Որո՞նք են ՀՀ քաղաքացիության դադարեցման հիմքերը

անձնագիր Քաղաքացիության դադարեցումը Հայաստանի Հանրապետության հետ անձի իրավական կապի կորուստն է, որը, ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հնարավոր է հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում,

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը նշանակում է, որ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

Առաջին, երկրորդ և չորրորդ կետերում նշված դեպքերում անձը ժամանակավորապես չի կարող դադարեցնել իր իրավական կապը հանրապետության հետ, այսինքն` խոչընդոտող հանգամանքները վերականգնելուց հետո միայն նա կարող է միջնորդել հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով: Այս խոչընդոտների վերացման դեպքում անձը կարող է վերականգնել քաղաքացիության դադարեցման իր իրավունքը, իսկ երրորդ կետում նշված հիմքով քաղաքացիությունից դուրս գալու հնարավորությունը բացառվում է: Այդպիսի հիմք է համարվում ՀՀ ազգային անվտանգությունը:

Ճիշտ է, օրենքը չի նշում, թե ինչ պետք է հասկանալ` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահ» ասելով: Պետք է միայն ենթադրել, որ նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք տիրապետում են ՀՀ կարևորագույն պետական գաղտնիքների:

Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքին, ապա այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն ուղղակի վերանայում է անձին քաղաքացիություն շնորհելու մասին իր որոշումը:

Իսկ ՀՀ միջազգային պայմանագրերին միանալով կամ ստորագրելով` հնարավոր է` նախատեսվեն այնպիսի պարտավորություններ, որոնց պետք է հետևի Հայաստանի Հանրապետությունը:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կենսաթոշակների ինչպիսի՞ տեսակներ կան

կենսաթոշակ«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին) 8-րդ հոդվածում նշված են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. աշխատանքային`

1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,

2. զինվորական`

1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,

3. սոցիալական`

1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:

Նյութի շրջանակներում կանդրադառնանք միայն աշխատանքային կենսաթոշակի տեսակներին: Այսպես, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ընդ որում, տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք վերապահված է` 1) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 օրացուցային տարի աշխատած անձին` 55 տարին լրանալու դեպքում, եթե ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2) 59 տարին լրացած անձին` 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որից 20 օրացուցային տարին` ծանր պայմաններում, 3) հիպոֆիզային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին` 45 տարին լրանալու և 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին` 1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, 2) ընդհանուր հիվանդության հետևանքով:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին`

1) 18 տարին չլրացած երեխային, 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում, 5) ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում, 6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մասնակի կենսաթոշակի իրավունքը պատկանում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին` անարդարությունը վերացնելու կոչով

Photo 1“Անկախի» խմբագրությունը ներկայացնում է  փաստաբան Սամվել Ջաղինյանից ստացած բաց նամակը` ուղղված Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այն ամբողջությամբ կարդացեք ստորև.

«Հարգելի պարոն ԿՈՍՏԱՆՅԱՆ,

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին իմ պաշտպանյալ Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեկան գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ եմ ներկայացրել ինչպես նախաքննական մարմին այնպես էլ դատախազություն և դատարաններ: Բոլոր դեպքերում ստացել եմ չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ: Այս ամիսների ընթացքում համոզված լինելով, որ իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցավոր արարքի հետ որևէ կապ չունի սպասել ենք իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատը և բաց նամակով Ձեզ դիմելու առիթ հանդիսացել:

Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:

Արդեն վեց ամիս է Մ. Ծերունյանը կալանավորված է այդ ընթացքում նրա հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, գործով քննիչը իմ պաշտպանյալին հանդիպել է ընդամենը երեք անգամ, որից երկուսը ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ծանոթացնելու իսկ մեկը` ինչ որ փորձաքննության եզարակացություն ծանոթացնելու նպատակով, այսպիսով խափանման միջոցը վերածվել է պատժի:

Իմ պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել և երկու անգամ երկարացվել է առանց որևէ փաստական հիմքի:

Հարգելի պարոն գլխավոր դատախազ, բաց նամակով դիմելով Ձեզ հայցում եմ Ձեր բարձր աջակցությունը, խնդրում եմ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությանը: Համոզված եմ, որ այդ ժամանակ Ձեր համար ևս ակնհայտ կդառնա, որ Ծերունյանն որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք, ուստի խնդրում եմ հանձնարարել իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն դադարեցնել և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:

 

Խորին հարգանքով

թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ

Մարտին Արմենակի Ծերունյանի

պաշտպան  Սամվել Ջաղինյան»

Աշխարհում բարելավվել է կանանց իրավական դիրքը

i (5)Աշխարհում դիտվում է կանանց տնտեսական, քաղաքական ու իրավական դիրքի բարելավում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների համաձայն, վերջին տարում աշխարհում ավելանում է  կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներ ունեցող երկրների թիվը: Ամենաբարենպաստ  վիճակը Իսլանդիայում, Ֆինլանդիայում ու Նորվեգիայում է ստեղծվել:

Սակայն, մինչև հիմա 50 երկրներում (հատկապես Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի)  գենդերային հավասարության  հարցում  մի առաջխաղացում չի նկատվում:

Ի՞նչ իրավասությամբ է օժտված համայնքի ղեկավարը

տիմՀամայնքի ղեկավարի իրավասության շրջանակների մասին հաճախ ոչ միանշանակ պատկերացում ունեն ոչ միայն բնակիչները, այլև որոշ դեպքերում հենց համայնքի ղեկավարն ու ավագանին: Այնինչ այդ իրավասության սահմաններում են լուծվում համայնքի կենսագործունեության գրեթե բոլոր հարցերը:

Այսպես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածում թվարկված են համայնքի ղեկավարի իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Համայնքի ղեկավարը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով`

  • հրավիրում և վարում է ավագանու նիստերը` օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
  • համայնքի ղեկավարն անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
  • համայնքի զարգացման քառամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
    • աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը,
    • առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
    • կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը,
    • համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը,
    • առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
    • համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների),
      • սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը,
      • օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կառավարությունը դեմ չէ, որ եթերում արգելվեն ծխելու կադրերը

10789_am_5ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Գագիկ Մինասյանը և Արա Բաբլոյանն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել են փոփոխություններ և լրացումներ կատարել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` Հայաստանում արտադրվող ֆիլմերի և պատրաստվող հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ արգելելով ծխախոտի օգտագործման գործողության ցուցադրումը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանելով այդ դրույթի խախտման համար: Օրինագիծն այսօր քննարկվել է Կառավարությունում: Գործադիրը  սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին. Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյանՀայ-Ադրբեջանական սահմանին մեր թշնամի պետության կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցավակցել է զոհված հայ զինվորի հարազատներին. «Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին: Մեր գործողությունները պետք է այնպիսին լինեն, որ հակառակորդը այլևս չմտածի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա սադրանքների մասին:  Ընդհանրապես մի ժամանակ իրենք էին բողոքում մեր դեմ՝ ու մեր սահմանները հանգիստ էին: Հիմա ժամանակն է նորից հիշեցնել այդ մասին և ոչ թե հույսը կապել, թե ինչ-որ մեկը մեր տունը, գյուղը, քաղաքացուն պաշտպանելու է»:

Համաներում է կիրառվել 306 անձի նկատմամբ

համաներումՀՀ դատական դեպարտամենտը հրապարակել  է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կիրառման մասին տեղեկություններ՝ 2013թ. հոկտեմբերի 18-ի ժամը 16:00-ի դրությամբ:

Ըստ այդմ` համաներում է կիրառվել ընդհանուր 231 գործերով 305 անձի նկատմամբ, հավելյալ եղել է համաներում կիրառելու մեկ միջնորդություն: 155 գործ կարճվել է, 150 անձ էլ ազատվել է պատժի կրումից:

Արդարադատության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ:

Ռուբեն Մելիքյան. Քրդատօրի նախագծի քննադատությունը գուցե օրենսգրքի ավելի նեղ ընթերցման արդյունք է(Տեսանյութ)

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել ու լրամշակվել է, և ներկայումս այն գտնվում է Ազգային ժողովում, որտեղ քննարկումները դեռևս չեն սկսվել: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն միանշանակ չի ընդունվում փաստաբանների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Խնդրահարույց նորամուծությունների մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանի հետ:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մասին շատ հակասական կարծիքներ կան՝ մի կողմից նախագծի ընդդիմախոսները միանշանակ ասում են, որ սա բոլորովին նոր փաստաթուղթ է՝նոր մոտեցումներով, մյուս կողմից՝ որոշ մտավախություններ են հայտնում: Մասնավորապես, դրանցից կարևորագույնն առնչվում է մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Թե՛ փաստաբանները, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը մտավախություններ ունեն, որ դա կարող է խթանել խոշտանգումները մինչդատական վարույթում: Կուզենայինք լսել Ձեր կարծիքն այս քննադատության վերաբերյալ:

Ես փորձել եմ փաստարկների էությունը հասկանալ և պետք է խոստովանեմ, ինձ այդպես էլ չի հաջողվել այդ փաստարկների ողջ տրամաբանությունը հասկանալ: Եթե անգամ մեր կողմից առաջարկված կարգավորումները որևէ դրական բան չեն փոխում, եթե ընդունենք այդ վատագույն տարբերակը, ապա առնվազն այն մտահոգությունների հարթության մեջ, որոնք որ բերվում են, հաստատ վնաս չեն տալիս և տրամաբանորեն չէին էլ կարող տալ:

Փորձեմ մի օրինակ բերել և դրա հիման վրա կշարունակեմ ներկայացնել հարցը: Պատկերացրեք մենք ունենք մի թղթադրամ, շատ է խոսվում այն մասին, որ թղթադրամը կեղծվում է՝ դա մեղադրյալի ցուցմունքն է՝ որպես ապացույցի տեսակ: Ինչպես մենք գիտենք, բոլոր թղթադրամներն աշխարհում պաշտպանական հատկանիշներ ունեն՝ դա կարող է լինել ջրային նշան, որոշակի թափանցիկ պատկեր և այլն: Մենք կարծում ենք, քանի որ այստեղ շատ են խոսակցությունները, չենք ուզում դեռ գնահատականներ տալ՝ օբյեկտիվ, թե ոչ օբյեկտիվ, կարծում եմ մասնակիորեն կարող է օբյեկտիվ լինել, մասնակիորեն՝ ոչ օբյեկտիվ, դա չէ էականը, այլ որ կա քննադատություն թղթադրամի կեղծելի լինելու հարցի հետ կապված: Մենք առաջարկում ենք նոր պաշտպանական նշան ավելացնել, ինչն առնվազն կեղծելիության առումով չի կարող վնասել, իսկ մեր գործընկերները հակադարձում են, ասում են՝ չէ, դա լավ գաղափար չի, որովհետև եթե այդ պաշտպանական նշանն էլ կեղծվի, ուրեմն ճիշտ թղթադրամը սխալ թղթադրամից տարորոշելը կլինի շատ ավելի դժվար:

Հիմա փորձենք արդեն խոսել օրենսգրքի լեզվով: Մենք այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ ցանկացած մինչդատական ցուցմունք, այդ թվում նաև՝ խոստովանական ցուցմունքը, հավասարապես ապացույց է դատարանում, ինչպես և դատարանում տրված ցուցմունքը՝ դա մեր իրավական համակարգի բնորոշ հատկանիշներից է: Մենք անգլո-ամերիկյան իրավական համակարգի ավանդույթին չենք պատկանում, որտեղ որ մինչդատական վարույթ անգամ կարելի է ասել՝ չկա, եթե կա էլ՝ դա ապացուցողական նշանակություն չունի, ապացույցները ձևավորվում են դատարանում:

Մենք ռոմանագերմանական իրավական ավանդույթի շրջանակում ենք, և կարծում եմ, այդ ավանդույթի շրջանակում էլ պետք է շարունակենք գործել, այստեղ հեղափոխություններ անելը ավանդույթի առումով շատ վտանգավոր է, որովհետև ցնցումներ ու անկայունություններ կլինեն:Իսկ այդ համակարգի շրջանակներում ապացույցները ձևավորվում են նաև մինչև դատարան մտնելը, դրանք համարվում են պատշաճ ապացույց, որը դատարանում անձը կարող է կանգնել ու ասել՝ ես հրաժարվում եմ ցուցմունքից, որովհետև խաբեության, ճնշման արդյունք է եղել: Ի՞նչ իրավունք ունեն անել այսօրվա դատարանները՝ այդ ապացույցը ճանաչել արժանահավատ, այսինքն՝ մինչդատական վարույթում տրված ապացույցը, և դատարանում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ, կարող է լինել նաև հակառակը՝ դատարանում տրված ցուցմունքներն համարել արժանահավատ և մինչդատական վարույթում տրված ցուցմունքները՝ ոչ արժանահավատ: Մենք ասում ենք շատ պարզ բան՝ ասում ենք՝ եկեք մինչդատական վարույթում տրված ցուցմունքները ևս մի երաշխիքով ապահովենք: Դատարանում օգտագործելու համար մենք սահմանել ենք երկու այլընտրանքային տարբերակ, երաշխիք, առաջին՝ ցուցմունքը պետք է տրված լինի փաստաբանի ներկայությամբ, իսկ եթե անձը կտրականապես հրաժարվում է փաստաբանի մասնակցությունից, ապա ցուցմունքը պետք է տրվի դատարանի առջև: Դեպոնացումը հենց երկրորդ տարբերակին է վերաբերվում՝ սա ընդամենը երկու տարբերակներից մեկն է և ամենևին ոչ պարտադիր: Ընդ որում, որպեսզի այդ երկրորդ տարբերակը լինի գործուն և երաշխավորված, սահմանել ենք լրացուցիչ դրույթներ, լրացուցիչ երաշխիքներ, մասնավորապես, դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մեկուսի հանդիպել անձին, զրուցել նրա հետ ու բացատրել երեք կարևոր բան. առաջինը՝ որ նա ամեն դեպքում պաշտպան ունենալու իրավունք ունի, երկրորդ, որ ամեն դեպքում իրավունք ունի լռություն պահպանել և երրորդ, որ այն ցուցմունքները, որ պետք է դատարանի առջև տրվեն, դրանք ապացույց են: Ուզում եմ ընդգծել, որ ընդամենը ապացույց են, այլ ոչ թե ավելի բարձր ուժ ունեցող ապացույց, ինչպես մեր ընդդիմախոսներն են ներկայացնում, այսինքն՝ սա ապացույցի իրավունք ստանալու, այլ ոչ թե ապացույցի ուժը բարձրացնելու հայտ է: Իհարկե, ընդդիմախոսները կասեն, որ դատարանի ներկայությամբ տրված ապացույցը համոզիչ լինելու առումով ավելի բարձր աստիճան ունի: Իհարկե, այդպես է, բայց եթե ճշմարտությունն այն է, որ անձի նկատմամբ, ինչպես իմ գործընկերներն են պնդում, կարող են և ճնշումներ լինել՝ ինչպես առաջ, այնպես էլ հետո, ոչինչ չի խանգարում, որպեսզի դրանք ներկայացվեն բուն դատական քննության ընթացքում:

Ասեմ ավելին, ընդհանուր համակարգը բարեփոխելու համար՝ խոստովանական ցուցմունքների հետ կապված, նաև մեր գործընկերների ողջամիտ մտահոգությունները հաշվի առնելով, մենք դեռևս անցյալ տարի փոփոխել էինք մեր նախագիծը և հատուկ սահմանել ենք, որ այն դեպքում, երբ անձի մեղքը հաստատվում է բացառապես իր խոստովանական ցուցմունքով՝ թեկուզ դեպոնացված, թեկուզ փաստաբանի մասնակցությամբ տրված, ապա այդ դեպքում դատապարտվել չի կարող ոչ մի դեպքում, դա արդարացման անվերապահելի հիմք է: Ավելին, եթե անգամ անձը դատապարտվում է, ապա վերաքննության անվերապահելի հիմք է, ավելին՝ եթե անձը վերաքննիչ դատարանում է, այսպես ասած, պարտվում, ապա դա ոչ միայն վճռաբեկության անվերապահելի հիմք է, այլ բացառիկ վերանայման անվերապահելի հիմք:

Անգամ եթե այս հանգամանքը բացահայտվում է դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո տարիներ անց, սա հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու ու դատավճիռը բեկանելու հիմք է: Սա մենք համարել ենք հիմնարար խախտում, եթե անձը դատապարտվել է բացառապես խոստովանական ցուցմունքի հիման վրա: Այսինքն՝ մենք այս լրացուցիչ երաշխիքները սահմանել ենք, և գտնում ենք, որ եթե անգամ սա ոչ մի օգուտ չտա, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ, ապա ուղղակի տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ դա վնաս տա: Անկախ ամեն ինչից, ցանկացած իրավիճակի պայմաններում սա չի կարող ավելի վատ հետևանքների հանգեցնել, սա կարող է բերել այն հետևանքի, որ անձը չի կարողանա ուղղակի պնդում անել, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել և հույս ունենալ, որ դա դատարանի կողմից համոզիչ կլինի:

Եթե իսկապես ճնշումներ եղել են, ապա իսկապես պետք է դեպոնացված ապացույցի դեպքում, ընդունում ենք դա, շատ ավելի համոզիչ ձևով փաստարկվի: Շատ լավ է, որ պետք է համոզիչ ձևով փաստարկվի, դա ամրապնդում է դատական իշխանության նկատմամբ վստահությունը, դատական ակտի կայունությունը: Մեծ հաշվով, մեր խնդիրներից մեկը նաև սա է՝ գործիքներ սահմանել, որը հանրության մոտ կբարձրացնի դատական իշխանության և առհասարակ քրեական դատավարության նկատմամբ վստահությունը, ինչը ձեռնտու է բոլորիս, անհրաժեշտ է բոլորիս, որպեսզի մենք շատ ավելի մեծ վստահություն ունենանք մեր դատական իշխանության և քրեական դատավարության հանդեպ առհասարակ:

Դեպոնացման ինստիտուտը ներդնելիս ուսումնասիրվե՞լ է, արդյոք, միջազգային փորձը և մասնավորապես, ո՞ր երկրների փորձն եք կիրառել՝ և վկաների, և մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման դեպքում:

Ինչ վերաբերվում է դեպոնացման գաղափարին, ապա այն ինքնին վերաբերում է հետևյալ իրավիճակին, երբ դատական իշխանությունը մասնակցություն է ունենում նաև մինչդատական վարույթում իրականացվող որոշակի գործառույթների, և դրա արդյունքում ձեռք են բերվում ապացույցներ, որոնք ինքնին դատարանում քննարկման առարկա դառնալիս գուցե և համոզիչ լինելու ավելի մեծ աստիճան ունեն և դրա համոզիչ լինելը կասկածի տակ դնելը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում:

Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում

«Անտրամաբանական վիճակ տկարամտության հետևանքով». հայտնի փաստաբանը` նոր օրինագծի մասին

Փաստաբաններ-պալատ«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»-այսպես է հիմնավորում արդարադատության նախարարությունը մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական իր նոր նախաձեռնությունը:

Ըստ նախարարության` անհրաժեշտություն է առաջացել ստեղծել փաստաբանների պետական գրանցամատյան, որի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ գրանցամատյանում հաշվառման, հաշվառումից հանելու և հաշվառման տվյալներում փոփոխություն կատարելու աշխատանքներն իրականացնելու է ՀՀ փաստաբանների պալատը:

Գրանցամատյանում գրանցվելու համար փաստաբանները պարտավոր են վճարել ամսական հինգ հազար դրամ, որը նախարարությունը նախատեսում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:

Ի՞նչն է այս կարգավորման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Փաստաբանների պետական գրանցամատյանի ներդրմամբ գործադիրը ցանկանում է նպաստել օրինականության ապահովմանը և յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը, փաստաբանների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը, փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառված անձանց և պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակմանը՝ կառավարման տեղեկատվական համակարգերի կիրառման միջոցով:

Բայց պարզվում է, որ նախարարության այս «բարեկիրթ և օրինաստեղծ» նախաձեռնությունն ամենևին էլ փաստաբանների սրտով չէ. ավելին, մեծ փոթորիկ է բարձրացրել փաստաբանական հանրույթում` կառավարության դեմ ուղղելով սվինների մի նոր խմբաքանակ:

Նախաձեռնության դեմ առաջին կոշտ արձագանքը հնչեց հենց փաստաբանների կողմից` ի դեմս Փաստաբանների պալատի, որը կտրականապես դեմ արտահայտվեց օրինագծի ընդունմանը:

Փաստաբանները նախևառաջ  հարց բարձրացրեցին` ինչու՞ պետք է իրենք տարեկան 60 000 դրամ գումար վճարեն հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար, եթե սահմանադրությամբ և օրենքով ամրագրված է, որ դա պետության պարտավորությունն է: Մինչդեռ այս պահին փաստաբանների հաշվառումն իրականացնում է Փաստաբանների պալատը` բոլորովին անվճար:

Սակայն փաստաբաններին հուզող գլխավոր հարցը ոչ այնքան գումարն է, որքան նախարարության գրանցամատյանում գրանցվելու իրողությունը, որը, ըստ նրանց, կախվածության մեջ կգցի իրենց պետական գերատեսչությունից` խոչընդոտելով իրենց անկախ ու անկաշկանդ գործունեությունը:

Ոլորտի առաջատար ընկերություններից մեկի` «Տեր-Տաճատյան» իրավաբանական Արմեն-Տեր-Տաճատյանգրասենյակի հիմնադիր-տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը մեզ հետ զրույցում նույնպես մտահոգություն հայտնեց օրինագծի վերաբերյալ` սուր քննադատության ենթարկելով այն. «Պետության կողմից անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող փաստաբանների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա, քանի որ երկրում աղքատությունն ավելացել է, և դրա հետ մեկտեղ` ավելացել է նաև այդ ծառայությունից օգտվողների թիվը: Եվ նախարարը չի էլ ժխտում, որ այո, այդ խնդիրը կա, և պետությունը պետք է լուծի այս ճանապարհով, այսինքն` փողը հավաքի մեզանից, տա անվճար ծառայություն իրականացնող իրավաբաններին, մինչդեռ նրանց վճարելը պետության սուրբ պարտականությունն է»:

Արմեն Տեր-Տաճատյանին ու իր գործընկերներին նաև պարզ չէ` այդ գումարը, որ իրենցից հավաքելու են, պետական տո՞ւրք է, թե՞ հարկ: Եթե հարկ է, ապա փաստաբաններն առանց այդ էլ հազար ու մի հարկ են տալիս` առանց որևիցե արտոնության: Իսկ եթե պետական տուրք է, ապա դրա դիմաց պետությունը պետք է որևէ ծառայություն մատուցի, այս դեպքում նման ծառայություն փաստաբանների համար ուղղակի գոյություն չունի:

Ինչ վերաբերում է գրանցամատյանին, ապա Արմեն Տեր-Տաճատյանը նկատում է. «Կառավարությունն իրավունք չունի փաստաբանությամբ զբաղվելու, որովհետև դա անկախ իրավապաշտպան գործունեություն է, շատ հաճախ նաև` կառավարության դեմ ուղղված, այսինքն` ներկայացնում է հաճախորդի շահերը, որը խնդիրներ ունի կառավարության հետ: Այնպես որ այդ գրանցամատյանը փաստաբանական գործունեության կորուստ է: Ցանկացած պահի անհնազանդ փաստաբանին գրանցամատյանից կհանեն ու կասեն` գնա, դատարանում բողոքի: Մի խոսքով, տկարամտության հետևանքով բացարձակապես անտրամաբանական իրավիճակ է առաջացել»:

Իսկ եթե հիմնավորումը ճիշտ է, որ ուզում են գումար հավաքել պետության հոգսը թեթևացնելու համար, ապա իրավաբանը հիշեցնում է, որ դրա համար կա Պետեկամուտների կոմիտե, որի գործառույթների մեջ է մտնում բյուջե մուտքեր ապահովելը. «Արդարադատության նախարարությունն ո˜ւր, բյուջե լցնելն` ո˜ւր, թող ամեն մեկն իր գործով զբաղվի»:

Փաստաբանը կարծում է, որ եթե նախարարությունն այսքանից հետո հետ չվերցնի նախագիծը, ապա կփաստի, որ կա՛մ ընդհանրապես ոչինչ չի հասկանում, կա՛մ գործում է իրավական համակարգի կառուցման դեմ:

Ինչ վերաբերում է փաստաբանների հետագա քայլերին, ապա Տեր-Տաճատյանը հավաստիացնում է, որ իրենք հաստատակամ են իրենց որոշման մեջ և անգամ օրենքի ընդունման դեպքում ուղղակի չեն գրանցվի գրանցամատյանում` վայր դնելով իրենց լիցենզիաները. «Թող այդ ժամանակ գնան, փաստաբան գտնեն երկրում»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ օրենքի նախաձեռնությանը հոկտեմբերի 10-ին կայացած նիստում դեմ է արտահայտվել նաև Հանրային խորհուրդը` գտնելով, որ այն բացասական ազդեցություն կունենա դատաիրավական ոլորտի վրա` խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, ապա Հանրային խորհուրդը դա նույնպես անթույլատրելի էր համարել` նշելով, որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը: Հանրային խորհրդի անդամները հույս էին հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը և հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, որոշվել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի լիագումար նիստում` պարզաբանումների համար հրավիրելով նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Փաստաբանների դիմում-բողոքին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ. «Առաջին հերթին խնդրահարույց է այն, որ արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք: Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը»:

Ուստի պաշտպանն առաջարկել է նախարարին վերանայել օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով նաև իրենց կողմից նշված դիտողությունները:

 

 

 

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում քաղաքացու կողմից ներկայացված դիմում-բողոքներին

դիմում«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 1999 թ. նոյեմբերի 24-ին) 2-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց այդ տեղեկությունների` առաջարկությունը կամ դիմումը և կամ բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

Քաղաքացիները, իրավաբանական անձինք իրենց առաջարկությունները, դիմումները և բողոքները ժամանակին և օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով տալիս են այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը:

Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները բողոքարկվում են:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բողոքները կարող են տրվել դատարան:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, կազմակերպությունները, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, բողոքներում առաջարկված հարցերի լուծումը, դրանք ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցում են դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ում պետք է դիմեն: Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողություններն են բողոքարկվում:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, հիշյալ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը,

գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:

Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն` նրանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու նպատակով:

Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ` օրինախախտների սև ցուցակում

ԻԱԿԻնֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած պաշտոնյաների սև ցուցակը` 2013-ի 3-րդ եռամսյակի տվյալներով:

Ըստ այդմ` հետևյալ պաշտոնյաները  խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում:

 Պրն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ
2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:http://givemeinfo.am/hy/case/1279/

Պրն Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 3 օր անց նախարարությունն էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել է հղումով պատասխան` հայտնելով, որ խնդրվող համաձայնագիրը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է հղում արել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1273/

Պրն Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար
2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք ուշացած պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր հետո: Թեև պատասխան գրությունը թվագրված է սեպտեմբերի 3, սակայն գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է սեպտեմբերի 6-ին, ուստի նախարարությունը Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:http://givemeinfo.am/hy/case/1288/

2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 14 օր անց նախարարությունը տրամադրեց հղումով պատասխան` նշելով, որ համաձայնագիրը 2008թ.-ին փոխանցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր հերթին է հղում արել էկոնոմիկայի նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին:http://givemeinfo.am/hy/case/1299/

Պրն Գագիկ Խաչատրյան – ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին և խնդրել էր տեղեկություններ ՀԴՄ կտրոնների և “Շահող կտրոն” վիճակախաղի վերաբերյալ: ՊԵԿ-ը լիարժեք պատասխան տրամադրեց հարցումն ուղարկելուց 1 ամիս 8 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1243/

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի հուլիսի 23-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով հայտնել, թե ըստ օրեսդրական կարգավորման` հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարված գումարի դիմաց վճարողին պե՞տք է անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տրվի, թե՞ ոչ: Հարցումն ուղարկելուց 8 օր անց ՊԵԿ-ը հայտնել է, որ չի հանդիսանում տեղեկատվություն տնօրինող: ԻԱԿ-ը պատասխանը համարել է անհիմն, քանի որ հարցումն ըստ էության վերաբերում է տրանսպորտային երթուղին սպասարկող կազմակերպությունների հարկային պարտավորություններին, իսկ հարկային ոլորտը կարգավորում է ՊԵԿ-ը: Ուստի, ՊԵԿ-ը պարտավոր էր անդրադառնալ հարցմամբ բարձրացված հարցին ըստ էության, այլ ոչ թե հղմամբ:http://givemeinfo.am/hy/case/1253/

2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կոմիտեի կնքած պայմանագրերի մասին: Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՊԵԿ-ը տրամադրել է պատասխան` հայտնելով, որ ՊԵԿ-ի կնքած բոլոր պայմանագրերին կարելի է ծանոթանալ www.azdarar.am, ինչպես նաև www.e-gov.am կայքերում: Հրապարակված տեղեկության աղբյուրին ՊԵԿ-ի կատարած հղումը համարվել է ոչ պատշաճ` անհիմն, քանի որ նախ, ՊԵԿ-ը չի ներկայացրել այն հստակ հասցեն` www.azdarar.am և www.e-gov.am կայքների այն բաժինները, որտեղ հրապարակված են պայմանագրերը, բացի այդ, www.e-gov.am կայքում տեղադրված ինտերակտիվ բյուջեում ներկայացված են ՊԵԿ-ի կնքած պայմանագրերի մասին տեղեկություններ, սակայն ոչ բոլոր պայմանագրերի լուսապատճեններն են ներկայացված: http://givemeinfo.am/hy/case/1271/

Պրն Արսեն Գալստյան – ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ
2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ԻԱԿ-ը չի ներկայացրել ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` տեղեկություն տնօրինողներին ՀՀ քաղաքացիների խնդրանքով տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելը, ԻԱԿ-ի կանոնադրական նպատակներից է, և ԻԱԿ-ն այդպիսի գործառույթ իրականացնում է ավելի քան 11 տարի: http://givemeinfo.am/hy/case/1265/

2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները չի կարող տրամադրել, քանի որ դրանք բացակայում են` չեն պահպանվել արխիվում, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:http://givemeinfo.am/hy/case/1264/

ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն անպատասխան է թողել 2013թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր երկու հարցումները: http://givemeinfo.am/hy/case/1300/ ևhttp://givemeinfo.am/hy/case/1301/

Պրն Արտակ Շաբոյան – ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ հանձնաժողովի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հանձնաժողովը անհիմն մերժում է տրամադրել հարցումն ուղարկելուց 7 օր հետո` համարելով, որ տեղեկատվության տրամադրումը, անգամ ոչ անվանական, կհամարվի անձնական տվյալների հրապարակում` հաշվի առնելով հանձնաժողովի աշխատակիցների փոքրաթիվ քանակը: Սակայն, մերժումը համարվել է անհիմն, քանի որ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև ընդհանուր վիճակագրական տվյալներ, որոնք հանձնաժողովը չի տրամադրել:http://givemeinfo.am/hy/case/1275/

Պրն Տարոն Մարգարյան – Երեւանի քաղաքապետ
2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին:http://givemeinfo.am/hy/case/1228/

2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասղանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում, քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին:http://givemeinfo.am/hy/case/1250/

Պրն Արա Սադոյան – Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վարչական շրջանը հարցմանը հղումով պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հուլիսի 15-ին: http://givemeinfo.am/hy/case/1229/

Պրն Վազգեն Հարությունյան – “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ՓԲԸ-ն տրամադրել է անհիմն մերժում` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ` հարությանը ծառայություն չի մատուցում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար ՓԲԸ-ի վրա հղում էր արել Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում, ՓԲԸ-ն փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1252/

2013թ.-ի օգոստոսի 8-ին “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ-ն (Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը) տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Փարքինգ Սիթի Սերվիս0” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրելու համար ՓԲԸ-ին տրամադրված թույլտվությունների պատճենները: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող չէ:http://givemeinfo.am/hy/case/1267/

Պրն Կարեն Աճեմյան – “Պոլտերգեյստ-2” ՍՊԸ-ի տնօրեն 
2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Պոլտերգեյստ-2” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:http://givemeinfo.am/hy/case/1261/

Տկն Աննա Վանեցյան – “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն պատասխան էր տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց (հարցումը ստանալուց 1 օր անց, ինչը հավաստվում է ԻԱԿ-ի ստացած ծանուցմամբ և պատասխան գրության ծրարի փոստային կնիքի ամսաթվով): ՍՊԸ-ի իրավաբանը հայտնել էր, որ պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են ընկերության տնօրենը և հաշվապահը, ովքեր միաժամանակ գտնվում են արձակուրդում, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսին: ԻԱԿ-ը այս պատասխանը որակել է որպես անհիմն պատասխան, քանի որ առնվազն տարակուսելի է, որ ՍՊԸ-ի և տնօրենը, և հաշվապահը միաժամանակ արձակուրդում են գտնվելու մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը, այսինքն, շուրջ 50 օր հարցումն ուղարկելուց հետո, իսկ այդ ընթացքում նրանց փոխարինող չկա:http://givemeinfo.am/hy/case/1249/

Պրն Հարություն Երեմյան – “Երևանի էլեկտրատրանսպորտ” ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Երևանի էլեկտրատրանսպորտ” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 7 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները ծավալուն են և կտրամադրվեն 1 ամսվա ընթացքում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով, և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: 30-օրյա ժամկետի ավարտից հետո` սեպտեմբերի 6-ին, ՓԲԸ-ն տրամադրեց ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող թերի պատասխան: ՓԲԸ-ն Սեւ ցուցակում է հայտնվում ինչպես թերի պատասխան տրամադրելու, այնպես էլ ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար:http://givemeinfo.am/hy/case/1248/

Պրն Էլբակ Թարփոշյան – “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 10 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: Մինչև 30-օրյա ժամկետի ավարտը` օգոստոսի 21-ին ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող անհիմն մերժմամբ պատասխան:http://givemeinfo.am/hy/case/1247/

Պրն Արամ Հակոբյան – “Ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Ավտոբուս” ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել:http://givemeinfo.am/hy/case/1246/

Պրն Արտակ Նավասարդյան – “Դյակո-Արթ” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Դյակո-Արթ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:http://givemeinfo.am/hy/case/1257/

Պրն Համլետ Գրիգորյան – “Բյուրակն” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բյուրակն” ՍՊԸ-ին և խնդրել տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1259/

Պրն Աշոտ Արշակյան – “Արշակյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Արշակյան եղբայրներ” ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել:http://givemeinfo.am/hy/case/1260/

 

Համաներմամբ ազատ է արձակվել 517 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:

«Վարդաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  3, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 1, «Սևան» ՔԿՀ –ից` 6, «Հրազդան» ՔԿՀ –ից` 2   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 505 դատապարտյալ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել  4, «Արթիկ» ՔԿՀ –ից` 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 26, «Կոշ» ՔԿՀ – ից`2, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից`  6, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 1, «Աբովյան» ՔԿՀ – -ից`1  (կին դատապարտյալ) , «Հրազդան» ՔԿՀ –ից` 2 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:

Համաներման կիրառմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ:

«Արթիկ» ՔԿՀ -ից ազատ է արձակվել 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 44, «Կոշ» ՔԿՀ –ից` 5, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 6, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – ից` 4, «Սևան» ՔԿՀ –ից` 2, «Աբովյան» ՔԿՀ –ից`5 (կին դատապարտյալ),  «Հրազդան» ՔԿՀ –ից` 3   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից, ընդհանուր առմամբ,ազատ է արձակվել 462 դատապարտյալ:

Օմբուդսմեն. Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է… հնարավոր է… եվրոպական է…

կարեն անդրեասյան Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:

Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետը իր գրությամբ ՄԻՊ-ին  հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ:

Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը:

Հոկտեմբերի 9-ին ազատ է արձակվել 114 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ:  Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 7, «Արթիկ» ՔԿՀ –ից` 2, «Վանաձոր» ՔԿՀ –ից`  2, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 56, «Կոշ» ՔԿՀ –ից` 44, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 3:

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 278 անձ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 անձ: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ -ից ազատ է  արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ –ից` 31, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 11, «Գորիս» ՔԿՀ –ից` 12, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 23, «Սևան» ՔԿՀ – ից`36, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ –ից` 1, «Կոշ» ՔԿՀ –ից` 57, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 33, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից` 7,  «Աբովյան» ՔԿՀ –ից` 11, որից 10-ը՝ կին, 1 անչափահաս,    «Հրազդան» ՔԿՀ –ից` 14 անձ:

Ի՞նչ չափանիշներով են դասակարգվում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

1331208900_zvartnotsՀայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում աշխարհին ներկայանալու լավագույն այցեքարտերից մեկը եղել ու մնում են դարերից եկած անխոս վկաները` պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք կարևորության շնորհիվ գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 1998 թ. նոյեմբերի 11-ին) 1-ին հոդվածում տրվում է դրանց սահմանումը. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից»:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Իսկ ահա նույն օրենքի 6-րդ հոդվածում դասակարգվում են այդ հուշարձանները: Այսպես, հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգն են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգն են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր,

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ,

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ,

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մարոկկոյում դեռահասները ձերբակալվել են Facebook-ում տեղադրված լուսանկարի պատճառով

kissՄարոկկոյում դեռահասներ են ձերբակալվել Facebook-ում իրենց համբույրի լուսանկարը տեղադրելու համար: Լուսանկարում անչափահաս 14 և 15 տարեկան  աղջիկն ու տղան համբուրվումեն դպրոցի մոտ: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, լուսանկարը տեղի երեխաների համար նմանակման պատճառ է դարձել:

Սակայն, իշխանությունները չեն գնահատել դեռահասների զգացմունքներն ու , նրանց ձերբակալել են: Ներկայում նրանք Նադոր քաղաքի բանտում են գտնվում: Նրանց պաշտպանության օգտին են հանդես եկել իրավապաշտպան շատ կազմակերպություններ ու պահանջել ազատել երեխաներին: