-որ մասնավոր ընկերության կողմից երկու արկղ փամփուշտի վաճառք, որ պետությունն ասեր` մասնավոր ընկերությունն է արել: Ռուսական պետական ընկերությունն է իրականացնում զենքի վաճառքը: Դեսպանատները` որպես քաղաքական բարձրագույն ներկայացուցչություն, պարտավոր են պատասխան տալ քաղաքական հարցերին»,- այս  կապակցությամբ ասաց Արա Պապյանը:

Բայց ուշագրավ է երկրորդ մասը` Ռուսաստանի դեսպանատան «խորհուրդը», այն է` դիմել ԱԳՆ ու ՊՆ: Այսինքն` մենք նման հարցով մեր գլուխը ցավի տակ չենք դնի, ձեր ղեկավարությունը լավ «ջոկող» է, ինքը մի բան մեր փոխարեն կբստրի…

«Մեր խնդիրը կեցվածքի խնդիրն է ` ամենատարբեր մակարդակներով: Շատ կարևոր եմ համարում հենց հանրային  մակարդակը, որ մեր ստրատեգիական դաշնակիցը մեր թշնամու հետ հարաբերությունները կառուցելիս չպետք է ոտնահարի դաշնակցի շահերը: Որպեսզի նաև հետագայում մենք հնարավորինս զերծ մնանք նման իրավիճակներից, կարևոր է, որ ռուսական կողմը տեսնի այն խլրտումը, որ Հայաստանում առաջացավ: Մենք հիմա չպետք է խնդիր դնենք կոծկել հակառուսականությունը, որ ռուսական կողմը չտեսնի այս հակառուսականության ալիքը, որ երկրում բարձրացավ. իրենք ստիպեցին, որ բարձրանա, իրենք էլ պետք է տեսնեն ու հետևություններ անեն»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Galust Sahakyan Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք չենք պատրաստվում գնալ ու ասել, որ իրենք մեր ռազմավարական գործընկերներն են, ինչո՞ւ են այսպես անում և այլն, բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է»:

Այսինքն` պաշտոնական կոշտ դիրքորոշում սպասելը, մեղմ ասած, միամտություն կլինի: