Ջինա Լոլոբրիջիտայի ադամանդը աճուրդում վաճառվեց 3 միլիոն դոլարով

ջինա լոլոբրիջիտա85-ամյա իտալական դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան որոշել է աճուրդում վաճառել 74,53 կառատանոց դեղին ադամանդը: Թանկարժեք զարդը  նախկինում պատկանում էր պարսից Ահմեդ Քաջար շահին, որը ղեկավարում էր 1909-1925 թվերին: Ադամանդն  աճուրդում վաճառվեց 2,985 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters-ը:

Ժնևում կայացած Sotheby’s-ի աճուրդի պատասխանատուները հայտնել են, որը քարը դեղին ադամանդների մեջ ռեկորդ է սահմանել`  նմանատիպ թանկարժեք զարդերից դեռ ոչ մեկը նման բարձր գնով չէր վաճառվել:

Փորձագետները հաշվել են , որ այդ ադամանդի ամեն մի կարատը կազմել է  40 հազար դոլար:  Sotheby’s-ի ներկայացուցիչները աճուրդից կրկնակի քիչ գումար էին ակնկալում: Թե ով է դարձել այդ եզակի ադամանդի տերը, չի հաղորդվում:

Բացի այդ  դեղին ադամանդից, դերասանուհին որոշել  է բաժանվել իր մարգարտյա ականջօղերից, որոնք պատրաստել էր   Bulgari ոսկերչական տունը: Դրանք նույնպես ռեկորդ են սահմանել` վաճառվելով   2,39 միլիոն դոլարով: Զարդի սկզբնական արժեքը մի փոքր բարձր էր   600 հազար դոլարից, այն տիրանալու համար պայքարում էին ութ գնորդներ:

Ջինա Լոլոբրիջիտան իր զարդերը որոշել է վաճառել բարի նպատակներից ելնելով: Ստացած գումարը դերասանուհին նպատակ ունի ներդնել Իտալիայում կառուցվող հիվանդանոցների շինարարության մեջ, որտեղ բուժումը կկատարվի ցողունային բջիջների միջոցով: Մայիսի 14-ի աճուրդում վաճառքից ստացված ընդհանուր  գումարը կազմել է 78 միլիոն դոլար:

Հայաստանում կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի, զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն

շներՀայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Հայաստանում ` Նուբարաշենում, այս տարի կբացվի Կ-9 շների վարժեցման, սպորտի, հենդլինգի, զոոթերապիայի բացառիկ դպրոց-կենտրոն:

«Աշխարհի բոլոր երկրներում կան նման դպրոց-կենտրոններ, որտեղ շներին սոցիալիզացնում են, պատրաստում քաղաքին, հասարակության մեջ ապրելուն»,-ասաց  Վիոլետա Գաբրելյանը:

Դպրոց-կենտրոնի կառուցման համար որպես խորհրդատու Հայաստան է ժամանել Վրաստանի Կ-9 դպրոցի տնօրեն Զաբա Պսխվեդաձեն: Նա նույնպես ասուլիսի բանախոսներ էր և նկատեց, որ վաղուց ժամանակն էր նման կենտրոն բացել Հայաստանում և կազմակերպել տարբեր տիպի միջոցառումներ հարևան երկրների մեջ: Ըստ բանախոսների՝ նման կենտրոնի առկայության կարևորության մասին է փաստում նաև վերջերս Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ պիտբուլ ցեղատեսակի շան կողմից հոշոտվել էր մեկ այլ՝ ավելի փոքր շուն:

Մնում է միայն հուսալ, որ եթե կան նման տեսակի շներ և մարդիկ, ովքեր նախընտրում են տանը այդ ցեղատեսակի կենդանիներ պահել,  ապա այս դպրոցի շնորհիվ հնարավոր կլինի բացառել պիտբուլներից հասարակությանը սպառնացող վտանգի գործոնը:

Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ

սայաթ-նովաՍայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի առթիվ տոնակատարությունները շարունակվում են: Մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Սայաթ-Նովա մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Վարդատոնը կնշվի նաև Թբիլիսիում` մայիսի 26-ին: Վարդատոնին ընդառաջ լրագրողների հետ այսօր հանդիպեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:

«Որտեղ Սայաթ-Նովա երգում են, այնտեղ ներկա է հայրենիքը: Նրա ասելիքը սերն էր, նրա մեջ այնքան սեր կա, որ անգամ կրոնական հակադրությունները չեն խանգարել: Բայց նա հայ է, և այդ մասին նա ասում է իր թուրքական խաղերի մեջ: Հրճվանք եմ ապրում և հպարտություն, երբ վրացիներն ու ադրբեջանցիներն ուզում են, որ Սայաթ-Նովան իրենցը լինի: Երանի նրանք էլ ունենային մեկը, որ մենք էլ ուզենայինք  մերը լիներ»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

Բանախոսը նշեց, որ Սայաթ-Նովան ամենաշատ երգվածն ու երգվողն է, ամենատարածված անունը հայ աշուղական արվեստի մեջ, բայց Սայաթ-Նովա են հաճախ կատարում մարդիկ, ովքեր նույնիսկ նրա գրքի տեղը չգիտեն, որ բացեն տեքստը, կարդան, շատ ամոթ է, երբ աղավաղումներով է երգվում Սայաթ-Նովան:

«Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ, և դու պետք է ծառայես նրան», – հավելեց Թովմաս Պողոսյանը:

Մայիսի 15–ը ընտանիքի միջազգային օրն է

family dayՄայիսի 15-ն իբրև Ընտանիքի միջազգային օր է ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայկական պաշտոնական տոնացույցում ևս այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր: Այն տոնում են նաև Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ նախագահների հրամանագրերով`  Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:

Դեռ Արիստոտելն էր ասում, որ չկա տարրերի ավելի կատարյալ միություն, քան ընտանիքն է:

Հայկական ընտանիքը, թվում է, թե ունի կայուն և անքակտելի հիմք, բայց մասնագետների պնդմամբ ներսում ունի նաև բազմաթիվ խնդիրներ:

Այսօր հայկական ընտանիքում բավականին խզված է միջսերնդային կապը` ծնող-երեխա հարաբերությունները: Հոգեբան, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նման խնդրի պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են, որոնց հետևանքով նվազել են ռեալ, իրական շփումները: Նրա դիտարկմամբ, այդ կապի թուլացման պատճառով ծնողները չեն կարողանում փոխանցել իրենց երեխաներին այն արժեքները, որ իրենք են ստացել իրենց ծնողներից, վերջիններս էլ իրենց ծնողներից, այսինքն`  սերնդեսերունդ փոխանցված արժեքները:

Ասուլիսի մյուս բանախոս,  ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ հայ ընտանիքում նկատելի են հիմնախնդիրներ, որոնք առնչվում են գլոբալիզացիային: Նրա դիտարկումներով` միջանձնային հարաբերությունները հայ հասարակության մեջ ավելի ջերմ են, քան ամերիկյան, եվրոպական հասարակություններում, ուստի, ընդունելով նորը, հնարավորինս պետք է կարողանանք պահպանել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից:

Լարա Առաքելյան

ՄԱԿ. մարդիկ պետք է ավելի շատ միջատներ ուտեն սովի դեմ պայքարելու և բնության աղտոտումը նվազեցնելու համար

u2ՄԱԿ-ը սովի դեմ պայքարելու, սնումը խթանելու և աղտոտումը նվազեցնելու համար նոր միջոց է առաջարկել:

Սակայն երկրագնդի վրա սովի դեմ պայքարելու միջոցը այնքան էլ ախորժաբեր չէ՝ նրանք առաջարկում են, որ մարդիկ սկսեն միջատներ ուտել:

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը տեղեկացրեց, որ ծղրիդները, մրջյունները և այլ նմանատիպ միջատներ մարդու և ընտանի կենդանիների կողմից ոչ բավարար կերպով օգտագործվող սննդի տեսակներ են:

Հռոմում գտնվող մասնաշենքում կազմակերպված ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ հրապարակված 200 էջանոց զեկույցում նշվում է, որ աշխարհում արդեն 2 միլիարդ մարդ իր սննդակարգում օգտագործում է միջատներ, որոնք հարուստ են պրոտեիններով և օգտակար հանքային միացություններով, ինչպես նաև բնապահպանական օգուտներ ունեն:

Գործակալությունից տեղեկացնում են, որ միջատները նաև արդյունավետ կերպով կերը վերածում են սնվելու համար պիտանի մսի:

Միջինում նրանք 2 կիլոգրամ կերի դիմաց տալիս են 1 կլիոգրամ միս, իսկ ընտանի կենդանիները 8 կիլոգրամ կերից են մեկ կիլոգրամ միս տալիս:

Ներկայումս ուտելու համար պիտանի միջատները գտնվում են անտառներում, իսկ միջատաբուծությունը հիմնականում ընտանեկան շրջանակներում է արվում:

ՄԱԿ-ից հայտնում են, որ հատուկ մշակված մեխանիզմը կարող է զարգացնել գյուղական համայնքներում միջատների բազմացումը: Օրինակ ձկների համար օգտագործվող խայծի արտադրությունում երկար ժամանակ է, ինչ միջատներ են բազմացնում:

Սննդի գործակալությունից տեղեկացնում են, որ միջատների բուծումը սննդի և սնվելու անվտանգության համար պայքարելու բազմաթիվ ուղիներից մեկն է:

Միջատները հարուստ են նաև պղնձով, երկաթով, մագնեզիումով, մանգանով, ֆոսֆորով, սելենով և ցինկով, ինչպես նաև նյարդաթելերի աղբյուր են հանդիսանում:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջատները ամենուր են և արագ բազմանում են, ինչպես նաև մսի և ձկան համեմատությամբ՝ դրանք բարձրորակ պրոտեիններ և սննդարար նյութեր են պարունակում և շատ կարևոր սնունդ կլինեն թերսնուցում ստացած երեխաների համար:

Այն հարցի կապակցությամբ՝ արդյո՞ք դրանք համեղ են, զեկույցում նշված է, որ հարավային Աֆրիկայում որոշ թրթուրներ և որոշ մրջյունների ձվեր հարավարևելյան Ասիայում համադամ ուտեստներ են համարվում և շատ թանկ արժեն:

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա են գտնվել Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը

3006Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Մինչ այդ, Բելառուսի Նախագահը, այցի շրջանակներում, առավոտյան այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան:

 

Ո՞ւմ ջաղացին են ջուր լցնում ավեդիկյանականները

AnoushԵթե թերթատենք  անգամ 100 տարի առաջվա մեր արևելահայ ու արևմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք  մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում   տեղի ունեցող երևույթների մասին առնվազն մի քանի թերթերում հոդվածներ, գրված թատերագիտական, երաժշտագիտական և  մշակութաբանական տարբեր մոտեցումներով։ Քննադատական  միտքը համաչափ ընթացել ու ուղեկցել է  արվեստների զարգացմանը։ Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն հօգուտ  մեր ժողովրդի բազմակողմանի  տաղանդի զարգացման։ Բնականաբար որևէ ներկայացման մասին  մանրամասն  հոդվածներն արտահայտել են  և դրական, և մերժողական, ինչպես նաև խորհրդատվական  վերաբերմունք։ Նման վերաբերմունքն իրական արվեստի ու նրա  գործիչների համար  զարգացման կարևոր  խթան է հանդիսացել ու այսօր էլ շարունակում է հանդիսանալ քաղաքակիրթ հասարակություններում։ Ինչպե՞ս  եղավ, որ  ավելի քան երկու տասնամյակ է, այս ձայնը լռել է։ Կորա՞ն մեր արվեստաբանները, երաժշտագետները, գրականագետները, սրտացավ հանդիսականը… Կարծես թե անապատում ենք հայտնվել։ Ո՛չ  հրաշալի, և ո՛չ էլ  ներկայացում հիշեցնող միրաժների մասին ոչ մի տող  չենք գրում, չենք խոսում, չենք հիանում ու  կարեկցում։ Իսկ եթե հանկարծ ժամանակ առ ժամանակ ազնիվ   մտահոգության արդյունք բռնկումներ են լինում մամուլում, ապա  այն «մաքառող միջակության» կողմից ինքնապաշտպանական մի այնպիսի  սվինների ես հանդիպում, որ   միայն ապշել կարելի է, թե ու՞ր  և ի՞նչ մակարդակի է հասել մեր «արվեստը»։          Պաշտպանվելու միակ ճանապարհ են ընտրել հարգարժան  մարդկանց  պիտակավորելու, իրենց կարգին սպառնալու տակտիկան, ստալինյան ժամանակները մտաբերելով ու զուգահեռներ անցկացնելով։  Անգամ ներկայացումը չնայած հաղորդավարներն ու հաղորդման մասնակիցներից ոմանք  հեռուստաէկրանից «խորհուրդ են տալիս» չգրել, չգրել, չգրել…, մանավանդ ղեկավարությանը։ Չէ ՞ որ մենք գերմանացիներ չենք, որոնք օրերս  հանդիսականի, քաղաքապետի և կառավարության մակարդակով արգելեցին  և խաղացանկից դուրս շպրտեցին Վագների «Տանհոյզեր»ի դյուսելդորֆյան մոդեռն ներկայացումը։ Այն ևս ավեդիկյանական  «Անուշ»ի նման փորձարարական անհաջող մոդերնիզմի զոհերից էր դաձրել։ Ավելին, «հանցավոր բեմադրիչը», Բուրկհարդ Կոսմինսկին   որ «արդեն ժողովրդին էր թողել» իր  բեմադրությունը, ստիպված է վերադարձնել ծախսված միջոցները։ Այ ժողովուրդ…,  որն իր ղեկավարության  մակարդակով տեր է կանգնում  և չի թույլատրում պղծել  իր ազգային մշակութային արժեքները։ Սա՞  էլ կապ ունի ստալինյան  ժամանակների նրանց մտաբերման հետ։

Չմոռանանք ռուս մտավորականության ընդվզումը վերջերս Մեծ թատրոնում  Չայկովսկու հայտնի օպերայի մոդերն բեմադրության առիթով։

Տեղին  հիշվեց նաև  Կարեն Դեմիրճյանի կողմից «Պեպո»ի բեմադրության  արգելելը։ Աճեմյանական բեմադրության մեջ գլխավոր հերոսի կերպարը  հանճարեղ մարմնավորած ականավոր դերասանը ցանկացել էր սեփական  մոտեցումներն արտահայտել  իր բեմադրած պիեսը նոր ժամանակներում տեսնելով։  Այս անգամ բեմադրիչը զիջել էր  աճեմյանական  Պեպոյին։ Այո, արվեստների հովանավոր ու գիտակ երկրի առաջին քաղաքական այրի մակարդակով այս սխալը կյանք չունեցավ (ԱՌԱՎՈՏ, 1.05.2013, էջ 6, Սամվել Դանիելյան, Ավեդիկյանը խմբագրել է 100-ամյա «Անուշը»)։

Սա  հիշեցնում է նաև այն, որ երբեմն տաղանդավոր կոմպոզիտորներ,  երգիչներ, արվեստագետներ փորձում են   դիրիժորական փայտիկը վերցնել ու կանգնել նվագախմբի առջև։ Որպես կանոն,  շատ քչերին է հաջողվում  չպսակազերծել  հայտնի ու բարի համբավը։ Լավագույն փիլիսոփայությունն այս առթիվ՝ «ամեն մեկն իր իմացած գործով պիտի զբաղվի» նշանաբանն է։

Միթե խղճի խայթ  չեն ունենալու, որ մի հյուրախաղի պատճառով պիտի խայտառակեն և իրենց, և  մեր մշակույթը, էլ չեմ ասում    Տիգրանյանի ու Թումանյանի ժառանգությունը։ Ֆրանսիան չի փախչի, գուցե  այնտեղ գնալու ավելի բարոյական ուղի ընտրվեր։ Միևնույնն է, հյուրախաղերի մասին  վարձու հոդվածները (այստեղի օրինակով), հնարովի պատմությունները «մեծ հաջողության» մասին ի վերջո հօդս են ցնդում մեր հայրենակից հանդիսականների առաջին իսկ Երևան զանգահարությունների հետ՝  «ամոթ չի՞ գաք մեզ խայտառակեք…»։

Մի քանի տարի առաջ թատրոնների  գեղարվեստական խորհուրդների  հանցավոր ոչնչացումն այսօր մեզ այս տխուր փաստի առաջ է կանգնեցրել։  Արվեստի  ոչ մի քննադատ ոչ միայն չի ուզում խոսել, գրել, այլև փիլիսոփայաբար որոշում է ընդունել չայցելել  թատրոններ, ցուցասրահներ  ու չնյարդայնանալ։ Միևնույնն է՝ գերիշխում է  հովանավորյալ տգիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, «մաքառող միջակությունը» ։

Ադրբեջանցի մեր հարևանները «Հայկական օպերան և պատմության  զեղծարարության փաստերը» վերնագրով ինտերնետային կայքում գրում են, որ «XX դ. սկզբին հայ երաժշտաբեմական ստեղծագործություն չի եղել։ Եթե իհարկե նկատի չունենանք Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը ներկայացվեց Ալեքսանդրապոլում  1912թ. սիրողական ուժերով, 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբով։ Ահա թե ինչու։

1959թ. հրատարակված «Երաժշտական հանրագիտարանում» առաջին հայկական օպերան համարվում է «ժողովրդա–կենցաղային», ավելի ստույգ՝  «իր սկզբնական վիճակում այն ոչ թե  ավանդական հասկացությամբ օպերա է եղել, այլ՝ թատերական ներկայացում, զարդարված մի քանի ժողովրդական երգերով։  «Օպերային լիբրետոներ» (1962թ., ռուս.) գրքում նշվում է, որ «Անուշ» օպերայի ստեղծումը եղել է Ա.Տիգրանյանի վաղեմի երազանքը։ Սակայն  չի կարելի չնշել այն փաստը, որ այս սյուժեի հիման վրա երկար աշխատել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը։ Սպենդիարյանը ևս մերժել է Թումանյանի  կողմից   իր պոեմի հիման վրա օպերա գրելու առաջարկը։ Այսպիսով «Անուշ»ի սյուժեի հիման վրա եղած երաժշտական ձևավորման բազմակի անդրադարձները ակնհայտորեն փաստում են Արմեն Տիգրանյանի «Անուշ»օպերայի   նախնական վիճակում եղած մակարդակը»։

            Մենք բոլորովին էլ չենք պատրաստվում մեկնաբանել հայ երաժշտական մշակույթի ձևավորման ավանդույթները, ինչպես նաև հայ եկեղեցական գործիչների կողմից այս ավանդույթը լոկ հայ մոնոդիկ երաժշտության ուղով զարգացնելուն միտված ջանքերը։ Բնականաբար նաև այն շրջանցողների նկատմամբ դրսևորած դիմադրությունը։

Մենք ստիպված ենք նշելու,  որ իսկապես այդ տարիներին Կոմիտասի, Նիկողայոս Տիգրանյանի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա–Մուրզայի և հայ  մյուս կոմպոզիտորների  մեծ ֆորմատի ստեղծագործություններ ստեղծելու  փորձերն ավաղ մնացել են որպես լոկ բարի ցանկություններ։

1912թ. Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով ներկայացված «Անուշ»ի բեմելը  բաղկացած է եղել  4 գործողությունից և 7 պատկերներից։ Լիբրետոյի հեղինակը եղել է Արմեն Տիգրանյանը, իսկ գործիքավորումը կատարել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ղեկավար Բուրկովիչը։

Արմեն Տիգրանյանի և  Ս.Շաթիրյանի կողմից վերախմբագրված 5 գործողությամբ և 7 պատկերներից և վերջերգից (էպիլոգ) բաղկացած օպերան դիրիժոր Գ.Բուդաղյանի մեծ ջանքերի շնորհիվ   վերագործիքավորվել է, հարմարեցվել սիմֆոնիկ մեծ նվագախմբի հնարավորություններին համապատասխան։ Հենց Գ.Բուդաղյանն էլ 1935թ. մարտի 27-ին ղեկավարել է «Անուշ»ի պրեմիերան։ Նույն խմբագրման վերջնական տարբերակը կոմպոզիտոր Անուշավան Տեր Ղևոնդյանի կողմից հարստացվել է և 1939թ. հոկտեմբերի 22-ին ներկայացվելով Հայ մշակույթի տասնօրյակի օրերին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ բուռն ու խանդավառ ընդունելության է արժանացել։

1950թ. ապրիլին, Արմեն Տիգրանյանի մահվանից մեկ ամիս անց կայացել է օպերայի նոր բեմադրությունը մեծահամբավ Արմեն Գուլակյանի  կողմից։ Դիրիժորական վահանակի մոտ է եղել  ականավոր մասետրո Միքայել Թավրիզյանը։

1956թ. ևս մեկ նոր, առավելագույնս հղկված բեմադրություն Արմեն Գուլակյանի կողմից։ Նույն թվականին այն Հայ մշակույթի տասնօրյակի օրերին դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում անասելի մեծ հաջողություն է ունեցել, ցնցելով խորհրդային երկրի մայրաքաղաքի  արվեստասեր հասարակայնությանը։ Հետագայում, նվագախմբի գործիքավորման հարստացման մեջ իր ավանդն է ունեցել նաև Բորիս Սակիլլարին։

«Անուշ» օպերան իր վերելքի հաղթարշավը շարունակել է  Թումանյանի 100-ամյակի առթիվ կատարված աճեմյանական հրաշալի ներկայացմամբ, որը 1969թ.  Օհան Դուրյանի ղեկավարությամբ Մոսկվայի Համագումարների պալատի դահլիճում  բուռն հաջողություն է արձանագրել։

1994 թ. օպերայի զարգացման ճանապարհը շարունակում է Տիգրան Լևոնյանի բեմադրությունը։ Այն հաջողությամբ ցուցադրվում է  ԱՄՆ-ում և Մոսկվայում։

Հետագայում ներկայացումը 2004թ. բեմադրվել է երգիչ Գեղամ Գրիգորյանի կողմից։

Այսպիսով, նման փառավոր զարգացման ուղի անցած «Անուշ» օպերայի ներկայացումը, որի պատմությունը միահյուսված է մեր բեմարվեստի  պայծառ  անունների, երաժշտական մշակույթի աստղերի հետ՝ այսօր վերադառնում է   «Ոսկե ձկնիկի» պառավի հին տաշտակին, ապացուցելու ոչ թե մեր ժողովրդի հանճարեղ ոգու գոյատևումն ու զարգացումը, այլ՝ ադրբեջանական հանրագիտարանային բարբաջանքները։

Օպերային մշակույթի ավանդույթներին անտեղյակ վավերագրող Սերժ Ավետիքյանը արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդում սևագրությունների մեջ իր պեղումներով։ Սևագրություններին կարելի է անդրադառնալ, եթե տվյալ գործի  արդեն մշակված տարբերակները ոչնչացել են, կորել և մնում է միայն այս ճանապարհով այն վերականգնել։ Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ավետիքյանն ու նրա համախոհները։

Ավեդիկյանական ջատագովների կեցվածքը փաստում է, որ նրանց չի հուզում ազգային մշակութային արժեքների խնդիրը։  Նրանք ոչ թե փորձում են  փրկել, շտկել իրավիճակը, այլ ամբողջ ուժով աշխատում են  իրենց անորակ ներկայացման համար մեղադրել  դիմացինին, շրջել հարցի էությունը, խնդիրը  անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով։ Սա չափազանց ցավալի փաստ է։

Ամենաթողության, անարխիայի այս մթնոլորտը  ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։  Հարկ է, որ տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած  գոհարներին՝ Նախագահից մինչև  պարզ հանդիսատես։

 

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիրիժոր

 

Եղանակը ՀՀ տարածքում

big_1368523759_1366297792-73ՈՒշադրություն

Մայիսի 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 15-ին և 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 16-ին, 17-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 19-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 18-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Մայիսի 15-ին, 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, 16-ին, 17-ին, 19-ին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   32.20C (1958 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      5.60C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  17.10C

«ՀայՌուսգազարդ»-ն առաջարկում է գազի գինը բարձրացնել 67 տոկոսով

գազ«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն  դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ«Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով. Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից:

Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`

– գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
– առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`

– գործող բանաձևը` P =243.13 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, 7900կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
– առաջարկվող բանաձևը` P = 392.05 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`

– գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի բաշխման`

– գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի փոխադրման`

– գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց,լուսանկարներ

MHM78011Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:  Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը մեղադրվում են նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պատվերով մեկ այլ թեկնածուի`  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Մշակույթի նախարարությունը վերջապես դիմել է քաղաքապետարան` փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով

փակ շուկաՄաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հարակից շենքերի բնակիչների և լրագրողների ահազանգերի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով նախարարության աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում՝ լուսանկարել, փաստագրել են շենքի հետնամասում  վերսկսված շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով՝ 2013 թ. մայիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև մայիսյան տոների նախօրեն Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին և շենքի 0,00 նիշից բարձր որևէ աշխատանք չի իրականացվել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ ս. թ. մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Ըստ որի, անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ /որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին և որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ/ ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

1 (5)Ադրբեջանի զինված ուժերն այսօրվանից լայնածավալ զորավարժություններ են սկսել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալները, զորավարժություններին մասնակցում է երկրի ցամաքային և ռազմաօդային ուժերի անձնակազմը:

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև այս շաբաթվա վերջ, ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Արխիվը յուրաքանչյուր ազգի հիշողությունն է

արխիվՀայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության  հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես  փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված հիշատակի և տոնական օրերին: Այս թեմաների շուրջ է  մեր զրույցը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ:

– Կառավարությունը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ արխիվային նյութերի թվայնացման գործընթացին, ինչքանո՞վ էր այն անհրաժեշտ:

– Այսօր՝ XXI դարում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, արխիվը Հայաստանում և ողջ աշխարհում կանգնել է նոր մարտահրավերների առջև: Մեր օրերում արդեն թղթե կրիչով փաստաթղթերի հետ զուգահեռ ստեղծվում են նաև էլեկտրոնային փաստաթղթեր, և անհրաժեշտ է մտածել դրանց պահպանման, դասակարգաման և օգտագործման մասին: Խնդիրը բարդանում է նրանով, որ աշխարհում տեխնիկական առաջընթացը տեղի է ունենում արագ տեմպերով, և անհրաժեշտություն է առաջանում մտածելու նոր տեխնիկական լուծումների, արդիականացման ուղղությամբ: Երկրորդ հարցն արդեն իսկ արխիվում գոյություն ունեցող փաստաթղթերի թվայնացումն է, որը կերկարացնի նրանց կյանքը, ինչպես նաև կդարձնի օգտագործման համար առավել մատչելի: Արխիվում էլեկտրոնային քարտարանների ստեղծումը սկսել ենք շուրջ տասը տարի առաջ, իսկ բուն թվայնացումը՝ 3-4 տարի առաջ: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է շուրջ 400 մլն փաստաթուղթ, և այս պահին թվայնացված է դրանց 0.05 տոկոսը: Սա այնքան էլ մեծ թիվ չէ, և դա հաշվի առնելով է, որ արխիվի նոր նախատեսվող հայեցակարգով պլանավորվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով Հայաստանի արխիվային համակարգը կհամապատասխանեցվի համաշխարհային ստանդարտներին:

– Ի՞նչ վաղեմություն ունեն արխիվում պահպանվող փաստաթղթերը, և ի՞նչ մեխանիզմով են դրանք հավաքվում:

– Արխիվում պահապանվող փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում են 1828 թ. հետո ընկած ժամանակաշրջանին, երբ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այս կամ այն կերպ սկսվեց պետական փաստատթղթերի համակարգումն ու արխիվացումը: Իսկ առավել համակարգված այն սկսվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ամենահին փաստաթղթերը վերաբերում են XVI-XVII դարերի պարսկական տիրապետության շրջանին: Հայկական փաստաթղթերի մի զգալի մասն էլ պահվում է ԱՄՆ Բոստոն քաղաքում, որոնք հիմնականում առաջին հանարապետության տարիների փաստաթղթերն են և այնտեղ են հայտնվել Հայաստանից հեռացած դաշնակցական գործիչների միջոցով:

– Որևէ պետության ու հատկապես մեր երկրի համար որքանո՞վ է կարևորվում այս կառույցի գործունեությունը և ի՞նչ քայլեր են արվում այն առավել արդիականացնելու ուղղությամբ:

– Արխիվը ազգի հիշողությունն է, և դրա պահպանումը կարևոր աշխատանք է սերունդների համար: Մեր տնօրենի՝ Ա.Վիրաբյանի նախաձեռնությամբ պատրաստվող նոր հայեցակարգի շնորհիվ, փաստորեն, արխիվային գործը ՀՀ-ում կթևակոխի զարգացման նոր փուլ:

– Կա՞ն արդյոք այնպիսի նյութեր, որոնք հանդիսանում են անձնական սեփականություն և որոնց կիրառումն ու արտատպումը տարբեր նպատակներով արգելվում է:

– Նշեմ, որ արխիվում գտնվող բոլոր փաստաթղթերը, անկախ նրանց ծագումից, ապագաղտնիացված են, լինեն պետական թե անձնական արխիվներ: Անձնական արխիվները հիմնականում հայտնի պետական մշակութային գործիչների գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են, որոնք հաճախ իրենք կամ ժառանգները տրամադրում են մեզ: Արխիվային փաստաթղթերի օգտագործումը և դրա սահմանափակումը կարգավորվում են օրենքով և հիմնականում վերաբերում են այն նյութերին, որոնք պարունակում են նեղ անձնական բնույթի տեղեկատվություն: Մեր արխիվները, ի տարբերություն, ասենք` թուրքական արխիվների, բաց են բոլոր հետազոտողների համար, անգամ` օտարերկրյա, և նշեմ, որ տարեկան բազմաթիվ հետազոտողներ ենք ունենում արտասահմանից:

Նշենք, որ փաստաթղթերի թվայնացումը Հայաստանի ազգային արխիվում սկսվել է 2011 թ., իսկ ֆիլմերի (խոսքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերի մասին է) թվայնացման աշխատանքները սկսվել են 2008-ին: Ազգային արխիվում պահվող շուրջ 1500 վավերագրական ֆիլմերից 1000-ն արդեն թվայնացվել են:

Լ.Ն

 

Անջելինա Ջոլիի կուրծքը հեռացրել են

bb_horizontal_bigger19268914Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը ցնցող խոստովանություն է արել. չարորակ քաղցկեղի զարգացման մեծ ռիսկի պատճառով նա վճռել է ենթարկվել մասթէկտոմիայի` կրծքագեղձի լրիվ հեռացման: Խոստովանության ամբողջական տեքստը հայտնվել է New York Times-ի հերթական համարում: Դերասանուհու խոսքով, ում մայրը` Մարշելին Բերթրանը,  ձվարանների քաղցկեղից մահացել է 6 տարի առաջ,  բժիշկները նրա մոտ BRCA1  գեն են հայտնաբերել ու տեղեկացրել, որ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը կազմում է 87%, իսկ ձվարաններինը` 50%:

“Դրա մասին իմանալով` ես իսկույն որոշեցի նվազեցնել ռիսկն այնքան, որքան հնարավոր է ու մասթոէկտոմիա կատարել: Ես որոշեցի սկսել կրծքից, քանի որ ինձ մոտ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծ է”:

Ընդհանուր առմամբ բժշկական պրոցեդուրան 3 ամիս է տևել` փետրվարի 2-ից  ապրիլի 27-ը: Արդյունքում, կուրծքը փոխարինել են իմպլանտներով: Այս ամբողջ ընթացքում նա շարունակել է ակտիվորեն աշխատել: Նրան հաջողվել է ամեն ինչ գաղտնի պահել, սակայն վիրահատության ավարտից հետո որոշել է իր փորձը կիսել ողջ աշխարհի կանանց հետ:

“Ես գրում եմ դրա մասին, քանի որ կարծում եմ, որ իմ փորձը օգուտ կտա ուրիշ կանանց: Քաղցկեղը  բառ է, որն առաջվա պես սարսափ է տարածում ու անկարողության զգացում: Սակայն, մեր օրերում հնարավոր է արյան անալիզ  կատարել ու իմանալ, թե որքանով եք դուք ենթակա   կրծքագեղձի  ու ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգին  ու միջոցներ ձեռնարկել: Հիմա ես իմ երեխաներին ասում եմ, որ նրանք կարող են չվախենալ, որ կարող են ինձ դրա պատճառով կորցնել”:

Ջոլիի խոսքով, իր որոշումը պաշտպանել է նաև ընտրյալը` Բրեդ Փիթը: Ամենը հեշտությամբ չի տրվել, սակայն հիմա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազել է , հասել  5%-ի:

 

Ամերիկացին սիրամարգ բռնաբարելու համար կկանգնի դատարանի առաջ

o_773976Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչը սեքսուալ բռնության համար պատիժ կկրի:  Այլասերվածի զոհը Ֆիլ անունով սիրամարգն էր: Թռչունի դիակը գտել են  նրա ավտոտնակում:

Ոստիկանները ձերբակալել են  64-ամյա Դեվիդ Բեկմենին: Պարզվել է, որ տղամարդը օրենքի հետ խնդիրներ է ունեցել: Նա ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել անչափահասի նկատմամբ մանկապղծության և ծեծի  երկու  դեպքերի  պատճառով: Բեկմենի  “ծառայողական ցուցակը” դրանով չի վերջանում. նրա հաշվին կա հեռախոսային շորթումներ և թմրանյութ թաքցնելը: Հետաքննելով այդ դեպքերը`  ոստիկանները ավտոտնակում հայտնաբերել են սատկած սիրամարգին: Դեպքը  կատարվել է ապրիլի  28 -ին:

Ոստիկանությունում չեն կարողանում ասել թռչնի մահվան ճշգրիտ ժամանակը և պատճառը: Նաև դեռ չի պարզվել` ինչ կապ ունի սատկած սիրամարգը անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնության հետ: Ոստիկանությունը չի բացառում , որ այդ երկու դեպքերը փոխկապակցված են:

Ինչպես հաղորդում է  Daily Herald թերթը, Բեկմենին ձերբակալել են մայիսի  8 -ին: Նրան մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Նրան մեղադրանք կառաջադրեն հունիսի 12 -ին: Նա դեռ բանտում է, բայց հնարավորություն ունի գրավի դիմաց ազատ արձակվելու:

Բնապահպանական  PETA կազմակերպությունը դեռ  2011 թ.հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ սեքսուալ բռնության դեպքերը այնքան էլ հազվադեպ չեն: Ամենաշատն  այլասերվածության զոհերը լինում են կենդանիները, որոնց բազմացնում են ֆերմաներում` խոզերից մինչև հնդկահավեր: Բնապահպանները եզրակացնում են. կենդանիների նկատմամբ բռնություն կատարողներին հազվադեպ է հաջողվում պատժել:

Առաջին բուժօգնություն երեխային

ognutyunԵթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը:

Ծանոթ պատմություն է. մայրը  տաք  կաթսան կամ թեյնիկը թողել է սալօջախի ծայրին, կամ հայրիկը եռման սուրճը  թողել է սեղանին ու անուշադրության մատնել: Իսկ փոքրիկներին միշտ էլ  չափազանց հետաքրքրում է, թե այդ ինչ են անում մեծերը, ինչ են ուտում կամ խմում: Ու նման ճանաչողական փորձերը հիմնականում անցանկալի ավարտ են ունենում: Երեխան հետաքրքրասիրության հետևանքով այրվածքներ է ստանում, թունավորվում, վնասվում:

Թողնենք  մեծերին խորհուրդ ուղղելը, որ պետք է անվտանգություն ապահովել փոքրիկի համար, չէ որ նրա հետաքրքրությունների ու ճանաչողության, իմացության ծարավն այդ տարիքում անսահման է: Բնականաբար, անցանկալի է երեխային պատահող  յուրաքանչյուր բան, որը կարող է  նրան ցավ ու հետագայում էլ տհաճություն պատճառել: Ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է իմանա, թե ինչ կերպ կարող է առաջին օգնություն ցույց տալ տուժած փոքրիկին:

Ուրեմն, եթե երեխան նման արարքի հետևանքով,  ասենք, վնասել է գլուխը, ապա պետք է նրան ուղիղ, հարթ տեղ պառկեցնել, վնասված մասին սառը թրջոց դնել ու տաքանալուն պես կրկին արագ-արագ փոխել այն: Եթե երեխան գլխապտույտ ու սրտխառնոց ունի, ապա անմիջապես շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան ինչ-որ բանից այրվածք է ստացել (տաք կաթսա, ջուր, սուրճ), ապա առանց հապաղելու այրված հատվածը սառը ջրով ցողեք, ինչը կմեղմի ցավն ու մրմուռը: Առաջին բուժօգնության որակից էապես կախված է այրված հատվածի ապաքինումը: Իսկ երբեմն ժամանակը կորցնելու, ինչպես նաև այրվածքների հետևանքով առաջացած բարդությունները կարող են  ծանր հետևանքներ ունենալ:Լինում են դեպքեր, երբ ոչ գրագետ օգնության պատճառով պատահարը մահվան ելքով է ավարտվում: Այրվածքային հիվանդությունները ծանր ընթացք են ունեում: Վնասված հյուսվածքների վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Փոքրիկ հիվանդը ցավեր է ունենում, իսկ ամենից շատ այրվածքների հետևանքները ծանր են տանում 24 ամսականից փոքր երեխաները:

Ուրեմն, եթե երեխան այրվածք է ստացել, ապա հարկավոր է առաջին հերթին հանել հագուստը, եթե այն կա, ապա, հանգստացնող որևէ միջոց տալ: Յուղոտ քսուքներ կիրառելը ճիշտ չէ այդ պահին, քանի որ մաշկի վրա կարող է հաստ պաշտպանական թաղանթ գոյանալ, որը կփակի օդի մուտքը, հետևաբար վերքը չի հովանա: Չի կարելի նաև ձիգ փաթաթել այդ հատվածը: Ուրեմն, եթե այրվածքի հետ գործ ունեք, ապա պետք է դրա վրա մաքուր, խոնավ վիրակապ դնել` առանց կապելու:  Բացի այդ, այրվածքից առաջացած բշտերը ոչ մի դեպքում չի կարելի ծակել կամ տրաքացնել: Եթե այրվածքը խորն է, ապա շտապօգնություն կանչեք: Մինչ այն տեղ կհասնի, այրված հատվածը ստերիլ թանզիֆով ծածկեք: Որևէ բան ցանել կամ քսել հարկավոր չէ:

Եթե փոքրիկի շնչափողի մեջ  մանր իր է ընկել, ապա փորձեք  նրան ինչ-որ հազացնող միջոց տալ, ու  եթե իրի պատճառով հազում է, ապա ոչ մի դեպքում մի փորձեք հազը կանգնեցնել: Երեխային գլուխը կախած դիրքով հենեք ձեր ծնկներին  և թեթևակի թփթփացրեք թիկունքին: Այս դիրքը  հնարավորություն կտա ազատվելու օտար մարմնից: Եթե չստացվի, ապա շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան  լվացքի հեղուկ կամ քացախ է  խմել, ապա  մինչ շտապօգնության գալը երեխային շատ ջուր կամ հանքային ջուր խմացրեք, այնքան, որ նա կարողանա փսխել:

Եթե փոքրիկն ականջի մեջ իր է մտցրել, ապա մի փորձեք ինքնուրույն հանել այն, քանի որ չի բացառվում, որ վնասեք թմբկաթաղանթը: Դա պետք է անի միմիայն բժիշկը: Իսկույն երեխային տարեք բժշկի: Եթե երեխան կոճակ է մտցրել  քթի մեջ, ապա ազատ քթանցքը սեղմեք ու թողեք, որ երեխան քթով ուժեղ արտաշնչի: Եթե իրը խորը չի մտել, ապա դուրս կգա անմիջապես, իսկ եթե չստացվի, ապա բժիշկ կանչեք ու հետևեք, որ երեխան այդ ընթացքում շնչի միայն բերանով, հակառակ դեպքում հնարավոր է, որ ներշնչման հետ այն ավելի խորը գնա:

Եթե փոքրիկն ինչ-որ բանով ինքն իրեն վնասել է, կտրել է  կամ էլ քերծել, ապա վնասված մասն իսկույն մշակեք ջրածնի գերօքսիդով: Վերքի եզրերը բրիլիանտի կանաչով մշակեք, ապա վիրակապ դրեք: Եթե վերքը խորն է, ապա դիմեք մասնագետի:

Եթե երեխան դեղահաբ է կուլ տվել, ապա շատ արագ երեխայի մոտ փսխում առաջացրեք: Դրա համար մատի վրա խոնավ անձեռոցիկ փաթաթեք  ու սեղմեք լեզվարմատի մոտ: Փորձեք երեխայից իմանալ, թե ինչ դեղ է կուլ տվել ու քանի հատ: Եթե երեխայի մոտ քնատություն է առաջանում, թուլություն կամ էլ գրգռվածություն, ապա դա թունավորման նշան է, իսկույն շտապօգնություն կանչեք:

Եթե փոքրիկը ինչ-որ իր է կուլ տվել, ապա, եթե այն կլոր է` չի վնասի կերակրափողն ու մի քանի ժամից կղանքի հետ դուրս կգա, իսկ եթե իրը սրածայր է, ապա հնարավոր է, որ այն վնասի կերակրափողը , աղիքները կամ ստամոքսը: Եթե երեխան բողոքի փորացավից , ապա անպայման շտապօգնություն կանչեք: Ոչ մի դեպքում լուծողական չտաք:Կերակրեք խորոված խնձորով, կարտոֆիլի խյուսով, ապուրներով :

Հետևեք երեխաներին,   նրանց հասանելի մակերեսներից ու տարածքներից հեռացրեք վտանգ ներկայացնող ամեն ինչ:

Հետաքրքիր փաստեր

  • Պարզվում է` մեր մոլորակի վրա յուրաքանչյուր երրորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման եղանակով:
  • Նորածինների միայն 10%-ն է լույս աշխարհ գալիս նշված ժամանակին, մնացածները կա՛մ շուտ, կա՛մ ուշ են ծնվում:
  • Ամենաշատ ծնունդներ լինում են երեքշաբթի օրը, ամենաքիչը` շաբաթ ու կիրակի:
  • Երկվորյակներ հիմնականում ծնվում են այն ընտանիքներում, որտեղ  նախորդ սերունդներն ունեցել են երկվորյակ: Միջինը` մայրերի 3%-ն է երկվորյակ ունենում:
  • Ծննդաբերությունների թվով ռեկորդակիր է համարվում  բրիտանացի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա ծննդաբերել է 38 անգամ, լույս աշխարհ է բերել 7 տղա և 32 աղջիկ:
  • Ամենաշատ երեխա ունեցել է ռուս գյուղացի Ֆեդորա Վասիլևան, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 69 երեխա է ունեցել 1725-1769 թթ.: Կինը ծննդաբերել է 27 անգամ, ունեցել 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 անգամ` քառյակ:
  • Ամենախոշոր երեխան ծնվել է 10,2 կգ քաշով ու 76 սմ բոյով: Նրա մայրն իտալուհի Կարմելինա Ֆեդելեն էր:
  • Ամենափոքրիկ երեխան ծնվել է Իլինոյս նահանգի Լոյոլի համալսարանի բժշկական կենտրոնում: 2004-ին ժամանակից շուտ լույս աշխարհ եկավ 260 գ քաշով աղջիկ: Նա արդեն մեծացել է ու հասակակիցներից չի տարբերվում:
  • Հղիի հարպտղային հեղուկն այնքան աղի է, որքան օվկիանոսի ջուրը:
  • Աշնանն ու ձմռանը բեղմնավորած երեխաներն  ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան տաք եղանակին բեղմնավորածները:
  • Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխաներն ամենից շատ Ավստրալիայում են:
  • Կորեայում ներարգանդային կյանքը տարիք է համարվում:  Հետևաբար, կորեացիները  փաստաթղթերով մեկ տարով իրենց այլ երկրների հասակակիցներից մեծ են:
  • Իսկ Հնդկաստանում երեխայի ծննդյան օր է համարվում նրան բեղմնավորելու օրը:

 

Ոստիկանները կանգնեցրել են թմրավաճառների ինքնաթիռը` խոյահարելով այն

o_773875Բրազիլիայի իրավապահներին հաջողվել է ոստիկանական ավտոմեքենայի միջոցով կանգնեցնել թմրավաճառների օդանավը: Սպաների խիզախ գործողությունների շնորհիվ  հանցագործների մոտից առգրավվել է 230 կգ կոկաին:

Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երկրի հարավարևելյան  Սանտա-Վիտորիա քաղաքում: Իրավապահները չվախեցան մեքենայով խրվել օդանավի մեջ, որպեսզի խանգարեն նրան թռչել: Տեսանյութերը, որոնք նկարահանվել են ոստիկանական մեքենայի միջից , նման են մարտաֆիլմի կադրերի: Տեսահոլովակը արդեն հավաքել է 85 հազար դիտում  YouTube-ում:

Կադրի ետևում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ`  ոստիկաններն են կրակում,  թ՞ե հանցագործները: Մի պահ տեսախցիկը ուղղվում է ներքև, հնարավոր է աշխատակիցը, որը այն պահել էր , վիրավորվում է: Արդյունքում ոստիկանանական մեքենան խրվում է թռչող օդանավի պոչի մեջ`  ստիպելով նրան կանգ առնել:

Տեսահոլովակի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, որոնք փորձում էին փախչել ինքնաթիռով:

Եվ դատելով այս ամենից`  կարելի  է ասել, որ ոստիկանական մեքենաներով օդանավերին խոյահարելը Բրազիլիայում տարածված պրակտիկա է:  2011 թ. ցանցում հայտնվեց նմանատիպ տեսանյութ: Ոստիկանները  մեքենայով հարվածել էին օդանավի թևին`թույլ չտալով նրան թռչել: Արդյունքում ձերբակալվել էին նույնպես հինգ հոգի, նրանցից առգրավել էին ավելի քան 200 հազար դոլարի բեռ: Ծառայողական ավտոմեքենային հասցրած վնասը կազմել է 400 դոլար:

Եթե միայն այդ շան բախտը բերի ու նրան նկատի «Դինգոյի» կամավորը…

շունՄասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը 2008-ից զբաղվում է կենդանիների պաշտպանության խնդիրներով:

941322_10151409266553244_1131991387_n

Օվսաննա Հովսեփյան

Հիմնել է «Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ» ՀԿ-ն, որն արդեն Ֆեյսբուքում ունի 1600 ակտիվ անդամներով խումբ և շուրջ 3000 համակիրներով էջ:

Խմբում ակտիվ լինելը պարտադիր է. եթե գործնականորեն ակտիվությունդ չես ապացուցում, ապա հեռացվում ես: Այս  խիստ կանոնները նրա համար են, որ խմբում իսկապես հավաքվեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները ներդնել այս կարևոր ու խիստ դժվարին գործում:

Խմբի կամավորներից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում է մասնակցում կենդանիների պաշտպանությանը: Նրանք գտնում են փողոցային անպաշտպան կենդանիներին, ժամանակավորապես պահում իրենց մոտ, ստերջացնում, վիրավորներին ու հիվանդներին բուժում, դրամահավաք կազմակերպում, իսկ որ ամենագլխավորն է` փորձում են հոգատար ընտանիք գտնել նրանց համար:

311689_516099751788932_2011643578_nԽմբի գլխավոր կարգախոսներից մեկը հետևյալն է. «Մի՛ գնիր, որդեգրի՛ր»: Այժմ թիմը մի լուսանկարչական նախագիծ է իրականացնում`«Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների»: Ծրագրի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանիներին «որդեգրել»։

Լիլիթ Բասենցյանը խմբին միացել է երկու ամիս առաջ: Միշտ սիրել է կենդանիներ, հատկապես` անօթևան ու անպաշտպան:  Նրան միշտ հետաքրքրել է` Հայաստանում կա՞ արդյոք անօթևան կենդանիների խնդիրներով զբաղվող որևէ կազմակերպություն: Փնտրել է ու գտել «Դինգոյի» ֆեյսբուքյան խումբը: Լիլիթը խմբի ակտիվ անդամներից է:

Այս ընթացքում նա հասցրել է փրկել Մոխի շնիկի կյանքը: «Նրան տեսա այգում` կոյուղու խողովակի մեջ, վախվորած ու սոված: Շունը չէր վստահում մարդկանց ու դուրս չէր գալիս այնտեղից»,- պատմում է նա:

Մի քանի օր շարունակ Լիլիթն այցելել է նրան, կերակրել, մինչև կենդանին ընտելացել է ու դուրս եկել: Նրան տուն է տարել, լողացրել, մի քանի օր անց տեղափոխել խմբի կացարաններից մեկը: Մեկ ամիս անց Մոխին հիվանդացել է: Լիլիթը նրան կրկին իր մոտ է տարել, բուժել, անգամ ինքնուրույն ներարկումներ կատարել: Մոխին այժմ ոտքի է կանգնել:

417928_383424538440098_621061104_n Լիլիթն ասում է, որ այս ամիսներին այնքան սարսափելի իրավիճակների է հանդիպել, որ երբևէ չէր էլ կարող պատկերացնել: «Մի օր խմբի անդամներից մեկը մի շուն էր գտել` վիզը պարանով կապած, սոված ու նիհար: Մեկ ուրիշին էլ գտել էին փողոցում պառկած, ցնցումների մեջ: Տարել էին կացարան, բայց վիճակն այնքան ծայրահեղ էր եղել, որ ստիպված քնեցրել են: Մի հիվանդ շան կյանքը փրկելու համար էլ յոթ օր պայքարեցինք, բայց ի վերջո սատկեց. կապել էին մեքենայից ու քարշ տվել փողոցով: Արնաքամ էր եղել… Մի շուն էլ կա` Ժիվկան: Վզին կացնով հարվածել էին, չէր սատկել: Այդ վիճակով երկար ժամանակ բուժում էինք, կիսամեռ էր, բայց հիմա շատ լավ է»:

Մի խոսքով՝ օր ու գիշեր «Դինգոյի» կամավորները լծված են կենդանիների կյանքը փրկելու և նրանց համար տերեր գտնելու գործին:

165397_516854145046826_2061207328_nՕրեր առաջ թիմն ահազանգ էր ստացել մեքենայի տակ ընկած մի շան մասին: Կամավորները շտապել էին դեպքի վայր և գտել մի փոքրիկ շնիկ` անօգնական պառկած: Կողքի կրպակի աշխատողը պատմել էր, որ նա քնած է եղել, երբ մի մեքենա անցել է դիմացի թաթերի վրայով: Երկու թաթերի ոսկորներն էլ կոտրվել են, և երբ շունը փորձել է այդ ոտքերով քարշ գալ, կոտրված ոսկորները խրվել են մարմնի մեջ և ավելի մեծ վերքեր առաջացրել: Մեկ շաբաթ այդ շունն այդպես անօգնական պառկած է եղել, և որևէ մեկը նրան օգնություն չի ցուցաբերել: Հիմա նա «Դինգոյի» հատուկ կացարանում ստանում է անհրաժեշտ խնամք, շուտով պիտի վիրահատվի:

936938_516854211713486_946106296_n«Դինգոյի» շների հաջողված պատմություններից մեկը բոլորովին թարմ է: Կամավորները գտել էին մի շուն, որը ժամանակին տերեր է ունեցել, սակայն երբ վերջիններս նկատել են, որ շունը ռախիտ հիվանդություն է ձեռք բերել, որի հետևանքով սկսել են կարճանալ թաթերի ջլերը, և նա  այլևս չէր կարողանում նորմալ քայլել, հրաժարվել են նրանից և փողոց նետել: Շունը դանդաղ սովամահ կլիներ, եթե նրան չգտնեին: Երբ կամավորները նրան տանում են բժշկի, վերջինս անգամ խորհուրդ է տալիս քնացնել, սակայն կամավորները որոշում են մի քանի ամիս էլ սպասել: Դա ճակատագրական է լինում շան համար: «Դինգո» թիմի անդամներից մեկը՝ Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, իր կենդանաբույժից տեղեկանում է, որ այնտեղ շների ոտքերի ջլերի վիրահատությունը շատ տարածված է: Նա որոշում է շանը «որդեգրել», տանել Ամերիկա և վիրահատել:

Շունն արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները և անհամբեր սպասում է թռիչքին, որտեղ նրան բոլորովին նոր կյանք է սպասում: Ի դեպ, այդ ամենի վրա Լաուրան շուրջ հինգ հազար ԱՄՆ դոլար է ծախսել:

253210_383508551765030_1078899991_nԹիմի ծախսերի մասին: Օվսաննա Հովսեփյանի խոսքով` բոլոր ծախսերը հոգում են խմբի անդամները: Իսկ ծախսերն ամենևին էլ քիչ չեն` ամսական մոտ մեկ միլիոն դրամ` կացարանների վարձակալության, խնամքի, բուժման, ստերջացման, սննդի և այլ ծախսերի համար:

«Քաղաքապետարանը տարեկան 220 մլն դրամ է ծախսում այդ նպատակով: Բայց ստացվում է, որ տարեկան այդքան գումար ծախսելով` այդպես էլ չի նվազեցնում չստերջացված շների թիվը»:

Բանն այն է, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցը հայտարարում է, որ 30  հազար շուն է ստերջացրել, բայց միաժամանակ ամեն տարի հայտարարում է, որ Հայաստանում 46  հազար նման շուն կա: Այսինքն`  նրանց գործունեության արդյունքում ոչինչ չի փոխվում: «Վերջերս շների գերեզմանոց տեսանք Նուբարաշենի աղբանոցում: Ահավոր վիճակ էր. նախ` սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված չէին, դիակները նեխում էին, և որևէ պատնեշ չկար, բացի այդ, շների մեծ մասը հրազենով և ծակող գործիքներով էր սպանված, մինչդեռ պետք է ներարկման միջոցով նրանց քնացնեն»,-ասում է Օվսաննա Հովսեփյանը և ավելացնում, որ իրենք առաջարկել են համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենց ուժերը համատեղեն այդ գործում: Անգամ առաջարկել են առավել ցածր գներով կատարել ստերջացման և վնասազերծման գործը, սակայն քաղաքապետարանից որևէ արձագանք չեն ստացել:

 

Ալիկ Տիգրանյանը` Հոլանդիայի չեմպիոն

Ալիկ ՏիգրանյանՀոլանդիայի մինչև 16 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ալիկ Տիգրանյանը: Սնեկ քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և  արժանացավ առաջին մրցանակին: