Ա. Աշոտյանը Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Ա. Աշոտյան,Բրատիսլավայի  պետական համալսարանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի  Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:

Ընդգծելով,  որ սլովակյան կողմի հետ համաձայնություն է ձեռքբերվել ընդլայնել գիտակրթական համագործակցությունը՝  նախարարը նշել է, որ համալսարանը կարող է միջբուհական հարթակի վրա համագործակցել ՀՀ բուհերի հետ ինչպես բժշկական, այնպես էլ հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ: Այնուհետև Արմեն Աշոտյանը հանդիպել է համալսարանի ուսանողության հետ և հանդես եկել դասախոսություն -զեկույցով:  Նախարարը նախ անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմությանը և նրա դերին՝ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, ապա ներկայացրել ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց դիմակայման գործում ազգային կրթության դերը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայ-սլովակյան գիտակրթական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնց հիմքերն այսօր արդեն առկա են: Նախարարը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, այնպես էլ կրթության որակին, աշխատանքային և կրթական միգրացիային,  ուսանողների սոցիալական պաշտպանվածությանը և այլ հարցերի:
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տ. Սեյրանյանը  հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:  Անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին՝  Ա. Աշոտյանը խոստացել է աջակցել Բրատիսլավայում հայկական դպրոց բացելու նախաձեռնությանը, որտեղ կուսուցանվեն  հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է դպրոցն ապահովել դասագրքերով և ուսումնամեթոդական նյութերով, ինչպես նաև  կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում: Արմեն Աշոտյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրը բարձրացնել իր սլովակ գործընկերոջ մոտ՝ առաջարկելով որոշակի աջակցություն ցուցաբերել հայ համայնքի նախաձեռնության իրականացմանը:
ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանն այցելել ու ծաղիկներ են դրել Բրատիսլավայում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողին:

“Վիքիպեդիայի” հիմնադիրը ՅՈՒՆԵՍԿՕ-յի մրցանակ է ստացել

06104959.265155.1798“Վիքիպեդիայի” հիմնադիր 47-ամյա Ջիմմի Ուեյլսը Նիլս Բորի անվան հեղինակավոր մրցանակի է արժանացել, որը հանձնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն` գիտության զարգացման մեջ նշանակալի ներդրումների համար: Համապատասխան տեղեկություն է հրապարակվել ՄԱԿ-ի կայքում:

Մրցանակը հանձնվել է Կոպենհագենում` “Բաց աշխարհ” համաժողովի ժամանակ, որը Նիլս Բորի ատոմի մոդելի 100-ամյակին էր նվիրված: Իր ելույթում Ջիմմի Ուեյլսը հայտնեց, որ մտադիր է շարունակել ինտերնետ-նախագիծը` հանրագիտարանը աշխարհի բոլոր լեզուներով հասանելի դարձնելով:

Քվանտային ֆիզիկայի ակունքների մոտ կանգնած գիտնականներից մեկի`Նիլս Բորի  անվան ոսկե մեդալ է հանձնվում 1985-ից: Բորը կատարյալ էր համարում այն հասարակությունը, որը խրախուսում է գիտելիքների ու համագործակցության ազատ փոխանակումը:

 

Հետազոտության արդյունքում պարզվել է տղամարդկանց և կանանց միջև վարքային տարբերությունների իրական պատճառը

տղամարդն ու կինըՏղամարդիկ անկարող են կռահել կանանց իրական զգացմունքները, անուշադիր են երեխայի լացի ձայնի նկատմամբ և ի վիճակի չեն միանգամից մեկից ավելի գործ կատարել:

Կանայք միշտ չափազանց էմոցիոնալ են, վատ են ընթերցում քարտեզները և զուգահեռ ավտոկանգառի ժամանակ վթարների պատճառ են դառնում:

ուղեղ,տղամարդ, կինՏղամարդիկ և կանայք շարունակ բողոքում են հակառակ սեռի թերություններից, սակայն այժմ գլխուղեղի մասնագետները պարզել են տղամարդկանց և կանանց վարքի կարծրատիպային տարբերությունների իրական պատճառը:

Նյարդաբանները մագնիսառեզոնանսային պատկերման միջոցով ուսումնասիրել են գրեթե 1000 կամավորների գլխուղեղներ և պարզել, որ կանանց ու տղամարդկանց գլխուղեղի կենտրոնների միջև կապերը հիմնովին տարբեր ձևով են հաստատվում:

Սեռերի միջև տարբերությունները այնքան խորքային են, որ տղամարդիկ ու կանայք կարող էին նույնիսկ առանձին տեսակներ համարվել:

Տղամարդկանց գլխուղեղում ավելի շատ կապեր են առկա յուրաքանչյուր կիսագնդի ներսում և գլխուղեղի առաջնամասի ու հետնամասի միջև: Սա նշանակում է, որ տղամարդիկ ավելի տրամաբանող են, լավ են կոորդինացնումից և տարածական իրազեկումից:

Կանանց մոտ ավելի շատ կապեր կան երկու կիսագնդերի միջև, ինչը վկայում է նրանց առավել ինտուիտիվ բնույթի, ավելի շատ էմոցիոնալ բանականության և դեմքեր ու բառեր ավելի լավ հիշելու կարողության մասին:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences թերթում: Հետազոտությունը ղեկավարած Պենսիլվանիայի համալսարանի դասախող Ռագինի Վերման նշում է, որ տղամարդկանց գլխուղեղը առավել հակված է ընկալումը կապել կատարման հետ, այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի լավ են օրինակ՝ նոր սպորտաձև սովորում:

Իսկ կանանց գլխուղեղը ստեղծված է սրտի և մտքի հետ կապված հարցեր լուծելու, ինտուիցիայի ու վերլուծության միջոցով այլոց պահվածքը ուսումնասիրելու և մեկնաբանելու համար:

 

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

հհ-սլովակիաՄեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն:  Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է`  այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է.  բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը: “Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են  համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, և այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:  Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի,  մեկ անգամ ևս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական  գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ  այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում: Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց  պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում:

 

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրատիսլավա

Արմեն-ԱշոտյանԴեկտեմբերի 4-6-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի և Սլովակիայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ժարոմիր Պաստորեկի հետ: Պատվիրակությունը կայցելի  նաև Բրատիսլավայի  Կոմենսկու անվան պետական ն և Սլովակիայի գյուղատնտեսական համալսարաններ:

«Գիմազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

մեդալՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած  դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:
Նշենք, որ “Գիմազիադա-2013” խաղերի ծրագրում  ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցել  բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել  դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:

«Եղեգան փողը» աշակերտների գրչով կպատմի աշակերտների առօրյայից

153 դպրոց«Եղեգան փող». այսպես է կոչվում դպրոցական ամսագիրը, որն արդեն պատրաստ է հրատարակության  և  մի  քանի օրից  կներկայացվի Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի աշակերտների ու ծնողների դատին:

Ամսագիրը  հրատարակվում է դպրոցի մանկավարժական կազմի և աշակերտական խորհրդի անդամների ջանքերով:  Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ամսագրի  խմբագիր  Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նյութերի հեղինակները դպրոցի աշակերտներն են, որոնց, բնականաբար, օգնում են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները. «Երբ երեխային արժևորում ես,  համարձակություն ես ներշնչում, շատ ավելի լավ է աշխատում: Երբեք չենք ասում` ընդունակ չես, չես կարող: Երեխաներն էլ իրար մեջ մրցում են, թե ով ավելի լավ նյութ կգրի, որպեսզի իր նյութը հայտնվի թերթում»:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ թերթի հրատարակումով նախ և առաջ նպատակ ունեն դպրոցական անցուդարձից տեղյակ պահել թե աշակերտներին, թե ծնողներին: Այդ իսկ պատճառով  թերթի համար ընտրել են «Եղեգան փող» անվանումը, քանի որ այն դպրոցի կյանքն է լուսաբանում, «դպրոցի եղեգան փողն է»:

Նախկինում դպրոցը թերթ հրատարակելու փորձ ունեցել է: Ըստ այդմ, Սարգսյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում է ժամանակին տեղեկանալ, թե ինչ է կատարվում դպրոցում, որտեղ իր երեխան է սովորում: Պարզապես աշակերտների թվաքանակով թերթը տպելը ծախսատար է, ուստի կտպեն այնքան, որքան դպրոցի միջոցները կբավարարեն: Հույս ունեն, որ «Եղեգան փողը» լույս կընծայվի երկու ամիսը մեկ, չնայած ասելիքը շատ է, և ամեն ինչ լուսաբանելու համար շաբաթական պարբերականությունը հազիվ բավարարեր:

Թերթն ունի մի քանի բաժիններ, որոնք կոչված են թե՛ կրթելու ընթերցողին, թե՛ տեղեկացնելու դպրոցի կյանքից:

Խորագրերից մեկը երեխաներին տեղեկացնելու է, թե դպրոցին հարակից փողոցներն ում անունով են կոչված, երբվանից և ինչու, նաև ներկայացնելու է անվանակրի վաստակը, կենսագրությունը:

Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նման միտք առաջացել է, երբ աշակերտներից մեկը չի իմացել, թե իր բնակության փողոցն ում անունով է: «Երեխան պիտի իմանա գոնե իր բնակավայրի կենսագրությունը:  Այս խորագրով  երեխայի մեջ ձևավորվելու է հետաքրքրասիրություն, որը  փողոցից անցնելու է մեկ այլ ոլորտ, օրինակ` երաժշտություն լսելիս էլ պիտի փորձի հասկանալ, թե ով է հեղինակը, որ գործն է հնչում, ինչ բովանդակություն ունի: Այսինքն` սրանով փորձում ենք այդ անտարբերության քողը երեխայից մի կողմ  տանել»,- ասում է Անուշ Սարգսյանը:

Հաջորդ խորագիրը կոչվում է «Մեր թոթովանքները»: Այստեղ զետեղվում են դպրոցի շնորհաշատ աշակերտների ստեղծագործությունները` բանաստեղծություններ, արձակ գործեր, անգամ կտավների լուսանկարներ: Սարգսյանի խոսքով` խորագրի անվանումը  պատահական չէ. ներկայացվածը երեխաների առաջին քայլերն են, թոթովանքներն արվեստի ոլորտում. «Ստեղծագործող երեխային գոնե խթան պիտի տանք,  ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի երեխան հասկանա, որ իր աշխատանքը նկատել ու գնահատել են»:

Ամսագրում  տեղ է հատկացված նաև տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտների արձանագրած հաջողությունները լուսաբանելուն: Առաջիկա համարում, օրինակ, կներկայացվեն դպրոցի  կարատեի երեք չեմպիոնները, որոնք վերջերս են մրցանակի արժանացել տարբեր տարիքային խմբերում:

«Չեմպիոնների դպրոց ենք առանց սպորտդահլիճի»,- արձանագրում է Սարգսյանը:

Թերթի առանցքային նպատակներից է լինելու  Ռաֆայել Իշխանյան անձի, քաղաքացու ճանաչումը. « Երեխան պիտի իմանա, թե ում անվան դպրոցում է սովորում, ինչու է դպրոցն անվանակոչվել Ռաֆայել Իշխանյանի անունով, ի վերջո,  սովորի, որպեսզի անցյալի բազմաթիվ սխալները չկրկնի, ապագան պիտի լինի սխալների ուղղման, դաս քաղելու ապագա»:

Թերթի առաջին համարում կներկայացվի Իշխանյանի կենսագրությունը,  նաև տարվա կտրվածքով Իշխանյանին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ, տարրական դասարաններում աշակերտները վայելչագրության տետրերում կարտագրեն Ռաֆայել Իշխանյանի մտքերը, որոնք թևավոր խոսքերի են վերածվել` վայելչագրության մրցույթի նյութ դառնալով: Սարգսյանն ասում է, որ այսպիսով երեխաները, մի կողմից,  Իշխանյան են սովորում, մյուս կողմից` վայելուչ գրելու արվեստին են տիրապետում:

Միջին դասարաններում շեշտը կդրվի ուղղագրության ուսուցման վրա, ինչի համար կկիրառվի Ռաֆայել Իշխանյանի «600 բառ» գրքույկը: Մի քանի դասարանների կհանձնարարվի սերտել որևէ բաժին, ապա ուղղագրությունից կմրցեն միմյանց հետ, որից հետո նաև կհանձնարարվի բառերի բացատրությունը ներկայացնել  հոմանիշներով: «Այսպես խաղը վերածվում է գիտելիքների բազայի հարստացման մի յուրատեսակ մեթոդի»:

թերթՆախատեսվում է նաև Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ  պատմություն հայոց» նոր հրատարակված  գրքի շնորհանդես-միջոցառում իրականացնել  դպրոցում, որտեղ գրքից վերցված պատմական դրվագները  կներկայացվեն թատերականացված ձևով:

Իսկ Իշխանյանի ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում  դասղեկական ժամերը կանցկացվեն Իշխանյանի անվան սենյակում, որտեղ աշակերտները ևս մեկ անգամ կկարողանան մոտիկից ծանոթանալ նրա  վաստակին ու գաղափարներին:

Ամսագրի խորագրերից մեկն էլ լուսաբանում է դպրոցի համագործակցությունը ծնողների հետ: Այս տարվա սեպտեմբերին աշակերտական խորհուրդն առաջարկել  և մանկավարժական խորհուրդն էլ հավանության է արժանացրել դասղեկական ժամերին որոշակի պարբերականությամբ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների հրավիրելը, որպեսզի դասաժամը նրանք վարեն: Ծնողներն աշակերտներին են ներկայացնում իրենց մասնագիտության յուրահատկությունները, խորհուրդներ տալիս ոլորտով հետաքրքրվողներին:  Նախաձեռնությանը միացել է նաև դպրոցի հոգեբանը, որ տարբեր թեմաներով քննարկումներ է կազմակերպում դպրոցականների հետ:

«Սա  խթան է մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև հիմնական դպրոցի առաքելությունն է նաև աշակերտի մասնագիտական կողմնորոշումը, քանի որ երեխան ավագ դպրոց գնալիս արդեն  պիտի կողմնորոշված լինի, թե  որ մասնագիտացված խումբը պիտի գնա և ինչ ոլորտ է նախընտրում: Ահա սա երեխաներին կողմնորոշելու ձևերից մեկն է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ սա նաև ամրապնդում է ծնող-դպրոց կապը:

Ամսագրի վերջին էջը հատկացված է վիկտորինային: Այստեղ ներառված են հարցեր, որոնց պատասխաններն աշակերտները կարող են գտնել «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքում: Առաջիկա համարում, օրինակ` աշակերտից կպահանջվի իմանալ, թե որն է հայերի մարդաբանական տեսակը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչպես էին հայկական լեռնաշխարհն անվանում Միջագետքի հին բնակիչները` աքքադացիները, Արտաշեսյան արքայատոհմի որ թագավորն էր, որ գլուխ չխոնարհեց Կլեոպատրայի առջև և գլխատվեց, ով է Տիգրան  Մեծին կնքել Արքայից արքա տիտղոսով և այլն:

Հայկուհի Բարսեղյան

Անկախ

 

Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը

կգնԻնչպես Անկախին տեղեկացնում են ԿԳՆ-ից, նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին”: Համաձայն հրամանի` սահմանվել են օտար լեզուներից, ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը`
Անգլերեն  – 54 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 61 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 79 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ֆրանսերեն  – 200 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 300 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 400 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Գերմաներեն  – 60 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 80 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 100 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ – 35 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 25 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 20 միավոր /հումանիտար-բանասիրական/:

 

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը ներկայացվեց օտարերկրյա դեսպաններին

դիլիջանի միջագային դպրոցՆոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:

«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ», – archive2.ankakh.com-ին հայտնեց  IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:

«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», – ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել:  Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», – նշել է ԱՄՆ դեսպանը:

«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում:  UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», – ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն:

UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է։ Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School» կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը:

Ընդունելության գործընթացին կարող եք ծանոթանալ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում – www.am.uwc.org կամ (010) 583346 հեռախոսահամարով։

Կմեկնարկի «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» խորագրով ֆորումը

ՈԱԱԿ«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-ից 3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը (անցկացման վայրը` Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճ):

Ֆորումի շրջանակում կքննարկվեն ՀՀ կրթության որակի ապահովման հիմնախնդիրները, բուհերի փորձնական ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացները, որակյալ կրթության մարտահրավերները: Միջազգային փորձագետների կողմից կներկայացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան ՈԱԱԿ-ի նախնական արտաքին գնահատման արդյունքները:

Ֆորումի բացմանը ելույթ կունենան Նիդերլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը և ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Հայկ Քոթանջյանը:

Զեկույցներով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Առաջին նիստը կնախագահի ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի «Անցումային ժամանակաշրջանը որակի ապահովման համակարգում. արդյունքները, խնդիրները և հաջորդող բարելավումները» զեկույցը:

Բարձրագույն ուսումնական և մասնագիտական ուսումնական հաստատությունների պատասխանատուները, որակի ապահովման փորձագետները, դասախոսները, որակյալ կրթությամբ շահագրգիռ անձինք, ուսանողները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց փորձն ու գիտելիքները, քննարկելու ոլորտում առկա հիմնախնդիրները:

Ֆորումի երկրորդ օրը միջազգային փորձառու մասնագետները կվարեն աշխատաժողովներ հետևյալ թեմաներով`

Բոլոնիայի գործընթացի շրջանակում կրթության արդիականացումը և ազդեցությունը մասնագիտական կրթական ծրագրերի վրա,

Արտաքին և ներքին շահակիցների ներգրավումը` աշխատաշուկայի և շրջանավարտների պահանջներին համապատասխան,

      Արվեստի բուհերի և կրթական ծրագրերի արտաքին գնահատման առանձնահատկությունները:

 «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումի իրականացմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և Երևանի պետական կոնսերվատորիան: 

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը

կառավարությունԱյսօր տեղի ունեցած նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ: Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հասարակության հետ կապերի պատասխանատու է նշանակվել Աստղիկ Ավետիսյանը:

Աստղիկ Ավետիսյան

Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու: Աշխատել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, Հայաստանի հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա տնօրենի խորհրդական, «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի տնօրեն: Դասախոսել է Հայ-Ռուսական (Սլավոնական) և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահն է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և տեղական ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների ու սեմինարների: 4 գրքի և տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

 

 

Մեկնարկել է «Հանրային հաղորդակցություն. Արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովը

գիտաժողով    Երևանում այսօր մեկնարկեց «Հանրային հաղորդակցություն. Արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովը, որի նպատակն է վեր հանել ակադեմիական և գործնական ոլորտներում տեղի ունեցող հաղորդակցության և PR գործընթացները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ցանցի ստեղծումը:

Գիտաժողովի հատուկ հյուրն էր Կիևի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ, տեղեկատվական պատերազմների, մարքեթինգի և ռազմավարական հարցերի տեսաբան Գեորգի Պոչենցովը, ով իր խոսքում կիսվեց իր բազմամյա փորձից, ինչպես նաև խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք առկա են ոլորտում: Իր ելույթում ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտ. թեկնածու Արման Սաղաթելյանը նշեց, որ «ոլորտի զարգացման գործում դեռ մեծ աշխատանք կա կատարելու, շատ լուրջ աշխատանք: Այդ թվում և կրթական, և գիտական մակարդակներում անհրաժեշտություն կա իմի բերելու անցած տարիներին ձևավորված բոլոր մոտեցումները և մշակելու միասնական մեթոդաբանություն: Խնդիր ունենք նաև դասագրքերի հետ, քանի որ այսօր գիրք գրելը ոչինչ չարժի, և ամեն մարդ կարող է գիրք գրել, այդ թվում և ոլորտի հետ կապ չունեցող, ու այդ դասագրքերը հեշտությամբ հասանելի են դառնում մեր ուսանողներին», -նշեց նա` ուշադրությունը հրավիրելով այդ խնդրին: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտ.դոկտոր , պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն էլ, համաձայնելով Ա.Սաղաթելյանի հետ, որ ունենք մեթոդաբանության, դասախոսների ու դասագրքերի խնդիր, նշեց. «Մեր հասարակությունը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է, հասարակական վարքի անորոշությունը շատ մեծ է, ինչը դրսևորվում է նաև ԶԼՄ-ներում: Հաշվի առնելով նաև առկա տեղեկատվական պատերազմը` մի ձեռքով պետք է զբաղվենք ակադեմիական աշխատանքով, իսկ մյուս ձեռքով` նաև պրակտիկ ներդրում ունենանք այդ պատերազմում: Այս ճանապարհով մենք հաղթանակ կարձանագրենք»:

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ` ԵՊՀ դասախոսներ, PR մասնագետներ, լրատվամիջոցների ղեկավարներ և այլն: Գիտաժողովը բաժանված է թեմատիկ սեկցիաների: Առաջին սեկցիայում, օրինակ, քննարկվեցին հանրային հաղորդակցության ոլորտի արդի հիմնախնդիրները, PR-ի զարգացման միտումները, երկրորդ սեկցիան նվիրված էր ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին: Երրորդ սեկցիան`երիտասարդ մասնագետի ամբիոնն է:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոնը: Աջակիցներն են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), SPRING PR ընկերությունը և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC):

 

Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է «IB World School» կարգավիճակի հավաստագիր

Դիլիջանի_միջազգային_դպրոցի_լոգոԴիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը:

IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության եւ մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով նախապատրաստելով աշխարհի լավագույն համալսարաններ ու քոլեջներ ընդունվելու համար:

«Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL) եւ երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը եւ ակտիվորեն ներգրավված լինել զանազան  ստեղծագործական, սոցիալապես ակտիվ  եւ կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:

Ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Dilijan անվանումը:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա:

Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:

Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանան Beeline կրթաթոշակ

բիլայնի կրթաթոշակ«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսանողները մրցակցային հիմունքներով կարող են ստանալ Beeline կրթաթոշակ մինչև 300.000 դրամի չափով: Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են` սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում:

«Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ,  օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարևորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլև ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»  ընկերության հետ և հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկը: Երկրորդ փուլում Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին: Կրթաթոշակի գումարը չի կարող գերազանցել ուսանողի մեկ ուսումնական կիսամյակի համար նախատեսված գումարի չափը:

 Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից զանգահարելով  +374 10 552945 (ներքին 5109) կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում` ընկերությունների պաշտոնական կայքերում

 https://www.facebook.com/BritishCouncilArmenia և https://www.facebook.com/beeline.am

ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությունը պարտադիր է

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն: Նախարարը խնդրել է մարզպետների և քաղաքապետի հանձնարարականն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ուսումնական հաստատություններում կիրառել բացառապես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ուսումնական գրականություն և ուսումնադիտողական պարագաներ:
Նմանատիպ բովանդակությամբ հանձնարարական նախարարը տվել է ՀՀ ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Աշոտյանը գյումրեցիներին.«Կամ ես ձեզ կտանեմ զագս, կամ դուք ինձ՝ դատախազություն»

Աշոտյան (1)archive2.ankakh.com-ն անդրադարձել է Գյումրիում երեք բուհերի միավորման և նոր բուհական հաստատության ստեղծման խնդրին: Երևանի պետական գեղարվետի ակադեմիայի, կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերի միավորման հարցի շուրջ բողոքի ակացիաներով հանդես եկան ինչպես ուսանողներն ու նրանց ծնողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Արդյունքը եղավ այն, որ կրթության և գիտության նախարարն անձամբ սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեց՝ կժամանի Գյումրի`  հարցը տեղում քննարկելու և առաջարկությունները լսելու:
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացածի համաձայն Գյումրիում էր ու հանդիպեց այս երեք բուհերի դասախոսների ու ուսանողների հետ:
«Գաղտնիք չէ` ինձ այսօր ինչն է բերել այստեղ. մեր առաջարկությունը՝ Գյումրիում գործող երևանյան երեք բուհերի մասնաճյուղերի հենքի վրա ստեղծել Գյումրու սեփական պետական արվեստների ակադեմիա: Գաղափար, որն ունի կողմնակիցներ և, բնականաբար, հակառակորդներ: Ես չեմ եկել ձեզ ինչ-որ բան համոզելու, առավել ևս պարտադրելու,  եկել եմ ավելի շատ ձեզ լսելու: Գիտեք, որ ծրագիրը չի վերաբերում միայն արվեստի բուհերին, ունենք նաև գաղափար ապագայում ստեղծել Գյումրու պետական համալսարան:

Ի դեպ, ամենահետաքրքիրն ու հաճելին այն է, որ երբ հեռավոր 2009թ. ես նշանակվեցի նախարար, նման տեսակի խոսակցություններ, առաջարկություններ, ինձ անում էին հենց գյումրեցիները: Որ Գյումրին արվեստների մայրաքաղաք է, ինչու մենք չունենք արվեստի սեփական բուհ, Գյումրիում է ստեղծվել Երևանի համալսարանը, հետո տարել եք Երևան, ինչու մեզ մոտ, հանարապետության երկրորդ քաղաքում, պետական համալսարան չեք բացում: Հիմա, երբ ես այդ առաջարկություններին հավաքական ձև և ընթացք եմ տվել, եկել ենք ձեզ մոտ քննարկելու՝ արդյո՞ք ձեր ցանկությունն ուժի մեջ է, թե ոչ:

Ես հասկանում եմ բոլոր տեսակի մտահոգությունները. միավորելով երեք մասնաճյուղերը մեկ առանձին արվեստի ակադեմիայի հարկի ներքո, վտանգ կա, որ երեք մասնաճյուղերն էլ կկորցնեն իրենց օրգանական, տարիներով մշակած հարաբերությունները երևանյան արվեստի մայր բուհերի հետ: Այս մտահոգությունը ես ընդունում եմ: Երկրորդ մտահագությունը կոլեկտիվների ներսում ունեցած խնդիրն է, թե ինչ վարչական կառուցվածք է ունենալու, ով է աշխատելու, ով ոչ, կրճատումներ լինելու՞ են և այլն, շատ բնական մտահոգություն: Երրորդ մտահոգությունն ուսանողներինն է. եթե բուհը ստեղծվի, ինչպիսի դիպլոմ է տալու այդ բուհը, դիպլոմի ճանաչման հետ կապված ուսանողները խնդիրներ կունենան, թե չէ:

ԱշոտյանԱյն, ինչ  մենք ուզում ենք անել, իրականում թանկ հաճույք է, որպեսզի այս միավորումը կայանա, աճի, զարգանա, նվազագույնը, հարցի լուծման ամենամեկնարկային գինը շուրջ 100 մլն դրամ է: Ես նայել եմ այս բուհերի ֆինանսական կողմն էլ ու տեսել, որ հիմնականում ֆինանսական դոտացիաներ կան երևանյան բուհերից: Այսինքն, եթե մենք ստեղծում ենք առանձին բուհ, ակնհայտ է, որ մայր բուհերն էլ փող չեն տալու, դա պետք է տա պետությունը: Հավելյալ գումար պետք է ծախսի, ինչին մենք պատրաստ ենք գնալու, եթե ձեզ հետ միասին գալիս ենք այն եզրակացության, որ Գյումրու հեռանկարի համար այս պրոեկտը ճիշտ է»:
Գյումրեցի ուսանողները նախարարին դիմավորեցին պաստառներով, որոնք արտահայտում էին իրենց տեսակետը, ինչը նախարարը շատ խուսուն համարեց:
«Մի կատակ եմ ուզում անել. ինձ հիշեցրեցիք դրվագ հայտնի ֆիլմից՝«Կովկասի գերուհին», որտեղ գլխավոր հերոսներից մեկն ասում է. էսքանից հետո կամ ես իրեն տանում եմ զագս, կամ ինքն ինձ տանում է դատախազի մոտ: Հիմա մոտավորապես նման իրավիճակ է մեզ մոտ: Ես ուզում եմ մենք գնանք զագս»: Հավաքվածները նախարարին պատասխանեցին իր հումորի մեջ. «Կա դրա «Խաթաբալայի»  տարբերակը, երբ Կեկելին զոռով նշանում են»:

«Շատ լավ օրինակ բերեցիք, ես ձեզ խոստանում եմ, մինչև չսիրեք չեմ ամուսնացնի», – հակադարձեց նախարարը:
Ապա Արմեն Աշոտյանը լսեց երեք բուհերի կարծիքներն էլ, որոնցից միայն մեկն է կողմ միավորմանը, և խոստացավ քննարման արդյունքների ու առաջարկների մասին զեկուցել վարչապետին:

 

Մարիամ Խալաթյան

Ա. Աշոտյան. “Վերջին չորսուկես տարիների ընթացքում որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից”

աշՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով “Էվրիկա” հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել կրթօջախի շենքային պայմանների, լաբորատորիաների և մարզադահլիճի բացակայության ու տեխնիկական հագեցվածության անբավարարության վերաբերյալ: Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և առաջիկայում ամեն ինչ կարվի`  հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ:
Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր, որտեղ ևս Ա. Աշոտյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Հաստատության տնօրենը նշել է, որ քոլեջի շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս ևս չկա. ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի: Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաև բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչը, ըստ  նախարարի, ևս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:
Նախարարի հերթական այցը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր, որտեղ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության առաջարկությունը` մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման և նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: “Ընդունելով ձեր մտահոգությունը՝ կառավարությունը որոշել է հետաձգել որոշման ընդունումը մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային  չի եղել. այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող և նախկին ռեկտորների, ինչպես նաև մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝  պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ  որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Ավելին ասեմ` շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում: Այսուհետ ևս այդպես է լինելու: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսությունը, հանրային բաց քննարկումները, լավագույն որոշումների կայացման քաղաքականությունը. որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները և վստահեցնում եմ ձեզ, որ վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա”,- նշել է նախարարը` բուհի անձնակազմից գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջելով: Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Արմեն Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, և երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երևանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն:  Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը: “Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական  մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել:  Համալսարանի ձևավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել  այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Որոշումը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, իսկ որոշում վստահաբար կլինի` անկախ ձևաչափից, անկախ կազմակերպաիրավական ձևակերպումներից, նպաստելու է Լոռու մարզում երիտասարդության համար լրացուցիչ կրթական ծառայությունների և՛ որակի, և՛ քանակի ավելացմանը: Սա է մեր նպատակը: Դժվար հարց է, ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին և նեղ անձնական շահերին: Մենք պետք է փորձենք լսել բոլորին և կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, և Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա, քանի որ մարզում կա նոր տիպի և նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ լինեն: Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում: Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում”,-նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարի հաջորդ հանդիպումը ՎՊՄԻ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Այստեղ բուհի կոլեկտիվին հուզում էր հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը: “Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք”,- բուհի պրոֆեսորադախասոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է նախարար Աշոտյանը` ևս մեկ անգամ վստահեցնելով, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. “Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել և չունի, և զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է”,-ընդգծել է Ա. Աշոտյանը:
Մարզային այցի ավարտին նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, որ Վանաձորի բուհերի միավորման հարցը կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկվել` առանց հանրային քննարկումների և առանց Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենի իմացության, նախարարը պատասխանել է, թե “հանրային քննարկում” ասվածը չի նշանակում, որ բոլորի հետ առանձին-առանձին հարցը պետք է քննարկվի: “Հանրային քննարկումը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է հասանելի լինի և բաց լինի հանրությանը, ինչն արվել է: 6-7 ամիս փաստաթուղթը եղել է շրջանառության մեջ. դրա մասին տեղյակ է եղել  մայր բուհի ղեկավարությունը, Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենը: Եթե վերջինս եկել է ինձ մոտ այդ մտահոգությամբ, ուրեմն տեղյակ է եղել: Հանրային քննարկում չի նշանակում նաև, որ իրենք պետք է ինձ համոզեն, որ իրենց տեսակետը ճիշտ է: Հանրային քննարկում չի նշանակում, որ ես պետք է բոլորին համոզեմ, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, այլ նշանակում է` ստեղծել հնարավորություն կարծիքներ փոխանակել, հիմնավորումներ բերել”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհերի միավորումը հենց վանաձորցիների պահանջն է եղել ու ակնկալիքը: “Վանաձորցիներն ինձ բազմիցս մոտեցել են հարցով`  ոնց է Գորիսում պետական համալսարան կլինի, Գավառում կլինի, փոքր քաղաքներ են, իսկ մենք մեծ քաղաքներ ենք և պետական համալսարան չունենք: Նույնն ինձ ասել են գյումրեցիները”,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախարար Ա. Աշոտյանի հերթական մարզային այցը Գյումրու տարածաշրջան է:

 

Հայապահպանությունը Ռումինիայում. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա»

գիտաժողովՀայ և ռումինացի գիտնականները քննարկել են ռումինահայերի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր երկու երկրների մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին ռումիներենը , հայերենը և անգլերենը:

Հայաստանից գիտաժողովին մասնակցել է 9 անձից բաղկացած պատվիրակություն`  ԵՊՀ  Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանի գլխավորությամբ: Գիտաժողովի ընթացքում հայ և օտարերկրացի մասնագետները 30 զեկույց են ներկայացրել` նվիրված ռումինահայերի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

հակոբ սիրունիԳիտաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակներից էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը: Նրա «Հակոբ Սիրունին և նրա «Պոլիս և իր դերը» մենագրությունը»  զեկույցը ներկայացնում է ռումինահայ ականավոր գործիչ, պատմաբան, հայագետ, արևելագետ և գրականագետ  Հակոբ Սիրունու բացառիկ քառահատոր աշխատությունը, որին անգամ նրա  ռումինագիր կենսագիրներից   մեկը, որ մասնակցում էր գիտաժողովին, ծանոթ չի եղել:

Հակոբ Ջոլոյան Սիրունին ծնվել է Կոստանդնուպոլսում 1890 թ.: 1911-ին նա Պոլսում հրատարակում է «Մարմնամարզ» հանդեսը, որը  նպատակ ուներ հայ երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակել և առողջ ապրելակերպ քարոզել: Եղեռնից փրկված Սիրունին 1922-ին Բուխարեստ է մեկնում` ինչ-որ գործով ռումինացի ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգային հանդիպելու համար: Այստեղ է, որ Յորգան, հիացած հայ երիտասարդի գիտելիքներով, նրան առաջարկում է մնալ Ռումինիայում: Հետագայում, սակայն, Սիրունին Սիբիր է աքսորվում ազգային գաղափարների համար, ապա պատիժը կրելուց հետո նորից Ռումինիա վերադառնում: Սիրունին մահացել է 1973-ին: 2012-ին Ռումինիայի  գիտությունների ակադեմիան Սիրունուն հետմահու շնորհեց ակադեմիայի անդամի կոչում:

«Պոլիս և իր դերը» մենագրությունը Սիրունին գրել է կաթողիկոսի խնդրանքով: Այստեղ ներկայացնում է Կոստանդնուպոլսի պատմությունը` Բյուզանդիայից սկսած:

«Հայերենով, թուրքերենով կամ որևէ այլ լեզվով, էլ չեմ ասում օսմաներենով, չկա մի աշխատություն, որ հակակշռի այս գործին, այսինքն` այսօր սա անմրցելի կոթողային գործ է Պոլսի պատմության մասին,- ասում է Ստեփանյանը` հավելելով,- եթե այս աշխատությունը և նման գրքերը թարգմանվեին կա՛մ ֆրանսերենով, կա՛մ թուրքերենով, կկարողանայինք բազմաթիվ խեղաթյուրումներ կանխել, թույլ չէինք տա, որ մեր պատմությունը աղավաղվեր»:

Ստեփանյանը նշում է, որ մեծ է Սիրունու  ներդրումը  նաև ռումինական մշակույթում.  ռումիներենով բազմաթիվ գրքեր ունի ռումինական գրականության, պատմագրության մասին. «Կասկած չի կարող լինել, որ նրան համարում են նաև ռումիանցի մեծ մտավորական»:

Միայն նրա  արխիվի մատենագիտությունը հազար էջից ավելի է, մեծ մասը գտնվում է ռումինական պետության արխիվում, քիչ մասը` Ռումինահայոց թեմի  առաջնորդարանի գրադարանում:

«Եթե կարողանանք մասնագետներ պատրաստել, որ նրա արխիվը ուսումնասիրեն, իսկ դրա մեծ մասը հայերեն է,  որոշ մասը` նույնիսկ հայատառ թուրքերեն, ուրեմն մեծ գործ արած կլինենք հայագիտության համար,- ասում է Ստեփանյանը,- դրա համար, գուցե պետք է, ասենք, Ռումինիայի գաղութը կամ մշակույթն ուսումնասիրող Յորգայի անվան կենտրոն ունենանք Հայաստանում և Սիրունու անվան հայագիտության ուսումնասիրության կենտրոն Ռումինիայում:  Նման կենտրոնները շատ հեշտացնում են գիտնականների աշխատանքը, նպաստում գիտության զարգացմանը»:

Հայկական տներ Գեռլայում

Հայկական տներ Գեռլայում

Խոսելով հայ-ռումինական բարեկամության մասին` Ստեփանյանն ասում է, որ այժմ Ռումինիայում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, հատկապես տնտեսական առումով, ուստի շատ բաների, որոնց կարող էինք ժամանակին հասնել, օրինակ` ցեղասպանության ճանաչման հարցում, հիմա անգամ մտածել չենք կարող:

«Գոնե գիտության մարդկանց, մտավորականների և պետական այրերի բարեկամության, համագործակցության միջոցով կհաջողվի ինչ-որ բանի  հասնել, հետո նոր մտածել մնացածի մասին»:

Անդրադառնալով գիտաժողովի մյուս զեկույցներին` Ստեփանյանն ասում է, որ հատկապես կարևորում է Տրանսիլվանիայի հայերին նվիրված բաժինը:

Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս V-XII դարերից, թեև երկրում հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350-ը:

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

ՍուրբԵրրորդություն կաթողիկե տաճարը Գեռլայում

XVII դարում ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է արևմտյան Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթոլիկացել են: Տրանսիլվահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլվանիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա:

Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակած «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքի` ներկայում Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը շուրջ 7500-10000 է, որոնցից շուրջ 5 հազարը հայկական ծագման մասին հիշողությունը պահած տրանսիլվահայության ձուլված շառավիղներն են:

Տրանսիլվանիայում է գտնվում և Գեռլա քաղաքը, որը XVIII դարում կայսեր հրամանով կառուցել են հայերը: Այն մինչև 1920 թ. կոչվել է Արմենոպոլիս (Հայաքաղաք):

Մինչ օրս Տրանսիլվանիայի բնակավայրերում պահպանվել են հայկական կոթողները: Հայերին, ինչպես Արա Պապյանն է նշում «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքում, այստեղ հիշում են որպես հարուստ առևտրականների, որոնց դիպչելով կարելի է հաջողակ դառնալ: Տրանսիլվանիայի հայերը հիմնականում հունգարախոս են:

«Կաթիլներ են մնացել գաղութից, բայց անասելի գանձեր է  այն իր մեջ պարունակում` վանքեր, եկեղեցիներ, ձեռագրեր, արխիվներ: Եթե ուշադրություն չդարձնես, կապ չպահպանես, չգիտես, թե վաղն ինչ կլինի և ուր կգնա մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը»,- ասում է Ստեփանյանը:

Հայկական հարուստ հետքով քաղաքներից  է նաև Սուչավան, որտեղ կա 2 հայկական վանք և 3 եկեղեցի, սակայն այստեղ ապրում է ընդամենը մի քանի տասնյակ հայ:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում, հատկապես` Տրանսիլվանիայում,  այսօր շատ կարևոր է հայապահպանության հարցը. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա, և սա դեռ մի գաղթավայրում է»:

Այդ առումով, ըստ նրա,  մեծ գործ է  անում թե՛ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, որ մշտապես կապ է պահպանում հայ համայնքի հետ, թե՛  թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հայ քահանաները, որոնք տարբեր բնակավայրերով շրջում են ու հայկական եկեղեցիներում պատարագ մատուցում:

Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում հայ հոգևորականները նաև գիտնականներ են` ուսումնասիրություններ են կատարում, թեզեր պաշտպանում` նպաստելով հայագիտության զարգացմանը:

Առաջնորդարանին առընթեր մատենադարան-թանգարանը կամ Հայ մշակույթի տունը, ըստ Ստեփանյանի, միշտ բաց է գիտնականների առջև, որոնք կուզենան ուսումնասիրություններ կատարել: Տաթև սրբազանը նաև ԵՊՀ-ից է ուսանողների հրավիրում, որպեսզի նրանք ուսումնասիրեն ռումինահայերի մշակութային ժառանգությունը:

Տեսարան Արմենոպոլիսից

Տեսարան Արմենոպոլիսից

Չնայած ջանքերին` ռումինական պատկերասրահներում, թանգարաններում  առկա են հայկական մշակույթի խեղաթյուրումներ:  «Ցավալին այն է, որ տարբեր հավաքածուներում տեղ գտած արծաթեղենը, տեքստիլը, որոնք հայկական մշակույթի ակնհայտ արժեքներ են, ներկայացված են որպես օտարինը. արծաթեղենը` թուրքական, տեքստիլը, գորգերը` որպես կովկասյան, որոշ կիրառական իրեր` որպես բալկանյան,- ասում է նա:- Ահա նման գիտաժողովները կարևոր են, որպեսզի շահենք նրանց վստահությունը որպես գիտական մակարդակի կրողներ, ինչը  հնարավորություն կտա, որ այս չարաշահումներն ու սխալները կարողանանք ուղղել:

 

«Այբ» ավագ դպրոցը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

«Այբ», Դիլիջանի միջազգային դպրոց, հուշագիր««Այբ» կրթական հանգույց» հիմնադրամը («Այբ» ավագ դպրոց) եւ Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) այսօր Երեւանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցում:

 

Հուշագրում նշված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամները շահագրգիռ են արտաուսումնական բնագավառում իրենց գործունեության ընդլայնման հարցում:

 

Մասնավորապես, հուշագրով նախատեսված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը «Այբ» դպրոցի աշակերտներին կներգրավեն Տաթեւում եւ Դիլիջանում համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքներին: Նախատեսվում է, որ կողմերը համատեղ կկազմակերպեն ամառային ճամբարներ, ուսուցիչների փոխանակման ծրագրեր, համատեղ կմշակեն եւ կիրականացնեն սոցիալական ձեռներեցության պիլոտային ծրագրեր եւ այլն:

 

Այս տարվա ամռանը «Այբ» դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու նախագծերը Դիլիջանի միջազգային դպրոցի կազմակերպած ամառային ճամբարում, որը հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից: