Քննարկվում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում հայկական խաղաղապահ ստորաբաժանման ընդգրկման հարցը

պնԼիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ, որն պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ:

Այս պահին ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: Բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ  կմեկնի ՀՀ ՊՆ մասնագիտական աշխատանքային խումբը, որին կհաջորդի ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը Իտալիա: Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի 2 հայկական խաղաղապահ դասակ:

2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է  ՀՀ ԶՈւ մեկ սպա:

Ի դեպ` Մալիում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը ներգրավվելու առաջարկ ՄԱԿ-ի կողմից նույնպես ստացվել է և որոշում է կայացվել այս փուոլում բանակցել առաքելությանը միայն հայ ռազմական դիտորդներ տրամադրելու շուրջ:

Սյունիքի մարզպետի որդու մեղադրանքը խստացվել է

գորիսՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքը լրացվել եւ խստացվել է։ Ինչպես հայտնի է դարձել  Անկախին, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից 03.06.2013թ. որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք առաջադրելու մասին:

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են, միաժամանակ մերժվել են վերջիններիս պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:

Այսինքն՝ նախաքննական մարմինը մեղադրանքներն առաջադրելիս ավելի խստացրել է։

Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ հունիսի 3-ին եւ նույն օրը կալանավորվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երկամսյա ժամեկտով։ Ընդ որում, մեղադրյալները կպահվեն ոչ թե Գորիսում, այլ նրանք արդեն տեղափոխվել են Երեւան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը` վերջինիս եղբայր, N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

«ԿամԱԶ»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

imagesՀունիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Քամուց պոկվել է թիթեղյա ծածկը

Քամուց պոկվել է թիթեղյա ծածկըՀունիսի 4-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ մայիսի 3-ին ժամը 17.30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող «Լիլիսիփ» կիսակառույց գազալցակայանի թիթեղյա ծածկը (100 քմ):

Ժայռաբեկորն ընկել է էքսկավատորի վրա

03.06.4Հունիսի 3-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պաղջուր գետակի վրա «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հյունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռող, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր:

Միջադեպի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէր կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել երիտասարդի դին։

Քամին վնասել է տանիքները

big_1370282154_nՀունիսի 3-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է Մ. Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը` 200 քմ մակերեսով, վնասվել են 10 տների տանիքներ, շրջվել է 6 էլեկտրասյուն և պտղատու ծառեր:

 

***

Նույն օրը, ժամը 18.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ  գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է Մ. Հակոբյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով, մասամբ վնասվել են մի շարք տների տանիքներ, այգիներ, էլեկտրական լարեր և շրջվել է երկու ծառ:

Կարկտահարություն Հայաստանի մարզերում

Կարկտահարություն Հայաստանի մարզերումՀունիսի 3-ին, ժամը 16.31-ին տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Սարակապ Լեռնակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանքով, Ջրափ գյուղերում, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Շողակն գյուղերում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Թեղնիկ գյուղում և շրջակա տարածքներում:

Վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ: Վնասի չափերը ճշտվում են:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

Արագածոտնի մարզում տեղակայված ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի հակակարկտային կայաններից կատարվել է 4280 կրակոց:

 

***

Նույն օրը, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և Տավուշ, Չինչին, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ գյուղերում:

Վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ: Վնասի չափերը ճշգրտվում են:

Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Օձերն ակտիվացել են

Օձերն ակտիվացել ենՀունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 139 հասցեի N 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մանկասենյակի խորդանոցից հայտնաբերել են մոտ 80 սմ երկարու­թյամբ գյուրզա օձ և տեղա­փոխել  անվտանգ տարածք:

 

***

Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղա­մասի թիվ 46/10 շենքի 8-րդ բնակարանում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղա­փոխել  անվտանգ տարածք:

 

***

Նույն օրը, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի  թիվ 26/5 տանը օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են իժ և տեղա­փոխվել  անվտանգ տարածք:

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

տեղումՀունիսի 3-ին, 7-ին, 8-ին` երեկոյան ժամերին հատկապես Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:

Հունիսի 4-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում` հունիսի 4-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-ին, 8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Տարոն Մարգարյանը անդրադարձել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային. Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր

001Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է:

“Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել և կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից: Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռևս 1970-ական թվականներին, և մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով ևս հայտարարել  բաց մրցույթներ:

Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաև համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Հանձնարարվել է աշխատանքները շարունակել և հարցը մշտական հսկողության տակ պահել:

Գյուղատնտեսական մթերքների առևտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաև առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները  թերի կատարած 64 տնտեսվարող  ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ և պարգևատրել լավագույն տնտեսվարողներին:

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է  մշատական հսկողություն:

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ առաջնահերթության կարգով, համաձայն ծրագրի, արդեն իսկ փոխարինվել և վերականգնվել է Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող 231 էլեկտրասյուն:

“Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի” տնօրենը զեկուցել է, որ ընթացքի մեջ են հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման աշխատանքները:

Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու, նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ: Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառավարությունը Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում դեռ չի ստացել

լիսկաՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ վերջինս որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն: «Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները», նշում է հայտարարության մեջ:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը նշեց, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզպետի կողմից լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ստացվել:

«Համագործակցություն-2013» միջազգային մարաթոնը Երևանում

968962_484478958289136_1011723290_nՀաշմանդամ մարդկանց խնդիրները բազմազան են, դրանցից առաջնային կարելի է համարել հասարակությանը ինտեգրվելու խնդիրը: Այդ կապակցությամբ հունիսի 2-9-ը Երևանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը։
«Համագործակցություն-2013» խորագրով սայլակից օգտվող անձանց միջազգային մարաթոնի նպատակն է խթանել առօրյա կյանքում հաշմանդամների լիարժեք ինտեգրմանն ուղղված պետական ծրագրերի իրականացմանը, աջակցել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Տարբեր երկրներից ժամանած հաշմանդամություն ունեցող երիտասարդները կներկայացնեն իրենց երկրներում սահմանափակ կարողություններով անձանց խնդիրները։
«Համագործակցություն-2013» խորագիրը կրող միջազգային մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։
«Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրենց խնդրանքը չմերժելու և աջակցելու, որ մարաթոնը Հայաստանում անցկացվի:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ. ծրագրի մասնակիցները կայցելեն Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ: Կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հանդիպում կունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ։
Ինչպես նաև կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց երթ Երևանի փողոցներով (անվասայլակներով, հեծանիվներով և այլն), ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պողոտայում:

Լուսինե Ասատրյան

Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել

600809_10201356658456643_489916000_nՍուրեն Խաչատրյանը վայր է դրել Սյունիքի մարզպետի լիազորությունները:  Խաչատրյանը իր տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասում է.  «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից  Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են: Ավելի վաղ Բուդաղյաններն ու Խաչատրյանը վեճի էին բռնվել խնջույքի ժամանակ:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քր. օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և  235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գործի շրջանակներում ձերբակալվել է Սուրեն Խաչատրյանի որդին ` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Սյունիքի մարզպետի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատել են

վիրահատելԳնդապետ Արտակ Բուդաղյանին բժիշկները կրկնի վիրահատել են`  մարմնից հանելով ևս մեկ գնդակ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում են:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դատախազի հետ ունեցած անձնական կապերի շնորհիվ չի ներգրավվել մեղադրյալների ցանկում

25457Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է, որ խումբը վերջերս մի շատ կարևոր տեղեկություն է ստացել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի դատախազ-քննչական համակարգում դեռևս չեն վերացել այն արատավոր երևույթները, երբ կարողանում են ծանոթ-բարեկամական կապերի միջոցով քրեական գործով շահագրգիռ դատախազի կեղծ ցուցումով մեղադրանքի բովանդակություն փոխել և հանցագործության արդյունքում շահ ստացած անձանց վկայի կարգավիճակում թողնել: Հենց նույն այս ծանոթ-բարեկամական կապերի միջոցով է, որ այսօր բոլորովին անկաշկանդ իր կյանքն է վայելում տասնյակ տուժած գնորդների բնակարանների յուրացման հարցում իր խոշոր դերակատարումն ունեցած Վլադիսլավ Մանգասարյանի գործընկեր Ղևոնդ Ղալումյանը:

Սա նույն այն անձն է, ով վերջերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած  տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի քրեական գործով ընդամենը վկայի կարգավիճակ ունի: Իսկ սա զուտ այն պատճառով, որ ինչպես հաջողվել է պարզել, Ղալումյանը մտերիմ ընկերական կապերի մեջ է այդ քրեական գործով նախաքննության ժամանակ վերահսկող դատախազ Արման Հակոբյանի հոր` ներկայիս քաղաքաշինության փոխնախարար Ավագ Հակոբյանի հետ: Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ղալումյանի երկար տարիների ընկերն է:

Ինչպես Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը արդեն տեղեկացրել է, նշված քրեական գործով փորձաքննությամբ հիմնավորված է եղել, որ բնակարան ձեռք բերելու համար Գյուլխասյանի վճարած գումարի մի մասը, ընկերության հաշվեհամարին մուտքագրվել էր, որպես հենց Ղևոնդ Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն:

Ավելի ստույգ, այս գործով նշանակված փորձաքննությամբ արձանագրվել է, որ 07.12.2007թ.  «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ: Սակայն դատախազ Արման Հակոբյանը վարույթն իրականացնող քննիչ Կ.Ներսիսյանին ցուցում է տվել, որ` խարդախությանփոխարեն, ամերիկահայ գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանին մեղադրանք առաջադրվի այն ձևակերպմամբ, որ Ղևոնդ Ղալումյանի անվան փոխարեն արձանագրվի Էդմոնդ Խուդյանի անունը, իբրև թե, ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողությունների համար:

Ղալումյանը, ինչպես և կարելի էր ենթադրել, դատարանում լիովին հերքեց սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության գործերին իր մասնակից լինելը, այդ թվում` Լուսինե Գյուլխասյանի բնակարանի գործարքի հետ որևէ առնչություն ունենալը: Սակայն անհերքելի փաստեր են առկա այն մասին, որ ընկերության հաշվեհամարին մուտքագրված  37մլն 200հազար դրամը հենց Գյուլխասյանի կողմից վճարված գումարներն են, քանի որ րոպեներ առաջ այդ գումարը նույն բանկի Գյուլխասյանի հաշվեհամարից հանվել և մուտքագրվել է ընկերության հաշվին:

Այս փաստի կապակցությամբ Ղևոնդ Ղալումյանին հարցեր ուղղելու հարցում Ղալումյանի ցուցմունք տալու օրը դատարանում զարմանալիորեն պասիվ էին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը և մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Այս փուլում Ղալումյանին հաջողվեց իր ժխտողական պատասխանների և դատարանի ու դատախազի պասիվության շնորհիվ հերթական անգամ խույս տալ արդարադատության առջև պատասխանատվությունից:

Սակայն Ղալումյանի կապերը միայն այստեղ չէ, որ գործում են ու նրա համար հստակ անվտանգ ելք ապահովում:

Մասնավորապես Ղևոնդ Ղալումյանի վերաբերյալ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն հասցեագրված երկու տարբեր դիմումներին դեռևս օրենքով սահմանված ընթացք չի տրվել:

Գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ապրիլի 5-ին Հատուկ քննչական ծառայության պետին ներկայացված դիմումի կապակցությամբ այն ժամանակ ՀՔԾ-ից փոխանցեցին, թե ինչպես գրության մեջ նշված, այնպես էլ քրեական գործով պարզաբանման ենթակա բազմաթիվ հանգամանքների շուրջ իրականացվում է համապատասխան նախաքննություն, սակայն ինչպես ցույց տվեց գործի ելքը, ՀՔԾ պետ Միրզոյանին հասցեագրված դիմումն այդպես էլ ոչ մի ընթացք չստացավ:

Իսկ ներկայացված փաստերով հիմնավորվում են մի շարք դրվագներ:

Մասնավորապես այն հանգամանքը, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի մյուս փայատեր Ղևոնդ Ղալումյանը 2007թ.-19.06.2009թ. հունիս ամիսներին, երբ փաստացի ինքն է ղեկավարել ընկերությունը, գնորդների կողմից վճարված գումարների մի մասի`1մլն ԱՄՆ դոլարին համարժեք 333.725.850 ՀՀ դրամի չափով կեղծ փոխառության պայմանագրեր է կնքել ընկերության հետ և հետագայում համապատասխան չափի գումարներ է հետ ստացել: Ստացվում է, որ իրական գնորդների կողմից վճարված գումարները մուտքագրվել են ընկերության հաշվին, սակայն դրանցից 333.725.850 ՀՀ դրամը ձևակերպում է ստացել, որպես Ղալումյանի կողմից տրված փոխառության: Մինչ 2009թ. հունիս ամիս Ղալումյանը «հետ է ստացել» 333.725.850 ՀՀ դրամը, իսկ այդ գումարները վճարած  քաղաքացինների մի մասն այդպես էլ բնակարան չի ստացել: Արդյունքում, գնորդներից ու ընկերությունից բացի, նաև պետությանն է առանձնապես խոշոր չափերի վնաս հասցվել, քանի որ հարկերը հաշվարկվել են, ոչ թե իրական գնորդի կողմից վճարված գումարի չափով գործարքի, այլ` նախնական պայմանագրերում նշված գումարների հիման վրա:

Ղալումյանը հավելյալ շահույթ է ստացել նաև բնակարանների վաճառքից մոտ 450.000 ԱՄՆ դոլարն ընկերությանը չվճարելու ձևով:

Այս դիմումի հետ միաժամանակ դատախազ Արման Հակոբյանի կողմից տրված ապօրինի ցուցմունքի կապակցությամբ դատախազություն ուղարկված դիմումն է մնացել ինչ-որ կիսապատասխան վիճակում :

Այս տարվա մարտի 13-ին ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկված իր վերջին դիմումում ամերիկահայ գործարարը խոսել էր այն մասին, որ իր գործով այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում: Մասնավորապես Լուսինե Գյուլխասյանի գործով խարդախության հեղինակները, ովքեր պետք է լինեին ամբաստանյալի աթոռին, անգամ դատակոչված վկանների ցուցակում չկային և միայն ամբաստանյալի փաստաբանի միջնորդության հիման վրա, որպես վկա հրավիրվեցին և հարցաքննվեցին: Ընդ որում սա այն դեպքում, երբ գործի փաստերը միանգամայն այլ են, քան մեղադրական եզրակացության մեջ արձանագրվածը: Եվ դա տեղի է ունեցել ավագ դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա:

Այս դիմումին դատախազության կողմից տրված ընթացքն ընդամենը հետևյալն էր. Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ դիմումը ուղարկվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, ինչպես նաև դատարան, քանի որ դիմումուն նշված փաստերը վերաբերում են մի քրեական գործի, որն այժմ դատարանում է գտնվում, և հետևաբար գործով դատավորը պետք է քննի առկա փաստերը:  Սակայն այս գործով դատարանում արդեն 6-ից ավելի նիստ է անցկացվել, բայց մինչ օրս ոչ մի խոսք չի հնչել դատախազություն ուղարկված կարևորագույն փաստեր մատնանշող դիմումի մասին:

Եվ չգիտես ինչպես, արդյունքում ստացվում է այնպես, որ հանկարծ, թե’ ՊԵԿ-ում այժմ շարունակվող նախաքննությամբ, թե’ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում Ղալումյանն ընդամենը վկայի կարգավիճակ ունի:

Հարց է առաջանում. մինչև որտեղ են ձգվում Ղալումյանի կապերը և մինչև երբ են դրանք ազատելու նրան օրենքի առջև պառասխանատվությունից…

Սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության կանխամտածված սնանկացման փաստով հարուցված քրեական գործը մի քանի օր առաջ Հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել է ՊԵԿ, որտեղ նախկինում մեղադրանք էր առաջադրվել Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ: Մնում է հուսալ և պայքարել, որ քննիչը այդ նույն ջանասիրությամբ մեղադրանք առաջադրի նաև ընկերությունը թալանած մյուս մասնակից Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

 

Սյունիքի մարզպետի որդին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է

8AF816ED-EFCE-44BF-BECA-41C534545057_mw800_s1Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։

«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում եւ բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաեւ այլ անձինք։ Ի դեպ, դատելով նաեւ քրեական գործը Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու հանգամանքից, նախաքննական մարմինը հակված է կարծելու, որ հանցագործությանը մասնակից են եղել նաեւ զինվորականներ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՊՆ քննչական ծառայության քննիչների կողմից են կարող են քննվել միայն զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում կամ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։ Նկատենք, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով ներկայումս գտնվում է Մուրացանի հոսպիտալում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, վերջինսի եղբայրը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը և Սյունիքի մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում):

 

Արտաշես Առաջին. երևելի ու փառապանծ գործիչ

Artashes_A1Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

Եվ առավոտը Նավասարդի,

Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

Ինչպես կարգն էր թագավորների... 

Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):

Արտաշես Առաջինը Երվանդունյաց արքայական տոհմից էր: Հայոց ավանդավեպը նշում  է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում:

Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր:

Մ.թ.ա. 200 թ. հզորացող Սելևկյան կայսրությունը կարողանում է ծնկի բերել Հայաստանը, և Երվանդ Դ արքան զրկվում է գահից կամ սպանվում: Ամեն դեպքում, Հայաստանը հայտնվում է Սելևկյան թագավորության հպատակի կարգավիճակում: Գուցե Հայաստանի նվաճմանը մասնակցել է նաև սելևկյան բանակում որպես զորավար ծառայող Արտաշեսը, որի պատճառով էլ հայոց ավանդույթը նրան է վերագրում Հայաստանի նվաճումն ու Երվանդ Դ արքայի սպանությունը:

Նվաճելով Հայաստանը` սելևկյան Անտիոքոս Գ Մեծ արքան երկրի կառավարիչ է նշանակում Արտաշեսին, իսկ Ծոփքում` Զարեհին, որ նույնպես Երվանդունիների արքայատոհմից էր:

Սելևկյան թագավորը, բնականաբար, վստահ էր, որ Արտաշեսն ու Զարեհը, որպես իր զորավարներ, հավատարիմ կծառայեն իր կայսրությանը: Սակայն նրա հաշվարկները սխալ էին:

Օրեցօր զորեղացող Հռոմեական կայսրությունն արտաքին նվաճումների էր ելել: Հռոմի վաղեմի նպատակն էր Ասիա աշխարհամաս դուրս գալ և նվաճել Փոքր Ասիա թերակղզին: Եվ երկու հզոր ախոյանների միջև բախումն անխուսափելի է դառնում: Մ.թ.ա. 190 թ. Մագնեսիայի ճակատամարտում հռոմեական բանակը ջախջախում է Անտիոքոս Գ-ի զորքերը: Այս ճակատամարտն իրավամբ պետք է համարել համաշխարհային պատմության բախտորոշ դրվագներից մեկը: Ճակատամարտի արդյունքում Արևելքում իրադրությունը կտրուկ փոխվում է, և հռոմեական քաղաքակրթությունը ներխուժում է Արևելք:

Նման առիթից չօգտվել չէր կարող Մեծ Հայքի կառավարիչ Արտաշես զորավարը, որ անմիջապես ապստամբում է Սելևկյան թագավորության դեմ, իրեն հռչակում Մեծ Հայքի թագավոր, իսկ Հայաստանը` անկախ պետություն: Արտաշեսի օրինակին հետևում է նաև Զարեհը, որ թագավորում է Ծոփքում: Միաժամանակ իրենց անկախությունը վերագտան նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի հայկական թագավորությունները, որտեղ համապատասխանաբար թագավորում էին Միհրդատ և Պտղոմեոս Երվանդունիները:

Այս քայլով Արտաշես Առաջինը փաստորեն Հայաստանում սկիզբ դրեց նոր թագավորական` Արտաշեսյան հարստության (մ.թ.ա. 190-1), որին վիճակված էր հզորագույնը լինել հայոց ողջ պատմության ընթացքում:

Չի բացառվում, որ Արտաշեսը նախապես Հռոմի հետ պայմանավորված լիներ համատեղ հարված հասցնել ընդհանուր թշնամուն` Սելևկյան թագավորությանը:

Մագնեսիայում կրած պարտությունից հետո, բնականաբար, սելևկյաններն անմիջապես չէին կարող արձագանքել Հայաստանի իրադարձություններին, և Արտաշեսը ժամանակ ուներ կարգի գցելու իր գործերը հայրենիքում:

Անկախության հռչակումից անմիջապես հետո հայոց արքան ամբողջացրեց իր երկրի սահմանները. նա նվաճեց Հայաստանի ծայրագավառները, որոնք անթողության տարիներին անջատվել էին երկրից: Մի քանի տարվա մեջ Արտաշես Ա-ն կարողացավ ամբողջացնել հայոց թագավորության սահմանները:  Նա նախ արշավեց արևելք` հասնելով Կասպից ծովի ափերը` իր տերությանը միավորելով Փայտակարանն ու Կասպիականը: Ապա միավորեց Գուգարքը և հյուսիսի երկրները: Ամբողջացնելով երկրի սահմանները հյուսիսում և արևելքում` նա վճռական հարված հասցրեց Սելևկյան պետությանը և հարավում ազատագրեց Տմորիքը: Արտաշեսի պետության սահմաններից դուրս մնացին միայն Ծոփքը, որտեղ թագավորում էր իր բարեկամն ու դաշնակիցը` Զարեհ Երվանդունին, Փոքր Հայքը և Կոմմագենեն: Արտաշեսը զերծ մնաց հայոց այս երկրներն իր տերությանը միավորելուց, քանզի այնտեղ գահակալում էին իր դաշնակիցները: Նրա կիսատ գործը հետագայում ավարտին հասցրեց թոռը` Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55):

Արտաշեսի այս միավորիչ գործունեության մասին մանրամասներ է հաղորդում նրա ժամանակակից հույն պատմիչ Ստրաբոնը, որ նշելով նրա կողմից Հայաստանի միավորումը` գրում է. «…Այսպիսով բոլորը միալեզու եղան..»: Այսինքն` կարճ ժամանակում հայոց արքան կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը:

Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Նա հողային և վարչական բարեփոխումներ իրականացրեց Հայաստանում: Հստակ նշեց երկրի նահանգների, գավառների սահմանները: Մեծ Հայքը բաժանեց 15 աշխարհների և 120 գավառների: Գավառների ու նահանգների միջև սահմանաքարեր տեղադրեց` համապատասխան արձանագրություններով: Նա նաև սահմանեց արքունի գործակալություններ` նախանշելով նրանց գործունեության ոլորտները: Հիմնեց սահմանապահ չորս բդեշխությունները` այնտեղ զորավարներ նշանակելով իր որդիներին և մերձավորներին, ամրացրեց ու առավել մարտունակ դարձրեց հայոց բանակը: Նա հստակեցրեց նաև հայոց տոմարը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Այս միջոցառումների շնորհիվ Հայաստանը դարձավ Առաջավոր Ասիայի զորեղ պետություններից մեկը` ընդունակ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի: Այնքան հզոր ու ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով պունիկյան երկրորդ պատերազմից հետո իր մոտ փախած Կարթագենի զորավար Հաննիբալին:

Քերթողահայր Մովսես Խորենացին փաստում է. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով` քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Իսկ հույն պատմիչ Պլուտարքոսը հենց Հաննիբալին է վերագրում Արտաշատ մայրաքաղաքի նախագծման պատիվը: Ըստ ավանդության` Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է հայոց դշխոյի` Սաթենիկի աչքի պատկերով: Մայրաքաղաքը շեն ու բարեկարգ էր և գտնվում էր Արարատյան դաշտի սրտում` Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում` ներկայիս Խոր վիրապի մատույցներում: Արտաշատն այնքան ամուր ու գեղեցիկ էր, որ հռոմեացի պատմիչները նրան անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Քաղաքում դեռևս Արտաշեսի ժամանակներից թատրոն է գործել, այն Արևելքի վաճառաշատ ու մարդաշատ քաղաքներից էր, այնտեղ էին տեղակայված հայոց արքունիքը, հայոց արքաների պալատները, պետական դրամահատարանը, Անահիտ աստվածամոր տաճարը… Արտաշատ մայրաքաղաքը հայոց մայրաքաղաքներից ամենահարատևն էր: Արտաշատը կարճատև դադարներով Հայաստանի մայրաքաղաք հանդիսացավ շուրջ յոթ հարյուրամյակ:

Բացի Արտաշատից, հայոց արքան իր երկրի տարբեր վայրերում մի շարք այլ քաղաքներ կառուցեց` իր հոր պատվին անվանելով Զարիշատ, Զարեհավան…

Միայն տասնամյակներ, անց քիչ թե շատ ուշքի եկած Սելևկյան պետությունը փորձ արեց դարձյալ ծնկի բերել Հայաստանը: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի և Հռոմի հարաբերությունները լարված են Հաննիբալի պատճառով, սելևկյան Անտիոքոս Դ Եպիփանես արքան մեծ զորքով մ.թ.ա. 164 թ. ներխուժեց Տմորիք: Սակայն Արտաշեսը կարողացավ ջախջախել սելևկյան բանակն ու դուրս քշել իր երկրի սահմաններից:

Արտաշես Առաջինն իր արձանագրություններում կոչվել է Բարի` բարեպաշտ, որն արտացոլում է հայրենասեր ու զորեղ միապետի նվիրումն իր պետությանն ու ժողովրդին: Սակայն պատմությունը նրան տվեց նաև «Մեծ», «Աշխարհակալ» տիտղոսները, որոնք նույնպես արտացոլում են Արտաշես Առաջինի` որպես հայոց թագավորի, կարգավիճակը:

Ժողովուրդը սիրելի թագավորի մասին բազում ավանդություններ է հյուսել: Նրանցից գեղեցկագույնը, ինչ խոսք, Արտաշեսի և Սաթենիկի մասին պատումն է: Արշավելով հյուսիս` Արտաշեսը ծնկի է բերում Կովկասյան լեռնականներին և ճակատամարտերից մեկի ժամանակ գերելով ալանաց չքնաղ արքայադստերը` Սաթենիկին, նրան կին է առնում:

Ճակատամարտի սկզբում Արտաշեսը նախ գերում է ալանաց արքայազնին: Եվ Սաթենիկ օրիորդը եղբորն ազատելու նպատակով դուրս է գալիս իր վրանից և կոչ ուղղում հայոց արքային.

Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,

Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին.

 Ե՛կ լսի՛ր ալանների գեղաչյա դստերս խոսքերին

 Եվ տուր պատանուն:

 Որովհետև օրենք չէ՝ որ քենի համար դյուցազունները

 Ուրիշ դյուցազն զարմերի կենդանությունը ջնջեն

 Կամ իբրև ծառա ստրուկների կարգում պահեն,

 Եվ երկու քաջ ազգերի մեջ

 Մշտնջենավոր թշնամություն հաստատեն:

 Եվ հայոց արքան հմայվում է Սաթենիկի գեղեցկությամբ ու քաջությամբ, սիրահարվում նրան:

Հեծավ արի Արտաշես արքան գեղեցեկ սև ձին,

Եվ հանելով ոսկեգօծ շիկափոկ պարանը,

 Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,

 Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը,

 Ձգեց մեջքը ալանաց օրիորդի,

 Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը,

 Արագ իր բանակը հասցնելով:

Հետաքրքիր ավանդապատում է պահպանվել նաև Արտաշես Առաջինի մահվան վերաբերյալ: Մ.թ.ա. 160 թ. Մարանդում, արդեն զառամյալ հասակում, հայոց արքան հիվանդանում է: Նա Աբեղյան տոհմի Աբեղո իշխանին ուղարկում է Անահիտ աստվածամոր տաճարը` տիրամորից առողջություն խնդրելու: Սակայն մինչ իշխանի վերադարձն արքան հոգին ավանդում է ասելով.

Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանի

 Եվ առավոտը Նավասարդի,

 Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.

 Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,

 Ինչպես կարգն էր թագավորների... 

Այնքան մեծ էր ժողովրդի վիշտը սիրելի գահակալի մահվան առթիվ, որ շատերը նրա մահվան մահճի մոտ ինքնասպան էին լինում վշտից: Տեսնելով դա` նրա որդին և գահերեցը` Արտավազդը, բողոքում է. «Դու մեռար և քեզ հետ տարար շատերին, ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ…»:

Այնքան մեծ էր հայոց Արտաշես Ա թագավորի հանդեպ ժողովրդական սերը, որ անգամ նրա մահից երկու դար անց հայոց գահին տիրացած օտարները ժողովրդի սիրտը շահելու համար իրենց անվանափոխեցին Արտաշես` հանձինս Զենոն-Արտաշես Գ (16-34) կամ Տրդատ Ա (66-88) թագավորների:

 

Վահե Անթանեսյան

Ստեղծվել է հանձնաժողով, որը կքննի գարնանային զորակոչի վերաբերյալ ստացված դիմում-բողոքները

պնՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 6-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդի աշխատավայրում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

Խոշոր ավտոպատահար Երևան-Սևան ավտոճա­նա­պարհին (լուսանկարներ)

big_1370069454_66Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տոնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

010Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել ու ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են երեխաներին նվիրված տոնական միջոցառումները:
Վարչական շրջանների տարբեր հատվածներում, այդ թվում նաև բակային տարածքներում, մանկապարտեզների, դպրոցների և մշակութային օջախների սաների մասնակցությամբ կազմակերպվել են բացօթյա համերգային ծրագրեր` պարային և երաժշտական կատարումներով: Նկարչական խմբակներ հաճախող կամ պարզապես նկարել սիրող երեխաները ևս հնարավորություն են ունեցել իրենց կարողությունները ցուցադրել գեղանկարի ու կավճանկարի միջոցով:
Միջոցառումների շրջանակում մանուկները հնարավորություն են ունեցել նաև շփվելու, խաղալու և լուսանկարվելու սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների հետ:
Անցկացվել են նաև մարզական առաջնություններ: Սկսնակ փոքրիկ շախմատիստներն իրենց ուժերն են չափել խաղատախտակների առաջ:
Երեխաների հետ տոնին մասնակցել են նաև ծնողները, տատիկ-պապիկները, ովքեր հիացմունքով նշել են, որ մայրաքաղաքում տիրող տոնական ուրախ տրամադրությունը նաև իրենց է վարակել:
Օրվա առիթով երեխաների համար այցելություններ են կազմակերպվել թանգարաններ, գադարաններ, ինչը դպրոցահասակ երեխաների համար ևս մի առիթ էր ծանոթանալու հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին:
Միջոցառումներ են անցկացվել նաև զբոսայգիներում և պուրակներում, որտեղ մանուկներին վարչական շրջանների աշխատակազմերի, տարբեր տնտեսվարողների կողմից անակնկալներ են մատուցվել: Լարախաղացներ ու աճպարարներն էլ իրենց հերթին հմուտ հնարքներով զարմացրել են փոքրիկներին:
Հունիսմեկյան միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո և կեզրափակվեն տոնական հրավառությամբ:
ի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն