Սիրիայում Ասադի, Հզբոլահի և Իրանի դեմ պայքարը համախմբել է մի շարք ազգերի ներկայացուցիչների: Սակայն այսօր Սիրիայում չտեսնված մի բան է տեղի ունեցել: Ասադի զորքերի արձակած գնդակից զոհվել է հայազգի մահմեդական մի մարտիկ:
Ծնունդով Երևանից Եղիշ Կարապետյան անունով հայազգին կրոնափոխվելուց և իսլամ ընդունելուց հետո վերցրել է Աբդուլահ անունը: Էբու Մուհամադ էլ Էրմենի մականունը կրող Կարապետյանը 5 երեխա ունի: Տասը տարի առաջ նա ուխտագնացություն է իրականացրել դեպի Մեքքա, այնուհետև Եգիպտոսում իսլամագիտություն է ուսումնասիրել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի խաղաղության կոնֆերանսը տեղի կունենա հունվարի 22-ին
Երկուշաբթի առավոտյան ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամիսներ շարունակ հետաձգվելուց հետո Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավարտելու նպատակով կազմակերպվող Ժնև II կոնֆերանսը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքում հունվարի 22-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունը նշել է, որ առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը մարտադաշտի փոխարեն կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ:
Նա նաև կոչ է արել երկու կողմերին դադարեցնել բռնությունները և ազատել գերիներին՝ այդ կերպ պատրաստվելով բանակցություններին, սակայն նա չի նշել, թե ինչ կողմեր պետք է մասնակցեն բանակցություններին:
Կոնֆերանսին կմասնակցեն Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք կբանակցեն 2011թ-ին սկսված և Սիրիան կործանած պատերազմը ավարտին հասցնելու շուրջ: Ամեն դեպքում Սիրիայի ընդդիմությունը մեկ ընդհանրական խումբ չէ, այլ բաղկացած է բազմաթիվ խմբավորումներից, որոնք հաճախ պայքարում են միմյանց դեմ:
Սիրիայի ընդդիմության որոշ ճյուղեր նշել են, որ իրենք առանց նախապայմանների չեն մասնակցի կոնֆերանսին:
Ժնև II-ը 2012թ-ի հունիսին տեղի ունեցած Ժնև I–ի շարունակությունն է, որի ժամանակ միջազգային կողմերը Սիրիայում խաղաղություն հաստատելու նախագիծ էին մշակել, որը կոչ էր անում անցումային կառավարման մարմին ստեղծել: Սակայն այստեղ բաց էր մնում այն կետը, թե արդյոք Բաշար Ասադը պետք է լքի իշխանությունը, թե ոչ:
Թուրքիան և Եգիպտոսը կպահպանեն եղբայրական հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ Եգիպտոսի իշխանությունները օրերս Կահիրեում թուրքական դեսպանից պահանջեցին հեռանալ երկրից: Այս իրադարձությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր, որ ճգնաժամ կսկսվի երկու երկրների հարաբերություններում: Սակայն, ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, երկու ժողովուրդների միջև կպահպանվեն եղբայրական հարաբերությունները: Նախարարի խոսքերով՝ թուրքական կողմի քննադատությունը, ուղղված Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը, ամենևին էլ չի ենթադրում միջամտություն երկրի ներքին գործերին:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, անդրադառնալով թուրք-եգիպտական հարաբերություններում ստեղծված լարվածությանը, հայտարարել էր, որ այն ժամանակավոր բնույթ է կրում:
Զինված հարձակում սիրիացի նախարարի ավտոմեքենայի վրա
Այսօր Սիրիայում մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարի ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին: Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել Տարտուս և Համա շրջանները իրար կապող ճանապարհի վրա: Սիրիական աղբյուրները հաղորդում են, որ նախարարի մեքենայի վարորդը տեղում մահացել է ստացված վնասվածքներից, իսկ նախարար Հայդարը այդ պահին մեքենայի մեջ չի եղել:
Սիրիան ավելի մոտ է Շանհայի համագործակցությանը միանալուն, քան Թուրքիան. Կոմերսանտ
Ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել է երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը: Մասնավորապես ռուսական «Կոմերսանտ» թերթի հոդվածագիրներից Անդրեյ Կոլեսնիկովը հեղինակել է «Կատակի մակարդակի բարձր խոսակցություններ» վերնագրով վերլուծական մի հոդված: Կոլեսնիկովը, մեկնաբանելով Էրդողանի հայտնած ցանկությունը անդամագրվելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը, գրում է. «Երևում է, որ Սիրիան Շանհային ավելի մոտ է, քան Թուրքիան»:
Ռուս լրագրողը, հիշատակելով Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են ազատ առևտրի պայմանագիր ստորագրել եվրասիական երկրների հետ, այսպիսի մի հեգնական մեկնաբանություն է անում. «Մի պահ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Թայիփ Էրդողանի համար կարևոր չէ, թե ուր կընդգրկվի, բավական է, որ որևէ տեղ ընդունվի»:
Թուրքիան և ԱՄՆ-ը համակարծիք են Սիրիայի հարցում
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը միակարծիք են Սիրիայի հարցում և գտնում են, որ նախագահ Բաշար Ասադը թուլացել է և պետք է լքի իր պաշտոնը:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Արընչը նշել է, որ Թուրքիան սպասում է, որ ԱՄՆ-ը ավել մեծ ջանքեր կգործադրի Ժնև-2 կոնֆերանսին նախապատրաստվելու համար և կոչնչացնի Սիրիայում քիմիական զենքի պաշարները: Հայտնի է, որ կողմերը քննարկել են նաև Իրաքին և Կիպրոսին առնչվող հարցեր:
Եգիպտոսը Թուրքիայի դեսպանից պահանջել է հեռանալ երկրից
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Եգիպտոսի ներքին գործերում Թուրքիայի անընդհատ միջամտման պատճառով Կահիրեյում Թուրքիայի դեսպանը պերսոնա նոն գրատա է համարվել, և պահանջել են, որ նա հեռանա երկրից:
Շաբաթ օրը նախարարության խոսնակը նշել է, որ կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ հարաբերությունները իջեցնել հավատարմատարի մակարդակի: Եգիպտոսը իր դեսպանին արդեն Թուրքիայից հետ է կանչել Կահիրե:
Եգիպտոսը տեղին չի համարել Թուրքիայի քննադատությունը Եգիպտոսի զինված ուժերի՝ իսլամիստ նախագահ Մոհամեդ Մորսիին գահընկեց անելու վերաբերյալ:
Սիրիայում հայ զինծառայող է զոհվել
Նոյեմբերի 21-ին՝ երեք օր շարունակված որոնումներից հետո, հայտնաբերվել է սիրիական բանակում ծառայող հայ զինվոր, 1988թ․ սեպտեմբերի 14-ին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանի դին, հաղորդում է civilnet.am-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նոյեմբերի 18-ին զինված ընդիմադիրների կողմից ականի թիրախ էր դարձել Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը։
Պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փլվել էին, կային տասնյակ զոհեր և վիրավորներ։
Զոհերի մի մասի ինքնությունը պարզվել էր, սակայն կային դիակների մասնիկներ, որոնց պատկանելությունը հնարավոր էր պարզել «ԴՆԹ» հետազոտության միջոցով։ Ուստի երեք օրվա որոնումներից և հետազոտություններից հետո պարզվեց, որ զոհերի թվում է սիրիական բանակի հայազգի զինծառայողը։ Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:
Մեկ գիշերվա ընթացքում 500 սիրիացի ընտանիք հատել է Լիբանանի հետ սահմանը
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մոտ 500 սիրիացի ընտանիք, որոնք միջինում բաղկացած են 6 հոգուց, երեկ գիշերը հատել են Լիբանանի հետ սահմանը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Լիզա Աբու Հալեդը հայտնել է, որ Լիբանանի իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել սիրիացիների համար ժամանակավոր վրանային ճամբար կանգնեցնել: Կազմակերպության աշխատակիցները մեկ գիշերվա ընթացքում 21 վրան են կանգնեցրել և նախատեսում են մինչև այսօրվա ավարտը կանգնեցնել ևս 29-ը: «Մենք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեցինք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-նշել է Հալեդը:
Նոյեմբերի 15-ից սկսած Լիբանանի տարածք առնվազն 13 հազար սիրիացի է անցել, իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի հարևան երկիրը հյուրընկալել է մոտ 1,4 մլն սիրիացի փախստականի:
Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը
Այսօր Ալ Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումը իր վրա է վերցրել Բեյրութում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը, որի ժամանակ մահացել էր 23 մարդ՝ ներառյալ Իրանի մեկ բարձրաստիճան դիվանագետ:
Աբդուլա Ազամ ջոկատը հայտնել է, որ Հզբոլահի վերահսկողության տակ գտնվող շրջանում տեղի ունեցած պայթյունները իրենք են իրականացրել:
Այս հայտարարությունը տեղադրվել էր ռազմական կայքերից մեկում և մահմեդական առաջավոր ռազմական առաջնորդ Սիրաջուդին Զուրեյքաթի Twitter-ի էջում:
Խմբավորումը հայտնել էր, որ իրենք կշարունակեն նման հարձակումներ իրականացնել մինչև Իրանի կողմից հովանավորվող Հզբոլահ խմբավորումը իր ուժերը դուրս չբերի Սիրիայից, որտեղ նրանք օգնում են նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ պայքարելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի իշխանությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցիչը հարձակման համար մեղադրել է Իսրայելին, մինչ Հզբոլահը և Սիրիայի պաշտոնյաները անուղղակի մեղադրել են Սաուդիան Արաբիային:
Սաուդյան Արաբիայում դպրոցները փակվել են հեղեղումների պատճառով
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հինգ օր տևող հորդառատ անձրևների պատճառով փակել են մայրաքաղաք Էր Ռիադի և այլ շրջանների դպրոցներըը:
Թագավորությունում գրեթե յուրաքանչյուր տարի փոթորիկներ են տեղի ունենում, սակայն սա ամենաուժեղն է 2009թ-ի փոթորկից հետո, որի ժամանակ 100 մարդ էր զոհվել: Այս տարվա հեղեղումների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել:
Saudi Press գործակալությունից հայտնում են, որ չորեքշաբթի Էր Ռիադի և չորս այլ մարզերի դպրոցները կրկին փակ են եղել: Դպրոցները փակ են շաբաթ օրվանից ի վեր, ինչ անձրևները սկսվել են:
Մերձավոր Արևելքում մեծանում է Վլադիմիր Պուտինի ազդեցությունը. «Die Welt» պարբերական
Գերմանական «Die Welt» պարբերականը մի հետաքրքիր վերլուծություն է հրապարակել՝ անդրադառնալով Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Մերձավոր Արևելքում: Թերթը նշում է, որ Վլադիմի Պուտինի հեղինակությունը այդ տարածաշրջանում գնալով մեծանում է: Պարբերականի տեսաբաններից Լորդ Վայդենֆելդը նշում է, որ Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից:
«Սիրիայի ճգնաժամը և Իրանի հետ նախնական բանակցությունները սերտորեն կապված են իրար հետ: Մինչև այսօր ամենապարտաճանաչ աշակերտը անշուշտ Վլադիմիր Պուտինն էր՝ շնորհիվ Բարաք Օբամայի ոչ նպատակաուղղված, բայց ազդեցիկ աջակցության: Բաշար Ասադին ԱՄՆ-ի՝ սիրիական կոնֆլիկտին միջամտելու քաղաքականությունից պաշտպանելու որոշումը, եթե իհարկե Դամասկոսը համաձայնի բացել քիմիական զենքի պահեստները, նախագահ Ասադին թույլ կտա շարունակել դաժան պատերազմը սեփական ժողովրդի նկատմամբ: Այս ամենը Պուտինի համար վճռական հաջողություն էր: Պուտինի հեղինակությունը Մերձավոր Արևելքում գնալով մեծանում է: Այս հանգամանքը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ի դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի միապետությունների շրջանում: Ռուսները արդեն մեծ դեր են խաղում նույնիսկ Եգիպտոսում՝ սիրաշահելով այնտեղ իշխող զիվորական համակարգին, որը վերջերս անսպասելիորեն երես թեքեց ԱՄն-ից: Իհարկե, դրանով ԱՄՆ-ը կորցրեց իր ազդեցությունը արաբական աշխարհի ամենակաևոր պետություննեից մեկում: Պուտինի դիվանագիտական հաջողությունները բարձրացրեցին նրա վարկանիշը իբրև մի երկրի նախագահի, որտեղ 2014 թվականին կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը»,-գրում է Լորդ Վայդենֆելդը:
Բեյրութում Իրանի դեսպանատան առջև մահապարտների իրականացրած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 23 և վիրավորվել 146 մարդ,լուսանկարներ
Ըստ տեղեկությունների՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի դեսպանատան առջև երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետևանքով 23 զոհված մարդկանց շարքում Իրանի բարձրաստիճան դիվանագետ կա, պայթյուններից վիրավորվել է 146 մարդ:
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից հայտնել են, որ պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան Բեյրութի Ջանա բնակելի հատվածում, որը շիա, ռազմական Հզբոլահ խմբավորման վերահսկողության տակ է գտնվում:
Լիբանանի պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ անվտանգության տեսախցիկները տեսագրել են Իրանի դեսպանատան արտաքին պատի ուղղությամբ վազող տղամարդու, որը այնուհետև պայթեցրել էր իրեն:
Տեսագրությունը դիտած պաշտոնյաները տեղեկացնում են, որ երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել դեսպանատնից երկու շենք հեռավորության վրա գտնվող մեքենայում:
Լիբանանի անվտանգության մարմինների պաշտոնյաները հաստատել են, որ երկու պայթյուններն էլ մահապարտների հարձակումներ են եղել:
Հզբոլահի պաշտոնյաներից մեկը Al-Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք գիտեն, թե ով է կազմակերպել պայթյունները, հասկացել են նրանց ուղարկած մեսիջը և գիտեն, ինչպես դրան պատասխանել, ինչպես նաև զգուշացրել է պայթյուններն իրականացնողներին, որ իրենք չեն կարող իրենց կոտրել:
Վերջին շրջանում Լիբանանում շիաների վերհասկողության տակ գտնվող հատվածներում պայթյուններ են իրականացվում, ինչը շատերը համարում են Սիրիայի պատերազմում Հզբոլահի դերակատարության պատճառով ծայրահեղականների կազմակերպած գործողություններ:
Հզբոլահը օժանդակում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ կռվելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի կառավարությունը:
Կահիրեյում գնացքը բախվել է ավտոմեքենաների. կա 26 զոհ
Եգիպտական լրատվամիջոցների տեղեկություններով՝ կիրակի գիշերը Կահիրեի հարավային հատվածում բեռնատար գնացքը բախվել է երկու ավտոմեքենաների, որի հետևանքով մահացել է 26 մարդ:
Եգիպտոսի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը Egynews կայքին հայտնել է, որ դեպքի արդյունքում ևս 28 մարդ է վիրավորվել:
Վթարի պատճառը դեռևս պարզ չէ:
Եգիպտոսում մահվան ելքով գնացքների վթարներ հաճախ են տեղի ունենում:
Հունվարին գնացքը, որը Եգիպտոսի անվտանգության ուժերի նորակոչիկներ էր տեղափոխում, Գիզայում դուրս էր եկել երկաթգծից և վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել էր 19 և վիրավորվել 107 մարդ:
Թուրքիան և Հյուսիսային Իրաքը միասնական տնտեսական գոտի կստեղծեն
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը՝ Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը նորից սկսել են բանակցություններ վարել ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: Տեղեկության համաձայն՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնությունը պետք է ստորագրվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի և Իրաքի քրդերի ղեկավար Մասուդ Բարզանու միջև Դեարբեքիր կատարելիք այցի ժամանակ: Սպասվում է, որ ազատ տնտեսական գոտին պետք է ստեղծվի Էրբիլում:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին բանակցությունները կոմերը սկսել էին դեռևս 2008 թվականին, սակայն բանակցություններին խանգարեցին PKK-ի ահաբեկիչների գործողությունները: Հիշեցնեն, որ PKK-ի զինյալները Թուրքիայի տարածքը սկսեցին լքել 2013 թվականի մայիսի 8-ից, երբ ազատազրկման դատապարտված PKK-ի ղեկավար Աբդուլահ Օջալանը կոչ արեց զինյալներին զենքը վայր դնել և լքել Թուրքիայի տարածքը:
«Հըզբոլահ»-ը չի հեռանա Սիրիայից
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ լիբանանյան «Հըզբոլահ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Հասան Նասրելան հայտարարել է, որ իր կազմակերպության անդամները չեն լքի Սիրիայի սահմանները: Նասրալի խոսքերով՝ կազմակերպության անդամները գտնվում են Սիրիայում, որպեսզի պաշտպանեն այդ երկիրը ինչպես նաև Լիբանանը: Նա նշեց նաև, որ Սիրիան այն պետությունն է, որը մշտապես օժանդակել է «Հեզբոլահ»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հզբոլահ»-ի ղեկավար Հասան Նասրալան պատրաստ էր օգնություն տրամադրել սիրիական կառավարությանը ընդդիմության դեմ պայքարում: Այս ամենից հետո Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին ռմբակոծել Բեյրութի շիական թաղամասերը, ինչպես նաև խոստացան հարված հասցնել Լիբանանի տարբեր վայրերին: Համաձայն հաղորդագրության՝ Սիրիայի ընդդիմադիրները պահանջեցին, որպեսզի Լիբանանի կառավարությունը դադարեցնի «Հեզբոլլահ» կազմակերպության՝ իրենց դեմ ուղղված գործունեությունը: Ի պատասխան դրա՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարեց, որ «Հըզբոլահ»-ը որևէ կապ չունի Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետ:
Գեր արաբը 150 կգ նիհարել է թագավորի հրամանով
Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունից հայտնել են, որ երկրի բնակիչներից մի հիվանդագին գեր տղամարդ 150կգ նիհարել է, ինչ Սաուդյան Արաբիայի թագավորը երեք ամիս առաջ նրան հրամայել էր որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում:
Օգոստոսին Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլան հրամայել էր այդ ժամանակ 610 կգ կշիռ ունեցող Խալիդ բին Մոհսեն Շարիին մայրաքաղաք Էր Ռիադում բուժում ստանալ: Շարին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, ուստի նրան Սաուդյան Արաբիայի Ջազան նահանգից տեղափոխել են հատուկ փոխադրամիջոցներով:
Լրատվական գործակալության տվյալներով՝ նրա ինտենսիվ սնուցման և վիրահատական բուժման գործընթացին հետևում է 21 մասնագետներից բաղկացած խումբը:
Բժիշկների խմբի ղեկավար Աիդ ալ-Քատանին նշում է, որ նրա բուժումը դրական ազդեցություն է ունենում:
Ալ-Քաթանին հայտնել է, որ Շարին սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ և շաքարախտ ունի, ինչպես նաև չի կարողանում շարժել ոտքերը:
Բժշկի տեղեկություններով՝ Շարին ևս մեկ վիրահատական շրջան կանցնի և բարեհաջող ավարտելու դեպքում կկարողանա վերադառնալ տուն:
Լարվածություն թուրք-եգիպտական հարաբերություններում
Կահիրեում Թուրքիայի դեսպանության աղբյուրների համաձայն՝ դեսպան Բոսթալըն կանչվել է Եգիպտոսի արտգործնախարարություն և քննադատության արժանացել թուրքական պաշտոնյաների կողմից Եգիպտոսի հասցեին արված հայտարարությունների պատճառով:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Բոսթալըն, հանդիպելով Եգիպտոսի փոխարտգործնախարար Հաթիմ Սեյֆ էն Նասըրի հետ, տեղեկացել է, որ թուրք պաշտոնյաների և պետական այրերի՝ Եգիպտոսի հասցեին արած հայտարարությունները որակվել են որպես միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին:
Այս միջադեպից հետո հնարավոր է, որ Թուրքիան կրկին Կահիրեից հետ կկանչի իր դեսպանին:
Պաղեստինը Իսրայելին է մեղադրում Յասեր Արաֆաթի մահվան մեջ
Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու բանակցությունները վտանգի տակ են. Պաղեստինի գլխավոր քննիչը հայտնել է, որ Յասեր Արաֆաթի մահվան մեջ միակ կասկածյալը Իսրայելն է:
Նրա հայտարարությունից մեկ օր առաջ շվեյցարացի գիտնականները հայտնել էին, որ Պաղեստինի առաջնորդը հավանաբար մահացել է ռադիոակտիվ պոլոնումից թունավորվելու հետևանքով:
Քննիչ Թաուֆիկ Թիրաուին այդ մասին բարձրաձայնել է Արաֆաթի մահվան պատճառները ուսումնասիրող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ այստեղ կարևորն այն չէ արդյոք նա թունավորվել է պոլոնիումի՞ց, թե ոչ, այլ այն, որ առկա բոլոր մանրամասներն ապացուցում են, որ նրան սպանել են, և դա Իսրայելն է եղել:
Այդ մեղադրանքներին ի պատասխան Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իգալ Պալմորը հայտնել է, որ Իսրայելը որևէ կապը չունի Արաֆաթի մահվան հետ:
Արաֆաթի այրին՝
ն, կոչ է արել Պաղեստինի ղեկավարությանը արդարություն հաստատել իր ամուսնու մահվան կապակցությամբ:
Նա իր խոսքում Իսրայելին չի հիշատակել, սակայն նշել է, որ պոլոնիում ունեն միայն միջուկային զենք ունեցող երկրները:
Արաֆաթի շիրիմը բացվել էր այս տարվա սկզբին, և շվեյցարացի, ֆրանսիացի ու ռուս գիտնականներին թույլատրվել էր հողի և ոսկորների նմուշներ վերցնել հետաքննության համար:
Շվեյցարացի գիտնականների խումբը իրենց հետազոտության արդյուքները հրապարակել էին հինգշաբթի օրը, որտեղ նշված էր պոլոնիում- 210-ի անբնական բարձր մակարդակի մասին և այն մասին, որ Արաֆաթը բնական մահով չի մահացել:
Պաղեստինի խումբը, խոսելով Ռուսաստանի իրականացրած` ուրբաթ օրը հրապարակված ուսումնասիրության արդյուքների մասին, նշել է, որ նրանք ևս պնդում են, որ Արաֆաթը մահացել է ինչ-որ նյութից թունավորվելու հետևանքով, սակայն հստակ չեն հայտնում, թե դա ինչ նյութ է եղել:
Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել Մոսկվայի բանակցություններին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արևմուտքից հովանավորվող հիմնական ընդդիմական խումբը հրաժարվում է մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք բանակցություններին:
Նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեվիչը ուրբաթ օրը նշել է, որ Սիրիայի Ազգային կոալիցիան փակուղի է ստեղծում և հրաժարվում է մասնակցել բանակցություններին, որոնք ուղղված են Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամի լուծմանը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Բոգդանովը ավելի վաղ հայտնել էր, որ ընդդիմությունը այդ առաջարկին դրական արձագանք է տվել:
Ռուսաստանը հույս ուներ, որ այս բանակցությունները կամրապնդեն այն հեռանկարը, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության կոնֆերանսը կկայանա Ժնևում: