Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար ոչ մի գործող համակարգ չկա

հեղինակային իրավունքներԱյսօրվա դրությամբ հեղինակային իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանում շարունակում է մնալ գերխնդիր: Անընդհատ կարծես փորձեր են արվում պայքարելու արվեստագետների, գիտնականների և առհասարակ ստեղծագործող մարդկանց հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց ըստ էության այս հարցում զարգացումներ չեն իրականանում:

Դեռ երկու տարի առաջ համացանցում լայնորեն տարածվեց մի տեղեկատվություն(http://www.youtube.com/watch?v=I1qE5l1tjZw), թե ստեղծվում է մի համակարգ, որն իբր պետք է լուրջ ներդրում ունենա վերոնշյալ խնդրի լուծման համար: Մասնավորապես խոսքը վերաբերում էր երգիչների և երգերի հեղինակների հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ասել է թե առաջարկված լուծումը թիրախային էր, այլ ոչ թե` համապարփակ:

Ինչպես քիչ առաջ նշվեց 2011թ-ին «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը մասնակցեց «Հեղինակային իրավունքների պաշտպանությունը օնլայն տիրույթում» խորագրով մամուլի ասուլիսին, որին ներկա էր նաև «Իդե Ժենի» ընկերության ներկայացուցիչը, որը ներկայացրեց իրենց ընկերության կողմից ստեղծված համակարգը, որը պետք է դառնար ինչ-որ տեղ դարման մեր երգիչների համար: Վերջինս խոսեց իրենց կողմից մի երաժշտական պորտալի ստեղծման մասին (www.muzon.am), որը թույլ կտար ցանկացածին ներբեռնել իր սիրած երգչի երգը լիովին անվճար` երբ միևնույն ժամանակ մարդը չէր խախտի որևէ օրենք, ինչպես նաև չէր վնասի տվյալ երգի հեղինակին: Փորձենք պարզաբանել, թե ինչպես պետք է գործեր տվյալ մեխանիզմը:

Բանն այն է, որ «Իդե Ժենի» ընկերությունը պետք է ստանար տեղացի երգիչներից իրենց ստեղծագործություններն օգտագործելու և տարածելու հեղինակային իրավունքները և տեղադրեր դրանց mp3 տարբերակները www.muzon.am  կայքում, որից յուրաքանչյուր օգտատեր կկարողանար անվճար կերպով ներբեռնել կայքում տեղ գտած բոլոր երգերը: Ներբեռնման համար պարզապես օգտվողը ստիպված պետք է լիներ դիտել կարճ գովազդային հոլովակ:  Մեծ հաշվով չեմ կարծում, որ դա չափազանց մեծ դժվարություն կլիներ, կամ էլ ժամանակի կորուստ, եթե գիտես որ ներբեռնումն անվճար է և որ ամենակարևորը` օրինական:

Ինչևէ, ասածս հետևյալն է` նույնիսկ այդ համակարգն էական փոփոխություններ չմտցրեց ոլորտում, սակայն շարունակում է իր գործունեությունը՝ ավելի շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով: Փաստացի այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ոչ այդ համակարնգն է լիարժեք աշխատում, ոչ էլ գոյություն ունի մեկ ուրիշ կազմակերպություն, որը կարող է մեկընդմիշտ լուծել մեր ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցը:

Ըստ իս տվյալ հարցին պետք է ցուցաբերվի լուրջ պետական աջակցություն այլապես մենք ոչ մի լուրջ արդյունք չենք կարողանա գրանցել: Կարծում եմ, որ նման տիպի կազմակերպությունների համար մեծ օգնություն կլիներ պետական աջակցությունը՝ իրենց անձնանվեր գործը նպատակին հասցնելու և դրական արդյունքներ արձանագրելու համար:

 

Կարինե Մխիթարյան

Անկախ

Գերմանացիներին են ներկայացվել Մինաս Ավետիսյանի կտավները

Մինաս ԱվետիսյանԳերմանիայի Հալլե քաղաքի Մորիցբուրքի ժամանակակից արվեստի թանգարանում մայիսի 4-ին տեղի ունեցավ “Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը” Հայաստանում լայնածավալ ցուցահանդեսի փակման արարողությունը Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ արվեստագետ  Նարեկ Ավետիսյանի հանդիպում-քննարկումը արարողությանը ներկա նկարիչների, արվեստաբանների և արվեստասեր հասարակության հետ:

Նշենք, որ ցուցահանդեսը անց է կացվել  “Մշակույթների երկխոսություն” կազմակերպության նախաձեռնությամբ և տևել է 2014-ի փետրվարի 20-ից միչև մայիսի 4-ը:  ներկայացվել է Մինաս Ավետիսյանի 19 կտավ և Նարեկ Ավետիսյանի 9 կտավ. ” Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը անընդհատ աճում էր, բազմաթիվ այցելուներ ունեցանք; Շատ դժվար էր հատնվել եվրոպական, այդքան լուրջ թանգարանում և ներկայացնել հայ արվեստը: Դա հետևողական և լուրջ աշխատանքի արդյունք էր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Ավետիսյանը, հավելելով. “Կարծում եմ Մինաս Ավետիսյանը գերմանացիների համար բացահայտում էր. Նրա կտավների միջոցով նրանք կարողացան պատկերացում կազմել Խորհրդային Միության ժամանակաշրջանում գործող հայկական արվեստի նորարար, ըմբոստ հոգու մասին: Իսկ իմ աշխատանքների շնորհիվ նրանք տեսան կապը սերունդերի միջև”:

Անկախ

 

Մայիսի 3-ին ցուցահանդեսի շրջանակներում գերմանական հանրությանն է ներկայացվել ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի §Արարատից Սիոն¦ ֆիլմը: Ցուցադրությունից հետո տեղի է ունեցոլ  ռեժիսորի հանդիպումը կինոդիտողի հետ:§Չտեսնված մի միջոցառում էր սա, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանացիների մոտ` ի տարբերություն հայերի: Դահլիճում գրեթե բոլորը գերմանացիներ էին. նրանք ինձ 40-50 րոպե բաց չթողեցին: Բանը հասավ նրան, որ 22-ամյա մի աղջիկ խնդրում էր բացատրել հայ-բյուզանդական եկեղեցու տարբերությունները 6-րդ դարում¦,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տպավորություւներից խոսեց Էդգար Բաղդասարյանը:

Անկախ

Հայաստանում կգործի ներառական առաջին պարային խումբը

Լուսանկարը` Ռոս Չեշիրի

Լուսանկարը` Ռոս Չեշիրի

Միացյալ Թագավորությունում և աշխարհի տարբեր երկրներում հանդես գալով ներառական պարային բեմադրություններով`Candoco-ն ապացուցեց, որ պարը որևէ մեկի մենաշնորհը չէ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները, վերացնում բոլոր կարծրատիպերը և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին: Հենց նրանց փորձառությամբ և աջակցությամբ Հայաստանում կձևավորվի հայկական առաջին ներառական պարային խումբը:

Մայիսի 11-ից 24-ը Հայաստան են այցելել Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոն և պարուհի Վիկտորիա Մալինը`աշխատելու հայ մասնակիցների հետ:  Նրանք նախ հանդիպել են և դասընթացներ անցկացրել հայ դասընթացավարների հետ, իսկ այնուհետև սկսել են աշխատել այն մասնակիցների հետ, ովքեր ընդգրկվելու են առաջին ներառական պարային խմբում:

Բրիտանական խորհուրդը նախորդ տարի նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ձևավորել պրոֆեսիոնալ պարային ներառական խումբ: Այդ նպատակով Միացյալ Թագավորությունում վերապատրաստում անցան չորս դասընթացավար: Այնուհետև` փետրվարից,  Հայաստանում սկսվեցին եռօրյա պարապմունքների շարքը, որոնցում ընդգրկվեցին 54 մասնակից: Ավարտին նրանցից ընտրվել են 20-ը, ովքեր էլ մասնակցել են Candoco պարային խմբի դասընթացներին: Հենց նրանցից էլ Candoco-ի և հայ մասնագետները կընտրեն այն տասը մասնակիցներին, ովքեր էլ կկազմեն առաջին պրոֆեսինալ ներառական պարային խումբը: Ներառական պարային խումբը գործելու է Փոքր թատրոնին կից:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, բրիտանահայ համայնքը, ԱՅԲ դպրոցը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Կատարսիս կամ մարդու մեջ ապրող լույսը

10271393_1501451186741530_5551207973302739195_oՀՀ Մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը 2014թ. մայիսին մեկնարկեցին «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ Թատերական արվեստ, Կինոարվեստ, Կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնին կարող են մասնակցել 16-35տարիքային սահմանում գտնվող քաղաքացիներ: «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնի նպատակն է երիտասարդ ստեղծագործողների համար ստեղծել ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն` ձևավորելով համագործակցության նորանոր շրջանակներ: Ցուցադրություններից հետո արվեստի յուրաքանչյուր տեսակից ընտրվում է մեկ ոսկե, երկու արծաթե, երեք բրոնզե մրցանակակիր: Ստեղծագործությունները գնահատում է տվյալ ոլորտի մասնագիտական հանձնախումբը:

Վերջերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի սաները Համազգային թատրոնի բեմում ցուցադրեցին Դենիս Ամիրնովի «Դ.Ո.Ն.Ո.Ր» հոգեբանական դրաման:

Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացման գլխավոր դերակատարը միայնակ տղամարդ է, ով զրկված է սիրուց, ընկերներից, հարազատներից, մորից.

«Աշխարհից երես թեքած ու փախուստի դիմած այս մարդը փորձում է արդարացնել իր արած սխալ քայլերը, բայց արդարացումն անհնար է: Նա դիմում է իր խղճին, ով մարդու կերապարանքով է հայտնվում եւ մատնացույց անում տղամարդու կողմից արված «հանցագործությունները»: Նա վերհիշում է, փորձում փոխել կամ իրերին այլ ընթացք տալ, սակայն ոչինչ չի ստացվում, եղածն արդեն եղել է: Մի օր գալու է լույսը, այն ներքին լույսը, որը բնորոշ է տղամարդուն: Նա նորից ապրելու է, դառնալու է այն մարդը, ում կարիքը ունեն»:

Ռաֆայել Ասատրյանը համոզված է՝ ցանկացած իրավիճակում չպետք է կորցնել հավատը այն լույսի նկատմամբ, որը կարող է մեզ ապրելու երկրորդ հնարավորություն տալ:

Ինչ վերաբերում է գլխավոր հերոսի ընտրությանը ռեժիսորը նշեց, որ մեծ դժվարությամբ է կատարել, կերպարը բարդ էր, իսկ ասելիքը հասցնել հանդիսատեսին՝ ոչ դյուրին:

Գլխավոր դերակատար Կարապետ Եղոյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իր կերպարը հիվանդ է, որը ունի անձի երկատում, իսկ աչքերի առջեւ հայտնվում են տեսիլքներ: Պիեսում հերոսն անգամ անուն չունի, նա մի տղամարդ է, որը դարձել է ոչինչ: Մարդը կայացած չէ, չի հասել ոչնչի, իր փոխարեն ամեն ինչ արել է մայրը, ով այդ կերպ փափուկ բարձ է դրել տղայի գլխի տակ: Թվացյալ արջի ծառայությունները անիմաստ էին, եկավ մի ժամանակ, երբ հերոսը հասկացավ, որ պարզապես բույս է, ում ջրում էին ու խնամում.

«Յուրաքանչյուրիս մեջ կա լույս, ներկայացումը դրա մասին է: Ինքնամաքրագործման /կատարսիս/ երեւույթը մեզ սպասում է: Ապրում ենք, սխալվում, դառնում ամենավերջին տականքը, բայց ունենք ներսում թաքնված մի լույս, որն ի վերջո սպասելու է մեզ, ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր

թանգարանային գիշեր«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։

«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարանների գիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերային մթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում են ճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատես կլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։

Ի դեպ, 17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։

Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

 

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում վարչապետն այցելել է Ազգային պատկերասրահ

11316_am_3Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Երկրի վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար:

 

 

Էրեբունի միջնաբերդը կվերականգնվի առաջիկա 3 տարիների ընթացքում. Գագիկ Գյուրջյան

ԳյուրջյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ այսօր երեկոյան կսկվի ՛՛Թանգարանային գիշեր՛՛  միջոցառումների շարքը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ոլորտում  առկա խնիրներից և բացահայտեց իրենց նախատեսած ծրագրերը:

Քանի որ այս տարի ՛՛Թանգարանների գիշեր՛՛ նախաձեռնությունը 10-րդ անգամ է անցկացվում, իրենք որոշել են ավելի յուրահատուկ կերպով նշել այն.  ՛՛Սա համաեվրոպական միջոցառում է, ուստի մենք միացել են եվրոպական թանգարանների կազմակերպած մի հետաքրքիր ծրագրի: Թանգարանի այցելուները եվրոպական ցանցին միանալու պարագայում իրենց կողմից արված լուսանկարները կարող են ներկայացնել եվրոպական երկրների թանգարանների այցելուներին, իրենք էլ կարող են տեսնել այդ երկրների թանգարանների լուսանկարներն առցանց, այսինքն՝ միասնական ալբոմ կստեղծվի՛՛:

Այս տարի Թանգարանային գիշերվա կարգախոսն է՝ «Ցուցանմուշները ստեղծում են կապեր». այդ կապակցությամբ «Էրեբունի»-ում այսօր կցուցադրվի Բրիտանական թանգարանի պատմությունը ներկայացնող ֆիլմ: Սա հատկապես հետաքրքիր է հայերի համար, քանի որ Բրիտանական թանգարանում են պահվում բազմաթիվ հայկական և ուրարտական ցուցանմուշներ: Ֆիլմի ցուցադրությունները ընդմիջվելու են «Վան» ազգագրական համույթի կենդանի երգերով և պարերով:

՛՛Մենք ունենք Պատանի հնագետի դպրոց, որի երեխաները ուսումնական պեղումներ են իրականացնելու: Մենք համագործակցել ենք նաև Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ. առանձնացրել ենք մեր թանգարանից 6 որմնանկարի պատճեներ, որոնք ցուցադրվելու են Դեմիրճյանի թանգարանում: Այդ միջոցառման կարգախոսն է՝ ՛՛Անակնկալ գիշերով՛՛, քանի որ այցելուների համար անակնկալ կլինի Դեմիրճյանի թանգարանում տեսնել ուրարտական որմնանկարներ»,- ասաց արգելոց- թանգարանի տնօրենը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը թանգարանին կտրամադրի ավտոբուսներ, որոնց մեկնակետը կլինի Հանրապետության հրապարակից:  Անցյալ տարի ավտոբուսներ տրամադրելու արդյունքում եռակի ավելացել էր այցելուների քանակը:

Անդրադառնալով թանգարանի խնդիրներին` Գագիկ Գյուրջյանը նշեց, որ իրենց թանգարանը նման չէ սովորական թանգարաններին, քանի որ նաև արգելոց է, սակայն ունի մի շարք խնդիրներ, որոնք հատուկ են մեր երկրում առկա այլ թանգարաններին: Նա տեղեկացրեց, որ մինչև անցյալ տարի թանգարանը չուներ ջեռուցում, բայց քաղաքապետարանի ջանքերով այդ հարցն արդեն լուծված է: ՛՛Խնդիրները քիչ-քիչ վերանում են: Ներկայումս մենք շեշտը դրել ենք միջնաբերդի վերականգնման վրա: Մենք ֆրանսիացի մասնագետների հետ արդեն 6 տարի է, ինչ պեղումներ են կատարում և առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրում ենք ավարտել վերականգնման աշխատանքները՛՛,-ասաց նա:

Լեզուն այնքան զգացմունքային չէ, որքան ժեստերը

10268302_634542316638213_1507110370_nՄայիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ հաշմանդամության խնդրիրներին նվիրված «Աղջիկը լուսնի վրա» պարային  ներկայացման մասին պատմող ֆիլմի պրեմիերան:

Փետրվարի 26-ին ցուցադրված «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը յուրահատուկ էր նրանով, որ դրա մեջ միասին կողք կողքի հանդես էին գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ:
Ներկայացումը կայացել էր ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ, այն ինքնատիպ էր նրանով, որ ցուցադրվում էր այն երկխոսությունը, որն առաջանում է ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց եւ առօրյա կյանքով ապրողների միջեւ:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, ընդունիր քեզ այնպես, ինչպես  որ կաս: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի՛ կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի՛ փնտրիր:

«Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեւել են 5 ամիս, նրանք ապրել եւ փորձել են ցույց տալ, թե ինչ է կատարվում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ, ովքեր պարում են: Նրանք հերոսներ էին, խոսքերն ավելորդ են. «Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, նրանք ի վերջո պարեցին բեմում, եւ դա իդեալական էր: Պրոֆեսիոնալ պարողները ջանք չէին խնայում եւ ամեն կերպ փորձում էին հաշմանդամներին ներգրավել ու դառնալ հավասար, դա իրենց մոտ ստացվեց եւ ֆիլմում հստակ երեւում է»:

Ռեժիսորի խոսքով ֆիզիկական արատ չունեցող մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ ու անբացատրելի է հաշմանդամների ցավը, մենք պետք է պարզապես ծիծաղենք մեր փոքրիկ դժվարությունների վրա. «Ֆիլմում նկարահանված երիտասարդները երազկոտ, խելացի, բարի եւ ուժեղ էին, նայելով նրանց միայն հպարտություն էի զգում: Մեր լեզուն այնքան ուժեղ ու զգացմունքային չէ, որքան իրենց ժեստերը, ֆիլմում նրանք անկեղծ էին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

ՄԱՅԻՍ-ՎԱՅԻՍ. ՆԱԽԱՊԱՇԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Nyut 2 AՀոգևորականները լռում են, երիտասարդները՝ շարժվում ավանդույթի համաձայն

Հայ Առաքելական եկեղեցու հեգևորականը մայիսին չամուսնանալը կապում է սնահավատության հետ, իսկ սնահավատությունը կարող է առաջացած լինել կենցաղային ցանկացած մանրուքից: Մենք՝ հայերս, սովորություն ունենք ընդհանրացնել ամեն ինչ, ապրել ուրիշի դժվարություններով ու ուրախություններով:
Պատմությունն էլ այս հարցում իր պնդումներն ունի. վաղ անցյալում սիրահարները մայիսին չէին ամուսնանում: Ասում են` դա հաջորդել է Պահքի շրջանին և Սուրբ Զատկին. մարդկանց պահուստները դատարկ են եղել և հարսանիք անելու միջոցներ չեն ունեցել: Որքան էլ բազմազան և անհեթեթ լինեն մայիսին չամուսնանալու վերաբերյալ բացատրությունները, այնուամենայնիվ, փաստ է, որ հենց այս ամսին են ամենաքիչ թվով ամուսնություններ գրանցվում:

Փորձենք ամեն ինչ, այսպես ասած, ներսից ուսումնասիրել:

ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ
Ամուսինների պարտականությունների մասին խոսում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղած նամակում. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով, կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն տիրոջը»: Նամակում Պողոս Առաքյալը Աստծուն և տղամարդուն միևնույն նժարի վրա է դնում, բայց, այնուամենայնիվ, կնոջն էլ չի անտեսում. «Եվ ինչպես որ եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ ու անարատ»:

Կինը, ճիշտ է, պետք է հնազանդվի տղամարդուն, բայց տղամարդու վրա առավել մեծ պարտականություն է դրված՝ անձը զոհել կնոջ համար: Այսօր իզուր չէ, որ մեր բանակում տղամարդիկ են ծառայում, որովհետև պարտավոր են պաշտպանել: Աստված ուժով է օժտել տղամարդուն, որ կարողանա պաշտպանել, և կինը զգա իրեն ապահով նրա ներկայությամբ: Մեր եկեղեցին, երբ տղամարդուն հարցնում է «տե՞ր ես» և կնոջը «հնազա՞նդ ես» , հենց այդ հարաբերությունն է հաստատում:
Արման սարկավագ Պալյանն ասում է, որ եթե ամուսինները ֆիզիոլոգիապես հավասար չեն, չեն կարող հոգեբանորեն հավասար լինել, անհնար բան է:

– Մի տղամարդ, որի ձեռքը կտրված է, շատ տարբեր ապրումներ ունի, քան այն մարդը, որ ամբողջապես առողջ է: Ուր մնաց կին արարածը, որի ֆիզիոլոգիան տարբեր է, մտածելակերպը` ևս: Նրանց մի նժարին դնել չես կարող, ամեն մեկն իր գործն ու դերն ունի: Ընտանիքում խնդիրներից չես խուսափի, և որպեսզի այն ամուր լինի, Աստված պատվիրեց տեր և հնազանդ լինել,- ասում է հոգևորականը:

«Երգ երգոց» գրքում նկարագրվում է փեսայի ու հարսի առաջին գիշերվա հանդիպումը: Այն դրված է Աստվածաշնչի կենտրոնում՝ խորհրդանշելով Աստծո և մարդու հանդիպումը:
– Ինչպես տղամարդն ու կինը նմանեցված են Քրիստոսին ու եկեղեցուն, այնպես էլ նրանց առաջին հանդիպումը Աստծո և մարդու համեմատությամբ է: Թե Աստված ինչպես է մեզ սպասում, այդ նույն զգացումներով պետք է ամուսինը սպասի իր կնոջը, և կինը կարոտի նրան: Գրքում հարսն ասում է. «Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով»: Փեսան պատասխանում է. «Քո ստինքներն ավելի լավ են գինուց և քո օծման յուղերի հոտը բոլոր խնկերից»,- պատմում է հոգևորականը:- Սա նախկինում թույլ էին տալիս կարդալ, երբ մարդ հասունանում էր: Սուրբ են այդ հարաբերությունները, ինչպես Աստծո և մարդու դեպքում: Այս սպասումը նաև ընտանիքն է ամրացնում. եթե ինչ-որ մեկը թերանա, մի կողմի կարոտը չի լինի, մյուսի սերը շատ կլինի, ու կծագեն ընտանեկան գժտություններ:

ԽՈՍՔԸ ՄԵԾԻՆՆ ԷՐ

– Եթե խոսում էր տան մեծ տղամարդը` բոլորը լռում էին, այսինքն՝ ավագության սկզբունքը, որ հատուկ է ավանդական հասարակությանը, հստակ գործում էր: Տարիքն առած կանանց խոսքը ևս հարգվում էր, բայց վճռական խոսքը տղամարդունն էր,- ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը:

Նա պատմում է, որ մեր հասարակությունն ավանդական հայրիշխանական էր, և կանայք, նույնիսկ` տարեցները, ոտքի էին կանգնում, երբ ներս էր մտնում տղամարդը, կամ եթե տղամարդն անցնում էր, նրան տեսնելիս ոտքի էին կանգնում: Դա հարգանքի, ակնածանքի դրսևորում էր:

– Սեղանապետն էլ անպայման տղամարդն էր, չէ՞,- հարցնում եմ:

– Գիտեք, սեղանը որոշակի մշակութային, սոցիալական տարածք է. սեղանի գլխին՝ ամենագլխավոր տեղում, նստում է ամենապատվավոր մարդը, այսինքն՝ տան տերը: Սեղանի շուրջ որոշակի սոցիալական շերտավորում կա. որքան մոտ են նստում սեղանի գլխին բազմած նահապետին, այնքան հարգված են, և որքան հեռանում են կենտրոնից, նստում դռան մոտ, այնքան նվազում է սոցիալական կարգավիճակը:
Հացկերույթի ժամանակ էլ որոշակի կարգ է գործել: Առաջինը սեղան նստել են տղամարդիկ, հետո նոր միայն կանայք, ընդ որում՝ նստել են առանձին՝ երեխաների հետ: Ամենակարևորը՝ հացկերույթը գլխավորել են տղամարդիկ, խոսքի, ելույթի, այսինքն՝ կենացի իրավունք ունեցել են միայն նրանք:

Ազգագրագետը նշում է նաև, որ հնում մարդիկ իրար չէին սիրահետում, սերն, այսպես ասած` գաղտնի էին պահում:

– Ավանդական հասարակությունում ամուսինները երբեք միմյանց նկատմամբ տածած սերը մյուսին ցույց չէին տալիս, սիրո ցույցերը չէին խրախուսվում, և որևէ մեկը դա իրեն թույլ չէր տալիս: Փաղաքշական բառեր էլ միմյանց չէին շռայլում, ինչպես՝ սիրելիս, իրար անունով էլ չէին դիմում: Դիմելաձևը տարբեր էր` այնինչի տղա, այսինքն՝ հոր անունն էին տալիս: Սրանք չգրված օրենքներ էին, որ սերնդեսերունդ փոխանցվում էին:

ԵՐԲ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Ղազարյանն ասում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը դեռևս 1998-ից սահմանում է «ամուսնական պայմանագիր» հասկացությունը:

– Այսօր շատ երիտասարդներ կան, որոնք մտադիր են պայմանագրով կարգավորել իրենց ամուսնական հարաբերությունը: Դա նաև հստակեցնում է գույքային իրավունքները, եթե ամուսինները պայմանագիր չեն կնքում, ապա ինչ գույք, որ ձեռք են բերում համատեղ ամուսնության ընթացքում, համարվում է երկուսի համատեղ սեփականությունը, այսինքն՝ հավասարապես պատկանում է նրանց,- ասում է իրավաբանը,- իսկ մինչ ամուսնությունը ձեռք բերված գույքը, համատեղության սկզբունքով չի կիսվում: Այս ամենը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

– Որո՞նք են ամուսնական պայմանագրերի ամենակարևոր կետերը,- հետաքրքրվեցինք:

– Մեզ մոտ ամուսնական պայմանագրերում սովորաբար շեշտը դրվում է գույքային հարցերի վրա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վեճի գլխավոր պատճառը գույքի իրավունքն է: Հետաքրքիր է, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում պայմանագրում ներառում են նաև կենցաղային պարտավորություններ՝ ըստ պայմանագիրը կնքողների հայեցողության: Նման հարցեր նախապես կարող են պարզաբանել նաև հայ ամուսինները, սակայն հային հատուկ բնավորությամբ` այդքան չեն մանրամասնում,- նշում է իրավաբանը:

– Իսկ ամուսնալուծությո՞ւնը:

– Ամուսնությունը լուծվում է դատական կարգով, կամ եթե կողմերի միջև համաձայնություն կա, նաև ԶԱԳՍ-ը կարող է ամուսնալուծել: Բայց այս հարցի շուրջ մի քանի բացառություններ կան: Օրինակ՝ եթե կինը հղի է, առանց նրա համաձայնության ամուսինը իրավունք չունի ամուսնալուծության հայցով դիմել դատարան:
Ամուսնալուծությունից հետո հայրը որոշակի պարտականություններ է կրում, այդ թվում՝ ալիմենտի, որն ուժի մեջ է մինչև երեխայի չափահաս դառնալը: Բայց և այնպես, հայրը նաև իրավունքներ ունի: Եթե նախկին կինը փորձի թույլ չտալ, որ նա շփվի երեխայի հետ, նա դատական կարգով կարող է տեսակցության ժամեր սահմանել,- ասում է իրավաբանը:- Ամուսնությունը լուծել` չի նշանակում երեխայի հանդեպ իրավունքները կորցնել: Ամուսնալուծությունը միմիայն վերաբերում է ամուսիններին: Ընդ որում, այնպես չէ, որ երեխաները պետք է միայն մոր խնամքին մնան: Այս հարցում ծնողները հավասար իրավունքներ ունեն: Կարող են լինել հայրեր, որոնք երեխայի դաստիարակությամբ շատ ավելի լավ կզբաղվեն, կամ մայրեր, որոնք ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի երեխաներին: Մեր դատական պրակտիկայում այդպիսի շատ դեպքեր կան. մայրն անբարո կյանք էր վարել, երեխային երեք թե չորս օր թողել, գնացել էր, և փոքրիկը բարուրի մեջ սովից մահացել էր: Երբ նրա նախկին ամուսինը ցուցմունք էր տալիս, պետք է տեսնեիք, թե ինչպես էր դողում: Այնպես որ, դատարանում նախապատվություն չի տրվում որևէ մեկին, և վճիռը կայացվում է` միմիայն երեխայի շահը հաշվի առնելով:

Այն հարցին էլ, թե դատարանը չի՞ հաշտեցնում զույգերին, նման պրակտիկա չկա՞, իրավաբանը պատասխանում է.

– Եթե հաշտեցման եզրեր լինում են, դատարանն ընտանիքը պահելու կողմնակից է: Օրինակ՝ մեր դատավորներից մեկը հաշտեցնելու մեծ փորձ ունի, ասես վարպետացել է այդ ոլորտում, կարողանում է համոզել, տարբեր մարդկանց կյանքից օրինակներ է բերում, որ չշտապեն, գնան ծանրութեթև անեն և գուցե մտափոխվեն: Եթե դատավորը տեսնում է, որ կողմերը կարող են հաշտվել, երեք ամսով ժամանակ է տալիս: Փորձը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում զույգերը հանդարտվում են, բարկությունն անցնում է, ու կարողանում են ավելի սթափ մտածել, շատ դեպքերում` իսկապես հաշտվում են:

 

«Թանգարանների գիշեր 2014-ի» շրջանակում կանցկացվի «Գեղադիտակ» թվային ծրագիրը

photo_tangaranՍ. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը  հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/:

Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»՝ ամբողջ Եվրոպայով։

Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները. բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնլել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն  ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8

http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

«Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակին կարող եք ծանոթանալ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation հղումով։

Կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը

կինոՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ` ս. թ. մայիսի 16-ին, Ժամը 18:30-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության դահլիճում կցուցադրվի «Ժամանակի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակին /հեղինակ՝ Արա Շիրինյան/:

«Ժամանակի ժամանակը» ֆիլմի ցուցադրությունը երևանյան այն միջոցառումների շարքից է, որոնք կոչված են ամփոփելու օրաթերթի հիմնադրման 100-ամյա հոբելյանը:

Ս. թ. մայիսի 17-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ – Մատենադարանում կմեկնարկի գիտաժողով, որի շրջանակում տեղի կունենա նաև «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր Միսակ Գոչունյանի հրապարակախոսական գործերը ներառող «Օրվա մտորումները» ժողովածուի շնորհանդեսը:

Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

Դելփյան խաղերՍկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով՝ Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային  առաջին տեղը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից:

Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին  Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիկ Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/:

Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների.

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/,

Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Առուշանյան Անահիտ /«Դաշնամուր» անվանակարգ/,

Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/,

Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Աբրահամյան Մարիաննա /«Դաշնամուր» անվանակարգ/,

Դիպլոմ – Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/:

 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը մասնակցել է Մոսկվայի «Զատիկ» XIII հոգևոր փառատոնին

Hover_photoԱպրիլի 15-ից մայիսի 9-ը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի բարձր հովանու ներքո՝ Մոսկվայում կայացել է «Զատիկ» XIII հոգևոր փառատոնը:

«Զատիկ» XIII հոգևոր փառատոնը /գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիև/ ընդգրկել է Ռուսաստանի Դաշնության շուրջ 40 քաղաք՝ Կալինինգրադից Վլադիվաստոկ: Ավանդաբար, փառատոնի շրջանակում կայանում է երգչախմբային արվեստի համերգաշար, որին այս տարի, միջազգային 23 հեղինակավոր երգչախմբերի շարքում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Ս. թ. մայիսի 4-7-ը երգչախումբը ելույթներ է ունեցել Դմիտրովի Ուսպենսկի Կաթողիկե տաճարում և Մոսկվայի Սուրբ Երրորդության տաճարում, ինչպես նաև՝ բարեգործական համերգով ներկայացել Կորոլյովի վերականգնողական կենտրոնում:

Մայիսի 7-ին Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի երգչախմբային արվեստի գալա համերգը, որին մասնակցել է «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև երգչախմբեր՝  Ռուսաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Վրաստանից։ Ծրագրում ընդգրկված էին Ի. Բախի, Ք. Պենդերեցկու, Ս. Ռախմանինովի, Ա. Լոտտիի, Ֆ. Պուլենկի, Ռ. Շեդրինի, հայ ժամանակակից կոմպոզիտորներ Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև՝ ռուսական ժողովրդական երգի կատարումներ՝ Ջ. Գյոզալյանի մշակմամբ: Ծրագրում ընդգրկված էին նաև հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, հոգևոր և աշխարհիկ շարքեր, որոնք արժանացել են առանձնահատուկ ուշադրության: Հանդիսատեսի բարձր գնահատականին է արժանացել ոչ միայն երգչախմբի բազմաժանր ծրագիրը, այլև՝ բարձր պրոֆեսիոնալիզմը:

 

Շառլ Ազնավուրը ծանոթացավ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին,տեսանյութ

Ալեքսանդր Բաղրամյան,Շառլ ԱզնավուրՄայիսի 14-ին արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացավ հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված “Հավիտենական սեր” նկարների շարքին։

Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասաց, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։

Մանրամասները`տեսանյութում

http://www.mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/chaznavour.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true

Անկախ

«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը կտեղափոխվի «Հին Երևան» թաղամաս

   Hin yerevan maket fotoԵրևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել պարզաբանմամբ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի տեղափոխման վերաբերյալ: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.                                                                               «Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի    շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։

Տերյան փողոց 11 հասցեում տեղակայված «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։

ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։

Վերը նշված քաղաքաշինական խնդիրների լուծման նպատակով որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, ըստ որի, շինության ապամոնտաժման և «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասում այն վերականգնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցվել է նախագիծ և տրվել համապատասխան թույլտվություն»։

 

 

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի նամակի արժեքը գնահատվել է 35 հզ. դոլլար

JeffersonLetter

ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի 1805թ.-ի հուլիս 24-ին ուղարկած  նամակը դրվել է վաճառքի: Դրա արժեքը կազմում է 35 հզ. դոլլար: ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը նամակի վաճառքի համար կազմակերպել է բաց դռների օր:

Նամակը Թոմաս Ջեֆերսոնն ուղարկել է իր ընկերոջը, ով զբաղվում էր նախագահի գույքի կառավարմամբ. 62-ամյա նախագահը խնդրել է նրան գնահատել Վիջինիա նահանգում  իր Poplar Forest պլանտացիաների արժեքը` դրանք իր թոռների միջև բաժանելու համար:

Նամակը վաճառվում է ամերիկյան Raab Collection ընկերության կողմից, որը մասնագիտացել է պատմական փաստաթղթերի վաճառքի մեջ: Նամակի գնորդի անունը հայտնի չէ:

thomas-jefferson2

Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի առաջին հայր-հիմնադիրներից է, Անկախության հռչակագրի հեղինակը: Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1801-1809թթ:

Այսօր հայտնի կդառնան ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխության հաղթողները

«Հայակ» կինոփառատոն«Հայակ» կինոփառատոնի նախագահ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը մրցանակաբաշխությանն ընդառաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը ներկայացվել է 80 ֆիլմ:

Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ մեծ տարբերություն կա փառատոնի և մրցանակաբաշխության միջև և սխալ  է «Հայակ»-ը փառատոն անվանելը:

«Օրինակ` փառատոնին կարող են մասնակցել տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց գործերով: Ի տարբերություն փառատոնի, մրցույթն արժևորում է տվյալ երկրի արվեստագետների աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ այս մրցույթը լավագույն գնահատականն է և տոնը կինո արարող մարդկանց համար:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ «Հայակ»-ն այս տարի լի է անակնկալներով և նոր անվանակարգերով: Այս տարի մրցանակաբաշխությունն իրականացվում է «Աֆինա Պալադա» ընկերության շնորհիվ: Ընկերության նախագահ Հայկ Մաղաքելյանն ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են փառատոնին աջակցելու համար:

«Հայակ»-ի ժյուրի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը «Հայակ» մրցանակաբաշխությունը շատ բարձր գնահատեց` նշելով, որ «Հայակ»-ը պրոֆեսիոնալ մրցանակ է:

շառլ«Այստեղ մրցանակի արժանանալու և գնահատվելու կարևորագույն պայմանն այն է, որ ֆիլմը, ռեժիսորը կամ դերասանն իսկապես տաղանդավոր լինեն: Հետաքրքիր մրցանակաբաշխություն է լինելու: Հանդիսատեսի դատին են ներկայացվելու 1911թ. Էջմիածնում նկարահանված կադրեր, ինչպես նաև 1988թ. նկարված 3 րոպեանոց նյութ, որում խոսում է Սերգեյ Փարաջանովը»,-ասաց նա:

մրցանակՄրցանակաբաշխության կազմակերպիչներն ընդգծեցին, որ «Հայակ»-ը կարող է գոյատևել միայն այն պայմանով, եթե մարդիկ հավատան, որ օբյեկտիվ գնահատական է տրվելու իրենց գործունեությանը:

 

 Անկախ

Երևանում տեղի ունեցավ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսը

girqԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Երևանի Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Ռում» դահլիճում տեղի ունեցավ «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ 2014-2015» գրքի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով գրքի բովանդակությունը, ուսումնասիրության առնված հիմնական ուղղությունները, գրքում տեղ գտած տեսակետներն ու առաջարկները: Նշվեց, որ սա թեմայի շուրջ հրատարակված թվով արդեն 3-րդ գիրքն է, որում փորձ է կատարվել նոր մոտեցում ցուցաբերել ՀՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրներին՝ զերծ մնալով կարծրատիպային մեկնաբանություններից:

Շնորհանդեսին ներկա էին վերլուծաբաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև մի շարք դիվանագետներ՝ Գերմանիայի, Բրազիլիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի դեսպանությունների, ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի ներկայացուցիչներ:

Տաթևիկ Սարգսյան

Անկախ

Բեռլինի նվագախումբը Հայաստանում է

Դանիել ԲարենբոյմԲեռլինի պետական նվագախումբը Հայաստանում է: «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այդ հնագույն նվագախումբը համերգով հանդես կգա այսօր` մայիսի 13-ին: Համերգի ծրագրում են գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտորներ Ֆրանց Շուբերտի և Լյուդվիգ վան Բեթհովենի համապատասխանաբար 1-ին  և 7-րդ սիմֆոնիաները:

Համերգի առիթով լրագրողների հետ հանդիպեցին Ռոստոմ Ստեփանյանը և նվագախմբի դիրիժոր, դաշնակահար Դանիել Բարենբոյմը, որը համարվում է ժամանակակից լավագույն դիրժորներից մեկը: «Սա բացառիկ երևույթ է: Այս համերգը մեծ ջանքերի գնով է դարձել հնարավոր; Նրա այցը Հայաստան այցը պատմական երևույթ է։ Մեզ համար անսպասելի և մեծ երազանք էր  տեսնել մաեստրոյին Հայաստանում»,- նշեց Ռոստոմյանը:

«Իմ ապրած երկար  կյանքի ընթացքում եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում և շփվել բազմաթիվ հայերի հետ: Չնայած նրանց երկրորդ հայրենիքը տարբեր էր, սակայն բոլորն էլ  յուրահատուկ և տաղանդավոր մարդիկ են»,- իր հերթին նշեց Դանիել Բարենբոյմը: Մեծ դիրիժոր նշեց, որ  թեև  մեծ բարձունքներ է նվաճել, սակայն կան  երևույթներ, որոնք մտահոգում են նրան և որոնց պատճառով նա երջանիկ լինել չի կարող: Գլխավոր պատճառներից մեկը  կրթական համակարգի թերի լինելն է. «Ես պայքարում եմ երաժշտական կրթության համար։ Կուզենայի, որ հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի, կենսաբանության հետ միասին դասավանդվեր նաև երաժշտություն։ Միլիարդավոր մարդիկ կան, ովքեր չունենալով երաժշտական կրթություն, ցանկանում են գնալ համերգների. պատկերացրեք, թե որքան շատ կլիներ նրանց թիվը, եթե դպրոցներում երաժշտություն դասավանդվեր», – ասաց դիրիժորը` նշելով, որ երաժշտությունը աշխարհում գոյություն ունեցող միակ երևույթն է, որ միավորում է մարդու հոգեկան և ֆիզիկական աշխարհները:

 

Բարենբոյմը  ինտելեկտուալ երաժիշտ է,նա փիլիսոփայության դոկտորական թեզ է պաշտպանել մի քանի համալսարաններում:

 

450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախումբն աշխարհի հնագույն նվագախմբերից է: Այն հիմնվել է 1570 թվականին որպես կուրֆյուրստ Յոախիմ II Բրանդենբուրգցու պալատական նվագախումբ։ Բազմաթիվ հայտնի երաժիշտներ են ղեկավարել նվագախումբը, ինչպես Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդին, Ռիխարդ Շտրաուսը, Ռիխարդ Վագները, Հերբերտֆոն Կարայանը, որոնք ազդել են նվագախմբի գործիքային և մեկնաբանման մշակույթի վրա:

Վերջին տարիների առավել վառ նախագծերից են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների եւ դաշնամուրային գործերի կատարումները Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում եւ Տոկիոյում, Շումանի եւ Բրամսի մի շարք սիմֆոնիաների, Վագների տասը մասից բաղկացած գործերի եւ բեմական կարեւոր ստեղծագործությունների ու Վագների «Նիբելունգի մատանին» եռամաս օպերայի կատարումը Ճապոնիայում։

2000, 2004, 2005, 2006 եւ 2008 թվականներին Բեռլինի պետական նվագախումբը «Opernwelt» հանդեսի կողմից հռչակվել է «Տարվա նվագախումբ»։ 2003 թ-ին նվագախմբին շնորհվել է Ֆյուրթվենգլերի անվան մրցանակը։ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների նրանց ձայնագրումը 2002 թվականին ստացել է «Ձայնասկավառակների գրան պրի», Վագների «Թանհոյզեր» օպերայի ձայնագրությունը՝ «Գրեմի» մրցանակի, իսկ 2007 թ-ին Մալերի «Իններորդ սիմֆոնիայի» կենդանի կատարումը՝ «Էքո» մրցանակի։

 Անկախ

Մենք ենք, մեր սարերը

սարեր«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումից անցել է 45 տարի: 1969 թ. ամառը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում չեն մոռանում: Անտառապատ սարերի լանջերին թիկնած գյուղը վերածվել էր մեծ կինոհարթակի: «Խաշթառակը հայկական Հոլիվուդն է, ահա թե ինչու էր կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը ֆիլմի նկարահանման համար ընտրել Խաշթառակը»,- ասում է գյուղի բնակիչ Վոլոդյա Խանումյանը: Նա ընդամենը 12 տարեկան էր, բայց այսօրվա պես հիշում է ամառային այն ամիսները, որոնք իրենց գյուղի տարեգրության մեջ գրվեցին «ոսկե» տառերով: Վոլոդյա Խանումյանի խոսքով` իրենց գյուղում բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել:
«Ջրերը բարձրանում են», դա հակասովետական կինո էր, կարող է երկու անգամ ցույց տված լինեն, «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհը», վավերագրական կինոնկարներ են նկարահանել, «Նամակը», «Լուսանկարը», «Տղամարդիկ», «Հուշարձան», «Հյուսիսային ծիածան» կինոժապավենները: Ֆրունզիկը թե՛ պրոֆեսիոնալիզմով, թե՛ հոգով ու ամեն ինչով լավ մարդ էր: Սոս Սարգսյանն էնքան շատ էր մեր գյուղը սիրում, ասում էր` խաշթառակցի եմ: Թաղի էրեխեքով հավաքվում էինք, գնում, Հենրիկ Մալյանը մեզ համար ֆոկուսներ էր անում»,- տարիների հեռվից մտաբերում է խաշթառակցի Վոլոդյան:
Գյուղխորհդի մոտ ծառի հովին զրույցի բռնված խաշթառակցի տղամարդիկ այս թեմայով հետաքրքվողներին մատնացույց են անում քիչ վերև գտնվող Շիրակ Խանումյանի տունը: Հենց այնտեղ են իջևանել հայ կինոյի սիրված դեմքերը` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը, Արմեն Այվազյանը: Գյուղամիջյան ճանապարհ, տուն, դարպաս, աղբյուր, սար ու թուփ վերածվել են պատմական վավերագրերի, իսկ գեղարվեստական կինոնկարի ամեն մի նախադասություն` թևավոր խոսքի:
Խաշթառակի գյուղապետարանի սենյակի դուռն այժմ փակ է, որտեղ պարոն լեյտենանտը քննում է քաղաքացի Իշխան Անտոնյանին: Մի քանի քայլ վերև այն տունն է, որի այգում ժամանակին մեղուների փեթակներն էին, որտեղ Գալյա Նովենցը հրաշալի դերասանական տաղանդով կերտել է գյուղի կատարածուի կերպարը: «Դե հանդերում կլինեն, էլի…միլիցիայի գծո՞վ…»,- ընդամենը մի քանի բառ, բայց ստեղծել է մի ամբողջ աշխարհ:
Խաշթառակցիներն անգիր գիտեն` որտեղ է «մեղուն խայթել» լեյտենանտին, կամ գյուղի վերին սարի որ կետում է Պավլեն քարը նետում, Զավենը որտեղ է «Հալեպն» արտասանում:
Խաշթառակում Շիրակ Խանումյանին գյուղի գիդն են համարում: «Մենք ենք մեր սարերը» նկարահանելիս 80-ամյա Շիրակ Խանումյանի օջախում է հյուրընկալվել հայկական կինոյի աստղաբույլը: «Շերենցը մի գիշեր մնաց: Սոս Սարգսյանը կես կատակ ասաց` Շերենցը որ գա, չթողնեք իմ անկողնում քնի, գալիս ա` անկողինս ամբողջությամբ գրիմ ա լինում: Դերասաններն անգամ շախմատի մրցաշար կազմակերպեցին այստեղ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, բայց նկարահանումները որ ավարտվեցին, մրցումները կիսատ թողեցին ու գնացին»,- ասաց Շիրակ Խանումյանը: Նրա կինը` Շուշիկ տատը, հիշում է, որ Սոս Սարգսյանը գյուղի կանաչեղենն էր շատ սիրում, հատկապես` սիբեխը: «Շիրակը բրիգադիրն էր: Այգուց հավաքեցի, բերեցի` հետը տարավ, ասաց` հարսս էլ ա շատ սիբեխ սիրում: Քամած մածուն էր նաև շատ սիրում, կաթ բերեցի, մածուն մերեցի, տոպրակը լցրի, քամեցի, որ Երևան տանի, հետն էլ` գյուղի չորս հաց: Մեծ պատիվ էր մեզ համար մեծ մարդկանց հետ շփվելը»: Շուշիկ տատը հիշում է ժողովրդական դերասանի նվիրած հեռուստացույցի ծածկոցները` «Անուշ» օպերայի տեսարանների պատկերներով:
Խաշթառակցիների պատմելով` Ֆրունզիկի «ուշքը գնում էր» գյուղի երեխաների համար: սարեր2Որտեղ Ֆրունզն էր, այնտեղ գյուղի 30-40 երեխաներն էին: «Էրեխեք էինք, Ֆրունզիկը ամեն մեկիս մեկական ռուբլի էր տալիս, գնում էինք տանձ բերում: Մեր գյուղի ժողովուրդը հարգանքով են, դե մենք երեխաներ էինք, տանձ բերելու համար փողը վերցնում էինք»,- ծիծաղով հիշում է Ժորա Մատինյանը: Իսկ Սերյոժա Մատինյանն էլ հիշում է, որ 7-8 տարեկան էր, երբ ֆիլմը նկարահանելու նպատակով իրենց տանը հյուրընկալվեցին ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանը, օպերատոր Կարեն Մեսյանը, Մալյանի դուստրը` Նարինեն: «Մեր պահարանի վրա մի մեծ տանձ ունեինք, մոտ մեկ կիլոգրամ կկշռեր: Ֆրունզիկն ասաց` գնա բեր` ուտենք տանձը: Հիշում եմ` մայրս դաշտից տուն եկավ, ասաց` ով ա կերել տանձը, որ ասացի` Ֆրունզիկ ձյաձյայի հետ եմ կերել, չջղայնացավ»,- պատմում է խաշթառակցի Սերյոժա Մատինյանը: «Փռնչի Աշոտը Մհեր Մկրտչյանին ասում էր` եղբայրներ ենք, մեծ դերասանը զարմանում էր` ախր ոնց….խաշթառակցի Աշոտը վրա էր բերում` քթի կողմով… Երկուսի քթերն էլ հայկական էին»,- հիշում ու հայ կինոարվեստի դասականների հետ զվարճալի պատմությունների շարքը շարունակում են խաշթառակցիները:
«Մեր գյուղացի Իբրահամն էլ օգնել է Ֆրունզին, որ եզը շուռ տա: Ինքը եզը կապեց ու տվեց Ֆրունզիկին: Հետո նստել ա, ֆիլմը նայել ու սպասել, որ ուր որ է` իրեն էլ են հեռուստացույցով ցույց տալու»,- ժպիտով հիշում են գյուղացիները: «Ամբողջ գյուղն օգնել ա, ով ինչով կարողացել ա: Ես լծկանն եմ տվել»,- ասաց Շիրակ Խանումյանը: Սերյոժա Մատինյանը հիշում է, որ Շերենցի տան պատի ժամացույցը, անկողնու ծալքին շարած մեծ բարձերն իրենց տնից են տարել, նկարել, բայց թե Ստալինի նկարը որտեղից են իրենց պատին փակցրել ու նկարել, իր համար էլ է գաղտնիք:
Այնտեղ, որտեղ նկարահանվել է Ավագի (Ազատ Շերենցի) լողացնելու տեսարանը, հիմա բազմանդամ ընտանիք է ապրում: Տարածքն ամբողջությամբ փոխվել է, բայց գյուղացիների հուշերը շարունակում են ապրեցնել Հրանտ Մաթևոսյանի անմահ ստեղծագործության էկրանավորման պատմությունը: Փայտե դուռը, որը Ավագը ճռռոցով է բացում, հիմա երկաթյա դարպաս է, տանձենիներն էլ չկան: Հին հայկական նախագծով կառուցված տունն Օհանյանները որպես մառան են օգտագործում: «Քանդելու եմ, բա խի եմ պահում»,- մի քիչ զայրացած (հավանաբար այն պատճառով, որ մեծ ցանկություն ունի տունը թանգարանի վերածելու, բայց միջոցներ չունի), բայց ներքուստ հպարտ ու իր հետ չհամաձայնելով` ասում է ֆիլմի գլխավոր տան իրական տանտերը` Արթուր Օհանյանը: «Գալիս են նկարում, էն անգամ Ամերիկայից էլ էին եկել ու ոչ մի բան»: Սա այն տունն է, որտեղ նկարահանվել է Ավագի ու Իշխանի, Ավագի ու լեյտենանտի անզուգական երկխոսությունը: «Դու որ չկանչեիր, ես լողացողը չէէիի: Չեմ քնում է, ասա է, ասա…»,- յուրաքանչյուրի համար թևավոր խոսք դարձած արտահայտությունների արձագանքը կարծես տասնամյակներ անց էլ լսվում է նկարահանման հրապարակից:
Ֆիլմի գլխավոր դրվագները նկարահանվել են Խաչի յալում, որը գյուղի ցանկացած կետից տեսանելի է: Բարձունքին, որտեղ Ռևազը, Ավագը, Իշխանը, Պավլեն, Զավենն ու լեյտենանտը քննում են իրար, հիմա եկեղեցի է կանգնեցված` ի հիշատակ խաշթառակցի վաղամեռիկ Դավիթ Քամալյանի: Հեռվից դիտելիս` սարն իսկապես խաչի է նման: «Սուրբ Դավիթ մարգարե» եկեղեցին դռները բացեց ուղիղ մեկ տարի առաջ` մայիսի 9-ին` նվիրվելով նաև մայիսյան եռատոնին: Մեծ լոռեցու անմահ վիպակի տավուշյան էկրանավորման վերջին կետը` Խաչի յալը, Խաշթառակի ուխտավայրն է, որտեղից հակառակորդին դեմ-հանդիման մշտապես արձագանքում են ` մենք ենք, մեր սարերը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ՞