«Օպել»-ից պայուսակ գողացած «Պրիորա»-ի վարորդը հայտնաբերվեց

ձերբակալելՀունվարի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայանված մի ավտոմեքենայից գողացել են պայուսակ և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել:
Պարզվել է, որ հունվարի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի բակում կայանված «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 1956 թ. ծնված Հրանուշ Ա.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 3.850 դոլար, 10.000 դրամ և անձնագիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1983 թ. ծնված Էդվարդ Ա.-ն է:
Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Վետերանների խորհրդի անդամների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին` ներկայացնելով հափշտակված 3.850 դոլարը և 10.000 դրամը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Մարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը

կինՄարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնինն է:

ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առանջորդության կենտրոնի արտաքին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի կանանց միամսյակի շրջանակներում ավելի շատ պետք է բարձրաձայնել կանանաց իրավունքների մասին:

«Չեն կարող միանշանակ ասել, որ Հայաստանում մենք այսօր ունենք համապետական կանանց շարժում, սակայն կան բազմաթիվ շարժումներ, միավորումներ, որոնք զբաղվում են կանանաց իրավունքներով, նրանց նկատմամբ բռնությունների դեպքրի բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով: Կանանց 94 %-ն աշխարհում գենդերային անհավասարության զոհ է, ահա թե ինչու  ամբողջ աշխարհում հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների համար»,- ասաց Սիրան Հովհաննիսյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանի խոսքով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան գենդերային կարծրատիպեր, որոնք անդրադառնում են կանանց և տղամարդկանց հարաբերությունների վրա: Շատ կարծրատիպեր կան նաև սեռադերային փոխհարաբերություններում:

«Հայաստանում ամենատարածվածը ընտանեկան բռնություններն են, որոնք հիմնականում մնում են փակ դռների հետևում, լինի հոգեբանական ճնշման, թե ծանր ֆիզիկական բռնության դեպքեր: Հաճախ կինը նույնիսկ իր կյանքով է վճարում լռության դիմաց: Այս տարի մարտ ամսին միայն 4 կին է մահացել ընտանեկան բռնությունից:

Բռնության դեմ պայքարելու հիմնական միջոցը այդ դեպքերի մասին բարձրաձայնելն է: Շատ քիչ է խոսվում նաև սեռական բռնության դեպքերի մասին: Աշխատաշուկայում կանայք ևս գենդերային անհավասարության զոհ են դառնում, կամ ցածր աշխատավարձեր են ստանում, կամ էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Քաղաքականության մեջ, իհարկե, ունենք կին գործիչներ, բայց դրանց թիվը շատ քիչ է: Նրանք էլ չեն բարձրաձայնում կանանաց իրավունքների մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ որքան շատ կանայք գիտակցեն իրենց իրավունքները, այնքան ավելի առողջ ընտանիքներ կունենանք:

Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

անակնկալ քաղաքապետարանումԵրևանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետարանի  քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով:

Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության և օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար:

 

 

Խոտածածկ տարածքներ են այրվել

հրդեհ խոտածածկ տարածքումՄարտի 6-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Օձուն գյուղում՝ 8 հա, «Հ-45» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կապան-Նորաշենիկ հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Մարտի 8-ին կանանց եւ աղջիկների համար «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի հատուկ սակագնով

տաթևերԿանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց եւ աղջիկների համար:

Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ:

Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց եւ աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար:

 «ՏաԹեւեր» 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ:

 

Ճանապարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը. Հովիկ Աբրահամյան

g_imageԻնչպես հայտնի է, այսօր Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Վանաձոր մայրուղին՝ պահանջելով դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին  կառուցվողՀԷԿ-ի շինարարությունը, քանի որ, Գյուղացիների խոսքով,  ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը նվազելու է, այգիներն էլ չորանալու են:

Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով այս հարցին անդրադարձավ  ԱԺ նախագահ     Հովիկ Աբրահամյանը: Նրա պատասխանը կարճ էր. ՙՙՃանապարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը, տեսնենք՝ ինչն է պատճառը, որ լուծում տանք՚՚:

“Զվարթնոցի” շենքը քանդելը, ինչպես նաև Գառու տաճարի տարածքում սրճարան բացելը զուտ բիզնես շահեր են հետապնդում. ճարտարապետներ

ճարտարապետներԱզգի մշակութային դեմքը ճարտարապետությունն է: Իսկ մեր ճարտարապետությունը, մասնավորապես հուշարձանները աղավաղված են: Մենք գիտենք, թե ո՞ւմ նախաձեռնությամբ հուշարձանները քանդվեցին և վաճառվեցին: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Անդրադառնալով “Զվարթնոց” օդանավակայանի հին շենքը քանդելու որոշմանը` Սաշուր Քալաշյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ  “Զվարթնոց”  հին շենքը քանդելն անթույլատրելի է:
” “Զվարթնոց” հին շենքը չքանդելու վերաբերյալ ճարտարապետների կողմից ստորագրված նամակ է ուղարկվել ինչպես երկրի ղեկավարին, այնպես էլ “Արմենիա միջազգային օդանավականներ” ՓԲԸ-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին և, եթե բացասական պատասխան ստանանք, շարունակելու ենք մեր պայքարը”,- ասաց Սաշուր Քալաշյանը::
Վերհիշելով Փակ շուկան քանդելու դեպքը` ճարտարապետը նկատեց, որ Փակ շուկայի կործանումից հետո Մշակույթի նախարարը պետք է հեռանար պաշտոնից: Նրա դուրս գալն իսկական ապտակ կլիներ կառավարությանը, սակայն դուրս չեկավ, քանի որ մտավորական չէր:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանն էլ նշեց որ  “Զվարթնոց”  շենքը քանդելը, ինչպես նաև Գառու տաճարի տարածքում սրճարան բացելը զուտ բիզնես շահեր են հետապնդում: “Գառնու տաճարի մոտ սրճարանի կառուցումը կբերի ավերածությունների կառուցվելիք կոյուղու, ջրահեռացման և շինարարական այլ աշխատանքների արդյունքում: Ինչ վերաբերում է “Զվարթնոց”  հին շենքին, ապա պետք է հարցնել, թե այն քանդելուց հետո նման քանի՞ բարձրարժեք հուշարձանք են կառուցելու”,- ասաց ճարտարապետը:

Անկախ

ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

վիզաԳործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստի նոր չափն է սահմանել

կառավարությունԱյսօր տեղի ունեցած նիստում Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը:

Այսուհետ,  ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի,  առաջին երեխայի ծնվելու դեպքում կհատկացվի  50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ միանվագ նպաստ:

Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ

DSC_0214ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում:

Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

DSC_0188Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:

Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ:

ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծ ազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն: Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է , որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:

Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Անկախ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ առաջիկայում Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը նախատեսում է անցկացնել գործարարների համաժողով, և իրենք պայմանավորվածություն են ձեռք  բերել այդ համաժողովին նաև հայ գործարարների մասնակցության վերաբերյալ, որը կնպաստի հայ և ռումինացի գործարարների միջև կապերի ստեղծմանը:

«Ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային խորհուրդները, ժամանակի ընթացքում ձևափոխվելով, որոշակիորեն նեղացրել են իրենց գործունեության ոլորտը՝ ի տարբերություն մեր Հանրային խորհրդի,-ասաց Մանուկյանը,-նրանք հենված են երեք կետի վրա՝ արհմիություններ, գործատուներ և կառավարություն: Դա հակասական կողմերի եռակողմ մի շղթա է, որտեղ փնտրվում են կոմպրոմիսներ, հաշտության եզրեր: Իսկ բիզնեսի, աշխատավորների շահերի պաշտպանությունը երկրի զարգացման կարևորագույն պայմաններից է»:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:

Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:

“Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Ռումինիան այսօր Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցներից է, և այդ տեսակետից իր հստակ դիրքորոշումն ունի Հայոց ցեղասպանության, Արցախի հարցի վերաբերյալ,-ասում է նա,-և չնայած որ հայ համայնքի շատ ներկայացուցիչներ բավականին մեծ ազդեցություն ունեն ռումինական հասարակության մեջ, դա չի կարող չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունն այդ երկրում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի հետ Ռումինիան ունի տնտեսական խորը հարաբերություններ”:

DSC_0248Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:

 

Անկախ

Բժշկական կոնսիլիում կկազմակերպվի` քննարկելու Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը

Մամիկոն ԽոջոյանՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։  Այս մասին Անկախին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։

Պահնորդական գործունեությունը` պետության կողմից մենաշնորհվելու վտանգի առաջ

ohranaՄինչև 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական և թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում` առանց օրենսդրական կարգավորման և չափորոշիչների: Չնայած դրան` այդ կազմակերպությունների ղեկավարները նշում են, որ իրենց մեծ մասն այդ ոլորտում է 1990-ականներից և լիովին կայացած կառույցներ են:

Այնուամենայնիվ, ոլորտն օրենսդրորեն կարգավորելն անհրաժեշտ էր, և 2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական և այլ մարմինների հետ համագործակցության կարգը և այլն:

Օրենքով արդեն այդ կազմակերպությունները պետք է համապատասխան լիցենզիա ստանան նման գործունեություն իրականացնելու համար: Սահմանվեց նաև թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Սահմանվեցին կրթական չափորոշիչներ և այլն:

Օրենքն ընդունվելուց հետո, սակայն, պարզ դարձավ, որ ոլորտում մի շարք բացեր գոյություն ունեն: Օրինակ` լիցենզավորված ուսումնական հաստատություններ չկան: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց զբաղվել այդ հարցով, և այժմ ուսումնական հաստատության լիեցենզիան տրամադրում է ԿԳ նախարարությունը:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ մեզ հետ զրույցում ասացին, որ ամենևին դեմ չեն ոլորտը կարգավորելուն, սակայն կան մի շարք հարցեր, որոնք իրենց լուրջ մտահոգության առաջ են կանգնեցրել: Նրանց կարծիքով` օրենքում, ինչպես նաև այս պահին Ազգային ժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ ոլորտն անբարենպաստ են դարձնում մասնավորների համար` փոխարենը շահեկան պայմաններ ստեղծելով ոստիկանության համանման գործառույթներ իրականացնող կառույցի համար:

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանի խոսքով` իրենց բարձրացրած խնդիրներից մեկը վերաբերում է պահնորդի որակավորման տրամադրման բարդ ընթացակարգին. «Երբ պահնորդը որոշակի ժամկետով ուսուցում է անցնում համապատասխան ուսումնական հաստատությունում և ստանում վկայական, նա դեռևս չի կարող որպես պահնորդ աշխատել, քանի որ պետք է լրացուցիչ որակավորման ստուգում անցնի նաև ոստիկանությունում, որն էլ տևում է ամիսներ»:

պահնորդԲանն այն է, որ օրենքի 14-րդ հոդվածով պահնորդական կազմակերպությունը պարտավորվում է պահնորդին տրամադրել զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ: Բնականաբար, եթե օրենքով պարտադիր է զենքի և հատուկ միջոցների օգտագործումը, այդ անձինք պետք է նաև հատուկ որակավորման ստուգում անցնեն ոստիկանությունում: Սակայն մասնավոր կազմակերպությունները հիմնականում զբաղվում են ոչ թե թիկնապահական, այլ պահնորդական գործունեությամբ, այն էլ առանց զենքի և հատուկ միջոցների օգտագործման: Ինչպես ժողովրդական լեզվով պարզաբանում է կազմակերպություններից մեկի ղեկավարը. «Պահնորդները կուլտուրական պահակներ են»: Մասնավոր ընկերություններն առաջարկում են օրենքում սահմանել տարբերություններ, օրինակ` առանձնացնել պահնորդական գործունեության մի քանի տեսակ` զենքի կրումով և օգտագործումով, հատուկ միջոցների օգտագործման իրավունքով և առանց այդ միջոցների օգտագործման իրավունքի: Եվ ըստ այդմ էլ սահմանել որակավորման պահանջները:

«Մեր կարծիքով, զենք կրելը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ ըստ անհրաժեշտության»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- և ոստիկանությունում պետք է որակավորման ստուգում անցնեն միայն այն պահնորդները, որոնք զենք կրելու պարտավորություն ունեն, մնացածի դեպքում բավարար են նաև ուսուցումն ու վկայականը:

Սակայն մասնավոր ընկերություններին ամենից շատ անհանգստացնում է այս պահին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում գտնվող «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը, որին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, սակայն այն դեռևս չի քննարկվել Աժ լիագումար նիստերում:
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանությունը մինչև 2018 թվականը իրավունք ունի մասնավոր հատվածում պահպանություն իրականացնել մինչև ոլորտի վերջնական կարգավորումը: Մասնավորները կարծում են, որ այդ ընթացքում իրենք ուղղակի «կխեղդվեն». «Ոստիկանությունը, փաստորեն, մոնոպոլիզացնում է դաշտը, և մասնավորները հայտնվում են ոչ հավասար մրցակցային պայմաններում, որի հետևանքով դուրս կմղվեն շուկայից»,- ասում է Հովհաննես Պետրոսյանը:

Ստացվում է, որ շուկայում նույն գործունեությունն իրականացնող կառույցներից մեկը, այս դեպքում` պետականը, ստանձնում է նաև իր «մրցակցին» վերահսկելու, նրան որակավորում տալու կամ չտալու գործառույթ:

Մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի ղեկավարի խոսքով` պահպանության ծառայությունը ոստիկանությունում գործել է դեռևս 1952 թվականից. «Մոտ 50 տարի էդ մենաշնորհը կար,- ասում է նա,-երբ 1990-ականների կեսերից շուկան ազատականացվեց, մասնավոր ընկերություններն էլ հնարավորություն ունեցան մատուցելու ծառայություններ, և շուկայում ձևավորվեց որոշակի մրցակցություն: Մասնավորին շուկայում ավելի մեծ տեղ տվեցին` համարելով առավել բարձրորակ և բարեխիղճ ծառայություններ մատուցող, հատկապես որ շատ տնտեսվարողներ նման ծառայություններ ոստիկանական համակարգի աշխատողներից չէին ցանկանում ստանալ: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարել ոլորտում, բայց հիմա ստիպված ենք լինելու փակվել: Այսինքն` էս դաշտն էլ մտցրին մենաշնորհի մեջ»:

Նշենք, որ Հայաստանում գործում են պահնորդական գործունեությամբ զբաղվող շուրջ 21 մասնավոր կազմակերպություններ, որոնցում ներգրավված են 8-10 հազար աշխատակիցներ:
Օրենքի նախագծով ոստիկանությունը պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպություններին պարտադրելու է նաև կնքել պայմանագիր ոստիկանության հետ: «Ինչո՞ւ են մասնավոր ընկերություններին պարտադրում,-ասում են մասնավորները,- մենք անկախացանք, որ էդ պարտադիր երևույթից դուրս գանք: Պետք է լինի հավասար մրցակցություն, և տվյալ սուբյկետը ընտրի, թե ում հետ է ուզում պայմանագիր կնքել»:
Այս պահին ոստիկանությունն իրականացնում է 4150 տնտեսվարող սուբյեկտների պահպանություն, ինչը բավականին մեծ թիվ է: 2014 թ. պետական բյուջեով 6.7 տոկոսով ավելացել են նոր պայմանագրերը համապատասխան սուբյեկտների հետ: Ինչ վերաբերում է հատուկ պահպանության և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանմանը, ապա մասնավոր ընկերությունները բնական են համարում, որ դրանց պահպանումն իրականացնում է ոստիկանությունը. «Բայց այստեղ էլ կա խնդիր,- ասում է Հովհաննես Պետրոսյանը,- ո՞ր օբյեկտներն է ոստիկանությունը համարում կարևորագույն կամ հատուկ նշանակության: Մենք առաջարկում ենք այդ օբյեկտները հաստատել ոչ թե տեսակով, այլ անվանական ցանկով: Մեր պետությունը շատ փոքր է, կարող են անվանական ցանկով հաստատել: Իսկ եթե տեսակով լինի, ոստիկանությունը կարող է ցանկացած հասարակական վայր համարել հասարակության համար թիրախային և վերցնել իր պահպանության տակ»:

անվտանգությունՀովհաննես Պետրոսյանը հայտնեց, որ մարտի 1-ին իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ, ներկայացրել իրենց մտահոգությունները, որոշակի հարցերի շուրջ անգամ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց թե որքանով դրանք կիրականանան, դժվարանում է պատասխանել: Մեկ տասնյակ ընկերությունների ղեկավարներ հարցը բարձրացրել են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ, որն իր հերթին կարևորել է բարձրացված հարցերն ու մտահոգություն հայտնել դրանց վերաբերյալ` նշելով, որ խնդիրը պետք է քննարկվի Հանրային խորհրդում, քանի որ այն առնչվում է քաղաքացու իրավունքներին, ազատ տնտեսական մրցակցությանն ու բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը «Անկախի» հետ զրույցում ասաց, որ դեռևս վերջնական գնահատականներ չի կարող տալ ոլորտը կարգավորող օրենսդրության վերաբերյալ, քանի դեռ իսկապես կան վիճահարույց մի շարք հարցեր. «Իմ պատկերացմամբ «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագիծը դեռևս որոշակի բարելավման կարիք ունի` հատկապես հաշվի առնելով այն շահերի բախումը, որ առկա է երկու ոլորտներում` պետական և մասնավոր: Օրինակ` խնդիր է հատուկ պահպանության օբյեկտների և այդ հասկացությունների ոչ հստակ լինելը»:

Կորյուն Նահապետյանը քննարկման առարկա է համարում նաև մասնավոր ընկերությունների` պահնորդնական գործունեության մեջ կարգեր սահմանելու առաջարկը. «Այո, այսօրվա գործող օրենքում նման տարբերակում չկա: Կառավարության որոշմամբ էլ նման սահմանազատում չկա: Մենք պետք է միջազգային լավագույն փորձն ուսումնասիրենք և հասկանանք` իսկապես նման տարբերակումը հիմնավո՞ր է, թե ոչ»:

Ի դեպ, օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանության ռազմականացված ստորաբաժանման ձևավորում, որի աշխատակիցները ոստիկաններ չեն լինելու, այլ աշխատելու են աշխատանքային պայմանագրի հիման վրա: Մեր հարցին, թե արդյոք այդ աշխատակիցները որակավորման նույն բարդ ընթացակա՞րգն են անցնելու, ինչ մասնավորները, Նահապետյանն ասաց. «Ցավոք, օրենքի նախագծում դա չի երևում»:
Նահապետյանի խոսքով` իրենք պարբերաբար ոլորտի վերաբերյալ քննարկումներ են ունենում նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ և լսում նրանց տեսակետները: Բայց որպեսզի ոլորտը լիովին կարգավորվի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Նա հայտնեց, որ պատրաստվում են ոլորտը կարգավորող օրենսդրությունն ուղարկել նաև միջազգային փորձաքննության, ապա կազմակերպել ընդլայնված քննարկում շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որից հետո նոր հստակեցնել հնարավոր փոփոխությունները:
«Ես նպատակ եմ դրել, որ կարճ ժամանակահատվածում` առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում, բարենպաստ միջավայր ստեղծենք ոլորտի կայացման համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Այդ մի քանի տարիներն էլ հենց լրջորեն անհանգստացնում են մասնավորներին, որովհետև մտավախություն ունեն, որ մինչ այդ ոստիկանությունն արդեն ոլորտն «իրենով արած կլինի»:

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 7, մաքսանենգության 3, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական, կողոպուտի և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ (մարտի 5-ից 6-ը)

ավտոպատահարՄարտի 5-ին, ժամը 12.30-ին, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 20-ամյա ուղևորուհին վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 07.50-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 40/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երևանյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ժամ առաջ Հակոբի Ինջիղուլյանի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի. Լարիսա Ալավերդյան

Լարիսա ԱլավերդյանՀայ զինգերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքն առաջինը չէ, երբ գերության մեջ հայտնված անձը ցանկանում է վերադառնալ ոչ թե իր երկիր, այլ գնալ երրորդ երկիր: Նման դեպքեր տեղի են ունեցել դեռ Խորհրդային տարիներից, երբ զինգերիները ցանկություն են հայտնել գնալ երրորդ երկիր, որովհետև համոզված են եղել, որ Խորհրդային միություն վերադառնալու դեպքում աքսորվելու են Սիբիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսի խոսքով՝ տարիների ընթացքում իրենց ունեցած փորձը ցույց է տվել, որ, եթե անձը ցանկություն է հայտնում գնալ երրորդ երկիր` լինի դա սեփական կամքով, թե ճնշումների ներքո, այդպես էլ լինում է, չնայած Ժնևյան կոնվենցիայի համաձայն` գերին պետք է վերադարձվի սեփական երկիր:

Հարցին` ինչո՞ւ է ուշանում Հակոբ Ինջիղուլյանի տեղափոխությունն  երրորդ երկիր, Մարդու իրավունքների առաջին պաշտպանը պատասխանեց. «Երբ ռազմագերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնում, այդ գործընթացը սկսվում է իրականացվել ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջոցով: Նախ պետք է դիմել որոշ երկրներ և պատասխան ստանալ: Ոչ մի երկիր առանձնակի ոգևորությամբ չի ընդունում այն զինգերուն, որը հրաժարվել է վերադառնալ իր երկիր: Դա երկարատև գործընթաց է: Օր առաջ, ժամ առաջ Հակոբի տեղափոխությունն երրորդ երկիր դրական քայլ կլինի»:

Ալավերդյանը նաև նշեց, թե չի  կարծում, որ Ադրբեջանը Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի ուղղությամբ ինչ-որ քայլեր անի:

«Մամիկոն Խոջոյանի դեպքի առնչությամբ դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան». Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյանՎերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վերադարձի համար պետք է փառք տալ Աստծուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը մինչև հիմա գտնվում է Իջևանի հիվանդանոցում: Զինգերիների, պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովն արդեն հոգացել է նրա բուժման ծախսերը:

«Մենք շուտով հանդիպելու ենք Մամիկոն Խոջոյանի հետ և անմիջապես սկսելու ենք աշխատանքները իրավական պաշտպանության ուղղությամբ: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Մեզ ադեն դիմել են շատ հմուտ փաստաբաններ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները: Փաստաբանների թվում է նաև Արտակ Զեյնալյանը, ում հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ գոնե այս դեպքը դառնա միջազգային հանրության համար քննարկման նյութ, որի արդյունքում կպարզվի Ադրբեջանի առաջադեմ հասարակության երեսը, հայկական կողմն էլ իր պարտականությունը իրականացված կհամարի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան պատերազմի ժամանակ իրենք ակտվորեն աշխատել են ադրբեջանական կազմակերպությունների հետ և բազմաթիվ գերիների են վերադարձրել: Մինչև անգամ երկու երեխայի վերադարձ պատերազմական շրջանում:

«Ցավոք, երբ եկավ Ալիև կրտսերը, գրեթե կտրեց համագործակցության հնարավորությունները, ներկայումս պաշտոնապես ոչ մի կապ չկա ադրբեջանական կազմակերպությունների հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ժնևյան 4-րդ կոնվենցիային՝ բանախոսը նշեց, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը ուղղակի կոշտ արգելք է դնում այնպիսի անձանց գերության վրա, որոնք ուղղակիորեն ընդգրկված չեն զինվորական կամ այլ բախումների մեջ: 4-րդ կոնվենցիան վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը:

«Միջազգային արգելքի համաձայն՝ չպետք է լինի ոտնձգություն խաղաղ բնակչի ո՛չ կյանքի, ո՛չ էլ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ: Արգելված է անգամ պատանդ վերցնելը»,- ասաց  Ալավերդյանը:

 

18-ամյա երիտասարդը խոստովանել է հանցանքը

ձերբակալությունՄարտի 3-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1937 թ. ծնված Ռոմիկ Ա.-ի տնից գողացել են 335.000 դրամ և 25.000 ռուբլի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1996 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Ոստիկանությունից  Անկախին տեղեկացնում են, որ գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառները պարզվում են

այրվող ավտոմեքենաՄարտի 4-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարք թիվ 29 տան դիմաց կայանված, 1990 թ. ծնված Արկադի Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Շիրակի մարզի հրդեհային տեսչությունում նախապատրաստվում են նյութեր: