Հայ անիմացիոն արվեստն ու նրա 75-ամյա պատմությունը

Դավիթ ՍահակյանցՀոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է, որի հետ կապված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայկական անիմացիայի վերջին տարիների ձեռքբերումների, ինչպես նաև ոլորտի խնդիրներին մասին:

 Ըստ բանախոսի հայկական անիմացիան ունի PR-ի խնդիր, այն գրեթե բացակայում է: Պատրաստված աշխատանքները էկրանից և բաց ցուցադրություններից այն կողմ չեն անցնում, սակայն ուրախալի է, որ կան արձագանքներ միջազգային փառատոններից. “Մենք չենք ուզում հարմարվել միջազգային շուկայի պահանջներին, այլ ուզում ենք մտնել միջազգային շուկա”,-հավելեց Սահակյանցը:

Հայկական արտադրության անիմացիոն ֆիլմերը հիմնականում կարճամետրաժ են, իսկ ահա 2014 թվականի նոյեմբեր ամսին պատրաստ կլինի “Անահիտ” լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Ի դեպ սա թվով երրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը կլինի:  Սահակյանցը իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը դրված է մեր պատմության վրա. “Կա ազգայինը, մեր մշակույթը փոքրիկներին, ինչու չէ նաև մեծահասակներին ներկայացնելու խնդիր, որն էլ փորձում ենք լուծել անիմացիայի միջոցով “:

Հայ անիմացիոն արվեստը այս տարի նշում է իր 75-ամյակը: Առաջին հայկական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն” ստեղծագործության հիման վրա:

Մուլտիպլիկատորի համոզմաբ մի խնդիր ևս կա` հայակական հեռուստաալիքները գրեթե չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը, դրանց տեղը զիջելով արտասահմանյան մուլտֆիլմերի:

Կան ինչպես կադրերի, այն պես էլ պետական աջակցության խնդիր, ցուցադրվող պետական ֆինանսական աջակցությունը շատ քիչ է, որպեսզի ոլորտը զարգանա:

Լուսինե Ասատրյան

Կոմպոզիտորների միության համագումարը շարունակվում է

timthumb.php

Այսօր Կոմպոզիտորների միության դահլիճում շարունակվում է Կոմպոզիտորների միության համագումարը, որը մեկնարկել էր երեկ`  ՀՀ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում`  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

Միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ վայր է դնում նախագահի իր լիազորությունները, իսկ թե երբ տեղի կունենան միության նոր նախագահի ընտրություններ, հստակ հայտնի չէր եղել: Ամիրխանյանը նշել էր, որ չի ցանկանում համագումարը սահմանափակել մեկ օրվա մեջ, հնարավոր է, որ այն տևի երեք օր:

Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնի թեկնածուներն են Ռոբերտ Ամիրխանյանն ու նրա թիվ մեկ ընդդիմախոս կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Երեկ, մինչ համագումարի մեկնարկը, Ամիրխանյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, որտեղ ոչ հաստատել, ոչ բացառել էր միության նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը. «Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:

Համագումարն անցել էր լարված մթնոլորտում, այսօր էլ այն զերծ չի եղել լարվածությունից և փոխադարձ մեղադրանքներից:

Ավելի վաղ «Անկախ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում իր հասցեին հնչող քննադատություններին, Ռոբերտ Ամիրխանյանն ասել էր. «Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին»:

Հարցին, թե դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ, Ռոբերտ Ամիրխանյանն ասել էր. «Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…»:

Դասական երաժշտության 2 անկրկնելի համերգ Վլադիմիր Սպիվակովի և Հասմիկ Պապյանի մատուցմամբ

1 (12)Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։

Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.00, ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։

Իսկ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Գյումրիում տեղի ունենալիք համերգը կկայանա ՙԳյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՚ ծրագրի շրջանակներում։

Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Հավելյալ տեղեկատվության համար դիմել` (010)  58 14  71 , (093)  517112

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

                                                                                                        [email protected]

Հետևե´ք մեր պաշտոնական կայքէջին` www.syoa.am

Կույրերի միավորման երգչախումբն ու ժող. գործիքների համույթը բարեգործական համերգ են անցկացրել զինվորների համար

1380192_420811941374018_1278106271_nԱյսօր Հայաստանի Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների պրոֆեսիոնալ երգչախումբն ու ժող. գործիքների համույթը բարեգործական համերգով ելույթ ունեցան ՊՆ զորամասերից մեկում:

Երգչախումբն ու համույթն ունեն 37  տարվա պատմություն: Հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Հովհաննիսյանն է:

1384255_420817751373437_1586939264_nՀամերգի նպատակն էր զինվորներին քաջալերել և զինվորական առօրյան լցնել դրական լիցքերով: Ընդունելությունը շատ ջերմ էր, որի վկայությըունը զինվորների և սպայական կազմի բուռն ծափողջույններն էին:

Համերգի ավարտին հրամանատարությունը  շնորհակալագրեր հանձնեց գեղարվեստական ղեկավարին և երաժշտական կոլեկտիվներին:

Մեծ պատասխանատվություն է ըմբոստ լինելը

հայրապետյան«Գիշերվա ուշ ժամն էլ լիներ, նա թակում էր դուռս: Երկար-բարակ քիթն արդեն ամեն ինչ ասում էր նրա արիացու տեսակի առանձնահատկության մասին: Ժամերով նստում, նարդի էինք խաղում: Հայհոյող աղջիկ էր: Կնայեր աչքերիս մեջ ու իր ողջ էությունն ի ցույց կդներ` շոշափելով իր աղջկական բարեմասնությունների շարանը: Ես իմ հիշողության փոքրիկ շրջանակում մի տուն էի լղոզել թղթի վրա ու մի գեղեցիկ այգի, որտեղ ամեն ինչ ճիշտ էր ու հրաշք` ինչպես երբեք: Էությունս ափերիս մեջ առած, անընդհատ գնում գալիս էի ու նոր մտքեր հայտնաբերած, փորձում էի մի նոր բան ավելացնել: Մտքիս երևակայության արանքում նոր պատմություն հորինել: Ես` աշխարհից հեռացած, նստել էի գնացքի վագոններից մեկի մեջ, Երևան էի գալիս: Հետո էլ կանգնել էի զուգարանի դռան առաջ ու սպասում էի իմ հերթին: Սիրահարված զույգը ներսից ճանկռոտում է դուռը: Վայրի կանացի աղաղակներն ու սրտաճմլիկ տղամարդկային հևոցը տակնուվրա էին անում բնազդներս: Ես, որպեսզի ավելի չաշխուժանայի, հեռացա տարածքից` շառից, փորձանքից հեռու: Կողքիս նստած հսկամարմին կնոջ որովայնը մրսել էր, ներսից ձայներ էր հանում…»: Այս տողերը հրապարակախոս Արթուր Հայրապետյանի «Դատարկ կոլաժներ» արձակից էին: Մարդ, որը երբեք չի համակերպվում կյանքի սովորական ընթացքի հետ, բայց չի էլ վախենում ուղիղ խոսքի հետևանքներից:

–        Հրապարակախոս, գրող, լրագրող.  ո՞րն է Արթուր Հայրապետյանի առաջին և հիմնական կոչումը:

–           Իմ կոչումն իմ անունն է, ազգանունը, հայ և քրիստոնյա լինելը, իմ ժողովուրդը,  ի վերջո, մարդ մնալը:

–        Եթե չլինեիք ներկայիս Արթուրը, ի՞նչ կլինեիք:

–           Շատ եմ մտածել այդ մասին, բայց պատասխան չեմ գտել: Այլ բան չէր էլ կարող լինել, քան մնալ վերևից ինձ շնորհած կոչմանը հավատարիմ գրող, որը լավ գիտի մարդու առեղծվածը:

–        Ե՞րբ առաջացավ գրչով արտահայտվելու ցանկությունը:

–           Դեռ դպրոցական տարիներին բանաստեղծություններ էի գրում, իսկ հասուն տարիքում` արձակ ստեղծագործություններ: Սակայն ինձ արձակի մեջ ավելի հանգիստ եմ զգում, քան չափածոյի մեջ: Երբ մատներս չաշխատեն, մտքով կգրեմ, իսկ թե միտքս լռեց, կդադարեմ լինել:

–        Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական մտավորականը:

–           Շատ են առիթ-անառիթ մտավորականներին քննադատում: Մտավորական լինելու համար պետք է երկար տարիների կենսագրություն ունենալ: Բայց դե չեն կարող բոլորն իրար նման լինել. մեկն ազնիվ է, մյուսը` շինծու: Մտավորականը բնավորություն ունեցող մարդ է, ազգի կորիզը, սերմը: Ինչպես գցես հողը, այդպես էլ պտուղ կստանաս:

–        Ձևն ու բովանդակությունն ինչպիսի՞ն են մերօրյա կյանքում:

–           Այսօր բոլոր ասպարեզներում ձևն է գերիշխում և բովանդակությունից հեռացել ենք: Սակայն առանց մեկը մյուսի երկար  ապրել չեն կարող:

–        Մի՞շտ  եք ըմբոստ եղել և չեք համակերպվել մարդկային հոգեմթնոլորտին:

–           Այո: Ես չեմ հարմարվում և անընդհատ ընդվզում եմ, բայց ընդդիմանալու, չհամաձայնելու հետ հավատարիմ եմ մնում ինքս ինձ: Մտահոգվում եմ բոլորի համար` սկսած ամենահասարակ մարդուց: Բայց այլ խնդիր է, թե այսօր որքանով է ընդվզող, ազնիվ տեսակն ընդունվում:  Իհարկե, դա ինձ քիչ է հետաքրքրում: Երբեք կեղծության ու շաղակրատության զոհ չեմ գնացել, և ոչ ոք իմ ազատ խոսքը չի կարող լռեցնել՝ ստիպելով ճիշտ խոսքս վիժեցնել ներսում:

–        Ինչպե՞ս  եք վերաբերվում սոցցանցերին:

–           Սոցցանցերն այսօր որոշ մարդկանց համար դարձել են բնակության վայր, ազատ խոսքի և ինքնադրսևորվելու միջոց, անկախ դրական և բացասական կողմերից: Սոցցանցը եկավ և լրացրեց հեռուստացույցը: Այսօր քիչ մարդ է հեռուստացույց դիտում, գիրք կարդում: Եվ կենդանի շփման պակասի հետևանքով ավելի շատ գունազրկվել և զոմբիներ են դարձել:

–        Մարդիկ իսկապե՞ս զոմբիացած են: Գուցե միշտ էլ այդպիսի՞ն են եղել:

–           Իրականում մեզ փորձում են զոմբիացնել, բայց պետք է արթուն մնալ: Մարդը մտածող արարած է, գիտի` ինչն է լավ, ինչը վատ: Եթե զոմբիացած լինելը քեզ ձեռնտու է, հանգիստ այդ պիտակի կրողը կլինես, իսկ եթե ոչ, ինչ քամիներ էլ գան ու գնան, կմնաս այն, ինչին տեր ես:

–        Ինչպիսի՞ն է գրականության դերը XXI դարում, հատկապես` մեր փոքրիկ երկրի համար:

–           Գրականությունը միշտ ունեցել է ուսուցանող, մարդուն հարստացնող, սովորեցնող բնույթ: Բոլոր ժամանակներում էլ եղել են գրողներ, որոնք իրենց լեզվամտածողությամբ և գեղագիտական ճաշակով արժեքներ են ստեղծել: Ուղղակի չեմ փորձի տարանջատել անցյալի և ներկայի գրականությունը, այլ կհավելեմ, որ այն հիվանդին բուժող առաջին դեղահաբն է: Ով ուզում է առողջ մնալ, պետք է սնվի, պետք է հագենա, իսկ այսօր մարդիկ հագենալու միջոց ընտրել են նյութականը ու հեռացել հոգևորից:

–        Նկատե՞լ եք, որ մեզ մոտ, օրինակ՝ երթուղայիններում, հազվադեպ են գիրք կարդում: Ո՞րն է դրա պատճառը:

–           Այն գեղեցիկ մշակույթը, որ առավոտ կանուխ դուրս էինք գալիս կրպակից թերթ գնելու, հետո կարդալով աշխատանքի գնում, կորցրել ենք: Բայց դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է և հնարավոր չէ վերականգնել: Կստեղծվեն նոր մտածողություն, նոր գաղափարներ: Ուղղակի, տա Աստված, որ մեզանից չհեռանանք և ապրենք ոչ թե ուրիշների, այլ՝ մեզ համար:

–        Մի ժամանակ հիասթափված էիք երիտասարդներից: Ձեր կարծիքը չե՞ք փոխել նրանց մասին:

–           Մի ժամանակ, այո, հիասթափված էի: Գուցե շփումս քիչ էր երիտասարդների հետ: Այն, որ կորցրել ենք հայ երիտասարդի կամ, օրինակ՝ բժշկի կերպար ասվածը, դա հաստատ է: Այդուհանդերձ, կան պատրաստված և խելացի երիտասարդներ, որոնց չեմ կարող չնկատել և չգնահատել: Պարզապես կցանկանայի, որ նրանք շատ կարդան և ապրեն իրենց ցանկությամբ՝ չհավասարվելով միջակներին ու պայքարելով վաղվա՝ մեր ապագայի համար:

–           Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ իշխանությունը:

–           Իսկ մեզ մոտ կա՞ իշխանություն, քաղաքականություն: Քանի դեռ իշխանությունն ինքնանպատակ է գործում և ընտրված չէ ժողովրդի կողմից, ոչինչ չեմ կարող ասել:

–        Ձեր գրվածքները հագեցած են բազմանշանակ և բազմաշերտ արտահայտություններով: Որտեղի՞ց եք գտնում դրանք:

–           Չեմ գտնում, դրանք ծնվում են: Եթե պաշար չունենաս, չես կարող գրել: Իմ տեսակով հասարակ, բայց խորը մարդ եմ, դա երևում է իմ գրականության մեջ: Առհասարակ իմ ընթերցողից եմ գնահատական ակնկալում, իսկ գիտելիքներն ու զգացողությունները դուրս եմ մղում իմ միջից ու փոխանցում ընթերցողին՝ միաժամանակ չէժանացնելով, չհարմարեցնելով այսօրվա պահանջներին:

–           Վերջերս լույս տեսավ «Սպասում» պատմվածքների ժողովածուն: Ինչո՞վ է այն առանձնանում Ձեր առաջին գրքից:

–           Առաջին գիրքս հայտ էր գրականության մեջ, իսկ երկրորդ գիրքն արդեն հասուն և մտածող մարդու հավաքական վկայությունն է: Աշխատել եմ ավելի բարձր և հետաքրքիր լինել, խոսքս տեղ հասցնել ընթերցողներին:

–           Ձեր գրվածքներում հաճախ նկատելի է  «էրոտիկ», նույնիսկ յուրօրինակ հումոր: Դա ինքնաբերաբա՞ր է ստացվում, թե՞…

–           Այն, ինչ հուզում է ինձ, դրան միս ու արյուն եմ տալիս, որ մտածել, սովորել և հասկանալ իմանա: Ինչ վերաբերում է էրոտիկ նկարագրին, այն ուսուցանող բնույթ ունի, որտեղ իմ սեռականությունը դիմացինի սեռականությունից տարբեր է: Հենց այդ տարբերության մասին են իմ գրականության մեջ էրոտիկ տեսարանները: Երբեք չեմ մտածել` ինչի մասին գրել, այլ եկել է պահը, կտրվել եմ աշխարհից և զարմանքով հասկացել, որ գրել եմ:

–        Ձեր գրքերի հիմքում սեփական կյանքի պատմությունն ու փո՞րձն են:

–           Իհարկե: Եթե մի բան քո միջով չես անցկացրել, ուրեմն դա արհեստական է ստացվում: Աշխատում եմ գրել մի բանի մասին, որտեղ ես կամ, չեմ կարող ինձ խաբելով խաբել գիր ու գրականությանը, որովհետև ինձ խաբելով՝ խաբում եմ առաջինը հենց ինձ, իսկ ընթերցողն առաջին մարդն է, որը լավ տեսնում և լսում է ամեն ինչ: Եթե լավ տեսնողին, լսողին խաբես, կնմանվես խեղկատակի, որն իրենից այն կողմ ոչ մեկին չի տեսնում:

–           Քանի՞ գիրք, հրապարակումներ և հոդվածներ եք գրել:

–           Բազմաթիվ հոդվածների, էսսեների, կինոսցենարների, ակնարկների և երկու գրքի հեղինակ եմ: Սակայն բանաստեղծություններ քիչ ունեմ:

–        Ի՞նչ կար երեկ, որ այսօր չկա: Եվ ի՞նչ չկար երեկ, որ այսօր նույնպես չկա:

–           Այն ինչ կար նախկինում, այսօր էլ կա: Այն ինչ չկա այսօր, երեկ է եղել: Իրականում քիչ բան է փոխվել: Նախկինում ասել են, որ եթե այսպես շարունակվի, աշխարհը կկործանվի: Անցել են տասնյակ տարիներ և հիմա էլ են ասում: Ուրեմն քիչ բան է փոխվել:

–           Շուտով սպասե՞նք նոր գրքի: Ինչպե՞ս է այն կոչվելու և ի՞նչ է պատմելու:

–           Այո, նոր գիրքս լույս կտեսնի շատ շուտով, որը, կարծում եմ, արգելված գրականության կողքին կդնեն: Իսկ վերնագիրը չեմ ասի, որովհետև կարող է փոխվել ժամանակի ընթացքում:

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Չարախոսելու ու չիրացված ես-ը նենգության ու քենի վերափոխելու փոխարեն մի քիչ կարդացեք. Վահե Արսեն

Վահե ԱրսենԳրող, հրապարակախոս Վահե Արսենը (Վահե Արսենյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՛՛Ու մանրիկ ու խոշոր, պատի ծակից դուրս եկած,

նոր դուրս եկող, ու դեռ դուրս էլ չեկած հայ մերօրյա նեոբոլշևիկները վրա տվին գրողներին………… սկզբում ոգևորվեցին մի երկու
կիսագրագետ-անհաջողակի մանրաբառերով` ՛՛Հիմա ո՞ւրա գրող որ…՛՛, քանզի իրենք ընդհանրապես գիրք չեն կարդում, հակացուցված, ամոթալի
մի բան է….. ու հայդե գրողների ջանին ընկան… երբ մի բանից գլուխ չես հանում ամենադյուրին ԲԱՆԸ ոչնչացնելն է, իսպառ
ոչնչացնելը……… մի մասն էլ էն չուկչայի անեկդոտի նման սկսել են իրենք գրել` ՛՛չուկչա նե չիտածել, չուկչա պիսածել՛՛ սկզբունքով….
Չարախոսելու ու չիրացված ես-ը նենգության ու քենի վերափոխելու փոխարեն մի քիչ կարդացեք… լավ գրքեր կարդացեք…
ԳՐԱԽԱՆՈՒԹՈՒՄ ու երբեմն էլ հենց մայթերին վաճառվում են… ու թանկ էլ չեն IPhone-ի համեմատ… կարդալուց հետո հնարավոր է նաև
բարիացում և գրելու ցանկության նվազում… մենակ էդ գրքով քենոտ քոմենթներ ու ստատուսներ չեք կարող շեյր անել… ու դա էլ արդեն քիչ չէ…՛՛:

—
Լարա Առաքելյան

Սերժ Սամոնյանցը մեծարվել է 35-ամյա լրագրողական գործունեության համար

Samoniantz

Այս հոդվածը նվիրված է Սերժ Սամոնյանցին` Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնում 10 տարի աշխատած նախկին խմբագրին, և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում վերջին 25 տարիների ներկայիս խմբագրին:

Սերժը համեստ մարդ է, որն իր կյանքի մեծ մասն անտրտունջ աշխատել է` խուսափելով իր նկատմամբ որևէ ուշադրությունից: Երբ անցյալ կիրակի երեկոյան ես նրան հայտնեցի, որ «Ասպարեզը» պատրաստվում է մեծարել իրեն, Սերժը հեգնական պատասխանեց իրեն հատուկ ինքնաթերագնահատման ոճով. «Ի՞նչ է, մեծարելու համար այլ մարդ չի մնացե՞լ»:

Սերժը մեծարվեց աշխարհի ամենահին թերթերից մեկի` «Ասպարեզի» 105-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: «Ասպարեզ» թերթն սկսել է հրատարակվել 1908 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, իսկ 1970 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:

Մինչ իմ շաբաթական սյունակները զգալի ուշադրության են արժանանում հրապարակվելով աշխարհի մի քանի տասնյակ թերթերում և տեղադրվելով հարյուրավոր կայքերում բազմաթիվ լեզուներով, Սերժն ամեն շաբաթ աննկատ կերպով պատրաստում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը հրատարակության համար: Նա պատասխանատու է ամեն ինչի համար`սկսած լուրերի հավաքումից մինչև  խմբագրում, ձևավորում և գովազդային աշխատանքներ:

Պետք է արժանին մատուցել «Ասպարեզ» թերթի ղեկավարությանը Սերժ Սամոնյանցին մեծարելու համար: Թեև 1988 թվականից նա այլևս չի աշխատում «Ասպարեզում», սակայն թերթի հայերեն և անգլերեն բաժինների ներկայիս խմբագիրներ Աբո Պողիկյանը և Արա Խաչատուրյանը չեն մոռացել իրենց նախկին գործընկերոջը և քառորդ դար անց ցանկացել են իրենց երախտիքի խոսքն ասել նրա գերազանց աշխատանքի համար: Հաճախ չէ, որ հայկական կազմակերպությունները հիշում են իրենց աշխատակիցներին և հանդիսավոր ճաշկերույթներ կազմակերպում նրանց պատվին:

Թեև պատշաճ է ճանաչել նրանց, որոնք զգալի գումարներ են նվիրաբերում հայկական հաստատություններին, քանզի առանց նրանց առատաձեռն նվիրատվությունների հնարավոր չէր լինի շատ բաների հասնել, սակայն նույնքան կարևոր է մեծարել ազգի համեստ ծառայողներին, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ համայնքին, ինչպիսիք են ուսուցիչները, լրագրողները և հոգևորականները:

Տոնակատարությունն իսկապես հիշարժան դարձավ անակնկալ հայտարարությամբ, որով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան էր շնորհել պարոն Սամոնյանցին: Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Կաթողիկոսարանի պատրաստած կոնդակը` պարոն Սամոնյանցի կրծքին Պատվո շքանշանը ամրացնելու պահին:

Ինձ խնդրել էին ներկայացնել Սերժին հոկտեմբերի 20-ի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոնտեբելոյի Բաղրամյան դահլիճում: Ստորև ներկայացնում եմ իմ բացման խոսքը, որը ներառում է պարոն Սամոնյանցի համառոտ կենսագրությունը.

Սերժը ծնվել է 1943 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան դառնալը: 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, Բրազիլիա, իսկ 1961 թվականին` Մասաչուսեթս, ԱՄՆ: Նա ընդունվել է ՀՅԴ երիտասարդական միության, իսկ 1966 թվականին Մոնտեբելո, Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո` ՀՅԴ «Քեռի» կոմիտեի շարքերը:

1964 թվականին Սերժը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում և 1970 թվականին պատվով զորացրվել է որպես սերժանտ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սերժը հաճախել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարան` մասնագիտանալով պատմության մեջ: Հետագայում UCLA-ի համալսարանից նա ստացել է հանրային կապերի վկայական:

1973 թվականից սկսած Սերժը յոթ տարի շարունակ ստանձնել է «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագրի պաշտոնը: Այնուհետև, 1983-84 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն: Հետագայում, 1985-1988 թվականներին նա կրկին վերադարձել է «Ասպարեզ»` անգլերեն բաժնի խմբագրի իր նախկին պաշտոնին:

1985 թվականին Ժնևում, Սերժը և ես, Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության կազմում էինք` հաջողությամբ լոբբինգ իրականացնելով ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

1988 թվականին Սերժը միացավ «Կալիֆորնիա կուրիեր» թերթին որպես խմբագիր, որտեղ արդեն 25 տարի է, ինչ աշխատում է: Նա գերազանց լրագրող է և բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է քառորդ դար շարունակ աշխատել նրա հետ միասին և’ որպես մտերիմ ընկեր և’ որպես գործընկեր:

Սերժը լուռ ու մունջ մարդ է և անխոնջ աշխատող: Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ գործիչ տարբեր սոցիալական և քաղաքական հարցերում և Հայ դատի աննկուն ջատագով:

Սերժի մեծարման ուրախությունը նրա հետ միասին կիսում էին նրա ընտանիքի անդամները, կինը` Մարիամը, քենին` Լաուրա Մանուկյանը, նրա որդին` Րաֆֆին ու նրա կինը` Նանոն, և նրանց երեխաները` Էմիլին ու Սեպուհը:

Շնորհավորում եմ Սերժ Սամոնյանցին` հայ լրագրությանը վերջին 35 տարիների ընթացքում իր անշեղ նվիրվածության համար և շնորհավորում եմ «Ասպարեզ» թերթի աշխատակիցներին` նրանց քրտնաջան աշխատանքի և հանձնառության համար՝ շարունակելու ժառանգությունը այն մարդկանց, որոնք 105 տարի առաջ հիմնադրել են այս թերթը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ Ճապոնիայի Կոֆու քաղաքում

Հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ ՃապոնիաՍեպտեմբերի 17-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի Յամանաշի նահանգի Կոֆուի քաղաքապետի, Յամանաշի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի եւ նահանգի գործարարների հետ: Հանդիպումներին քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության և  գործարար ու մշակութային կապերի խթանմանը վերաբերող հարցեր:

Հոկտեմբերի 20-ին Կոֆու քաղաքում Ճապոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայկական եւ ճապոնական երաժշտության համերգ:

Համերգն ունկնդրելու էին եկել Կոֆուի քաղաքապետը, Յամանաշի նահանգի պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ, երաժշտասերներ: Միջոցառումը մեկնարկեց դեսպան Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքով, ով նշեց, որ հայկական եւ ճապոնական հոգեւոր մշակույթի համադրումը օգնում է հայ եւ ճապոնացի ժողովրդին միմյանց արժեհամակարգն առավել լավ ընկալելու եւ ճանաչելու միմյանց:

Համերգին ելույթ ունեցան ճապոնացի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Իսրայելյանը, կոտոյահար Ասուկա Յոշիձակին եւ բարիտոն Յուհեի Ցուչիդան, ովքեր կատարեցին Կոմիտասի, ինչպես նաեւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Կոտո (ճապոնական տավիղ) նվագարանով կոմիտասյան երաժշտությունը Ճապոնիայում հնչեց առաջին անգամ:

Մոսկվայում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի 80-ամյակին

sergey-smbatyan_jpg_1313069965Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը։ Ե՜վ Հայաստանում, և՜ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ նվիրված Յուրի Հայրապետյանի հոբելյանին։ Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Արեն Վաթյանի «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ոսկե մեդալի

«Կավե մարդը»

Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի` Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Բացի այս ֆիլմից, Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ «UNICA»-ի հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոն

 

«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

defaultԵրիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը” 20 րոպեանոց ֆիլմը վերջերս “Նո Ֆի” միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Համահայկական Ոչ կոմերցիոն Կինոյի Կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ    “Նո Ֆի” -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին, Ավստրիայում : Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն  է արձանագրվել.  ոսկե մեդալ և լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի “Կավե մարդ” ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի “Ավլոս” ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի ՛՛ Իլ Սետտիմո՛՛, Լևոն Պետրոսյանի ՛՛ Միևնույն է կուտեն՛՛ և Մարտին Ուլիխանյանի ՛՛Դուռ՛՛ ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է  3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:

“Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն” արդեն երեք տարի մասնակցում է միջազգային “Նո Ֆի” կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:

 

 Հայաստանի ազգային կինոկենտրոն

Հայկական ջազի երեկո Բուխարեստում

576.The concert of Armenian Jazz in Bucharest 18.10.2013Հոկտեմբերի 17-ին Բուխարեստի Ռադիոյի սրահում ջազային կատարումներով հանդես եկավ տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը: Ջազային երեկոն կազմակերպել էր TwinArts պրոդյուսերական կենտրոնը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Համերգի ընթացքում հնչած կատարումների թվում էին Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ ջազային մեկնաբանությունները, ինչպես նաև Տիգրան Համասյանի՝ հայրենի Գյումրիին նվիրված հեղինակային ստեղծագործությունը:

Ի դեպ, նախորդ օրը Բուխարեստի ջազային ակումբներից մեկում հանդես էր եկել եւս մեկ հայազգի վարպետ` հանրահայտ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, որը նույնպես իր ստեղծագործությունների մեջ լայնորեն օգտագործում է հայկական մոտիվները:

 

Կանցկացվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ

կինոփառատոնՍ/թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 5 մարզերում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի մարզային փառատոններ: 

Փառատոնների ընթացքում կցուցադրվեն միջազգային և տեղական վավերագրական ֆիլմեր ընտրված «Մեկ աշխարհ» և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոններ ֆիլմացանկից: Բոլոր ֆիլմերը հայերեն կրկնօրինակմաբ են և անդրադառնում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի և հարակից այլ թեմաների: 3-4 օր տևողությամբ փառատոնների ընթացքում ցուցադրված յուրաքանչյուր ֆիլմին կհաջորդի ֆիլմում արծարծված թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրված փորձագետների և մասնագետների ներկայացությամբ:

«Մարզային փառատոններն արդեն երկրորդ անգամ են կազմակերպվում: Գարնանն անցացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, և ֆիլմին հաջորդող քննարկումների անցկացումը» – նշեց CAUCADOC ծրագրի պատասխանատու՝ Շարկա Զահրադնիկովան:

Հայաստանում մարզային փառատոնները կանցկացվեն հինգ մարզերում: Մասնավորապես Վայոց Ձորի մարզում՝ հոկտեմբերի 20-23-ը, Սյունիքում՝ հոկտեմբերի 22-24-ը, Շիրակում՝ նոյեմբերի 8-10-ը, Լոռիում՝ նոյեմբերի 12-14-ը, Տավուշում՝ նոյեմբերի 15-17-ը:

Փառատոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել www.caucadoc.com վեբ կայքը:

Վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնները նախաձեռնել է  չեխական «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն տարածաշրջանային «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» և «Սակդոկ» գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ:   Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության,  Չեխական զարգացման գործակալության, Հենրիխ Բելի հիմնադրամի և Սևծովյան համագործակցության հիմնադրամի կողմից:

Կվերականգնվի Մինասի հերթական որմնանկարը

Մինաս ԱվետիսյանՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ: 2010-2012 թթ. հիմնադրամն ամրակայել, վերականգնել և տեղափոխել է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարները:

Կառավարության որոշմամբ 2013 թ. հոկտեմբերի 14-20-ը համերգային ծրագրով հանդես գալու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանող «Սահակյան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիներն ազատվել են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
ՀՀ կառավարությունը սահմանել է հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ունեցող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը:
Կառավարություն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ավելի հստակ դասակարգել էներգատեղակայանքներում տեղի ունեցող պատահարները և կանխարգելել դրանք:
Գործադիրը որոշել է «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը փոփոխել է ԿԱ ՊԵԿ կառուցվածքը. դրանով իսկ կօպտիմալացվի հարկային մարմնի կառավարման համակարգը և կհստակեցվի գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:

 

Անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է. Հասմիկ Ավետիսյան

1381878_205530299629023_1614630514_n‹‹Անտեսված գեղեցկություն» այս խորագիրն էր կրում նկարիչ Հասմիկ Ավետիսյանի այսօր Ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսը` նվիրված ալբինիզմին: Ալբինիզմը (լատ.«albusե-սպիտակ) գենետիկ շեղում է, մելանին գունանյութի ի ծնե բացակայության պատճառով:

Հասմիկ Ավետիսյանի համար ալբինիզմը անուշադրության մատնված բոլորովին նոր աշխարհ է, կարելի է ասել` մի նոր ռասա.‹‹Ուրիշի անծանոթ տեսակը ընդունելը բարդ երևույթ է մեր հասարակության մեջ: Պատճառն այն է, որ անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է, որը մշտապես վախեցնում է: Սակայն երբ մտնում ես այդ նոր և տարօրինակ աշխարհը, դու հասկանում ես, որ այն բնակեցված է և հաճախ մոտ ու ծանոթ մեզ››:

Նկարչուհի խոսքերով ցուցահանդեսի նպատակն է աշխարհին բացել մի նոր գեղեցկություն: Խորագիրը հենց այդպես է՝ ‹‹Անտեսված գեղեցկություն››, այսինքն նրանց գեղեցկությունը ոչ ոք չի նկատում.‹‹Այս ցուցահանդեսը ներկայացվել է որպես իրադարձություն: Սա փորձ է աշխարհին ցույց տալու մի նոր  բան: Նրանք մեզանից ոչնչով չեն տարբերովում: Միգուցե միայն նրանով, որ ավելի բարի են, ավելի փափուկ և անպաշտպան››:

Ալբինիզմ 1393003_205530126295707_1249059118_nՑուցահանդեսի ողջ ընթացքը ուղեցկվում էր երաժշտությամբ, որը առավել տպավորիչ էր դարձնում ցուցադրությունը: Սկզբում տեսնում ես նրանց առանձնահատկությունը, այնուհետև նկատում գեղեցկությունը:

Տիկին Ավետիսյանի համոզմամբ ‹‹ճերմակ ագռավները›› իրնեց ճերմակությամբ ‹‹գունավորում››, փայլ են տալիս  այս անբացատրելի աշխարհին.‹‹Առանց նրանց մեր իրականությունը շատ տաղտուկ և անհետաքրքիր կլիներ…››

Վերջում հավելենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

 

                                                              Աննա Եղիազարյան

 

Բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը

P1050359Այսօր Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակի բացման արարողությունը Հայաստանի ազգային պատկերասրահի ճակատային հատվածում:

Հուշաքարի բացմանը ներկա էին ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ռուբեն Դրամբյանի դուստրը` արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանը, թոռնուհին` Շուշանիկը, արվեստագետներ և հյուրեր:

P1050332Հուշաքարի բացումից հետո սպասվում էր անակնկալ. Իրինա Դրամբյանը պատկերասրահին նվիրեց Մարկ Շագալի  «Ամառանոց Զաոլշյեում, Ինտերիեր 1915» ստեղծագործությունը, որն իր հայրը գնել էր անմիջականորեն Մ.Շագալից: Ազգային պատկերասրահում Մ.Շագալից կար ընդամենը մեկ գործ: Մի հետաքրքիր փաստ ևս. նկարների դասավորման ժամանակ մեկ այլ ռուս նկարչի նատյուրմորտի ետևում հայտնաբերել էր լավ պահպանված Մ.Շագալի 1920թ.-ի «Հորինվածք» նկարից մի հատված: Եվ էլի մի հետաքրքիր զուգադիպություն. «Ինտերիեր» նկարի պատուհանից դուրս երևացող բնապատկերը նույնն է, ինչ պատկերասրահում գտնվող 1918 թվականին նկարված «Ամառանոց» կտավում է պատկերված:

Սա չափազանց արժեքավոր նվիրատվություն էր, քանզի Ռուբեն Դրամբյանն էլ առաջին հերթին միշտ մտածել և հարստացրել է մեր ազգային պատկերասրահը:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Իրինա Դրամբյանին մշակույթային ժառանգության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց ոսկե մեդալով:

Պատկերասրահը հիմնադրվել է 1921թ.` որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին, որի համար հիմք են հանդիսացել հայ նկարիչների նույն թվականին կազմակերպած ցուցահանդեսի աշխատանքները, այնուհետև համալրվել է Մոսկվայի` Սովետական Հայաստանի կուտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, նվիրատվություններով, Մոսկվայի և Լենինգրադի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, թանգարանային գնումներով ու փոխանակումներով: Պատկերասրահի ֆոնդերի ձեռք բերման գործում նշանակալի է 1925-51 թթ. պատկերասրահի տնօրեն արվեստաբան Ռուբեն Դրամբյանի (1891-1991)  ներդրումը:

                                                                                 Կարինե Աղաբաբյան

Նախագահը դիտել է մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները

4221_bՆախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր շրջել է 2795-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ:

Հանրապետության Նախագահը երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի նաև տոնի առթիվ նախատեսված եզրափակիչ գալա համերգին:

<<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

phpThumb10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ  (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո – ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30
 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի – տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

13.00 <<iԵրևան>> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե – Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից – (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ – Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո – Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

<<Հին Երևանը. հայացք ապագայից>> լուսանկարների մրցույթ մետրոլոլիտենի կայարաններում

003 (1)Էրեբունի-Երևան 2795 տոնակատարոթյան շրջանակում երևանցիներին և մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի լուռ վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Ապրում ենք թափթփված գոյությամբ…». Ռոբերտ Ամիրխանյան

r.aՀարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ

– Պարո՛ն Ամիրխանյան, խորհրդային տարիներին ամեն ինչ պարզ էր. կոմպոզիտորները պետական պատվերներ էին ստանում, գրում երաժշտություն, որից բավականություն էին ստանում թե՛ իրենք, թե՛ հանրությունը: Ի՞նչ է փոխվել այսօր, արդյոք կոպմոզիտորների ստեղծագործությունները պահանջարկ ունե՞ն:

– Երգիչն այն մարդը չէ, որ կարող է երգել, այլ այն մարդը, որ չի կարող չերգել: Նույնն էլ կոմպոզիտորը. նա չի կարող չգրել: Սովետմիությունն ունեցել է իր փայլատակումները և բավականին նեգատիվ կողմեր, ինչպես մեր ներկայիս կյանքը: Այն ժամանակ էլ յուրաքանչյուր հեղինակ ազատ ստեղծագործել է: Ուրիշ բան, որ Սովետմիությունը խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ամենապրոգրեսիվ հասարակությունն է, և դրա համար մեծ միջոցներ էր դնում մշակույթի, մասնավորապես` երաժշտարվեստի մեջ: Իհարկե, դրանից օգտվում էին նաև միջակությունները, որոնք կարող էին սովետական թեմաներով ստեղծագործություններ գրել, փորձել դուր գալ ու խցկվել: Բայց իրական ստեղծագործողները միշտ եղել են ժամանակի պուլսի վրա, գրել են ստեղծագործություններ, որոնք չէին կարող չգրել, և ոչ մի պահանջարկի խնդիր չկար: Այո, պահանջված էր պրոֆեսիոնալ երաժշտությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային երաժշտությունը: Այսօր Խորհրդային Միության փլուզման փոշու մեջ շատ բաներ չեն երևում: Նախկին կյանքից շատ քիչ բան է մնացել, մասնավորապես` պրոֆեսիոնալ երաժշտության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

– Այսօր ունե՞նք կոմպոզիտորների երիտասարդ սերունդ, որը կշարունակի անցյալի հարուստ ավանդույթները:

– Խորհրդային տարիների բարձր երաժշտագիտակցությունն այսօր փորձում ենք հաղորդել ուսանողներին, որպեսզի նոր կադրերը կրեն այդ գիտակցությունը և խնդիրը:  Կան փայլուն երիտասարդներ, որոնց, ցավոք, կենցաղը քաշում է ուրիշ տեղ:  Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդներն իրենց ունակությունները կարողանան կիրառել մասսայական սպասարկման երաժշտության մեջ: Նրանք կարող են հարսանիքի համար էլ երաժշտություն գրել: Խնդիրը դա չէ, այլ այն` արդյոք նրանք իջնում են շուկայի մակարդակի՞ն, թե՞ կարողանում են պահպանել իրենց:  Շատ հաճախ նրանք գնում են դուր գալու ճանապարհով: Ես կոչ կանեի պահպանել հոգու մաքրությունը և մասնագիտական բարձունքները, իսկ շուկան, ուզի թե չուզի, կգա նրանց հետևից: Ինչպես մշակույթն ունի շուկայի պահանջ, այնպես էլ շուկան կարիք ունի մշակույթի:

– Ի՞նչ է պետք որակյալ երաժշտություն, առհասարակ բարձր մշակույթ ստեղծելու, հասարակական ճաշակը և մեր կյանքը փոխելու համար: 

– Ստեղծագործողի գիտակցություն և իհարկե համոզում, որ աշխատանքը չի մնա դարակի մեջ: Բոլոր օղակները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

30-ականներին մենք մի վիճակի մեջ էինք, երբ փողոցներում մահանում էին երեխաները, բայց մենք այդ տարիներին մյուս կողմից կառուցում էինք Մատենադարանը, կառուցում էինք մեր երկիրը հայրենասիրաբար: Այսօր մենք չունենք ազգային գաղափարախոսության կռվանը: Ի՞նչն ենք այսօր արժևորում, ի՞նչ է մեր դրոշի վրա գրված, ո՞րն է քո երդումը: Մեզ բոլորիս անհանգստացնում է  այն, որ մեր գաղափարը միայն փող վաստակելն է դարձել: Մենք դուրս ենք եկել գաղափարականացված երկրից և մտել հակագաղափարականացված երկիր: Սակայն վստահ եմ, որ ունենք հսկայական պոտենցիալ, որը օրինակ` արտահայտվեց տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարում: Այդ համախմբումը հարկավոր էր պահել, որը կարող էր դառնալ շատ պոզիտիվ ուժ մեր կյանքում: Ցավոք, մենք ապրում ենք թափթփված գոյությամբ: Կարծես շատ արխային ենք, մտածում ենք` դե մի բան կլինի, իսկ այդպիսի մոտեցումը երբեք չի ներվում:

– Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության գործունեությունը:  Համապատասխան պետական մշակութային քաղաքականություն այսօր իրականացվո՞ւմ է:

– Մշակութային քաղաքականության ջահը բռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը: Նա ունի բազմաթիվ անելիքներ, բայց մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է մասսայական մշակույթի ագրեսիան, և նախարարությունը ստիպված է կանգնել այդ փաստի առջև:

– Չե՞ք կարծում, որ նախարարության գործառույթներից է նաև այդ մասսայական մշակույթի տարածումը կանխելը:

– Ես նրանց վրա եմ թողնում իրենց գործառույթները որոշելը, պատրաստ եմ միայն օգնել նրանց: Հարգանքով եմ վերաբերվում նրանց գործունեությանը, բայց զգում եմ պակասը ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ, կենտրոնաձիգ կառույցի, որի գաղափարի շուրջ յուրաքանչյուրը կհամախմբվի:

– Պարո՛ն Ամիրխանյան, գարնանը ներկայացրեցիք Ձեր վերջին` «Կանտատ սիրո»  ստեղծագործությունների շարքը, որը պատվիրված էր գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի կողմից: Այն հայ հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացվե՞ց, գո՞հ եք հասարակության արձագանքից:

– Անշուշտ, հանդիսատեսն ունեցավ իր գնահատականը, բայց ինձ համար կարևոր է այն, որ ես զգացի, թե ինչպես է թրթիռը մեզ միավորում, և մարդիկ ինչ քաջալերանքով ընդունեցին ստեծագործությունը: Մարդկանց միջև երաժշտության միջոցով ներքին դիալոգ է ընթանում: Այն մի մոգական գործիք է, որը ներքին հաղորդակցություն է ստեղծում:

Առայժմ ստեղծագործության առաջին մասն եմ գրել, շուտով պետք է անցնեմ երկրորդ մասին: Այդ ստեղծագործության մեջ խտացված է սիրո խոստովանանքը տարբեր կարգախոսներով, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:

– Նունե Եսայանի` անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեի վրա 54 մլն 691 հազար  դրամ նստեց, ինչը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը դրա  վերաբերյալ:

– Անշուշտ, ցանկացած երգիչ երգում է այնպես, ինչպես ինքն է ուզում և ունի նաև իր աուդիտորիան: Բայց արդյոք ամե՞ն երգիչ է, որ պետական տոնին պետք է ներկայացնի մեր մշակույթը: Շատ լավ է, որ մեր երկիրը պատրաստ է մի համերգային տոնի վրա նման գումար ծախսել, բայց խնդիրն այնքան փողի մեջ չէ, որքան ճաշակի և սիմվոլների: Արդյոք մեր մշակութային սիմվոլը Նունե Եսայա՞նն է: Ես ոչ թե պախարակում եմ, այլ ընդամենը խորհուրդ եմ տալիս մշակութային սիմվոլներ ստեղծելիս ավելի խոհեմ լինել:

– Պարո՛ն Ամիրխանյան, վերջերս Ձեր դեմ ուղղված շարժում է սկսվել. անցյալ տարի բարձրացվեց  Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, և այսօր որոշ կոմպոզիտորներ հայտարարում են, որ դա տեղի չի ունենում, քանի որ Դուք չեք ցանկանում:  Այնուհետև իրավիճակն էլ ավելի լարվեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, և կոմպոզիտորներից ոմանք հայտարարեցին, որ միությունը քանդման եզրին է, և դրանում մեղադրեցին Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ պարզապես անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին:

– Դուք դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ:

– Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…

 

Զրույցը վարել է Անի Գասպարյանը