“Դեմ եմ”-ի մի խումբ ակտիվիստներ Կասյան փողոցում փակեցին երթևեկությունը՝ ի նշան բողոքի

IMG_3776Քիչ առաջ Արաբկիրի Մերգելյանի հրապարակից “Դեմ եմ” շարժման մի խումբ ակտիվիստներ պաստառներով, եռագույններով և թմբուկների հնչյուններ ներքո շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, որտեղ 19:30 նախատեսված է բողոքի ակցիա:

Մինչ այդ ակտիվիստները մոտ տասը րոպե խաթարեցին Կասյան փողոցի երթևեկությունը՝ փողոցի մի մասից մյուսն անընդհատ հետուառաջ գնալով և հնարավորություն չտալով ավտոմեքենաներին տեղաշարժվել:

Ավտոմեքենաների վարորդներն՝ ի նշան բողոքի, ազդանշանում էին, սակայն շարժման անդամները բարձրացնում էին “Դեմ եմ” ցուցապաստառները:

Ի վերջո, ակտիվիստներն ազատեցին փողոցը և շարժվեցին դեպի նախագահի նստավայր:

 

Անկախ 

Հայ սպային վայել օրինակելի արարք

սամվել աբրահամյանՕրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:

Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի և նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի և մարդկային բարձր որակների մասին:

«Գլենդել Հիլզ»-ը 6 ամիս աշխատավարձ չի վճարել

հիլզԱյսօր իրենց բողոքն էին ներկայացնում Գյումրու «Մուշ 2/2» թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին աշխատակիցները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ են դուրս եկել աշխատանքից: Նրանց դժգոհությունը վերաբերում էր շուրջ վեց ամիս չստացված աշխատավարձին: Աշխատակիցներն ասում են՝ երբ դիմել են` ճշտելու,  թե երբ են աշխատավարձ ստանալու, իրենց պատասխանել են՝ 15 օրից, հետո 15 օրը դարձել է մեկ ամիս, վեց ամիս:
«Թե լրագրող, թե նախագահ, թե վարչապետ, եթե վեց ամիս աշխատավարձ չստանա, իր ընտանիքն ինչպե՞ս կպահի»,  – ասում են անվտանգության նախկին աշխատակիցները:
Այս պահին Գյումրիում բնակարանաշինություն չի կատարվում, սակայն կա շինհրապարակ, որտեղ, ինչպես աշխատակիցներն են ասում, «Գլենդել Հիլզ» ընկերության շինտեխնիկան է տեղակայված:
«Աշխատել ենք 2013-ի օգոստոսի 30-ից, երկու ամիս աշխատավարձ ենք ստացել, ու դրանից հետո էլ գումար չենք ստացել: Վեց ամիս էլ տունը գումար չենք տարել», – ասում է  Ավետիս Ավետիսյանը: «Գլենդել Հիլզ»-ից նրանց հայտնել են՝ փող չկա, ֆինանսավորում չկա:
Նախկին աշխատակիցները նույնիսկ առաջարկել են տարածքի ամրանները վաճառել և իրենց աշխատավարձերը բաժանել, մինչև անհրաժեշտ գումարները կփոխանցվեն, նոր ամրաններ կգնեն,  սակայն դա էլ չեն արել:
Յուրաքանչյուրի վեց ամսվա աշխատավարձը մոտ 400-450 հազար դրամ է կազմում. «Մեկ ամսվա աշխատավարձը 82-88 հազար դրամ է, կապված տվյալ ամիսն ունի 30, թե 31 օր», – ասում են նրանք:
Այսօր դժգոհողները չորսն էին, սակայն վստահեցնում են, այսպես տուժածների թիվը մեծ է, պարզապես ոմանք արդեն մեկնել են արտագնա աշխատանքի:
Արդյո՞ք ունեն աշխատակիցները պայմանագրեր և կկարողանա՞ն իրավաբանորեն լուծել իրենց խնդիրը. պարզվում է՝ նրանք աշխատանքային պայմանագիր ստորագրել են, բայց իրենց հասանելիք օրինակը չունեն. «Պատճառաբանել են՝ պայմանագրերը գտնվում են Երևանում, երբ գնացինք, կբերենք»:
«Գլենդել Հիլզ» ընկերության Գյումրու շինհրապարակում անվտանգություն ապահովող նախկին աշխատակիցները նաև հայտնում են,  եթե արագ այս խնդրին լուծում չտրվի, իրենք դուրս կգան բողոքի ցույցի:
archive2.ankakh.com-ը խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար հարցում է ուղարկել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

Վաղատուրի հողամասերից մեկում արկ է պայթել

արկԱպրիլի 17-ին, ժամը 08.00-ին, Վաղատուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Դարչո Հ.-ի տան բակում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.10-ին, նշված բնակչի տնամերձում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ տիպի արկ է պայթել և վնասել տան պատուհաններն ու խոտի դեզի տանիքը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:

Անկախ

Նոր կրճատումներ Գյումրու քաղաքապետարանում. մեկնաբանում է Սամվել Բալասանյանը

բալասանյանՎերջին շրջանում Գյումրու քաղաքապետարանի  մի շարք պաշտոնյաներ սեփական դիմումի համաձայն հեռանում են զբաղեցրած պաշտոններից, հիմնականում՝ բաժնի պետեր: Ինտենսիվորեն լուրեր են շրջանառվում նաև այն մասին, թե քաղաքապետը գրեթե մեկուսացրել է մշակույթի բաժնի պետին՝ Արտաշես Կարապետյանին, նրանից վերցնելով գործառույթների զգալի մասը, ինչպես նաև աշխատանքից ազատել է իր սանիկի հորը՝ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին:
Այսօր Սամվել Բալասանյանը վերջին երկու դեպքերի մասով բացատրություններ ներկայացրեց. «Մալխասյանն հիմա արձակուրդի մեջ է,  կգա,  իրեն կհարցնեք` ազատված է աշխատանից, թե ոչ: Մարդը պետք է դիմում տա, որ գիտենանք՝ չի ուզում աշխատել: Բայց հիմա  դիմում չի տվել, արձակուրդի մեջ է փոխքաղաքապետը, ես ի՞նչ ասեմ: Հարցնում եք` կրճատված է աշխատանքի՞ց, ոչ, կրճատված չէ: Նման խոսակցություն չի եղել: Չգիտեմ ոնց է տարածվել այս խոսակցությունը, Մալխասյան Գուրգենը նույնպես զարմացած է: Եթե ուզենա ազատվել, ինքը դիմում կտա, մամուլի ասուլիս կհրավիրի ու կբացատրի, թե ինչու չի ուզում աշխատել: Եթե  նման եղավ,  անպայման ձեզ կիրազեկի անձամբ ինքը», – լրագրողներին փոխանցեց Գյումրու քաղաքապետը: Նաև հավելեց, թե ինքը գոհ է փոխքաղաքապետի աշխատանքից:
Ինչ վերաբերում է մշակույթի բաժնի պետի հարցին, ով, ի դեպ, պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, Սամվել Բալասանյանը նշեց. «Որպեսզի դուք ավելի շատ համոզմունք ունենաք, պետք է վերցնեք նրա տված դիմումը, որով ժամանակ է խնդրել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Մենք էլ ընդառաջել ենք, ինչու՞ ենք մեկուսացրել, ո՞վ է ասել»:
Հիշեցնենք, որ մշակույթի բաժնի պետը լրատվամիջոցներով հայտնել էր, որ քաղաքապետարանում իր աշխատանքը սահմանափակել են, մի շարք լիազորություններ վերցվել են իրենից, տրվել մեկ այլ աշխատակցի, այսինքն՝ իրեն մեկուսացրել են:

Ինչ պատրաստել Սուրբ Հարության տոնին

ձու«Երբ մարմինը զորանում է, տկարանում է հոգին, երբ հոգին է զորանում՝ մարմինն է տկարանում: Այդ շրջանում շատ կարևոր է, որ մենք ավելի հաճախ աղոթենք, հատկապես զղջողական աղոթքներ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց Մեծ Պահքի նշանակությունը Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Ըստ նրա` այդ շրջանում մարդը ոչ միայն մտերմանում է Աստծո հետ հոգևոր կապով , այլև ազատվում մարմնական հիվանդություններից:

Հանդիպմանը ներկա «Հայ խոհարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց` Հայաստանի բնությունը, որ շատ հարուստ է ուտելի բույսերով, թույլ է տալիս Մեծ Պահքի ամբողջ շրջանում չօգտագործել մսեղեն: Նա թվարկեց նաև այն ուտեստները, որոնք հատուկ են հայկական ավանդական սեղանին Սուրբ Հարության տոնին: « Զատկի սեղանին դրվում են ձկնեղեն, գինի, քաշովիներ, բուսական կերակուրներ, ներկած ձու»,-ասաց նա:

Վերջինի հետ կապված Տեր Զգոնը ընդգծեց, որ այն անպայման պետք է լինի միայն կարմիր, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` մարդկության մեղքերի համար թափած արյունը: Քահանան նաև շեշտեց, որ սեղանին պարտադրր պետք է լինի չամիչով փլավ, որ խորհրդանշում է քրիստոնյաներին և հավատի համար նահատակված սրբերին: Նա նշեց, որ անպայման չէ ձուն եփել հինգշաբթի, ինչը տարածված երևույթ է հայկական ընտանիքներում. «Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջ»

Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար

Sevan-4Բնապահպանները կկոշտացնեն իրենց պայքարը Սևանա լճի փրկության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են  ակտիվիստները` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Արդեն այս ամսին բողոքի ակցիաներ տեղի կունենան Ազգային ժողովի դիմաց:

Նշենք, որ Սևանա լճից ամեն տարի բաց է թողնվում 170 միլիոն խորանարդ մետր ջուր,  սակայն նախկին վարչապետի որոշման համաձայն` այն կաճի մինչև  240մլն խորանարդ մետր: «Տիգրան Սարգսյանը գնալուց առաջ հանրությանը «նվեր» մատուցեց`ստորագրելով Սևանա լճի մասին երկու շատ վտանգավոր որոշում` մեկը` Սևանից լրացուցիչ 70  միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բացթողնելու, մյուսը` ձկնաբուծության համալիր զարգացման վերաբերյալ: Երկու դեպքում էլ Սևանա լիճը կանգնած է ռիսկերի առաջ» , -ասել է  «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Սևանա լճին առնչվող այդ երկու որոշումների դեմ բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն միացել է 800 քաղաքացի: Գեղարքունիքի մարզի բնակիչներն էլ ապրիլի 25-ին Սևանում ակցիա կանցկացնեն ի պաշտպանություն Սևանա լճի: «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանի կարծում  է, որ մարդիկ թեև անընդհատ լսում են Սևանի կարևորության և խնդիրների մասին , սակայն այդպես էլ չեն հասկանում դրա իրական նշանակությունը. «Մարդիկ անընդհատ լսում են, թե Սևանն ինչ կարևոր, ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար,  բայց չեն պատկերացնում դա: Ամբողջ աշխարհում  ջուրը  հարստություն է համարվում: Խնդիրն այն է, որ Սևանից բացի  ուրիշ հարստություն մենք չունենք, հանքերի պաշարները շուտով սպառվելու են, և Սևանն  իր  քաղցրահամ խմելու ջրով մեծ հարստություն է: Լեռնային սառնորակ աղբյուրների հիմքը Սևանի ջուրն է, եթե այն չորացնենք, այդ աղբյուրներից էլ կզրկվենք»:

Արշակունյաց պողոտայից Շիրակի փողոց տանող ճանապարհը 7 ամսով մասնակի փակ կլինի

երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Սույնով պայմանավորված վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով որպես այլընտրանքային լուծում վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

 

Երևանի քաղաքապետարան

Օմբուդսմենի միջամտությամբ բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը

Անդրեասյան, ԱշոտյանՕմբուդսմեն Կարեն Անդրեասյանի  միջնորդությամբ  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում :  Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող  երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին  կտրամադրվեն  հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:

 

Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ  դպրոցներ  այցելությունների ժամանակ հայտնաբերել էին,  որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:

Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են :  Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով  ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:

 

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը և  ակնկալում է համատեղ աշխատանքի շարունակականությունը:

 Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ավտոպատահարԱպրիլի 17-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 և 19 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Եղվարդի խճուղու և Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Մերսեդես-Բենց» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում «Հիգեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին և հայտնել, որ ապրիլի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԻԺ-275-011-01» մակնիշի ավտոմեքենայի:
«ԻԺ-275-011-01»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 05.00-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, Լեռնահովիտ-Տաշիր ճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶ-31115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 17-ից 18-ը)

օպերատիվ իրավիճակը ՀայաստանումԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, մաքսանենգության` 1, խուլիգանության և խարդախության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Օդանավակայանում ուղեբեռ գողացողին հայտնաբերել են

«Զվարթնոց» օդանավակայանԱպրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Արամ Ե.-ն, որը բերման է ենթարկվել գծային բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Մտածում էի չտրորված ճանապարհով գնալ»

Սվազլյան ՎերժինեԲանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի: Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիական թեքումով դպրոցում: 1947 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան:

Վ. Սվազլյանի ծննդյան հոբելյանի և գիտական գործունեության 60-ամյակի առիթով «Անկախը» զրուցել է վաստակաշատ գիտնականի հետ:

– Տիկին Սվազլյան, ինչպե՞ս ընտրեցիք գիտնականի այս ուղին, ինչի՞ց սկսեցիք:
– 1955 թվականն էր, երբ գերազանց դիպլոմով ավարտել էի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Թեպետ միայն ես էի գերազանց ավարտել,դժգոհ էի ինձնից. մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ստացա, բայց դրանք պետք է նաև ծառայեցնեմ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին: Հայրս` եգիպտահայ հայտնի գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը, ինձ պատգամել էր.
«Վերժինե՛, աղջի՜կս,
Կուզեմ ըլլաս դուն խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին, հայրենիքին»:
Ահա այս պատգամն ինձ հանգիստ չէր տալիս. ուզում էի մի բան անել, բայց` ի՞նչ… Մտածում էի, եթե կարողանամ մեր զավթված երկրի բանավոր մշակույթը հավաքել, գրի առնել և ամփոփել գրքերի մեջ, ա՛յ դա կլիներ գործ:

Մտածում էի չտրորված արահետով գնալ, որով դեռ ոչ ոք չի անցել: Ես անքուն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ նպատակը: Հաջորդ օրն իսկ Նոր Մալաթիա թաղամասում էի, որը հայրենադարձներով էր բնակեցված: Դիմացի դեղատունը մտա և հարցրի, թե այդտեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում: Ասացին` մուսալեռցիները:
Դժվար ժամանակներ էին: Ստալինը նոր էր մահացել: Հայրենադարձները վախենում էին զրպարտվելուց և աքսորվելուց: Ես բացատրեցի իմ նպատակը, որ պիտի գիրք գրեմ իրենց մասին, իրենց բարբառով, բանահյուսական նյութեր պիտի գրանցեմ: Ինձ ներս ընդունեցին: Բայց տեսա, որ արագ-արագ էին խոսում իրենց խրթին բարբառով: Սկզբում հուզվեցի, վհատվեցի, բայց հիշեցի հորս խոսքերը. «Կամք, աշխատանք և կորով, երեք ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի»: Եվ սկսեցի ձեռքով, բառ առ բառ գրի առնել (հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած-ասացվածքներ, օրհնանք, անեծքներ, հանելուկներ, աղոթքներ), քանի որ այդ ժամանակ դեռ տեխնիկա չկար:

Այսպես սկսվեց իմ ժողովրդագիտական բանահավաքչական գործունեությունը: Սկզբում այն եղել է անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, իսկ 1960-ից ՀՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո` կազմելով և հրատարակելով «Արցախ-Ուտիք», «Տարոն-Տուրուբերան», «Վան-Վասպուրական» հայ ժողովրդական հեքիաթների հատորները, որոնք ընդգրկվել են գիտական բազմահատորյակի մեջ: Զուգահեռաբար լույս է տեսել նաև «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984) գիրքս:

– Խորհրդային տարիներին ցեղասպանության թեման արգելված էր: Չէի՞ք վախենում այդ թեմայով նյութեր հավաքելուց:

– Ճիշտ է, այն ժամանակ չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության մասին խոսելը: Բայց ես գիտակցել եմ ժողովրդական այդ կարգի նյութերի պատմագիտական արժեքը և լավ է, որ այդ ժամանակ գրի եմ առել, քանի որ հիմա այլևս ականատես, վերապրողներ չեն մնացել:
Հետագայում շարունակեցի նյութեր գրի առնել նաև Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս)  հայության բանահյուսության վերաբերյալ: Այդ ամենն ամփոփվել է «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994)  հատորում: Բացի բանահյուսական նյութերից, այստեղ ընդգրկել եմ նաև կիլիկիահայ ականատեսների հաղորդած հուշ-վկայությունները Ադանայի կոտորածի, Հայոց ցեղասպանության, 1920 թ. Մարաշի, Այնթապի, Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Իսկ 1995 թ. լույս է տեսել «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:

– 1994-95 թթ. երկու գիրք եք հրատարակել, ի՞նչ միջոցներով:

սվազլյանի գրքերը– Այդ երկու գրքերս լույս տեսան այն տարիներին, երբ ընդհանրապես գիրք հրատարակելը շատ դժվար էր, տպարանները չէին աշխատում: Արցախյան ազատամարտի տարիներն էին: Այդ պայմաններում այս երկու գրքերի հովանավորությունը ստանձնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա գումար էր տրամադրել միայն մեկ գրքի համար, բայց խնայողաբար օգտագործելով այդ միջոցները` տպագրվեց երկու գիրք:

1995 թ. աշխատանքի անցա Ծիծեռնակաբերդում նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նաև վերապրողներին տեսագրելու տեխնիկական հնարավորություններ կային: Այնտեղ 100-ից ավելի վերապրողի եմ տեսագրել և նրանց պատմածները վերծանել:

– Միայն Հայաստանում բնակվող վերապրողների հուշե՞րն եք գրի առել:

– Նաև արտերկրից: Մանավանդ երբ հրավիրվել եմ միջազգային գիտաժողովների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ: Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տուն-ծերանոց մուտք գործելու և նյութեր գրառելու համար կամավորագրվել եմ որպես նրանց օգնող և խնամող, որպեսզի նրանց հետ շփվելու հնարավորություն ունենամ:
Իսկ Թուրքիայում գիտաժողովից հետո մտածում էի մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ազգային հիվանդանոցի ծերանոցը, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսներ էին ապրում: Բայց դռան առաջ կանգնած թուրք ոստիկանն ինձ թույլ չէր տալու ամեն օր գնալ-գալ, ուստի վիրահատման պատրվակով մուտք գործեցի հիվանդանոց, երկուսուկես ժամ իզուր տեղը նարկոզ ընդունեցի, իսկ երբ մեկ շաբաթից ոտքի կանգնեցի, կարողացա հետին դռնով մուտք գործել նաև կից ծերանոցը, որտեղ գաղտնի կերպով գրի առա շուրջ 40 հուշ-վկայություն:

Այնպես որ, Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրի տարբեր համայնքներից գրառված նյութերի թիվը հասել է 700-ի, որոնք ընդգրկում են Արևմտյան Հայաստանի 150 տեղավայրեր: Փաստագրական այդ նյութերը ներկայացնում են արևմտահայության ոչ միայն 1915 թ. և հետագա գաղթը դեպի Արևելյան Հայաստան, այլև Կիլիկիայի և Անատոլիայի հայության տեղահանություններն ու աքսորը դեպի սիրիական անապատներ, նրանց ջարդն ու կոտորածը Դեր Զորում, Սուրուճում, Մեսքենեում և այլ վայրերում:

– Հայոց ցեղասպանության մասին Ձեր գրքերը նաև Թուրքիայում են հրատարակվում: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ արձագանքներ կան:

– 2005 թ. լույս տեսավ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ուսումնասիրությունս, որը ես իմ միջոցներով, նույնիսկ հարսանեկան զարդերս, հորիցս մնացած գորգերը և արվեստի գրքերս վաճառելով կարողացել էի թարգմանել տալ վեց լեզուներով: 2006 թ. այն արժանացավ ՀՀ նախագահի «Հայոց ցեղասպանության» գծով Վերժինե Սվազլյանը և Նիկոլա Զարկոզինառաջին մրցանակի, որը ես ամբողջությամբ տրամադրեցի հետագա գրքերս օտար լեզուներով թարգմանելուն: 2011 թ. Երևանում լույս տեսավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ թուրքերենը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական Ռագըփ Զարաքօլուի «Բելգե» («Փաստարկ») հրատարակչության կողմից: Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց հայերեն, անգլերեն և թուրքերեն գրքերի շնորհանդեսը, որի ազդօրինակը Երևան էր բերել անձամբ Ռ. Զարաքօլուն: Թուրքիայում իր հրատարակած գրքի մասին նա ասաց. «Վերժինե Սվազլյանի սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Սույն աշխատությունն իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ է 1976 թ. հիմնադրված «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը, և որոնք կարդալով` ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Վ. Սվազլյանի նախորդ աշխատությունները մեծ ճանաչում ունեն և արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաև աշխարհին»:

– Հետագայում ի՞նչ աշխատանքներ եք ծրագրել հրապարակել:

– Հաջորդ աշխատանքը լինելու է «ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդությունը»: Քանի որ գիտաժողովի հանգամանքով չորս անգամ եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում և ժողովրդական բանահյուսության ու ազգագրության վերաբերյալ տարաբնույթ նյութեր եմ գրի առել: Աշխատությունը բաղկացած կլինի երկու մասից` գիտական ուսումնասիրությունից և սկզբնաղբյուրային նյութերից, որոնք կներկայացնեն հայ համայնքի տարբեր սերունդների լեզվամտածողության և ազգային ինքնության ընկալումների տարբեր մակարդակները:

Այնթափում առուն վարարել ու լցվել էր բնակչի տուն

ավտոմեքենան հայտնվել է գետումԱպրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի համայնքային ոռոգման համակարգի 10-րդ փողոցով անցնող առուն խցանվել է. ինչից տեղի է ունեցել ջրի հոսք դեպի Ռ. Ս.-ի թիվ 10 տուն:
Հրշեջ-փրկարարները վերացրել են խցանումը:
Ժամը 05.00-ի դրությամբ Արտաշատի ջրանցքից դեպի Մասիսի տարածաշրջան (շուրջ 20 համայնք) հոսող ոռոգման ջրի հոսքը բերվել է զրոյական մակարդակի:

Առաջիկայում անձրևի հավանականությունը փոքր է

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում  են, որ հանրապետության տարածքում`
Ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

Երևանում՝
        Ապրիլի 18-19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.90C (1972թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 2.50C (1999թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.30C

Անկախ

Հանրային խորհրդում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումներ կիրականացվեն

ՀԽ-նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը: ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ:
ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ:
Այդ հարցերը նախ կքննարկվեն ՀԽ փոքր խորհրդի նիստերում, որից հետո բոլոր տեսակետները ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից կամփոփվեն և կձևակերպվեն որոշակի դիրքորոշման շրջանակներում, այնուհետև Հանրային խորհուրդը կկազմակերպի հանրային լայն քննարկումներ՝ այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:
Նշենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը:
Նիստի օրակարգի երկրորդ հատվածում խորհրդի անդամները քննարկել են մինչև սահմանադրական փոփոխությունները և դրանից բխող «Հանրային խորհրդի մասին» համապատասխան օրենքի ընդունումը ՀԽ կառուցվածքին և գործունեությանը վերաբերող հարցեր:

 

Անկախ 

Մայրաքաղաքում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց

ասֆալտապատումԵրևանի , տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են  որ  2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով  ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման: Առանձին փողոցներում կկատարվի նաեւ մայթերի ասֆալտապատում, կկառուցվեն թեքահարթակներ ու  հին եզրաքարերը կփոխարինվեն նորերով: Շուրջ 200 թեքահարթակ էլ կներկառուցվի այն փողոցներում, որոնցում հիմնանորոգման ծրագիր չի իրականացվելու: Որպես մայթերի բարեկարգման այլընտրանքային տարբերակ, շուրջ 500 միլիոն դրամի սահմաններում կսալիկապատվեն կամ նոր սալիկներով կլրացվեն մի շարք փողոցների մայթեր:  Ճանապարհների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 780 հազար քմ տարածքում, որոնցից 395 հազար քմ-ն՝ փողոցներ և 380 հազար քմ-ն՝ բակային տարածքներ: Այս տարի ևս կշարունակվի հողային կամ գրունտային ճանապարհների ասֆալտապատման գործընթացը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրվել է «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար:  Մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը, այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  վերացվում են փոսերը: 2012-2013 թվականներին  ասֆալտապատված այս փողոցներում ի հայտ եկած որոշակի թերությունները, որպես պայմանագրային նորմ, ճանապարհաշինական ընկերությունները վերացնում են սեփական միջոցներով:

 

 Անկախ

Ավարտվել են ծառերի էտման աշխատանքները

006Բոլոր վարչական շրջաններում մարտից մեկնարկած ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից: Փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, զբոսայգիներում ու բակային տարածքներում իրականցված էտը կազմակերպվել է ագրոպահանջներին համապատասխան: Դրանց հիմնական նպատակը ծառերի բնականոն աճն ապահովելն է: Էտման աշխատանքները նաև անվտանգության ապահովման նշանակություն ունեն:

Ընդհանուր առմամբ, վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ:

Էտի շրջանակում մայրաքաղաքի որոշ ծառեր, օրինակ գնդաձև ակացիաները, գեղարվեստական ձևավորում են ստացել:

Չորացած և կենսական նշանակությունը կորցրած էտված ճյուղերը  տեսակավորվել և  տեղափոխվել են: Ի դեպ, հավաքված փայտանյութը տրամադրվում է մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

“Դատավորը կա՛մ Քաղաքապետարանի, կա՛մ որևէ չինովնիկի ցանկությունն է կատարում”. փաստաբան

Ալբերտ ԿանդալյանԵրևանի Սայաթ-Նովա 10-12, Նալբանդյան 25, Աբովյան 22ա բնակելի շենքերի բակում «Լարկո գրուպը» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցն իսկական պատուհաս է դարձել տեղի բնակիչների համար: Բնակիչները բողոքում են, որ հյուրանոցի կառուցման հետևանքով իրենց բնակարանները կզրկվեն արևի լույսից, ինչպես նաև կքանդվեն իրենց ավտոտնակները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործով փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ հույսը, որ խնդիրը կլուծվի, գնալով նվազում է: Փաստաբանը համոզված է, որ ինչ-որ մի չինովնիկ է աջակցում այդ շինարարությանը:

“Ներկայումս գործը գտնվում է Վարչական դատարանում: Մենք հայց ենք ներկայացրել շինթույլտվությունն անվավեր ճանաչելու: Մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել՝ Քաղաքապետարանից պահանջելով կասեցնել շինթույլտվությունը: Դատարանը մերժել է մեր բոլոր միջնորդությունները: Հիմա էլ մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել”,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դատավորը կա՛մ Քաղաքապետարանի, կա՛մ որևէ չինովնիկի ցանկություն է կատարում:

Ալբերտ Կանդալյանի խոսքով՝ Քաղաքապետարանի ներկայացուցիչները ոչ մի բացատրություն չեն տալիս օրենքի սահմաններում: Դիմում են Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին՝ նշելով, որ շինարարական նորմերից շեղվել է շինարարությունը, իսկ Քաղաքապետարանից պատասխանում են, որ աչքաչափով դիտարկելիս ոչ մի շեղում չեն արձանագրել:

“Քաղքաապետարանը վստահեցնում էր, որ չի շենքը չի խանգարի բակի բնակիչներին: Քաղաքապետարանը աչքաչափով որոշում է, որ բնակիչներից ոչ մի հող չի զավթվել: Մենք դիմել ենք և՛ Մարդու իրավունքների պաշտպանին, և՛ Դատախազություն, և՛ Ոստիկանություն: Այստեղ մեղավոր է Քաղաքապետարանն ու իր չինովնիկները”,- ասաց փաստաբանը:

Սայաթ-Նովա 10-ի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի խոսքով՝ մինչև դատարան գնալը ինքը հույս ուներ, որ այս հարցը արդար լուծում կստանա, բայց դատարան դիմելուց հետո հույսը կորցրեց, քանի որ դատարանը, ըստ նրա, երկարաձգում է դատական գործի ընթացքը, ահա թե ինչու, իրենք ուզում են փոխել գործով դատավորին:

“Ես բաց նամակ եմ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այսօր պետք է հանձնեմ: Նամակներ եմ ուղարկել նաև բոլոր ատյաններին՝ ներկայացնելով իրավիճակը: Նրանցից միայն մեկ-երկուսն են արձագանքել: Այս պահին մեր պայքարը օրենքի դեմ է”,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 16-ից 17-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մաքսանենգության 1 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ