Գորիսի քաղաքապետի թեկնածուների նախընտրական հիմնադրամների փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել

կըհԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի տեղեկանքը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը

7372_ru_3Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: 

Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

«Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք». Ռուբեն Հակոբյան

d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a-472x265ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահի կողմից արված հայտարարությունը բավականին լուրջ հայտարարություն էր, որտեղ, անկախ հայտարարության տոնից ու ցինիզմից, կար հստակ վերաբերմունք պետության նկատմամբ և ոչ հարգալից վերաբերմունք Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Չեմ զարմանա, եթե կարճ ժամական հետո Նազարբաևը հանդես գա և ասի, որ պետք է  այն տարածքը, որտեղ ես կամ, անցակետ լինի, և բացի այս պետությունների սահմաններից, որևէ այլ արտադրանք չմտնի Մաքսային միության տարածք: Նրա այդ քայլը արդարացված կլինի, քանի որ մենք մեզ կաշկանդել ենք»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց Նազարբաևի այն հայտարարությունը, որ միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և առանձին դեպքերում ներկայացնելու է այդ երկիրը:

Ռուբեն Հակոբյանը չի կասկածում նաև, որ վաղ թե ուշ Նազարբաևը հանդես կգա առաջարկով, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մտնեն այդ կառույցի մեջ:

«Մենք այս երեք-չորս տարիների արտաքին քաղաքական դեգերումներից հետո, անկախ մեզանից, հայտնվեցինք այնտեղ, որտեղ մեզ տարան-մտցրեցին: Մեզ ասում են՝ ինչ պիտի անենք, իսկ մենք առաց նախաձեռնության ենք ներկայանում: Ես այսօր գիտեմ, որ Ղազախստանը 800 բացառություններ է ներկայացրել, Ղրղստանը, Բելառուսը՝ 200-400 բացառություն, նաև գիտեմ, որ դրանք քաղաքական և տնտեսական որոշակի համակարգ են իրենցից ներկայացնում: Ես չգիտեմ՝ Հայաստանը ներկայացրե՞լ է, կամ թույլ տալի՞ս են, որ Հայաստանը ինչ որ պայմաններ ներկայացնի: Եթե մենք այստեղ փորձում ենք հեքիաթնր հորինել, ապա Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք, դուք իմացեք, որ այստեղ գործելու են բոլորովին այլ խաղի կանոններ»:

Ռուբեն Հակոբյանը հորդորեց իշխանությանը հարցը լրջորեն քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Դուք շատ ավելի խելոք եք, ավելի լավն եք, բայց հավատացեք՝ սա լուրջ քննարկման հարց է, որովհետև, եթե վաղը, մյուս օրը մենք կանգնենք փաստի առաջ, կարևոր չէ՝  դուք եք մեղավոր եղել, մենք, թե քաղաքացիական հասարակությունը: Սա  լրջագույն մարտահրավեր է, և այս մարտահրավերին դիմակայելու համար իշխանությանը պետք է իմաստություն ու խելք, որը, ցավոք, այսօր չունի»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին տեղեկացրեց, որ այսօր Հայաստանը բանակցում է բացառումների վերաբերյալ և ունի  900-1000 բացառումների ցուցակ:

 

Անկախ

«Այստեղ կանգառ չէ, պարոն Հակոբյան». Գալուստ Սահակյան

imagesԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրած համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման նպատակով Հայաստանին տրամադրել 60 միլիոն եվրո և 100 միլիոն դոլար` Լանջիկ-Գյումրի-Թալին ավտոճանապարհահատվածի կառուցման համար:

Այնուհետև Խորհրդարանն անցավ 2013-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը արդեն սկսել էր զեկուցել, սակայն դահլիճում աղմուկ էր, և Ազգային ժողովի նախագահը ստիպված էր գործընկերներին ուշադիր լինելու կոչ անել: «Պետք է խնդրեմ Ձեզ, որ չաղմկեք: Խնդրում եմ, որ այստեղ չկանգնեք, խոսեք, այստեղ կանգառ չէ, պարոն Հակոբյան: Ձեզ ենք սպասում, ակտիվ պահեք ձեզ, բայց լուռ»,-դիմելով դահլիճում կանգնած պատգամավորներից մեկին` ասաց Խորհրդարանաի ղեկավարը:

Բյուջե-2103-ի կատարողականի մասին Օրենսդիր մարմնին զեկուցեց Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրեց նախորդ տարվա եկամտային ու ծախսային ֆինանսական ցուցանիշները` ընդգծելով, որ բյուջեի եկամուտներն ապահովվել են հարկային եկամուտների և մուտքերի հաշվին:

2013-ի փաստացի եկամուտները կազմել են մոտ մեկ տրիլիոն 71 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 13,2 տոկոսով և ապահովել ծրագրի 90,8 տոկոս կատարողական: Ներկայացնելով 2013 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ գլխավոր գանձապետը նշեց, որ 2013 թվականին գրանցվել է 3.5% տնտեսական աճ, որի ձևավորմանը հիմնականում նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրված աճը:

2013 թվականի ընթացքում միջին գնաճը կազմել է 5.8%, 12-ամսյա գնաճը՝ 5.6%: Հաշվետու տարում միջին ամսական աշխատավարձը անվանական արտահայտությամբ աճել է 6 %-ով՝ կազմելով 158 հազար 239 դրամ: Գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով՝ կազմելով 16.2%:

 

Անկախ

Քառյակն իր պահանջների կատարումը կամփոփի աշնանը

unnamed (1)Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչներն իրենց համատեղ հայտարարությունը հրապարակելուց և փաստաթուղթը ստորագրելուց հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հայտարարության մեջ փորձել են ամրագրել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումն էապես կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը:

«Աշնանը մենք կամփոփենք, թե որքանով են կատարվել այս առաջնահերթ խնդիրները և միասնաբար կծրագրենք մեր համատեղ հետագա քայլերը»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս փաստաթղթի մշակումն ու հրապարակումը համարեց մեծ հաջողություն և բավականին դժվարին աշխատանքի արդյունք. «Բանն այն է, որ չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն և՛ գաղափարախոսական, և՛ քաղաքագիտական, և՛ մեթոդաբանական հարթություններում: Ուժերի մի մասն ավելի արմատական, ավելի հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, մյուս մասն՝ ավելի շրջահայաց և ավելի դանդաղ ընթացքի:  Սակայն բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է Հայաստանի և  ԼՂՀ-ի անվտանգությունը, պետական ինստիտուտների նկատմամբ խարխլված է ժողովրդի վստահությունը, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա և անարդարություն»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ սույն համաձայնագիրը մի միասնական օրակարգ է, որը քառյակը ժողովրդի հետ և ժողովրդի ակտիվ մասնակցությամբ հետապնդելու է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով համատեղ հայտարարությունը, նշեց, որ սա նոր մակարդակ է քաղաքական ուժերի համագործակցության մշակույթի բնագավառում. «Առաջին անգամ մենք ավելի մեծ օրակարգով ու ցանկով ենք ներկայացնում  մեր համատեղ գնահատականներն ու մոտեցումները ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ այս հայտարարությամբ քառյակը չեզոքացնում է նաև այն տեսակետը, թե իբր ընդիմությունն ամեն ինչ սևացնելու նպատակով է անում:

«Մենք ներկայացրել ենք շատ իրական ու իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել  այն ժամկետներում, որոնց մասին մենք խոսում ենք: Երկրի գահավիժման այս ընթացքի շարունակվելը հարվածելու է բոլորիս՝ անկախ նրանից, թե մենք որ դաշտում ենք գտնվում:  Եվ օր առաջ ճիշտ գնահատելով առկա մարտահրավերները, ճգնաժամի խորությունը և դրան համապատասխան քայլեր կատարելը պետք է լինի նոր կառավարության և իշխանությունների սրբազան պարտքը»,-ասաց Ռուստամյանը:

Նա նաև գտնում է, որ սա հիանալի հնարավորություն է կառավարության համար՝ ապացուցելու, որ իսկապես պատկերացնում է պահի լրջությունը և կատարելու քայլեր, որոնք համահունչ կլինեն այս հայտարարության մեջ բերված ուղղություններին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ավելացրեց. «Մեր քաղաքական կյանքը, սակայն, սրանով չի ավարտվում: Մենք այնքան միամիտ չենք, որ ասենք՝ այս 12 կետով պետության մեջ արմատական փոփոխություններ կլինեն: Սակայն այս չափից դուրս իրական մոտեցումների, պահանջների իրականացման դեպքում պետության մեջ բավականին լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Մեր համագործակցության սկզբունքը եղել է ռեալ պոլիտիկի դիրքերից աշխատելը»:

Իսկ եթե չբավարարվեն քառյակի իրատեսական պահանջները, ո՞րը կլինի հաջորդ քայլը: Հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քառյակը կհավաքվի և կփորձի համաձայնեցնել հետագա քայլերը, ինչպես եղավ կառավարության հրաժարականի պահանջից հետո ստեղծված իրավիճակի ժամանակ:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը. «Կլուծվե՞ն մեր առաջադրած հարցերը, թե ոչ, շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո մենք միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: ԲՀԿ-ի համար տաբու հարցեր ու խնդիրներ չկան»:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ համապետական հանրահավաքի ժամանակ կգնահատվի, թե իշխանությունները որքանով են անդրադարձել իրենց պահանջներին, և դրանից ելնելով էլ քառյակը կհայտնի իր համատեղ գործողությունների մասին: «Մենք խնդիր ենք դնում համակարգի փոփոխության, և մեր քայլերը տանում են դրան»,ասաց նա:

ՀԱԿ-ի համար միակ ընդունելի համակարգը Սահմանադրությունն ու ազատ և արդար ընտրությունների ինստիտուտն է. «Եթե այդ համակարգը գործում է, անձերը կարևոր չեն, որովհետև անձերին որոշում է ժողովուրդը: Սա է մեզ համար համակարգային իշխանափոխությունը»:

 

Անկախ

Քառյակը ներկայացրեց իր 12 պահանջները և ստորագրեց փաստաթուղթը

unnamed

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:

Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:

Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:

Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:

Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ  պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

  1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
  2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի  գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն  75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
  3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
  4.  Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
  5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
  6. Հաստատել ¦Նաիրիտ գործարան§ ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել ¦Նաիրիտի§ անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
  7. Բացառել ¦Որոտան ՀԷԿ-երի համալիր§ ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
  8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
  9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
  10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից  անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
  11. Ապահովել ընդդիմության  մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
  12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը Ազատության հրապարակում  կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը, և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

Ներկայացնելով այս պահանջները՝ խորհրդարանական չորս ուժերը հանդիսավոր ձևով ստորագրեցին փաստաթուղթը, ապա պատասխանեցին լրագրողների հարցերին:

 

 

 

Անկախ

Հարցազրույցում ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի, ոչ թե Վիկտոր Սողոմոնյանի հետ. Շավարշ Քոչարյան.tert.am

Շավարշ, վիկտորՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Tert.am–ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը, որում վերջինս, անդրադառնալով Շավարշ Քոչարյանի հարցազրույցներից մեկին, ասել էր, թե փոխարտգործնախարարը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին և հիշողության հետ խնդիր ունի։
«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ
ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ
նախագահի գրասենյակի ղեկավարի հետ»,– ասաց նա։

 

ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի հեռավոր շրջաններում անգլերեն լեզվի տարածման ծրագիր է իրականացնում

ԱՄՆ դեսպանատունՀունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար: «Նոր տեխնոլոգիաների  միջոցով անգլերեն լեզվի տարածում հեռավոր շրջաններում»  ծրագիրը նախաձեռնել և ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրականացում է այն: Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի հեռավոր շրջանների անգլերեն սովորողներին, ովքեր իրենց տրամադրության տակ լեզուն սովորելու համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես չունեն, կամ էլ այդ միջոցները շատ սահմանափակ են: Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցն ավարտած մարզային համայնքներում բնակվող երիտասարդների համար, և իրականացվում է համացանցի կիրառմամբ ու ընտրված տեղի գրադարանների ու դպրոցների միջոցով: Դասընթացը 17-35 տարեկան այն երիտասարդների համար է, ովքեր ընդհանուր առմամբ, եթե բուհում չեն ուսանում կամ մասնավոր դասերի չեն գնում, ապա ուսուցչի հրահանգավորմամբ լսարանային պայմաններում անգլերեն սովորելու հնարավորություն չունեն:  Լեզվական ուսուցումն ընթանալու է երկու ուղղությամբ՝ խոսակցական և գործարար անգլերեն: Շաբաթական կլինի երկու առցանց դաս և մեկ լսարանային պարապմունք տեղում՝ խոսակցական անգլերենից: Նախնական փուլում ներառված են շուրջ 150 մասնակիցներ Արմավիրից, Գավառից, Եղեգնաձորից և Գորիսից:

Սողոմոնյան․ «Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ». «Ազատություն» ռադիոկայան

շավարշՇավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ոռոբերտւնի, ու ոչ միայն հիշողության հետ»․ – երկուշաբթի օրը այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անցած շաբաթ «Ազատության» հետզրույցում արտգործնախարարի տեղակալի արած հայտարարություններին:

Շավարշ Քոչարյանը, անցած ուրբաթ օրը մեկնաբանելով Սողոմոնյանի հայտարարությունը, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է, ասել էր, մասնավորապես, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին:

«Հաշվի առնելով Շավարշ Քոչարյանի վարկը, կարելի էր և չարձագանքել նրա հարցազրույցին, եթե խնդիրը չառնչվեր ԼՂՀ թեմային և արծարծված չլիներ փոխարտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Խոսքը մի մարդու մասին է, ով քաղաքական ակրոբատիզմի նշանակալի տաղանդ դրսևորելով եվրոինտեգրացիայի «համոզված» կողմնակցից մեկ գիշերում վերափոխվեց Մաքսային Միության ոչ պակաս «համոզված» ջատագովի», – ասված է այսօր «Ազատությանը» Վիկտոր Սողոմոնյանի տրամադրած հաղորդագրությունում:

«Դատելով այդ հարցազրույցի բովանդակությունից, Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանը, լինելով ԼՂՀ Անկախության Հռչակագրի հեղինակ /Կարեն Բաբուրյանի հետ միասին/, ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ և ԼՂՀ առաջին նախագահ, փոխնախարարից շատ ավելի լավ գիտի, թե ինչպես և ինչու իրագործվեց ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ստեղծման ճանապարհով, ինչն առավել արդյունավետ էր՝ վերջնական նպատակին հասնելու համար: Բայց Ղարաբաղյան շարժման էությունն ու կարգախոսը մեկն էր՝ «Միացում»: Հենքային հիմնավորումներն ու շարժառիթներն էլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն էր և արհեստականորեն բաժանված ժողովրդի վերամիավորումը», – հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ շարունակելով․ – «Փոխնախարարը, թերևս, չգիտի, որ Քի-Վեստյան փաստաթղթի հիմքում /դրա ստորագրումը չափազանց մոտ էր իրականություն դառնալուն/ ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորումը: Լինելով թե ԼՂՀ, թե ՀՀ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման վերջնական նպատակը հենց երկու հայկական պետությունների վերամիավորումն է:

Ուզում եմ ՀՀ իշխանությանը շնորհավորել, որովհետև սա հոբելյանական համաձայնագիր է` ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 մլրդ դոլարի սահմանագիծը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱյսօր  ԱԺ-ում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց Հայաստանի հերթական վարկային նախաձեռնությունը: Նա հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով: ԱԺ ոչ իշխանական ուժերը բնավ չեն ողջունում այս գաղափարը: Մասնավորապես, մտքերի փոխանակման ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա և առաջիկայում դեմ է քվեարկելու բոլոր վարկային ծրագրերին: Ելույթի նրա տեքստում, մասնավորապես, ասված էր. «Կապի և տրանսպորտի նախարարը մեզ է ներկայացնում 200 մլն-ի վարկային պարտավորություն: Ուզում եմ ՀՀ իշխանությանը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շնորհավորել, որովհետև սա,ըստ էության, հոբելյանական համաձայնագիր է, այսպիսով  ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարի սահմանագիծը: Ես, 2012 –ի հունիսին ստանձնելով պատագամավորի պաշտոնը, դեմ եմ քվեարկել բոլոր վարկային ծրագրերին, քանի որ, եթե արձանագրում ենք, որ կոռումպացված է իշխանությունն, ապա կողմ քվերակել նրա վերցնելիք վարկերին,  կնշանակի կանաչ լույս վառել կոռումպացված իշխանությունների համար: Խնդիրն այստեղ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրի լավ ու վատ լինելը չէ, կարելի է նման այլ մայրուղիներ էլ կառուցել, բայց խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը ոտքն  իր վերմակի գյորա մեկնում: Իհարկե, կարելի է ընդհանրապես քառասուն մլրդ վերցնել ու ոսկեջրել բորդյուրները: Բայց խնդիրն այն է, թե ո՞վ է վճարելու դրա դիմաց: Եթե Հայաստանն ուզում է մայրուղի, նշանակում է , որ պետք է տնտեսությունը զարգացնի այնպես, որ կարողանա դա անել ավելի մատչելի տարբերակով: Վստահ եմ, որ այս տեմպերով շատ շուտով արտաքին պարտքը հատելու է մեկ ուրիշ հոբելյանական սահմանագիծ: Ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա և առաջիկայում, դեմ  եմ քվեարկելու բոլոր վարկային նախաձեռնություններին»:

ԲՀԿ խմբակցությունը պահանջելու է, որ իշխանությունը հաշվետվություն ներկայացնի առավել կասկածելի վարկային ծրագրերի մասին

Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի ներկայացրած  Հայաստանի հերթական վարկային նախաձեռնությանն ու այն կետին, որ  Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով, արձանագրեց. «Հայաստանի արտաքին պարտքն ընդհուպ մոտենում է 5 մլրդ դոլարի սահմանագծին:Եթե հիշում եք, Հյուսիս-Հարավ ճանապարհին ծախսված միջոցների արդյունավետության վերաբերյալ վերահսկիչ պալատը կիսաաղմկահարույց տվյալներ էր ներկայացրել:  Մամուլում ևս բազմաթիվ հրապարակումներ եղան այս ճանապարհի հետ կապված մշակված ատկատների փառահեղ մեխանիզմների մասին: Իսկ այսօր Աժ է բերվել մի նոր նմանատիպ օրինագիծ: Ուզում եմ հայտնել, որ ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ և պահանջելու է, որ կառավարությունն այսուհետ  նախքան նոր վարկային նախաձեռնություն ԱԺ բերելը նախ հաշվետվություն ներկայացնի նախկին` առավել խնդրահարույց, խիստ կասկածելի վարկային ծրագրերի հետ կապված»:

Քառյակը վաղը հանդես կգա 12 կետանոց հայտարարությամբ

hrashali-qaryakՎաղը՝ 13:30-ին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը միասին մամուլի ասուլիս կհրավիրեն` ներկայացնելով քառյակի` 12 կետից բաղկացած հայտարարությունը: «Դրա անունը չդնենք 12 կետ, դա հայտարարություն է, որտեղ կան քաղաքական, տնտեսական շեշտադրումներ՝ իրենց նախաբանով»,-քառյակի դռնփակ նիստից հետո ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ խմբագրումներից հետո ավելացրել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր` մասնավորապես կապված Արցախի հիմնախնդրի հետ։

Նա նաև փոխանցեց, որ քառյակը կներկայացնի ընդդիմության մասին օրենք:

Հարցին, թե ինչ կանի քառյակը, եթե չկատարվեն իրենց պահանջները, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ սրանք այն պահանջները չեն, որ չկատարվեն, և որ իրենք չեն ուզում նախօրոք բացասաբար տրամադրվել:

Անկախ

 

Գալուստ Սահակյանը` ՍԴ նոր անդամի, Աստանայի և Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին

գալուստ3 դեմ, 65 կողմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական նախկին վարչության պետ Արայիկ Թունյանը դարձավ Սահմանադրական դատարանի անդամ:

<<Ձեր հետաքրքրության շրջանակը տանում է բամբասանքի ոլորտ, բնականաբար իմ կուսակցության գործադիր մարմնում որոշակիորեն ներկայացրել եմ նաև իմ տեսակետը>>,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արայիկ Թունյանի մասին ասաց Գալուստ Սահակյանը` նշելով, որ նա որակյալ կրթություն ստացած անձնավորություն է և ամենակարևորը՝ քաղաքականացված չէ:

Ինչ վերաբերում է Աստանայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին ընդդիմության պահանջին, ապա Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ լսումները կիրականացվեն համապատասխան խորհրդարանական հանձնաժողովների հետ միասին: <<Չորեքշաբթի տեղի կունենա օրենսդիր-գործադիր հարցուպատասխանը, այդտեղ ծածուկ բան չկա, պատգամավորների մոտ որոշակի խնդիրներ կան, կպարզաբանվի: Արդեն նշեցի` 16-17-ին, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, հանձնաժողովների լիազորությունն է>>,-ասաց նա:

Աժ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին:  Ի պատասխան լրագրողի հարցի, թե առաջին նախագահը գրել էր, որ սահմանադրական բարեփոխումները ձեռքերը կապելու համար են արվում, Սահակյանն ասաց. <<Կարծում եմ, թերևս, չարժե ինչ-որ էպիտետներով պատասխանել առաջին նախագահին: Ոտքերով կապել, ձեռքերով կապել, դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին: Իհարկե, տեսակետ է, առաջին նախագահն է ասել, որ ընդհանրապես մեզ համար ընդունելի տեսակետ չէ, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել>>:

 

Անկախ

 

«Դուք համալրելու եք Սահմանադրական դատարանի միաձույլ անդամների շարքերը». Նաիրա Զոհրաբյան

загруженное (3)Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Սահմանադրական դատարանի նոր անդամ: Առաջադրված թեկնածուն Արայիկ Թունյանն է:

Մինչ քվեարկության անցկացումը, նա խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին, սակայն նրա պատասխանները չգոհացրեցին որոշ խորհրդարանականների:

Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Թունյանը «լղոզված» պատասխաններ է տալիս, դրա համար էլ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը, որպեսզի նա այլևս ԱԺ ամբիոնից ելույթ չունենա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ  խորհրդարանին պետք է այնպիսի ՍԴ անդամ, որը կունենա սեփական կարծիք, այլ ոչ թե կհամալրի «Սահմանադրական դատարանի միաձույլ անդամների շարքերը». «Այսօր մենք հանդիպեցինք ԱԺ նախագահի կողմից ներկայացված մի թեկնածուի, որը վախենում է ունենալ սեփական կարծիք ու սեփական տեսակետ: Դուք բոլոր հարցերին տվեցիք խուսափողական պատասխան: Դա միանգամայն բնական է: Իսկ մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն համարձակություն արտահայտելու սեփական կարծիք, եթե անգամ այն կտարբերվի ի վերուստ իջեցված պետպատվերից»,-ասաց Զոհրաբյանը:

Արայիկ Թունյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իր համար ամենակարևորը ՍԴ երդումն է, որը հակիրճ ու բովանդակալից բնութագրում է ՍԴ անդամի պահվածքը, իսկ մնացածը երկրորդական հարցեր են:

 

Անկախ

Գալուստ Սահակյանը չգիտեի, թե ինչ կեղծիքների մասին է խոսում Արամ Մանուկյանը

загруженное (2)Մինչ ԱԺ նոր քառօրյայի օրակարգը հաստատելը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ հին քառօրյայից մի ծանր բեռ է մնացել պատգամավորների վրա. «Պառլամենտը կեղծիքով, նվազագույնը երեք կեղծված ձայնով, ինչն արձանագրված է տեսաժապավենների վրա,  հաստատել է նոր կառավարության ծրագիրը»-հայտարարեց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ վերաբերմունք ունի այս հարցի վերաբերյալ անձամբ ԱԺ նախագահը, և հանրապետական խմբակցությունն արդյոք որևէ վերաբերմունք արտահայտելու է, թե ոչ:

«Ցանկացած դեպքում մենք կեղծիքներին դեմ ենք»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը,-ԱԺ կանոնակարգ օրենքը կարգավորում է այդ խնդիրը, ես այս պահին չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ով է կեղծիք թույլ տվել և այլն: Համենայնդեպս, եթե նման նկարահանումներ կան, ապա մենք կուսումնասիրնեք: Խստորեն ասում եմ բոլորին՝ առավել ևս ՀՀԿ-ին, ուշադրության կենտրոնում է հատկապես քաղաքական մեծամասնությունը, և նման մոտեցումներն անընդհատ քննարկելի են լինելու մեզ համար»:

 

Անկախ

Էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

загруженное (1)ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանում բարձրացրեց վերջին շրջանում լուրջ մտահոգության տեղիք տված էլեկտրաեներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը:

Նկատի ունենալով հարցի կարևորությունը՝ մասնավորապես կապված դրա հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացման հետ, ՕԵԿ-ական անդամն առաջարկեց այս թեմայի շուրջ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Գալուստ Սահակյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն կա ԱԺ տնտեսական հանձնաժողովի հետ այդ հարցը խորհրդարանում քննարկելու վերաբերյալ, ուստի լսումներ կկազմակերպվեն:

 

Անկախ

Պատգամավորները պահանջում են, որպեսզի արտգործնախարարը խորհրդարանում պարզաբանի Աստանայում տեղի ունեցածը

35E86CDE-2CC3-453C-9AF9-549F6ABE1A16_mw1024_s_nՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը սովորականից շատ ավելի անհանգիստ է, և որ տեսակետներ կան, թե լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Մասնավորապես գիտեք, որ մենք Ղազախստահի հետ ՀԱՊԿ անդամ երկրներ ենք և միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց փաստորեն, մեր դաշնակից երկրի ղեկավարն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք նոր լիցք են տալիս մեր հակառակորդներին՝ վտանգի տակ դնելով մեր քաղաքացիների ու զինվորների կյանքը»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորն առաջարկեց խորհրդարան հրավիրել ՀՀ արտգործնախարարին՝ ճշգրտումներ անելու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ունեցած պարտավորությունների և Ղազախստանի նախագահի պահվածքի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նույն հարցադրմամբ հանդես են եկել ԱԺ համապատասխան հանձնաժողովը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոստանալով կազմակեպել աշխատանքայի քննարկում կամ լսումներ:

Իր հերթին Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռևս մայիսի 29-ին դիմել է ՀՀ արտգործնախարարին այդ հարցի վերաբերյալ, սակայն առ այսօր նախարարը հարկ չի համարել պատասխանել իր պաշտոնական դիմումին՝ չնայած որ բոլոր սահմանված ժամկետները սպառվել են:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ, նույնպես կլինեն պատգամավորներ, որոնք այդ հարցը կբարձրացնեն:

Փաշինյանըլ փորձեց գոնե մոտավորապես հստակեցնել հարցի քննարկման կամ լսումների ժամկետները:

«Որոշակի ոչինչ չեմ կարող պատասխանել, պետք է հանձնաժողովը առաջարկի: Համենայնդեպս, ես կառաջարկեմ, որ ամսի 16-ին կամ 17-ին տեղի ունենա»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

 

Անկախ

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը

загруженноеՄեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար գրանցվել է 114 պատգամավոր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին նախ տեղեկացրեց, որ կյանքից հեռացել է իրենց նախկին գործընկեր, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը:

ԱԺԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը:

Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը երկարատև հիվանդությունից հետո մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Այնուհետև Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ որոշմամբ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից պատգամավոր է դարձել Վազգեն Կարախանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ներսիսյանը:

 

Անկախ

Այսօր որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

Ընտրություններ (1)Այսօր`  2014թ. հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:

 

Պորոշենկոն երդվել է որպես Ուկրաինայի նախագահ

petro-poroshenkoՇաբաթ օրը տեղի ունեցավ Պյոտ Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ:

Պորոշենկոն խոստացել է պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո ամբողջական նախագիծ ներկայացնել երկրում տիրող թշնամական վիճակը վերջացնելու համար՝ ներառյալ ապստամբներին ներում շնորհելը, ինչպես նաև արտահերթ շրջանային ընտրությունների կազմակերպում արևելքում:

Պուտինը մերժել էր Կիևի և Արևմուտքի պնդումները, որ Ռուսաստանը ապստամբություններ է հրահրում Ուկրաինայի արևելյան շրջաններում և ուրբաթ օրը հայտնել է, որ Պորոշենկոն պետք է առանց միջնորդների բանակցի արևելքի ներկայացուցիչների հետ:

Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանի խորհրդարանը չեղյալ կհամարի Ուկրաինայի տարածքում ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Պուտինին տրված թույլտվությունը: