Բաշար Ասադը ընտանիքի հետ Թեհրա՞ն է մեկնել

asad  Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, մամուլում լուրեր են տարածվում, որ երկրի նախագահ Բաշար Ասադը ընտանիքի և կառավարական մի շարք պաշտոնյաների հետ մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Մասնավորապես եգիպտական «El-Nahar» հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել, թե Ասադը երեկ երեկոյան անակնկալ այց է կատարել Թեհրան: Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել վստահելի աղբյուրների կողմից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի աշխատակցի հետ, որը հաստատել է այն տեղեկությունը, թե Բաշար Ասադի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Հոմեյնի օդանավակայանում: Սակայն այն լուրը, թե Ասադին ուղեկցել են ընտանիքի անդամներն ու պետական պաշտոնյաներ, առայժմ չի հաստատվել:

Մենք վաղ թե ուշ կլուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը. գերմանացի պատգամավոր

markoԳերմանիայի խորհրդարանի իրավական կոմիտեի անդամ, պատգամավոր Մարկո Վանդերվիցը, պատասխանելով Ադրբեջանական եվրոպական միության՝ Լեռնային Ղարաբայի համար հայ-ադրբեջանական հակամարտության հարցով դիմումին, նշել է, որ Խոջալուի օդանավակայանի բացումը կարող է խանգարել խնդրի կարգավորման խաղաղ գործընթացին և հանգեցնել հակամարտության սրմանը:

«Օդանավակայանի բացման շուրջ քննարկումները ցույց են տալիս, թե ինչ արագությամբ կարող են կրկին սրվել երկու երկրների միջև հարաբերությունները: Վաղ թե ուշ մենք կհասնենք այս հակամարտության լուծմանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների օգնությամբ»,-ասել է Վանդերվիցը:

Ինչպես հաղորդում է թուրքական
«Haberler»-ը՝ պատգամավոր Վանդերվիցը նշել է նաև, որ Գերմանիայի քաղաքականությունը միշտ հիմնվել է միջազգային իրավունքի վրա:
«Այդ պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի որոշումը, միանշանակ, վճռորոշ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր գործողություններում»,-նշել է պատգամավորը:

 

 

 

Էրդողանի կուսակցությունը կորցնում է իր դիրքերը

kusakcutyunԹուրքիայում մի շարք հետազոտական կենտրոններ շարունակում են հրապարակել իրենց անցկացրած հարցումները մոտ ժամանակներում երկրում սպասվող տեղական և ընդհանուր ընտրությունների վերաբերյալ: Այսպես «SONAR» հետազոտական կենտրոնի այն հարցին, թե եթե ընտրությունները այս շաբաթ անցկացվեին, ապա որ կուսակցությանը կտայիք ձեր ձայնը, հարցվածների 44,66 տոկոսը նախապատվությունը տվել է իշխող ԱԶ կուսակցությանը, իսկ 28,14-ը՝ ընդդիմադիր թև հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Մեկ այլ հարցման արդյունքների համաձայն՝ տեղական ընտրություններում վարչապետ Էրդողանի կուսակցությունը հավաքել էր ձայների ընդամենը 34 տոկոսը, ԺՀ կուսակցությունը՝ 25 տոկոսը, իսկ ահա Ազգայնական շարժում կուսակցությունը գրանցել էր 28 տոկոսի արդյունք:

Ինչ վերաբերում է ընդհանուր ընտրությունների վերաբերյալ անցկացրած հարցումներին, ապա այստեղ անակնկալ է գրանցվել: ԱԶԿ-ն հավաքել է ընտրողների ձայների 41,2, ԺՀԿ-ն՝ 26, իսկ ահա ԱԶ կուսակցությունը անսպասելի՝ 20 տոկոս: Վերոնշյալ արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում իշխող ԱԶ կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Թայիփ Էրդողանը, բավական կորցրել է իր դիրքերը և չի կարողանում գերազանցել 50 տոկոսի շեմը:

Մահացել է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը. «Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»

g_imageԵրեկ Ֆրանսիայում 93 տարեկան հասականում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան):

Ժանսեմը ծնվել է 1920 թ. Կ.պոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղում, մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում

Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։ Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ։ Ժանսեմի աշխարհն ամենուր տխուր է: Նրա հերոսները կարծես ապրում են, և չկան: Ֆրանսիացի տեսաբան Ք. Բլանը Ժանսեմի մասին գրել է. «Կորուսյալ հոգիները իրենց ապաստան են գտել բանաստեղծ-նկարչի մոտ: Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել: Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»:

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից, նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։ 2010 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ժանսեմը պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

Panorama.am

Ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը օգոստոսի 17-ից չեն կարողանում մարել

2Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում օգոստոսի 17-ից բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, կրակի մարման ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս շարուրնակվում են: Այդ աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող 11 նավ, ինչպես նաև ԱԻՆ-ի ուժերը:

“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, սարքավորումների մի մասը: Զոհեր չկան:

Դեռևս օգոստոսի 26-ին SOCAR-ի փոխնախագահ Խալիք Մամեդովը հայտարարել էր, որ կրակի մարման ուղղությամբ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են տարվում, ինչը, փաստորեն, նրանց չի հաջողվել:

“Բուլլա-դենիզ”-ը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 80 կմ հեռավորության վրա:

Դեսպան Մելիքյանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ

        B        Օգոստոսի 27-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։

 

Արգենտինայի փոխնախագահն իր տպավորությունները կիսեց ընթացիկ տարվա ապրիլին՝ ՀՀ նախագահի երդմնակալության առիթով Հայաստան կատարած այցելությունից։ Ամադո Բուդուն բարձր գնահատեց ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Մեծապես կարեւորելով Արգենտինայի փոխնախագահի այցելությունը՝ դեսպան Մելիքյանը նշեց, որ այն նոր ճանապարհ հարթեց երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ առավել խորացման համար։ Ըստ դեսպանի, այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ առկա է չօգտագործված հսկայական ներուժ, որի կյանքի կոչման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները։

 

Առանձնակի դրվատանքով խոսելով արգենտինահայ համայնքի մասին՝ փոխնախագահ Բուդուն նշեց, որ այն իր նպաստն է բերում երկկողմ հարաբերությունների խորացմանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին։

Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին

1 (1)Մոլդովայի Հանրապետության օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն արժանացել է հերթական պարգևին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Կիևում տեղի ունեցել “Սուրբ Վլադիմիր” ուղղափաթ շքանշանի հանձման արարողությունը: Աուրելիա Գրիգորիուն այս շքանշանին արժանացել է “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջինիս ցուցաբերած խիզախության համար և այս տարվա հոկտեմբերին մանդատի դադարեցման կապակցությամբ”:

Վերջերս Աուրելիա Գրիգորիուն պարգևատրվել է նաև “Հեյդար Ալիև” ոսկե մեդալով՝ “մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հատուկ նվաճումների և ամբողջ աշխարհում Ադրբեջանի իրողությունները առաջ տանելու համար”:

Մոլդովայի իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն անցյալ ամիս Հայաստանի ԱԺ-ում իր  զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մեր երկիրն անվանել էր “ագրեսոր”`հայտարարելով, որ “Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”, և հավելել, որ “Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է”։ Ներկայում ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբրև թե “ԱՍԱԼԱՆ սպառնում է Աուրելիա Գրիգորիուին”

Կինոն Վենետիկում.հոբելյանական փառատոն

o_816820Այսօր երեկոյան մեկնարկում է հոբելյանական, 70-երորդ Վենետիկյան կինոփառատոնը: Առաջին անգամ կինոդիտումը կսկսվի 3D  ձևաչափով ֆիլմի ` Ալֆոնսո Կուարոնի “Գրավիտացիայի” ցուցադրությամբ: Մեքսիկացի կինռեժիսորը, որն արդեն ունի “Ոսկե առյուծ” եռաչափ թրիլլերը նկարահանել է հատուկ էֆեկտներով, որոնք, ըստ փորձագետների, համեմատելի են “Ավատարի” հետ:

Վենետիկում հոբելյանական փառատոնը համըմկնում է զբոսաշրջության սեզոնի ավարտի հետ: Կինոփառատոնը տեղի է ունենում Վենետիկի կենտրոնից շոգենավով 20 րոպե  հեռավորության վրա գտնվող Լիդո կղզում:

Փառատոնի  ժյուրիի հիմնական կազմի նախագահն է  իտալական դասական Բերտոլուչչին:  Պարգևները, այդ թվում գլխավոր “Ոսկե առյուծը” կհանձնվի սեպտեմբերի 7-ին:

Մարտին Լյութեր Քինգի երազանքն այդպես էլ չիրականացավ

o_816767ԱՄՆ-ում նշում են Մարտին Լյութեր Քինգի` “Ես երազանք ունեմ”   ճառի 50-ամյակը: Սևամորթների իրավունքների համար պայքարող մարտիկն օրինակ է դարձել շատերի համար:

Euronews-ին տված հարցազրույցում հայտնի իրավապաշտպան Ջեսսի Ջեյմսը հայտարարել է, որ չնայած օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, Մարտին Լյութեր Քինգի ժամանակներից երկրում քիչ բան է փոխվել:

“60-ականներին մենք երազում էինք, որ ավարտվի պատերազմը Վիետնամում, որ կարողանանք հանգիստ իջևանել հյուրանոցներում կամ էլ սրճարանում ուտել: Մենք երազել ենք քվեարկելու իրավունքի մասին: Հիմա մենք ազատ ենք, սակայն առաջվա պես հավասար չենք: Օրենքներ են ընդունվել, սոցիալական տարանջատումը վերացել է միայն թղթի վրա: Իսկ իրականում, անհավասարությունն ավելի է խորացել”:

Ինչու են դելֆիններն ինքնասպան լինում

o_497258ԱՄՆ-ի Օվկիանոսների ու մթնոլորտի ազգային վարչության գիտնականները պարզել երկրի արևելյան ափերին դելֆինների անսովոր բարձր մահացության պատճառը: Նրանք կարծում են, որ կաթնասունները սատկում են մորբիլլիավարակի հետևանքով, որը նույն խմբից է, ինչ մարդկային` կարմրուկի վարակը:

Ինչպես հայտնել է վարչության ներկայացուցիչ Թերի Ռոուլսը, իրենք դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում կանխել վարակի տարածումը.”Մենք չունենք այնպիսի պատվաստանյութ, որը հնարավոր լինի կիրառել ամբողջ պոպուլյացիայի համար”:

Փորձագետներն ասում են, որ դելֆինների դիմադրողականությունը շատ թույլ է այդ վարակի նկատմամբ,որն ախտահարում է  մաշկը, ավշային հանգույցները, թոքերն ու ուղեղը: Վարակի փոխանցումը մարդուն գործնականում բացառվում է:

Վերջին 2 ամսում Նյու -Յորքի, Նյու- Ջերսիի, Դելավերի ու Վիրջինիայի նահանգներում հայտնաբերվել է 330 սատկած դելֆին:  Այդ թիվը գերազանցում է  տարեկան միջին ցուցանիշն ու առավելագույնն է վերջին 26 տարում: Օրինակի համար` ողջ 2012-ին հայտնաբերվել է  ափ նետված 111 դելֆին:

1987-1988-ին մորբիլլիավարակի տարածման հետևանքով ԱՄՆ արևելյան ափերին  սատկել է ավելի քան 740 կաթնասուն:

Պերուում անսովոր ձնամրրկի պատճառով մարդիկ են մահանում

o_816828Ձնամրրիկը ծածկել է Պերուի հարավ-արևելքը: Իշխանությունները պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել: Տարածաշրջանում ջերմաստիճանը -15 է: Ճանապարհները ծածկված են մերկասառույցով: Տասնյակ բնակավայրեր հայտնվել են մեկուսացած  վիճակում, այնտեղ հասնելը դարձել է անհնար: Վտանգ կա, որ խափանումներ կարող են առաջանալ հոսանքամատակարարման մեջ: Լուրջ վնաս է հասցվել ֆերմերային տնտեսությանը: Լուրեր են ստացվում ցրտահարվածների ու զոհերի մասին:

Այս տարածաշրջանում ձյունն ու ցուրտը բացառիկ երևույթներ չեն, քանի որ սա բարձրլեռնային տեղանք է: Սակայն, նման բան չէին տեսել վաղուց, հայտնում են վթարային ծառայություններում:

Կալիֆոռնիայում անտառային հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 շինություն

i (3)Հրդեհն ազգային Յոսեմիթյան պարկում ոչնչացրել է 111 շինություն, այդ թվում` 31 սեփական տուն: Մոլեգնող հրդեհը նահանգի պատմության մեջ յոթերորդն է: Հրդեհի դեմ պայքարի են ելել 4 հազար հրշեջ: Հրդեհի ճարակ է դարձել 728 քկմ տարածք: ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկը ներառված Յոսեմիթյան պարկի շուրջ բռնկված հրդեհը չի մարում արդեն 10 օր ու սպառնում է մի քանի հազար շինություններ ավերել:

Սևամորթ սպասավորի մասին ֆիլմը ստիպել է Օբամային արտասվել

i (2)ԱՄՆ-ի նախագահ Օբաման արտասվել է դիտելով Սպիտակ տանը ծառայողի մասին ֆիլմը: “Սպասավորը” պատմում է մի աֆրոամերիկացու` Յուջին Ալենի մասին, որը 34 տարի անընդմեջ աշխատել է Սպիտակ տանը:

“Գիտեք, ես դիտեցի ֆիլմն ու աչքերս թացացան: Ես մտածում էի ոչ միայն այն սպասավորների մասին, որոնք աշխատել են Սպիտակ տանը, այլև ընդհանուր առմամբ, տաղանդավոր մարդկանց  մի ողջ սերնդի մասին, որոնք չէին կարող իրենց դրսևորել Ջիմ Քրոուի օրենքի (սեգրեգացիայի մասին օրենքը) և խտրականության պատճառով”,-հայտնել է Օբաման:

Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Ֆորեսթ Ուիթաքեն ու Օփրա Ուինֆրին, Ալան Ռիքմանը, Լեննի Քրովիցը և Ջոն Կյուսակը:

Վենեսուելայի նախագահն առաջ է քաշել Չավեսին քաղցկեղով վարակելու վարկածը

iՎենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել է, որ իր նախորդին` Ուգո Չավեսին միտումնավոր են վարակել քաղցկեղով:

“Ինձ` մեր սիրելի կոմանդանտեի հիվանդության էվոլյուցիան խորապես իմացողին ոչ ոք չի կարող տարհամոզել.Չավեսին վարակել են, որ նրան շարքից հանեն”,ասել է Մադուրոն ու խոստացել իր նկատմամբ բոլոր նմանատիպ պլանները ձախողել: Ի դեպ, Մադուրոյից բացի, Չավեսին քաղցկեղով վարակելու մասին վարկածներ են հնչեցրել լատինաամերիկացի այլ գործիչներ: Սակայն, բժիշկները հերքում են վարակման եղանակով  քաղցկեղով  հիվանդանալ տարբերակը:

Ֆորբս ամսագիրը Մադոննային ճանաչել է որպես աշխարհի ամենաշատ վաստակող հայտնի մարդ

madonna

Մադոննան գլխավորում է Ֆորբս ամսագրի ամենաշատ վաստակող հայտնի մարդկանց ցուցակը՝ 2012թ-ի հունիսից մինչև 2013թ-ի հունիսը 125 միլիոն դոլար վաստակով: 55-ամյա աստղին հաջորդում են այլ հայտնի մարդիկ, ինչպիսին ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը և հեռուստատեսային աստղ Սայմոն Քոուելն են:

Չնայած իր MDNA ալբոմի ոչ այնքան փայլուն ներկայացումից հետո՝ երգչուհին կարողացել է 305 միլիոն դոլար վաստակել ալբոմի ներկայացման համաշխարհային տուրից: Նա նաև շահույթ է ստանում տարբեր ապրանքների վաճառքից՝ ներառյալ օծանելիք և հագուստ:

Նրանից 25միլիոն դոլար պակաս եկամուտով երկրորդ տեղն է զբաղեցնում Սպիլբերգը, իսկ երրորդ հորիզոնականը 100 միլիոն դոլարով զբաղեցնում է Քոուելը:

Տասերորդ հորիզոնականը զբաղեցնում է Լեդի Գագան 80 միլիոն դոլարով:

Լիբիան հաջորդ ամիս դատարանի առաջ կկանգնեցնի Քադաֆիի որդուն

gadhafi-sonԼիբիայի գլխավոր դատախազը հայտնում է, որ հանգուցյալ դիկտատոր Մուամար Քադաֆիի որդին և նրա գլխավոր լրտեսը մեղադրվել են 2011թ-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդասպանության համար:

gadhafi-sonԱբդել-Քադեր Ռադվան երեքշաբթի տեղեկացրել է, որ Քադաֆիի 42 տարի իշխանության տարիներին և ութ ամիս տևած քաղաքացիական պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունների հիմունքներով դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 19-ին մայրաքաղաքում: Մեղադրյալները նախկին ազգայի անվտանգության պետ Աբդուլա ալ-Սենուսին և հսկողության տակ գտնվող նախկին դիկտատորի միակ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Կադաֆին են:

Քադաֆիի որդին այժմ վերահսկողության տակ գտնվում է Լիբիայի Զինթան քաղաքում: Միջազգային հանցագործության դեմ դատարանի դատավորները որոշում են կայացրել, որ Լիբիան չի կարող արդարացի դատավճիռ կայացնել Սեյֆ ալ-Իսլամիի նկատմամբ և խնդրել են նրան Հաագայի դատարանին հանձնել:

 

Մեքսիկայում Ֆերնանդ փոթորկի հետևանքով առաջացած սողանքներից 13 մարդ է զոհվել

storm-fernandՄեքսիկական լրատվամիջոցները երկուշաբթի հայտնել են, որ երկրի արևելյան հատվածներին հարվածած Ֆերնանդ անունով փոթորկից առնվազն 13 մարդ է զոհվել:

Ֆերնանդ արևադարձային փոթորիկը կիրակի երեկոյան հարվածել էր երկրին՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ: Օդերևութաբանների տվյալներով՝ երկուշաբթի կեսօրին փոթորիկը արդեն ցրվել էր:

Չնայած փոթորիկը մեղմացել է՝ այնուամենայնիվ Վերկուզ նահանգի իշխանությունների տվյալներով՝ հորդառատ անձրևների հետևանքով որոշ բնակավայրերում մահաբեր սողանքներ են առաջացել:

Ըստ մեքսիկական Notimex լրատվական գործակալության՝ Վերիկուզ նահանգի կառավարիչ Հավիեր Դուարտեն հայտնում է, որ սողանքի տակ տներ են մնացել, որի հետևանքով մարդիկ են զոհվել:

Սպասվում էր, որ փոթորկի ժամանակ 101-ից 203մմ տեղումներ կլինեն մի շարք նահանգներում:

Օդերևութաբանները նախազգուշացրել են մահացու սողանքների հնարավորության մասին:

 

Բաքուն թարմացնում է “պերսոնա նոն գրատա” հայտարարված մարդկանց ցուցակը. հերթը Աննա Չապմանինն է

3Ադրբեջանի արտգործնախարարությունը մի խումբ ռուս լրագրողների և հասարակական գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ “ապօրինի” է անվանել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Եթե այս փաստը հաստատվի, այն բոլոր անձիք, ովքեր ապօրինաբար այցելել են “գրավյալ” տարածքները, կներառվեն “ոչ ցանկալի անձանց” ցուցակում”,-ասել է երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը։
Լեռնային Ղարաբաղ այցելած խմբի կազմում եղել է ռուսական հետախուզության նախկին աշխատակցուհի, ներկայում հեռուստահաղորդավարուհի Աննա Չապմանը: Այդ պատվիրակության անդամներից են եղել նաև Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը և այլք:
Այցը իրականացվել է “Հայ-ռուսական համագործակցություն” մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի սկզբին Բաքուն հրապարակել էր “պերսոնա նոն գրատա” հայտարարված անձանց ցուցակը, որում ներառված է 335 մարդ: Նրանք Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա քաղաքացիներն են:

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՎՍՀ նախագահին

464.Ambassador Vardanyan presented her credentials to the President of Vietnam 27.08.2013Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Դեսպան Վարդանյանը ՎՍՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի ժողովրդի անունից Նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար։

Միաժամանակ, նա նշեց, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս հայտնեց, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում։

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։

Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է Իբրահիմբեկովի թեկնածությունը

2Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ի իր նիստում մերժել է որպես նախագահի թեկնածու գրանցել գրող և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, տեղեկացնում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

Մերժման հիմք են հանդիսացել Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունը և այն, որ նա մշտապես չի բնակվել Ադրբեջանում: Իբրահիմբեկովը Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացի է: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը, ԿԸՀ-ի հայցին ի պատասխան, հայտնել է, որ Իբրահիմբեկովը ունի Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն մտադիր է հրաժարվել դրանից:
Ռուստամ Իբրահիմբեկովն իր փաստաթղթերը ԿԸՀ-ին ներկայացրել էր  օգոստոսի 22-ին:

Կինոդրամատուրգը առաջադրվել էր որպես ընդդիմադիր ուժերը միավորող Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդից միասնական թեկնածու: Ենթադրելով, որ Իբրահիմբեկովի թեկնածությունը կարող էր մերժվել, խորհուրդը դեռևս օգոստոսի 23-ին առաջադրել է մեկ այլ միասնական թեկնածուին՝ Ջամիլ Հասանլիին: Վերջինիս փաստաթղթերն արդեն ներկայացվել են ԿԸՀ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 9-ին: