Հնդկաստանում կապիկը հարձակվել և լուրջ վնասվածքներ է հասցրել կենդանաբանական այգի այցելած տղային
Զայրացած կապիկը հարձակվել է կենդանաբանական այգի այցելած տղայի վրա, իսկ երեխայի հայրը և այգու աշխատողը պայքարում էին նրանց անջատելու համար:
Տղան լուրջ վնասվածքներ էր ստացել Հնդկաստանի Մադյա Պրադեշ նահանգի Ռատլամ քաղաքի կենդանաբանական այգում:
Ականատեսի լուսանկարած մի քանի նկարներում երևում է, թե ինչպես է կապիկը երեխային գցել գետնին, որի դեմքին և ձեռքերին արյան հետքեր կային:
Մինչ երեխայի հայրը փորձում էր մակակային հեռացնել տղայից, կենդանին ամուր կպել էր տղայի մեջքին:
Այգու աշխատակիցը փայտով ևս փորձում էր հեռացնել կապիկին:
Այնուամենայնիվ տղամարդկանց հաջողվել է կապիկին առանձնացնել տղայից:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղան լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ, թե նա այժմ ինչ վիճակում է:
Հնդկաստանի մեծ մասը լի է կապիկներով, որոնք ուտելիք են գողանում, հարվածում մարդկանց և մտնում տների մեջ:
Այդ իսկ պատճառով երկրում աշխատում են հատուկ կապիկ բռնողներ, որոնք օգնում են նրանց թիվը վերահսկողության տակ պահել:
Պետությունն է ափսոս
Քաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում: Օրինակ` անթրաշ ու կեղտոտ շորերով ռաբիս երաժշտություն լսող վարորդի ու ավերակ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների փոխարեն հասարակությանը սկում են տրանսպորտային ծառայություններ մատուցել մաքուր, կոկիկ արտաքինով, օրինակելի հագուկապով, բարեկիրթ վարվելակերպով վարորդները` հարմարավետ ու արժանապատվությունը չվիրավորող մեքենաներով, որոնցում քաղաքացիներին նոր որակի այլ ծառայություններ էլ են մատուցվում: Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել, բայց երթևեկում ենք արդեն 50 տոկոսով ավելի բարձր ուղեվարձով, քան մեկ շաբաթ առաջ էր:
Քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա են բերում ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեն, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը: Մի՞թե:
Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76 երթուղի` 1565 միավոր շարժակազմով, ավտոբուսային 68 երթուղի` 939 միավոր շարժակազմով և տրոլեյբուսային 10 երթուղի` 108 միավոր շարժակազմով:
Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 370-380 միավոր շարժակազմ:
Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 13 մասնավոր և 2 պետական կազմակերպություններ: 2012 թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր:
Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43 մասնավոր կազմակերպություններ: Մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասն էլ դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 68 տոկոսը: Այսինքն` ինչքան էլ բարձրանա ուղեվարձը, դրանից քաղաքապետարանը ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն երթուղիները սպասարկող մասնավոր գծատերերը ավելի պատկառելի գերշահույթ կստանան:
Վաղուց էր խոսվում, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ ժողովրդական տարբերակով ասած` գծատերերն այնքան էլ գոհ չէին գործող 100 դրամ սակագնից և բողոքում էին, թե իրենք աշխատում են կորուստներով: Չնայած այստեղ մի հանգամանք կա. պետք է հաշվի առնել, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:
Այսպիսով` տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում են ամսական 16 500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում են ամսական 33 800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36 400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28 600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44 000 դրամ:
Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63 100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68 300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70 900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78 500 դրամ:
Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում էր մոտ 10 հազար դրամ: Մի քիչ ավելի կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ էր մուծում գծատիրոջը: Ընդունենք, որ մեկ մեքենան ամբողջ ամիսը չի աշխատում, այլ 25 օր, և գծատիրոջը մուծվում էր 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78 500 դրամ: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում:
Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարում ենք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի և մոտ 50 թոշակառուի ամսական աշխատավարձերն են:
Բայց և այնպես քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով բարձրացնել ուղեվարձերը:
Քաղաքակիրթ աշխարհում` հատկապես Արևմտյան Եվրոպայում, մի ուրիշ մոտեցում էլ կա հանրային տրանսպորտի ոլորտում: Այնտեղ հասարակական տրանսպորտը ոչ միայն որպես շահույթ հետապնդող գործունեության ձև` շահութաբեր բիզնես չի դիտարկվում, այլև ինքնածախսածածկում չի ակնկալվում: Համարվում է, որ հասարակական տրանսպորտը քաղաքացիներին` երկրի աշխատող մարդկանց պետք է տնից և այլ տեղերից աշխատանքի վայր տեղափոխվելու համար, որտեղ նրանք աշխատում ու ստեղծում են նյութական բարիքներ: Եվ այդ ստեղծված բարիքների արդյունքից ստացված հարկերից գոյացող սուբսիդավորմամբ էլ պետք է ծածկվեն տրանսպորտի ոլորտի ծախսերը: Բացի այդ, եվրոպական երկրներում կարելի է միևնույն տոմսով երթևեկել ամբողջ երկրում` ամենուր նույն տոմսը ներկայացնելով: Այդ երկրներում գործում են աբոնենտային վճարումների ճկուն համակարգեր, զեղչեր սոցիալապես անապահովների, թոշակառուների, ուսանողների և այլ սոցիալական շերտերի համար և այլն: Մեր երկրում նման բաներ չկան և տեսանելի ապագայում էլ չեն լինի: Մեր երկրում պետությունը, որը պետք է աշխատի հանուն իր քաղաքացիների շահերի, անտրամաբանական հոգատարություն է ցուցաբերում հարուստների նկատմամբ` ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի թանկացման մասին որոշում ընդունելով, առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների շահերով, ոչ թե իր բյուջեն հավելյալ եկամուտների հոսքեր ապահովելու մղումով, ոչ թե քաղաքակիրթ տրանսպորտային ոլորտ ունենալու նպատակով, այլ մասնավոր գծատերերի շահույթն անխափան ապահովելու «սուրբ պարտականությամբ»:
Ասում են, թե սրանից հետո երթուղայինների հոգնատանջ վարորդները կսկսեն արժանապատիվ վարձատրություն ստանալ: Չենք հավատում: Նրանք շարունակելու են նույն անարժանապատիվ աշխատավարձով նույն չարքարշ աշխատանքը կատարել, մարդիկ սկսելու են տրանսպորտի համար 50 տոկոսով ավելի վճարել, դրանից պետությանը ոչ մի օգուտ չի հասնելու, իսկ որոշ գծատերեր էլ, որոնք գերշահույթներ էին ստանում, հիմա ավելի շատ են ստանալու:
Որովհետև սա Հայաստանն է: Ու վե՛րջ:
Չինաստանի տարածքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 75-ի,իսկ վիրավորները `412
Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնության 104.230:
Ժամը 12.30-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 54-ի, իսկ վիրավորներինը` 337-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:
Տվյալ պահի դրությամբ` տուժածների մեջ չկան օտարերկրյա քաղաքացիներ:
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 6 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում 2013թ. հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը.
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
– ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
– Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոչ 150 դրամին. Քաղաքացիները շարունակում են պայքարել (լուսանկարներ, տեսանյութ)
Սպասվում են տեղումներ
Հուլիսի 22-ին, 26-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Հուլիսի 23-25-ին առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի` 22-ին, 26-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև
Տարոն Մարգարյանի` տրանսպորտի ուղեվարձերը չթանկացնելու մասին նախընտրական խոստումը հաստատող հոլովակը հանվել է նրա կայքէջից: Սակայն սոցիալական ցանցերի մի քանի օգտատերեր նախօրոք հասցրել էին պահպանել այն, և այժմ հոլովակը տեղադրված է youtube-ում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ facebook-յան իր էջում գրել է. «Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձև է. Տարոն Մարգարյանի ալիքից այս` բոլորի կողմից սիրված տեսանյութը չթանկացնելու խոստումով փակվել է, դրված է պրիվատ։ Կարծում եմ, լիքը մարդ քաշած կլինի արդեն, քիչմ ուշացրել են»:
Հոլովակի հղումը` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3g3fVM-w0z8
Երկու տղամարդիկ ձևանալով որպես Ռիհաննայի և Լեդի Գագայի միջնորդներ խաբեությամբ 2 միլիոն դոլար են ստացել համերգների կազմակերպիչներից

Երկու խաբեբաներ խաբեությամբ համերգների կազմակերպիչներից միլիոնավոր դոլարներ են կորզել՝ խոստանալով կազմակերպել հայտնի երգիչների համերգները:
Վինսենտ Քերոլը և Մեսեո ՄքԷդին աշխարհի տարբեր երկրների համերգների կազմակերպիչներից ավելի քան 2 միլիոն դոլար են ստացել՝ խոստանալով կազմակերպել համերգներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել:
Նյու Յորքում տեղի ունեցող դատավարության ընթացքում մեղադրող կողմը հայտնել է, որ հանցավոր խումբը այդ գումարները ծախսել է շքեղ կյանք վարելու համար:
47-ամյա Քերոլը և 38-ամյա Մքէդին մեղադրվել են որպես Ռիհաննայի, Լեդի Գագայի, Կեշայի մոտ մարդկանց հետ կապեր ունեցողներ ձևանալու համար:
Նրանք Բրազիլիայում համերգներ կազմակերպողներից վերցրել են 1 միլիոն դոլար Ռիո դե Ժանեյրոյում Ռիհանիայի համերգը կազմակերպելու համար:
«100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է». Բաբկեն Պիպոյան
«Աշխարհի բոլոր երկրներում վճարելու հարմարավետությունը հօգուտ սպառողի է: Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետք է: Վարորդները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ուղեւորների հանդեպ: Ճիշտ է` վատ է իրականությունը, բայց հնարավոր է միջոցներ ձեռնարկել 150 դրամ չվճարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի թանկացման պատճառաբանությունների ուռճացման ու նոր բացահայտված մանրամասների մասին նշեց «Իրազեկ եւ պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Բանախոսի պնդմամբ` առաջին կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվում է վարորդի եւ սպառողի միջեւ, որոնք ամենաքիչ մեղավորներն են. «Հարկերը վճարում է ՀՀ քաղաքացին, Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Մենք ոչ թե գործարարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել, սա աբսուրդ է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճացված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին. 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է»:
«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը պատրաստել է հանրային կուպոններ՝ թղթից, որի վրա գրված է 50 դրամ. «Մեր վարորդները մեծ մասամբ կիրթ եւ հասկացող մարդիկ են: Մեր նախաձեռնությունն ուղղված չէ վարորդին, այն, ինչ արվում է, արվում է եʹւ վարորդի, եʹւ հասարակության դեմ, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Իր գծատիրոջը վարորդը կտանի եւ ցույց կտա, որ հասարակությունը հրաժարվում է վճար կատարելուց»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է
Facebook սոցիալական ցանցում մի քանի ակտիվիստներ այսօր առավոտից սկսել են «Տրանսպորտային անհնազանդություն» նախաձեռնությունը: Նախաձեռնությանը արդեն միացել են 1200-ից ավել օգտատերեր: Ակտիվիստները տարածել են հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են
մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են այստեղ գրել, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»:
Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:
Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ:
Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին:
Հանրային խորհուրդը համաձայնություն չի տվել ուղեվարձի թանկացման վերաբերյալ
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առնչությամբ այսօր մի խումբ ակտիվիստեր բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը:
Ակցիայի մասնակիցների պահանջները լսելու և որոշակի մեկնաբանություն տալու նպատակով նրանց հետ էր հանդիպել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, որին տեսնելով՝ ակցիայի մասնակիցները սկսել էին կոպեկներ շպրտել նրա ուղղությամբ: Գևորգյանը, այնուամենայնիվ, պարզաբանել էր ուղեվարձի բարձրացման պատճառները` նշելով, որ դրա վերաբերյալ Հանրային խորհրդում նույնպես տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում կողմերը եկել են այն եզրակացության, որ տրանսպորտի գինը պետք է կազմի 150 դրամ:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին պարզաբանում էր տվել Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը և հայտնել, որ Հանրային խորհրդում նախորդ շաբաթ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, մեկ տասնյակից ավելի գծատերեր: Նրա փոխանցմամբ` գծատերերիւ մի մասը, ինչպես նաև ՀԽ տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծիք են հայտնել, որ հնարավոր է գինը պահել 100 դրամ, եթե կառավարությունը որոշակի չափով սուբսիդավորի ոլորտը, քաղաքապետերանի ներկայացուցիչն ու գծատերերի մի մասն էլ հայտարարել է, որ 100 դրամ պահել հնարավոր չէ, քանի որ թանկացել են ավտոմեքենաները, դրանց պահեստամասերը և այլն:
Վազգեն Սաֆարյանի խոսքով` այդ խորհրդակցության ժամանակ Հանրային խորհրդում որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով և քննարկել այդ երկու մոտեցումները. «Հանրային խորհուրդը գին որոշող մարմին չէ, մենք ընդամենը առաջարկել ենք տեսակետները քննարկելու արդյունքում գտնել ընդունելի լուծում բոլոր կողմերի համար»,-ասաց նա:
Վազգեն Սաֆարյանի խոսքով` ընդամենը օրեր առաջ ինքը և քաղաքապետի խորհրդականը հեռուստաեթերում զրույց են ունեցել այս թեմայի վերաբերյալ և համակարծիք եղել այն հարցում, որ տրանսպորտի որակը պետք է բարելավի, որ վարորդները 14 ժամ և ավելի չաշխատեն, որ երկու հերթով գործեն և այլն»:
Իսկ ընդհանրապես Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ պետք է կառավարությունը քայլեր ձեռնարկի մարդկանց սոցիալական վիճակը վարելավելու ուղղությամբ` աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում, որպեսզի մարդկանց արձագանքն էլ այսպիսին չլինի:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:
Ընդերքի ջուրը վատնում ենք ավելի արագ, քան այն հասցնում է վերականգնվել
Անցյալ շաբաթ, կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացվեց Արարատյան արտեզյան ավազանում տիրող վիճակը, ներկայացվեցին լրջագույն խնդիրներ, և վարչապետն այդ խնդիրները լուծելու համար որոշ հանձնարարականներ հնչեցրեց, մասնավորապես` որոշ արտեզյան հորեր կոնսերվացնելու վերաբերյալ: Ընդերքային ջրերի աղետալի վիճակի ուսումնասիրության և վեր հանված խնդիրների լուծման առաջարկության հեղինակներից մեկն էլ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն է: Նա «Անկախին» ներկայացրեց, թե որոնք են այս ոլորտի խնդիրներն ու անելիքները:
– Պարո՛ն Ջավադյան, ընդերքային ջրերի ի՞նչ պաշարներ ունենք Արարատյան արտեզյան ավազանում, և ի՞նչ խնդիրներ են այնտեղ առաջացել:
– Այդ պաշարները վերջին անգամ որոշվել են 1984 թ.: Այդ տվյալներով` Արարատյան արտեզյան ավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար, լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից` տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Սա է այն հիմնական գիծը, որից ավելի ջուր օգտագործելու թույլտվություն տալու իրավունք որևիցե մեկը չունի, և որից ավելի օգտագործումը խափանում է ավազանի վերականգնումը:
Այդ ավազանի գրունտային շերտն այն 80 մետրն է, որը հորատելով ջրերից օգտվում են խորքային հորերը: Դրանք էլ երկու տեսակի են` պոմպերով ու շատրվանող խորքային հորեր: Խնդիրները հիմնականում շատրվանող հորերն են առաջացնում: Եթե դրանց շատ ջուր օգտագործելու թույլտվություն տրվի, ապա խորքային ջրերի ճնշումներն անընդհատ կընկնեն: Այդ խորքային հորերից ջուր օգտագործելու համար պետք է այնքան ջրօգտագործման թույլտվություն տրվի, որ ավազանը վերականգնման հնարավորություն ունենա: Մենք վերականգնման հնարավորությունը վերացրել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55% հանվում է անօրինական: Այսինքն` ստացվում է, որ մենք 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար տարեկան 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում: Այսինքն` շատ հետաքրքիր ու տխուր տվյալներ ի հայտ եկան, որոնք կործանման կհանգեցնեն Արարատյան դաշտը, եթե այսպես շարունակվի ու արագ միջոցներ չձեռնարկվեն:
– Խնդրում ենք ավելի մանրամասն նշել, թե ինչ սպառնալիքներ կան:
-Մեծամոր ` նախկին Սևջուր կոչվող գետի հունում, որը սկսվում է Այղր լճից, 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաև Ակնալճի ջրատվությունն է 70-75%-ով անկում ապրել: Այժմ ռիսկեր են առաջացել արդեն Ակնալճից սնվող ոռոգելի տարածքների համար, քանի որ պոմպակայաններ կային, որոնք լճից ջուր էին հանում, ու ահագին հողատարածքներ ոռոգվում էին այդ ջրերով: Քանի որ այդտեղի բոլոր լճերն ու աղբյուրներն արտեզյան ճնշումային զոնայի հետ ընդհանուր կապի մեջ են, խիստ տուժում են նաև նրանք, ինչպես նաև այն 80 մ հաստությամբ շերտը, որը տակից է սնվում: Մեր հետազոտությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանային և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այժմ մեր արտեզյան զոնան կրճատվել է: Կրճատումն ընդգրկում է արտեզյան ավազանի սահմանի ամբողջ երկարությամբ 5 կմ լայնությամբ տարածք: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում, քանի որ կոլեկտորում արդեն ջուր չկա, չոր է, արդեն հողի ստրուկտուրան է փոխվում: Հողը սկսում է անապատային ստրուկտուրա ձեռք բերել:
Դրանից բացի, այդ շրջանում ձկնային տնտեսությունների մոտ 85%-ի հատակները բետոնապատված չեն: Փաստորեն, ձկնային տնտեսությունների զոնայի հողերում ջրի շերտը սկսվում է 1 մետրից` ձկնաբուծարանի ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Արարատյան դաշտավայրում ժամանակին կառուցել ենք կոլեկտոր, դրենաժային համակարգ, անընդհատ մաքրում ու շահագործում էինք հողերը, որպեսզի ջրի մակարդակը պահենք 2-3 մետրի վրա: Այդ 10 հազար հեկտարը, որ մոտիկ են այդ 85% բետոնապատված հատակներով ձկնաբուծարաններին, ջրի շերտի մակարդակը հասել է 0.5 մետրի, իսկ 12 հազար հեկտարի վրա` մինչև 1 մետրի: Այսինքն` մենք մի կողմից անապատ ենք ստանում, մյուս կողմից` ճահճացում ու կրկնակի աղակալման վտանգ:
Արարատյան դաշտը մեր ոսկե ֆոնդն է, քանի որ ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75%-ը ստացվում է Արարատյան դաշտի 83 հազար հեկտար հողատարածքներից: Այսպիսով, մենք կարող ենք նաև աստիճանաբար զրկվել դրանից: Իսկ դրա հետևանքով և՛ չքավորությունն է ավելանալու, և՛ տնտեսությունն է տուժելու:
Իսկ եթե խմելու ջրի պաշարներն էլ արդեն սկսեն տատանվել ու նվազել, այդ դեպքում բացի ոռոգումից, արդեն խմելու ջրի հիմնախնդիր էլ է առաջանալու, որովհետև Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր այդ նույն շատրվանող հորերից են հիմնականում օգտվում խմելու ջուր ստանալու համար:
– Այս ամենի մեղավորն ո՞վ է:
– Յուրաքանչյուր պետության լիազոր մարմին, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակություն` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարն ու ջրի ռազմավարական պաշարը: Այս երեք պաշարները, եթե ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, այսպիսի վիճակ չէր ստեղծվի, կտեսնեին, որ մեր ռազմավարական պաշարներն այսքան են, բայց մենք սկսում ենք այդ պաշարներից ավելի շատ օգտվել, և այդ պաշարը ոչնչանում է: Այդ մոնիթորինգի արդյունքներն ամեն տարի պետք է լիազոր մարմինն ուղարկեր կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է, բայց չի արվել:
– Այժմ ի՞նչ պետք է արվի իրավիճակից ելք գտնելու համար:
– Սա Արարատյան հարթավայրի ճնշումային զոնան է: Սև գիծն այսօրվա վիճակն է: Այսինքն` այս ամբողջ` 5 կմ լայնությամբ միջին գիծը պակասել է: Այստեղ են չորացած կոլեկտորները, այստեղ են այն չորացած հորերը, որ խմելու ջուր են տալիս, այստեղ են այն չորացած հողերը, որոնց ոռոգման ջուր են տալիս: Այստեղ է անապատացում դիտարկվում: Սա է խնդիրը, որ շտապ լուծում է պահանջում:
– Ո՞րն է, ըստ Ձեզ, այս հարցի լուծումը:
– Ռեսուրսների կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի. հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը, որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլատրված քանակությամբ ջուր: Այս համակարգում մարդկային գործոնը նվազագույն է, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված: Ուստի այժմ առաջարկել ենք, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես կնվազի: Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ջրի հանույթը զգալիորեն պակասի. 3-4 անգամ պետք է պակասի, որպեսզի մենք հույս ունենանք, որ վերարտադրություն կլինի: Այդ դեպքում, ճնշումները կբարձրանան, սնուցումը կլավանա:
Այդ հորերի կոնսերվացումը և այլ ձեռնարկումները միջոցառումներ են, որոնք որոշ օգնություն կլինեն, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70%-ով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այն դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա ընթացքում պաշարները կարող են վերականգնվել:
– Ձեր առաջարկած ծրագիրը, հատկապես ձկնաբուծարանների մասով, որոշակի ֆինանսական պահանջներ ունի: Այդ ֆինանսները ո՞րտեղից պետք է հայթայթվեն:
– Օրինակ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որոնք հիմնականում արտադրում են նշված փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծության համար անհրաժեշտ սարքավորումները, այս ոլորտում քաղաքականությունն այնպիսին է, որ առանց կառավարության երաշխավորության, միայն ձկնային տնտեսության ֆինանսական հոսքերի, ներկայացրած ծրագրերի վրա հենվելով, տալիս են մինչեւ 5-7% տոկոսադրույքով վարկեր` այդպիսի տեխնոլոգիաներ ներդնելու համար: Դրանք ամենաէժան վարկերն են: Դա ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղություններից մեկն է: Մենք կառավարությանն առաջարկել ենք, հիմա էլ ընթացքի մեջ է այդ առաջարկը, և հնարավոր է, որ կառավարությունն այդ տնտեսվարողներին շրջանառու փոխհատուցող միջոցներ տրամադրի:
– Եթե բազմաթիվ ձկնային տնտեսություններից հրաժարվելու հարց առաջանա, դա կլինի՞ այն արդարացված գինը, որը մենք պետք է վճարենք ստորգետնյա ջրերի ռեսուրսները վերականգնելու համար, արժե՞ զոհաբերել ձկնաբուծությունը, որպեսզի Արարատյան արտեզային ավազանի հարցը լուծվի:
– Զոհաբերելու մասին առայժմ չենք մտածում, մենք մտածում ենք այնպես անել, որ ո՛չ ձկնային տնտեսությունը տուժի, ո՛չ էլ մեր ռեսուրսները տուժեն: Իհարկե, առաջնայինը ռեսուրսներն են, այլ տեղում էլ կարող ենք ձուկ աճեցնել: Եթե հարկ լինի, ապա արժե այդ գինը վճարել` փակել բոլոր ձկնաբուծարանները և Արարատյան դաշտավայրը չկորցնել: Այս հարցը մեզ համար խոշոր` ռազմավարական նշանակություն ունի:
Օֆշորի սկանդալային գործարքներում բացակայում է վարչապետի ստորագրությունը
«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։ Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն իրականացրել է Սոտիրուլա Միքայելը, իսկ քարտուղարությունը՝ Romanos Office Services Ltd ընկերությունը։ 10.000 բաժնետոմսերից թողարկվել է ընդամենը 1.000-ը՝ յուրաքանչյուրը 1 եվրո արժողությամբ, որոնք Conmaco Ltd. ընկերության կողմից սկզբնական շրջանում ձեւակերպվել է երեք անձանց՝ Աշոտ Սուքիասյանի, Սամվել Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անուններով։ Սակայն, պարզվում է, որոշ ժամանակ անց, բաժնետերերը փոխվել են եւ, օրինակ, Տիգրան Սարգսյանի անունով ձևակերպված բաժնետոմսերը փոխանցվել են ոմն Է.Սուքիասյանի։ Փոխվել է նաև ընկերության տնօրենն ու քարտուղարությունը և ներկայումս Աշոտ Սուքիասյանն է հանդիսանում ընկերության և տնօրենը, և քարտուղարը: Կիպրոսից տեղեկացնում են, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայն դեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար՝ 20/11/2012թ.-ից ի վեր։ Ի դեպ, հենց նա է հաստատել նաև Հայաստանի վարչապետի անունով ձևակերպված բաժնետոմսերի փոխանցումը Է.Սուքիասյանին։ Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Կիպրոսի իրավաբանական ընկերությունից ստացված հարցման պատասխանն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործին կցելու և քննության առարկա դարձնելու համար։
Կողնորոշվելու վերջնագիրը կամաց-կամաց մոտենում է Հայաստանին
Չնայած այն հանգամանքին, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ վերաձևակերպումներ չեն կատարվում, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, բայց այդ գործելաոճը, վերջին շրջանում, կարծես անընդունելի է դառնում աշխարհի ուժային կենտրոնների ու քաղաքական բևեռների համար: Եթե մինչև այժմ միջազգային հարաբերությունների երկու ուժերի առճակատումն այնքան էլ ընդգծված չէր, և այդ պայմաններում Հայաստանին հաջողվում էր բավականին հաջող «սպրդել» շահերի բախման տիրույթից, ապա այսօր վիճակն օրեցօր փոփոխվում է:
Հետզհետե ավելի զգալի է դառնում Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժգնացումը: Այդ ճնշումները, ճիշտ է, նոր չեն սկսվել, բայց Արևմուտք-Ռուսաստան` Եվրամիություն-Եվրասիական միություն, ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման խորացմանը զուգընթաց, հատկապես G8 գագաթաժողովից հետո, երբ Պուտինը բավականին կոշտ ու հատու շեշտադրումներ կատարեց:
Արդեն այս գարնանից այդ ճնշումը նկատվում էր Հայաստանի վրա Եվրոպայից, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ բացահայտ նշում էին, որ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհով և ում հետ է շարունակում իր ընթացքը, չնայած ՀՀ ղեկավարությունը մինչ օրս էլ պնդում է, թե նման երկընտրանք իրենց երբեք չի առաջադրվել: Այդ ճնշումը զգացվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկզբում Հայաստան ներմուծվող գազը թանկացրեց, հետո զենք վաճառեց մեր հակառակորդին և այլն:
Ռուսաստանի կողմից հարցը թերևս պարզ է` իր նախաձեռնությամբ հռչակված Եվրասիական միության գաղափարին աջակցելն ու Մաքսային միությանն անդամակցելը:
«Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ինչի մասին այսօր շատ-շատ են խոսում, անկեղծ ասած, ես չեմ հասկանում` ինչի մասին են խոսում, այդպիսի միություն դեռ չկա: Կուրգինյաինը եկավ Հայաստան, վերադարձավ ու այնտեղից շատ կոպիտ ու գռեհիկ ձևով մեղադրեց Հայաստանին, որը չի համաձայնվում մտնել նոր Խորհրդային Միություն. նրա բառերն են: Եթե չկա այն կազմակերպությունը, նույնիսկ չկա նրա կանոնադրությունը, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչպե՞ս կարող է Հայաստանը ցանկություն հայտնել մտնել մի կազմակերպության մեջ, որն ուղղակի գոյություն չունի»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ռուսաստանը, իհարկե, պատրաստվում է նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծել: Ու թեև այս պահին Արևելքի` ի դեմս Ռուսաստանի, և Արևմուտքի միջև ակնհայտ առճակատում չկա, դա դեռ չի նշանակում, թե այն չի լինի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, երկու կողմերից յուրաքանչյուրն արդեն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ բռնել իր կողմը: Այդ դեպքում մենք բավականին տհաճ իրավիճակում կհայտնվենք:
«Մինչև վերջերս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան կոշտ չէին, հետևաբար, Հայաստանը հնարավորություն ուներ երկուսի հետ էլ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու` երբեմն ինչ-որ տատանումներով: Հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հակադրվել Արևմուտքին, բացի այդ, փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Դրա համար, իմ կարծիքով, Հայաստանի առջև երկու կողմն էլ դրել են հստակ կողմնորոշվելու հարցը, որ Հայաստանը ընտրություն կատարի: Ես անձամբ կողմնակից եմ Եվրոպական ուղղության, որովհետև չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնելն իմաստ ունի, որովհետև ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ պրոհայկական դիրքորոշում է բռնում: Բայց նման բան չկա: Հետևաբար, եթե Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը, դա Արևմուտքն էլ կարող է անել, և չարժե կորցնել այն մեծ առավելությունը, որ տալիս է Արևմուտքը»,- ասում է նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Իհարկե, խելամիտ ընտրությունը ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» տարբերակն է, բայց ինչքանո՞վ դա կհաջողվի Հայաստանին, առավել ևս` ներկա պայմաններում, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի` Եվրոպային ավելի շատ ինտեգրվելու քայլերը որևէ այլ երկրի դեմ ուղղված չեն:
Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ջղագրգիռ քայլերն էլ ոչ թե արդարացում, այլ տրամաբանական պատճառ ունեն. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ազատ ու համապարփակ առևտրի պայմանագիր և ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախաշեմին է և այլն, և դրանից նյարդայնանում է, Հայաստանը կորցնելու վտանգ է զգում` հակառակ նախկին ԽՍՀՄ տարածքներում իր գերակայության վերահաստատման ձգտումների:
Օրինակ` վերջերս Հայաստանում էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ Հայաստան չէր եկել «թիթեռ նկարելու», այլ ասոցացման համաձայնագրի կետերը վերջնական փուլից առաջ մեկ անգամ ևս համաձայնեցնելու: Իսկ այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր արեց Ռուսաստանը: Հիվանդանոցից զոռով ՀՀ քաղաքացուն, ցուցադրաբար կանացի խալաթ հագցրած և նվաստացած վիճակում դատարան քարշ տվեց ու իր լրագրողների բերանով անընդհատ սկսեց շեշտել նրա ազգությունն ու քաղաքացիությունը:
Այսինքն` բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի կողմնորոշված է դեպի ռուսական կողմը: Բայց մյուս կողմից էլ` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Օրինակ` դեռ Ֆյուլեի նախորդ տարվա այցից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 43 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում: Ռուսաստանը մեր անկախության այսքան տարիների ընթացքում երբևէ լուրջ առավելություններով վարկ չի տվել մեզ, եթե չասենք հակառակը` բռնազավթել է մեր տնտեսության գերակշիռ` ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը: Այսինքն` ֆինանսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ: Ֆյուլեի այցից հետո` անցյալ շաբաթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էր անդրադարձել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և նշել, որ այն նոր խթան կդառնա ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ: Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու փուլում է: Այս պայմանագիրն իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին: Բնականաբար, ենթադրվում են օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմասն չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- հայտարարել էր դեսպանը:
Ակնարկը պարզ է ու հասկանալի. ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար Հայաստանին «պարգևավճար» կտան` առևտրատնտեսական փոխանակումների, թերևս նաև վարկերի ու դրամաշնորհների տեսքով:
Բացի այդ, Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ հակատանկային հրթիռներ տրամադրեց: Այսինքն` Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է ստանձնել նաև Հայաստանի ռազմական անվտանգության որոշ հարցեր:
«Արտաքին կողմնորոշումն այնքան էլ էական ազդեցություն չի ունենա, որովհետև, ի վերջո, եթե Ռուսաստանը դժգոհ եղավ, ի՞նչ պետք է անի, բազան հանի-տանի՞ Հայաստանից: Բնականաբար, բազան թողնելու է, որովհետև այդ բազան առաջին հերթին պետք է իրեն, հետո նոր` մեզ: Այն արտոնյալ պայմանները, որով ինքն այսօր մեզ մոտ ռազմաբազա ունի, ոչ մի տեղ չի կարող գտնել, ո՛չ ֆիզիկապես տեղ կա, ո՛չ էլ այդ պայմանները: Հետևաբար, նա կշարունակի Հայաստանի հետ հարաբերություները: Այստեղ իշխանությունների հարցն է, այսինքն` Ռուսաստանը այստեղ կարող է վրեժ լուծել այն մարդկանցից, ում մեղավոր կգտնի այս իրավիճակի համար: Արդյոք մեր իշխանություններն այդքան կամքի ուժ կունենա՞ն իրենց գիծը պահելու, թե՞ ոչ: Կարծում եմ` կկարողանան, պիտի կարողանան, որովհետև այլ ելք չկա»,- համոզմունք հայտնեց Արա Պապյանը:
Մի խոսքով, իրադարձություններն աշխարհում, մեզ անմիջապես հարող ու մի քիչ հեռու տարածաշրջաններում բավականին արագ ու հետաքրքիր զարգացումներ են ապրում, և այս պայմաններում դժվար է կանխատեսել անգամ, թե ինչ վիճակ կստեղծվի Հայաստանի համար նույնիսկ մինչև այս տարեվերջ:
Խոշոր ավտոպատահար Մոսկվա-Վոլգոգրադ ավտոճանապարհին,չորսը զոհ
Հուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 1975թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 1975թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009թ. ծնված Միքայել և 2007թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են:
Այս զարմանալի դիմակները ցնցել են նորաձևության աշխարհը (լուսանկարներ)
«Martin Margiela» նորաձևության տունը թողարկել է տարօրինակ, բայց շատ հետաքրքիր ու գեղեցիկ դիմակների հավաքածու: Բելգիայում կազմակերպված ցուցադրության ժամանակ մանեկենուհիները հարթակ են դուրս եկել այնպիսի դիմակներով, որոնք ամբողջությամբ փակել են նրանց դեմքերը: Փաստորեն մանեկենուհիները առանց տեսնելու, փակ աչքերով փորձել են քայլել հարթակով: Այս ցուցադրությունը քննարկման առարկա է դարձել: Շատերը քննադատել են նախաձեռնության հեղինակներին՝ մեղադրելով նրանց մանեկենուհիների կյանքը վտանգելու մեջ:
Բարձր նորաձևության նմուշ հանդիսացող այս դիմակներից յուրաքանչյուրի պատրաստման համար 18 ժամ է ծախսվել: Ինչպես նշել է մոդելավորողը՝ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի դիմակները հարմար լինեն մանեկենուհիներին: Նա նշել է նաև, որ դիմակների պատրաստման համար հիմնականում մետաքս է օգտագործվել, այդ պատճառով էլ մանեկենուհիները կարողանում են տեսնել իրենց դիմացի ուղին: Թափանցիկ չլինելու պատճառով մոդելավորողը հրաժարվել է օգտագործել սպիտակ մետաքս՝ այն փոխարինելով սևով: «Ռադիկալ»-ը գրում է, որ այս ցուցադրությունը տեղ է գտել նաև Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն:
Ռուսաստանի Մեծ թատրոնի ջութակահարը ընկնելով նվագախմբի փոսի մեջ մահացել է
Ռուսաստանի Մեծ թատրոնի առաջատար ջութակահարներից մեկը բեմից ընկնելով նվագախմբի համար նախատսված փոսի մեջ մահացել է:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյուքնում աշխարհահռչակ մոսկովյան թատրոնում չորս տասնամյակ հանդես եկած 65 –ամյա Վիկտոր Սեդովը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Թատրոնի ներկայացուցիչ Կատերինա Նովիկովան նշել է, որ Սեդովը նվագախմբի ամենասիրված անդամներից է եղել և մեծ հումորի զգացում է ունեցել՝ ավելացնելով, որ Սեդովը նվագախմբի փոսի մեջ ընկել է երեքշաբթի և ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է չորեքշաբթի:
Այս տարվա հունվարին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի նկատմամբ ծծմբաթթվով հարձակում էր իրականացվել, որի արդյուքնում նա երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել:
Այնուամենայնիվ Մեծ թատրոնի պարողները և աշխատակազմը նշում են, որ հնարավոր է, որ հենց Ֆիլինն է կազմակերպել այդ դեպքը:
Անցած ամիս աշխատանքից հեռացվել էր թատրոնի տնօրենը, որին փոխարինել էր Մոսկվայի Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը:
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մեծ թատրոնի տնօրենը հեռացվել է թատրոնում առկա բարդ իրավիճակի պատճառով:
Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:


