Ցավոք, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանն առանց պարգևի մնաց Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա զիջեցեց իրանցի Մասուդ Էսմայիլպուրին` 0:8:
Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկած մեր երկու ըմբշներն էլ պարտվել էին: Այդուհանդերձ, նրանք հնարավորություն ստացան մասնակցելու սփոփիչ մրցամարտերի: Բանն այն է, որ մերոնց հաղթողները հասել են եզրափակիչ:
Մասնավորապես, 84 կգ քաշային ուկրաինացի Իբրահիմ Ալդատովը դուրս է եկել եզրափակիչ, և Հայաստանի ներկայացուցիչ Մոււսա Մուրթազալիևը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Բայց սփոփիչ առաջին գոտեմարտում նա 1։3 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Վերեբին և վերջնականորեն դուրս մնաց մրցաշարից։
Իսկ ահա, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը հաղթեց սփոփիչ առաջին գոտեմարտում Պուերտո Ռիկոն ներկայացնող Մատոս Գոմեսին` 6:4։
Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում զիջել էր ռուսաստանցի Բեխար Գոգերևին, ով նվաճել է եզրափակիչ ուղեգիր։ Եթե մեր մարզիկը ևս մեկ անգամ հաջողության հասնի, բրոնզե մեդալի համար հանդիպում կանցկացնի։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը զիջեց ռուսաստանցի Բեխար Գոգերևին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարը շաունակել բրոնզե մեդալի համար։
Հավելենք, որ մեր ըմբիշը հաղթել էր չինացի Մա Ցունջունին, սլովակ Միկոլա Բոլոտնյուկին:
84 կգ քաշայինՄուսա Մուրթազալիևն էլ առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ Պյոտր Անուլովի, շվեյցարացի Մարկո Լուկասի նկատմամբ: Բայց քառորդ եզրափակչում նա պարտվեց Ուկրաինան ներկայացնող Իբրահիմ Ալդաթովին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի ոլորտ կներգրավվեն 60, 84 և 120 կգ քաշայինները:
Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգա երկու ըմբիշ:
60 կգ քաշային Արթուր Առաքելյանը կմրցի չինացի Մա Կունժունի, իսկ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը` մոլդովացի Պյոտր Անուլովի հետ:
Մերոնցից սպասելիքները մեծ են:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չեմպիոն դարձավ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:
Եզրափակչում 2013-ի Եվրոպայի գործող չեմպիոն (Թբիլիսի), Կազանում կայացած Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանն ուժերը չափեց Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կուբացի Լիվան Լոպեսի հետ:
Առաջին մրցափուլում կուբացին հաղթեց 1:0 հաշվով: Նա երկրորդ մրցափուլում ևս մեկ միավորի արժանացավ: Թվում էր, թե մեր մարզիկը դժվար կարողանա շտկել դրությունը: Բայց 24-ամյա հայ ըմբիշը գոտեմարտի ավարտից 19 վայրկյան առաջ հնարք կատարեց, մրցակցին ստիպեց մրցագորգի վրա իջնել և 2 միավոր վաստակեց: Հաշիվը թեև դարձավ 2:2, սակայն մեր ըմբիշի հաջողությունը, որպես վերջինը, ավելի բարձր է գնահատվում:
Այսպիսով, Սաֆարյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ուշագրավ է, որ վերջին անգամ այս մրցաձևի Հայաստանի ներկայացուցիչն աշխարհի առաջնությունում ուժեղագույն էր ճանաչվել 11 տարի առաջ: 2002-ին այդ պատվին էր արժանացել Արամ Մարգարյանը:
Քիչ հետո Բուդապեշտում պատվո պատվանդանի առաջին աստիճանին կկանգնի Դավիթ Սաֆարյանը, և ի պատիվ նրա տարած հաղթանակի կբարձրացվի եռագույնը, կհնչի Հայաստանի օրհներգը:
Հունգարիայի մայրաղաք Բուդապեշտում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, հաղթելով ռումինացի Գեորգի Բուկուրին, լեհ Ռաֆայել Ստատկևիչին, ռուսաստանցի Մահոմեդ Կուրբանալիևին, Վրաստանը ներկայացնող Լևան Քելեխաշվիլիին, դուրս եկավ եզրափակիչ:
55 կգ Միհրան Ջաբուրյանը և 96 կգ էդգար Ենոքյանը պարտվեցին առաջին գոտեմարտերում: Ենոքյանը զիջեց ալբանացի Էգզոն Շալային, իսկ Ջաբուրյանը՝ վրացի Գեորգի Էդիշերաշվիլիին:
Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում: Երեկ հերթական ոսկե մեդալը մեր թիմին 96 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին:
Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ, ինչն էլ ավարտեց փայլուն հաղթանակով:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդության առաջնության մեկնարկային օրը Կազիշվիլին, նախորդող բոլոր մարտերը ավարտելով ժամանակից շուտ, բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի երրորդ օրն սկսում են արդեն իսկ երեք բարձր նվաճումներով. մեր ոսկե մեդալակիրներն են ազատ ոճի ըմբիշներ` Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը(66 կգ), և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ):
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
“Բարձր գնահատելով ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Հակոբի Սարգսյանի հսկայական ներդրումը հայրենական և մասնավորապես` Գյումրու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդը, ինչպես նաև վաստակած հեղինակությունն ու համբավը, Գյումրի համայնքի ավագանու 2013թ. հունիսի 18-ի 66-Ա որոշմամբ Արամ Հակոբի Սարգսյանին շնորհել «Գյումրի պատվավոր քաղաքացի» կոչումը»: Այս տողերով վկայականն այսօր պաշտոնապես հանձնվեց գյումրեցի ըմբիշ, վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին` քաղաքապետի մասնակցությամբ:
Արամ Սարգսյանը ծնվել է 1948 թվականին Լենինականում, ավարտել թիվ 7 դպրոցը, ապա Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: 1973 թվականից աշխատել է որպես հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ: Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է բազում հանրապետական չեմպիոններ ու մրցանակակիրներ. օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու գավաթակիրներ: Երկար տարիներ եղել է հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի մարզիչ:
1996 թվականին ՀՀ հավաքական թիմը նրա ղեկավարությամբ մասնակցել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում անցկացվող օլիպիական խաղերին, որտեղ Արմեն Նազարյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Այժմ մարզական գործունեությունը շարունակում է Մոսկվայում` ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում:
Օգտվելով առիթից, որ մարզիչ այս օրերին Գյումրիում է` նրան հանձնվեց պատվավոր կոչումը: Ստանալով պարգևը Սարգսյանը նշեց. “Լավ է ուշ, քան երբեք: Խորին շնորհակալություն: Եթե 1991-96թթ. Սարգսյան Արամն իր ուսերի վրա տարավ հայրենիքի տնտեսական ծանր վիճակը և դիմացավ, առավել ևս հեշտ պայմաններում կդիմանար, բայց իմ էստաֆետը հանձնեցի իմ աշակերտներին` Ալեքսանյան Գևորգին, Ջուլֆալակյան Լևոնին: Ես նույն մարդն եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Ես սիրելիներ չեմ ունեցել, ինձ մոտ ազնիվ մրցակցություն է եղել` դրա համար էլ շատ չեմպիոններ եմ տվել: Նույնիսկ Գևորգ Ալեքսանյանը Կրասնադոնում հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին: Հունահռոմեական ըմբշամարտն ապահով ձեռքերում է, ապահով վիճակում է և շատ ուրախ եմ, որ քաղաքապետը սպորտային տրամադրություն ու նպատակներ ունի”, – այսպես եզրափակեց իր խոսքը:
Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի երկու մարզիկների, ովքեր վերջին մի քանի օրում հայրաքաղաք բերեցին մարզական մեդալներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը` աշխարհի երիտասարդների առաջնությունում: Կարապետը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2003 թվականից, հասցրել դառնալ 2010թ. Եվրոպայի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ այս տարի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն:
Օգոստոսի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես եկավ 74 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա պայքարից դուրս թողեց Ալժիրի, Սերբիայի, Մոլդովայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչ գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի հետ և 20-ամյա գյումրեցին տիրացավ հաղթական ոսկուն:
“Շատ լավ մարզավիճակում էի: Ես գնացել էի միայն աշխարհի չեմպիոն դառնալու համար: Խոստումներ տալ չեմ սիրում”, – ասում է աշխարհի չեմպիոն ու շրջանցում հաղթահարելու ցանկություն ունեցած հաջորդ քայլի մասին հարցը: – “Ավելի շատ եմ աշխատելու, որ ավելի լավ արդյունքների հասնեմ”:
Իսկ ինչ պայմաններում են մարզվում չեմպիոններն ու նրանց մարզընկերները, քանի որ Գյումրիում ըմբշամարտի մարզադահլիճների վիճակը բավական վատ է: Հարցի շուրջ չեմպիոնն ու իր մարզիչը բավական լավ էին տրամադրված. “Պայմաններում գույքի պակասություն կա, բայց մենք կարևորում ենք թասիբը, նվիրումը, հավատքը”, – ասում է Չալյանի մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Իսկ մյուս գյումրեցին` բռնցքամարտիկ Հենրիկ Սարգսյանը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 81 կգ քաշային կարգում ադրբեջանցի ըմբիշ Ռահիլ Մամադլիին զրկել է 15000 դոլար պարգևից` հաղթելով քառորդ եզրափակչում: “Ազերիները հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի, կապ չունի որ երկիրն է ներկայացնում, հաղթելու համար, մենամարտից անմիջապես հետո նրան 15,000 դոլարով են պարգևատրում”, – ներկայացրեց քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:
Հենրիկը, սակայն, կիսաեզրափակչում պարտվում է հունգարացի Ադամ Համորիին և կանգնում պատվո հարթակի երրորդ աստիճանին:
“Չորրորդ եզրափակչում հաղթեցի ադրբեջանցուն և շատ հպարտ զգացողություններ էին: Ոչինչ, որ բրոնզե մեդալակիր եղա, հաջորդ անգամ անպայման ոսկե մեդալակիր կլինեմ: Նպատակս օլիմպիական չեմպիոն լինելն է”, – նշեց Հենրիկ Սարգսյանը: Նրա հաղթանակին չէր խոչընդոտել նաև ադրբեջանցի երկրպագուների հոծ բազմության ներկայությունը դահլիճում:
Հենրիկ Սարգսյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 2008 թվանաից, դարձել Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթող: Անձնական մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:
Ողջունելով մարզիկներին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ապրեք, այսօր ևս մեկ անգամ Գյումրիին ուրախացրեցիք` և’ Չալյանը, և’ Սարգսյանը: Իմ երազանքն է, որ Գյումրի քաղաքը նորից տա օլիմպիական չեմպիոններ, այսպիսի լավ երիտասարդներ ունենք ու պարծենալու` մեծ տեղ”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ մեծ մրցանակներն ու պարգևները մարզիկները կստանան տարեվերջյան միջոցառման ժամանակ: Ւսկ այսօր բավարարվեցին միայն խորհրդանշական պարգևներով:
Կազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով հունահռոմեական ոճի ըմբիշների մրցումների վերջին օրը մրցագորգ դուրս եկան մեր երկու տիտղոսակիրներըՙ Լոնդոնում 2012-ին կայացած օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:
Ալեքսանյանն առաջին երկու գոտեմարտերում 4:0 հաշվով պարտության մատնեց թուրք Սուլեյման Դեմիրչիին և լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին: Ապա Արթուրը 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Ալիյարիֆելզաբադիի նկատմամբ:
Այսպիսով, Ալեքսանյանն իրավունք ստացավ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ գոտեմարտում նա մրցեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ: Ցավոք Արթուրին չհաջողվեց շարունակել հաղթարշավը: Հայ ըմբիշը մրցակցին զիջեց 0:5 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:
74 կգ քաշային Ջուլֆալակյանը հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովին (4:0): 2-րդ գոտեմարտում վիճակահանությամբ Արսենին բաժին էր հասել ռուսաստանցի Ռոման Վլասովը, որին հայ ըմբիշը պարտվել էր Լոնդոնի օլիմպիադայի եզրափակիչում: Ցավոք, Ջուլֆալակյանը կրկին զիջեց մրցակցին (1:3): Քանի որ վերջինս հասել էր մինչև եզրափակիչ, Արսենն իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին: Առաջին գոտեմարտում մեր ըմբիշը 3:0 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ջուլֆալակյանը 4:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Էլվին Մուրսալևի նկատմամբ:
Այսպիսով, Կազանում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճեցին 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Իսկ ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզիկներն ուսանողական խաղերում արժանացել են 10 մեդալի` 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե:
Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Պարտություններ կրելով պայքարից դուրս էին մնացել Գևորգ Ղարիբյանը (55 կգ), Հարություն Միքայելյանը (84 կգ), Էդգար Խաչատրյանը (120 կգ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Չեռնոգորիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:
Գերազանց հանդես եկավ Արմեն Մելիքյանը (58 կգ): Նա, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:Միայն տանուլ տալով եզրափակիչ գոտեմարտերը, երկրորդը ճանաչվեցին Սլավիկ Գալստյանը (42 կգ) և Էդգար Թամազյանը (46 կգ): 69 կգ քաշային Հրաչ Կալաչյանը երրորդն էր:
Հունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցաելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները: Երեկ իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին և միայն եզրափակիչում պարտվեցին Վահե Մատինյանը (50 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ) և արժանացան արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42 կգ), ով, տանուլ տալով մեդալի համար գոտեմարտը, բավարարվեց հինգերորդ տեղով:
Այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ:
Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշները:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը (նկարում) գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը եղել է երկրորդը, իսկ 74 կգ և 96 կգ քաշային կարգերում հանդես եկած Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը ճանաչվել են երրորդը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն է:
Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի առաջատարները ՝ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը:
Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները:
– Համաժողովին, ինձնից բացի, մեր երկրից մասնակցում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: 111 երկրների պատվիրակներ էին: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Նախկինում ոչ մի համաժողովի այդքան ներկայացուցչական կազմ չէր հավաքվել: Ներկա էին նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության 21 անդամները: Քվեարկությանը մասնակցեց 132 մարդ, թեև երկրներ կային, որոնք 4-5 պատվիրակով էին ներկայացել: Բայց ամեն երկրից քվեարկելու իրավունք ուներ միայն մեկը: Ի վերջո, 125 կողմ, 7 դեմ ձայներով կազմակերպության նախագահ ընտրվեց Սերբիայի ներկայացուցիչ, մինչև այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակված Նենադ Լալովիչը:
– Համաժողովից առաջ խոսակցություններ կային, որ նախագահի միայն մեկ թեկնածու չի լինելու: Մասնավորապես նշվում էր, որ առաջադրվելու է նաև նախկին նախագահ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինետին:
– Մենք էլ այդ մասին լսել էինք, սպասվում էր, որ անգամ կարող է նախագահի պաշտոնի 4 հավակնորդ լինել: Ի դեպ, Մարտինետին Լոզանի արբիտրաժ դատարան բողոք էր ներկայացրել, որ իրեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության Թաիլանդում կայացած նիստում անհիմն են հեռացրել զբաղեցրած պաշտոնից, նաև` նախագահության կազմից: Նա այդ դատը շահել էր և լիովին իրավունք ուներ կրկին առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Բայց Մարտինետին և նրանք, ովքեր կարող էին այդ անել, անգամ իրենց թեկնածությունը չառաջադրեցին: Թերևս պատճառն այն էր, որ ակնհայտ էր` հաղթելու ամենամեծ հնարավորություններն ուներ Լալովիչը:
– Վերջինիս հետ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ինչպե՞ս են:
– Ընտրություններից հետո մեր պատվիրակությունը հանդիպեց և զրուցեց Լալովիչի հետ: Նա հայտնեց, որ հնարավորն արվելու է, որպեսզի ըմբշամարտում ամեն ինչ արդար լինի, բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի մարզաձևը զարգանա, ավելի մասսայական դառնա: Իսկ առաջնահերթ խնդիրն այն է, որ ըմբշամարտը 2020-ին ևս մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ բանակցություններ են ընթանում աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների հետ, ընդհանուր, նաև բիզնես ծրագրեր կազմվում: Եթե ըմբշամարտը եղել է օլիմպիական խաղերի հիմնադրման օրից ստուգատեսի ծրագրում, ապա ինչպե՞ս կարելի է այն հանել:
– Ադրբեջանը կրկին շարունակելո՞ւ է մնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորը:
– Առայժմ պարզ չէ, թե ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչ պայմանագրեր կկնքի:
– Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել մրցակարգերում:
– Նախկինում, եթե ըմբիշներն ուժերն էին չափում 3 մրցափուլում` 2-ական րոպեով, ապա այժմ պայքարելու են 2 մրցափուլում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 3 րոպե: Նախկինում ամեն խաղափուլում պետք է հաղթող լիներ, այժմ այդպիսի պահանջ չկա: Մրցափուլերում ըմբիշների հավաքած միավորները գումարվելու են: 15-20 տարի առաջ էր այդպիսի մրցակարգ, և այն իրեն արդարացնում էր: Փոխվել է նաև միավորների հաշվարկի կարգը: Մրցակցին մրցագորգ իջեցնելու համար այժմ 2 միավոր է շնորհվելու, ոչ թե 1 միավոր, ինչպես նախկինում էր: Ազատ ոճի ըմբշամարտում հանդիպումը վաղաժամ կավարտվի, եթե մրցակիցների միավորների տարբերությունը հասնի 10-ի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտում այդ սահմանը 7-ն է: Մի շարք նրբություններ կան երկու մրցաձևերում` ոչ ակտիվ մարզիկներին պատժելու համար: Այդ կանոնները թարգմանվելու են և մասնագետներին են տրվելու:
Ի դեպ, քննարկվեց, թե նոր մրցակարգը երբվանից գործի դնելու հարցը: Նպատակահարմար դիտվեց այն կիրառել ոչ թե 2014-ի հունվարից, այլ` այժմվանից: Փաստորեն, բոլոր երկրների ըմբիշների համար նույն պայմաններն են: Մարզիկները մրցումների ժամանակ պետք է իրենց մարտավարությունը փոխեն: Ինչպես ազատ ոճի, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, եթե նախկինում մրցակցին մրցագորգից դուրս բերելով կարելի էր հաղթել, ապա այժմ պետք է պայքարել: Վիճակահանությունը երկու մրցաձևում էլ վերացել է: Հնարավոր է` ընթացքում կանոնների նոր փոփոխություններ լինեն: Նպատակն այն է, որ ըմբշամարտն ավելի դիտարժան դառնա: Ի դեպ, եթե նախկինում մարզիկներին նկատողություն քիչ էր տրվում, ապա այժմ նկատողությունների թիվը կարող է ավելանալ: Կպատժվեն ոչ ակտիվ ըմբիշները: Ընդ որում, հավասար արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի այն մարզիկին, որը նկատողություն չի ստացել: Նոր կանոնները ձեռնտու են այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ավանդույթներ ունեն, մրցումների ժամանակ տեխնիկական բազմապիսի հնարքներ կարող են կիրառել:
– Ի՞նչ է նախատեսվում անել, որպեսզի 2020-ին ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում:
– Բանակցություններ են վարվում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս հայտնել է, որ կաջակցի:
– Ի տարբերություն մենապայքարային այլ մարզաձևերի, ըմբշամարտն ունի երկու մրցաձև: Հնարավո՞ր է, որ դրանցից միայն մեկը թողնվի օլիմպիական խաղերի ծրագրում:
– Պայքարում են, որ երկու մրցաձևերն էլ օլիմպիական խաղերի ծրագրում մնան, նաև` կանանց ազատ ոճի ըմբշամարտը: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն տարբեր քաշային կարգերում: Տղամարդկանց ըմբշամարտում դրանք 7-ն են, և ֆեդերացիայի նորընտիր նախագահն առաջարկել է, որ քաշային կարգերը դառնան 6-ը: Կանանց ըմբշամարտում առայժմ 4 քաշային կարգեր են: Օլիմպիական խաղերում ըմբիշները վիճարկում են 72 մեդալ: Հնարավոր է` ՄՕԿ-ը պահանջ ներկայացնի, որ ըմբշամարտի օլիմպիական մեդալները նվազեցվեն: Ի դեպ, դժգոհություն հայտնվեց, որ գերծանր քաշային կարգում սահմանափակում չկա: Առաջարկվեց, որ +120 կգ քաշային կարգ սահմանվի կամ էլ 110 կգ քաշային կարգից հետո լինի +150 կգ: Առայժմ քաշային կարգերում փոփոխություններ չկան, բայց հնարավոր է, որ մինչև տարեվերջ դա արվի: Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի հերթական համաժողովը, որում կազմակերպվելու են 2020-ի օլիմպիական խաղերում ընդգրկվելու հավակնորդ մարզաձևերի, այդ թվում նաև ըմբշամարտի շնորհանդեսները: Իսկ վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:
– Նոր մրցակարգով մեր ըմբիշները ե՞րբ են խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձելու իրենց կարողությունները:
– Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) կմասնակցեն հունիսի 1-2-ը Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունիսի 24-ից մեր առաջատար գրեթե բոլոր մարզիկները կմասնակցեն Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադային: Դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն թիմում: Առայժմ միայն որոշված է, որ կարողություններն են փորձելու Սաֆարյանը, Մուրթազալիևը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Մյուս քաշային կարգերում մրցակցություն կա, 2-3 մարզիկ հավակնորդ է ընդգրկվելու հավաքականում: Փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում անցկացվելիք Ստեփան Սարգսյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը, որից հետո էլ կհստակեցվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու սեպտեմբերի 16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Այդ ստուգատեսին մտադրություն ունենք մասնակցել 6 մարզիկով: Թերևս մասնակից չենք ունենա միայն գերծանր քաշային կարգում: Բայց 23-ամյա Անդրանիկ Գալստյանն էլ, եթե իրեն լավ դրսևորի առաջիկա միջազգային մրցաշարերում, կմեկնի Բուդապեշտ: Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Սաֆարյանը դարձել էր չեմպիոն, Մուրթազալիևը բավարարվել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնությունում ևս կփորձենք պարգևների արժանանալ: Այժմ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների վարկանիշային աղյուսակներ է կազմել: Սաֆարյանն իր քաշային կարգում առաջինն է, Մուրթազալիևը` 3-րդը, Արթուր Ալեքսանյանն (96 կգ) առաջինն է: Ի դեպ, հնարավոր է` աշխարհի 4 ուժեղագույններին աշխարհի առաջնությունում այնպես տեղաբաշխեն, որ վիճակահանությունից հետո նրանք միմյանց հետ մրցեն միայն կիսաեզրափակչում:
– Խոսակցություններ կային, թե հնարավոր է` Բելառուսից, Ռուսաստանից ազատ ոճի մարզուհիներ համալրեն Հայաստանի ընտրանին:
– Եթե այդ մարզուհիները ցանկանան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ և արդյունք ունենան, ապա ամեն բան կարվի, որ նրանք շարունակեն մրցելույթները: Սակայն իմաստ չունի նրանց հրավիրել և ֆինանսներ ծախսել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար: Ողբերգություն չի լինի, եթե մարզուհիների թիմ չունենանք:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իտալիայի Սասսարի քաղաքի մարզապալատում մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը կմասնակցի միջազգային մրցաշարի:
Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այդ ստուգատեսում մեր երկրի պատիվը վստահել է պաշտպանել Ռոման Ամոյանին (55 կգ), Արամ Ջուլֆալակյանին, Սասուն Ղամբարյանին, Տիգրան Թորոսյան (բոլորն էլ` 66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Մաքսիմ Մանուկյանին (84 կգ) և Արթուր Ալեքսանյանին (96 կգ):
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
– Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:
– Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:
– 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:
– Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:
– Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:
– Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:
– Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:
– Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:
– Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:
– Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ–ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:
– Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:
– Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:
– Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:
– Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:
– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են:
– Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:
– Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած հունահռոմեական ոճի ըմբիշների պաշտոնական վարկանիշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է:
Այդ աղյուսակում Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ, երկրորդը 84 կգ քաշային Արթուր Շահինյանն է, ով Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Նա այս աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Նշենք, որ վարկանիշային աղյուսակը կազմվել է Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անցկացված մրցումների արդյունքների հիման վրա:
Մայիսի 8-ին Վանաձորում կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար` նվիրված Մարշալ Բաղրամյանի հիշատակին: Բացի հայ մարզիկներից մրցաշարին մասնակցելու են նաև ըմբիշներ Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստան են ժամանելու 15 վրացի և 3 ռուս մարզիկ: Յուրաքանչյուր քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են 10 մարզիկներ:
Մարշալ Բաղրամյանի հուշամրցաշարը հոբելյանական է, այն մեկնարկել է 1983-ին և անց է կացվում արդեն 30-րդ անգամ: Այս մրցաշարում լավ հանդես եկած պատանի հայ ըմբիշները հունիսին կմեկնեն Չեռնոգորիա` մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը: