Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սամսունից

samsun      Թուրքիայի նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սամսուն քաղաքից: «95 տարի առաջ 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եկավ Սամսուն: Այստեղ նա սկսեց իր պայքարը թուրք ժողովուրդի անկախության համար: 95 տարի անց մենք Սամսունում նույնպիսի քայլ ենք ձեռնարկում`նախընտրական քարոզարշավ ենք սկսում»,-հայտարարել է Էրդողանը`քաղաքացիների առաջ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ առաջին անգամ Թուրքիայում նախագահը կընտրվի ուղիղ քվեարկության ճանապարհով: Նա ընգծել է, որ գործող նախագահ Աբդուլահ Գյուլի հետ վերջին 7 տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել երկրի զարգացման գործում:

Զզվելի տեսարաններ` Բաքվի լողափերում

OLYMPUS DIGITAL CAMERAԼողափի սեզոնի բացման կապակցությամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության վարչությունը բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի հետ միասին ստուգում են իրականացրել մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնի թերակղզում տեղակայված լողափերում:

Ինչպես տեղեկացնում է “Մինվալ” լրատվական կայքը, այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ բնակչության առողջության համար ստեղծվել է լուրջ սպառնալից իրավիճակ. բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման վտանգ կա :

Բաքվի Խազարի շրջանի լողափերում ստուգումներ իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ խախտվել են արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման կանոնները: Դրանք չեն ոչնչացվել շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին համապատասխան: Բացասական դեպքեր և օրենքի խախտումներ են գրանցվել նաև Բինագադի և Գարադաղի շրջանների լողափերում:

Ադրբեջանում տղամարդիկ մահացու ծեծի են ենթարկում կանանց. 2 ամսում` 28 զոհ

Բռնություն կանանց նկատմամբԸնդամենը 2 ամսում՝ 2014թ. հունվար-փետրվարին, Ադրբեջանում մահացու ծեծի է ենթարկվել 28 կին։ Այս մասին հայտարարել է “Կանանց նախաձեռնություն և օգնություն` սոցիալական խնդիրների լուծմանը” հասարակական միավորման նախագահ Զեմֆիրա Մուսթաֆաևան, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ նրա` օրեցօր ավելանում է գյուղացից քաղաք կանանց փախուստը` ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով ։

“Ադրբեջանում միշտ եղել է ընտանիքներում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն երբեք այդքան սպանություն չի եղել: Ընդամենը երկու ամսում` 28 սպանված կին. սա արդեն սարսափելի միտում է: Դա ցույց է տալիս, որ անհանգստանալու հիմքեր կան: Այսօր մեզ օգնության են դիմում և խնդրում իրենց ապաստան տալ կանայք Մասալայից, Գուբայից, Հուսարից և այլ մարզերից: Նրանց շարքում կան նաև մեկ կամ երկու երեխա ունեցող կանայք:  Նրանք ամուսնուց փախչում են, միայն թե փրկեն իրենց կյանքը:  Ամենից ավելի բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք”, – տեղեկացրել է կազմակերպության ղեկավարը:

Զեմֆիրա Մուսթաֆաևան ընդգծել է, որ Ադրբեջանում բռնության տարբեր տեսակներից ամենատարածվածը ֆիզիկական և սեռական բռնությունն է, ընդ որում՝ քաղաքներում մեծամասնություն են կազմում սեռական բռնությունները, իսկ գյուղերում` ֆիզիկականը, և ամենից հաճախ դրանք գրանցվում են հարավային շրջանում:

Դանակահարություն` ադրբեջանական բանակում

դանակահարությունԱդրբեջանականա բանակի զինծառայողը դանակահարել է իր ծառայակցին: Զորամասերից մեկում զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի արդյունքում դանակահարել է իր ծառայակցին` Գաբիլ Բայրամովին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, վիրավոր զինծառայողը հոսպիտալացվել է: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Թե որ զորամասում է դեպքը տեղի ունեցել, և կոնֆլիկտի պատճառը ինչն է եղել, չի հաղորդվում:

Վիեննայում շարունակվում են բանակցություններն Իրանի և «Վեցնյակի» միջև

Իրան-ՎեցնյակԵվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների 6-րդ փուլի շրջանակում տեղի ունեցած մի շարք երկկողմ հանդիպումներից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին վերադարձել են վերջնական փաստաթղթի տեքստի մշակման աշխատանքներին:

Այս մասին տեցեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 12,5 տոկոսով

էլեկտրաէներգիաԻրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանն ավելի քան 3215 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա է արտահանել հարևան երկրներ:

Ընթացիկ տարվա սկզբից (մարտի 21) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճն այդ ոլորտում կազմել է 12,5 տոկոս:

«Դոտացիաների բարեփոխման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ոչ միայն կրճատվել է էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրի ներսում, այլև դադարել է էլեկտրաէներգիայի պահանաջարկի տարեկան աճը` այդպիսով ճանապարհ հարթելով էլեկտրաէներգիայի արտահանման համար»,- հավելել է Իրանի Էներգետիկայի նախարարը:

Իրանը ներկայումս էլեկտրաէներգիա է տալիս Հայաստանին, Պակիստանին, Թուրքմենստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Նախիջևանին, Իրաքին, Աֆղանստանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Եղունգներ կտրելու կարգն ու նշանակությունն Իրանում

եղունգներԻրանական ժողովրդական հավատալիքներում ասվում է, որ եղունգները ունեն հոգի,  կյանք և, ուստի, հատուկ խնամք է դրանց անհրաժեշտ:

Համաձայն այդ հավատալիքների, կտրատված եղունգները չեն փչանում, քայքայվում,  այլ  շարունակում են պահպանվել, քանզի որոշ  ժամանակ  անց  դրանք  կրկին  օգտագործվելու  են:

Կտրատված եղունգները պետք է թաղել կամ գաղտնի պահել, որպեսզի  ոչ  մի  թշնամի  կամ  կախարդ չկարողանա գտնել դրանք:

Այս  խորհուրդը եկել է իմամներից, այդ իսկ պատճառով շատերն են Իրանում հետևում  դրան: Իրանցիները հաճախ դնում  են  իրենց  կտրատված   եղունգները  դռան  շեմի  ներքևի մասում և ասում են հետևյալ խոսքերը` թող վիշտը գնա  և  ուրախություն գա, թող անհանգստությունը գնա և հաջողություն գա:

Այնուհետև  ալ-Դաջջալի (չար ուժ իսլամում) գալստյան օրը չթաղված եղուգները վերածվում են փշերի և խրվում մարդկանց  ոտքերին և շորերին, երբ  նրանք  դուրս են  գալիս  փողոց  տեսնելու այդ  գերբնական արարածին:

Այն  մարդիկ, ովքեր թաղել  են  իրենց  եղունգները, կփրկվեն դժոխքից և կգնան դրախտ:

Ոտքի  մատների  եղունգները ևս  հարկավոր է թաղել:  Ահեղ  դատաստանի  օրը   դրանք  ներկա կլինեն և վկայություն կտան այն մասին, որ իրենց տերը   ուխտագնացություն է կատարել: Որոշ դեպքերում դրանք թաղում են ինչ-որ  դամբարանի  դռան  առջև,  որպես  անհերքելի  ապացույց, որ  ուխտագնացություն են  կատարել:

Իրանական հավատալիքների համաձայն, հինգշաբթի օրը լավ  օր  է եղունգները կտրելու համար, քանզի նա, ով  իր  եղունգները  կտրում  է  հինգշաբթի օրը, երբեք չի  ունենա աչքի հիվանդություն:Ուրբաթ օրը ևս լավ օր է:

Եթե  եղունգները  արագ  են  աճում և շատ  են երկարում, իսկ  հինգշաբթի  օրը  մոտ  չէ,  դրանք  կարող են կտրել երկուշաբթի օրը:

Իրանում մի  տղամարդ, ով  հավատարիմ չէր  այս  պաշտամունքին, կտրում էր իր  եղունգները  չորեքշաբթի  օրը, իսկ  նրա  կինը շատ  էր  անհանգստանում, որ  շուտով  նրա  թեթևամտության  արդյունքում  մի   դժբախտություն կպատահի  և  խնդրում  էր  նրան  կտրել  իր  եղունգները միայն  հինգշաբթի օրը:

Եղունգներ  կտրելու  հատուկ  կարգ  գոյություն  ունի իրանական հավատալիքներում:  Պետք  է  սկսել  ձախ  ձեռքի  ճկույթից և վերջացնել աջ ձեռքի  ճկույթով:

Հայաստանի հետ սահմանի բացման տեղեկությունները անհիմն են. Թուրքիայի ԱԳՆ

թուրքիայի ագնՏեղեկությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ իր սահմանները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից:

Նշվել է, որ տեղեկությունը ստույգ չէ, և Թուրքիայի արտգործնախարարությունը այս խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:

Թուրքական “Թարաֆ” թերթը տեղեկություն էր տարածել, որ սեպտեմբերին Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանակից Ալիջանի անցակետի բացմանը: Ըստ թերթի` այդ անցակետի բացման ջատագովը վարչապետ Էրդողանն է: Այդ քայլով Թուրքիան նպատակ ունի բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի և Հայաստանի հետ :

Ըստ “ԱՊԱ” գործակալության մեկնաբանության` սահմանի բացման նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վրա կիրառվելիք ճնշումը նվազեցնելն է:

Անկախ

Ադրբեջանցի բլոգերը “Facebook”-ի գրառումների համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

2(1)Հուլիսի 4-ին՝ Facebook-ի ադրբեջանցի ակտիվիստ Օմար Մամեդովի գործով դատավարության ժամանակ, դատարանը բավարարել է դատախազի առաջարկը՝ քրեակատարողական գաղութում Մամեդովին 5 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս մեղադրվում է թմրադեղերի վաճառքի մեջ, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

19-ամյա Օմար Մամեդովը երիտասարդական “Հոսանք” շարժման ղեկավարն է և “Քաղաքացիական համերաշխություն” կուսակցության անդամ: Ձերբակալությունից հետո Մամեդովը համալրել է NIDA շարժման շարքերը:

Մամեդովը եղել է ակտիվ բլոգեր և ֆեյսբուքյան “Aztv-ից հավաքածու” էջի ադմինիստրատորներից մեկը, որտեղ զետեղված են Ադրբեջանի իշխանությունների թերությունները ծաղրող ծաղրանկարներ, կոլաժներ, մեկնաբանություններ:

 

Թեհրանն ու Բելգրադն ընդլայնում են համագործակցությունը մշակութային ոլորտում

Իրան,սերբիաԲելգրադում Իրանի դեսպանության մշակութային ներկայացուցիչ Մահմուդ Շալուն հանդիպել է Սերբիայի մանուկների և պատանիների մշակութային կենտրոնի տնօրեն Օլիվերա Պեժինայի հետ:

Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի մշակութային ոլորտում համագործակցության  և փոխըմբռնման հուշագիր ստորագրեն:

Օլիվերա Պեժինան, կարևորելով Թեհրանի և Բելգրադի միջև մշակութային համագործակցույան ընդլայնումը, ասել է, որ Իրանը հարուստ մշակույթի և քաղաքակրթության ունի ու Իրանի հետ հարաբերությունների խորացումը  հանգեցնելու է ծաղկման ու զարգացման:

Ստորագրված հուշագրի շրջանակներում կողմերը կկազմակերպեն մշակութային շաբաթներ, կխրախուսեն մշակութային հաստատությունների միջև անմիջական կապերը, արվեստագետների, մասնագետների պատվիրակությունների փոխայցելություններ կիրականացվեն:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Զանգվածային վիճաբանություն Թուրքիայում, կան զոհեր

krivԹուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգում զանգվածային վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել, 27 հոգի  վիրավորվել է: «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` վեճի պատճառը կենցաղային հարցերի շուրջ կողմերի անհամաձայնությունն է դարձել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել սեպտեմբերին. «Թարաֆ»

Էրդողան    Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում: Ապրիլի 23–ին Էրդողանի հնչեցրած «ցավակցական» ուղերձից հետո թուրքական կառավարությունը մտադրվել է վճռական քայլերի գնալ: Ղարաբաղյան հարցի պատճառով 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանը 21 տարի անց կարող է բացվել: «Թարաֆ»-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներն ամբողջացնելու կարգադրություն է արվել: Եթե այս քայլը իրականացվի, ապա Թուրքիան կբացի Ալիջանի անցակետը, որը սահմանակից է Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրին: Հայտնի է, որ արդեն ասֆալտապատվել է սահմանային անցակետից այն կողմ 7 կիլոմետրանոց տարածք, տեղադրվել են համապատասխան ավտոմատացված համակարգեր:

Գնալով այս քայլին` Թուրքիան նպատակ է դրել կարգավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: 2009 թվականին ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Անկարա կատարած այցի ժամանակ դրել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի քայլ չկատարեց, ինչը հանգեցրեց նախագահ Բարաք Օբամայի սառը վերաբերմունքին: Վերջիս չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին և նախընտրում է խոսել Գյուլի հետ: Անկարայում անհանգստություն կա, որ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում Օբաման նրան չի շնորհավորի: Այս հանգամանքներից ելնելով` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

 Անկախ

 

Հերթական զինված միջադեպն ադրբեջանական բանակում

1 (1)Ադրբեջանական բանակում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել. հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական բանակի զինծառայող Էլնուր Մուրադովին ամրակցված զենքից արձակված կրակոցից վիրավորվել է ծառայակից Վուրգուն Ալիևը։

Փաստի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել։

 

Անկախ

Քառանկյուն` Իրան-ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա

ծաղրանկարՈւկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:
Ուկրաինայում կատարված վերջին դեպքերի կապակցությամբ Թեհրանը միանշանակ դիրքորոշում ունի և չի պաշտպանում Արևմուտքի տեսակետը: Իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը նպաստում է իրանառուսական հարաբերությունների սերտացմանը:
Իրանը չէր ցանկանում, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին: Եթե Ռուսաստանը հետ քաշվեր և Ուկրաինան թողներ ՆԱՏՕ-ին, ապա նույնը կարող էր կատարվել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Թեհրանում շրջանառվող վաշինգտոնյան ժողովրդավարական գաղափարախոսությունն այլևս մոլորության մեջ չի գցում Իրանին: Այդ երկրի քաղաքացիները վստահ են, որ ամերիկյան ցանկացած միջամտություն հանգեցնում է պատերազմի:
Ուկրաինայի բնակչությանն ԱՄՆ-ն և Արևմուտքը խաղաղություն էին խոստանում, փոխարենն արմատականության և ծայրահեղականության դրսևորումներ եղան: Ուկրաինան, ԱՄՆ-ի աջակցությունը նախընտրելով, կորցրեց իր տարածքի մի մասը:
Ամերիկացիներն իրենց գործելաոճում հաշվի չեն առնում ոչ մի միջազգային իրավունք:
Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո ամերիկացի որոշ պաշտոնյաներ կոչ արեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցակում ավելացնել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև ամերիկյան զորքեր և ինքնաթիռներ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում:
Նման գործելաոճն Իրանի համար նորություն չէ: Երկիրն արդեն 35 տարի է` զգում է ԱՄՆ-ի ճնշումը:
Իրանում ամերիկացիների կողմից կազմակերպված հեղափոխության փորձերը տապալվեցին: ԱՄՆ-ի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միայն իրանցիների նյութական վիճակի վատացման հանգեցրին:
Իրանում հասկանում են, որ միջուկային ծրագրին վերաբերող հարցը դուրս է եկել իրավական քննարկումների շրջանակից, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «հարցը լուծելով»` ցանկանում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական առավելություն ստանալ: Ամերիկացիները ձգտում են տիրող իսլամական վարչակարգը փոխարինել արևմտամետ վարչակարգով:
Եթե միջուկային ծրագրին վերաբերող հարցը լուծման փուլում է, ապա մյուս կնճռոտ խնդիրները` կապված պաղեստինյան և սիրիական հակամարտության, Աֆղանստանում տիրող խառնաշփոթի, Իրանի և Սաուդյան Արաբիայի առճակատման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, չեն էլ քննարկվում:
Սպիտակ տունը, արգելելով Իրանին մասնակցել սիրիական հարցի կարգավորման համաժողովին, ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կարգավորել հարաբերություններն Իրանի հետ:
Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել է մայիսին և ավարտվել անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրեցին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու համար:
Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում համընդհանուր համաձայնագիր էր կնքվել, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը: Համապարփակ համաձայնագիրը պետք է մշակվի մինչև 2014-ի հուլիսի 20-ը:
Այդ ժամանակ «Վեցնյակը» և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը ժամանակավորապես սահմանափակի միջուկային ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց:
Ներկայումս Իրանի բնակչությունը լավատեսորեն է նայում իր երկրի հետագա ճակատագրին: Հույս կա, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կլինեն դրական փոփոխություններ և առաջխաղացումներ:
Իրանում լավ են հասկանում, որ շատ բան կախված է միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների հաջող ավարտից: Իրանը շարունակում է մնալ անկախ պետություն, և Թեհրանը ստիպված չէ վերանայել իր տեսակետները հօգուտ Ամերիկայի:

 

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ադրբեջանցի ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովին թույլ չեն տալիս մասնակցել հոր մահվան քառասունքին

Ռաուֆ ՄիրկադիրովՀարցականի տակ է մնում ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մասնակցությունը իր հոր՝ Հաբիբուլա Միրկադիրովի մահվան 40-րդ օրվա հոգեհանգստի կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը:

Ինչպես “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է լրագրողի փաստաբանը՝ Էլմար Սուլեյմանովը, այսօր գլխավոր դատախազության քննիչ Իբրահիմ Լեմբերանսկին հայտարարել է, որ իրավաբանի նամակը ինքը չի ստացել:

“Դա ուղղակի անհնար է: Մենք նախօրոք հոր  մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու խնդրանքով երկու անգամ նամակ ենք ուղարկել գլխավոր դատախազին, վերջինիս առաջին տեղակալին և ազգային անվտանգության նախարարությանը: Անհնար է՝ նամակը հասած չլիներ հասցեատիրոջը: Հավանական է՝ նրանք պարզապես չեն ցանկանում բաց թողնել Ռաուֆ Միրկադիրովին”,- նշել է փաստաբանը:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Անկախ

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

Iran-russiaՄոսկվայում Իրանի  դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի  էներգետիկայի  նախարարը,  նշելով  Իրան­ Ռուսաստան  տնտեսական  համագործակցության ընդլայնման կարևորությունը ,    հայտնել է, որ Մոսկվան շահագրգռված է մասնակցելու Իրանում կառուցվող էլեկտրակայանների աշխատանքներին ։

«Շուտով  Ռուսաստանից  հատուկ պատվիրակություն կժամանի Թեհրան`  իրանական կողմի հետ քննարկելու առաջիկա համագործակցության մանրամասները: Իրանում  նոր  էլեկտրակայանների  կառուցումը  առաջնահերթ խնդիր է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- նշել է  Ալեքսանդր Նովակը:

Մոսկվայում  Իրանի  դեսպան Մեհդի  Սանային,  կարևորելով էներգետիկայի ոլորտում երկու  երկրների համատեղ ձեռքբերումները, ասել  է, որ Իրանի և Ռուսաստանի միջև անհրաժեշտէ  բանկային  և  ապահովագրական ոլորտներում ևս ընդլայնել  համագործակցությունը։

Տեղեկացնենք, որ դեռևս 2014-ի ապրիլին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը համաձայնություն էր ձեռք բերել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ` Իրանում էլեկտրացանցի արդիականացման, ինչպես նաև նոր էլեկտրակայանների և բարձրավոլտ հոսնաքագծերի կառուցման հարցերի շուրջը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

 

 

Իրան-«Վեցնյակ»` բանակցությունների 6-րդ շրջան

Իրան-«Վեցնյակ»Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են,  որպեսզի վերջնական համաձայնության գան:

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:

Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ միջուկային բանագնաց թիմն իր ողջ ջանքերը գործի է դնելու կայուն և տրամաբանական լուծում գտնելու համար :

«Հաշվի առնելով միջուկային համապարփակ համաձայնության հասնելու ճանապարհին առկա բազում խնդիրները, իսկապես, դժվար է կանխատեսել բանակցությունների արդյունքը»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Զարիֆը հավելել է , որ չպետք է լուրջ ընդունել Իրան-«Վեցյակ» բանակցությունների արդյունքների մասին արևմտյան որոշ ԶԼՄ-ների ենթադրությունները, քանի որ վերջիններս ավելի շատ միտված են իրենց քարոզչություններով բանակցություններին  հակակշիռ տալու, քան վերլուծելու բանակցությունների ընթացքն ու ճշգրիտ տեղեկատվություն տարածելու:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Թուրքիայում 7 կին և 2 տղամարդ հիմնել են կանանց առաջին կուսակցությունը

kanayqՀունիսի 25-ին Թուրքիայում հիմնվել է կանանց առաջին կուսակցությունը: Վերջինիս հիմնադիրները 7 կանայք են, սակայն նրանց շարքերում կա նաև 2 տղամարդ: Նրանցից մեկը` 56-ամյա Քեմալ Մուրադ Գյուեյը նշել է, որ տղամարդիկ պետք է օգնեն կանանց: «Մեր հասարակությունը տղամարդկանց գերիշխանության տակ է: Ես այս կապակցությամբ երջանիկ չեմ: Այն ազգերը, որոնք հավասարություն են ապահովում հասարակության բոլոր ոլորտներում, ավելի առաջ են գնացել: Կարծում եմ, որ մենք էլ պետք է սկսենք այդպես շարժվել: Իմ շրջապատի տղմարդիկ ինձ ասում են, թե ինչ գործ ունեմ կանանց մեջ: Քննադատություն հնչում է նաև կանանց կողմից, նույնիսկ ավելի խիստ: Սակայն մենք Կանանչների նման առաքելություն ունեցող կուսակցություն ենք»,-նշել է Գյունեյը:

«Միլիյեթի» հաղորդմամբ` կուսակցության հիմնադիր մյուս տղամարդը` 47-ամյա Ֆարուք Օղունչը նշել է, որ իր շրջապատից դրական արձագանքներ է ստացել: «Եթե կանայք քայլ չկատարեն դեպի քաղաքականություն, ապա տղամարդիկ այդ հարթակը նրանց չեն տա: Մեր կուսակցությունը ֆեմինիստական մի շարժում չէ, այսինքն միանգամայն կանանց շարժում չէ»,-ասել է Օղունչը:
Անկախ

Ստամբուլի հայկական դպրոցում տնօրենին հեռացնելու վիճելի որոշում է ընդունվել

dprocՍտամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցի կառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին և 6 ուսուցչի: Այս որոշումը մեծ դժգոհությամբ է ընդունվել ուսուցչական անձնակազմի կողմից, քանի որ տնօրեն Լերնա Քարաքյություքը և մյուս ուսուցիչները նախապես տեղեկացված չեն եղել հեռացման որոշման մասին: Դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Դպրեվանք վարժարանի բնագիտական առարկաների ուսուցչուհի Թալին Բերբերօղլուն: Արամյան դպրոցի հիմնադիր Սարվեն Սերթշիմշեքը նշելով, որ աշխատանքից ազատված ուսուցիչները չեն համապատասխանել ներկայացված պահանջներին, խուսափել է մանրամասներ հայտնել: «Հաշվի առնելով նրանց հետագա կարիերայի հարցը` չեմ ուզում մանրամասնություններին անդրադառնալ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

«Ակօս»-ի հաղորդմամբ` դպրոցի հիմնադրամի տնօրեն Արման Բյուքյուջյույանը, հույս հայտնելով, որ հարցը կարել է լուծել երկխոսության միջոցով, նշել է, որ Սարվեն Սերթշիմշեքը գործողության մեջ է դրել ձայների մեծամասնությամբ կայացված որոշումը:

Անկախ

Թուրքիայում երկու ադրբեջանցի է կորել

2Թուրքիայում Ադրբեջանի երկու քաղաքացի անհետ կորել է: Այս մասին տեղեկությունը տեղադրված է “Ինտերպոլի” կայքում, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի քաղաքացիներ՝ 26-ամյա Ղազի Իմանովը անհետացել է թուրքական Հաթայ քաղաքում, իսկ 38-ամյա Վուգար Մամեդովը՝ Անթալիայում:

Ներկայումս միջազգային որոնումը շարունակվում է:

Անկախ