Թուրքիայում ածխահանքի պայթյունի գործով հետաքննություն է սկսվել

 սոմա   Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննություն է սկսվել: Արդեն կալանավորվել է 18 հոգի, որոնց թվում են Սոմա ածխահանքի ղեկավար բարձրաստիճան 5 պաշտոնյաներ: Հայտնի է, որ ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել Սոմա ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռամազան Դողրունը և գործադիր տնօրեն Աքըն Չելիքը: Հետաքննության շրջանակներում, որին մասնակցում է 28 դատախազ, մի կողմից ուսումասիրություն է անցկացվում հանքում, մյուս կողմից հավաքվում են ցուցմունքներ:

Անկախ

Երևան քաղաքի պատմության թանգարանի դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր

թանգարանային գիշեր«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման ընթացքում մինչև կեսգիշեր հարյուրավոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի կհյուրընկալի նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանային գործիչներին՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել մեր պետության համար անչափ կարևոր պատմական-ճանաչողական այդ առաքելությունը նվիրումով կատարելու համար։

«Ուրախալի է, որ շուրջ 10 տարի է Երևանում ավանդույթ է դարձել «Թանգարանների գիշեր» միջոցառումը, այն էլ՝ այսչափ ակտիվ մասնակցությամբ։ Իսկապես, գիշերային մթնոլորտը թանգարանում բոլորովին այլ է։ Երևանի թանգարանները կիրառում են ճկուն մոտեցումներ, բազմաթիվ են նորարարական ծրագրերը, ինչին այսօր ականատես կլինեք նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը և հրավիրել ներկաներին դիտելու «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան և «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» տեսաշարը։

Ի դեպ, 17-19-րդ դարերի Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան այսուհետ, որպես նորարարություն, ընդգրկվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկա «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը, օգտվելով առիթից, Արամ Սուքիասյանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում իրենց գորգերի պատմությունը ներկայացող ցուցահանդեսի կազմակերպմանն արագ արձագանքելու և աջակցելու համար ու, ի նշան երախտագիտության, գորգերի ցուցադրության օրերին գործված զինանշանակիր երկու գորգերից մեկը նվիրել է Երևանի քաղաքապետարանին, երկրորդը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանին։

Այնուհետ, Երևանի քաղաքապետի տեղակալը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, դիտել եռաչափ անիմացիաները։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

 

Իրանցի կանայք բողոքել են առանց գլխաշորի լուսանկարների նախաձեռնության դեմ

iran Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղակայված Պաղեստինի հրապարակում մի խումբ կանայք բողոքել են «Facebook» սոցիալական կայքում հրապարակված առանց գլխաշորի լուսանկարների դեմ: «Իմ գաղտնի ազատությունը» անունը կրող «Facebook»-յան նախաձեռնության մասնակիցները այդ լուսանկարներով իրենց բողոքն են արտահայտում երկրում գլխաշորի պարտադրանքի դեմ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝  այսօր ուրբաթօրյա նամազից հետո հրապարակում հավաքված կանայք դեմ են արտահայտվել այս նախաձեռնության՝ համոզմունք հայտնելով, որ գլխաշորը Ալլահի պատգամն է և այն ժխտողները անամոթներ են:

Պիլինգ. մաշկի բարելավման ժամանակակից միջոց

sCp9hQoWVDYcrOB2ks1sY7EUIHՉոր, թոշնած, գունատ կամ էլ յուղոտ մաշկ: Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ…
Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի բիոլոգիական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի մեռած բջիջները, կորյակները, մաքրվում ու նեղանում են ծակոտիները, բարելավվում է դեմքի գույնը, բարձրանում մաշկի տոնուսը:
«Պիլինգի ծառայությունը մեծ պահանջարկ է ստանում, հատկապես, ամռանը, քանի որ մաշկն ավելի շատ է աղտոտվում ու փոշոտվում»,-ասում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը:
Ըստ ազդեցության միջոցների, մասնագետները պիլինգը բաժանում են 3 մասի.
1. մեխանիկական-(ձեռքերի միջոցով և տարբեր հղկանյութերով` սկրաբ, քսուքներ, գելեր, ընկույզի մանրացված կեղև, ծովային աղ, ավազ, շաքարեղեգ և այլն)
2. սարքի միջոցով (ուլտրաձայնային և լազերային պիլինգ)
3. քիմիական:

Պիլինգը տարբերակում են նաև ըստ ազդեցության աստիճանի. մակերեսային, միջին և խորը: Կոսմետոլոգն է որոշում, թե տվյալ մաշկին, որն է անհրաժեշտ:

«Երիտասարդ մաշկին բավական է մակերեսային պիլինգը, -ասում է Բեկնազարյանը, – Միջին և խորը պիլինգն իրականացնում են մաշկի տարիքային փոփոխությունների, խորը կնճիռների, սպիների, մաշկի չորության և պիգմենտացիայի դեպքում»:

khimicheskijj-pilingԿոսմետոլոգն ասում է, որ խորը պիլինգն, ի տարբերություն մակերեսայինի, ավելի ժամանակատար է և մաշկի ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Երիտասարդ մաշկի դեպքում այն ցանկալի չէ, եթե իհարկե, լուրջ պատճառներ չկան: Օրինակ, Շվեյցարիայի լեռնային, բարձրադիր գոտիներից մեկում կա կլինիկա, որտեղ խորը պիլինգի միջոցով մաշկն ամբողջությամբ փոխում են: Այդ վայրը հատուկ է ընտրված, որպեսզի մաշկի վերականգնման շրջանում, որն այդ դեպքում մոտ 1-2 ամիս է տևում, մթնոլորտը լինի անթերի, և ինֆեկցիա չանցնի:

Մեխանիկական պիլինգ.
Պիլինգի ամենագործածական ձևն է: Այն ամեն տարիքում էլ թույլատրվում է և կարելի է կիրառել նաև տնային պայմաններում:
Բժիշկ-կոսմետոլոգները վստահեցնում են, որ մեխանիկական պիլինգն առանց ցավի է, և բացառվում է ինֆեկցիան: Տնային պայմաններում մեխանիկական պիլինգ կատարելու համար Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.

«Դեմքը մաքրեք, թրջեք, ապա սկրաբով մոտ 10-15 րոպե մերսեք պիլինգի համար նախատեսված խոզանակով` ընթացքում մաշկն անընդհատ թրջելով, վերջում սառը ջրով շփեք: Այդ պրոցեսը ոչ միայն մաքրում ու բարելավում է մաշկը, այլև բարձրացնում է դեմքի մկանային տոնուսը: Պրոցեդուրան միանգամայն անվնաս է և կարելի է շաբաթական մեկ անգամ կատարել»:

Մասնագետներն ասում են, որ պիլինգի էֆեկտիվությունն առաջին պրոցեդուրայից էլ ակնհայտ է, սակայն ավելի ամբողջական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է որոշակի պարբերականություն` կախված մաշկի պրոբլեմներից ու առանձնահատկություններից:

lazernyyi_piling_kozhiՈւլտրաձայնային և լազերային.
Իրականցվում է պիլինգ սարքի միջոցով: Այն համարվում է մաշկի բարելավման «ամենաագրեսիվ» միջոցներից մեկը, սակայն կոսմետոլոգները վստահեցնում են, որ դրա միջոցով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների:
«Այն վերացնում է մեռած բջիջները, սպիները, բարելավում արյան շրջանառությունը,-ասում է Բեկնազարյանը,-արդյունքը կարելի է տեսնել 7-ից 10 օր հետո: Սակայն լազերային պիլինգի միակ թերությունն այն է, որ լազերն աշխատում է միայն մաշկի ամենավերին շերտում և չի հեռացնում խորը կնճիռներն ու պիգմենտացիաները: Լազերային պիլինգն արգելվում է, եթե մաշկի վրա կան բորբոքային մասեր կամ առկա են մաշկի թարախային հիվանդություններ: Այն արգելվում է նաև շաքարային դիաբետի, էպիլեպսիայի և մի շարք այլ հիվանդությունների դեպքերում»:

Քիմիական պիլինգ.
ոչ վիրահատական միջամտությամբ երիտասարդացման ամենատարածված մեթոդներից մեկն է, բացի այդ` ամենաէֆեկտիվը:
Քիմիական պիլինգն ավելի շատ է ներթափանցում մաշկի խորքերը և ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Մաշկի մեռած բջիջները մաքրվում են տարբեր քիմիական թթուների` առավել հաճախ` օրգանական թթուների միջոցով: Քիմիական պիլինգն իրականացնում են միմիայն կոսմետոլոգիական սրահներում:
«Դրա շնորհիվ բուժվում են կորյակներն ու ցանը, պիգմենտային բծերը, փոքր սպիները, որոնք մնում են ջրծաղիկի ու կորյակների բուժումից հետո, հարթվում են կնճիռները, վերականգնվում է մաշկի առաձգականությունը, նեղանում են ծակոտիները, նվազում է մաշկի յուղոտությունը,-թվարկում է կոսմետոլոգը,- քիմիական պիլինգը, սակայն, կարող է ալերգիա առաջացնել, ուստի պրոցեդուրայից առաջ ձեռքի մաշկի վրա կատարում են փորձնական պրոցեդուրա: Սակայն հաճախ, դա ևս խաբուսիկ է լինում. ձեռքի մաշկն ընդունում է, իսկ դեմքի մաշկը` ոչ»:
Այդ դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս դեմքը շտապ լվանալ սոդայաջրով, որպեսզի փոխազդեցությունը չհասցնի ներթափանցել մաշկի խորքերը:

yy8QFjMaJi6voWX3dfp3iqIEfaՄարմնի պիլինգ
մարմնի էսթետիկ խնդիրների լուծման հիանալի տարբերակ է` առանց վիրահատական միջամտության: Այն ոչ միայն լուծում է մաշկի խնդիրները, այլև թեթևություն ու թարմություն է հաղորդում մարմնին, բարձրացնում տրամադրությունը: Հայաստանում այնքան էլ տարածված չէ, սակայն Եվրոպայում ու Ամերիկայում վաղուց է մտել կանանց կենսակերպի մեջ:
«Պիլինգի համար ինձ դիմում են ամեն տարիքի կանայք, անգամ իրենց երեխաներին են բերում,-ասում է Բեկնազարյանը,-Չի կարելի վախենալ պիլինգից, այն կարելի է կիրառել` սկսած 10 տարեկանից: Պարզապես մասնագետը պետք է լինի փորձառու և բարեխիղճ, հաշվի առնի մաշկի առանձնահատկությունները, սեզոնը, տարիքը և այլ հանգամանքներ` նախքան պիլինգի տեսակն ու ազդեցությունը որոշելը: Օրինակ, ամռանը քիմիական պիլինգ խորհուրդ չի տրվում անել, քանի որ արևի ճառագայթները փոխազդեցության մեջ կարող են մտնել քիմիական նյութի հետ և բորբոքում առաջացնել: Ձմռանը ևս ցանկալի չէ, քանի որ մաշկի վերականգնման շրջանում պետք է դեմքը չսառեցնել»:

Բարդություններից խուսափելու և պիլինգի արդյունավետությունը մեծացնելու համար մասնագետները նախազգուշացնում են` անհրաժեշտ է պիլինգից հետո լրջորեն խնամել մաշկը: Օրինակ, պիլինգի պրոցեդուրայից հետո արգելվում է արևահարվել, քանի որ մաշկի խորը շերտերը բաց են, խոցելի և ի վիճակի չեն ինքնուրույն դիմակայելու արտաքին գործոնների ազդեցությանը: Մաշկի վերականգնողական փուլում խորհուրդ չի տրվում ակտիվ ֆիզիկական աշխատանք ու լարվածություն ունենալ, քանի որ քրտնարտարդությունը կարող է դանդաղեցնել մաշկի վերականգնումը:

nԻնչպես ցանկացած թերապիա, պիլինգը ևս ունի հակացուցումներ:
«Պիլինգը խորհուրդ չի տրվում զգայուն մաշկ ունեցողներին, -զգուշացնում է կոսմետոլոգը, – շատ կոսմետոլոգներ դա հաշվի չեն առնում, սակայն ամենամակերեսային պիլինգի դեպքում էլ պրոցեդուրան կարող է հակառակ էֆեկտ ունենալ, իսկ հղիության, կրծքով կերակրելու, հերպեսի սուր վիճակի և ջերմության դեպքում այն պարզապես արգելվում է»:
Կախված պիլինգի տեսակից ու ազդեցության աստիճանից` կան մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում ևս պիլինգը հակացուցված է, ուստի, Բեկնազարյանը խորհուրդ է տալիս նախքան մաշկը բարեփոխելու վերաբերյալ որոշում կայացնելը, ճշտել` արդյո՞ք ձեր օրգանիզմը պատրաստ է ընդունել պիլինգի այդ տեսակն ու աստիճանը:

 

Անկախ

Սահմանամերձ գյուղի բնակչին անգամ տուն մտած հակառակորդի գնդակը չի ստիպի հեռանալ գյուղից

10157407_742030539152871_168156104372970674_nՙՙԴոնար, էս պատը էս խի ա ծակ՚՚: Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վոլոդյա Պետրոսյանը անակնկալի է եկել, երբ հացի սեղանի շուրջ աչքը պատին է ընկել ու տեսել, որ պատի վրա մի մեծ ծակ է հայտնվել: ՙՙՆայեմ, տենամ, որ մի պենջակ ունեմ, արդեն կյոմը մտնելիս եմ հագնում, տենամ` ջիբս  ծակել ա, ստիով մտել, ստիով տյուս եկել, մեջին ինչ ըլել ա` պասպորտ, սոցիալական քարտ, պյան, սաղ տվել-շաղ տվել: Ասկոլըչնի ա ըլել, վեր տրաքել ա՚՚,-պատմում է կարմիրաղբյուրցի Վոլոդյա Պետրոսյանը:

Հիմա իրենց տան ուղղությամբ հակառակորդի կրակած փամփուշտը ճղված պիջակի գրպանում է պահում, ինչպես ինքն է ասում` ՙՙերկուսն էլ որպես հուշ՚՚:

10353106_742026109153314_2187747477785728632_nԿրակոցի ժամանակ ինքն ու կինը բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս են եղել, փամփուշը գրեթե իրենց քսվելով է անցել, մտել պատի մեջ: Տեղի ունեցած այս դեպքից մոտ մեկ տարի է անցել: ՙՙԻնչ անեմ, դյորը քյնամ, մեր տունն ա, հեսա տենում եք` փետ եմ դարսել, որ չերևան շանորդիք, առաջը  նստում եմ, ինչքան ուզըմ են թող կրակեն, վախըմ չեմ: Բայց կինս` Դոնարը, վախըմ ա: Մի օր որ սկսեցին կրակիլը, Դոնարը հոնի ծառի տակին էր, կանչըմ եմ, ասըմ ա , սպասեմ կրակոցը կըտրի, նոր ծառի տակիցը տյուս կյամ: Ասըմ եմ ` այ քու տունը շինվի, ծառը հո քեզ փրկիլ չդի, արի տուն՚՚,-կես կատակ պատմում է Վոլոդյա Պետրոսյանը:

10296675_742025069153418_4041820210194176684_n (1)Նրանց խաղողի այգին ևս հակառակորդի նշանառության տակ է, մշակելը` ռիսկային: ՙՙԲայց դե ինչ անենք, որ չմշակենք, ոչ թոշակ ենք ստանում, ոչ նպաստ, եկամուտ չունենք: Մնացած հողերը թուրքի պատճառով բրախած ա՚՚,-ասում է տիկին Դոնարան, որն անընդմեջ հնչող կրակոցների պատճառով շաքար է ստացել, վատառողջ է, բայց էլի գործից չի կարողանում կտրվել, ձմռան ավելուկն արդեն հավաքել, հյուսել է, կախել, որ չորանա: ՙՙՀողերի մեծը մասը չենք կարում մշակենք, հենց քյընըմ ենք, կրակըմ են, չեն թողում, տրակտորի վրա էնա, որ կրակեցին, բրախեցինք էդ հողը, արդեն 2 տարի ` չենք մշակում:  Գյուղի մեծ մասի հողերն ըտեղ ա, ամբողջը թողած, մի վախտ կեսը մշակում էին,  կեսը չէ, հիմա սաղ թողել են, վախում են՚՚,-ասաց Վոլոդյա Պետրոսյանը:

10330406_742027535819838_3295108708616479011_n

Նա մատնացույց է անում դիմացի սարն ու նշում` այ այստեղից են Ներքին կարմիրը մաղում, Հայերի հանդ ենք ասում:  ՙՙՊատուհանը փակել եմ, քարով պատել, որ գոնե մի քիչ ապահովություն զգանք՚՚:

Վոլոդյա Պետրոսյանը  1990-ականներին պահել է հայրենի գյուղի սահմանը, ասում է` առջին գիծ ենք, որպես սահմանապահի`կարմիր գրքույկ ունենք, ես էլ, Դոնարն էլ:

10382985_742028579153067_863338121714550920_n ՙՙԷն օրը մեկը զանգել ա, ասում ա` ապահովության համար դուրս եկեք տնից, գնացեք ավելի ապահով թաղամաս, մայիսի 9-ն էր, դե հաղթանակի օրն ա, Շուշիի օրն ա, մտածեցին`կարող ա առիթավորվեն, կրակեն, էլի:  Ասեցի` չէ քեմատաղ, դուրս գալու տեղ չունեմ, մեր տանն եմ մնալու, հաղթանակի օրը մեր տանն եմ նշելու՚՚:

Անկախ

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց լուսամուտները բացել, որ «սովետիզմի» հոտը դուրս գա

ալեքսանդր արզումանյան«Այս նախագծի ի՞նչն է հրատապ, որ բերել եք խորհրդարան: Ինչ որ մեկն առանց մեդալի՞ է մնացել, որ էդպես շտապում է»,-զարմացած հարցրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, երբ խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների մասին» և «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքները:

Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ երկրների փորձի հիման վրա է կատարվում այս փոփոխությունը. «Կարո՞ղ եք գեթ մեկ երկիր ներկայացնել, բացի նախկին Խորհրդային միության երկրներից, որտեղ կա արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր կոլեկտիվ կամ նման աբսուրդ հասկացություններ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, որ լինի Մեծ Բրիտանիայի վաստակավոր Բիթլզ»,-հարցրեց նա՝ նշելով, որ բոլոր նախկին սոցիալիստական երկրները նույնպես հրաժարվել են այս սովետական անախրոնիզմից:

Հիմնական զեկուցողն, անդրադառնալով միջազգային փորձին, նշեց, որ նախագծի հիմնավորման մեջ նման վերլուծություն չկա, այլ նշված է, որ օրենքն ընդունված է գոյություն ունեցող Պետական պարգևների մասին օրենքների միավորման հետևանքով, և ըստ էության մեկ օրենքով կարգավորվում է  առանձին-առանձին օրենքներով կարգավորվող ոլորտները:

Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց իր միտքը. «Մենք այլևս անկախ պետություն ենք և  փորձում ենք կամաց-կամաց ձերբազատվել այն ատավիզմներից, որ ժառանգել ենք խորհրդային կայսրությունից: Պետք է ոչ թե լրամշակել խորհրդային ժառանգությունը, այլ հրաժարվել դրանից: Բոլոր մեր նախկին բախտակիցները անկախությունը հռչակելուց հետո անմիջապես հրաժարվել են այս աբսուրդից: Կարծեմ, Վիետնամում են պահպանել դեռ: Իսկ եթե մեկը գնա արտերկիր և ասի՝ ես վաստակավոր կոլեկտիվ եմ ներկայացնում, ուղղակի կծիծաղեն»:

Նրա կարծիքով՝ սա խորհրդային կայսրությունում արտիստներին կաշառելու ընդունված ձև է:

Շքանշանների և մեդալների գծով, սակայն, Արզումանյանը որևէ խնդիր չունի: «Ես լավ արտիստին դեմ չեմ: Լավ արտիստին կարելի է շքանշանններ տալ: Մեդալ տվեք, թող գնա: Մեր շքանշանների պատիվը բարձրացնենք, ոչ թե մարդկանց այս հիմար ձևակերպումներով իբր խրախուսենք»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ սա հակասում է նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքներին. «Եթե նա կենդանի լիներ, կտարակուսեր, որ ՀՀԿ-ն պաշտպանում է մի բան, որը Խորհրդային միությունից է գալիս»:

Նա հորդորեց ՀՀԿ մեծամասնությանը վերհիշել իրենց կուսակցութան հիմնադրի անցած ճանապարհը և կամաց-կամաց հրաժարվել սրանից:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ կարծիք հայտնեց, որ այս նախագծից սովետիզմի հոտ է փչում:

«Ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում են»,-արձագանքեց Արզումանյանը,-առաջարկում են լուսամուտները բացել»:

Նախագիծը շտապեց պաշտպանել հանրապետական Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ որևէ վատ բան չկա նրանում, որ մարդիկ տասնյակ տարիներ մաքառել են Խորհրդային Հայաստանում և ստացել են բարոյական խրախուսանք պետության կողմից. «Մենք նրանց նվաճած բարոյական բարձունքները փորձում ենք ներկայացնել ատավիզմ, սա արդարացի չէ: Այո, մենք հպարտ ենք մեր վաստակավոր շինարարներով, ճարտարագետներով: Սա նաև սերունդների կապն է իր մեջ արտացոլում: Պետք է շատ զգույշ լինել, որ ակամայից չվիրավորենեք մարդկանց»,-ասաց նա:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել՝ նշելով, որ հարցը հրատապ չէ, սակայն մտել է արտահերթ նիստի օրակարգ. «2013 թվականի նոյեմբերից սա խորհրդարանում է,-ասաց Նաղդալյանը,-այո, հրատապ հարց չէ, պարզապես կուկատում է գոյացել, որը հիմա փորձում ենք վերացնել»:

 

Անկախ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված նախագիծն ընդունվեց

Ազգային-ժողով“Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ, վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե ինչ եղավ իրենց առաջարկի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, քանի որ դրանից է կախված իրենց քվեարկությունը:

“Սոցապ. նախարարը ներկայացրեց, որ տեխնիկական պատճառներով չեն հասցրել քննարկել մեր առաջարկը և քվերակությունից առաջ կներկայացնեն կառավարության մոտեցումը մեր առաջարկի հետ կապված: Հիմա մեր առաջարկն ընդունվե՞լ է, թե ոչ”,-հարցրեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չի ընդունվել՝ խոսքը փոխանցելով Հակոբ Հակոբյանին: Վերջինս էլ հավաստեց, որ ՕԵԿ-ի առաջարկը չի ընդունվել:

“Այդ դեպքում, մենք դեմ ենք քվեարկելու նախագծին”,-հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր, որ գործատուն կուտակային վճարներ հաշվարկի այն աշխատակցից, ով դիմում է ներկայացնում կուտակային վճարներ կատարելու համար:

Մյուս դեմ քվեարկածները ՀԱԿ-ն ու Ժառանգությունն են, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն քվեարկել են ձեռնպահ:

Հիշեցնենք, որ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չեն հաշվարկվում, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին են ներկայացնում համապատասխան դիմում:

Գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու: Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Այսինքն, այդ գումարների մասով խնդիրը մինչև սեպտեմբերի 30 չի լուծվում:

Խորհրդարանը վավերացրեց նաև արտահերթ նիստի օրակարգում գտնվող այլ նախագծեր ևս՝ այդ թվում կառավարությա կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 69 կողմ, 3 դեմ, 40 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Անկախ 

Շառլ Ազնավուրը ծանոթացավ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին,տեսանյութ

Ալեքսանդր Բաղրամյան,Շառլ ԱզնավուրՄայիսի 14-ին արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացավ հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված “Հավիտենական սեր” նկարների շարքին։

Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասաց, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնեց նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։

Մանրամասները`տեսանյութում

http://www.mfa.am/swf/player.swf?width=400&height=315&skin=/swf/five.swf&file=/flv/chaznavour.flv&image=/images/video_frame.jpg&showstop=true

Անկախ

Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԽ-նիստՀանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը:

Ինչպես տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքէջից, մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է այս հարցը:

ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը`

1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելո՞ւ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
5. Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների` Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, որը գործում է մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա և այլն):
6. Հարցեր` կապված տարածքային կառավարման մարմինների հետ:

ՀԽ անդամները քննարկել են նաև «կարմիր գծերի» հարցը: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի հարցերի շրջանակ հասարակական լայն քննարկումների համար: Ներկաները խնդրահարույց են համարել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը ներկաներից շատերը համարել են հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Հովիկ Մուսայելյանը:

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին առաջարկվել է ստուգել, թե ինչ նոր կառուցապատում է ընթանում Սարյան-Բաղրամյան խաչմերուկի այգում:

 

Անկախ

Առաջիկա օրերին` անձրև և ամպրոպ

ամպրոպՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում`
Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C

Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին

Վազգեն Մանուկյան-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:

– Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ  կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:

Սակայն  պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու  պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:

Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան  ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:

-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:

-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի  գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝  քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:

Անկախ 

Յուրահատուկ կով-աղջիկը դարձել է հարթակի աստղ, տեսանյութ

o_946616Տորոնտոյից սկսնակ մոդել Շանտել Բրաուն Յանգը հայց է ուղարկել ամերիկյան հայտնի  America’s Next Top Model հեռուստաշոուին: Մյուս մրցակիցներից 19-ամյա աղջիկը տարբերվում է  մաշկի հազվադեպ պիգմենտացիայի խախտմամբ, ինչ պատճառով նմանվել է զեբրի կամ խայտաբղետ կովի, հաղորդում է  NY Daily News-ը:

o_946617Երբ Շանտելը 4 տարեկան էր, նրան ախտորոշեցին “Վիտլիգո հիվանդություն”: Ճիշտ այդ նույն թերությունից էր տառապում Մայքլ Ջեկսոնը: Աղջիկը ասում է, որ այդ հազվագյուտ հիվանդությունը չի ազդում իր ինքնազգացողության վրա, եթե չհաշվենք ամբողջ մարմնի վրա,այդ թվում դեմքի,  խոշոր սպիտակ նշանները:19-ամյա Կանադայի բնակչուհին պատմել է, որ դպրոցում բազմիցս ենթարկվել է համադասարանցիների նվաստացումներին, որոնք իր արտաքինի վրա ծիծաղում էին: Եվ ինչ որ չափով այդ հանգամանքն է դեր խաղացել, որ ինքը դառնա մոդել և աշխարհին ցույց տա, որ ի հեճուկս իր առանձնահատկության մարդը կարող է հասնել հաջողությունների ցանկացած ասպարեզում:

“Ես միշտ ինչ որ մի տեսակի անհաջողակ եմ եղել, և այդ պատճառով ուզում եմ բոլորին ապացուցել, որ այս կյանքում անհնարին ոչինչ չկա”,-ասում է Շանտել Բրաուն Յանգը: Ընդ որում , եթե  բարետես ու գրավիչ աղջիկը չանցնի ընտրական փուլը, դա չի ազդի մոդելային բիզնեսի իր կարիերայի վրա: Շանտելը բազմիցս ելույթ է ունեցել հարթակների վրա և նկարահանվել կլիպերում: Ապրիլին նա մասնակցել է հայտնի լուսանկարիչ Նիկ Նայտի ֆոտոսեսիայում, որը մի ժամանակ հայտնի դարձրեց Քեյտ Մոսին և Կարլա Նոսին:

Ծնողները  և կրտսեր քույրը ամբողջովին սատարում են Շանտելին, ասելով, որ  նա շատ  կենսախինդ և բարի մարդ է: Իր հիվանդության մասին պատանի մոդելը առաջին անգամ հայտնել է 2011թ., հրապարակելով   YouTube -ում “Վիտիլգո.հիվանդությունը չպետք է փոխի կյանքը” հոլովակը : Երկրի բնակչության0,5-1%ունի այդ թերությունը:

Անկախ

Հայկական բուհերի դիմորդները նվազել են. շրջանավարտները նախընտրում են արտասահմանյան բուհերը կամ քոլեջները

Գագիկ ՄելիքյանԲուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների

Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա,  Անտառային տնտեսության  և բնակավայրերի  կանաչապատում, Անասնաբուժություն, Անասնաբուծություն, Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, Մսի և մասմթերքի տեխնոլոգիա և այլն) գծով դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով (եթե երկու բնագիտական առարկայի գնահատական է պետք ընդունելության համար, ապա մեկը կլինի ավարտական քննության գնահատականը, մյուսը`  տարեկան գնահատականը): Իսկ անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն ասում է, որ սրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են: Նրա խոսքով` մի կողմից ոլորտի մասնագետների պահանջարկ կա, բայց մյուս կողմից էլ այս տեղերը, անգամ անվճար տեղերը, թափուր են մնում: Առանց միասնական քննությունների ընդունելություն կազմակերպելը նպատակ է հետապնդում տվյալ մասնագիտություններով դիմորդների գրավել: Դպրոցի գնահատականներով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է հայտը միանգամից ՀԱԱՀ ներկայացնեն, ոչ թե ԳԹԿ, ինչպես սովորաբար է արվում:

Դիմորդների թիվը նվազել  է

Միասնական քննությունների առաջին փուլի համար դիմորդների հայտագրումն արդեն ավարտվել է: Մինչև հունիսի մեկը դիմորդները ժամանակ ունեն իրենց գործերը նախընտրած բուհ հանձնել, որից հետո արդեն կմեկնարկեն միասնական քննությունները:

Այս տարի բուհերն ունեն  12 346 դիմորդ, ինչը շուրջ 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Քննությունների առաջին փուլի համար հայտագրվում են դպրոցների շրջանավարտները և նախորդ տարի բուհ չընդունվածները, իսկ երկրորդ փուլին կարող են հայտագրվել քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, արտերկրից եկած դիմորդները և բանակից զորացրվածները:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը  բուհերի դիմորդների նվազելու մի քանի պատճառներ է մատնանշում. Նախ, մեծացել է հոսքը դեպի նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ.  ծնողներն սկսել են գիտակցել, որ ավելի լավ է իրենց երեխան արհեստ ունենա, որով կկարողանա ապրուստ վաստակել, քան թե բարձրագույն  կրթության դիպլոմ: Քոլեջներ դիմելու երկրորդ պատճառն էլ ավագ դպրոցի մինչև վերջ չկայացած լինելն է:

Դիմորդների թվի նվազման պատճառ է նաև շրջանավարտների մեծացող հոսքը դեպի ոչ ՀՀ պետական բուհեր. տարեցտարի շատանում են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանների դիմորդները:

«Սա լուրջ ահազանգ է ՀՀ բուհերին, որ սկսեն զբաղվել իրենց  կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Այս տարի միասնական քննությունները  կանցկացվեն հունիսի 3-23-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենամեծ թվով դիմորդներ հայտագրվել են Հայոց լեզու և գրականություն առարկայից` 7577 դիմորդ: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 6003, անգլերենից` 5494, ֆիզիկայից` 2151, Հայոց պատմությունից` 1990, Կենսաբանությունից` 1350, Քիմիայից` 1065, Ռուսերենից` 916, Գերմաներերնից` 277, Աշխարհագրությունից` 314, Ֆրանսերենից` 229, Ընդհանուր պատմությունից` 141, Իսպաներենից` 12, Իտալերենից 2 և Պարսկերենից 1 դիմորդ:

Այս տարի ձևավորվել են 34 քննակենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: Գագիկ Մելիքյանն ասում է, որ արդեն իսկ ընթանում են քննակենտրոնները խլացուցիչներով կահավորելու աշխատանքները: Մելիքյանն ասում է, որ գնալով ավելի ու ավելի է բարդանում  հեռախոսակապը խլացնելը և ծածկագրերը բացահայտելը:  «Ըստ կարգի քննասենյակ մտնելիս դիմորդը պետք է հեռախոսը հանձնի: Սակայն երեխա կա, որ երկու, անգամ երեք հեռախոս ունի, մեկը, երկուսը հանձնում է, երորրդն էլ հետը քննասենյակ մտցնում»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ դիմորդը, որի մոտ ծածկագիր կգտնվի, անմիջապես կհեռացվի քննասենյակից: Նա ծնողներին ու դիմորդներին կոչ է անում չդիմել նման քայլի, մանավանդ որ բուհ ընդունվելը հեշտացվել է:

Փորձնական քննությունները կօգնեն դիմորդին գնահատել  իր գիտելիքները

Այս տարի, ինչպես և նախորդ տարի ԳԹԿ-ն մինչև բուն միասնական քննությունների մեկնարկը փորձնական քննություններ կանցկացնի: Այս տարի  դիմորդները կկարողանան փորձնական քննություն հանձնել բնագիտական առարկաներից և անգլերենից: Սա դիմորդին հնարավորություն կտա ծանոթանալ  քննության կարգին, սովորել հարցաթերթիկը ճիշտ լրացնել նաև գնահատել իր գիտելիքները: Իսկ ԳԹԿ-ն փորձնական քննությունների միջոցով կկարողանա հասկանալ` որքանով են թեստերը ճիշտ կազմված:

Նախորդ տարի փորձնական քննություն էր անցկացվել Հայոց լեզու և գրականություն և Մաթեմատիկա առարկաներից: Մասնակցել էր 5 հազար դիմորդ:

Այս տարի փորձնական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է հայտագրվեն իրենց մարզային կրթության վարչությունում: Քննությանը մասնակցությունն անվճար է. Այն կազմակերպվում է պետբյուջեից թեստերի փորձարկման համար հատկացված միջոցներով:

Բարձր միավոր ստանալը կդժվարանա

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ շտեմարանները վերանայվում են` հիմնվելով նախորդ տարվա արդյունների վրա: Թեստերն այնպիսին պետք է լինեն, որպեսզի հեշտ լինի 7,5 միավորի շեմը հաղթահարելը, այսինքն դրական ստանալը, իսկ  բարձրագույն` 18-20 միավոր հավաքելը պետք է բարդ լինի: Նա ասում է, որ ձգտում են այնպես անել, որ դիմորդների հիմնական մասը վաստակի միջին միավորներ` 13-16, իսկ բարձր ստացողների և կտրվողների թիվը փոքր լինի:

«Գաղտնիք չէ, որ նախորդ տարի  մեզ մոտ շտեմարանների մուտքը բերեց բարձր միավորների առատության, դա հատկապես զգացվեց Կենսաբանություն և Օտար լեզու առարկաներից: Դա պայմանավորված էր հանգամանքով, որ այդ առարկաների շտեմարաններում առաջադրանքները համեմատաբար քիչ էին և հիշելու գործոնը մեծ ազդեցություն ունեցավ: Դրա համար այս տարի դրանք պիտի վերանայցեն,- ասում է Մելիքյանը:- Այլապես, եթե բարձր միավորներ հավաքելը հեշտ է, դիմորդների զգալի մասը հավաքում են 18-20 միավոր,  և անվճար տեղերի համար մրցույթ անցկացնելը  բավականին դժվար է դառնում»:

Մելիքյանը, սակայն, վստահեցնում է, որ թեստերի բարդությունը չի ապահովվի խճճված ու երկիմաստ հարցերով:

«Փորձը ցույց է տվել, որ շտեմարաններում այդպիսի հարցեր կան, բայց թեստերի մեջ այդպիսի հարցերը բացակայում են: Շտեմարանների առավելություններից ամենակարևորը դա է, որ նախօրոք քննարկման են դրվում, արձագանք ստանում, և թեստերում խճճված հարցերը բացառվում են: Իսկ երբ շտեմարանները չկային, մեկ-երկու մասնագետ էին թեստը կազմում, շատ էին վրիպակներ լինում, ինչի պատճառով ստիպված էինք  բոլորի միավորները կես կամ մեկ միավորով բարձրացնել»,- ասում է նա:

 

Հանրային խորհուրդը ոչ կոռեկտ և անընդունելի է համարում ՌԴ դեսպանի հայտարարությունը

22711811346496032ՀՀ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը: ՀԽ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին  տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար» (No8(238),2014):

Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման կարևոր ձեռքբերումներից ու երաշխիքներից է տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի հզորացումը:

Կարևորելով Ռուսաստանի հետ մեր երկրի ռազմավարական հարաբերությունները, խնդիրը դիտարկելով անգամ վերջին ժամանակներս Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում արձանագրվող լարվածության համատեքստում` այնուհանդերձ, ՌԴ դեսպանի հայտարարությունը համարում ենք ոչ կոռեկտ և անընդունելի:

Հանրային խորհուրդը շարունակելու է իր հետևողական գործունեությունը երկրում բազմակարծության, խոսքի ազատության պաշտպանության և ժողովրդավարական հաստատությունների զարգացման բնագավառում»:

 

Անկախ

 

Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները,լուսանկարներ

օլանդ,սերժ

 

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա օլանդ, սերժ, շքանշանՕլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Ֆրանսիայի Նախագահը օլանդ, սերժ, շքանշանՆախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

բանակցություններԵրկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:
Նախագահի նստավայրում ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***

 համատեղ ասուլիսՆախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:

Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:

Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։

սերժ, օլանդՄենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից:

Հարգարժա՛ն պարոն Նախագահ,

Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը

6345

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացմանը

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ Նախագահ Օլանդի պետական այցը Հայաստան նշանավորվում է հայ-ֆրանսիական գործարար համաժողովի անցկացմամբ: Պատահական չէ, որ հենց այս միջոցառումով է տրվում Նախագահ Օլանդի պետական այցի մեկնարկը: Թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին:

Ուրախ եմ, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ: Այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլև կարևոր հարթակ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով:

Համոզված եմ, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Այդ առումով հայ և ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից: Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք՝ 11-14-րդ դարերում, հայոց արքաները առևտրային լայն արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին, իսկ 17-րդ դարում կարդինալ Ռիշելյեն հատուկ լիազորություն է ընձեռել հայ վաճառականներին: Հայերն իրենց ներդրումն են ունեցել Մարսելում, ապա Փարիզում քաղաքային առաջին սրճարանների ստեղծման գործում: Անցյալի այս դրական փորձն այն կարևոր հիմքն է, որի վրա պետք է ընդլայնենք և ամրապնդենք մեր տնտեսական կապերը:

Հարգելի՛ գործարարներ,

Հայաստանում վստահ ենք, որ գլոբալ մարտահրավերների և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն և կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների և, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի: Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է: Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում:

Այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Վստահ եմ, որ՝ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ:

Հարգելի՛ ներկաներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխշահավետ համագործակցություն է զարգացել, որի արդյունքում ունենք դինամիկ օրակարգ և առանձնաշնորհյալ հարաբերություններ:

Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:

Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:

Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաև վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում: Նախագահ Օլանդի և ինձ համար շատ կարևոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը:

Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1-ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:

Համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:

Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ:

Հարգարժա՛ն գործարարներ,

Լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից նոր գործընկերային կապեր հաստատելու համար: Այդ ակնկալիքով համաժողովը հայտարարում եմ բացված՝ մաղթելով Ձեզ հաջողություններ: Հաճույքով խոսքը փոխանցում եմ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդին:

 

 

Շ.Քոչարյանը` համանախագահների հայտարարության մասին.panorama.am

Շավարշ Քոչարյան«Կա մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

Հարցին, թե արդյո՞ք իրեն չի մտահոգում այդ հայտարարության մեջ որոշ արտահայտությունների առկայությունը: Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյին անդրադարձին է վերաբերում, Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները. «Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն և ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել»:

Շարունակելով` Շ.Քոչարյանն ասաց, ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից ցանկանում է հրաժարվել Ադրբեջանը, այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է, ոչ միայն մասնագիտացված է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը: Բացի այս, ձևաչափում ընգրկված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում. «Հայտարարություններից մեկում միանշանակ, որը հասցեագրված էր Ադրբեջանին ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար, այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- նշեց նա:

Փոխարտգործնախարարը նաև հավելեց` այնպես, որ միանշանակ է, թե ով է ձգտում ազատվել այդ ձևաչափից: Նաև հիշեցրեց Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները, որոնք վկայում են, որ այդ պետությունը մեկ ՌԴ-ից է դժգոհ, մեկ Ֆրանսիայից, մեկ էլ ԱՄՆ-ից կամ բարձրաձայնում են ձևաչափում անդամներ ավելացնելու և այլնի մասին:

 

ՀՅԴ-ն կողմ է կուտակայինի վերաբերյալ կառավարության նոր նախագծին, ՀԱԿ-ն այն համարում է խաբեություն

theme_1ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիս 12-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Պատգամավորներին ներկայացվեց կառավարության կողմից ներկայացված «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված տարբերակը, որը ներկայացրեց հանրապետական Արփինե Հովհաննիսյանը. «Այն նախագիծը, որի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում այս դահլիճոևմ նախորդ քառօրյայի ընթացքում, էականորեն փոփոխվել է և՛ քաղաքական ուժերի առաջարկների, և՛ կառավարության նախաձեռնության հիման վրա»,-ասաց նա:

Պատգամավորի  խոսքով՝ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չհաշվարկվեն, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին ներկայացնում են համապատասխան դիմում:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նախկին իրավիճակը, երբ պարտադիր բաղադրիչը հաշվարկվել ու փոխանցել էր, հաշվարկվել ու չէր փոխանցվել կամ էլ ո՛չ հաշվարկվել էր, ՛ոչ փոխանցվել, երկուսի դեպքում հստակ պարզաբանում է տրվում. գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու:

Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նախագծի լրամշակված տարբերակի մասին ասաց, որ պետք է փորձել ազնիվ ձևով տարանջատել գլխավոր հարցը երկրորդականից: «Գլխավոր հարցը, այնուամենայնիվ, մնում է՝ արդյոք մենք պե՞տք է օրենքով սահմանենք պարտադիր կուտակային բաղադրիչը, թե ոչ: Կամ ո՞նց է լուծվելու այն հարցը, որ 127 000 քաղաքացիների համար արդեն հաշվարկվել ու վճարվել են»:

Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը հանել օրենքից:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ լինել նախագծին, քանի որ այնտեղ կան առաջընթաց քայլեր: «Նախագծում ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ որոշման պահանջները վերջնականապես կատարելը, ինչ նպատակ է հետապնդում այս նախագիխծը: Պատասխանատվություն չկա նաև հունվարի մեկից հետո այն գործատուների համար, որոնք չեն փոխանցել որևէ գումար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին կամահայտնությամբ որոշել՝ մասնակցում են այս համակարգին, թե ոչ՝ իրենց դիմումի հիման վրա: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս նախագծով որևէ ենթաօրեսդրական ակտ կառավարության կամ որևէ մարմնի կողմից չի պահանջվելու ընդունել քաղաքացու դիմումի հետ կապված: Անցումային դրույթներում հստակեցվել է մի կարևոր հանգամանք առ այն, որ քաղաքացու կամահայտնության դրույթն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Այսինքն, այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և այն գործատուները, որ չեն փոխանցել գումարները, կարող են վերադրաձնել իրենց աշխատակիցներին գումարները: Կարևորում եմ նաև այն, որ առաջիկայում քննարկվող ցանկացած նոր համակարգ և նոր օրենսդրություն չի կարող հակասել ՍԴ որոշմանը հակասող իրավանորմերի գործունեությանը»,-թվարկեց Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ նա օրենքի հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել, թե սա արդյոք չի՞ նշանակում, որ կառավարությունը մտադիր է շարունակել պարտադիր բաղադրիչի կիրառումը:

Նա նաև անդրադարձավ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմադրամի կեցվածքին՝ նշելով, որ եղել է ժամանակ, երբ մեր կառավարությունը ստիպված է եղել առաջնորդվել այս կառույցների ցուցումներում, սակայն այժմ որևէ պարտադրանք և ցուցում, որը կպարտադիի ՀՀ իշխանություններին պահպանել պարտադիր բաղադիրը, պետք է ստանա համարժեք հակահարված:

Ի տարբերություն դաշնակցական պատգամավորի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը միանգամայն դեմ արտահայտվեց օրենքի լրամշակված տարբերակին՝ համարելով այն խաբեություն. «Չորս քաղաքական ուժ, ինչպես նաև «Դեմ եմ»-ը, միավորվել են մի նպատակի շուրջ, որ այս կենսաթոշակային բարեփոխումներից հեռացվի պարտադիր բաղադիրչը: ՍԴ-ն ընդունեց հակասական որոշում, սակայն հակասահմանադրական ճանաչեց այն դրույթները, որոնց մասին մենք խոսում ենք՝ մասնավորապես պարտադիր բաղադիչը»:

Սակայն, ըստ ՀԱԿ անդամի, ՍԴ որոշումից հետո կառավարությունն ընտրեց քաղաքական լարվածությունը թուլացնելու, ժամանակ շահելու և քաղաքացիական ակտիվությունը մինիմալ զիջումներով թուլացնելու քաղաքականություն:

Նրա խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծով պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մնում, միայն հանվում են պատժամիջոցները, քաղաքացիներին առաջարկվում է պասիվ իրավունք իրենցից բռնագանձված գումարների վերադարձի համար՝ դիմումի մասով, քանի որ կառավարությունը լավ գիտի, որ դրանից կօգտվեն միայն ամենաակտիվ քաղաքացիները, բացի այդ, կառավարությունն առաջարկում է հետ ստանալ այն փողերը, որոնք դեռ չեն հասել հիմնադրամներ, իսկ այն գումարները, որ արդեն հասել են, դրանց վերաբերյալ որևէ առաջարկ չկա:

«Իշխանություններն ամեն գնով ցանկանում են պահել այս համակարգը,-հայտարարեց Զուրաբյանը,-ակհայտ է, որ գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով, կապրենք կտեսնենք»:

Զուրաբյանը նաև կարծում է, որ այս քայլով կառավարությունը փորձում է ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, որպեսզի ժողովրդին ներկայացնի, թե իբր սա քաղաքական բոլոր կողմերի համաձայնությունն է, այլ կերպ ասած՝ փորձում է քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որն իրենց թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի և քաղաքական ուժերի ակտիվությունը:

«ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս գործարքի համար: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին, որոնք ոչինչ են, քան պարզ խաբեություն»,-հայտարարեց նա:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չդիմացավ ու արձագանքեց. «Լավ չեք անում, որ չեք հավատում…»:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո, կառավարությունն այսօր ի՞նչ վիճակում է բարեփոխումը կատարելու առումով՝ առաջընթա՞ց է քայլ է կատարում, թե՞ հետընթաց:

Պատգամավորին նաև հետաքրքրում է, թե 127 000 աշխատողների համար փոխանցված գումարների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Անորոշ վիճակ է նաև ՍԴ որոշումների հետ կապված. «Մարդուն, որ ստիպում ենք գա, դիմում գրի իր գումարը հետ ստանալու համար, սա սահմանադրակա՞ն է արդյոք»,-հարցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ  այս օրինագծով օրինականացվում են ՍԴ կողմից հակասահմանադրական համարված մի շարք դրույթներ:

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով չպետք է տեխնիկական և ընթացիկ խնդիրներ լուծվեն, այլ պետք է լինի քաղաքական կուրսի փոփոխություն: Իսկ ԲՀԿ քվեարկությունը պայմանավորված կլինի այս հարցադրումների նկատմամբ հայտնած կառավարության մոտեցումներից:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դեմ է այն պատգամավորների ելույթներին, որոնք ասում են, թե պարտադիր բաղադրիչը չկա կամ կա: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը: Եթե քաղաքացին, որին տվել ենք իրավունք, որ ինքը որոշի, ապա եղավ, որ պարտադիրը մնում է»:

Նա նաև հայտարարեց, որ իրենց քաղաքական գնահատականը հետևյալն է՝ ռեֆորմը շարունակվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքով՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը, որը վերաբերում է պարտադիրի հոդվածների որոշ դրույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ լրամշակված նախագծի հիմնական նպատակն է ՍԴ որոշման պահանջների լիարժեք կատարման համար ստեղծել անհրաժեշտ միջավայր, մինչև կենսաթոշակային համակարգի ամբողջական իրականացումը՝ ապահովելով աշխատողների և գործատուների պաշտպանությունն ու կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:

Նրա խոսքով՝ ՍԴ որոշումից հետո համակարգում կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ՝ անձիք, որոնց համար գումարները պահվել ու փոխանցվել են, անձիք, որոնց համար գումարները պահվել, բայց չեն փոխանցվել և անձիք, որոնց համար գումարներ չեն պահվել և չեն փոխանցվել: «Անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում քաղաքացիների կամարտահայտությամբ հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչ ամբողջական փաթեթի ներկայացումը, տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա ամբողջությամբ լուծում տալ հարցին»:

Ինչ վերաբերում է ռեֆորմի կարգավիճակին, ապա նա հիշեցրեց, որ այսօրվա գործող համակարգը պարտադիր կենսաթոշակային համակարգ է, և որ այն խնդիրները, որոնք դրված են բարեփոխումը կատարելու անհրաժեշտության առումով, լուծված չեն:

 

Անկախ