Շարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց

դիլիջանի դպրոցՇարունակվում է ընդունելությունը «UWC Դիլիջան» միջազգային դպրոց եւ UWC քոլեջների ցանց` 2014-2016թթ. համար: 2014 թ. սեպտեմբերին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ:

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ` 10-ը «UWC Dilijan միջազգային դպրոցում» եւ 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:

«UWC Dilijan» միջազգային դպրոցում եւ UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

Բոլոր ցանկացողները կարող են հայտադիմումը լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է 2014թ. փետրվարի 17-ին: 2014թ. մարտին իրականացվելու է դիմորդների ընտրության գործընթացը:

Քանի որ դասավանդումը դպրոցում լինելու է անգլերեն լեզվով, դիմորդները պետք է բավարար չափով տիրապետեն անգլերեն լեզվին:

Ընդունելության հայտում աշակերտները հնարավորություն ունեն հերթականությամբ նշել UWC այն դպրոցների ցանկը, որտեղ ցանկանում են սովորել։

Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC համակարգում դասավանդվում է Միջազգային Բակալավրիատի (IB) դիպլոմա ծրագիրը, որն հետագայում աշակերտներին հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում:

«UWC Dilijan» միջազգային դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

UWC համակարգի տարբեր դպրոցներ առաջարկում են ուսման տարբեր պայմաններ: Օրինակ, Սինգապուրի UWC դպրոցը պատրաստ է մեկ տեղ հատկացնել հայաստանցի դիմորդի համար եւ ապահովում է նրա ուսման հետ կապված բոլոր ծախսերը: Կլինեն դեպքեր, երբ UWC դպրոցները տեղեր կտրամադրեն առանց կրթաթոշակի եւ այդ դեպքում դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում «UWC Dilijan» միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

Անկախ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

կրթաթոշակՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2014-ին կընդլայնվի

Երիտասարդ գիտնականներ, աջակցության ծրագիրԴեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Գևորգ Վարդանյանը նշեց, որ 2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի բյուջեն կազմում էր 100 միլիոն դրամ, և ընդհանուր առմամբ մոտ 1500 երիտասարդներ օգտվեցին այդ ծրագրից։ 2013-14թթ. համար ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի բյուջեն կրկնապատկվեց՝ դառնալով 200 միլիոն դրամ։ «Ինչպես 2012, այնպես էլ 2013-ին գործել ենք 4 հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։ 2013-ին ընդլայնվել է ծրագրի համագործակից կազմակերպությունների թիվը»,- նշեց Գևորգ Վարդանյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մրցութային հիմունքներով երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 33 հայտ, գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման համար՝ 11 հայտ։ Համաֆինանսավորման սկզբունքով գիտության պետական կոմիտեի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հատազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը, որտեղ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ներդրումը հասարակական բնագավառում մեկ գիտական խմբի ֆինանսավորումն է՝ 2 տարվա համար 9 միլիոն դրամ։

Համաֆինանսավորման սկզբունքով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի ԳԼՈԲԱԼ-ի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը՝ ֆինանսավորելով 14 հայտ։ 2013-ին անցկացվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 10 լրագրող։ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, որի արդյունքները կամփոփվեն 2014թ. հունվարին, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը կտրամադրի լրացուցիչ 5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Գևորգ Վարդանյանը նշեց, որ անցած 6 ամիսների ընթացքում մոտ 700 երիտասարդ գիտնական օգտվել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, նկատելով, որ 2013թ. ընթացքում, ՀՀ նախագահի կողմից կրկնապատկվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆոնդը, նշեց, որ այդ միջոցները կուղղվեն դեպի նոր ուղղություններ։ «2014-ին կմեկնարկեն նոր ծրագրեր, ինչը կմեծացնի պոտենցիալ շահառուների թիվը։ Մասնավորապես, առաջին նոր ուղղությունը երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման հարցում աջակցությունն է։ Մենք կաջակցենք երիտասարդ գիտնականներին նաև իրենց գիտական հետազոտությունները, գրքերը տպագրելու գործում։ Հաջորդ նախաձեռնությունն ուղղված կլինի հայկական և արտասահմանյան գիտական խմբերի համագործակցության խթանմանը»,- տեղեկացրեց Կառլեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ 2014-ից կսկսի գործել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պաշտոնական կայքը, որտեղ կներկայացվի ոչ միայն կատարված աշխատանքի հաշվետվությունը, այլև կայքի միջոցով կստեղծվի երիտասարդ գիտնականների բազա։ Բանախոսն ընդգծեց նաև, որ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում երիտասարդ գիտնականների հետ, և հաշվի են առնվում նաև նրանց ակնկալիքները։

 

 

Տարոն Մարգարյանի ատենախոսության ոչ հրապարակային պաշտպանությունը

տնտեսագիտականԱտենախոս Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ոչ հրապարակային անցկացումն ու պաշտպանության հրապարակայնության հանդեպ ՀՊՏՀ-ի և ատենախոսի տածած վախն ինքնին կասկածանքների տեղիք են տալիս և ստիպում մտորելո, որ կամ ատենախոսը չի տիրապետում թեմային, կամ ՀՊՏՀ ղեկավարությունն ու համապատասխան մասնագիտական հանձնաժողովը չեն պատրաստվել սահմանված ընթացակարգով կազմակերպելու հրապարակային պաշտպանությունը և ներսում տեղի ունենալիք ինչ-որ բաներ նպատակահարմար չեն համարվել հանրայնացնել,  կամ եղել է մի երրորդ հանգամանք, որը ստիպել է վերջիններիս վաղօրոք արգելել լրագրողների մուտքը պաշտպանության վայր: Ամեն դեպքում՝ պաշտոնական պատճառաբանություններն առ այն, թե դահլիճը փոքր է, հեռու է տրամաբանական փաստարկ լինելուց, քանի որ. 1. դահլիճի փոքրությունը սովորաբար երևում է այն բանից հետո, երբ ներս են մտնում բոլորը, այդ թվում՝ լրագրողները, և ստիպված են լինում կամ մնալ ոտքի վրա, կամ մուտքի դռան առաջ՝ դժվարանալով ներս մտնել, և անգամ այս պարագայում ոչ ոք իրավունք չուներ արգելելու լրագրողներին՝ թեկուզ դռնից հետևելու ներսում կատարվող գործընթացին: Չենք կարծում, որ լրագրողներն այնքան անտաշ պետք է գտնվեին, որ աղմուկ-աղաղակով խանգարեին պաշտպանությունը: Կրկնում ենք, ՀՊՏՀ ղեկավարությունը վաղօրոք արգելել էր անգամ մեկ լրագրողի մուտքը դահլիճ, ինչն ինքնին կասկածելի է; 2. ՀՊՏՀ ռեկտորատը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ ատենախոսը հանրային անձնավորություն է և ապահովեր ավելի մեծ դահլիճ, որի հնարավորությունը, կարծում ենք, բուհում կար:

Քննվող դեպքի ցավալի կողմերից մեկն էլ այն էր, որ լրագրողներին արգելել են ներս մտնել ոչ թե ոստիկանները, այլ՝ հենց բուհի ուսանողները, որոնց առյուծի բաժինը, բնականաբար, ուսանողական խորհրդի կամ բուհական այլ մարմինների ներկայացուցիչներ էին:

Դեռ ուսանողական տարիներից, հանդիսանալով հասարակականապես ակտիվ ուսանողության ներկայացուցիչ, բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ բուհի ուսանողական խորհուրդը չպետք է հանդիսանա բուհի ղեկավարության կամակատարը, որ ՈւԽ-ն պետք է ծառայի ոչ թե ռեկտորատին, այլ՝ ուսանողին, որ այս մարմինը պետք է լինի իր իրավունքների տերը, բուհի կառավարման մեջ իր 25 տոկոս մասնաբաժնի իրական տնօրինողը: Ցավոք՝ համատարած հանրապետականացումը, ՈւԽ-ն ռեկտորատի գործակալական հատուկ ցանցի վերածման տխրահռչակ ավանդույթների վերածնումը շարունակում են ՈւԽ-ները, հետևաբար նաև՝ ուսանողական դաշտը, պահել համատարած լճացման մեջ: Փաստորեն, ՈւԽ-ները ոչ թե կատարում են ուսանողության շրջանում իրենց վերապահված հույժ կարևոր դերակատարությունը, այլ վերջիններս վերածվել են գործիքի, միջոցով բուհի ղեկավարության կողմից, բառիս վատագույն իմաստով, վերահսկվում է ուսանողական դաշտը:

Ատենախոս Տ. Մարգարյանի այսօրվա ոչ հրապարակային պաշտպանությունը հանրայնացրեց նաև այն զզվելի փաստը, որ ՈւԽ-ներն արդեն բուհերում ունեն նաև ոստիկանի լիազորություններ: Այս ամենի մեջ աբսուրդն այն է, որ ՀՊՏՀ ռեկտորը, փոխանակ ոստիկաններ կանչի և հեռացնի լրագրողներին վիրավորող և վերջիններիս ազատ աշխատանքը խափանող ուսանողներին, ընդհակառակը՝ արդարացնում է վերջիններիս կողմից իրականացրած, ըստ էության, օրինախախտ արարքը՝ ինքնին դառնալով նշյալ օրինախախտության մասնակից: Իր հերթին՝ ցանկացած հեղինակավոր բուհի նույնքան հեղինակավոր ՈւԽ-ի համար պատիվ չէր բերի այն դառն իրողությունը, որ սեփական բուհի տարածքում խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, ավելին՝ վերջինս արժանանում է անպատկառ վերաբերմունքի: ՈւԽ-ն կյանքի է կոչված հենց նաև ա՛յս իրողությունների դեմ պայքարելու համար: Ցավոք, մեր դեպքում ամեն ինչ շրջված է գլխիվայր: Փաստորեն ժամանակն է, որ ՈւԽ-ներին այսուհետ կոչեն  “Ռեկտորատին կից հատուկ ծառայությունների և ոստիկանության բաժին”:

Տարոն Մարգարյանի այսօրվա, արդեն՝ ոչ հրապարակային և այդպիսով՝ կասկածելի պաշտպանության միջոցով տնտեսագիտության թեկնածու քաղաքապետ ունենալու հետ մեկտեղ ունեցանք նաև. 1. Ուսանողական խորհուրդ հասկացողության հերթական խեղաթյուրում և բուհում անառողջ ուսանողական մթնոլորտի արմատացում; 2. վիրավորանքի ու ծաղրի արժանացած լրագրողներ, որոնց աշխատանքը խոչընդոտվեց այսօրվա և վաղվա մտավորականի կողմից; 3. ատենախոսության՝ հրապարակային կոչվող պաշտպանության ոչ հրապարակային դառնալու տխրահռչակ ավանդույթի ձևավորում: Միայն առաջին 2 կետերը բավական են, որ ԿԳ նախարարությունը և ՀՊՏՀ կառավարման խորհուրդը համատեղ արտագնա նիստ հրավիրեն, որի օրակարգային կետերը պետք է դառնան բուհի ներքին կազմակերպական-կարգապահական, ՈւԽ-ի ղեկավար կազմի և ռեկտորի  հրաժարականի հարցերը:

 

Հ.Գ. 2010 թ. սեպտեմբերի 14-ն իմ համար նվիրական օր էր. այդ օրը ես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի համապատասխան մասնագիտական խորհրդում պաշտպանեցի իմ թեկնածուական ատենախոսությունը: Ուրախ կլինեի, ավելին՝ ամեն ինչով կօժանդակեի, որ լրագրողները լայնորեն լուսաբանեին պաշտպանությանս ընթացքը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ատենախոսի պատիվ է բերում պաշտպանության մարդաշատությունը, այդ թվում՝ լրագրողների ներկայությունը, եթե, իհարկե, վերջինս խորապես տիրապետում է իր թեմային և պատրաստ է հիմնավորապես պատասխանելու յուրաքանչյուր հարցի: Համոզված եմ նաև, որ թե՛ մասնագիտական խորհուրդը, թե՛ պատմության ինստիտուտի ղեկավար անձնակազմը, անգամ դահլիճային անհարմարության, ատենախոսի ամենախիստ հրահանգի կամ քմահաճության դեպքում, չէին կարգադրի իրենց ուսանողներին՝ փակելու լրագրողների ճանապարհը, վիրավորելու կամ ցուցաբերելու այլ, լրագրողի մարդկային և մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող պահվածք: 

 

 Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու  

Անկախ

Քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները

10940_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը: Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում քննարկվել է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման հարցը։ Ռուբեն Թոփչյանը զեկուցել է բուհերում իրականացված փորձնական հավատարմագրման գործընթացի արդյունքների մասին և տեղեկացրել, որ փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհերը պետք է ներկայացնեն կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:
Ի թիվս այլ հարցերի, նիստում արծարծվել է նաև հիմնադրամի գործունեության աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը, հաստատվել են հիմնադրամի 2014 թվականի բյուջեն և հաստիքացուցակը:

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի հետ. “Հատկապես այս տարվա  “Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին” խորագիրը, կարծում եմ, խորհրդանշական է, և դուք բոլորդ իսկապես կրում եք  լեռնաշխարհի հայկական ոգին, որն արտահայտել եք ձեր նկարներում: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայ երեխայի հայրենիքի պատկերացումներն ու ընկալումները յուրովի և միաժամանակ առնձնահատուկ ընդհանրություն ունեն: Համոզված եմ՝ այն սերն ու հայրենիքի կարոտը, որը պատկերել եք ձեր նկարներում, կդառնան ձեր ազգային և քաղաքացիական արժեհամակարգի հիմքն ու մշտական ուղեկիցը”,- նշել է նախարարի տեղակալը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք է ասել նաև  Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
“Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին” խորագիրը կրող մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել են 6-18 տարեկան երեխաների աշխատանքներ  18 երկրներից՝  Աբխազիա, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սիրիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Ռուսաստան, Հարավային Օսիա, Հայաստան և Արցախ: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի արվեստի և հանրակրթական դպրոցների սաներ:  Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է  մեթոդական սեմինար: Մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները էլեկտրոնային տարբերակով ժյուրիին են փոխանցել  իրենց նկարները, որոնցից լավագույններն ընտրվել են ցուցահանդեսի կազմակերպման համար, իսկ հետագայում ներառվել  են պատկերագրքում:  Երկրորդ փուլ անցել է 350 աշխատանք, որի արդյունքներով շնորհվել է  10 հիմնական  և 48  խրախուսական  մրցանակ: Լավագույններին տրվել են նաև  առցանց քվեարկության մրցանակներ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրեր և շնորհակալագրեր: Մրցույթին ներկայացված աշխատանքններով հրատարկվել է պատկերագիրք: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցել է “Արմենթել” ընկերությունը:
Հիմնական մրցանակի արժանացել են`                                                         
1. Մոնիկա Ավետիսյան -18 տ., Հարավային Օսիա
2. Արմեն Մավյան-11տ., ԱՄՆ
3. Սամվել Սուջյան-10տ. Ռուսաստան
4. Ռիմմա Հայթյան- 8տ. Ռուսաստան
5. Ակուսթինա Գրիսիքյան-11տ. Արգենտինա
6. Լուսինե Աթայան-14տ. Լեռնային Ղարաբաղ
7. Քախվեջյան Տիգրան- 12տ. Հայաստան,
8.Արսեն Եղիազարյան, Ահարոն Սիմոնյան, Քրիստինե Գևորգյան. Սոֆիա Վարդանյան,   Նոռա Բուռնության, Համասփյուռ Գալոյան, Հասմիկ Գրիգորյան, 12տ. Հայաստան, Գեղարքունիք,
9. Մանվելյան Մարգարիտա-11տ., Շահբազյան Լաուրա-12տ., Ղալամքարյան Նարե- 12տ., Ազատյան Ռիմա-12տ. Բալայան Կամո-13տ., Թորգոմյան Լուսինե-9տ. Համբարձումյան Հրաչ-10տ., Թովմասյան Վահագն-11տ. Հայաստան,
10. Էվելինա Այվազյան-10տ., Ավանեսյան Կարինե-12տ. Վարդանյան Էլեն-12տ., Խանոյան Ռուբեն-11տ., Գրիգորյան Անահիտ-11տ. Հայաստան:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ

կգնԵրևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորել է երկու հանգամանք: Նախ, ըստ նախարարի, ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են արդիական ենթակառուցվածքներ` լաբորատորիաներ, վարժասարքեր, գիտական գործունեության համար համապատասխան միջավայր, հանրակացարաններ և այլ պարագաներ ու գործոններ: “Ծրագրի շրջանակում 3 մլն դոլարի աջակցություն կստանան 10 բուհեր` հնարավորություն ստանալով կյանքի կոչել իրենց զարգացման համար հետաքրքիր և արդիական նախագիծ: Երկրորդ` երկար տարիներ պետությունը միատեսակ էր ֆինանսավորում բուհերին. այսինքն`  որքան ուսանող էր ընդունվում, այդքան գումար էր պետությունը փոխանցում բուհերին` պետական պատվերի շրջանակում ուսումը կազմակերպելու համար: Սա  բավականին պարզունակ մեխանիզմ  լինելով` այնուհանդերձ  ժամանակին թույլ էր տալիս ապահովել բուհական մրցակցություն` ընդունելության քննությունների մակարդակում: Այս համատեքստում Կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը`  հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով  բուհերին լավ, փայլուն գաղափարներով, արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը: Եվ, ահա, Նորարարությունների մրցակցային հիմնադրամը թույլ է տալիս բուհերում զարգացնել նոր տիպի մշակույթ, երբ հնարավոր է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում, շահել պետական դրամաշնորհներ` ներկայացված ծրագրերի արդիականության և արդյունավետության հիման վրա”,-նշել է նախարարը` հավելելով, որ Համաշխարհային բանկի հետ նոր բանակցությունների շրջանակում ՀՀ կառավարությանը հաջողվել է ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով գալիք տարիներին ստանալ լրացուցիչ 6 մլն դոլարի աջակցություն: Արմեն Աշոտյանը շեշտել է նաև, որ ծրագրին մասնակցելու նախապայման էր բուհերի կողմից համաֆինանսավորման սկզբունքը և ցանկալի էր, որ այն կիրառվեր հնարավորինս լայն ճակատով` շահառուների խումբ ստեղծելու, այսպես կոչված, կոնսորցիումների միջոցով: “Այս ճանապարհով մի շարք բուհեր գնացել են և կարողացել մեր տված գումարին զուգահեռ նաև ապահովել աշխատաշուկայում տնտեսության այս կամ այն ճյուղում ներկայացված մասնավոր հատվածի համաֆինանսավորման սկզբունքը, ինչը հետաքրքիր իրադարձություն է, որովհետև մեր խնդիրներից է նաև, որ մասնավոր հատվածի մի մասը դեռևս չի ընկալում մասնագիտական կրթության ոլորտը` ոչ որպես բարեգործության, այլ ներդրումների կարիք ունեցող ոլորտ, որտեղ գումար դնելով` ընկերությունն ապագայում լավ մասնագետների միջոցով ավելի մեծ շահույթ կունենա”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ ապագայում ծրագրերին մասնակցել ցանկացող  բուհերի քանակը կավելանա:
Արմեն Աշոտյանը նաև շրջել տաղավարներում, ծանոթացել բուհերի ներկայացրած նախագծերի մանրամասներին:
Նշենք, որ բուհական համակարգի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային երկրորդ ծրագրի համաձայն:

Ծննդյան հրաշք.եղջերուների աչքերը ոսկեգույնից վերածվում են երկնագույնի

o_866520Արկտիկական եղջերուների աչքերի գույնը` կախված տարվա եղանակից ու օրվա ժամից` փոխում են գույնը: Կենսաբանները պարզել են, որ այդ կենդանիների աչքերն ամռանը  դեղնաոսկեգույն երանգ են ստանում, իսկ ծննդյան  ու ամանորյա տոների ժամանակ` դառնում մուգ կապույտ: Եվ դա խոսում է կենդանիների հարմարվողականության մասին, ինչն օգնում է  ապրել Հյուսիսի անսովոր լուսային պայմաններում:

Հյուսիսային բևեռաշրջանում Ծննդյան տոները զուգադիպում են 10 շաբաթ տևողությամբ մշտական կիսախավարի ժամանակաշրջանի հետ.արև բոլորովին չի երևում ու սկսվում է բևեռային երկարուձիգ օրը:

Նորվեգիայի Տրոմսյոյի համալսարանի մասնագետներին հետաքրքրեց, թե եղջերուներն ինչպես են հարմարվում մութ աշխարհից կուրացնող լուսավոր աշխարհ անցումը, երբ արևի լույսը կուրացնող  է դառնում սպիտակ ձյունից անդրադառնալով:

Դա պարզելու համար, մասնագետները բնիկ եղջերվապահներից` սաամներից փոխ առան եղջերուի աչքեր: Որքան էլ տխուր է` գարնան արևադարձի ժամանակ նրանք մորթում են կենդանիներին: Նորվեգացի գիտնականները վերցրել են աչքի  ամառվա ու ձմեռվա նմուշներ և ուղարկել դրանք Լոնդոնի համալսարանի նյարդաբան Գլեն Ջեֆրիին` անալիզի:

Նա էլ հաստատեց` եղջերուների աչքերը ձմռանը հագեցած երկնագույն են դառնում ,իսկ ամռանը` ոսկեգույն:

Գիտնականների խումբը պարզեց, որ գունային փոփոխությունը կատարվում է ոչ թե աչքի ծիածանաթաղանթի վրա, այլ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի հետևում,  լուսանդրադարձնող մակերեսի վրա,որը հայտնի է tapetum lucidum անունով (բացակայում է մարդկանց մոտ, իսկ որոշ կենդանիների մոտ այն առկա է): Բառացի tapetum lucidum-ը թարգմանվում է “լուսարձակող գոբելեն”: Նման երևույթ կարելի է հանդիպել նաև կատուների մոտ, երբ նրանց աչքերը մթության մեջ լուսարձակում են: tapetum lucidum-ն օգնում է կենդանիներին տեսնել ինչպես մթության պայմաններում, այնպես էլ` լույսի: Սակայն միայն եղջերուների մոտ է աչքի գույնը փոխվում երկարատև ժամանակով:

“Կարելի է ասել, որ եղջերուների մոտ կլինիկական գլաուկոմա է”,կարծում է Ջեֆրին:

Գիտնականներն ուսումնասիրեցին նաև  համալսարանի ուսանողական քաղաքի մոտ ապրող եղջերուների ոչ մեծ նախրի առանձնյակների ու բացահայտեցին. ձմեռվա շրջանում այդ կաթնասունները ենթարկվում են քաղաքային արհեստական լուսավորման ազդեցությանը, ու, ձմեռվա հետ, նրանց աչքերը ոչ թե կապտում են, այլ` կանաչում:

 

Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները

10932_am_3 (1)ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով: Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013 թ. ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ. ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013 թ. բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:
Խորհրդի անդամներն իրենց ելույթներում գոհունակությամբ են խոսել համալսարանում հաշվետու տարում իրականացված բարեփոխումների մասին՝ կարևորելով, մասնավորապես, ամբիոնների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների տրամադրման համակարգի ներդրումը, օտար լեզուների դասավանդման ծավալի ավելացումը, ամբիոնների տեխնիկական վերազինումն ու հագեցվածությունը և այլն:
Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013 թ. կատարված աշխատանքները և հաստատել 2014 թ. բյուջեի նախահաշիվը:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին ծննդյան առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

 Անկախ

32 մեդալ այս տարվա ընթացքում

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին և “Աստղագիտություն” առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե  մեդալ նվաճած դպրոցականներին:
Շնորհակալություն հայտնելով  ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար ՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով  եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները: “Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը և դրա համար մենք շնարհակալ ենք ձեզանից և հպարտ ենք ձեզանով: Շարունակալու ենք վստահել ձեզ և հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական և մենք նաև Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը:”,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի դպրոցականների  համար միջազգային առարկայական օլիմպիադաներում հաջողությունների հասնելն արդեն ավանդական է դարձել, շատ կարևոր է, որ հայ պատանիները երիտասարդներն ու աղջիկները հաջողություններ են գրանցում  նաև սպորտում, քանի սպորտը կրթության կարևոր բաղադրիչներից է, իսկ “Ֆիզկուլտուրա”  առարկայի դասավանդման բարելավումը՝ նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգևների:
Նշենք, որ 2013 թվականին  Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝  ուսանողների ունիվերսիադայում և 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում:

Մանկավարժականի Կուլտուրայի ֆակուլտետում «ուրախ մրցանակաբաշխություն» էր

DSC05463Դեկտեմբերի 20-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տիրեց տոնական տրամադրությունը և լրագրողական մթնոլոտը: Ելույթ էին ունենում հեռուստալրագրության 2-րդ կուրսի ուսանողները՝ «Ամանորյա ուրախ մրցանակաբաշխություն» միջոցառմամբ:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, հեռուստալրագրություն 2-րդ կուրսի ուսանող  Արթուր Գասպարյանը նշեց, որ նախապես իրենց կուրսում անցկացվել է քվերակություն ու առաջարկվել են անվանակարգեր, նման կերպ ցանկացել են հետաքրքիր միջոցառում կազմակերպել: Կես կատակ, կես լուրջ մրցանակներ հանձվեց ուսանողներին: Մրցանակաբաշխության արդյունքում պարզ դարձան կուրսի այս տարվա լավագույն լրագրողները, ամենանորաձևը, ամենաժպտերեսը, ընկերասերը, բանաստեղծ-մտածողը, ասպետը և այլն:

Միջոցառումն ավելի տոնական ու երաժշտական դարձրին Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի սաները՝ երաժշտական պրոդյուսեր Նատալի Քարամյանի գլխավորությամբ:

Մանկավարժական, Կուլտուրայի ֆակուլտետ, «ուրախ մրցանակաբաշխություն»  Միջոցառման մասնակիցները ներկաների հետ միասին վերհիշեցին և վերապրեցին մանուկության և երիտասարդ տարիների հաճելի հիշողությունները` համապատասխան կատարումների միջոցով:  Նրանք ներկաներին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ցանկացած տարիքում յուրաքանչյուրի գիտակցության մեջ մնում են մանկական երազանքներն ու խենթությունները. և որ ոչինչ երբեք չի կարող փոխել մանկության հեքիաթը:

Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանին և կուրսի ղեկավար Դիանա Մարկոսյանին ուսանողները հանձնեցին շնորհակալագրեր՝ միշտ իրենց կողքին լինելու և աջակցելու համար:

Դիանա Մարկոսյանի համոզմամբ կուրսը միասնական է, նրանք ջանք չէին խնայել օրը հիասքանչ դարձնելու համար, հիանալի ու կազմակերպված հետաքրքիր միջոցառում էր:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Կրթության ոլորտի 5 կարևորագույն ձեռքբերումներն ըստ Արմեն Աշոտյանի

Արմեն Աշոտյան (3)«ՀՀ կրթական համակարգի համար անկախության ձեռքբերման առաջին իսկ տարվանից ոչ մի տարի հեշտ չի եղել, ամեն տարին  ունեցել է իր դժվարությունները, 2013-ը բացառություն չէ, մյուս կողմից սա այն տարին է, որով հուսով ենք` ավարտվեց  հետճգնաժամային դժվար տարիների շարքը, և 2014-ը կարող ենք ակնկալել, որ կլինի  կրթության ոլորտում առավել ինտենսիվ գործողությունների և վերականգնման տարի»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

Արմեն Աշոտյանն առանձնացրեց 2013-ի առավել կարևոր հինգ ձեռքբերումները կրթության ոլորտում` մշակվել և արդեն կյանքի է կոչվում ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիրը,   միջազգայնացման  շրջանակներում իրականացվող  աշխատանքները, որի շնորհիվ, օրինակ,  Հայաստանի կրթությունը առավել  ինտեգրված ու սերտ է դարձել միջազգային գիտակրթական հանրույթին, երրորդ` սկիզբ  է դրվել  բուհական ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը,  չորրորդ` ստեղծվել կամ վերագործարկվել  են  73 նախակրթարաններ, որտեղ 1800 երեխաներ կհաճախեն և հինգերորդ` Հայաստանը, լինելով Եվոպական բարձրագույն կրթական տարածքի քարտուղար երկիր,  կարողացել է  «փայլուն իրականացրել իր վրա դրված պարտավորությունները»:

Աշոտյանի խոսքով` ընթացիկ տարում  հաստատվել ու կյանքի է կոչվել դպրոցների վարկանշավորման համակարգը, իրականացվել է նաև բուհերի վարկանշավորում, երկուսի արդյունքներն էլ կհրապարակվեն 2014-ի հունվարին:

Այս տարի ավարտվել է նաև դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ծրագիրը, այժմ այն դասավանդվում է 2-4-րդ դասարաններում:

Հայաստանյան 1350  դպրոցներից 1150-ն ունեն ուսումնական զենք, 22 հազար աշակերտ մասնակցել է ռազմադաշտային պարապմունքների: Ըստ նախարարի` հաջորդ տարի կփորձեն ուսումնական զենքով ապահովել բոլոր դպրոցներին:

Իսկ Երևանի թիվ 119 դպրոցում բացվել է խորացված ֆրանսերենով ուսուցմամբ դասարան, որը դառնալու է հայաստանում առաջին ֆրանսիական լիցեյի նախատիպը:

Աշոտյանը արդյունավետ է համարում տարին նաև միջազգային աշակերտական օլիմպիադաներին մասնակցության առումով. Հայաստանը վաստակել է 15 մեդալ (անկախությունից ի վեր սա երկրորդ լավագույն ցուցանիշն է,  լավագույն արդյունքը եղել է 2012-ին, երբ  հայ աշակերտները 16 մեդալ էին նվաճել):

Այս տարի առաջին անգամ ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը: Ըստ այդմ` բոլոր բուհերը նախապես ֆիքսված չափորոշիչներով պիտի միասնական տեղեկատվական համակարգում մուտքագրեն իրենց գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն:  Աշոտյանն ասում է, որ մի շարք մասնավոր բուհեր հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն: «Մյուս տարի այն բուհերին, որոնք կհրաժարվեն տեղեկատվական համակարգին տեղեկություններ տրամադրել, կզրկենք լիցենզիայից: Եթե բուհը թաքցնելու բան ունի, ուրեմն իրավունք ունենք կասկածել ընթացքող կրթական գործընթացներին և զրկել լիցենզիայից»,- ասում է ԿԳ նախարարը:

Խոսելով ձախողումների մասն` Աշոտյանն ասում է, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, բայց իրականացման տեմպը և խորությունը միշտ չէ, որ բավարարում են:  Ասում է, որ կրթական նախաձեռնությունները դժվար են կյանքի կոչվում,  քանի որ խնդիրներ կան  կրթական բարեփոխումների հանրային ընկալման,  նաև ոլորտի աշխատակիցների երբեմն իներցիոն դիմադրության  առումով:

Արմեն Աշոտյան. Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չկա

Արմեն Աշոտյան (2)«Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չենք տեսնում, խնդիրն ավելի լուրջ է և բազմաշերտ.  և պետության կողմից լուծվելիք խնդիրներ կան, և գիտության որակի հետ կապված խնդիրներ կան, և մասնավոր հատվածում նորարարության պահանջարկի խնդիր կա»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` ի պատասխան Անկախի հարցին, թե ինչու մինչև հիմա Հայաստանում չկա գիտական արդյունքի առևտրայնացման համար պատասխանատու օղակ և ինչ քայլեր են ձեռնարկվում դրա ստեղծման ուղղությամբ:

Աշոտյանն ասում է, որ սովորաբար գիտնականները պնդում են, որ ստեղծել  են որակյալ գիտական պրոդուկտ, որը չի հետաքրքրում մասնավորին կամ էլ չկա գիտական պրոդուկտը առևտրայնացնելու, ներդրում կատարելու մշակույթը, մասնավորն  էլ ասում է, որ իրեն չի բավարարում գիտնականների տված պրոդուկտի որակը կամ ինքն այդքան գումար չունի, որ այդ ներդրումը կատարի:

«Վերցրեք թոփ հազար հարկատուների ցանկը և տեսեք, թե որ ձեռնարկությունում նորարարության ինչ կոմպոնենտ կարող է ավելանալ, դա այդքան շատ չէ, բացառությամբ ՏՀՏ ոլորտի»,- ասում է Աշոտյանը:

Հարցին, թե ինչ իմաստ ունի ԳՊԿ և մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնավոր ծրագրերի ֆինանսավորումը, եթե չեն ներդրվելու տնտեսության մեջ, Աշոտյանը պատասխանեց, թե միանշանակ չի կարելի ասել, որ չեն ներդրվում: Որպես օրինակ` մատնանշում է Սելիմյան հացը. Այն որպես գիտական պրոյեկտ ֆինանսավորվել է ԳՊԿ կողմից:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապօղ օղակ

129 հավակնորդ ստացել է հավաստագիր

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր:

 

Լսողությունը լինում է` լավ, վատ կամ էլ` ընտրողական

ol3001386329614Ձևակերպման սխալ չէ սա. «Hearing Journal» գիտական հանդեսում է ասվում, որ տղամարդիկ ու կանայք պետք է իմանան, որ “ընտրողական լսողությունը” երկու սեռերի փոխհարաբերություններում լուրջ փորձության  կարող է վերածվել:

Նորֆոլքի ու Նորիջի համալսարանների գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել, որոնց մասնակցել է 40 տղամարդ ու նույնքան էլ կին, ու հանգել հետևյալ  եզրակացության. տղամարդիկ շատ ավելի լավ են լսում մեկ ուրիշ տղամարդու  խոսքը, իսկ կանայք` մեկ ուրիշ կնոջ ասածը:

Բացի այդ, ընտրողական լսողությունը ստիպում է, որ մարդիկ արձագանքեն իրենց համար առավել հետաքրքիր բառերին, օրինակ,  տղամարդկանց դեպքում,ասենք` “գարեջուրը” կամ  “Ֆուտբոլը”, կանանց էլ  գրավում են` “շոկոլադն” ու “գնումները”: Ըստ երևույթն, այդ է պատճառը, որ հաճախ կանայք  բողոքում են տղամարդու անուշադրությունից կամ էլ նրան հաղորդված այս կամ այն տեղեկության նկատմամբ անտարբերությունից: Ամենայն հավանականությամբ, դրանք տղամարդու համար հետաքրքիր չեն, կամ էլ  կարևոր, որոշիչ խոսքեր չեն պարունակում:

 

Ա. Աշոտյան. ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է  “Կրթության որակ և համապատասխանություն” երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել: “Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանների միջև իրականցվող համագործակցային ծրագիրը, այդ շարքում հաջողվածներից է: Սակայն մենք ակնկալում ենք, որ մշակված ծրագիրը  պետք է կյանքի կոչվի և դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականությունը և ոչ թե սոսկ ՀԲ-ի վարկային ծրագրի հաշվետվությունը: Սա նոր բովանադկություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական կրթության որակի և չափանիշների, դասավանդման ժամանակակից  մեթոդաբանության ու գործիքների ներդրմանը Հայաստանի բուհերում”,- իր խոսքում նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հայ-ֆիննական համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: Նախարար Ա. Աշոտյանը նաև հատուկ շեշտել է, որ Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է  ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: “ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել:  Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել  համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին”,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր: Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Համաժողովի մասնակիցներին  ողջունել են նաև ՀԲ ներկակայացուցիչ Քրիստիան Այդեն և Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայյունեն: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ   համագործակցությունը շահեկան է եղել  ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի  համալսարանի համար: Եռամյա ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանում ներդրվել է   ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման  նոր մոդել:
Համաժողովի ընթացքում Օուլուի համալսարանի ռեկտոր Լ. Լայյունեն` կրթական արդյունավետ համագործակցության համար  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանին հանձնել է Օուլուի համալսարանի շքանաշան:

 

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

ՀՀ կառավարությունը կքննարկի կրթական համակարգում լավագույն մեթոդաբանության ներդրման հարցը

1_411Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն իրենց աշխատանքային շաբաթ օրը հյուրընկալել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կառավարության ղեկավարին մանրամասն ներկայացրել է ուսուցման կազմակերպման գործընթացը՝ սկսած նախակրթարաններից ավարտած ավագ դպրոցներով: Կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց, միջին դպրոց, վարժարանային, արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներ, մասնագիտական ուսուցման քոլեջ և մեդիակենտրոն:
Վարչապետ Սարգսյանը շրջայցն սկսել է կրթահամալիրի մեդիակենտրոնից, որն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ ուսուցման և կառավարման կենտրոն: Այն ներառում է երկու ակումբ, ունի մեդիասրահներ, այստեղ կազմակերպվում են ընթերցավարների ամենշաբաթյա սեմինարներ: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել կրթահամալիրի կայքը՝ mskh.am-ը, ենթակայքերը, ամսագրերը։
Այնուհետև վարչապետը եղել է գեղարվեստի կրտսեր և ավագ դպրոցներում, թատրոնի և պարի ակումբում, ծանոթացել ավագ դպրոցի արվեստանոցներում իրականացված «Պիկասո» և ընթերցարան-լաբորատորիայում կազմակերպված նախագծային աշխատանքների արդյունքներին: Գեղարվեստի կրտսեր դպրոցն ունի մանկապարտեզային շաբաթօրյա խումբ, իրականացվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասվարների և նախակրթարանների դաստիարակների ամենշաբաթյա սեմինարներ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը. «Մենք կկազմակերպենք մտքերի փոխանակում և բանավեճ՝ կրթական համակարգում լավագույն մեթոդաբանությունը ներդնելու համար, կքննարկենք դրանց հարաբերական առավելությունները, թույլ և ուժեղ կողմերը: Սա խթան է մեզ համար, որպեսզի նոր թափ հաղորդենք կրթական բարեփոխումներին և ընդունենք այն կրթահամալիրները, որոնք հաջողության են հասել, և որոնց նկատմամբ կա նաև ծնողների վստահություն»:

184388 Ընդգծելով երեխայի ինքնադրսևորմանն ուղղված մեթոդաբանության կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բազմազանություն ապահովենք կրթական համակարգում և հնարավորություն տանք մեր տաղանդաշատ ուսուցիչներին, որ նրանք նույնպես ինքնադրսևորվեն և կարողանան այդ կապը հաստատել երեխայի հետ: Մենք ուսումնասիրում ենք այս կրթահամալիրի փորձը, որպեսզի, ստեղծելով հենց այսպիսի միջավայր, կարողանանք բացահայտել երեխայի տաղանդը և շնորհները: Կարևոր է, որպեսզի ուսուցիչները պատրաստ լինեն աշխատել այսպիսի միջավայրում: Բնականաբար, ես կցանկանամ, որպեսզի իմ երեխաներն էլ այսպիսի միջավայրում կրթություն ստանան, որովհետև այն ապահովում է բազմազանություն, ուրույն մտածողություն, ստեղծագործական մոտեցում»:
Կրթահամալիրի մայր դպրոցում վարչապետ Սարգսյանն այցելել է պատանեկան ակումբներ, որտեղ կազմակերպվում են մարմնամարզության և հանրակրթական պարի դասընթացներ, ինչպես նաև կրթահամալիրի դպրոցների խոհարարների սեմինարներ: Հաջորդիվ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ուսումնական հաստատության սաների կազմակերպած համերգին և ողջույնի խոսքում բարձր գնահատել կրթօջախում ձևավորված մթնոլորտի դերը՝ որպես երեխաների դաստիարակության կարևոր գործոն:
Կրթահամալիրի ուսումնական ծրագրերի վերաբերյալ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում սաները վարչապետին են ներկայացրել ՀՀ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների, Արցախի կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Վրաստանի դպրոցների հետ ծավալված համագործակցության և համատեղ ծրագրերի արդյունքները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել աշակերտներին ջերմ ընդունելության համար. «Մեր այցի նպատակն էր՝ ծանոթանալ կրթահամալիրին և կառավարությունում մասնագիտական քննարկում ծավալել, թե կրթական համակարգի բարեփոխումներն ինչպես ենք առաջ տանելու: Այսօր Հայաստանում կան տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի միջնակարգ կրթական համակարգը, և որ մոդելն է առավել ընդունելի մեզ համար»: Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, և զարգացման ուղիով ընթանում են այն պետությունները, որոնք կարողանում են գտնել կրթական համակարգի լավագույն մոդելը և ապահովել իրենց պետության ու ժողովրդի առաջընթացը: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրերին ծանոթանալու հնարավորության համար և ընդգծել, որ ՀՀ տարբեր կրթահամալիրների փորձի համեմատական վերլուծությունը և համադրումը հնարավորություն կտա բովանդակային քննարկումներ կազմակերպել և ճիշտ որոշումներ կայացնել:

Դատարանի վճռով այրվեց ծխախոտը

unnamed (2)«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը Գեղարքունիքի մարզի 50 դպրոցներում իրականացրեց «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Նպատակն էր  դպրոցահասակների շրջանում բարձրացնել առողջության մասին գիտելիքների մակարդակը՝ ապահովելով  առողջ ապրելակերպի մասին ճիշտ պատկերացում ծխախոտի օգտագործման առողջական հետևանքների և դրանցից առաջացած այլ հիվանդությունների զարգացման վերաբերյալ, ինչն իր հերթին կնպաստի ծխախոտի նկատմամբ դեռահասների բացասական վերաբերմունքին:

unnamed (1)Ծրագրի շրջանակներում դպրոցներում 12 տարեկանից բարձր աշակերտների համար իրականացվել են սեմինար-քննարկումներ ծխախոտի վտանգավոր ազդեցության վերաբերյալ, կազմակերպվել է հակածխախոտային պաստառներով ցուցահանդես, բաժանվել են ծխախոտի օգտագործման հակագովազդային պիտակներով կոնֆետներ և համապատասխան բուկլետներ: Իսկ ծրագրի ավարտին իրականացվեց ծխախոտի դատավարություն, և դատարանի վճռով այրվեցին  ծխախոտն ու ծխախոտի տուփը:

Ծրագրի ղեկավար Վահան Դավթյանը նշում է, որ ծխախոտի դեմ տարվող պայքարը դեռևս չի համարվում բավարար, քանի որ բնակչության յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկը համարվում է ծխող, և այդ վնասակար սովորությունը տարածվում է դպրոցահասակ տարիներից, ինչը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն ուռուցքների առաջացման, այլև սիրտ-անոթային, նյարդային, մարսողական, շնչառական համակարգերի, միզասեռական օրգանների և զանազան ախտահարումների հարցում։

10Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Վահան Դավթյանը շեշտեց, որ ծրագրի իրականացումը խիստ արդիական է, ուստի դեռահասների շրջանում հետաքրքիր, որակյալ և ամբողջական տեղեկատվությունը կխթանի, որպեսզի նրանց մոտ մարի ծխելու ցանկությունը, իսկ քաջածանոթ լինելով ծխախոտի վնասակար ազդեզությանը՝ կսկսեն միանալ ծխելու դեմ պայքարին:

Նշենք նաև, որ  «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրն անցկացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն