Ստամբուլում լույս է տեսել Հայոց ցեղասպանության միջազգայնացման շրջանի մասին պատմող «1965» վերնագրով գիրքը

girq    Ստամբուլում Հայ մշակույթի և զորակցության միության ջանքերով լույս է տեսել լրագրողներ Սերդար Քորուջուի և Արիս Նալչընի հեղինակած 2015 թվականից 50 տարի առաջ և 1915 թվականից 50 տարի հետո «1965» վերնագիրը կրող գիրքը: 1965 թվականին Հայոց ցեղասպանության հարցը մտավ միջազգային հարթություն, հենց այդ տարի աշխարհի մի շարք երկրներում անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ անցկացվեցին, իսկ Երևանում բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Ընթերցողների դատին հանձնված գրքում ներկայացվում են 1965 թվականին տեղի ունեցած իրադարձություններ և դրանց վերաբերյալ Անկարայի արձագանքը: Ներկայացված են նաև այն ուշագրավ հրապարակումները, որոնք տեղ են գտել այն ժամանակվա թուրքական մամուլում: Մասնավորապես ուսումնասիրվել են «Աքշամ», «Ջումհուրիյեթ», «Դունյա», «Հաբեր», «Հյուրիյեթ», «Միլիյեթ», «Ուլուս», «Թերջուման», «Յենի Իսթանբուլ», «Յենի գազեթե» թերթերում, «Աքբաբա» և «Յոն» հանդեսներում և հայալեզու «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերում հրապարակված հոդվածներն ու լուրերը: Գրքում կարելի է գտնել հարցի առնչությամբ այն ժամանակ արված մեկնաբանությունները, թուրքական պաշտոնական թեզերի ոգին ներկայացնող ծաղրանկարներ, ինչպես նաև փաստաթղթեր:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում

 Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին   նվիրված միջոցառում ՄոսկվայումԱպրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:

         Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:

 Անկախ

Ուկրաինան պատրաստ է կռվել ռուսական զորքի դեմ

ukrain-fmՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինայի սահմանի մոտակայքում Ռուսաստանի զորավարժություններ սկսելու որոշման վերաբերյալ հայտնել է, որ երկիրը կպատերազմի ցանկացած ներխուժող զորքի դեմ:

Անդրեյ Դեշչիցան հայտնել է, որ զորավարժություններ սկսելու վերաբերյալ Ռուսաստանի հինգշաբթի օրվա որոշումը կլարի տարածաշրջանի իրավիճակը:

Պրահայում Դեշչիցան Associated Press-ին հայտնել է, որ Ռուսաստանը, Ղրիմի թերակղզին անջատելով, դաս է տվել Ուկրաինային՝ ավելացնելով, որ այժմ իրենք կկռվեն ռուսական զորքի դեմ, եթե նրանք ներխուժեն Ուկրաինա:

Դեշչիցան նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է զորավարժություններ կազմակերպել Ուկրաինայի սահմանին շատ ավելի մոտ, քան նախապես ծրագրված էր:

 Անկախ

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Նինոծմինդայում

165.Genocide commemoration  event in Ninotsminda 24.04.2014Ապրիլի 23-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ: Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետև արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած և քաղաքակիրթ պետություններին: Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջին և դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակի դեմ», – ընդգծեց ՀՀ դեսպանը։

Արարողությանը մասնակցեցին Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ և վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր, Թբիլիսիից ժամանած  հյուրեր և ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ:

Անկախ

Թուրքական ոստիկանությունը փակել է Թաքսիմի հրապարակը ապրիլի 24-ին նվիրված արարողության անցկացման համար

taksimՀայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմը այսօր Ստամբուլի ժամանակով 19:00-ին ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն անցկացնելու համար պետք է հավաքվեր քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ինչի համար նախապես թույլտվություն էր ստացել: Սակայն թուրքական ոստիկանությունը ավելի վաղ փակել է հրապարակում գտնվող Հանրապետության հուշարձանի շրջակայքը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ արարողության մասնակիցները հարկադրված են եղել հավաքվել Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքի դիմաց՝ պարզելով զոհվածների լուսանկարներն ու վառելով հիշատակի մոմեր:

 Անկախ

Պոլսո Հայոց պատրիարքության պաշտոնական արձագանքը Էրդողանի ուղերձին

polis Պոլսո Հայոց պատրիարքությունը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա ուղերձին՝ այն անվանելով «մի հիմնաքար Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև կառուցվելիք կամուրջի համար»: Պատրիարքարանը սիրով ընդունել է Էրդողանի «ցավակցությունները» և նշել, որ այդպիսով նոր էջ է բացվում հայ-թուրքական հարաբերությունների համար: «Թուրքիայի հայ քաղաքացիները հավատացած են, որ կգա օրը, երբ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների ցավերը կհանգստանան, վերքերը կբուժվեն»,-ասված է պատրիարքության հայտարարության մեջ:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

6208

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
***


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը

 

 

Մեծարգո՛ Նախագահ Զեման,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ այս հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը:

Հարգելի՛ բարեկամներ,

Այսօր ես Պրաhա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից:

Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը:

Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:

Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք:

Հարգելի՛ գործընկերներ,

Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը:

Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար:

Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը:

Պարո՛ն նախագահող,

Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ:

Թուրքիայի հերթական խորամանկ քայլը. քննարկվում է Օսմանյան կայսրության հայերի թոռներին ԹՀ քաղաքացիության իրավունք տալու հարցը

pasaport  Երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, փաստորեն, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի որդեգրած ռազմավարության միայն մի մասն էր կազմում: Ըստ էության Էրդողանի ուղերձը բովանդակային ոչ մի առանձնահատկություն չէր կրում, այլ ընդամենը ուրիշ ձևակերպումներով կրկնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական մոտեցումը: Փոխարենը այս ոչինչ չասով հայտարարությունը մեծ արձագանք գտավ համաշխարհային մամուլում և որ ամենակարևորն է դրական արձագանք գտավ ԱՄՆ-ի կողմից:

Ահա Թուրքիան արդեն շտապում է իր զինանոցի հերթական խաղաքարտը դնել շրջանառության մեջ: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի օրակարգում հայտնվել է 1915 թվականին օսմանյան հողերից գաղթած, այդ ժամանակվա պայմաններից ելնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն չստացած կամ այնուհետև այն կորցրած հայերի թոռների ԹՀ քաղաքացիության իրավունքի ճանաչման հարցը: Այն օրակարգ է բերվել հունվար ամսին Անկարայում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ: Հայտնի է, որ այս առաջարկը փոխանցվել է ԱԳ նախարարություն, որի կողմից այն հավանության է արժանացել: Ներկայումս հարցի շուրջ նախնական աշխատանքներ են ընթանում:

 

Օբաման կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը

օբամա   Թուրքական լրատվամիջոցները շտապել են տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի առիթով հայտարարությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Օբաման իր խոսքում չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ 1915 թվականին տեղի ունեցածը անվանել է «Մեծ Եղեռն»: Փաստորեն օրերս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը, որով դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը, չազդեց Օբամայի ելույթի վրա, ինչն էլ նախապես կանխատեսելի էր:

Անկախ

Թայիփ Էրդողանի ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը». ՆԳ նախարար

Էֆքան Ալի  Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալին «Անադոլու» գործակալության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը»: «Նախկինում Թուրքիան նման դեպքերում արձագանքում էր միայն այն բանից հետո, երբ մյուս պետությունները հնչեցնում էին իրենց հայտարարությունները: Սակայն այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության կիրառած մեթոդներն ու նորարությունները ցույց են տալիս մեր երկրի կայունությունն ու Անկարայի և գլխավորապես Էրդողանի կառուցողական մոտեցումը»,-նշել է Ալին:

Անկախ

Ինչով է պայմանավորված կյանքի տևողությունը

o_936640

Որքան էլ մարդիկ փորձեն կյանքի տևողությունը  երկարացնել, այնուամենայնիվ, մահն անխուսափելի է:

Աշխարհի ամենատարեց կնոջ արյան նորագույն հետազոտությունը թույլ է տվել պատասխանել այն հարցին, թե ինչու է այդպես:

Գիտնականները հետազոտել են Հենդրիկե վան Անդել-Շիպպերի արյունը, որը ծնվել էր 1890-ին: Ինչ որ մի պահ նա աշխարհի ամենատարեց կինն էր ու մինչև կյանքի վերջ էլ պինդ առողջություն ուներ: Մինչև վերջ էլ միտքը սթափ էր ու հիշողությունը տեղը և իր մարմինը կտակեց գիտությանը: Սակայն մի պայման դրեց, որ հետազոտությունների արդյունքներ հրապարակման մեջ նշվի իր անունը: Հարազատները հարգեցին նրա որոշումը.կինը մահացավ 2005-ին, 115 տարեկան հասակում:

Բժիշկների ուսումնասիրությունը  հանգեցրեց մի բացահայտման. կյանքի տևողությունը (նույնիսկ առողջ մարդու), սահմանափակվում է ցողունային բջիջների` նոր բջիջներ ու հյուսվածքներ  վերարտադրելու ունակությամբ: Երբ ցողունային բջիջները հյուծվում են, սկսվում է մեռուկացումը,և դա բացասաբար է ազդում օրգանիզմի կենսականորեն անհրաժեշտ բջիջների ու հյուսվածքների վերարտադրման հնարավորության վրա: Գիտնականները պարզեցին, որ կնոջ մոտ կյանքի մայրամուտում մնացել էր արյան սպիտակ մարմնիկների 2/3-րդ մասը (լեյկոցիտներ) ու դրանք օրգանիզմում արտադրվում էին ընդամենը 2 ցողունային բջիջների միջոցով:  Նրանք ասում են, որ մարդը ծնվում է արյան մոտ 20 հազար ցողունային բջիջով: Դրանցից մոտ հազարը գտնվում են միաժամանակ ակտիվ վիճակում, նոր արյուն են արտադրում: Տարիքի հետ դրանց թիվը կրճատվում է:

Կարո՞ղ են արդյոք, ցողունային բջիջներն անվերջ տրոհվել ու ա՞յդ ժամկետից է , արդյոք,կախված մարդկային կյանքի տևողությունը հարցերն էին  հետազոտության նպատակը: Եվ կարելի՞ է արդյոք այդ կախվածությունը շրջանցել, պաշտպանելով ցողունային բջիջները վաղ տարիքում ու հետագայում էլ համալրել դրանց անբավարարությունը հարցերին մասնագետները պատասխանում են` հնարավոր է, ու դրա հիմքի վրա էլ կհայտնվի երիտասարդացման նոր պրոցեդուրա:

Բացի այդ, գիտնականները մտադիր են համեմատել  երկարակյաց կնոջ գենետիկ  նյութը  այն մարդկանց նմանատիպ նյութի հետ, որոնց մոտ բավականին վաղ հասակում է ի հայտ եկել Ալցհեյմերի հիվանդությունը: Գիտնականները հույս ունեն գտնել այն գեները, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմն այդ հիվանդությունից:

 Անկախ

ԱՄՆ-ի տակ Աֆրիկայի մի հատված է հայտնաբերվել

o_936390

Երկրաֆիզիկոսները որոշել են, որ Աֆրիկայի մի հատվածը պահպանվել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում: Երկար, անսովոր մագնիսականությամբ, խրոհրդավոր գոտին, որը ձգվում է Ալաբամա նահանգից Ջորջիոյով դեպի Հյուսիսային Կարոլինայի ծովափ, թվում է հնագույն լեռնապարների կցվածք լինի: Դրանք գոյացել են շուրջ 250 մլն տարի առաջ, երբ Աֆրիկան ու Հյուսիսային Ամերիկան դեռևս միմյանց էին կպած:

Եթե այս բացահայտումն ապացուցվի, ապա կստացվի, որ Աֆրիկան  իր ապարներից բավական շատ մասեր է թողել ամերիկյան հարավ-արևելքում, երբ սիամյան մայրցամաքները բաժանվել են իրարից ու դրանց միջև Ատլանտյան օվկիանոսն է փռվել:

«Այստեղ մագնիսական տվյալների էական տարբերություններ կան,-պատմում է Թենեսիի համալսարանից երկրաբան Ռոբերտ Հեթչերը` այն տեղանքի մասին, որը կոչվում է Բրունսվիկսկյան մագնիսական շեղում, ինչպես նաև այդ տարածաշրջանի մագնիսական այլ առանձնահատկությունների մասին: Դրանք  երկար ժամանակ ակտիվ չեն եղել, սակայն տեղաշարժվում են Սեն- Անդրեաս խզվածքի նման»:

Գիտնականները ենթադրում են, որ այդ խզվածքները Աֆրիկայի ու Հյուսիսային Ամերիկայի բախման ու որպես դրա հետևանք, տարբեր ուղղություններով տեղաշարժման մնացուկներն են:

 Անկախ

Օլեգ Ցարեվ. Կիևն ամեն ինչ անում է, որ շատ արյուն թափվի

972

Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային օպերացիա է սկսվել: Այն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարեվը, որը ներկա պահին գտնվում է Դոնեցկում ու կապ պահպանում Սլավյանսկի հետ: Նրա ունեցած տվյալներով, արդեն զոհեր կան, սակայն թիվը դժվար է ասել, քանի որ մարտեր երկու վայրում են ընթացել: Ցարեվը վստահ է, որ Կիևի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն քաղաքացիական բնակչության դեմ բանակ գործադրելու համար: «Նրանք ասում են, որ քաղաքը կվերածեն երկրորդ Ստալինգրադի, սակայն այնտեղ շատ են խաղաղ բնակիչները: Ինչպես կարելի է բանակ հանել սեփական քաղաքացիների դեմ: Կիևն ամեն ինչ անում է, որ շատ արյուն թափվի…»:

Ընդհանուր առմամբ, այն ինչ կատարվում է, Ցարեվի խոսքով, հիշեցնում է  հարավ-արևելքը խեղճացնելու միջոցով գրավելու փորձ: Այսպես օրինակ,  ամբողջ Ուկրաինայում ինսուլինի մատակարարման խնդիրներ են առաջացել Դոնեցկում ու Լուգանսկում, հանվել են շատ դեղորայքներից աահ-ի զեղչերը: Դրա պատճառով էլ դեղերի գները բարձրացել են, որոշ դեպքերում` կրկնակի ու դա շատ զգալի է ներկայիս իշխանություններին ոչ լոյալ տարածաշրջաններում:

Ձևականորեն Ցարեվը մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, սակայն հիմա նրա համար նախընտրական քարոզարշավն առաջնահերթ խնդիր չէ: Նրա կարծիքով, նախագահական ընտրությունների մասին նման իրավիճակում մտածելն անբարոյական է : Պետք է կենտրոնանալ այն միջոցների վրա, որոնցով հնարավոր է դադարեցնել հակամարտությունը:

Անկախ

Բոլիվիայում ֆուտբոլային խաղի ժամանակ ուրվական են նկատել (տեսանյութ)

o_936377

Բոլիվիայի Լա-Պաս քաղաքում Ֆուտբոլի երկրպագուները ցնցվել են տրիբունայում տեսնելով ուրվականի, որը սլանում էր մարդկանց ու արգելապատնեշների միջով: Դա տեսագրել են նաև հեռուստատեսային խցիկները: Դեռևս ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչ էր դա իրականում:

Ըստ ամենայնի, Hernando Siles մարզադահլիճի ֆուտբոլասերները, որոնց մոտով է անցել տարօրինակ ստվերը, անգամ  չեն նկատել նրա ներկայությունը: Միայն խաղից հետո ցուցադրված տեսանյութում են  տեսել, թե ինչպես է  մարդկանց ու ալգելապատնեշների միջով սլանում  տարօրինակ  ստվերը:

Անկախ

Հայերի ցեղասպանությունից հետո Հիտլերը գործի անցավ. Ցեղասպանություն տերմինի հեղինակ

լեմկին«Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու: Ինչո՞ւ միլիոնավոր մարդկանց սպանությունը ավելի մեղմ հանցանք է, քան մեկ անձի սպանությունը»,- նման հարցով 1920 թ.  Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ  ծագումով հրեա, լեհաստանցի իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Իրավաբանը ցնցված էր այն դաժանությամբ, որով Օսմանյան Թուրքիան իրականացրել էր 1.5 միլիոն հայերի ոչնչացումը: 20 տարի անց նրա սեփական ժողովուրդը պետք է կանգներ համանման ողբերգության առջև: Լեմկինը հրեական հոլոքոստից և´առաջ, և´ հետո պայքարեց ազգային ու էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:

Հենց Ռաֆայել Լեմկինը շրջանառության մեջ դրեց գենոցիդ` ցեղասպանություն բառը:

1945 թվականին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար, «Ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական տերմին:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն  ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1.   Խմբի անդամների սպանություն.

2.     Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.

3.    Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.

4.     Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.

5.     Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Երբ Լեմկինին մի հացազրույցի ժամանակ հարց տվեցին, թե ինչը նրան դրդեց դառնալ ցեղասպանություն տերմինի հեղինակը, նա պատասխանեց. «Ես սկսեցի հետաքրքրվել ցեղասպանությամբ, որովհետև նախկինում դա տեղի էր ունեցել բազմիցս: Դա պատահել էր հայերի հետ, այնուհետև, հայերից հետո  Հիտլերը գործի անցավ»:

Հոլոքոստը, որին զոհ գնաց 6 միլիոն հրեա, այդ թվում` Լեմկինի ընտանիքը, վերջինը չէր. 20-րդ դարի տարբեր տարիներին ցեղասպանություններ տեղի ունեցան Կամբոջայում, Իրաքում, Դարֆուրում,  Ռուանադայում և այլուր:

 

 

Ադրբեջանը մտադիր է աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ

Ռուսաստան,Ադրբեջան,ներգաղթ,Վահիդ ԱհմեդովԱդրբեջանը և Ռուսաստանը կբանակցեն աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության շուրջ: Այդ մասին հայտնել է Պետական միգրացիոն ծառայության փոխնախագահ Փարվիզ Մուսաևը Բաքվում ընթացող միջազգային “Caspian Energy Forum-2014” համաժողովում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Նրա խոսքով` աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիրը արդեն պատրաստ է և ուղարկվել է ռուսական կողմին:

Ըստ գործակալության` այս տարի Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ աշխատանքային միգրացիայի համաձայնագիրը:

 Անկախ

Թայիփ Էրդողանի հայտարարության 10 աննախադեպ կետերը

ցեղասպանություն Թուրքական «Son dakika» կայքը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի վերաբերյալ երեկվա հայտարարությանը, արձանագրել է ուղերձում առկա «10 կետ», որոնք աննախադեպ են համարվում երկրի պատմության մեջ: Ստորև ներկայացնում ենք այդ կետերը.

  1. Թուրքիան առաջին անգամ 1915 թվականի վերաբերյալ ուղիղ կերպով «արևելահայերեն և արևմտահայերեն» դիմեց իր հայ քաղաքացիներին և բոլոր հայերին:
  2. Առաջին անգամ «ցավակցություն» հղվեց 1915 թվականին զոհված հայերի և բոլոր օսմանցի քաղաքացիների թոռներին:
  3. Առաջին անգամ արված ուղերձը «պաշտպանվելու» կամ «պատասխան տալու» նպատակ չէր հետապնդում, այլ  ուղղված էր «համընդհանուր ցավը միասին հիշելուն և ապագան համատեղ կառուցելուն»:
  4. Առաջին անգամ մարդկային ցավերը, որոնց խորհրդանիշը ապրիլի 24-ն է, համարվեցին «համընդհանուր ցավ»՝ ցույց տալով «բարձր ինքնավստահություն»:
  5. Առաջին անգամ 1915 թվականի «դեպքերը» առիթ ծառայեցին ոչ թե առճակատման, այլ «բարեկամության» կոչի համար:
  6. Առաջին անգամ «կրակը ընկած տեղն է այրում» արտահայտությամբ հայության ցավեր «կիսելու» ցանկություն հնչեց:
  7. Առաջին անգամ հայերի ցավի հիշատակումը ճանաչվեց որպես «մարդկության պարտականություն»:
  8. Առաջին անգամ ոչ թե «քաղաքական» կամ «դիվանագիտական» մոտեցում ցուցաբերվեց, այլ խոսեց «խիղճը»:
  9. Առաջին անգամ կիրառվեցին «արդար հիշողություն, մարդկության պարտականություն, համընդհանուր ցավ, միասնական ապագա և արժեքներ» արտահայտությունները:
  10. Առաջին անգամ կապ հաստատելու կոչ արվեց:

Անկախ

Ստամբուլում հիշել են 99 տարի առաջ մահվան ուղարկված 220 հայ մտավորականներին

haydarpasa    Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ստամբուլի Հայդարփաշա կայարանի մոտ հավաքված բազմությունը հիշել է 99 տարի առաջ ճիշտ այդ տեղից մահվան ուղարկված 220 հայ մտավորականներին: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ հիշատակման արարողությանը մասնակցել է մոտ 50 մարդ, որոնց շարքերում եղել են նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Հավաքվածները պարզել են զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարները: Միջոցառմանը ելույթ ունեցած Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի խոսնակ Նիկոլաս Դավթյանը նշել է, որ Ստամբուլում կազմակերպված արարողություններին սփյուռքի համեմատությամբ աստիճանաբար ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պայքարին աջակցող բոլոր թուրքերին»,-ասել է Դավթյանը: Վերջինս, անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, այն անբավարար է համարել: Հիշատակման արարողությանը մասնակցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Էրդողանի ուղերձն  անվանել է բառախաղ:

 

Բաքվում ընթանում է “Հայկական հարցը Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակակից գրականությունում” խորագրով միջազգային գիտաժողով

2Ադրբեջանի գրողների միությունում (ԱԳՄ) Թուրքիայի գրողների միության, “Երիտասարդների գիտական հետազոտությունների աջակցություն” հասարակական միության և ԱԳՄ-ի աջակցությամբ այսօր սկսվել է “Հայկական հարցը  Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակակից գրականությունում” խորագրով միջազգային գիտաժողով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ԱԳՄ-ի քարտուղար Արիֆ Ամրահօղլուն, ելույթով հանդես գալով և ադրբեջանաթուրքական քաղաքական թեզը առաջ տանելով, նշել է, որ “անհրաժեշտ է ապացուցել` ողջ պատմության ընթացքում հայկական գրականությունը զարգացել է ադրբեջանական և թուրքական գրականության ազդեցության ներքո”:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշհունն  ընդգծել է, որ “պատմական փաստերը” պետք է հասարակության ուշադրությանը ներկայացնել ոչ միայն գրականության, այլև այլ միջոցներով: “Այսօր մենք ականատեսն ենք նրան, որ “Հայաստանը և Սփյուռքը զբաղված են պատմական փաստերի կեղծարարությամբ: Ո՛չ քաղաքականությունում, ո՛չ մեր գրականությունում հայերի նկատմամբ ատելություն չի եղել: Մենք պետք է գրականությունում ներկայացնենք պատմական իրողությունները”,- գիտաժողովին հայտարարել է թուրք դիվանագետը: