Հայաստանի ձյուդոյիստներն ուղևորվել են Բառնաուլ

images-ձյուդո1Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները ուղևորվել են Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Պատանիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Գոռ Հակոբյանը (50 կգ), Վահե Ղազարյանը (55 կգ), Աշոտ Մնացականյանը (60 կգ), Նարեկ Շատվերյանը (66 կգ), Դավիթ Նալբանդյանը (73 կգ) և Գրիգոր Սահակյանը (81 կգ):

Երիտասարդների մրցումներում կարողությունները կփորձեն Գրիգոր Մխիթարյանը (55 կգ), Գարիկ Հարությունյանը (60 կգ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ):

Հայ մասնագետին վստահում են

Արսեն caiy1d0eՀունիսի 11-ին Արսեն Մխիթարյանը կուղևորվի Բելառուսի  մայրաքաղաք Մինսկ, որպեսզի որպես տեսուչ ներկա գտնվի հանդբոլի Եվրոպայի առաջնության 6-րդ խմբի ընտրական մրցաշարի շրջանակում հունիսի 12-ին կայանալիք Բելառուս – Իսլանդիա հանդիպմանը: Խաղը վճռորոշ կարող է լինել տանտերերի համար: Փաստորեն, 5-րդ տուրի այդ հանդիպումում կպարզվի Բելառուսի հավաքականը կարո՞ղ է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, թե՞ ոչ: Վերջին խաղը բելառուս հանդբոլիստներն անցկացնելու են մրցակցի հարկի տակ` Սլովենիայի թիմի հետ: Իսլանդիայի հավաքականը վաստակել է 8, Բելառուսի հավաքականը` 5, Սլովենիայի հավաքականը` 3 միավոր: Ռումինիայի ընտրանին ոչ մի միավոր չունի:

Իսկ ահա, Օգոստոսի 10-17-ը Լեհաստանի Գդանսկ և Գդինյա քաղաքները հյուրընկալելու են մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակիցներին: 16 թիմ է խաղալու վճռական փուլում: Հայաստանի ներկայացուցիչը հրավիրվել է  որպես տեսուչ ներկա գտնվելու նաև այդ ստուգատեսում:

Մխիթարյանը ծնվել է 1961-ին Երևանում, 1982-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Նա խաղացել է Հայաստանի  հավաքականի կազմում, հետագայում աշխատել է մեր երկրի հավաքականի մարզիչ, նաև նախկինում զբաղեցրել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մխիթարյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, ներկայումս Երևանի Աջափնյակ համայնքի համալիր մարզադպրոցի տնօրենն է:

Առաջին անգամ Անդրկովկասում `դիսկ գոլֆ

DSC_8100Սույն թվականի մայիսի 26-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում, կայացավ Հայաստանում «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի կողմից տարածաշրջանում առաջին Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանում «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն և  բարերար Կայծակ Փալանջյանը և ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սամվել Ալեքսանյանը միասին կտրեցին խաղադաշտի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը և հյուրերին հրավիրեցին խաղի:

 

Միջոցառման ընթացքում Դիսկ Գոլֆ խաղի գիտակ Հայկ Հայրապետյանը հյուրերին ներկայացրեց խաղի էությունը և կանոնները, որից հետո ներկա գտնվողները ինքնուրույն փորձեցին գցել դիսկերը ցանցի մեջ և թիմերի բաժանվելով փոքր մրցում իրականացրեցին, ապա օգտվեցին հյուրասիրությունից և ստացան նվերներ «Իվան Դիսկ Գոլֆ» ֆեդերացիայի լոգոտիպով:

 

Բացմանը ներկա էին հյուրեր արտերկրից, լրագրողներ, ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից իրենց ղեկավարների հետ, ուսուցիչներ և տարբեր տարիքի աշակերտներ, ինչպես նաև խաղով հետաքրքրված ընտանիքներ, որոնց թվում էին տարեց մարդիկ և երիտասարդաներ:

 

Հանրահայտ Գոլֆ և Դիսկ Գոլֆ մարզաձևերը ունեն նույն խաղային կառուցվածքը և տալիս են խաղացողին նույն զգացողություններ: Նրանց գլխավոր տարբերությունը կայանում է միայն խաղի անհրաժեշտ սարքավորումների մեջ: Մահակների և գնդակների փոխարեն Դիսկ Գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Դիսկ Գոլֆ խաղալը  շատ հեշտ է և զվարճալի: Այն աշխարհի ամենամատչելի և հասանելի սպորտաձևերից է, չունի ոչ տարիքային և ոչ էլ սեռային սահմանափակումներ;

 

 

 

Հարգանքով `

«Իվան Դիսկ Գոլֆ» Ֆեդերացիա

Սպասենք մինչև սեպտեմբեր

12699Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի ընդլայնված նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև, թե որոնք են երեք մարզաձևերը, որոնք 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար ներկայացվելու են ՄՕԿ-ի սեպտեմբերյան համաժողովի քվեարկությանը:

Այդ պատվին հավակնող ութ մարզաձևերից ընտրվեցին ըմբշամարտը, բեյսբոլ/սոֆթբոլը, սկվոշը: Այս մարզաձեւերից բացի, քվեարկության էին ներկայացվել նաև ուշուն, կարատեն, մարզական ժայռամագլցումը, ռոլեր սպորտը, վեյքբորդինգը:
Որոշվեց, որ 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի մասնակից մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները ՄՕԿ-ից կստանան 519,6 մլն դոլար: Այդ գումարը բաշխվելու է ըստ ՄՕԿ-ի կազմած հատուկ սանդղակի: Լոնդոնյան խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերը դասակարգվել են ըստ գրավչության: Ձևավորվել է 5 խումբ:Ահա թե ինչպես են դասակարգվել մարզձևերը.

A կարգ. ջրային մարզաձևեր, ատլետիկա, մարմնամարզություն:
B կարգ. բասկետբոլ, հեծանվային սպորտ, ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ:
C կարգ. նետաձգություն, բադմինտոն, բռնցքամարտ, ձյուդո, ակադեմիական թիավարություն, հրաձգություն, սեղանի թենիս, ծանրամարտ:
D կարգ. բայդարկաներով և կանոեով թիավարություն/արագընթաց թիավարություն, ձիասպորտ, սուսերամարտ, հանդբոլ, մականախաղ, առագաստանավային սպորտ, թհեքվանդո, տրիատլոն, ըմբշամարտ:
  E կարգ. ժամանակակից հնգամարտ, գոլֆ, ռեգբի-7:

Դավիթ Նալբանդյանը հայր է դարձել

3Արգենտինայում բնակվող և այդ երկրի հավաքականի պատիվը պաշտպանող թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայր է դարձել: Առաջնեկին կոչել են Սոսի:

Անվանի 31-ամյա մարզիկն ասել է, որ երեխան և նրա մայրն իրենց լավ են զգում և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ուրախացել են փոքրիկի ծնվելու առիթով:

«Նոր Նորքը» և «Ավանը»

55887Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան վոլեյբոլիստների և վոլեյբոլիստուհիների Երևանի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցում էին աղջիկների և պատանիների 4-ական թիմեր:

Պատանիների մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց  «Նոր Նորք» թիմը, որը եզրափակչում առավելության հասավ «Աջափնյակի» նկատմամբ: Երրորդ մրցանակակաիր դարձավ  «Աջափնյակ-2» թիմը:

Աղջիկների պայքարում առաջինն էր «Ավանը»: Այն  եզրափակչում հաղթեցին «Շենգավիթի» թիմին: Երրորդ տեղը գրավեց «Ավան-2» թիմը:

 

 

Վրաստանից` հարուստ ավարով

1thekvandoՀայաստանի թհեքվանդոյիստները հարուստ ավարով վերադարձան Վրաստանի պատանեկան առաջնությությունից: «Ար-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներից բաղկացած հավաքականը նվաճեց 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Իրենց քաշային կարգերում հավասարը չունեցան Արթուր Վարդանյանը, Սարգիս Գրիգորյանը: Երկրորդ մրցանակակիր դարձան Հենրի Բադալյանը, Արթուր Գալստյանը, Գագիկ Առաքելյանը: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Ռուբեն Առաքելյանը, Ռոման Հայրապետովը, Սլավա Խաչատրյանը, Ռաֆիկ Սուքիասյանը:

Մերոնք անփառունակ տեղերում

26.02.13-6605հրաձգությունԳերմանիայի Մյունխեն քաղաքի հրաձգարանում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում  օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից կրակահերթերում 123 մարզիկների պայքարում Հրաչ Բաբայանը հավաքած 620,1 միավորով զբաղեցրել է  46-րդ տեղը, իսկ Հայաստանը ներկայացնող գերմանացի Քրիստիան Լաուերը 613 միավորով` 93-րդն է:

Կանանց մրցավեճին մասնակցում էր 126 մարզուհի: Հայ հրաձգուհիներից` Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով զբաղեցրել է  57-րդ, Սվետլանա Տիգրանյանը (401,8 միավորով) 113-րդ տեղը:

 

Մրցեցին դատապարտյալները

677877-SPORT-SIMVOLՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ  ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկում անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում  դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ, որոնք միմյանց հետ մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ,վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերից:  Մարզաձևերի հաղթղները, մրցանակակիրները  և մասնակիցները պարգևատրվեցին հովանավորների կողմից հատկացված նվերներով և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով: Միջոցառմանը աջակցեցին  ”Ասողիկ” հրատարակչությունը, Աբովյանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը,  ֆիզիկական  ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի ամրապնդմանը:Միջոցառումը անց է կացվում թվով 4-րդ անգամ:  2014 թ. միջոցառումը կանցկացվի նոր թարմացված   ծրագրով:

Հայաստանից` 4 հրաձիգ

հրաձգimagesԱյսօր Մյունխենում մեկնարկում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, որին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 4 հրաձիգներ: Նրանցից մեկըՙ Քրիստիան Լաուերը գերմանացի է: Նա մեր մարզուհուՙ Իրինա Աղաջանյանի ամուսինն է և այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Իրինան Մյունխենում հանդես կգա օդամղիչ հրացանով 10 մհեռավորությունից հրաձգության մրցումներում, իսկ նրա ամուսինը բացի այդ մրցաձևից, ուժերը կչափի նաև հրացանով 50 մ-ից հրաձգությունում:

Մյունխենում Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Սվետլանա Տիգրանյանն ու Հրաչիկ Բաբայանը:

Մեր սեղանի թենիսիստները նախնական փուլում ավարտեցին մրցելույթները

tabletenis-1Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի խաղացողները Փարիզում կազմակերպված աշխարհի առաջնության նախնական փուլում ավարտեցին մրցելույթները:

Մեսրոպ Ղուկասյանը և Լուիզա Նազարյանը, հաղթելով համապատասխանաբար Լատվիայի և Շրի Լանկայի ներկայացուցիչներին, հետո զիջեցին Սինգապուրի և Բելառուսի խաղացողներին:Տիգրան Մկրտչյանը, Մհեր Հարությունյանը և Թամարա Աղայանն ավելի վատ հանդես եկան` երկուական պարտություն կրեցին: Ռուբինա Վարդանյանն էլ սլովենացի մարզուհուն պարտվեց: Հետո Գայանայի ներկայացուցիչ նրա մրցակցուհին չներկայացավ խաղի:

Հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

ASTGIK-2 209Ավստրիայի Թուլն քաղաքում կայացած մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ խմբում ընդգրված Հայաստանի հավաքականն անհաջող մրցելույթներ ունեցավ:

Եվ ահա, հրաժարական է տվել հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը:

Հայաստանից` 11 մասնակից

22286 սամբոՄայիսի 17-21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն մեր երկրի 11 ներկայացուցիչներ:

Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հետևյալ մարզիկները.

Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր

Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ

Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ

Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երեւան

Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված ուժեր

Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ

Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ

Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ

Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ

Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երևան

Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված ուժեր

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև` մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը,  մրցավար Էդվարդ Ասլանյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ

4677 հեծանվայինԱնցկացվեց Հայաստանի խճուղային հեծանվավազքի բաց առաջնությունը (տարիքային երեք խմբով): Տանտերերի 65 մարզիկների հետ պայքարի ելան նաև Վրաստանի 11 պատվիրակներ:

Անհատական մրցավազքը անցկացվեց Էջմիածին-Ակնալիճ մայրուղում (պատանիներ` 10 կմ, երտասարդներ և մեծահասակներ` 25 կմ):

Խմբային մրցավազքը տեղի ունեցավ Արզնու օղակաձև խճուղում(60 կմ` 5 շրջանով):

Մրցակցությունից դուրս էին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանրապետական մարզադպրոցի սաները: Նրանք խաղարկված 27 մեդալներց շահեցին 23-ը: Չորս մրցանակակիր տվեց «Հայաստան» մարզական ընկերությունը ( 1 արծաթ, երեք բրոնզ):

Խմբային հեծանվավազքում, կրիտերիում մրցաձևում լավագույնը ճանաչվեցին և բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին պատանիներից Պավել Ստեփանյանը, երիտասարդնեից` Սարիբեկ Ավետիսյանը և մեծահասակնեից` աշխարհի 2011թ. երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Իտալիայի «Գավարդո» ակումբում ընդգրկված Մհեր Մկրտչյանը:

Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կնախապատրաստվի հուլիսին Հոլանդիայի Ուտրիխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին:

 

Ալեքսանդր Լուկաշենկոն և Գագիկ Ծառուկյանը պայմանագիր կնքեցին

images ՀԱՕԿՒնչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր օրերս ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նաև իր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է (ԱՕԿ):

Ա.Լուկաշենկոն և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը   կնքեցին պայմանագիր: Այն ընդգրկում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի տարբեր ուղղություններ: Նախատեսվում է նաև  երկու երկրների հավաքականների համատեղ նախապատրաստությունը Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին:

 

 

 

 

 

Նորամուտ Եվրոպայի առաջնությունում

Handball en Roumanie 209Մայիսի 15-ին լուսաբացին  մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի:

Մերոնք ընգրկված են 5-րդ խմբում: Վիճակահանությամբ բաժին են հասել ուժեղ մրցակիցներ: Վիեննայից 60 կմ հեռու գտնվող Թուլն քաղաքի մարզապալատում Հայաստանի հավաքականը  մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի համապատասխանաբար Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրստվել: Նոյեմբերից այն կանոնավոր պարապմունքներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնեցին, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու և պատվով դուրս գալու փորձությունից: Հավաքականի կազմը համալրելու են  նաև Ֆրանսիայում բնակվող մեր երեք հայրենակցուհիներ: Նրանք իրենց խաղընկերներին կմիանան  մրցավայրում:
Ի դեպ, այս տարիքի մեր հանդբոլիստուհիները նորմուտ են նշելու եվրոպական ստուգատեսում: Հայաստանի պատվիրակության կազմում են` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամներ Աննա Մելքոնյանը (գլխավոր քարտուղար), Հերմինե Դուզյանը (Ֆրանսիա):
Մեր երկրի պատիվը կպաշտպանեն` դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը (Ֆրանսիա), մարզահրապարակի խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը (Ֆրանսիա), Լորենա Կորկոտյանը (Ֆրանսիա):

Հայաստանի ձյուդոյիստները կուղևորվեն Օրենբուրգ

ձյուդո49477Մայիսի 16-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը կուղևորվի Օրենբուրգ, որպեսզի մասնակցի մայիսի 18 -19-ը կայանալիք  Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը թիմ է հրավիրել Գրիգոր Իվանյանին, Գարիկ Հարությունյանին, Հովհաննես Ալեքսանյանին, Տիգրան Վարոսյանին, Սուրիկ Գառնիկյանին, Անդրանիկ Չափարյանին և Մհեր Կարապետյանին:

Ուժերը կչափեն 21 երկրների ներկայացուցիչներ:

Գերմանացի ձկնորսը, բռնելով 47կգ ձողաձուկ, սահմանել է աշխարհի նոր ռեկորդ, ինչը 2 կգ-ով գերազանցում է նախորդին

g4Գերմանացի ձկնորսը անցել է աշխարհի նախորդ ռեկորդը՝ բռնելով երբևէ որսացված ամենամեծ ձողաձուկը:

47 կգ զանգված ունեցող ձողաձուկը 44 տարի պահպանված նախորդ ռեկորդը գերազանցում է 2 կգ-ով:

Գերմանացի Մայքլ Այզելը ձուկը բռնել է Նորվեգիա կատարած ձկնորսական ճամփորդության ժամանակ:

44-ամյա ձկնորսը և իր թիմը ձկնորսական անհաջող օրից հետո ցանկանում էին վերադառնալ նավահանգիստ, երբ նա պատահականորեն բռնում է ձկանը:

 

Ձկնորսը հայտնում է, որ ձուկը ջրից հանելու համար պահանջվել է 30 րոպե:

Ձողաձուկը այնքան մեծ էր, որ նրա ընկերներից երկուսը տղամարդուն մեջքից պահել են՝ վախենալով, որ ձուկը նրան կքաշի ջուրը:

Ձկանը նավակի մեջ դնելուց հետո՝ Այզելը հազիվ է կարողացել նրան միայնակ բարձրացնել նկարվելու համար:

160 սմ երկարություն ունեցող ձուկը կշռում էր 47 կլիոգրամ:

Այզերի բռնած ձողաձուկը ոչ միայն անցել է աշխարհի ռեկորդը, այլև աշխարհում միակն է, որ անցել է 45 կգ-ի սահմանը:

Ձկնորսական նավասարքերի արտադրության գործադիր տնօրեն Այզերը ձուկը նվիրել է Բերգենում գտնվող Նորվեգական ձկնորսական թանգարանին, որտեղ այն կվերածվի մանեկենի և կցուցադրվի:

 

Ո՞ւմ մեղադրել ձյուդոյիստների սայթաքումների համար

 ձյուդոՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:

– Իրոք, գոհ մնալու առիթ չկա: Հույսեր էր ներշնչում 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Առաջին հերթին նրանից սպասելիքներ ունեինք, հետո է 66 կգ քաշային Արմեն Նազարյանից: Հաշվի էր առնվում, թե նրանք ինչ մարզավիճակում են: 

– Կողմնակալ մրցավարությունը դեր չի՞ խաղացել, չի՞ նպաստել մերոնց ձեռնունայն մնալուն:

– Մրցավարական խնդիրներ եղել են, բայց կատարվածն այդ ամենին վերագրել չեմ ցանկանում: Մասնավորապես, ռուսաստանցի մրցակիցը Նազարյանին չգցեց, սակայն մրցավարը հնարքն այդպես գնահատեց: Մեր մարզիկը որովայնի վրա ընկավ: Դավթյանին էլ բուլղարացի մարզիկի հետ գոտեմարտում, միակողմանի բռնվածքի համար, չափից ավելի շուտ նկատողություն հայտարարեցին: Դա հոգեբանորեն ազդեց, և նա համարձակ քայլի չդիմեց, նույն բռնվածքը չկիրառեց, որպեսզի կրկին չպատժվի: Մրցակիցն էլ մարտականորեն էր տրամադրված, և մեր մարզիկը չկարողացավ դրսևորել իր կարողությունները: Ի դեպ, ավելի տիտղոսակիր ձյուդոյիստներ էլ առաջին գոտեմարտերում պարտվեցին: Այնպես որ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Ընդ որում, նրանք զիջեցին այնպիսի մրցակիցների, որոնք միջազգային մրցասպարեզներում նախկինում ոչնչով աչքի չեն ընկել: Մասնավորապես, հույն Իլիադիսը էստոնացի ձյուդոյիստին պարտվեց, ուկրաինացի Զանտարայան էլ` հունգարացի մարզիկին:

 – Առաջնությունում Հայաստանից մրցավար ունեի՞նք:

– Ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիան է հրավիրում այն մրցավարներին, որոնք սպասարկում են առաջնությունը: Ինչ խոսք, մրցավարի բացակայությունը դեր խաղում է: Եթե ներկայացուցիչ ունենանք այդ կարգի մրցումներում, ապա ավելի զգույշ կլինեն, կողմնակալ մրցավարությունն էլ քիչ կլինի:

 – Այնուամենայնիվ, սկսած 2012-ի օլիմպիական խաղերից, մեր մեծահասակ ձյուդոյիստների արդյունքներն այն չեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ կատարվածը չի կարելի պատահականությանը վերագրել:

– 2012-ին Դավթյանը Եվրոպայի առաջնությունում 2-րդն էր: Օլիմպիական խաղերում էլ նա 7 լավագույնների թվում էր: Ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ վերջինը գերազանց արդյունք է, սակայն եթե համեմատենք նախորդ օլիմպիական խաղերում մեր ձյուդոյիստների ունեցած մրցելույթների հետ, ապա առաջընթաց կա: Ընդ որում, օլիմպիական խաղերում էլ մրցավարական կոպիտ սխալ եղավ, երբ մեր մարզիկը ֆրանսիացի ձյուդոյիստի հետ սփոփիչ գոտեմարտում գցում կատարեց, սակայն այն չգնահատվեց: Հետո էլ մեր երկրի ներկայացուցիչը հավասար պայքարում պարտվեց ստացած նկատողության համար: 2013-ին մեծահասակների մրցումներում երիտասարդ ձյուդոյիստների ենք փորձարկել: Մասնավորապես, Վրաստանի մայրաքաղաղաք Թբիլիսում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում (նախկինում այն կոչվում էր աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլ) Դավթյանը և Նազարյանը նույնպես մասնակցում էին: Դավթյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց մրցակցին, Նազարյանը պարտվեց մեկ հաղթանակ տանելուց հետո, իսկ մյուսները երիտասարդ ձյուդոյիստներ էին, այնպես որ նրանց նկատմամբ շատ խիստ լինել չենք կարող: Կրկին անդրադառնալով Եվրոպայի առաջնությանը` պետք է խոստովանել, որ այն շատ դժվարին մրցում է և չի կարելի համեմատել միջազգային այլ մեկնարկների հետ:

 – Մեր ձյուդոյիստների սայթաքումների համար ո՞ւմ պետք է մեղադրել:

– Մի քանի հանգամանք կա, սակայն մեղքը մերն է: Պատճառներ գտնել, մարզիկներին մեղադրել չեմ ցանկանում: Մեր ձյուդոյիստները քանիցս ապացուցել են, որ կարող են կամային հատկանիշներ դրսևորել և պատվով դուրս գալ փորձություններից:

 – Մեր թրծված ձյուդոյիստները Նազարյանը և Դավթյանն են, բայց նրանք տարիքով մեծ չե՞ն, սպորտում նոր հաջողությունների ի վիճակի՞ են հասնել:

– Նազարյանը 31, Դավթյանը 30 տարեկան է: Առայժմ երկուսն էլ Հայաստանի հավաքականին պետք են: Նրանց ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի նոր սերնդի մեր ձյուդոյիստները վեր բարձրանան:

 – Երրորդ տարին է, ինչ  փոխվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը: Գո՞հ եք ֆեդերացիայի ներկայիս նախագահ Վարդան Ոսկանյանի աշխատանքից: Հետաքրքիր է, քանի որ նա Ռուսաստանում է հիմնականում լինում, և ֆեդերացիայի աշխատանքները կատարում է կազմակերպության փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Կազմակերպության նախորդ նախագահ Ալեքսան Ավետիսյանի ղեկավարության տարիներին մեր ձյուդոյիստների արդյունքներն ավելի բարձր են եղել` Եվրոպայի չեմպիոն, մրցանակակիրներ, աշխարհի առաջնության մրցանակակիր և այլն: Ինչո՞ւ

– ճիշտ է, 2005-ին Եվրոպայի չեմպիոն ունեցել ենք, 2009-ի աշխարհի առաջնությունում` բրոնզե մեդալակիր: Բայց  ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո` 2011-ին, Եվրոպայի երիտասարդների երկու չեմպիոն ենք ունեցել` Գոռ և Գարիկ Հարությունյանները: Ունեցել ենք   մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012-ին էլ` 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: Այժմ ավելի շատ, քան նախկինում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում մեր պատանի ձյուդոյիստները, նաև` մրցումների մասնակցում: Այնպես որ հուսադրող հերթափոխ է աճում:

 – Ճի՞շտ էր, որ Հայաստանի հավաքականի ղեկը ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից հետո հանձնվել էր ռումինացի Ադրիան Կրոիտորուին: Ցանկալի արդյունքը ստացվե՞ց: Ի վերջո, նա մեր երկրից հեռացավ բացասական ցուցանիշով:

– Չեմ կարող ասել ճի՞շտ էր, թե՞ սխալ էր հավաքականն օտարերկրացի մասնագետի վստահելը: Պարզապես այդ իրավիճակում հարցն այդպիսի լուծում էր ստացել:  Ամեն փոփոխություն հնարավոր է` բացասական արդյունքի հանգեցնի, բայց այն  դրական կողմեր էլ կարող է ունենալ: Այդ ամենին միանշանակ գնահատական տալ չի կարելի: Անխոս, դրական հետքը կա:

 – Ներկայիս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ կարելի է անել:

– Եվրոպայի առաջնությունում մեդալ չունենալը, անկախ ամեն ինչից, տակտիկական պատրաստականության խնդիրների հետ է կապված: Այդուհանդերձ, հոգեբանորեն պատրաստ լինելու դեպքում, մերոնք կկարողանային դրանք հաղթահարել:

 – Կանանց ձյուդոն ասես մահանում է Հայաստանում: Մարզաձևը գեղեցիկ է, բարեկազմ լինելուն չի խանգարում: Ո՞րն է դրա պատճառը:

– Իրոք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից պարապողները քիչ են: Մարզիչներ կան, որոնք ձյուդոյիստուհիների հետ են պարապում: Մարզուհիների երեք մարզիչ է աշխատում: Նրանց թվում է նաև կինս` Սուսաննա Մկրտչյանը: Բելառուսից Ժաննա Ստանկևիչը և Ռուսաստանից Գայանե Հարությունյանը Հայաստանի հավաքականում էին ընդգրկվել: Առաջինն ամուսնացել է, մայր է դարձել, երկրորդն էլ թողել է սպորտը:

 – 2013-ին Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայտնի է, որ մեր երկրից 2-3 մարզիկ է մասնակցելու այդ ստուգատեսին: Ֆինանսների պակասի հե՞տ է կապված, թե՞  արժանավոր մարզիկներ չունենք, որ ավելի շատ մասնակիցներ տատամի դուրս բերենք: Հնարավո՞ր է, որ հավաքականի հնաբնականեր Նազարյանը և Դավթյանն արդեն իրենց տեղն ապահովել են թիմում, և նրանք են պաշտպանելու մեր երկրի պատիվը: Հավաքականում թափուր տեղեր կա՞ն:

– Պարզապես, այն մարզիկներին կտանենք, որոնք մեդալ նվաճելու հույսեր կներշնչեն: Մրցավայրը հեռու է, ֆինանսների հարց էլ կա: Մասնավորապես, Եվրոպայի առաջնությունում Մոսկվայում բնակվող 81 կգ քաշային Ռաֆայել Դավթյանը հովանավորի միջոցներով էր մասնակցում: Մայիսի 9-ին հավաքականը կուղևորվի Դաղստան, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարի: Մինչև 23 տարեկանների հավաքականն Օրենբուրգում մայիսի 16-ից կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին: Հունիսի սկզբին Եվրոպայի բաց մրցաշար կանցկացվի Տալլինում: Հուլիսին  էլ մերոնք Կազանում կմասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին: Ապա Մոսկվայում կկայանա «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշար: Միայն այդ մրցումներից հետո կորոշվի, թե ովքեր են մեկնելու Բրազիլիա: 100 տոկոսով ոչ մի ձյուդոյիստ չի ապահովել իր տեղը հավաքականում: Դավթյանը և Նազարյանը մեծ ցանակություն ունեն հարստացնելու մեդալների իրենց հավաքածուները: Ինքս, նաև  մյուս մասնագետներն այն կարծիքին ենք, որ հատկապես Դավթյանը նոր հաջողությունների հասնելու մեծ հնարավորություններ ունի: Մեր հիմնական նապատակն է, որ  լավ մասնակցենք 2016-ին Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Նազարյանի հետ զրուցել եմ, նա այդքան երկար մտադիր չէ մնալ ակտիվ սպորտում, իսկ Դավթյանը ցանկություն ունի ևս մեկ անգամ կարողությունները փորձելու օլիմպիական խաղերում:

 – Մեր առաջատար մարզիկներին վարձատրելու ֆինանսական խմդիրներ կա՞ն:

– Դավթյանը 2012-ի արդյունքների համար Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից վարձատրվում է, Նազարյանը` ոչ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան առայժմ միայն լրացուցիչ ֆինանսներ է հատկացնում մարզական միջոցառումների կազմակերպման համար:

 

Մարզիկների դերը` հաղթանակած պատերազմներում

haxtanaki orՄայիսի 9-ին  մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի   68  և  Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձը : Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը:

Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում ֆիզկուլտուրային աշխատանքները չդադարեցին:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, 1943 թ.  հոկտեմբերի 9-ին , Հայաստանի ժողկոմխորհը / կառավարությունը /  որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10  նոր մարզադպրոցներ և այլն : Նույն թվականի հուլիսին որոշվեց  և 1945-ին սկսեց գործել   ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվեց  11 հազար 645 դահուկորդ ,  15 հազար 528 լողորդ ,  25 հազար 843 մենապայքարային մարզիկ , 42 հազար նռնականետորդ և այլն: Հայաստանում  ֆիզկուլտուրային կոլեկտիվների թիվը հասավ 777-ի , իսկ մարզիկների քանակը ` 33 հազար 451-ի :

Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել  աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի  անունը: Բայց երևի քչերը գիտեն, որ ,, նժույգի արքան ,, Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ  հյուսիսկովկասյան ռազմաճակատում  և 1943-ին ազդրից ծանր վիրավորվել է:

 

Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ : Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ  վերականգնելու հաշմված ոտքը և դեռ ավելին` Հելսինկիում 1952-ին կայացած  օլիմպիական  խաղերում նվաճեց երկուական ոսկե և արծաթե մեդալներ :

Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի  է նաև արցախյան հերոսամարտում : Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային , կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են  և նրանց հիշատակը   հավերժացնում  է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար – հուշարձանը:

Հարգանք և խոնարհում  պատերազմներում ընկած   հայոց   մարզաշխարհի մարդկանց  հիշատակին:

ՀԱՕԿ-ը  մարզաշխարհի մարդկանց անունից շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին,  մաղթում քաջառողջություն և երկարակեցություն:

  ՀԱՕԿ –ի լրատվության բաժին