Բնակարանային գողերը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին

ձերբակալելՍեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված  Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, հարմարեցված բանալիով դուռը բացելով և բնակարան մուտք գործելով, կատարել են 1985 թ. ծնված Սեդրակ Ս.-ն և  1982 թ. ծնված  Վահագն Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Սեդրակ Ս.-ն և  Վահագն Հ.-ն ձերբակալված են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Փրկարարներն օգնության են հասել մեքենայում մնացած 2-ամյա փոքրիկին

փրկարարՍեպտեմբերի 12-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 46 տան բակում կայանված ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու և երեխային դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են  «Միտցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի 49 MT 444 պետհամարանիշով ավտոմեքենայի դուռը և դուրս բերել Ա. Ս.-ին (ծնվ. 2011թ.):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՍեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ջրամբարի մոտ այրվել է 35 հա խոտածածկ տարածք,Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` 1500 քմ բուսածածկ տարածք և 10 ծառ ջերմահարվել է, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի սկզբնամասում`10 հա, Արարատի մարզի Այգեստան գյուղում այրվել է 55 հակ պահեստավորված անասնակեր, 2 բեքատու ծառ և 1 բերքատու ծառ ջերմահարվել է, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 50 հա խոտածածկ տարածք, Թալին քաղաքում` 2 հա, Բյուրական գյուղում՝ «Արզնի-Շամիրամ» ջրանցքի մոտակայքում` 30հա, Աշտարակ – Փարպի ավտոճանապարհին` 2000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում` 3 հա, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում` Հայորդաց տան մոտակայքում` 200քմ խոտածածկ տարածք, Մոլդովական փողոցի թիվ 56/1շենքի մոտակայքում` 200 քմ, Ազատության փողոցում` 0,8 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հայաստանում քանդելու լուրջ ավանդույթներ են ձևավորում. հերթը «Զվարթնոցի» կլոր շենքինն է

ադբաշյան «Սրտիցս արյուն է կաթում»,- «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կամ, ինչպես ժողովուրդն է ասում,  կլոր շենքի քանդման մասին լուրերին այսպես է արձագանքում Դմիտրի Աթբաշյանը, որը ժամանակին Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության պետն էր և անձամբ է մասնակցել համալիրը կյանքի կոչելու ողջ գործընթացին:

Աթբաշյանը մասնագիտորեն է բացատրում, թե որքան ճիշտ և որքան մտածված էր համալիրը  նախագծված և կառուցված` ի տարբերություն նոր մասնաշենքի: Նա անգամ կարծում է, որ նոր շենքի կառուցման անհրաժեշտություն ընդհանրապես չկար, այլ կարելի էր հինը զարգացնել, որի շուրջ 90-ականների սկզբին լուրջ բանակցություններ են վարվել Ճապոնիայի, Կորեայի և այլ երկրների հետ:

Այսօրվա պես հիշում է. 1971 թվականն էր, նոր էր Ռուսաստանից հայրենիք եկել և ստանձնել քաղավիացիայի վարչության պետի պաշտոնը, երբ մի քանի օր անց իրեն զանգահարեցին և ասացին, որ օդանավակայանում նոր համալիր կառուցելու նախագծեր կան: Անտոն Քոչինյանը (ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ուզում է լսումներ անցկացնել դրանց վերաբերյալ և ցանկանում է լսել իր կարծիքը:

«Ներկայիս արտգործնախարարության շենքում, որն այն ժամանակ պետշինի շենքն էր, մի դահլիճ էին վերցրել, պատերին կախել այդ գծագրերը և տակը շարել նախագծերի մակետները: Վեց նախագիծ, վեց մակետ` յուրաքանչյուրն իր ճարտարապետական խմբով»,- հիշում է նա:- Վեցն էլ ելույթ ունեցան և իրենց պրոյեկտները գովեցին, բայց իմ կարծիքով` ոչ մեկն էլ չէր համապատասխանում քաղավիացիայի այդ ժամանակվա պահանջներին: Ասացի, որ նախ և առաջ պետք է գծել տեխնոլոգիան, հետո դրա շուրջ շարել պատերը, իսկ դուք արել եք ուղիղ հակառակը:  Այդ միտքը Քոչինյանին շատ դուր եկավ, և նա իմ ելույթից հետո ասաց, որ հասկացել է ինձ: Հետո Քոչինյանը հարցրեց, թե այդ վեց նախագծերի մեջ չկա՞ն գոնե երկուսը, որ խելքին մոտ են: Այո, կային, և այդ երկուսից մեկը Արթուր Թարխանյանինն էր: Քոչինյանը հանձնարարեց, որ այդ երկու նախագծերը ներկայացրած բյուրոները միանան և համատեղ աշխատեն: Դրանից հետո գնացի արտերկիր, ուսումնասիրեցի տարբեր օդանավակայաններ, որտեղից մի քանի ճամպրուկ գծագրեր բերեցի»:

զվարթնոց (1)

Աթբաշյանը պատմում է նաև, որ շենքի նախագիծն ուղարկել էին Մոսկվա այն ճարտարապետների մոտ, որոնք աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակներից մեկը` Մոսկվայի «Օստանկինոն» էին նախագծել; Երբ նրանք ամրության տեսանկյունից ուսումնասիրել էին «Զվարթնոցի» շենքի նախագիծը, ասել էին, որ այն «Օստանկինոյից» երկու անգամ ավելի ամուր է:

9Եվ այդպես 1961 թ. հիմնադրված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի  ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը, որը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար: Դրա բացմանը Մոսկվայից հատուկ պատվիրակություն էր եկել` Խորհրդային Միության ավիացիայի նախարարի առաջին տեղակալի գլխավորությամբ:

Կլոր շենքը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը և ներառվեց պատմա-մշակութային հուշարձանների ցանկում: Ամենակարևորը` սիրվեց ժողովրդի կողմից:

Այսօր արդեն ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ հանդիսացող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են կլոր շենքը քանդելու հարցը` պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Բացի այդ, ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք զարգացման ծրագիրն են ներկայացրել, և եթե նախատեսեն մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը կարող է խանգարել:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թ. հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

2107Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հայտնեց, այս տարեսկզբին շենքը քանդելու հարցը բերվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհուրդ, որի անդամ է նաև ինքը, և Նարեկ Սարգսյանը, որն այդ ժամանակ դեռևս Երևանի գլխավոր ճարտարապետն էր, անգամ հարցը քննարկման չի դրել` ասելով, որ միևնույնն է, քաղաքապետարանը պետք է մերժի, քանի որ չպետք է թույլ տալ այդ շենքը քանդել: «Դրանք Նարեկ Սարգսյանի խոսքերն են: Նա անգամ ասաց, որ Ծածկած շուկայի շուրջ աղմուկը քիչ է, հիմա էլ լրացուցիչ աղմուկ այս շենքի շուրջ չի կարելի հանել»,- ասում է Քալաշյանը` նշելով, որ դրանից հետո քաղաքապետարանը գրավոր մերժել է դիմումը:

Բայց ինչպես երևում է, օդանավակայանի ղեկավարությունը մտադիր չէ հանձնվել, և օրեր առաջ նույն հարցով Հանրային խորհուրդ է դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը և առաջարկել համատեղ քննարկել հարցը, որպեսզի նախքան վերջնական որոշում կայացնելն իրենք ունենան այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են հանրության շրջանում, և ներկայացնեն կառավարություն:

Հանրային խորհրդից տեղեկացրին, որ եկող շաբաթվա ընթացքում հարցը քննարկման է դրվելու խորհրդի մի շարք ենթահանձնաժողովներում` քաղաքաշինության, քաղավիացիայի, մշակույթի և այլն, որից հետո հանրային լայն քննարկում է կազմակերպվելու:

10Քալաշյանի խոսքով, ժամանակին, ինչպես շատ այլ արժեքավոր կառույցներ, կլոր շենքը նույնպես պատմա-մշակութային հուշարձանների ցանկից հանվել է, որպեսզի հեշտությամբ սեփականաշնորհվի, որից հետո այլևս չի ներառվել այդ ցանկում: «Անկախությունից հետո, երբ օլիգարխները սկսեցին իրենց «վաստակած» գումարները մարմնավորել բետոնի մեջ, որ կորստի չենթարկեն, որոշեցին շենքեր գնել, բայց երբ իմանում էին, որ դրանք հուշարձան են, հրաժարվում էին, դրա համար էլ հուշարձանների ցանկից հանում էին»:

Ճարտարապետը համամիտ է, որ ժամանակները փոխվել են, և օդանավակայանի  հին շենքը միգուցե չի համապատասխանում նոր պահանջներին, քանի որ խորհրդային տարիներին օդանավակայանն արտասահմանյան չվերթներ չէր սպասարկում, չկար մաքսակետի, այլ ծառայությունների կարիք, բայց նաև կարծում է, որ այն կարելի է այլ նպատակի ծառայեցնել:

Դմիտրի Աթբաշյանն էլ առաջարկում է կոնկրետ նպատակն ու լուծումը. առանց որևէ փոփոխության այդ շենքն օգտագործել որպես տրանզիտային օդանավակայան կամ, ինչպես դրսում է ընդունված ասել, «հաբ» օդանավակայան: «Բերել, տրանզիտային չվերթները Հայաստանում իջեցնել, և այն ուղևորները, որոնք պետք է մի քանի ժամ անցկացնեն օդանավակայանում և շարունակեն իրենց ճանապարհը, այդ ժամանակահատվածը կարող են անցկացնել կլոր շենքում, որտեղ բնականաբար պետք է լինեն տարբեր ծառայություններ` հյուրանոց, ռեստորան և այլն: Ուղևորներից յուրաքանչյուրն ամենապակասը 60-100 դոլար կթողնի այնտեղ»:

Աթբաշյանը համոզված է, որ դրա պահանջարկը կա, «Զվարթնոցն» էլ աշխարհագրական առումով հիանալի դիրքում է` տեղակայված է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Ասում է, որ 90-ականների սկզբին, երբ ինքը կրկին քաղավիացիայի վարչության պետն էր, այդ հարցը քննարկվել է: Օրինակ, Ֆրանսիայի հետ, որը պատրաստակամ է եղել տրանզիտային չվերթներ իրականացնել Հայաստան, բայց գործը, ցավոք, կիսատ է մնացել:

Սաշուր Քալաշյանին ցավ է պատճառում, որ XX դարի մեր ճարտարապետական նվաճումները հերթով հօդս են ցնդում: «Ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ ճանաչում ստացած օբյեկտները քանդեն ինչ-ինչ պատճառներով: Դրանք պահպանվում են` անկախ  այն հանգամանքից` հնացել են, թե ոչ, կորցրել են իրենց պիտանիության արժեքը, թե ոչ: Դրանք արդեն մշակութայի՛ն արժեքներ են»:

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից 11.09.2013 arm1տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

11.09.2013arm2Երևանում սեպտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Լուսանկարը` mes.am-ի

Լուսանկարը` mes.am-ի

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.12-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ փողոց թիվ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոսիյա փողոցի թիվ 14/2 տան մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.23-ին, մարվել՝ 17.49-ին:
Այրվել է վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (12քմ),  մեկ մահճակալ և 10քմ խոտածածկ տարածք:

Գյումու «Սամարիթեր» հիվանդանոցում ներդվում է վիրաբուժական-վերականգնողական բաժանմունք

IMG_1044“Այսօր կան գործառույթներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր համաքաղաքացիների համար, սակայն իրազեկության աստիճանը բավական ցածր է”, – այսպիսի տողերով սկսվեց իր խոսքը Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Խոսքը վերաբերում է հիվանդանոցի ներկա կարգավիճակի և նորաբաց բաժանմունքների մասին հանրության իրազեկության պակասին:

IMG_1042Հիվանդանոցը հիմնադրվել է 1989թ.` երկրաշարժից հետո համարվել է քաղաքում գործող մեծ հիվանդանոցային համալիրի իրավահաջորդը և գերմանացիների կողմից, Հայաստանում երկրաշարժի հետևանքները վերացնող կազմակերպություններից մեկի կողմից վերականգնվեց մոսկովյան շրջկումի համար կառուցված շենքը, հագեցվեց բժշկական գործիքներով, գույքով և հիվանդանոցն, ի պատիվ գերմանացիների, կոչվեց “Սամարիթեր”: “Բայց հիվանդանոցը պետական համակարգի մեջ է գտնվում և գերմանական կողմի հետ կապեր չկա. նրանք աշխատում են միայն թեժ կետերում: Տարիների ընթացքում հիվանդանոցում ձևավորվեցին մասնագիտացված բաժանմունքներ: Առողջապահության բնագավառի օպիմիզացիայի արդյունքում “Գյումրի” բժշկական համալիրի կազմ տեղափոխվեցին “Սամարիթեր” հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները, իրենց հետ զուգահեռ նաև վերակենդանացման բաժանմունքը: Եվ “Սամարիթեր” հիվանդանոցում մնացին միայն ընդհանուր և հեմոդիալիզի բաժանմունքները: Դա կառավարության հատուկ որոշման հետևանք էր:

Շատերի կողմից թյուր կարծիք կար, որ “Սամարիթեր” հիվանդանոցը ևս լիկվիդացվել և տեղափոխվում է բժշկական կենտրոն: Դա այդպես չէ, նույն որոշման համաձայն, օպտիմիզացիայի ծրագրի վերջում, մեր հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքից զատ պետք է կառուցվեր վերականգնողական բաժանմունք: Եվ հիվանդանոցը կունենար “Սամարիթեր վերականգնողական կենտրոն” ՓԲԸ անվանումը: Այն այսօր կա: Մենք փորձեցինք առողջապահության վարչության հետ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք այս կամ այն առումով մեր մարզում չկան կամ կան` ոչ լիարժեք ձևով: Դրանցից են` պլաստիկ, վերականգնողական վիրաբուժությունը, որն այսօր իրականացվում է, ուրոլոգիական վիրահատությունը, այն, իհարկե, մարզում կա”, – ասում է Ռ.Խաչատրյանը:

Այսինքն, ընտրվել են այն բուժման տեսակները, որոնց համար տեղի բնակիչները գնում են Երևան: Իսկ այս ամենի համար հրավիրվել են լավագույն մասնագետները, շատերը աշխատում են Աշոցքի հիվանդանոցում, որը ևս մեծ համբավ ունեցող բուժհաստատություն է: Այս բժիշկները վիրահատություններին զուգընթաց նաև տեղում կադրեր են պատրաստելու:

“Քանի որ մեր վերականգնողական և վիրաբուժական բաժանմունքները նոր են` տարվա կեսին սկսեցին ձևավորվել, դա ֆինանսական, բյուջետային այնպիսի խնդիր էր, որ պետական պատվերի իջեցումն առողջապահության նախարարության համար դժվարություններ էր առաջացնում: Մենք գրություններ ունենք ուղղված առողջապահության նախարարին` պետական պատվեր իջեցնելու համար: Խոստացել են դա իրականացնել 2014 թվականի հունվարից: Առայժմ` վճարովի է”, – ավելացրեց հիվանդանոցի տնօրենը:

Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննիես Հովհաննիսյանն էլ հիշյալ բաժանմունքների բացումը կարևորելով` նշեց. “Ցանկացած վիրահատություն իր հետ կարող է ունենալ հետվիրահատական բարդույթններ. մարդը կարող է առողջանալ, բայց հնարավոր է լինեն հետվիրահատական կոպիտ սպիներ, ճողվածքներ, այլ տարատեսակ բարդություններ, որոնք էլի վիրահատության կարիք ունենան: Նման բաժանմունք ունենալը, որի նախադեպն ամբողջ հանրապետությունում չի եղել, կարծում եմ, մեծ համարձակություն է տնօրենի կողմից:

Մարզում բոլոր վիրաբուժական հաստատությունները կենտրոնացնել մեկ տեղ, կարծում եմ, սխալ է և պետք է ալտերնատիվ տարբերակ լինի: Սա ռազմավարություն է. մեր նման փոքր պետությունն իր պաշարում փոխարինման ամեն ինչ պետք է ունենա: Սա ճոխություն չէ, այլ արդարացված ծառայություն է”:

Հիմա “Սամարիթեր” հիվանդանոցը կատարում է վիրահատության անհրաժեշտություն ունեցող հիվանդների հավաքագրում, որպեսզի բժիշկներին հրավիրեն:

 

Սամվել Թադևոսյանն այցելել էր “շինհրապարակներ”

IMG_1047 (1)Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Առաջին կանգառը «Մուշ 2» թաղամասն էր, որտեղ կարծես թե սկսվում էին շենքերի հիմնային աշխտանքները կամ, գուցե նախարարի պատվին` շինկազմակերպությունն ինչ-որ աշխատանքներ էր անում: Այն, որ այստեղ բնակարանաշինության հետ առնչվող ոչ մի աշխատանք տևական ժամանակ է չէր կատարվում` բարձրաձայնել էինք օրեր առաջ “Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ սուտ ամենաբարձր չինովնիկի մակարդակով” հովածում: Բայց նախարարն այլ բան էր ասում. “Հիմնային աշխատանքները դեռևս սկսվել էին անցած տարվանից, հիմնականում ձգձգվում էին, որովհետև վերանախագծման խնդիրներ ունեինք: Շահառուների ճանաչման և հաշվառման գործընթացը դեռ պետք է ավարտվեր 2008 թվականի դեկտեմբերին: Կառավարությունն ընդառաջ գնալով դրան, անընդհատ ժամկետներ է ավելացրել և վերջին ժամկետ էր սահմանել 2012 թվականի դեկտեմբերը: Ֆինանսական ոչ մի խնդրի հետ չի կարող կապված լինել, քանի որ պետությունն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացրել է”, – ասում է Սամվել Թադևոսյանը:

“Այս պահին հստակ ասում եմ, շինարարությունը սկսվել է: Ախուրյանում երեք շենքերն այս տարի ակավարտվեն, չորրորդ շենքի հիմնային աշխատանքներն արդեն սկսվել են: Կարծում եմ, չորրորդ շենքը 2014թ. առաջին կիսամյակում կվերջացնենք, իսկ վերջնական ժամկետները երկարում են` կապված շահառուների փաստաղթղթերի ներկայացման ժամկետների երկարացման հետ: Բնակբաշխման հանձնաժողովն իր աշխատանքները չավարտեց, որովհետև կապված անօթևանների խնդրանքի հետ` կառավարությունը լրացուցիչ ժամկետներ ավելացրեց: Ընդառաջ գնալով անօթևաններին` մենք անընդհատ ժամկետներ ենք երկարաձգում: Վերանախագծման աշխատանքներն ամփոփման փուլում են», – ավելացրեց նախարարն ու նստեց մեքենան` ես էլ ժամանակ չունեմ, ուշանում եմ, – ասելով, բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան::

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանն էլ շինաշխատանքների ձգձգումն ու կառույցի սնանկացման մասին լուրերն այսպես մեկնաբանեց. “Քանի որ Գյումրիում առաջացան 420 հավելյալ շահառուներ, և նույն Ախուրյանում ավելացան հավելյալ 40 շահառուներ, արդեն հստակ էր, որ յուրաքանչյուրը պետք է իր հասանելիք բնակարանը ստանար` 4, 3 կամ 2 սենյականոց: Նրանց ցանկը երբ հստակեցվեց նախարարության կողմից, մենք ստիպված եղանք բոլոր շենքերում իրականացնել վերանախագծում, որպեսզի բոլորին բավարարի: Ոչ մի լուծարման գործընթաց չի սկսվել, ոչ մի ֆինանսական խնդիր երբևէ չի եղել: Ասեմ, որ բյուջեից հատկացումները եղել են ժամանակին ու ամբողջ ծավալով: Հետևաբար, տեխնիկական խնդիրները ոչ մի ձևով չպետք է վերագրել ֆինանսական խնդրի”:

Ախուրյանում այս պահին երեք շենք է կառուցվում, ևս մեկն էլ հիմնային աշխատանքների փուլում է, իսկ Գյումրիում` 8 շենք:

Քաղաքաշինության  նախարարը Գյումրիում խոստացավ` ավելի հաճախ է գալու և անձամ հետևելու շինարարության ընթացքին:

 

 

 

Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

IMG_2807Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով  կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն “թարմացրել” են այդ թեման՝ գրեթե միշտ խուսափելով անդրադառնալ Կարապետյանների ու “Տաշիր” բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին: Ուշադիր ընթերցողը կարող է հանգիստ համադրել այդ մի քանի լրատվամիջոցների անունները, որոնք, բարեբախտաբար, որակ չեն կազմում, ու իրական պատկերացում կազմել դրանց անաչառության մասին: Ընդ որում, ցանկության դեպքում կարող էին նաև անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել “Նաիրիտի” աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի,  լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին: Եթե նման կարգի լրատվամիջոցների “տերերի” համար գուցե վիրավորական չի կաշառակեր բառը, ապա Կարեն Կարապետյանի համար դա անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում: Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է “կուլ տա” այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է: Չի կարող այդպես լինել, առավել ևս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաև նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը: Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երևույթներից մեկը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ),  որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու:  Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան <պոկելու> մտադրությամբ: Շատ պիտի ցանկանայինք, որ մի քանի լրագրողներ, որոնք ուղղակի իրենց կենսապահովման խնդիրն են լուծում, չվարկաբեկեն լրագրության հանրույթը, և չփորձեն երկրում առկա իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը: Մենք, իհարկե, այս անգամ էլ կարող էինք անտեսել ցանկացած մանր-մունր երևույթների կողմից ուղղորդվող նմանատիպ “ակցիաները”, սակայն հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ սա ստանում է համակարգված բնույթ, հարկ ենք համարում մեկ անգամ ու ընդմիշտ փակել այս թեման: Ակնհայտ դիտավորության նոր դեպքերի պարագայում մենք մեզ իրավունք կվերապահենք հասարակությանն իրազեկել իրականության մասին՝ ընդ որում, արդեն անվանապես: Ավարտելով՝ ընդամենը խորհուրդ ենք տալիս՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ….

 

ԱԺ  պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

 

Հ.Գ.-Ի դեպ,  հարկ ենք համարում ընդգծել, որ Կարեն Կարապետյանը հարգում է իր իրավունքների կամ օրինականության հաղթանակի համար պայքարող ցանկացած քաղաքացու կամ քաղաքացիների կամքն ու վճռականությունը՝ միևնույն ժամանակ ակնկալելով փոխադարձ հարգանք: Ընդ որում, խոսքը միայն “Նաիրիտի” աշխատակիցների մասին չէ, այլ նաև հասարակության տարբեր շերտերի, որոնք ընդվզում են իրենց իրավունքների ոտնահարման կամ անօրինականության դեմ:

Նախարարությունների ծառայողական բջջայինների վարձը 2 ամսվա համար գերազանցում է 2.5 միլիոն ՀՀ դրամը

բջջային2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ծառայողական բջջային հեռախոսահամարների օգտագործման վճարն ամենամեծն է բոլոր նախարարությունների շրջանում` 1.558.868 ՀՀ դրամ:

 Ի հակադրություն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի միայն մեկ ծառայողական բջջային հեռախոսահամար (ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում), որի համար 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսներին ոչ մի դրամ չի վճարել, քանի որ ծառայողական բջջային կապից չի օգտվել: Նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ ծառայողական բջջային միակ հեռախոսահամարի համար մինչեւ 2013թ.-ի մայիսը ներառյալ վճարը կազմել է 66.475 ՀՀ դրամ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ. սեպտեմբերի 21-ին ուղարկած տեղեկություն ստանալու հարցումներով ՀՀ նախարարություներից փորձել էր պարզել, թե քանի ծառայողական բջջային հեռախոսահամար է գործարկվում յուրաքանչյուր նախարարությունում եւ որքան է կազմել հեռախոսամահարների ծառայությունների վարձը (զանգերի վարձ, կարճ հաղորդագրությունների վճար, ռոումինգ, ինտերնետ) 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար:
ԻԱԿ-ի հարցումն անպատասխան են թողել ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ ՀՀ սփյուռքի նախարարությունները։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2013թ.-ի հուլիսի 15-ից` 48 ծառայողական բջջային հեռախոսահամար է հատկացվել նախարարության աշխատակազմի աշխատակիցներին:
2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում ծառայողական բջջային հեռախոսային ծառայությունից ամենաշատն օգտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` երկու ամիսների ընթացքում ծաշսելով ավելի քան 1.558.868 (828.993` հունիս եւ 729.875` հուլիս) ՀՀ դրամ: Այսքանը նախարարությունը վճարել է 10 հեռախոսահամար գործարկելով: Ընդհանուր գումարից 698.107 ՀՀ դրամը ռոմինգ ծառայության համար է, եւս 258.284 ՀՀ դրամը ինտերնետ ծառայությունից օգտվելու վճարն է:
ԻԱԿ-ի հարցմանը պատասխանած նախարարություններից ամենաշատ ծառայողական հեռախոսահամարներն ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` 50 հեռախոսահամար: Այս 50 հեռախոսահամարների`  2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների օգտագործման վճարը կազմել է 458.240 ՀՀ դրամ:
Եթե Գյուղատնտեսության նախարարությունում խիստ կարիք է առաջացել աշխատակիցներին հատկացնել 48 հեռախոսահամար, ապա նախարարություններից վեցն ընդհանրապես ծառայողական բջջային հեռախոսահամարներ չունեն՝ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ մշակույթի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները:
Միայն մեկ ծառայողական բջջային հեռախոս ունի նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այդ հեռախոսի օգտագործման համար նախարարությունը 2013թ.-ի հունիս ամսին վճարել է 4.400 ՀՀ դրամ, իսկ հուլիսին` 3.000 ՀՀ դրամ` ընդհանուր` 7.400 ՀՀ դրամ;
Պարզվում է, որ ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկությունները եւս համարվում են պետական գաղտնիք. միակ նախարարությունը որ մերժել է տրամադրելա յս տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նախարարությունը նշել է, որ դրանք ընդգրկված են գաղտնի տեղեկությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել էր մերժումը հիմնավորող իրավական նորմը` “Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին” ՀՀ կառավարության` 1998թ.-ի մարտի 13-ի թիվ 173 որոշման 11-րդ կետը, ըստ որի պետական գաղտնիքի շարքն են դասվում Զինված ուժերը, այլ զորքերը եւ քաղաքացիական պաշտպանության ուժերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնի-կական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները:
ԻԱԿ-ի հարցումներին պատասխանած նախարարությունները միասին ունեն 133 ծառայողական բջջային հեռախոս, որոնց օգտագործման վճարը 2013թ.-ի հունիս եւ հուլիս ամիսների համար կազմել է 2.812.340 ՀՀ դրամ:
Նախարարությունների տված պատասխանների կարգավիճակին (լիարժեք պատասխան, թերի պատասխան, անհիմն մերժում եւ այլն) եւ պատասխանների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.givemeinfo.am կայքի համապատասխան նախարարության էջում։
Աղբյուրը` Foi.am

Վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

ՎրաերթՍեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  Երևան-Դաշտավան ճանապարհին` Դարակերտ գյուղի հատվածում,   «Հայգեր»  մակնիշի  ավտոբուսի վարորդը  վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  24  դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 30 դեպքից` 16-ը,  խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ կողոպուտի   և  խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և  գողության 7  դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հաշվեհարդարի սպառնալիքով փորձել են 2 միլիոն շորթել

ոստիկանություն3Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ.  Մ.-ն: Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության,  Երևան քաղաքի  և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ քիմիական մշակման ենթարկված 2.000.000 դրամը Կ. Մ.-ի կողմից փոխանցելու ժամանակ Ա. Իսահակյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բռնվել և բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Ռ. Պ.-ն, 1960 թ. ծնված Լ. Կ.-ն,  1955 թ. ծնված  Ա. Ն.-ն, 1950 թ. ծնված Ա. Խ.-ն, 1964 թ. ծնված Հ. Ա.-ն  և 1993 թ. ծնված Վահան Ա.-ն:
Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Առաջին անգամ Հայաստանում Եվրոպական միության արդարադատության դատարանի մոդել դատախաղ-մրցույթ

215«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ 2013թ.-ի սեպտեմբերի 10-ից 12-ը իրականացնում է Եվրոպական Միության Արդարադատության Դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) առաջին մոդելային դատախաղ-մրցույթը Հայաստանում: Դատախաղի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացնելու Եվրոպական Միության Արդարադատության Դատարանում, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում: Այցելության ծրագիրը ընդգրկելու է նաև Եվրոպական Միության մի քանի այլ կառույցներ:

Ծրագրի ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքերով՝ դատախաղ մրցույթը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում և խոստումնալից մրցույթ է լինելու: «Միջոցառման նպատակն է ներազդել ՀՀ-ում դատական ու իրավական պրակտիկայի զարգացման վրա՝ առաջատար դատական համակարգերի մոդելների ներկայացմամբ»,-ավելացրել է Հայկուհի Հարությունյանը:

Մրցույթի բանավոր փուլին կմասնակցեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը: Մասնակից թիմերը կազմված են 3 կամ 4 անդամից, մրցույթի ընթացքում յուրաքանչյուր թիմին աջակցելու է թիմի մարզիչը: Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 թիմ 8 ուսումնական հաստատություններից:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրել է փորձառու իրավաբանների, բարձր որակավորում ունեցող եվրոպական միության իրավունքի մասնագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցել որպես դատավոր մրցույթի բանավոր փուլի դատալսումներին:

Դատախաղի գործը ներկայացնում է  ԵՄ անդամ չհանդիսացող պետության քաղաքացիների հայցապահանջները Եվրոպական Միության կառույցների դեմ: Դիմումատուների քաղաքացիության երկիրը փոխկապակցված է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրով: Նման դատավարական վեճի շուրջ աշխատելը՝ հայ երիտասարդ իրավաբանների համար մի հնարավորություն է պատկերացնելու համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության  հնարավորությունները  ԵՄ ատյանների առջև ԵՄ իրավունքի հիման վրա:

Դատախաղի հայկական մոդելը զարգացնելիս՝ Դատախաղի կազմակերպչական թիմը ուսումնասիրել է ԵՄ Արդարադատության Դատարանի միջազգային դատախաղ-մրցույթի ընթացակարգերը, ինչպես նաև ԵՄ Արդարադատության Դատարանի դատավարական ընթացակարգերն ու գործունեությունը: Հայկական դատախաղում հնարավորինս վերարտադրված են իրական ԵՄԱԴ-ի ընթացակարգերն ու գործունեության կանոնները:

Դատախաղ-մրցույթի կազմակերպչական փուլում մրցույթի դիմողները մասնակցել են  նախապատրաստական դասընթացի: Մրցույթի կազմակերպիչներն ու փորձագետները մասնակիցներին առաջարկել են նաև վերաբերելի գրականություն և ռեսուրսներ, ներառյալ  ԻՊԱՍ-ի փորձագետների կողմից մշակված՝ԵՄԱԴ-ի  նախադեպային գործերի ժողովածուն:

Դատախաղի եզրափակիչ փուլը բաց է հանրության համար: Կազմակերպությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել միջոցառմանը:

Դատախաղ-մրցույթը իրականացվում է  «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում:  Նախագիծը իրականացվում է 2013թ.-ի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ: Սույն ծրագրի ԵՄ ֆինանսավորումը կազմում է 149,491 եվրո: Նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի, ԵՄ արդարադատության համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնեց Երեւանի թիվ 174 դպրոցը

3-009Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“ Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված, եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ”: Նախարարը տեղեկցրեց նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը: Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում: “Քաղաքաշինության նախարարությունը սկսած 2012 թվականից նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտելու հիմնանորոգման առաջնահերթությունները,-հավելեց Ս. Թադեւոսյանը:

Շնորհակալություն հայտնելով թիվ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն իր հիացմունքն արտահայտեց լայնածավալ եւ հիմնավոր շինարարական աշխատանքների կատարման, լուսավոր ու հարմարավետ դպրոց պարգեւելու առնչությամբ:

1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է “Մոմիկ” ԱԿ-ն: 1979 թվականին կառւցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել: Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է:  Կատարված  աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել է դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականցվել է ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ:

Պաշտպանն արձագանքել է ցմահ դատապարտյալի բաց նամակին

ազատազրկվածՑմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրա օժանդակությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մի շարք խնդիրների հետ կապված:

Օմբուդսմենի հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցն ու Բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի ավագ մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը երեկ  այցելել են Արմենակ Մնջոյանին, նրա հետ քննարկել դիմումում արծարծված խնդիրները, պարզաբանել Պաշտպանի լիազորությունները և բարձրացված հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից մինչ այս ձեռնարկված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Միաժամանակ, Օմբուդսմենն Արմենակ Մնջոյանի կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու նպատակով, հանձնարարել է սկսել խորքային ուսումնասիրություն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբերյալ համակարգային խնդիրները վերհանելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում լուծումներ գտնելու նպատակով:

Կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված Պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ հրապարակային զեկույցով:

ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը

datakanՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել`

– ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին,
– ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բացի այդ, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են`
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը,
– ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:
Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:

 

Քաղաքացին զինամթերք է թողել փողոցում ու զանգել ոստիկանություն

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության  հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է  «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի  գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի  գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գողը, հանդիպելով տանտիրոջը, դիմել է փախուստի

ձերբակալելՍեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը և փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի:
Արսեն Ս.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հրդեհ Երկաթուղայինների 6-րդ փողոցում

հրդեհՍեպտեմբերի 11-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ս. Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 6-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժաը 03.08-ին, մարվել` 03.14-ին: Այրվել է տանիքը (2 քմ):