ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է:

ԱՐՏԵՄ  ՄԻԿՈՅԱՆ

Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:

Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան մրցանակի դափնեկիր, Կարմիր դրոշի շքանշանակիր, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանակիր,  ինչպես նաև` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-8-րդ գումարումների պատգամավոր է եղել…

Արտեմ Միկոյանի գլխավորությամբ մշակված ու նախագծած ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասը մնում է չգերազանցված:

Մեծ հայորդին ծնվել է 1905 թվականի հուլիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում, ատաղձագործ Հովհաննես Միկոյանի ընտանիքում:

Միկոյանների ընտանիքը բազմանդամ էր. Անուշավանը ընտանիքի հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, մայրը` Թալիդան, համագյուղացիների պատվերով կար էր անում:

Խոսելով իր ընտանիքի մասին, մեծ ավիակոնստրուկտորը հետագայում ժպիտով պատմում է մի զավեշտալի դեպք: Սանահին գյուղում ընդունված ու հաստատված էր, որ երեխային մկրտելու համար քահանային վճարում էին մեկ ռուբլի: Սակայն չգիտես ինչու, այս անգամ նորածնին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում, և հայրն ստիպված էր վճարել…

Անուշավան Միկոյանի մանկությունն անցավ հայրենի գյուղում` Լոռվա սարերում: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար պատանին այծերն էր արածեցնում գյուղի անտառներում: Նա նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: Հետագայում նրա ուսուցիչ  Հովսեփ Գալստյանը լավ էր հիշում իր աշակերտին․

– Նա հետաքրքրությամբ, կարելի է ասել, սիրով էր հաճախում դպրոց։ Քամու նման արագաշարժ էր, բայց շատ ուշադիր։ Երբեք թույլ չէր տալիս իրեն հանկարծակիի բերել։ Սովորում էր նախանձելի ջանասիրությամբ։ Ինչ-֊որ արտակարգ շնորհք ուներ ըմբռնելու, կռահելու, թե ի՞նչ պետք է անել հետո:

1918 թվականին մի դիպված կանխորոշեց Անուշավան Միկոյանի ճակատագիրը: Թուրքական բանակը գրավել էր Լոռին: Սանահինի բնակչությունը քաշվել էր սարերը: Ամառային մի օր, սարերում հարկադրաբար վայրէջք է կատարում ՙՖարման՚ տիպի մի ռազմական ինքնաթիռ: Մինչ օդաչուն կարգի էր գցում շարժիչը, երեխաները շրջապատել էին ինքնաթիռն ու հետաքրքրությամբ զննում էին այն: Այդ օրվանից պատանին ուխտեց, որ պետք է թռչի…

1919 թվականին, հոր մահից հետո տակավին պատանի` հաստատվել է Թիֆլիսում, իր բարեկամուհի Վերգինե Թումանյանի տանը և այնտեղ շարունակել ուսումը: Շուտով սակայն, 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ ու սովորել Դոնի Ռոստովի արհեստագործական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո Անուշավան Միկոյանն աշխատանքի է անցնում Կրասնի Ակսայ գործարանում որպես խառատի աշակերտ: Սակայն արհեստավոր դառնալը չէր նրա մղումը: Նա ուսման ծարավը հագեցնելու համար ուզում էր տեղափոխվել Մոսկվա և 1924 թվականին ուղևորվում է մայրաքաղաք: Եղբոր միջամտությամբ նրան ընդունում ու ապաստան է տալիս Ստեփան Շահումյանի այրին` Եկատերինա Սարգիսովան:

Մոսկվայում Միկոյանը  ընդունվեց աշխատանքի, հրաժեշտ տվեց Շահումյանի այրուն, բայցև հրաժարվեց տեղափոխվել եղբոր` Անաստաս Միկոյանի բնակարան ու հաստատվեց գործարանի դռնապանի տան խոհանոցի մի անկյունում:

Զրկանքներն ու ծանր աշխատանքը անհետևանք չմնացին: Անուշավանը հիվանդացավ թոքախտով` այն ժամանակվա համար վտանգավոր հիվանդություն:

Որոշ ժամանակ որպես խառատ աշխատելուց հետո 1928 թվականից Անուշավան Միկոյանը ծառայում է խորհրդային բանակում, մեկ տարի անց ուսման անցնում Օրյոլ քաղաքի տանկային ուսումնարանում, որ կազմավորել էր Սուրեն Ստեփանի Շահումյանը, ապա զորացրվելուց հետո Սուրեն Շահումյանի խորհրդով ընդունվում և 1936 թվականին ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան Ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: Հենց Շահումյանն իր դիրքով ու ազդեցությամբ նպաստեց Միկոյանի` ակադեմիա ընդունվելուն, քանզի վերջինս անգամ միջնակարգ կրթություն չուներ: Բայց դա չխանգարեց ուսանող Միկոյանին` ագահորեն կլանել գիտելիքն ու լրացնել պակասը: Շուտով նա ակադեմիայի ուսանողների առաջատարներից դարձավ:

Դեռևս ուսանողության տարիներին` 1935 թվականին, Անուշավան Միկոյանն իր ընկերների հետ ստեղծեց առաջին ինքնաթիռը` Օկտյաբրյոնոկը: Ապա ընկերների հետ նախագծեց ԽԱԻ-1 մարդատար ինքնաթիռը, որ սակայն ավելի մեծ արագություն էր զարգացնում, քան ժամանակի ռազմական ինքնաթիռները: Դա մեծ հաջողություն էր: Սակայն դեռ ամեն ինչ առջևում էր:

Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի անցավ Ժուկովսկու անվան ավիագործարանում: Անուշավան Միկոյանի Հետագա ողջ կյանքն ու գործունեությունը կապված էին հենց այս գործարանի հետ:

Անուշավան Միկոյանը Մոսկվայում եղբոր` Անաստասի տանը հանդիպեց իր սիրուն` Զոյա Իվանովնա Լիսիցինային ու 1936 թվականի փետրվարի 23-ին գրանցվեց նրանց ամուսնությունը: Եղբոր ընտանիքի մասին Անաստաս Միկոյանը հետագայում իր հուշերում գրել է.

«Արտեմ Իվանովիչը ընտանիքի լավ հայր էր։ Նա մեծ ու լավ ընտանիք ունի։ Երբ առաջին անգամ մեր տուն բերեց Զոյա Իվանովնային, նա լավ տպավորություն գործեց։ Շատ հաճելի կին էր, բայց հաճելի կանայք շատ կան, իսկ մեր ընտանիքներն ունեն իրենց սովորություններրը, իրենց բարքերը։ Կհարմարվի՞ արդյոք։ Նա հազվագյուտ, հիանալի կին դուրս եկավ։ Նա կարողացավ ռուս կնոջ լավագույն գծերը զուգորդել հայ կանանց լավագույն սովորությունների հետ։

Օրինակ, հատկանշական է թեկուզ այն, որ երբ մեր գյուղից որևէ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր Արտեմ Իվանովիչին։ Այդպես է մեզ մոտ ընդունված՝ եկողը անպայման այցելում է։ Ինձ մոտ գալը, ասենք, բարդ էր՝ անցագիր էր հարկավոր, իսկ նրանց մոտ հեշտ էր։ Եվ Զոյան միշտ բոլորին ընդունում էր որպես հարազատների․․․»։

1940 թվականին, պատերազմի նախօրեին Անուշավան Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծեց հանրահայտ Միգ-1 կործանիչը: Սա իսկական հեղափոխություն էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում Կարմիր բանակի` գերմանացիների դեմ մղած պայքարում, այլ առհասարակ, հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի` օդում համաշխարհային տիրապետության հաստատման գործում: Հատկապես հզոր է ՄԻԳ-19 գերձայնային կործանիչը, ինչը մինչ օրս լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:

Առհասարակ, Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ` ավելի քան  60000 քանակով:

1940 թվականից մինչ կյանքի մայրամուտը Անուշավան Միկոյանը ԽՍՀՄ ինքնաթիռաշինարարական փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետն էր:

Անուշավան Միկոյանը նախևառաջ մեծ երազող էր: Բազմիցս հարցազրույցներում, անհատական զրույցներում արտահայտել է միտքը, որ իր աշխատանքում կարևորը` երազել կարողանալն էր: Ահա նրա հաջողության բանալին: Երազանք, և կամք` կյանքի կոչելու այդ երազանքը: Նա ուներ նաև իր սկզբունքը և հաջողության գաղտնիքը. ՙԵրբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է՚:

Մեծ գյուտարարը, հայ ժողովրդի մեծ զավակը մահացավ 1970 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ:

 

Վահե Անթանեսյան

Գյուղնախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին

25.07.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը   Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից:  Նախորդ տարում գործարկված` հոլանդական ժամանակակից սարքավորումներ և 1,8 հեկտար տարածք ունեցող ջերմոցային այս տնտեսությունում հիդրոպոնիկ եղանակով արտադրվում է լոլիկ, որը մեծ պահանջարկ ունի շուկայում:

Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաև արտադրության ընդլանման համար իրականացվող աշխատանքներին: Ներկայումս այստեղ մշտական աշխատանք ունի 26 անձ, որոնց թիվն ընկերության ընդլայնումից հետո զգալիորոեն կավելանա: Տեղեկացնելով նախարարին, որ առայժմ ընկերության արտադրանքն իրացվում է միայն տեղական շուկայում, ջերմոցային տնտեսության տնօրեն Գուրգեն Թորգոմյանը նշեց, որ արտադրանքի ծավալների ընդլայնումից հետո ընկերությունը մտադիր է սկսել նաև արտահանման գործընթացը և արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:

25,07,2014Այնուհետև նախարարը ծանոթացավ Ձորաղբյուր համայնքի հացահատիկի բերքահավաքի ընթացքին: Ընդհանուր առմամբ, այս տարի Կոտայքի մարզում մշակովի ցանքատարածություններն ավելացել են 500 հեկտարով, իսկ Ձորաղբյուր համայքնում  ընթացիկ տարում կատարվել է 140 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանք, որից գարնանացան գարի` 110 հեկտար, գարնանացան ցորեն` 30 հեկտար: Այս տարի համայնքում արդեն արտադրվել է 308 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 30 ցենտներ:  Գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար Ձորաղբյուր համայնքին պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացվել է սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելանյութ: Սերգո Կարապետյանը զրուցեց նաև գյուղացիների հետ, որոնք իրենց գոհունակությունը հայտնեցին այս տարվա բերքի որակից: Հանդիպման ընթացքում նախարարը հանձնարարեց մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հաշվարկել և Գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել այս տարվա աշնանացան ցորենի, եկող տարվա գարնանացան գարու սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի  ողջ պահանջարկը` պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:

25_07_2014Այցի վերջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նախարարը ծանոթացավ «Էկոտոմատո» ՓԲԸ գործունեության հետ: 8 հեկտարի վրա վարդերի աճեցման ջերմոցային այս տնտեսությունն իր արտադրանքով միակն է, որտեղ ներդրված են հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները: Ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքերով` ներկայումս ընկերությունում ներգրավված է 75 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր «Էկոտոմատո» ՓԲԸ-ում աճեցվող բազմապիսի վարդերի շուրջ 75%-ը արտահանվում է:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Սպանությունները մանրամասնում է Շիրակի դատախազը

Շիրակի դատախազՇիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Գյումրիում կատարված սպանության գործերի մասին:

Ավելի վաղ Անկախ-ն հայտնել էր, որ հուլիսի 24-ին ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի շրջակայքում հայտնաբերվել է անհայտ անձի դիակ: ՙԴեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ դիակի վրա առկա են հրազենային վնասվածքներ: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 234 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՚, – ասում է Րաֆֆի Ասլանյանը: Վերջինիս հաղորդմամբ, գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացողը Գյումրի քաղաքի բնակիչ 1964թ. ծնված Հարություն Գրիգորյանն է:

Դատախազն ասում է՝ սպանության մի քանի վարկածներ են առաջ քաշվել, որոնց ստուգման կապակցությամբ իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և կատարվում են համապատասխան քննչական գործողություններ:

Սպանության հաջորդ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում  ՙԳյումրի՚ բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և գոտկատեղի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած, արնահոսող վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 1978թ. ծնված Էդգար Անտիկյանը, ով հիվանդանոցում մահացել է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

ՙԱյս երկու դեպքերով էլ դատավարական կասկածյալի կարգավիճակ ունցեող անձինք չկան, կան կասկածվողներ և կան շատ վարկածներ՝ սպանության դրդապատճառների մասին: Դրանք քննության առարկա կդարձվեն, իսկ արդյունքների մասին հասարակությունը կիմանա՚, – նշում է Րաֆֆի Ասլանյանը:

Դատախազը նաև նշում է, որ դեռ անհայտ է մնում երեկոյան Գյումրիում գնացքի տակ ընկած երիտասարդի ինքնությունը: Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ է, գտել են նաև մահացածի հեռախոսը, հեռախոսային խոսակցությունները կվերծանվեն:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Գյումրի էլեկտրագնացքը ճանապարհի 272-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան տղամարդու, ով տեղում մահացել է: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

001 (2)Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2014թ. Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվում է կառուցել և բարեկարգել 14750 քմ ընդհանուր մակերեսով 65 բակ: Ծրագրի համաձայն՝ բակային այս տարածքները ևս կդառնան հանգստի յուրօրինակ գոտիներ՝ նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Հարկ է նշել, որ բարեկարգվող բակերն ապահովվում են նաև արտաքին լուսավորությամբ: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց հանդիսավոր բացումը:

003 (1)Բարեկարգման աշխատանքների շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանն ու այդ տարածքները ոռոգման համակարգով ապահովելուն: Բակային տարածքների կանաչապատման արդյունքում ընթացիկ տարում միայն Դավթաշեն վարչական շրջանում կանաչ մակերեսը կավելանա ևս 3800 քմ-ով: Զուգահեռաբար իրականացվում են նաև նկարազարդման աշխատանքներ, որոնք նոր շունչ ու վառ գույներ են հաղորդում բակային տարածքներին:

Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում:  

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 58 և 59 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզների տնօրեններն ու աշխատակիցները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված  ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող հիմնանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետևողական աշխատանքի արդյունքում հետզհետե կստանան լուծումներ. Տարոն Մարգարյան

001 (1)Դավթաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թիվ 40 գրադարան: Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրի շրջանակում գրադարանն ամբողջությամբ վերանորոգվել է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամանակացույցի համաձայն, և այն արդեն այսօր այցելուներին դիմավորում է հարմարավետ պայմաններով: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում: Շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցները նաև նկատել են, որ ընթերցասեր հասարակության համար նոր ու հարմարավետ պայմանների ապահովումից բացի, լուծվում է նաև գրադարաններում առկա գրականության պահպանման կարևոր խնդիրը:

006Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ նոր ուսումնական տարում մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 950 սաների առջև: Օգտվելով առիթից՝ կրթօջախի տնօրենը նաև դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ վերանորոգումից հետո այս կառույցը ևս լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին. «Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային հաստատություններում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում:  Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում, և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հետզհետե կստանան լուծումներ», – շեշտել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Անկախ

Քաղաքապետարանը մշտապես աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր նախաձեռնություններին

002 (1)Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բարեգործական ճաշարանի բացմանը: Քաղաքապետարանի, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համագործության արդյունքում նորաբաց ճաշարանը կսպասարկի շուրջ 55 շահառուի: Հարկ է նշել, որ Երևանի 10 վարչական շրջաններում այսօր գործում է  բարեգործական 19 ճաշարան, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում նմանատիպ բարեգործական ճաշարաններ են կազմակերպվել վեց վարչական շրջաններում, որտեղ ճաշից բացի մատուցվում են նաև տարաբնույթ սոցիալական ծառայություններ. տեղերում ցուցաբերվում է առաջնային բժշկական օգնություն, կազմակերպվում են ժամանցային, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ: Դավթաշենի բարեգործական ճաշարանի վերանորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ծախսվել է շուրջ 2.200.000 դրամ, որից 600.000-ը տրամադրվել է Երևանի համայնքային բյուջեից:

Վարչական շրջանի ղեկավարի և կազմակերպության նախագահի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է ճաշարանում ստեղծված պայմաններին, զրուցել շահառուների հետ: Օգտվելով առիթից՝ տարեց երևանցիներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող  աջակցության համար: Երևանի քաղաքապետն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շարքում մեր կողմից առանձնակի կարևորվել ու կարևորվելու են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթևացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ ընդհանրապես, սոցիալական ուղղվածության մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, հատկապես հաշվի առնելով, որ դրա անհրաժեշտությունը դեռևս կա: Սոցիալական ուղղվածության որոշ ծրագրերի իրականացման շրջանակում մենք համագործակցում ենք նաև տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ և, մասնավորապես բարեգործական ճաշարանների գործունեության հետ կապված, որոշ դեպքերում նաև համաֆինանսավորում ենք դրանց աշխատանքների կազմակերպումը: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրականացնում են այս անչափ կարևոր առաքելությունը, սակայն թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք և հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլևս չենք ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Որպես սոցիալական նշանակության կարևորագույն ծրագիր՝ քաղաքապետն առանձնացրել է նաև Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով, որ քաղաքային իշխանությունների կողմից այն ևս դիտարկվում է որպես առաջնահերթություն. «Մասնավորապես այս տարեսկզբից մինչ օրս անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել շուրջ 500 սիրիահայ ընտանիքների, ընդ որում, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ աջակցությունը եղել է հենց այն տեսքով, որի կարիքը մատնանշել են իրենք: Բացի այդ, մեր կողմից առանձնակի կարևորվել է նաև սիրիահայ ընտանիքների հատկապես երեխաների ինտեգրումը իրենց համար նոր միջավայրում և այդ նպատակով ևս մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել: Մասնավորապես մանկապարտեզներ հաճախող ավելի քան 100 և շուրջ 400 դպրոցական սիրիահայ երեխաները լիարժեք ընդգրկված են եղել բոլոր պետական և համաքաղաքային նշանակության միջոցառումներում, ինչպես նաև միջդպրոցական ծրագրերում: Բացի այդ, նաև իրականացվել է այդ երեխաների ընտանիքների կարիքների գնահատում և համապատասխան աջակցություն է ցուցաբերվել այդ ընտանիքներին», – նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ սիրիահայ ընտանիքների խնդիրները շարունակելու են մնալ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում և ցուցաբերվող աջակցության ծրագրերն էլ լինելու են շարունակական:

Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Քաղաքապետը շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և զրուցել այդ պահին կենտրոնում գտնվող քաղաքացիների հետ:  Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով, որ բնակիչներին մատուցվում է որակյալ ծառայություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ Դավթաշենի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնն այսօր սպասարկում է շուրջ 1500 բնակչի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Էլի դանակահարություն Գյումրիում

դանակահարությունՔիչ առաջ դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Գյումրիում: Ավետիսյան փողոցի բնակիչ Թորոս Հակոբյանը սուր կտրող գործիքով ստացած վիրավորումով տեղափոխվել է ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, և վիրահատվում է: Վնասվել է վերջինիս աղին և հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում:

Հավելենք, որ դանակահարության մեկ դեպք էլ երեկ էր գրանցվել Գյումրիում՝ Արցախ թաղամասում, երբ Էգդար Անտիկյանը ստացած հարվածներից հիվանդանոցում մահացել էր: Դեպքի առթիվ վարկած կա, որ այսօրվա դանակահարությունը Է.Անտիկյանի սպանության հետ է կապված:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Դավթաշենում բարեկարգվում է ևս երկու հանգստի գոտի

003Երևանի քաղաքապետարանի 2014թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանում ամբողջովին բարեկարգվում է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին հարակից տարածքը: Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է այս տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով տարվող շինաշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները զեկուցել են, որ հուշարձաններին հարակից շուրջ 1,5 հեկտար զբաղեցնող տարածքում դավթաշենցիների հանգստի կազմակերպման համար կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, բացի այդ տարածքը կահավորվում է նաև մանկական խաղահրապարակով և մարզասարքերով: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կթարմացվեն հարակից կանաչ տարածքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ հանգստի գոտին լիարժեք հարմարեցված կլինի նաև հաշմանդամների ազատ տեղաշարժման համար: 002Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին Դավթաշենում հանգստի ևս մեկ հարմարավետ գոտի ձևավորելու համար՝ ընդգծելով, որ այս տարածքը կլինի ոչ միայն ժամանցի կազմակերպման վայր, այլ նաև իր կարևոր դերակատարումը կունենա հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու հարցում:

Մատաղ սերնդի մեջ նաև նմանատիպ տարածքների յուրովի արժեւորման տեսքով հայրենասիրության սերմանման հետ կապված բնակիչների տեսակետը լիովին կիսելով՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դա նաև որոշակի հարգանքի տուրք է բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր թե՛ Հայրենական մեծ պատերազմում և թե՛ Արցախյան ազատամարտում պայքարել են հենց հանուն գալիք սերունդների վաղվա օրվա, ինչն, անշուշտ, մշտապես պետք է գնահատվի ըստ արժանվույն: Այս համատեքստում քաղաքապետն անդրադարձել է մասնավորապես Երևանում հաշվառված Հայրենական  պատերազմի մասնակից վետերանների խնդիրների լուծմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերին և նշել, որ վերջիններիս աջակցությանն ուղղված ծրագրերն ու միջոցառումներն իրականացվում են ոչ միայն տոնական առիթներով. «Մեր կողմից իսկապես առանձնակի կարևորված են նաև Հայրենական մեծ պատերազմի մեր վետերանները, ինչը, համոզված եմ, ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև պարտադիր: Եվ այս տեսանկյունից մեր բոլոր 530 վետերանները մշտապես, առաջնահերթության կարգով, ընդգրկվում են սոցիալական ուղղվածության մեր բոլոր ծրագրերում: Բացի այդ, մեր լիազորությունների շրջանակում մենք մշտապես աջակցել և աջակցելու ենք Հայրենական պատերազմի վետերանների բոլոր կազմակերպություններին ու, վետերաններին՝ անհատապես: Այսօր, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից, Երևանի բոլոր վարչական շրջաններում վետերաններն ունեն տարածքային գրասենյակներ, և ներկայումս էլ աշխատանքներ են տարվում Մալաթիա-Սեբաստիայում ևս գրասենյակ ստեղծելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, այս հարցում իմ դիրքորոշումը հստակ է. մենք պետք է հնարավորն անենք, որ մեր վետերանները մշտապես զգան այն հոգածությունն ու գնահատանքը, որ մեզանից յուրաքանչյուրն ունի նրանց հանդեպ: Նաև կարող եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կխրախուսի և կաջակցի բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն մեր վետերանների հոգսը թեթևացնելուն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դավթաշենի կենտրոնական այգի: Քաղաքապետի այցելության պահին այգին մարդաշատ էր, ինչն իր հերթին մեկ անգամ ևս վկայում էր, որ հանգստի գոտին իսկապես սիրված վայր է դավթաշենցիների համար: Ներկայացնելով իրականացվող աշխատանքների ընթացքը՝ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրով վերակառուցվում է Կենտրոնական այգու վերևի՝ շուրջ 7000 քմ հատվածը: Հանգստի գոտու տարածքի ընդլայնման ծրագրի արդյունքում, այգին ամբողջական ավարտուն տեսք կստանա և հասանելի կլինի ավելի մեծ թվով բնակիչների համար: Նաև զեկուցվել է, որ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո այս հատվածում ևս կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, մարզական գույք ու մանկական խաղեր: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Մահվան ելքով պատահար Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին

դիակՀուլիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը` 1957 թ. ծնված Աշոտ Հակոբյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Վարդավառը միայն իրար վրա ջուր լցնելը չէ. Տեր Եսայի քահանա Արթենյան

Տեր Եսայի քահանա Արթենյան Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է այս կիրակի՝  հուլիսի 27-ին: Այն շարժական տոն է:

«Վարդավառի խորհուրդը Քրիստոսի Պայծառակերպության օրն է: Այն  հոգևոր տոն է: Ըստ դրա խորհուրդի՝ մենք ինքներս Քրիստոսի օրինակով պետք է կատարելագործենք մեր հոգևոր կյանքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ինչպես պատմում է Աստվածաշունչը, Հիսուս Քրիստոսը Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց: Լեռը խորհրդանշում է մարդկային բարոյականությունը: «Ըստ պատմության՝ Քրիստոսը աշակերտներից իր հետ վերցրեց Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին:  Նրանք իրենց բնավորությամբ և նկարագրով տալիս են  կատարելագործվելու ճանապարհը: Պետրոսը միշտ պատմության մեջ ընկալվում է որպես հավատավոր մարդ, նրա վրա պետք  է կառուցվեր Քրիստոսի հավատքը: Հովհաննեսը ներկայացնում է սիրող մարդու կերպարը: Հակոբոսը համբերության օրինակն է; Այսինքն՝  հավատքը, սերը և համբերությունը այն առաքինություններն են,  որոնցով հնարավոր է հասնել կատարելագործման», – նշեց քահանան՝ ընդգծելով, որ սա է խորհրդի հիմքում, ոչ թե պարզապես իրար վրա ջուր լցնելը:

«Ջուր լցնելու ավանդույթը պահպանվում է, և դա պահպանողը եկեղեցին չէ, այլ ժողովուրդը: Սակայն  եկեղեցին երբեք դրանց դեմ չի եղել: Բացասական երևույթը այն է, երբ մարդիկ մտածում են, որ Վարդավառը միայն  իրար վրա ջուր լցնելն է: Այդ ավանդույթները լավն են, սակայն, ցավոք, մեր իրականության մեջ դրանք չեն վերարժևորվում», – ասաց Տեր Եսային: Նրա խոսքով` շատ կարևոր  է, որ մենք նոր ավանդույթներ ձևավորենք: Եկեղեցական տոները այն բանի արտացոլանքն են, թե մեր նախնիները ինչ հոգևոր արժեքներ են ունեցել: «Մենք փորձում ենք ավանդույթները պահել՝ չհասկանալով դրանց բուն իմաստը: Կարծում եմ` շեշտը պետք է դնել հոգևոր կողմի վրա. չէ՞ որ դա առաջին հերթին հոգևոր տոն է: Եվ եթե հետևենք հոգևոր խորհրդի պատգամներին, մնացած ավանդույթներն էլ կպահպանվեն»:

Անդրադառնալով իրար ջրելու սովորույթին` Տեր Եսային ասաց, որ հեթանոսության տարիներին ջուրը կապվում էր Աստղիկ աստվածուհու անվան հետ. այն մաքրագործության խորհուրդն է ուներ: Աստվածաշնչի դեպքում այն խորհրդանշում է Ջրհեղեղից հետո աշխարհի մաքրագործումը:

 Անկախ

Ինչ հարցեր է բարձրացրել Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ

 

Մանուկյան-Սարգսյան

Ս.թ. հուլիսի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՀՀ Հանրային խորհուրը ներկայացրել է հանրությանը հուզող ի շարք հարցեր, այդ թվում՝

1. Արտագաղթի իրական չափերը, պատճառներն ու հետևանքները:

ՀԽ մտահոգված է արտագաղթի չափերով (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը: Արտագաղթի պատճառները և՛ իրական են, և՛ հոգեբանական:
Դրանք են`
• աշխատատեղերի ոչ բավարար քանակը և եղած աշխատատեղերի մեծ մասի ոչ բավարար վարձատրությունը,
• սեփական բիզնես սկսելու բարդությունները կապված օրենքների անկատարության, հավասար մրցակցային պայմաններ չապահովելու, փոքր շուկայի հետ,
• բարեկեցիկ պայմաններում ապրելու բնական ձգտումը (առկա է նաև տեղեկատվության պակաս արդեն մեկնածների իրական կարգավիճակի մասին),
• անավարտ պատերազմը,
• օրենքի անխուսափելի կիրառման իրական կամ թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր,
• խուճապային տրամադրություններ սերմանող ներքին և արտաքին քարոզչությունը, որը հանգեցնում է երկրի ապագայի նկատմամբ վստահության բացակայությանը` նպաստելով երկրից արտագաղթելու հոգեբանական վիճակի ձևավորմանը:
2. Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
ՀԽ համամիտ է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության անհրաժեշտության հետ` ելնելով անվտանգության հարցերից, ինչպես նաև գիտակցելով, որ տնտեսության որոշ ոլորտների համար միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից այդ անդամակցությունը շահավետ է և չունի այլընտրանք:
Քանի որ ԵՏՄ նոր է սկսել ձևավորվել, ուստի Հայաստանի անդամակցության որոշումը.
• հնարավորություն է տալիս մասնակցել ԵՏՄ ստեղծման գործընթացներին,
• Հայաստանին կենսական նշանակություն է հաղորդում ներկայումս սկիզբ առած նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում ավելի խորը և լայնածավալ ներգրավվածությունը ինտեգրացիոն գործընթացներին:
Ինչպես պետությունների ամեն մի դաշինքում (առավել ևս սկզբնական շրջանում), այս դեպքերում էլ տվյալ պետությունների շահերի միջև գոյություն ունեն բնական հակասություններ: Հետևաբար`
• ԵՏՄ հնարավորությունները լավագույնս օգտագործելու նպատակով անհրաժեշտ է ակտիվ լինել նրա կառույցների ստեղծման աշխատանքներում, ինչը հնարավորություններ կտա ստեղծելու մեխանիզմներ շահերը ներդաշնակելու ու հակասությունները մեղմելու համար,
• Դաշինքի բոլոր անդամ երկրների հետ հարկավոր է ակտիվորեն խորացնել նաև երկկողմ հարաբերությունները,
• Պետք է մեծացնել ՀԿ-ների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դերը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում, օգտագործել ՀԽ դերակատարումը:
• ՀԽ կողմնակից է ավելի համակարգված ձևով զուգահեռ իրականացնել մերձեցում արևմտյան կառույցների, առաջին հերթին Եվրամիության հետ` խորացնելով Հայաստանում դրանից բխող բարեփոխումները բոլոր այն դեպքերում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցության գործընթացին:
ՀԽ առաջարկում է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որը հիմնված կլինի ազգային ինքնության առանձնահատկությունների վրա և կօգտագործի “Small Smart State” մոտեցման տարրերը:
3. Սահմանամեձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը:
Դիպուկահարների կրակոցները սահմանի վրա, դիվերսիոն խմբերի ներթափանցումը մեր սահման ցույց են տալիս, որ անհրաժեշտություն կա ոչ միայն սահմանը ամրացնել ժամանակակից տեխնիկական միջոցներով, այլ նաեւ պետք է արձանագրել, որ առանց սահմանամերձ գոտու բնակչության ներգրավման, հնարավոր չէ ապահովել սահմանի պատշաճ պաշտպանությունը:
Առաջանում է երկու կարեւոր խնդիր.
• Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:
• Ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի սահմանամերձ գոտուց կանխվի արտագաղթը: Դրան պետք է նպաստեն այն լրացուցիչ արտոնությունները, որոնք պետք է տրվեն այդ գոտու բնակիչներին:
Արտոնությունները պետք է լինեն ոչ միայն սոցիալական (առողջապահություն. կրթություն, թոշակներ), այլեւ արտոնություններ, որոնք կնպաստեն սեփական աշխատանքով բարիքներ ստեղծելուն, զարգանալուն եւ այդ հողի վրա ապրելուն (հարկերի նվազում` ընդհուպ վերացում, չնչին տոկոսադրույքներով վարկավորման ֆոնդերի ստեղծում, գյուղատնտեսության պետական կամ փոքր գումարներով ապահովագրություն և այլ):
Վերջին տարիներին առանձին որոշումներով սահմանամերձ գոտու բնակչության նկատմամաբ կիրառվել են որոշ արտոնություններ: 2013թ. Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով սահմանամերձ վտանգավոր գոտու համայնքների բնակիչները ազատվեցին հողի հարկից, իսկ ոռոգման ջրի դիմաց վճարում են 50%-ի չափով: Մասնակի ծրագրեր են իրականացվում տարբեր նախարարությունների կողմից:
Առանձին շատ կարևոր որոշումներ էլ դադարել են գործելուց: 2001թ. Կառավարության N773 որոշմամբ հաստատվել է պաշտպանված դպրոցների ցանկ, որոնք ֆինանսավորվել են` անկախ երեխաների թվաքանակից: Այդ որոշումը ուժը կորցրած է ճանաչվել 01.01.2007թ., որի արդյունքում սահմանամերձ գոտու շատ դպրոցների աշակերտների թվի սակավության պատճառով ֆինանսավորումը կատարվում է ավելի պակաս, քան փաստացի կազմում են անհրաժեշտ ծախսերը:
Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը մշակի համապատասխան ծրագիր, որն ընդգրկի բոլոր բնագավառները, և որ ամենակարևորն է` սահմանամերձ գոտու բնակիչները զգան դրա արդյունավետությունը, ինչը կնպաստի բնակիչների սահմանամերձ գոտում ամրապնդմանը:
4. Անկախության տարիներին հանքերն օգտագործման իրավունքով տալու և դրանց շահավետության մասին հարցը:
Ընդերքի ոչ ռացիոնալ օգտագործման էքստենսիվ զարգացումը զգալի վնաս է հասցնում էկոհամակարգերին և ազգաբնակչության առողջությանը, իսկ արդյունահանված հումքը դուրս է բերվում երկրից` մինիմալ տնտեսական օգուտ տալով երկրին, իսկ առաջացած թափոնների համար համապատասխան վճարներ նախատեսված չեն:
Ստեղծված իրավիճակը զգալի հարված է հասցնում նաև տնտեսության մյուս ճյուղերին` հատկապես գյուղատնտեսությանը և տուրիզմին, ակտիվանում են սողանքները` վնաս հասցնելով կոմունիկացիաներին և բնակավայրերին:
Մի շարք մետաղական հանքեր առանց բիզնես պլանների, առանց համապատասխան ֆինանսական միջոցների ապահովման տրվել են օգտագործման ՀՀ քաղաքացիներին: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ի դրույթները` հարկավոր է հատուկ ուսումնասիրել այդ հանքերի` պետական շահերից բխող օգտագործումը և դրանց շահագործման նպատակահարմարությունը, քննել որոշ հանքերի վերավաճառքի արդյունքում արդեն ստացված կամ ապագայում ստացվելիք չարդարացված գերշահույթները:
Անհրաժեշտ է վերանայել օրենքով նախատեսված բնապահպանական վճարները, ինչպես նաև մշակել այլ վարչաիրավական և տնտեսական մեխանիզմներ, որոնք կխթանեն.
• արդյունաhանված հումքի համալիր օգտագործումը և դրա մշակման աստիճանի բարձրացումը հնարավորին չափով վերջնական արտադրանք ստանալու նպատակով,
• պոչամբարների օգտագործումը որպես հումքի տեխնոգեն սկզբնաղբյուր,
• օգտագործած հանքերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը:
Նպատակահարմար է նաև վերանայել նոր տրված արտոնագրերի պայմանները` ապահովելով այդ հանքերի շահագործումը փակ եղանակով, ինչպես նաև մտցնել հարկ արտադրված թափոնների համար:
5. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հարվածում է հասարակության, սոցիալապես անապահով շերտին, իսկ տեղական արտադրությունը դարձնում էլ ավելի անմրցունակ:
ՀԽ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն համոզմունքը, որ էներգետիկ հզորությունների գործող համակարգը ոչ բավարար չափով է արդյունավետ, վերահսկելի ու թափանցիկ: Վերը նշվածի հետևանքով առաջացած թերություններն ու սխալները հանգեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, առաջացած խնդիրները հնարավոր կլիներ լուծել այլ ճանապարհով:
ՀԽ առաջարկում է ՀՀ Նախագահի գլխավորությամբ և Հանրային խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մասնագետների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն` քննարկելու էներգետիկայի զարգացման հեռանկարները և սակագների ձևավորման հարցերը:
6. Կուտակային կենսաթոշակների համակարգի ազդեցությունը ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև մի շարք այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
Համոզված լինելով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտության հարցում` Հանրային խորհուրդը 2013թ. վերջին ներկայացրել էր իր առաջարկությունները վերը նշված համակարգի վերաբերյալ: ՀԽ համոզմամբ այդ առաջարկությունները պետք է նպաստեին հասարակության դժգոհության մեղմացմանը և բարձրացնեին այդ համակարգի կիրառման նկատմամբ վստահությունը: Այդ առաջարկությունների մի մասը հաշվի առնվեց օրենքի նոր տարբերակում, ընդ որում` դրա Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀԽ կողմից չի քննարկվում:
Սակայն հասարակության ամենախոցելի շերտը` կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության համակարգում աշխատողները, ինչպես նաև մի շարք բյուջետային աշխատողներ մնում են սոցիալապես անմխիթար վիճակում, քանի որ վերջիններիս աշխատավարձերի չնչին բարձրացումը չի փակում սննդի գների բարձրացումը, կոմունալ ծախսերի ավելացումը և դրան ավելացած կուտակայինի 5%-ը:
Տվյալ օրենքի շրջանակներից դուրս հարկավոր է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` այդ շերտի վրա առաջացող սոցիալական բեռը մեղմելու ուղղությամբ:
7.  ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:
Հանրային խորհուրդն իր լիագումար նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ քննարկել է ՀՀ Սահմանադրության մեջ բարեփոխումների նախագիծը, ներկայացրել որոշակի առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից:
ՀԽ համաձայն է այն գաղափարի հետ, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ, և այդ տեսանկյունից` ՀՀ Սահմանադրությունը նույնպես հարկավոր է բարեփոխել` մասնավորապես կապված իրավունքի գերակայության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ապահովման հետ:
Մեր կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դրույթը, երբ ՀՀ Նախագահը ընտրվում է ՀՀ ԱԺ-ի կողմից, «հեղափոխական» փոփոխություն է: Այդ հարցը վիճելի է և պահանջում է լուրջ հիմնավորում:
ՀԽ կարևորում է նաև հիմնավոր պատճառաբանություների և հիմնավորումների ներկայացումը ՀՀ Սահմանդրության մեջ դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելու վերաբերյալ (կլուծի՞ դա առաջ եկած խնդիրները; Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելու՞ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը), ինչպես նաև տարածքային կառավարման և համայնքային ինքնակառավարման նոր սկզբունքների կիրառման վերաբերյալ (մասնավորապես, նախատեսվու՞մ է, արդյոք, մարզպետների ընտրությունների անցկացում ուղղակի եղանակով` ժողովրդի կողմից):
Անհրաժեշտություն կա նաև քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մեջ Հանրային խորհրդի սահմանումը ներառելու հարցը` առավել ևս, որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ:
Արձագանքելով հասարակության լայն շերտերի պահանջներին` Հանրային խորհուրդը քննարկումներ է անցկացրել “կարմիր գծերի” օգտագործման վերաբերյալ: Քննարկման խնդիրները հետևալն էին.
• այս ոլորտում պետական և մասնավոր հատվածների մասնակցության անհեթեթ և անհասկանալի համամասնությունը,
• տեխնիկական սպասարկման տարրական պահանջների բացակայությունը;
• քաղաքացիների անձնական հաշիվների վրա ոչ համաչափ կալանք դնելը:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ բարձրացված հարցերը մտել են լուծման փուլ և Հանրային խորհուրդը ուշադրությամբ հետևելու է խնդրի հանգուցալուծման ընթացքին (անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ չէր կարելի ի սկզբանե կիրառել համաշխարհային պրակտիկայում ընդունված և գործող չափանիշները):
Հանրային խորհրդի հետ համաձայնեցված հարցերի ցուցակի հետ մեկտեղ, ՀԽ երեք անդամներ սեփական նախաձեռնությամբ ցանկություն են հայտնել բարձրացնել հետևյալ հարցերը.
1. ՀԽ անդամ, ՀԽ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյան:
Հայոց Արևելքի (Հյուսիսարևելյան Հայաստան և Արևմտյան Մերձկասպյան տարածք) մշակութային ժառանգության համակարգված հավաքագրման, ուսումնասիրման և պատշաճ ներկայացման համար (վիրտուալ թանգարանի ստեղծում):
2. ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան:
Դատական համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների, հանրային կարծիքում բացասական արձագանքների, ինչպես նաև պետական հաստատությունների գործառույթներում խոչընդոտների առաջացման վերաբերյալ (կոնկրետ դեպքի օրինակով. Դատական գործ` ՎԴ/2951/05/13):
3. ՀԽ անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյան:
Շնորհալի պատանիներին ու աղջիկներին աջակցելու մշակույթի հիմնադրամ ստեղծելու մասին:
ՀԽ անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև Հանրային խորհրդի ապագա գործունեության և կատարվելիք փոփոխությունների հետ կապված հարցերը:

 

Անկախ

Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին

վարդավառ2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:

 

 

Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այն տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։

Երևանի գրադարաններ

«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երևանի գրադարանների համար ծավալուն, կարևոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված։ Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն։ Այս տարի նաև երաժշտական գրականություն, այդ թվում և պարտիտուրաներ ենք ձեռք բերել և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին ենք բաժանում»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյնաը։

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են աշխատում։

«Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական 15-ամյա գրադարանը 5 մասնաճյուղ ունի զանգվածներում։ Արդեն երկու ամիս է գրադարանը հիմնանորոգվում է, այս օրերին էլ համալրվում է արժեքավոր նորատիպ գրականությամբ։ Սա խոսուն վկայությունն է այն ուշադրության, որ վերջին տարիներին քաղաքապետարանը այնչափ կարևոր ծրագրերով է արտահայտում»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

 

Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել:

Բախշյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր   Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

 

Հարգելի պարոն Մարգարյան,

 

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան  ցավ կա նրանց խոսքի մեջ:

Համոզված եմ, որ Դուք ևս համամիտ եք նրանց ասածների հետ, հետևաբար անհրաժեշտ է ոստիկանության հետ  այնպես համագործակցել, որպեսզի, մասնավորապես այդ «Աֆրոդիտե»  բարի կամ նման ծառայություններ առաջարկող կարոկե ակումբների «Առանձնասենյակ, 1000 դրամ»  արատավոր  երևույթը վերացվի: Սա բխում է նաև Ձեր երեխաների, մեր երեխաների, մեր երիտասարդության շահերից, որոնց դաստիարակության  պատասխանատուն նաև Դուք եք: Հիշո՞ւմ եք, թե  մեր  թաղամասի  այգու  բացմանը մի 8-9 տարեկան տղա ինչ ասաց: Ասաց, որ ուզում է նմանվել Ձեզ, սա շատ պարտավորեցնող ցանկություն է Ձեզ համար, Դուք, փաստորեն օրինակ եք մեր երեխաների համար, դրան պետք է արժանանալ  գործով, մասնավորապես http://www.1in.am/1367680.html  այս տեսանյութում մեր քաղաքացիների կողմից հնչած մտահոգությունները  վերացնելով: Սրանից լավ ընտրակաշառք չի կարող լինել:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Անահիտ Բախշյան

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

 

Հայ արիներն ու ազգայնականները նշեցին Հայոց Վարդավառը

Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը… Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը…

Վարդավառ

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա–քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում…

Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը… Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ…

Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց… Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից… 

Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու փոքր ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ:

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն 301-ից այս կողմ ինչքան էլ փորձում են վերացնել հայոց տոների արիադավան-հեթանոսական հետքերը՝ անարդյունք է լինում, ազգը գենետիկ-ծինաբանական հիշողությամբ պահպանում է նախնական իմաստը…

Վարդավառի տոնական արարողությունը այս անգամ եւս (Հայոց սրբազան տոմարով Աստղիկ օրը) կազմակերպվել է Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու, իսկ սիրող զույգերին էլ Վահագնականչով ազգասիրական ու հայրենասիրական մղումներ հաղորդելու համար: Փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, այր ու կին:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական-տեղեկատվական կենտրոն

25.07.2014թ.

 

Հիմն Աստղիկին

Ելնում է ահա նազելի փառքով

Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,

Պճնված կույսի ճերմակ շղարշով,

Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արևաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,

Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,

Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած

Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Հովհաննես Թումանյան

 

Վահագն

Փրկությանդ արեւ՛ Վահագնին տեսար…

Հովհաննես Հովհաննիսյան

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի։- Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա։

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՛ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դո՛ւ կբերես փրկությունը մեր։

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի-

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Եղիշե Չարենց

 

Արտյոմ Գևորգյանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Արտյոմ Գևորգյան

***
Արտյոմ Գեղամյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ

Կրթություն 
1997 -2001 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. – «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս
2005-2006 թթ. – «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. – «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան
2008 թ. – «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Գյումրիում գրանցված նոր սպանությունների շուրջ

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած արտակարգ իրադարձությունների շուրջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ մահվան երեք դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր: Դեպքի վայրերի ուսումնասիրություններն ավարտվել են:

սպանություններ Գյումրիում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում երեք դեպք է գրանցվել՝ 15 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղան ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ, ջախջախվել է վերջինիս գլուխը և տեղում մահացել է: Հաջորդ երկուսը սպանության դեպքեր են.  Գյումրու Արցախ թաղամասում սպանվել է նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը: Տուժածին գիշերը ժամը 2-2:30-ի սահմաններում տեղափոխել են ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, շատ ծանր՝ մահամերձ վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց մահացել է: Ըստ եղած վերքերի՝ Անտիկյանին դանակահարել են գլխի, կրծքավանդակի աջ և ձախ կողմերի և գոտկատեղի հատվածներում:

Սպանության հաջորդ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ: Հայտնաբերվել է Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքով: Գյուղին կից՝ ճանապարհին գտնվող մի կիսախարխուլ շինության մոտ ընկած է եղել Գրիգորյանի դին, իսկ քիչ հեռու՝ կայանված է եղել ՙՖորդ՚ մակնիշի 88 LO 988 պետհամարանիշով մեքենան:

Հավելենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

Այս դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ուսումնասիրվում են բոլոր շրջանառվող վարկածները:

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով (լուսանկարներ)

ճանաչենք հերոսներին

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաև համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ:

ճանաչենք հերոսներին

 

 

ճանաչենք հերոսներինՐաֆֆի Գևորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարևոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել և որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլև նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գևորգյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։

ճանաչենք հերոսներին

Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գևորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարևորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը:

DSC_9726

Րաֆֆի Գևորգյանն անդրադարձավ նաև Արծվաշենի 11 հերոսներին և Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։

ճանաչենք հերոսներին

Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի և մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաև Արցախի ազատագրման գործում։

Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

ՀԽ,Վազգեն Մանուկյան,Սերժ Սարգսյան

7600
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:

Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին Նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Հանրային խորհրդի անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր: